ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահության նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության օրակարգում առողջ սնունդն է

Առողջապահության նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության օրակարգում առողջ սնունդն է

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյութոնին:  Քննարկվել է համագործակցության արդյունքներին և հաջորդ փուլում` ՊՀԾ ռազմավարական պլանին: Լենա Նանուշյանը ներկայացրել է հանրային առողջապահության ոլորտում ԱՆ նպատակները` շեշտելով կանխարգելիչ ծրագրերն ընդլայնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված աշխատանքներին: Փոխադարձ կարևորվել է առողջ ապրելակերպի ընտրությանն ուղղված արշավների իրականացումը հանրապետության ամբողջ տարածքում՝ ՊՀԾ աջակցությամբ: Քեյթ Նյութոնն ընդգծել է հաջորդիվ բնակչության առողջ սնուցման ուղղությամբ համատեղ կայուն ծրագրերի ներդրումը: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ծրագրի աջակցությունը` նշելով, որ գերատեսչությունը բաց է բնակչության առողջ սնուցմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված նախաձեռնությունների համար։
16:40 - 21 մարտի, 2024
Պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսի մասին
 |1lurer.am|

Պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսի մասին |1lurer.am|

1lurer.am: Պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան համակարգին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 1-ից գործարկվող էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համակարգի առնչությամբ դժգոհություններին: «Հարցերի տեղատարափը բավականին նվազել է, և մենք այս շաբաթ նկատել ենք, որ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է գործում ամեն ինչ»,- ասաց նա: Հարցին՝ հնարավո՞ր է համակարգի ներդրման պատճառով դեղերի գները բարձրանան, Ավանեսյանը պատասխանեց. «Էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար դեղատունը որևէ ծախս չի իրականացնում, այլ հակառակը՝ այն 8 դրամը, որ միջինում ծախսվում էր թուղթը տպելու վրա, այդ 8 դրամն էլ չի ծախսվում, այսինքն՝ մենք ունենք ծախսերի կրճատում, ոչ թե ավելացում»: Ինչ վերաբերում է դեղերի ստվերային վաճառքի հավանականությանը, Անահիտ Ավանեսյանը դրա մասով ռիսկ չի տեսնում, իսկ ծանոթ դեղավաճառի միջոցով առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելն իրավախախտում է համարում:
12:09 - 21 մարտի, 2024
Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է
 |armenpress.am|

Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է |armenpress.am|

armenpress.am: Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության  դեպքերի թիվը նվազել է:  Այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Եթե հունվար-փետրվար ամիսներին իսկապես մինչև 18 տարեկան երեխաների շրջանում բավականին ակտիվացում ունեինք սեզոնային վարակների մասով, ապա վերջին երկու շաբաթում նկատելի է թվերի նվազումը թե՛ հիվանդացության, թե՛ հոսպիտալացման առումով»,- ասաց նա: Ինչ վերաբերում է մանկապարտեզներում, դպրոցներում հիվանդությունների տարածմանը չնպաստելուն, Անահիտ Ավանեսյանը՝ որպես վարակիչ հիվանդությունների տարածման դեմ լավագույն միջոց հորդորեց պատվաստվել և հետևել հիգիենային, հիվանդ վիճակում տանից դուրս չգալ և այլն։ «Բոլոր այն վարակիչ հիվանդությունները, որոնք շատ ծանր ընթացք ունեն և վտանգավոր են, դրանց հիմնական մասը կանխարգելելի են, եթե քաղաքացին պատվաստված է»,- ասաց նա։ Ավանեսյանը նշեց, որ 2024 թվականից մեկնարկում է նաև ջրծաղիկի պատվաստման ծրագիրը։
20:41 - 20 մարտի, 2024
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված ամենահաճախ հնչեցվող հարցերի պատասխանները
 |armenpress.am|

