Հայկ Կոնջորյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1987թ. մայիսի 30-ին Չարենցավանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 2010թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2013թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Պատմաբան:

2013-2014թթ. դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2014-2016թթ. եղել է «lragir.am» կայքի քաղաքական վերլուծաբան, «Ագօրա» եւ «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական համացանցային հաղորդաշարերի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

2011-2015թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամ:

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): 25.05.2018-19.09.2018թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, 19.09.2018-28.09.2018թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, 28.09.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019-12.01.2021թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 12.01.2021-02.08.2021թթ.՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ է. Հայկ Կոնջորյան
 |1lurer.am|

Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ է. Հայկ Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ նախօրեին Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրենց մանդատ չի տվել, հետևաբար չի կարող զրկել մանդատներից: Ի պատասխան՝ Կոնջորյանը տեղեկացրեց, որ օրենսդրությամբ սահմանված են կոնկրետ ընթացակարգեր, որով պատգամավորը կարող է զրկվել մանդատից:  «Պատգամավորները, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագրի», ԱԺ խորհրդի ֆորմատով կայացնում է որոշում և դիմում է Սահմանադրական դատարան: Մանդատներից զրկում է ՍԴ-ն: Հետևաբար, Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ հայտարարություն է»,- ասաց Կոնջորյանը: Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, Վահե Հակոբյանին էլ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:  
12:39 - 30 հունիսի, 2022
Հայկ Կոնջորյանը անդրադարձավ  ԱԺ նիստերին ընդդիմության բացակայությանը

Հայկ Կոնջորյանը անդրադարձավ ԱԺ նիստերին ընդդիմության բացակայությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց՝ ամենագլխավորը և ամենացավոտ հարցերը, որ մարդիկ իրենց տալիս են, վերաբերում է Հայաստանում արդարությանն ու արդարադատությանը։ Կոնջորյանը ընդգծեց, որ այս շաբաթվա ընթացքում խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, այսօր քննարկում է գլխավոր դատախազի հարցը՝ «նորից ընդդիմության դատարկ աթոռներով»։ «Ես համոզմունք ունեմ, որ դատաիրավական համակարգի քննարկումները յուրաքանչյուր ողջամիտ ընդդիմության համար լավագույն շանսն են խորհրդանում ինքնադրսևորվելու, լավագույն շանսն են՝ սեփական քննադատությունը, դիտարկումները ներկայացնելու համար, բայց ինչևէ, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնում է ոչ միայն մեր ընտրողներին, մենք ներկայացնում ենք նաև ընդդիմության ընտրողներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Այս քննարկումը ևս պատասխանում է բոլոր այն հարցերին, որոնք ունեն ոչ միայն մեր ընտրողները, ունեն նաև ընդդիմության ընտրողները և մեր Հանրապետության բոլոր քաղաքացիները»։ Պատգամավորն ասաց՝ իրենց համար սկզբունքային է դատաիրավական համակարգի օբյեկտիվությունը, անաչառությունը և անկախությունը․ «Դա մեր հավատամքն է, և մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ցանկացած շեղում այդ հավատամքից մեզ համար անընդունելի է եղել, անընդունելի է և կլինի անընդունելի։ Եվ մենք՝ որպես քաղաքական մեծամասնություն և ժողովրդի ամուր մանդատի կրողներ ամեն բան անելու ենք, որ այդ հավատամքը իրագործվի»։ Կոնջորյանի խոսքով՝ ավանդական ընկալումներում իշխանության թևերի միջև զսպումներն ու հակակշռումները դիտարկվում ե որպես այդ թևերի միջև հակամարտություն․ «Ցավոք սրտի, վերջին տարիներին մասնավորապես դատաիրավական ոլորտի մի շար ներկայացուցիչների կողմից ակնհայտ քաղաքականացվածությունը բերել է նաև այդ հակամարտության հրապարակային դրսևորումների և ցավոտ դրսևորումների։  Մենք՝ որպես հանրություն, որպես պետություն պիտի հաղթահարենք այդ հակամարտությունը և պիտի ցույց տանք, որ իշխանության թևերի միջև հավասարակշռումը և զսպումները հակամարտություն չէ, որ իշխանության տարբեր թևերի աղբյուրը նույնն է՝ ժողովուրդը, և իշխանության թևերը պետք է համագործակցեն՝ հանուն ընդհանուր բարիքի և ոչ թե հանուն մասնավոր բարիքի, որը ծնում է համընդհանուր չարիք»։ Նա ընդգծեց՝ պատահական չէ, որ այս օրերին և վերջին տարիներին ամենաքննարկվող հարցերից մեկը  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն է․ «Այս օրերին և վերջին տարիներին ամենաքննարկվող հարցերից մեկը մասնավոր բարիք ստեղծելու և համընդհանուր չարիք ստեղծելու մասին նախագիծն է՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որը այսօր, ըստ էության, իմ կարծիքով ուղղակիորեն կապ ունի նաև, որ դահլիճի այս հատվածը (ընդդիմության հատվածը, խմբ․) դատարկ է։ Եվ Հայաստանում ներքաղաքական գործընթացների հիմքերում գտնվում են նաև այդ օրենքը և այդ օրենքի կիրարկումը»։ Հայկ Կոնջորյանը նշեց՝ հավատամք ունի, որ Աննա Վարդապետյանը իր լիազորությունների շրջանակում հավատարիմ է մնալու օրենքի սահմանած լիազորությանը։
16:25 - 29 հունիսի, 2022
Ընդդիմության փրկչական առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է․ Կոնջորյան

