ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՄՍԾ աշխատակիցը մեղադրվում է Լոռու մարզի մի խումբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար

ՄՍԾ աշխատակիցը մեղադրվում է Լոռու մարզի մի խումբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակցի կողմից սոցիալական նպաստներ ձևակերպելու կամ նպաստների տրամադրումը չդադարեցնելու համար Լոռու մարզի մի խումբ բնակիչներից տարբեր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ միասնական սոցիալական ծառայության աշխատակից Ա. Ն.-ն անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված Լոռու մարզում բնակվող ամուսինների օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու, այն է՝ վերջիններիս որդու նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու հարցում աջակցելու համար նրանցից պահանջել և որպես ապօրինի վարձատրություն ստացել է մեկ ամսվա նպաստի չափով գումար: Բացի այդ, Ֆ. Մ.-ն տղային և հարսին նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար 2022 թվականի մարտի 28-ին դիմել է Ա. Ն.-ին: Վերջինս իր լիազորությունների շրջանակում Ֆ. Մ.-ի ներկայացրած անձանց նպաստառուների ցուցակում ընդգրկելու հարցում աջակցելու համար պահանջել և ստացել է տվյալ անձանց տրամադրվելիք նպաստի գումարից 35.000 ՀՀ դրամ: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Ն.-ն անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված ամուսինների օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու, այն է՝ վերջիններիս դուստրերի և որդու նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու հարցում աջակցելու համար պահանջել է 30.000 ՀՀ դրամ: Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ Ա. Ն.-ն 2022 թ. տարբեր ամիսների ընթացքում Լոռու մարզի մի շարք այլ բնակիչներից նույնպես որպես ապօրինի վարձատրություն պահանջել և ստացել է  ընդհանուր շուրջ 300.000 ՀՀ դրամ՝ նրանց նպաստառուների ցուցակում ընդգրկելու կամ նպաստի տրամադրման գործընթացը չդադարեցնելու գործընթացը կազմակերպելու համար: Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (9 դրվագ), իսկ Ֆ. Մ.-ին՝ 312.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ևս 12 անձի մեղադրանք է ներկայացվել Ա. Ն.-ին ապօրինի վարձատրություն տալու համար: Ա. Ն.-ի և Ֆ. Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:02 - 10 ապրիլի, 2024
Մաքսային տեսուչների՝ ծառայողական պարտականությունները դիտավորյալ չկատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 700 մլն դրամի վնաս

Մաքսային տեսուչների՝ ծառայողական պարտականությունները դիտավորյալ չկատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 700 մլն դրամի վնաս

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ պարզվել է, որ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բեռնատարների վարորդների օժանդակությամբ, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և առանց համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու, թույլատրել են դատարկ բեռնատարների ելքը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 700 մլն դրամի գույքային վնաս: «Մասնավորապես՝ 2023 թ. դեկտեմբերի 25-ին և 26-ին մաքսային տեսուչ Ա. Մ.-ի մտերիմ Ռ. Գ.-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծել է 87,6 տոննա շարժիչային յուղեր, սակայն ներքին սպառման նպատակով ներմուծված հիշյալ ապրանքների համար շուրջ 69 մլն ՀՀ դրամի չափով մաքսատուրքեր, հարկեր և այլ տուրքեր վճարելու պարտավորությունից ազատվելու համար տնտեսվարողը դրանք ձևակերպել է «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: Այնուհետև դրանք տեղափոխող բեռնատարները մինչև Բագրատաշենի մաքսակետ հասնելը դատարկվել են և առանց բեռների մուտք գործել արտահանման ուղղության վրա տեղակայված հսկողության տարածք: Նույն պահին արտահանման տեղամասում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն առանց բեռնատարները կշռելու և դրանցում համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու, դիտավորյալ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և վերոհիշյալ տրանսպորտային միջոցների վարորդների օժանդակությամբ թույլատրել են իրականում չարտահանվող ապրանքների տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից երրորդ երկրներ՝ այդ կերպ Ռ. Գ.