Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

ՀՀ կենտրոնական բանկը «Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ պարզաբանում է տարածել

ՀՀ կենտրոնական բանկը «Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ պարզաբանում է տարածել

ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանել է հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման հարցը։ ԿԲ-ն նշել է, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների հետ կապված ռիսկերը): «Դրա հետ մեկտեղ սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում բանկերը պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին»,- հիշեցրել է ՀՀ կենտրոնական բանկը։ Նշենք, որ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին հաղորդագրություններ են տարածել ռուսական ԶԼՄ-ները` հղում անելով անանուն աղբյուրների։ Հիշեցնենք` փետրվարին ընդունված ամերիկյան պատժամիջոցների հերթական փաթեթով թիրախավորվել է նաև «Միր» համակարգի կազմակերպիչ ընկերությունը («Վճարային քարտերի ազգային համակարգ», որը պատկանում է ՌԴ կենտրոնական բանկին)։
17:01 - 19 մարտի, 2024
«Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի որոշում». ինչ է տեղի ունեցել Խաչիկ գյուղում
 |aysor.am|

«Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի որոշում». ինչ է տեղի ունեցել Խաչիկ գյուղում |aysor.am|

aysor.am: Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում երկու անձ վարկ են վերցրել ու գործնականում գյուղի ամբողջ բնակչությանը դարձրել վարկի երաշխավորներ, կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե քրեական գործ է հարուցվել։ «Վարկերը չեն փակել ու ամբողջ գյուղը հայտնվել է «սև ցուցակ»-ում, չեն կարողանում ո՛չ վարկ վերցնել, ո՛չ մի բան»,- նշեց Փաշինյանը։ Վարչապետը հայտարարեց՝ Խաչիկ գյուղն ունի ռազմավարական նշանակություն, բայց զրկված է սահմանամերձ բնակավայրերում բանկելի տներ կառուցելու ծրագրից։ «Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի որոշում. որոշել ենք պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնել ու Խաչիկ գյուղի այն բնակիչները, ովքեր երաշխավոր են դարձել, նրանց վարկային պատմությունը կզրոյացվի, բացի այդ երկու քաղաքացիներից»,- նշեց Փաշինյանը։ Նա գյուղացիներին կոչ արեց նման պատմությունների մեջ չընկնել. միշտ չեն կարող նման որոշումների գնալ։ Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանն էլ ասաց, թե 77 հոգու մասին է խոսքը։ «Վարկային երկու կազմակերպություններ կներեն տոկոսների, դատական ծախսերի ու տուգանքների մնացած մասերը, ընդհանուր 50 միլիոն դրամ է կազմում»,- ասաց նա։ ԿԲ փոխնախագահն ասաց, թե հատուկ նշում կարվի, որ այդ մարդիկ եղել են զեղծարարության զոհ։
12:48 - 29 փետրվարի, 2024
Ֆինանսական համակարգում կան բոլոր նախադրյալները կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար․ԿԲ փոխնախագահ |armenpress.am|