Ընդդիմության փրկչական առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է․ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ-ում՝ 2021 թ․-ի պետական բյուջեի հաշվետվության կատարողականի ընթացքում ասաց՝ ցավոք, բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին խորհրդարանական ընդդիմությունը ներկա չի եղել․ «Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ժողովրդավարական, պառլամենտական երկրում բյուջեի կատարման հաշվետվությունը համարվում է ընդդիմության ամենակարևոր վերահսկողական գործառույթներից մեկը, որ ընդդիմությունը գա, մասնակցի, իշխանությանը քննադատի, իշխանությանը փորձի վերահսկել, բերել հաշվետվողականության դաշտ, բայց, ցավոք սրտի, մեր ընդդիմությունը զբաղված է այլ օրակարգով»։ Նրա խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը գործադիրի հետ միասին պատշաճ կերպով իրականացրել է բյուջեի կատարողականի քննարկումները, ըստ էության կատարելով ոչ միայն իշխանության, այլ խորհրդարանական ընդդիմության գործառույթները՝ փորձ անելով վեր հանել բոլոր խնդիրները։  Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ Կոնջորյանն ասաց՝ կարելի է փաստել, որ ընդդիմությունը դեֆոլտի մեջ է։ «Ընդդիմությունը չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում․ չի կարողանում սպասարկել իր պարտականությունները խորհրդարանում,չի կարողանում սպասարկել իր պարտականությունները իրենց քվեարկած քաղաքացիների առջև, չի կարողանում սպասարկել պարտականությունները խորհրդարանական դիվանգիտության հարթակում՝ տևական ժամանակ լքելով խորհրդարանական դիվանգիտության խրամատը, չի կարողանում իր պարտականությունները սպասարկել փողոցում, որովհետև տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրը այս վերջին շաբաթների ընթացքում, որը ամփոփվեց այսօր Ֆրանսիայի հրապարակը գլխիկոր ազատելով ընդդիմության կողմից»։ Կոնջորյանն ասաց՝ ընդդիմությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա «փորձում է Արցախյան հարցը օգտագործելով զավթել իշխանությունը»։ «Մի բան, որ ընդդիմությունը դա արել էր 1998 թ․-ին, մի բան, որով ընդդիմությունը 20-ամյակ պահել է Հայաստանում իշխանությունը, և մի բան, որ ընդդիմությունը պատերազմից հետո տևական ժամանակ փորձում է անել ՀՀ-ում։ Կարող ենք արձանագրել, որ ընդդիմության փրկչական առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է»։ ՔՊ-ի ղեկավարը հավելեց՝ ընդդիմության պարտությունը և ժողովրդավարության հաղթանակը պատերազմից հետո արձանագրում ենք երրորդ անգամ․ «Նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը նույն գործիքակազմով փորձեց Հայաստանում զավթել իշխանությունը, իշխանությանը սադրելով գնալ ոչ օրինական ճանապարհների, իշխանությունը չտրվեց դրան, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում նորից ընդդիմությունը պարտվեց և իշխանությունը ստացավ ժողովրդի հաղթանակը, դա ժողովրդավարության երկորդ հաղթանակը և ընդդիմության պարտությունն էր, և սա արդեն ՀՀ-ում ընդդիմության երրորդ պարտությունն ու ժողովրդավարության երրորդ հաղթանակն է միայն պատերազմից հետո»։
14:06 - 15 հունիսի, 2022
Պետրոս Ղազարյանի՝ բանավեճի առաջարկը Հայկ Կոնջորյանը ընդունել է, Սեյրան Օհանյանը՝ մերժել

