Հեղափոխության օրագիր

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 24] Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 24] Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 23] Գլուխը չկա, հիդրան գործում է < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Վահան Կոստանյան] Նախորդ օրվա երեկոն ավարտվել էր Ֆեյսբուքում գրառում անելով՝ «բարի գիշեր, Ար» ու հաստատակամ որոշմամբ, որ առավոտյան պիտի դուրս գամ: Մտածում էի՝ Ռուբոյին արդեն բռնել են, ու արդեն իմ հերթն էր եկել: [Միքայել Նահապետյան] Գործելու պահն է։ Եթե ժողովրդին ազատ չարձակեն, սկսում ենք մոբիլ խմբերով պատգամավորներին կալանքի տակ առնել։ Իջնում եմ Դեմիրճյան։ Խառատյանը, Մարիան, Թագուհին ու էլի մարդիկ փակված են բնակարանում` մինչև հասկանանք, թե հատկապես ինչ անելու պահին արժի ձերբակալվել։ [Արմեն Գալջյան] Առավոտյան այսպես ասած չձերբակալված կազմակերպիչների ֆեյսբուքյան չատ բացվեց՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անենք։ Ես գիշերել էի Հանրապետության հրապարակից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող մի ապահով տեղում։ Նիկոլի հեռախոսն ինձ մոտ էր, և ես վստահ էի, որ հեռախոսի ազդանշանով շատ հանգիստ կգտնեն տեղս, բայց չէի կարող ազատվել դրանից, քանի որ դա ժողովրդի հետ կապի մեջ մտնելու ամենաարդյունավետ միջոցն էր, և որոշեցի գնալ այդ ռիսկին։ Ամբողջ գիշեր սպասում էի, թե երբ է ԱԱԾ-ի սպեցնազը գալու հետևիցս։ Բարեբախտաբար արշալույսը խաղաղ էր․ անջատվել քնել էի։ Առավոտ 11֊ին արթնացա, միացրեցի կոմպը, տեսնեմ արդեն հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել երթի, և կազմակերպչի կարիք էլ չկա։ Որոշեցինք հավաքվել Հայկական ժամանակի գրասենյակում։ Դեռ մտածում էի, որ շենքի մուտքի մոտ ինձ սպասողնոր կլինեն և,հենց դուրս գամ, կձերբակալեն։ Պատուհանից նայեցի՝ մարդ չկար, որոշեցի տաքսի կանչել և գնալ ՀԺ։ Նորից բախտս բերեց՝ հանգիստ տեղ հասա։ Այստեղ էին Աննան, Մխիթարը, Արայիկը, Լենան, Տրդատը և էլի մի քանի հոգի։ Տարբեր լուրեր էինք ստանում։ [Գոհարիկ Տիգրանյան] Ես փոխել էի իմ տոմսը դեպի կրթություն՝ հույս ունենալով, որ կարմիր հորիզոնում մայրամուտ ու նոր լուսաբաց լինելու է, բայց հետո պիտի գիտակցեի, որ այդ օրերին որևէ իրադարձություն, անգամ տոմսի թանկությունն ինձ համար էր արված, որ կյանքում առաջին անգամ ուրախության արցունքներ հոսեն աչքերիցս։ Ուսանողների համար հրահանգը ԵՊՀ-ի մոտ լինելն էր ու էնտեղից երթ անելը։ Անհայտության ալիքն ու զգայական ճնշվածությունն արդեն ետևում էին, իսկ ուժերը՝ տեղում, հետդարձը՝ կեղծ կատեգորիա էր, կշեռքի վրա շատ բաներ էինք դրել ու շատ ընկերներ էինք կորցնելու ամեն կես քայլը հետ դնելիս։ [Գարեգին Միսկարյան] Առավոտվա լրահոսից ու խցանումների քարտեզից ակնհայտ էր, որ էլ անելու բան չկա։ Վերջ։ Սերժին երկու տարբերակ էր մնում․ կա՛մ Նիկոլին թողնում է ու հրաժարական է տալիս, կա՛մ մի պատրվակով Ծիծեռնակաբերդ գալուց հրաժարվում է (որովհետև կարող է և տեղ չհասներ) ու հաջորդ օրը հայտարարում արտակարգ դրություն (որովհետև 24-ին չէր կարող հայտարարել)։ Ակնհայտ էր, որ երկրորդի դեպքում ավելի մեծ կորուստներով էր դուրս գալու, որովհետև բացի էն, որ դրանից մեծապես օլիգարխներն էին տուժելու, նաև ակնհայտ էր, որ արտակարգ դրության ավարտի հաջորդ օրն էլի բոլոր փողոցները փակվելու էին ավելի մեծ ծավալներով (հաշվի առնելով տնտեսական անկումը): [Գոհարիկ Տիգրանյան] Տաքսիով իջա համալսարանի բակ։ Այդ բակից սկսվել էր ակտիվությունս, ու հենց այդ բակում էլ հաջողությունը վերջնականապես կնքվելու էր։ ԵՊՀ ուսանողներով արդեն իսկ շատ էինք, անընդհատ զանգեր էին գալիս Գարիկին, ու լսվեց․ «Բժշկականից հավաքվում են գան, սպասենք իրենց ու շարժվենք», հետո նորից․ «Ժողը միանում ա, հավաքվում են ու մոստի տակով կգան»։ Տնտեսագիտական համալսարանը միանում էր, այն համալսարանը, որտեղ 2013-ին ուսանողներին չէին թողնում դուրս գալ, իսկ դրսում կանգնածների հետ կռվում էին ու լարում իրենց տարածքներից։ Երջանկություն էր, բոլորիս հոգիները տոնում էին, մենք կարողացանք ալիք անել, իսկ այդ ալիքը հիմա գրավում էր ու ընդգրկում բոլոր ուսանողներին։ Կարծես ուշանային բժշկականի ուսանողները, բայց չէ, մենք էինք անհամբեր։ Աղմուկը լսվում էր, նրանք մոտենում էին, հանկարծ ԵՊՀ սպիտակ շենքի դալանից՝ բժշկական խալաթներով մի հսկա զանգված հայտնվեց ԵՊՀ բակում։ Շատ էին, հավատացեք շատ-շատ էին, մեր սևացած ու հոգնած դեմքերին ժպիտ էր։ Գարիկին մոտեցա, ասաց, որ ժողից էլ հասնում են, ու ժողից եկող կամուրջի տակից լսվեց աղմուկ՝ «ազատ, անկախ ուսանող»։ Արփիին նայեցի, ժողի երեխեքը գոռում էին «ազատ, անկախ ուսանող», մեր առաքելությունը կատարված էր, մշտապես փոքրամասնություն կոչված ԵՊՀ ուսանողությունը համախմբեց մնացածին (ինձ ճիշտ հասկացեք, ընկերներ, տարբեր առիթներով, երբ մենք ասում էինք, որ ուսանողության ձայնն ենք բարձրացնում, մի հարց մեզ պատին էր սեղմում․ «Իսկ ու՞ր են այլ համալսարանների ուսանողները, դուք չեք կարող նրանց ներկայացնել»)։ Իսկ այսօր ամեն մեկը եկել ու իրեն էր ներկայացնում։ [Աստղիկ Մելքոնյան] Առավոտյան ընկերներս զանգում են, գնում եմ կենտրոն։ Տեղ ենք ման գալիս, որտեղ օգնելու կամ փակելու կարիք կա, բայց որ փողոց թեքվում ես, մի երթ կա։ Մի տեսակ ինձ անօգուտ եմ զգում։ [Վահան Կոստանյան] Օրը սկսվեց խաղաղապահ զորամիավորման զինվորների երթին միանալով: Մոնիտորինգի չաթում դեռ չձերբակալվածներս քննարկում էինք՝ ինչ ելք գտնել ստեղծված այս իրավիճակում, որովհետև կարծիք կար, որ ռազմական դրություն կմտցնեն սրանից հետո: Փորձում էին կապվել տեղում գտնվողների հետ, որ զինվորներին ետ ուղարկեն, մյուս կողմից՝ ինքներս էինք նման բովանդակությամբ գրառումներ անում: Էլ չէի կարող մնալ: [Միքայել Նահապետյան] Ուղիղ եթերով տեսնում եմ, որ խաղաղապահ զորքը քայլում է երթի առջևից։ Սա վերջն է։ Կամ մի ժամվա ընթացքում արտակարգ դրություն կհայտարարեն՝ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի հիմքով, կամ հրաժարական կտա։ Մարիան զանգում է, հեռախոսը փոխանցում են հրամանատարին, բանակցում ենք, որ վերադառնան տեղակայման վայր, հրամանատարն ասաց, որ մինչև չգնանք էնտեղ, իրենք չեն գնա։Հատ-հատ տնից դուրս ենք գալիս, շոգ կրակին կապյուշոնները քաշում գլխներիս ու կորչում բակերում։ [Գարեգին Միսկարյան] էս ամեն ինչի մասին Սուրենի հետ խոսում-քննարկում էինք՝  Սևակը զանգեց, թե ինձ մի տեղ են կանչել` չեմ ուզում միայնակ գնալ, ով կգա հետս։ Ես որոշեցի գնալ։ Պայմանավորվեցինք Շրջանայնում հանդիպել։ [Միքայել Նահապետյան] Ռուբինյանը հայտարարություն է տալիս մամուլին, որ բանակի համար թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության անունից պատասխանատու է ԶՈւ ղեկավարությունը։ Պուշկինի դպրոցի մոտ եմ հասնում։ [Գոհարիկ Տիգրանյան] Որոշվեց բարձրանալ Երիտասարդական ու այնտեղից դեպի Մաշտոց ու շարունակ։ Շատ սիրուն էր, բժշկականի երեխեքը անգամ առաջին օգնության պարագաներ էին հետները բերել՝  խալաթներով ու բարձր տրամարդությամբ։ Բոլորիս մեջ ներքին մի վտանգի ձայն կար, մտնում էինք ամեն պատահած դեղատուն ու դիմակներ, ջուր, դեղեր գնում։ Փողոցները փակ էին, մեքենա չկար, ամեն կողմից խմբեր էին գալիս ու միանում ուսանողներին, հետո բացում էինք ուղիղ եթերը՝ մարդկանց տարբեր խմբեր քայլերթ էին անում։ [Սոնա Մնացականյան] Ինձ համար էս օրը վերականգնելը ցավոտ ա․ ոչ թե որովհետև մանրամասները չեմ հիշում, այլ որովհետև հիմա էլ, երբ վերադառնում եմ ապրիլի 23-ին, զրկված լինելու զգացողությունս ա վերադառնում։ Կարծես էդ օրը Հայաստանում եղածները մի ինտիմ բան են կիսում, որին ես երբեք հաղորդակից լինել չեմ կարող։ Աչքերս դեռ չբացած՝ ձեռքերս հեռախոսն են փնտրում։ Երևանն ապրում ա կյանքը ութ ժամ առաջ․ Երևանի կյանքը վազում ա, ես չեմ հասցնում հետևից, Երևանի օդը զրնգում ա, ես արձագանքն եմ լսում։ Դեսուդենից իրար ձեն են տվել ընկերներս․ Գեմոն գրել ա՝ քաղաքը լիքն ա, տեղ չկա, Վահրամը՝ ուսանողներիս հետ Պուշկինն ենք փակում, Քրիստը թե՝ էսա կգամ, Կարենը շարժման համար իր հորինած հերթական լոգոն ու կարգախոսը չաթում կիսվելուց հետո Կասկադով իջել ա՝ միանալու համազգային «դաշտային աշխատանքներին», Ալինան հասել ա Բարեկամություն, Աննան Իլիկում ա, Մերին՝ դեռ Զորիկի ճամփին սպասող։ Մենակ ես եմ արթուն տանը․ վաշինգտոնյան էս եռահարկ սիրունիկ տունը լուր ա տալիս ցանկացած շարժման մասին, քանի որ հատակը ճռռան փայտից ա։ Մի ժամի չափ էլ եմ մնում պառկած՝ նայելով ֆեյսբուքյան պատիս հայտնվող բոլոր նկարներն ու լայվերը, կարդալով հումորային, վերլուծական ու ամեն տեսակ ստատուսները։ Կարծես թե երեկվա օրն ա կրկնվում։ [Գոհարիկ Տիգրանյան] Լուր ստացանք, որ շուտով Արարատենց բաց են թողելու։ Օդում տարօրինակ դրական ոգի էր պտտվում։ Բայց, ընկերներ, մենք անգամ դրանից էինք վախենում։ Արփին, Սոնան ու ես որոշեցինք նախաճաշել ու գնալ տեսնել՝ ինչ փողոց կա փակելու։ Կարմիր գլխարկից դուրս եկանք, շրջակա տարածքները մաքրելուց հետո նորից Բրյուսովի մոտ հայտնվեցինք։ Իրականում՝ փակելու ոչինչ չկար, հանգիստ կանգնած էինք փողոցում, երբ լիբանանահայ ընկերս՝ Րաֆֆին գրեց ու եկավ ինձ տեսնելու, ինքն էլ փակեց փողոցը կես ժամով, վերջում մոտեցավ ինձ ու ժպիտով ասաց․ «That’s the spirit, thanks»։ Մեքենաներով մեզ խմորեղեն, ուտելիք, ջուր ու հյութ էին մոտեցնում, հետն էլ նեղանում էին, որ չէինք վերցնում։ 12-ի, թե 1-ի կողմերն էր՝ Արարատենց բաց էին թողել, իսկ քաղաքը վերջանականապես պարալիզացված էր։ [Արմեն Գալջյան] Սպասեցինք մի փոքր, և լուր հասավ, որ Բաբլոյանը գնացել է խուց և սկսվել են բանակցությունները։ Դա իմանալու պես միացրեցինք Նիկոլի ֆբ էջի ուղիղ եթերը, և Լենան սկսեց ունեցած ողջ ինֆորմացիան փոխանցել ժողովրդին։ Հետո լուր ստացանք, որ քիչ անց ազատ են արձակվելու առաջնորդները։ Դա մի փոքր հանգստացրեց մեզ և որոշեցինք մի կտոր հաց ուտել մոտակայքում, որի ընթացքում ազատ արձակման լուրը պաշտոնապես հաստատվեց, և մենք շտապեցինք դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ իսկական տոն էր, բայց պետք էր սթափվել և հասկանալ՝ ինչ է պետք անել, որովհետև Նիկոլը Սերժի հրաժարականի համար երկու ժամ էր տվել իշխանություններին, և եթե այդ պահանջը չկատարվեր՝ պետք էր հստակ գործողություն ծրագրեինք։ [Միքայել Նահապետյան] Բոլոր ռադիոներով, համակարգիչներով լուրեր է միացված։ Մի տաքսու մոտ մարդիկ են հավաքված, «Ազատության» Կառլենի ձայնն է հնչում. «Եվ ահա, ընդամենը վայրկյաններ առաջ ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը...»։Քաղաքը գոռում է, ճչում։ Մարդիկ լացում են։ Վազում եմ Հրապարակ։ [Աստղիկ Մելքոնյան] Մաշտոցի պողոտայով ենք քայլում ու մեկ էլ մեքենայի վրա Ալեն Սիմոնյանին ենք տեսնում՝ գոռում է, թե Նիկոլին բաց են թողել։ Ահա և պահը, Սերժի հրաժարականը ժամերի, եթե ոչ րոպեների, հարց է։ Ու չնայած այդքանը շատ լավ եմ հասկանում, պատկերացնել մի տեսակ չեմ կարողանում. մի՞թե… [Վահան Կոստանյան] Գրկեցի պուճուր զարմիկիս, շնորհակալություն հայտնեցի եղբորս ընտանիքին ինձ հյուրընկալելու համար ու իջա հրապարակ: Ընթացքում արդեն լուր ստացա, որ պատգամավորներին ազատ են արձակում ու ՍՍ-ն հրաժարական է տալու: Հրապարակում մարդկանց կուտակումները մեծ էին ու միայն հեռվից կարողացա տեսնել, թե ինչպես իրենք եկան: Որոշեցի Կողբացու գրասենյակ գնալ ու սպասել մյուսներին: [Միքայել Նահապետյան] Սեդան տեսախցիկը պահել է վրաս, հարցաքննում է։ Տեսնում եմ ընդառաջ եկող Արարատ Միրզոյանին։ Փաթաթվում ենք, ասում եմ՝ «Ո՞նց ես, ցավդ տանե՛մ», ականջիս ասում է «Կրեցինք ապեր, էրկու ժամից հրաժարական ա տալիս»։ [Գոհարիկ Տիգրանյան] Կանգնեցինք, փակեցինք փողոցը, բայց անգամ մեքենա չկար, որտեղ էլ կար, ապահովում էր երաժշտական ուրախ տրամադրությունը։ Որոշեցինք տեղափոխվել այլ վայր, քայլեցինք Կասկադ․ «է, բայց փակ ա», բժշկական՝ նորից նույնը, հասանք Մաշտոցի պուրակի մոտ՝ Մանոն, Նարեկը, Սոնան ու ես։ Առաջարկեցի այգում մի փոքր հանգստանալ, արդեն ժամը 14-ի կողմերն էր։ [Արմեն Գալջյան] Գնացինք ՔՊ գրասենյակ, որտեղ վարչությունը մտավ նիստերի համար նախատեսված սենյակ, և սկսվեց ՔՊ վարչության հերթական նիստը։ [Սոնա Մնացականյան] Զգույշ քայլերով գնում եմ լողանալու, հետ եմ գալիս սենյակ ու նորից կպնում հեռախոսիս․ Ալինան գրել ա՝ Սոն, պատրաստի մազերդ, հրաժարականի լուրի հաստատմանն ենք սպասում։ Էդքան էլ չեմ հավատում, որովհետև էս ընթացքում մի անգամ չի, որ ամեն փոքր ու մեծ շրջադարձից հետո պահանջել են մազերս կամ խնդրել խնայել։ Ես սկսում եմ մազերս չորացնել, սա առնվազն 20 րոպեի գործ ա։ [Գոհարիկ Տիգրանյան] Մի ժամից հետո որոշեցինք գնալ ՊիտՍտոպ՝ հաց ուտելու՝ 15․00-ն էր։ Մանոն մի պահ դուրս եկավ ու 15․20 եկավ։ Այդ ընթացքում ասում էին ՍՍ-ի մայրը վատառողջ ա ու հիվանդանոցում (շատ վատ բան եմ ասելու, բայց ուրախացել էինք։ Այո, չի կարելի)։- Գոհարիկ, կգաս մի հատ դուրս։Դուրս եկանք։- Մերոնք (ՀԱԿ-ի ժողովուրդը) ասում են, որ ՍՍ-ի ախպերը լքում ա ԱԳՆ-ն։- Հը՞, այսինքն։- Ասում են, որ մարդամեկը հրաժարական ա տալու։- Սպասի, մի րոպե։- Ճշտի մի հատ ձերոնցից։- Լավ, հիմա։Վերցնում եմ հեռախոսը ու գրում Վահանին․ «Վահա՞ն»։«Այո՞»։«Ճի՞շտ ա էն, ինչ հիմա խոսում են»։«8-ին արի Հրապարակ, կիմանաս»։Անկեղծ ասած վիրավորական էր, հարցիս պատասխանը մաքսիմում ոչինչ չասող էր, կատաղեցի․«Վատ ես, հենց հիմա ասա՝ ճիշտ ա, մենակ հա կամ չէ ասա»։Գրեց․«Հա»։15․35-40 Պիտստոպի աստիճանների վրա փաթաթվեցի Մանոյին ու սկսեցի գոռալ։ Կողքներս որևէ մեկը բան չէր հասկանում, հարցրին՝ ինչ է եղել, ասաց․ «Պրծանք, գնում ա»։ Լացում էի ու գոռում։ [Աշոտ Խաչատրյան] Այս օրվա մասին շատ բան չկա ասելու: Առավոտից էլ ոչ մի բանի չէի մասնակցում, պարզապես շրջում էի քաղաքում, բազմում էի նստարաններին ու վայելում էի այդ պահին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքի արտակարգ մթնոլորտը: Հայաստանում իմ կյանքի օրոք երբեք նման փոխօգնության, բարության ու սոլիդարության մթնոլորտ չէր եղել: Մաշտոց-Թումանյան խաչմերուկում կանգնած էի, երբ ծանոթ աղջիկներ մոտեցան և հարցրեցին, թե ճի՞շտ է, որ հրաժարական է տվել: Առանց կասկածի, միանգամից, ասացի, որ հաստատ սուտ է: Օրվա ընթացքում շատ էր ապատեղեկատվություն տարածվել, մտածեցի, որ սա էլ սուտ կլինի: Իրականում, պարզապես չէի ուզում, որ ճիշտ լիներ, չէի ուզում, որ էս օրերն ավարտվեն, կյանքս առանց այդ ամենի այլևս չէի պատկերացնում: [Վահան Կոստանյան] Լիքը ընկերներ հավաքված էին գրասենյակի մոտ, շշուկներ էին պտտվում՝ ինչ պիտի լինի, մի մասս միայն գիտեինք սպասվող հրաժարակի մասին:Ներսում կանգնած էինք, երբ Նիկոլն ուրախ-ուրախ դուրս եկավ միջանցք ու կարդաց հրաժարականի տեքստը: Չէինք գիտակցում, թե ինչ էր կատարվում, օդը կանգնել էր ու մի վայրկյան անց պայթեց բոլորիս ձայներից: [Արմեն Գալջյան] Մենք մի քանի հոգով շենքի մուտքի մոտ էինք, երբ նիստի սենյակից լսվեց բարձր ձայներ, վազելով ներս մտանք, և բոլորը գոռում են՝ «ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ա տվել», ու Նիկոլը սկսում ա հեռախոսով կարդալ հրաժարականի տեքստը, բայց բոլորը սթափվում են, և գնում ենք հրապարակ՝ ժողովրդի մոտ, որտեղ ուղղակի ֆանտաստիկ մթնոլորտ էր։ [Վահան Կոստանյան] Հոգեխանգարման մեջ էի, չէի գիտակցում, թե ինչ ա կատարվում, դուրս եկա ու ոտքերս անկախ ինձնից տարան հրապարակ: Միայն հիշում եմ, որ Վարագի պապան մոտեցավ ինձ ու ասեց, որ Վարագը դեռ Եղվարդում է ու բաց չեն թողել: Վստահ էի՝ շուտով բաց կթողեն: [Աշոտ Խաչատրյան] Ստուգելու համար մտա ֆեյսբուք` ֆեյսբուքը գոռում էր: Մի 5 րոպե շշմած կանգնելուց հետո մոտ 2 ժամ ճանապարհային երթևեկությունն էի կարգավորում, վախենում էի, որ մարդ կզոհվի ու մեր տոնը կփչանա: [Արմեն Գալջյան] Մինչև հասնում ենք հարթակի մոտ, տասը րոպե տևում է, բոլորը ուզում են ձեռքով կպնել և համբուրել Նիկոլին։ Մի բան պարզ էր արդեն՝ հաղթանակն այլևս անշրջելի է։ Երեկոյան սկսվեցին բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվե։ [Գոհարիկ Տիգրանյան] Երեխեքը դուրս եկան, մինչև հասանք Մաշտոց-Պուշկին, բոլորը արդեն գիտեին։ Սասի մոտ տեսա հորեղբորս ու Արփիին, ես ու Արփին գրկել էինք իրար ու լացում էինք, արցունքները հոսում էին, մի սերունդ, որ «կորցրել էր իր երիտասարդությունը», հաղթել էր մեռած ժամանակին։Հորեղբորս աչքերը ուռած էին, գրկեց ինձ ու հուզվեցինք միասին։ Հետո նորից, իրար գրկում էինք, բոլորս բոլորին, անընդհատ կողքի մարդկանց, ու սկսվեց ցերեկային հրավառություն, սկզբում վեր թռա, հետո հասկացա՝ տոն է։ [Գարեգին Միսկարյան] Կենտրոնում թե՛ հեռախոսակապ չկա, թե՛ առավել ևս ինտերնետ։ Մինչև Սևակի հետ կհանդիպեինք, մեքենաների ազդանշաններից հասկացա, որ մի բան կատարվել է, ու էդ մի բանը Սերժի հրաժարականն էր։ [Աստղիկ Մելքոնյան] Դեպի Օպերա ենք բարձրանում, դիմացիցս մի քանի ոստիկաններ են քայլում. մի տեսակ թեթևացած ու հանգիստ են: Հարցնում եմ՝ հը՞ն, վե՞րջ, տո՞ւն: Ժպտում են՝ հա՜: Զանգում եմ ոստիկան եղբորս, ասում է, որ իրենց էլ են տուն ուղարկում: Նստում ենք օպերայի մոտ ու նայում երթերին։ Ում ասես չեմ տեսնում. նախկին մերձհանրապետականների, անտիՆիկոլականների, երեկվա թերահավատների… Բոլորն այսօրվա ակտիվիստներ են։ Պողոսյան Քրիստինեն է անցնում, ում, ի դեպ, քաղմասից դուրս գալուց անմիջապես հետո հիշել էի։ Ողջագուրվում ենք որպես խցի հարևաններ ու շնորհավորում իրար։ Չգիտեմ էլ, թե ոնց եմ ընկերներիցս բաժանվում, քույրս է զանգում ու ականջիս մեջ ճչում է. հրաժարական տվեց… Ծիծաղում ու ուրախանում ենք, հրաժեշտ տալիս ու հեռախոսն անջատում։ [Գարեգին Միսկարյան] Սևակի հետ որոշեցինք էլ էդ տեղը չգնալ։ Շարժվեցինք Օպերայի կողմ։ Բոլորի մոտ քեֆ-ուրախություն, մեքենաները կանգնած, երաժշտությունը զլած գինի ու շամպայն են հյուրասիրում միմյանց։Էն որ ասում են մարդկային տոն, ես դա եմ հիշում։ [Միքայել Նահապետյան] Քայլում ենք Ամիրյանով, չեմ հավատում, որ էս մարդիկ ու էս ուրախությունն իրական է։ Կյանքում էդպիսի բան տեսած ու ապրած չկայի։Շտապ օգնության մեքենա է կանգնած, ինչ-որ մեկը մայթին պառկած է։ Մոտենում եմ` Հայրապետյան Մխիթարն է։ Գարիկը հարցնում է՝ էս ի՞նչ ա էղել, ասում եմ` ուրախությունից ուշքը գնացել ա, հանկարծ չհաջողվեր` 20 տարի դատվելու էր։ [Սոնա Մնացականյան] Հանկարծ ամբողջ տունը դղրդացնող քայլեր ու բարձր ձայն եմ լսում։ Անջատում եմ ֆենը, ոտնաձայները արդեն մարում են առաջին հարկում, իսկ հեռախոսս ծնգծնգում ա․ մեսիջներ են գալիս։ Բացում եմ ու թվում ա՝ շամպայնների տրաքտրաքոցն եմ լսում․ շնորհավորում ու իրար են կանչում ընկերներս։ Ավելի ուշ կիմանամ, որ Գեմոն լացել ա երեխու պես, Վահրամը կկրկնի, որ դա իր կյանքի ամենաաուրախ օրն ա եղել, համարյա երկրորդ ծնունդ, քուրս կասի, որ իրեն թվում էր, թե պատերազմ ա ավարտվել, Կարենը կավելացնի, որ կարծես օդը էնդորֆիններով էր ծփում, ու բոլորը երջանկությունից գժվելուց հինգ էին պակաս։ [Աստղիկ Մելքոնյան] Շշմած եմ, չնայած սպասում էի այս պահին։ Շուրջս բոլորը ցնծում են, իսկ ես դատարկություն եմ զգում, կարծես՝ կյանքիս մեծագույն նպատակը ինձնից խլած լինեն։ Օֆելին՝ ֆրանսուհի ընկերուհիս , ով, ի դեպ, ապրիլի 13-ին էլ ինձ հետ էր, զանգում է ու ասում, որ մոտենում է այնտեղ, ուր ես եմ։ Սպասում եմ էմոցիաների ու մեկ էլ զգում եմ խեղդող արցունքներս՝ երեխայի պես լաց եմ լինում։ Բոլորը տարօրինակորեն վրաս են նայում։ Լսում եմ Օֆելիի ձայնը՝ Astghik Jan, you did it! you won! Իսկապես որ… Պատմում է, որ ծնողները Ֆրանսիայից եկել են Հայաստանը տեսնելու, նույնիսկ ցույցերին են մասնակցել։ Պարզվում է՝ մայրիկի ծնունդն է, ինձ հրավիրում է նշելու երկու առիթն էլ։ Հրաժարվում եմ, իրեն էլ հրաժեշտ եմ տալիս։ [Սոնա Մնացականյան] Ես մի քանի րոպե ապուշացած կանգնած եմ։ Մեկ էլ մայրենիս ա զանգում․ ինչ Ամերիկայում եմ, սա մորս առաջին զանգն ա։ Իմ մասին լուրերը քրոջս միջնորդությամբ են հասել իրեն։ Ինչու՞ չէինք խոսում էդ օրերին․ հիմա որ մտածում եմ, ենթադրում եմ, որ պատճառը կանգնած ժամանակի զգացողությունն էր․ թվում էր՝ մի երկա՜ր, անվերջանալի օրվա մեջ ենք ապրում, որտեղ մեկի ներկայությունը կամ բացակայությունը ակնհայտ դարձավ հենց էդ պահին։ Մաման դաշտում էր, ելակն էր քաղհանում ու ամեն 15-20 րոպեն մեկ վերադառնում էր ծառի մոտ ու լայվին հետևում։ Մաման հպարտությամբ ա նշում սա, որովհետև հենց էս օրերին ինքնիրեն ա սովորել ինտերնետում իրեն անհրաժեշտ լուրերն ու լայվերը պեղելը։ [Գոհարիկ Տիգրանյան] Մարդիկ պարում էին, լացում, ժպտում, գրկվում, գոռում, մարդիկ ուղղակի  ուրախ էին։ Մանոյին տեսա Ամիրյանի վրա, վազեցի ու լացելով գրկեցի, հետո նկատեցինք, որ նկարվել ենք (հիմա նկարը Հոդված3-ի պատին է)։ Կատակում էին ընկերներս՝ ՀԱԿ-ականն ու ՔՊ համակիրը ընկերներ են, բայց մեր նման շատ ընկերներ կային ու կան՝ ընկերությունն էլ վեր է կուսակցական պատկանելիությունից։Հասանք հրապարակը, տոն էր, Մարիոթի դիմաց Քրիստին տեսա, գրկվեցինք, լացեցինք։ [Սոնա Մնացականյան] Քրիսն ա դուռը թակում, որ գնանք սուրճ խմելու։ Ես անհավանական լուրն եմ հայտնում, բայց ինձ թվում ա՝ իմ անգլերենն ա պատճառը, որ Քրիսը չի ցնծում։ Հետո Ալինան կպատմի, որ ինքը չգիտեր՝ ոնց էդ օրը թարգմանելի դարձնի Ջերըմիի համար, ասում ա՝ տաս տարվա պատմություն էլ պատմեիր, համաշխարհային պատմության մեջ էլ դնեիր չէր թարգմանվում, թե էս ազգի մոտ հիմա ինչ ա կատարվում։ Իջնում ենք խոհանոց, ու հասկանում եմ քիչ առաջվա դղրդոցի պատճառը․ Գարունը ընդամենը մի քանի անգամ այցելած իր հայրենիքին պատած ուրախությունից կորցրել ա իր տեղը իր սեփական տան մեջ։ Մի քանի ժամ ա, ինչ ես ու Գարունը ճանաչում ենք իրար, բայց էս պահին ինքն ա ինձ ամենահարազատը, իմ անգլերենը թարգմանում ա էմոցիաներս։ Քրիսն ու Ջուլիան մի տեսակ հետքաշված ու զուսպ մեր այլայլված հուզմունքն են կարծես զննում։ [Վահան Կոստանյան] Մարիոթի աստիճանների մոտ պայմանավորվել էի հանդիպել Գոհարիկին: Քրիստն էր էնտեղ, գրկեցինք իրար՝ ասելով, որ իզուր չէին տարիներ շարունակ արած բոլոր դասընթացները երիտասարդների համար: Երբ եկավ հեղափոխական դեսանտը՝ Գոհարիկը, էլ հույզերը կառավարել անհնար էր: Մենք ապրեցինք հեղափոխությունը բոլոր էն հիասթափություններից, ծեծերից, ջրցաններից, նվաստացումներից, թևաթափ օրերից հետո: [Աստղիկ Մելքոնյան] Գոհարիկին եմ տեսնում, իրար պինդ գրկում ենք ու շնորհավորում: Անչափ ուրախ եմ, որ այս օրը այստեղ է ու ոչ Կիևում. գիտեմ, թե իր համար ինչքան կարևոր իրադարձություն է։ Պատմում է երեկվա դեպքերից, թե իրեն ինչքան մոտ է նռնակը պայթել ու ծխից իմ տված դիմակով է պաշտպանվել: Իրեն բարի թռիչք եմ մաղթում ու բաժանվում ենք: [Միքայել Նահապետյան] Եվ ահա, «կյանք ջոկող» ու մեզ «կյանք սովորեցնող» բճերի բազմանշանակ հայացքների առաջ անցնում ենք որպես տրիումֆատորներ, անցնում ենք մեր կանխորոշած ճանապարհով, անցնում ենք դեպի նոր փուլ` պետական շինարարության կատաղի պատերազմի փուլ, որտեղ բարեկամներ չունենք: [Գոհարիկ Տիգրանյան] Ութին սկսվեց հանրահավաքը՝ Նիկոլը խոսում էր ու ոչինչ չէր լսվում։ Որոշեցինք գնալ Էլենի արվեստանոց՝ տոնելու բան կար։Մարիից ու Լուսինեից նամակ ստացա․«Շնորհավոր, փաստորեն խմում ենք արա, շուտ արի, սոված ենք մնում, հաց սարքող չկա։ Օդանավակայանից Կիև տոմսդ առել ենք, կգանք կդիմավորենք»։ [Արմեն Գալջյան] Ուշ երեկոյան ՔՊ օֆիս եկավ Լևոն Բարսեղյանը՝ իր մշտական սև շորերով, ոտքը գցեց ոտքին և մոտավորապես սենց մի բան ասաց․ «պետք ա սրանց մինչև վերջ գազ տալ, որ հանկարծ խաղեր չտան», ու նաև մի քանի բան ասաց ապագայի վերաբերյալ։ [Վահան Կոստանյան] Ամսի 23-ն էր: Ճակատագրի բերումով տոմսը դեպի Կիև գնել էինք հենց ամսի 23-ի համար: Մավռը արել էր իր գործը, մավռը կարող էր հեռանալ ու թողնել հեղափոխության հետ մենակ: [Արմեն Գալջյան] Ընկերներիս մի մասը ցնծության մեջ էր և որոշեցին գնալ նշելու մոտակա փաբերից մեկում։ Ես մի 10 րոպե մնացի, դեռ նշելու տրամադրություն չունեի, որովհետև վստահ էի, որ դեռ ԿԿ֊-ն փորձելու ա պահել իշխանությունը։ [Աշոտ Խաչատրյան] Տոն էր, իհարկե, բայց բավականին տխուր էի, էս երջանիկ օրերին դատարկ օրերն էին հաջորդելու: Բոլորս ասում էինք, որ փողոցները փակ են, բայց փողոցները իրականում բաց և ազատ էին: Մեր կյանքի ամենաազատ փողոցներն ու ամենաերջանիկ օրերը: [Աստղիկ Մելքոնյան] Հերթով ընկերներս են զանգում ու կանչում են խմելու, տոնելու։ Հրաժարվում եմ. պատահական մարդկանց հետ փողոցում մի քանի բաժակ արդեն խմել եմ, դրանից լավ տոնե՞լ։ Ինձ հանկարծակի այնքան հոգնած եմ զգում… Բոլորը տոնում են, իսկ ես տուն եմ ուզում՝ երկար ու հանգիստ քնել եմ ուզում, չնայած՝ նման հույզերի դեպքում քնել դժվար թե շուտ ստացվի։ Ոչինչ, միևնույն է՝ վաղն աշխատանքային չէ։ Մի րոպե, ի՞նչ, աշխատա՞նք… [Սոնա Մնացականյան] Հետո Գարունն ու Ջուլիան գնում են աշխատանքի, ես ու Քրիսը՝ գինի խմելու։ Ճամփին Քրիսը բողոքում ա Ամերիկայի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունից, ու ես իրեն ասում եմ՝ էդքան մի՛ հուսահատվի, տե՛ս, մենք էլ տարիներով չէինք հավատում, չէինք հաջողում, բայց վերջապես կարողացանք․․․․․ ասում եմ ու անդրադառնում, որ ես՝ հայաստանցիս, քայլում եմ Վաշինգտոնում՝ էս երկրներ սարքող ու քանդող երկրի սրտում, ու հուսադրում եմ ամերիկացուն ավելի հզորի դիրքից․ էս կարող ա՞ երազ ա․․․ [Գոհարիկ Տիգրանյան] Ժամը 24,00-ն էր որոշեցի գնալ տուն, հաջորդ օրը թռիչքս էր, մաման դուռը բացեց, գրկեց․ «Շնորհավոր մեռնեմ ջանիդ, դուք արեցիք էս հեղափոխությունը, հպարտանում եմ քեզնով»։ Իմ տոնը՝ ինչպես բոլոր կյանքիս տոները, տևեց կարճ, ես գիշերը քնելու հետ որևէ երեկույթ չէի փոխի։ Արթնացել էի մի իրավիճակում, քնեցի՝ մեկ այլ․․․․ Հայտնի երգի բառերը եկան միտքս․ «Լուսաբացն է շուտով փարվելու աշխարհին, գարունը դառնալու է իր տեղը շուտով, այս խութերն էլ անցած քայլելու ենք կրկին, մեր հանդարտ լուսավոր ժպիտով», իմ բաժին ժպիտը եկավ դեմքիս ու աչքերս փակեցի։ [Վահան Կոստանյան] Երեկոյան Դիվանբաշին թնդում էր, ընկերները անկախ իրենց կամքից գալիս ու գալիս էին, վերջապես հասցրինք մի քանի րոպեով առանձնանալ Արարատի հետ, տեսել էր նախոդ օվա գրառումս, սովորության համաձայն լուռ հասկացանք իրար: Կյանքիս ամենաազատ գիշերն էր, որ մինչ այդ ունեցել էի:
19:53 - 23 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 23] Գլուխը չկա, հիդրան գործում է

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 23] Գլուխը չկա, հիդրան գործում է

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 22] Բանակցությունների պայմանավորվածություն < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Գարեգին Միսկարյան] Երեկ բերման ենթարկեցին Դավիթին, Արմենին և Լևոնին։ Ռեժիմը դրանով թերևս փորձում էր մի կողմից ճնշում գործադրել Փաշինյանի վրա, մյուս կողմից Նիկոլին ցույց տալ, որ իրենք պատրաստ են «կառուցողական» երկխոսության ու պատրաստ են դրա համար ճանապարհից հեռացնել հավանական «խոչընդոտներին»։ [Գոհարիկ Տիգրանյան] Իմ այսօրվա տեսածը ոչինչ էր, և ոչինչ կլիներ, եթե կողքիս կանգնած երեխաների ձայները չլսեի, ու 1 տարի հետո անգամ մամայիս կոկորդը սեղմող արցունքները չլինեին, բայց, այո՜, 2018թվ. ապրիլի 22-ը ոչինչ է և ոչինչ է ի համեմատություն 2004-ի և 2008-ի: [Միքայել Նահապետյան] Վահանն ընդհատակում է, զանգում եմ` ճշտում, որ ապահով տեղում է։ Զանգում եմ Պետրոսյան Դավոյին` չկա, բայց ճշտում եմ, թե ուր է։ Արմենն ու Սանասարյանը ՁՊՎ-ում են։ Ոստիկանության ցուցակի ամբողջանալուն պակասում են Արոն ու Նիկոլը։ Խաշն ուտում եմ առանց սխտորի, առանց օղու։ Հայրս ասում է չես խմու՞մ, ասում եմ` չէ, զգոնությունս կթուլանա։ Միացնում եմ ուղիղ եթերը, սկսվում են բանակցությունները։ [Սաթենիկ Խաչատրյան] Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպման օրն է: Զարթնել եմ էն մտածմունքներով, որ հանդիպելու են ու վերջ՝ հրաժարականի տեքստն ենք լսելու: Մտածում եմ՝ ինչ հագնեմ, կարծես հաղթանակի օրը նշելու պատրաստվեի: Այդպես էլ չկողմնորոշվեցի, հագա «հեղափոխության շորերս», ստուգեցի ուսապարկիս պարունակությունն ու դուրս եկա: [Գոհարիկ Տիգրանյան] Տրամադրությունս բարձր էր, սկսել էի մտածել, որ բանակցությունները ստացվելու են: Հերթական սուրճս ու պաշարս վերցրի ու ,տաքսի կանչելով, դուրս եկա տանից: Հասա հրապարակ, Մարիոթում էին արդեն, ծանոթներիս բարևեցի, բայց ուղիղ հեռարձակումը չէր բացում ու հետևել չկարողացա։ [Միքայել Նահապետյան] Սերժը լավ չի պատկերացնում,թե տասնյակ ժուրնալիստների ներկայությամբ որքան կարող են երկխոսել։ Դե իհարկե. օպերատիվ մշակումների, խարդավանքների այդ վարպետը` «դիգին Րիդայի» ամուսինը ապշահար է, որ ինչ-որ «փսլնքոտներ» կարող են իրեն քարշ տալ հանրային քաղաքականության դաշտ։ Սերժի մերանը չորանում է։ Երկուսն էլ եկել են ասելու նախապես ծրագրվածը։ Ոչ մի բան տեղում չի հորինվում։ Խաշոտ լավաշը մոտեցնում եմ բերանիս, ու ծերուկն արդեն բաց տեքստով է կրկնում նախորդ օրվա սպառնալիքը. «Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»։ Սառում է խաշը, սեղանի շուրջ նստածների աչքերը։ Լավաշը հետ եմ դնում ափսեի մեջ, լվացվում, հագնվում։ Մայրս ուր որ է ուշագնաց կլինի։ Ամուր գրկում եմ, պաչում, խոստանում, որ վաղն ամեն ինչ վերջացած կլինի։ Հիմա, առիթից օգտվելով, ուզում եմ երախտագիտությունս հայտնել մեր ծնողներին` իմ, ընկերներիս... Վահանի, Դավոյի, Սուրոյի, նրանց ում անունները չեմ տալիս... որ մեզ չեն սովորեցրել կյանքում հաջողելու սաքուլիկական բանաձևը, որ մեզ հետ մեռել են ու մեզ հետ պայքարել, որ դեղերով վախ են հաղթահարել։ Իմ ծնողներին, որ մի երեխա են ունեցել ու համակերպվել հանրության հետ կիսելու մտքին։ Որովհետև մեր ծնողները մտածել են, որ ավելի լավ է կուչ գանք նռնակների տակ` քան կռանանք մեզ անհաջողակ ապուշի կանխավարկածով նայող սաքուլիկների բազմանշանակ ժպիտների առաջ։ [Թագուհի Ղազարյան] Առավոտյան ուշ եմ արթնանում, միացնում եմ լայվը ու անսպասելի հայտնվում Սերժ Սագսյան-Նիկոլ Փաշինյան բանակցություններին: Մեկուկես րոպե տևած բանակցություններից հետո խղճի խայթ զգալով դուրս եմ գալիս տանից՝ հեղափոխության: «Այս նախագծի ընդունումը ունի և՛ պետական, և՛ մասնավոր նշանակություն:1. Նախ մենք վերահաստատում ենք պետության դերը՝ որպես քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական իրավուքնների, ազատությունների և ժողովրդավարական արժքեների պաշտպան ու երաշխավոր:2. Մենք քայլ ենք անում հանրային համերաշխության հաստատման, պետություն-քաղաքացի վստահության վերականգնման ուղղությամբ և այս վերաբերմունքով տուժածներին և ընտանիքներին հանգստություն ձեռք բերելու ու հոգսերը մեղմելու հնարավորություն ենք տալիս»,-ասում է Լենա Նազարյանը մարտի 1-ի տուժողների մասին նախագծի քննարկման ժամանակ՝ ուղիղ մեկ տարի անց այն հայտարարությունից, թե մենք մարտի 1-ից դասեր չենք քաղել: [Գոհարիկ Տիգրանյան] Տրդատին տեսա, Նիկոլը դուրս էր եկել, բանակցություն փաստացի չէր եղել, փոխարենը ՍՍ-ն այդ օրը իր «մահախոսականն» էր ասել՝ խաղաղ լեռներին սպառնալով մարտի 1-ով։ [Դանիել Իոաննիսյան] Բանակցությունների ընթացքը պարզ էր դեռևս նախքան դրանց սկսվելը: Բանակցություններում թե՜ Նիկոլը և թե՜ Սերժը հասան իրենց ուզածին: Սերժը ցույց տվեց, որ ձերբակալելուց առաջ փորձեց անել ամենը, իսկ Նիկոլը հանրության աչքերում հաղթող դուրս եկավ: [Սաթենիկ Խաչատրյան] Գնում եմ Մարիոթի մոտ ու մինչ կհասնեի,ուղիղ եթերով հետևում էի հանդիպմանը։ Հասա՝ արդեն Սերժը գնացել էր: Մարիոթի մոտ խուճապ էր, Սևակին հանդիպեցի, ասում եմ՝ բա հետո ինչ ենք անելու, ասում ա՝ ինչ պիտի անենք, շարունակում ենք: [Աշոտ Խաչատրյան] Մինչև հասնում եմ Հրապարակ, բանակցություններն ավարտված են լինում, ես էլ լայվը չէի նայել: Մոտենում եմ տեղում կանգնածներին՝ Մամյան Սևակին, Խաչատրյան Սաթենիկին ու Սիմոնյան Ալենին, հարցնում եմ՝ «Հը՞ն, նորմալ խոսա՞ց»: Հրճված դեմքերով կանգնած են՝ «Խզարել ա»: Իմ համար անսպասելի էր, մտածում էի՝ կընկճվի: Շատ ուրախացա: [Գարեգին Միսկարյան] Նիկոլի ու Սերժի հանդիպմանը սպասում էի մի տեսակ սրտի դողով. նախ, որ հանկարծ հանդիպումը փակ չգնա, երկրորդ, որ Նիկոլը չգնա «կոմպրոմիսի»։ Ի պատիվ Նիկոլի ոչ առաջինը եղավ, ոչ երկրորդը։ Բանակցություններն ավելի քան իմ սրտով էին։ [Գոհարիկ Տիգրանյան] Նիկոլը լարված էր, ասաց, որ պայքարը շարունակվում է։ Հիշում եմ Թագուհու գրառումը․ «Ում-ում, բայց Նիկոլին մարտի 1-ից դասեր չքաղելու մեջ մեղադրել պետք չի»։ [Սաթենիկ Խաչատրյան] Նիկոլը դուրս եկավ, հայտարարեց, որ ինչպես նախորդ օրը հայտարարվել է, այսօր երթով շարժվում ենք Էրեբունի համայնք: Միացանք երթին, ընթացքում, ինչպես նախորդող օրերին, Ինֆոքոմով ինֆորմացիա ենք տարածում: Ճանապարհից զանգում եմ տնեցիներին՝ հասկանալու համար՝ ինչ ա կատարվում Արցախի փողոցի կողմերը, մարդիկ դուրս են եկել, թե չէ: Վախ կա սրտումս, դե մեր թաղերը մի քիչ կրիմինալ են))  [Թագուհի Ղազարյան] Թիայից ուղիղ եթերով հետևում եմ, թե ինչպես է երթը ուղևորվում Էրեբունի, որտեղ մեր կալանավորված ընկերներն են: [Գոհարիկ Տիգրանյան] Գնում էինք Էրեբունի, նախորդ օրը ակտիվին այստեղ նեղել էին։ Մեզ էին միանում ընտանիքներով, երեխաներ՝ մանկասայլակներով, հայրիկներ՝ իրենց երեխաներին ուսերին դրած, գրադարանից ծանոթ երիտասարդներն իրենց ընկերներով, բայց ես մենակ էի էլի, ընկերներիս մի մասը քնած էր, մյուսը՝ նոր պատրաստվում էր, որ գար։ Գոռում էինք․ «Միացեք», բայց մարդիկ, մեզ պիոների տեղ դրած, ձեռքով էին անում, մի մասն ասում էր երեկոյան գալու ենք։ Մեզ շարքերի համալրում էր պետք, մենք 7%-ի կռիվ էինք տալիս։ Սկզբում Տրդատի հետ էի, Մխիթարն էլ կար, հետո կորցրինք իրար։ Արևոտ օր էր, անգամ շոգ էր։ Հասնում էինք Էրեբունի՝ «Վստերչի մոստ» ասված վայրը, ու պատուհաններից քամահրանք էր թափվում, նեղող միջավայր էր, այդ մարդիկ համոզված էին, որ իրենց երեխաների հետ քայլերթ անող ծնողները հերթական արկածախնդիրներ էին։ Կցանկանայի իմանալ, թե հետո այդ մարդիկ՝ հենց իրենք, դարձա՞ն արկածախնդիր։ [Սաթենիկ Խաչատրյան] Վստրեչի կամուրջն անցանք, Սևակի հետ որոշեցինք առաջ ընկնել, գնալ մի կտոր հաց ուտել տանը ու դուրս գալ: [Գոհարիկ Տիգրանյան] Հասանք Էրեբունի տանող խաչմերուկ ու շատ կտրուկ կանգ եղավ, ինձ թվաց՝ Էրեբունու «թաղային հեղինակությունները» կարմիր գորգ էին փռում մեր առաջ և բացում իրենց տիրույթների սահմանները։ Հանգիստ կանգնած էինք՝ շուրջ կես րոպե լռություն էր, ու կրակոց՝ առաջին պահին ինձ թվաց, թե կարմիր գորգը կրակեց, իսկ հետո ծուխ։ [Սաթենիկ Խաչատրյան] Արագ մտանք տուն, մինչ ես սուրճ կդնեի, լսվեց առաջին պայթյունի ձայնը ու իմ ճչոցը: Սևակը դուրս վազեց, ես դիմակներն ու ակնոցները վերցրեցի ու հետևից դուրս եկա: [Աշոտ Խաչատրյան] Հսկայական երթ էր ու ամեն վայրկյան մեծանում էր, բայց երբ հասանք ոստիկանական պատնեշին, պատգամավորներին տարան ու մի քանի նռնակ նետեցին, երթից մի 100-200 հոգի մնաց: [Գոհարիկ Տիգրանյան] Այս անգամ կանգնած չէի, քայլում էի առաջ, կրակոց ու ծուխ, իրար հետևից գըփմ ու ծուխ, մարդիկ սկզբում սկսեցին արագ առաջ գնալ, բայց մանկասայլակների, բարձրահասակ երեխաների դիմաց հատուկ ջոկատայիններ էին բերել, իսկ դուք ասում եք․ «Ոստիկանը մերն է»։ [Դանիել Իոաննիսյան] Քրիստն ինձ զանգեց ու լացակումած ասաց, որ Նիկոլին, Արարատին ու Սասունին ձերբակալել են, լուսաձայնային նռնակներ են կիրառում: Վարկյաններ անց նույնը ասեց տեղում աշխատող կոլեգաս: Իմ համար դա լրիվ սպասելի նորություն էր, բայց ես չգիտեի, թե ինչ անել: Մոտս «ստուպըռ» էր: [Թագուհի Ղազարյան] Պայթյունների պահին մտածում եմ՝ տեսնես լսո՞ւմ են կալանավորված ընկերներս, ի՞նչ են զգում հիմա, ի՞նչ են մտածում, անհանգի՞ստ են, տագնապա՞ծ: [Գոհարիկ Տիգրանյան] Բոլոր կողմերում գոռոց էր, ականջներս խցանվեցին, լսվեց․ «Նիկոլենց տարան»։ Շարժը սկսեց կանգնել, ուսապարկս առաջ էի բերում, որ դիմակ հանեի, բայց ձեռքերս չէին ենթարկվում (ուժեղ դող էր), մի պահը թողեցի ամենը, որ սկսեմ շնչել (անգամ թունավոր թվացող օդը կարող էր օգնել), բայց թունավոր էր ոչ թե օդը, այլ հատուկ ջոկատայինների վերաբերմունքը՝ վահաններին հարվածելով գալիս էին որսի։ [Սաթենիկ Խաչատրյան] Երկաթուղայիններ փողոցը խուճապի մեջ էր, մարդիկ կային` առաջին անգամ էին մասնակցում ցույցի: Հասանք փողոցի ծերը՝ Արցախ - Էրեբունի խաչմերուկ, մերոնց եմ ման գալիս չկան: Նորից պայթյուն... ու բոլորը վազում են մեր փողոց. նեղ ծակուծուկեր ունեցող փողոց ա: Սկսեցին մարդկանց բռնել: [Գոհարիկ Տիգրանյան] Հետ էինք գնում, երբ մի տղամարդ տեսա՝ երեխայի ձեռքը բռնած քայլում էր դեպի առաջ եկող հատուկ ջոկատայինները ու գոռում․ «Դե կրակեք, կրակեք, սպանեք երեխուս։ Ես երեխա դեռ կունենամ, բայց դուք սաղ կյանքում հագնիստ չեք ունենա»։ Տղաները եկան, այդ տղամարդուն տարան մի կողմ։ Ամեն վայրկյանը վտանգի մեջ թաթախված էր։ [Սաթենիկ Խաչատրյան] Հարևանի բակով դուրս եկա Արցախի փողոցի վերևի հատված, որ ընկերներիս բերենք էս կողմ: Անցանք, բոլորս տեղում ենք, բացի քրոջիցս: Սևակը պատի վրայից նայում ա, ասում ա՝ էն ա, Արամի հետ կարմիր բերետների վրա ա գոռում: Հետո պարզվեց, որ մարդ էր վատացել ու շտապ օգնությանը չէի թողում գար: [Գոհարիկ Տիգրանյան] Վահանից անընդհատ նամակ էի ստանում․ «Տուն գնա, խնդրում եմ, ապահով չի, տուն գնա»։Առաջին անգամ գրեցի․ «Եթե մեռնել, ուրեմն ստեղ ու էս մարդկանց հետ»։ Արփին գրում էր․ «Գի՞ժ ես, տուն գնա»։ Սոնան․ «Գոգ, Էրեբունի ես», «Գոգ», «Գոհարիկ գրի»։ Չեմ պատասխանել այս տեսակ նամակներին ու ընդհանրապես նամակներին չեմ պատասխանել։ Հիշում եմ՝ կանգնածս տեղից ինձ պոկեց Տրդատը՝ վրաս գոռալով․ «Հետ գնա Գոհարիկ, հետ գնա»։ Թևս բռնեց ու հրեց, հատուկ ջոկատայինները կանգնեցին, Ավինյանը սկսեց ժողովրդի մեջ գոռալ․ «Գնում ենք հրապարակ ժողովուրդ, քայլեք»։ Հետ գնալիս մի աղջիկ վատացավ, քայլողները պատուհանից նայողներից մեկից ջուր ուզեցին, պատուհանը փակեց մարդկանց վրա, իսկ մյուս մասը ծիծաղում էր։ Մարդիկ գոռում էին․ «Ամոթ ա, ինչ եք բերաններդ բացել», «բամբակ գցեք», «դուք մա՞րդ եք»։ Ինձ հասավ Մանոն, քնից արթնացել ու զանգել էր, ձայնս լսելով, տանից դուրս թռել, տեսա ու գրկեցի, փրկությունս էր։ [Միքայել Նահապետյան] Մինչև հասնում եմ Կենտրոն, ոստիկանությունը ցուցակը լրացնում է` Նիկոլ, Արարատ,Սասուն...։ [Աշոտ Խաչատրյան] Շատ սպասելի քայլ էր, Սերժը վերջին անգամ ատամ էր ցույց տալիս, եթե մարդիկ վախենային ու նույն թափով չշարունակեին անհնազանությունը, կմտածեր, որ բռնությունն աշխատում ա ու կճնշեր շարժումը: [Գոհարիկ Տիգրանյան] Հասել էինք վերևում նշված կամուրջին, մի բան այն չէր, հիշեցի, որ մաման չի զանգել։ Հանեցի հեռախոսը, բաց թողնված զանգ չկար, զարմացա ու ինքս զանգեցի։ Զանգը գնում էր, բայց վերցնող չկար, երկար սպասելուց հետո հեռախոսը վերցրեց հորեղբորս կինը։ - Հա՞ս, մաման ու՞ր ա։ Պատասխանեց․- Սիրտը վատ ա, դեղ եմ տվել, չի կարող խոսել։ Հանգստանա՝ կզանգի։ Քո հետ ամեն ինչ նորմա՞լ ա։ Կիսախզված ձայնով ասացի․- Լավ եմ, մամային ասա՝ ամեն ինչ լավ ա։ Ի պատասխան․- Հոպարդ գալիս ա մոտդ, մոտից տեղ չգնաս։ (Ու ինձ համար կանացի ուժեղության մարմնացումին ու նախատիպին՝ մորս, հոգեպես ընկճել էին, բայց անգամ այս իրավիճակում նա ինձ թևաթափ չէր անում, ու իր խնդրով ինձ որևէ բանից հետ չէր պահում): 10 րոպե հետ հեռախոսս զանգեց՝ մայրս էր։- Նուն ջա՞ն։ (Մաման ինձ նյունյա է ասում՝ լեհերեն «բալես» բառն է)։- Հա ջան։ Հեռախոսը այն կողմում լռություն էր․․․ հետո․- Լավ եք բալե՞ս։ Նիկոլենց տարան հա՞։- Լավ ենք մամ, խնդրում եմ հանգիստ, մեզնից հեշտ չեն պրծնի։ - Լավ բալես, հոպարդ գալիս ա։ Զանգի ավարտ։ [Թագուհի Ղազարյան] Տարբեր ընկերներ են գրում, թե հիմա ի՞նչ ենք անելու, ո՞ւր հավաքվենք, բա հաջորդ գործողություննե՞րը, հարթակը հավաքել են:Մինչև փորձ կարվի մտածել, թե ինչ է պետք անել, մարզերում ու Երևանի ծայրամաերում երթերն ու ակցիաները բազմապատիկ ծավալով շարունակվում են: Էլ ոչինչ անել պետք չէ: Ավելին, նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար է այլ բան անել: Քաղաքացիներն ինքնակազմակերպվել են և առանց առաջնորդների: 11:41- էջում կիսվում եմ ուղիղ եթերով, որտեղ երթը բախվում է ոստիկանների հետ: [Աշոտ Խաչատրյան] Երթի հետ Էրեբունիից Կենտրոն շարժվելու ճանապարհին զանգեցի բոլոր հնարավոր ծանոթներիս ու խնդրեցի դուրս գալ՝ լինել-չլինելու հարց էր: Երթը նորից մեծացավ ճանապարհին, մարդկանց մոտ այլևս պատուհաններից լուռ հետևել չէր ստացվում: [Թագուհի Ղազարյան] 11:44-« Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարել են, բայց արդեն ուշ է, որովհետև ժողովուրդը գիտի, թե ինչ պետք է անել»,-գրում եմ էջում: [Գոհարիկ Տիգրանյան] Հոգևորականներ էին եկել ու քայլերթի սկզբնամասով գնում էին։ Անկեղծ ասած մեկ էր, կներեք, բայց իրոք մեկ էր, կես կատակ ասում էի․ «Եկել են, որ մեր վրա կրակեն, միանգամից խնկարեն»։ Հիմա ասում եմ՝ նրանք էլ էին փորձում ոստիկանների համար զսպող ուժ լինել։ Երևան քաղաքի շուրջ մի անգամ պտտվելուց հետո՝ Փեթակի մոտ հանդիպեցի վաղեմի ընկերներիցս մեկին՝ Երեմին, պարզվեց Էջմիածնից կռիվներով ու ոտքով հասել էին քաղաք (Երեմին գիտեմ 2013 թվ․-ից, երբ 18 տարեկանում առաջին անգամ դուրս եկա Ազատության հրապարակ)։ [Թագուհի Ղազարյան] 12:04- «19:00 Հանրապետության հրապարակ»: [Գոհարիկ Տիգրանյան] Կրկեսի մոտ հանդիպեցի հորեղբորս, ով միացավ պայքարին։ Սկսեցինք միասին քայլել, զգում էի, որ պլան չկա, բայց քայլում էի։ Վահանին գրեցի, պլան կա, ասաց, որ հստակ չի։ Մի լրագրող մոտեցավ, ով անգլերեն խոսող քաղաքացի էր փնտրում, չգիտեմ ոնց փորձեցի ասել, թե ինչ է կատարվում, հարցրեց չեք հանձնվում, ասացի․«NO WAY»։ [Թագուհի Ղազարյան] 12:27-«Գրողները փակում են գրողների անուններով փողոցները»։ [Աշոտ Խաչատրյան] Շարժումը, կարծես, գլխատված էր, բայց իրականությունն այն էր, որ շարժումը գլուխ չուներ, կամ էլ շարժումը Լերնեյական հիդրա էր, ու ինչքան գլուխ կտրվեր, կրկնակի աճելու էր: Կենտրոն հասնելուն պես հասկանում եմ, որ մենք միակ մեծ երթը չենք, ու որ քաղաքում բազմահազարանոց մի քանի երթ կա: [Գարեգին Միսկարյան] Նիկոլին, Սասունին, Արարատին ձերբակալելուց հետո, ես սպասում էի Լենայի, Ալենի, Վահանի, ու էլի մի քանի հոգու ձերբակալության ևս։ Որից հետո կամ պիտի պարետային ժամ մտցնեին, կամ սկսեին մեզ որսալ, որովհետև այն, ինչ մենք էինք պլանավորել նման սցենարի դեպքում, իրենց համար շատ մեծ անակնկալ էր լինելու։ Լավ էր, որ չգնացին այդ ճանապարհով և ամեն ինչ ավելի սահուն անցավ, քան կարող էր լինել։ [Թագուհի Ղազարյան] 12:28-Շներով քայլերթ [Դանիել Իոաննիսյան] Ինձ հետ այդ օրը շրջում էր ուկրաինացի մի շատ լավ լրագրող, որի հետ գնում էինք բոլոր թեժ կետերը (չնայած, ոստիկանները մեր ներկայությունից այլևս չէին