ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ: Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան: Վարչապետի առաջին կանգառը եղել է Մեդովկայի միջնակարգ դպրոցում: Նիկոլ Փաշինյանը շրջել է նորակառույց դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2020 թ․ նոյեմբերին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 860 մլն 153 հազար դրամ է։ Հաջորդիվ վարչապետն այցելել է մարզի մի շարք դպրոցներ, որտեղ կառուցվել են նոր մարզադահլիճներ: Ստեփանավանի N 1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքները սկսվել էին 2022 թ․ մայիսի 30-ին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 270 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 178 մլն դրամ է։ Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 հիմնական դպրոցի մարզադահլիճի վերակառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022 թ․ հունիսին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 276 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 89,8 մլն դրամ է։ Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան N 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022 թ․ հունիսին։ Մարզադահլիճի ներքին մակերեսը 336 քմ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 256,8 մլն դրամ է։ Վարչապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել իրականացված շտկումները, սակայն միաժամանակ ընդգծել շինարարական աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ անորակ աշխատանք չի ընդունվելու: Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Վանաձորի 3,9 կմ երկարությամբ Դեմիրճյան փողոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 930 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանն այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց, ծանոթացել ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը: Վերջինիս ղեկավարները նշել են, որ տնտեսությունն ունի 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ սպանդանոցը ծառայություններ է մատուցում նաև տարածաշրջանի այլ ֆերմերային տնտեսություններին: Վարչապետը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու վերջինիս զարգացմանը: Վարչապետը Ստեփանավանում ծաղիկներ է խոնարհել «Հայրենական մեծ» պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին, Վանաձորում` հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Կառավարության ղեկավարի Լոռու մարզ կատարած այցի վերջին կանգառը եղել է Սպիտակ-Վանաձոր ճանապարհահատվածում, որտեղ 11 կմ հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի իրականացման արժեքը կազմում է 3 մլրդ 153 մլն դրամ: Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին:
10:10 - 21 ապրիլի, 2024
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ |armenpress.am|

Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Ի՞նչ է սա նշանակում:   Պատասխան – Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման: Հարց - Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում այս գործընթացը: Պատասխան – Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Կարևոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Կարևոր է նաև արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաև Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջև և կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց: Հարց – Այսօրվա հայտարարության մեջ նշվում է նաև, որ եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրում կարձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրից տարբերվող այլ հիմնարար սկզբունք, սահմանազատման Կանոնակարգը կհամապատասխանեցվի այդ սկզբունքին: Արդյո՞ք սա Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարման հիմք չի ստեղծում: Պատասխան – Ոչ: Հանձնաժողովները պարզապես արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմանագիրը բանակցվում է այլ ֆորմատով և ունենալու է ավելի բարձր կարգավիճակ, նրա ուժի մեջ մտնելուց հետո, եթե պարզվի, որ Կանոնակարգը հակասություն ունի ավելի բարձր իրավական նշանակության փաստաթղթի հետ, այն պետք է համապատասխանեցվի դրան, որովհետև կրկնենք՝ Խաղաղության պայմանագրի կարգավիճակը շատ ավելի բարձր է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, և