Հակոբ Սիմիդյան

Հակոբ Սիմիդյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարն է։ 

Ծնվել է 1984 թ. ապրիլի 20-ին Երևանում։ 

2004 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը՝
երկրաբան

2005-2007 թթ. աշխատել է «Օրրան» ՀԿ-ում։
2009-2012 թթ. աշխատել է «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի
տեղակալ 
2013 թ.  աշխատել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրեն
2012-2017 թթ.  եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական 
2018 թ.  աշխատել է որպես «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն 
2018-2019 թթ. եղել է  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ 
2020 թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
2018-2021 թթ.  եղել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար
2021 թ. օգոստոսի 2-ից աշխատել է վարչապետի գլխավոր խորհրդական։ 
2021 թ. դեկտեմբերի 10-ից Շրջակա միջավայրի նախարար է։ 

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Սիմիդյանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալի հետ

Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Սիմիդյանը հանդիպել է Իրանի նախագահի տեղակալի հետ

«Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջաղեի հետ։   Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված համաժողովի կազմակերպումը։   «Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և մեր փոխգործակցության արդյունքում տարբեր ոլորտներում արդեն իսկ գրանցել ենք նշանակալի արդյունքներ։ Իսկ շրջակա միջավայրի ոլորտում մեր համագործակցությունը զարգանում է բավականին դինամիկ և օգտավետ»,- նշել է նախարարը։   Խոսելով հայ-իրանական արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ նախարարն անդրադարձել է նաև Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ կնքված փոխըմբռնման հուշագրին, որով կողմերն արձանագրել են առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:   Կողմերն առավել մանրամասն քննարկել են հուշագրով սահմանված պահանջներին համապատասխան համագործակցության քայլերը։   Անդրադարձ է կատարվել Արաքս սահմանային գետի վերաբերյալ վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքին։ Նախարարը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակել համագործակցությունը խնդիրների լուծման ուղղությամբ և հույս հայտնել, որ այդ փոխգործակցության արդյունքում առաջիկայում առավել տեսանելի արդյունքներ կգրանցվեն։   Քննարկվել են ոլորտին առնչվող այլ ընթացիկ հարցեր։   Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հրավերի ու ընդունելության համար և գործընկերներին հրավիրել Հայաստան՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները կխթանեն առավել արդյունավետ համագործակցությունը և կօգնեն կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։
15:43 - 13 հուլիսի, 2022
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Հայաստանի Հանրապետությունը ԱՄՀ-ին անդամակցում է 1992թ. մայիսի 28-ից։ Մինչ օրս ԱՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են 9 ծրագրեր, և իրականացման փուլում է գտնվում մեկ ծրագիր։ Հիմնադրամը, բացի վարկերից, անդամ երկրներին տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն և ուսուցում մի շարք ոլորտների համար, ինչպիսիք են՝ երկրի կենտրոնական բանկի քաղաքականությունը, դրամավարկային և արժութային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը և վարչարարությունը, ինչպես նաև պաշտոնական վիճակագրությունը: Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում` նախարարը նախ շնորհավորել է տիկին Պետրովային ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ԱՄՀ-ին անդամակցելու 30-ամյակի կապակցությամբ։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկելու շրջակա միջավայրի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ «Շրջակա միջավայրի ոլորտի խնդիրների լուծումները ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում են, մասնավորապես կլիմայական փոփոխություններով պայմանավորված նոր մարտահրավերները։ Մեր կառավարությունն ունի հավակնոտ օրակարգ կլիմայի փոփոխությունների արդյունքում առաջացած խնդիրների լուծման առումով»,-նշել է նախարարը և անդրադարձել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ստեղծման կարևորությունը։ «2021 թվականին խորհրդի կազմի փոփոխությամբ (ներկայումս ղեկավարվում է փոխվարչապետի կողմից) արձանագրվել է կլիմայական օրակարգին վերաբերելի որոշումների քաղաքական ղեկավարման մակարդակի բարձրացում և խորհրդի իրավասության շրջանակի ընդլայնում։ Եվ վերջին ամիսներին մեր միջգերատեսչական խորհուրդը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել»,-նշել է նախարարը։ Հանդիպման ընթացքում նախարարը գործընկերներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող և նախաձեռնված օրենսդրական բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել համագործակցության և գործիքակազմերի փոխանակման։ Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով հանդիսանում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող, գործընկերներին է ներկայացրել Հայաստանում կլիմայական քաղաքականության մշակման ընթացիկ իրավիճակը և առանձնահատուկ կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության մասնագետների մասնակցությունը քաղաքականությունների բոլոր բաղադրիչների մշակման գործընթացներին։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումներն առավել առարկայական քննարկումներ ու գործընթացներ ծավալելու նպատակով և, ըստ անհրաժեշտության, համագործակցել միմյանց և այլ միավորների հետ` կլիմայական օրակարգով սահմանված նպատակներին հասնելու համար:
22:21 - 21 հունիսի, 2022
Անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանը դասվի զարգացած երկրների շարքին. Հակոբ Սիմիդյան

Անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանը դասվի զարգացած երկրների շարքին. Հակոբ Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շրջակա միջավայրի միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է.    «Սիրելի՛ հայրենակիցներ,   Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրն է։   «Միայն մեկ Երկիր մոլորակ». այսպիսին է 2022-ի շրջակա միջավայրի միջազգային օրվա կարգախոսը։ Այն հնչել է 50 տարի առաջ՝ Ստոկհոլմում, երբ ընդունվեց Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը։   Էկոհամակարգերի քայքայումը, կենսաբազմազանության կորուստը, հողի և օդի աղտոտվածությունը, կլիմայի փոփոխությունը ոչ միայն վնասում են մեզ շրջապատող բնությանը, այլև սպառնում են մեր բարեկեցությանը:   Բնապահպանական աղետների բեռը բաշխվում է անհամաչափ, և այս արհավիրքից ամենաշատը տուժում են աղքատ և զարգացող երկրները։   Հայաստանը ևս անմասն չէ բնապահպանական խնդիրներից, որոնց վրա պետք է սևեռել հանրության ուշադրությունը և որոնց լուծման ուղղությամբ պետք է համատեղել բոլորիս ջանքերը։   Շրջակա միջավայրի նախարարության ջանքերի շնորհիվ այսօր անհամեմատ բարեփոխվել է շրջակա միջավայրին վերաբերող օրենսդրական դաշտը։   Կառավարության բարձր հովանու ներքո և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ ընթացող աշխատանքներն ուղղված են կենսառեսուրսների արդյունավետ կառավարմանը, անտառպահպանությանը, կենսաբազմազանության ու էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնության հանդեպ վերաբերմունքի վերարժևորմանն ու մեր հայրենակիցների մեջ պատասխանատու վարքի ձևավորմանն ու ամրապնդմանը։   Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանը զարգացող երկրների շարքից դասվի զարգացած երկրների շարքին։   Շնորհավորում եմ նախարարության աշխատակիցներին, իմ հարգելի գործընկերներին և յուրաքանչյուրիս:   Այս օրը հիանալի առիթ է խորհրդածելու այն մասին, թե որքան կարևոր է շրջակա միջավայրը և ինչպես կարելի է այն դարձնել ավելի կանաչ, մաքուր ու առողջ, հոգ տանել բնության մասին, դրսևորել պատասխանատվություն՝ այն հետագա սերունդներին անաղարտ փոխանցելու համար, քանի որ մոլորակը մեկն է»:  
11:37 - 05 հունիսի, 2022
Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են.  «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են փոխվարչապետին ու նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:
15:40 - 13 մայիսի, 2022
Հակոբ Սիմիդյանը Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հակոբ Սիմիդյանը Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու հեռանկարները

 ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Հակոբ Սիմիդյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր մակարդակի համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում՝ մասնավորապես, առևտրաշրջանառության, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գյուղատնտեսության։ «Իմ գոհունակությունն եմ հայտնել, որ Հայաստան պատվիրակության այցի ընթացքում Երևանում գումարվելու է նաև միմյանց մայրաքաղաքներում ամենամյա հաճախականությամբ անցկացվող Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր երկրների երկուստեք բարեկամական հարաբերությունները և համատեղ աշխատելու պատրաստակամությունը՝ ամենալայն համագործակցային փաթեթով։ Ուրախ եմ նաև, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կստորագրվի երկար նախապատրաստած և շատ կարևոր հուշագիր, որով մենք կարող ենք նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության նոր ուղղություններ սահմանել և զարգացնել»,-նշել է նախարարը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը ևս անդրադարձել է հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և նույնպես փաստել, որ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մշտապես առկա է եղել ջերմ բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության, էկոզբոսաշրջության ոլորտի խնդիրները։ Անդրադարձ է կատարվել Արաքս սահմանային գետի հետ կապված վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքին և արձանագրած հաջողություններին: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի և իրանական կողմից ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մասնագետի գլխավորությամբ ավելի ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ամիսներ անց առավել նշանակալի արդյունքներ գրանցելու նպատակով։ «Անդրադարձ է եղել նաև ջրամբարների կառուցմանը և հայկական կողմի անունից ևս մեկ անգամ հաստատակամություն եմ հայտնել համագործակցելու ջրամբարների նախագծման և ջրային ռեսուրսների ոլորտում այլ ծրագրերի համագործակցության հարցերում։ Մեր երկու երկրների կառավարությունները դրսևորում են քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն՝ զարգացնելու մեր միջպետական հարաբերություները տարբեր ոլորտներում, և հույս ունեմ այս այցը խթան կհանդիսանա հայ-իրանական կապերն ամրապնդելու և շրջակա միջավայրի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի օրակարգի ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման համար»,- նշել է նախարարը։ Հանդիպման ավարտին նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայկական կողմին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տեղում ծանոթանալու շրջակա միջավայրի ոլորտում և, հատկապես, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում իրանական փորձին։
17:31 - 11 մայիսի, 2022
Հակոբ Սիմիդյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են կանաչ էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր

Հակոբ Սիմիդյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են կանաչ էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան պարոն Նիկո Սխերմեսին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։   Ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բարձր մակարդակին։   «Նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Մենք շատ կարևորում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունները և մեր կառավարությունների համագործակցությունը»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կակտիվանա նաև շրջակա միջավայրի ոլորտում, և հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ կներդրվեն առավելագույն ջանքեր։   «Վստահ եմ, այս հանդիպումը խթան կհանդիսանա շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության եզրեր գտնելու և համատեղ օրակարգ ձևավորելու համար»,- նշել է նախարարը։   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թափոնների կայուն կառավարման և կանաչ էներգիայի ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։   Պարոն դեսպանը տեղեկացրել է Նիդերլանդների դեսպանատան և «Նորարարական լուծումներ համայնքների կայուն կառավարման համար» ՀԿ-ի համատեղ ծրագրի մասին, որի նպատակն է աջակցել ՀՀ խորհրդարանին, Սահմանադրական դատարանին և Ազգային անվտանգության խորհրդին՝ աղբի տեսակավորման աղբամաններ տեղադրելով և համապատասխան դասընթացներ անցկացնելով: Ծրագրի միջոցով ընդգծվում է թափոնների տարանջատման կարևորությունը և խթանվում է թափոնների՝ որպես ռեսուրսի գաղափարը։   Նախարար Հակոբ Սիմիդյանը Շրջակա միջավայրի նախարարության անունից որպես շահագրգիռ գերատեսչություն նմանատիպ ծրագրերին մասնակցության պատրաստակամություն է հայտնել։ Նախարարը դեսպանին խնդրել է նաև Շրջակա միջավայրի նախարարության հետ կիսվել Նիդերլանդների Թագավորությունում բնապահպանական և տնտեսական շահերի հավասարակշռման հաջողված փորձով։   Հանդիպման ավարտին կողմերը ուրվագծել են հետագա համագործակցության առաջնահերթությունները և սերտ համագործակցության և փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:  
19:12 - 05 մայիսի, 2022
Արաքսի երկայնքով իրականացվում են նմուշառման աշխատանքներ. ՇՄՆ պարզաբանումը՝ գետ քիմիական նյութեր լցվելու վերաբերյալ

