Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Պարեկները վերջին մի քանի օրում հայտնաբերել են փայտանյութով բեռնված 10-ից ավելի տրանսպորտային միջոց

Պարեկները վերջին մի քանի օրում հայտնաբերել են փայտանյութով բեռնված 10-ից ավելի տրանսպորտային միջոց

Պարեկային ծառայության Լոռու մարզը սպասարկող գումարտակի ոստիկանները ոչ միայն արդյունավետ հսկողություն են իրականացնում անվտանգ ճանապարհային երթևեկության պահպանման նկատմամբ, այլև ակտիվ պայքարում են հանցավորության դեմ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ապօրինի ծառահատումներին։ Ուստի պատահական չէ, որ ծառայության գործարկումից հետո ավելացել է ապօրինի ծառահատումների բացահայտումների թիվը, ինչը շուրջօրյա սրտացավ ծառայության արդյունք է։ Լոռու պարեկները միայն վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնաբերել են տարբեր մակնիշի 10-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բեռնված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Տարբեր տեսակի ծառերի հատումից պատրաստված փայտանյութը, մեքենաներով հանդերձ, տեղափոխվել է Լոռու մարզային վարչության տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Դեպքերի ուսումնասիրությունները փաստում են, որ ապօրինի փայտանյութով բեռնված մեքենաները հայտնաբերվում են հիմնականում երեկոյան ժամերին։ Այս հանգամանքն իր հերթին փաստում է, որ վարորդներին թվում է, թե բռնվելու տեսանկյունից ավելի ապահով է փայտանյութը երեկոյան տեղափոխել։  Նաև հորդորում ենք խնայել բնությունը։ Միջոցառումները շարունակվում են։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:48 - 25 հունիսի, 2022
Բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր. Վահագնիի անտառպետության անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են

Բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր. Վահագնիի անտառպետության անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վահագնիի անտառպետության անտառապետ Մ. Ն.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2021 թվականի ընթացքում հանձնարարել է անտառապահ Ս. Վ.-ին` Լոռու մարզի մի խումբ բնակիչների թույլատրել անարգել մուտք գործել հիշյալ անտառպետության տարածք և առանց համապատասխան փաստաթղթերի առկայության կատարել ապօրինի ծառահատումներ, որից հետո հիշյալ անձինք յուրաքանչյուր խորանարդ մետր փայտանյութի դիմաց անտառապետին որոշակի գումարներ են վճարել: Բացի այդ, անտառապետ Մ. Ն.-ն փայտանյութի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել Լոռու մարզի բնակիչ Ս. Մ.-ի հետ, որից հետո՝ 2021 թվականի մարտից աշնան կեսերն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչներ Դ. Կ.-ն և Գ. Կ-ն իրենց կողմից ապօրինի հատված փայտանյութն անտառից տեղափոխել են Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում գտնվող «Զամարլու» կոչվող տարածք, որտեղից էլ այն վերաբարձել են Ս. Մ.-ին պատկանող ավտոմեքենաները: Նշված փայտանյութի մեկ խորանարդ մետրի դիմաց Ս. Մ.-ն անտառապետ Մ. Ն.-ին վճարել է 8000 ՀՀ դրամ, որից 6.000 դրամը որպես փայտանյութի արժեք, իսկ 2.000 ՀՀ դրամը` Դ. Կ.-ին և Գ. Կ.-ին որպես աշխատավարձ: Քրեական գործով հիմնավորվել է, որ անտառապետ Մ. Ն.-ն Լոռու մարզի մի խումբ բնակիչների, այդ թվում` Ս. Մ.-ի և Հ. Ս.-ի դրդմամբ, անտառապահ Ս. Վ.-ի,  Լոռու մարզի բնակիչներ Դ. Կ.-ի և Գ. Կ.-ի օժանդակությամբ իր պարտականությունները դիտավորությամբ չի կատարել և իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որի հետևանքով հիշյալ անձանց կողմից Վահագնիի անտառպետության տարածքում 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 90 հատ տարբեր տրամաչափի «Հաճարենի», «Թխկի», «Կաղնի», «Սոճենի», «Հացենի», «Բոխի», «Լորենի» և այլ ծառերի ապօրինի հատումներ, իսկ ստացված փայտանյութն ապօրինի վաճառվել կամ օգտագործվել է ըստ հայեցողության: 22.06.2022թ.-ին անտառապետ Մ. Ն.-ն ու ևս երեք անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: 23.06.2022թ.-ին Մ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Լոռու մարզի բնակիչներ Հ. Ս.-ին և Ս. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Մ. Ն.-ի և Ս. Մ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:05 - 24 հունիսի, 2022
Դեբեդ գետն ընկած փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում. երեխան կմնա հիվանդանոցում մինչև նրա ճակատագրի որոշակիանալը

