Հայաստանի Հանրային հեռուստատեսություն

Հայկական հանրային հեռուստաընկերություն, որը  հիմնադրվել է 1955 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ։ 1956-ի նոյեմբերի 29-ին հաղորդավար Նարա Շլեպչյանի գեղեցիկ ձայնով տրվեց Հանրային հեռուստատեսության մեկնարկը:
1977 թ. հայկական հեռուստատեսության  հաղորդումների միջին տեւողությունը հասավ օրական 12 ժամի: Այդ տարիներին մեր երկրում կար մոտ 500.000 հեռուստացույց, որոնցից 100.000-ը` գունավոր:
Կարճ ժամանակում հեռուստատեսությունը դարձավ քաղաքային, մշակութային, գիտաճանաչողական, ուսուցողական եւ այլ ինֆորմացիայի կարեւորագույն միջոց (1987 թվականին հանրապետության ընտանիքների 93%-ը հեռուստացույց ուներ)։ Առաջին տեսագրումը կատարվել է 1971 թվականին։

1990-ական թվականների սկզբում հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան եւ նոր ձեւով ներկայացան ժամանցային հաղորդումները։
1999 թ.-ից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով, որն իրականացավ ՀՀ Կապի նախարարության եւ  իտալական «Տելեսպազիո» (''Telespazio'') ընկերության միջեւ կնքված պայմանագրով: Իսկ ահա 2000 թ. գործողության մեջ մտած նոր օրենքի համաձայն Ազգային հեռուստատեսությունը վերանվանվեց  Հանրային հեռուստաընկերության` «Հ1» լոգոտիպով: Այդ նույն թվականին գործողության մեջ մտած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվեց մինչեւ 2005 թ. հունվարի 1-ը բոլոր հաղորդումները եւ ֆիլմերը եթեր հեռարձակել հայերենով: Սկզբում թարգմանվեցին մուլտֆիլմերը, այնուհետեւ` սերիալները:

2005 թ. ստեղծվեց հանրապետությունում առաջին վիտուալ ստուդիան:

2014 թ. ձեռք բերվեց համաշխարհային համբավ ունեցող Avid ընկերության համակարգը, (որն հաջողությամբ աշխատում էր մի շարք հեռուuտաընկերություններում /ОРТ, РТР, BBC, ABC /)` տեսասերվերներով, համալրող բաղադրիչներով, ինչպես նաեւ համակարգչային գրաֆիկայի ընձեռած լայն հնարավորություններով:

2015 թ. Հանրային հեռուստաընկերությունը Չինատանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունից ստացավ նոր՝ 10 տեսախցիկով զինված HD շարժական հեռուստատեսային կայան եւ HD արբանյակային հեռարձակման կայան: Չինաստանի կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը անհատույց տրամադրեց նաեւ թվային լրահավաք մեքենա:

Ներկայումս Հանրային հեռուստաընկերության եթերին կարելի է հետեւել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով եւ պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ (Application) հանրածանոթ IOS եւ Android համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել անվճար։

2016-ի սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանը, եւ նույն օրը անցում կատարվեց բարձր հստակության (HD որակի) հեռարձակման թե՛ մետրային, թե՛ արբանյակային հաճախականությունների համար:

Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի

Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի

Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը ներկայացրել է պարզաբանում. «Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրա ազդեցության տակ գտնվող, այդ թվում նաև հանրային միջոցներով գործող լրատվամիջոցների կողմից։ Բարոյական նորմերը խախտելով՝ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ, միգուցե մարդահաճությունից մղված, չվարանեցին ստի և կեղծիքի մեղադրանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին՝ իսպառ խեղաթյուրելով Մայր Աթոռի հայտարարությունը և հերյուրանք որակելով բարձրաձայնված մտահոգությունները։ Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին։Որպեսզի ընկալելի լինի, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք, այս պարագայում Տավուշում, չհանձնել հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը»։
Այսօր 16:32
Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան- Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան- Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ղազախստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետություն և 2001 թվականից այս կողմ, այսինքն՝ վերջին 23 տարիներին, Ղազախստանի նախագահի պաշտոնական այց Հայաստանի Հանրապետություն տեղի չի ունեցել: Եվ այս առումով այցը շատ կարևոր է, և արդեն իսկ կարող եմ արձանագրել, որ մեր՝ մինչ այս պահը տեղի ունեցած շփումների ընթացքում հասցրել ենք հարցերի բավական լայն շրջանակ քննարկել մեր երկու երկրների հետագա փոխհարաբերությունների զարգացումն ապահովելու վերաբերյալ: Ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում և նաև պատկերացնում ենք, թե ինչ կոնկրետ գործողություններ պիտի իրականացվեն: Իհարկե, այստեղ առանցքային տեղ ունի տնտեսական համագործակցության խորացումը, նաև քաղաքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերում մեր փոխգործակցությունը: Շատ ուրախ եմ այս առիթի համար: Ուզում եմ ընդգծել, որ այս ամենով հանդերձ՝ մենք չենք մոռանում մշակութային, հումանիտար ոլորտի համագործակցության մասին: Այս տարի Ղազախստանում տեղի կունենան Հայաստանի մշակութային օրեր, մյուս տարի Հայաստանում տեղի կունենան Ղազախստանի մշակութային օրեր: Նկատի ունեմ՝ մեր օրակարգն իրականում բավականին հարուստ է, և համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքներով մենք որոշումներ կկայացնենք, որոնք կծառայեն մեր համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը: Մեծարգո պարոն նախագահ, Թույլ տվեք ևս մեկ անգամ  ջերմորեն ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում»: Իր հերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է. «Մեծարգո Նիկոլ Վովայի, հանդիպման մասնակիցներ, ես հաճույքով ընդունեցի Հայաստան պաշտոնական այցով այցելելու Ձեր հրավերը: Մենք մեծ հարգանք ունենք հայ ժողովրդի հինավուրց պատմության, ավանդույթի և մշակույթի հանդեպ: Այսօրվա հանդիպումը նշում է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-րդ ամյակը: Սա մեծ խորհրդանշական նշանակություն ունի: Այս ընթացքում մենք ամուր հիմքեր դրեցինք հեռանկարային երկարաժամկետ փոխադարձ օգտակար համագործակցության համար: Քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն զարգանում է, ներդաշնակ աշխատանք է հաստատվել երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև: Մենք կարողացանք հաստատել արդյունավետ գործընկերություն նաև բազմակողմանի հարթակներում: Մենք նման հայացքներ և ընկալումներ ունենք շատ միջազգային հարցերի ընդգրկմամբ: Առևտրատնտեսական կապերն ամեն տարի ընդլայնվում են: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտուրը նույնպես աճել է, բայց մենք դրանով չենք սահմանափակվում, մենք բավականաչափ ներուժ և հնարավորություններ ունենք աշխուժացնելու մեր փոխանակումները: Այդ կապակցությամբ կարևոր է զարգացնել արդյունաբերական, տրանսպորտային, լոգիստիկ և գյուղատնտեսական ասպարեզները: Մեծ ապագա ունի նաև մեր համագործակցությունը նոր ասպարեզներում, ինչպես օրինակ՝ թվայնացումը և ֆինանսները: Վստահ եմ, որ վերջերս անցկացված բիզնես ֆորումը երկու երկրների ձեռնարկատերերի մասնակցությամբ նույնպես իր նպաստը կբերի այս համագործակցությանը: Մենք մշտապես հետաքրքրված են ամրապնդել մշակութային և հումանիտար կապերը մեր երկու երկրների միջև»:   Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության և հումանիտար ոլորտներում փոխգործակցության խթանմանը: Կողմերը կարևորել են երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքը, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:     
13:45 - 15 ապրիլի, 2024
Լրագրողական կազմակերպությունները՝ կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրայինի եթերով չհեռարձակելու մասին

