Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ։ Ծնվել է 1983թ․ Երևանում։ 1999-2004, ապա՝ 2008-2009թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2010 թվականից զբաղվել է լրագրությամբ։ 2016 թվականից համագործակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ՝ որպես լրագրող, խմբագիր և սցենարիստ։ 2018թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար:

Ավտոբուսից 1 պակաս․  երկկողմանի մանիպուլյացիաներ ձեռքբերվող ավտոբուսների շուրջ

Ավտոբուսից 1 պակաս․ երկկողմանի մանիպուլյացիաներ ձեռքբերվող ավտոբուսների շուրջ

Դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց, ինչը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նոյեմբերի 16-ի առավոտյան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն էր հայտնում արձագանքների և ջերմ խոսքերի համար։ «․․․ Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- նշված էր Հայկ Մարությանի գրառման մեջ։ Այս գրառմանն արձագանքեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը։ Վերջինս պնդում էր, որ Հայկ Մարությանի՝ 520 ավտոբուս ձեռք բերելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է)։ Համայնքային բյուջեի հաշվին 2021 թվականին , ձեռք է բերվել 211 չինական Ժոնգ Թոնգ մակնիշի ավտոբուսներ, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ ձեռք են բերվել 100 հատ Գազել մակնիշի միկրոավտոբուսներ։ Այսինքն այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։ Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը միջազգային գործընկերների հետ Երևան քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Այսպիսով,  զուտ համայնքային բյուջեի միջոցով և մասնակցությամբ հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311, այսինքն անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)»,- գրառման մեջ նշել է ավագանու անդամը։ Այս գրառմանն էլ ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Վերջինս տարօրինակ համարեց ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի հաշվարկը՝ տրանսպորտային պարկի համալրման վերաբերյալ։ «1. 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» եւ ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։ 2․ 2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։ 3․ Այսօր քաղաքապետ Մարությանը  հայտարարեց, որ համայնքի միջոցներով եւս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։ 4․ Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։  Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։  Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։   511*100/850=60.11%»,- նշված էր Հակոբ Կարապետյանի գրառման մեջ։    Ի՞նչ չափանիշներ է առաջարկել Բրիտանական WYG ընկերությունը Բրիտանական WYG International ընկերությունն իրականացրել է «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրը, որի աշխատանքների գործնական փուլը մեկնարկել է 2017 թվականին։ Ընկերությունը պարբերաբար ներկայացրել է աշխատանքի հաշվետվություն, վերջինը՝ 2019 թվականի հունվարի 30-ին։ Հաշվետվության 6-րդ կետի 3-րդ ենթակետում առաջարկվում են տրանսպորտային համակարգի փոխադրամիջոցների տեսակները։ Դրանք 3 տեսակի ավտոբուսներ են՝ 7․5-8․5 մետր, 12 մետր և 18 մետր(միակցված) երկարությամբ, որոնք պետք է ունենան համապատասխանաբար 45-55, 90-100 և 150 ուղևոր տեղատարություն։ Հետազոտություն իրականացրած ընկերությունը չի առաջարկել միկրոավտոբուսների շահագործում, քանի որ նրանց կարծիքով միկրոավտոբուսներն անհամատեղելի են ժամանակակից քաղաքային ցանցի սպասումների հետ: Հաշվետվության համաձայն՝ թեև կան բնակելի նեղ թաղամասեր, սակայն բրիտանական ընկերությունը երթուղիների ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ բոլոր երթուղիները հնարավոր է սպասարկել առաջարկվող տրանսպորտային միջոցներով։ Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցների անհրաժեշտ թվաքանակին, ապա ընկերության առաջարկով դրանց թիվը պետք է լինի 946, որտեղ ներառված են նաև տրոլեյբուսների թիվը։ Միայն  ավտոբուսների պահանջվող թվաքանակը 845 է։ Սակայն ներկա հավաքակազմի մեջ կան շահագործման ենթակա տրանսպորտային միջոցներ։ Ըստ ընկերության հաշվետվության՝ դրանց թիվը 283 է, որից 34-ը՝ տրոլեյբուս (հաշվետվությունը 2019 թվականի հունվարի 30-ի է, հետևաբար այս թվում ներառված չեն արդեն ձեռքբերված ավտոբուսները)։ Այսինքն՝ պահանջվող լրացուցիչ ավտոբուսների քանակը 2019 թվականի դրությամբ 596 է եղել։ Ավտոբու՞ս, թե՞ միկրոավտոբուս 2020 թվականի հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ համայնքի բյուջեի միջոցներով պետք է ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք բերվեր։ Հաղորդագրության մեջ հիշատակվում էր 12 մետրանոց 100 ավտոբուսների մրցույթի մասին, որը հայտարարվել էր ՎԶԵԲ ֆինանսավորմամբ, սակայն նշվում էր, որ բացի դրանցից ավելի կարճ ժամկետներում ավելի փոքր տարողությամբ 100 ավտոբուս ձեռք կբերվի։  Նույն ամսվա 21-ին քաղաքապետարանը հրապարակեց սեփական կարիքների համար ավտոբուսների ձեռքբերման գնման ընթացակարգի հայտարարությունը և հրավերը։ Հայտարարության հենց երկրորդ պարբերությունում ընդգծված է, որ գնման առարկան ավտոբուսն է, իսկ 6-րդ հավելվածում ներկայացված է գնման առարկայի տեխնիկական բնութագիրը։ Համաձայն այդ բնութագրի՝ ավտոբուսները պետք է լինեն փոքր տեղատարողությամբ, առավելագույնը 17 նստատեղով, կանգնած ուղևորների տեղափոխման և հաշմանդամության սայլակի տեղավորման հնարավորությամբ։ Արդեն գնման պայմանագրում նշվում է, որ ձեռքբերված գնման առարկան համապատասխանում է ներկայացվող պահանջներին։ Այս ավտոբուսների արտադրությամբ զբաղվող ընկերության պաշտոնական կայքում ձեռքբերված մեքենաների բնութագրին համապատասխան տվյալներով մեքենաները նշված են որպես ավտոբուս, ոչ թե միկրոավտոբուս։ Սակայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ավտոբուսը ավտոմոբիլ է, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է 18-ը։ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը՝ առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ Ինչպես արդեն նշեցինք, քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսների նստատեղերի քանակը 17 է։ Այս մասին նշվում է նաև քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։ Այսինքն՝ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի, ձեռք են բերվել միկրոավտոբուսներ։ Բացի դրանից, քաղաքապետարանի ներկայացրած չափորոշիչներով ավտոբուսի երկարությունը 6․6 մետր է, սակայն բրիտանական ընկերության առաջարկում ամենափոքր չափի տրանսպորտային միջոցի երկարությունը նշված է 7․5-8․5 մետր։ Այսպիսով՝ քաղաքապետի խոսնակի պնդումը, թե 2020-ին ձեռքբերված 100 տրանսպորտային միջոցները ոչ թե միկրոավտոբուսներ են, այլ ավտոբուսներ, ճիշտ չէ։  Համայնքային բյուջեի և այլ միջոցներով ձեռբերումների մասին Ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը առանձնացնում է նաև համայնքային բյուջեի և վարկային ու դրամաշնորհային միջոցներով ձեռքբերված ավտոբուսները՝ տպավորություն ստեղծելով, թե Հայկ Մարությանը պնդում է, թե տրանսպորտի պարկը թարմացվում է բացառապես համայնքային միջոցներով։ Ճիշտ է, Մարությանի հայտարարության մեջ առանձնահատուկ նշում չկա ոչ համայնքային միջոցներով կատարվող ձեռքբերումների մասին, սակայն բացառապես համայնքային միջոցներով ցանցի թարմացման մասին էլ պնդում առկա չէ։  Ինչ վերաբերում է թվային տվյալներին, ապա ինչպես արդեն նշեցինք, ըստ հետազոտության, Երևանի տրանսպորտային պարկը արդիականացնելու համար անհրաժեշտ է 845 ավտոբուս (որից 249-ը առկա են ներկա հավաքակազմում և ենթակա են շահագործման)։ 2021 թվականին քաղաքապետարանը ձեռք է բերել 211 ավտոբուս, հաջորդ տարի պետք է ձեռք բերվի ևս 200 ավտոբուս, ընդհանուր՝ 411։ Այսինքն՝ եթե տրանսպորտային պարկի արդիականացման ծրագրում չհաշվենք 2020 թվականի ձեռքբերված 100 միկրոավտոբուսները, ապա 2022 թվականին պլանավորված ավտոբուսների ձեռքբերումից հետո տրանսպորտային պարկը թարմացված կլինի 48․63%-ով։ Այլ հարց է բրիտանական ընկերության ներկայացրած առաջարկը բավարարելը, քանի որ, եթե հաշվենք ոչ թե տրանսպորտային պարկի ընդհանուր թարմացումը, այլ ընկերության հետազոտության հաշվետվությունում նշված ձեռքբերվելիք ավտոբուսների անհրաժեշտ քանակը, ապա հաջորդ տարի կունենանք հաշվետվությունում նշված քանակի ավտոբուսների 68․95%-ի չափով ձեռքբերված նոր ավտոբուսներ։ Այսպիսով, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի պնդումը, թե 2020 թվականին ձեռք բերված տրանսպորտային միջոցները ավտոբուսներ են, ոչ թե միկրոավտոբուսներ, ճիշտ չէ, սակայն «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի իրականացրած հաշվարկը ևս մանիպուլյատիվ է։ Նարեկ Մարտիրոսյան
15:45 - 19 դեկտեմբերի, 2021
Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել․ Հակոբ Կարապետյան

Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել․ Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։ Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է եւ քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․  Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։ Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ եւս կան»։ Infocom-ն ավելի վաղ անդրադարձել էր վերոնշյալ հոդվածին՝ նշելով, որ «Հայկական ժամանակ»-ի այն ընդգծումը, թե «ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թ․-ի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները», առարկայազուրկ է եւ մանիպուլյատիվ, քանի որ ըստ «Գովազդի մասին» և «Երեւան քաղաքում տեղական ինքնակավառավարման մասին» օրենքների, ինչպես նաև Երեւան քաղաքի ավագանու N 37-Ն որոշման՝ քաղաքապետարանն ու Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն ուղղակի հիմք չունեին այդ պաստառների գովազդն արգելելու։
11:20 - 15 դեկտեմբերի, 2021
Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում․ Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է վարորդների ակցիային

Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում․ Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է վարորդների ակցիային

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի երևանցիներ,  Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։  Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։  Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։  Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ։  Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք շարունակաբար բարելավում ենք և բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները։  Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։      Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։  Հայցում ենք Ձեր ներողամտությունը անհարմարության համար»։
10:52 - 13 դեկտեմբերի, 2021
Ուսումնասիրություն է իրականացվել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում․Հակոբ Կարապետյան

Ուսումնասիրություն է իրականացվել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում․Հակոբ Կարապետյան

Քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քանի որ թեմայի վերաբերյալ մի քանի լրատվամիջոց այսօր հարցում է արել, հարկ եմ համարում հայտնել հետեւյալը. Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 14.09.2021թ. տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։   Ուսումնասիրության նյութերը 29.10.2021թ. փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար»,-ասված է գրառման մեջ։
19:59 - 01 նոյեմբերի, 2021
Չինաստանից Երևան բերվող նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի |armenpress.am|