 |armenpress.am|

Դեբեդ գետն ընկած փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում. երեխան կմնա հիվանդանոցում մինչև նրա ճակատագրի որոշակիանալը |armenpress.am|

armenpress.am: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները տեսակցել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2-ամյա Արևիկին, ով օրեր առաջ 3-4 մետր բարձրությունից ընկել էր Դեբեդ գետը: Մինչ այցելությունը բաժինն ամեն օր իրազեկվում էր երեխայի առողջական վիճակի մասին: Լոռու մարզպետարանից տեղեկացրին, որ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը մարզպետի անունից շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի ողջ բուժանձնակազմին երեխայի լիարժեք բուժումը կազմակերպելու, այս ընթացքում նրա խնամքն իրականացնելու համար և նշել, որ բաժինը ներգրավված է երեխայի հարազատների շրջանակն ուսումնասիրելու, սոցիալական դեպքը վարելու գործընթացում, ինչի արդյունքում կորոշվի փոքրիկ Արևիկի հետագա ճակատագիրը: ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը նշեցին, որ երեխայի վիճակը կայունացել է, կյանքին այլևս վտանգ չի սպառնում, հիվանդանոցը կպահի փոքրիկին այնքան, ինչքան անհրաժեշտ է երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները կազմակերպելու համար:
15:34 - 04 մայիսի, 2022
Լոռու մարզում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Լոռու մարզում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 27-ին ժամը 14.00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: ·Վանաձոր քաղաքի՝  Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացու, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիրի, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամու, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան, Պ. Սևակի, Ավետիսյան, Սարոյան, Իսահակյան փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով,  Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցների, Աղայան փող. 1-59 /կենտ/ և 1-74 /զույգ/ տների, Հակոբյան փողոցի կենտ համարի տների և նրբանցքի, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, 2-58 /զույգ/ տների և նրբանցքի, Կնունյանց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տների և 2-րդ շենքի, Իսակովի փող. 1-27 /կենտ/, 1-30 /զույգ/ տների, Սունդուկյան 1-15 տների և 1-ին նրբանցքի, Ծատուրյան փող. 1-19 տների, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակների և 8-16 տների, Լալվարի փող. 1-11 /կենտ/ և 2-24 /զույգ/ տների, Նաիրի փող. 1, 3, 5 շենքերի, Ներսիսյան թաղ. 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքերի և փակուղու 1-ին շենքի, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքերի, Շինարարների փող. 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 8, 10 շենքերի, Աղայան փող. 72, 73, 75, 75ա, 77, 81, 83, 85, 87, 88, 90, 95, Ե1, Ե2 շենքերի, Ուսանողական փող. 4, 6, 8, 10, 14, 16, 16ա շենքերի և 1, 2, 3 տների, Գուգարքի 6, 7, 8, 9, 10 շենքերի և քոթեջների 1, 2, 3 փողոցների, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակների, Լոռվա խճուղու, Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:06 - 27 ապրիլի, 2022
Հակոբ Արշակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

