ՀՊՏՀ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը  որպես ինքնուրույն միավոր հիմնադրվել է 1975 թ.-ի օգոստոսի 6-ին և տեղակայվել՝ Աբովյան 52 հասցեում։ ԲՈՒՀ-ի անվանումը սկզբում եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ապա Երևանի պետական տնտեսագիտական համալսարան։

2006 թվականին այն վերանվանվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ 1995 թվականից ԲՈՒՀ-ը տեղափոխվեց Նալբանդյան 128 հասցե։

Բարձրագույն և հետբուհական ուսհաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

Բարձրագույն և հետբուհական ուսհաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով): Միաժամանակ ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։
13:31 - 12 նոյեմբերի, 2021
ՀՊՏՀ-ն և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում

ՀՊՏՀ-ն և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը (ՇՏՀ) կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում կիրականացնեն փոխշահավետ համագործակցություն, որի շուրջ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը  ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնում են ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և ԵՊՀ նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը։ Դիանա Գալոյանը և Հովհաննես Թոքմաջյանը քննարկել են համաձայնագրով նախատեսվող համագործակցային ուղղությունները, մասնավորապես անդրադարձել են վերապատրաստումներին, համատեղ հետազոտությունների իրականացմանը և գրադարանային ֆոնդերի օգտագործման խնդիրներին։ ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը կարևորել է հետպատերազմյան նոր իրողությունների պայմաններում համալսարանի կենսագործունեության շարունակականության ապահովումը և ուսումնական, գիտահետազոտական ուղղությունների զարգացումը, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված  մյուս ուղղությունները՝  համատեղ ծրագրերի մշակում, դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, տեղեկատվական և մարզամշակութային միջոցառումների իրականացում։ ՇՏՀ ռեկտորը համոզմունք է հայտնել, որ ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունը  կլինի բարեհաջող և արդյունավետ։ ՀՊՏՀ ռեկտորն ընդգծել է ՇՏՀ-ի հետ համագործակցության իր պատրաստակամությունը և որպես մեկնարկ՝ ՇՏՀ 5 ուսանողների հրավիրեց մասնակցելու Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում հուլիսի 19-22-ը կազմակերպվող  ASUE Educational Camp ամառային կրթական ճամբարին։
15:42 - 14 հուլիսի, 2021
Նախարարները ընդհանուր հայտարարի չեկան. ՀՊՏՀ ռեկտորի նշանակումը հետաձգվեց |tert.am|

Նախարարները ընդհանուր հայտարարի չեկան. ՀՊՏՀ ռեկտորի նշանակումը հետաձգվեց |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօր հետաձգեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ մասնակցել է երկու թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը: «Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր դեկտեմբերի 17-ն է և ուղիղ 5 ամիս առաջ՝ հուլիսի 17-ին, եղել են ընտրություններ՝ ըստ նախապես հայտարարված մրցույթի»,-ասաց նա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, որ ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց. «Մասնավորապես՝ դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների արդյունքները կասեցնել։ Ինքս խորհրդի անդամ եմ և կարծում եմ, որ այս հարցի շուրջ հավելյալ ուսումնասիրության կարիք կա։ Համաձայն եմ, որ 5 ամիսը բավականին երկար ժամկետ է, քանի որ խաթարվում է կրթական գործընթացը, սակայն մյուս կողմից դատարանի որոշումը հնարավոր է առաջիկայում այդ որոշման մեջ փոփոխություն մտցնի»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:25 - 17 դեկտեմբերի, 2020
«Խորհուրդ կտամ մեզ հետ նման տոնով չխոսել». ՀՊՏՀ-ում վերսկսում են դասերը՝ պայքարի այլ ուղիներ քննարկելով |armtimes.com|

«Խորհուրդ կտամ մեզ հետ նման տոնով չխոսել». ՀՊՏՀ-ում վերսկսում են դասերը՝ պայքարի այլ ուղիներ քննարկելով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը կվերսկսվի։ Այսօր լրագրողների հետ զրույցում Դիանա Գալոյանը, որը ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցութում հաղթել էր, դիմելով բուհի բոլոր դասախոսներին, հորդորեց սկսել դասերը։ Գալոյանը տեղեկացրեց, որ բուհի անձնակազմը պատրաստվում է պայքարն այլ հարթակներով ու այլ ձեւաչափով շարունակել: Նա չշտապեց տեղեկացնել՝ ի՞նչ նկատի ունի նոր գործիքակազմ ասելով, նշեց, որ պայքարը կարող է իրականացվել սոցիալական հարթակների միջոցով, իրավական դաշտում կամ այլ տարբերակով: Ձեւափափը կորոշի կազմկոմիտեն: Գալոյանը տեղեկացրեց, որ երեկվա հայտարարությամբ, որտեղ նշել էին ուսումնական գործընթացը դադարեցնելու մասին, երկխոսության էին հրավիրել նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ՀՀ կառավարության ներկայացուցիչներին, բայց արձագանք չեն ստացել: Ուսումնական գործընթացը դադարեցվել էր, քանի որ ՀՀ կառավարությունը չի հաստատել ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթի արդյունքները: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ անորոշ վիճակը վնասում է բուհին, որպես օրինակ նշեց, որ ՀՊՏՀ-ն միջազգային մի քանի ծրագրերի հաղթող է, սակայն գործընկերները չեն կնքում պայմանագրեր ռեկտորի պարտականությունը կատարողի հետ: Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ ուսումնական գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը խոսքն ուղղեց բուհի խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանին: «Ես պարոն Առաքելյանին խորհուրդ կտամ ընթերցել Որակի ապահովման ազգային կենտրոնի հաշվետվությունը՝ մեր բուհի վերաբերյալ: Սեւով սպիտակի վրա գրված է մենեջմենթի հաճախակի փոփոխությունների, խնդիրների նաեւ, օրինակ, կառավարման խորհրդի որոշ անդամների իրենց առաքելությունը շատ լավ եւ շատ խորը չըմբռնելու եւ այլ խնդիրների մասին, դա միայն մեր բուհին չի վերաբերում»: Նա նշեց, թե կարծում է, որ լիազոր մարմինը եւ հիմնադիրը բուհերի կառավարման խորհրդի անդամներ նշանակելիս շատ լուրջ ընտրություն պետք է կատարեն անհատների միջեւ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:17 - 24 սեպտեմբերի, 2020
Դիանա Գալոյանը հորդորել է վերսկսել դասերը ՀՊՏՀ-ում |news.am|

