Հակոբ Ասլանյան

Հակոբ Ասլանյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ 

Ծնվել է 1954-ին։ 1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1988թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմություն-իրավունք ֆակուլտետը:

24.12.2020-02.08.2021թթ. եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։ ՔԿ-ից հայտնում են, որ նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտանգում պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ս․ Վարդանյանը ճանաչվել է տուժող։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:25 - 18 ապրիլի, 2024
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․ խոշտանգման հետքերով․ սայլը տեղից շարժվում է ․ Ռուբեն Մելիքյան

Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․ խոշտանգման հետքերով․ սայլը տեղից շարժվում է ․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրում է․ «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Հիմա տանն է։ 2) Նորմալ երկրում դատարանի որոշումը (տնային կալանք + 7 մլն գրավ) կլիներ անհամաչափ։ Սակայն առկա պայմաններում մենք՝ Վարազդատը, Արամն ու ես, դատական նիստի ընթացքում եկանք այն համոզման, որ «բանտային կալանք»-ից խուսափելու առումով միակ իրատեսական տարբերակը տնային կալանք և խոշոր չափով գրավ միջնորդելն է։ Գրավը մենք միջնորդել էին նույնիսկ 10 մլն-ի չափով։ 3) Խոշտանգման մասով. ինձ քիչ առաջ զանգահարեց ՔԿ մի քննիչ և հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ և վաղը Սամվելին հրավիրում է հարցաքննության։ Սայլը ՄԵԾ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ տեղից շարժվեց։ 4) Բազմաթիվ մարդիկ են գրում՝ գրավի հարցում օգնելու պատրաստակամությամբ։ Գրավի չափն իրոք շատ խոշոր է, Շուտով կխոսեմ Սամվելի հետ և կառաջարկեմ տրամադրել հաշվեհամար, որ ցանկացողները կարողանան մասնակցել։ Նկատի ունեցեք, որ գումարը վերադարձվելու է այն ժամանակ, երբ բուն վարույթն ավարտվի (կարող է տևել 1-2 տարի): 5) Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, հանրային գործիչներ, քաղաքացիներ)՝ մեզ չէր չէր հաջողվի արդյունք ունենալ։ Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց տեղ հասցնել ամենակարևոր ուղերձը՝ սա ոչ միայն ու ոչ այնքան Սամվելի հարցն է, որքան մեզնից յուրաքանչյուրի ու մեր զավակների»։
12:12 - 18 ապրիլի, 2024
Սամվել Վարդանյանի խափանման միջոցն ընտրվեց տնային կալանք և 7 մլն դրամ գրավ |hetq.am|

Սամվել Վարդանյանի խափանման միջոցն ընտրվեց տնային կալանք և 7 մլն դրամ գրավ |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանած Սամվել Վարդանյանի նկատմամբ կալանք չկիրառել, այլ տնային կալանք և 7 մլն դրամ գրավ սահմանել: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Վարչության շենքից 1-2 րոպե հեռանալուց հետո ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ «բնական կարիքները» հոգալու անհրաժեշտություն է առաջացել, և Սամվելին թողել են ավտոմեքենայի մեջ ու գնացել: Դիմակավորված անձինք մոտեցել են ձեռնաշղթաներով կապված Սամվելին, դուրս հանել ավտոմեքենայից և ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի մասին նրա փաստաբաններն իմացել են պատահմամբ, երբ ապրիլի 16-ին ԱԺ պատգամավորները տեսակցության են գնացել Սամվելին, և վերջինս մանրամասներ է փոխանցել:
09:20 - 18 ապրիլի, 2024
Բռնություն չեմ ընդունում․ Հակոբ Ասլանյանը՝ իր հետ միջադեպի մասնակից երիտասարդին բռնության ենթարկելու ահազանգի մասին
 |factor.am|