-ին ազատելով հարկերը վճարելու պարտականությունից: Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահատվել է նույն մեխանիզմով հանցանքների կատարման ևս 15 դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ռ. Գ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 22-ը ԻԻՀ-ից ներկրել է ընդհանուր ավելի քան 700 տոննա տարբեր տեսակի ավտոյուղեր: Ապրանքների ներմուծման ժամանակ օրենքով սահմանված մաքսատուրքեր, հարկեր և այլ տուրքեր վճարելու պարտավորությունից ազատվելու համար Ռ. Գ.-ի կողմից ներկրված հիշյալ բոլոր ապրանքերը դարձյալ ձևակերպվել են «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: Դրանցով բեռնված տրանսպորտային միջոցները, սակայն, մինչև Բագրատաշենի մաքսակետ հասնելը դատարկվել են և առանց բեռների մուտք գործել արտահանման ուղղության վրա տեղակայված հսկողության տարածք, որտեղ էլ ՊԵԿ վերը նշված երկու պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ և բեռնատարների վարորդների օժանդակությամբ, առանց համապատասխան մաքսային հսկողական ընթացակարգերի թույլատրվել է դատարկ բեռնատարների ելքը ԵԱՏՄ տարածքից երրորդ երկրներ, որի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 700 մլն դրամի հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ: Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 15 անձի: Իշխանական կամ ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու համար մաքսային տեսուչներ Ա. Մ.-ին և Ա. Գ.-ին մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (16 դրվագ), իսկ վերջիններիս օժանդակած  վարորդներին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Մաքսային տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 700 մլն դրամ վնասի չափով արգելանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:14 - 10 ապրիլի, 2024
Շուրջ 4 մլն դրամի հափշտակության և դրան օժանդակելու համար մեղադրվող ՊՆ պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 4 մլն դրամի հափշտակության և դրան օժանդակելու համար մեղադրվող ՊՆ պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ 4 մլն ՀՀ դրամի նյութական և իրային միջոցները: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ. Մ.-ն 2022 թվականի հոկտեմբերից 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հափշտակել է իր ղեկավարած գումարտակի տրանսպորտային միջոցների համար հատկացված ավելի  քան 500 հազար ՀՀ դրամի 1200 լիտր դիզելային վառելիք: Հիշյալ պաշտոնատար անձը հափշտակված դիզելային վառելիքը իր ծառայողական օգտագործման ավտոմեքենայով մաս-մաս տեղափոխել և հանձնել է իր անմիջական ծառայողական ենթակայության տակ գտնվող՝ նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար Կ. Ս.-ին՝ վերջինիս հանձնարարելով վաճառել այն ու ստացված գումարը փոխանցել իրեն: Բացի այդ, Կ. Ս.-ն, իր վերադասի կողմից գույքը հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ, զորամասից հափշտակված նյութական միջոցները, այն է՝ շուրջ 3,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ զինվորական համազգեստները, զրահաբաճկոնները, քնապարկերն ու անձրևանոցները, պաշտպանական միջոցներն ու զինվորական հանդերձանքի այլ պարագաները տեղափոխել ու պահել է այդ նպատակով ժամանակավորապես ձեռք բերած ավտոտնակում: Նշված իրերը չեն հանձնվել զորամասի զինծառայողներին և տնօրինվել են գումարտակի հրամանատար Մ. Մ.-ի հայեցողությամբ, սակայն 2023 թվականի օգոստոսի 24-ին հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից հիշյալ պահեստարանում կատարված խուզարկությամբ: Վերը նշված հանցավոր արարքների համար ՊՆ գումարտակի հրամանատար Մ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ), իսկ վերջինիս օժանդակած Կ. Ս.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:15 - 28 փետրվարի, 2024
Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, տնտեսվարողի կողմից ապրանքների ապօրինի ներմուծումը թույլատրելու համար ՊԵԿ նախկին աշխատակից Ն. Մ.-ի օժանդակությամբ Ա. Պ.-ից պահանջել և ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ պարզվել է, որ Վրաստանից ավտոպահեստամասերի ներկրմամբ զբաղվող ընկերության տնօրեն Ա. Պ.-ն դիմել է Ն. Մ.-ին՝ խնդրելով աջակցել սահմանված չափաքանակները գերազանցող ավտոպահեստամասերը մաքսային հսկողությունից թաքցնելով անխոչընդոտ ՀՀ ներմուծելու և մաքսային վճարումներից խուսափելու հարցում: Ն. Մ.-ն էլ, ով նախկինում զբաղեցրել է Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչի պաշտոնը, Ա. Պ.