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված ամենահաճախ հնչեցվող հարցերի պատասխանները |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակել է էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված՝ հանրության կողմից ամենահաճախ հնչեցվող հարցերն ու մասնագետների պատասխանները: «Արմենպրես»-ն առանձնացրել է դրանցից 5-ը. Արդյոք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են: Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չէ դեղատան աշխատակցին: Դեղագետը տեսնում է միայն դեղի անվանումն ու չափաքանակը, գնորդի նույնականացման տվյալները. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն, այդ թվում՝ ախտորոշումը, դեղատան աշխատակցի համար տեսանելի չէ, քանի որ դեղատոմսում այդպիսի բաժին չկա: Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, ի՞նչ անի, եթե իր դեղն էլեկտրոնային դեղատոմսով է ստանում Ալերգիայի սրացման դեպքում, երբ անձի ինքազգացողությունը կտրուկ վատանում է, ցանկացած դեպքում անհրաժեշտ է զանգահարել շտապօգնություն, քանի որ դեղը պետք է ներարկվի բացառապես բժշկի կողմից, նրա հսկողությամբ: Ինչ վերաբերում է հակաալերգիկ` հակահիստամինային դեղերին, ապա դրանցից ոչ մեկը դեղատոմսով չէ: Եթե պացիենտն ունի հորմոնակախյալ հիվանդություն և մշտապես ընդունում է, օրինակ, վահանաձև գեղձի հորմոն, դեղն ինչո՞ւ է դարձել էլեկտրոնային դեղատոմսով Ցանկացած դեղ, անգամ եթե երկարաժամկետ ընդունման է, պահանջում է ժամանակ առ ժամանակ բժշկի խորհրդատվություն և հետազոտություններ, քանի որ երկարատև դեղ ընդունելու դեպքում կարող է առաջանալ թե՛ դեղը փոխելու, թե՛ դեղաչափի ճշգրտման անհրաժեշտություն: Չկա մի դեղ, որը նշանակվում է միևնույն դեղաչափով և առանց փոփոխության` ամբողջ կյանքի ընթացքում: Ավելին` պացիենտը կարող է կյանքի ընթացքում ունենալ այլ հիվանդություններ, որոնց դեպքում կարող է վերանայվել նշանակված դեղը և դեղաչափը: Կա երկարաժամկետ դեղատոմսի հնարավորություն, որը թույլ է տալիս դուրս գրել դեղ` 180 օրվա համար, ինչի դեպքում ցանկալի է տարին առնվազն 2 անգամ բժշկի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` նաև հետազոտություն: Էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի՞ բարդացնում բժշկի աշխատանքը և ծանրաբեռնվածությունը Էլեկտրոնային եղանակով դեղի դուրսգրումը տևում է 2-3 րոպե: Թղթային դեղատոմսը դուրս գրելը ոչ պակաս ժամանակատար է, ենթադրում է նաև մատյանների լրացում: Համակարգը նաև հնարավորություն է տալիս բժշկին նույն պացիենտի համար հաջորդ այցի ժամանակ ավելի արագ և մի քանի հպումով դուրս գրել դեղատոմսը: Բացի այդ, թղթերի, մատյանների, ստորագրությունների, կնիքների անհրաժեշտություն չի առաջանում, և պացիենտը բժշկի սենյակից ուղիղ դիմում է դեղատուն: Շտապօգնության բժիշկը կարո՞ղ է դուրս գրել էլեկտրոնային դեղատոմս Շտապօգնության բժիշկը որևէ դեղ դուրս չի գրում, քանի որ տվյալ պահին ախտորոշում իրականացնելը և երկարաժամկետ նշանակում անելը չի մտնում շտապօգնության բժշկի պարտականության մեջ: Նա տեղում գնահատում է պացիենտի վիճակը, եթե վերահսկելի է, ցուցաբերում է անհրաժեշտ բուժօգնությունը կամ կազմակերպում է հոսպիտալացումը համապատասխան բուժհաստատություն: Մյուս հարցերին և մասնագիտական պատասխաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:  
17:29 - 19 մարտի, 2024
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ

Անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում սահմանված պահանջների կատարումը և առկա խոչընդոտները քննարկելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ:   Քննարկվել են, մասնավորապես, վերակենդանացման բաժանմունք ընդունվող պացիենտների վիճակի գնահատման ներկայիս չափանիշները, դրանք հստակեցնելու, անհետաձգելի բժշկական օգնության մակարդակները սահմանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բժշկական կենտրոնների` պահանջվող սարքավորումներով ապահովվածության հետ կապված խնդիրները:   Նախարարը նշել է, կյանքին սպառնացող վիճակների և հիվանդությունների ճիշտ կառավարման առումով անհրաժեշտ է ոչ թե նվազեցնել պահանջները` համապատասխանեցնելով տեղում առկա իրավիճակին, այլ համատեղ ուժերով հասցեագրել մարզային բժշկական կենտրոնների կողմից սարքերի ձեռքբերման հետ կապված խնդիրները և լուծումներ տալ, ինչը նաև լավ հնարավորություն է մասնագետների համար` աշխատելու կոնրկետ չափանիշներով և անհրաժեշտ սարքավորումներով:   Մասնագետները քննարկել են նաև անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում չափորոշիչների վերանայման, միջազգային դասակարգումներով ընդունված պահանջների ապահովման հետ կապված այլ հարցեր:
20:49 - 14 մարտի, 2024
Արարատի մարզի 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո. ԱՆ