Դիանա Գալոյանը հորդորել է վերսկսել դասերը ՀՊՏՀ-ում |news.am|

news.am: Տնտեսագիտական համալսարանում վերջին օրերին ճգնաժամային իրավիճակ է. համալսարանում ընդհանուր ժողովի կողմից ձեւավորված է կազմ կոմիտե. խնդիրը մեկ հարցի հետ է կապված, որ համալսարանում հուլիսի 17-ին տեղի է ունեցել ռեկտորի մրցույթը, սակայն դրա արդյունքները մինչեւ հիմա չեն հաստատվել: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դիանա Գալոյանը, ով այդ մրցույթի արդյունքում ընտրվել է ռեկտոր: Նշենք, որ համալսարանը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական պրոցեսը: Գալոյանը ներկայացրեց այս ամբողջի նախապատմությունը՝ նշելով. «Երկու տարի Տնտեսագիտական համալսարանը չունի ռեկտոր, կառավարում են պաշտոնակատարները: Այս տարվա հունիսին վերջապես հայտարարվեց մրցույթ եւ դրա արդյունքում ես ստացել եմ խորհրդի ընդհանուր ձայների 2/3-ը, եւ արդեն երկու ամսից ավելի սպասում ենք նշանակմանը: Համալսարանի գիտխորհուրդը դիմել է եւ վարչապետին եւ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով անհապաղ հաստատել որոշումը, կամ պարզաբանեն, թե ինչու է ձգձգվում հաստատման գործընթացը: Դրանից անցել է շուրջ մեկ ամիս, մենք պատասխան չենք ստացել: Դա էր պատճառը, որ համալսարանի կոլեկտիվը որոշեց ակցիա անել, երթով գնաց կառավարություն հարցի պատասխանը ստանալու համար: Այնտեղ խոստացան 1-2 ժամվա մեջ պատասխան տան, բայց դեռ չեն արձագանքել: Սա մեզ համար անընդունելի է»,-ասաց Գալոյանը՝ հավելելով, որ ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը կառավարության կողմից օրենքի իմպերատիվ պահանջն է: «Փաստորեն ձգձգվում է օրենքի իմպերատիվ պահանջի կատարումը, ինչն առաջացնում է մտահոգություն կոլեկտիվում: Մենք այս քայլին գնացել ենք այն պատճառով, որովհետեւ երկխոսության բոլոր մեթոդները սպառել ենք: Կարծում ենք, որ իրավական պետությունում նման վերաբերմունքը բուհի, կրթության հանդեպ չի կարելի ընդունելի համարել: Մյուս կողմից մեզ որոշակիություն է պետք: Օրինակ, մեր բուհը միջազգային մի քանի ծրագրերի հաղթող է, եւ մեր միջազգային գործընկերները պայմանագիր չեն կնքում պարտականությունները կատարողի հետ, որովհետեւ գտնում են, որ մի քանի ծրագիր է, դրա համար պետք է վերջնական ակտը ստորագրողը լինի»,-ասաց Դիանա Գալոյանը: Նա խոստովանեց, որ ուսումնական պրոցեսի դադարեցումը պայքարի ընդունելի տարբերակ չէ, դա ընդունելի էր այնքանով, որքանով եր ձայնը լսելի կդառնար. «Ես հորդորում եմ վերսկսել ուսումնական գործընթացը, բայց նաեւ պատրաստվում ենք կոլեկտիվով մեր պայքարը այլ հարթակներում իրականացնենք»:
16:14 - 24 սեպտեմբերի, 2020
Ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն. ՀՊՏՀ ուսանողները՝ դասապրոցես չլինելու մասին |armtimes.com|

Ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն. ՀՊՏՀ ուսանողները՝ դասապրոցես չլինելու մասին |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր դաս չկա, փոխարենը բուհի բակում բաց քննարկում է։ Հավաքվել են ուսանողներն ու դասախոսական կազմը։ Հավաքի պատճառը ՀՀ կառավարության կողմից ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արդյունքները դեռեւս չհաստատելն է։ Հավաքվածներն այսօր արդեն չեն պնդել, թե մինչեւ արդյունքների հաստատումը դասապրոցեսը չի վերսկսվելու: Ասել են, որ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ մեկ-երկու օրից ու որ իրենց նպատակը պարզապես խնդրի վրա ուշադրություն հրավիրելն է: Բուհն անորոշ վիճակից տուժում է։ Նշենք, որ քննարկման նպատակն այն է նաեւ, որ իրենց դժգոհությունը ներկայացնեն ուսանողները։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահը նշեց, որ ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն։
11:59 - 24 սեպտեմբերի, 2020
«ՀՊՏՀ-ում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը». հայտարարություն

«ՀՊՏՀ-ում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը». հայտարարություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ՝ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը: ՀՊՏՀ կազմկոմիտեի հայտարարությունը նույնությամբ ներկայացնում ենք ստորև. «Ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչն ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Ս.թ․ օգոստոսի 28-ին ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և´ ՀՀ վարչապետին, և´ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու օրինական ընտրված ռեկտորը մինչ օրս նշանակված չէ պաշտոնում։  Երեկ համալսարանի աշխատակիցները և ուսանողները երթ են իրականացրել դեպի ՀՀ Կառավարություն՝ այս հարցով պարզաբանում ստանալու համար, սակայն մինչ այս պահը ՀՊՏՀ-ն չի ստացել որևէ պատասխան։ Տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դ․ Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։  Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ուսանողների և մյուս շահառուների հանդեպ և հայցելով նրանց ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ուսանողների շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։  Միևնույն ժամանակ, ԿԳՄՍ նախարարին և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներին հրավիրում ենք համալսարան՝ ծանոթանալու ՀՊՏՀ կոլեկտիվի դիրքորոշմանը»։
16:52 - 23 սեպտեմբերի, 2020
«Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում». ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց
 |tert.am|

«Ինչու օրենքով ընտրված մեր ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում». ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց |tert.am|

tert.am: Կառավարության դիմաց բողոքի ակցիա արեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն որ դասախոսները։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:
11:44 - 22 սեպտեմբերի, 2020
Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից չզրկելու, Դիանա Գալոյանին զրկելու մասին. ԲՈԿ

Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից չզրկելու, Դիանա Գալոյանին զրկելու մասին. ԲՈԿ

Բարձրագույն որակավորման կոմիտեն պարզաբանում է տարածել Ռուբեն Հայրապետյանին դոկտորի գիտական աստիճանից չզրկելու, իսկ Դիանա Գալոյանին զրկելու վերաբերյալ: Դրանում ասված է. «ԿԳՄՍ նախարարի հրամանով Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ արտագրությունների/թարգմանությունների մասին փաստերը ուսումնասիրող հանձնաժողովն իր եզրակացությունը տվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին։ Հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ԲՈԿ-ը նախապատրաստեց հարցում, որը ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ուղարկեց Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։ Դեկտեմբերի 26-ին ստացվեց պատասխան (ստորագրված դեկտեմբերի 25-ին), որ ԲՈՀ-ը հանդիսացել է վարչական մարմին, և«ԲՈՀ-ի կողմից ընդունված վարչական ակտերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի» 67-րդ հոդվածի ուժով ենթակա են վերանայման ԿԳՆ կողմից (այժմ՝ ԿԳՆ իրավահաջորդ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից): Վերոգրյալից հետևում է, որ ԿԳՄՍ նախարարի կողմից պետք է հարուցվեր վարույթ, և կայացվեր որոշում։ Սակայն հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարի կողմից մեկ այլ հարցում է ուղարկվել պարոն Բադասյանին, և փետրվարի 10-ին ստացվել պատասխան, որ ԲՈԿ-ն իր հերթին նույնպես կարող է անվավեր ճանաչել ԲՈՀ-ի կայացրած որոշումները։ Այդ պատասխանն ուղարկվել է ԲՈԿ 2020թվականի փետրվարի 19-ին, և ուղեկցող գրության մեջ նախարարը հանձնարարել է. «Ընդունե՛լ ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ձեռնարկե՛լ համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնե՛լ նախարարությանը»: Ուսումնասիրելով պատասխան գրությունը և ունենալով որոշակի իրավական հարցադրումներ՝ ԲՈԿ-ը փետրվարի 26-ին դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով կազմակերպել քննարկում ԿԳՄՍ նախարարի, գլխավոր քարտուղարի, իրավաբանական վարչության պետի, Գիտության կոմիտեի նախագահի և համապատասխան փոխնախարարի մասնակցությամբ։ Այդ հանդիպումն առ այսօր չի կազմակերպվել։ Ինչպես երևում է ժամանակագրությունից,ԿԳՄՍ նախարարությունն իր տրամադրության տակ ուներ 59 օր՝ պատշաճ վարույթ հարուցելու և որոշում կայացնելու համար, մինչդեռ ԲՈԿ-ին տրամադրվել էր 4 օր (որոնցից երկուսը շաբաթ և կիրակի էին), և բնականաբար, ԲՈԿ-ը չէր կարող այդ ընթացքում հարուցել վարույթ, իրականացնել լսումներ և կայացնել որոշում»։
14:36 - 18 օգոստոսի, 2020
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել

Դ. Գալոյանի` ԿԳՄՍՆ ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված է, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու և գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու մասինԲարձրագույն որակավորման նախագահի հուլիսի 9-ի և 17-ի որոշումների վերաբերյալ Դ. Գալոյանը նախարարություն էր ներկայացրել վարչական բողոքներ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են բողոքների մանրամասները, ինչպես նաև իրականացված գործողությունների իրավաչափությունն ու համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումներին: Բողոքների և դրանց քննարկման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում բողոքները բավարարվել են: ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ:
16:10 - 17 օգոստոսի, 2020
Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ ԲՈԿ-ը բացահայտել է առանց հղումների մեծածավալ փոխառություններ․ Գալոյանը չի բերել որևէ հիմնավորում, որ փոխառություններ առկա չեն․ ԲՈԿ հայտարարությունը

Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ ԲՈԿ-ը բացահայտել է առանց հղումների մեծածավալ փոխառություններ․ Գալոյանը չի բերել որևէ հիմնավորում, որ փոխառություններ առկա չեն․ ԲՈԿ հայտարարությունը

Բարձրագույն որակավորման կոմիտեն ներկայացրել է իր դիրքորոշումը ՀՀ քաղաքացի Դիանա Գալոյանի կողմից ներկայացված երկու բողոքների հիման վրա հարուցված բողոքարկման վարույթների առնչությամբ, որոնք վերաբերում են ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 103Ա և 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամաններին:   1. Բողոքաբերի (Դիանա Գալոյանի) ատենախոսության վերաբերյալ 1.1. Բողոքաբերի դոկտորական ատենախոսության մեջ ԲՈԿ-ը բացահայտել է առանց հղումների բազմաթիվ և մեծածավալ փոխառություններ: Ո´չ 09.07.2020թ.-ի թիվ 103Ա, ո´չ 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանների վերաբերյալ բերված բողոքներում, ո´չ հանրային հայտարարություններում Բողոքաբերը երբեք չի ժխտել այս փաստերի առկայությունը, չի բերել որևէ հիմնավորում, որ փոխառություններ առկա չեն: Սա կարևորագույն արձանագրում է: 1.2. Բողոքաբերի բոլոր փաստարկներն ուղղված են եղել ընթացակարգային հարցերին` առանց գրագողության բուն փաստերին անդրադառնալու: Այնուամենայնիվ, ընթացակարգային խախտումների վերաբերյալ Բողոքաբերի փաստարկները նույնպես անհիմն են: 2. ԲՈԿ-ի` կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու վերաբերյալ 2.1. Բողոքաբերը պնդում է, որ ԲՈԿ-ը հանդիսանում է կոլեգիալ գործադիր մարմին, ուստի ԲՈԿ-ի նախագահն իրավունք չուներ միանձնյա վարչական վարույթ հարուցել և վարչական ակտ կայացնել: Որպես այս մտքի հիմնավորում Բողոքաբերը հղում է կատարում ՀՀ կրթության և գիտության նախարարի 12.06.2018թ.-ի թիվ 593-Լ որոշմամբ հաստատված ԲՈԿ-ի կանոնադրության 6-րդ կետին, ըստ որի` «ԲՈԿ-ը կազմված է ղեկավարից, ղեկավարի տեղակալից, ղեկավարի օգնականից, կառուցվածքային ստորաբաժանումներից»: 2.2. Այս կարծիքն անհիմն է: Որևէ իրավական ակտով, այդ թվում` ԲՈԿ-ի կանոնադրությամբ, սահմանված չէ որևէ կետ, որով կնախատեսվի, որ ԲՈԿ-ը վարչական վարույթներ պետք է իրականացնի և վարչական ակտեր կայացնի կոլեգիալ կազմով: 2.3. Կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու հանգամանքը պետք է բխի որևէ հստակ իրավական ակտից, որտեղ կներկայացվի տվյալ մարմնի վարչական վարույթի առանձնահատկությունը: Օրինակ` Բողոքաբերի կողմից հիշատակված ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 16.08.2019թ.-ի թիվ 102-Լ հրամանով հաստատված կանոնադրության 13-րդ կետով հստակ սահմանվում են հենց հանձնաժողովի լիազորությունները, իսկ 20-րդ կետով` նախագահի լիազորությունները: 2.4. ԲՈԿ-ի կանոնադրության մեջ խոսվում է միայն նախագահի լիազորությունների մասին, և որևէ կարգավորում առկա չէ կոլեգիալ վարչական մարմին հանդիսանալու վերաբերյալ: Ավելին, կանոնադրության 17-րդ կետի 1-ին և 2-րդ կետերը հստակ սահմանում են` «17. ԲՈԿ-ի նախագահը`  1) պատասխանատու է ԲՈԿ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար. 2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում վերալիազորման իրավունքով լիազորագրեր»: Այսինքն, ԲՈԿ-ի կանոնադրությունը հենց նախագահին է տալիս իրավունք հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից: 2.5. Նույնը նախատեսված է նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 2-րդ մասում, ըստ որի` «Բարձրագույն որակավորման կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը»: 2.6. Եթե շարժվենք Բողոքաբերի տրամաբանությամբ, որն իհարկե անհիմն է, ապա պետք է փաստել, որ ԿԳՄՍ նախարարությունը նույնպես կոլեգիալ վարչական մարմին է, քանի որ վերջինիս կանոնադրության 6-րդ կետը նույնպես նշում է, որ «Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար), նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալների, նախարարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակները»: 3.  ԲՈԿ-ի վարչական ակտը վերանայելու լիազորության վերաբերյալ 3.1. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 65-րդ հոդվածի` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ: Վարչական ակտն անվիճարկելի է դառնում, և վարչական մարմինը զրկվում է սույն հոդվածով նախատեսված իրավունքից, եթե վարչական ակտի ընդունման օրվանից անցել է 10 տարի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: 3.2. Նույն օրենքի 67-րդ հոդվածի համաձայն` «Վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը»: 3.3. Այս երկու հոդվածներում օգտագործվում է երկու տարբեր հասկացություն` «վարչական մարմին» և «վերադաս վարչական մարմին»: Ուստի, ակնհայտ է, որ դրանք կարգավորում են երկու տարբեր իրավիճակ` 65-րդ հոդվածը վերաբերում է վարչական ակտն ընդունած վարչական մարմին, իսկ 67-րդը` վերադաս վարչական մարմնին: 3.4. Հնարավոր է դեպք, երբ վարչական մարմինն ընդհանրապես չունենա վերադաս վարչական մարմին: Այդ դեպքում, եթե շարժվենք Բողոքաբերի տրամաբանությամբ, վարչական մարմնի ընդունած վարչական ակտն ընդհանրապես վերանայել հնարավոր չէր լինի: 3.5. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` «Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը»: 3.6. Տվյալ դեպքում, վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով, ինչպես նաև ԲՈԿ-ի կանոնադրությամբ վերջինիս առջև դրված խնդիրներից բխող անհրաժեշտությունը։ 4. Գիտական աստիճան շնորհելու ԲՈԿ-ի լիազորության վերաբերյալ 4.1. Բողոքաբերը պնդում է, որ գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը, իսկ ԲՈԿ-ը հանձնում է վկայագիր: 4.2.  Ըստ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի` «Բարձրագույն որակավորման կոմիտեն՝ հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը»: 4.3.  Այսինքն, գիտական աստիճան շնորհելիս ԲՈԿ-ը հիմնվում է նաև որակավորման գործի ուսումնասիրության վրա: 4.4. Ըստ ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի թիվ 327 որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 31-րդ կետի` «ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ»: 4.5. Նշված նորմերի համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ գիտական աստիճան շնորհում է ԲՈԿ-ը, իսկ գրագողության դեպքերի հայտնաբերման դեպքում գիտական աստիճան շնորհելու մասին միջնորդությունը մերժվում է: 5.  Վարչական ակտի գոյությանը Բողոքաբերի վստահելու իրավունք ունենալու վերաբերյալ 5.1.  Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության` «Ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի»: 5.2.  Ըստ նույն հոդվածի 4-րդ մասի «գ» կետի` «Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա` նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ` իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա»: 5.3. Գիտական աշխատանք կատարելը ստեղծագործ գործունեություն է: Անհնար է արտատպել որևէ տեքստ, հղում չտալ հեղինակին, և չիմանալ, որ դա առանց աղբյուրի նշմամբ է: Գիտնականը պարտավոր է հետևել և իմանալ գիտական բարեվարքության  կանոնները: Առավել ևս, որ Բողոքաբերը, ինչպես նշվեց, երբևէ չի հերքել ԲՈԿ-ի կողմից հայտնաբերված գրագողության դեպքերը: 5.4. Բացի դրանից, անձը կարող է հղում կատարել վստահելու իրավունքին միայն այն դեպքում, երբ վարչական ակտով որևէ անձի վնաս չի կարող պատճառվել: Տվյալ դեպքում, գիտական աստիճանը տալիս է անձին որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունք: Այսինքն, ունենալով գիտական աստիճան, անձը կարող է զբաղեցնել այնպիսի պաշտոն, որի իրավունքը նա չէր ունենա առանց գիտական աստիճանի: Ուստի, վստահելու իրավունքը սույն գործով կիրառելի չէ, քանի որ գիտական աստիճան շնորհելու մասին վարչական ակտի գործողության մեջ գտնվելը կարող է  վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության և այն սուբյեկտների շահերին, որոնցում սահմանված կարգի խախտմամբ գիտական աստիճան ստացած անձը պաշտոն է զբաղեցնում, այդ թվում նաև գիտական աստիճան ունենալու փաստի ուժով։ 6.  