Ֆինանսական համակարգում կան բոլոր նախադրյալները կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար․ԿԲ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Անցած տարին հայաստանյան բանկերն ամփոփեցին կապիտալի և իրացվելիության բարձր պաշարով, ինչն անհրաժեշտ նախապայման է ապագա հնարավոր ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմակայունությունը երաշխավորելու համար։ Ներկայում ֆինանսական համակարգում առկա են բոլոր նախադրյալները հետագա կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։ Հարցազրույցում նա  անդրադարձել է  անցած տարվա ֆինանսական համակարգի խնդիրներին, գնաճի ու տնտեսական աճի, վարկերի ու ավանդների  ցուցանիշներին, դրամի փոխարժեքի վրա ազդեցություններին, ընթացիկ տարվա համար կանխատեսումներին և այլ թեմաների։ -Պարոն Խաչատրյան, 2023 թվականին հիմնականում ի՞նչ գործոններ էական ազդեցություն ունեցան ՀՀ ֆինանսական համակարգի վրա՝ և դրական, և բացասական իմաստով։ Որքանո՞վ լուծվեցին ի հայտ եկած խնդիրները, և այս տարի ի՞նչ խնդիրներ չեք բացառում ֆինանսական համակարգում։ -Չնայած բոլոր դժվարություններին՝ 2023 թվականը կարելի է համարել ֆինանսական համակարգի կայուն զարգացման տարի: Հիմնական մարտահրավերը կապված էր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադարձությունների հետ: Կարևոր է ընդգծել, որ 2023 թվականը բանկերն ամփոփեցին կապիտալի և իրացվելիության բարձր պաշարով, ինչն անհրաժեշտ նախապայման է ապագա հնարավոր ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմակայունությունը երաշխավորելու համար: Բացի այդ, բանկային հատվածում արձանագրվեց բավարար շահութաբերություն՝ լրացուցիչ խթան հանդիսանալով ինչպես կապիտալի պաշարների ընդլայնման, այնպես էլ տնտեսության բնականոն վարկավորման համար: Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա ֆինանսական համակարգում առկա են բոլոր նախադրյալները հետագա կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար: - Որքա՞ն է կազմել հանրապետությունումարձանագրված գնաճն անցած տարի։ Ինչո՞վ էպայմանավորված եղել այդ ցուցանիշը ևինչպիսի՞ն է այն նախորդ տարվա համեմատ։ Այստարվա համար ինչպիսի՞ կանխատեսումներունեք։  -Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գնանկում, ինչը 12-ամսյա կտրվածքով կազմել է 0.6 տոկոս: ԿԲ-ի խորհուրդն իր քննարկումներում բազմիցս արձանագրել է, որ վերջին շրջանում գնաճի զարգացումներում էական են արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները: Դրանք դրսևորվում են հիմնականում ներմուծվող սննդամթերքի, ինչպես նաև ոչ պարենային ապրանքների մասով: Այսպես՝ օրինակ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ներմուծված պարենի գները նվազել են 7.9 տոկոսով, իսկ ոչ պարենի մասում ունենք 0.1 տոկոս գնաճ: Սա նաև նախորդ տարիներին ձևավորված շատ բարձր գների մակարդակից աստիճանական նվազման արտացոլում է: Համավարակից հետո մենք ունեինք մի իրավիճակ, երբ միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կտրուկ բարձրացել էին՝ պայմանավորված համաշխարհային արժեշղթաների խաթարումներով, ինչը հետագայում ավելի սրվեց աշխարհաքաղաքական լարվածության ավելացմամբ: Արժեշղթաների աստիճանական վերականգնման և գործընկեր հիմնական երկրներում զսպող դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքում միջազգային շուկաներում գներն աստիճանաբար նվազեցին, ինչն էլ արտացոլվեց նաև 2023 թվականի ՀՀ գնաճի ցուցանիշներում: Գնաճի նվազեցման վրա իր էական ազդեցությունն ունեցավ նաև 2022 թվականին դիտարկված ՀՀ դրամի արժևորումը գործընկեր երկրների արժույթների նկատմամբ: Կարևոր է նշել նաև, որ վերջին տարիներին ՀՀ գնաճի զարգացումներում էական դերակատարում է ունեցել նաև բարձր պահանջարկը: 2022 թվականից սկսած՝ դա հիմնականում արտահայտվում էր միջազգային այցելուների մեծ ներհոսքի հետևանքով ձևավորված արտաքին բարձր պահանջարկով, ինչը որոշակի թուլացավ 2023 թվականին: Իսկ 2023 թվականին էական դարձավ շինարարության ու ծառայությունների ոլորտում ներքին պահանջարկի արագացումը: ԿԲ գործողություններն այս ողջ ընթացքում միտված են եղել կարգավորելու ավելցուկային պահանջարկը և թույլ չտալու գնաճային սպասումների հնարավոր ապախարսխման դրսևորումներ: Ըստ ԿԲ-ի գնահատումների՝ 2024 թվականից սկսած աստիճանաբար գնաճը կավելանա և միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս մակարդակին: Իհարկե, հրապարակված դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացված են նաև ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, որոնք կարող են դրսևորվել ավելի բարձր գնաճային կամ ավելի ցածր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Սակայն ցանկացած սցենարի դեպքում մեկ բան հստակ է, որ ԿԲ-ն, անկախ զարգացումներից պատրաստ և հետևողական է լինելու միջնաժամկետում գնաճի թիրախի և երկրում գների կայունության նպատակի իրագործման հարցում: -Անցած տարի ինչպիսի՞նն էին դրամի դիրքերը, ի՞նչ գործոններ են ազդել դրանց վրա: -2023 թվականի ընթացքում, թեև ավելի մեղմ տեմպերով, սակայն հիմնականում շարունակվել են դեռևս 2022 թվականից դիտարկվող միտումները՝ պայմանավորված միջազգային այցելուների ու զբոսաշրջիկների, ինչպես նաև ֆինանսական ու կապիտալի զգալի ներհոսքով: Սա էլ արտացոլվել է դրամի փոխարժեքի արժևորման միտումներում: 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին արցախյան իրադարձությունների ֆոնին շուկայում անորոշության ու մտահոգությունների որոշակի աճ գրանցվեց, ինչն էլ արտացոլվեց նաև արժութային շուկայում տատանողականության որոշակի աճով: Վերջինս, ըստ էության, կարգավորվեց, երբ անորոշությունների ֆոնը որոշակի մեղմվեց ու դրամի փոխարժեքը կայունացավ: - Ընդհանուր առմամբ ի՞նչ էական փոփոխություններով էր առանձնանում 2023 թվականը ֆինանսական կայունության, ռիսկերի տեսանկյունից։ Որքանո՞վ հաջողվեց հաղթահարել այդ առումով առկա խնդիրներն ու դրական արդյունքներով եզրափակել տարին։ Ի՞նչ սպասել այս տարի։ Ինչպիսի՞ն են ֆինանսական կայունությանը  ԿԲ-ի կողմից միտված քայլերը և նոր տարվա ի՞նչ կանխատեսումներ կան։ -Ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերի մասով հարկ է առանձնացնել աշխարհաքաղաքական անորոշությունների գործոնը։ Հաջորդ ռիսկը, որին ԿԲ-ը բազմիցս անդրադարձել է իր հրապարակումներում, վերաբերում է վերջին տարիներին անշարժ գույքի շուկայում հնարավոր գերտաքացման միտումներին: Վերոնշյալ ռիսկերը հասցեագրելու նպատակով Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանաբար բարձրացրել է  բանկային համակարգի կապիտալի պահանջները՝ 2023 թվականի օգոստոսից կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը սահմանելով 1.5 տոկոս: Հիփոթեքային վարկային ռիսկերի զսպման նպատակով դեռևս 2022 թվականից ներդրվել են վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն սահմանաչափի պահանջները (90 տոկոս դրամային վարկերի դեպքում): Այս համատեքստում հարկ է հիշատակել նաև «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում 2023 թվականին կատարված փոփոխությունները, որով արգելվեց ռեզիդենտներին արտարժութային հիփոթեքային վարկերի տրամադրումը: Նվազագույն պահանջներ մտցվեցին նաև կառուցապատման հատուկ հաշիվների մնացորդների նկատմամբ: Ֆինանսական համակարգի կայունության ապահովմանն ուղղված ԿԲ գործողությունները 2024 թվականին կածանցվեն մակրոֆինանսական պայմաններից, անորոշություններից և համակարգային ռիսկերից։   -Ի՞նչ տեղաշարժեր և ցուցանիշներ են արձանագրվել 2023 թվականին վարկերի և ավանդների մասով՝ ի համեմատ 2022-ի։ Ինչի՞ մասին են վկայում այդ ցուցանիշները։ -Բանկային համակարգի վարկային պորտֆելը 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է շուրջ 4.7 տրիլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 797 մլրդ ՀՀ դրամով կամ 20.4 տոկոսով: Ավանդները (ցպահանջ և ժամկետային) կազմել են շուրջ 5.1 տրլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 429.3 մլրդ դրամով կամ 9.2 տոկոսով: Այս ցուցանիշները վկայում են, որ բանկային համակարգը զարգանում է դինամիկ տեմպերով՝ նպաստելով ինչպես խնայողությունների ձևավորմանը, այնպես էլ վարկավորման միջոցով ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը։ - Տնտեսական աճի ի՞նչ ցուցանիշովեզրափակեցինք 2023-ը և ինչպիսի՞ն է այն նախորդ տարվա համեմատ։ Ի՞նչ կանխատեսումկա այս տարվա համար։  -2023 թվականին, ըստ ԿԲ-ի գնահատումների, տարեկան կտրվածքով տնտեսական աճը կգտնվի 8 տոկոսից որոշակի բարձր մակարդակում, 2024 թվականին ևս սպասվում է բարձր աճ՝ 6 տոկոսի շրջանակներում: Կարևոր է նաև դիտարկել տնտեսական աճի գործոնները. 2022 թվականին, ինչպես նշվեց, աճի հիմնական շարժիչ ուժը արտաքին բարձր պահանջարկն էր, իսկ անցած տարի էական դարձավ շինարարության ու ծառայությունների ոլորտում ներքին պահանջարկով սնվող աճը: Վերջինս ևս գնահատվում է, որ աստիճանաբար կթուլանա և 2024 թվականին ավելի կմոտենանք մեր երկարաժամկետ ներուժային աճի 5 տոկոս մակարդակին: Բնականաբար, պետք է շեշտադրել, որ ՀՀ Կառավարության ողջ գործիքակազմը՝ կապիտալ ներդրումների իրականացումից մինչև մասնավոր ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու միջոցառումները, ուղղված են լինելու առաջիկա տարիներին ներուժային աճի ավելացմանը՝ ձգտելով Կառավարության կողմից թիրախավորված 7 տոկոս ցուցանիշին: -Արտարժութային շուկայում հնարավո՞ր եք համարում հանկարծակի կտրուկ տատանումներն այս տարի։ Ի՞նչ հնարավորություններ կան այդ առումով կայունության  պահպանման համար: -Նախ պետք է նշեմ, որ ՀՀ-ում փոխարժեքը ազատ լողացող է, այն որոշվում է շուկայական գործոնների համադրությամբ, և Կենտրոնական բանկը չի դիտարկում փոխարժեքը որպես նպատակ: Հատկանշական է, որ կախված տնտեսության զարգացման նախանշվող տարբեր սցենարներից՝ կապված զբոսաշրջության, դրամական փոխանցումների և այլ ֆինանսական հոսքերի, արտահանման և ներքին պահանջարկի հավանական զարգացումների հետ, հնարավոր են փոխարժեքի թե՛ արժևորման, թե՛ արժեզրկման սցենարներ: Պետք է փաստել նաև, որ առանձին իրավիճակներում, պայմանավորված ֆինանսական մեծածավալ հոսքերով ու շուկայական սպասումների արագ փոփոխություններով, արժութային շուկայում հնարավոր է դրսևորվի տատանողականության աճ:  ԿԲ-ը հավատարիմ է մնում լողացող փոխարժեքի սկզբունքներին, և միայն ֆինանսական շուկաներում բնականոն գործունեության խաթարման ռիսկերի դեպքում պատրաստ է միջամտել՝ ապահովելու շուկայի բնականոն գործունեությունը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
09:54 - 05 փետրվարի, 2024
Ոչ ռեզիդենտների ավանդների կտրուկ աճը Հայաստանի բանկերում դադարել է
 |hetq.am|