Չինաստանից Երևան բերվող նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի |armenpress.am|

armenpress.am: Չինաստանից Երևան հասած ավտոբուսների առաջին խմբաքանակի՝ 53 ավտոբուսի փաստաթղթային գործընթացներն արդեն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Առաջիկայում սպասվում են մյուս խմբաքանակները: Ընդհանուր նախատեսված է Երևան բերել 211 ավտոբուս:   «Կոնկրետ ժամկետների հստակեցում այս պահին չենք կարող անել, սակայն ամեն ինչ արվում է, որ ավտոբուսները հնարավորինս շուտ լինեն երթուղային գծերում: Մոտավոր կարող եմ ասել, որ մինչև տարվա վերջ նոր ավտոբուսները կշահագործվեն: Ավտոբուսները լինելու են տարբեր տեսակի երթուղիներում և սպասարկելու են բոլոր թաղամասերը: Կարող ենք ասել, որ մոտ 17 երթուղի է սպասարկվելու: Ավտոբուսները երթուղային գծեր մուտք կգործեն փուլային տարբերակով»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երեւանում է՝ 53 ավտոբուս, իսկ մնացածը կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։
10:54 - 13 հոկտեմբերի, 2021
Կենդանաբանական այգու տնօրեն Սիմոնյանը փաստաթղթերով չէր համապատասխանում ներկայացվող պահանջներին. Երևանի քաղաքապետարան |armenpress.am|

Կենդանաբանական այգու տնօրեն Սիմոնյանը փաստաթղթերով չէր համապատասխանում ներկայացվող պահանջներին. Երևանի քաղաքապետարան |armenpress.am|

armenpress.am: Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին պարտականությունները կատարող Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Հարցին, թե այդ դեպքում ինչպես է նշանակվել այդ պաշտոնին, Կարապետյանը նշեց, որ տվյալները վերջերս են ի հայտ եկել: «Այդ տվյալները փաստում են այն մասին, որ փաստաթղթերով Սիմոնյանը չի համապատասխանում տնօրենին ներկայացվող պահանջներին: Այդ պատճառով տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու անհրաժեշտություն առաջացավ: Որոշում է կայացվել ԺՊ նշանակել Արևիկ Մկրտչյանին, ով զգալի փորձ ունի ոլորտում՝ աշխատել է Կենդանաբանական այգում, բացի դրանից, ոլորտում փորձառու և որակյալ մասնագետ է»,- նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը: Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն օգոստոսի 9-ին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դեմ արտահայտվելով տնօրենի նոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի նշանակմանը: Աշխատակիցները նշում էին, որ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է, և պնդում, որ թույլ չեն տալու նախկինների վերադարձը: Հարցին, արդյոք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, Կարապետյանը բացասական պատասխան տվեց:  «Այո, Արևիկ Մկրտչյանն աշխատել է նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ: Թյուրընկալումներից խուսափելու համար պետք է արձանագրել, որ կենդանաբանական այգում այսօր աշխատողների մեծ մասը նույնպես աշխատել է այդ ժամանակ: Ցանկանում եմ փարատեմ այն մտայնությունը, որ Արևիկ Մկրտչյանը գալու է ու կատարի Ռուբեն Խաչատրյանի ծրագրերը. այդպիսի բան չի լինի»,- ասաց Կարապետյանը: Անդրադառնալով այն լուրին, թե Վլադիմիր Սիմոնյանին, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում, չի ծանուցվել աշխատանքից ազատման մասին, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, որ բանավոր նրան այդ մասին մի քանի անգամ հայտնել են: «Տնօրենի պարտականությունները կատարողին այդ լիազորությունների դադարեցման մասին ծանուցման կարգ օրենսդրությամբ չի նախատեսվում: Մինչև հիվանդանոց գնալը, պարոն Սիմոնյանը բանավոր տեղեկացել է այդ մասին և տեղյակ է եղել»,- ընդգծեց Կարապետյանը:
18:23 - 09 օգոստոսի, 2021
Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ կառույցների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսիք ենթադրում են որոշ հարցերում որոշ անհամաձայնություններ․ Հ․ Կարապետյան |tert.am|

Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ կառույցների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսիք ենթադրում են որոշ հարցերում որոշ անհամաձայնություններ․ Հ․ Կարապետյան |tert.am|

tert.am: Հանրահայտ փաստ է, որ 2018-ին Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի մեջ ընդգրկված էին և՛ անկուսակցականներ, և՛ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, որը գլխավորում էր Հայկ Մարությանը։ Այս մասին զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանի՝ «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում արած այն հայտարարությանը, թե այն քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն։ «Ընդհանրապես թիմը հեղափոխական էր, և հեղափոխությունից հետո տեղի ունեցած առաջին ընտրություններն էին, որոնցում Հայկ Մարությանն ու իր թիմը նկատելի առավելություն ստացան»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է իշխող ուժի հետ քաղաքային իշխանության ունեցած հարաբերություններին, Կարապետյանն ասաց․ «Հարությունյանն իր՝ օրերս տված մեկ այլ հարցազրույցի ընթացքում շատ իրավացիորեն նշեց, որ Երևանի քաղաքային իշխանության և պետական այլ գերատեսչությունների հետ հարաբերությունները նորմալ աշխատանքային են, իսկ այդպիսի հարաբերությունները ենթադրում են որոշակի հարցերում որոշակի տարակարծություններ կամ անհամաձայնություններ, դա շատ նորմալ է, որևէ հարաբերություն առանց դրա բացառվում է»,-ասաց նա։
12:57 - 28 հունիսի, 2021
 Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Քիչ առաջ լրագրող գործընկերներից մեկը զանգով մեկնաբանություն էր խնդրում, իր խոսքով, տարածվող բամբասանքների մասին, թե իբր Երեւանի սանմաքրման ծառայողները «հրահանգով ընտրությանը մասնակցող ուժերից մեկի դեմ հակաքարոզչություն պարունակող թռուցիկներ են ցրում»։   Զանգից քիչ հետո պարզեցի, որ բամբասանքը տարածում է ԱԺ ներկա գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հուսով ենք, իրավապահները արժանի գնահատական կտան բազմավաստակ պատգամավորի հայտարարությանը՝ մասնավորապես, քննելով նաեւ սուտ մատնության հանգամանքը։   Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն եւ հնարավորինս խիստ պատիժ կրեն։ Ի միջիայլոց, օգտվելով առիթից հույս հայտնենք, որ կբացահայտվեն նաեւ վերջերս հաճախակիացած՝ աղբամանների այրման դեպքերը։   Կարծում ենք, որեւէ քաղաքական նպատակահարմարություն չի արդարացնում ամենօրյա աշխատանքով քաղաքի մաքրությունն ապահովող սանմաքրման մեր աշխատակիցների դեմ զրպարտչական բնույթի հայտարարությունները եւ պատիվ չի բերում դրանց հեղինակներին, հատկապես՝ բազմավաստակ պատգամավորին։ Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ բամբասանքներ տարածելուց։   Երեւանի քաղաքապետարանը եւ ենթակա կառույցները ընտրական գործընթացներին մասնակցում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»։
11:18 - 20 հունիսի, 2021
Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում. ինչ շինաշխատանքներ են ընթանում Հրապարակում |armtimes.com|

Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում. ինչ շինաշխատանքներ են ընթանում Հրապարակում |armtimes.com|

armtimes.com: Գրեթե 1.5 ամիս է՝ Երեւանի Հանրապետության հրապարակի երաժշտական շատրվանների հարակից հատվածը քանդված է: Նախ, որոշակի հատված փակել էր ցելոֆանով ու ներսում ինչ որ աշխատանքներ էին ծավալվում, հիմա դրանք բացել են, տեսանելի հատվածում սալիկների թարմացում է նկատվում, բայց աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ շինարարությունն արդեն ավարտի փուլում է, նախատեսվում է աշխատանքներն ավարտել այս ամսվա վերջին: Սակայն նա նշեց, որ Հրապարակի շինաարարության բուն նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չի եղել: «Հանրապետության հրապարակում վերականգնվում էր երաժշտական շատրվանների ջրային համակարգը, իրականացվում էին ստորգետնյա աշխատանքներ: Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում, բացի դրանից, ջուրը լցվում էր շատրվանի լուսա-ձայնային մեխանիզմների հորանը»,-մանրամասնեց Կարապետյանը՝ հավելելով՝ խնդիրն արդեն կարգավորվել է: Աղունիկ Հովհաննիսյան
16:19 - 17 մայիսի, 2021
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրը |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է ստացվող տեղեկություններն այն մասին, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրներ կան:  Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ խնդիրներ են առաջացել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ, որոնք քաղաքապետարանը հնարավորինս արագ փորձում է լուծել: «Տեխնիկական խնդիր է: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ կապված խնդիրներ են առաջացել: Լրացուցիչ պարզաբանում կներկայացնենք: Այս պահին հնարավորինս արագ կփորձենք լուծել խնդիրը»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ որոշ երթուղիների աշխատանքը մասամբ վերականգնվել է: Նա նաև հայտնեց, որ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված խնդիրներ կան ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանում: Անդրադառնալով տեղեկություններին, թե որոշ երթուղիների վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Կարապետյանը նշեց, որ նման տեղեկություն ինքը չունի, ընդամենը վառելիքի մատակարարման հետ կապված խնդիր է, որը քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագ կարգավորել:
10:52 - 12 մայիսի, 2021
Արաբկիրի թաղապետը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով. Հակոբ Կարապետյան