Հակոբ Արշակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին: Հայ և ռուս խորհրդարանականները հանձնաժողովի 34-րդ նիստն անցկացրել են ապրիլի  22-ին Ստեփանավանում: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովը։ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Նա կարևորել է տարածաշրջանում կայունության հաստատումը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորումը խաղաղ ճանապարհով: Վիկտոր Բոնդարևն անդրադարձել է միջխորհրդարանական նպաստավոր համագործակցությանը, մի շարք ոլորտներում կապերը խթանելուն ուղղված նախաձեռնություններին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն իր հերթին կարևորել է ռուս խաղաղապահների դերը ԼՂ-ում խաղաղության պահպանման հարցում: Ողջույնի խոսքում նա նշել է, որ հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում և քաղաքներում թույլ է տալիս տեղում ծանոթանալու մարզերի հնարավորություններին, նախանշելու հետագա համագործակցության կոնկրետ քայլերը: «Մեր երկրների դաշնակցային և գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի, վստահության և փոխադարձ աջակցության վրա և համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին: Ուրախ եմ փաստել, որ երկու պետությունների միջպետական հարաբերություններն այսօր քաղաքական բարձր մակարդակի վրա են և շարունակում են ամրապնդվել բոլոր ուղղություններով»,- ասել է խորհրդարանի փոխնախագահը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցին, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է միջազգային հարթակներում փոխգործակցությանը՝ նշելով, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն կա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում և այլ խորհրդարանական կառույցներում: Խոսելով այսօրվա նիստի օրակարգային հարցերի մասին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ կնախանշվեն արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ: «Պետք է հետևողականորեն զարգացնել առկա ձեռքբերումները և ձգտել ավելի նշանակալի արդյունքների»,- ընդգծել է նա: Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: Զեկուցողները բարձր են գնահատել քաղաքական երկխոսության առկա մակարդակը: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում ավանդական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը: Անդրադարձ է եղել օրենսդրական մոտարկման, տարածաշրջանային համագործակցության ակտիվացման հարցերին, ընդգծվել է ԱՊՀ ՄԽՎ-ի և ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Վլադիմիր Վարդանյանը բարձրացրել է հանձնաժողովի շրջանակում խմբի ստեղծման հնարավորության հարցը, որը ոլորտային ուղղություններով կքննարկի երկկողմ օրակարգի խնդիրները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խոսել է տնտեսության, էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ կապերի ու ծրագրերի մասին: Նա կարևորել է համատեղ կազմակերպությունների հիմնումը, անդրադարձել ապրանքաշրջանառության ծավալներին՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը նպաստել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնմանը: Խոսելով ապրանքաշրջանառության ծավալների մասին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գործընկերների շարքում առաջին տեղն է զբաղեցնում: Պատգամավորն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, ռազմական ոլորտում համագործակցությանն ու ԼՂ հակամարտությանը: Ռուսական կողմից թեմայի շրջանակում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսլականին անդրադարձել են Վլադիմիր Ջաբարովը, Նատալյա Կոսիխինան և Օլեգ Մատվեյչևը: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համատեղ տոնակատարությունների անցկացմանը: Քննարկվել են երկկողմ իրականացվող ծրագրերին, հումանիտար համագործակցության հեռանկարներին, մեր երկրում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր: Հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը խոսել է մշակութային միջոցառումների անցկացման մասին: Նա կարևորել է Լոռու մարզում գտնվող Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնումը, որն իրականացվել է պետական միջոցների հաշվին: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող քայլերը: Անհրաժեշտ է համարվել կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը: Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Հաստատվել է խորհրդի կազմը, նշանակվել են համանախագահողները: Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում այս տարվա հուլիսին: Հակոբ Արշակյանը և Վիկտոր Բոնդարևն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները: ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին և անձամբ Հակոբ Արշակյանին` նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գնահատմամբ` նիստի արդյունքները գոհացուցիչ էին, քննարկումներն ընթացել են կառուցողական մթնոլորտում: Նրա խոսքով` տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման և ծրագրերի իրականացման հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
19:26 - 22 ապրիլի, 2022
Գյուլագարակի ղեկավարն ու իր տեղակալը խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման ենթակա տվյալներ են թաքցրել․ դատախազություն

Գյուլագարակի ղեկավարն ու իր տեղակալը խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման ենթակա տվյալներ են թաքցրել․ դատախազություն

Պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գ.-ի, վերջինիս հետ փոխկապակցված ընտանիքի անդամ Թ.Բ.-ի, ինչպես նաև Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ-ի կողմից իրենց 2020թ. տարեկան հայտարարագրերում հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ թաքցնելու հանգամանքներ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, համայնքի ղեկավար Մ.Գ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ պաշտոնատար անձի 2020 թվականի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իր անվամբ գրանցված Լոռու մարզի Ագարակ համայնքի Լոռի Բերդ և հիմնականում Կուրթան գյուղերում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակելի նպատակային նշանակության 11 հողամասերը՝ որպես պահեստ օգտագործման նպատակով արտադրական նշանակության շինությամբ և բնակելի տնով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 2,5 մլն դրամ: Թաքցվել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող LEXUS GX 470 մակնիշի ավտոմեքենան, «ԳԵՏԱՎԱՆ» ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը: Բացի այդ, Մ.Գ.-ն չի հայտարարագրել աշխատավարձի տեսքով 2020թ. ստացած եկամտից 2 մլն 822 648 դրամը:  Դատախազության հաղորդմամբ՝ Գյուլագարակ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված Թ.Բ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի ընտանիքի անդամի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության իրավունքով, ինչպես նաև համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով իր անունով գրանցված Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող գյուղատնտեսական, բնակելի նպատակային նշանակության 11 հողամաս՝ ԱՀԿ շենքով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 9 մլն 514 256 դրամ: Բացի այդ, վերջինս չի հայտարարագրել նաև 2020թ. ընթացքում իր հաշիվներում ունեցած ընդհանուր  20 մլն 898 491 դրամ գումարը:   Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված Լոռու մարզի Գյուլակարագ համայնքում գտնվող գյուղատնտեսական, կառուցապատման, բնակելի նպատակային նշանակության ընդհանուր 3 հողամաս, իրեն տրամադրված 1 մլն 350 000 դրամ վարկը, ինչպես նաև՝ 4 մլն 237 134 դրամի չափով եկամուտը:   2022թ. ապրիլի 2-ին նշված երեք անձանց վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդվածի 2-րդ մասով: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործը, ըստ մեղադրանքի նշված երեք անձի. ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու:  2022թ. ընթացքում, ապրիլի 15-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ (hայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) և 314.3–րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով քննվել է 16 քրեական  գործ, որոնցից 12-ը՝ փոխանցվել է նախորդ տարվանից: Վերոնշյալ քրեական գործերից 13-ը հարուցվել են հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (որից 1-ը՝ հարուցվել է  2022թ), իսկ 2-ը՝ hայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու       (2-ն էլ հարուցվել են 2022թ.) փաստերով, մեկ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314.2 և 314.3-րդ հոդվածներով: 16 քրեական գործով 11 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 10-ը՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 314.3-րդ հոդվածով: Մեղադրական եզրակացությամբ Գլխավոր դատախազություն է ուղարկվել 3 քրեական գործ 5 անձի վերաբերյալ, որից 1-ով 1 անձի վերաբերյալ դատախազի կողմից որոշում է կայացվել ոչ արդրացնող ՝ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը  կարճելու վերաբերյալ: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածով նախատեսված արարքի քրեականացումից հետո (հոդվածը լրացվել է 09.06.17թ. ) 2022թ. առաջին անգամ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1 գործ 1 անձի վերաբերյալ:    1 քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ 13 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 
11:14 - 18 ապրիլի, 2022
875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար
 |hetq.am|

875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունը համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875 մլն 473 հազ. դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 7-ի նիստում։ Առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների թվով 44 ծրագրեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ դրանցից 26-ը 2021 թ-ին ավարտված ծրագրեր են, անհրաժեշտ է 604 մլն դրամ վճարել, իսկ 18-ը դեռևս 2020 թ-ին հաստատված ծրագրեր են, որոնք իրականացվել են 2021-2022 թթ-ին, և պետք է վճարել Կառավարության մասնաբաժինը։ Որոշման նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ինչ ընթացք ունեն։  Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ ընդհանուր ստացել են 461 հայտ՝ 79,5 մլրդ դրամ արժեքով, որից Կառավարության մասնաբաժինը 43,5 մլրդ դրամ է։ Նախարարի խոսքով՝ այժմ սպասում են համայնքներից նախագծերի ուղարկմանը։
16:06 - 07 ապրիլի, 2022
Սուբվենցիոն ծրագրով Լոռու մարզի Պրիվոլնոյե բնակավայրում առաջին անգամ մանկապարտեզ կգործի

Սուբվենցիոն ծրագրով Լոռու մարզի Պրիվոլնոյե բնակավայրում առաջին անգամ մանկապարտեզ կգործի

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում վերակառուցվում է նախկին վարչական շենքը։ Աշխատանքների ավարտից հետո այն համայնքին կծառայի որպես մանկապարտեզ։   Ծրագիրը մեկնարկել է դեռևս նախորդ տարի, այն այժմ ավարտական փուլում է։ Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմել է 51 մլն 635 հազար դրամ:   Ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 47 մլն դրամ, որից 25.85 միլիոնը կազմել է պետբյուջեի ներդրումը, 21.15 միլիոնը` համայնքային:   Ծրագրով իրականացվել է մոտ 200 քմ մակերեսով շենքի հիմքերի ուժեղացում, կառուցվել է տանիքը, տեղադրվել են դռներ և պատուհաններ, կառուցվել է մամլոգրանիտե հատակ, կատարվել է ներքին և արտաքին հարդարում, անցկացվել է ջեռուցման համակարգ, ներքին և արտաքին ջրամատակարարման ցանց, կոյուղի:   Ծրագրի հիմնական շահառու է շուրջ 870 բնակիչ:
21:37 - 31 մարտի, 2022
Լոռիում և Արմավիրում մարզպետի տեղակալներ են նշանակվելպետի տեղակալ

