Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին |tert.am|

Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին |tert.am|

tert.am: Երևանի ավագանու նիստում կրքերը բորբոքվեցին։ Նախ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Սամվել Մելիքյանը միացրեց ձայնագրություն, որտեղ ասվում էր, թե նույնիսկ 7,000 տարվա ծառը չի կարող համարվել հին և հատվել․ «Թեղիների կյանքը 50 տարի է, հին ծառերը լինում են 7,000 տարվա»,- ասվում էր ձայնագրության մեջ։ Խոսքերի հեղինակը, Սամվել Մելիքյանի պնդմամբ, ՔՊ-ական Արթուր Մանուկյանն է։ Այս ելույթին ի պատասխան ՔՊ-ական ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը ևս ձայնագրություն միացրեց, որտեղ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը հայտարարում է, թե քաղաքի թեղիները պետք է հատվեն։ Նուարդ Վարդանյանի խոսքով՝ Քրիստինա Վարդանյանը դա հայտարարել է 2020 թվականին, իսկ հիմա լրիվ այլ բան է ասում, հիմա խոսում է ծառերի հատման դեմ։ Քրիստինա Վարդանյանը տեղից արձագանքեց, թե խոսքը Մաշտոցի պուրակի մասին էր։ Քրիստինա Վարդանյանը ընդհատում էր Նուարդ Վարդանյանին։ Իրավիճակին արձագանքեց քաղաքապետ Ավինյանը․ «Մի՛ ընդհատեք տիկին Վարդանյան, Դուք ձայնից զրկվում եք, Դուք խախտում եք կանոնակարգը։ Դուք ձեր իրավունքն ունեք, դուք խոսել եք 2020 թվականին, հիմա էլ եք խոսել հնարավոր 180 աստիճան հակասելով Ձեզ։ Մարդիկ ուզում են ցույց տալ, թե ինչ եք խոսել, ինչքան եք հակասում Ձեզ և դա այնքան ցավոտ է, որ չեք կարող չընդհատել, լռե՛ք և լսե՛ք Ձեր իսկ խոսքը 2020 թվականին և հիմա։ Հերիք է մանիպուլացնեք ու սուտ խոսեք»։ Ի պատասխան Վարդանյանը արձագանքեց․ «Դուք եք մանիպուլյացիայի արքայազնը»։ Նուարդ Վարդանյանը, շարունակելով ելույթն, ասաց․ «Երբ մարդը սխալ է անում ու դիմացինը փորձում է այդ սխալը նրան ասել, մարդու մոտ առաջացած առաջին ռեակցիան դա ագրեսիան է»։ Նա նորից միացրեց Վարդանյանի՝ 2020 թվականի ելույթը, որտեղ վերջինս ասում էր՝ թեղիները պետք է հեռացվեն, թեղիները սպառել են իրենց կյանքի տևողությունները։ Վարդանյանը տեղից ևս մեկ անգամ արձագանքեց․ «Թամանյանի արձանի մոտ հացենիներ են, ոչ թե թեղիներ»։
12:49 - 16 ապրիլի, 2024
«Կասկադը» վերջնական տեսքի կգա. «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամը տարածք կնվիրաբերի Երևանին բարեկարգման համար
 |1lurer.am|