-ին խոստացել է օգտագործել նույն մաքսակետի պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը՝ վերը նշված ապրանքների ապօրինի ներկրման հարցում աջակցելու համար: Դրա համար Ն. Մ.-ն Ա. Պ.-ից պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ Ն. Մ.-ն դիմել է վերը նշված մաքսակետի գլխավոր մաքսային տեսուչ Գ. Ք.-ին և վերջինիս խնդրել Ա. Պ.-ի կողմից ներմուծված ապրանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնել մաքսային պաշտոնական փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում, թե իբր դրանք չեն գերազանցում սահմանված չափաքանակները՝ այդպիսով Գ. Ք.-ին դրդելով կատարել պաշտոնեական կեղծիք: Բացի այդ, Ն. Մ.-ն և Ա. Պ.-ն պայմանավորվածություն են ձեռք բերել վերը նշված մաքսային տեսուչի՝ Գ. Ք.-ի հետ՝ սահմանված չափաքանակները գերազանցող ապրանքները Ա. Պ.-ի կողմից առանց մաքսազերծման ՀՀ ներմուծելը թույլատրելու դիմաց նշված պաշտոնատար անձին յուրաքանչյուր ներմուծման ժամանակ մինչև 100.000 ՀՀ դրամ կաշառք տալու վերաբերյալ: Ա. Պ.-ի կողմից մաքսային վճարումներից խուսափելուն աջակցելու նպատակով՝ Գ. Ք.-ն նույն մաքսակետի երկու այլ տեսուչների խնդրել է ներմուծված ավտոպահեստամասերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնել մաքսային պաշտոնական փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում, թե իբր դրանք չեն գերազանցում սահմանված չափաքանակները՝ այդ կերպ համոզելու եղանակով նշված տեսուչներին դրդելով կատարել պաշտոնեական կեղծիք: Դրանից հետո Գ. Ք.-ն հանդիպել է Ա. Պ.-ին և վերջինիս օգտին իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դրսևորած թողտվության, հովանավորչության և ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել 100.000 ՀՀ դրամ կաշառք: Գ. Ք.-ն վերը նշված եղանակով Ա. Պ.-ի կողմից մի շարք այլ դեպքերում նույնպես առանց մաքսազերծման ավտոպահեստամասեր ՀՀ ներմուծելը թույլատրելու դիմաց նրանից ստացել է ևս 300.000 ՀՀ դրամ: Վերը նշված հանցավոր արարքների համար Գ. Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Ա. Պ.-ին՝ 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), Ն. Մ.-ին՝ 438-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 437-րդ հոդվածի 1-ին մասով: Եվս երկու մաքսային տեսուչի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    
11:45 - 20 փետրվարի, 2024
Մհեր Բիշարյանի կալանքի միջնորդությունը մերժվել է, նա այժմ ազատության մեջ է. փաստաբան |armeniasputnik.am|

Մհեր Բիշարյանի կալանքի միջնորդությունը մերժվել է, նա այժմ ազատության մեջ է. փաստաբան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Մհեր Բիշարյանի վերաբերյալ քննիչի ներկայացրած կալանավորման հարցը և մերժել ներկայացված միջնորդությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բիշարյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ Փաստաբանը նշեց, որ Բիշարյանին ներկայացված մեղադրանքը, որով նա ձերբակալվել էր, վերաբերում է ԴՆԹ թեստավորման սարքավորումների ձեռքբերման հետ կապված գնումների գործընթացին։ «Մհեր Բիշարյանը երեկվանից ազատության մեջ է։ Ծայրաստիճան անհիմն մեղադրանք է, չփաստարկված, և ձերբակալումը ևս անհիմն էր։ Ես համոզված եմ, որ այդ մեղադրանքը չի էլ լինելու։ Մեղադրանքում նշված գործողությունները որևէ կերպ առնչություն չունեն պարոն Բիշարյանի հետ ու հատկապես այն եզրույթը, որ նա գործել է պետության շահերին հակառակ։ Միայն այդ եզրույթը երբ համադրում ես գործով ձեռքբերված տվյալների հետ, անհիմն է, ոչ արդար, զավեշտալի»,– ընդգծեց նա։ Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչների էին ժամանել Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։
13:04 - 18 փետրվարի, 2024
28 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

28 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձը, զորակոչիկների օգտին գործողություններ կատարելու և հովանավորչության համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է ընդհանուր 28 հազար ԱՄՆ դոլար կաշառք: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց մտացածին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ: Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար վերջիններս համաձայնեցված միջոցներ են ձեռնարկել, որոնց արդյունքում Գ. Հ.