Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։

Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։

Անհամապատասխանություններ՝ Աղվան Վարդանյանի հայտարարագրած գույքի, ծախսերի ու եկամուտների միջև

Անհամապատասխանություններ՝ Աղվան Վարդանյանի հայտարարագրած գույքի, ծախսերի ու եկամուտների միջև

ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Աղվան Վարդանյանի` Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում առկա են հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր, բացակայող կամ ոչ ճշգրիտ ներկայացված տվյալներ։ Բացի այդ՝ Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամները չեն ներկայացրել մի շարք հայտարարագրեր։  Աղվան Վարդանյանը, սակայն, չի պատասխանում այս անհամապատասխանությունների վերաբերյալ «Ինֆոքոմի» գրավոր հարցմանը, հրաժարվում է բանավոր մեկնաբանությունից՝ նշելով, որ հայտարարագրի վերլուծության համար կա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը, իր հերթին, նշում է, որ հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել։   Հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր Աղվան Վարդնայանի՝ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում առկա են անհամապատասխանություններ հայտարարագրված գույքի, իրականացված ծախսերի ու եկամուտների միջև։ 2022 թվականի ընթացքում Աղվան Վարդանյանի դրամական միջոցներն աճել են շուրջ 48․1 միլիոն ՀՀ դրամով և 450 ԱՄՆ դոլարով։ Տարվա ընթացքում Աղվան Վարդանյանն իրականացրել է շուրջ 32 միլիոն ՀՀ դրամի ծախս։ Տարվա ընթացքում ստացված եկամուտները կազմել են շուրջ 6․6 միլիոն ՀՀ դրամ։ Այսպիսով, համաձայն Աղվան Վարդանյանի՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրի, 2022 թվականի գույքային փոփոխությունների ու ծախսերի մի մասը (ավելի քան 73․5 միլիոն ՀՀ դրամը և 450 ԱՄՆ դոլարը) չեն հիմնավորվում հայտարարագրված եկամուտներով։ Աղվան Վարդանյանին հարց ենք ուղղել, թե ինչով է պայմանավորված այս անհամապատասխանությունը և որտեղից են գոյացել այդ միջոցները, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել հարցմանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից էլ հայտնել են, որ Աղվան Վարդանյանի 2021 և 2022 թվականնների տարեկան հայտարարարգրերի վերլուծություն չեն իրականացրել։   Վարկի մարմանն ուղղված ծախս՝ առանց վարկի հայտարարագրման Աղվան Վարդանյանը 2022 թվականի՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի իր տարեկան հայտարարագրի ծախսերում նշել է, որ 6 970 000 դրամ ուղղել է վարկի մարմանն ուղղված վճարումների իրականացմանը։ 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերի՝ «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» դաշտում, սակայն, վարկի մայր գումարի մնացորդ հայտարարագրված չէ։  Աղվան Վարդանյանին հարցրել ենք, թե ինչով է պայմանավորված մայր գումարի մնացորդի չհայտարարագրումը, և եթե վարկը ստացվել է 2022 թվականի ընթացքում, ինչո՞ւ հաշվետու տարվա եկամուտների բաժնում հայտարարագրված չեն ստացված վարկային միջոցները։ Այս հարցերի պատասխանները ևս չենք ստացանել ոչ գրավոր հարցման միջոցով, ոչ էլ բանավոր զրույցի ընթացքում։   Անգին թանկարժեք գեղանկարներ Վարդանյանը 2022 թվականի տարեկան հայտարարագրի՝ չորս միլիոն դրամից ավելի արժեք ունեցող գույքի ցանկում տարեսկզբի դրությամբ հայտարարագրել է գեղանկարներ։ Որպես գույքի ձեռքբերման տարի նշված է 2002 թվականը։ 2021 թվականի տարեկան հայտարարագրում, սակայն, այս գեղանկարները հայտարարագրված չեն։ Գույքի ձեռքբերման եղանակը նշված է նվիրատվություն, իսկ գինը՝ 0 ՀՀ դրամ։ Այս եղանակով ձեռքբերված գույքը պետք է հայտարարագրվի ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով։ Հնարավոր կամ շուկայական գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար։ Այդ նպատակով կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերների, խանութների, բորսաների, տոնավաճառների, շուկաների և այլն) գները, գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում՝ համացանցի միջոցով ստացված տվյալները և այլն:  Աղվան Վարդանյանին հարցրել էինք, թե  ինչո՞վ է պայմանավորված 2021 թվականի տարեկան հայտարարագրում գեղանկարների չհայտարարագրումը, և թե ինչու՞ է դրանց գնի դաշտում նշված 0 ՀՀ դրամ։ Այս հարցը ևս մնացել է անպատասխան։   Ընտանիքի անդամների չներկայացված հայտարարագրերը Աղվան Վարդանյանի 2021 և 2022 թվականների՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ընտանիքի անդամներ են նշված Ցողիկ Լավրենտի Բեժանյանը, Վահե Աղվանի Վարդանյանը և Վարդուհի Լևոնի Վարդանյանը։ Վահե Վարդանյանը և Վարդուհի Վարդանյանը, սակայն, չեն ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ 2021 և 2022 թվականների գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաև պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը։  Պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել նաև Ցողիկ Բեժանյանը։  Կոռուպցիայի կանխարգելման հարձնաժողովից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հայտարարագրման պարտականությունները պատշաճ կերպով չկատարած ընտանիքի անդամների ծանուցումների գործընթացը ներկայում  ընթացքի մեջ է, բայց, հաշվի առնելով հարցմամբ ներկայացված տվյալները, Հանձնաժողովն առաջնահերթություն է տվել Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամների ծանուցման գործընթացին։ Հանձնաժողովից նաև տեղեկացրել են, որ հայտարարագրերի ներկայացման համար տրամադրվել է ծանուցման պահից 30-օրյա ժամկետ, իսկ պարտականության չկատարումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասով վարչական տույժի ենթարկելու հիմք կհանդիսանա (տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով)։ Հանձնաժողովից մեր զրույցում նշեցին, որ ծանուցումը փոստային տարբերակով իրականացվել է 2024 թվականի փետրվարի 27-ին, և հայտարարատու անձինք պատշաճ ծանուցված կհամարվեն միայն ծանուցումը ստանալուց հետո, որից հետո էլ արդեն կսկսվի 30-օրյա ժամկետի հաշվարկը։Ջուլիետտա Հովհաննիսյան
19:55 - 29 փետրվարի, 2024
ԿԿՀ անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չի կայացել