Բողոքաբերի` վարույթի մասին ծանուցված լինելու վերաբերյալ 6.1.  Սույն գործով վարչական լսումներ նշանակված էին 16.07.2020թ.-ին: ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ Բողոքաբերը իրազեկված է եղել վարչական վարույթի և լսումների վերաբերյալ: Մասնավորապես, հենց վարչական բողոքում վերջինս նշել է վարչական վարույթի օրը և ժամը: 6.2. Վերջինս նաև նշել է, որ տեղեկացել է վարչական վարույթի մասին 14.07.2020թ.-ին, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք: 6.3. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ»: 6.4.  Վարչական լսումներ անցկացնելիս վարչական մարմինը պետք է հնարավորություն տա հասցեատիրոջը ներկայացնելու ապացույցներ, դիրքորոշումներ վարչական վարույթի վերաբերյալ: 6.5. Բողոքաբերն ինքն է նշել, որ իմացել է վարչական լսումների կոնկրետ օրվա և ժամի մասին, ուստի ակնհայտ է, որ վերջինս ծանուցված եղել է: Դրա հետ մեկտեղ, Բողոքաբերը վարչական լսումներից մեկ օր առաջ` 15.07.2020թ.-ին, ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել 10 էջանոց վարչական բողոք, ինչը նաև հստակ փաստում է, որ վերջինս քաջածանոթ էր գործին: Բողոքաբերը նաև չէր միջնորդել հետաձգել վարչական վարույթը: 6․6․ Լսումների մասին անձին ծանուցելը և վերջինիս լսելն ինքնանպատակ չէ։ Այն նպատակ է հետապնդում անձին հնարավորություն տալ արտահայտելու իր դիրքորոշումը վարչական վարույթի փաստական հանգամանքների վերաբերյալ։ Տվյալ դեպքում, ինչպես արդեն նշվեց, Բողոքաբերը ոչ միայն ծանուցված է եղել լսման օրվա և ժամի մասին, այլ նաև լիարժեք տիրապետել է վարույթի փաստական հանգամանքներին, քանի որ լսումներից մեկ օր առաջ` 15.07.2020թ.-ին, ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել մեծածավալ վարչական բողոք։ Այսինքն՝ Բողոքաբերը, լիարժեք տիրապետելով վարույթի փաստական հանգամանքներին և ծանուցված լինելով լսման մասին, որպես իր իրավունքների պաշտպանության եղանակ ընտրել է ոչ թե լսմանը ներկայանալը և իր դիրքորոշումը հայտնելը, այլ ԿԳՄՍ նախարարություն բողոք ներկայացնելը։ Նման պայմաններում Բողոքաբերը չի կարող վկայակոչել լսման մասին ծանուցված չլինելը՝ որպես ընդունված վարչական ակտի ոչ իրավաչափության հիմք։ 6.7. Հետևաբար, ԲՈԿ-ը պարտավոր էր հետևել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-ր մասին և բավարարվեր մեկ լսումով: 7. Վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ 7.1. Բողոքաբերը 15.07.2020թ.-ին ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել վարչական բողոք ընդդեմ ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 103Ա հրամանի, որով հարուցվել էր վարչական վարույթ: Ըստ Բողոքաբերի դա կասեցնում է վարչական վարույթը: 7.2.   Վարչական վարույթը կասեցնելու բոլոր հիմքերը տրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում, որտեղ այդպիսի կարգավորում նախատեսված չէ: 7.3. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը նշում է` «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»: Խոսքը միայն վարչական ակտի բողոքարկման մասին է։ Ընդ որում, այդ դեպքում կասեցվում է միայն վարչական ակտի կատարումը: 7.4. Վարչական վարույթ հարուցելու մասին որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր յուրահատկությամբ, ինչպիսին է ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը, ուստի օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումն այս դեպքում կիրառելի չէ (տե՛ս թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 25.05.2016թ.-ի որոշումը): 7․5․ Բողոքաբերը օրենքի կամայական մեկնաբանությամբ նշում է, թե «․․․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ գլխում կիրառվող «վարչական ակտ» եզրույթը, ըստ այդ գլխում ներառված օրենքի 69-րդ հոդվածի, կիրառելի է նաև գործողության նկատմամբ․․․»։ Այս պնդումը չունի որևէ իրավական հիմք։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածը սահմանում է հետևյալը․ «Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):»։ Սա ընդամենը նշանակում է, որ եթե օրենքի այդ գլխում օգտագործվում է «ակտ» հասկացությունը, ապա պետք է դրա տակ հասկանալ վարչական ակտը, գործողությունը և անգործությունը։ Մինչդեռ, սա որևէ կերպ չի կարող նշանակել, որ եթե այդ գլխում օգտագործվում է «վարչական ակտ» հասկացությունը, ապա դրա տակ պետք է հասկանալ նաև գործողությունն ու անգործությունը։ Օրինակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ հոդվածում օգտագործվում է «ակտ» հասկացությունը, որի դեպքում այս հոդվածի կարգավորումները կիրառելի են թե՛ վարչական ակտերի, թե՛ գործողությունների և թե՛ անգործության նկատմամբ։ Դրան հակառակ, Բողոքաբերի վկայակոչած 74-րդ հոդվածում օգտագործվում է միայն «վարչական ակտ» հասկացությունը, հետևաբար, այդ հոդվածով նախատեսված կասեցումը կիրառելի է միայն վարչական ակտերի նկատմամբ, որպիսին, ինչպես արդեն նշվեց, թիվ 103Ա հրամանը չի հանդիսանում։ Այս դիրքորոշման օգտին է խոսում նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի նույն գլխի 71-րդ հոդվածի 1-ին մասը, որտեղ հստակ տարանջատված են «վարչական ակտ», «վարչական մարմնի գործողություն» և «վարչական մարմնի անգործություն» հասկացությունները։ 7.6.  Հատկանշական է, որ 15.07.2020թ.-ի վարչական բողոքում հենց Բողոքաբերն է միջնորդել ԿԳՄՍ նախարարին կասեցնելու վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ ԲՈԿ-ի հրամանի կատարումը: Եթե, ըստ Բողոքաբերի, իր բողոքն ինքնաբերաբար կասեցնում էր վարչական վարույթը, ապա ինչու՞ էր ինքն այդպիսի միջնորդությամբ դիմել նախարարին: 8. ԲՈԿ-ի նախագահի բացարկի վերաբերյալ 8.1. ԲՈԿ-ի նախագահի բացարկի որևէ հիմք առկա չէ: Սակայն, եթե Բողոքաբերը գտնում է, որ այդպիսի հիմքեր առկա են, պարտավոր էր դրանց մասին հայտնել վարչական վարույթի ընթացքում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բացարկը կարող է հայտնվել մինչև վարչական վարույթն ավարտվելը` վարույթի այն փուլում, երբ բացարկ հայտնողին հայտնի է դառնում սույն հոդվածով սահմանված որևէ հիմքի առկայությունը»: 8.2.  Սակայն, վարչական վարույթի ընթացքում Բողոքաբերը չի ներկայացրել բացարկի որևէ միջնորդություն: Դա այն դեպքում, երբ վերջինս, ինչպես նշվեց, 15.07.2020թ.-ին 10 էջանոց բողոք է ներկայացրել ԿԳՄՍ-ին: 8.3. Եթե Բողոքաբերին հայտնի են եղել որոշակի հանգամանքներ, որոնք, ըստ իրեն, բացարկի հիմք էին հանդիսանում, վերջինս պարտավոր էր ներկայացնել համապատասխան միջնորդություն: Վարչական վարույթից հետո բացարկի հիմքերի մասին Բողոքաբերը կարող է հղում կատարել միայն այն դեպքում, երբ հիմնավորում է, որ այդ բացարկի հիմքն իրեն հայտնի չէր: Տվյալ դեպքում, հենց 15.07.2020թ.-ի բողոքում Բողոքաբերը նշում է փաստեր, որոնք, ըստ իրեն, բացարկի հիմք են հանդիսանում: 9. Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ 9.1. Ըստ Բողոքաբերի` 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.12.2019թ.-ի թիվ 50-Լ հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի 05.02.2020թ.-ի եզրակացությունը: 9.2. Դա սխալ մեկնաբանություն է: ԲՈԿ-ը չի հիմնվել մասնագիտական հանձնաժողովի եզրակացության վրա, անցկացրել է ինքնուրույն հետազոտություն: Դա փաստվում է նրանով, որ 17.07.2020թ.-ի թիվ 107Ա հրամանում առկա են մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից տարբերվող հիմքեր: 9.3.  Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությամբ զուտ արձանագրվել են որոշակի փաստեր, որոնք հիմք են հանդիսացել վարչական վարույթ հարուցելու համար: Անկախ այդ հանձնաժողովի եզրակացության հետագա գնահատականից (առավել ևս, որ եզրակացությունը չի բողոքարկվել), այն պետք է դիտարկել որպես վարչական վարույթ հարուցելու հիմք, սակայն ոչ երբեք վարչական ակտ կայացնելու հիմք: 9.4.      Վարչական ակտը կայացվել է ԲՈԿ-ի կողմից իրականացված հետազոտության հիման վրա, որը փաստել է, որ Բողոքաբերի ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ: Այդ փաստն օբյեկտիվ գոյություն ունի անկախ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության վիճարկման հանգամանքից: 9․5․ Բողոքաբերի վկայակոչած՝ թիվ ՎԴ/10584/05/19 վարչական գործով կայացված դատական ակտը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, կարող է բողոքարկվել և բեկանվել, ուստի կարիք չենք տեսնում անդրադառնալու դրան։ Ընդ որում, կրկին ընդգծենք, որ Բողոքաբերի վերաբերյալ եզրակացությունը չի բողոքարկվել։ 10.     