Պետրոս Ղազարյանի՝ բանավեճի առաջարկը Հայկ Կոնջորյանը ընդունել է, Սեյրան Օհանյանը՝ մերժել

Հանրային Հեռուստաընկերության հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում բանավեճի է հրավիրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին։  Հրավերին արձագանքել է և՛ Հայկ Կոնջորյանը, և՛ Սեյրան Օհանյանը։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ « Պետրոս Ղազարյանը ինձ և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ Հանրային եթերում։ Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։ Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։ Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- գրել է Կոնջորյանը։  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանել է․  «Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։ «Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է»,- ասված է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։  Հայկ Կոնջորյանը կրկին գրառում է կատարել՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ հրավերի մերժմանը։  «Փախչող ընդդիմության մայրամուտը   Սեյրան Օհանյանը պաշտոնապես հրաժարվեց ինձ հետ Հ1֊ի եթերում բանավիճել։ Չեմ ուզում հավատալ, որ գեներալ Օհանյանը վախեցավ։   Այժմ եկեք արձանագրենք 3 բան.   Ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից,   Ընդդիմությունը փախչում է ԱԺ նիստերի դահլիճից,   Ընդդիմությունը փախչում է հեռուստատեսային տաղավարներից։   Հիմա հարց՝ որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է։ Եվ ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին։   Սիրելի՛ ժողովուրդ, ձեր ոգին ամուր պահեք, ձեր միտքը՝ սթափ։ Մենք կանգուն ենք և կանգուն ենք մնալու՝ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության»,- նշել է Կոնջորյանը։     
20:41 - 05 մայիսի, 2022
Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են. Կոնջորյան

Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են. Կոնջորյան

tert.am: Այսօրվա ընդդիմությունը ժամանակին ծաղրում էր Գանդիին, այսօր Ազատության հրապարակում սամակատ են քշում, զբաղվում են գործողություններով, որոնք առնվազն տարօրինակ են։ Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Նրանք մեզ մեղադրում են թրքասիրության մեջ, առաջամարտիկը Դաշնակցությունն է։ Ուզում եմ հիշեցնել ՀՅԴ ականավոր գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը 1921 թվականին մի քանի նամակ է ուղարկել Թուրքիային Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից, որի նախագահը Վրացյանն էր, որում նշված է, որ Հայաստանի ժողովուրդը լի է վճռականությամբ բարեկամական հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ։ Սա գրվել է ցեղասպանությունից ընդամենը 6 տարի անց։ 106 տարի անց մեր կառավարությունը սկսել է երկխոսություն ընդամենը հարաբերությունները կարգավորելու համար, չեք գտնի որևէ տեքստ, որտեղ մեր կառավարությունը կխոսի բարեկամության մասին»,- նշել է Կոնջորյանը։ Նրա կարծիքով Վրացյանը և Քաջազնունին ժամանակին ադեկվատ մոտեցում են ցուցաբերել իրականությանը։
11:07 - 27 ապրիլի, 2022
Սպառազինության ձեռքբերման ավելի մեծ ծախսերի պատկեր՝ չկիրառված «ՍՈՒ-30»-ների հաշվին