Լրագրողական կազմակերպությունները՝ կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրայինի եթերով չհեռարձակելու մասին

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերության եթերով չհեռարձակելու կապակցությամբ: «Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի նախաամանորյա եթերով, հակառակ ձևավորված ավանդույթի, չհեռարձակվեց Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս փաստը տոնական օրերին հասարակության լայն շրջանակների քննարկման թեմա դարձավ։ Այն մոտեցումը, որը Հանրային հեռուստաընկերությունը նախատեսել էր կիրառել, այն է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը հեռարձակել եթերի ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար առանձնացված ժամին, և ըստ այդմ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին, դժվար է արդարացված և հիմնավորված համարել։ Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, Մայր Աթոռն իր անհամաձայնությունն է հայտնել այդ ձևաչափի առնչությամբ։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, կարծում ենք, որ ավանդույթները, որոնք գրեթե պետական արարողակարգի բնույթ են ստացել, պետք է փոփոխության ենթարկվեն միայն հանրային կարծիքի ուսումնասիրության և հնարավոր հետևանքների վերլուծության արդյունքում։ Ի գիտություն ընդունելով Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումն առ այն, որ ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի դրանք, այնուամենայնիվ պնդում ենք, որ, նախ, տվյալ պարագայում հանրային հեռարձակողին տեղին չէ նույնացնել «յուրաքանչյուր հեռուստաընկերության» հետ, և, բացի այդ, ներկայացված փաստարկն ընդունելի կլիներ, եթե Խորհուրդը նախապես հանդես գար նման նախաձեռնությամբ կամ հայտարարեր դրա մասին, թեման դարձներ բազմակողմանի քննարկման առարկա՝ այդ ընթացքում պահպանելով արմատավորված պրակտիկան։ Կաթողիկոսի ուղերձը ավանդական ձևաչափով չհեռարձակելու կողմնակիցների այն հիմնավորումը, որ Հայրապետը և եկեղեցին այսօր չեն վայելում հասարակության հարգանքը, առիթ է ստեղծում ի պատասխան խոսել վարչապետի վարկանիշի, Հանրային հեռարձակողի նկատմամբ վստահության և Հայաստանի անկախությունից ի վեր ձևավորված ավանդույթը վերացնելու իրավունքի մասին։ Անհրաժեշտ է հասկանալ, որ Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ծագող նման հակասությունները, դրանցում առկա անցանկալի քաղաքական երանգները չեն կարող նպաստել հանրային կյանքի առողջացմանը, այլ հակառակը՝ սնում են հասարակության տարբեր շրջանակների միջև ձևավորված բևեռացումը։ Ի գիտություն ենք ընդունում նաև, որ Հանրային հեռարձակողի խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքի և Հանրային ռադիոյի եթերում հնչել է Կաթողիկոսի ուղերձը, սակայն այդ փաստը չի լուծում առաջացած խնդիրը, որը պետք է դառնա հետագա քննարկումների և ողջամիտ որոշումների առիթ։ Ելնելով վերոգրյալից՝ Հանրային հեռարձակողի խորհրդին կոչ ենք անում․ առավել շրջահայացություն դրսևորել գործունեության այն ավանդույթների նկատմամբ, որոնք ծայրահեղ զգայուն են հասարակության համար, և դրանք փոփոխելիս հիմնվել վստահելի ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, նախաձեռնել հանրային և մասնագիտական քննարկումներ Հանրայինի եթերում Ամանորի ուղերձները հեռարձակելու համար օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ», - նշված է հայտարարության մեջ:
19:06 - 06 հունվարի, 2024
Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը. հայտարարություն

Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել հեռարձակել կաթողիկոսի ուղերձը. հայտարարություն

Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված  ժամին։ Այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողների խորհրդից։ «Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։ Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին։ Քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն էր առնչվում, Խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է։ Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները, ինչն էլ տեղի է ունեցել։ Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ առաջարկում ենք խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում։ Ափսոսում ենք այս միջադեպի համար և հույս ունենք, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր Աթոռի  համագործակցության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։  
17:52 - 03 հունվարի, 2024
Չլուսաբանել, միայն հերքել․ Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները |uic.am|

Չլուսաբանել, միայն հերքել․ Հ1-ը լռել է վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքի մասին, բայց տարածում է ՔՊ-ի հերքումները |uic.am|

uic.am: Ակտիվիստ Արթուր Չախոյանը սեպտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարկել էր տեսանյութ, որում արձանագրում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրս է կիրառում։ Չախոյանը, մասնավորապես, կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ վարչական շրջաններից մեկում երևանցիների հետ հանդիպման մասնակիցների թվում արձանագրել էր քաղաքապետարանին և համայնքապետարաններին ենթակա կրթական, մշակութային և այլ հաստատություններից աշխատակիցների ներգրավում՝ թվով մոտ 780 հոգի։ Տեսանյութի հրապարակումներին հաջորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերքումը։ Կուսակցության՝ սեպտեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում էր, թե իրենք բացառում են «ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը»։ «Մենք դա համարել և համարում ենք արատավոր երևույթ քաղաքական պրոցեսներում, և եթե կամայական մեկը կամայական քաղաքական ուժի՝ այդ թվում մեր, հավաքին մարդկանց մասնակցություն ապահովելու համար կդիմի նման քայլերի, ապա թող պատրաստ լինի կրել դրա բոլոր քրեաիրավական հետևանքները։ Ու մեր շտաբը հենց շահագրգիռ է լինելու, որպեսզի այդ քրեաիրավական պատասխանատվությունը վրա հասնի»,– մասնավորապես, նշված էր հայտարարության մեջ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս հայտարարությունն ամբողջությամբ արտատպել է նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական ալիքի կայքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», սակայն, մշտադիտարկելով Առաջինի լրատվականի կայքը, պարզեց, որ այն որևէ կերպ չի անդրադարձել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված՝ մեղադրանք պարունակող տեսանյութերին, որոնք, ի դեպ, լայնորեն տարածվել էին սոցիալական մեդիայում։ Մենք մշտադիտարկեցինք նաև հեռուստաընկերության «Լուրերի»՝ սեպտեմբերի 7-ի, 8-ի և 9-ի բոլոր թողարկումներն ու պարզեցինք, որ դրանք ևս չեն լուսաբանել Չախոյանի՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ՔՊ-ին ուղղված՝ մեղադրանքներ պարունակող տեսանյութը։ Սեպտեմբերի 12-ին հեռուստաընկերության «Հարցազրույցի» եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մեղադրանքներին՝ նշելով, որ կուսակցությունը «չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ, քանի որ դա հակասում է կուսակցության էությանը և արժեքներին»։ Ի պատասխան հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ կա այդ մասին փաստող տեսանյութ, Փաշինյանը ասել է, թե «յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա օբյեկտիվ քննության»։ «Ես՝ որպես կուսակցության վարչության նախագահ, կարող եմ ասել, որ ցանկացած նման դեպք կունենա օրենքով սահմանված կարգով գնահատական։ Իհարկե, եթե հանկարծ չպարզվի, որ խոսքն օրինական գործունեության մասին է»,- ասել է Փաշինյանը։ Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հրապարակում է հերքում մի թեմայի՝  իրադարձության, միջադեպի վերաբերյալ, որը չի լուսաբանվել իր եթերում, լրատվական ալիքի կայքում կամ որևէ այլ ռեսուրսի միջոցով։
11:43 - 13 սեպտեմբերի, 2023
Կընդունենք բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը. Մարության