քաշվում): Միաժամանակ տարբեր տեղերից ինֆո էր գալիս, որ բաժիններում երեխաների են խոշտանգում: Մի ձեռքով քշում էի, մյուս ձեռքով նամակներ էի գրում տարբեր դեսպաններին, տեղեկացնում իրավիճակի մասին ու բացատրում, որ թեժացնողը իշխանությունն է: [Թագուհի Ղազարյան] 13:04- Ժողովուրդ, մենք բոլորս գիտակցում ենք չէ՞, որ հիմա մեր՝ փողոցում գտնվելուց է կախված Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Սանասարյանի, Արարատ Միրզոյանի, Արմեն Գրիգորյանի, Սասուն Միքայելյանի հետագա ճակատագիրը։ Մենք բոլորս հիշում ենք չէ՞ ինքնակազմակերպման բոլոր մեխանիզմները։ Դե ուրեմն՝ #քայլարա #մերժիրսերժին 14:25- Պաչյանին բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժանմունք։ Քրիսին նամակ եմ գրել, որ հենց արթնանա, գրի, կեսօրից հետո գրում է. «Չեմ կարծեր թէ ի վիճակի եմ տեղէս ելլալու»: Գրում եմ, որ քաղաքում ահավոր լարված իրավիճակ է, պայթյուններ են, Նիկոլին, Սասունին ու Արարատին են բերման ենթարկել, չեմ կարծում, թե ինքս կարող եմ ճեղք գտնել ու տուն վերադառնալ: Գումարի հարցը դեռ լուծված չէ, համար է տալիս և գրում. «Զանգէ իրեն. Քաղաք է», «Դրամ կուտայ քեզի», «Կը ներես աւելի չեմ կրնար ընել»:«Դու ինձ կներես, Քրիս», ասում եմ ու անլուծելի երկընտրանքի առջև կանգնածի պես հուսահատվում: ԹիԱյում Արմենի համակարգիչն են ֆորմատ անում, հայտարարության, բուկլետների և այլ տեքստերը թափում են աղբաման և այրում պատշգամբում: Ասում եմ՝ բա որ հիմա գան ասեն՝ ի՞նչ է այրվում: Պատշգամբում կանգնած եմ, մի անծանոթ է գալիս. թե որտեղի՞ց կարող էր անծանոթ հայտնվել այստեղ, պարզապես ես ոչ բոլոր աշխատակիցներին եմ ճանաչում, հարցնում է՝ էս ի՞նչ է այրվում: Հեչ, ասում եմ, ես եմ ծխախոտս առանց հանգցնել գցել աղբամանի մեջ: [Սոնա Մնացականյան] Միչիգանում ժամը 5։30 ա, իսկ Հայաստանն արդեն իր հետկեսօրի մեջ ա։ Ես դեռ անկողնուց վեր չեմ կացել, բայց կարծես օրս մի ահագին ապրված ա։ Արդեն երկու ժամ կա, որ Նիկոլին, Արարատին ու Սասունին բռնել են, չաթում առաջարկ կա գրողներով ինչ-որ հայտարարություն գրել, տարածել։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ոնց ա եղել, հանդիպումը կայացել ա՞, թե՞ չէ․ լուր չեմ գտնում, չաթում եմ խնդրում, որ պարզաբանեն։ Մերին խորհուրդ ա տալիս, որ Telegram քաշենք ու բացենք infocom, ինչպես նաև firechat-ի մասին ա հայտնում, որ օգնում ա կապ հաստատել մոտակա մարդկանց հետ, եթե ինտերնետը կորի։ Մտածում եմ՝ այսինքն վիճակն էնքան կրիտիկական ա, որ կարող են կապի մեջ արհեստական խնդիրներ ստեղծել, դրա համար են այլ տարբերակներ որոնում։ Էլիզը հանդիպման լինքն ա ուղարկում։ Վերմակի տակ լսում եմ ու եզրակացնում, որ սպառնալիքը իրական էր․ առաջնորդներին տարել են, հաջորդ քայլը կլինի երկրորդ մարտի 1 անելը։ Բայց ընկերներիս տրամադրվածությունը շատ մարտական ա թվում։ Քրոջս եմ գրում, ասում ա՝ բոլորս կատաղած ենք ու շուտով դուրս ենք գալու, նույնիսկ մինչև հիմա չմիացողներն են միանում։ Թագուհին ա գրում, ասում ա՝ եթե գաս ու արդեն ՀՔԾ-ում լինեմ, իմացի, որ քեզ սիրում եմ, հերթով բռնում են նախաձեռնողներին։ Իմ՝ Թագուհու հանդեպ սիրո արտահայտման ձևը եղել ու մնում ա ինքնապաշտպանական բնազդի մասին իրեն հիշեցնելը։ Ասում եմ՝ աշխատի չբռնվես։ [Սաթենիկ Խաչատրյան] Գնացինք տուն, պատրաստվեցինք ու դուրս եկանք: Գնում ենք ՆՓԱԿ, գաղտնի քննարկում անելու: Դուռը փակ ա, մեկ-մեկ ենք մտնում, հեռախոսները անջատում, թողում ենք վերևի հարկում ու իջնում ներքև: 30-40 հոգի կլինեինք, քննարկվում էր հետագա անելիքները, չէր կարելի թողնել, որ շարժումը մարի: Մինչև հանրահավաքը ժամ չի մնացել, հարթակում մարդ չկա, բոլորը կա՛մ բռնված են, կա՛մ թաքնված: Աշխատանքային խմբեր են ստեղծվում, կապի միջոց ա ընտրվում տելեգրամն ու բաժանվում ենք: [Աշոտ Խաչատրյան] Փողոցում ինձ համար այլևս անելիք չէր մնացել, քայլեցի դեպի ՆՓԱԿ, որտեղ քննարկում կար: Ճանապարհին բոլոր ոստիկաններին ժպիտով բարի ծառայություն էի մաղթում, նույն կերպ ժպիտով շնորհակալություն էին հայտնում, արդեն իրենք էլ կասկած չունեին արդյունքի վրա: ՆՓԱԿ-ում մոտ 100 հոգի էր հավաքված: Քաղաքացիական օրթոդոքսալ ակտիվիստներն էին, փողոցային պայքարի տիտանները: Բայց ինչքան հմուտ էին իրենք փողոցում, այնքան անիմաստ էր իրենց քննարկումը: [Սաթենիկ Խաչատրյան] Էդ քննարկման մասնակիցներիս թվում էր, որ վերջ, փաղոցում մարդ չկա էլ, մարդիկ վախեցած են, շարժումը փրկել ա պետք: Քայլում ենք Խանջյանի կողմ ու տեսնում Արշակունյացից եկող երթ, սկսում ենք գոռալ, միանում ենք երթին, քայլում ենք, Սայաթ-Նովա խաչմերուկից մեզ ա միանում մի ուրիշ երթ: Որոշում ենք, որ մենք փողոցում անելիք չունենք ու մի 20 հոգով գնում Ֆոկուս: Ընկերներիցս Գայանեն ա զանգում ու ասում, որ Գոռին՝ ընկերոջը բերման են ենթարկել: Սևակը զանգում ա Գոռին ու, որպես փորձառու բերման ենթարկված, խորհուրդ տալիս անունը չասել ու պահանջել իրավական հիմք: Նախապես ասեմ, որ սրանից մի 2 օր առաջ էլ նույն խորհուրդն ինձ էր տվել: [Սոնա Մնացականյան] Ասյան էլ ա արթնանում, միասին ենք կարդում լուրերը, նայում լայվերը ու փոխանցում իրար մեր ընկերների, ընտանիքի փոխանցածը։ Մինչև ես անկողնուց վեր կկենամ, Հայաստանում դեպքերը զարգանում են գլխապտույտ արագությամբ։ Մերին գրում ա, որ Զորիկին են բռնել (սկզբում բոլորը համոզված էին, որ երեք ժամից բաց կթողնեն, բայց Զորիկին մի ամբողջ օր պահեցին), չաթում թեժ գծի, փաստաբանների հեռախոսհամարներ ու տվյալ իրավիճակում վարվելակերպի կանոններ են հայտնվում։ Հետո Արամին են բերման ենթարկում։ Ես արդեն վախենում եմ հեռախոսիս ամեն ծկլթոցից, մտածում եմ՝ բացեմ, պիտի հերթական բերման ենթարկվածի անունը կարդամ։ [Թագուհի Ղազարյան] Համակարգիչն արդեն պատրաստ է, նստում եմ աշխատանքի ու միանգամից տեսնում, որ Պաչյանին են բերման ենթարկել, անմիջապես այդ մասին հայտնում եմ Քրիսին ու խիղճս հանգիստ նստում, որովհետև գիտեմ՝ որքան էլ որ ցույց չտա, իր համար էլ ընկերներն ամեն բանից կարևոր են, և հիմա հաստատ ամեն ինչ մոռացած գնալու է տեսնի, թե Արամը որ բաժնում է: Առաջիկա մի քանի ժամը չեմ մտահոգվի իր համար: [Աշոտ Խաչատրյան] Հետո մի մասս գնացինք մեր ընկերներից մեկի ՀԿ-ի գրասենյակ: Շատ ուրախ մթնոլորտ էր, չնայած, որ մտավախություն կար, որ մեր հետևից էլ կգան: [Միքայել Նահապետյան] Ինֆոքոմի տելեգրամը պայթում է դիտումներից` րոպեում 40 բաժանորդ է ավելանում։ Մերոնք Չարենցի վրա փակվել են բնակարանում ու 10 հոգով լրահոսն են ֆիլտրում։ Հասնում եմ էնտեղ, մի քիչ մնում, հետո հասկանում ենք, որ հեռախոսների էս կուտակումը լավ բան չի հուշի մեր ԱԱԾ-ին ու ցրվում ենք։ [Սաթենիկ Խաչատրյան] Էդ օրը Ֆոկուսում անցկացրածս մի քանի ժամը երևի կյանքիս ամենաարդյունավետ օրերից մեկն ա եղել: Լրիվ ՀԵՂԿՈՄ էր, մի սենյակում տեքստ էին գրում, մի կողմում տեքստի տարածման համար դիզայն էր արվում: Խոհանոցում ամենաթեժն էր. ինֆորմացիոն հոսքերն էինք ապահովում: Ոչ մեկ չգիտեր, որ Ինֆոքոմի ադմինները իրանց կողքը նստած էին, ծանոթներից իմացած ինչ որ լուր, ու դա տարածվում էր, հետո որպես հաստատում ասում էին՝ արա, ճիշտ եմ ասում, հեսա ինֆոքոմն էլ ա դրել ))) Մի քանիսը բացահայտեցին ու սկսվեց տարածումը: Ես էլ` իբր կողքից մարդ, ֆեյսբուքում ստատուս եմ գրում. «Հեղափոխությունը ստիպեց իմանալ Telegram-ն ինչ ա: infocom էջը թույն աշխատում ա, միացեք»: [Գարեգին Միսկարյան] Փողոցը փակողների պակաս չկար, ոստիկանությունից վախեցող չկար, անելու բան չէր մնում, քան Սևակին ու Սաթին օգնել լրահոսի հարցում ։ Ինֆոքոմի բաժանորդների թիվն աճում էր ժամ առ ժամ։ Իրադարձությունները շատ արագ էին զարգանում։ Տեղեկատվության անդադար հոսք էր։ Փողոցներ սկսեցին փակել նաև Սպիտակում, Վանաձորում, Գյումրիում, Գորիսում։ Ամեն ինչ գնում էր ավելի հարթ, քան կարելի էր կանխատեսել։ [Սաթենիկ Խաչատրյան] Մի դեպք եղավ, որ էդ օրը հետներս եղած մարդիկ դժվար թե մոռանան: Դե պատկերացրեք`լարվածություն, վախ, ամեն րոպե ձերբակալման վտանգ ու դամաֆոնի զանգ: Քար լռություն ա սենյակներում, վերցնում ենք. - ո՞վ ա,- ԱԱԾ-ից են բացեք: Հմմմ, պատկերացրեք ինչ ա կատարվում: Խառնաշփոթ, «պանիկա» ա սկսվել, ինչ որ քայլեր են առաջարկում, որ չբռնվենք, ամեն մեկը մի անկյուն ա մտնում, չեմ հիշում ով էր, բայց պատուհանից նայում էր՝ տենա կարող ա թռնի, թե չէ: Էդ պահին առաջին բանը, որ արեցի, հեռախոսս պահելն էր, հետո մտա զուգարան, որ թաքնվեմ, տեսնեմ՝ մի քանի հոգի արդեն ընդեղ են: Ու լսվում ա Մարիամի ձայնը. «ժող, Կարենն ա, կատակ էր անում» )))): [Թագուհի Ղազարյան] Արտահերթ #Մերժիրի նիստ ենք անում: Բաժանում ենք ինքներս մեզ օրերի վրա՝ հերթով ձերբակալվելու կանխավարկածով: Ըստ պլանի ես վաղն եմ: Մերոնցից խոսել են հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկի հետ, որի անունը այս պահին չեմ տա՝ իր թույլտվությունունը չունենալու պատճառով, կանչել են հարթակ: Հրաժարվել է՝ մեկնաբանելով, որ դա իր/իրենց գեներացրած շարժումը չէ և քաղաքական բարեվարքությունը թույլ չի տալիս գալ ու առաջնորդել մի շարժում, որի առաջնորդները մեկուսացված են: Այս ամենի կոնտեքստում երեկոյան հարթակ բարձրանալ ցանկացող ընդդիմադիր մեկ այլ գործչի վարքը անհասկանալի է լինելու:Դուրս եմ գալիս փողոց: Փողոցով տարատեսակ երթեր են գալիս մի խաչմերուկից, դուրս գալիս մեկ ուրիշից, մարդիկ ուրախ են, ժպտում են, երգում: Երթերից մեկը Ալեն Սիմոնյանն է առաջնորդում: Բախտներս բերել է, մտածում եմ, որ ոչ բոլորիս են բռնել։ [Սաթենիկ Խաչատրյան] Թռուցիկները պատրաստ են, տարածում ենք բոլոր հնարավոր հարթակներով, ու մի մասը դուրս ա գալիս երթի, մենք մնում ենք ինֆորմացիա տարածելու համար: [Գոհարիկ Տիգրանյան] Երկրորդ անգամ պտտվելուց հետո հայտնի դարձավ, որ Արարատը և Սասուն Միքայելյանը պահվում էին Շենգավիթի բաժնում, գնացինք էնտեղ (ինձ միացել էին Էլենը, Նարեկը, էլի մարդիկ կային կարծեմ)։ Երևան մոլի մոտից էլ տեղ չկար գնալու, էլ մեծ մեքենաները, էլ մարդիկ, շատ էինք, ես կյանքում այսքան մարդ չէի տեսել։ Սա էր հեղափոխության հաջողության ամենամեծ գրավականը, ՀՀ քաղաքացին իր ՀՀ-ում՝ մարզերում ու Երևանում, անտարբերությանը հաղթել ու դուրս էր եկել։ [Միքայել Նահապետյան] Զանգ եմ ստանում` հաղորդում են, որ ոստիկանությունը ժամը 5-ին կոլեգիայի նիստ է հրավիրել։ Սա կարող է նշանակել երկու բան. կամ, որ ավելի հավանական է, Սերժին են հանձնելու, կամ` արտակարգ դրություն։ [Սոնա Մնացականյան] Ծովինարն ա գրում, ասում ա՝ նամակ եմ պատրաստել, որ դիմենք միջազգային ակադեմիական հանրությանը, բայց ինչ-ինչ բաներ ճշտելու, հավելելու կարիք կա, արի հանդիպենք։ Ես ու Ծովինարը հանդիպում ենք հյուրանոցի նախասրահում, գնում ենք մի սրճարան՝ նամակի վրա աշխատելու։ Հիմնական տեքստը կա, որոշ բաներ էլ ես եմ ավելացնում, որոշ բաներ չգիտեմ, զանգում եմ Թագուհուն, ասում ա։ Ծովինարն ուղարկում ա տեքստը կարծեմ լոնդոնաբնակ մի գիտնականի, որ վերջին շտկումներն անի։ Հայաստանից Արփին զրահամեքենաների վիդեո ա ուղարկում, հետո ասում ա՝ որտեղ ես դու, տուն գնա․ չգիտի, որ Ամերիկայում եմ։ Ես սա ուղարկում եմ ընկերներիս, որ փողոցներում են, ասում են՝ սա երեկվա ա ու հատուկ խուճապ ստեղծելու համար են տարածում ընդամենը։ Փաստորեն հեռվում գտնվողն ու Հայաստանում տանը նստած մարդը գրեթե նույն վիճակում են։ [Թագուհի Ղազարյան] Հայրս է եկել: Ուզում է ինձ տեսնի: Հայրս ընդհանրապես անտարբեր է քաղաքական պրոցեսների նկատմամբ, ավելի ճիշտ՝ միշտ դժգոհ դիտողի դերում է եղել: Եվ այնուամենայնիվ ես շատ անհասկանալի չեմ իր համար: Երկար ժամանակ է ուղիղ իրար աչքերի նայելով ուղիղ խնդիրներից չենք խոսել: Սրճում ենք: «Գուցե դադարեցնե՞ք»,-հարցնում է: «Հիմա նույնիսկ մեծ ցանկության դեպքում դա անհնար է»,-ասում եմ: «Մեր երկրին հիմա ցնցում պետք է՞ որ», ասում է, «սահմանին լարված է լսել եմ»: «Պապ, իսկ միգուցե դու պարզապես վախենում ես, որ ի՞նձ էլ կնստեցնեն»: Լռում ենք: «Եթե հիմա էս ամենը վերջանա, իմ նստելու հավանականությունը ավելի մեծ է: Զուր ես անհանգստանում»: «Չէ»,-արդարանում է,-«ինձ թվում էր, որ իրենք արդեն իրենց բաժին դասը քաղել են, գուցե Կարեն Կարապետյանին տան ու սկսեն ավելի աչալուրջ լինել»: «Ոչ ոք այլևս երբեք երկիրը որևէ մեկին չի տալու: Էդ պատմությունը վերջացել է, պապ, ու խնդրում եմ, էսպիսի պահին էդպիսի տեքստեր չասես, չափազանց շատ եմ հոգնած նման բաների մասին մտածել-խոսելու համար»: Հասնում ենք Հրապարակ: [Դանիել Իոաննիսյան] Հեղափոխության բեկումը եղավ ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ: Բաժնի ներսում համարյա 100 հոգի կար, ում գլխին գործ էին սարքում (այդ թվում Արարատն ու Սասունը), իսկ դրսում մարդկանց թիվն անծայրածիր էր: Ներսում աշխատող փաստաբաններն ասեցին, որ մի քանի տասնյակ փաստաբանի, ինչպես նաև ջրի ու սննդի կարիք կա: Ջուրն ու սնունդը բերեցինք, հոգ չէր: Ինչ-որ բարձրախոս ճարեցի ու հայտարարեցի, որ փաստաբաններ են պետք: Փաստաբանների կարիքի շուխուռը տարածվեց: Րոպեներ անց սկսեցին մոտենալ բացարձակ անծանոթ մարդիկ (մոտ 10 հոգի), ովքեր փաստաբանի վկայական ունեին: Սկսեցինք իրենց բաշխել ըստ ոստիկանության ու քննչականի բաժինների: Իշխանությունները, ի սկզբանե, ուզում էին նույն օրը լուծեին պատգամավորների անձեռնամխելիության հարցը, բայց Շենգավիթի բաժինը պաշարված էր ու անհնար էր պատգամավորներին տանել ԱԺ: Երեկոյան ՀՔԾ-ում որոշեցին կալանավորել Լևոն Բարսեղյանին, ում փաստաբանի հետ ես տարա դատարան: Մտածում էի, որ հնարավոր է, որ մի քանի տարի չտեսնեմ Լևոնին: Հաճելի անակնկալ էր, որ Լևոնի խափանման միջոցի դատը հետաձգվեց հաջորդ օրվա (ամսի 23-ի) ցերեկը, ուր իրեն կալանավորեցին: Արդյունքում, Լևոնը Հայաստանի պատմության ամենակարճ քաղբանտարկյալն էր և «Նուբարաշենի» ամենակարճ «հաճախորդը» (այնտեղ անցկացրեց մոտ 6-ից 8 ժամ): [Գոհարիկ Տիգրանյան] Առավոտից ոչինչ չէի դրել բերանս, հանրահավաքն էլ 7-ին սկսելու էր, ընկերներիս հետ գնացինք հրապարակ հաց ուտելու։ Հորեղբորս խնդրեցի՝ գնա հանգստանա, հոգնել էր, չէի ուզում հյուծվի (իմ ապաքինվելը արագ գործընթաց է, իսկ նրանց՝ չէ, նրանց ես արդեն տանջում էի)։ [Աշոտ Խաչատրյան] Ինձ մոտ մեկ այլ մտավախություն կար: Շարժման գրեթե բոլոր ակտիվ լիդերները ձերբակալված էին ու հարթակը կարող էր ուզուրպացվել: Այդ պատճառով առաջին անգամ գնացինք հարթակի ետնաբեմ, որ եթե ինչ՝ հարթակը հանկարծ սխալ մարդկանցով չգրավվեր: [Թագուհի Ղազարյան] Թեև Հրապարակն ազատ է, բայց հարթակը չկա: Տիգրան Ավինյանին, որ ազատության մեջ եղած թիմակիցներից իր վրա էր ստանձնել հարթակը պահելու պատասխանատվությունը, ՔՊ գրասենյակից դուրս գալու պահին բերման են ենթարկել: Միաժամանակ հարթակ «կառուցելու» հարցերն ենք լուծում ու հարթակը պահողին որոշում: Թարվերդյան Արամը տախտակներ է կրում հարթակի համար: Մենք Ռուբենի հետ ենք խոսում՝ պիտի հարթակը պահես: «Չեմ կարողանա»,-ասում է Ռուբենը,-«Թող ուրիշը անի»: «Ուրիշը չկա, Ռուբեն, ուրիշը դու ես»: «Չէ, չեմ կարող», «Կարո՛ղ ես», «Չի ստացվի», «Կստացվի՛», «Կբռնեն», «Կբռնեն, ուրիշը կգա, էսօր դո՛ւ ես»: Մինչդեռ մենք քննարկում ենք, հարթակը արդեն պատրաստ է ու սպասում է մեկնարկին: Այլևս մտածելու, ծանրութեթև անելու ժամանակ չկա: [Սաթենիկ Խաչատրյան] Գոռի 3 ժամն անցել ա, Գայանեն ա զանգում, լացելով ասում ա, որ մի քանի բաժանմունք ա գնացել ու Գոռի անուն ազգանունով մարդ չկա: Զանգում ենք իրավապաշտպաններին, մի քիչ հետո հետ են զանգում՝ ըտենց մարդ չկա գրանցված, եթե անունը չի ասել, դժվար կգտնենք: [Սոնա Մնացականյան] Վերադառնում ենք հյուրանոց, ես պատրաստվում եմ իմ հաջորդ թռիչքին դեպի Վաշինգտոն ու ափսոսում եմ, որ գոնե մի օր ավել չեմ մնում Էնն-Արբորում․ եթե Հայաստանում չեմ, գոնե ստեղ Ծովինարի հետ կհետևեի զարգացումներին։ [Միքայել Նահապետյան] Նստած ենք։ Արսենն է զանգում, Սուրոյին խնդրում, որ Դավոյին համոզի մնալ ընդհատակում։ Խոսում ենք, շատ դժվար, բայց կարծես համոզում ենք։ Իսկ երեկոյան, երբ Դավոն հարթակ է բարձրանում` մի կաթիլ անգամ չեմ զարմանում։ Դավոն` Դավոն ա։ [Սաթենիկ Խաչատրյան] Ուղիղ եթերով հանրահավաքն ենք նայում, աննկարագրելի զգացողություն էր, մարդիկ պահանջ ունեին ու դուրս էին եկել փողոց պատասխան ստանալու, ավելի մարդաշատ էր նախորդող օրերի համեմատ: Չենք դիմանում գայթակղությանը, տարածում ենք էս հայտարարությունը՝ «Ուշադրություն. բոլոր ոստիկանների համազգեստների վրայից հանված է իրենց նույնականացնող համարները` ինչն օրենքի կոպիտ խախտում է, հարցնելիս էլ չեն ներկայանում....», ու մենք էլ ենք գնում հրապարակ՝ մնացածը դրսից կանենք: [Թագուհի Ղազարյան] Ռուբենը բարձրանում է հարթակ ու սկսում: Մի որոշ ժամանակ մնում եմ տարածքում, բայց Զարուհի Փոստանջյանի՝ հարթակի համար կռիվ տալուց հետո տհաճություն եմ զգում ու քայլում հրապարակին մոտ սրճարան՝ սուրճ խմելու: [Գոհարիկ Տիգրանյան] Հանրահավաքի ընթացքում արդեն շատ էի ցինիկացել, օրվա ավարտն իրենն էր ասում, ու մեկ էլ տիկին Փոստանջյանը որոշեց, որ պիտի հայտնի դառնա (գրողը տանի կարիերիստներից ի սրտե հոգնել էի)։ Կողքիս կանգնած ինչ-որ երիտասարդներ սկսեցին գոռալ․ «Զարուհի, Զարուհի», ուզում էի կռվել, նյարդերի պիկը և օրվա զգացմունքային ֆոնը կազմ պատրաստ էին։ Չէ, պետք չէր քաղաքացիների տանջանքով ձեռք բերվածը ծածկոցի պես քաշել մի ծայրից ու փառքի դափնիներ ստանալ։ Նիկոլի տեղը մեկ պարզ էր, մեկ՝ ոչ։ Հրապարակը պայթում էր, մոտ մարզերից հասել էին Երևան, ժողովուրդը իր բռունցքն էր ցույց տալիս, հաճելի էր, գիտեք։ [Թագուհի Ղազարյան] Մարիան, Զարուհի Բաթոյանի առաջարկով, հարթակից հայտարարում է մասնակցային ևս մեկ ակցիայի՝ «Շերեփ-կաթսայի» մասին:Մի քաղաքացի է մոտենում հարթակին՝ հակառակ կողմից, մի մե՜ծ արկղով, որի մեջ անհասկանալի է, թե ինչ է։ Արկղը բացում է ու աղավնիները սկսում են թռչել երկինք։ «Սրանք խաղաղությա՜ն աղավնիներ են»,-արձանագրում է հարթակից երևի թե անակնկալի եկած Ռուբենը։ [Աշոտ Խաչատրյան] Բարեբախտաբար հիանալի անցավ: Հանրահավաքը նորից նախորդ օրվանից ավելի բազմամարդ էր, իսկ հարթակից հնչող մեսիջները շատ ավելի հասուն էին: Արդեն 3 օր էր՝ մոտս այլևս կասկած չկար, որ հեղափոխությունը կայացած է, ու ես պարզապես վայելում էի ամեն մի րոպեն: Հաջորդ օրն առավոտյան արդեն Սերժի հրաժարականի հոտն էր գալու: [Գոհարիկ Տիգրանյան] Վերջացավ նաև հանրահավաքը, շտապեցի տուն, հոգևոր ու ֆիզիկական ցավի միախառնումից օդ բարձրացած գըմփիկները հաղթեցին ինձ՝ ես բազկաթոռին նստած արտասվում էի, իսկ մաման՝ ոտքերս էր հանգստացնում։ Անհայտ էր, անհայտ էր և մարդկանց թիվը, և իրադարձությունների զարգացումը, և Նիկոլի տեղը․․․ [Սաթենիկ Խաչատրյան] Իրիկունը 9-ի կողմերն ա, Գոռից լուր չկա: Գայանեն ոստիկանական համակարգում աշխատող ծանոթին ա խառնում: Մի քանի հոգով գնում ենք Յանկի փաբ, հաց ենք ուտում ու որոշում գնալ Կարենենց տուն: Դուրս ենք գալիս, Սայաթ-Նովա փողոցում սադրիչներ են, ոստիկաններն էլ իբր ուզում են բերման ենթարկել։Ցուրտ էր ու վտանգավոր էդ ժամին քայլելը։ Մի քանիսս տաքսիով ենք գնում, իսկ Սուրոն ու Յարալյանը որոշում են քայլել (մինչև հասան մի տաս անգամ զանգեցինք))): [Միքայել Նահապետյան] Երեկոյան փողոցներում լուսավորություն չկա, առանց պետհամարանիշի գռուզավիկները հավաքում են բարիկադի վերածվող ցանկացած բան` նստարան, աղբաման... մտածում եմ, որ արտակարգ դրություն են հայտարարելու։ Մի կերպ զանգում ենք Լենային, ասում, որ խիստ պատվիրի գիշերը փողոցներում չմնալ, որ ուղիղ եթերով մեզ հետևողները զանգեն իրենց փողոցում գտնվող բարեկամներին ու փոխանցեն էդ հորդորը։ Սևոն մտածում է, որ դա քիչ է ու ինֆոքոմով ակցիա է նշանակում, որ 23:00 բոլորը տանը լինեն «շերեփ-կաթսա» անելու։ Փողոցներում սկսվում է սադրանքը` հրավառություններ, թանկանոց, առանց համար ջիպեր, մահակներով հայրենասերներ։ Գնում ենք Բոքսի հայաթ` փակվում Կարենենց տանը։ Մթնոլորտը լարված է։ Ես Սերժի պարոդիան եմ անում` մերոնք հրհռում են, մի քիչ թուլանում ենք։ [Սաթենիկ Խաչատրյան] Կարենենց տանն ենք, Միքոն սկսում ա քաղաքական դեմքերի նմանակումների շարքը, Գոռին գտել են, բայց Գայանեն դեռ չի խոսացել հետը՝ անհանգիստ ա։ Հրապարակեցինք կաթսաներն ընդդեմ Սերժ Սարգսյանի ակցիան։ Ֆեյսբուքը ողողվեց ուղիղ եթերներով, բոքսի հայաթը միացավ, մենք հազիվ ենք հասցնում տարածել, ոգևորություն ա։ [Թագուհի Ղազարյան] Երեկոյան մոտավորապես 22:00-23:00-ի սահմաններում ողջ քաղաքում հնչում էր Սերժի վերջին զանգը: [Միքայել Նահապետյան] Ժողովուրդը չքաշեց` բոլորը տանն էին ժամը 23:00-ին։ [Սոնա Մնացականյան] Վաշինգտոնում ինձ դիմավորում ա Քրիսը։ Թռիչքից, որպիսությունից հարցնելուց հետո խոսում ենք Հայաստանից, ինքը հիշում ա իր մասնակցությունը Գեզի պարկի ցույցերին Ստամբուլում։ Ի դեպ, հենց նույն օրը շերեփահարումը մուտք գործեց հեղափոխական առօրյա, որ կիրառված պրակտիկա էր եղել Գեզի պարկում։ Գնում ենք Քրիսի ընկերուհու վարձած բնակարանը, որի տանտիրուհի Գարունը սիրով համաձայնել ա ինձ հյուրընկալել։ [Սաթենիկ Խաչատրյան] Մտածում ենք, որ ոստիկանները գիշերը Սուրոյենց տուն կգնան, համոզում ենք՝ մնա Կարենենց, ասում ա՝ չէ Աննային չեմ տեսել, գնամ տուն, բան էլ չի լինի։ Գոռը դեռ չկա... Գիշերը 1:30 ա դուրս ենք գալիս՝ ես, Սևակը, Տաթևն ու Գայանեն։ Չգիտեմ ցրտից, թե վախից սրթսրթում եմ։ Տաքսին էլ հեռու ա կանգնել, անցնում ենք շենքի դալանով ու «մուրացկանի կերպարով ԱԱԾ աշխատակիցը» հայացքով հետևում ա մեզ։ Լարվածությունից նենց էի սեղմել Սևակի ձեռքը, որ մաշկը վնասվել էր։ Հասանք տուն, Գոռը չկա, վերջապես սպասված զանգը։ Գոռը մեր տան տեղն ա հարցնում։ Վերջինն ա ազատ արձակվում՝ ավելի քան 10 ժամ հետո, քանի որ, հետևելով խորհրդին, անունը չէր ասել))) [Սոնա Մնացականյան] Թե՛ Ջուլիան, թե՛ Գարունը լրագրողներ են, և իրենք էլ են հետևում Հայաստանի իրադարձություններին։ Ծանոթությունից ու կարճ զրույցից հետո գնում եմ իմ սենյակ՝ հանգստանալու։ Բացում եմ ֆեյսբուքը ու տեսնում ընկերներիս ժպտացող դեմքերը՝ մի-մի մինիոն գրկած․ հեղափոխությունն առօրյա է դարձել և ուրեմն՝ տաղտուկը ցրելու փերֆորմանսներ են պետք։