Սպառազինության ձեռքբերման ավելի մեծ ծախսերի պատկեր՝ չկիրառված «ՍՈՒ-30»-ների հաշվին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը երեկ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում, հայտարարեց, որ իրենց կառավարման 3 տարիների ընթացքում Հայաստանը երկուսուկես անգամ ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում։ Ըստ Կոնջորյանի՝ Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված զենքերն էլ իրենց կառավարման օրոք ձեռք բերվածից ավելի քան 30 մլն դոլարով պակաս են։ Այս ամենը ներկայացնելիս պատգամավորը հղում կատարեց Ստոկհոլմի՝ Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտի (SIPRI) հրապարակած տվյալներին: «Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանը ձեռք է բերել 121 մլն դոլարի զենք, Նիկոլ Փաշինյանի կառավարման 3 տարիների ընթացքում Հայաստանը ձեռք է բերել 280 մլն դոլարի զենք։ Այսինքն՝ մեր կառավարությունը երեք տարում երկուսուկես անգամ ավելի շատ զենք է առել, քան Քոչարյանը 10 տարվա ընթացքում։ Սերժ Սարգսյանն իր կառավարման 10 տարիների ընթացքում ձեռք է բերել 247 մլն դոլարի զենք։ Մեր կառավարությունը 3 տարվա ընթացքում ավելի քան 30 մլն դոլարով ավելի շատ զենք գնել, քան Սերժ Սարգսյանն իր ամբողջ կառավարման տարիների ընթացքում»,- նշեց Կոնջորյանը։ Նմանատիպ մի հայտարարություն դեռ անցյալ տարի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, արել էր այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել էր, որ միայն 2019-ին Հայաստանը ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն, կամ [վերջին] 10 տարվա կտրվածքով ներկրվածի 62․3%-ը։ Infocom-ն անդրադարձել էր Փաշինյանի հայտարարությանը և պարզել, որ Հայաստանը 2019-ին 248-ից 190 մլն դոլարը ծախսել էր  ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Իսկ 2019-ին Հայաստանը, հիշեցնենք, Ռուսաստանից ձեռք էր բերել 4 միավոր «ՍՈՒ-30» կործանիչ։ Այսպիսով, 2019-ին սպառազինության ձեռք բերման ծախսերն իրոք աճել էին, սակայն ձեռք էին բերվել «ՍՈՒ-30» կործանիչներ, որոնք Արցախյան վերջին պատերազմի ժամանակ չէին կիրառվել։ SIPRI-ն 2020-ի համար Հայաստանի ձեռք բերած սպառազինության ծախսերի մասին տվյալներ չի ներկայացրել, իսկ ահա 2021-ին այդ ծախսերը կազմել են 32 մլն դոլար։ 2016-ին, օրինակ, Հայաստանը ձեռք է բերել 110 մլն դոլարի սպառազնիություն, 2004-ին՝ 118 մլն դոլարի, 1996-ին՝ 70 մլն դոլարի։ Այլ տարիների ևս սպառազինության ձեռքբերման ծախսերը գերազանցել են 2021-ի ծախսերը (ամբողջական տվյալները կարող եք տեսնել այստեղ)։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ SIPRI-ի ներկայացրած տվյալները կարող են չարտահայտել ողջ պատկերը, քանի որ կան տարիներ, որոնց վերաբերյալ տվյալներն առհասարակ բացակայում են։ Փաստորեն, սպառազինությունների ձեռքբերման համար ծախսերն էականորեն աճել են միայն 2019-ին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, 2019-ին ծախսված գումարների մեծ մասն ուղղվել է «ՍՈՒ-30» կործանիչների գնմանը, որոնք պատերազմի ժամանակ չեն կիրառվել։ Իսկ 2021-ին սպառազինության ձեռքբերման ծախսերը նվազել են ինչպես 2019-ի, այնպես էլ 2016-ի, 2004-ի, 1996-ի և այլ տարիների համեմատ։ Աննա Սահակյան
10:51 - 27 ապրիլի, 2022
ՔՊ խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որն ստանձնել է Նիկոլ Փաշինյանը. Կոնջորյան |1lurer.am|