Արաքսի երկայնքով իրականացվում են նմուշառման աշխատանքներ. ՇՄՆ պարզաբանումը՝ գետ քիմիական նյութեր լցվելու վերաբերյալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան մամուլում տարածվող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական նյութերը լցվել են Արաքս գետը և վնասել շրջակա միջավայրը» վերտառությամբ հրապարակումների:   Հաղորդվում է՝ խնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության կենտրոնում։   «Նախարար Հակոբ Սիմիդյանի հանձնարարականով դեպքի վայրում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի մասնագետները, որոնք Արաքս գետի ամբողջ երկայնքով իրականացնում են նմուշառման աշխատանքներ։   Ըստ այս պահին առկա տեղեկատվության՝ կեղտաջրերը հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ (տեսանյութը կցվում է) և Արաքս գետ չեն լցվել։   Այժմ Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհը մաքրվել է քիմիական նյութեր պարունակող կեղտաջրերից (լուսանկարը կցվում է)։   Մաքրման աշխատանքները շարունակվում են։   Ինչ վերաբերում է հրապարակումներում առկա պնդմանը, թե էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը, ԶԼՄ մեր գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ գնահատականներ հնչեցնելուց, քանի դեռ ընթանում են փորձաքննական աշխատանքներ։   Փաստի առթիվ շրջակա միջավայրի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է պարզաբանման մեջ:  
15:30 - 19 ապրիլի, 2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը և Իրանի դեսպանը քննարկել են ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Աննա Մազմանյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Այսօր հնարավորություն ունենք քննարկելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրերի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար եղել է և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը»,- ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը։ Վկայակոչելով հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերութունները, նախարարը փաստել է, որ առկա են բոլոր նախադրյալները բնապահպանության ոլորտում համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար։ Նշվում է, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության հեռանկարներին շրջակա միջավայրի ոլորտում, քննարկել ընթացիկ աշխատանքային հարցերի լայն շրջանակ: Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը զեկույցի տեսքով իրանական կողմի գործընկերներին է ներկայացրել երկկողմ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը կրկին անդրադարձել է երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունների։ «Հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մեր երկու երկրների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված միջպետական համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդման անհրաժեշտությունը՝ մենք կարևորում ենք ոլորտում առկա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքների ծավալումն ու ակտիվացումը։ Համատեղ ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչումը վստահաբար կնպաստի նաև տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,-նշել է նախարարը և վերահաստատել հավատարմությունը ընդհանուր հիմնարար արժեքներին։
19:58 - 12 ապրիլի, 2022
Անտառների վերականգնումը և պահպանումը Կառավարության առաջնահերթությունների շարքում են. Սիմիդյան

Անտառների վերականգնումը և պահպանումը Կառավարության առաջնահերթությունների շարքում են. Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում.    «Այսօր ընդունել եմ «Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանին և գործառնական տնօրեն Վահե Մարտիրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև անտառային ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։   Քննարկվել են Հայաստանում անտառային ոլորտում գույքագրված խնդիրները, առկա վիճակի բարելավման ու անտառապատ տարածքների վերականգնման ուղղությամբ պետական ու մասնավոր հատվածի ջանքերի համատեղման հնարավորությունները։   «Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության առաքելությունն է նվազեցնել ածխածնի արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթը և ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով էնդեմիկ տեղական ծառատեսակներ։ Կազմակերպությունը արդեն հասցրել է նշանակալի գործ անել Հայաստանի անտառների պահպանության ու անտառապատման ոլորտում։   Անտառների վերականգնումը՝ լայնամասշտաբ ծառատունկը և դրանց պահպանումը,  Կառավարության առաջնահերթությունների շարքում է, և «10 միլիոն ծառ» նախաձեռնությունը դրա վառ ապացույցն է։ Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կիսում են անտառապատ տարածքների վերականգնման և կրկնապատկման մեր տեսլականը, յուրաքանչյուր հարցում ունեն մեր աջակցությունը»,- նշել է ՇՄ նախարարը:   «Շրջակա միջավայրի նախարարության և անձամբ իմ անունից «Մայ Ֆորեսթ Արմենիա» կազմակերպության մեր գործընկերներին պատրաստակամություն եմ հայտնել անել հնարավորը՝ անտառապատման աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար», գրառման վերջում ընդգծել է Հակոբ Սիմիդյանը:  
19:16 - 27 հունվարի, 2022
Մեր երկիրն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին. Սիմիդյան