Կընդունենք բանավեճի հրավերը պայմանով, որ վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը. Մարության

Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հայտարարել է, թե որ դեպքում կընդունի Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը։ «Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի է հրավիրել Երևանի քաղաքապետի թեկնածուներին՝ հայտարարելով, թե իբր երաշխավորում է բանավեճի անկողմնակալությունը եւ բազմակողմանիությունը։ Մեզ ներկայացված հրավերի մեջ նշվում է, որ բանավեճը վարողներից մեկը Հ1-ի լրատվականի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանն է։ Մարդ, որը հատկապես վերջին տարիներին իշխանութան օգտին իր կողմնակալ վերաբերմունքով ճանաչված է որպես թիվ 1 իշխանական պրոպագանդիստ՝ «հայկական Սոլովյով»։ Հաղորդավար, որը հատկապես նախընտրական այս շրջանում ոտնահարել է լրագրողական օբյեկտիվութան բոլոր նորմերը՝ ակնհայտորեն առաջ մղելով իշխանական օրակարգը։ Բառացիորեն օրերս նա իր հարցազրույցներից մեկում զրպարտել է ինձ՝ որպես իրականություն ներկայացնելով իշխանական մեդիայի տարածած կեղծ թեզերը։ Բացի դրանից, Պ․ Ղազարյանն առանց ողջամիտ բացատրության որոշել է, որ նախընտրական քարոզչության վերջին օրը՝ սեպտեբերի 15-ին, հարցազրույցի է հրավիրելու իշխանական թեկնածուին՝ սրանով եւս առավելություն տալով վերջինիս։ Սա այն դեպքում, երբ ընտրությունների հայտարարման օրը կրկին, չգիտես ինչ տրամաբանությամբ, հրավիրել էր իշխանական թեկնածուին։ Հետևաբար, Պետրոս Ղազարյանի վարած որևէ միջոցառում համարում ենք իրական բանավեճի իմիտացիա, ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ նա չի կարող անկողմնակալ մոդերատոր լինել, եւ համոզված ենք, որ նրա մասնակցությամբ բանավեճը վերածվելու է իշխանական պրոպագանդայի հերթական սեանսի։ Ուստի հայտարարում ենք, որ կընդունենք Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը միայն այն պայմանով, որ դրա վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը»:
15:35 - 08 սեպտեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ գովազդային շուկայի խոշոր խաղացողի ֆինանսական տնօրեն
 |civilnet.am|

Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ գովազդային շուկայի խոշոր խաղացողի ֆինանսական տնօրեն |civilnet.am|

civilnet.am: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանը, 2020-ից «Մեդիա Հաուս Արմենիա» ընկերության ֆինանսական տնօրենն է։ «Մեդիա Հաուս Արմենիա»-ի 50 տոկոսի սեփականատերը պետությունն է՝ հանձին Հանրային հեռուստաընկերության, մյուս 50 տոկոսը պատկանում է քաղաքացի Վարդան Գրիգորյանին։ Այս ընկերությունը ներկայում հայաստանյան հեռուստատեսային գովազդի վաճառքի խոշոր խաղացողներից է։ ««Մեդիա Հաուս Արմենիան» հեռուստատեսային գովազդի վաճառքի միասնական կենտրոն է, որը շուկայի վերադասավորման արդյունքում 2020-ից իրականացնում է մի շարք հայաստանյան հեռուստաալիքների գովազդային եթերաժամանակի վաճառք»,- ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։ Արման Հարությունյանը ՍիվիլՆեթին պարզաբանեց, որ ընկերությունում աշխատում է 2020-ից։ Սա այն ժամանակահատվածն է, երբ կառավարությունը որոշեց Հանրային հեռուստաընկերությանը թույլատրել գովազդներ ցուցադրել և եկամուտներ ստանալ։ Ենթադրվում է, որ «Մեդիա Հաուս Արմենիա»-ն ստեղծվել է դեպի Հանրային հեռուստաընկերություն գովազդների հոսքով զբաղվելու, դրանք կառավարելու ու գովազդների վաճառքը կազմակերպելու նպատակով։ Արման Հարությունյանն ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու է Հանրային հեռուստաընկերությունը որոշել բաժնետեր դառնալ այս ընկերությունում։ Հանրային հեռուստաընկերությունից էլ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել՝ պարզաբանելու ընկերության բաժնեմասի ձեռքբերման գործարքը։ «Ես այդ իրավական գործընթացներից տեղյակ չեմ։ Նախօրոք հենց այդպես գնացել է գործընթացը։ Մյուս կողմն էլ պետք է լինի «Շանթ» հեռուստաընկերությունը, հիմա գրանցման փուլում է, ինչքան գիտեմ։ Ամեն դեպքում՝ ինչ գործարք է եղել ու ինչպես է եղել, չեմ կարող ասել։ Ես այս ընկերությունում ընդամենը վարձու աշխատող եմ ու մնացած գործընթացներից տեղյակ չեմ, ոչ էլ դրանք իմ տիրույթում են»,- ասաց Հարությունյանը։ Արման Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իր եղբոր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործոնն ազդել է, որ Հանրային հեռուստաընկերությունը որոշի բաժնեմաս ձեռք բերել այն ընկերությունում, որտեղ նրա եղբայրը տնօրեն է։ Պատասխանեց, որ որևէ կերպ չի ազդել։ «Ես այս ընկերությունում սկսել եմ աշխատել այն ժամանակ, երբ այն ստեղծված է եղել, ես մի քանի ամիս հետո եմ անցել աշխատանքի ու մինչև իմ աշխատանքի ընդունվելը «Հանրային» ու «Շանթ» հեռուստաընկերությունների հետ կապված գործընթացներն արդեն մեկնարկած են եղել, բայց որոշ իրավական բաներով նոր է գրանցվել»,- նշեց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը երկու հեռուստաընկերության գովազդի րոպեների, ինչպես նաև «Հանրային հեռուստաընկերության լրատավական էջի» վաճառքով է զբաղվում։ Media.am-ին Հանրայինին տրամադրած տեղեկության համաձայն՝ երեք տարիների ընթացքում Հանրայինը առևտրային գովազդի ցուցադրման համար ստացել է ընդհանուր առմամբ 1,361 մլրդ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Գեներացված առևտրային գովազդի գծով եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալն է․ 2020 թ․ – 154,2 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ, 2021 թ․ – 517,8 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ, 2022 թ․ – 689 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ։ Արման Հարությունյանը 2018-ից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։ Իշխանափոխությունից հետ նա սկսել է ակտիվ գործունեություն ծավալել գովազդի ոլորտում։ 2018-ի սեպտեմբերից «Արտաքին գովազդի խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահն է։ ՀԿ-ի գործունեությունը, սակայն, ներկայում սառեցված է։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Հարությունյանի աշխատավարձը ձևավորվել է «Մեդիա Հաուս Արմենիա» ՍՊԸ-ից։ Մեկ տարվա ընթացքում նա ստացել է ավելի քան 9 մլն դրամ եկամուտ, 748 հազար դրամ էլ ստացել է Երևանի քաղաքապետարանից։ Վերջինը, հավանաբար, որպես ավագանու անդամ կատարած ծախսերի փոխհատուցումն է։ Հարությունյանը 2021-ի հունիսի դրությամբ ունեցել է ընդամենը 210 000 կանխիկ դրամ, ինչպես նաև բանկում 2,5 մլն դրամի ավանդ։ 2022-ի վերջին Հարությունյանը և նրա կինը 39,2 մլն դրամով բնակարան են ձեռք բերել «Դեֆանս Հաուզ» կառուցապատողից՝ ներգրավելով 25,4 մլն դրամ վարկ: Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե մնացած գումարը, որը 13 մլն դրամից ավելի է՝ ինչպես են վճարել ինքն ու կինը։ Ասաց՝ մինչ այդ ավանդ է ունեցել, որը բանկից հանել է, բացի այդ կնոջ միջոցներն են օգտագործել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:14 - 04 օգոստոսի, 2023
Արամ Նիկոլյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից․ Հանրային հեռուստաընկերության տնօրեն