Ոչ ռեզիդենտների ավանդների կտրուկ աճը Հայաստանի բանկերում դադարել է |hetq.am|

hetq.am: 2023 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում պահվող ավանդները ընդհանուր առմամբ կազմել են 5 տրլն 619 մլրդ դրամ։ Մեկ տարում՝ 2022-ի նոյեմբերի դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ, ավանդների ծավալն աճել է մոտ 667 մլրդ դրամով կամ 13.5%-ով։ Կենտրոնական բանկի տվյալները ցույց են տալիս, որ ավանդների աճը բացառապես ռեզիդենտների հաշվին է։ Այս ընթացքում օտարերկրյա քաղաքացիների՝ ոչ ռեզիդենտների ավանդները կրճատվել են։ Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են 0.7%-ով, ռեզիդենտներինը՝ աճել 19%-ով 2023 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտների ավանդները Հայաստանի բանկերում կազմել են 1 տրլն 388 մլրդ դրամ։ Մեկ տարում ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը կրճատվել է մոտ 10 մլրդ դրամով կամ 0.7%-ով։ 2022 թվականին Հայաստանի բանկերում օտարերկրյա քաղաքացիների՝ ոչ ռեզիդենտների ավանդների կտրուկ աճ գրանցվեց (մոտ 60%)։ Ոչ ռեզիդենտների ավանդների վիճակագրության մեջ չի առանձնացվում, թե որ երկրների քաղաքացիների ավանդներն են դրանք: Սակայն, ենթադրվում էր, որ այստեղ էական դեր են ունեցել ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները՝ այնպես, ինչպես Հայաստանի երկնիշ տնտեսական աճի հարցում: Սակայն, հաջորդող տարում՝ 2023-ին, այդ տեմպը չի պահպանվել։ Օտարերկրյա քաղաքացիների ավանդները հայաստանյան բանկերում ոչ միայն չեն ավելացել, այլև՝ նվազման միտում է գրանցվել։ Թեև հարկ է նկատել, որ սեպտեմբերից հետո՝ հոկտեմբեր-նոյեմբերին, ոչ ռեզիդենտների ավանդների աճ է նկատվում, սակայն դրանք դեռևս չեն հասել տարվա սկզբի մակարդակին։ «Ռելոկանտները Հայաստանի բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում, բայց առավելապես ցպահանջ, ոչ թե ժամկետային»,- դեռևս 2023-ի հունիսին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Ցպահանջ ավանդների պարագայում հաճախորդն իրավունք ունի առաջին իսկ պահանջով հետ վերցնել գումարները բանկից։ Իսկ ժամկետային ավանդները որոշակի ժամկետով են և դրանից շուտ քաղաքացին կամ չի կարողանում գումարը հանել, կամ բանկը կարող է դրա դիմաց կուտակված տոկոսավճարներն ամբողջությամբ չտալ։ Ռուսաստանցիների կողմից ավանդները ցպահանջ պայմանով բանկերին ի պահ տալը, ըստ էության, նշանակում է, որ նրանք անորոշ ժամկետով են իրենց գումարները պահում հայկական բանկերում։ 2023-ի կեսերին արդեն նկատվում էր ռեզիդենտների ավանդների աճի դանդաղում։ ԿԲ նախագահի խոսքով՝ հնարավոր է՝ այստեղ նաև տեխնիկական գործոն կա։ Այսինքն՝ բանկերը ռուսաստանցիներին ոչ ռեզիդենտներից կարող են ռեզիդենտների շարք «տեղափոխել», քանի որ վերջիններս, հնարավոր է, ստացել են համապատասխան կարգավիճակ։ Այս վարկածը, սակայն, դեռևս չի հաստատվել։ Ինչ վերաբերում է ռեզիդենտների ավանդներին՝ 2023 թվականի նոյեմբերի դրությամբ դրանք կազմել են 4 տրլն 231 մլրդ դրամ՝ մեկ տարում աճելով մոտ 677 մլրդ դրամով կամ 19%-ով։ Ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը՝ վերջին երկու տարում, նշված ամսվա դրությամբ։ Հիշեցնենք, որ սա «կուտակային» թիվ է, այսինքն՝ ոչ թե նշված ամսում այդքան ավանդ են ներգրավվել բանկերը, այլ դա ներառում է նաև մյուս տարիներին ներգրավված ավանդները, հանված են վերադարձված ավանդները։ Ցպահանջ ավանդներն ավելի արագ են աճում Հայաստանյան բանկերում այս պահի դրությամբ գերակշռում են դրամային ավանդները։ 2023 թվականի վերջի դրությամբ ռեզիդենտների 4 տրլն 231 մլրդ դրամ ավանդներից 58%-ը ՀՀ դրամով են, 42%-ը՝ արտարժույթով: Նկատվում է, որ ցպահանջ ավանդները բանկերում ավելի արագ են աճում, քան ժամկետային ավանդները, ինչը կարող է նշանակել, որ քաղաքացիները ավելի զգուշավոր են դարձել։ Թեև ժամկետային ավանդների տոկոսադրույքները, որպես կանոն, ավելի բարձր են լինում, սակայն ավելի արագ են աճում ցպահանջ ավանդները, քանի որ քաղաքացիները դրանք կարող են իրենց հարմար պահի հանել բանկերից։ Մասնավորապես, ռեզիդենտների դրամով ավանդները 2023-ի նոյեմբերի դրությամբ կազմել են 2 տրլն 474 մլրդ դրամ, որից 1 տրլն 146 մլրդ դրամը ցպահանջ ավանդներ են, որոնք մեկ տարում  աճել են 28.4%-ով։ Իսկ 1 տրլն 328 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են, աճը՝ 20.1%: Արտարժույթով ավանդների պարագայում ևս ցպահանջ ավանդներն ավելի արագ են աճում (աճը՝ 17%), քան ժամկետային ավանդները (9%)։ Ընդ որում՝ ցպահանջ ավանդները ոչ միայն տոկոսային առումով են ավելի արագ աճել, այլև՝ բացարձակ թվով։
15:04 - 19 հունվարի, 2024
2023-ի նոյեմբերի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելն արձանագրել է ռեկորդային ծավալ. Նիկոլ Փաշինյան