18:22 - 22 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 22] Բանակցությունների պայմանավորվածություն

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 22] Բանակցությունների պայմանավորվածություն

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 21] Մտնում ենք ֆինալ < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ  ԲՈԼՈՐԸ   [Աստղիկ Մելքոնյան] Առավոտյան 7-ին արթնանում եմ ու նայում պատուհանին․ էլի անձրևում է: Որոշում եմ մի 2 ժամ տրամադրել աշխատանքիս. մի ամբողջ շաբաթ գործի չեմ գնացել, աշխատանքային մեյլս ուղղակի պայթում է: Եղբայրս է արթնանում, միասին սրճում ենք: Նախորդ օրը չենք տեսնվել, հետևաբար ավանդաբար գիշերը ժամը 2-ի օրվա քննարկումն առավոտյան ենք անում: Քննարկումն, ինչպես միշտ, ավարտվում է նրա՝ «չէ է, չեք ձգի Աստղ, քիչ եք» արտահայտությամբ ու իմ՝ «դե տեսնենք էլի» պատասխանով, որից հետո գնում է աշխատանքի. ոստիկան է: [Թագուհի Ղազարյան] Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել։ Առավոտը լույսի առաջին նշանների հետ տնից դուրս եմ գալիս ու, քանի որ Բաղրամյան պողոտան զարմանալիորեն և տարակուսելիորեն բաց է, մարդավարի հասնում եմ ԹիԱյ։ Երևի կես ժամ հազիվ լինի, ինչ սկսել եմ աշխատանքս և հանկարծ մեսենջերս՝ ծը՜նգ. «Թագ լավ չեմ», ծը՜նգ. «շատ վատ եմ շատ», ծը՜նգ. «կը խնդրեմ ետ եկուր»։ Երևի մի վայրկյանից էլ քիչ է տևում մտածելս, որ հեղափոխության այս թեժ պահին հեռանալը գուցե դավաճանություն է, մտածելս, որ հեղափոխությանը կողքին այս պահին հարյուր հազարավոր մարդիկ կան, իսկ ընկերոջս կողքին միայն ես կարող եմ լինել։ «Նալլե՜թ», ասում եմ և հեղափոխությանս ու ընկերոջս միջև ընտրում եմ ընկերոջս։ «Գալիս եմ», գրում եմ ու առանց քիչ առաջ բարևածս մարդկանց հրաժեշտ տալու սուրում դեպի տուն։ Բաղրամյան պողոտայով անցնելիս մի վերջին՝ հուսահատ հայացք եմ նետում հետևիցս փշալարերով ծածկվող փողոցին ու հասկանում, որ այլևս պաշարման մեջ եմ։ [Գարեգին Միսկարյան] Գիշերը ֆեյսբուքում հայտարարություն գրեցի, որ վաղը փողոց եմ փակելու ու նշեցի ոստիկանությանը։ Առավոտյան Սուրենի հետ գնացինք Կենտրոնի ոստիկանություն։ Ազատության լրագրողներից մեկը ցանկություն էր հայտնել նկարել իմ ու Սուրենի «հանձնվելը»։ [Գոհարիկ Տիգրանյան] Սա օր էր, երբ ոստիկանական բաժնում հանդիպած լկտի պահվածքին տեսնելու էի դրսում՝ քայլերթի կարգապահությունը հսկելիս ու ժպիտով աչքերիս մեջ նայելիս, երիտասարդների մի մեծ բանակ՝ ոստիկանների միջով խաղաղ անցնելիս։ Երեկոյան կարդացել էի, որ մասիվում ապրող ակտիվ երիտասարդները՝ նաև Ռեստարտի երեխեքը, Գայի արձանից սկսելու էին փողոց փակել։ Նիկոլն էլ հայտարարել էր, որ քայլերթը սկսելու էին 6-րդ մասիվից։ Սկզբում ուզում էի միանգամից գնալ 6-րդ մասիվ, հետո որոշեցի անձրևանոց հագնել ու գնալ փողոց փակելու։ [Աշոտ Խաչատրյան] Շաբաթ օրը որոշում եմ Աջափնյակից սկսել: Փոքր փողոցները շատ հեշտ են ստացվում, միանգամից լիքը ջահելներ են միանում ու անցնում եմ մյուսներին: [Վահան Կոստանյան] Ոստիկանության հայտարարությունը պտտվում ու պտտվում էր հեռուստացույցով, իսկ փողոցները շարունակում էին լցվել ու լցվել։ Մյուս կողմից մեդիադաշտում համատարած փոթորիկը պետք էր վերլուծել, ճիշտ ինֆորմացիան էս պահին կարևոր դեր էր շատ խաղալու մեր հետագա գործողություններում։ Արդեն իսկ պարզ էր, որ որսը սկսած ա։ Արմենին տարան Սեգաֆրեդոյից։ Հերթի մեջ էինք հայտարարության տեքստի մեջ ընդգրկվծներով, բայց տանը նստել չէր ստացվում։ [Գոհարիկ Տիգրանյան] Հասա արձանի մոտ, քիչ էին, ակցիան վարորդներին հորդորելն էր, որ ձայնային ազդանշանով մերժեին Սերժին, բայց ճանապարհ փակել չէր լինում։ Փոխարենը, հետիոտնի համար նախատեսված կանաչ լույսի ընթացքում, փողոցի մի ծայրից մյուսն էինք վազվզում։ Ոստիկանները (նրանց հրեշտակներ են կոչում, և ըստ մեր հյուսած լեգենդների՝ նրանք ամենաբարին էին) լուռ, ժպիտով ու հարգալից կանգնած էին, մեր արածն օրինականի սահմանում էր։ [Թագուհի Ղազարյան] «Քրի՜ս,-֊բացականչում եմ տուն մտնելով ու ու ուրվականի պես գունատ ընկերոջս տեսնելով,-շտապօգնություն կանչե՞մ», «Ջանըմ, օթօն ի՞նչպես պիտի հոս հասնէ»։ Իրավացի է։ Պաշարման մեջ լինելը մտքիցս թռել էր։ «Սուրճ եփէ»։ Սուրճի գավաթը բերում եմ սենյակ ու հետևում անկողնում պառկած ընկերոջս կանոնավոր շնչառությանը, հիմա դարձյալ ես էստեղ եմ՝ իր կողքին, ճիշտ մեկուկես տարի առաջվա պես, երբ վիրահատությունից հետո աչքերը բացել էր, զանգել ինձ ու ջուր էր ուզում։ Ու մինչդեռ ես, ջուրը գնած, կսուրայի հիվանդանոց, պարզվեց՝ ոչ զանգելն է հիշում, ոչ հետս խոսելը, ոչ էլ ջուր ուզելը։Ճիշտ էն ժամանակվա պես, երբ տատիկիս հոգեհանգստի ու ընկերոջս խնամելու միջև ընտրեցի ընկերոջս խնամելը։ Չգիտեմ, թե հիմա փողոցում աղմկող մարդկանցից քանիսն են իրենց ընկերներից ու էլի շատ այլ կարևոր բաներից հրաժարվել էնտեղ լինելու համար։ Գիտեմ պարզապես, որ իրենք շատ են։ Ու սենյակի, տան խոնավ լռությունը դառնում է ճնշող։ [Գարեգին Միսկարյան] Ոստիկանությունում հրաժարվեցին մեզ բերման ենթարկել։ Գնացինք Գնունու փողոցը փակեցինք։ Անընդհատ անձրևում էր։ Սկզբից երկուսով էինք, հետո շուկայի ժողովուրդը միացան։ Կես ժամ-մի ժամից շուկայի մոտի խաչմերուկը փակ էր` աթոռներով, աղբամաններով ու մարդկանցով։ [Աշոտ Խաչատրյան] Էստոնական-Շինարարներ խաչմերուկի մի սև Լադա է արգելակում մեր սարքած բարիկադի առաջ: Միջից 4 հատ սևազգեստ տղա են դուրս գալիս: Ես նստարանի վրայից բարձրանում եմ՝ այդքան սպասված ձեռնամարտի բռնվելու համար, մեկ էլ վարորդը հարցնում ա, թե մեքենան ինչպես կանգնացնի, որ համ ճանապարհը փակվի, համ,եթե պետք լինի, հեշտ կարողանա էվակուատորից փախչել: Բայց ես ավելի շատ էի զարմանալու, երբ տեսնեի, որ իրենցից մեկը էդ թաղերի հայտնի հանրապետական «տասովշիկներից» էր, ում հետ լուրջ վեճ էի ունեցել ընտրություններից մեկի ժամանակ, երբ Աջափնյակում շրջիկ դիտորդ էի: Ինքն էլ ինձ հիշեց ու ծիծաղելով ասաց, որ մտածում էին, թե որտեղ են ինձ դարանակալելու ու ծեծելու: Կյանքում չէի մտածի, որ էս մարդկանց հետ ուս-ուսի ինչ-որ բանի համար կպայքարեմ: [Թագուհի Ղազարյան] Բաղրամյանը, Այգեձորը, Սարյանը, Դեմիրճյանը, բոլոր փողոցները փակ են: Վերևից փակ է Կիևյանը, Կոմիտասը: Բլոկադայի մեջ ենք: Ուտելիք ու ծխախոտ չունենք, սուրճ՝ քիչ: Քրիստիանը չի կարողանում գնալ Կայարան՝ գումար վերցնելու: Հիշում եմ, որ քարտիս վրա գումար կա: Գնում եմ տան կողքի խանութ, խնդրում եմ քարտովս փորձել ստանալ, կոդը մի քանի անգամ հավաքում եմ: Սխալ է: Մտքիցս անդառնալիորեն թռել է: Տան բոլոր անկյուններից տաս ու քսան դրամանոցները հավաքում ենք ուղիղ 380 դրամ: Գնում եմ խանութ. -380 դրամանոց ձեր ամենաթունդ սիգարետտը կտա՞ք: [Գարեգին Միսկարյան] ՊՊԾ մեքենաները եկան, առանց տարբերանշանի համազգեստով, առանց պահանջ ներկայացնելու, առանց ներկայանալու բերման ենթարկեցին, տարան Էրեբունի քաղմաս։ [Աստղիկ Մելքոնյան] Մինչև 11-ը աշխատում եմ ու միացնում եմ Ազատության ուղիղ եթերը. Նիկոլը Նորքում է, Օսիպյանի հետ է վիճում չարտոնված երթերի պատճառով: Որոշում եմ մի չարտոնված երթ էլ ես անեմ հարազատ Աջափնյակում: Զանգում եմ մոտակայքում ապրող ընկերներիս. մեկը քնած է, մեկը Կենտրոնում է, մեկը՝ Նորքում… Էլի նախորդ օրվա ընկերս է գալիս, քայլում ենք դեպի Կայզեր, մի 2 ցուցարար հազիվ ենք գտնում, բայց դե նրանք էլ Կենտրոն են գնում: Մնում ենք էլի 2-ով: Ընկերս էլ լիքը գործ ունի, պիտի անի, քանի արտասահմանցի հաճախորդները չեն բարկացել, ինքն էլ է գնում, մնում եմ մենակ ու շիվար: Հենց էդ պահին ծանոթներիցս մեկն է գրում՝ կարող ա՞ Կվարտալում ես, մեկը կա ձեր կողմերում, որ մարդ ա ման գալիս: Մե ուրախություն ու հրճվանք, որ պատմելու չի: [Թագուհի Ղազարյան] Բաբկենին խնդրում եմ ուտելու բան ու սիգարետ բերել, ամբողջ օրը մեքենայով փորձում է շրջանցել որևէ փողոց ու հասնել մեզ: Անհույս է: Իմանում եմ, որ Արմենին են ձերբակալել: Շանթահար եմ լինում այն հավանական հեռանկարից, որ անցնում է մտքովս: Սցենարը կարող է այնպես զարգանալ, որ Արմենը 10-15 տարի անցկացնի բանտում: Մի կերպ եմ զսպում արցունքներս:-Ես գնամ սուրճ դնեմ,-ասում եմ Քրիստիանին: Սրճեփը գազօջախին դնելուց հետո կծկվում եմ խոհանոցի անկյունում ու սնքրթալով լալիս: Ես, մենք բոլորս Արմենին կյանք ենք պարտք: Արմենին իր կյանքի լավագույն տարիներն ենք պարտք մնալու: Ինձ անսահման անշնորհակալ ու երախտամոռ եմ զգում: Արմենը, ստեղծելով #ՄերժիրՍերժին-ը ու թույլ տալով, որ ես լինեմ նախաձեռնության մի մասը, ինձ կյանքիս ամենապատմական օրերն ապրելու հնարավորությունն է տվել, ինչին ի պատասխան հիմա նա անազատության մեջ է, ես՝ ազատության: Բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ ռեժիմի վերջին զոհը չի: Նախորդ օրվա հայտարարության մեջ ավելի շատ անուններ կային՝ ընկերներս: Նրանք հերթով ձերբակալելու են բոլոր այն ընկերներիս, որ երազեցին այս հեղափոխությունը: [Դանիել Իոաննիսյան] Ամսի 21-ը սկսվեց շարժման ոչ-պատգամավոր առաջնորդների ձերբակալությամբ: ՁՊՎ տեղափոխվեցին Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը և Լևոն Բարսեղյանը: [Աստղիկ Մելքոնյան] Գալիս են 2 աղջիկ ու որոշում ենք «անվերջ ցիկլով» փողոցն անցնել: Սկզբում դժվար է. մարդիկ հավաքվում են թամաշայի, բայց չեն միանում։ Անընդհատ ետ ու առաջ քայլելով ինձ մի տեսակ պոդիումի վրա եմ զգում, չնայած այդ վիճակին արդեն սովոր եմ: Մեկ էլ մի կին մեքենան թեքում ու կանգնում է ուղիղ ճանապարհի մեջտեղում, իսկ մի քանի րոպեից էլ՝ մեկ այլ կին՝ մյուս կողմից: Մի դպրոցական աղջիկ է մեզ միանում, աջուձախ կոչեր է անում, որ միանան, Սերժից չվախենան և այլն, և այլն: [Գոհարիկ Տիգրանյան] Մինչև 12-ը փողոցների վրա էինք, հետո սկսեցինք քայլել դեպի 6-րդ մասիվ։ Ահագին ծանոթ մարդ կար, փողոցը փակված էր, մարդիկ գալիս էին իրենց մեքենաները կանգնեցնում փողոցում ու միանում մեզ, անձրևը որևէ մեկին չէր խանգարում։ Մասիվի բաժնի պետը, որ մեզ սպառնացել էր կանգառից դուրս տեսնելու դեպքում ավելի խիստ պատժել, եկել էր իր ուղղիչ աշխատանքներն անելու։ Մի քանի տասնյակ երիտասարդ հավաքելուց հետո, երբ բաժնի էլ ոչ մի տեղում նստել չէր լինելու, գնացին։Մենք սկսեցինք քայլել, ես տեսնում էի մարդիկ՝ ովքեր անցյալում երբեք չէին միացել որևէ բանի, ես նրանցից շատերին ճանաչում էի։ Շատանում էինք, երեխաներ կային մեր շարքերում, տարբեր տարիքի մարդիկ։ Հայկի արձանի մոտ տեսա ինձ, մեզ վատ վերաբերմունք ցույց տված ոստիկաններից մեկին, նայեցի վրան, դեմքը թեքեց, գնացի հետևից, անկեղծ ասած դեռ բարկացած էի, ունքս վերև հանելով ասացի.- Եկել եք էլի մեզ բռնե՞ք։ Պատասխանեց.- Մենք ձեզ միշտ սատարել ենք։- Հիշու՞մ եք չէ ինձ։- Այո։ Քմծիծաղ տվեցի ու շարունակեցի քայլերթս։ Մենակ էի, ընկերներս չկային, Մանոն միացավ միայն ՊՆ-ի մոտից։ Եվս մի խոստովանության պահ․ այդ օրերին ընկերներիս հետ լինելն ամենամեծ ուժն էր, առանց նրանց կիսատ էի ու անապահով, իրար մեջք էինք ծածկում, լուռ չէինք, ամեն մեկիս ասածի՝ անգամ հիմարության մեջ, ուժ կար (վստահ եմ, որ շատերն են հենց էսպես մտածում, ու էս օրերը ավելի հիշարժան են դարձել հենց մեր ընկերների հետ ու ընկերական կապն էլ ավելի ուժեղ է դարձել)։ [Գարեգին Միսկարյան] Սենյակում նստած էի քաղաքացիական հագուստով մեկը մտավ։-Բարև Ձեզ։-Բարև Ձեզ։-Ես Էրեբունու դատախազն եմ(անունը ասեց` չեմ հիշում)։-Ուրախ եմ, իմ անունը Գարեգին է։-Ամեն ինչ կարգի՞ն է, հարգելի Գարեգին, բողոքներ հո չունեք։-Այո, ունեմ, ինչպես չէ։-Լսում եմ Ձեզ։-Ինձ առևանգել են, պարոն դատախազ։-Երբ, ով։-Այսօր, ոստիկանական համազգեստով, առանց տարբերանշանի մի խումբ մարդիկ։ Դատախազը հասկացավ, որ խաղում եմ, քթի տակ ժպտաց, ու մտավ խաղի մեջ...-Ավելի մանրամասն կպատմե՞ք առևանգման հանգամանքների մասին, հարգելի Գարեգին։-Իհարկե։ Առավոտյան արթնացա՝ զգացի, որ մի բան էն չի։ Ոնց որ սիրտս գուշակեր։ Զգացի, որ կարող ա զանցանք գործեմ։ Որոշեցի՝ շառից հեռու, գնամ հանձնվեմ քաղմաս։ Իջա կենտրոնի քաղմաս, դիմեցի ոստիկաններին, ասում եմ` պարոն ոստիկան, խնդրում եմ, ինձ ձերբակալեք, թե չէ զգում եմ՝ կարող է զանցանք կատարեմ։ Էս ոստիկանը, թե` դուռը փակեք, գնացեք այստեղից։ Ես էլի եմ խնդրում, էս ոստիկանը էլի մերժում է։ Ի դեպ, էդ ամեն ինչը փաստերով տեսագրված է, կարող եք Ազատության կայքում նայել։ Դատախազը ժպիտը չէր կարողանում թաքցնել։ Իսկ ես չէի փոխում դեմքիս մտահոգ արտահայտությունը։-Հետո՞, հարգելի Գարեգին։-Հետո՞, ինչ հետո, պարոն դատախազ, չձերբակալեցին, ես էլ վեր կացա գնացի որպես բողոքի ակցիա Գնունու խաչմերուկում պիկետ արեցի, որ հանրության ուշադրությունը գրավեմ տիրող անարդարության վրա, մարդու իրավունքների ոտնահարման վրա։ Հասկանու՞մ եք, մարդը իրավունք չունի ընտրի, թե որ քաղմասում է ցանկանում բերման ենթարկվել։ Սա ո՞ր թիվն է։-Իսկ առևանգման հետ կապված ինչ կասեք։-Ինչ պիտի ասեմ, իմ համար խելոք քայլում էի հետիոտնային անցումով հետ-առաջ, մտածում էի աշխարհի, չարի ու բարու մասին, մեկ էլ ասես երկնքից հայտնվեց մի ՈւԱԶ, ոստիկանական համազգեստով, առանց տարբերանշանի կազմակերպված հանցագործների մի խումբ եկավ, առանձ ներկայանալու թևերս ոլորեցին, իմ կամքին հակառակ նստեցրեցին մեքենան և տարան անհայտ ուղղությամբ։-Իսկ ինչպես հայտնվեցիք այստեղ, ոստիկանական բաժանմունքում։-Դե դա ուշ պարզեցի, որ ոստիական բաժանմունք են բերել։ Որովհետև այդ ժամանակ վախից աչքերիս դեմը սևացել էր։-Հասկանալի է, հարգելի Գարեգին, Դուք կարող եք բաժնից դուրս գալուց առաջ հերթապահ ոստիկանի մոտ գրել ձեր բողոքը։ Այն անպայման կքննվի։ Բայց ես իմ պարտքն եմ համարում զգուշացնել Ձեզ, որ եթե քննության ընթացքում պարզվի, որ դուք արտաքուստ կարող էիք կռահել, որ ձեզ «առևանգողները» ոստիկաններ էին, որոնք ի դեպ կարող է ներկայացել են, բայց դուք չեք լսել, այդպես էլ է լինում, ապա հնարավոր է կեղծ ցուցմունք տալու հատկանիշներով գործ հարուցվի, որտեղ դուք նախ կներգրավվեք որպես կասկածյալ, ապա որպես մեղադրյալ։ Բայց, իհարկե, իրավունքը ձերն է, Դուք եք որոշում,թե ինչպես վարվեք։  Էլի ժպտաց: Ես էլ ժպտացի։-Շատ շնորհակալ եմ, պարոն դատախազ, ես դեռ կմտածեմ։ Շնորհակալություն,որ այցելեցիք, հուսանք, որ աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում մեր ամենավատ հանդիպումը սա կլինի։-Ես միայն ուրախ կլինեմ դրա համար, Գարեգին ջան։ Միմյանց ձեռք սեղմեցինք, քայլեց դեպքի դուռը։ Դռան մոտ մի անգամ էլ շրջվեց դեմքով դեպի ինձ...-Ցտեսություն, լավ եղեք...-Հետադարձի կետն անցել ենք, էլ վատ լինելու տարբերակ չկա։ Ցտեսություն... Էլի ժպտացինք իրար։ Հաղթանակը մոտ էր..․ [Սոնա Մնացականյան] Առավոտյան զարթնում եմ ու առաջին գործողությունս ֆեյսբուք մտնելն ա։ Երևանում վուվուզելահունչ կեսօր ա։ Վուվուզելների ձայնն ու գույները զավթել են քաղաքը։ Մտածում եմ ճարպկության ու արագության մասին, որ մանրավաճառների տեսքով ա նաև հեղափոխությունը մտցրել քաղաք։ Ստամբուլում զարմանում էի, որ հանկարծահաս անձրևի ժամանակ նույնքան հանկարծահաս, չգիտես որտեղից բուսնում էին անձրևանոց վաճառողները։ Հիմա Երևանը դուրս ա եկել իր ափերից, մեծացել, բազմամարդացել ա, մեգապոլիս ա դարձել, ու մանրավաճառներն իրենց բաժին տոնն են ստանում ու բաշխում։ Մեր չաթը Կարենի ձեռամբ ու մյուսների հավանությամբ կնքվել ա «Հեղկոմ», արձանագրել ա Քրիստի խորացող հարազատության խոստովանությունը առ ընկերներ, որ հետևանքն ա հեղափոխության, և ուրեմն՝ հեղափոխությունը սեր ա, լուր ա ստացել Աննայից, որ էսօր Արամն ու Քրիստիանն էլ են միանում մեր խմբին։ Ես ինձ մի կերպ կտրում եմ ֆեյսբուքից, լուրերից, չաթից, պետք ա էսօրվա ելույթին պատրաստվեմ։ [Թագուհի Ղազարյան] Այլընտրանք չկա: Պետք է հաղթել: Թեթևանալու համար գրառում եմ անում էջումս: Սոնան զանգում, խնդրում է, որ ստատուսս ջնջեմ կամ խմբագրեմ, որովհետև քրեական գործում դա կարող է օգտագործվել Արմենի դեմ (նշել էի, որ արմենը հիմնել է #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը): Ինձ վիրավորված եմ զգում, որ էմոցիաներս այնչափ չեն գնահատվում, որ էդ ամենը հավասարվում է ինչ-որ քրեական գործի հետ: Ինձ մեղավոր եմ զգում, որ էմոցիոնալության պատճառով չեմ կարողացել էնպես հաշվարկել, որ չվնասեմ: Գրառումս փակում եմ ու ասում, որ ջնջեցի: Սոնան խմբագրված տեքստն է ուղարկում ու ասում, որ կարող եմ սա դնել: Չեմ ուզում՝ ասում եմ: [Աստղիկ Մելքոնյան] Հավաքվում են քիչ-քիչ թաղի «տերերը», սկսում են սպառնալ, մեզ հեռացնել, մեկն էլ թե՝ 3 անգամ կին ծեծելու համար դատվել եմ, քուրիկ ջան: Բայց դե դրանց զինաթափելու ձևերն էլ արդեն գիտեմ՝ կամերան: Մեկ էլ նկատում եմ, որ դպրոցական աղջկան ինչ-որ կին տարավ Կայզերի մեջ, հետևից գնում եմ ու լսում, որ հորդորում է հեռանալ, ասում է՝ ստեղ շատ վտանգավոր ա, Արման Սահակյանի մարդիկ են աջուձախ, իսկ դե սուպերմարկետը, գիտենք, թե ումն է: Ավելի լավ է գնալ այլ, ավելի անվտանգ տեղ: Աղջիկը լալիս է ու դուրս գալիս: Քիչ հետո նկատում եմ, որ գնացել է:Ոստիկաններ են հավաքվում, թաղի լավ տղերքը ետ են քաշվում: Ոստիկանները փորձում են խոչընդոտել, բայց մարդիկ արդեն միանում են ու պարբերական հաջողություններով ճանապարհը հիմնականում փակ է մնում: [Գոհարիկ Տիգրանյան] Գնում էինք Ավան, նախորդ օրերին այստեղի ակտիվի հետ միջադեպ էր եղել, գնում էինք ասեինք, որ մեր ուժը խաղաղությունն է ու ձեր լկտիությունը մեր ծովերը չի ալեկոծի։ Հենց էդպես էլ եղավ, անցնում էինք Ավանի համար հայտնի դեմքերի տների մոտով ու նրանց այսպես կոչված «համակիրները» ոչինչ չէին կարողանում անել, մենք շատ էինք, ամուր կանգնած մեր ոտքերի վրա, ու խաղաղ։ Ավանից դուրս գալիս՝ բուսաբանականի մոտ ոստիկանների ու մեքենաների մի մեծ շարասյուն էր, սիրտս սկսեց արագ աշխատել, վախեցա, որ մարդիկ կբարկանան, նրանց հենց դա էր պետք, բայց փոխարենը մարդկանց ձեռքերը վեր ոստիկանների կողքով անցնելու պահին խաղաղության ձեռքից սթափեցնող ու դաստիարակչական ապտակ ես ստացա։ Հաճելի բռնություն էր, հպարտություն՝ կողքիս գտնվող յուրաքանչյուր մարդու համար։ [Աշոտ Խաչատրյան] Հետո հեռախոսազրույց ունեցա ապաքաղաքական ու քյարթու ընկերներիս հետ, որոնք, պարզվում է, իրենց մեքենաներով տեղից տեղ են շարժվում և փողոց են փակում: Խոսակցություններից մեկում ընկերս ասեց՝ «Արա, Աշ, էսքան տարի ասում էիր, չէինք հավատում, էսի ի՜նչ կայֆ ա»: Այո, էս շարժման հաջողության գրավականներից մեկը հենց նա էր, որ քյարթու ջահելները կարող էին իրենց մգեցված ապակիներով մեքենաներից դուրս չգալով, ամբողջ օրը սիգնալ տալով ու համարանիշները փակելով երթևեկել քաղաքով, դրանով հանրօգուտ գործ անել ու շնորհակալական խոսքեր ստանալ: [Գոհարիկ Տիգրանյան] Վահանի անունը ամեն օր ու պահի մնացածների հետ հնչում էր հեռուստացույցով, իսկ Արմենին բռնել էին արդեն։ Անկարգության մեջ մեղադրվողները քիչ էին երևում հասարակության մեջ։ [Վահան Կոստանյան] Իջա կենտրոն միանալու երթերին, փորձում էի քայլել մարդաշատ հատվածներով, որ ինձ հետևողները չկարողանային պահը բռնել։ Էսօր ու ընդհանրապես բոլոր օրերի ընթացքում ես զգացել եմ բազմաթիվ ընկերներիս աջակցությունն ու հոգածությունը, ինչը էլ ավելի մեծ ուժ էր տալիս գլուխը չկախելու, չտատանվելու, վախենալու, բայց չնահանջելու։ Մոնթեն, Գեղամը, Հայարփին, Նատալին, տարկետման մյուս տղերքը, Լիլին, Սուրոն(ով դեռ դպրոցից կողքս ա միշտ) ու էլի շատ շատերն ինձ համար չափազանց կարևոր էպիզոդներում եղան կողքս։ 2004-ի ՀԳԶ-ի տղերքը առանձին հոգածությամբ էին վերաբերվում ինձ ու Դավոյին էս օրերի ընթացքում, Խառատն արդեն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ահազանգել էր մեր երկուսի հնարավոր կալանավորման վերաբերյալ։ [Գոհարիկ Տիգրանյան] Սովածությունը սկսեց խեղդել, արդեն հայտնի դարձած «մարսերիս» պաշարը վերջացել էր, Մանոյի կոնֆետները ևս։ Քայլերթը գնում էր Զեյթուն, մենք որոշեցինք իջնել քաղաք ու սնվել։ Ճանապարհին մի մեքենա կանգնեց, վարորդը Արցախից էր գալիս, առաջարկեց իջեցնել, համաձայնվեցինք։ Սկսեց կարծիք հայտնել, թե ոչ մի բան էլ չի ստացվելու, կնոջ տեղն էլ խոհանոցն է, Մանոն համարյա գոռում էր, երբ հասանք Օպերա ու խնդրեցի կանգնել (Այդ օրերին ինֆորմացիայի բլոկադա կար, ու իմ Արցախցի ընկերներից շատերի հետ կռվել եմ, քանի որ մեղադրական գրառումներ էին անում, հետո, իհարկե, գրառումները ջնջվեցին, իսկ մարդկային շփումը վերականգնվեց)։ Այս օրերին ես անընդհատ կապի մեջ էի Մարիի ու Լուսինեի հետ, նրանք սկզբում իմ թիկունքն էին Կիևում, իսկ հետո հոգեբանական աջակցության կենտրոն ու ձայնային հաղորդագրությունների տարափով ինձ աջակցող մարդիկ։ Կուրսեցիներս հեղափոխության ընթացքում Կիևում գտնվող Հայաստանի դեսպանատան մոտ ակցիա էին արել, ու արժանացել հայ համայնքի կողմից ամոթանքի, ու