այն որպես բազային սկզբունք արդեն իսկ համաձայնեցված է բարձրագույն մակարդակում: Հարց - Սահմանազատման հանձնաժողովների համատեղ մամլո հաղորդագրության մեջ հիշատակվում է նաև անկլավ/էքսկլավների հարցը, ի՞նչ է դա նշանակում: Պատասխան – Հանձնաժողովները պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը (այսինքն՝ հաջորդիվ սահմանի ո՞ր հատվածներն են վերարտադրվելու) և այս համատեքստում անդրադարձ են կատարելու նաև անկլավ/էքսկլավների հարցին: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետև Արծվաշենը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է: Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, և նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը: Հարց – Փաստորեն սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին: Ի՞նչ ժամկետներում է դա տեղի ունենալու: Պատասխան – Դա տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների: Հարց – Իսկ գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից: Պատասխան – Ոչ: Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան: Հարց – Իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի՞ ունենում: Պատասխան – Ոչ: Այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում: Հարց - Սահմանազատման այս գործընթացի արդյունքում մի շարք հատվածներում Ադրբեջանը ընդհուպ մոտենալու է Կիրանց, Ոսկեպար գյուղերին: Ինչպե՞ս է ապահովվելու այդ գյուղերի անվտանգությունը: Պատասխան – Նախ արձանագրենք, որ Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, և չմոռանանք նաև, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման և դետալացման կարժանանան: Հարց - Նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ: Ի՞նչ է ստանում Հայաստանը: Պատասխան – Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները: Նկարում այսօրվա պայմանավորվածություններն արտահայտող քարտեզ է:
17:27 - 19 ապրիլի, 2024
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ՀՀ կառավարության իրականացրած քայլերին: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
18:40 - 18 ապրիլի, 2024
Մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն

Մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն

Կառավարությունը ապրիլի 18-ի նիստում ընդունել է որոշում, որի արդյունքում քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն: «Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող, ուսուցանման ու գրագիտության հետ կապված անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչելուն, ինչպես նաև ուրոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների՝ առանց ախտանիշների հաստատված գիշերամիզություն հիվանդություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառողների զորացրման դեպքերին: «Վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակները առաջարկվում է ճանաչել սահմանափակում պիտանի զինվորական ծառայության համար, ինչպես նաև սահմանվում են զինվորական ծառայության սահմանափակումները, որոնց շրջանակում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, գիշերամիզություն հիվանդությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության, արգելվում է տրանսպորտային միջոցներ և տեխնիկա վարելը, անձնակազմ ղեկավարելը»,- ասել է նախարարը: Սուրեն Պապիկյանը պարզաբանել է՝ գիշերամիզությամբ այսօր էլ զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելու մասին է: «Վիճակագրական տվյալները մեզ ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա: Խոսքն անգամների մասին է: Խորհրդակցել ենք նաև Առողջապահության նախարարության հետ, և խոսքն այնպիսի հիվանդությունների մասին է, որոնք ծառայության ընթացքում որևէ կերպ չեն կարող վնասել մարդու առողջությունը», -ասել է Սուրեն Պապիկյանը: Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցն ունի և՛ քաղաքական, և՛ մասնագիտական հիմնավորման խնդիր. «Երբ մենք վիճակագրությունները նայում ենք՝ տեսնում ենք, որ անկանոնությունները շատ են: Այս թեման ուսումնասիրելիս՝ մենք մի քանի պրոբլեմների հետ ենք բախվել, որովհետև շատ դեպքերում առաջնորդվում ենք լավատեսության կանխավարկածով, որ եթե խոսքը վերաբերում է հայրենիքին, հայրենասիրությանը և այլն, այդտեղ պետք չի շատ մեղավորության կանխավարկածով առաջնորդվել: Բայց երբ թեմաների