-ի որդին ձևական հաշվառվել է Սյունիքի մարզի համայնքներից մեկում՝ այդպիսով ընդգրկվելով ՊՆ պաշտոնատար անձի ղեկավարած բաժանմունքի սպասարկման տարածքում: Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՊՆ պաշտոնյան, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Գ. Հ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար, 2023 թվականի մայիսի 21-ին Գ. Հ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը, մտերիմ փոխհարաբերություններ ունենալով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ծառայողներից մեկի հետ, վերջինիս միջնորդությամբ պայմանավորվածություններ է ձեռք բերել Կապան համայնքի բնակիչ ամուսինների հետ՝ 5.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց նրանց որդու օգտին գործողություն կատարելու և հովանավորչության, այն է՝ հարկ եղած դեպքում զորակոչման գործընթացին միջամտելու և տարկետում ձևակերպելը երաշխավորելու վերաբերյալ: Արդյունքում՝ ՊՆ պաշտոնյայի կողմից միջնորդ անձի միջոցով կաշառքի գումարը ստանալուց հետո զորակոչիկին տրամադրվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից  տարկետում: Վերը նշված հանցավոր արարքների համար ՊՆ պաշտոնատար անձին և վերջինիս կաշառք տված և կաշառքի միջնորդություն կատարած անձանց՝ մեղադրանք է ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:02 - 09 փետրվարի, 2024
Դատավորին մեղադրանք է ներկայացվել 150 հազար դոլար կաշառք պահանջելու համար. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Դատավորին մեղադրանք է ներկայացվել 150 հազար դոլար կաշառք պահանջելու համար. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բարդ և մեծածավալ քրեական վարույթով նախապես պլանավորված անհետաձգելի, գաղտնի քննչական գործողությունների և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ սնանկության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ սնանկության դատարանի դատավորը սնանկության գործով իր կայացրած վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ, որից հետո կազմակերպվել է նշված ընկերության գույքը հրապարակային աճուրդով վաճառելու գործընթաց: 2022 թվականի մարտին կայացած աճուրդում հաղթող ճանաչված ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել անհրաժեշտ վճարումները, որի պատճառով ընկերության բաժնետերերը բաց թողնված ժամկետը վերականգնելու, աճուրդով սահմանված գումարը վճարելու և գույքը ընկերության անունով գրանցելու նպատակով դիմել են իրենց մտերիմ անձին, ով նշված հարցի լուծման համար հանդիպել է նույն՝ սնանկ ճանաչված ընկերության սնանկության գործով կառավարչին: Վերջինս 2023 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է դատավորին և առաջարկել կաշառքի դիմաց աճուրդում հաղթող ճանաչված ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարել՝ ակնկալվող դատական ակտով ընկերության համար հնարավորություն ստեղծելով վերականգնել բաց թողնված ժամկետը և կատարել վճարումները, որից հետո գույքի նկատմամբ գրանցել սեփականության իրավունք: Հիշյալ գործողությունների կատարման համար դատավորը սկզբնական փուլի համար պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար: 2023 թվականի նոյեմբերի 13-ին սնանկության գործով կառավարչի, ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի միջև կայացել է հանդիպում, որի ժամանակ սնանկության գործով կառավարիչը հայտնել է, որ նրանց օգտին բարենպաստ որոշում կայացնելու համար դատավորին անհրաժեշտ է տալ 150.000 ԱՄՆ դոլար կաշառք: Վերջիններս համաձայնվել են մաս-մաս տալ առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը: 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ընկերության բաժնետերերի ներկայացրած անձը հանդիպել է սնանկության գործով կառավարչին և վերջինիս տվել կաշառքի գումարից 20.000 ԱՄՆ դոլարը, որն էլ նույն օրը սնանկության գործով կառավարիչը անձամբ փոխանցել է դատավորին: ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ: Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվելուց հետո դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ վերջինիս օժանդակած սնանկության գործով կառավարչին՝ 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ընկերության բաժնետերերին և նրանց ներկայացրած անձին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Դատավորի և սնանկության գործով կառավարչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  30.01.2024 թվականին դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և նույն օրը վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:47 - 31 հունվարի, 2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում են Կոմիտեի լրատվական ծառայությունից։ Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին: Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքներին՝ նշելով, որ 2022 թվականի համեմատ 2023 թվականին Կոմիտեի վարույթում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվն աճել է 98,8 տոկոսով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 96,5 տոկոսով, ինչը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմամբ և բացահայտումների աճով:  Ռիչարդ Նեֆյուն, ով նաև նախագահել է նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ Ատլանտա քաղաքում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանը, Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին շնորհակալություն է  հայտնել այդ համաժողովում Հայաստանի կողմից լուրջ և բարձրաստիճան ներկայացուցչություն ապահովելու համար և նշել, որ այժմ արդեն պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն համաժողովի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ընդունված բանաձևերի իրագործման ուղղությամբ: Ռիչարդ Նեֆյուն միաժամանակ ընդգծել է  կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով, որ կոռուպցիան ինքնին միջազգային մակարդակի համընդհանուր խնդիր է, որը լուծելու համար համատեղ կամք և ջանքեր են պահանջվում:  Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև քննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) միջոցով շարունակել աջակցությունը Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների  մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ:
10:51 - 16 հունվարի, 2024
Արմավիրի մարզի համայնքապետարաններից մեկի պաշտոնյան կաշառքի դիմաց օտարել է համայնքային հողամասը

Արմավիրի մարզի համայնքապետարաններից մեկի պաշտոնյան կաշառքի դիմաց օտարել է համայնքային հողամասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի համայնքապետարաններից մեկի պաշտոնատար անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ռ. Ս.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ տվյալ համայնքին պատկանող 22 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, 2023 թվականի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, պետական վճարումներից բացի՝ պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 16․202․760 ՀՀ դրամին համարժեք 42.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ռ. Ս.-ն, սակայն, սակարկել է  և խոստացել պաշտոնատար անձին տալ 17.000 ԱՄՆ դոլար:  Բացի այդ, համայնքապետարանի հիշյալ պաշտոնատար անձը մեկ այլ քաղաքացու՝ Ս. Վ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ տվյալ համայնքին պատկանող 5 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, վերը նշված նույն ժամանակահատվածում Կ. Բ.-ի  օժանդակությամբ Ս. Վ.-ից պահանջել է 2.893.350 ՀՀ դրամին համարժեք 7500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 3500 ԱՄՆ դոլար գումարը 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստացել է։ Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Կ. Բ.-ին, Ռ. Ս.-ին և Ս. Վ.-ին էլ մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնատար անձին  կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու համար: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:20 - 10 հունվարի, 2024
Կենտրոն վարչական շրջանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Կենտրոն վարչական շրջանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։  Նախաքննությամբ պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի վերը նշված պաշտոնատար անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վար­չական շրջա­նի՝ հրատապ լուծում պահան­ջող ըն­թա­ցիկ աշ­խա­­տանք­ներն ի­րա­­կանացնող ընկերության օգտին թողտվության, հովանավորչության, այն է՝ հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Տ. Մ.-ն, դարձյալ Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ի և Ա. Ա.-ի օգտին թողտվության և հովանավորչության, այն է՝ վերջիններիս փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված կանաչապատ ծածկի հաշվին մայ­­թի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 750.000 ՀՀ դրամ կաշառք: Տ. Մ.-ին ու Ա. Հ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), իսկ նրանց կաշառք տված անձանց՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:24 - 08 հունվարի, 2024