«Կասկադը» վերջնական տեսքի կգա. «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամը տարածք կնվիրաբերի Երևանին բարեկարգման համար |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանը «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամից որպես նվիրատվություն կընդունի սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի 1, 1Ա, 13, 139, Ջրաշատ փողոցի 27, Սարմենի փողոցի 19 և 29 հասցեներում գտնվող ընդհանուր 5105 քառակուսի մակերեսով հողամասերը և նրանցում առկա շինությունները: Այդ մասին որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը: ««Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրած դիմումով հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը՝ նշված հասցեներում գտնվող անշարժ գույքեր նվիրաբերելու համայնքին՝ պայմանով, որ նշված անշարժ գույքերում կառուցապատման աշխատանքներ չեն կատարվելու, այլ անձանց չեն փոխանցվելու, այլ օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով»,- ասաց նա: Վահան Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամի կողմից Երևան համայնքին է նվիրաբերվել «Կասկադ» համալիրի հարակից տարածքի չկառուցապատված 11,83 հեկտար մակերեսով հողամասը, և Երևան համայնքը հայտնել է պատրաստակամություն՝ ավարտին հասցնելու «Կասկադ» համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատման աշխատանքները՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուղքի կապը 50-ամյակի հուշարձանի հետ: «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը մտահոգություն հայտնեց, որ նվիրատվության ենթակա «գույքն» օգտագործվելու է միայն բարեկարգման նպատակով, և որ տարածքում անհնար կլինի, կանաչապատումից զատ, այլ բան անել, ուստի առաջարկեց՝ պայմանագրում ժամկետ նշել, օրինակ՝ սահմանափակում դնել 99 տարի ժամկետով: «Եթե «Կասկադ» համալիրը 50 կամ 100 տարի հետո չի քանդվելու և մեկ այլ բան կառուցվելու, այն տարածքները, որոնք այսօր մենք նվիրաբերությամբ ընդունում ենք, վստահաբար այդտեղ որևէ կառուցապատման աշխատանք՝ ո՛չ նորմատվային տեսանկյունից, ո՛չ ճարտարապետական տեսանկյունից, չեն կարող նախատեսվել: Եվ այդտեղ կան սահմանափակումներ,- ասաց Ավինյանը և հավելեց.- Այն, ինչ մենք քննարկում ենք, արդեն իսկ նորմատիվային բազայով հավանականությունն այն է, որ այդտեղ կառուցապատման սահմանփակումն առկա է՝ անկախ նրանից, թե մենք այս պայմանագրով ֆիքսո՞ւմ ենք դա, թե՞ չէ»: Ըստ Ավինյանի՝ «Կասկադը» Երևանի տուրիստական կենտրոններից ու ամենասիրելի վայրերից մեկն է, և այս որոշմամբ ունենալու ենք «Կասկադ» համալիրի վերջնական տեսքը. «Երևանցիները պետք է իմանան, որ «Կասկադ» համալիրն ամբողջապես վերջնական տեսքի է գալիս»:
11:53 - 16 ապրիլի, 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հարգելի քաղաքացիներ,  մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում։ Մասնավորապես, Վարշավյան փողոցից դեպի Ազատության պողոտա «միայն դեպի աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով: Ազատության պողոտայից դեպի «Լամբադա» կամուրջ ուղղությամբ  կարգելվի հետադարձը դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ: Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվի գծանշում»:
18:35 - 15 ապրիլի, 2024
Երևանի Կիևյան կամրջի վերանորոգումը նախատեսվածից երկար կտևի |armenpress.am|

Երևանի Կիևյան կամրջի վերանորոգումը նախատեսվածից երկար կտևի |armenpress.am|

armenpress.am: Երևանի Կիևյան կամրջի շինարարությունը նախատեսված էր ավարտին հասցնել մինչև 2024 թվականին օգոստոսի 30-ը, սակայն իրականացված աշխատանքների ընթացքում  կամրջի կարևոր ենթակառուցվածքներում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք նույնպես լուծման կարիք ունեն: Քննարկվում է նախատեսվող ժամկետները երկարացնելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի   շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ երկար տարիներ կամուրջը չի վերանորոգվել, իսկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել  է,  որ տարիներ շարունակ ջրահեռացման համակարգը ընդհանրապես չի գործել, որի պատճառով կամրջի ամբողջ ներքին հատվածը ժանգոտվել  է՝ դառնալով վտանգավոր: «Շինարարական աշխատանքների ընթացքում հենարանների ներսի՝ տարիների ընթացքում կոտրված կամ անհետացած  աստիճանները նորերով փոխարինելուց հետո,  շինարարները կարողացել են իջնել հենարանների ներսի  հատված, որից  հետո ի հայտ են եկել նոր աշխատանքներ, որոնք նախագծի մեջ ներառված չեն եղել: Դրանից ելնելով՝ մենք արդեն դիմել ենք նախագծող ընկերությանը, որպեսզի հավելյալ աշխատանքները ներառվեն նախագծի մեջ, ուստի հնարավոր է վերանորոգման աշխատանքների ժամկետները մի փոքր երկարեն»,- ասաց շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կամրջի շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկությունը ամբողջությամբ կփակվի՝ Գեղամյանը նշեց , որ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները իրականացնելու ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի. աշխատանքները կիրականացվեն հատվածային: Սակայն քաղաքապետարանի շինբարեկարգման բաժնի շինարարական ծրագրերի ղեկավար Աշոտ Խեչիկյանը նշեց, որ կան որոշակի աշխատանքներ, որոնք անհնար կլինի իրականացնել առանց երթևեկության դադարեցման: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում   
10:22 - 12 ապրիլի, 2024
ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի առաջարկությունները Երևանում ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ

ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի առաջարկությունները Երևանում ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստում քննարկվել է «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը։ Նիստը վարել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ Նիստին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ, գիտաշխատողներ, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը, քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ, ոլորտային մասնագետներ Շրջակա միջավայրի նախարարությունից, ԲՈՒՀ-երից, փորձագետներ։ Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը ելույթներում նշել են, որ ծրագրի վերաբերյալ իրենց ղեկավարած գիտական կառույցներին չեն դիմել կարծիք ստանալու համար, հետևաբար, իրենք ծրագրի վերաբերյալ կարծիք չեն տրամադրել։ Նշվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այն մասին, որ ժամանակավորապես կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ քաղաքապետարանը գիտական շրջանակներից հիմնավոր փաստաթուղթ կստանա: Ռուբեն Հարությունյանն ընդգծել է այդ հայտարարությունը և հավելել, որ այն հաստատում է ծրագրում խնդիրների առկայությունը, որոնք չի կարելի անտեսել: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեջբերել է 2023 թվականի փետրվարի 23-ին քաղաքապետարանում տեղի ունեցած գիտաժողովը, որին մասնակցել են գիտնականներ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից և կենտրոններից։ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչները նշել են, որ գիտաժողովին մասնակցությունը գիտական հաստատության պաշտոնական կարծիքի տրամադրում չէ, և ծրագրում ներգրավված գիտնականները ներկայացրել են սեփական տեսակետերը՝ ակադեմիական ազատության իրենց իրավունքի շրջանակում։ Հանրությանը չի ներկայացվել որևէ գիտահեն հիմնավորում, որտեղ ամփոփված կլինեին առկա խնդիրները և դրանցից բխող հետագա քայլերը: Գնահատելով քննարկման արդյունավետությունը՝ նիստի մասնակիցները ներկայացրել են հետևյալ խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները․ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և նրա կազմում գործող գիտահետազոտական մասնագիտացված կառույցները, այդ թվում ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը և Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը չեն ստացել և քննարկել «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը և, հետևաբար, չեն ներկայացրել մասնագիտական կարծիք ծրագրի վերաբերյալ։ ՀՈԱԿ-ին առաջարկվում է ներկայացնել ծրագիրը վերոնշյալ մասնագիտական կառույցներին բազմակողմանի և համապարփակ քննարկում կազմակերպելու համար, քանի որ մասնակից բոլոր գիտահետազոտական կառույցների գիտնականները մի շարք առաջարկություններ և մտահոգություններ հնչեցրին իրականացվող ծրագրի վերաբերյալ, որոնք կարող են ամփոփվել միայն ծրագրի ամբողջական քննարկման արդյունքներով։  Մասնակիցները ողջունելի համարեցին «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից գիտահեն որոշումներին ուղղված քայլերը, սակայն նման լայնամասշտաբ ծրագրերի քննարկումը կառույցի կողմից ստեղծված գիտական խորհրդում՝ փորձագիտական մակարդակում բավարար չէ: Նիստի ընթացքում գիտնականների կողմից ներկայացված բազմաթիվ մտահոգություններ, բացեր և հարցադրումներ պահանջում են հետազոտություններ և առկա տեղեկատվության վերլուծություն։ ՀՈԱԿ-ին առաջարկվում է պատվիրակել մասնագիտացված կառույցներին հետազոտություն, այդ թվում ծառագիտական, առաջարկվող տեսակների կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, կենսաբազմազանության պահպանության, սանիտարական ռիսկերի (վնասատուների տարածման) էկոլոգիական ռիսկերի (փոշի, աղմուկ և այլն), առողջապահական և այլ տեսանկյուններից, որը հնարավորություն կտա որոշում կայացնող մարմնին ավելի արդյունավետ իրականացնել կանաչապատման միջոցառումները և հանրության հետ հաղորդակցությունը։ Ներկայացնել ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցներին այն գիտական, հետազոտական հենքերը, որոնց հիման վրա որոշում է կայացվել սկսել ծառերի փոխարինումը։ ՀՀ ԳԱԱ-ն պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան կարծիք: Ծառերի փոխարինման ծրագիրն արդիական է, սակայն ունի կարճաժամկետ բնույթ, և անհրաժեշտ է դիտարկել կանաչապատման և այլ բնապահպանական միջոցառումների իրականացումն ավելի երկարաժամկետ նպատակների և խնդիրների լուծման տեսանկյունից, այդ թվում` ֆունկցիոնալ կանաչապատման, բնահեն լուծումների և լանդշաֆտային-ճարտարապետական առաջադեմ լուծումների կիրառմամբ։ Առաջարկվում է մշակել Երևան քաղաքի երկարաժամկետ բնապահպանական ռազմավարություն։ ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցները պատրաստակամ են համագործակցել և իրենց ներդրումն ունենալ հանուն կանաչ և էկոլոգիապես առողջ Երևանի։     4․ Բարձրաձայնվել և քննարկվել են ծառերի կենսունակության վերաբերյալ տրվող գնահատականի հիմքերը։ Մասնավորապես, նշվեց ծառերի կենսունակության և տապալման ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ սարքավորումների կիրառման կարևորությունը։ Առաջարկվում է ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի գնահատել ծառի կենսունակությունը, յուրաքանչյուր հատվող ծառի պարագայում ներկայացնել կենսունակության հետազոտության արդյունքները, ինչն իր հերթին կբարձրացնի վստահությունը հանրության շրջանում։ ՀՀ ԳԱԱ համապատասխան մասնագետները պատրաստ են աջակցել «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների վերապատրաստման հարցում։
16:51 - 08 ապրիլի, 2024
«Քաղաքի տեսքը պետք է բացվի». Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից գովազդային վահանակները լրիվ հեռացվել են |news.am|