մեղադրանքների թիրախ դարձել (խանգարել էին նրանց հանգիստ ու միալար կյանքը)։ Հասանք Օպերա, պատահաբար տեսանք Սոսին, գնում էինք Մեղեդի սուրճ խմելու (այո, այո, հենց Մեղեդի)։ Խոսեցինք ընդհանուր վիճակից, հանգստացանք ու նորից փողոց։ [Սոնա Մնացականյան] Համալսարանում՝ գիտաժողովի սենյակում, ես ու Ծովինարն էլի իրար կողք ենք նստում, երևի ոչ միայն էն պատճառով, որ վաղուց ենք իրար ճանաչում, այլ նաև որ ամենաբացական ենք Էնն-Արբորից։ Ամեն երրորդ զեկույցից ու քննարկումից հետո ընդմիջում կա։ Լուրերն ենք ստուգում։ Ժամը 4-ի կողմերն ա, լարվածություն կա Երևանում․ Գեմոն ինչ-որ հոգեբանական գրոհից ա խոսում, որ փորձարկում են մարդկանց վրա, Սաքոն գնացել ա թռուցիկներ բազմացնելու ու հորդորում ա, որ մյուսներն էլ իր էս տեքստը տարածեն․ «Ժող, բոլոր-բոլորին կոչ արեք, խնդրեք, համոզեք, պատիվ տվեք, տրանսպորտի փողը տվեք, տաքսով տարեք-տուն բերեք, որ էսօր ժամը 7-ի Հանրապետության Հրապարակի հանրահավաքին ավելի շատ մարդ դուրս գա, ձեր բարեկամ-հարազատ-ծանոթ-ընկերներին, իրանք էսօր հատուկ ավելի դաժանություն արին, մտածելով, որ կվախեցնեն ու կկոտրեն, չպիտի թույլ տալ, որ դա անցնի, չպիտի թույլ տալ, որ իրանք մտածեն, թե դաժանությունը արդյունք ա տալու, չպիտի թույլ տալ, որ մեր հարազատները-ընկերները, քաղաքացիները անպաշտպան մնան, մենակ մնան, իրանք մենակ չպիտի մնան դաժանության հանդեպ: Բոլորը և հատկապես սերժիկը պիտի համոզվեն, որ բռնությունը հակառակ էֆեկտն ա ունենում: Էսօր պիտի #քայլանենք ուղիղ #սերժիսրտին»։ (Էս թռուցիկից մի օրինակ ես էլ վերցրի ուշացումով ու տաք-տաք պահում եմ )) ) «Դաժանություն» բառը ինձ ահավոր վախեցնում ա, ինչ ասես, որ չի անցնում մտքովս, ի՞նչ են արել, կրակե՞լ են մարդկանց վրա, ասում են՝ չէ՛, ավտոներն են ջարդելով հանել փողոցներից ու ավելի կոպիտ են եղել։ Ասում եմ՝ դա վախեցրե՞լ ա։ Աննան պատասխանում ա՝ չէէէ, դուխով ենք։ Հուսադրող ա, բայց միևնույնն ա, փշերի վրա ա անցնում գիտաժողովի հաջորդ սեսիան։ [Աշոտ Խաչատրյան] Շաբաթ օրն առաջին անգամ հասկացա, որ Հայաստանում ոստիկանների թիվը կարող էր չբավականացնել։ Օրվա մեծ մասը գործեցի Մաշտոցի պողոտայում։ Մի քանի խումբ ամբողջ օրը Մաշտոցի ամբողջ երկայնքով ոստիկանների 3 ավտոբուս «վազացրեց» այս կողմ-այն կողմ։ Մենք փակում էին խաչմերուկները իրենց մեկ այլ փողոցից կանչում էին մեզ ցրելու, մենք փախնում էինք ու այլ խաչմերուկ փակում։ Տղերքն ուժասպառ էին: Ակնհայտ էր, որ վազացնեինք, ավելի ագրեսիվ են դառնալու, բայց շուտով հանձնվեն: Ինձ ֆիթնես ինստրուկտոր էի զգում: Մաշտոցի վրա մի պահ միայնակ էի մնացել, սկսեցի աղբամանները բերել երթևեկելի հատված, մեկ էլ մի 10 մետր հեռվից քաղաքացիական շորերով 2 բարձրահասակ տղա վազեցին իմ կողմ, աղբամանը թողեցի, սկսեցի փախչել, մեկ էլ շրջվեմ, տեսնեմ, իրենք են վերցրել տեղափոխում: Շարժումը համազգային էր դարձել ու ժամանակն էր, որ «ակտիվիստի» արտաքինի ստերեոտիպային պատկերացումներս վերանայեի: [Դանիել Իոաննիսյան] Լևոնին, երևի, քանի որ ՀԿ-ի ղեկավար էր, երեկոյան ազատ արձակեցին: Ոստիկանությունն արդեն չէր կարողանում բացել փողոցները: Օրական 300-ից ավել մարդ էին տանում: Սկսեցին գալ բաժիններում ակտիվիստների խոշտանգման ահազանգեր: Իրավապաշտպան թեժ գծի ու փաստաբանների աշխատանքը գժանոց էր դառել: Երեկոյան 10-ի կողմերը ցուցարարները գնում էին տուն, իսկ փաստաբաններն ու մենք ազատվում էինք գիշերվա ժամը 1-ից ոչ շուտ: [Սոնա Մնացականյան] Հետո Վահրամին Զվարթնոցից բերելն են կազմակերպում (Համոն ա գնալու հետևից ու էնքան արագ ա քշելու վերադառնալիս, որ մի կարգին նկարահանվելու ու տուգանվելու ա), տարբեր փողոցներից իրար լուրեր են հայտնում, հետո հրապարակում են հավաքվում, հետո տուն են գնում հետո Ալինան ասում ա՝ մի պահ Ազատության լայվը նայեք, իսկական տոն ա, Էլիզը շարունակում ա հակահեղափոխական սառնասրտություն բանեցնել՝ չդադարելով սակայն ամենաարագ ու ամենատես լրատվությունն ապահովել չաթում։ [Աստղիկ Մելքոնյան] Երեկոյան հանդիպում եմ ընկերների, միասին քայլում ենք դեպի հրապարակ ու իմանում, որ նախագահն է եկել ու Նիկոլի հետ են խոսում: [Վահան Կոստանյան] Գետնին նստած էի, շրջապատված ընկերներով, երբ սկսվեց անհասկանալի աժեոտաժը, հյուրեր ունեինք։ Նախագահը բանակցություններ էր առաջարկում ՍՍ-ի հետ, Նիկոլի դիրքորոշումը հստակ էր հանդիպման օրակարգի մասին։ [Գոհարիկ Տիգրանյան] Հանրահավաքը սկսվեց Հանրապետության հրապարակում, մարդաշատ էր, բավականին մարդաշատ։ Վահանը չէր դիմացել ու եկել էր։ Ընկերներով շրջան էինք արել՝ Նարեկը, Անին, Էլենը ու մի քանիսը, նա մեջտեղում նստած էր։ Հանրահավաքի վերջն էր, հաջորդ օրվա պլանը լսելու փոխարեն, Վահանը զանգեց իր ընկերոջն ու եղբորը, ովքեր նրա ընդհատակ անցնելու պլանն էին գծել։ [Միքայել Նահապետյան] Նիկոլն ու Արարատը հարթակից հայտարարում են օրակարգը` բիզնեսի և քաղաքականության տարանջատում, նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք ու արտահերթ ընտրություններ։ Հետո Նիկոլն ասում է, որ Սերժը առաջարկում է բանակցել։ Ժողովրդից մանդատ է խնդրում բանակցելու համար։ Մինչև բոլորը գոռում են, որ լիազորում են` ես գոռում եմ «ու՛ղի՛ղ ե՛թե՛ր, ու՛ղի՛ղ ե՛թե՛ր», ու ալիք է բարձրանում, որին Նիկոլը չի արձագանքում։ Լսում է ու չի արձագանքում։ Հանրահավաքը ցրվում է։ [Վահան Կոստանյան] Շուրջս օղակը քիչ-քիչ սեղմվում էր, քաղաքացիական ոստիկանների հայացքները ավելի ու ավելի էին կենտրոնանում ինձ վրա։ Եղբայրս՝ Գրիշը, ում ներկայությունը հրապարակում հաճելի անակնկալ էր ինձ համար, պիտի տաներ էդ երեկո իրենց տուն։ Մեր տանը մնալն այլևս ապահով չէր, ու չէի ուզում հնարավոր ոստիկանական գործողությունը մորս ներկայությամբ տեղի ունենար։ [Գոհարիկ Տիգրանյան] Պետք էր արագ լքեր հրապարակը, լարված էր ու չէր կարողանում կողմնորոշվել, լարված վիճակներում ինձ համար սովորական դարձած սառնասրտությամբ ասացի. «Ուսս բռնի, գնացինք, նայի հետև, որ պոչ չլինի»։Արագ ու ճանապարհն անընդհատ փոփոխելով հասանք Ամիրյան, այնտեղ նրան սպասում էր ընկերը՝ ով ուղեկցեց մեքենայի մոտ, Վահանի ընդհատակ անցնելու գործողությունը հաջողությամբ կատարված էր։ [Վահան Կոստանյան] Կապիշոնը քաշեցի գլխիս ու Գոհարիկը՝ եղբորս հետ, վտանգավոր իրավիճակներում իրեն հատուկ սառնասրտությամբ ինձ հասցրեց Զաքյան-Խորենացի խաչմերուկ, որտեղից էլ մեքենան շարժվեց դեպի Ավան։ Ճակատագրի հեգնանքով 1 քմ-ում նախկին իշխանությունների երդվյալ մարտիկների թվով իրեն հավասարը չունեցող վայրում պիտի հանգրվանեի մոտակա օրը։ Ավանից հրաժեշտ տվեցի Գոհարիկին՝ խնդրելով տաքգլխություն չանել վաղը։[Միքայել Նահապետյան] Լուր ենք ստանում, որ վեցերորդ վարչությունը Դավիթ Սանասարյանին է ձերբակալել։ [Գոհարիկ Տիգրանյան] Մեքենայի մեջ պարզ դարձավ, որ ՍՍ-ն ուզում է բանակցել, ապշած էինք, կարծես թե մեր կարմիր հորիզոնում արևամուտ էր լինելու, բայց ով կմտածեր, որ դա մի նոր շրջափուլի ու մարդկային խոհեմության սկիզբն էր... [Վահան Կոստանյան] Նիկոլը լայվով հայատարարեց հանդիպման մասին, մոնիտորինգի չաթում ներկաներով մտքեր փոխանակեցինք էդ մասին, ինչով ավարտվեց օրը։ [Միքայել Նահապետյան] Նիկոլն ուղիղ եթեր է մտնում ու ասում, որ Սերժը առավոտյան 10:00-ին Մարիոթում գալիս է բանակցելու իշխանության անցնցում փոխանցման շուրջ։ Երջանկությունից լացս գալիս է։ Մի քանի հատ ծխում եմ, սատանան մտնում է մեջս ու Սուրոյի հետ սկսում ենք վերլուծել։ «Եթե Գրիգորյան Արմենին ու Դավոյին բաց չեն թողել` ուրեմն Սերժը հրաժարական տալու համար չի, որ գալիս ա, այլ գալիս ա մի առաջարկ անելու, որին ըստ իր հաշվարկի կուսակցականը կհամաձայնի, քաղաքացիական ակտիվը` ոչ»: Փաստորեն վաղը նորից պիտի բռնվելու շորերս հագնեմ։ Իսկ տնեցիք խաշ են դրել ու պլանավորում են առավոտյան խաշկերույթ անել։ [Աստղիկ Մելքոնյան] Ավելի ուշ իմանում ենք, որ հաջորդ օրը հանդիպելու են Սերժի հետ. Սիրտս սպասումից թպրտում է: Պառկում եմ քնելու, բայց շուտով եղբայրս է արթնացնում օրվա դեպքերի քննարկման համար: Խնդրում է մեր կողմերում էլ չլինել, որովհետև բոլորը իրեն ճանաչում են, այդ ոստիկանների հետ ինքն աշխատել է ու եթե ինչ-որ մեկն ինձ ճանաչի, դա կարող է իրեն իր աշխատանքն արժենալ: Վերջում, դուռը փակելուց առաջ, ավելի պակաս վստահությամբ, բայց էլի ասում է, որ չենք ձգի, իսկ ես, արդեն վստահությամբ պատասխանում ենք՝ կձգենք, լավ էլ կձգենք: Բարի գիշեր: [Դանիել Իոաննիսյան] Կեսգիշերին մոտ Հերիքնազ Տիգրանյանի հետ գնացինք ՁՊՎ: Հերթապահ մասի ոստիկաններից մեկը կանչեց մի կողմ ու սկսեց պատմել, որ իրենք բոլորով մեր կողմից են: Հարցուփորձ էր անում ու ներողություն խնդրում, որ չի կարող մեզ միանալ: Արդեն ակնհայտ էր, որ պատգամավորներին, Նիկոլի գլխավորությամբ, կձերբակալեն հաջորդ օրը Սերժի հետ բանակցություններից հետո: Սերժն ուզում է արագի մեջ ցույց տա, որ սպառել է բոլոր մեթոդները, որ միջազգային հանրության աչքերում լեգիտիմացնի արտակարգ դրությունը: Ու մենք զգում էինք, որ հենց հիմա քաղաքացիական հասարակությունը պետք է ապացուցի հակառակը: [Թագուհի Ղազարյան] Հետո իմանում եմ, որ Դավիթին էլ են բերման ենթարկել: Արդեն գիտեմ, որ Փաշինյան-Սերժ հանդիպումը վաղն առավոտյան է կայանալու: Համառում եմ, որ փոխանցեն Փաշինյանին նախապայման դնել՝ բերման ենթարկված անձանց ազատ արձակելու: Փորձում են բացատրել, որ իմ կամակորությունն այս պահին անիմաստ է: Իզուր: Կապվում եմ Սոսի հետ ու ասում, որ պետք է իրեն տեսնեմ, պետք է իրենք մի բան անեն, որ Սերժի հետ հանդիպումից առաջ Արմենն ու Դավիթը ազատության մեջ լինեն: Սոսը խոստանում է գալ ու դառնում է անհասանելի: Խուճապի մեջ սկսում եմ գրել բոլոր ընկերներիս, որ գուցե Սոսին էլ ե՞ն բերման ենթարկել: Բաբկենը կարողանում է քաղաքաը Կիևյանի կողմից «ճեղքել» ու հասնել գիշերվա ժամը 3-ի կողմերը, բուտերբրոդ, սուրճ ու ծխախոտ է բերել: [Սոնա Մնացականյան] Ու օրը չաթում, որ նույնն է թե Հայաստանում ավարտվում ա Էլիզի էն լուրով, որ վաղը Նիկոլը հանդիպելու ա Սերժի հետ։ Իսկ իմ օրը դեռ շարունակվում ա, գիտաժողովի ավարտից հետո հրավերք կա Քեթրին Բաբայանի տանը։ Ամեն ինչ շատ լավ ա անցնում՝ գինի, համեղ ուտելիքներ, հաճելի զրույցներ, բայց զգում եմ, որ անտանելի հոգնած եմ․ շատ դժվար ա ապրել երկու տարածության ու երկու ժամանակի մեջ։
19:35 - 21 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 21] Մտնում ենք ֆինալ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 21] Մտնում ենք ֆինալ

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ  ԲՈԼՈՐԸ   [Թագուհի Ղազարյան] Ու թեև ես հիմա նստած եմ այստեղ՝ ԱԺ իմ աշխատասենյակում, բայց կարծես այնտեղ եմ, մենք բոլորս այնտեղ ենք՝ մեր հույզերով, մեր երազանքներով, մեր նմանություններով ու տարբերություններով, մեր սիրով ու համերաշխությամբ, մեր անիրականանալի թվացող, բայց իրականացած հույսերով։ Այնտեղ, ուր մենք բոլորս դարձանք մենք, այն, ինչ ենք, այն, ինչ պիտի լինեինք, բայց մեզ թույլ չէին տալիս լինել, այն, ինչ ուզում էինք լինել ու չէինք կարող՝ միմյանց հավատացող, միմյանց նկատմամբ վստահությամբ լի, միմյանցով հպարտացող, միմյանց ապավինող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս։ Ու թվում է, թե միշտ այնտեղ ենք լինելու՝ հանրապետության հրապարակում, որտեղ առերեսվեցինք մեր ինքնությանը, մեր հավատին, մեր երազանքին, որտեղ գտանք միմյանց ու ընդունեցինք այնպիսին, ինչպիսին կանք, սիրեցինք ու վստահեցինք միմյանց առանց նախապայմանների։ Ու թվում է, թե միշտ այնտեղ ենք եղել, մեր լինելուց դեռ շատ առաջ, այնտեղ, ուր պատմություն գրեցինք մի նոր, այնտեղ, ուր հաղթանակ ծնեցինք մի նոր, այնտեղ՝ ժամանակի մեջ կանգ առած, այնտեղ՝ բոլոր ժամանակների մեջ, բոլոր ժամանակներից դուրս, միշտ այնտեղ, միշտ միասին... [Գարեգին Միսկարյան] Նախորդ գիշերը ես, Սուրենը, Սևակը Մեղեդի սրճարանում զրուցում էինք այլընտրանքային, ինֆորմացիոն աղբից զերծ լրահոսի անհրաժեշտության մասին։ Տելեգրամի մասին արդեն խոսել էինք։ Սուրենը առաջարկեց անվան Ինֆոքոմ տարբերակը, Սևակը տեղում բացեց ալիքը ու հաջորդ օրվանից (այսիքն նախորդ տարի այս օրվանից) սկսվեց ողջ գործընթացի մեջ իմ համար ամենատաղտկալի, բայց թերևս ոչ պակաս կարևոր մի շրջանը։ [Աստղիկ Մելքոնյան] Առավոտյան 8-ին տնից դուրս եմ գալիս, Հալաբյանից ընկերներիցս մեկը շան հետ ինձ է միանում, քայլում ենք մինչև Օպերա. ամեն ինչ տարօրինակորեն հանգիստ է, ոստիկանության աշխատակիցներից բացի ոչ մեկին փողոցում չենք տեսնում: Օպերայի մոտ 2-3 ցուցարարի ենք հանդիպում, մոտենում ենք նրանց, ու բառ անգամ չասած՝ մեզ ոստիկաններ են մոտենում ու պահանջում նստել իրենց մեքենան: Միացնում եմ ֆեյսբուքի ուղիղ եթերն ու պահանջում ներկայանալ, հրաժարվում են: Ինձ ու մեր հանդիպած ցուցարարներին նստացնում են իրենց մեքենան ու տանում Կենտրոնի բաժին: Հետաքրքիր էր, որ ընկերոջս ու շանը չեն ձերբակալում: [Գոհարիկ Տիգրանյան] Առավոտն անձրևոտ էր, իհարկե, ազդեց վրաս։ Մամայի հետ սուրճի երկու բաժին լցրեցի ստամոքսս, քննարկեցինք իրավիճակը, չէի կարող հետը կիսվել մտահոգություններովս, ախր ուսանողությունն ամբողջ թափով չէր, որ հավաքվում էր։ Իհարկե, հավաքվողներին դա չէր էլ խանգարում, արդեն պարտք դարձած, մեզ համար այդ օրը հատկացված փողոցի պոստում էինք լինում, կամ շտապ օգնության նման շրջում ու գտնում թույլ օղակ, որ ծածկենք։ Ինչևէ, վերցրի նախապես ինձ համար գնված «մարսի» հերթական պաշարը, մաման էլ վաղուց չէր ասում զգույշ կլինես, գիտեր՝ անհույս ա, տատիկիս՝ ակտիվ քաղաքացու առաջին կերպարիս հետ խոսեցի, ու դեպի կարմիր հորիզոն։ [Աստղիկ Մելքոնյան] Բաժանմունք հասնելուն պես պահանջում են, որ ուղիղ եթերն անջատեմ: Տանում են ինչ-որ սենյակ, հերթով սկսում են գալ ու անուններս հարցնել. սկզբում համոզելով, հետո պահանջելով, վերջում՝ սպառնալով, թե մեզ մոտ մեր փաստաբանին չեն բերի, եթե անուններս չասենք: Մյուսներ ներկայանում են, իսկ ես լռում ու ժպտում եմ՝ դիմեք որպես քաղաքացի: Ինձ տանում են այլ սենյակ՝ խուզարկման համար: Պողոսյան Քրիստինեն, ում հետ նախորդ օրն էի ծանոթացել, բայց տարօրինակորեն դեմքը չէի ֆիքսել, նստած է սենյակում ու ինձ միանգամից ճանաչում է՝ վայ,երեկ հանդիպել ենք կառավարության շենքի դիմացի նստացույցին: Զարմանում եմ ասածից, զգում է, որ չեմ ճանաչել ու ծիծաղում է: [Աշոտ Խաչատրյան] Ամսի 20-ը չափազանց կարևոր էր, քանի որ ուրբաթ օր էր, ու եթե փողոցում նույն ակտիվությունը պահեինք, շաբաթ-կիրակի օրերին հաղթանակը ապահովված էր: Բոլոր օրերից ամենահետաքրքիրն էր ինձ համար: Տրանսպորտով իջնում էի կենտրոն, բայց Հրազդան մարզադաշտի մոտ ինքնաբուխ կերպով մարդիկ փակել էին ճանապարհը, իջա, միացա իրենց: Սկսեցի կազմակերպել մեծ ծաղկամանների տեղափոխելը փողոց, երբ մի մեծ մեքենա մեծ արագության վրա քշեց մեր վրա ու կանգ առավ: Պատուհանը իջավ ու Բարսեղյան Հայկը բղավեց՝ «ապ, նստե, էրթանք Լեննագանի ճամփեն փակենք»: Երկու տղա էլ մեր խոսակցությունը լսեցին ու միացան մեզ: [Գոհարիկ Տիգրանյան] Առավոտյան Սոնայի ու Արփիի հետ էի պայմանավորված, միասին պիտի հասկանայինք, թե ինչ ենք անելու։ Հանդիպեցինք Արփիին, Կարմիր գլխարկում նստած էինք, վստահ գիտեինք՝ քայլել չենք ուզում, շրջակայքում պտտվելու էինք ու ամենաթեժ կետը պահեինք։ Նիկոլն ու ակտիվիստների մի ծանր մասը Մալաթիայով քայլերթ էր անում (կարծում եմ՝ ճիշտ որոշում էր, մարդիկ հենց էդ ճանապարհով իրենց հատուկ էին զգում ու միանում, հասկանում եք, նրանց էին այցելում նախորդ օրերի, թույլ տվեք ասեմ, «աղմուկ-աղաղակ» հանողները)։ [Աստղիկ Մելքոնյան] Ուղեկցող ոստիկանն ինչ-որ թղթաբանությամբ է զբաղված. անընդհատ ինձ է նայում ու գրում է: Միայն այն ժամանակ եմ հասկանում, որ տեսքս է նկարագրում, երբ հարցնում է, թե աչքերս ի՞նչ գույն են: Մեկ ուրիշի հետ խորհրդակցում է, թե տարիքս ինչ գրի: Աղջկական հետաքրքրությունս արթնանում է, անկեղծորեն ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ են գնահատում, թե ոչ, բարձրաձայն հարցնում եմ, բայց չեն պատասխանում: Սկսում են քննարկել՝ նիհար եմ, թե «լավ էլ պլոտնի», ես էլ ցուցադրաբար բաճկոնս ետ եմ տանում, որ կողմնորոշվեն ու լսում եմ կողքիս կանգնած ոստիկանի փռթկոցը: Հետո էլի եմ հարցնում ինձ ուղեկցող ոստիկանին տարիքիս մասին, ցածրաձայն ասում է՝ գրել եմ 18-25, գոնե ճի՞շտ ա: Մտքումս ծիծաղում եմ, որովհետև ճիշտ չի, իսկ բարձրաձայն ասում եմ՝ գրեիք 0-99, հաստատ ճիշտ կլիներ: ՍՄՍ եմ ստանում նույն ընկերոջիցս. պարզվում է՝ կնոջ ու շան հետ դրսում անձրևին ինձ են սպասում: Խնդրում եմ՝ գնան, անիմաստ չհիվանդանան: Բայց ներքուստ այնքա՜ն եմ զգացվում... [Միքայել Նահապետյան] Սերժը Արամ Աբրահամյանի դիմաց նստած բացառիկ մենախոսություն է տալիս։ Դժվար է դա հարցազրույց կոչել։ Խնդրում է ու աղաչում։ Ասում է թոշակները կբարձրացնենք, տնտեսությունը կզարգացնենք... ընդամենը երկու-երեք ամիս... հետո լկտի ժպիտով ակնարկում է Մարտի 1-ը։ Ասում է «մենք մի անգամ անցել ենք դրա միջով, եթե ուզում են երկրորդ անգամ էլ անցնենք...» չի շարունակում, բայց ժեստով ցույց է տալիս թե «խնդրեմ` անցնենք»։ Նայում եմ էկրանին ու հասկանում, որ «Մավրը իր գործը արել է, մավրը պիտի հեռանա»։ Էս պահից սկսած պետք է մեղմել հռետորաբանությունը ու աշխատել ոստիկանության ծառայողների հետ, որոնք գնալով ավելի բիրտ են գործում։ Չի կարելի թույլ տալ իրավիճակի էսկալացիա դեպի անձնական թշնամանքի մթնոլորտ։ Սերժը հիմա պիտի կրակելու համար բավարար պաշար կուտակի` չի կարելի դա թույլ տալ։ [Աշոտ Խաչատրյան] Հայկը գժի նման քշում էր ու միաժամանակ պատմում էր, որ Երևան-Գյումրի մայրուղու Ուջանի հատվածում ճանապարհային աշխատանքներ են կատարվում ու մի նեղ հատված կա, փակելը հեշտ կլինի, նաև այնտեղ կային մեծ, ծանր քարեր, որոնք կարելի էր քարշ տալ փողոց: Ամեն ինչ հաշվարկել էր: Հետո դադարեցրեց մարտավարական գաղտնիքներից խոսելը ու SOS-ի էջով լայվ մտավ: [Գոհարիկ Տիգրանյան] Դուրս եկանք Կարմիր գլխարկից, մեզ հատկացված վառելանյութի պաշարը կար, քայլեցինք դեպի Սարյան, Բրյուսով մոտակայքում՝ Թումանյանի վրա ոստիկանական խմբեր տեսանք, «էդ էր, մի բան էն չէր», միասին բարձրացանք Բրյուսովի խաչմերուկ ու ինչ տեսարան. Բրյուսովի աղջիկները՝ սիրուն հագնված, գրքերը ձեռքներին, մի մասը բարձրակրունկներով, պառալիզացնում էին խաչմերուկը, մարդիկ դասից դուրս էին եկել ու ֆուռոռ էին անում։ Հոգիս թիթիզ, աղջկական պահվածքով թռչկոտում էր, աղջիկները քիչ էին, միացանք նրանց ու սկսեցինք փողոցները հերթով փակել։ Կարմիր բերետավորները 10 րոպեն մեկ գալիս էին, շենքի պահակը իրենց ուսանողներին թողնում էր ներս մտնել ու պաշտպանվել, նրանք էլ՝ իրենց հերթին, մեզ էին հետները տանում ներս։ [Աշոտ Խաչատրյան] Հասանք իր ասած հատվածը, երկու մեքենայով փակեցինք ճանապարհն ու սկսեցինք քարերը տեղաշարժել, բավականին ծանր էին, մեկ-մեկ մեզ մոտենում էին մարդիկ, որոնց ճանապարհը մենք փակել էինք ու օգնում էին տեղաշարժել: Սյուռ տեսարան էր: Շուտով մեծ խցանում ստեղծվեց ու սկսեցին վեճերը թաղում գնացողների, հիվանդանոց գնացողների, փչացող ապրանք տեղափոխողների և մյուսների հետ: Էդ վեճերը ամենածանրն էին ինձ համար էս պրոցեսի ընթացքում: Խցանման մեջ անգամ Հայկի հայրն էր մնացել՝ Լևոն Բարսեղյանը, որը չգիտեր էլ, որ իր ճանապարհի խոչընդոտը հենց իր տղան է: Մեքենաներից մեկից մի տղամարդ դուրս եկավ 3 երեխայի հետ ու միացավ մեզ: Հետագայում հենց ինքն էր վիճում բոլոր բողոքողների հետ ու 3 երեխայի առկայությունը շատերի հնչեցրած պատճառներն ի չիք էին դարձնում: [Աշոտ Խաչատրյան] Շուտով ժամանեցին ոստիկանները՝ Ուջանի ու Աշտարակի ոստիկանապետերի գլխավորությամբ: Հայկը փակվեց մեքենայի մեջ: Ոստիկանները չափազանց ագրեսիվ էին իրենց պահում: Հայկի մեքենայի անիվները իջացրեցին ու սկսեցին սպասել էվակուատորի: Շատ «խելացի» քայլ էր, ճանապարհը հիմա իրենք էին փակել: Ես նկարում էի այդ ամենը, և երբ փորձեցին ինձ բռնել, փախա ու նստեցի անցնող մեքենաներից մեկը, որը մինչև Աշտարակ էր գնում: Երբ իջա, մոտ 10 հոգի դրոշներով և պաստառներով ճամփեզրով քայլում էին դեպի Երևան: Կեսն անչափահաս էին: Միացա իրենց ու 5 րոպեից մեզ շրջապատեցին Աշտարակի ոստիկաններն ու բերման ենթարկեցին: Հետո նույն այդ բաժին Հայկին բերեցին: Ես քննիչների կյանքը կերել էի, հերթը Հայկինն էր: [Գոհարիկ Տիգրանյան] Կարծեմ մի քանի հոգու տարան, ու որոշեցինք, որ պետք է շրջակայքում եղած նստարաններով ու փայտե աղբամաններով փակենք փողոցները։ Այս օրն ինձ համար ոստիկանների հետ բռնոցին կատարելագործելու նոր փուլ հռչակվեց։ Ոստիկանները սկսեցին գալ նստարանները հավաքել, մոտ հինգ անգամ եկան գնացին, դե հոգնեցին էլի, ու հեռվում երևացին Սանիտեկի երկու հսկաները, վերցրին նստարաններն ու աղբամանները, բեռնատարը դնելու ընթացքում մասնակիցներից մեկը լուռ վերցրեց բեռնատարի բանալին ու բեռնատարը լրիվ պատահական մնաց փողոցում՝ խանգարելով երթևեկությանը։ Հետո քարշակ կանչեցին, որը չգիտեմ՝ ինչ մակնիշի բեռնատար էր, սա էլ եկավ, մեքենան կանգնեցրեց հենց խաչմերուկի մեջտեղում ու մեզ միացավ։ Ընտիր էր, դիրքավորվել էինք, բայց կարմիրները նորից համը հանեցին, եկան ու ստիպեցին, որ այդ մարդը հանի մեքենան տարածքից։ Ոչինչ չկար ասելու, նա՝ իր դիրքն ընտիր պահել էր։ Որոշեցինք լուսացույցների կանաչն օգտագործել ու փողոցն արագ անցնել ու հետ դառնալ, կանգնել ծանոթներին տեսնել ու գրկվել։ Հենց էդ ժամանակ, Քրիստին տեսա՝ մարդ ում հետ աշխատել եմ ու աշխատում եմ, ով այդ օրերին ասաց. «Հանգիստ հեղափոխությունդ արա, ես գործդ կանեմ»։ Փողոցն անցնելիս գրկվեցինք, ու Քրիստն ասեց. «Ես բոլոր մեյլերին պատասխանել եմ» (իրականում այս բառերը միշտ ես էի նրան ասում), ախր դա էլ մարդկային հոգատարության դրսևորում էր, հոգատարություն, որ գուցե ամեն օր չզգանք կամ չգնահատենք, բայց հենց էդ պահին ինքը տակնուվրա արեց հոգիս։ «Սթոփ» ակումբից Որդան կարմիրի «Քայլ արա»-ն էր հնչում, մյուս կողմից էլ անձրևն էր, մեր արագ շարժն էր (ընտիր վիդեո կստացվեր)։ [Աստղիկ Մելքոնյան] 4 ժամից ավել է անցել, ես /երևի/ բաժնի պետի սենյակում եմ, ով արդեն պիտի ստորագրի,որ ինձ բաց թողնեն: Ազատության ուղիղ եթերն է նայում ու մեկ այլ ոստիկանի ասում՝ ամբողջ գիշեր էս սիգնալներն ու ձայներն են ականջներումս, քնել չեմ կարողանում, էս ի՞նչ են անում: Փռթկոցս չեմ կարողանում զսպել: Թեքվում է իմ կողմ ու հարցնում՝ ո՞ւր ես գնալու հիմա, ես՝ եսիմ, ի՞նչ տարբերություն, ուր պատահի: Բայց իրականում գիտեի ուր եմ գնալու՝ շաուրմա ուտելու: Ինքն էլ մի վերջին փորձ է անում.