Արամ Նիկոլյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից․ Հանրային հեռուստաընկերության տնօրեն

Արամ Նիկոլյանն ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, մնացած հարցերը, կարծում եմ, պարոն Նիկոլյանին պետք է ուղղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Հարցին, թե Նիկոլյանն ազատվել է աշխատանքից մինչ այն հայտարարությունը, որ իրեն չեն թողնում մտնի իր աշխատավայր, Մովսիսյանը պատասխանեց, որ ժամանակագրորեն հիմա չի կարող հիշել։ Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դահլիճում ներկա գտնվող դիզայներ Արամ Նիկոլյանը մոտեցել էր Ադրբեջանի պետական դրոշին, վերցրել այն և այրել։ Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, իսկ ավելի ուշ՝ ազատ արձակել։  Ադրբեջանի Երիտասարդության եւ սպորտի նախարարությունը եւ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն տարածեցին՝ հայտնելով, որ ադրբեջանցի մարզիկները վերադառնում են իրենց երկիր, ինչից հետո ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ ՀՀ-ն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։
17:47 - 31 մայիսի, 2023
Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է․ Բլինքեն

Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է․ Բլինքեն

Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը․ «Ես այսօր խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ: Վերահաստատել եմ ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- գրել է Բլինքենը։ ՀՀ կառավարությունից ավելի վաղ հայտնել էին, որ զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: «Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին»,- նշել են ՀՀ կառավարությունից։
09:04 - 21 մարտի, 2023
Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը

Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ»-ի այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտնում են, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Ինչպես տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունից, այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան,  Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։ Անցած տարի Փարիզում «Քամի, քամի» երգով Մալենայի հաղթանակի շնորհիվ Հայաստանն է կազմակերպում 20-րդ «Մանկական Եվրատեսիլը», որի ընթացքում կհնչեն 9-14 տարեկան երիտասարդ արտիստների նոր երգեր։ Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։ Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։ «Մեզ համար չափազանց կարևոր էր ընտրել մի այնպիսի խորհրդանիշ, որը կարտացոլեր և՛ հրաշքի գաղափարը, և՛ «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը, և՛ կմիավորեր մասնակից բոլոր մանուկներին: Վստահ եմ՝ բոլորս այս խաղալիքի հետ կապված լավ հիշողություններ ունենք։ Կոնցեպտի վրա աշխատելիս պարզ դարձավ, որ հոլ ունեն գրեթե բոլոր երկրները, և ամեն մեկինը առանձնահատուկ է յուրովի։ Սա հրաշալի արտացոլում է նաև «Մանկական Եվրատեսիլի» արժեքները՝ բոլոր միավորվում են հրաշքի, երաժշտության և ուրախության գաղափարի շուրջը և, միևնույն ժամանակ, առանձնանում են իրենց երգով ու ելույթով»,- ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալն էլ նշել է, որ ուրախ են այս տարի Երևանում ողջունելու երիտասարդ, տաղանդավոր արտիստների 16 երկրից, որոնք մասնակցելու են 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։ «Մեծ ոգևորությամբ ենք վերադառնում Հայաստանի մայրաքաղաք ավելի քան տասը տարի անց, որպեսզի պտտենք հրաշքը այս հոբելյանական երեկոյի ընթացքում և բարի վերադարձ մաղթենք Միացյալ Թագավորությանը՝ «Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալող երկրին։ Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերներն այնքան լի են էներգիայով, ոգեշնչվածությամբ և ստեղծարարությամբ։ Անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերին կայանալիք այս դիտարժան շոուին»,-նշել է նա: «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։ Հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Սահմանային իրավիճակով պայմանավորված` Հանրային հեռուստաընկերությունը հետաձգել էր «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի բրենդինգի հրապարակման օրը: Այնուամենայնիվ, մրցույթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և ըստ ժամանակացույցի՝ վերջնաժամկետները փոփոխել այլևս հնարավոր չէր: «Հուսով ենք, որ «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքները և բուն մրցույթը կանցկացվեն խաղաղության պայմաններում, և մեզ հնարավորություն կտրվի երեխաներին իրական երաժշտական տոն պարգևել Երևանում»,- ասել են կազմակերպիչները:
15:57 - 26 սեպտեմբերի, 2022
Ինչպե՞ս Հանրայինի բազմանդամ, բայց բազմազբաղ անձնակազմը չհասցրեց պատշաճ լուսաբանել այս տարվա ջահերով երթը |fip.am|

Ինչպե՞ս Հանրայինի բազմանդամ, բայց բազմազբաղ անձնակազմը չհասցրեց պատշաճ լուսաբանել այս տարվա ջահերով երթը |fip.am|

fip.am: Վերջին տասնամյակներին ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին Երևանում ջահերով երթ է կազմակերպվում դեպի Ծիծեռնակաբերդ։ Երթին մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Այս տարվա ջահերով երթը, սակայն, մի քանի առանձնահատկություն ուներ։ Նախ, ներկայիս ընդդիմությունը այն ներկայացրեց ներքաղաքական գործընթացի համատեքստում, անգամ երթի ավարտին Ծիծեռնակաբերդում ներքաղաքական բովանդակությամբ ելույթ ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Մեկ այլ առանձնահատկություն էլ այն էր, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի»  թողարկումներում այդպես էլ անդրադարձ չեղավ այս մասշտաբային միջոցառմանը՝ ո՛չ այդ օրը՝ ապրիլի 23-ին, ո՛չ դրա հաջորդ օրը։  Հաշվի առնելով այն փաստը, որ միջոցառումն իրապես մասշտաբային էր, ինչպես նաև այն, որ Հանրայինը լուսաբանել էր նախորդ տարիների ջահերով երթերը, փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւ այս տարի այդպես էլ անդրադարձ չեղավ միջոցառմանը։  Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման՝ Հանրային հեռուստաընկերությունից հայտնեցին, որ ջահերով երթը չի լուսաբանվել լրագրողների սակավության պատճառով։ «Ձեր կողմից հիշատակված երթին անդրադարձ չի եղել մարդկային ռեսուրսի սակավության պատճառով, քանի որ հանգստյան օրը (ապրիլի 23) լրատվական ծառայությունն աշխատում է մասնակի ծանրաբեռնվածությամբ»,- ասված է մեզ տրամադրված պատասխանում։ Շաբաթներ առաջ մեկ այլ հարցմամբ ստացված տեղեկատվության համաձայն, Հանրայինի լրատվական ծառայությունում աշխատում է 24 լրագրող։ Ապրիլի 23-ին «Լուրերի» գլխավոր թողարկմանը պատրաստվել էր 11 ռեպորտաժ և/կամ հաղորդում, որոնցից երկուսի հեղինակը նույն լրագրողն էր։ Այսինքն, 24 լրագրողից միայն 10 լրագրողի աշխատանքն է տեղ գտել «Լուրերի» գլխավոր թողարկման մեջ։  2019 թվականին Հանայինն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել էր ջահերով երթը։ 2020-ին, համավարակով պայմանավորված, Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները սահմանափակվել էին։ Արդեն անցյալ տարի՝ 2021-ին, ապրիլի 23-ի «Լուրերի» գլխավոր թողարկման մեջ ջահերով երթի վերաբերյալ առանձին ռեպորտաժ չկար, սակայն մեկնաբանը նախ հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում հնչելու է Մոցարտի «Ռեքվիեմը», այնուհետև տեսաշարի ուղեկցությամբ տեղեկացրեց, որ Երևանում անցկացվում է ամենամյա ջահերով երթը։   Առավել մանրամասն՝ Fip.am-ում  
19:44 - 26 ապրիլի, 2022
Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանը «Առաջին ալիքի» խախտումների վերաբերյալ |fip.am|

Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանը «Առաջին ալիքի» խախտումների վերաբերյալ |fip.am|

fip.am: Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց» հաղորդաշարի առանձին հաղորդումների շրջանակներում Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր Ռուսաստանի պետդումայի պատգամավորներ Կոնստանտին Զատուլինին, Վիտալի Միլոնովին և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս հարցազրույցները հանրայինի եթերում հեռարձակվեցին ռուսերենով, առանց համաժամանակյա թարգմանության կամ ենթագրերի, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը։ «Փաստերի ստուգման հարթակը» անդրադառնալով այս հաղորդումներին՝ փաստեց, որ Հանրայինը խախտվել է «Լեզվի մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքները, քանի որ դրանց համաձայն՝ Հայաստանում հեռարձակվող հաղորդումները պետք է լինեն հայերեն կամ ապահովվեն դրանց հայերեն թարգմանությունները (կրկնօրինակում, հնչյունավորում և (կամ) ենթագրեր): Թեմայով պարզաբանում էինք խնդրել նաև Հանրային հեռուստաընկերության կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից։  Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից «Փաստերի ստուգման հարթակին» տրված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։ Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի «Առաջին ալիք» և «Լրատվական ալիք» տեսալսողական ծրագրերի եթերում սույն թվականի փետրվարի 25-ին ժամը 21:15-ին, մարտի 2-ին ժամը 20:50-ին և մարտի 3-ին ժամը 20:45-ին «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» օտարալեզու հաղորդումները հեռարձակվել են առանց հայերեն ընկալման միջոցներն ապահովելու:  «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» կողմից առերևույթ չեն պահպանվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2 րդ մասի բ) կետով ամրագրված պահանջները։  Հանրային հեռարձակողի խորհուրդը կատարված խախտման վերաբերյալ ստացել է հեռուստաընկերության պարզաբանումը, որտեղ նշված է. Ցանկանում ենք տեղեկացնել, որ այս հարցազրույցները հեռացվել են Հանրային հեռուստաընկերության և Առաջին լրատվական ալիքի կայք-էջերի հայերեն բաժիններից և տեղափոխվել ռուսերեն բաժիններում: Վերահաստատում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը մշտապես հետամուտ է եղել և կլինի «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջին:  Վստահեցնում ենք, որ նման դեպքերի բացառման ուղղությամբ կարվի հնարավորը՝ համատեղելով օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու հանձնառությունը և օրենքի տառին հետևելու պահանջը։  Հանրային հեռարձակողի խորհուրդը հեռուստաընկերության ղեկավարությանը հորդորել է սահմանել լրացուցիչ կանոնակարգ՝ ժամանակի սղության պայմաններում օտարալեզու հաղորդումները հայերեն ենթագրերով ապահովելու վերաբերյալ։  Հավելենք, որ Հանրայինի «Լուրերի» տնօրինությունից նշված երեք խախտումների դեպքում թարգմանության բացակայությունը պատճառաբանել էին ժամանակի սղությամբ։ Արդեն մարտի 18-ին հեռարձակված, ըստ էության նույն ռեժիմով նկարահանված հաղորդման մեջ Պետրոս Ղազարյանն իր անգլախոս հյուրին հարցերն ուղղում է հայերենով, իսկ ստացված պատասխանը թարգմանված է։
19:19 - 23 մարտի, 2022
5 օրում Լեզվի մասին օրենքի 3 խախտում Հանրայինի եթերում |fip.am|

5 օրում Լեզվի մասին օրենքի 3 խախտում Հանրայինի եթերում |fip.am|

fip.am: Վերջին օրերին, կապված Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների հետ, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման շրջանակներում հաղորդավարը հյուրընկալում է ռուսաստանցի քաղաքական գործիչների ու պաշտոնյաների և նրանց հետ խոսում ռուսերենով՝ առանց թարգմանության։ Պատերազմի սկզբից մինչ օրս Պետրոս Ղազարյանի հյուրերն են եղել ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով Եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Բոլոր զրուցակիցների դեպքում հարցազրուցավարը խոսում էր բացառապես ռուսերենով, և չնայած հաղորդումը հեռարձակվում էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով՝ բացակայում էին համաժամանակյա թարգմանությունը կամ հայերեն ենթագրերը։ Դրանք բացակայում են նաեւ ավելի ուշ  Յութուբում տեղադրված հարցազրույցների տեսագրություններից։  Օրենքը պահանջում է  ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը։ Իսկ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածով էլ սահմանված է, որ օտար լեզուներով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հայերեն ընկալման միջոցներով (կրկնօրինակումով, հնչյունավորումով և (կամ) ենթագրով): Այսինքն, Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր էր հարցազրույցի ժամանակ ապահովել հայերեն թարգմանությունը, ինչը, ի հակառակ օրենքի պահանջի, չի արվել։  Նկատենք, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցները, այդ թվում՝ խնդրո առարկա հաղորդումները, սովորաբար եթեր են դուրս գալիս տեսագրությամբ։ Անգամ ուղիղ հեռարձակման պարագայում գործում է օրենքի հիշյալ դրույթների պահանջը, առավել ևս՝ տեսագրված հաղորդման դեպքում։   Թեև Հանրայինը բոլոր երեք հարցազրույցների սկզբում ենթագրերով տեղեկացնում էր, որ թարգմանությունը բացակայում է ժամանակի սղության պատճառով, այդուհանդերձ, օրենքը նման վերապահում չի սահմանում։ Լեզվի կոմիտեն փաստում է՝ խախտում կա Պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք Լեզվի կոմիտեի հետ։ Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը FIP.am-ի հետ զրույցում փաստեց, որ Հանրայինի եթերում առանց հայերեն թարգմանության ուղեկցության հաղորդման հեռարձակումն օրենքի խախտում է, սակայն նշեց, որ հարցը Կոմիտեի լիազորությունների շրջանակից դուրս է։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ մեզ հայտնեց, որ Առաջին ալիքը ՀՌՀ-ին տեղեկացրել է, որ ժամանակի ու ռեսուրսների սղության պատճառով եթեր է հեռարձակվելու առանց հայերեն թարգմանության հեռուստահաղորդում։ Եվ քանի որ Հանձնաժողովը որևէ լծակ չունի Հանրայինի նկատմամբ վարույթ հարուցելու, իրազեկումն ընդունել է ի գիտություն։  Շարունակությունը՝ fip.am-ում
21:03 - 04 մարտի, 2022
Հ1-ի «Լուրեր»-ով ՄԻՊ-ի գործունեությունը չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է