Արարատի մարզի 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո. ԱՆ

Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: «Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատ» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»: Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը հետագա հետազոտման և բուժման նպատակով։ Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։ 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել, և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։ Ի պատասխան մամուլի հրապարակումների` հայտնում ենք, որ երեխայի մահվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:11 - 11 մարտի, 2024
ՀՀ-ում ջրծաղիկով վարակված երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում |armeniasputnik.am|

ՀՀ-ում ջրծաղիկով վարակված երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանում 9 տարեկան տղա է մահացել. Արարատի մարզի բնակչի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը։ «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով երեխա է մահացել։ «Երեխան վարակված է եղել ջրծաղիկով, գտնվել է տանը։ Փորացավ է ունեցել, դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ ամբուլատոր օգնություն են ցույց տվել, ցավազրկող նոշպա են ներարկել, որից հետո երեխային տուն են ուղարկել։ Փորացավը շարունակվել է, որից հետո կրկին դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ հերթապահ բժիշկները պայմանավորվել են Երևանի մեկ այլ հիվանդանոցի հետ՝ երեխային այնտեղ տեղափոխելու, ախտորոշումը ճշտելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Արարատից շտապօգնության մեքենայով Երևան հասնելու ճանապարհին երեխայի վիճակը վատացել է, և սրտի կանգ է գրանցվել։ Ուղեկցող ռեանիմատոլոգը վերակենդանացման միջոցառումներ է ձեռնարկել, և քանի որ ամենամոտ բուժհաստատությունը եղել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն, երեխային տեղափոխել են այդտեղ։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում շարունակվել են վերակենդանացման միջոցառումները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և երեխան մահացել է։ Թե ինչն է իրականում եղել երեխայի մահվան պատճառը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։
15:46 - 11 մարտի, 2024
Համակարգը նորմալ աշխատում է. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերից դժգոհությունների մասին
 |1lurer.am|

Համակարգը նորմալ աշխատում է. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերից դժգոհությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Համակարգը նորմալ աշխատում է, բայց, իհարկե, հասկանում ենք, որ ցանկացած նոր ներդրված որևէ ինստիտուտի ներդրման պարագայում լինում է նաև ընթացիկ տեղեկատվության պակաս, համակարգից օգտվելու որոշակի բարդություններ. մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր բողոքները, խնդիրները. եթե խնդիրներ կան, արագ լուծումներ են տրվում, ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը, և օրական ռեժիմով մենք պատասխանում ենք դրանց: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերի համակարգից եղած դժգոհություններին: «Ասեմ, որ այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել. այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է, բայց, իհարկե, ես նաև հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը: Հասկանալով, որ ցանկացած էլեկտրոնային և նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են որոշակի դժվարություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները նպաստում են առաջին հերթին հենց մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, թափանցիկությանը համակարգի, և վստահ եմ, որ այս քայլերն են, որ պիտի նպաստեն հետագայում ավելի հեշտ օգտագործելի էլեկտրոնային հարթակների հասանելիության համար»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ բողոքները վերաբերում են տեղեկատվության պակասին: «Մարդկանց մոտ երբեմն շփոթություն է լինում, որ, օրինակ, ինչ-որ մի դեղ, որը երկար օգտագործել է, ամեն անգամ պետք է գնան բժշկի խորհրդատվության, որ կարողանան դեղատոմս դուրս գրել. մենք տեղեկացնում ենք, որ ոչ. դրա անհրաժեշտությունը չկա: Կարող են մեկանգամյա դեղատոմսով բավականին երկար ժամանակի համար դուրս գրել դեղեր, և քաղաքացին ամեն անգամ բժշկի չպետք է գնա»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
13:19 - 07 մարտի, 2024
Առողջապահության նախարարությունը հրապարակել է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկը

Առողջապահության նախարարությունը հրապարակել է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկը

Առողջապահության նախարարությունը հրապարակել է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկը։  ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման առանձնացված խմբեր և դրանց անատոմիական-բուժական-քիմիական (АТC) ծածկագրեր համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղեր հակաբակտերիային դեղեր (ATC J01)  հակասնկային դեղեր (ATC J02/D01B)  հակամիկոբակտերիային դեղեր (ATC J04)  հակավիրուսային դեղեր (ATC J05)  իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ (ATC J06)  պատվաստանյութեր (ATC J07) աղիքային հակավարակային դեղեր (A07A) հակապրոտոզոային դեղեր (P01A) միզոպրոստոլ պարունակող դեղեր (ATC G02AD06/A02BB01) համակարգային ազդեցությամբ հորմոնային դեղեր (ATC H01-H05) Հորդորում ենք, ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս փուլում առանձնացված են համակարգային ազդեցությամբ հակավարակային և հորմոնային դեղերը, որոնց ATC ծածկագրերը տարբերվում են դրանց տեղային ազդեցությամբ տարբերակների ծածկագրերից, որոնք էլ ընդգրկված չեն այս փուլում առանձնացված խմբերում: Օրինակ՝ գենտամիցին պարունակող դեղի տեղային կիրառման միաբաղադրատարր դեղաձևերի (քսուք, նրբաքսուք, լուծույթ) ATC ծածկագիրն է D06AX07, գենտամիցին պարունակող աչքի համար նախատեսված դեղաձևերինը՝ S01AA11, գենտամիցին պարունակող ականջի համար նախատեսված դեղաձևերինը՝ S02AA14, գենտամիցին պարունակող միաժամանակ աչքի և ականջի դեղաձևերինը՝ S03AA06, իսկ գենտամիցին պարունակող ներարկման լուծույթներինը՝ J01GB03: Հետևաբար, 2024 թվականի մարտի մեկից պարտադիր դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում պետք է դիտարկել միայն վերջինը՝ ներարկման լուծույթը, որի ATC ծածկագիրն է J01GB03: Որպես օժանդակ տեղեկատվական աղբյուր կարելի է օգտվել նաև ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կայքի «Դեղերի գրանցումը» բաժնում առկա գրանցված դեղերի ցանկից՝ 31.01.2024թ. դրությամբ. https://pharm.am/index.php/am/2014-09-16-06-29-36/102-2015-04-06-14-11-25 Ցանկը ներառում է ինչպես համընդհանուր, այնպես էլ առևտրային անվանումները, ինչպես նաև ATC ծածկագիրը և բաց թողնման կարգավիճակը: Դեղերի համընդհանուր անվանումների և ATC ծածկագրերի մասին ավելի մանրամասն տվյալները հասանելի են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցող կենտրոնի կայքում.  https://www.whocc.no/atc_ddd_index/»,-նշված է հաղորդագրությունում։
21:16 - 04 մարտի, 2024
Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը դեղատների և բուժհաստատությունների վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում․ Ավետ Մանուկյան
 |armenpress.am|

Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը դեղատների և բուժհաստատությունների վրա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում․ Ավետ Մանուկյան |armenpress.am|

