Լատվիա

Լատվիան Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր է հռչակել |factor.am|

Լատվիան Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր է հռչակել |factor.am|

factor.am: Լատվիայի Սեյմը հայտարարություն է ընդունել, որով Ռուսաստանը հռչակել է ահաբեկչության հովանավոր և ԵՄ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսներին և բելառուսներին։ Այս մասին գրում է korrespondnet-ը։ Այսպիսով, Լատվիան դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը Ռուսաստանը հայտարարել է ահաբեկչության հովանավոր։ Պատգամավորները նշել են, որ Ռուսաստանը երկար տարիներ աջակցել և ֆինանսավորել է ահաբեկչական ռեժիմներին ու կազմակերպություններին տարբեր ձևերով՝ ուղղակի և անուղղակի։ Հայտարարության մեջ նշվում է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմին զենք մատակարարելու, Մեծ Բրիտանիայում Սկրիպալների ընտանիքի թունավորման, Դոնբասում MH-17 չվերթի կործանման մասին։ Սեյմի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այժմ «Ռուսաստանը նպատակաուղղված օգտագործում է տառապանքն ու ահաբեկումը որպես գործիք ուկրաինացի ժողովրդին և զինված ուժերին բարոյալքելու իր փորձերում, կաթվածահար անելու Ուկրաինայի կարողությունը՝ նրա տարածքը գրավելու համար»։ «Սեյմն ընդունում է Ռուսաստանի բռնությունը խաղաղ բնակչության նկատմամբ, որն իրականացվում է քաղաքական նպատակներին հասնելու համար՝ որպես ահաբեկչություն, իսկ Ռուսաստանը՝ որպես ահաբեկչությանն աջակցող պետություն, և կոչ է անում այլ երկրներին արտահայտել նման կարծիք»,- ասվում է հայտարարության մեջ։ Լատվիայի Սեյմի պատգամավորները «կտրականապես դատապարտում են Ռուսաստանի ռազմական ագրեսիան և Ուկրաինա լայնածավալ ներխուժումը, որն իրականացվել է բելառուսական ռեժիմի աջակցությամբ և մասնակցությամբ»։  
15:57 - 11 օգոստոսի, 2022
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև

Հունիսի 14-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, լատվիականը՝ ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ միջպետական համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու հնարավորությունները, ինչպես նաև՝ տնտեսական կապերի աշխուժացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական քայլերը: Ընդգծվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության և այն զարգացնելու կարևորությունը: Խորհրդակցությունների ավարտին լատվիական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Հայկական կողմը կարևորեց Լատվիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
16:17 - 15 հունիսի, 2022
ՀՀ նախագահը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել Մակեդոնիայում, Լիխտենշտեյնում, Լատվիայում։ Մասնավորապես, Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանին  համատեղության կարգով նշանակել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին համատեղության կարգով նշանակել է Լիխտենշտայնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։ Իսկ Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին համատեղության կարգով նշանակել է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։
13:52 - 11 հունիսի, 2022
Լատվիայում արգելվել են ռուսական բոլոր հեռուստաալիքները, թույլատրվել է «Դոժդի» հեռարձակումը

Լատվիայում արգելվել են ռուսական բոլոր հեռուստաալիքները, թույլատրվել է «Դոժդի» հեռարձակումը

Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը (NEPLP) արգելել է երկրում ռուսական 80 հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք դեռևս հասանելի էին լատվիացի հեռուստադիտողներին, հայտնում է Delfi-ն։ Ինչպես ասել է NEPLP-ի նախագահ Իվար Աբոլինշը, որոշումն ընդունվել է՝ հիմնվելով օրենսդրական նոր նորմի վրա։ Դրանով նախատեսվում է, որ Լատվիայում չեն կարող հեռարձակվել երկրում գրանցված հաղորդումներ, որոնք սպառնում են մեկ այլ երկրի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 9-ից։ Արգելվել է այնպիսի հեռուստաալիքների հեռարձկումն, ինչպիսիք են «E TV»-ն, «Իլյուզիոն+»-ը, «Կինո24»-ը, «Աշխարհ Թի-Վի»-ն և այլն։ NEPLP-ն թույլատրել է նաև Ռուսաստանում արգելափակված «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակումը։ Սա նշանակում է, որ ապագայում դրա հաղորդումները հեռարձակվելու են Ռիգայից, ասել է Իվարս Աբոլինշը։ Նորա Վանյան
16:34 - 06 հունիսի, 2022
Լատվիան խզել է Բելառուսի հետ համաձայնագիրը՝ ռազմական բեռների փոխադրման մասին