Լոռիում և Արմավիրում մարզպետի տեղակալներ են նշանակվելպետի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ նշանակելու մասին:  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Առնակ Ավետիսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Հովհաննես Սաշայի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հովհաննես Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
13:38 - 02 մարտի, 2022
Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք. հիվանդի գնահատվում է միջին ծանրության

Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք. հիվանդի գնահատվում է միջին ծանրության

2022 թվականի հունվարի 21-ին Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը: Այս մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: «Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ֊ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է. խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը «Clostridium botulinum»-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130'C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
17:49 - 21 հունվարի, 2022
Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են․ Դատախազություն

Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են․ Դատախազություն

Լոռու մարզի դատախազությունն ուսումնասիրել և վերլուծել է բնակարանային գողությունների կանխման, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման ու պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ 2021թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանները ու հանգամանքները, այս հանցատեսակի կտրվածքով մարզում առկա կրիմինոլոգեն վիճակը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողության 129 դեպք: 2020թ. արձանագրվել էր նման 143 դեպք, այսինքն` տեղի է ունեցել նվազում 14 դեպքով կամ 10 տոկոսով։ Դրական որոշակի դինամիկա է արձանագրվել նաև բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշներում, թեև ընդհանուր առմամբ դրանք հեռու են բավարար համարվելուց: Մասնավորապես, եթե 2020թ. բնակարանային գողությունների բացահայտումը կազմել է  18.9%, ապա 2021թ.՝ 19,4%։ Վերոնշյալ դրական միտումները մեծապես պայմանավորված են մի կողմից բնակարանային գողությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից նախանշված և Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ համալիր միջոցառումներ իրականացնելու հարցում ցուցաբերված հետևողականությամբ: Մասնավորապես՝ 2021թ. ընթացքում Լոռու մարզի համայնքների ղեկավարներին մարզի դատախազությունից հասցեագրվել է թվով 76 միջնորդագիր, որոնցով վերլուծվել են տվյալ համայնքներում հանցագործության կատարման համար հիմնական թիրախ և ռիսկային հանդիսացող բնակավայրերը, տարածքները: Խնդիր է դրվել գործուն քայլեր ձեռնարկել համապատասխան բնակավայրերի տարածքները, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով, ինչպես նաև այդ շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ: Ներկայացված միջնորդագրերը քննարկվել են դատախազների մասնակցությամբ, ինչի արդյունքում գողության համար որպես ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել է ընդհանուր 256 տեսանկարահանող սարք: Մասնավորապես, Վանաձորում տեղադրվել է 97,  Գուգարքում՝ 27, Սպիտակում՝ 10, Ստեփանավանում՝ 24, Տաշիրում՝ 51, Թումանյանում՝ 47 տեսախցիկ: Ընդ որում՝ զգալի դեպքերով հանցագործությունների բացահայտման համար առանցքային նշանակություն են ունեցել տեղադրված տեսախցիկները, որոնց տեսագրությունների ուսումնասիրությամբ հետաքննական մարմինը պատկերացում է կազմել հանցանք կատարած անձանց, նրանց երթուղիների մասին:     Նույն շրջանակներում Վանաձոր քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներին տեղադրվել է 171 կոդավորվող փական։ Միջնորդագրերի քննարկման ընթացքում համայնքները պարտավորվել են շարունակել աշխատանքները նշված ուղղությամբ, ինչը կնպաստի համայնքների բնակիչների գույքի անձեռնմխելիության պաշպանության վիճակի բարելավմանը: Հաշվի առնելով բնակարանային գողությունների հանրային վտանգավորության աստիճանը՝ մարզի դատախազությունից քրեական գործերով առարկայական հանձնարարություններ և ցուցումներ են տրվել նաև վարույթն իրականացնող քննիչներին՝ արդյունավետ քննությունն ապահովելու, դեպքի վայրի որակյալ զննություն կատարելու, անձանց հարցաքննությամբ կոնկրետ գողացված առարկաների նկարագիրը և այլ կարևոր հանգամանքներ պարզելու վերաբերյալ։ Ելնելով 2021թ. կատարված աշխատանքների արդյունքներից, բնակարանային գողություններով պատշաճ և ընդգրկուն աշխատանք կատարելու, հատկապես հանցագործությունները բացահայտելուն միտված առարկայական գործողություններ իրականացնելու, նշված հանցատեսակին նպաստող պատճառները և պայմանները վերացնելու համար Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին։
15:03 - 21 հունվարի, 2022
Ապօրինի հատված 344 ծառ, պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան

Ապօրինի հատված 344 ծառ, պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված պատշաճ դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման տիրույթում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իրականացված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Թումանյանի անտառտնտեսության անտառապահը, անտառապետը և անտառպապպանության ինժեները ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ և սահմանված ժամկետում ներկայացնել ան­տա­ռապետին, ստուգել բնափայտի մթեր­ման և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները պատշաճ չեն կատարել: Մասնավորապես՝ նրանց կողմից նշված անտառպետությունում պարբերաբար շրջայցեր չեն իրականացվել, ինչի արդյունքում հետագայում կատարված ստուգմամբ Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Դսեղի անտառպետության թվով երեք պահաբաժիններում հայտնաբերվել են 344 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի ապօրինի հատման փաստեր: Դրա  հետևանքով  բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30.000.000 ՀՀ դրամի չափով վնաս։ Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկղություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասությանա ռաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք: Դատախազը քրեադատավարական օրենքի տիրությում քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու համար։
20:01 - 11 հունվարի, 2022
Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի․ Ճապոնիայի կառավարությունը շուրջ 97 հազար դոլար աջակցություն է տրամադրում

Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի․ Ճապոնիայի կառավարությունը շուրջ 97 հազար դոլար աջակցություն է տրամադրում

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում Լոռու մարզի Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ: Ճապոնիայի կառավարությունը 96.957 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն է տրամադրում։ Այս մասին հայտնում է նախարարության հասարակայնույան հետ կապերի եւ եւ տեղեկատվության վարչությունը։ Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս կարևոր նախագծի շարունակական իրականացման համար: Փոխնախարարը կարևորել է համատեղ գործակցությունը՝ միտված կրթության ոլորտում առկա խնդիրների լուծմանը և որակյալ կրթական համակարգի կառուցմանը: «Այս ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին, համաձայն որոնց՝ նախատեսվում է էապես բարելավել հանրակրթական համակարգի ենթակառուցվածքներն ու պայմանները, ինչը կնպաստի նաև կրթական համակարգի որակի բարելավմանը: Ապագայում կայցելենք Գարգառի դպրոց և հնարավորություն կունենանք՝ տեղում տեսնելու, թե ինչ բարերար ազդեցություն է ունեցել ծրագիրը կրթական որակի, երեխաների՝ սովորելու ցանկությունը բարձրացնելու վրա»,- ասել է նախարարի տեղակալը և նախարարության անունից պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները և աջակցելու նմանատիպ ծրագրերին՝ ի շահ երեխաների և կրթության որակի բարելավման: Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել ծրագրում ներգրավված բոլոր կողմերին և տեղեկացրել, որ դրանից կօգտվի շուրջ 1500 մարդ:  «Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի ամենակարևոր սյուներից է և ապագայի հաջողության բանալին: Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով բարելավել մարդկանց կյանքի որակը»,- ասել է դեսպանը և մաղթել շարունակական հաջողություն: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և տեղեկացրել, որ սա 2-րդ ծրագիրն է, որ իրականացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ:
19:13 - 22 դեկտեմբերի, 2021
Լոռու մարզի դատախազը Հարթագյուղ համայնքի խախտված իրավունքները վերականգնելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին

Լոռու մարզի դատախազը Հարթագյուղ համայնքի խախտված իրավունքները վերականգնելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին

Հաշվի առնելով, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ՝ դատական կարգով հողա­մա­սի օտարման աճուրդը, դրա հիման վրա կայացված ոչ իրավաչափ վարչական ակտերն անվավեր ճանաչելու և սահմանված կարգի խախտմամբ համայնքի ղեկավարի որդու կողմից ձեռք բերված համայնքապատկան հողամասը իր օրինական տիրոջը՝ համայնքին վերադարձնելու  նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Միաժամանակ, մարզի դատախազը միջնորդագրով ընդգծել է մարզպետարանի լիազորությունների շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, մարզի տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը: «Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ քննչական կոմիտեի Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանին առաջադրվել էր մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս մեղադրվում էր այն բանի համար, որ իբրև համայնքի ղեկավար, նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա­րած­քում հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին. 2017թ. ապրիլի 10-ին ավագանու հաստատմանն է ներկայացրել գյուղատնտեսական նշանակության 0,04 հա հողա­մա­սը՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուց­վածք­ների օբյեկտների հողերի կատեգորիայի գործառնական նշանակության փոխադրելու որոշումը: Նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողա­մասի օգտագործման դիմաց ակնկալվող վարձավճարների մուտքա­գրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը՝ նա, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ ավագանուն ներկայացրել հիշյալ 0.04 հա հողատարածքն աճուրդով օտարելու մասին որոշումը, որը հաստատվել է: Այնուհետև, անտեսելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ աճուրդավարի հետ փոխշաղկապված անձանց սակարկություններին մասնակցելու արգելքը, 2017թ. հոկտեմբերի 28-ին համայնքի ղեկավարի՝ որպես աճուրդավարի, ղեկավարմամբ անցկացվել է նշված հողամասի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել նրա որդին, ում հետ կնքել է հողամասի առու­վա­ճառքի պայմանագիր: Կարճ ժամանակ անց համայնքի ղեկավարը որդու միջոցով նույն հողամասն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության ոլորտի ընկերութ­­յանը՝ արդյունքում մինչև 2020թ. հունիս ամիս ստանալով ընդհանուր 1.240.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ: Այդ կերպ էական վնաս է պատճառվել Հարթագյուղ համայնքի իրավունքներին՝ վերջինիս զրկելով նույն չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից: 2021թ. հունվարի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործի նախաքննության և դատական քննության ընթացքում մեղադրանքի ծավալում ներառված՝ համայնքին պատճառված վերոնշյալ նյութական վնասն ամբողջապես վերականգնվել է: Դատարանի 2021թ. մայիսի 11-ի դատավճռով Անդրանիկ Հարությունյան մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի կատարման մեջ ու դատապարտվել տուգանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
19:10 - 20 դեկտեմբերի, 2021
Համավարակի նոր ալիքը հաղթահարելու միակ միջոցը պատվաստումն է. խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

Համավարակի նոր ալիքը հաղթահարելու միակ միջոցը պատվաստումն է. խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության պատասխանատուների, Լոռու մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի հրատապ թեման կորոնավիրուսային պատվաստման գործընթացն էր: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի ֆեյսբւքյան էջից։   Մարզպետի տեղակալը նշել է, որ հանրապետության ընդհանուր ցուցանիշների համեմատությամբ՝ մարզի տվյալները, մեղմ ասած, չեն գոհացնում:   «Տեմպերը բավականին թուլացել են, ինչը խոսում է առողջապահական հիմնարկների ոչ հետևողական և ջանացավ աշխատանքի մասին»,- ասել է նա: Փոխմարզպետը խստորեն հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանքներ իրականացնել մինչև տարեվերջ՝ իրավիճակն էականորեն բարելավելու ուղղությամբ:   Վարչության պետն, իր հերթին, նշել է, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամի տարածվածության հետ կապված մարզում բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել, ինչը հաղթահարվել է մասնագիտական ուժերի գերլարմամբ: Հաջորդ շտամը՝ «Օմիկրոնը», որը մեծ արագությամբ տարածվում է աշխարհում, շատ ավելի մտահոգիչ պատկեր է խոստանում:   «Համավարակի նոր ալիքը հաղթահարելու միակ միջոցը պատվաստումն է: Վերջինս մեր քաղաքացիների կյանքն ապահովագրելու միակ տարբերակն է»,- ասել է վարչության պետը: Նա խստորեն հորդորել է մեծ ուշադրություն դարձնել հատկապես ռիսկային խմբերին:   Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի առողջապահության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի ևս:
10:21 - 18 դեկտեմբերի, 2021
Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով

Նոր հետազոտություններ Հայաստանում՝ աղքատության եւ սոցիալական կարիքների վերաբերյալ․ Լոռու մարզն ամենախոցելին է առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով

Դեկտեմբերի 14-ին կայացել է Հայաստանում բազմաչափ աղքատության և համայնքների սոցիալական կարիքների մասին ԵՄ-ի կողմից ֆինանսավորված երկու հետազոտությունների արդյունքների ներկայացումը։  Միջոցառման ընթացքում ներկայացված հետազոտությունները իրականացվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ-Հայաստան) և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) կողմից Շիրակի, Լոռու և Տավուշի, Արմավիրի և Սյունիքի մարզերում։  «Հայաստանում ցնցումներին դիմացկուն սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդումը ազգային և տեղական մակարդակներում 2021 թվականի ԵՄ-Հայաստան տարեկան գործողությունների ծրագրի առաջնահերթություններից է»,- իր խոսքում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը,- «Մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարևոր դեր ունեն աղքատության ու անհավասարության վերաբերյալ դիսկուրս առաջացնելու և ամենախոցելի խմբերի կարիքները բավարարող քաղաքականություններն ու հատկացումները խթանելու գործում»:  ՀՌԿԿ-Հայաստանի «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտությունը հայտնաբերել է մի շարք հիմնախնդիրներ․ Լոռու մարզն ամենախոցելին է (71.3%) առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով, Սպիտակում ցուցանիշը 80.1% է: Սպիտակում տնային տնտեսությունների 83,7%-ը, Իջևանի՝ 74,3%-ը, չեն կարող իրենց միս կամ համարժեք բուսական սնունդ թույլ տալ ամեն երկրորդ օրը: Երեք մարզերում աշխատունակ տարիքի (15-75) անձանց կեսից ավելին աշխատաշուկայի մաս չի կազմում (55.9%), իսկ 39.6%-ը երկարաժամկետ գործազուրկ է: Բնակչության միայն 2,4%-ն է նշել, որ ի վիճակի է կոմունալ վճարումները կատարել «հեշտությամբ» և այլն։ Քովիդ-19-ի առումով խոցելի բնակչության տեսակարար կշիռը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում միասին կազմել է 19.7%: Շիրակում (18.8%) այս ցուցանիշն ավելի ցածր է, քան Լոռիում (20.1%) և Տավուշում (20.4%): Այս և մյուս ցուցանիշների վերաբերյալ ՀՌԿԿ-Հայաստանը խնդիրների վրա ուշադրություն դարձնելու և դրանք լուծելու առաջարկների նախնական փաթեթ է պատրաստել: Ստացված տվյալները փաստում են, որ ենթազգային մակարդակում բազմաչափ աղքատության վերհանումը էական քայլ է՝ երկրում համայնքային մակարդակում աղքատությունը հասկանալու և այն հասցեագրելու համար:  Հանդիպմանը ներկա էին ոլորտի պատասխանատու տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանն իր խոսքում նշել է,- «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գտնվում է սոցիալական պաշտպանության համակարգի բարեփախումների կարևոր հանգրվանում, որի ընթացքում շտկվում են կառավարության, համայնքի, քաղաքացիական հասարակության և բիզնես ոլորտի դերակատարումները։ Այս դերակատարումների լիարժեք տարորոշման համար խիստ օգտակար են անկախ հետազոտություններից ստացված տվյալները, որոնք նպաստում են կառավարության քաղաքականությունները ավելի փաստահենք և հասցեական դառնալուն»։  «Տարածքային սոցիալական պլանները այս պահին շատ պահանջարկված են և իսկապես ճիշտ ժամանակն է դրանք կյանքի կոչել։ Այս համատեքստում, որպես սոցիալական ոլորտի մասնագետներ, մենք կարևորում ենք ծրագրի գաղափարը՝ 10-ը համայնքներում մշակելու, ներդնելու և նպաստելու սոցիալական պլանների իրականացմանը»,- իր խոսքում նշել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանը։  ՀՍԱԱ «Ծրագրի թիրախ համայնքներում սոցիալական կարիքները և ծառայությունների արձագանքը» հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի մի շարք մարզերի տարբեր համայնքներում (Մեծամոր, Արմավիր, Մրգաշատ, Իջևան, Նոյեմբերյան, Գյումրի, Մարմաշեն, Գորիս, Սիսիան, Տաթև) բնակիչների կողմից բարձրաձայնված կարիքներն ու խնդիրները գրեթե նույնն են։ Այսպես, օրինակ, երեխաների՝ հատկապես հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների, համար զարգացման կենտրոնների բացակայությունը, տարեցների համար զբաղմունքի/ժամանցի վայրի բացակայությունը, սոցիալական աջակցության ծառայությունների մատուցման ցածր որակը, չափորոշիչների ոչ հստակ լինելը, սոցիալական աշխատողների և ինտեգրացված սոցիալական ծառայությունների մատուցման պատասխանատուների վերապատրաստման կարիքը, ենթակառուցվածքների՝ ճանապարհների, խմելու ու ոռոգման ջրագծերի անմխիթար վիճակը և այլն։  ՀՌԿԿ Հայաստանի հետազոտությունն իրականացվել է «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի շրջանակներում, իսկ ՀՍԱԱ հետազոտությունը՝ «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ՝ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից։ 
19:01 - 14 դեկտեմբերի, 2021