«Քաղաքի տեսքը պետք է բացվի». Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից գովազդային վահանակները լրիվ հեռացվել են |news.am|

news.am: Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: «Մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները սկսվել են ապամոնտաժվել անցած տարի և այս տարի շարունակվել է: Այդ վահանակները ամբողջությամբ հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից: Այդ փողոցներում վիզուալ աղմուկն ամբողջությամբ վերացել է, և ակներև է դրական փոփոխությունը»,- ասել է փոխքաղաքապետը, ով նաեւ լսայդներով ցուցադրել է գովազդային վահանակներից ազատված հատվածները:   Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցնում է, որ այս գործընթացը դեռևս նախորդ տարվա գարնանից էինք սկսել. «Կարծում եմ այն չափորոշիչները, որոնք մենք հաստատել ենք նախորդ տարի իրապես լավագույն փորձառությունն է ներառում, և Երևանում տեսողական աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություն էր, և այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք, որ քաղաքի այն մասերը, որտեղ կան պատմամշակութային հուշարձաններ, որտեղ ունենք գեղեցիկ ճարտարապետություն, տեսքը բացվի»,- ասել է նա:
11:59 - 08 ապրիլի, 2024
«Եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է». Ավինյանը՝ ծառերի փոխարինման ծրագրի մասին |hetq.am|

«Եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է». Ավինյանը՝ ծառերի փոխարինման ծրագրի մասին |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանի ապրիլի 8-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպմանն ասել էր՝ ժամանակավորապես կդադարեցնեն ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ որոշակի գիտական շրջանակներից կստանան գրավոր հիմնավորումներ, որոնք նվազագույնը հարցականի տակ կդնեն նախորդ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթը։ Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին հարցրեց՝ արդյոք որևէ մեկը ներկայացրել է գրավոր հիմնավորում։ «Որևիցե նորություն չունենք, որևէ մեկը գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևիցե հակափաստարկ մինչ այս պահը չի ներկայացրել։ Ավելին, գիտությունների ազգային ակադեմիայում նախաձեռնվել է քննարկում, որին մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ։ Բացառությամբ մեկ անձի, բոլոր հիմնական հռետորները խոսում էին, որ թեղիները Երևան քաղաքից պետք է հանվեն, դա ակնհայտ է։ Կենսաբազմանության, Էկոնոսֆերայի ինստիտուտն էր ուզում ներգրավված լիներ, խոստացել եմ, որ գիտատեխնիկական խորհուրդ կհրավիրվեն նաև այդ գերատեսչություններից մեկական գիտնականներ։ Գիտությունների ազգային ակադեմիան ասում էր, որ որևիցե ինստիտուտ մինչ այս պահը չի հետազոտել, դե կներեք, շատ վատ է, որ մինչև էս պահը չի հետազոտել, որովհետև այս խնդիրը 2000-ականներից կախված է Երևանի գլխին և առաջացնում է պրոբլեմներ։ Եթե ինչ-որ մեկը ցանկություն կունենա ավելի ակնհայտ բանն ավելի մանրակրկիտ հետազոտելու, կարծում եմ, դա տվյալ գերատեսչության խնդիրը կլինի»,- հայտնեց Բեգոյանը։ Ըստ նրա՝ ԳԱԱ-ում քննարկման հիմնական մեխն այն էր, որ թեղիները սպառել են իրենց, թեղիները Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն եղել, թեղիները բերվել են Երևան հեշտ և արագ լուծում տալու համար, և որ դրանք պետք է փոխարինվեն հետագա տարիների ընթացքում։ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նախորդ տարվա փետրվարի 23-ին գիտական աշխատաժողովի ժամանակ 25 գիտնականներ պնդել են՝ Երևան քաղաքի կանաչ տնկարկները լիարժեք չեն կատարում քաղաքային միջավայրին անհրաժեշտ էկոհամակարգային ծառայություններ, սանիտարական, էկոլոգիական և գեղագիտական։ «Եթե կա գիտական դեբատ, մեծ հաճույքով ևս մեկ շրջափուլ անցկացնենք, հասկանանք՝ միգուցե կա որոշակի ճշմարտություն, որ բաց ենք թողել։ Այնուամենայնիվ, որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է»,- ասաց Ավինյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում   
11:00 - 08 ապրիլի, 2024
Հայկ Մարությանի գրառումը հավանելու համար Արմեն Բեգոյանը աշխատակցին ծանուցել է կարգապահական տույժ կիրառելու մասին

Հայկ Մարությանի գրառումը հավանելու համար Արմեն Բեգոյանը աշխատակցին ծանուցել է կարգապահական տույժ կիրառելու մասին

Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ծանուցագիր է ուղարկել նույն հիմնարկի աշխատակից Էմիլ Մկրտչյանին, որով սոցիալական ցանցերում Հայկ Մարությանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամների գրառումների տակ հավանում (Like) դնելու հիմքով Մկրտչյանին սպառնում է կիրառել կարգապահական տույժ և պահանջում է բացատրագիր: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցանը՝ հրավորելով ՄԻՊ-ի, ԶԼՄ-ների եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը։ «Սա 2018-ից ի վեր նախադեպը չունեցող քաղաքական հետապնդում է համայնքային ծառայողի նկատմամբ և հարձակում ՀՀ քաղաքացու մտքի և կարծիքի արտահայտման ազատության վրա: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի և համայնքային հիմնարկների աշխատակիցներն ազատ են սոցիալական ցանցերում հավանել այն, ինչ ցանկանում են, և դրա համար չպետք է պատժվեն: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարտավոր է դատապարտել համայնքային հիմնարկում վախի և ավտորիտար մթնոլորտի տարածումը՝ րոպե առաջ հեռացնելով Բեգոյանին զբաղեցրած պաշտոնից: Հակառակ դեպքում պարզ է դառնում, որ հենց քաղաքապետն է խրախուսում այս ստալինյան ոչ ժողովրդավարական գործելաոճը»,- նշել է Երիցյանը։ 
17:02 - 05 ապրիլի, 2024
Երևանի քաղաքապետարանը նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների մասով պայմանագրերի կնքման փուլում է |1lurer.am|