Հայեցողականության և կամայականության արգելման վերաբերյալ 10.1.  Բողոքաբերը պնդում է, որ ԲՈԿ-ը խախտել է կամայականության արգելքի և հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքները, քանի որ այլ ատենախոսությունների դեպքում համանման գործընթաց չի նախաձեռնել: 10.2.   Նախ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք»: Տվյալ դեպքում, Բողոքաբերը որևէ կերպ չի հիմնավորել իր կողմից վկայակոչված գործերի և իր գործի տարբերակիչ հիմքերի բացակայությունը։ 10.3. Բողոքաբերին գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ վարչական ակտն անվավեր ճանաչելիս ԲՈԿ-ը չուներ հայեցողություն: Վերջինս պարտավոր է անվավեր ճանաչել վարչական ակտը, եթե բացահայտում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 11-րդ կետի խախտումներ, այն է` առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ: 10.4.   Սա ինքնին արդեն բավարար է, որպեսզի Բողոքաբերի այս դատողությունը մերժվի: Եթե նույնիսկ ենթադրենք, որ ԲՈԿ-ը պարտավոր էր այդ երկու դեպքում էլ որոշում կայացնել նշված երկու անձանց գիտական աստիճանի շնորհումը վերացնելու մասին, Բողոքաբերը չի կարող դա վկայակոչել ի պաշտպանություն իրեն: Անձը չի կարող պահանջել իր հանդեպ կիրառել այն սխալ վարքագիծը, որը վարչական մարմինը կիրառել է այլ անձի նկատմամբ: Անձը կարող է պահանջել իր նկատմամբ կիրառել հայեցողական իրավաչափ լուծումներից որևէ մեկը: Իսկ, տվյալ դեպքում ԲՈԿ-ը, ինչպես նշվեց, հայեցողական լիազորություն չուներ: 10.5.   Ինչ վերաբերում է այդ գործերին, ապա պետք է նշել,  որ ԲՈԿ-ն իրականացրել է բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ էին համապատասխան վարչական վարույթ սկսելու համար, այդ թվում` ԿԳՄՍ նախարարության միջոցով դիմել էր արդարադատության նախարարությանը, ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգադրությունը և այդ գործերով եզրակացությունները ստանալուց հետո դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը` խնդրելով իրականացնել քննարկումներ, սակայն ԿԳՄՍ-ի անգործության պատճառով համապատասխան վարչական վարույթներ նախաձեռնելու համար վեցամսյա ժամկետը լրացել էր: 10.6. Դրանից հետո միայն ԲՈԿ-ը որոշել է ինքնուրույն իրականացնել շնորհված գիտական աստիճանների առնչությամբ վարչական վարույթները: Այս դեպքը Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, և վերադաս վարչական մարմինը պետք է դա հաշվի առնի: Այժմ, Հայաստանի համար գերակա շահ է շտկել գիտական աստիճանաշնորհման ոլորտը: 10.7. Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության` «Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում»: 10.8.  Նույնիսկ, եթե ենթադրենք, որ առկա է հայեցողական լիազորություն, ԲՈԿ-ը գտնում է, որ Հայաստանի գերակա շահն է նախկինում տրված գիտական աստիճանների տրման գործընթացների վերանայումը, և վերջինս մտադիր է վերջ դնել նախկինում առկա մոտեցմանը, որ ԲՈԿ-ը չի կարող վերանայել արդեն իսկ տրված գիտական աստիճանները: 11.  Սույն վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի՝ ԿԳՄՍ նախարարի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտության վերաբերյալ 11․1․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս` կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե` ա) առկա է սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը. բ) մինչև գործի քննարկման ավարտը, տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ, մինչև ապացույցների հետազոտումը, կանխավ գնահատական է տվել դրանցից որևէ մեկին. գ) տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը երբևէ գործել է ի շահ վարույթի մասնակիցներից որևէ մեկի. դ) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ: 11․2․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածով և 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում վարչական մարմնի ղեկավարը, վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձը (եթե վարչական վարույթն իրականացնում է կոլեգիալ մարմինը, ապա կոլեգիալ մարմնի անդամը)պարտավոր է անհապաղ ինքնաբացարկ հայտնել: 11.3․ Ստորև ներկայացնում ենք այն հանգամանքները, որոնց առկայությունն առնվազն կասկած է հարուցում սույն գործի առնչությամբ ԿԳՄՍ նախարարի անաչառության նկատմամբ։ Այսպես. Նախարարի կողմից 27․07․2020թ․ Կոմիտեի նախագահին է ուղղվել գրություն, որում տեղ են գտել հետևյալ դատողությունները․ «Միաժամանակ, 19.02.2020թ. դրությամբ ԲՈԿ-ը ունեցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29.08.2019թ. N 575-Ա/2 հրամանով ստեղծված Գ. Գալստյանի և 15.08.2019թ. N 449-Ա հրամանով ստեղծված Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունների վերաբերյալ բողոքն ուսումնասիրած հանձնաժողովների եզրակացությունները և չի ընդունել վերջիններիս նկատմամբ նման բնույթի վարչական վարույթի հարուցման որոշումներ՝ խախտելով վարչարարության` հայեցողական լիազորությունների սահմանափակման և կամայականության արգելքի սկզբունքները:» «․․․Դուք պարտավոր էիք կասեցնել բողոքարկվող գործողությունը, մինչև վերադասության կարգով բողոքի քննարկման արդյունքում վերադաս վարչական մարմնի կողմից որոշում կայացնելը, սակայն Դուք 17.07.2020թ. N 107-Ա հրամանով, անտեսելով օրենքի պահանջը, անվավեր եք ճանաչել ՀՀ ԿԳՆ ԲՈՀ 17.02.2015թ. N 5Ա-Վ2 հրամանը։» 11.4․ Փաստորեն, նախարարը մինչև սույն բողոքարկման վարույթի ավարտը գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին։ Ընդ որում, ոչ միայն գնահատական է տվել, այլ նաև Կոմիտեի նախագահին ուղղակիորեն մեղադրել է վարչարարության մի շարք սկզբունքների խախտման և օրենքի պահանջն անտեսելու մեջ։ Հատկանշական է նաև, որ նախարարի այդ դիրքորոշումը բողոքաբերի կողմից ներկայացված բողոքում տեղ գտած մտքերի ուղղակի կրկնությունն է։ Նշենք նաև, որ մինչև սույն վարույթի ավարտը նախարարի կողմից գործի փաստական հանգամանքներին տրված գնահատականը կատարվել է հրապարակայնորեն, քանի որ նախարարի 27․07․2020թ․ գրությունը հասանելի է եղել ԿԳՄՍ նախարարության մի շարք աշխատակիցների՝ մասնավորաբար. 1.         Արսեն Բաղդասարյանին, 2.         Նաիրի Հարությունյանին, 3.         Գյուլնարա Հովհաննիսյանին, 4.         Սոնա Սարգսյանին։ 11.5․ Բացի այդ, սույն վարույթը չի կարող համապատասխանել անաչառության՝ օրենքով ներկայացվող պահանջին, նաև հետևյալ պատճառաբանությամբ․ Նախարարի թե՛ 20․07․2020թ․, թե՛ 23․07․2020թ․ հրամաններով հանձնարարվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանին իրականացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական վարույթի փուլերին ներկայացվող անհրաժեշտ գործողությունները: Լուսինե Գրիգորյանը ևս, մինչև սույն գործի քննարկման ավարտը, հրապարակայնորեն արտահայտվել է գործի փաստական հանգամանքների մասին։ Օրինակ՝ Լուսինե Գրիգորյանը hraparak.am կայքին 20․07․2020թ․ հայտնել է հետևյալը. «Հուլիսի 15-ին Դիանա Գալոյանը բողոքարկել էր ԲՈԿ-ի նախագահի հրամանը, որով նա ձեռնարկել էր Դիանա Գալոյանին գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցել։ Գալոյանը ներկայացրել է վարչական բողոք, և այդ կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն վարույթը կասեցվել է, հետևաբար ԲՈԿ-ը չէր կարող այդ մասով որոշում կայացնել, քանի դեռ նախարարությունում վարչական բողոք կա»։ Hraparak.am-ի հարցին, թե այսինքն՝ ԲՈԿ-ի որոշումը առոչի՞նչ է, Լուսինե Գրիգորյանը պատասխանել է․ «Այս պահին այո, այն առումով, որ կասեցված վարչական վարույթ է եղել, բայց ԲՈԿ-ը ակտ է հրապարակել։ Միաժամանակ նաև հաշվի առնելով, որ գիտական աստիճանները շնորհում են մասնագիտական խորհուրդները, հետևաբար մասնագիտական խորհուրդները, եթե օրենսդրությամբ նախատեսված կա, կարող են մարդուն զրկել գիտական աստիճանից։ ԲՈԿ-ը միայն վկայագրերով հաստատում, կամ չի հաստատում մասնագիտական խորհուրդների շնորհած գիտական աստիճանները»։» 11․6․ Այսպիսով, ոչ միայն սույն վարչական վարույթն իրականացնող անձի գործողություններն են խնդրահարույց վարչական վարույթի անաչառության ապահովման տեսանկյունից, այլ նաև սույն վարչական վարույթի փուլերին ներկայացվող անհրաժեշտ գործողություններն են կատարվել ոչ անաչառ անձի կողմից, ինչը ևս կասկածի տակ է դնում ողջ վարույթի օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը։ 11․7․ Վերը նշվածից ակնհայտ է, որ․ Նախարարի կողմից չի կարող ապահովվել սույն վարչական վարույթի անաչառությունը, Առկա է նախարարի կողմից ինքնաբացարկ հայտնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետով սահմանված հիմքը։
17:58 - 03 օգոստոսի, 2020
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթն առոչինչ է, խորհրդի մի քանի անդամներ նիստի չեն հրավիրվել. Համլետ Թադևոսյան