ԿԿՀ անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չի կայացել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չի կայացել։ Այս մասին «Ինֆոքոմ»–ը տեղեկանում է Ազգային ժողովի պաշտոնական կայքից։  Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Նվարդ Վարդանյանն ու Սարգիս Միրզոյանը։ Նշենք, որ Նվարդ Վարդանյանը Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալն է, պաշտոնից ազատվել է 2023 թ․ տարեսկզբին, իսկ Սարգիս Միրզոյանը 2020-2023 թթ ընթացքում աշխատել է ԿԿՀ–ում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ–փորձագետ։ Մրցութային խորհուրդը ուսումնասիրել է Նվարդ Վարդանյանի հայտը, պարզել, որ ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին եւ հաստատել այն։ Համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքի՝ ԿԿՀ անդամ կարող է նշանակվել, ի թիվս այլնի, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից): Այս պահանջին չհամապատասխանելու պատճառաբանությամբ մյուս հավակնորդի՝ Սարգիս Միրզոյանի հայտը մերժվել է։ Ըստ Խորհդրի՝ Միրզոյանի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ ի սկզբանե չի հաստատվել վերջինիս կազմակերաման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող պաշտոն առնվազն երեք տարի զբաղեցնելու փաստը, ինչպես նաեւ ներկայացված չեն եղել ֆիզիկական արատների եւ հոգեկան հիվանդությունների բացակայությունը հավաստող պահանջվող փաստաթղթերը։ Խորհուրդը ԱԺ աշխատակազմի միջոցով Միրզոյանին ծանուցել է փաստաթղթերի բացակայության վերաբերյալ եւ առաջարկել մինչեւ փետրվարի 14-ը հայտն ամբողջականացնել։ Միրզոյանը փետրվարի 13-ին Խորհրդին ներկայացրել է իր պարզաբանումը, որում նշել է, որ իր գնահատմամբ՝ «Էկզոտարիում Պլյուս» ՍՊԸ-ում, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում, ԱՄՆ ՄԶԳ «Մենեջմենթ սիսթեմզ ինթեընեշնլ, ինք» հայաստանյան մասնաճյուղում, ԿԿՀ-ում աշխատած ժամանակահատվածում իրականացրել է կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ։ Համադրելով Միրզոյանի կողմից ներկայացված աշխատանքային ծառայությունների մատուցման պայմանագրերի դրույթները եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով ներկայացվող պահանջները՝ Խորհուրդը, սակայն, եզրահանգել է, որ Միրզոյանը չի համապատասխանում դրանց, մասնավորապես, չունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերաման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում։ Միրզոյանի հայտի մերժման արդյունքում հավակնորդների թիվը պակաս է եղել թափուր տեղերի քանակից։ Վերջինս մրցույթը չկայացած համարելու օրենքով սահմանված հիմք է։ Փետրվարի 19-ին Մրցութային խորհրդի որոշմամբ հայտարարվել է ԿԿՀ անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության նոր մրցույթ։ Հիշեցնենք, որ 2023 թ․ նոյեմբերի 19-ին լրացան ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի եւ ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները։ Թափուր երկու պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված մրցույթին հայտ ներկայացրին արդեն ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն ու ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը։ ԱԺ–ն, սակայն, նրանց չընտրեց ԿԿՀ անդամի պաշտոնում, որից հետո թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ հայտարարվեց։   Միլենա Խաչիկյան
20:48 - 23 փետրվարի, 2024
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 27-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկացրին ԱԺ մամուլի ծառայությունից: Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել: ԱԺ խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ  է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
14:26 - 27 դեկտեմբերի, 2023
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլը» վիճարկում է ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը  դիտարկելու՝ ԱԺ արգելքը

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլը» վիճարկում է ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը դիտարկելու՝ ԱԺ արգելքը

