Զվարթնոց օդանավակայան

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել դեռևս 1961 թվականից: Այն ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթեր իրականացնող ինքնաթիռների:

2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը: Այդ օրվանից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել օդանավակայանի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ:

Դեռևս 1985թ. օդանավակայանին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (ICAO) շնորհվել է 2-րդ կարգ: Հետագայում օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է ուղևորային լիովին նոր համալիր, որի ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը՝ 2007թ. մայիսի 25-ին:

2008թ. գարնանը սկսվեց նոր համալիրի հանրային գոտու շինարարությունը: Նոր 52.000 քմ համալիրում կրկնապատկվեցին ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվեց նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղևորային նոր համալիրը շահագործման հանձնվեց 2011թ. աշնանը:

Թռիչքադաշտում տեղակայված նավիգացիոն համակարգը վայրէջքների համար ապահովում է 30x350մ օդերևութաբանական նվազագույն, որը համապատասխանում է ICAO 2-րդ կարգին:

2013թ. հունվարի 30-ին Դուբայում «Զարգացող օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները՝ համաձայն որոնց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց «Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»:

«Արմենիա միջազգային օդանավակայաններում» հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ

«Արմենիա միջազգային օդանավակայաններում» հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում ստացել է տեղեկատվություն առ այն, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի VIP սրահի ուղևորների բարձրակարգ սպասարկման դիմաց քաղաքացիներից 55 000-75 000 ՀՀ դրամի չափով գանձվող գումարներից 5 000 դրամ գումարը մուտքագրվել են դրամարկղ՝ առանց վերջիններիս գիտության նրանց ձևակերպելով որպես դիվանագիտական անձնագրեր ունեցող ուղևորների ազգականներ կամ պաշտոնական պատվիրակության անդամներ, իսկ անօրինական ճանապարհով ստացված խոշոր չափերի մնացած գումարները բաշխվել են ընկերության աշխատակիցների միջև: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել են համապատասխան վերասկողական գործառույթներ, միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերոգրյալ վճարները «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի դրամարկղ չմուտքագրելու պարագայում ամբողջությամբ չեն կատարվել հարկային պարտավորությունները, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ իրենց լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով: Արդյունքում հարկային մարմին է ներկայացվել շահութահարկի ճշտված հաշվարկ՝ լրացուցիչ հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6 519 000 ՀՀ դրամ շահութահարկի գումար:
17:41 - 13 մայիսի, 2022
ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