Բռնություն չեմ ընդունում․ Հակոբ Ասլանյանը՝ իր հետ միջադեպի մասնակից երիտասարդին բռնության ենթարկելու ահազանգի մասին |factor.am|

factor.am: Ես ոչ մի տեսակի բռնություն էլ չեմ ընդունում, Factor.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն՝ անդրադառնալով իր հետ կապված միջադեպի մասնակից երիտասարդին բռնության ենթարկելու՝ փաստաբանների ահազանգին։ «Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը պետք է տան բոլոր նրանք, ովքեր դա կատարել են և, երբ կբռնվեն և օրենքի առաջ կկանգնեն։ Բոլոր նրանք, ովքեր օրենքը խախտում են՝ անկախ նրանից իշխանության ներկայացուցիչ են, թե՝ ոչ, պետք է օրենքի առաջ լինեն հավասար։ Բոլորը պատասխանատու են իրենց արարքների համար»,- ասաց իշխանական պատգամավորը Ասլանյանը կրկնեց ավելի վաղ իր արած հայտարարությունը, թե հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդում չէր ներկայացնի, եթե դեպքի մասնակից երիտասարդը կադրերը չհրապարակեր համացանցում։ Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Վարդանյանի փաստաբանը այսօր հայտնեց, որ երեկ ՔՊ խմբակցության պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
18:07 - 17 ապրիլի, 2024
ՔՊ պատգամավորին առնչվող դեպքով ձերբակալված Սամվել Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
 |azatutyun.am|

ՔՊ պատգամավորին առնչվող դեպքով ձերբակալված Սամվել Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանությունից հետո, ըստ փաստաբանների, դիմակավորված անձանց կողմից խոշտանգված Սամվել Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, չնայած ի սկզբանե քրեական վարույթը խուլիգանության հոդվածով էր նախաձեռնվել։Քննչական կոմիտեն արդեն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, երիտասարդին տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Նիստն այսօր կկայանա։«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատագամվորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված բռնության մասին։ Այսօր առավոտյան փաստաբանները հաղորդեցին, որ խոշտանգման դեպքով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Քննչական կոմիտեում այժմ ուսումնասիրում են խոշտանգման հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերը։ Իրավապահնեը այս պահին հաղորդել են միայն ՆԳՆ-ում երիտասարդին ուղեկցած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն սկսելու մասին։
16:40 - 17 ապրիլի, 2024
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան |news.am|

Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան |news.am|

news.am: ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին այսօր առավոտյան պետք է ձերբակալության պահման վայրից տեղափոխեն Քննչական կոմիտե: Այս կապակցությամբ ՁՊՎ-ի դիմաց հավաքվել են ԱԺ պատգամավոր, Երեւանի ավագանու անդամներ, փաստաբաններ, որպեսզի ուղեկցեն այն մեքենան, որով Սամվել Վարդանյանին տեղափոխելու են: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք կասկածներ ունեն, որ տեղափոխման ժամանակ կարող է կրկնվել Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքը: «Երեկ ժամը 13։10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք խոշտանգման փաստի մասին: Լրատվամիջոցների հաղորդումը հիմք է քրեական վարույթ նախաձեռնելու համար, սակայն մենք երեկ չտեսանք, որ քրվարույթ նախաձեռնվի: Ավելին, ՔԿ-ն հայտարարություն արեց, ասելով՝ մեզ չեն դիմել, դրա համար վարույթ չենք նախաձեռնել: Հատուկ չենք դիմել: Հիմա հիմք ունենք տարբերակված մոտեցում ցույց տալու համար: Վստահեցնում եմ, որ եթե հակառակ մի բան լիներ, ընդունելու էին լրատվամիջոցների հաղորդումը որպես հիմք: Մենք վստահ չենք, որ հիմա Սամվել Վարդանյանին ուղեկցողները նորից բնական կարիքների հարց չեն ունենա եւ դրա արդյունքում ինչ-որ այլ դիմակավորված անձանց միջամտություն չի լինի: Հիմա այստեղ են ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, Երեւանի ավագանու անդամներ, այլ քաղաքացիներ: Մենք ընդամենը փորձելու ենք այն ժամանակ, երբ Սամվել Վարդանյանին դուրս բերեն, մենք փորձելու ենք մեր տեսողական դիտարկման ներքո պահել այն մեքենան, որը նրան ուղեկցելու է դեպի Պարույր Սեւակի փողոց»,-ասաց նա: Փաստաբանի խոսքով, ինքն ու փաստաբան Արսեն Բաբայանը վաղ առավոտից այստեղ են. «Ես ներս մտա, խոսեցի Սամվելի հետ, նորմալ էր, գիշերը նորմալ է անցել, որեւէ միջադեպ չի եղել: Դրանից հետո ԱԺ պատգամավորներ եկան: Պատգամավոր Մհեր Սահակյանը եւս մտավ, տեսակցեց»,-ասաց նա
09:49 - 17 ապրիլի, 2024
Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
 |arm.sputniknews.ru|

Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։   «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,– ասաց Նարեկ Սարգսյանը։   Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Վարդանյանի փաստաբանը այսօր հայտնեց, որ երեկ ՔՊ խմբակցության պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:  
21:57 - 16 ապրիլի, 2024
Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի․ Թագուհի Թովմասյանը՝ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մասին

Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի․ Թագուհի Թովմասյանը՝ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մասին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին:  Նա գտնվում է ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում: 72 ժամվա ընթացքում պետք է նրան կա՛մ ազատ արձակեն, կա՛մ կալանավորեն, ինչի հիմքերը չկան: Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից:  Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ:  Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երևանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ:  2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը: Իհարկե, հետաքրքրվել են, թե ինչու է հևում Սամվելը, սակայն անխռով տարել են նրան ժամանակավոր պահման վայր: Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի, դրա համար կա քաղաքացիական օրենսգրքում նախատեսված պատժամիջոց: Արդեն քաղաքացուն ձերբակալել են, խուլիգանության հոդվածը առաջադրել, ազատազրկել, բայց նաև ծեծի են ենթարկել շղթայված երիտասարդին, նսեմացրել նրա արժանապատվությունը:  Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի: Հայաստանում հավատարմագրված  դեսպանատներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համաշխարհային կառույցներին արդեն ուղարկել եմ գրություններ այս առիթով: Քաղաքացուն ուղեկցող ոստիկանները և զինված բանդան պե՛տք է պատժվեն»։  
19:57 - 16 ապրիլի, 2024
Քննչական կոմիտեն՝ հանրային տրանսպորտում ԱԺ պատգամավոր մասնակցությամբ միջադեպի մասին

Քննչական կոմիտեն՝ հանրային տրանսպորտում ԱԺ պատգամավոր մասնակցությամբ միջադեպի մասին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևանում հասարակական տրանսպորտում կատարված առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ 2024 թ․ ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացվել է  հաղորդում այն մասին, որ նույն օրը ժամը 14:10-14.30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածում, երթուղային տրանսպորտում, անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել և հնչեցրել սպառնալիքներ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին՝ իրեն թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ։ Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթը: Ապրիլի 15-ին ժամը 17:15-ին վերոնշյալ խուլիգանական արարքներն առերևույթ կատարելու կասկածանքով Ոստիկանություն է տարվել Երևան քաղաքի բնակիչ Ս․ Վ․-ն, ով նույն օրը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ս․ Վ․-ին ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է։  Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:39 - 16 ապրիլի, 2024
Տեղի է ունեցել առերես հարցաքննություն պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
 |panorama.am|