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» Հակակոռուպցիոն կազմակերպությունը դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելու ՀՀ Ազգային ժողովի կողմից ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը  դիտարկելու արգելքը։ Ստորեւ՝ դիմումի մասին կազմակերպության տարածած հաղորդագրությունը։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 31.10.2023թ. դիմել էր ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝  խնդրելով ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ դիտորդի կարգավիճակով:     ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը պատասխան գրությամբ մերժել էր դիմումը, այն հիմնավորելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 14-րդ կետի դրույթով, ըստ որի՝ բացի տվյալ պահին հարցազրույցին մասնակցող հավակնորդից, այլ անձանց չի թույլատրվում ներկա գտնվել հարցազրույցի անցկացման սենյակում: 16.11.2023թ. ԹԻՀԿ-ը  նույն պահանջը հասցեագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ որպես փաստարկ, հղում անելով  ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված նախադեպային դիրքորոշումներին։ Այդուհանդերձ, երկրորդ դիմումը նույնպես մերժվել է։ ԹԻՀԿ-ը գտնում է, որ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու իր հիմնարար իրավունքները և ՀՀ վարչական դատարանին խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱԺ-ի կողմից՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին ԹԻՀԿ ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: Դատարանում ԹԻՀԿ-ի ներկայացուցիչներն են փաստաբաններ Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը
20:13 - 21 դեկտեմբերի, 2023
ԿԿՀ նախկին նախագահի՝ իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԿԿՀ նախկին նախագահի՝ իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում օրերս հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ դրանով պայմանավորված իր նկատմամբ ճնշման դեպքի մասին է։ Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ. «Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ․ Ազգային անվտանգության  ծառայությունից։ Որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի  քվեարկվեր․․․ Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ․․․  Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի  ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես, հենց այդ  պահին զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա որպես  երեւույթ ինչ-որ մեկը Կառավարությունում տեղյա՞կ է թե՞ ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ,  րո անմիջապես արձագանքը եղել է․․․ Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին,-հեղ.) այցելել էր նույն  շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ  դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի  խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն՝ դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից  անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հայտնել՝ Դատախազությունն ուսումնասիրե՞լ է/ուսումնասիրո՞ւմ է նախկին պաշտոնատար անձի՝ իր  օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու փորձի վերաբերյալ վերոնշյալ հայտարարությունը։ Եթե այո, դրա վերաբերյալ կազմվե՞լ է քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն։ Դրական  պատասխանի դեպքում խնդրել էինք հայտնել հոդվածը եւ մանրամասնել՝ ինչպես է լուծվել  դրա ընթացքը։ Իսկ եթե կազմվել է վարույթ չնախաձեռնելու արձանագրություն, խնդրել էինք նշել դրա հիմքը։ Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։  Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։ Կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանը 2019 թվականին նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, որից հետո հանձնաժողովի կողմից ընտրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ այս տարվա նոյեմբերի 19-ը:  Հարությունյանը հավակնում էր դառնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ. ԱԺ-ն քննարկեց վերջինիս թեկնածությունը, որը առաջադրվել էր մրցութային խորհրդի որոշմամբ, սակայն Հարությունյանը չընտրվեց անդամի պաշտոնում, քանի որ քվեարկությանը ոչ մի պատգամավոր չէր մասնակցել․ ՔՊ-ն նախօրոք հայտնել էր, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը։ Միլենա Խաչիկյան
10:15 - 13 դեկտեմբերի, 2023
Կառավարող մեծամասնությունը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ. Մարիա Կարապետյան
 |azatutyun.am|

Կառավարող մեծամասնությունը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ. Մարիա Կարապետյան |azatutyun.am|

azatutyun.am: Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում: Նա ավելի վաղ նախագահում էր հանձնաժողովը։ «Ազատությունը» նաև այս թեմայի շուրջ զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ: - Ինչո՞ւ չընտրեցիք Հայկուհի Հարությունյանին, դուք գիտեք, որ քաղհասարակությունը քննադատում է ձեզ դրա համար: - Նախ, ես կարծում եմ, քաղաքացիական հասարակության մի մասը մեզ հետ անհամաձայն է, կան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք նույնպես կուզենային ավելի լավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառավարում տեսնել, որովհետև տեսնում ենք հեռացող կամ արդեն իսկ պաշտոնը լքած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի մասին: Ազգային ժողովը կամ կառավարող մեծամասնությունը ընդամենը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ: Սա չի նշանակում, որ նախորդ 4 տարում ոչինչ չի արվել: Նսեմացվում է ամբողջ աշխատանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, պարզապես մեր իրավունքն է պաշտոնը լքելուց հետո..., նախ, հարց է՝ արդյոք անձը կցանկանա՞ կրկին առաջադրվել, դա նոր փուլ է, նոր փորձ է, այսինքն, կարող են մրցակիցներ ևս լինեն, և ամբողջությամբ մեր իրավունքն է որոշել, որ պաշտոնավարումից հետո մեկ այլ անձ կարող է պաշտոնավարել: Մեր խմբակցության հետ տիկին Հարությունյանի հանդիպումից հետո՝ մեկ շաբաթ, 10 օր, ընդ որում, մենք չէինք մասնակցում այդ բանավեճին, սպասում էինք մինչև կգա համապատասխան Ազգային ժողովի նիստը, մի ամբողջ ալիք բարձրացավ, տիկին Հարությունյանը ևս մասնակցություն ունեցավ, խոսակցությունը տանելով այնպիսի դաշտ, կարծես թե մեր հայտարարագրերի շուրջ է միայն դժգոհությունը, բայց սա բոլորովին այսպես չէ:  - Արդյոք այդքան էական դետալներ են, որ նույնիսկ չմասնակցեիք քվեարկությանը և այսպես նրքան ճանապարհեիք, թե՞ այնուամենայնիվ, գուցե վկայում է, որ դուք եք քննադատության նկատմամբ անհանդուրժող: - Ես մտադրություն չունեի հրապարակավ ասելու, որ տիկին Հարությունյանը քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչի դուրս է մղել իրենց աշխատավայրից, ես չէի ցանկանում հրապարակային էսկալացնել իրավիճակն այս հարցի շուրջ: Փակ հանդիպման ժամանակ իրեն այս հարցադրումն արել էի, բայց նաև տիկին Հարությունյանը խաղադրույքները, այսպես ասած, բարձրացնելով, մեր հասցեին հնչեցնելով մեղադրանքներ, որոնք անհիմն են, թե մենք մեր հայտարարագրերի շուրջ հարցերի պատճառով իրեն չենք ցանկացել վերընտրել դրդեց, որպեսզի այդ խոսակցությունը ստանա նաև այդպիսի դրսևորում և վերջում, այո, մենք չմասնակցենք այդ քվեարկությանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
16:44 - 08 դեկտեմբերի, 2023
Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին

Տիկին Հարությունյան, մենք կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը  դատական հայց կներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ։  «Սա այն որոշումն է, որին արդեն մեկ շաբաթ է ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը աջուձախ հղումներ տալով հայտարարում է ինչ-որ շահերի բախման մասին, չնայած այդ որոշմամբ շահերի բախում չի հայտնաբերվել: Իսկ այսօր էլ նաև զրպարտեց ինձ` ինչ-որ անհասկանալի թվեր հրապարակելով: Սա որոշման էջն է` http://cpcarmenia.am/hy/decisions/page/20/ Սա էլ որոշմանը հղումը` http://cpcarmenia.am/files/legislation/355.pdf Ինչպես արդեն նշեցի, զրպարտանքի մասով դատական հայց կներկայացնեմ: ԿԿՀ անդամների ընտրության թեման այսքանով համարում ենք փակված»,- գրել է նա։  Հիշեցնենք, որ այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի հարցի քննարկմանն ԱԺ-ում Հայկուհի Հարությունյանը դիմել էր Արսեն Թորոսյանին. «Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ: Որպես առողջապահության նախարար Ձեր պաշտոնավարման ընթացքում ինչպե՞ս է եղել, որ Ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրեց` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի»։ Արսեն Թորոսյանը իր ելույթում ասաց. «Շատ ափսոսում եմ, որ տիկին Հարությունյանի հերոսը չեմ եղել ու դժվար էլ թե լինեմ։ Բայց առնվազն, կարծես թե, հակահերոսն եմ, կշարունակեմ լինել, ինչը ինձ սփոփում է։ Տիկին Հարությունյան, մենք հավանաբար կհադիպենք դատարանում այն զրպարտանքի համար, որը դուք այստեղ հնչեցրիք։ Ցավոք, օրենսդրությունը չի նախատեսում այդ զրպարտանքի չափով հայցադիմում՝ 350 միլիոն դրամ, բայց օրենքով սահմանված չափով այդ հայցադիմումը կլինի»։ 
18:11 - 07 դեկտեմբերի, 2023
ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց նույն հանձնաժողովի անդամի պաշտոնում

ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց նույն հանձնաժողովի անդամի պաշտոնում

ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց նույն հանձնաժողովի անդամի պաշտոնում, քանի որ նրա քվեարկությանը ոչ մի պատգամավոր չէր մասնակցել․ ՔՊ-ն նախօրոք հայտնել էր, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը։Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու էր նաև Նարինե Ավետիսյանը։ Այժմ ԱԺ-ում մեկնարկում է նրա անդամության համար քվեարկությունը։ ՔՊ-ն նորից հայտարարեց, որ չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ Ավետիսյանը հրաժարվել է եզրափակիչ ելույթից, որը պատգամավորներին կողմնորոշվելու հնարավորություն կտար։ Նարինե Ավետիսյանն ավելի վաղ ԱԺ-ում պատասխանել էր պատգամավորների հարցերին։ Երկու թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել էին ԿԿՀ անդամի պաշտոնում։ Ավելի վաղ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու, հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ կանխամտածված ու հատուկ վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Այսօր Հայկուհի Հարությունյանը Ազգային ժողովում եզրափակիչ ելույթ էր ունեցել։
17:10 - 07 դեկտեմբերի, 2023
Նարինե Ավետիսյանը ԿԿՀ անդամ ընտրվելու դեպքում խոստանում  է լինել անաչառ և անկախ
 |hetq.am|

Նարինե Ավետիսյանը ԿԿՀ անդամ ընտրվելու դեպքում խոստանում է լինել անաչառ և անկախ |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Նարինե Ավետիսյանը Ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ ընտրվելու դեպքում իր որոշումները լինելու են անկախ և անաչառ, միայն ի շահ Հայաստանի Հանրապետության: Թեկնածուն կարևորեց նաև հանձնաժողովի դերը: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Նարինե Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչ նորարարություններ կարելի է ներդնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: Նարինե Ավետիսյանն ասաց, որ էլեկտրոնային համակարգն արդեն ներդրված է: Քննարկվում է ներդնել արհեստական բանականությունը բարեվարքության եզրակացությունների համար: Թագուհի Թովմասյանը Ն. Ավետիսյանին հարցրեց, թե որ պատգամավորների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասին են վարույթներ կազմվել և ինչ ընթացք են ունեցել:  2020-2023թթ. եղել է 18 վարույթ՝ կապված անհամատեղելիության, շահերի բախման դեպքերի հետ: Թե քանի վարույթ է եղել հայտարարագրերի լրացման վերաբերյալ, տեղեկություն չուներ: Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց նաև, թե Նարինե Ավետիսյանն ինչպես է աշխատանքի անցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եւ ինչպես է աշխատել հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի հետ: Նարինե Ավետիսյանն ասաց, որ աշխատանքի անցել է մրցույթով, ինչպես բոլորը: Ինչ վերաբերում է Հ. Հարությունյանի հետ աշխատանքին, նշեց, որ նրա հմտություններից օգտվել է ամբողջ հանձնաժողովը, հետևաբար իր վրա խորը հետք է թողել նրա հետ աշխատանքը:
15:47 - 07 դեկտեմբերի, 2023
Քաղաքական անգրագիտության դրսևորում է ասել, թե ճնշում ենք գործադրում Հայկուհի Հարությունյանի նկատմամբ. Կոնջորյան
 |armenpress.am|