մեջ խորանում ենք՝ տեսնում ենք, որ կան բազմաթիվ պրոբլեմներ, բազմաթիվ սողանքներ, և նաև մեր պրակտիկան է թույլ տալիս եզրակացնել, որ այդ սողանցքները լայնորեն օգտագործվում են: Վերջին շրջանում մեր իրավապահ համակարգում եթե չասեմ բազմաթիվ, գոնե մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային համակարգի, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ են գործում: Պետական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում ընդհանրապես մենք մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք, որ ես անկեղծ ասեմ՝ այդպիսի բան իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան ընդհանարապես, երբ, օրինակ, որ զորակոչիկի, մարդու ուղեղում կիստա կա, դա արձանագրվում է, բայց հնարավոր չէ նույնականացնել այն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ քսերոքսով բոլորի գործերի մեջ դնում ենք ու այդպես ազատում ենք: Այսինքն՝ այդ կարգի խորը խնդիրներ և պրոբլեմներ կան: Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ում մտքով կանցնի՝ լինել երկրի, կառավարության անդամ կամ վարչապետ կամ մտքովդ անցնի, որ երկրի պետության, ազգի էլիտար երկու մասնագիտություն ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության: Ո՞ւմ մտքով կարող է այդպիսի բան անցնել: Շատ էական է, որ այս ահազանգերը, այս իրավիճակները, մենք այդ համակարգերից չենք ստացել, համակարգերը չեն մեզ կարմիր դրոշ ծածանել, որ ժողովուրդ, այստեղ պրոբլեմ կա, կարգավորեք: Մենք լրիվ ուրիշ դեպքերով, ուրիշ տեղերով գնալով ենք հասկացել, որ այստեղ խնդիր կա: Բայց պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ այն առաջնային օղակների մարդիկ, ովքեր առնչվում են նման դեպքերի հետ, պետք է կառավարությանը, պետությանն ասեն՝ հարգելի կառավարություն, այսպիսի պրոբլեմ կա, վերադասության կարգով այդ ժամանակ պետք է զեկուցեն: Հիմա ես ուզում եմ տալ հարց, որը հռետորական է և հռետորական չէ՝ իսկ ինչի՞ առողջապահության առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար, ինչի պաշտպանության առաջանային, զորահավաքային առաջնային օղակը չի զեկուցել մինչև նախարար: Ինչի՞: Համակարգն այդտեղ է համակարգ, որ վերադասության կարգով զեկուցում են, ասում են՝ պրոբլեմ կա: Ես չեմ հիշում մի դեպք, որ մեզ առաջնային օղակներից այդպիսի զեկույցներ եկած լինեն, չկա այդպիսի դեպք ուղղակի: Այստեղ է խոր համակարգային, պետական համակարգի ճգնաժամը երևում: Մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրանից: Այս ամեն ինչով, ովքեր զբաղվել են մինչև հիմա, ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն: Ով զբաղվել է վերջին 5 տարում և չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, ինչքան էլ տգեղ հնչի, խնդիր եմ դնում, չեմ ասում՝ 1 օրվա ընթացքում, ամսվա ընթացքում, ընդհանրապես թող այդտեղ չաշխատի, թեմայի հետ թող առնչություն չունենա»»,- նշված է Կառավարության հաղորդագրության մեջ:
16:02 - 18 ապրիլի, 2024
Նիկոլ Փաշինյանը խոր խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում
 |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը խոր խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգի առաջնային օղակում խոր խնդիրներ է տեսնում։ Վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում։  Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ պետական համակարգի կառավարման առաջնային օղակներից բարձրաձայնվի որևէ խնդրի մասին։  «Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, առողջապահության  համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ էին գործում, և պետական վերահսկողական ծառայության ստուգման արդյունքում մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք. իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան։ Արձանագրվել էր, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց դա հնարավոր չէ նույնականացնել. այն հետազոտության տվյալը, որի հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ «տիպային» կիստա ունենք, պատճենով բոլորի գործերի մեջ դնում ենք և ազատում։ Այսինքն, այսպիսի խորը խնդիրներ կան։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ երկրի էլիտար երկու մասնագիտություն ունեցող ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն էական է համարում այն, որ այս ահազանգերը և իրավիճակները տվյալ համակարգերից չեն ստացել։ «Մենք լրիվ ուրիշ դեպքերով և ուրիշ տեղերով գնացել և հասկացել ենք, որ այստեղ խնդիր կա։ Բայց պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ առաջնային օղակի մարդիկ ասեն, որ այստեղ խնդիր կա։   Ես ուզում եմ տալ հարց, որը և հռետորական է, և ոչ։ Ինչո՞ւ առողջապահության նախարարության և պաշտպանության նախարարության առաջնային օղակները չեն զեկուցել կառավարությանը: Չեմ հիշում մի դեպք, որ առաջնային օղակներից զեկույցներ եկած լինի։ Չկա այդպիսի դեպք։ Այստեղ է խորը պետական համակարգի ճգնաժամը երևում»,- եզրափակեց Փաշինյանը։