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթն առոչինչ է, խորհրդի մի քանի անդամներ նիստի չեն հրավիրվել. Համլետ Թադևոսյան

Այսպիսով՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է առանց խորհրդի անդամներին օրենքով սահմանված կարգով հրավիրելու, ինչի հետևանքով խորհրդի մի քանի անդամներ նույնիսկ տեղյակ չեն եղել, հետևաբար՝ մրցույթի արդյունքներն առոչինչ են, և ՀՀ կառավարությունը պետք է դրանք անվավեր ճանաչի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է խորհրդի անդամ Համլետ Թադևոսյանը: «ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի: Հայտնում եմ, որ, լինելով ՀՊՏՀ խորհրդի անդամ, հուլիսի 16-ի երեկոյան պաշտոնական նամակ եմ ստացել ՀՊՏՀ խորհրդի նախագահի անունից առ այն, որ այդ պահի դրությամբ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթի արգելանքն ուժի մեջ է, որովհետև դատարանի որոշումից հետո Հարկադիր կատարումը ապահովող ծառայությունը դեռևս չի հանել արգելանքը: Սակայն, այս պաշտոնական նամակից հետո կապի որևէ միջոցով չի ուղարկվել նիստի հրավեր կամ ծանուցում այն մասին, որ արգելանքը հանվել է կամ որ մենք հրավիրվում ենք նիստի: Հիշեցնեմ նաև, որ համաձայն ռեկտորի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի, «խորհրդի նիստը հրավիրում է խորհրդի նախագահը՝ ապահովելով խորհրդի անդամների և հավակնորդների մասնակցությունը»: Այնուհետև հեռուստատեսությամբ պատահաբար տեսնում եմ, որ խորհրդի անդամների մի մասն արդեն ռեկտոր է ընտրել, և միայն նիստը սկսելուց հետո հայտնել են, որ րոպեներ առաջ արգելանքը հանվել է:Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են տեղեկացվել նիստին ներկա հարգելի գործընկերներս, հավանաբար անհատապես տարբեր մարդկանցից ոչ ֆորմալ տեղեկություններ են ստացել, որովհետև պաշտոնական նամակագրությունն ընդհանուր է: Թեև, ըստ կարգի, նիստը պետք է հրավիրեր խորհրդի նախագահը, սակայն, կարծում եմ՝ նա ֆիզիկապես չէր կարող դա անել, որովհետև խուճապահար ռեժիմով արգելանքը հանելու մասին որոշումը ստացել է նիստի մեկնարկից րոպեներ առաջ»,-ասված է գրառման մեջ: 
21:47 - 18 հուլիսի, 2020
Այդ ոչ իրավաչափ հրամանն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից․ Դիանա Գալոյանը՝ դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու որոշման մասին