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ |panorama.am|

panorama.am:ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով (ՔՕ 297 հոդված 1-ին մաս) ԱԺ պատգամավոր Հ. Ասլանյանի հաղորդման հիման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպան, Վարդանյանի պաշտպանությունը ստանձնած Ռուբեն Մելիքյանը։ Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է նաև փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Մելիքյանի խոսքով, կատարվում են քննչական գործողություններ, հարցաքննություններ, երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել առերես հարցաքննություն տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ։ Քննչական գործողությունները կշարունակվեն։Ռ. Մելիքյանը հիշեցրեց, որ Ս. Վարդանյանը ձերբակալված է 72 ժամով, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։«Մենք չենք ընդունում, որ տեղի ունեցածը տեղավորվում է խուլիգանության հանցակազմի ներքո»,-ասաց փաստաբան։  
09:25 - 16 ապրիլի, 2024
ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորել են․ նա ոստիկանություն հաղորդում է ներկայացրել

 |factor.am|

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորել են․ նա ոստիկանություն հաղորդում է ներկայացրել |factor.am|

factor.am: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում հասարակական տրանսպորտով երթևեկող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին մի երիտասարդ վիրավորում է և խանգարում է իջնել տրանսպորտից։ Երիտասարդը հեռախոսի տեսախցիկը ուղղում է դեպի Ասլանյանի կողմը ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում դո՞ւք, սա նիկոլական վիժվածք է»: Factor.am-ի հետ զրույցում Հակոբ Ասլանյանը պնդեց՝ ինքը չի հարվածել իրեն ավտոբուսից իջնել թույլ չտվող երիտասարդին, միայն հրել է, որպեսզի կարողանա իջնել տրանսպորտից, արդյուքնում էլ քաշքշոց է տեղի ունեցել։ «Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ սա պետություն է, և այդ պետության մեջ ինքը օրենքը պարտավոր է հարգել՝ անկախ նրանից ուզում է, թե՝ չի ուզում։ Բարոյական տեսանկյունից մարդը պետք է հասկանա, որ ինքն իրավունք չունի վիրավորելու այն մարդուն, որին չի ճանաչում՝ անկախ նրանից համաձայն է նրա քաղաքական գաղափարներին, թե՝ ոչ։ Իրավունքի չունի վիրավորական խուլիգանական բաներ խոսելու»,- ասաց պատգամավորը։ Տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես են մյուս ուղևորները կշտամբում քաղաքացուն, թե ինչո՞ւ է հանրային տրանսպորտում փորձում հարցեր լուծել պատգամավորի հետ։ Հակոբ Ասլանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հետ կապված միջադեպի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանության բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։   
17:52 - 15 ապրիլի, 2024
Վիրավորանքներ ու քաշքշուկ հանրային տրանսպորտում՝ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացու միջև

Վիրավորանքներ ու քաշքշուկ հանրային տրանսպորտում՝ պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացու միջև

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ քաղաքացին, հանրային տրանսպորտում տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում է «հակահայ վիժվածք», դիպչում է պատգամավորին՝ հարցնելով․ «Էս արդեն մարդամեջ ե՞ք դուրս գալիս»։ Ասլանյանը, քաղաքացուն անվանելով «ապուշ», հրում է նրան ու ասում, որ թողնի՝ իջնի տրանսպորտից։ Այնուհետև քաշքշուկ է սկսվում, և Հակոբ Ասլանյանը հարվածելով գցում է հեռախոսը, որով քաղաքացին տեսանկարահանում էր իրեն։ Հանրային տրանսպորտում գտնվող քաղաքացիները հորդորում էին դադարեցնել կռիվը ու քաղաքացուն ասում, որ տրանսպորտի մեջ չպետք է դա տեղի ունենա։ Ասլանյանի՝ տրանսպորտից իջնելուց հետո լեզվակռիվ է սկսվում երկու քաղաքացիների միջև․ տեսանյութը նկարահանող քաղաքացին մյուսներին ասում էր, որ «հայրենիքն են տալիս և պետք է թքեն նրանց վրա մասսայական»։
15:23 - 15 ապրիլի, 2024
«Եռաբլուր»-ի տարածքում կատարված խուլիգանության և 2 պատգամավորի մուտքը խոչընդոտելու վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