Քաղաքական անգրագիտության դրսևորում է ասել, թե ճնշում ենք գործադրում Հայկուհի Հարությունյանի նկատմամբ. Կոնջորյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու, հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ կանխամտածված ու հատուկ վերաբերմունք ցուցաբերելու մեջ, ՔՊ-ից հակադարձում են՝ ընդամենը ցանկանում են հասկանալ, թե իրենց ընտրած թեկնածուն ինչպես է աշխատել, քանի որ կրում են քաղաքական պատասխանատվություն: Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկմանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ հանձնաժողովը որոշումներ է կայացրել իշխանական որոշ նախկին ու ներկա պատգամավորների վերաբերյալ՝ վարույթ է հարուցել: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հանձնաժողովի աշխատանքը օբյեկտիվ է եղել, և իշխանական պատգամավորները կանխամտածված ու հատուկ վերաբերմունք են ցույց տալիս թեկնածու Հայկուհի Հարությունյանի նկատմամբ:  Ընդդիմադիր պատգամավորն այն կարծիքին է, որ իշխանությունը ցանկանում է «զավթել» այդ պաշտոնը: «Ձեր կոկորդին է մնում Հայկուհի Հարությունյանի օբյեկտիվ աշխատանքը»,-տեսակետ հայտնեց Մինասյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հիշեցրեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորել են իրենք: «Հայկուհի Հարությունյանին ընտրել ենք մենք, օրինակ՝ ես, մեր խմբակցության պատգամավորների մեծ մասը: Հիմա ցանկացած ընտրական գործընթացի տրամաբանությամբ մենք ուզում ենք հասկանալ՝ ում որ ընտրել ենք, ոնց է աշխատել, որ իմանանք՝ ընտրե՞նք, թե՞ ոչ: Մենք դրա համար քաղաքական պատասխանատվություն ենք կրում: Ընտրող մարմինը պետք է ընտրվող պաշտոնյային հարցեր տա, մանավանդ, երբ վերընտրության հարց է քննարկվում: Եվ ասել, թե սա քաղաքական ճնշում է, քաղաքական անգրագիտության շռնդալից դրսևորում է: Ո՞նց կարելի է նման բան խոսել»,-ասաց Հայկ Կոնջորյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ կոռուպցիայի դեմ պայքարն իրենց քաղաքական ուժի քաղաքական հենասյուներից մեկն է, իրենց քաղաքական գործունեությունը կառուցում են դրա վրա: Նա հիշեցրեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորումից ի վեր հանձնաժողովի ֆինանսավորումը ավելացել է շուրջ 400 տոկոսով: «Չափազանց շատ ենք գնահատում այս մարմինը: Եվ այս քննարկումն էլ մեր սրտացավության դրսևորումն է: Այստեղ մենք քննարկում ենք նաև մեր ընտրությունը, նաև ինքներս մեզ: Եթե քննադատում ենք, քննադատում ենք նաև ինքներս մեզ: Դա է ժողովրդավարության դրսևորումը»,-շեշտեց նա՝ աբսուրդ որակելով տեսակետը, թե իշխանական պատգամավորներն իրենց հարցերով փորձում են ճնշել հանձնաժողովի անդամի թեկնածուին: Կոնջորյանը շեշտեց, որ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական պատասխանատվություն կրող գլխավոր սուբյեկտն է: Թեկնածու Հայկուհի Հարությունյանն էլ, դիմելով իշխանականներին, ասաց. «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է, այն կայացել է: Եվ դա այն անշրջելի իրողությունն է, որը հետդարձի ճանապարհ չունի: Անկախ ձեր գնահատականներից և ձեր վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է: Եվ այդ աշխատանքը ևս խեղաթյուրելու և շրջելի դարձնելու հնարավորություն չկա»: Հայկուհի Հարությունյանը 2019 թվականին նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, որից հետո հանձնաժողովի կողմից ընտրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ այս տարվա նոյեմբերի 19-ը:
15:12 - 07 դեկտեմբերի, 2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը
 |1lurer.am|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Թեկնածուին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 7-ի նիստին ներկայացրեց մրցութային խորհրդի անդամ Արթուր Հովսեփյանը:  Նարինե Ավետիսյանը 2003-2005 թվականներին սովորել է Մարտունի քաղաքի Հումանիտար քոլեջի իրավագիտության ֆակուլտետը, 2007-2011 թթ.՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2019-2022 թթ. ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2019-2020 թվականներին աշխատել է Պռոշյանի կոնյակի գործարանում՝ որպես մարդկային ռեսուրսների բաժնի կառավարիչ, 2021-ի հունվար-հունիս ամիսներին աշխատել է ԱՍՀՆ-ում՝ որպես գլխավոր մասնագետ, թեժ գծի գլխավոր վերլուծաբան: 2021-ի հունիսից աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
14:51 - 07 դեկտեմբերի, 2023
«Անկախ ձեր գնահատականներից և վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է»․ Հայկուհի Հարությունյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով

«Անկախ ձեր գնահատականներից և վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է»․ Հայկուհի Հարությունյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով

Երեկվանից Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Հարցուպատասխանից և ելույթներից հետո հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը եզրափակիչ ելույթ ունեցավ։ «Երկու կարեւոր արձանագրում եմ ուզում անել․ առաջինը՝ թույլ տվեք որպես քաղաքացի պահանջ հնչեցնել երկու քաղաքական ուժերին (ՔՊ և «Հայաստան» դաշինք՝ խմբ․), անհատներին․ ես երեկ նշեցի, այսօր ընդգծված կրկնում եմ՝ ես իմ գործունեության ամբողջ ժամանակահատվածում եղել եմ անկուսակցական, ապաքաղաքական անձ եւ անկախ քաղաքական շահերից՝ պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու եւ թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել՝ նաեւ անհատների կողմից։ Տիկին Տիգրանյան (պատգամավոր Հերիքնազ Տիգրանյան՝ խմբ․), Դուք ինձ նոր չեք ճանաչում, բայց, ցավում եմ, որ ինձ զգուշացնում եք, որ ընդդիմության կողմից իմ վերաբերյալ ասված խոսքերը կարող են ինձ վնաս պատճառել։ Երկրորդը՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր չի մնացել առաջին անգամ, եւ մնացած բոլոր տեսակի գնահատականների, փաստերի անդրադարձից առաջ ուզում եմ հարց հնչեցնել՝ այս նույն ԱԺ-ի կողմից երեք տարի պաշտոնավարումից հետո ընտրված թեկնածուի հարցադրումների վերաբերյալ։ Տիկի՛ն Կարապետյան (պատգամավոր Մարիա Կարապետյան՝ խմբ․), Դուք էդ հարցերը տվե՞լ եք էդ նույն անդամին, ով հանդիսացել է հենց էդ նույն աշխատանքի տեսանկյունից էդ համակարգող պատասխանատու անդամը, Դուք էդ հարցերի պատասխանն ստանալուց հետո փորձե՞լ եք ճշտել, թե էդ դեպքում եթե ես ինքս՝ որպես Հանձնաժողովի նախագահ, էդ աստիճանի գերակա ազդեցություն ունենալով, գործունեություն էի շարունակում, բա թիմի, քաղաքական թիմի եւ նույն կառավարության համար երկու տարի առաջ վտանգ չէի՞, էն գործողությունները, որոնք վերագրվում են ինձ, իրականացվել են բացառապես պաշտոնապես, իրականացվել են քվեարկության ու Հանձնաժողովի կոլեգիալ մարմնի կողմից կայացված որոշումներով։ Երկրորդ արձանագրումը նույն խնդրի վերաբերյալ, նույնիսկ գույքային դրության վերաբերյալ խնդիրները համարժեք են եղել նաեւ մյուս թեկնածուի առնչությամբ։ Հրապարակային են եղել նիստերը, ուստի առաջարկում եմ բոլորին նորից ծանոթանալ եւ ինքներդ գնահատել, արդյոք սա հավասար մոտեցո՞ւմ է, թե իսկապես այն, ինչից նաեւ դուք եք նեղանում, հանրային նաեւ հասարակական պահանջներից, արդարացված է»,- հայտարարեց Հարությունյանը։ Այնուհետև նա առանձին անդրադարձավ պատգամավորների ելույթներին և անհատապես պատասխանեց նրանց բարձրաձայնած հարցերին։ «Ի՞նչ տեղի ունեցավ այս երկու օրերի ընթացքում։ Պարո՛ն Աղաջանյան (պատգամավոր Էդուարդ Աղաջանյան՝ խմբ․), Դուք ճիշտ եք ասում, Հանձնաժողովի գործունեության կամ իմ վերաբերյալ որեւէ բովանդակային քննարկում տեղի չունեցավ, եւ ես հղում չեմ անում պարոն Մինասյանին, որպեսզի նորից փորձերը ինձ քաղաքականացնելու, չկրկնվեն։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ, հիմա ես՝ փաստերով։ Փաստ համար մեկ, եւ սա ընդգծված եմ ասում․ ինձ հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակով ներկայացված են եւ հասանելի, ավելին, դրանք վերլուծված են Հանձնաժողովի կողմից։ Բոլոր նրանք, ովքեր կասկածում են, գործընկերներից մեկը երեկ Հանձնաժողովի կայքին բավականին լավ ծանոթացել էր, առաջարկում եմ նրանից խորհրդատվություն ստանալով գտնել եւ կարդալ, որպեսզի այս երկու օրերի ընթացքում նույն հարցն ավելի քան յոթ անգամ հնչեցնելով, տարբեր ելույթներում էդ տեսակի վարքագծի մասին հարցեր բարձրացնելով պատրանքային տպավորություն չստեղծվի, թե դա իմ բարեվարքության խնդիրն է, որով ես ԿԿՀ նախագահումը թերի կերպով եմ իրականացրել։ Բացի դրանից՝ խնդրում եւ պահանջում եմ սա երրորդ անձի անունից՝ իմ քրոջ վերաբերյալ ձեր հայտարարություններում եւս զգույշ եղեք։ Իմ քույրը երբեւէ Հանձնաժողովի կողմից ֆինանսավորված որեէ գործարքի եւ գործողության մասնակից չի եղել, սրանում կասկածողներն էլ հնարավորություն ունեն կոնկրետ կազմակերպություններից տվյալներ ճշտելու։ Երկրորդ փաստ․ պարոն Խանդանյան (պատգամավոր Սարգիս Խանդանյան՝ խմբ․), լա՛վ է, որ Հանձնաժողովի կայքն էդ աստիճան ուսումնասիրել եք, հաշվետվողականության հարց եք բարձրացնում, բայց լավ չի, որ մինչեւ վերջ չեք կարդացել։ Որովհետեւ ես Ձեզ հարց ունեմ․ եթե կարդայիք, էդ հաշվետվության մեջ նշված էր մի հարց, որի պատասխանը Դուք պիտի հիմա հնչեցնեիք՝ նորից նույն ինստիտուցիոնալ մոտեցումը պահպանելով։ Հանձաժողովի կողմից ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ անհամատեղելիության եզրակացությունը ինչի՞ ուշացրած ներկայացրեք ՍԴ, հարց երկրորդ՝ ավելի քան երկու տարի Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում ինչի՞ ԱԺ-ն այդ պաշտոնը չհամալրեց իր ընտրությամբ։ Փաստ երրորդ՝ տիկին Բադալյան (պատգամավոր Լուսինե Բադալյան՝ խմբ․), Ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, բայց արդեն հրապարակված տեղեկություններն օգտագործելով՝ ուզում եմ ոչ միայն ինձ, ամբողջ հանրությանը բացատրեք՝ քաղաքական հասունության ո՞ր ստանդարտով եք գնահատում իրականացնում, եւ նորից, հրապարակված տվյալներն օգտագործելով՝ ուզում եմ բացատրեք՝ էդ տվյալը օգտագործելով քաղաքական հասունության ստանդարտը ո՞նց գնահատվեց, օրինակ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, բա եթե փակ քննարկումներից նեղվում ենք, ինչի՞ չենք ուզում էդ ստանդարտի հավասար կիրառումը հասանելի, թափանցիկ դարձնել նաեւ հանրությանը։ Փաստ համար հինգ․ տիկի՛ն Ջուլհակյան (պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան՝ խմբ․), լավ է, որ իմ հայտարարագրերը փորձել էիք վերլուծել, բայց լավ չէ, որ դա արել էիք նույն լրագրողի սիրողական մակարդակով, այնինչ Ձեզ տրված էր հսկայական լիազորություն՝ ստանալ, վերլուծել, օգտագործել օրենքով սահմանված կարգով բոլոր այն տեղեկությունները, որոնք Ձեր բոլոր տեսակի կասկածները կփարատեին։ ԱԺ աշխատակազմի միջոցով մրցութային խորհուրդը Հանձնաժողովի մասին օրենքի 10-րդ հոդվածի պրիմ եւ տասներորդ մասի համաձայն՝ պարտավոր էր ներկայացնել այն տեսակի եզրակացություն, որը ներկայացնում է Հանձաժողովը մնացած բոլոր թեկնածուների վերաբերյալ, եւ Ձեր գործընկերոջ այն հարցադրումն ինձ, թե ինչու նույն օրինակ Ինֆոքոմի հրապարակած հոդվածն այդտեղ տեղ չէր գտել, ես չեմ դրա պատասխանատուն, այդ եզրակացությունը կազմելու պարտավորությունը կրել է խորհուրդը։ Խնդրում եմ ներկայացնել եզրակացություն՝ ստորագրված այդ խորհրդի հինգ անդամների կողմից, եւ դա հասանելի դարձնել այդ նույն տվյալների, հնարավոր կամ ենթադրյալ շահերի բախման, հնարավոր գույքային դրության անհամատեղելիության կամ այլ հարցերի վերաբերյալ հավասարապես։ Ընդգծված կրկնում եմ՝ հղում չանել եւ չօգտագործել ԿԿՀ կողմից գույքային դրության ստուգման այն տեղեկանքը, որը կազմվել է․․․ քանի որ ԱԺ խորհուրդը բանկային գաղտնիքին հասանելություն չունի, բա մնացած տվյալների մասով, օրինակ, խորհուրդն ինչի՞ է հարցում արել ԱԱԾ-ին, եթե դրա պատասխանն ԱԺ բոլոր պատգամավորները հավասարաչափ չունեն։ Փաստ երկրորդ՝ Արուսյակ Ջուլհակյանի արած հրապարակումների մասով․ ես առաջարկեցի մինչեւ շահերի բախման մասին խոսելը առնվազն կարդալ օրենքը։ Իմ կողմից օրենսդրական նախաձեռնությամբ «հանդես գալու», որովհետեւ ես որպես սուբյեկտ եւ մարմին ներկայացնող՝ նման իրավասություն չունեմ եւ չեմ ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, բայց դրա համատեքստում կամ զուգահեռ ուզում եմ հարց տալ․ տիկի՛ն Ջուլհակյան, բա Ազգային Ժողովի պատգամավորի աշխատավարձը բարձրացնելիս ԱԺ-ի կողմից այդ նույն նախագծին քվեարկելը շահերի բախում չէ՞, կամ Վճռաբեկ դատարանի թեկնածու ԱԺ պատգամավորին քվեարկելը շահերի բախում չի՞։ Պարոն Թորոսյան (պատգամավոր Արսեն Թորոսյան՝ խմբ․), Դուք իմ հերոսը չեք եւ ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ, բայց առաջարկում եմ շահերի բախման մասին խոսելիս, ինչքան էլ էդ որոշումը ձեզ ամենաանպրոֆեսիոնալը թվա, մի հատ նորից կարդալ, եւ ինձ չէ, մնացած բոլորի համար էն հարցին պատասխանել, թե ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը որպես Առողջապահության նախարար Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞նց է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է՝ դարձնելով մինչեւ 350 մլնից ավելի արժեքով։ Սահմանափակվում եմ փաստերի ներկայացման՝ ժամանակի տված հնարավորությամբ՝ ընդամենը արձանագրելով այս երկու օրերի քննարկման արդյունքները մեկ վերջնական նախադասությամբ․ այո՛, կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը ՀՀ ներդրվել է, ինստիտուտը կայացել է, եւ դա այն անշրջելի իրողությունն է, որը հետդարձի ճանապարհ չունի, անկախ ձեր գնահատականներից եւ ձեր վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է, եւ էդ աշխատանքը եւս որպես պատմություն խեղաթյուրել եւ շրջելի դարձնելու հնարավորություն չունի»,- եզրափակեց Հայկուհի Հարությունյանը։
14:18 - 07 դեկտեմբերի, 2023
ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ․ ԿԿՀ նախկին նախագահը՝ ճնշումների մասին

ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ․ ԿԿՀ նախկին նախագահը՝ ճնշումների մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ և անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը այսօր ԱԺ-ում հայտարարեց իր գործունեության ընթացքում ճնշումների մասին։ Մանրամասնելով՝ Հարությունյանը նշեց, որ ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։ Նրա խոսքով՝ ասել են, որ «բացասական եզրակացությունը այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր, արժանացել է բացասական եզրակացության, և դա անհանդուրժելի է»։ «Նաև ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պետք է ապահովվեր․ վերջին նախադասությունը գուցե շատ սուր հնչի», - նշեց ԿԿՀ նախկին նախագահը։  Նրա խոսքով՝ ինքն անմիջապես զանգի մասին տեղեկացրել և փորձել է ճշգրտում անել, թե արդյոք դրա մասին՝ որպես երեւույթի, կառավարությունը տեղյակ է, թե ոչ․ «Եւ շնորհակալություն հայտնեմ, որ արձագանքն անմիջապես եղել է, և նման վարքագիծ այլեւս չի դրսեւորվել»։
17:36 - 06 դեկտեմբերի, 2023
«ՔՊ պատգամավորների նկատմամբ վարույթները կարո՞ղ են ազդեցություն ունենալ քվեարկության վրա»․ Եղոյանի հարցը՝ Հայկուհի Հարությունյանին