2023-ի նոյեմբերի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելն արձանագրել է ռեկորդային ծավալ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Մեր բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Պիտի արձանագրեմ, որ Կենտրոնական բանկն ակնհայտորեն մեր պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, և ընդհանրապես, բանկային համակարգը: 2018 թվականից ի վեր կառավարության քաղաքականությունը եղել է հետևյալը. մենք պիտի պատշաճ պայմաններ ապահովենք Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ ինքնուրույնությունն ապահովելու համար: Եվ հետևողականորեն հետևել ենք այս քաղաքականությանը, ինչն ամենևին չի նշանակել կտրվածություն, որովհետև, ըստ էության, մեր բոլոր ռազմավարությունների քննարկումներին, բոլոր հայեցակարգային քննարկումներին Կենտրոնական բանկի ներկայացուցիչները մասնակցում են, բայց միևնույն կողմից մենք որոշում ենք կայացրել՝ ակնհայտ որոշում, որը շատ երկար Հայաստանում քննարկման առարկա է եղել, որ գործառույթների ինստիտուցիոնալ տարանջատումը պետք է լիարժեք ապահովել: Ես վստահ եմ՝ նաև սա է պատճառը, որ մենք՝ անցնելով շատ ծանր ցնցումների միջով, կարողացել ենք ապահովել մակրոտնտեսական կայունություն, որովհետև Հայաստանի կառավարությունն, բնականաբար, բոլոր հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումները և մոտեցումներն ունի և հայտնում է, բայց երբեք կառավարությունն ինստիտուցիոնալ գծեր չի անցել և ապավինում է Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ կարողություններին ու պատասխանատվությանը: Կարծում եմ, որ այս որոշումն իրեն արդարացրել է: Եվ, իսկապես, մեր ֆինանսական շուկայում, ընդհանուր մակրոտնտեսական միջավայրի հետ կապված բարդություններ են եղել, բայց նաև այս մոտեցումն է, որ կարողացել ենք աշխատանքի ճշգրիտ բաժանում անել, յուրաքանչյուրն իր գործով է զբաղվել, որի արդյունքում՝ ա) ապահովվել է մակրոտնտեսական կայունությունն ամենաճգնաժամային շրջանում, և հետո մենք արդեն քանի տարի հաջողությամբ տնտեսական բարձր ակտիվություն ու աճ ենք ապահովում: Եվ, ըստ էության, նաև Կենտրոնական բանկի հաշվարկներով, 2018 թ.-ից մինչ օրս Հայաստանում ավելի քան 28 տոկոս տնտեսական աճ է ապահովվել: Ուզում եմ ընդգծել, որ ընդհանրապես բանկային համակարգը գործում է առանց քաղաքական ճնշումների միջավայրում: Եվ սա նույնպես մի բան է, որը կարծում եմ, լավ է, որ այդպես է, այդպես էլ պետք է լինի, բայց մյուս կողմից կարծում եմ՝ նաև պետք է արձանագրվի, որովհետև այս նրբությունները, որոնք չեն նկատվում, չեն արձանագրվում, իրենք ֆոն են ապահովում մակրոտնտեսական, ֆինանսական շուկաների կայունության համար: Եվ երբ այս ամենին համադրում ենք տնտեսական բարձր աճի միջավայրը՝ տեսնում ենք, որ մեր բանկային համակարգը նույնպես տպավորիչ ցուցանիշներ ունի, մասնավորապես, 2023թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելը ռեկորդային ծավալ է արձանագրել՝ 5 տրիլիոն 619 միլիարդ 277 միլիոն դրամ: Շատ կարևոր է, որ աճը կայուն է և շարունակական: Այս ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է գրեթե 84 մլրդ դրամով, 1,51 տոկոսով, 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշին՝ 13,46 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ ավանդային պորտֆելն, ըստ էության, կրկնապատկվել է՝ աճը 95 տոկոսից ավելի է: Մեր բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը նույնպես ռեկորդային ծավալ է արձանագրել՝ նոյեմբերի դրությամբ՝ 5 տրիլիոն 365 մլրդ 604 մլն դրամ, որը նորից հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է 2,2 տոկոսով, նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշին՝ 21,3 տոկոսով, իսկ 2018թ. նոյեմբերի ցուցանիշին՝ ավելի քան 57 տոկոսով: Կարծում եմ՝ կարևոր է արձանագրել, որ ընդհանուր ավանդային պորտֆելն ընդհանուր վարկային պորտֆելին գերազանցում է 253 մլրդ դրամով, ինչը բանկային համակարգի կայունության շատ կարևոր երաշխիք է: Եվս մեկ-երկու տվյալ կուզենամ բարձրաձայնել. այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների թվաքանակը կազմել է 4 մլն 442 հազար 950 մարդ, որը 2022թ. նկատմամբ աճ է գրանցել 19,3 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 65,7 տոկոսով: Սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների հաշիվների ընդհանուր քանակը կազմել է 8 մլն 995 հազար 422, որը 2022թ. նկատմամբ ավելի է 22 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 78 տոկոսով: Այս ցուցանիշները տպավորիչ են և նաև այն որոշումներին զուգընթաց, կապիտալի ավելացման, որի մասին ԿԲ նախագահը նշեց, մեր բանկային համակարգի կայունության պաշարը որոշակիորեն մեծացել է, ինչը շատ կարևոր հանգամանք է տնտեսական աճի պոտենցիալն ավելացնելու համար: Այն փաստը, որ ավանդային պորտֆելը վարկային պորտֆելից շատ ավելի մեծ է, նաև հույս է ներշնչում, որ մյուս տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճի նպաստելու առումով բանկային համակարգը դեռ որոշակի պոտենցիալ ունի: Այստեղ պետք է մեր բիզնես հատվածը, իրական հատվածը կենտրոնանա ծրագրերի որակի վրա, որպեսզի նաև հետաքրքրություն առաջացնի բանկային համակարգում: Ուզում եմ այս ցուցանիշների առիթով շնորհավորել բոլորիս և նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ջանք են գործադրել, որպեսզի մենք այսպես կանաչ ցուցանիշների տիրույթում հայտնվենք: Եվ, իհարկե, սա մեր հնարավորությունների գագաթնակետը չէ, մեր առաջին խնդիրն է՝ ապահովել կայունություն և երկրորդ խնդիրը՝ այն պոտենցիալը, որն առկա է տնտեսության մեջ և բանկային համակարգում, իրացնել: Կառավարությունը հակված է նպաստել այդ քաղաքականությանը: Նաև ուզում եմ ընդգծել, որ մենք վերջին տարիներին որոշակի սոցիալական ծրագրեր ենք իրականացնում՝ այն հույսով, որ բանկային համակարգի գործընկերները կաջակցեն և ակտիվ կմասնակցեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն բանկերին, ովքեր այս ընթացքում կառավարության սոցիալական ծրագրերին արձագանքող են եղել և գործնական ու բարոյական աջակցություն են հայտնել. սա կարևոր համագործակցություն է: Կարծում եմ նաև, որ մյուս կողմից մենք մեր տնտեսության մեջ նոր դրսևորումներ ենք տեսնում, որը նույնպես պետք է խթանենք, որը կապ ունի և կապ չունի բանկային համակարգի հետ: Մենք տեսնում ենք, որ արժեթղթերի շուկայում ակտիվացման որոշակի միտումներ են նկատվում: Հիշում եմ, որ մենք 2018-2019թթ. քննարկում էինք, թե ինչքան կարևոր ճյուղ է մակրոտնտեսության մեջ, ես ուրախ եմ, որ այստեղ էլ որոշակի շարժում է նկատվում: Իհարկե, այստեղ էլ դեռևս հիմնական գործող անձինք բանկերն են և բանկային համակարգն է՝ և թողարկողի դերում, և գնորդի դերում, բայց կարծում եմ, որ այդպես էլ պետք է լինի: Շուկան կենդանացնելու, ստարտ տալու համար մենք այլ ակնկալիք չունենք էլ, մեզ համար կարևոր է, որ այս մեխանիզմը սկսի աշխատել: Երբ այդ մեխանիզմի աշխատանքը նույնպես դառնա բավարար չափով վստահելի, կարծում եմ՝ մենք կտեսնենք այդտեղ նորանոր խաղացողներ: Հարգելի ներկաներ,Բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ 2023թ. ընթացքում կատարած աշխատանքի համար և իհարկե, համոզված եմ, որ բոլորս տրամադրված ենք. ինչպես նախորդ տարիներին, 2024թ. նույնպես բարձր տնտեսական աճ ենք ապահովելու Հայաստանի Հանրապետությունում: Սրա համար, իհարկե, անհրաժեշտ է իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ աշխատանքը, բայց նաև Կենտրոնական բանկը և բանկային համակարգն ակնհայտորեն շատ էական դերակատարում ունեն այս քաղաքական խնդրի լուծման ճանապարհին: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս պատրաստակամության և տրամադրվածության համար, որ հաջորդ տարի, երբ մենք այստեղ հավաքվենք, ոչ միայն բանկային համակարգի, այլև Հայաստանի, ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական ցուցանիշները կլինեն կանաչ գոտում և մենք բոլորս բավարարված կզգանք մեր աշխատանքով՝ ապահովված տնտեսական աճով և զարգացմամբ: Շնորհավորում եմ ձեր և բոլորիդ ընտանիքների Ամանորն ու Սուրբ ծնունդը»:
21:40 - 28 դեկտեմբերի, 2023
ՀԲՄ և ԿԲ նախագահները քննարկել են ֆինանսաբանկային համակարգի օրակարգային հիմնախնդիրների հնարավոր լուծումները