«Եռաբլուր»-ի տարածքում կատարված խուլիգանության և 2 պատգամավորի մուտքը խոչընդոտելու վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2023թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնի տարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու և խուլիգանության դեպքի էական հանգամանքները: Ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023թ․ սեպտեմբերի 21ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հ․ Ասլանյանի, Հ․ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, նաև՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ԱԺ պատգամավոր Հ․ Աղազարյանին: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ սպետեմբերի 21-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Ա․ Գ․-ն, Ա․ Ա․-ի և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ այլ անձանց հետ՝ խմբի կազմում, գտնվելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական նորմերի նկատմամբ, Հայաստանի անկախության պետական տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հ․ Աղազարյանի և Հ․ Ասլանյանի քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված՝ սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են հնչեցրել և անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին։ Այդ ընթացքում Ա․ Գ․-ն ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ.Աղազարյանի ազդրի հատվածին, իսկ Ա․Ա․-ն հրել և սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ է հնչեցրել պատգամավորների հասցեին։ Այդ գործողություններով խոչընդոտվել և թույլ չի տրվել պատգամավորներին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Շարունակվող խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել են միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված երկու անձանց վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։ Ա․Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նշված երկու անձանց մեղսագրվող արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Խուլիգանական արարքներին այլ անձանց առերևույթ մասնակցության մասով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:27 - 06 նոյեմբերի, 2023
Երբ թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից․ Հակոբ Ասլանյան

Երբ թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից․ Հակոբ Ասլանյան

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը մտքերի փոխանակության ժամանակ ասաց, որ ինքը կողմ է զենքի ազատ վաճառքին եւ դրա հնարավորությունների ավելի մեծացմանը․ «Կյանքը ցույց է տվել, որ զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը։ Դրա հիմնավորումը՝ օրինակ, ամբողջ հասարակությունը իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը եւ հանցագործ աշխարհը։ Իշխանությունները, ուզեն թե չուզեն, զինված են, հանցագործ աշխարհը զինված է, ժողովուրդը՝ ոչ, դրա համար էլ ամեն ինչ թափվում է ժողովրդի գլխին»,- ասաց Ասլանյանը՝ նշելով, որ պետք է այս հավասարակշռությունը վերականգնել։ «Երբ մենք թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից։ Մարդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու, եւ պետությունը չէ, որ միշտ կանգնած է մարդու կողքին, երբ մարդը մենակ գնում է, եւ, ենթադրենք, սոված շներ կարող են հարձակվել ու նրան ուտել, եւ նա զրկված է ինքնապաշտպանությունից։ Իսկ հետագա գործերը, էնտեղ ուրիշ գործեր էլ կան։ Ընդհանրապես, եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում այն ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել»,- ասաց Հակոբ Ասլանյանը։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը արձագանքեց Ասլանյանի ելույթին, որում վերջինս ասել էր, որ ինքը կողմ է զենքի ազատ վաճառքին։ Գաբրիելյանը հստակեցրեց, որ քննարկվող օրենքում խոսք չկա զենքի ազատ վաճառքի մասին․ «Խոսքը զենքի շրջանառության ոլորտում կարգավորումների մասին է, որոնք մեր քաղաքացիներին որոշակի առումով կարգավորված, պարզեցված, բայց կարեւորը՝ քննական կարգի միջոցով հնարավորություն կտան ունենալ ինքնապաշտպանական միջոցներ։ Մեր քաղաքացիներն իրավունք ունեն ունենալ ինքնապաշտպանական միջոցներ, բայց շատ կարեւոր է, որ ունեցողը կարողանա այդ միջոցից օգտվել, օգտագործել, տիրապետել, այդ թվում՝ իր անվտանգության կանոնների մասով»։
12:52 - 13 հուլիսի, 2023