«ՔՊ պատգամավորների նկատմամբ վարույթները կարո՞ղ են ազդեցություն ունենալ քվեարկության վրա»․ Եղոյանի հարցը՝ Հայկուհի Հարությունյանին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վերաբերյալ 20-25 վարույթ է հարուցվել։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե իրենց խմբակցության 71 պատգամավորներից քանիսի նկատմամբ է վարչական կամ կարգապահական վարույթ հարուցվել։ Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Այն առաջադրվել է մրցութային խորհրդի որոշմամբ: Հարությունյանը նախ նշեց, որ հանձնաժողովը պատգամավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն չունի, խոսքը վերաբերում է վարչական վարույթներին՝ կա՛մ շահերի բախման, կա՛մ անհամատեղելության վարույթներին, նման տեսակի վարույթներ հարուցել է  «Հարուցվել է շահերի բախման վարույթ նախկին, բայց նաև գործող կազմով ԱԺ պատգամավորի նկատմամաբ, հարուցվել են վարույթներ անհամատեղելիության հիմքով՝ բիզնես գործունեության հետ կապված։ Շահերի բախումը եղել է մեկը, անհամատեղելիությունը, եթե չեմ սխալվի, ավելի քան 5-ն են եղել, կարծում եմ՝ նույն չափով կամ ավելի եղել են նաև հենց հայտարարագրման ենթակա տվյալների սխալների մասով»,- մանրամասնեց նա։ Եղոյանի հարցին, թե կարո՞ղ են այդ վարույթները ազդեցություն ունենալ այսօրվա քվեարկության վրա, թեկնածուն պատասխանեց․ «Կարծում եմ՝ քվեարկության արդյունքները արդեն հարցի ուղիղ պատասխանը կտրամադրեն»։ Այս պատասխանին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ հարցնելով, թե արդյո՞ք Հարությունյանը այդ պատասխանով հարցականի տակ է դնում պատգամավորների բարեխղճությունը։ Վերջինս նշեց, որ ինքը ընդամենը հարցին պատասխանեց իր մոտեցմամբ, որ իր պատասխանը կարող է ձևակերպել քվեարկության արդյունքների հիման վրա։  Արշակյանը կրկնեց հարցը․ «Արդյո՞ք Դուք կարծում եք, որ պատգամավորները առաջնորդվելու են ոչ թե իրենց տրված ժողովրդական մանդատով, արդարամտությամբ, ԱԺ ամբիոնից իրենց երդմանը համապատասխան, այլ անձնական սիմպատիաներով կամ անտիպատիաներով, առավել ևս, որ Դուք նշեցիք, իրենց նկատմամբ ունեցած վարույթից եղած կամ չեղած լինելու հանգամանքով»։ Հարությունյանն արձագանքեց․ «Ես լիահույս եմ, որ քվեարկության արդյունքներն այդպիսի դրսևորումներ չեն ունենա»։ Արշակյանը տարակուսանք հայտնեց Հարությունյանի պատասխանի վերաբերյալ։
14:15 - 06 դեկտեմբերի, 2023
«ՔՊ նիստում ինչպիսի՞ ճնշումներ են գործադրվել ձեր նկատմամբ, այսօր կա նաեւ որոշակի ագրեսիվություն»․ Թագուհի Թովմասյան
 |aravot.am|

«ՔՊ նիստում ինչպիսի՞ ճնշումներ են գործադրվել ձեր նկատմամբ, այսօր կա նաեւ որոշակի ագրեսիվություն»․ Թագուհի Թովմասյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմեց թեկնածու Հայկուհի Հարությունյանին։ «Մինչեւ հիմա ձեր հասցեին հնչող քննադատությունների առյուծի բաժինն այն էր, որ դուք բավական բարեհաճ վերաբերմունք ունեք իշխող ՔՊ խմբակցության եւ կուսակցության անդամ պաշտոնյաների նկատմամբ։ Մենք հիմա մի փոքր այլ իրավիճակի ենք կարծես թե ականատես լինում։ Եվ այս համատեքստում ուզում եմ կարճ մեջբերում անել Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարածած հայտարարությունից։ Այնտեղ խնդրահարույց է համարվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնների համալրման գործընթացը։ Եվ նշվել է, որ ՔՊ-ն որոշել է այդ պաշտոնում չընտրել առաջադրված թեկնածուներից Հայկուհի Հարությունյանին եւ նրան հրավիրելով ՔՊ փակ նիստին՝ խմբակցության մի քանի անդամներ նրան հիշեցրել են իրենց, իրենց ընտանիքների անդամների եւ իրենց ընկերների առնչությամբ կայացված որոշումները ու դժգոհությունները՝ այդպիսով դժգոհություն հայտնելով այդ առնչությամբ։ Ի՞նչ է տեղի ունեցել, ինչպիսի՞ ճնշումներ են այդ նիստի ընթացքում գործադրվել ձեր նկատմամբ։ Այսօր ես նկատում եմ նաեւ որոշակի ագրեսիվություն ձեր նկատմամբ, ինչ-որ կապ կա՞ մինչ նիստի պրոցեսի, նիստի ժամանակ տեղի ունեցած գործընթացների միջեւ, եւ հետո կհետեւենք նաեւ ընտրության պրոցեսին»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ ինքն ապաքաղաքական անձ է բոլոր առումներով։ «Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հայտարարությանը, ես խնդրում եմ, եթե հնարավոր է, որպեսզի բոլոր կասկածները փարատվեն, այդ բոլոր հնչած կամ հնարավոր հնչելիք հարցերը դառնան նաեւ հանրային սեփականություն: Ես ինքս պատրաստ եմ այդ հարցին պատասխանել, բայց նաեւ կարծում եմ, որ քննարկման մյուս կողմը եւս կարող է հերքել, հաստատել կամ այդ հարցի հետ կապված ցանկացած մանրամասնություն դարձնել հանրային քննարկման առարկա»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։
14:03 - 06 դեկտեմբերի, 2023