ՔՊ խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որն ստանձնել է Նիկոլ Փաշինյանը. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: Արցախյան հիմնախնդիրը երկար տարիներ Հայաստանում եղել է իշխանությունը բռնազավթելու և իշխանությունը պահելու, հիմա էլ դարձել է իշխանությունը վերաբռնազավթելու գործիք, և այն մարդիկ, ովքեր այսօր հայրենասիրական բառապաշարով ճամարտակում են հայրենիքի մասին, փաստացի Արցախը և արցախյան հարցը դարձրել են հրազենի փող, որն ուղղել են իրենց քաղաքական հակառակորդների ճակատին, երբեմն՝ բառի բուն և ուղիղ իմաստով, երբեմն՝ փոխաբերական, և այսօր նորից փորձում են նույն բանն անել ՀՀ-ում: ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Այսօր ժողովրդին շրջանցելու ճանապարհով փորձում են արցախյան հիմնախնդրի կարգավորման այս պատմական փուլը նորից վերածել իշխանություն բռնազավթելու քաղաքական ակտի և դա նորից անում են հայրենասիրության քողի ներքո: Ի՞նչ ենք մենք ասում. մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ, դուք մեզ տվել եք մանդատ 2021 թ. ընտրություններով, որպեսզի Հայաստանում և մեր տարածաշրջանում հաստատենք խաղաղության դարաշրջան: Մենք գալիս ենք և ժողովրդին ներկայացնում ենք մեր պատկերացումները, մեր առաջարկները, միջազգային հանրության դիրքորոշումները: Ասում ենք՝ եկեք քննարկենք, եկեք բանավիճենք, եկեք դուք ներկայացրեք ձեր տեսակետը, և ժողովրդի ներկայացուցչական մանդատով օժտված այս մասը փոխարենը մեզ հետ բանավիճի, փոխարենը չհամաձայնվի, առաջարկներ ներկայացնի, շրխկացնում է դուռը, հեռանում է և հեռվից՝ Հայաստանի տարբեր քաղաքներից, հեռակա բանավիճում է մեզ հետ և նորից՝ հայրենասիրության գաղափարական քողի ներքո»,- ասաց Կոնջորյանը: Նրա խոսքով՝ ՔՊ խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որն ստանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն պատասխանատվությունը, որով, վարչապետի գլխավորությամբ, իրենց օժտել է ՀՀ ժողովուրդը: «Մենք մեր ժողովրդի հետ բաց ենք, անկեղծ ենք, ազնիվ ենք, մենք մեր ժողովրդի հետ երկխոսում ենք, մեր և ժողովրդի անսասան և անբեկանելի կապն է, որ դառնալու է Հայաստանի պայծառ ապագայի հիմնաքարը, և այդ կապը ոչ ոք չի կարող կտրել»,- նշեց իշխող խմբակցության ղեկավարը:
13:25 - 14 ապրիլի, 2022
Նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու «Հայաստան» խմբակցության նախագիծը չմտավ նստաշրջանի օրակարգ |news.am|

Նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու «Հայաստան» խմբակցության նախագիծը չմտավ նստաշրջանի օրակարգ |news.am|

news.am: Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 12-ին, քվեարկությամբ մերժեց նստաշրջանի օրակարգ մտցնել «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Օրինագծի հեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախագծով առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դամից հասցնել 80 հազար դրամի՝ հաշվի առնելով հանրապետությունում  արձանագրված գնաճը: Նա քվեարկությունից առաջ հրաժարվեց ելույթ ունենալ, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու: Հիշեցնենք, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին:
11:47 - 12 ապրիլի, 2022
Այս քայլով ոչ թե պաշտպանում են Արցախը, այլ սադրում. Կոնջորյանը՝ ընդդիմադիրների մասին |armenpress.am|