hetq.am: Իրանում հայտնված հայկական օդանավի գործը, ըստ էության, կարելի է փակված կամ «ջրված» համարել։ Քրեական գործի վարույթը կասեցվել է, ինչը նշանակում է, որ նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, հաստատեց ավիատորների այն բոլոր կասկածները, որ գործը դժվար թե բացահայտվի։ Հիշեցնենք, որ «Fly Armenia Airways» (ներկայում՝ «Hayways») ավիաընկերության հաշվեկշռում գրանցված «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) 2021 թ․ փետրվարի 19-ին թռել էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից եւ ուկրանական Գոստոմելի օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն հասել էր Բուլղարիա՝ Վառնա քաղաք, որտեղ գիշերել էր, իսկ հաջորդ օրը՝ ամսի 20-ին, կրկին անօրինական ձեւով հայտնվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու միայն երկարատեւ քաշքշուկներից հետո ապրիլի 23-ին տեղափոխվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան: ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ օդաչուները եղել են Տաջիկստանի քաղաքացիներ։ Ինչպես «Հետքին» պատմել էին ավիաընկերության ներկայացուցիչները, 2020-ի օգոստոսին իրենց վարձակալած այս օդանավի սեփականատերը՝ շվեյցարական «BK Impex» ընկերությունը, պարտավոր էր անցկացնել բոլոր տեխնիկական աշխատանքները՝ օդանավը թռիչքային պիտանիության վիճակի բերելու համար։ Աշխատանքների ավարտից հետո օդանավը պետք է տեղափոխվեր Հայաստան՝ հետագա շահագործման համար: Բայց քանի որ 2020-ի աշնանը մեր երկրում պատերազմ էր եւ կորոնավիրուսի համավարակ ամբողջ աշխարհում, օդանավը Հայաստան տեղափոխելու աշխատանքները դանդաղել էին։ Երբ իրավիճակը կայունացել էր, օդանավի տեխնիկական աշխատանքները Տալլինում վերսկսվել էին, եւ սեփականատիրոջ կողմից որոշում էր կայացվել դրանց մնացած մասը իրականացնել Ուկրաինայի Գոստոմել քաղաքի օդանավակայանում: Անհրաժեշտ էր օդանավը Տալլինից տեղափոխել Գոստոմել, բայց քանի որ Էստոնիան Շենգեն գոտի է, «Fly Armenia Airways»-ի հայ օդաչուների վիզայի խնդիր էր ծագել կորոնավիրուսի համավարակի եւ միջպետական փակ սահմանների պայմաններում։ Մյուս կողմից՝ հայկական ընկերությունը տեղեկացվել էր, որ Գոստոմելում տեխսպասարկման համար արդեն իսկ սլոթ (կոնկրետ ժամանակահատված) է ամրագրվել, որը խախտելու դեպքում ավիաընկերությունը ստիպված կլինի հավելյալ վճարումներ կատարել: Այսինքն՝ շտապելու խնդիր էր ծագել: Եվ այս պարագայում, երբ հայկական ընկերության սեփական օդաչուները շենգենյան վիզա չեն ունեցել, սեփականատեր «BK Impex»-ն առաջարկել էր տաջիկ օդաչուների տարբերակը, ինչն ընդունվել էր «Fly Armenia Airways»-ի կողմից: Մենք պարզել էինք նաեւ, թե ովքեր են տաջիկները․ հրամանատար Ազիզբեկ Գոզիեւը եւ երկրորդ օդաչու Սարվար Նուրովը: Վերջիններիս ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրելով՝ գրել էինք, որ աշխատում են տաջիկական «Tajik Air» ավիաընկերությունում: Գոզիեւը Տաջիկստանի Բուստոն (նախկինում՝ Չկալովսկ) քաղաքից է, Նուրովը՝ մայրաքաղաք Դուշանբեից, երկուսն էլ ավարտել են Ղրղզստանի ավիացիոն ինստիտուտը (ք. Բիշքեկ): «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվային, ով ռազմական եւ պաշտպանական ոլորտի փորձագետ է, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ իրանական «Caspian Airlines» ավիաընկերությունն այս «Boeing 737-300» օդանավը պատվիրել էր (գնել էր) 2020-ի ամռանը՝ այն ժամանակ, երբ ինքնաթիռը դեռ Հայաստանում չէր գրանցվել («Fly Armenia Airways»-ի շարժակազմում չէր), այլ գտնվում էր լիտվական «GetJet Airlines»-ի հաշվեկշռում ու կայանված էր Էստոնիայի մայրաքաղաքում: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, նշանակում է, որ օդանավը Հայաստանում գրանցելն ուղղակի միջոց է եղել այն Իրան տեղափոխելու գործընթացում: «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ այս առումով առանցքային «խաղացողները» եղել են շվեյցարական սեփականատերն (վաճառողը) ու իրանական կողմը (գնորդը):  «Hayways»-ը համարում է, որ այս պատմության մեջ ինքը զոհ է, իսկ հիմնական մեղավորներից շվեյցարական սեփականատեր «BK Impex»-ին, ինչպես գրել ենք, արդեն դատի է տվել՝ պահանջելով փոխհատուցել Թեհրանում օդանավը թռիչքային վիճակի բերելու եւ Հայաստան տեղափոխելու համար կատարած իր ծախսերը։ Չնայած մինչ օրս օդանավը գտնվում է հայկական ավիաընկերության հաշվեկշռում, այն շահագործելու միտք «Hayways»-ն այլեւս չունի։  Իր հերթին ՀՀ ԱԱԾ-ն 2021-ի փետրվարի 25-ին քրեական գործ էր հարուցել ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Նշվածներից առաջին դրույթը սահմանում է. «Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով»:  Քրգործի հիմքում դրված երկրորդ դրույթը նշում է. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով (200.000-400.000 դրամ - «Հետք»), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»: Այսինքն՝ ԱԱԾ-ն գործը քննում էր օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, փոխգնդապետ Գեւորգ Խալաթյանը 2021-ի մարտին «Հետքին» հայտնել էր, որ դեռեւս որեւէ անձի չի տրվել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: 2021-ի օգոստոսին՝ քրգործի հարուցումից 6 ամիս անց, պատկերը նույնն էր՝ որեւէ անձի կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չէր տվել: Այսինքն՝ տաջիկ օդաչուները ո՛չ կասկածյալ էին, ո՛չ էլ մեղադրյալ: ԱԱԾ-ին օգոստոսին հարցրել էինք նաեւ, թե արդյոք հարցաքննվել են Գոզիեւն ու Նուրովը եւ ինչ կարգավիճակով, ինչին քննիչ Խալաթյանը պատասխանել էր, թե դա նախաքննական գաղտնիք է: Նկատենք, որ հայ ավիատորները թերահավատ էին, թե ԱԱԾ-ն կբացահայտի այս գործը։ Եվ խոսքը ոչ այնքան մասնագիտական կարողության, որքան կամքի եւ ինչ-որ առումով քաղաքական որոշման մասին էր, քանի որ սեղանին նաեւ հայ-իրանական հարաբերություններն էին։ Հիշեցնենք՝ «Հետքի» աղբյուրները հայտնել էին, որ Իրանից օդանավը վերադարձնելու հարցում մեծ դեր է խաղացել այդ երկրում ՀՀ դեսպանությունը, որը կապի մեջ է եղել տարբեր ոլորտների իրանցի պատասխանատուների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ պնդել Հայաստանի դիրքորոշումը՝ ինքնաթիռը պետք է վերադարձվի մեր երկիր, ինչն էլ արդյունք էր տվել:  Նախորդ ամիս ԱԱԾ-ին հարցրել էինք, թե ինչ փուլում է քրգործի նախաքննությունը, արդյոք օդաչուներ Ազիզբեկ Գոզիեւն ու Սարվար Նուրովը ներգրավված են գործում որեւէ կարգավիճակով, արդյոք նրանց հանդեպ հայտարարվել է հետախուզում, ԱԱԾ-ն արդյոք դիմել է Տաջիկստանի իր գործընկերներին՝ իրավական օգնություն ցույց տալու համար եւ ինչ պատասխան է ստացել, արդյոք քրգործով կան մեղադրյալներ կամ կասկածյալներ։ Ի պատասխան՝ քննիչ Գեւորգ Խալաթյանը ընդամենը նշել է, որ քրգործի վարույթը կասեցվել է, իսկ թե երբ եւ ինչ հիմքով է դա տեղի ունեցել, քննիչը չի ասել։ Մնացած բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գործում մեղադրյալների կամ կասկածների առկայության կամ բացակայության, Խալաթյանը նախաքննական գաղտնիք է համարել ու տեղեկատվություն չի տրամադրել։ Երկրորդ հարցումով հիշեցրել ենք, որ 2021-ի մարտին եւ օգոստոսին այն փաստը, որ մեղադրյալներ ու կասկածյալներ չկան, նախաքննական գաղտնիք չէր, հետեւաբար ի՞նչ է փոխվել այս անգամ։ Խնդրել էինք նաեւ հայտնել, թե ինչ հիմքով է վարույթը կասեցվել, բացի դրանից՝ արդյոք 2021-ի ապրիլի 23-ից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կայանված ինքնաթիռը շարունակում է մնալ քրգործով արգելանքի տակ։ Քննիչ Խալաթյանն այս անգամ նշել է, թե յուրաքանչյուր քրգործով վարույթն իրականացնող մարմինն ինքն է գնահատում, թե որ տեղեկություններն են հանդիսանում գործի քննության տվյալ փուլում հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ եւ որոշում դրանց տրամադրման ծավալը։ Շարունակությունը՝ hetq.am-ում Գլխավոր լուսանկարում՝ «Զվարթնոցում» կայանված եւ քաղաքացիական ու քրեական գործերում ներգրավված «Boeing 737-300»-ը (EK-FAA). 25.10.2021, լուսանկարիչ՝ Սիմոն Դե Ռուդեր/jetphotos.com  
18:47 - 04 ապրիլի, 2022
Երևան-Մոսկվա չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում

Երևան-Մոսկվա չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված  ՌԴ օդային տարածքների մասնակի փակ լինելն իր ազդեցությունն է թողել Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ թռիչքների կազմակերպման վրա: «Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Երևան-Մոսկվա-Երևան չվացուցակում փոփոխություններ են եղել: «Հարգելի գործընկերներ և ուղևորներ` տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ  օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրականացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում` ռուսական ավիակարգավարների հրահանգով։ Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։ Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,-ասված է հաղորդագրությունում:
14:25 - 24 փետրվարի, 2022
Չեղարկվել է այսօր երեկոյան նախատեսված Երևան-Ակտաու չվերթը

Չեղարկվել է այսօր երեկոյան նախատեսված Երևան-Ակտաու չվերթը

Չեղարկվել է այսօր երեկոյան նախատեսված Երևան-Ակտաու չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք  «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջից։ Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների համար երկրի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին։ Քանի որ ՀԱՊԿ-ի նախագահությունը այս տարի ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»: Դրանք ներառում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։
14:54 - 06 հունվարի, 2022
Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ |armenpress.am|

Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ |armenpress.am|

armenpress.am: Օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը կկարգավորվի: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Փոխնախարարը նախ նշեց, Հանրապետության օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով ոլորտում առաջացել են խնդիրներ: «Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ: Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ, սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ՝ ոլորտի իրավախախտումների համար»,-ասաց Սիմոնյանը: Այսպիսով սահմանվում է, որ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշան ունեցող ավտոմոբիլներ: Լիցենզիաների սահմանափակ քանակ չի սահմանվելու: ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ կարգավորումներն ավելի չեն թանկացնելու ծառայությունները, որոնք քաղաքացիները վճարում են օդանավակայանից փոխադրվելիս: Փոխնախարարն արձագանքեց. «Այդ օրենքի նախագիծը մշակվել է, որ բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է ՀՀ և դեպի կենտրոն ուղևորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն արժե շատ ավելի թանկ, քան եվրոպական ամենաթանկ երկրներում»: Նախագծով նախատեսված չէ արգելք սահմանել տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք, այսօր, ըստ փոխնախարարի, մեծամասամբ կարող են իրականացվել ապօրինի: «Խոսքն այդ մարդկանց օրինական դաշտ բերելու մասին է»,-ասաց Սիմոնյանը: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 58 կողմ ձայն:
11:11 - 18 նոյեմբերի, 2021
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով: ՄՊՀ-ն պարզել է, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտություններ (ՊՇՌ թեստեր) իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված թույլտվության պայմանագրերով սահմանվել են մատուցվելիք ծառայությունների գները կամ այդ գները և դրանց փոփոխությունները ընկերության կողմից հաստատելու պահանջ, ինչպես նաև ծառայության արժեքից յուրաքանչյուր իրականացված թեստի դիմաց որոշակի տոկոս կամ ֆիքսված գումար ընկերությանը վճարելու պայմաններ, որոնք հնարավոր է՝ չեն վերաբերում թույլտվության պայմանագրերի առարկային և տնտեսապես ու տեխնոլոգիապես հիմնավորված չեն:
11:16 - 11 նոյեմբերի, 2021
Փաթեթավորման «քովիդյան» մենաշնորհը․ առանց հիմքի արգելք՝ «Զվարթնոց» օդանավակայանի կողմից

Փաթեթավորման «քովիդյան» մենաշնորհը․ առանց հիմքի արգելք՝ «Զվարթնոց» օդանավակայանի կողմից

Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի հրամանով սահմանվել էր, որ օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները պետք է ենթարկվեն փակ տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման («ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրաման, հավելված 22-ի 9-րդ կետի 8-րդ ենթակետ)։ 2020 թվականի օգոստոսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում, իսկ 8-ին՝ կայքում, հրապարակվեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր․ «Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը: Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը: Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»: Փաթեթավորված իրերով օդանավակայան մուտք գործելու արգելքը երկու խնդիր էր առաջացրել․ - անգործության էր դատապարտել օդանավակայանից դուրս գտնվող փաթեթավորման ծառայություններին՝ փաստացի մենաշնորհային պայմաններ ապահովելով օդանավակայանի տարածքում գործող ծառայության համար, - օդանավակայանից օգտվողները ստիպված էին ավելի թանկ վճարել փաթեթավորման համար, քանի որ օդանավակայանի տարածքում այս ծառայությունն ավելի թանկ է, քան օդանավակայանից դուրս։ Infocom-ը փորձեց պարզել, թե ինչ հիմնավորմամբ է գործել այս արգելքը, արդյոք փաթեթավորումը խանգարո՞ւմ է ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման գործընթացին, և եթե այո, ապա ինչպե՞ս է խանգարում։ Օգոստոսի 6-ին վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար Infocom-ը կապ հաստատեց Զվարթնոց օդանավակայանի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ։ Մեր զրույցում վերջինս ասաց, որ կորոնավիրուսի տարածման, կանխարգելման վերաբերյալ կա պահանջ, համաձայն որի՝ ուղեբեռները պետք է պարտադիր կերպով ախտահանվեն: Սակայն, ինչպես նշեց Հովհաննիսյանը, օդանավակայանում ախտահանումից հետո պարտադիր փաթեթավորման պահանջ չկա․ «Դա ըստ ցանկության է. ուղևորն ինքն է որոշում՝ ուզում է փաթեթավորել, թե ոչ: Օդանավակայանում գործում է փաթեթավորման ծառայություն, որի վերահսկող մարմինը օդանավակայանն է, իսկ ինչ վերաբերում է ծառայության գնագոյացմանը, ապա օդանավակայանը որևէ առնչություն չունի դրա հետ: Անվտանգության, հաշվառման և այլ ծառայության աշխատակիցներ աշխատանքային գործունեության ընթացքում որոշ դեպքերում ստիպված են լինում ուղիղ առնչվել ուղեբեռի հետ և հակահամաճարակային նորմերն առավել արդյունավետ պահպանեու համար պետք է ուղբեռը լինի ախտահանված առանց որևէ հավելյալ փաթեթավորման»։ Պատասխանում որևէ կերպ չէր հստակեցվում, թե ինչով է պոլիէթիլենային փաթեթավորումը խանգարում ախտահանման գործընթացին։ Օգոստոսի 8-ին հարցում ուղարկեցինք Առողջապահության նախարարություն, որին ի պատասխան՝ գերատեսչությունից հայտնեցին, որ ուղեբեռների ախտահանման պահանջը՝ որպես կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) կանխարգելման լրացուցիչ միջոցառում, ներառվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) հարուցչի վերաբերյալ նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ վարակը տարածվում է նաեւ կոնտակտային ճանապարհով, քանի որ տարբեր առարկաների մակերեսներին վիրուսի կենսունակությունը բավական բարձր Է։ Հայտնեցին նաև, որ ախտահանման ենթակա ուղեբեռների փաթեթավորված լինելու կամ չլինելու հարցը Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանով չի կարգավորվել։  2021 թվականի օգոստոսի 12-ից նախարարի հրամանի այս կետը ուժը կորցրած ճանաչվեց։ Այն հարցին, թե ինչու հանվեց ախտահանման պահանջը, նախարարությունից պատասխանեցին․ «Վերջին շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ կոնտակտային ճանապարհով կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) տարածումը հիմնականում տեղի է ունենում ձեռքերի միջոցով, հետեւաբար, որպես կանխարգելիչ միջոցառում, առավել կարեւորվել է անձնական հիգիենայի պահպանումը, մասնավորապես՝ ձեռքերի հաճախակի լվացումը եւ պարբերաբար ախտահանումը: Ելնելով նշվածից՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID 19) պայմանավորված սահմանափակումները մեղմելու, ինչպես նաեւ ֆինանսական բեռը նվազեցնելու նպատակով, Առողջապահության նախարարի 2011 թվականի հուլիսի 13-ի N 51-Ն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանի 22-րդ հավելվածի 9-րդ կետի 8-րդ ենթակետը՝ ուղեբեռների ախտահանման պահանջը»։ Զրուցեցինք նաև ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանի հետ։ Infocom-ի հետ զրույցում Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացրին, որ նախկինում գործող ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման կարգը չի սահմանվել Տեսչական մարմինը։ «Տեսչական մարմինն ունի միայն վերահսկողական գործառույթ, քաղաքականություն մշակող չէ, այսինքն՝ վերահսկում է կառավարության, առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի պահպանումը»,- ասաց Խաչատրյանը։ Հարցում ուղարկեցինք նաև «Զվարթնոց» օդանավակայան՝ հասկանալու, թե որ ընկերությունն է իրականացրել ուղեբեռների ախտահանումը, որ մարմինն է որոշել, որ նախապես արված փաթեթավորումը պետք է  հեռացվի և հետո նոր ուղեբեռը ախտահանվի։ Օդանավակայանից մեր հարցմանը տրված պատասխանում միայն նշեցին որ գործընթացը կարգավորվել է նախարարի հրամանով։ Չստանալով մեր հարցերի պատասխանը՝ կրկին դիմեցինք օդանավակայանի խոսնակին, որի հետ ունեցած զրույցից արդյունքում միայն կարողացանք պարզել, որ ախտահանումը որևէ ընկերություն չի իրականացնում,  ախտահանման սարքը ուղղակի դրվել է օդանավակայանում, և ախտահանումն իրականացրել է օդանավակայանը, և ոչ թե որևէ մասնավոր ընկերություն։ Այսպիսով,  ԱՆ թիվ 17-Ն հրամանով, որին հղվում է օդանավակայանը, միայն սահմանված էր փակ տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթիչով ախտահանման պահանջը, իսկ ուղեբեռների փաթեթավորված լինելու կամ չլինելու հարցը այս հրամանով չի կարգավորվել։  Ստացվում է՝ ավելի քան մեկ տարի օդանավակայանից օգտվողների համար սահմանված է եղել պահանջ, որի իրավական հիմքն առկա չէ և դրա արդյունքում մենաշնորհային գործունեության հնարավորություն է ստացել օդանավակայանի տարածքում գործող փաթեթավորման ծառայությունը։  Ասպրամ Փարսադանյան  
11:14 - 06 հոկտեմբերի, 2021