Այդ ոչ իրավաչափ հրամանն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից․ Դիանա Գալոյանը՝ դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու որոշման մասին

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հայտարարությունը. «Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հայտարարությունը, որը հրապարակված է նաև Դիանա Գալոյանի ֆեյսբուքյան էջում: Խորին շնորհակալություն ՀՊՏՀ խորհրդի անդամներին՝ իրենց քվեարկությամբ ինձ վստահելու համար, ՀՊՏՀ ողջ անձնակազմին՝ անվերապահ աջակցության համար և արդարամիտ ու ազնվաբարո հանրությանը՝ սադրանքներին, հերյուրանքներին ու բանսարկություններին չտրվելու, իրականությունը ճանաչելու, ճիշտ գնահատելու համար: Շնորհակալ եմ: Թող պատերազմական ներկա իրավիճակում դժգոհության տարբեր օջախներ ստեղծելու մոլուցքով տարվածները շարունակեն կքալ բարոյական պատախանատվության տակ: Ինչ վերաբերում է «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի իմ գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու կապակցությամբ ՀՀ ԲՈԿ նախագահի 2020 թվականի հուլիսի 17-ին ընդունած հրամանին, որը տարօրինակ կերպով կայացվեց մրցույթի անցկացման պահին, և որը ակնհայտորեն փաստեց վերջինիս կանխակալ վերաբերմունքը անձիս հանդեպ և բացահայտեց արդարության հանդեպ նրա խտրական պատկերացումները, ապա այն իրավական արգելք չէր կարող հանդիսանալ ռեկտորի ընտրություններին իմ մասնակցության համար: Այդ ոչ իրավաչափ հրամանն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: Ավելին, այդ հրամանի ընդունման համար ոչ իրավաչափորեն հարուցված վարչական վարույթի վերաբերյալ վարչական բողոք էր ներկայացվել իմ կողմից դեռևս ս.թ. հուլիսի 15-ին, սակայն անտեսելով այն և չսպասելով վերադասության կարգով բողոքի վերաբերյալ որոշման ընդունմանը` ԲՈԿ նախագահը հապճեպորեն, սպասարկելով խմբային շահ, ընդունել է մյուս ոչ իրավաչափ որոշումը` դրանով իսկ ակնհայտ դարձնելով այդ որոշումն ընդունելու իր անձնական շահագրգռվածության հանգամանքը: ԲՈԿ-ի նախագահի կողմից իրականացված ոչ իրավաչափ գործընթացի և դրա արդյունքում օրենսդրությամբ սահմանված իմ իրավունքների և վարչարարության սկզբունքների կոպիտ խախտումներով ընդունված ոչ իրավաչափ հրամանի վերաբերյալ իրավական գնահատականը կտան պատկան մարմինները: Ի գիտություն այդ տեղեկատվությունը տարածողների՝ իմ մասով ոչ իրավաչափորեն անվավեր ճանաչված 17.02.2015թ թիվ 5Ա-Վ2 հրամանով ընդամենը հաստատվել է իմ գիտական աստիճանի շնորհումը, իսկ գիտական աստիճան շնորհելու որոշումը կայացրել է Հայ-Ռուսական համալսարանում գործող ԲՈՀ-ի 008 տնտեսագիտության մասնագիտական խորհուրդը: Եվ ինչպես ինձ ասաց իմ կողմից շատ հարգված մի անձնավորություն՝ պայքարելը հեշտ չէ, երբեմն անհասկանալի շատերի համար, բայց դրված նպատակին հասնելու համար դժվարին իրավիճակներում պետք է պայքարել մինչև վերջ»:
15:31 - 18 հուլիսի, 2020
Դիանա Գալոյանի ընտրությունը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է  |iravaban.net|