Այս քայլով ոչ թե պաշտպանում են Արցախը, այլ սադրում. Կոնջորյանը՝ ընդդիմադիրների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ հերթական նիստը բոյկոտելը և Արցախ մեկնելը համարում է ոչ թե Արցախը  պաշտպանող, այլ սադրող քայլ: Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում: Կոնջորյանը հիշեցրեց խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությունն առ այն, որ խորհրդարան անցնելն իրենց համար խրամատ է, որում  պետք է պայքարեն: Ըստ Կոնջորյանի՝ ընդդիմությունն ԱԺ-ում փորձում էր ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը, պարալիզացնել ԱԺ-ն: «Եվ, գուցե, համարում են, որ իրենց առջև դրված խնդիրը այստեղի խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ՝ հավանաբար նորից խրամատավորվելու, ամենայն հավանականությամբ նորից խրամատավորվելու՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների, ՀՀ ժողովրդի»,-տեսակետ հայտնեց Կոնջորյանը: Արցախի դրոշը ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանում տեղադրելուն անդրադառնալով՝ նա նշեց, որ չի հասկանում, երբ դրոշը դեմոնստրատիվ տեղադրվում է ՀՀ-ում՝ ընդդեմ որևէ մեկի: «Արցախի դրոշը և Արցախը բոլորիս սրտերում և մտքերում են: Մեր ժողովուրդը հանուն Արցախի զոհել է իր լավագույն զավակներին: Եվ Արցախի դրոշը տեղադրելը, Արցախի շահերը պաշտպանելը ընդդիմությունը լավագույնս պետք է կատարի այնտեղ, որտեղ կարիք կա հանրայնացնելու Արցախի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների մասին հարցը: Իսկ ի՞նչ է անում այն նույն ընդդիմությունը, բոլոր միջխորհրդարանական հարթակներում, որտեղ իրենք պետք է գան և Արցախի, արցախցու իրավունքներն ու շահերը պաշտպանեն, ասել է թե՝ Արցախի դրոշն այնտեղ վեր հանեն՝ ի ցույց աշխարհի, նրանք չեն գալիս, բոյկոտում են»,-ասաց խմբակցության ղեկավարը: Նա ընդգծեց՝ ընդդիմությունը միջխորհրդարանական հարթակներում չի գնում և ընդդեմ ադրբեջանցիների չի գործում, ժողովրդի տված մանդատը չի իրագործում, բոյկոտում Է: «Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները»,-ասաց Կոնջորյանը: Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և  անվտանգային խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար: «Նրանք այսօր խրամատավորվում են Արցախի ներքաղաքական կյանքում, նորից հերթական ներքաղաքական, ներհայաստանյան ինտրիգները գեներացնելու համար: Եվ դա  մենք մեր ժողովրդի հետ թույլ չենք տալու»,-եզրափակեց Կոնջոյանը: Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի Խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի  12-ի նիստում հայտարարեց, որ չի մասնակցելու հեթական նիստերին և մեկնելու է Հայաստանի սահմանամերձ մարզեր և Արցախի Հանրապետություն։
11:08 - 12 ապրիլի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Ադրբեջանի սանձազերծած սադրանքներով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ են ունեցել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլասի և Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:   Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի սանձազերծած սադրանքների մասին:   Քննարկվել են տարածաշրջանում հետագա էսկալացիայի հնարավորությունը կանխելուն ուղղված  համատեղ գործողությունները:Կարևորվել է Ադրբեջանի գործողությունները զսպող կոնկրետ և հասցեական քայլերի անհրաժեշտությունը:  
14:00 - 31 մարտի, 2022
ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽ-ում ներկայացրել են Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽ-ում ներկայացրել են Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Այսօր ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Հանդիպումների ժամանակ ներկայացվել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողությունները, կենսական ենթակառուցվածքները վնասելու քայլերը։ Մեծապես կարևորվել է ներկա իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության թիրախային արձագանքը՝ ուղղված Արցախից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի ապաէսկալացիային։
22:07 - 29 մարտի, 2022
ԱԺ-ն Արցախի հումանիտար իրավիճակի հարցով փակ նիստից հետո չընդունեց ընդդիմության հայտարարության նախագիծը

 |armenpress.am|

ԱԺ-ն Արցախի հումանիտար իրավիճակի հարցով փակ նիստից հետո չընդունեց ընդդիմության հայտարարության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծը քվեարկության դրվեց ԱԺ փակ նիստից հետո, որին ընդդիմության առաջարկով մասնակցում էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Փակ նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծը քննարկել են խմբակցությունում: «Մեծամասնությամբ կիսում ենք այն դիրքորոշումները, որոնք արտահայտված են այստեղ: Թե ՀՀ վարչապետի, թե ԱԳ նախարարության և կառավարության բոլոր համապատասխան օղակների, թե խորհրդարանական դիվանագիտության մեզ հասանելի գործիքակազմով մենք ամենօրյա ռեժիմով հասցեագրում և զբաղվում ենք այն բոլոր հարցերով, որոնք դուք ներկայացրել եք՝ հումանիտար հարցերով, ռազմագերիների վերադարձի հարցով, գազամատակարարման հարցով: Բոլոր օղակներում, նաև միջազգային կառույցներում մենք օգտագործում ենք բոլոր դիվանագիտական գործիքակազմի մեջ գտնվող գործիքները, որպեսզի բոլոր այդ հարցերը լուծենք»,-ասաց Կոնջորյանը: Նա հույս հայտնեց, որ ընդդիմությունը կվերադառնա խորհրդարանական դիվանագիտության դաշտ՝ հիշեցնելով, որ ժամանակին ընդդիմությունը բոյկոտել էր միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում մասնակցելու և այդ հարցերը աշխարհում բարձրացնելուց: «Ելնելով այն հանգամանքից, որ մենք օգտագործում ենք դիվանագիտության բոլոր խողովակներն ու գործիքակազմերը՝ այս պահին հասցեագրելու այս խնդիրները, ապա գտնում ենք, որ այս պահին բավարար են այս գործիքները՝ այս հարցով զբաղվելու համար»,-նշեց ՔՊ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ ՔՊ-ն չի մասնակցի այդ հարցի քննարկմանը: Քվեարկությամբ հայտարարության նախագիծը ստացավ 30 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներ: Քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով միջազգային պատվիրակություններին ընդդիմության մասնակցության հարցին, ընդգծեց, որ ինքը, որպես ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության անդամ մասնակցել է վեհաժողովի երկու նստաշրջաններին էլ, ելույթ ունեցել՝ ի շահ Հայաստանի: «Ես և Էլինար Վարդանյանը նաև դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ պահանջելով Արցախում մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններին և վանդալիզմին տալ գնահատական և անմիջապես այնտեղ ուղարկել մոնիթորինգային աշխատախումբ»,-ասաց նա:
16:50 - 22 մարտի, 2022
Թաքնված են այլ նպատակներ. ՔՊ-ն դեմ է ՀՀ ինքնիշխանության դեմ արտահայտությունները քրեականացնող նախագծին |armenpress.am|