Երևանի քաղաքապետարանը նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների մասով պայմանագրերի կնքման փուլում է |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանը նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների մասով պայմանագրերի կնքման փուլում է. դրանք տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շատ կարևոր է նաև 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որովհետև գալիք տարի՝ 2025-ին, լրանում է HIGER մակնիշի ավտոբուսների օգտագործման ժամկետը, և այդ ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն: Շատ լավ են ծառայել այդ ավտոբուսները Երևան քաղաքին, բայց արդեն բարոյապես մաշված են, երևի մոտավորապես պարկի կեսը չունենք: Ունենք խնդիր նաև մասնավոր գծերի հետ կապված, որոնց ընդհանուր շարժակազմը նույնպես բավականին հին է, և դրանք ունեն փոխարինման կարիք: Եվ այս 250 հատ 18 մետրանոց ավտոբուսներով մենք ամբողջապես փակում ենք մեր տրանսպորտային ցանցի պահանջարկը»,- ասաց նա և հավելեց, որ այս տարի Երևան քաղաքում նախատեսվում են նոր ավտոբուսների համար առանձնացված գծերի սահմանում: «Այս ավտոբուսային գծերի հայտնվելը Երևան քաղաքում էականորեն կրճատելու է մարդկանց տեղաշարժի ժամանակը Երևանով, և սա ապացուցված փաստ է: Իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդկանց համար, որոնք օգտվելու են տրանսպորտից, նրանք էականորեն շատ ավելի կարճ ժամկետներում են Ա կետից Բ կետ տեղաշարժվելու: Մեզ պետք է նաև քննարկում հասկանալու համար, թե ավտոբուսային առանձնացված գծերով ի՛նչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել, և, մասնավորապես, ենթադրում եմ՝ կարող են լինել հեծանիվները, մոպեդները, միգուցե մոտոցիկլետները, միգուցե ինչ-որ մի փուլում՝ երևանյան տաքսին, որը կարելի է քննարկել, թե նման առանձին ծառայություն ուզո՞ւմ ենք ունենալ, օրինակ՝ էլեկտրաավտոներով առանձին տաքսիներ սպասարկեն Երևան քաղաքում, նրանց նույնպես այդ հնարավորությունը տրվի»,- ասաց նա և ընդգծեց, որ այդ պրոցեսում չպետք է խախտել մրցակցային տրամաբանությունը, բայց միաժամանակ տաքսիների համար պետք է նոր պահանջներ սահմանել: Ավինյանը նաև նշեց, որ տրանսպորտային փոփոխությունների ամենակարևոր հատվածը տոմսային համակարգի ներդրումն է լինելու, որը պետք է սեպտեմբերից գործարկվի: Ավագանին իր անելիքն արել է, մնում է տեխնիկական հարցերը լուծվեն: «Փուլային փոփոխությունը «Երևան ավտոբուսում», այսինքն՝ կանխիկ վճարելուց դեպի անկանխիկ մեթոդ, արդեն իսկ այսօրվանից պետք է սկսվի»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Ավինյանը:
11:22 - 01 ապրիլի, 2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հովհաննես Մանուկյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Տեղեկացնում եմ ձեզ,որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։ Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ` ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։ Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։ Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։ Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների։ Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին»,- հայտնել է նա։
12:36 - 29 մարտի, 2024