13:33 - 18 ապրիլի, 2024
Կառավարությունը հաստատել է Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում |1lurer.am|

Կառավարությունը հաստատել է Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: «Այս որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից, ըստ որի բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով, ուսումնական հաստատության խորհրդում գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության համաձայն՝ համալսարանի հիմնադիրը ՀՀ-ն է՝ ի դեմս ՀՀ կառավարության: Բուհի կանոնադրության համաձայն՝ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ: Այս տարվա մարտի 29-ին տեղի է ունեցել Բրյուսովի անվան պետական համալսարանի հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը: Մրցույթն ընթացել է համաձայն կանոնակարգի, և նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամի կողմ քվեարկության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում հինգ տարի ժամկետով: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պետք է նշեմ, որ պարոն Գյուրջինյանը արդեն մեկ տարի իրականացնում էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, և այս ընթացքում էլ կարծում եմ, որ շատ հաջողությամբ է իրականացրել աշխատանքը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Նախ ուզում եմ շնորհակալաություն հայտնել Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդին՝ նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ԿԳՄՍ նախարարությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանին, որոնք այդ մեկ տարվա ընթացքում աջակցեցին ինձ համալսարանը դուրս բերելու ճգնաժամից և աջակցեցին նոր ծրագրեր իրականացնելու հարցում: Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանը պիտի վերադառնա իր նախկին կոչմանը, որն է լեզվաբանական և լեզվահասարագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը, և այս անորոշ անունը ժամանակավրեպ է՝ այսօր ուղղակի պետական համալսարան. ոչ տեղորոշված է, ոչ էլ մասնագիտություն կա այս անվան մեջ: Հետագայում ակնկալում եմ լիազոր մարմնի և Կառավարության աջակցությունն այս հարցում նույնպես»,- ասաց համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը: «Իհարկե, Կառավարությունը կաջակցի Ձեր ասած հարցում, և Կառավարությունն էլ Ձեզնից է աջակցություն ակնկալում, որովհետև գիտեք, որ բարձրագույն կրթության ոլորտում մենք բարեփոխումների շատ հավակնոտ ծրագիր ունենք, բայց բացի հավակնոտ ծրագրից՝ մենք կարիք ունենք ամբողջապես և օբյեկտիվորեն հասկանալու բուհական համակարգի կարիքները: Մենք կարող ենք ունենալ որոշակի մոտեցումներ, տպավորություններ, բայց մեզ համար կարևոր է, որ ներսից շահագրգիռ ուղերձներ գան դեպի Կառավարություն, որպեսզի նաև այդ կոմունիկացիան ճիշտ լինի»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
12:33 - 18 ապրիլի, 2024
Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչատնտեսական կառավարման մասով հաստիք կառանձնացվի
 |1lurer.am|

Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչատնտեսական կառավարման մասով հաստիք կառանձնացվի |1lurer.am|