Մեր երկիրն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին. Սիմիդյան

Այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:   «Կլիմայի փոփոխությունը միջազգային գործընթացներում դասվում է մարդկության հիմնական մարտահրավերների շարքում՝ մարդկային կյանքի, շրջակա միջավայրի, միգրացիայի և տնտեսական զարգացման վրա բացասական ազդեցության ահագնացող միտումների հետևանքով: Այն հատկապես վերաբերում է Հայաստանին, որպես դեպի ծով ելք չունեցող լեռնային երկրի:   Չնայած Հայաստանի չնչին մասնաբաժնին ջերմոցային գազերի մարդածին արտանետումների մեջ՝ 0,02 տոկոս, մեր երկիրն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին:   Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումը իրականացվում էր ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, որն ավելի քան երկու տարի չէր գործում՝ պայմանավորված Կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությամբ։ Անհրաժեշտ էր միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը ձևավորել Կառավարության նոր կառուցվածքին համապատասխան:   Այս ընթացքում շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2021 թ. հուլիսի 6-ի Վարչապետի 719-Ա որոշմամբ հաստատվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը, որով ավելի ընդլայնվել են խորհրդի իրավասությունները, նախատեսելով նաև մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք թույլ կտան ապահովելու համագործակցություն միջոլորտային հարցերի շուրջ:   Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար բարձրացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի քաղաքական ղեկավարման մակարդակը՝ խորհրդի նախագահի իրավասությունը շրջակա միջավայրի նախարարից վերապահվելով ՀՀ փոխվարչապետին՝ հորիզոնական կառավարում ապահովելու համար։   Միջգերատեսչական համակարգման նոր խորհրդի ձևավորման անհրաժեշտության մյուս պատճառը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին Փարիզյան համաձայնագրի վավերացումն է, որով առավել հստակեցվել և կարևորվել են Կոնվենցիայի Կողմ երկրների պարտավորությունների կատարման արդյունքները և ընթացակարգերը:   «Համաճարակի բացասական հետևանքներից մեր երկրի վերականգնվելուն զուգահեռ անհրաժեշտ կլինեն զգալի ջանքեր «կանաչ վերականգնումը» խթանելու և ցածր ածխածնային զարգացման հետագա միտումն ապահովելու համար:   Կպահանջվեն փոխհամաձայնեցված մոտեցումներ տնտեսության բոլոր ճյուղերում:   Այս ամենը նախատեսում է զգալի օրենսդրական և կարգավորող շարունակական բարեփոխումներ, որոնք կնպաստեն նաև «ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի» 13-րդ նպատակի՝ (գործողություն հանուն կլիմայի) իրականացմանը:   Վստահ եմ, որ այս կազմով հնարավոր կլինի լուծել այն բոլոր խնդիրները, որոնք բխում եմ մեր երկրի ստանձնած պարտավորություններից Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո՝ նպաստելով նաև «ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի» 13-րդ նպատակի (գործողություն հանուն կլիմայի) իրականացմանը»,- գրել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Ֆեյսբուքի իր էջում:    
16:11 - 07 հունվարի, 2022
ՏԻՄ-երը պետք է օրենքի կիրարկումն ապահովեն. Հակոբ Սիմիդյանը՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի մասին |1lurer.am|

ՏԻՄ-երը պետք է օրենքի կիրարկումն ապահովեն. Հակոբ Սիմիդյանը՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց, որ առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումն արգելող օրենքն ընդունվել է 2020 թ. գարնանը, բայց ուշ է ուժի մեջ մտել, որպեսզի արտադրողները, ըստ էության, հարմարվեն իրավիճակին և իրենց արտադրողական կարողությունները փոխեն և նոր հումքատեսակներով սկսեն արտադրել նոր տեսակի տոպրակներ: «Գիտենք, որ պոլիէթիլենային և պլաստիկից պատրաստված իրերը շատ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, և կարծում ենք, որ շատ կարևոր արգելք է: Կարող եմ ասել, որ սա Կառավարության գործող և նախորդ ծրագրով առաջնահերթություն է համարվում, և հունվարի 1-ից ՏԻՄ-երը պետք է ակտիվորեն ներգրավվեն և օրենքի կիրարկումն ապահովեն»,- ասաց Սիմիդյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ համայնքների խոշորացումից հետո ՏԻՄ-երը վերահսկողական իրենց գործառույթները պատշաճ ձևով կիրականցնեն, որպեսզի տեսչական մարմինների և Կառավարության վերահսկողական գործառույթ ունեցող մյուս օղակների վրա ավելի քիչ գործառույթներ դրվեն:
12:09 - 05 հունվարի, 2022
Վստահ եմ՝ հայրենի հողի հանդեպ անսահման սիրո պարագայում կունենանք ավելի կանաչ ու դինամիկ զարգացող շրջակա միջավայր. Հակոբ Սիմիդյան