Դիանա Գալոյանի ընտրությունը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է |iravaban.net|

iravaban.net: Դիանա Գալոյանի ընտրությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է։ Հարկ է նշել, որ ըստ ՀՀ կառավարության 06.10.2006թ.-ի թիվ 1718-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կանոնադրության 24-րդ կետի` «Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը»: Ռեկտորին ընտրում է ՀՊՏՀ խորհուրդը: ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունները տեղի ունեցան այսօր՝ հուլիսի 17-ին: Մրցույթին դիմել էին բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը և Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանը: 2020թ.-ի հուլիսի 9-ին ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ էր հարուցել: Այնուամենայնիվ, ՀՊՏՀ խորհրդի նիստը, որտեղ պետք է ընտրվեր ռեկտորը, սկսվեց: Նիստի ընթացքում ՀՀ ԲՈԿ-ն իր կայքում հրապարակեց 17.02.2015թ թիվ  5Ա-վ2 հրամանը, որով Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումն անվավեր ճանաչվեց: Դա չկանգնեցրեց ընտրությունը և խորհուրդը շարունակեց նիստը՝ ընտրության արդյունքում` Դիանա Գալոյանին ընտրելով ՀՊՏՀ ռեկտոր: Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշում կայացնելիս ՀՀ ԲՈԿ-ն առաջնորդվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»: Այսինքն, վարչական մարմինը կարող է իր վարչական ակտը վերանայելու մասին որոշում կայացնել: ԲՈԿ-ը իմացել է այդ վարչական ակտի անվավերության հիմք հանդիսացող փաստերի մասին Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն տրամադրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն 05.02.2020թ.-ին: Նիստի ընդմիջմանը Դիանա Գալոյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ բողոքարկել է ՀՀ ԲՈԿ-ի վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը, ինչը վարչական վարույթը կասեցնելու հիմք էր:  «Երբ ԲՈԿ նախագահը տվել էր հրամանը՝ անվավերության հայցի, ես արդեն իսկ վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն և ինքը, մինչև վերադաս մարմնի կողմից չունենար իմ բողոքարկման արդյունքները, ինքն իրավունք չուներ այդ նիստն անելու։ Ես իհարկե սա նորից վերադասության կարգով կբողոքարկեմ արդեն վարչական դատարանով, բայց Գոգյանը նաև պատասխանատվության կենթարկվի, որովհետև օրենքն ասում է, որ եթե կա վարչական վարույթի համար ներկայացված վարչական բողոք, ինքն ավտոմատ պետք է ավտոմատ ստոպ լինի, կանգ առնի, մինչև որ արդյունքները կլինեն նախարարության կողմից»,- նշել է նա։ Սակայն այդ պնդումը չի բխում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի, ըստ որի «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»: Վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը վարչական ակտ չէ, ուստի դրա նկատմամբ այս նորմը կիրառելի չէ: Նշենք նաև, որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները դեռ պետք է հաստատվեն հիմնադրի` ՀՀ կառավարության կողմից: Վերոնշյալը հաշվի առնելով, պետք է նշենք, որ Դիանա Գալոյանի ընտրությունը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է և հավանաբար չի հաստատվի ՀՀ կառավարության կողմից:
17:03 - 17 հուլիսի, 2020
«Գոգյանը պատասխանատվության կենթարկվի ինքնիրավչության համար». Դիանա Գալոյանը կդիմի դատարան |news.am|

«Գոգյանը պատասխանատվության կենթարկվի ինքնիրավչության համար». Դիանա Գալոյանը կդիմի դատարան |news.am|

news.am: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ գոգյանի հրամանին, որով անվավեր է ճանաչվել իր տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: «Երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ես արդեն իսկ դա վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն: Նա, մինչեւ վերադաս մարմնի կողմից իմ բողոքարկման արդյունքները ունենալը, իրավունք չուներ այդ նիստն անելու: Ես, իհարկե, նորից առաջինը վերադասության կարգով, երկրորդը, վարչական դատարանում կբողոքարկեմ, բայց Գոգյանը նաեւ պատասխանատվության կենթարկվի նրա համար, որ չի սպասել նախարարության պատասխանին: Օրենքը ասում է, որ եթե կա վարչական վարույթի ներկայացված վարչական բողոք, ինքն այդ պահին ավտոմատ պետք է ստոպ լինի, մինչեւ կլինեին արդյունքները նախարարության կողմից»,-ասաց նա: Գալոյանի խոսքով, Սմբատ Գոգյանն ինքնիրավչությամբ է զբաղվել, ինքը վստահ է, որ իր բողոքի արդյունքները դրական են լինելու, ինքը պահպանելու է գիտական աստիճանն ու կոչումը: «Կարծում եմ՝ ինքներդ էլ նկատում եք, որ մի օր առաջ փորձում են ռեկտորի մրցույթի վրա կանլանք դնել, մրցույթից մեկ օր առաջ վարչական վարույթ են բացում: Տեսան դատարանը վարչական կալանքը հանում է, էսօր մրցույթի ժամանակ զրկում են: Նախ իր կայացրած որոշումն ուժի մեջ է մտնելու ինձ առձեռն տեղեկացնելուց հետո հաջորդ օրը, այսինքն ես այս պահին շարունակում եմ ունենալ իմ կոչումն ու գիտական աստիճանը: Ես պարոն գոգյանին համապատասխան պատասխանատվության կենթարկեմ, որովհետեւ նա շարունակել է ինքնիրավչություն իրականացնել»,-ասաց նախկին ռեկտորը:
16:59 - 17 հուլիսի, 2020