1lurer.am: Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը:  Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 18-ի նիստին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: «Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի հաստիքին, անցնում է հավաստագրման գործընթաց, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացություն է ստուգում: Հավաստագիր ունեցող անձինք հիմնականում դիմում են տնօրենի թափուր տեղի մրցույթին՝ ներկայացնելով զարգացման ծրագիր: Զարգացման ծրագիրը փորձաքննվում է մրցույթով ընտրված երկու անկախ կազմակերպությունների կողմից, և զարգացման ծրագրի փորձաքննության արդյունքում դրական շեմը հաղթահարած, ծրագրեր ներկայացրած հավակնորդներն արդեն գալիս են հարցազրույցի, որն իրականացվում է նախարարությունում լիազոր մարմնի հետ համատեղ»,- ասաց նախարարը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ միջինում մոտ 15 տոկոսն է, որ դրական շեմը հաղթահարում է զարգացման ծրագիր ներկայացնելու փուլում, այսինքն՝ շուրջ 85 տոկոսը դրական գնահատական չի ստանում, և այս 15 տոկոսից էլ շուրջ 60 տոկոսն էլ չի հաղթահարում հարցազրույցի փուլը, ինչն ըստ նախարարի նշանակում է՝ կարողությունների զարգացման լուրջ խնդիր կա: Արձաքանգելով որոշման նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաճախ դպրոցներում խնդիրներ են ծագում, որոնք տեղում պետք է լուծել գրություններ գրելու փոխարեն: «Դպրոցների կառավարման և՛ տնօրենների, և՛ վարչատնտեսական մասի ղեկավարների կառավարչական հմտություններ, մարտավարական և ռազմավարական պատկերացումներ ունենալը շատ կարևոր բան է»,- ասաց Փաշինյանը:   Որոշման նախագծով առաջարկվող կարևոր փոփոխություններից է նաև այն, որ կանոնադրության փոփոխություններով ամրագրվում է կրթահամալիրների՝ համայնքային կենտրոններ լինելու գաղափարը: «Այժմ կանոնադրությամբ հաստատության խորհրդին են վերապահվում վերահսկողական գործառույթներ՝ հետևելու կրթահամալիրների՝ որպես համայնքային զարգացման կենտրոն գործելու հանգամանքին, մասնավորապես, պետք է հաստատվի մարզադահլիճների և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը: Պետք է ապահովվի, որպեսզի այստեղ մենք իրականացնենք նախադպրոցական, դպրոցական կրթություն, ոչ ֆորմալ կրթություն, մարզաձևերով զբաղվելու հնարավորություն, մեծահասակների կրթություն և համայնքին ու բնակիչներին լիարժեք տրամադրելու, ըստ անհրաժեշտության՝ տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություն»,- ասաց նախարարը: Առանձին կհաստատվի նաև հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնների կանոնադրությունը: «Մենք մեր հատուկ դպրոցները, որոնք դեռևս գործում են, նպատակ ունենք վերածել ռեսուրս-կենտրոնների, որով նրանք ոչ թե երեխաների կրթություն կիրականացնեն առավելապես, այլ կտրամադրեն մասնագիտական ծառայություններ և աջակցություն մեր հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և այդ դպրոցներում իրենց կրթությունը ստացող երեխաների համար, ինչպես նաև կվերապատրաստեն համապատասխան մասնագետներին»,- ասաց նա:
12:06 - 18 ապրիլի, 2024
ՊՆ-ն կկրճատի ոչ պիտանի ճանաչման հիվանդությունների ցանկը |civilnet.am|

ՊՆ-ն կկրճատի ոչ պիտանի ճանաչման հիվանդությունների ցանկը |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Կառավարությունն ապրիլի 18-ին ընդունելու է որոշում, որով թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Պաշտպանության նախարարության հիմնավորման համաձայն՝ այս հիվանդություններով զորակոչից զորակոչ ազատվող անձանց թիվն ամեն տարի աճել է։ Այսպես՝ թեթև աստիճանի մտավոր հետամնացության ախտանշաններով եթե 2020-ին ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, 2022-ի ձմեռային զորակոչի ժամանակ այդ թիվը հասել է 321-ի։ Գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների՝ կիստաների ախտանշաններով ոչ պիտանի ճանաչվելու հնարավորությունը ևս վերանում է։ «Նշված ախտորոշմամբ զորակոչիկներին հետազոտելու և փորձաքննելու համար մեծ մասամբ հիմք են հանդիսացել իրենց իսկ նախաձեռնությամբ իրականացված ՄՌՏ հետազոտությունների արդյունքները։ Մասնավորապես, 2023-ի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների կողմից ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ են ներկայացվել ավելի քան 1 400 ՄՌՏ հետազոտության տվյալ, որոնցից 737-ի դեպքում իրականացված առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության արդյունքում զորակոչիկները ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար»,- հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Նոր կարգավորմամբ վերը նշված երեք ախտանշանների դեպքում անձինք ոչ թե կճանաչվեն ոչ պիտանի, այլ կհամարվեն զինծառայության համար սահմանափակումով պիտանի։
10:34 - 18 ապրիլի, 2024
Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր

Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականցվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին: Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից և ընդգծել ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը: Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
19:03 - 17 ապրիլի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։  «Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ մայրուղուն: Մանրամասներ են ներկայացվել համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ: Նրա խոսքով, նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը՝ դրանով փորձելով կապ հաստատել Երևանի պատմության հետ: «Անցած անգամ մենք խոսում էինք «Հայֆիլմ»-ի հետ ինտեգրման մասին: Մենք ունեցել ենք չորս հաջողակ խմբեր, որոնք շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացրել, թե ինչպես կարելի է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը վերակենդանացնել: Հուսով եմ, որ կկարողանանք այս գաղափարները բերել Հայաստան»,- հավելել է GMP միջազգային ընկերության փոխտնօրենը: Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաև կայունության թեման, որովհետև Ակադեմիական քաղաքն ապագայի համար է և այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան: Վարչապետի խոսքով, քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան և պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին. «Տեսլականի առումով մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման և գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային: Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ վարչապետն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին: «Իմ տպավորությունը, անկեղծ ասեմ, այսօրվա գոնե առաջին հատվածից ես չէի սպասում, որ մենք հիմա կգնանք և կես ժամում կհասնենք այնտեղ»- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում և ով ամեն օր գալու է և գնա: Հանդիպմանը քննարկվել են նաև այն աշխատանքների շրջանակը, որոնք արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները: Քննարկումների արդյունքում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ նախագծի իրականացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
16:41 - 13 ապրիլի, 2024
Վարժական հավաքների շրջանակներում քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am կայքի միջոցով
 |armenpress.am|

Վարժական հավաքների շրջանակներում քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am կայքի միջոցով |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը կկարգավորի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների ու զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ գործող օրենքի համաձայն սահմանված է քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը։ Նա նշեց, որ այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա պատճառով հնարավոր չի լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը։ Ըստ նախարարի՝ նույն խնդիրը վերաբերվում է նաև վարժական հավաքների անցկացման նախապատրաստական փուլում զինկոմիսարիատի կողմից զինկոմիսարիատ հրավիրելու գործընթացին, որի դեպքում ևս վարժական հավաք հայտարարված չլինելու պատճառաբանությամբ քաղաքացիները հրաժարվում են ներկայանալ զինկոմիսարիատ։ «Այդ նպատակով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել․ ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am) քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը»,- ասաց նախարարը։ Նախարարը նաև ներկայացրեց, թե ծանուցումների ինչ հերթականություն է սահմանվում։ «Քաղաքացուն ծանուցումն առաջնային իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի (եթե ունի այդպիսի փոստ) հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով։ Ընդ որում, եթե առկա է քաղաքացու համաձայնությունը իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային հասցեով ուղարկված ծանուցումների միջոցով, ապա եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից։ Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացու ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով։ Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն  հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով կառավարության որոշմամբ սահմանված կարգով, իսկ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվելու է պատշաճ ծանուցված։ Սահմանվում է նաև, որ զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթաց՝ հայտարարվող վարժական հավաքին քաղաքացու մասնակցությունն ապահովելու նպատակով, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվարման մարմին»,- եզրափակեց նախարարը։