- Լավ, ստեղ ազգանունդ գրիր, ստորագրիր ու գնա:- Ի՞նչ ազգանուն:- Լավ, ուղղակի ստորագրիր:Ստորագրում եմ այն, ինչ առավոտյան. պատահական 2 տառեր, որոնցից ոչ մեկը ոչ Ա է, ոչ էլ Մ: Ուղեկցող ոստիկանն էլ արդեն աստիճանների վրա էլի է հարցնում․- Զուտ պրինցիպի համար, անունդ ասա, խնդրում եմ: - Զուտ պրինցիպի համար, չեմ ասում: Մի՞թե բացառիկ բան ա, որ մարդ չի ներկայանում ոստիկանությունում: Այ քեզ բան:- Ճիշտն ասած՝ հա, բացառիկ ա, որ մեկը էսքան ձգում ա: Հպարտ-հպարտ (չէ՞ որ պարզվեց բացառիկ եմ) դուրս եմ գալիս բաժանմունքից` որպես իգական սեռի ներկայացուցիչ, 18-25 տարեկան անհայտ ու սոված քաղաքացի ու վազում Շաուրմա ուտելու: [Գոհարիկ Տիգրանյան] Ոստիկանները շարունակեցին բռնոցին, երբ մի պահ որոշեցինք կանգնել ու փակել փողոցը։ Երեքով՝ Արփին, Սոնան ու ես վազեցինք դեպի ՎՏԲ-ի կամարները, ու մի հմայիչ արտաքինով տղամարդ՝ կոստյումով ու լաքապատ կոշիկներով քայլեց կողքներովս ու ասաց. «Հետևեք ինձ, կասեմ իմ պռակտիկաններն եք»։ Սպորտային կոշիկներով ու բաճկոններով, գզգզված մազերով ու ուսապարկով պռակտիկանտները այս անգամ էլ կարողացան դուրս պրծնել բաժնում հայտնվելուց։ Նորից հետ գնացինք, ոստիկանները զոհեր չէին գտել ու նորից իրենց դիրքերը գնացել։ [Աշոտ Խաչատրյան] Մոտ 4 ժամից բաց թողեցին, գրեթե նույն կազմով շարժվեցինք Երևան: Դալմայի մոտ արդեն փակ էր ճանապարհը, բայց ինչ-որ տարօրինակ խումբ էր: Երբ մոտեցա, հասկացա, որ Դալմայի աշխատողներն էին, իսկ ձեռքներին իրենց խանութների պաստառներն էին, որոնց հակառակ երեսին կարգախոսներ էին գրված: Ապրիլի ամենագլամուր ինքնակազմերկման դրվագն էր: [Գոհարիկ Տիգրանյան] Հերթական անգամ մեր հետևից ընկնելիս՝ ՎՏԲ-ի մոտ փորով, կոստյումով ու թանկ կոշիկներով մոտեցավ, թղթերի մի մեծ տուփ տվեց ասաց. «Վերցրեք բաժանեք աղջիկներ»։ Թղթերի վրա գրված էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Հասկացա, որ պայքարի ալիքը հասել էր տարբեր հիմնարկները, այսինքն՝ սայլն այդքան էլ կանգնած չէր, գուցե, ուշ հասկացա, բայց ես հիմնավորումը դեմքիս տալուց հետո նոր միայն կարող էի լինել վստահ (իրավաբանական քիչ կրթությունը միջիս ռոմանտիկին սիրում է սաստել): [Աշոտ Խաչատրյան] Այդ ամենը տեսնելուց հետո՝ դեպի կենտրոն շարժվելու ճանապարհին էլ ֆեյսբուքյան էջումս գրեցի, որ ՍԿՍԵԼ Ա՝ հեգնելով բոլոր այն անգամները, երբ մենք այս արտահայտությունն անում էինք, բայց իրականում ոչինչ էլ չէր սկսել: Այս անգամ հաստատ սկսել էր՝ շարժումն այլևս անբեկանելի էր: [Գոհարիկ Տիգրանյան] Վերցրինք թղթերը, լայնէկրան ժպիտով շնորհակալություն հայտնեցի, գնացինք նորից հետ։ Արդեն շատացել էինք, մայրերն ու կանանց մի խումբ ևս ակցիա էր սկսել՝ Բաղրամյանով իջնում էին։ Հավաքվեցինք, ու արդեն 4.30ի կողմերն էր՝ որոշվեց գնալ Մալաթիայից եկող ընկերներին դիմավորելու, Փակ Շուկայի կամուրջի տակ հրահրիչներից մեկը սկսեց գովազդային վահանակ պոկել, ու մարդիկ սկսեցին գոռգռալ, մի խումբ տղաները հանգստացրին մարդկանց, ու նրան շարքից դուրս հանեցին։ Սա էլ իմ առաջին օրինակն էր, որ, այո՜, բոլորս ոչ բռնի պայքար ենք ուզում։ [Աշոտ Խաչատրյան] Հետո լինելու էր մեծաքանակ հանրահավաքը, որի ժամանակ նորից նյարդայնանալու էինք ելույթների մեծ մասի անբովանդակությունից ու ոգևորվելու էինք նոր ու ավելի կտրուկ հայտարարություններից: [Միքայել Նահապետյան] Զանգում է ավագ ընկերս, որ համատեղության կարգով դիպլոմային աշխատանքիս ղեկավարն է. -Միքո՛, ու՞ր ես,- աչքերից բարկության կրակներ են թափվում։Ծիծաղելով պատասխանում եմ․-Խաչմերուկում։ -Այ տղա՛, ու՞ր ա ավարտական աշխատանքդ, ամսի 30-ին նախապաշտպանության ես։ Ի՞նչ ես արել։-Նյութերը կարդացել եմ,- նորից եմ ծիծաղում։-Այ տղա՜։ Ե՞րբ ես գրելու։Ու էստեղ հնչում է մարգարեական խոսքը.-Ընկե՛ր Մուրադյան, կամ Սերժը երեք օրից հրաժարական ա տալիս, կամ ես գալիս եմ, նստում համալսարանում` դիպլոմայինս գրելու։-Երեք օր Միքո՛։ Լսեցի՞ր։ Երեք օրից պրծած լինես։-Աչքիս վրա։Փողոցում մարդկանց թիվը հասնում է 70.000-ի, էվակուատորները չեն հերիքում, ոստիկանները չեն հերիքում։ Մտնում ենք ֆինալ։ [Թագուհի Ղազարյան] «Որ խնդրեմ, քեզի մօտ է, կը մտնես մի րոպէով ինքնագիրի շնորհանդէսին իմ օրինակս վերցնես? Ճամբուդ վրայ է»,-գրում է Քրիստիանը: Ինքնագրի հերթական շնորհանդեսն է, որը պլանավորվել էր հեղափոխությունից առաջ։ Հանրահավաքից առաջ գնում եմ «Ինքնագրի» շնորհանդեսին: Էստեղ հեղափոխական գրողների մի իսկական աստղաբույլ է հավաքված: Մարդիկ, որոնք այդ օրերին լուսաբացին գալիս էին հեղափոխության, երեկոյան գնում տուն, որոնցից ոմանք հետո պետական ապարատում դեր են ստանձնելու, ոմանք դժգոհելու են հեղափոխությունից ու դրա արդյունքներից, բայց առայժմ դեռ միասին են ու նույն ուղղությամբ են սևեռել հայացքները։ [Սոնա Մնացականյան] Լուսադեմին՝ ժամը 5:30, Նյու-Յորքի Ջեֆերսոն օդանավակայանում ենք, ընդամենը մեկ ու կես ժամ ունենք, որ հասնենք Դեթրոյթի ինքնաթիռին․ ժամանոց հերթի, ստուգումների, անձնական տվյալների լրացման, ժպտադեմ «welcome»-ն ասող ոստիկանի կանգառները հաղթահարելուց հետո կտրում ենք էս քավարան հիշեցնող սրահի գիծը ու վազում բեռների հետևից, թռիչքից 20 րոպե շուտ ենք հայտնվում gate-ի մոտ, մի հերթ էլ ստեղ ա։ Սպասելը ճիշտ չի, չսպասելն անքաղաքավարի ա, բայց հանկարծ նկատում ենք, որ մի աշխատակից ինչ-որ ռուսների առաջ ա գցում, որովհետև ուշանում են, է՜, մենք էլ ենք ուշանում։ Բայց մինչ կհասցնենք բողոքել, էս «միջնորդն» ասում ա՝ հա՞յ եք։ Փրկության պես ա հնչում հարցը, մտածում ենք՝ վերջ մի քանի րոպեից կհայտնվենք ինքնաթիռում։ Իհարկե, Անժելան, դրսևորելով իր հայրենակցական բարի մղումները, օգնում ա մեզ՝ էդ նեղ մաջալին չմոռանալով հարցնել, թե Հայաստանից ինչ լուր կա։ Բա չիմանայի՜․․․ մեկ էլ պարզվում ա, որ Մոսկվայի բարեկիրթ շարժուձևով աշխատակիցը անբարեխիղճ գործ ա արել, միայն Մարինեի տոմսն ա կապել Դեթրոյթին։ Մարինեն հրաժարվում ա մենակ թռնելուց։ Հաջորդ թռիչքը կեսօրին ա։ Տարբերակներից մեկն օդանավակայանի հատակին քնելն ա․ սա էլ մեր սոլիդարությունը կլինի Երևանի փողոցներում նստող ու պառկող մեր ընկերներին։ Ընտրում ենք երկրորդ տարբերակը՝ հյուրանոցում մնալը, որ գոնե ինտերնետի կպնենք։ [Գոհարիկ Տիգրանյան] Կիլիկիա ավտոկայանի մոտ հանդիպեցինք նրանց՝ որ շատ էին ու լիահույս, միացանք իրար՝ իրար ընդառաջ քայլով, երկու մեծ խումբ միացավ իրար (ևս մի հիանալի կադր)։ Հասանք Ամիրյան, Մանոյին էլ տեսանք (հիշում եք չէ, այդ օրերին ձեռք բերած ընկերներիցս է), ասաց, որ գնում է ՀԱԿ գրասենյակ, ինձ էլ Վահանն էր զանգել՝ գնում էի ՔՊ-ի գրասենյակ, որոշեցինք հանդիպել 15 րոպեից ու գնալ Հրապարակ, Սոնայենց էլ պիտի տեղում գտնեինք։ Գրասենյակ մտա, լիքը մարդ կար, որոշեցի դուրս գալ (մարդիկ շատ էին ու դա ճնշում էր)։ Մոտեցավ Արարատը. - Չես ամփսոսում չէ, որ եկել ես։ Պատասխանեցի ժպիտով.- Ավելի լավ ա արածիս համար ափսոսամ, քան՝ չարածիս։ Հետ գնացի հրապարակ։ Մերոնք Պարոնյանի թատրոնի դիմաց նստած էին, անեկդոտների մի մեծ շարան էր, որ իմացա էդ օրը։ Մեկն էլ ձեզ պատմեմ՝ որ Մանոյի ամենաուրախ կատակներից էր. «Ագռավն ինչի՞ ա ոտքով գնում տուն, որովհետև խմած ա լինում ու վախենում ա, որ կկանգեցնեն»։ [Գարեգին Միսկարյան] Սովորաբար ակտիվ «փողոցփակոցին» սկսվում էր ժամը 10-11 ից։ Ես, Սևակը, Սաթը «տնային կալանքի տակ» էինք։ Լրահոսի մոնիտորինգ, փակ փողոցներից կադրեր, Գուգլի խցանումների քարտեզների պարբերական հրապարակում, միջադեպեր, հայտարարություններ։ Եթե չեմ սխալվում, երկու օրվա մեջ Ինֆոքոմը դարձավ (ու մինչև հիմա էլ մնում է) Հայաստանում ամենաշատ ընթերցող ունեցող Տելեգրամ ալիքը։ Հիշում եմ, թե ծանոթներս ու ընկերներս, որոնք մինչև ապրիլի 17-18-ը չէին հավատում էս ամենին, ինչպես էին զանգում ինձ, թե՝ «Որտե՞ղ ես, գանք միասին փողոց փակենք», ինչպես էին զարմանում, որ ասում էի տանն եմ, էսօր չեմ կարա դուրս գամ, դուք փակեք, ես վաղը կմիանամ։ Էդպես մինչև երեկոյան 5-6-ը, որից հետո գնում էինք հրապարակ իրար տեսնելու ու ամփոփելու օրվա իրադարձությունները։ [Սոնա Մնացականյան] Վերջապես ժամը 7-ի կողմերը կարողանում եմ կապ հաստատել Հայաստանի հետ։ Մեսիջների տեղատարափ ա։ Երեկվա օրը բուռն ա եղել․ Զորիկն ու Գեմոն իրար են փնտրում, Էլիզը հա լինքեր ա դնում, Ալինան երթի նկար ու վիդեո ա կիսվում, Աննան Քրիստից անձրևանոց ա ուզում, Կարենն ա խոստանում երկու հատ բերել․․․ ինձ մենակ, շատ մենակ եմ զգում։ Խնդրում եմ, որ հենց ժամանակ ունենան, պատմեն, թե ինչեր են անում օրվա ընթացքում։ Չեմ կարողանում քնել, վերմակի տակ մտած, որ աղջիկներին չխանգարեմ, լուրեր եմ լսում, կարդում։ Մի կես ժամից Սաքոն ա պատասխանում, ասում ա՝ Սոն ջան, դե ոնց տեսնում ես, նույնն ա, առավոտից իրիկուն գործի պես գնում ենք ցույցի, ասում եմ՝ չէ, մի բան պատմի, բայց մանրամասն (էս պահանջ-խնդրանքից հետո իմ սիրասուն ընկերները իրանց պարտքն էին համարում ամեն օր գոնե մի բան պատմել ինձ համար)։ Սաքոն ակնհայտորեն մտնում ա դրությանս մեջ ու իր նախորդ օրվա «աշխատանքային առօրյայից» մի դրվագ ա պատմում․ «Երեկ ցերեկը Սարյան-Պրոսպեկտի խաչմերուկում նստած եմ աթոռին, մեկ էլ շուխուր լսեցի Սարյանի կողմից Պուշկինի մասից, մոտեցա, տենամ երկու հոգի կպել են մի ջահելի, բա բաց, պիտի անցնենք, խանութս Ամիրյանի կողմերն ա, մեքենայիս բագաժնիկում լիքը մթերք ա, որ պիտի տանեմ, թե չէ կփչանա։ Ասի ապեր ձև չկա, սկզբունքային հարց ա, բոլորն էլ ինչ-որ պատճառ ունեն, մենակ սկոռի, պաժառնի ենք թողնում։ Ասի, արի ես օգնեմ միասին տանենք, ձեռով։ ՃՃՄեկ էլ բացեց բագաժնիկը մի քանի մեշոկ էլ կարտոլ, էլ սոխ էլ չգիտեմ ինչ։ Ասի չէ, սրա հետ ավելի լավ ա վեճ սարքեմ, քան թե էս մեշոկները կրեմ Ամիրյան եսիմ որտեղ։ Մի խոսքով նենց խոսակցությունը տարա, որ իրար հետ հայտարարի չեկանք, էս էլ ջղայնացավ նստեց մեքենան, էտ զիբիլի յաշիկներին խփելով բանով գազ տվեց, իրա ավտոն էլ փչացնելով պրոսպեկտը կտրեց, մյուս կողմի յաշիկ մաշիկներին էլ խփեց պուշկինով գնաց ։-ՃՃ»։ Ձենով ծիծաղում եմ․․․ [Գոհարիկ Տիգրանյան] Հանրահավաքը սկսված էր, վերջում պարզ դարձավ, որ վաղը մասիվի կողմն էր ցնծալու ու յուրահատուկ զգալու իրեն։ [Սոնա Մնացականյան] Ժամը 2-ի կողմերը հասնում ենք Դեթրոյթ, մի 40 րոպեից էլ Էնն-Արբորում ենք։ Մի ժամ կամ նույնիսկ քիչ ունենք՝ գիտաժողովին պատրաստվելու համար։ Բացում եմ ճամպրուկս ու հայտնաբերում, որ որոշ կարևոր իրեր չեմ բերել․ տեսնես բա ի՞նչ էի ժամերով դասավորում Երևանում։ Հյուրանոցի նախասրահում հանդիպում եմ գիտաժողովի մյուս մասնակիցներին․ բոլորի խոսակցության նյութը Հայաստանն ա։ Գնում ենք համալսարան, գոնե լավ ա, որ էսօր մենք ելույթ չենք ունենալու։ Բայց պիտի լսենք, սա ծանր փորձություն ա, որովհետև ոչ մի կերպ չեմ կենտրոնանում։ Կողքիս Ծովինարն ա նստել, ինքն էլ ա անհանգիստ, պարբերաբար, որքան հնարավոր ա աննկատ, լուրերին ա հետևում ու ականջիս փսփսում նորությունները․ ոնց որ ձանձրալի դասի նստած աշակերտներ լինենք, որ սպասում ենք երկար դասամիջոցին ։-) Երեկոյան դուրս ենք գալիս քաղաք՝ մի քիչ պտտվելու։ Լավ քաղաք թվաց Էնն-Արբորը․ ուսանողներն էին շատ ու սկյուռիկները։ Ավելի ուշ գնում ենք փաբ՝ գարեջուր խմելու։ Չեմ հիշում՝ ինչ ենք խոսում, բայց հիշում եմ, որ Ծովինարի մաման ա գրում․ տոմս ա նայում, որ թռնի Հայաստան․․․  
19:46 - 20 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 19] Պետական ապարատը սկսում է ջղաձգումներ ցույց տալ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 19] Պետական ապարատը սկսում է ջղաձգումներ ցույց տալ

Լուսանկարը՝ Photolure-ի «Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 18] Թավշյա հեղափոխության մեկնարկը < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Աշոտ Խաչատրյան] Առավոտյան արդեն արթնացել էինք անսերժ Հայաստանում։ Ինձ թվում ա՝ ինքն էլ գոհ չէր իր ընտրության օրվանից։ Ինձ մոտ միայն մեկ կասկած կար՝ կհեռացվի ինքը խաղաղ, թե բռնի ճանապարհով։ Նախորդ օրը ինձ 2 անգամ բերման էին ենթարկել, ու դա ինձ հուշեց, որ մարտավարությունը պետք էր փոխել։ Պետք էր ամեն գնով չբռնվել, ինչքան մնայինք փողոցում, այնքան շատ օգուտ կտայինք։ [Արմեն Գալջյան] Առավոտյան 8-ի կողմերը՝ ես, Նիկոլը, Ամիգոն և Դավիթը ռուպռներով, ուղիղ եթերներով և power bank-երով «զինված» դուրս եկանք ՔՊ-ի գրասենյակից, որը գտնվում էր Մաշտոց-Խորենացի հատվածում: Մայթով քայլում էինք դեպի Ֆրանսիայի հրապարակ, ճանապարհին մեզ տեսնող բոլոր քաղաքացիները, առանց բացառության, սկսում էին քայլել մեզ հետ, երբ հասանք խաչմերուկ, տեսանք, որ հարյուրավոր երիտասարդներ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մեզ են սպասում: Երբ տեսան Նիկոլին, ոգևորություն տիրեց, մի փոքր ուշացել էինք նախատեսված ժամից, երևի մտածում էին, թե չի գա, դրա համար տեսնելուց ուրախացան: Փողոցները դեռ ազատ էին, մեքենաները կարողանում էին շարժվել, բայց հասկացանք, որ հերիք է և նստեցինք Մաշտոց փողոտայի վրա: Քաղաքը մեր նստելու պահին կանգնեց: Ձեռքերով շղթա կազմեցինք և ամբողջ Ֆրանսիայի հրապարակը շրջանաձև փակեցինք։ Երբ հասկացանք, որ ամեն ինչ նորից մեր վերահսկողության տակ է, երթով շարժվեցինք դեպի Բաղրամյան: Ուշադիր նայում էի դիմացս: ՍԴ-ի մոտ Նիկոլի ականջին շշնջացի՝ «առջևում ընդհանրապես ոստիկաններ չկան», անցավ երկու վայրկյան և սկսեցինք վազել դեպի Բ-26: Երբ հասանք դարպասների մոտ, մի շարք վահաններով ոստիկաններ հասցրեցին փակել շենքի մուտքը, չնայած մենք ներս մտնելու մտադրություն չունեինք: Քիչ անց Արարատը հարյուրավոր մարդկանց հետ վերևից միացավ մեզ, խնդրեցինք, որ այս «պոստը» վերցնի իր հսկողության տակ, իսկ մենք երթով իջանք դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ոստիկանությունը վահաններով շարվել էր և մինչև մեր գալը մոտ 30 հոգու բերման ենթարկել: [Վահան Կոստանյան] Քաղաքը շարունակում էր պարալիզացված մնալ։ Նորընծա վարչապետն անհասկանալի էր, թե ինչն էր կառավարում։ Ալիքը Երևանից արդեն սկսել էր դուրս գալ դեպի մարզեր, ինչն ավելի էֆեկտիվ էր դարձնում ապակենտրոն պայքարը, քանի որ ոստիկանական ուժերը չէին բավարարում։ [Սոնա Մնացականյան] Առավոտյան զարթնում եմ էն գիտակցությամբ, որ ես ճամփորդ եմ էսօր, բայց կուզեի մի հրաշքով էդ ճամփորդությունը հետաձգվեր։ Ամիսներով սպասել եմ էսօրվան, բայց հիմա կեսսիրտ եմ։ [Գոհարիկ Տիգրանյան] Գործը կիսատ էր, և այն կիսատ էր մնալու այնքան ժամանակ, մինչև սեփական աչքերով ու մարմնով չզգայի, որ որևէ փողոցում՝ առաջնագծում, թե թիկունքում, պատի կարիք չէր լինելու, քանի դեռ չզգայի, որ իմ կարիքն էլ չկա։ Սակայն հետադարձ թռիչքս 19-ին էր, քանի որ գնելիս ես որոշել էի գալ իմ բաժին հեղափոխությունն արագ անել ու հետ գնալ, բայց մաթեմատիկական հաշվարկներս, ինչպես միշտ, սխալ էին։ Նորից անհաշտ էի ինքս ինձ հետ, նորից պայքար (անկեղծ ասած, ես ինձ հետ կռվելուց արդեն հոգնել էի), բայց տոմսս փոխելու միտքը տանջում էր ինձ։ Գիտեի, որ մամային ասեմ ուզում եմ մնալ, դրամատիկ թատերական ներկայացում էր սկսվելու, մտածում էի մամային կասեի, որ գնում եմ, տոմսս կերկարացնեի ու կմնայի մտերիմ ընկերուհուս՝ Մարիամիկի տանը, բայց ամենամեծ խնդիրը գումարն էր, ես, ուղղակի, ինչպես տոմս առնելիս, այնպես էլ տոմսը երկարացնելու գումար չունեի։ Գրպանումս կար 20000 դրամ, ու դրա մասին որևէ մեկը չգիտեր։ [Աշոտ Խաչատրյան] Դեռ ոստիկանների թիվը բավարար էր, փողոցները փակելը մեծ բարդությամբ էր ստացվում։ Բայց մենք այդ օրը փորձարկեցինք մի բան, որով հետագայում ոստիկաններին աննկարագրելի տանջելու էինք։ Երբ ոստիկանները թույլ չտվեցին փակել Ֆրանսիական հրապարակը, մենք իջանք ներքևի խաչմերուկներ և սկսեցինք դրանք փակել։ Իրենք վազում էին խաչմերուկից խաչմերուկ, ցրում մեզ, մենք փախնում, մեկ ուրիշն էինք փակում։ [Վահան Կոստանյան] Օրվա ընթացքում հասցրի գնալ գրասենյակ ու զբաղվել հին ու բարի մոնիտորինգով, որովհետև գործողությունները կայծակնային արագությամբ էին զարգանում ու պետք էր հետևել դրանց ընթացքին։ Հետո հասցրի միանալ նաև ուսանողներին, որոնց ինքնակազմակերպմանը կնախանձեր ցանկացած HR մենեջեր։ [Գոհարիկ Տիգրանյան] Իմ հետ կռվելով հասա համալսարան, որոշվել էր ամենը սկսել համալսարանից, հետո պլանը փոխվել էր ու պետք էր գնալ Ֆրանսիայի հրապարակ։ [Վահան Կոստանյան] Վաղը պիտի Գոհարիկը գնար, ինչը թույլ տալ չէի կարող։ Ինտուիտիվ մակարդակում զգում էի, որ մեզնից հաղթանակը գողանալ էս անգամ հնարավոր չի ու գիտեի, թե ինչքան կարևոր էր Գոհարիկի համար էդ հաղթանակին ներկա լինելը։ Իսկ իրականում կարոտս չէի առել ու էգոիստաբար չէի ուզում, որ գնար։ [Գոհարիկ Տիգրանյան] Սոնայի հետ հասա հրապարակ, մի քանիսին բարևելուց հետո Վահանին տեսա ու սկսվեց․- Ի՞նչ ես որոշել, գնում ես։ Կուզե՞ս գնանք տոմսդ երկարացնենք։ Գայթակղիչ էր, չէ՞, ինձ առաջարկում էին սրտիս ուզածը, ասացի․- Չէ կգնամ հետ, ես իմ գործն արել եմ։ (Մտքումս ինչ-որ մեկը աչքերը պտտացրեց ու ճպացրեց)։ [Վահան Կոստանյան] Համոզեցի գնանք ուկրաինական ավիաուղիների գրասենյակ ու փոխենք տոմսը։  [Գոհարիկ Տիգրանյան] Վահանն առաջարկեց գնալ գոնե իմանալ, թե թռիչքի օրը փոխելը ի՞նչ կարժենա, ինչ արեցի, իհարկե, համաձայնեցի։ [Վահան Կոստանյան] Պարզվեց, որ տուգանք պետք կլինի մուծել հետաձգելու դեպքում, իսկ Գոհարիկը վերջին խնայողություններն արդեն ծախսել էր Երևան գալու համար։ [Գոհարիկ Տիգրանյան] Հիասթափություն, ուկրաինական ավիաուղիները ներկայացնող գրասենյակում ասացին, որ իմ ուզած տարբերակով վճարելու ենք 100000 դրամ, չհամաձայնվեցի։ [Սոնա Մնացականյան] Գնում եմ համալսարան՝ որոշ կիսատ գործեր ավարտելու։ Համալսարանի դիմաց հանդիպում եմ Անդոյին, մենակ ա ծխում․ Վահրամն Ամերիկայում ա, Արթուրն էլ ցույցի տեղը կլինի՝ հաշվի առնելով իր երեկվա հեղափոխական նամակը։ Զարմանում եմ, որ Անդոյի լսարանում դեռ ուսանող կա։ Ինքն էլ իմ զարմանալու ու իմ ոգևորվածության վրա ա զարմանում։ Ասում ա՝ ես էս անգամ սկզբունքորեն չեմ մասնակցում, որովհետև անկազմակերպ ա երևում, ծրագրված չի։ Ասում եմ՝ բայց էս անգամ ուրիշ տեսակի ա երևում, ինքնակազմակերպվող ա, մենք էլ չգիտենք՝ ինչ ա լինելու վերջը, բայց փաստ ա, որ օր օրի աճում ա թափը։ Չէ որ չէ՛, մեր ծրագարավորող ընկերը հստակ ծրագիր ա ուզում։ [Միքայել Նահապետյան] Արթնանում եմ 10-ին։ Նորմալ քնել եմ։ Ի՞նչ է անում իսկական հայ տղամարդը վաղ առավոտյա՞ն. բլոկում է ԱԳՆ շենքը։ [Վահան Կոստանյան] Անտրամադիր դուրս եկանք, սկսեցին մեր մշտական կռիվները. համոզում էի, որ կգնեմ տոմսը ու հետո գումարը կվերադարձնի ինձ, ինչպես միշտ՝ հակառակվում էր։ [Գոհարիկ Տիգրանյան] Հետ եկանք հրապարակ, առավոտվա պլանը համալսարան գնալ և էլի ուսանողներ հավաքելն էր, նախորդ օրվա պես շատ չէինք։ Կոտրված ու դաշտը լքող զինվորի պես քայլում էի, երեխեքը կողքիս էին, կեղծավոր ժպիտով ու հաստատակամ ասում էին, որ ես անցել եմ իմ բաժին ճանապարհը, ու քանի որ վարչապետի պաշտոնում հայտագրված մարդն արդեն նաև ընտրված էր, շատերիս մեջ «նորից չստացվեց» կիսաժպտադեմ, բայց քարուքանդ եղած հոգեվիճակն էր (ես վստահ կարող եմ ասել, որ շատերս ենք կեսից մտածել շարժման ձախողման մասին, ես արդար չեմ լինի, որ պնդեմ, թե ես ու շատերը սկզբից մինչև վերջ հավատում էինք պայքարի հաջողությանը, դե ինչ ասեմ, մարդկային հոգեբանությունն էդպիսին է)։ Արդեն լքում էինք համալսարանի տարածքը, երբ ֆիզիկայի ֆակուլտետից մի դասախոս տեսավ Սոնային ու նրա կուրսեցիներին ու ասաց․- Ապրեք, շարունակեք, դասի մասին մի մտածեք, չգաք։ Հուսադրող էր, իհարկե, պարտավորեցնող էր։ Ֆիզիկայի ֆակուլտետի վերջում էինք, Վահանը զանգեց, առաջարկեց միանալ իրեն ու Մխիթարին։ Գնացի, թենիսի կորտի կողքին եղած, դեպի այգի տանող նեղ աստիճանների վրա նստած էին։ Տխուր էինք, խոսում էինք, ինչ-որ բաներ քննարկում, Մխիթարը հարցրեց, թե երբ եմ գնում, պատասխանս․ «Վաղը»։ Վահանը կողքից սկսեց․- Առաջարկում եմ, չի ուզում տոմսը հետ տա ուշ գնա, չի ուզում գումարը ընդունել։Մխիթարը նայեց վրաս․- Ինչի՞, անելիք կա, եթե չկա էլ, գոնե կհանգստանաս մի քիչ, նոր կգնաս։ Սրտովս էր, ամենը սրտովս էր, բայց այդ ի սրտե ցանկությունը իմ կրթաթոշակի 70 տոկոսն արժեր։ Որոշեցինք գնալ ու ուրիշ օրեր էլ ստուգել, եթե թանկ լիներ՝ հետ էի գնում։ Նորից Թումանյանի վրա էինք, Մխիթարը հոգնած էր, նստեց, ես