ՀԲՄ և ԿԲ նախագահները քննարկել են ֆինանսաբանկային համակարգի օրակարգային հիմնախնդիրների հնարավոր լուծումները

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ  Դանիել Ազատյանը հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Այս մասին հայտնում են ՀԲՄ-ից։ «Հանդիպման շրջանակում քննարկվել են ֆինանսաբանկային համակարգի օրակարգային հիմնախնդիրների հնարավոր լուծումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համակարգի ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացմանը, օրենսդրական կարգավորումների բարելավմանը և տարբեր ձևաչափերով ընթացող գործընթացների շրջանակներում բանկային գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցերի: Կողմերը բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված երկկողմ արդյունավետ և կառուցողական գործակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի և Բանկերի միության միջև, կարևորել հետագա քայլերի ձեռնարկումն՝ ուղղված համակարգային խնդիրների արդյունավետ լուծմանը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր խթան կստանան՝ ի շահ բանկային համակարգի զարգացման»,- նշված է միության տարածած հաղորդագրության մեջ։
10:21 - 18 նոյեմբերի, 2023
Ինչու են որոշ դեպքերում բանկերը հետ ուղարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին փոխանցված դրամական աջակցությունը․ պարզաբանում
 |armenpress.am|

Ինչու են որոշ դեպքերում բանկերը հետ ուղարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին փոխանցված դրամական աջակցությունը․ պարզաբանում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների տվյալները պարբերաբար թարմացնում և փոխանցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մասին նշել են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան  «Արմենպրես»-ի  հարցմանը, որ որոշ շահառուներ 100 հազար դրամները դեռ չեն ստացել, քանի որ երբեմն բանկերի կողմից գումարները հետ են ուղարկվում, քարտերի և դրանց տվյալների հետ խնդիրներ են առաջանում: «Բնական է, որ նման ծավալի տեղեկատվության մշակման, ճշգրտման և փոխանցման ընթացքում, հնարավոր է, տեղ գտնեն տեխնիկական վրիպակներ, որոնք, սակայն, հնարավորինս օպերատիվ կերպով իրենց լուծումն են ստանում բոլոր ներգրավված կառույցների մասնագետների կողմից: Եթե շահառուն (բացի այն քարտից, որին գումար փոխանցելու խնդիր է առաջացել) ունի այլ քարտ, ապա գումարը փոխանցվում է այդ քարտին: Եթե շահառուն չունի այլ քարտ, ապա անհրաժեշտ է դիմել բանկ՝ նոր քարտ ստանալու համար, որից հետո գումարը կփոխանցվի նոր թողարկված քարտին: Լրացուցիչ բոլոր պարզաբանումների համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,-հավելեցին Կենտրոնական բանկից։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն էլ մանրամասնեց, որ փոխանցումը կատարվում է այն հաշվեհամարին,որը Կենտրոնական բանկից տրամադրվում է նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը։ «Եթե քաղաքացին բանկի հետ կապված իր խնդիրը լուծել է, մեզ փոխանցվում է նոր հաշվեհամար և իրականացվում է փոխանցումը։ 100 հազարների ծրագրի շրջանակում փոխանցումներն ամենշաբաթյա պարբերականությամբ են իրականացվում, հիմնականում ուրբաթ օրերին»,-պարզաբանեց Մանուչարյանը՝ավելացնելով, որ  100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն իսկ վճարման է ուղարկված 104 հազար 200 անձի տվյալ. նրանցից չափահաս՝ 75 հազար 725 անձ , անչափահաս` 28 հազար 475։
09:43 - 10 նոյեմբերի, 2023
Ըստ ԿԲ-ի՝ Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն ապահով ակտիվներում են