12:28 - 12 ապրիլի, 2024
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
 |news.am|

Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստըում հավանություն տվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելուն: 2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի նոյեմբերի 25-ին: 2016թ. նոյեմբերի 25-ին ուժի մեջ մտած՝ վերոնշյալ համաձայնագրի ժամկետը յոթ տարով  երկարաձգելու մասին հայտագրերի փոխանակմամբ կնքված Համաձայնության ժամկետը ավարտվում է 2023 թվականի նոյեմբերի 25-ին:      Համաձայնությամբ Համաձայնագրի գործողությունը ևս յոթ տարով երկարացնելը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն: Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն: Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները: Համաձայնագրով ՀՀ կառավարությունը նաև պարտավորվում է. - առանց ԱՄՆ-ի կառավարության նախօրոք գրավոր համաձայնության չփոխանցել ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, ուսուցման և ծառայությունների սեփականության կամ տիրապետման իրավունքը որևէ այլ անձի, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակներով, ապահովել դրանց անվտանգությունը, պաշտպանել դրանք յուրացումից կամ փոխակերպումից. - ազատել ԱՄՆ-ի կառավարությունը, բացառությամբ համապատասխան պայմանագրերով նախատեսված հայցերի, դատական պատասխանատվությունից և հայցերից` համաձայնագրի կատարման հետ կապված գործողությունների իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում որևէ անձի սեփականությանը հասցված կորստի կամ վնասի համար, և չպահանջել ԱՄՆ-ի կառավարությունից, նրա աշխատակիցներից, կապալառուներից և նրանց ծառայողներից ցանկացած անձի մահվան կամ վիրավորվելու հետ կապված փոխհատուցում: Ըստ համաձայնագրի` ԱՄՆ-ի կառավարությունը և նրա աշխատակիցները, կապալառուներն ու կապալառուների աշխատակիցները սույն համաձայնագրի կատարման ընթացքում ՀՀ տարածքում ազատվում են հարկեր, մաքսային և այլ տուրքեր վճարելուց, իսկ ԱՄՆ-ի ռազմական կամ քաղաքացիական անձնակազմերը, որոնք սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում գտնվում են ՀՀ տարածքում, օգտվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայով վարչական և տեխնիկական անձնակազմերի համար նախատեսված անձեռնմխելիությունից ու արտոնություններից:
10:57 - 12 ապրիլի, 2024
Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|

Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|

azatutyun.am:«Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով», - հայտարարում է հեղինակավոր Freedom House-ը՝ անցումային երկրների մասին նախօրեին հրապարակած զեկույցում։ Արձանագրելով, որ 2023-ին Հայաստանը լուրջ դրական բարեփոխումներ է կատարել դատական համակարգի, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության և տարածքային կառավարման ոլորտներում, զեկույցը նշում է. - «Թեև որոշ բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով»: Ժողովրդավարական կառավարում Վաշինգտոնում ավելի քան 75 տարի գործող իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ անցած տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը Երևանի ավագանու ընտրություններն էին։ «Հայաստանի բնակչության մեկ երրորդը մայրաքաղաքում է ապրում, և այս քվեարկությունը կարող է դիտարկվել որպես վստահության քննություն՝ 2021-ի արտահերթ և 2026-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արանքում», - նշում է Freedom House-ը, հավելելով՝ դիտորդները հիմնականում դրական են գնահատել ընտրությունների անցկացումը, արձանագրելով, որ այն զերծ է եղել ժամանակին տարածված ընտրակաշառքից ու ճնշումներից։ Միաժամանակ, ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքեր՝ հոգուտ իշխող կուսակցության։ Որպես օրինակ նշվում է մանկավարժների ու հանրային ծառայողների կազմակերպված մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին և տեղական բյուջեների աննախադեպ ծախսը տոնական միջոցառումների վրա, որոնց մասնակցել են իշխող կուսակցության թեկնածուները։ Զեկույցը փաստում