Վստահ եմ՝ հայրենի հողի հանդեպ անսահման սիրո պարագայում կունենանք ավելի կանաչ ու դինամիկ զարգացող շրջակա միջավայր. Հակոբ Սիմիդյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:   «Հաղթահարելով փորձություններ և դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների՝ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունը դարձավ 30 տարեկան։   Մեր պետության 30-ամյակը առիթ էր վերագնահատելու մեր անցած ճանապարհն իր բոլոր ձեռքբերումներով ու կորուստներով և ուրվագծելու, քարտեզագրելու մեր հետագա անելիքները:   2022 թվականը և առաջիկա տարիները մեր երկրի համար պետք է լինեն հաղթանակների և առաջընթացի տարիներ՝ խաղաղ դարաշրջան բացելու, երկարաժամկետ գիտակցված զարգացման փուլ մտնելու հնարավորություն, իսկ դա պահանջում է առավել նվիրում, ջանք ու անդադար աշխատանք։   Մեզ է վստահված մեր երկրի գլխավոր հարստության՝ շրջակա միջավայրի կառավարումը, պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունը։   Վստահ եմ, համատեղ ջանքերի, հետևողական ու բարձր պատասխանատվությամբ աշխատանքի և հայրենի հողի հանդեպ անսահման սիրո պարագայում մենք կունենանք ավելի կանաչ ու դինամիկ զարգացող շրջակա միջավայր և կկառուցենք մեր երազանքների երկիրը։   2022 թվականին բոլորիս մաղթում եմ խաղաղություն և բարօրություն: Մեր ընտանիքներին՝ սեր և հոգատարություն:   Թող գալիք տարին լինի մեր համազգային նպատակների իրականացման և հաղթանակների տարի։   Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է նախարարի ուղերձում:
15:49 - 31 դեկտեմբերի, 2021
Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին

Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել էր նախարար Հակոբ Սիմիդյանը, ինքը պատրաստվում է պարբերաբար այցերի միջոցով մասնակցել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի ընթացքին։ Այսօր Սիմիդյանը Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների ու «Սևան» ազգային պարկի տեսուչների հետ մասնակցել է լճից ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին: Միջոցառումների ողջ ընթացքում լճի վրա հատուկ վերահսկողությունը շարունակվելու է: «Այս ամենը միտված է մեր ազգային հարստություն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և կենսաբազմազանության պահպանությանն ու խելամիտ օգտագործմանը: Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրող վտառի պահպանությունը և բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը»,-նշված է հաղորդագրության մեջ։
14:25 - 25 դեկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին

Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին

Նիկոլ Փաշինյանն Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Հակոբ Սիմիդյանին: «Պարոն Պետրոսյանը նոր պաշտոն է ստանձնելու: Գիտեք՝ արդեն նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Պարոն Սիմիդյանն առաջին անգամ է նշանակվում կառավարության անդամ, և ուզում եմ նրան հաջողություններ մաղթել այս կարևոր ու պատասխանատու պաշտոնում: Շրջակա միջավայրի ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանի համար, այլև գլոբալ առումով ունի ռազմավարական նշանակություն: Իհարկե, այստեղ Հայաստանի Հանրապետությունը պիտի հանդես գա որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, և մեր ազգային քաղաքականությունը նույնպես պիտի հիմնված լինի այս տրամաբանությամբ և մեր ազգային պետական շահերի վրա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:   Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար և շնորհավորել Հակոբ Սիմիդյանին. «Շուրջ մեկուկես տարի համագործակցությամբ բավականին բարեփոխումներ ենք նախաձեռնել այս թիմով, ինչը նաև զուգադիպեց մեր պետւթյան համար բավականին դժվար շրջափուլի հետ: Վստահ եմ՝ այս թիմը պատվով դուրս եկավ այս շրջանից: Պարոն Սիմիդյանին շնորհավորում եմ նոր նշանակման կապակցությամբ: Քաջածանոթ լինելով մեր քաղաքական գործընկերոջ անձնական և մասնագիտական որակներին՝ վստահ եմ, որ նույն թիմով և տարբեր փոխատեղումներով պարոն Սիմիդյանը նոր նշաձող կսահմանի Շրջակա միջավայրի կառավարման կարևորագույն ոլորտում»: Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև պարոն Պետրոսյանին նման բարդ ոլորտը բարդ շրջանում ղեկավարելու համար: Այն ծրագրերը, որ այժմ իրականացվում են նախարարության կողմից՝ կլինեն շարունակական և կփորձենք ավելի արդյունավետ դարձնել աշխատանքները: Հույս ունեմ, որ դրանցով մենք շրջակա միջավայրին և, ինչու չէ, տնտեսությանը զարկ կտանք և կզարգացնենք»,- ասել է Հակոբ Սիմիդյանը:
17:46 - 10 դեկտեմբերի, 2021