Ըստ ԿԲ-ի՝ Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն ապահով ակտիվներում են

2022 թվականին ՀՀ պետական բյուջեից Արցախին տրամադրվել է 176 մլրդ բյուջետային վարկ, 2023 թվականի հունվարից մինչեւ սեպտեմբերը ներառյալ` 143.3 մլրդ դրամ, վարկի տոկոսադրույքը եղել է 0.01%։ Այս տարվա 4-րդ եռամսյակում վարկի մնացորդը կազմում է 13.1 մլրդ դրամ: Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ֆինանսների նախարարությունից։  Այս տարվա 4-րդ եռամսյակում Արցախ չփոխանցված 13.1 մլրդ դրամը գտնվում է ՀՀ ՖՆ գանձապետական հաշվում: Ըստ նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը: «Ինֆոքոմին» Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ հաղորդել էին, որ չեն ստացել կենսաթոշակները եւ նպաստները, եւ տեղյակ չեն, թե երբ եւ ինչ կարգով են ստանալու այդ գումարը։ Ուստի նախարարությունից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ փուլում է թոշակառուների եւ նպաստառուների տվյալների եւ նրանց հատկացվող բյուջեի փոխադրումը Արցախի կառավարությունից Հայաստանի կառավարություն, եւ թե որքան է կազմում Արցախի կենսաթոշակային եւ նպաստային ֆոնդը։ Այս հարցին նախարարությունից չեն պատասխանել՝ նշելով, որ տեղեկությունը դեռեւս հստակեցման փուլում է: Ֆինանսների նախարարությունն առաջարկել էր Կենտրոնական բանկից ճշտել, թե որքան գումար է կուտակվել Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգում եւ ինչպես է տնօրինվելու այդ գումարը։ ԿԲ-ից «Ինֆոքոմի» գրությանն ի պատասխան՝ տեղեկացրել են հետեւյալը․ «Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարները ներդրված են հայկական եւ օտարերկրյա ապահով ակտիվներում (պետական պարտատոմսեր եւ այլն), եւ ներկայումս դրանք շարունակվում են կառավարվել բնականոն եղանակով»: Լուսանկարը՝ Infocom-ի, Վայքի ընդունման կետ, սեպտեմբերի 28 Հայարփի Բաղդասարյան
17:13 - 03 նոյեմբերի, 2023
Կենտրոնական բանկը 2024-ի համար կանխատեսում է 5.6 տոկոս տնտեսական աճ
 |armenpress.am|

Կենտրոնական բանկը 2024-ի համար կանխատեսում է 5.6 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կլինի 5.6 տոկոս, իսկ գնաճը կմոտենա նպատակային թիրախին: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: «Մենք կարծում ենք, որ այս տարվա համար տնտեսական աճը կլինի 7 տոկոսի շրջանակներում: Նախորդ տարի 12.6 տոկոս տնտեսական աճ ունենալուց հետո այս տարի կունենանք, մեր գնահատականով, 7.2 տոկոս: Կարծում ենք, որ մյուս տարի աճը որոշակիորեն պետք է նվազի՝ մոտենալով պոտենցիալ աճի մակարդակին: Մեր գնահատականներով՝ այնուամենայնիվ, աճը պոտենցիալից որոշակի բարձր կլինի, քանի որ բավականին մեծ ծախսեր են նախատեսված: Բայց այս պահի դրությամբ մեր կանխատեսումներով աճը 2024-ի համար լինելու է 5.6 տոկոս»,- ասաց Գալստյանը: ԿԲ-ն մտավախություն ունի, որ 2024-ին կառավարությունը ստիպված է լինելու իրականացնել ավելի մեծ թափով ընթացիկ ծախսեր, կապիտալ ծախսերը կարող են թերակատարվել: «Եթե կապիտալ ծախսերը մատնանշած ծավալով չարեցինք, սակայն շարունակեցինք մեծացնել ընթացիկ ծախսերը, ապա դա բերելու է պահանջարկով պայմանավորված տնտեսական աճի, որը պոտենցիալից կտրվելու է: Իսկ պոտենցիալից կտրվելու դեպքում, բնականաբար, ունենալու ենք գնաճ, որին ԿԲ-ն ավելցուկային պահանջարկի զսպման տեսանկյունից արձագանքելու է: Արձագանքը լինելու է տոկոսադրույքի բարձրացումը»,-ասաց նա: Գալստյանը հույս հայտնեց, որ այդ սցենարով չեն գնա: Այս պահին  Հայաստանում կա 0.1 տոկոս գնաճ: Կենտրոնական բանկը կարծում է, որ հաջորդ տարի մոտենալու է նպատակային թիրախին: Նպատակային թիրախը ±4 տոկոսն է:
15:15 - 30 հոկտեմբերի, 2023
Բանկերն ու փոխանակման կետերը խիստ սահմանափակել են դոլարի վաճառքը
 |hetq.am|