armenpress.am: 470 անուն դեղ՝ hակաբիոտիկներ, հակասնկային, հակավիրուսային դեղամիջոցներ, մարտի 1-ից վաճառվում են  էլեկտրոնային դեղատոմսերով։ Կարգն ուժի մեջ է մտել, բայց տեղեկություններ կան, որ ոչ բոլոր դեղատներն են պատրաստ կամ նույնիսկ կան դեղատներ, որ միացած չեն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին, չեն կարող տեսնել դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը:  Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։   -Մարտի 1-ից 470 անուն դեղ՝ hակաբիոտիկներ, հակասնկային, հակավիրուսային դեղամիջոցներ վաճառվում են  էլեկտրոնային դեղատոմսերով։ Կարգն ուժի մեջ է մտել, բայց տեղեկություններ կան, որ ոչ բոլոր դեղատներն են պատրաստ, կամ անգամ կան դեղատներ, որ միացած չեն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին,  չեն կարող տեսնել դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը: Այս  երկու-երեք օրվա ընթացքում  ի՞նչ խնդիրներ եք  ձեր մասով արձանագրել, և ինչո՞ւ մինչև կարգն ուժի մեջ մտնելը միացումները չեն ապահովվել: -  ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատշաճ կերպով   ծանուցվել են և կազմակերպվել բազմաթիվ թրեյնինգներ, գործընթացի ներդրման և դեղատների կողմից մինչև մարտի 1-ը ԱՐՄԵԴ-ի հետ պայմանագրեր կնքելու մասին: Պատրաստվել էին համապատասխան ուղեցույցներ՝ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը:  Բայց  չնայած դրան՝ միայն մարտի 1-ին և մարտի  2 -ին ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը լրացուցիչ  հայտեր է ստացել ավելի քան 500  դեղատնից: Ընդ որում,  օրենքի պահանջ է նաև, որ  դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր լիցենզավորված անձինք, լիցենզիա ստանալուց հետո, պետք է միանան ԱՐՄԵԴ համակարգին: Բայց բնական է, իհարկե, որ ցանկացած նոր համակարգի ներդրման սկիզբը ցույց է տալիս խնդիրներն ու բացթողումները: Կարևոր է դրանց արձագանքելն ու ժամանակին լուծումներ տալը: Հիմա մեր թիմն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, որպեսզի ստացված բոլոր հայտերը սեղմ ժամկետներում սպասարկվեն, և քաղաքացիները դեղատներում սպասարկվելու խնդիր չունենան: -Մամուլում հրապարակում եղավ, թե ԱՐՄԵԴ համակարգին միանալը կարող է լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն առաջացնել դեղատների համար: Կա՞ նման բան: - Էլեկտրոնային դեղատոմսերի  ներդրումը ո՛չ դեղատների, ո՛չ բուժհաստատությունների վրա որևէ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում: Այդ  անանուն աղբյուրներին հղումներով  հրապարակումները իրականությանը բացարձակապես  չեն համապատասխանում և հավանաբար այլ նպատակներ են հետապնդում: Դեղատների հետ պայմանագրերի կնքումն ու սպասարկումը  իրականացվում է անվճար: -Հիմա ի՞նչ պետք է անեն այն դեղատները, որոնք դեռ միացած չեն ԱՐՄԵԴ համակարգին: Եվ այս իրավիճակում կա՞  արդյոք դժվարություն մարզային դեղատների համար: -Առողջապահության նախարարության կողմից ուղարկված ուղեցույցերում , որքանով տեղյակ եմ, նշված է քայլերի հաջորդականությունը: Եթե դեռևս կան դեղատներ, որոնք միացած չեն, պետք է, ինչպես մյուսները,  հայտ ներկայացնեն՝ ԱՐՄԵԴ-ին միանալու համար, և մենք փորձելու ենք հնարավորինս արագ ապահովել։ Էլեկտրոնային  դեղատոմսերով  աշխատելու համար դեղատների համար լրացուցիչ տեխնիկական ծանրաբեռնվածություն ևս չի ավելանում՝ կապ չունի մարզային, թե մայրաքաղաքային դեղատներ են: Դեղատներում համակարգչի  և ինտերնետ կապի առկայությունը բավարար է էլեկտրոնային դեղատոմսերով աշխատելու համար:      
15:43 - 04 մարտի, 2024
Անձի 65 տարին լրանալն այլևս արգելք չէ կենդանի դոնոր հանդես գալու համար. փոխնախարար
 |armenpress.am|

Անձի 65 տարին լրանալն այլևս արգելք չէ կենդանի դոնոր հանդես գալու համար. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն առաջարկում է օրենսդրական ամրագրում տալ «կենսաբանական մահ» հասկացությանը, ինչպես նաև սահմանել օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը՝ ներկայացնելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Փոխնախարարի խոսքով՝ ներկայումս գործող «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2002 թվականին: Օրենքի ընդունումից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ էական փոփոխությունների, ուստի, օրենքի և այլ ոլորտային օրենքների միջև համապատասխանությունն ապահովելու և փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սույն նախագծի մշակումը։ «Նախագծով կատարվող փոփոխության շրջանակներում օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի սահմանվում է նաև կենսաբանական մահվան հասկացությունը, ինչն անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում: Ներկա բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի և եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված մահվան փուլում գտնվող անձից հիվանդանոցային պայմաններում։ Միևնույն ժամանակ, առավել ընդունելի և կիրառելի է մահացած մարդու մարմնից, դիակից եղջերաթաղանթի դոնորությունը, որն իրականացվում է դիահերձարանային պայմաններում։ Ուստի, մահացած մարդու մարմնից եղջերաթաղանթի դիակային դոնորության դեպքում բժշկագիտորեն անընդունելի է ուղեղային մահվան փաստի հաստատումը, քանի որ այլևս բացակայում են օրգանիզմի ֆիզիոլոգիական ողջ ֆունկցիաները և դրանց արհեստական ապահովումը դեղերի սնուցման և բժշկական սարքավորումների միջոցով։ Բացի օրենքով սահմանված կենդանի դոնորներից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է լիազորություն՝ սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը»,-ասաց փոխնախարարը։ Նախագծով վերանայվել են նաև փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները և ամրագրվել է, որ վերջինս իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ:  «Բացի այդ, նախագծով այլ փոփոխության համաձայն՝ անձի 65 տարին լրանալն այլևս արգելք չէ կենդանի դոնոր հանդես գալու համար: Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն դրույթներ նաև լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին՝ որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ»,-եզրափակեց փոխնախարարը։
13:08 - 28 փետրվարի, 2024
Բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը կհետաձգվի |armenpress.am|

Բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը կհետաձգվի |armenpress.am|

armenpress.am: Բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման գործունեության համար լիցենզավորման պահանջի վերաբերյալ սահմանված անցումային շրջանը կերկարաձգվի։ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Գասպարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշեց, որ գործող օրենքով սահմանվել է անցումային շրջան, ըստ որի՝ նշված պահանջները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը չեն տարածվելու մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը (2022 թվականի հոկտեմբերի 22) ՀՀ-ում բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների վրա։ «Սահմանվել են բժշկական արտադրատեսակների արտադրության, ինչպես նաև սպասարկման լիցենզավորման կարգերը»,-հավելեց փոխնախարարը։ Նշված կարգերի համաձայն՝ բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման համար լիցենզիաները տալիս է Առողջապահության նախարարությունը՝ փորձագիտական կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության հիման վրա: Ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունման հետաձգումը կրճատել է տնտեսվարող սուբյեկտներին լիցենզավորման գործընթացին պատրաստվելու և սահմանված պահանջները կատարելու համար տրված անցումային շրջանը: Հատկապես ժամանակատար է տնտեսվարողների կողմից որակի կառավարման համակարգերի ներդրումը և համապատասխան հավաստագրումը, որը միջինում տևում է 7-9 ամիս: Նկատի ունենալով խնդիրը՝ նախագծով առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվողներին լիցենզավորման պարտադիր պահանջը 2024 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
12:04 - 28 փետրվարի, 2024
Ի՞նչ դեղեր հնարավոր չի լինի մարտից գնել ՀՀ-ում առանց դեղատոմսի. պարզաբանում է փոխնախարարը
 |armeniasputnik.am|

Ի՞նչ դեղեր հնարավոր չի լինի մարտից գնել ՀՀ-ում առանց դեղատոմսի. պարզաբանում է փոխնախարարը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում մարտից մի շարք դեղեր չեն կարողանա գնել առանց էլեկտրոնային դեղատոմսի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։ Նշենք, որ էլեկտրոնային դեղատոմսի համակարգը մեկնարկել է 2022 թվականի հուլիս ամսից, այն փուլային սկզբունքով է ներդրվել։ Սկզբնական փուլում կենտրոնական գնումներով ստացված դեղորայքն է ներդրվել, մեկնարկել է 1 պոլիկլինիկայի բազայի հիման վրա։ Հետագայում հաշվի են առնվել բոլոր տեխնիկական խնդիրները, ու կարգը հերթով տարածվել է հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում։ Այս ամենից հետո ներդրվել է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու փուլը։ Շուտով ամբողջությամբ կբացառվի թղթային տարբերակով դեղատոմսի դուրսգրումը։ «Մարտ ամսից դեղատոմսով են դառնալու բոլոր հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերն ու իմունային շիճուկները, ինչպես նաև իմունոգլոբուլինը, պատվաստանյութերը և միզոպրոստոլ պարունակող դեղերը»,– նշեց ԱՆ փոխնախարարը։ Փոխնախարարը նաև շեշտեց, որ միայն կենտրոնացված գնումներով ստացած դեղորայքից պիլոտային ծրագրի շրջանակում 1,7 մլն–ից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար և արտոնյալ պայմաններով` մոտ 600 000։ Այսինքն` բոլոր դեղատոմսերը դուրս են գրել առաջնային օղակի բժիշկները և ներգրավված են առաջնային օղակի բոլոր հիմնարկները։ 
11:58 - 28 փետրվարի, 2024