Հ1-ի «Լուրեր»-ով ՄԻՊ-ի գործունեությունը չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հետևանք է: Այս մասին գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև Infocom-ը՝ նշելով, որ Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները։ ՄԻՊ Արման Թաթոյանը նշում է, որ վերոնշյալ եզրահանգման համար հիմք են ծառայել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենից ու Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պարզաբանումները, դրանց բովանդակային կրկնությունները, շահարկող շեշտադրումներն ու համադրված վերլուծությունները: «Հատուկ ընդգծում ենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը ոչ միայն չլուսաբանելու, այլ նաև վարկաբեկելու նպատակային քաղաքականություն: Խոսքը, մասնավորապես, միևնույն հաղորդավարի վարած մի քանի հաղորդումների մասին է, որոնց ընթացքում նա հնչեցնում է ոչ թե հարցեր, այլ տալիս է ակնհայտ միակողմանի, մասնագիտական որևէ հիմնավորում չունեցող գնահատականներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ. ցուցադրելով ակնհայտ տպավորություն, որ ամենից շատ ինքն է Պաշտպանի մշտադիտարկման օբյեկտիվ արդյունքների ծանր ազդեցության տակ: Նախ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հարցման պատասխանում Հանրային հեռարձակողի խորհուրդը փորձել է մանիպուլացնել ժամանակահատվածը և աղավաղել է իրականությունը՝ նախկին հրապարակումները ներկայացնելով` որպես Պաշտպանի գործունեության պատշաճ լուսաբանում այն դեպքում, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը և եզրահանգումները վերաբերել են կոնկրետ ժամանակաշրջանի՝ 2021թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2 ու այս պրակտիկան շարունակվում է: Երկրորդ, Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարության առիթ դարձավ նաև fip.am-ի «Ընտրողական մոտեցում և շահերի բախում․ ՄԻՊ գրությանը ՀՀԽ արձագանքի հետքերով» վերտառությամբ կարևոր հրապարակումը. այստեղ ուղիղ շեշտադրված է փաստը, որ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներից մեկը՝ նախորդ գումարման ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի ամուսինն է: Ստացվում է՝ «վերադաս» և «ենթակա» պաշտոնյաներն ընտանիքի անդամներ են: Ընդ որում, հենց Վ.Թևոսյանն էլ մասնացել է Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած հարցի քննարկմանն ու պատասխանի կազմմանը, որ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությանը: Այսինքն` ամուսինը մասնակցել է իր կնոջ ղեկավարած միավորի (մարմնի) կողմից ՀՀ օրենսդրությունը խախտելու, կողմնակալ լինելու, մարդու իրավունքները խախտելու մասին հարցի քննարկմանը: Ակնհայտ է, որ այստեղ գոյություն ունի շահերի բախում, և ակնհայտ առաջացնում է «Լուրեր» հաղորդման կողմնակալության հարց: Ավելին, սա իրական գործոն է, որ կասկածի տակ է դնում Հանրային հեռարձակողի խորհրդի անկողմնակալությունն առհասարակ. սա լուրջ հարց է առաջացնում, թե շահերի ակնհայտ բախման այս պայմաններում ինչպես է ապահովվում ՀՀԽ-ի լիազորությունների պատշաճ կատարումը: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխանն էլ Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում տեղադրված է ողջ խորհրդի անունից, հետևաբար նշանակում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխանի կազմմանը մասնակցել և որոշումը կայացրել են խորհրդի բոլոր անդամները, այդ թվում` ԱԺ նախկին պատգամավոր Վ. Թևոսյանը։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պատասխանից ակնհայտ է, որ նա չի տիրապետում իր ղեկավարած հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման աշխատանքային սկզբունքներին. սա այն դեպքում, երբ ինքը մասնագիտությամբ լրագրող է և ունի լրատվական բնույթի հաղորդումներում աշխատելու երկարամյա փորձ: Ըստ այդմ, հանրությանը ներկայացնում ենք հիմնական նշանակության մի քանի հարցադրում (ընդամենն օրինակներ), որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվել: Ինչպե՞ս է ստացվել, որ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակման պահանջ ունեցող «Լուրեր»-ի թողարկումը բացահայտ միակողմանիորեն եթեր է հեռարձակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն ակնհայտ անհիմն հերքող պետական մյուս մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի կատարել։Ինչպե՞ս է ստացվել, որ 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի հրավեր «Լուրեր»-ից չի նախաձեռնվել։ Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ անգամ չի պարզվել, թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու իրավունքների պաշտպանը:Ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքներին, ադրբեջանական խախտումներին ոչ միայն անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում, այլ հակառակը՝ այդ օրերին եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակն ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը, օրինականացնում են ադրբեջանական հանցավոր արարքները: Որևէ նյութում անդրադարձ չկա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպե՞ս է հիմնավորվում, որ հատկապես արգելափակված է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունների լուսաբանումը:Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխաններում առկա են նաև ձևակերպումներ, որոնք շատ ավելի են հարցեր առաջացնում, քան պարունակում են պատասխաններ: Օրինակ՝ մի դեպքում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը նշում է. «Որևէ միտում չկա մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները կամ գործունեությունը չլուսաբանելու, եթե այդպիսի լուսաբանման վերաբերյալ կա հանրային պահանջ և համագործակցության ցանկություն Ձեր կողմից», իսկ մեկ այլ հատվածում ավելացնում. «Իսկ կոնկրետ Ձեր գործունեությանը և Ձեզ անդրադարձ կատարվել է մի շարք դեպքերում, երբ այդպիսի լուսաբանումը կարծել ենք պահանջարկ ունի հանրային հեռարձակողի հեռուստալսարանի համար»։ Օբյեկտիվ դիտողի մոտ ակնհայտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս կամ ի՞նչ չափանիշով են Հ1-ում գնահատում, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ո՞ր հայտարարությունը «պահանջարկ ունի հանրային հեռարձակողի հեռուստալսարանի համար» և որը չունի։ Ավելին, օրվա լուրերը կամ եթեր հեռարձակվող թեմաները որոշելու հարցում Հանրային հեռուստաընկերության համար, որը ՀՀ կառավարության հիմնադրած հանրային հեռարձակող է, «կարծել»-ը չի կարող օբյեկտիվ չափանիշ լինել: Կամ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է որոշվում հանրային պահանջը կամ համագործակցության ցանկությունը. հատուկ ընդգծում ենք, որ նախորդող գրեթե 5 տարիների ընթացքում Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ լուսաբանումն իրականացվել է բարեխղճորեն և բազմակողմանի, ուստի բացառիկ են եղել են դեպքերը, երբ Պաշտպանի աշխատակազմի համապատասխան բաժինը դիմել է այս կամ այն հարցը լուսաբանելու խնդրանքով։ Մեկ այլ դեպքում էլ և´ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը, և´ Հանրային  հեռարձակողի խորհուրդը լրատվական թողարկումները համեմատության մեջ են դնում Հանրային հեռուստաընկերության այլ ձևաչափի հաղորդումների հետ՝ փորձելով հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրների չլուսաբանումը քողարկել հեռուստատեսային այլ ֆորմատների հաղորդումներում դրանց անուղղակի անդրադարձով. այսինքն՝ կրկին Պաշտպանի հաստատության դիրքորոշումները շրջանցելով: Նախ, բոլորի համար պարզ է, որ մարդիկ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջնային տեղեկություններ են ստանում գլխավորապես լուրերի միջոցով, այլ ոչ թե այլ ձևաչափերի հեռուստահաղորդումների։ Դրանից բացի, հատուկ ընդգծում ենք, որ այդ ոլորտների հարցերի զգալի մասում Մարդու իրավունքների պաշտպանը տվյալների բացառիկ աղբյուր է, այլընտրանք ապահովող սահմանադրական հաստատություն՝ որպես շատ հարցերում առաջնային աղբյուր և դա պայմանավորված է հաստատությանը Սահմանադրությամբ ու միջազգայնորեն վերապահված երաշխիքներով (oրինակ՝ անարգել այցեր ցանկացած հաստատություն ցանկացած ժամի)։ Հատուկ ընդգծում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չունի հավակնություն ամեն օր, տարբեր թողարկումներով հայտնվել հեռուստաեթերում, այստեղ հարցն ինստիտուցիոնալ է. անտեսված են մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն խնդիրներ, տեղի է ունենում ՀՀ օրենսդրության ոտնահարում, որ դատապարտելի գործելաոճով տևական ժամանակ անում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը։ Ստացվում է` այս եղանակով «դաս» է տրվում երկրում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Հետագայում վերականգնվելու դեպքում անգամ միևնույնն է` սա թողնելու է իր անվերականգնելի հետքը: Այսքանով համարում ենք այս թեմայի հրապարակային արձագանքը սպառված. այս հայտարարությունը ևս կուղարկվի միջազգային կազմակերպություններին երկրում խոսքի ազատության վիճակն ու այլակարծության խրախուսումը գնահատելիս հաշվի առնելու, հետագայում մարդու իրավունքների և օրենսդրության նման խախտումները կանխելու համար»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
11:52 - 18 փետրվարի, 2022
Հանրային հեռարձակողի խորհուրդը պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրությանը

Հանրային հեռարձակողի խորհուրդը պատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանի գրությանը

ՀՀ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրությամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերությանը և Հանրային հեռարձակողի խորհրդին՝ որպես «հրատապ հարց» պարզաբանումներ պահանջելով «Լուրեր» ծրագրի թողարկումներում Պաշտպանի հրապարակումները անտեսելու և դրանք չլուսաբանելու հարցով։ ՀՀ Հանրային հեռարձակողի խորհուրդը ուսումնասիրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրությունը, ՄԻՊ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, պարզաբանումներ է ստացել Հանրային հեռուստաընկերությունից և հարկ է համարում հայտնել հետևյալը։ 1․Հանրային հեռուստաընկերությունն իր լիազորությունների շրջանակում և օրենքի պահանջներին համապատասխան՝ պատրաստում և հեռարձակում է բազմազան թեմատիկ հաղորդումներ, նպատակ ունենալով առավելագույնս բավարարելու հանրության տարբեր շերտերի և սոցիալական խմբերի հեռուստատեսային պահանջմունքները, միաժամանակ ապահովելով հանրության՝ տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը։ 2․Մասնավորապես, «Լուրեր» ծրագիրը տեղեկատվություն է մատուցում հայ հասարակությանը, առանձնացնելով, խմբագրության կարծիքով՝ օրվա գլխավոր իրադարձությունները։ Որպես Հանրային հեռուստաընկերության տեղեկատվական ծրագիր, «Լուրերն» ունի հավելյալ պարտավորությունները՝ և՛ օրենքով սահմանված, և՛ հանրության առաջ կամավոր ստանձնած։ Այս պարագայում, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չէր կարող տեղ չգտնել Հանրային հեռուստաընկերության լրատվության մեջ։ Հասկանալի է սակայն, որ ամբողջ աշխարհում ընդունված լրատվության ձևաչափը (news) չի ենթադրում որևէ մարմնի գործունեության ամբողջական լուսաբանում։ 3․Այսուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները, տարեկան հաղորդումներն ու զեկույցները (այդ թվում՝ միջազգային կառույցներին հասցեագրված) պարբերաբար լուսաբանվել են «Լուրերի» եթերում և/կամ ինտերնետ հարթակներում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հրավիրվել է հարցազրույցի «Առաջին ալիքի» ամենադիտվող (prime-time) ժամերին։ (Տեսնել ցանկը)։ Այսպես, 2020 և 2021 թվականներին «Լուրեր» ծրագիրը լրատվական տարբեր ձևաչափերով 140 անդրադարձ է ունեցել ՄԻՊ-ի գործունեությանը։ Միայն 2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ 3 անգամ հրավիրվել է հարցազրույցի՝  «Առաջին ալիքի» ամենավարկանիշային հասարակական-քաղաքական հաղորդմանը («Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ»)։ Վստահաբար կարելի է ասել, որ «Առաջին ալիքը», հայաստանյան մյուս հեռուստաալիքների համեմատ, ամենաշատն է անդրադարձել ՄԻՊ-ի գործունեությանը։ 4․ՄԻՊ-ի հայտարարության մեջ նշված է, որ «հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում» ՄԻՊ-ի արձանագրած խնդիրները չեն լուսաբանվել,  «չեն պատրաստվել խնդիրները բազմակողմանի ներկայացնող տեսանյութեր»։ Այստեղ կա որոշակի շփոթություն։ Հանրայինը հատուկ ուշադրություն է հատկացնում հենց այս խնդիրներին իր մի քանի հաղորդաշարերում  և թոք-շոուներում («Ճիշտ ժամանակին», «Մեկ պատուհան», «Հանրային քննարկում», թեմատիկ հարցազրույցներ)։  Այս հաղորդումներում Հանրայինը ոչ միայն արձանագրում է մարդու իրավունքների խախտման առանձին դեպքեր, այլև շատ ավելի մատչելի հեռուստատեսային ձևաչափերով վերհանում է հանրությանը հուզող համակարգային խնդիրները ՝ բանավեճի հրավիրելով շահառուներին և պատասխանատուներին, տրամադրելով փորձագիտական կարծիք, առաջարկելով լուծումներ։ Այս իմաստով, հեռուստատեսային պրակտիկան տալիս է խնդիրների վերաբերյալ շատ ավելի լայն պատկեր, քան ՄԻՊ-ի արձանագրումներն են։ Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով Հայաստանում զբաղվում են պետական և հանրային շատ հաստատություններ, օրինակ՝ դատարանները, ոստիկանությունը, սոցիալական ապահովության կառույցները, տեսչական մարմինները, իրավապաշտպան ՀԿ-ները և այլն։ Այս ամենը նույնպես լուսաբանվում է «Լուրերով», և ՄԻՊ-ի գործունեությունը ակնհայտորեն միակը չէ՝ Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։  5․Շարունակելով փաստարկները, Արման Թաթոյանը գրում է, որ «Լուրերը» չեն լուսաբանում Պաշտպանի հատկապես այն հայտարարությունները,  «որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին»։ Իրականում ՄԻՊ-ի զեկույցները այդ թեմայով լուսաբանվել են «Լուրերում» բավական հաճախ։ Ահա միայն մի քանի օրինակ.