Արաբկիրի թաղապետը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով. Հակոբ Կարապետյան

Բաղրամյան 79ա հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել շարունակվել են, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Այս կապակցությամբ մի քանի կետով հիշեցնեմ, որ. Տարածքը համայնքից օտարվել է շատ տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբին կամ դրանից առաջ: Երեւանի քաղաքապետարանը տարածքում շինարարություն անելու թույլտվություն չի տվել: Դեռ 2008-ին տարածքի սեփականատերը քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, բայց մինչ օրս շինթույլտվություն չունի: Երեւանի քաղաքապետարանը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում ծառահատումները արգելելու իրավասություն, ցավոք սրտի, չունի: Այդուհանդերձ, Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանը վերջերս դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով»,- գրել է Կարապետյանը:
15:17 - 29 ապրիլի, 2021
Երեւանի քաղաքապետարանը այդ տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է տարիներ առաջ. Հ. Կարապետյանը՝ Բաղրամյան 79 հասցեում տեղի ունեցած ծառահատումների մասին

Երեւանի քաղաքապետարանը այդ տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է տարիներ առաջ. Հ. Կարապետյանը՝ Բաղրամյան 79 հասցեում տեղի ունեցած ծառահատումների մասին

Մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումները արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երեւանի քաղաքապետարանը, ցավոք սրտի, չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով Արաբկիրում՝ Բաղրամյան 79 հասցեում նախօրեին տեղի ունեցած ծառահատումների թեմայի վերաբերյալ քննարկումները: Կարապետյանի գրառումը՝ստորև. «Խնդրո առարկա տարածքը մասնավորեցվել է տարիներ առաջ: Դեռ 2008 թվականին տարածքի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, որի հիման վրա, սակայն, երբեւէ շինթույլտվություն չի տրվել: Մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումները արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երեւանի քաղաքապետարանը, ցավոք սրտի, չունի: Սույնի վերաբերյալ, ի դեպ, տարակուսանք է հարուցում ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցչի՝ մամուլին տված մեկնաբանությունը, որը թյուրընկալման տեղիք կարող է տալ: Տեսչական մարմնի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանը, ըստ «168 ժամ» պարբերականի հրապարակման, մասնավորապես ասում է, որ [ծառահատումների հետ կապված] «խնդիրը հիմնականում Բնապահպանության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի փոխգործակցության բացակայության հետևանքն է։ Երևանի քաղաքապետարանը տալիս է շինթույլտվություն, որտեղ կան կենսունակ ծառեր, որի վերաբերյալ բնապահպանության և ընդերքի տեսչությունը տեղեկացված չի լինում»։ Կրկնում ենք՝ Երեւանի քաղաքապետարանը նշված տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է շատ տարիներ առաջ (լրագրող գործընկերները կարող են Կադաստրի պետական կոմիտեից պարզել տվյալ տարածքի օտարման հանգամանքները»:
15:03 - 14 ապրիլի, 2021