Լատվիան խզել է Բելառուսի հետ համաձայնագիրը՝ ռազմական բեռների փոխադրման մասին

Լատվիան մայիսի 10-ին կասեցրել է համաձայնագրի գործողությունը, որով թույլատրվում էին լատվիական նավահանգիստներով ռազմական բեռների երկաթուղային փոխադրումները Բելառուսից դեպի երրորդ երկրներ, գրում է Delfi պարբերականը՝ վկայակոչելով Լատվիայի տրանսպորտի նախարարության հաղորդագրությունը։ Նշվում է, որ այդ պայմանագիրը Բելառուսի և Լատվիայի միջև կնքվել է 1994 թ-ին, երբ վերջինս դեռ Եվրամիության անդամ չէր։ 2004 թ-ին երկիրն անդամակցել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ «Այս առնչությամբ Լատվիան իրավական նորմերով կապված է այս երկու միջազգային կազմակերպությունների հետ, և Բելառուսի հետ համաձայնագիրը չի համապատասխանում այդ նորմերին։ Լատվիայի կառավարությունն, ընդհանուր առմամբ, վերանայում է Ռուսաստանի և Բելառուսի հետ երկկողմ հարաբերությունները Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի համատեքստում», - նշված է նախարարության հայտարարությունում։   Նորա Վանյան
16:04 - 15 մայիսի, 2022
Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիև են այցելել

Բալթյան երկրների արտգործնախարարները Կիևում են։ Ինչպես հաղորդել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն, իրենք ժամանել են՝ ավարտին հասցնելու այցը, որը կիսատ էր մնացել փետրվարի 24-ին ռուսական ներխուժման պատճառով, գրում է Liga.net-ը։ «Մենք այստեղ ենք, որ հաստատենք մեր համերաշխությունն ու քննարկենք հետագա աջակցությունը», - գրել է Ռինկևիչը։ Լիտվայի արտգործնախարար Վիտաուտաս Լանդսբերգիսը հայտնել է, որ այցի ընթացքում քննարկվում է տուժած բնակավայրերի վերականգնումը և Ուկրաինայի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակը։ «Փթթուն Կիևը հիշեցնում է այն մասին, որ երկիրը պատրաստ է լուսավոր ապագայի», - գրել է նա։ Էստոնիայի ԱԳ նախարարն ասել է, որ իրենք Կիև են ժամանել՝ ցուցադրելու իրենց անբեկանելի աջակցությունն ու քննարկելու Ուկրաինային օգնելու մյուս հնարավորությունները։   Նորա Վանյան
16:13 - 06 մայիսի, 2022
Սլովակիայում և Լատվիայում հնարավոր են համարում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը

Սլովակիայում և Լատվիայում հնարավոր են համարում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը

Սլովակիայի էկոնոմիկայի նախարարը և Լատվիայի Latvijas Gāze էներգետիկ ընկերությունը հայտնել են, որ հնարավոր են համարում ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը։ Ռուսական գազի 85% տոկոս պահանջարկ ունեցող Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող առանց ռուսական գազի մնալ, և եթե ստիպված լինի դրա դիմաց ռուբլիով վճարել, կանի դա՝ չնայած որ սատարել է Եվրամիության ընդհանուր դիրքորոշումը, գրում է Reuters-ը։ Նշենք, որ Ռուսաստանը պահանջել է իր գազի մատակարարումների համար ռուբլիով վճարել, սակայն Եվրոպական հանձնաժողովն ապրիլի 1-ին հայտարարել է, որ եվրոպական ընկերությունները, որոնց պայմանագրերում ամրագրված է եվրոյով կամ դոլարով վճարումը, չպետք է կատարեն այդ պահանջը։ «Գազի [հոսքը] չպետք է դադարեցվի։ Եթե պայման կա դրա դիմաց ռուբլով վճարելու, կվճարենք ռուբլով», - ասել է Սուլիկը։ Նա հավելել է, որ Սլովակիան շարունակելու է այս ընդհանուր մոտեցման ուղղությամբ աշխատել ԵՄ հետ։ Սուլիկը նշել է, որ երկիրը գազի հերթական վճարումը պետք է կատարի մայիսի 20-ին, նա դեռ վեց ամիս ունի՝ լուծում գտնելու համար, սակայն Սլովակիան չի կարող առանց գազամատակարարման մնալ։ Լատվիայի Latvijas Gāze ընկերությունը երեկ հայտարարել է, որ ռուսական «Գազպրոմի» հետ իր կնքած պայմանագրում գազի դիմաց վճարումներն ամրագրված են եվրոյով, սակայն նշել է, որ ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը կատարելը հնարավոր է։ «Հաշվարկների կատարման կարգում նշված [ռուսական կողմի] փոփոխությունների համապատասխանությունը սահմանված պատժամիջոցներին գնահատելուց հետո, նախնական եզրակացություն է արվել, որ հաշվարկների այդ կարգը՝ ռուսական ռուբլով վճարումը, ֆորմալ առումով չի խախտում պատժամիջոցային ռեժիմն ու հնարավոր է», - ասված է ընկերության հայտարարությունում։ Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի   Նորա Վանյան
14:20 - 04 ապրիլի, 2022
Լեհաստանը և Բալթյան երկրները կոչ են անում ԵՄ-ին արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս

Լեհաստանը և Բալթյան երկրները կոչ են անում ԵՄ-ին արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս

Լեհաստանի և Բալթյան երեք երկրների կառավարությունները կոչ են արել Եվրամիությանը ամբողջությամբ արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ամեն օր ռուսական և բելառուսական հազարավոր բեռնատարներ Ռուսաստանին մատակարարում են ապրանքներ և ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս նրան շարունակել իր ռազմական գործողությունը Ուկրաինայում: Մենք կոչ ենք անում ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու՝ արգելելու ցամաքային բեռնափոխադրումների շարժը թե՛ Ռուսաստանից և Բելառուսից, թե՛ դեպի այդ երկրներ», - ասված է ԵՄ մյուս երկրներին ուղղված հայտարարության մեջ, որը հինգշաբթի հրապարակել է Լեհաստանի կառավարությունը։ Այն ստորագրել են Լեհաստանի, Էստոնիային, Լատվիայի և Լիտվայի վարչապետերը։ Նշված երկրները նաև կոչ են անում արգելելու ռուսական և բելառուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ։ «Որպեսզի այս երկու միջոցներն իսկապես արդյունավետ լինեն, դրանք պետք է միաժամանակ ձեռնարկվեն: Մենք համոզված ենք, որ վերոնշյալ միջոցները տրանսպորտային ոլորտում կսահմանափակեն Ռուսաստանի ագրեսիան շարունակելու հնարավորությունը»,- ասվում է նամակում։
21:34 - 24 մարտի, 2022
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 15-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսի, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի ու Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում պաշտպանության եւ անվտանգության տիրույթում իրականացվող բարեփոխումներին, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին: Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքներին՝ նշելով, որ այդ երկիրը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները` չվերադարձնելով հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց, շարունակելով ռազմատենչ հռետորաբանությունը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է տարածաշրջանում միջազգային հանրության օժանդակությամբ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Ներկայացնելով անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտներում, ոստիկանությունում, զինված ուժերում, ԱԱԾ-ում իրականացվող քայլերը՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ բարեփոխումների կյանքի կոչման հարցում մեր երկիրը պարբերաբար քննարկումներ է իրականացնում միջազգային գործընկերների հետ: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է մասնավորապես զինված ուժերում բարեփոխումների օրակարգը, բանակաշինության գործընթացում իր տեսլականը՝ կարեւորելով Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցությունը նաեւ պաշտպանության բնագավառում: Հյուրերի խնդրանքով Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:
17:00 - 15 մարտի, 2022