է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.5 տոկոսը, ինչը «հատուկ է բևեռացված հասարակություններին, որտեղ քաղաքացիները հիասթափված են հետհեղափոխական էլիտաների ձախողումներից, միաժամանակ մերժում են նախկին ռեժիմի ներկայացուցիչների վերադարձը»։ «Թավշյա հեղափոխության ամենաշատ ազդարարված ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից ու օլիգարխներից, սակայն 2023-ը մտահոգիչ միտումներ ի ցույց դրեց. Infocom-ի ու CivilNet-ի անկախ հետաքննությունները քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ բացահայտեցին», - նշում է Freedom House-ը` մանրամասնելով. - «Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի համար գումար փոխանցած մարդկանց մեծ մասը տեղյակ չէին իրենց անունից արված նվիրատվություններից, կամ նվիրաբերել էր իր ստացած եկամտից ավելին։ Բացի այդ, նվիրատվությունների իրականացման գործում ներգրավված էր «Հայէկոնոմբանկ»-ը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին»։ «Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ, հերքել է դրանք», - նշում է Freedom House-ը: Որպես դրական զարգացում նշվում է՝ Կառավարությունը նոյեմբերին որոշում ընդունեց հօգուտ ապակենտրոնացման, ինչպես նաև գործողությունների ծրագիր՝ տեղական իշխանությունների դերն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մյուս կողմից, արձանագրվում է, որ այս կարևոր բարեփոխումների ֆոնին «տեղական իշխանությունների անկախության և հեղինակության երաշխիքները կասկածի տակ են դրվել ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ «Քաղաքացիական պայմանագրի» համակարգված փորձերի պատճառով»։ «Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին»,- նշում է Freedom House-ը, - «Քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։ Կոռուպցիա 2023-ին Հայաստանը հակակոռուպցիոն ռազմավարություն է ընդունել 2023-26 թվականների համար։ Եվրախորհրդի GRECO խումբը, գնահատելով Հայաստանի կառավարության առաջընթացը, եզրակացրել է, որ 2015-ից տրված 18 հանձնարարականներից 9-ը կատարվել է բավարար չափով, մյուս 9-ը՝ մասամբ։ Մի քանի լրագրողական հետաքննություններ բացահայտել են պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքի՝ շահավետ գնով ձեռքբերման, կասկածելի վարկանիշ, կամ՝ պաշտոնյաների հետ կապ ունեցող ընկերություններից առանց մրցույթի պետգնումների դեպքեր. - «Մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է, հետաքննող լրագրողներն ահազանգում են խոշոր բիզնեսի ու բարձրաստիճան պաշտոնյաների սերտ կապերի ռիսկայնության մասին, մինչ վարչապետը հերքում է այդ մտահոգությունները և պնդում, թե այդ կապերն օրենքի շրջանակում են»։ «Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ընկալումը Հայաստանում լճացել է կամ անկում է ապրել նախորդ տարիների համեմատ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)-ի՝ 2023-ի վերջին կատարված հարցման համաձայն, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լավատեսների թիվը 2018-ի համեմատ կիսով չափ նվազել է։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:26 - 12 ապրիլի, 2024
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան 
 |armenpress.am|

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ընդդիմության  մեղադրանքներին, թե իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել: Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով: Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ՀՀ–ն, նույնիսկ պատմականորեն, ԽՄ տրամաբանությամբ, այն երկիրն է, որ պարփակված է այս երկրներով: Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո երկրի գոյությունը չես ճանաչում: Հենց այս գայթակղության մեջ են դրել մեզ, և այս գայթակղությունով է, որ ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա ոչ թե քաղաքական, այլ սոցիալ–հոգեբանական հարց է: Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ իրենից շատ ոչ մեկ պատմական Հայաստանը չի սիրի: Բայց ինքը հրաժարվում է պատմական Հայաստանն ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը: «Ես, որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում եմ ընդհանրապես որևէ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը...նրա այս պահին ապրող ժողովրդին և նրա շահերը»,–նշեց նա:
19:32 - 11 ապրիլի, 2024