Բանկերն ու փոխանակման կետերը խիստ սահմանափակել են դոլարի վաճառքը |hetq.am|

hetq.am: Վերջին շաբաթում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 7%-ով։ Կամ այլ խոսքով՝ դոլարը այդքանով թանկացել է։ Դոլարի փոխարժեքը առավելի տեսանելի բարձրացել է վերջին երկու օրերին։  Բանկերի և փոխանակման կետերի մի մասը խիստ սահմանափակել են դոլարի վաճառքը։ Այս աշխատանքային օրվա վերջում արդեն նրանցից շատերը առհասարակ դոլար չեն վաճառում։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հոսքին զուգահեռ կտրուկ ավելացել է դոլարի նկատմամբ պահանջարկը։  Եթե մեկ շաբաթա առաջ 1 ԱՄՆ դոլարի թե առքը, թե վաճառքը 390 դրամը չէր գերազանցում, ապա այսօր՝ 15:00-ի դրությամբ, փոխանակման կետերում դոլարի առքը 410-420 դրամի սահմաններում էր, վաճառքը՝ 430-435 դրամի։ Երկու ժամ անց վաճառքի փոխարժեքը հատեց 440 դրամի շեմը։  Հոկտեմբերի 3-ի դրությամբ, ըստ Կենտրոնական բանկի, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.45 դրամ՝ ընդամենը մեկ օրում ավելանալով 11.24 դրամով։ Մեկ շաբաթվա ընթացքում դրամն արժևորվել է մոտ 7%-ով։ Մեկ ամիս առաջ այն կազմել է մոտ 386 դրամ։ «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը, համադրելով ներբանկային շուկայում դոլարի առքի և վաճառքի տարբերությունները, եզրահանգել է, որ վերջին օրերին դոլարի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է։  Հաշվի առնելով, որ դոլարի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճը արձանագրվել է Արցախում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր՝ ընկերության վերլուծաբանները ենթադրում են, որ վերջին օրերին դրամի արժեզրկումը պայմանավորված է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից բխող խուճապային տրամադրություններով, աշխարհաքաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության սպասումներով։  Փոխարժեքի շուկան անմիջապես արձագանքում է երկրում տիրող իրադարձություններին։ Առաջին անգամ չէ, որ քաղաքական և ռազմական իրադարձությունների հետևում է դոլարի թանկացումը։ Վերջին տարիներին նման օրինակները բազմաթիվ են։ 2022 թվականի սեպտեմբերին ևս Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների ֆոնին ևս դոլարը սկսեց բարձրանալ։  Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
19:01 - 03 հոկտեմբերի, 2023
Նոր սերնդի թղթադրամները նմանակող հուշանվերային «թղթադրամները» վճարամիջոց չեն. ՀՀ ԿԲ

Նոր սերնդի թղթադրամները նմանակող հուշանվերային «թղթադրամները» վճարամիջոց չեն. ՀՀ ԿԲ

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են հուշանվերային «թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Նշված հուշանվերային «թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից, նշված հուշանվերային «թղթադրամները» օրինական վճարամիջոց չեն, և դրանցով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է։ Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով։Ըստ աղբյուրի՝ համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 45-րդ հոդվածի՝ «Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետու­թյան թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայ­նու­­թյունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրա­կան չափերից առնվազն 25 տոկոսով»: Նշվում է, որ հուշանվերային «թղթադրամը» ՀՀ կենտրոնական բանկի թողարկման թղթադրամից զանազանելու մանրամասներին, ինչպես նաև 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշներին կարելի է ծանոթանալ այստեղ, 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշները ներկայացված են նաև տեսանյութում։
18:34 - 18 սեպտեմբերի, 2023
Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն. ԿԲ
 |armenpress.am|

Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին  Գալստյանը: Նա հիշեցրեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 տոկոս: «2023 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով -0.2 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և օգոստոսի վերջին կազմել  0.4 տոկոս»,-ասաց Գալստյանը: ԿԲ նախագահի խոսքով՝ համաշխարհային տնտեսական ակտիվության նվազման ռիսկերն էականորեն ավելացել են, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների ու ծառայությունների գները մնում են բարձր: Հետևաբար, գործընկեր երկրների Կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել հարաբերական զսպող դրամավարկային քաղաքականություն: «Ֆինանսական խիստ պայմանների և համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղման ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կշարունակեն ձևավորվել ցածր մակարդակներում: Արդյունքում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնանկումային ազդեցությունները կպահպանվեն»,-ասաց ԿԲ նախագահը: Նա նաև նշեց, որ 2023 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է՝ դեռևս պահպանվելով բարձր մակարդակներում: Տնտեսական աճին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը, վերջիններս կրում են տնտեսությունում պահպանվող ներքին և արտաքին բարձր պահանջարկի ազդեցությունները: Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման պայմաններում գնաճին նպաստող բարձր պահանջարկը և գնաճային սպասումները որոշակիորեն նվազել են, այդուհանդերձ ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար ավելի դանդաղ տեմպերով: ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Ըստ ԿԲ-ի՝ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում առաջիկայում 12-ամսյա գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: ԿԲ-ն գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: Կենտրոնական բանկից վստահեցնում են, որ ռիսկերի՝ որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:                                                                     
17:18 - 12 սեպտեմբերի, 2023