Թաքնված են այլ նպատակներ. ՔՊ-ն դեմ է ՀՀ ինքնիշխանության դեմ արտահայտությունները քրեականացնող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով ընդդիմությունն առաջարկում է քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն: Իշխանությունը նախագծում տեսնում է թաքնված նպատակներ: Նախագծի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց՝ այն կարգավորումը և այն գաղափարը, որն ընդդիմությունն առաջարկում է, ՀՀ օրենսդրությունն այդ հարցն արդեն հասցեագրում է: «Եվ, ըստ էության, այն, ինչ հիմա դուք փորձում եք այստեղ գեներացնել, մաքուր քաղաքական դիսկուրս է: Եվ մենք բազմիցս ականատես ենք եղել նման իրավիճակների: Դուք բերում եք նախագծեր, որոնք ձեր կարծիքով հետևյալ տրամաբանության մեջ են՝ եթե մենք ընդունենք, ապա դա կառաջացնի խնդիր, եթե չընդունենք, կառաջացնի խնդիր»,-ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ընդդիմության բերած որոշ նախագծերը քաղաքական սոփեստության մաքուր օրինակներ են: Նա շեշտեց՝ երբ ընդդիմությունը բերել է հայտարարության նախագծեր, որը վերաբերում է Հայաստանի անվտանգային համակարգին, Արցախին, և այդ հայտարարության տեքստի մեջ կոնկրետ բաժին հատկացրել են ներքաղաքական դիսկուրս գեներացնելու համար, իշխանությունն ասել է, որ այդ հայտարարությունը «տրոյական ձի է», դրանով լրիվ այլ խնդիր են ուզում լուծել: «Այս ձեր օրենքի նախագիծն էլ «տրոյական ձի է», որի մեջ թաքնված են լրիվ այլ նպատակներ և լրիվ այլ ենթադրություններ»,-ասաց Կոնջորյանը: Ըստ պատգամավորի՝ եթե այդ նախագիծն ընդունվի, ապա ավելի շատ քրեական հետապնդման են ենթարկվելու նախագիծը ներկայացրած ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչներ: «Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին ձեր վարչապետի թեկնածուն էր, որ պատերազմի ժամանակ գեներալներին հրավիրում էր Երևանում գործողություններ անելու: Եվ հիմա դուք եկել եք, զբաղվում եք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությամբ և մեզ մեղադրում եք, թե կարծես մենք չենք պաշտպանում այդ տարածքային ամբողջականությունը»,-ասաց խմբակցության ղեկավարը՝ դիմելով ընդդիմադիրներին: Ապա նա ընդգծեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Ըստ Վարդանյանի՝ նախագիծը արտաքին քաղաքական 0  նպատակ ունի: Նրա խոսքով՝ ընդդիմության նպատակն է ամեն գնով, թեկուզ, պետականության կորստի գնով, հասնել իշխանության: «Սա անթույլատրելի է, սա հակապետական է, սա հակահայկական է»,-ասաց պատգամավորը՝ կոչ անելով նախագծին դեմ քվեարկել:
14:19 - 22 մարտի, 2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում մարտի 3-ին ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայկ Կոնջորյանը: «Դեսպանին ներկայացրել ենք Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ մեր կողմից տարվող աշխատանքները և մեծապես կարևորել Ֆրանսիայի աջակցությունն այդ ուղղությամբ։ Կարևորել ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակելու ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում»,- նշված է գրառման մեջ:
17:30 - 03 մարտի, 2022