(https://youtu.be/FyyEra-LWb8), (https://youtu.be/gnXQuvgmZcg),(https://bit.ly/3qUbaZC),(https://bit.ly/354r7VP), (https://youtu.be/BbJuoL9fUKI):                                   Իսկ այս ռեպորտաժում (https://youtu.be/JoqqmI62MHY 20՛02՛՛-ից) ներկայացվում է, թե «ինչ լուծումներ է առաջարկում ՄԻՊ-ը», որոնք իր կարծիքով երբեք չեն լուսաբանվել։                                                                                            Այս մեկն էլ (https://bit.ly/3HLzMe6) «Լուրերի» գրավոր հրապարակում է, որն ամբողջությամբ վերցված է ՄԻՊ-ի կայքից, ինչը վկայում է, որ Պաշտպանի տեսակետները, «որպես Կառավարության տեսակետին այլընտրանք», լուսաբանվել են նույնիսկ առանց տեղեկատվական առիթի և իրադարձության։ 6․Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ՄԻՊ-ի գործունեության առանձին դրվագներ Պաշտպանն իրավացիորեն կարող է համարել ավելի խոր և հանգամանալից լուսաբանման արժանի, սակայն ՄԻՊ-ը երբևէ չի դիմել նման առաջարկներով։ Հանրային հեռուստաընկերության հետ չհամագործակցելու՝ Արման Թաթոյանի սկզբունքը թույլ չի տվել նրան նույնիսկ դիմել հեռուստաընկերությանը անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար, որը կտրամադրվեր առաջին իսկ պահանջի դեպքում և կարիք չէր առաջանա մշտադիտարկել «Լուրերի» 24-ժամյա եթերը։ 7․Պաշտպանը մեղադրում է «Լուրերին» այն բանի համար, որ խմբագրությունը հրապարակել է, օրինակ, ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները, որոնք հերքում են Պաշտպանի հայտարարությունները (https://bit.ly/3rvXFQ0):Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրությունների հեռարձակումը Հանրայինի համար օրենքի պահանջ է։ Միաժամանակ, ՄԻՊ-ի փաստահավաք գործունեությամբ ձեռք բերված տվյալները նույնպես համարվում են արժանահավատ։  Այստեղ կա զգայուն հարցի վերաբերյալ տարբեր տեսակետների հակադրություն, որը «Լուրերի» խմբագրությունը օբյեկտիվորեն չի կարող ստուգել, բայց և պարտավոր չէ երկուսն էլ հաղորդել՝ հակասելով ինքն իրեն։ Հետևաբար, խմբագրությունն ինքն է ընտրում իր կարծիքով առավել արժանահավատ տեղեկատվության աղբյուրը, քանի որ գործ ունի զանգվածային ընկալումների հետ և պատասխանատու է հրապարակման հետևանքների համար։  ՄԻՊ-ի արձանագրումները և «Լուրերի» լուսաբանումը չեն կարող նույնացվել, դրանք տարբեր խնդիրներ են լուծում։ 8․Նամակում նշվում է, որ «լուսաբանման անտեսումը հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել  նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում (օրինակ, հանրային իրազեկումներով ատելության խոսքի դեմ պայքարը)»: Ահա այդ թեմայով «Լուրերի» անդրադարձը ՄԻՊ-ի հանրային իրազեկմանը․ (https://youtu.be/NQweJ-Rt4Fc, 1․02․2021/21։00 ~ 19՛45՛՛-ից․ «Ատելության և բռնության կոչերը դատապարտելի են․ ՄԻՊ»): Սակայն, թույլ տվեք հիշեցնել, որ ատելության խոսքի դեմ պայքարում Պաշտպանը հնարավորություն ուներ գործնականում աջակցել Հանրային հեռուստաընկերությանը 2021թ․ հունիսի 12-ին, երբ հեռուստաընկերությունը դիմեց ՄԻՊ-ին նախընտրական հոլովակում հայհոյանքը  սահմանափակելու  հարցով։  Այն ժամանակ Արման Թաթոյանը պատասխանեց, որ չի պաշտպանում Կառավարության հիմնած հեռուստաընկերությանը քաղաքական կազմակերպություններից։ Մինչդեռ ՄԻՊ-ը պարտավոր էր դիտարկել Հանրայինի  դիմումը, քանի որ Հանրայինը կարծիք էր հայցում ոչ թե իր համար, այլ «հանրային նշանակություն» ունեցող հարցի վերաբերյալ, ինչը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում հստակ նշված է որպես դիմումն ընդունելու պատշաճ հիմնավորում (ՄԻՊ-ի մասին ՀՀ Օրենք, 15-րդ Հոդված, 1-ին մաս, 2-րդ կետ)։ 9․Նամակում ասվում է, որ 2021 թ․ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը «Լուրերով» «եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակը թաքցնող ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը»: Այս պնդումը չունի որևէ ապացուցողական հիմք։ «Լուրերն» այդ ժամանակահատվածում տասնյակ սեփական ռեպորտաժներ է պատրաստել սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Ահա դրանցից մեկը՝ (https://youtu.be/eFsMbpEbTEc, 2.12.2021 «Ո՞նց ա Ճակատենում ճամփեքը փակելուց հետո»)։    Նման մեղադրանք ներկայացնելիս, անհրաժեշտ է ստույգ նշել, թե տեսանյութի որ նախադասությունը, միտքը, պատկերը, կամ ուղիղ խոսքն է արտահայտում խեղաթյուրված փաստ կամ հակադրվում ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը։ 10․Այստեղ կարիք կա կրկին հիշեցնելու, որ ամիսներ առաջ ՄԻՊ-ը տարածել էր նույնանման հայտարարություն (https://bit.ly/3KGqGBA) «Լուրերի» պատրաստած ռեպորտաժի մասին (https://youtu.be/U0sCZ01l6Zk, 30․05․2021«Հայկական և ադրբեջանական անկլավների հարցի իրավական և քաղաքական բաղադրիչը»): Այդ հայտարարության մեջ Պաշտպանը  լրագրողի «շեշտադրումներում»  արձանագրել էր մարդու իրավունքների խախտում։ Հանրային հեռարձակողի խորհուրդն արձագանքեց  Պաշտպանի հայտարարությանը, համարելով, որ դա միջամտություն է լրատվամիջոցի գործունեությանը, քանի որ մեղադրանքը անտեսում էր լրատվամիջոցի և լրագրողի գործունեության բնույթն ու նպատակները։ Այս հարցի վերաբերյալ փորձագիտական կարծիք տվեց նաև ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմինը (https://bit.ly/3qLXXDi), որում նշված էր, որ «առանց ապացուցողական հիմքերի ՄԻՊ-ի կողմից նման ենթադրությունների հրապարակային տարածումը խնդրահարույց է և ռիսկեր է պարունակում՝ թեմայի վերաբերյալ հանրությանը համարժեք իրազեկելու տեսակետից»։ Ակնկալել, որ «Լուրերի» լրագրողները սեփական ռեպորտաժներում իրականությունը կներկայացնեն Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից, օբյեկտիվորեն անհիմն է: 
17:25 - 02 փետրվարի, 2022