ու Վահանը աշխատակցի մոտ էինք, ստուգեցինք, բոլոր օրերն ու ամենաէժանը ապրիլի 24-ին եղած տոմսն էր, արժեքը՝ մոտ 70000 դրամ։ Սկզբում կտրուկ մերժեցի, հետո Մխիթարն ասաց․ «Երեխայություն մի արա»։ Վահանին ասացի, որ Կիևից վերադառնամ ու կփորձեմ արագ հետ վերադարձնել պարտքը, սկզբում մերժում էր, հետո՝ համաձայնվեց (իրականում սպառնացի)։ [Վահան Կոստանյան] Իմ էգոիզմը, ինչպես շատ դեպքերում, տեղի չտվեց, գլուխս տնկեցի, վերադարձա ու խնդրեցի թռիչքը հետաձգել մինչև ամսի 23-ը, ով իմանար, որ հենց էդ օրը ՍՍ-ն պիտի հրաժարական տար։ [Արմեն Գալջյան] Փաշինյանը ոստիկանության ներկայացուցիչների հետ բանակցեց մոտ 10 րոպե, որը տվեց իր դրական արդյունքը, մենք շարժվեցինք դեպի բժշկական, հետո ԵՊՀ, Խանջյան, Վարդանանց, քաղաքապետարան և այդպես շարունակ: [Միքայել Նահապետյան] Ոստիկանությունը խաղում է երկու լարի վրա։ Նիկոլի շուրջ դեմոկրատիա են բեմադրում, առանձին օջախներում վայրենի գործելակերպ դրսևորում։ Գեմոյին եմ տեսնում։ Ասում է՝ գալի՞ս ես փողոցն անցնենք։ Ասում եմ` արի։ Հենց անցնում ենք նորից է հարցնում՝ գալի՞ս ես փողոցը անցնենք։ Նայում ենք իրար, բազմանշանակ ժպտում ու ով գիտի Գեմոյին` գիտի նրա պայթող ծիծաղը... այ դա որոտում է Սարյան-Ամիրյան խաչմերուկում։ [Գոհարիկ Տիգրանյան] Տոմսը փոխել էի, այդ ժամանակ քայլողները հասել էին քաղաքապետարան։ Որոշել էի՝ մամային չէի ասելու մնալու մասին, կմտածեր էլ Հայաստանում չեմ, իսկ ես կմնայի Մարիամիկենց տանը։ Օպերայի շրջակայքում ֆեմինիստական ճակատին տեսանք՝ ոստիկանների հետ խաղում էին, նրանք իրենց գործը լավ գիտեին (քիչ փորձի չէ, որ ունեին)։ Այդ օրն էր կարծեմ, որ Աննան իր ռուպըռը տվել էր Նիկոլին (պատկերացնում եք չէ, թե ինչ ժամանակներ էին), ինչ ոգի էր։ [Միքայել Նահապետյան] Ուրեմն մեր անցուդարձը տևում է կես ժամ, հետո մի տեղից վերջապես ազատվում են բերետները, հասնում մեզ։ Եվ ո՜վ դու զարմանք. երեք վայրկյանից չքվում ենք տարբեր ուղղություններով։ Բայց այս խառնիխուռն իրադարձությունների մեջ մի բան հնչեց ավետիսի պես. ոստիկանական ռացիայի ձայնը։ Երրորդ գումարտակի հրամանատար Խաչիկը կապ է տալիս Արշակունյացում աշխատող խմբին. «Պրասպեկտ-Ամիրյան մարդ ուղարկեք` չենք հերիքում»։ Հնչում է պատասխանը «Ի՜, արա դու՛ք մեզ մարդ ուղարկեք»։ Պատկերացնում եմ գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի դեմքը։ Նա սա տեսել է Մաշտոցի պուրակում, տեսել է «100 դրամի» ժամանակ, նա գիտի, որ այս ալիքի դեմ խաղ չկա, որ էս պրոցեսում հարվածները միայն արագացնում են ընթացքը, նա գիտի, որ պիտի տան այն, ինչ պահանջում ենք, բայց նախկինում խաղադրույքը այգի էր կամ ուղեվարձ, իսկ հիմա, փաստորեն, իշխանությունն են հանձնելու։ Չեմ նախանձում։ [Սոնա Մնացականյան] Մինչ ես ուսանողներիս նամակներին եմ պատասխանում, ավարտականի թեմաներն եմ քննարկում, Քրիստն ու Գեմոն հայտնվում են Շենգավիթի ու Էրեբունու քաղմասերում՝ համապատասխանաբար։ Կարենը ոտուձեռ ա ընկել․ էնքան Քրիստի համար չի անհանգիստ, ինչքան Գեմոյի։ Վախենում ա, որ Գեմոն մի տաքարյուն բան կանի հիմա։ Գնում ա Էրեբունու ոստիկանություն, Գեմաֆին անունով մարդ ոչ լսել են, ոչ տեսել։ Գասպարիին էլ են դուրս թողնում, բայց Գեմոյից լուր չկա։ Մի կերպ ճշտում ա, որ ներսում ա, ուղղակի անունն ա հրաժարվել ասել։ [Գոհարիկ Տիգրանյան] Գնացինք քաղաքապետարանի մոտ, ճանապարհին մարդկանց մեծ խումբ էր միանում ցուցարարներին, մենք զարմացած էինք, խումբը մեծ էր իրական լինելու համար։ Ուրախացանք, հույսը վերածնվեց, մարդիկ մեզ չէին մոռացել, իսկ վարչապետի ընտրությունն էլ չէր մարսվել։ Բոլորը հոգնած, պառկած էին քաղաքապետարանի գազոնին, ես էլ առիթը բաց չթողեցի ու թռա գազոնի վրա (էլ երբ էի նման շանս ունենալու՝ փափուկ գազոն, արևոտ օր, ոչ մեկ չէր հանում)։ Սուսիին տեսա՝ կուրսեցիս էր, ով որոշել էր, որ միանում է պայքարին, գրկվեցինք, խոսեցինք ու մեր խմբին միացավ։ Մանոն ինչպես միշտ հումորներ էր անում, խոսում էր (Մանոյի հետ մտերմացա այդ օրերին, անբաժան ընկերս էր դարձել)։ Հրահանգ տրվեց, որ դուրս գանք գազոնային տարածքից ու գնանք Կոմիտասի անվան այգի, ճանապարհին տեսանք մեր մյուս կուրսեցուն՝ Արսենին (նա էլ Վրաստանից էր եկել, հենց նույն առիթով)։ [Սոնա Մնացականյան] Աննան պատվիրում ա, որ եթե իրեն բերման ենթարկեն, ցույցը չթողնեն գնան հետևից։ Մեկ էլ Գեմոն ա գրում, թե ինքն անհայտ քաղաքացի ա ու կոֆե ա խմում «մեր ընգերոջ»՝ Արթուր անունով ոստիկանի հետ։ Կարենը պնդում ա, որ էդ անանուն կայֆերը թարգի, դուրս գա։ Սիրտս պայթում ա, ուզում եմ միանամ ընկերներիս, բայց դեռ ճամպրուկս չեմ հավաքել, էլ չասած՝ որ որոշ շորեր էլ պիտի լվանամ։ Վազում եմ տուն։ Գյուլբենկյանի մրգաբանջարեղենային բաց շուկայի վաճառողները կլանված ռադիո են լսում (էստեղ ռադիոն միշտ ա միացրած), բայց էդ կլանվածներից մեկը նկատում ա ինձ, ավելի շուտ՝ մազերս։ Իմ համար նորություն չի դա, մազերս համարյա ազգային արժեք են դարձել, կարամ նույնիսկ ապահովագրեմ։ Բայց ապահովագրելու փոխարեն մտածում եմ, որ մազերս էլ կտամ, մենակ թե հեղափոխությունը ստացվի։ Մի րոպե, Սոնա՛ ջան, կարո՞ղ ա գիտես էս քո համար Ջրահարսի հեքիաթն ա, հեղափոխությունն էլ՝ խեղդվող արքայազնը։ Հա, ինչ պակաս հեքիա՞թ ա որ․․․․ ֆեյսբուքում գրում եմ խոստումս, պարզվում ա՝ ես մենակ չեմ։ Իրարից անկախ՝ ինձ ծանոթ ու անծանոթ մարդիկ խոստացել կամ արդեն իսկ զոհել են իրենց մազերը։ [Գոհարիկ Տիգրանյան] Ժամը 4-ին Վահանն ու ես պետք է Մեդիա կենտրոնին հարցազրույց տայինք։ Հարցազրույցի ընթացքում իմացանք, որ շարժվում են դեպի ԿԳՆ, հետո՝ հրապարակ։ Վերջացնելուց հետո միացանք մեր ընկերներին, ճանապարհին ես որոշեցի ավելի փոքր սուտ ասել մամային, բայց մնալ տանը։ [Աշոտ Խաչատրյան] Հուզիչ էր մեկ այլ դրվագ։ Երբ մի քանի բռնության դեպք եղավ, ցույցի մասնակից և պարզապես ականատես մի խումբ կանայք հավաքվեցին, մի քանի վայրկյան խորհրդակցեցին և որոշեցին, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկը միմիայն իրենք են փակելու։ Մեզ անգամ թույլ չէին տալիս միանալ իրենց։ Ոստիկանների շվարած դեմքը չեմ մոռանա, բացի խնդրելուց ոչինչ չկարողացան անել, որոշ ժամանակ հետո կանայք միայն իրենց կամքով ազատեցին խաչմերուկը։ Այս դրվագը շատ բան էր ասում մեր հասարակության մասին։ Քիչ թե շատ մարդկային ոստիկաններով ոստիկանապետություն կառուցելը բարդագույն գործ է։ [Սոնա Մնացականյան] Խանդանյանն ա գրում, թե որտեղ եմ, երբ պիտի հանդիպենք․ ճամփա ընկնելուց առաջ սա կարևոր ծիսակարգ ա։ Սաքոն Ստամբուլից ա դարձել բոլոր անգտնելի հասցեների, անհայտ ուղիների իմ նավիգատորը, բայց զգում եմ, որ չեմ հասցնի։ Խոսում ենք, ինքը կենտրոնում ա, ինձ բարի ճանապարհ ա մաղթում, խնդրում ա, որ չմոլորվեմ, ասում ա՝ մինչև գաս, հեղափոխություն կանենք, ես նեղվում եմ, որ իրենց մենակ եմ թողնում: [Վահան Կոստանյան] Երեկոյան ոստիկանության հայտարարությունը տարածվեց, որ փողոցային անկարգությունների պատասխանատվությունը կրում են Նիկոլ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը, Վահան Կոստանյանը և Դավիթ Պետրոսյանը։ Վատ շրջապատ էի ընկել փաստորեն ու ձերբակալվելը սարերի հետևում չէր։ [Սոնա Մնացականյան] Ուշ ա արդեն, ես ճամպրուկս եմ դասավորում, իբր․․․ մի բան դնում եմ, մինչև մյուսը կդնեմ, րոպեներով քարանում եմ Ազատության լայվի առաջ, քուրս նկատողություն ա անում, որ կուշանամ, հետո հույսը կտրած՝ ինքն ա սկսում հուշել, թե ինչ պիտի անեմ։ [Արմեն Գալջյան] Երեկոյան նորից հանրահավաք էր հրավիրված Հանրապետության հրապարակում, այսօր ավելի շատ մարդ կար: Հանրահավաքի ավարտին հայտարարվեց, որ նորից ենք գնում Բ26 մոտ: 40 հազարանոց երթ էր, իսկական կաշմառ, մութ, սադրիչներ, պետք էր պահել, որպեսզի բախումներ չլինեն, երթը կանոնավոր ընթանա: [Դանիել Իոաննիսյան] Ապրիլի 18-ին մարդկանց քանակը նվազում էր, քանզի Սերժ Սարգսյանի ընտրությամբ շատերն իրենց պարտված էին զգում: Երեկոյան նախաձեռնվեց երթ դեպի Բաղրամյան 26, որպեսզի Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ նայի ժողովրդին փշալարերի հետևից: Լևոն Երանոսյանը որոշեց դիմավորել ժողովրդին ոչ թե փշալարերով, այլ զրահատեխնիկայով: Ես մի 5 րոպե շուտ հասա ու հստակ տպավորություն էր, որ ուզում են սադրանքի միջոցով դաժան սցենարի գնալ։Մարդիկ հասան նստավայր ու վանկարկումներ անելուց հետո Նիկոլի գլխավորությամբ ետ գնացին։ [Արմեն Գալջյան] Մոտ 10 հոգով առջևից էինք գնում, կասկածելի մարդկանց չեզոքացնում, բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ ընթացավ, վերադարձանք Հանրապետության հրապարակ՝ առավոտյան գալու պայմանավորվածությամբ: Կար մի վախեցնող բան, որ ժողովրդին դուր չի գա Բ26 գնալ հետ գալը, բայց իրենք էլ տեղում հասկացան, որ երկիրը արդեն ոչ թե այդ շենքից է կառավարվում, այլ փողոցից: [Դանիել Իոաննիսյան] Բայց ոչ բոլորը։ Մի որոշ՝ առավել ագրեսիվ խավ մնաց, ու Սանասարյանին հազիվ հաջողվեց պահպանել խաղաղությունն ու մարդկանց ետ իջեցնել դեպի Ֆրանսիայի հրապարակ։ [Վահան Կոստանյան] Ուշ երեկոյան Պուշկինի փողոցի բակերից մեկում հանդիպեցի պետական ապարատում աշխատող ընկերներիցս մեկին, ով պատմեց՝ ու ղեկավարները չեն կարողանում կառավարել աշխատակիցներին։ [Սոնա Մնացականյան] Ճիշտ ժամին հասնում եմ Զվարթնոց․ ես ինձնից գոհ եմ, որ չուշացա։ Անդոն ա գրում, թե ինչ վիճակ ա քաղաքում։ Ասում եմ՝ Աննայի հետ խոսի, ես Զվարթնոցում եմ արդեն։ Բարի ճանապարհ ա մաղթում, ես էլ մի վերջին հույսով գործարք եմ առաջարկում՝ իմ փոխարեն դու գնա ցույցերին, տենց սկզբունքիդ էլ չես դավաճանի ։-)) Բարձրանում ենք ինքնաթիռ․ ցտեսություն, երկի՛ր ջան․․․ [Գոհարիկ Տիգրանյան] Հանրահավաքը վերջացավ, կարծեմ փողոցում մարդ չէր մնում, գնացի տուն։- Մամ սուրճ տուր։  Մինչև մաման խոհանոցում էր, ես մտածում էի։- Մամ, գիտես, մնում եմ, կուրսեցիներս ևս գալիս են, համալսարանից գրել էին ու ասել, որ թողնում են Երևան գալ ու մասնակցել ցույցերին։ Կիևում դասերը դադարել են։Մայրս լուռ էր ու սկսվեց․- Այսինքն մնում ես հա, էդ ոնց եք բոլորդ մնում, խաբում ես։ Էլի ինձ հաշվի չես առնում։ Վերջում դուրս ես մնալու համալսարանից։ Էլ երդում, էլ գոռոց, բայց համոզեցի, մնում էի։ Հետո, իհարկե, խոստովանեցի սուտս, բայց այդ պահին ապահով էի, նա գիտեր, որ մնում եմ։ Իրականում, հեղափոխության իմ մասը չէր ավարտվել ու ով գիտեր, որ այն ճիշտ ժամանակին էր ավարտվելու․․․ [Վահան Կոստանյան] Կեսգիշերն անց վերադարձա տուն, որտեղ ինձ սպասում էին նույն երկու մեքենաները, զգում էի նաև, որ օրվա ընթացքում էլ միշտ պոչ ունեմ հետևիցս։Տնեցիները տեսել էին ոստիկանության հայտարարությունը, ու պապաս իջել էր բակ ինձ դիմավորելու՝ անակնկալ հարձակումներից խուսափելու համար։ Լավ ծերացել էր։ Ընդհանրապես, տարիներ շարունակ ամեն ակցիայից հետո գալիս էի տուն ու տեսնում, թե ոնց են ծերացել ծնողներս։ Ես ու ընկերներս վստահորեն չենք ափսոսում մեր էս տարիների համար, բայց վստահորեն բոլորս էլ մեղքի զգացողություն ունենք մերոնց նկատմամբ։ Գոհարիկի հետ միշտ խոսել ենք սրա մասին, երբ դեռ ամենը նոր էր սկսվում, մի անգամ էլ Միքոյի հետ էինք քննարկել, թե հանուն ինչի ծնողներին կմոռանանք, կմոռանանք նրանց զգացմունքները, դրանք կստորադասենք։ Վստահ եմ, բոլոր ընկերներս մեկ տարի, երկու, երեք, չորս տարի առաջ նույն պատասխանը կտային ու վստահ եմ, որ բոլորս հոգու խորքում ամեն անգամ ուզում ենք ասել էդ կներեք-ը, բայց չի ստացվում։
19:50 - 18 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 18] Թավշյա հեղափոխության մեկնարկը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 18] Թավշյա հեղափոխության մեկնարկը

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 17] Առաջին կայծը < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Գոհարիկ Տիգրանյան] Երբեք չեմ գոռացել «ոստիկանը մերն ա, իմն ա», չէ, ես երբեք չեմ հավատացել դրան (գուցե դեռ չեմ էլ հավատում), ու եթե պետք է գոռայի, որ ինքս ինձ համոզեի, վստահեցնում եմ՝ դա ժամանակի ու էներգիայի վատնում էր, որի կարիքը ես դեռ շատ էի ունենալու, իսկ ստեր գոռալ, կներեք, ստելուց վատ եմ․․․ Չէ, ես չեմ ստում։ [Վահան Կոստանյան] Շատերը մտածում էին՝ էսօր ու վերջ, եթե չստացվի, ուրեմն ցրվելու ենք տներով, համակերպվելու ենք գլուխներս կախ ևս չորս տարի ապրելու հետ։ Բայց երեկ երեկոյան արդեն որոշումը կայացված էր, որ շարունակելու ենք։ Սա նյարդերի պայքար էր՝ երկարատև ու հյուծող։ Իսկ այդ օրվա իշխանությունների նյարդերը էսօր տեղի տվեցին։ Շաբաթներ շարունակ շարունակվող բանի տեղ չդնելու տակտիկան չէր աշխատել ու ստիպված էին նոր բան մտածել։ Իսկ նոր գաղափարը՝ հին ձևերով համատարած մարդկանց բռնելը դուրս եկավ։ [Սոնա Մնացականյան] Առավոտը ժամը 6։30 զարթնում եմ, դասավորում ուսապարկս, սուրճ խմում ու դուրս գալիս։ Նախորդ օրը պայմանավորվել ենք, որ իրար մոտ ապրողներս միասին իջնենք։ Ես ու Լուսինեն պիտի հանդիպենք Գյուլբենկյանի վրա՝ Ամերիա բանկի մոտ։ Լուսոն իր բազմամյա ակտիվիստական փորձով գնահատում ա մարտական հագուկապս․ ասելիք չունի։ [Գոհարիկ Տիգրանյան] Առավոտ էր, նորից Վահանը եկավ հետևիցս, երեկվա շվաքի տակ հավաքվում էինք Իսահակյանի արձանի մոտ, բայց այս անգամ պիտի արդեն ակցիայի մասնակիցներին հնարքներ փոխանցեինք ու ասեինք, որ ոստիկանների հետ գլուխ չդնեն։ [Վահան Կոստանյան] Էլի նույն ժամին հավաքվեցինք Իսահակյանի արձանի մոտ։ Պապաս հետս եկավ կենտրոն, բայց չթողեցի մնա ու զոռով ուղարկեցի Ֆրանսիայի հրապարակ։ Ուսանողները տեղում էին, տակտիկան՝ նույնը։ Նախապես որոշեցինք, որ եթե ոստիկանները որոշեն մեզ բռնել, մյուսները պիտի փախչեն։ [Գոհարիկ Տիգրանյան] Որոշված էր՝ ոստիկանների գալուն պես պիտի ցրվեինք ու հավաքվեինք Սայաթ Նովայի վրա (սա շշուկով էր տարածվում), բռնվելիս գոռում էինք մեր անունն ու հեռախոսը, որ դրսում եղողները կապվեին իրավաբանների ու պաշտպանների հետ։ [Դանիել Իոանիսյան] Ամսի 17-ին առավոտ շուտ ինձ արթնացրեց Անտոն Իվչենկոն, ով խնդրում էր իր հետ միասին փակել Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը (դեպի ձոր տանող հատվածը): Ասացի, որ փակելուն անմիջականորեն չեմ մասնակցի, բայց կգամ: Անտոնը տխրեց: [Աշոտ Խաչատրյան] Անհնազանդության առաջին օրվանից հետո կասկած չէր մնացել, որ մեթոդը աշխատում ա։ Առավոտը բարձր տրամադրությամբ էի արթնացել, գիտեի, որ հաջողությունը տասնապատկելու էինք։ Բայց տասնապատկվելու էր առանց ինձ։Ժամը մոտ 7։30-ին մեր շենքի մոտ ինձ մոտեցան 4 ոստիկան ու հանգիստ ձևով ճանապարհեցին դեպի մեքենան։ Իմ հարևան ոստիկանն էր «նավոդկա» տվել, սպասում էի, անկեղծ ասած։ Գիտեի, որ պարզապես տանելու են բաժին, որ ժամանակ ձգեն։ [Վահան Կոստանյան] Դեռ տասը րոպե ժամանակ կար մինչև նախատեսված ժամը ու մենք հանգիստ կանգնած էինք մայթին, երբ երեք ոստիկանական ավտոբուս եկավ ու կանգնեց Մանկանի մոտ։ [Գոհարիկ Տիգրանյան] Պլանը նույնն էր՝ փակել բժշկականը, ավելի շատ էինք, արագ էինք գլուխ բերելու պլանը, իրականում ավելի մարտական էինք, նյարդերի ու զայրույթի պիկ էր բոլորիս մոտ։ Հեռվում՝ Մանկան խանութի մոտ, երևաց երկու պազիկ՝ մեջն էլ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ու կարմիր բերետավորներ։ Մոտեցավ մի մեքենան, ու երեխեքը սկսեցին ցրվել, ոստիկաններից մեկը մոտեցավ Դավիթին ու Վահանին, Դավիթը պահանջում էր, որ նախորդ օրվա արածների համար բացատրություն տան, մենք հետևում 17-18 հոգով կանգնած էինք: [Վահան Կոստանյան] Մի քանի րոպեից մի յոթ-ութ ոստիկան մոտեցան մեզ, մի կողմ քաշեցին ինձ ու Դավոյին ու ջուր էին ծեծում, մինչև հնչեց բռնեք էտ երկուսին հրամանը։ [Գոհարիկ Տիգրանյան] Չնկատեցինք օղակը ոնց սեղմվեց ու մեզ սկսեցին հերթով պազիկ քարշ տալ։ [Վահան Կոստանյան] Ես ու Դավոն գրկել էինք իրար, որ չկարողանան առանձնացնել մեզ, հետո մեզ գրկեցին ուրիշ ուսանողներ մոտ տասը-տասներկու հոգի, ահագին դիմադրելուց հետո բոլորիս նստացրին ավտոբուս ու պատրաստվում էին շարժվել։ [Գոհարիկ Տիգրանյան] Ես մի հստակ բան գիտեի, չէի փորձելու դիմադրություն ցույց տալ՝ նրանց համար ես մի փոքրիկ իր էի, որին կարող էին վերցնել ու դնել ավտոբուսի մեջ, բայց կարևորն իմ արժանապատվություն էր, ինձ հրող ոստիկանին, գոռալով ու արդեն առանց որևէ տոկոս հարգանք զգալու ասացի․ «Ձեռքս թող, գալիս եմ»։ [Վահան Կոստանյան] Էդ պահին գլխիս ոնց որ դույլով ջուր լցնեին․ պապաս հայտնվեց ու իրա ոտքով նստեց ավտոբուս։ Հունից դուրս էի եկել, կռվում էի հետը ասելով՝ հիմա ես ինձ ու մյուսներին փորձեմ օգնել թե քեզ։ Դավոն գոռգռում էր, Յուրը ցինիզմն էր միացրել, ավտոբուսն էլ շարժվում էր դեպի Մյասնիկյան պողոտա։ [Գոհարիկ Տիգրանյան] Աղջիկներին քաշքշեցին, տղաներին հայհոյախառը բառեր ասացին, մինչև Մասիվ մտնելը չգիտեինք՝ ուր էին տանում։ Ես սկսեցի երգել, Էլենն ու Գայանեն միացան (այդ պահին չէի մտածում, որ երաժշտական տաղանդով չեմ փայլում), երգում էինք․ «Նրանք մեզ ուրացան, բայց մեր հացը կերան։ Մեր թեթև քայլերին լարեցին թակարդներ, մենք նրանց խղճացինք, նրանք սխալ հասկացան․․․․»։ [Վահան Կոստանյան] Հասցրի գլխի ընկնել, որ մասիվի բաժին են տանում ու Դանիելին նամակ գրեցի, որպեսզի իրավաբաններ ուղարկեն։ Երեխեք կային, ովքեր առաջին անգամ էին բռնվում ու ահագին ընկճված էին, խուճապահար, սկսեցի գոռալով ինստրուկտաժ անել իրենց իրավունքների մասին ոստիկական բաժանմունքում, ոստիկանները որոշեցին, որ շատ եմ խոսում ու փորձեցին լռեցնել, փոխարենը գոռգռոցներիցս իրենց էլ բաժին հասավ, ինչը միևնույն ժամանակ ահագին գոտեպենդեց երեխեքին։ [Գոհարիկ Տիգրանյան] Պազիկի մեջ 17 հոգով էինք, երեխեքի մի մասը անփորձ էր։ Մորս ոչինչ չգրեցի, մտածում էի 3 ժամից բաց կթողնեն, չի էլ իմանա, բայց հետո պարզվեց մայրս առաջին շոկն արդեն ապրել էր (ուզում եմ, որ այս տողերը կարդալիս յուրաքանչյուր ակտիվիստ հիշի ու հասկանա, որ մեր ծնողների համար ակտիվիստի ու ակտիվ քաղաքացու ծնող լինելը հպարտանալիք, բայց նաև ուժեղ կամքի դրսևորում է եղել, նրանք մեզ աջակցել էին լուռ, բայց ամեն կրակոցի, ամեն հրմշտոցի ժամանակ, նրանք աչքերը փակում ու լուռ կրկնում էին՝ միայն թե որևէ մեկին բան չլինի, նրանք սովորել են կիսել զավակ ու այլոց իրենց զավակը համարել)։ Խոստովանում եմ՝ ես ու մայրս մինչև այսօր նրա ապրումներից չենք խոսել, մենք լուռ հասկացել ենք իրար։ [Արմեն Գալջյան] Առավոտյան քայլում էինք Մաշտոցի պողոտայով, մարդիկ քիչ-քիչ հավաքվում էին, երբ դարձանք 500 հոգի, գնացինք և բժշկականի դիմաց նստեցինք։ Փողոցի վրա կարմիր բերետավորների մի խումբ եկավ, բայց չէին կարողանում մեզ հեռացնել, որովհետև ձեռքերով շղթա էինք կազմել, հետո տեղից տեղ էինք վազում, ցրվում, խմբվում, ցրվում, խմբվում։ [Սոնա Մնացականյան] Քայլում ենք դեպի Ամերիկյան համալսարան, Սոսեի փողոցով թեքվում, մտնում նեղ արանքներ, կարծեմ Անտառայինն էր, սիրուն-սիրուն սեփական տների կողքով ենք անցնում, ինձ անծանոթ Երևան ա սա։ Հիշում եմ Աննայի մի քանի օր առաջվա պատմածը, որ ինքն ու Վիոլետն էլ էին Ամերիկյանի հետևով, Կասկադի չոլերով իջել ու զարմացել էդ թաքնված վիլլաների առատությունից։ Ինչ-որ պահի մեզ թվում ա փակուղու առաջ ենք, բայց մի կին ա հանդիպում, ցույց տալիս ճամփան ու ասում, որ գործից հետո միանալու ա մեզ։ Դուրս ենք գալիս Սարալանջ, հասնում Կասկադ։ Արարատը էնքան պարզ ա երևում շողուն ու սրսուռ օդի մեջ, քաղաքն էլ էնքան խաղաղ ա փռված, ես նկարում եմ էդ տեսարանը․ էն քիչ լուսանկարներից մեկը, որ անում եմ հեղափոխության ողջ ընթացքում։ [Վահան Կոստանյան] Հասանք բաժին, ոնց որ շատ հարազատ տեղ եկած լինեի, ազատ էի պահում ինձ, բոլորին տարբեր փոքր խմբերով սկսեցին տեղավորել սենյակներում, ինձ իզոլացրին առանձին սենյակում։ [Գոհարիկ Տիգրանյան] Ինչևէ, հասանք Մասիվի բաժին, լկտի վերաբերմունք ու արհամարհանք մեր նկատմամբ, ու դա սովորական բան էր՝ նրանք բոլորին էին այդպես վերաբերվում։ Գայանեն կին ոստիկաններից մեկին ասաց․ «Իսկ եթե ձեր երեխաներից մեկը լիներ մեր փոխարեն, ի՞նչ էիք անելու»։ Պատասխանը զզվելի էր․- Իմ երեխան չէր լինի, իսկ քո մայրը չէր ուզի, որ իրա աղջիկը էս ժամին փողոցում թափառեր։Հունից դուրս եկա, պտտվեցի ու ասացի․- Մեր մայրերը հպարտ են, որ մեր նման զավակներ ունեն։Հետո պիտի պարզ դառնար, որ այս կինն իմ հարևանն է ու ծանոթներին չճանաչելու մեծ վարպետ է։ [Վահան Կոստանյան] Սենյակում նստած էի, երբ լսեցի Գոհարիկի գոռոցը միջանցքից՝ Վահան, ստեղ հրաման տվեցին հեռախոսդ ձեռքիցդ վերցնել, պահի։ [Գոհարիկ Տիգրանյան] Քանի որ նախավերջինը մտա բաժին, լսեցի, որ ոստիկաններն իրար հրահանգում էին Վահանի ձեռքից վերցնել հեռախոսը։ Վահանն արդեն երկրորդ հարկում էր, գոռացի․ «Վահան, հեռախոսդ վերցնելու են, ում պիտի զանգես հիմա արա, Վահան, լսու՞մ ես»։ [Վահան Կոստանյան] Ոստիկանը, որ եկավ, շատ հանգիստ էր իրեն պահում, չփորձեց էլ վերցնել հեռախոսը։ Սկսեցինք զրուցել ու ծխել միասին։ [Սոնա Մնացականյան] Հասնում ենք Շահումյանի դպրոցի մոտ, մերոնք հավաքվել են։ Մտածում ենք, թե որ ճամփան փակենք։ Ու ինչ-որ մեկը հիշում ա Կոնդի մի նեղլիկ փողոցի մասին, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու հետևն ա ու ելք ունի դեպի Դեմիրճյան փողոց։ Հիմա նայում եմ քարտեզը, մեր էդ օրվա նկարահանումը, ու գտնում փողոցի անունը ․ուրեմն՝ Ֆրիկի վրա Ֆրիկից ոչ պակաս բողոքավոր մի խումբ ջահելներ սպասում ենք իրենց վոժդին ընտրելու գնացող հայոց երեսփոխաններին։ Մեկ էլ Էլիզը տանից իր արիստոկրատ հանդարտությամբ քոմենթում ա մեր լայվը, թե պատգամավորներն արդեն ներսում են։ [Անի Վարդանյան] Առավոտյան դուրս գրվեցի հիվանդանոցից։ Քայլել չէր կարելի։ Երկար ոտքի վրա մնալ չէր կարելի։ Տանից դուրս գալ չէր կարելի։ Սկսվեցին սթրեսային օրերը։ [Գարեգին Միսկարյան] Առավոտյան իննի կողմերն էր Անտոնը զանգեց (Իվչենկո), թե Միսկարյան Օպելով հասի շուտ Հալաբյանից ձոր իջնող ճանապարհը ուզում ենք փակենք, քիչվոր ենք, որ մեքենա լինի՝ կփակենք։ Մինչև ես կհասնեի՝ Անտոնենց տարել էին քաղմաս։ Շատ մարդ կար, բայց հիմնականում հանդիսատեսի կարգավիճակում էին։ Ոստիկաններն էլ քիչ չէին ու մեծ դժվարությամբ, գրեթե մի ժամ պահանջվեց, մինչև կարողացան խցանում ստեղծել ու փակել փողոցը։ Ընդ որում, դա ստացվեց միայն Թումոյի ծրագրավորողների ու մեծ թվով դպրոցականների միջամտությունից հետո։ [Թագուհի Ղազարյան] Առավոտյան մի կերպ եմ արթնանում: Ժամը 10-ն է: Միանգամից անցնում եմ լրահոսին ու օրս սկսվում է Դավիթ Պետրոսյանի բերման ենթարկվելու տեսանյութով: Իրադարձություն, որ ամենօրյա ռեժիմով կրկնվելու է: Արագ, արագ փորձում եմ ճշտել, թե ովքեր կան բերման ենթարկվածների մեջ ու անունները հրապարակում ֆեյսբուքյան էջում: Հրապարակում եմ նաև իրավաբանական աջակցության հեռախոսահամարներն ու վազում ԹիԱյ՝ ավելի մոտիկից հետևելու իրադարձություններին: [Գարեգին Միսկարյան] Արդեն փակել էինք, որ Սուրենը զանգեց, թե Օրբելի խաչմերուկը փակում ենք, բայց քիչվոր ենք, եթե կարաս, մարդ բեր՝ արի։ Մեքենաս արդեն տարել էին տուգանային։ Մի քանի հոգու փորձեցի համոզել, որ գան գնանք օրբելին փակենք՝ չեկան։ Միայնակ գնացի։ [Աշոտ Խաչատրյան] Հեռախոսս ձեռքիցս ուժով խլեցին, ինձ բաժնում ո՛չ գրանցեցին, ո՛չ էլ արձանագրություն կազմեցին։ [Սոնա Մնացականյան] Վահրամն ա անընդհատ գրում, հարցնում, թե ինչ ենք անում, ժամերն ա հաշվում, թե երբ պիտի հասնի Հայաստան, հեռվից ամեն ինչ ավելի անհասկանալի ու դրամատիկ ա երևում (շուտով ես էլ եմ հայտնվելու «ժամանակավոր սփյուռքահայի» ոչ նախանձելի կարգավիճակում)։ Իսկ ի՞նչ էինք անում․ հիշում եմ, որ մանթո էինք, ու որ էդ պահին Արսենի՝ սուրճ հյուրասիրելու առաջարկը իսկը տեղին էր։Զանգում խնդրում ա ինչ-որ մեկին, որ սուրճ սարքի բերի։ Նստոտում ենք մի կիսապատի վրա ու Սուրբ Հովհաննեսի զանգերի ներքո խմում սուրճը՝ հընթացս քննարկելով մեր հետագա անելիքը։ Արսենին շատ լավ չեմ ճանաչում, Գեմոյի ընկերն ա, ու էս զրույցի ընթացքում եմ իմանում, որ տարածք ա վերցրել Սարյանի փոստատանը, վարձը տվել, դուռը փակել, վրան գրել «ես գնում եմ ցույցի» ու միացել շարժմանը։ Ասում ա՝ սենց կիսատ հո՞ չենք թողնի, ձև չկա, պտի կրենք, թե չէ հարկայինը գալու ա վրես մի երկու միլիոն շտրաֆ գրի։  Իջնում ենք նորից Մաշտոցի պողոտա, որտեղ շարունակվում է նստարաններով ու աղբարկղերով շրջափակումը։ Հիմնականում պատանիներ են ու մի տեսակ ուրախանում են՝ մեզ տեսնելով, ասում են՝ մի քիչ ստեղ մնացեք մեր հետ։ Կարծես իրենց համախոհ, բայց նաև իրենց՝ երբեմն չափից դուրս բորբոքուն վարքը զսպող թիմակիցներ են փնտրում։ Ընթացքում մի քանի մեքենա փորձում են շրջափակումը ճեղքել, վեճեր են ծագում ու հարթվում։ [Դանիել Իոանիսյան] Երբ եկա, ոստիկանները սկսեցին իրենց համեմատաբար ավելի համեստ պահել (այդ օրերին մեր ներկայությունը դեռևս սանձում էր ոստիկաններին): Տեղում սկսեցի բղավել ցուցարարների նկատմամբ ուժ գործադրող ոստիկանների վրա՝ մատնացույց անելով օրենքի բազում խախտումները: Անտոնը այդ ժամանակ մոտեցավ և ասաց. «տենց էլ շարունակի, փողոց մի փակի, սենց ավելի էֆեկտիվ ես»: [Միքայել Նահապետյան] Վիրավորների թիվը պաշտոնապես 46 է, իրականում ավելին են։ Հույս ունեմ, որ նախորդ օրվա փորձը բավարար կլինի մարմնի տարբեր հատվածների համար արկածներ չփնտրելու։ Ուրեմն խնդիրը հետևյալն է` երեկվա ցանկին է գումարվում է նաև պետական կառավարական շենքերի բլոկադան։ Ոստիկանությունը հիստերիկ նոպայի մեջ է։Որոշում են կայացնում հանրահավաքները դադարեցնելու մասին։ Ոստիկանության հին ուրարտերենով կազմած արձանագրությունը նորմալ հայերենով նշանակում էր «Սպասեք Սերժը ընտրվի` արգամիչ ենք նկարելու»։ Նախորդ գիշեր Թոխմախի Մհերի գազալցակայանում կայացած մեծամասշտաբ «սխոդկի» նկարներն են մեզ հասնում։ Ճշտում եմ տեղեկությունը, համոզվում, որ իրոք բոլոր թաղերից կրիմինալ են մոբիլիզացրել։ [Գարեգին Միսկարյան] Հասա Օրբելի-Կիևյան խաչմերուկ՝ Սուրենենք չկան։ Դեպի Օրբելի մի ՃՈ մեքենա է կանգնած, Կիևյան փողոցի վրա էլ՝ ոստիկան։ Առանձնապես երթևեկություն չկա, մարդ չկա, Սուրենենք էլ չկան։ Նայում եմ աջ, ձախ, մեկ էլ էս ոստիկանը մոտեցավ, թե.-Բարև Ձեզ։-Բարև, - հանգիստ պատասխանեցի ես։-Մարդ ե՞ք փնտրում։-Այո,- հանկարծ ասացի ես,- մարդ եմ փնտորում։Ոստիկանը «մտավ թևս», ու սկսեց կանչել.-Պողոսյան, Պողոսյան, արի, մի հատ, էս մեր ընկերը մարդ ա փնտրում։Ես առանց դիմադրելու, հանգիստ տոնով դիմեցի ոստիկանին․-Հենց հիմա ձեռքս բաց եք թողնում ու խոսում եք հարգալից, առանց ավելորդ էմոցիաների։ Պա՞րզ է։Մինչև Պողոսյանը կգար, սա ձեռքս մի տեսակ չուզենալով, բայց թողեց։-Բարև Ձեզ,- քաղաքացիական հագուստով անձ էր, որ ըստ երևույթին ոստիկանության սպա էր։-Բարև Ձեզ, -հանգիստ պատասխանեցի։-Մա՞րդ եք փնտրում, ուրեմն։-Ճիշտն ասած, այո, մարդ եմ փնտրում։ Մենք պայմանավորվել էինք, որ պետք ա տասնմեկին էստեղ հավաքվեինք, հիմա անց տաս ա, բայց եկել եմ, նայում եմ, ոչ մեկը չկա։ Կարող է դուք տեսել եք էստեղ երիտասարդների...Սպասում էի, որ Պողոսյանը հիմա կմտնի թեևս, կմոտենա ՊՊԾ մեքենան, ու ինձ կտանեն Սուրենենց մոտ, եթե նրանց արդեն ձերբակալել են։-Իսկ ինչու՞ էիք հավաքվելու, եթե գաղտնիք չի, - երկուսով կանգնեցին էնպես, որ հանկարծ չկարողանամ փախչել -Չէ, իհարկե գաղտնիք չի,-շարունակեցի հանգիստ, անվրդով խոսել,- թաղում պիտի գնանք։-Ու՞ր,-Պողոսյանի մոտ մի տեսակ թյուրըմբռնում էր։-Ինչի՞ էդպես զարմացաք, դուք կյանքում թաղում չեք գնացե՞լ։-Ձե՞ռ եք առնում։-Պարոն Պողոսյան, իհարկե՝ ոչ։ Սև հումորն իմ ամենաչսիրած հումորի տեսակն է։ Ոնց կարելի է մարդկանց տխրության, դժբախտության հետ կապված կատակներ անել։-Իսկ ու՞մ թաղումն է,-քանի որ խիստ կասկածում է, որ իրեն խաբում եմ, փորձում է «բռնեցնել»։-Չեք ճանաչի,- հանգիստ պատասխանում եմ ես, ու ժամանակ շահում լեգենդը հորինելու համար։-Պարզ է, որ դժվար Ճանաչեմ, բայց ձեր ինչն է։-Իզուր եք էդպես ծանր տանում, մեծ մարդ էր, 90-92 տարեկան, մեր ընկերներից Սամվելի պապն է։ Եթե չեք հավատում, կարող ենք միասին գնալ, հեռու չի, էստեղ Զեյթունում է։-Չէ, շնորհակալ եմ։-Դե ուրեմն ձեզ բարի ծառայություն։ Ես ոտ-ոտ բարձրանամ Բարեկամություն։Ու ես շարժվեցի դեպի Բարեամություն։ [Վահան Կոստանյան] Էս օրը ահագին հանգստացա, էդքան քնած վերջին օրերի ընթացքում չկայի։ Ընթացքում մի քանի անգամ արթնացա։ Մի անգամ բերել էին մեզ բերման ենթարկած բերետներից մեկի վկայությունը, որ ծանոթանամ։ Չորս տող էր գրել, մի բառ չկար, որ տառասխալ արած չլիներ։ Հաջորդ անգամ կիսակուռաժիտ, կիսապպզած, կիսագողական կիսաոստիկան եկավ փռվեց դիմացիս աթոռին։ Պարզվեց մեր թաղայինն ա ու որոշել ա ինձ դաստիարակել ու քարոզ կարդալ, վախեցնել։ Բան չհաջողվեց։ Բայց ինքը վստահ էր, որ մեր էդ օրվա արածը դեռ քթներիցս գալու ա, հիմա հաճախ եմ հիշում իրեն, մտածում՝ ինչ վերաբերմունք ունի հեղափոխությանը։ [Գոհարիկ Տիգրանյան] Բոլորիս առանձնացրին, Վահանն ու Դավիթը 3-րդ հարկի ամենավերջում առանձին ու մենակ պահվում էին՝ դարի գլխավոր «չարիքներն» էին։ Մեզ տարան անչափահասների համար նախատեսված սենյակները։ Ոչինչ չասող դեմքով մի քննիչ ասաց․- Դե ներկայացեք ու նստեք։Աղջիկներին ասացի, որ չներկայանանք, քանի դեռ չգիտենք ինչի համար են մեզ այստեղ բերել, ինչ մեղադրանք կա, իրականում ժամանակ էինք խլում, մինչև պաշտպանները կհասնեին։ Նույն հարցը տրվեց մի քանի անգամ ու բոլորիս անունից ասացի․ «Չենք ներկայանում»։ Մյուսը եկավ ու իմանալով, որ չենք ներկայանում հրահանգեց․ «Պատի տակ կանգնացրու, մինչև չներկայանան, չեն նստելու»։ Ոստիկանը հաղթական դեմքով նայեց վրաս, թե բա կանգնեք։Քիթս ցցած կանգնել էի, ես ու կողքիս աղջիկները քաշվելու ոչինչ չունեինք։ Ասեց․ - Տենամ ինչքան եք կանգնելու տենց, չհենվեք պատին, եղա՞վ։Ի պատասխան ասացի․- Մի կասկածեք, մենք կանգնելուց չենք նեղվում։ [Վահան Կոստանյան] Ասացին փաստաբանդ ա եկել, սենյակ մտավ հին ծանոթ-ընկերներիցս մեկը՝ Էդգարը։ Աչքիս առաջով անցան բոլոր էն տարիները, որ տեսել էի՝ ինչպես էր Էդգարը Եվրոպականի ուսանողից դառնում բարձրակարգ փաստաբան։ Ասացի, որ իմ մոտ ամեն ինչ նորմալ է ու խնդրեցի ավելի շատ գնալ Գոհարիկին ու պապայիս ուշադրություն դարձնել։ Էլ չգիտեի, որ Գոհարիկը մարդու իրավունքների արագացված կուրսեր էր սկսել անել ոստիկանների համար կողքի սենյակներից մեկում։ [Գարեգին Միսկարյան] Մինչև Բարեկամություն կես ճանապարհն էլ չէի անցել, որ հանդիպեցի Սուրենենց։ Որոշեցինք, որ Օրբելին փակելը իմաստ չունի, որովհետև և ոստիկաններն են պատրաստ և մեքենաների շարժն է շատ քիչ։ Բոլորով բարձրացանք դեպի Բարեկամություն, ապա մտանք Քոչար ու... մի Բեռնատար է գալիս դեպի մետրո։-Սուր, փակի, փակի դրա առաջը փակի,-գոռացի, քանի որ Սուրենը առաջ էր մեզանից։Սուրենը նստեց բեռնատարի առջև, հետևից մի մեքենա դուրս եկավ հանդիպակաց գոտի, որ բեռնատարին շրջանցի, դրա դիմացից մի տաքսի՝ քիթ-քթի կանքնեցին։Տաքսին որոշեց շրջադարձ կատարի... -Գնա, գնա, գնա..., -տաքսուն ուղղորդում էի ես,- մի քսան սանտիմետր էլ,- փողոցին ուղղահայաց լավ քիփացավ մայթի մոտ կանգնած մեքենային ու ես․- Ուստա դեմը մարդ կա նստած, հանկարծ առաջ չգաս,- ու նստեցի տաքսու առաջ։-Էս թաղում եք գնում հա՞...,- Պողոսյանն էր։ -Հա, Պողոսյան ջան, ոտքս ցավաց, ասի մի փոքր շունչ առնեմ...-Հենց փողոցի մեջ տեղը չէ՞... Ես ձեզ թաղում ցույց կտամ... սպասի հեսա ավտոն գա, ես կգամ բաժին ընենց թաղում սարքեմ ձեր գլխին, դուք սպասեք...Ոստիկանության մեքենան մոտեցավ, ոստիկաններից երկուսը մտան թևերս ու տարան դրեցին մեքենայի մեջ։ Քիչ հետո Առաքելյան Գոռին էլ բերեցին։ Երեք ոստիկանի ուղեկցութմաբ հասանք Արաբկիրի ոստիկանության բաժանմունք։ [Սոնա Մնացականյան] Հետո լուր հասավ, որ Բժշկականի մոտ ուսանողների վրա բռնություն են կիրառել։ Քայլում ենք դեպի Շրջանային, տեղում իմանում ենք, որ երեսուն հոգու բերման են ենթարկել։ Կորյուն -Չարենց –Աբովյան խաչմերուկում մոտ կես ժամ մնալուց հետո Աբովյանով երթը շարժվում ա ներքև։ Ամեն խաչմերուկից մարդիկ ավելանում են։ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում խնդրում են մի պահ կանգնել, որ լրագրողները նկարեն։ Էս ինձ խորհրդահայ ֆիլմերի մշտական դրվագներից մեկն ա հիշեցնում՝ լուսանկար, որտեղ բոլորը կարևորում են պահի լրջությունը ապագայի տեսանկյունից։ Բայց երբ հասնում ենք Հանրապետության հրապարակ, էնքան ենք շատանում, որ արդեն անհնար ա մեզ որևէ առիթով կանգնեցնելը։ Ինչ-որ պահի Քրիստն ասում ա՝ հլը շրջվի հետևդ նայի։ Նայում եմ, չեմ հավատում աչքերիս․ ոնց որ մի հսկա վիշապ օձ լինի մեր երթը, որի ոչ պոչն ա երևում, ոչ գլուխը։ Մարդիկ պատուհաններից, պատշգամբներից մեզ ողջունում են, մենք էլ միանալու հրավերներ ենք ուղարկում վերև։  [Անի Վարդանյան] Երբ արդեն Ապարանում էի, անընդհատ տարբեր մարդիկ էին գրում, ուզում էին իմանալ՝ ոնց եմ։ Իրականում սարսափելի էր վիճակս։ Ոտքիս ցավը մի կողմից, տանը փակված լինելը՝ մյուս։ Ահավոր էր։ Ոստիկանները սկսել էին ուսանողներին բերման ենթարկել։ Ինձ հետ կապ հաստատեց Աբրահամյան Գայանեն, միասին փորձեցինք բերման ենթարկվածների տվյալները հավաքել։ Ես իրեն տվյալներ էին ուղարկում։ Հիմնականում ամբողջ օրը դրանով էի զբաղված։ Ընկներներիս հետ էի կապ պահում՝ վստահ լինելու համար, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է։ [Վահան Կոստանյան] Մի անգամ էլ քնից արթնացա, տարիքով մի ոստիկան մտավ՝ ինտերնետ ունե՞ս, կարանք նայենք ցույցերը, ձայնը մի քիչ իջացրու իրար հետ նայենք, իմով չեմ կարող։ Հասկացա, որ տարիներ շարունակ, երբ գոռում էինք ոստիկանը մերն է, էդքան էլ չէինք սխալվել։ Պատմեց համակարգում տիրող վիճակի մասին, որ մի ամիս առաջ ուզել էր դիմում գրել ու անցնել թոշակի՝ չդիմանալու պատճառով, պատմեց, որ վերջին երեք օրում տուն չէին գնացել ու ընդամենը երկու կտոր պիցցա էին կերել։ [Գոհարիկ Տիգրանյան] Դուռը բացվեց, ու երևի 9 ժամ 50 րոպե այնտեղ գտնվելուս ընթացքում միակ դրական կերպարին տեսա՝ կին ոստիկան էր, պաշտոնն էդպես էլ չիմացա, ցավոք, անունն էլ չեմ հիշում արդեն՝ Աստղիկ էր, թե Սաթեն, գուցե, այլ էր։ Նայեց մեզ ու Գյումրու բարբառով հարցրեց․- Էս ինչ ա, ինչի՞ են կանգնած աղջիկները։Քննիչը․ - Պետն ա ասել, որ կանգնեն, եթե չեն ուզում ներկայանան։ Իր անունը բարձր կրկնելով՝ ասաց․- Ուրեմն ես էլ ասում եմ, որ աղջիկները նստելու են, էս ի՞նչ բան է։ Իրանց իրավունքն ա այ մարդ, կներկայանան, թե՝ չէ։ Հետո պտտվեց ու ասաց․- Հանգիստ նստեք երեխեք ջան, հեսա կգամ։ Նստած տեղեկատվական թերթիկ էի կարդում, երբ քննիչը ուզեց, որ ինքն էլ կարդա։ Նայեցի վրան, մեկնեցի թերթը ու ասացի․- Իհարկե, կարդացեք, գրողները շատ լավ գիտեն մեր ու ձեր իրավունքներն ու պարտականությունները։ Ես էլ գիտեմ և՛ ձեր պարտականությունները, և՛ իմ իրավունքները։ Աղջիկներով նայեցինք իրար, հանգստացնող հայացք նետեցի նրանց վրա, Գայանեն անընդհատ խոսում էր, ես ժպտում էի։ Պաշտպաններ եկան ՄԻՊ-ից, հետո՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումից»։ Երեք ժամն անցավ, Դավիթի գոռոցը լսեցինք, հետո պարզվեց, որ սխալ փաստաթղթեր էին տվել, որ ստորագրի։ Մեզ չէին թողնում, առիթը պարզ էր, մտածում էին առաջնորդներ կան ու դրանք՝ Դավիթն ու Վահանն են, և իրենց պահելով՝ ուսանողներին խուճապի կմատնեն։ Նրանք չգիտեին, որ յուրաքանչյուր ոք առաջնորդ էր՝ ինքն իր առաջնորդն ու անցել էր քաղաքական կամ քաղաքացիական առաջնորդ ունենալու ժամանակը։ Կարեկցող կին ոստիկանը մեր սենյակում էր, պետք է փակագիծ բացեմ, նա ասաց․ «Երեխեք ջան, թող էս անգամ ստացվի, մեղք եք, ջահելություն չեք տեսնում»։ Իմ տեսած ջահելությունն ու ուսանողական կյանքը լի էր պայքարով, մենք չէինք հանգստանում, Արփին ու ես ամեն օր իրար տեսնում ու ամեն օր հեղափոխությունից էին խոսում, հասկանու՞մ եք՝ դա սովորական էր, դա էր մեր ազատ ջահելության գինն ու արժեքը։ [Աշոտ Խաչատրյան] Մոտ 4 ժամ պահելուց հետո բաց թողեցին։ Մոտս բողոքելու ցանկություն չկար, իրավիճակը շատ հասկանալի էր, ոչ մի բողոք էլ չէր օգնելու։ Փոխարենն իրենց տրամադրությունները հասկացա․ իրենցից շատերն էլ էին Սերժից հոգնել։Երբ բաց թողեցին, վազեցի կենտրոն։ Կենտրոն հասնելուն պես տարբեր կետերում եղա, բարձրացա Երիտասարդական մետրո՝ ուսանողներին միանալու, ու ինձ մի քանի հոգու հետ նորից բռնեցին։ Էդ պահին բարձր ձայնով ծիծաղում էի, ոստիկանը մտածել էր գիժ եմ, բայց երբ բաժնում գրանցողներին պատմեցի, իրենք էլ լիաթոք ծիծաղեցին։ [Սոնա Մնացականյան] Ժամը 12-ն ա մոտենում, իսկ ես դասի եմ, ու մի քանի ուսանող էլ առանձին հանդիպում են խնդրել։ Հասնում ենք Օպերայի մոտ, ես պոկվում եմ երթից, արդեն գիտեմ համալսարան տանող զարտուղին։ Կասկադից Զարոբյանի մուտքը հսկում են երկու ոստիկան, հարցնում են՝ ուր եմ գնում, ասում եմ, որ Ամերիկյանում դասի եմ, համապատասխան փաստաթուղթ են պահանջում։ Մինչև կհասնեի համալսարան, երևի մի 4 անգամ ցույց եմ տվել համալսարանի անցաթուղթը տարբեր զինված տղամարդկանց։ Լսարանում ընդամենը երկու հոգի են, դաս չենք անում, իրենց ավարտականի հետ կապված որոշ հարցեր ենք քննարկում, ու ես նորից վերադառնում եմ ընկերներիս մոտ։ [Գոհարիկ Տիգրանյան] Չորս ժամ, հինգ ու սով, սկսեցի սովածանալ ու ասացի, որ քաղց եմ զգում, քննիչը նայեց վրաս․ «Մենք էլ ենք սոված, ձեր պատճառով հաց չենք կերել»։ Հեռախոսս վերցրի, ուզում էի զանգել մորս, վախեցա, չգիտեի ինչ սպասել, բայց գրեցի, որ ամեն ինչ լավ է, շուտով բաց կթողնեն։ Ֆեյսբուքն ակտիվ էր՝ անթիվ նամակներ էի ստանում, անգամ տարբեր երկրներից ընկերներս էին գրում։ Ուղիղ եթեր էի նայում պարբերաբար, հետո մի ուրիշ ոստիկան եկավ, վերցրեց հեռախոսը ասաց․ «Եկեք միասին նայենք, իմ ընկերներն առաջին շարքերում են»։ Նորություն չէր, էլ չէին զարմացնի։ 4-ի կողմերն էր, անգործությունը սպանում էր, քաղաքը պայքար էր շնչում։ Ալիք մեդիայի ներկայացուցիչները դրսում բարձրախոսով հորդորում էին մեզ բաց թողնել։ Ոստիկաններից մեկը, ցույց տալով դրսին, ասաց․ «հահ, ձերոնք են», ես էլ ժպտացի։ Հարևանս անուն, ազգանունս ու հասցես իմանալուց հետո դեմքիս նայեց, իբր զարմացած, որ իրենց շենքից եմ։ Ծիծաղելի էր․․․․ [Աշոտ Խաչատրյան] ԱԺ ամենախայտառակ նիստերից էր, հերիք էր մի քանի կադր դիտել ԱԺ ուղիղ եթերից ու պարզ էր, որ էս մարդը այլևս չի կարողանալու ղեկավարել երկիրը։ [Թագուհի Ղազարյան] ԹիԱյը վերածվել է հեղափոխական շտաբի: Իրավաբանները նստած են մեծ սենյակում և գրեթե ամեն րոպե զանգեր են ընդունում, վազում ոստիկանական բաժանմունքներ, հետ գալիս, նորից վազում: Բոլորը ինչ-որ տեղ են գնում-գալիս: Միայն ես եմ անվերջ նստած համակարգչի դիմաց լրահոս ապահովվում, պատասխանում քաղաքացիների նամակներին, արձանագրում փակ ու բաց փողոցների մասին տվյալները և, իհարկե, սառնասրտորեն հետևում ԱԺ նիստին, որտեղ պետք է ընտրվի ՀՀ վարչապետը: Իսկ ի՞նչ է լինելու հետո, հարցնում եմ ինքս ինձ ու պատասխանը չեմ գտնում: Մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը տեխնիկական պատճառներով չի աշխատելու: Գրանցվել է 91 պատգամավոր, քվորում կա: Շարժման մասնակիցները շրջափակում են կառավարական շենքերը: ՀՀ վարչապետ է ընտրվում Սերժ Սարգսյանը 77 կողմ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ: Է հետո՞: «Է հետո՞»,-հարցնում եմ շուրջս գտնվող մարդկանց: Ոչինչ: «Է հետո՞»,-գրում եմ Արմենին: «Սպասիր»: «Է հետո՞»:  Ոստիկանները Վանաձորում բռնի ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ստեփանակերտում էլ են #մերժումսերժին: Բերման ենթարկված քաղաքացիները պատմում են, որ բաժիններում Ազատության լայվով ոգևորված ցույցին էին հետևում: «Է հետո՞»: [Միքայել Նահապետյան] Սերժը ընտրվում է, իսկ ես թքած ունեմ, որովհետև խոշոր հաշվով Հայաստանը փախցրել ենք իր ոտքի տակից։ Ի՞նչ է կառավարելու. Կառավարական դաչա՞ն, Սիրահարների այգի՞ն... լավ թեկուզ մի քիչ էլ զորքը առաջ տան ու Լուսավոր Հայաստանի գրասենյակն էլ հայտնվի ապահով Հայաստանում։ Բա մնացածը՞ գրողը տանի))) [Արմեն Գալջյան] Այս գործողությանը ոստիկանները սովոր չէին: Երբ արդեն ամբողջությամբ փակ էր փողոցը, երթով իջանք դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ մոտ 1000 հոգի հավաքվել էին։ Նրանք էլ միացան մեզ և որոշեցինք շրջափակել պետական կառույցները։ Քաղաքացիներին նշանակում էինք պատասխանատուներ։ Սկզբից մի փոքր վախենում էին, բայց Նիկոլն իր սեփական օրինակն էր ցույց տալիս և դա երիտասարդներին դուխ տվեց․ արդեն սկսեցին ինքնակամ շրջափակել շենքերը: Ցուցարարների թիվը հասավ մոտ 20000-ի։ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ էինք, երբ որոշվեց այսօրվա հանրահավաքը հրավիրել Հանրապետության հրապարակում, քանի որ լուրեր էինք ստանում, որ Շենգավիթից ևս մի 5000-անոց երթ է գալիս, հասկացանք, որ Ֆրանսիայի հրապարակն արդեն անհարմար կլինի: [Թագուհի Ղազարյան] «Թավշյա հեղափոխություն»,-գրում է Արմենը ֆեյսբուքով: «Էդ ո՞նց»: «Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, գիշերը գնում ենք տուն, առավոտը էլի շարունակում ենք»: «Ո՞նց ենք գիշերը գնում տուն, վաղը ո՞վ կգա, եթե գիշերը գնանք»: Հա, իրենք՝ որպես փողոցից իրադարձություններին հետևողներ, շատ ժամանակ կորցնում են մասշտաբների կամ իրադարձությունների ընդհանուր զգացողությունը, իսկ ես՝ որպես օնլայն հետևող, շատ ժամանակ կորցնում եմ փողոցի զգացողությունը: [Անի Վարդանյան] Բոլոր ալիքներով Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելն էին ցույց տալիս։ Դա ահավոր կատաղեցնում էր։ Ցինիզմին չափ ու սահման չկար։ [Միքայել Նահապետյան] Անկախ Հայաստանում երևի առաջին անգամ Հանրապետության Հրապարակում հավաքվելու չափ մարդ կա։ Հայտարարվում է թավշյա հեղափոխության սկիզբը: [Թագուհի Ղազարյան] Սրտի կսկիծով 18:30-ի համար ֆեյսբուքյան իվենթ եմ բացում, նշում, որ ՀՀ պատմության մեջ ամենամեծ հանրահավաքն է լինելու: Բայց մի տեսակ անզգայացած վիճակ է մոտս: «Թաֆշիա չէ, Թավշյա»,-գրում է Սոնան ֆեյսբուքով: «Ուղեղս չի աշխատում»,-արդարանում եմ, իսկ իրականում, ուղղագրական սխալը մի կողմ, իհարկե, հավեսս է փախել, էնտուզիազմս: Սերժը քիչ առաջ է ընտրվել, է հետո՞: [Դանիել Իոանիսյան] Բերման ենթարկվողների թիվն ավելանում էր: Երեկոյան ոստիկանության բաժիններում էր արդեն 79 հոգի։ Մի քանի ՀԿ-ների համատեղ ուժերով ստեղծված Իրավապաշտպան թեժ գիծը սկսեց եռալ: Փաստաբանները չէին հերիքում: Աշխատանքի արտակարգ ռեժիմ էր: Ամեն րոպե պետք էր երկընտրանք կատարել, թե քո օգնության կարիքը ունեցողներից ում ես օգնելու: Դեռ նոր պիտի ընտելանայինք այդ վիճակին: [Գոհարիկ Տիգրանյան] 17․50 էր, անտանելի սոված էի ու աչքս կպել էր, մեկ էլ բաժնի պետը մտավ ներս, բոլորը կանգնեցին ոտքի, նստած էի ու զարմացած, չէի հասկանում՝ ինչու պիտի կանգնեի։ Րոպե առաջ այդ սենյակից դուրս գալու համար ոտքի կանգնեցի, բայց հետո պիտի զղջայի։ Կլոր ու կատաղի աչքերով նայեց մեր վրա․- Աղջիկ եք, էս ինչ եք անում, չեք ամաչում։ Նայեցի վրան ու ասեցի․- Ոչ, չեմ ամաչում։ Զարմացած նայեց դեմքիս, ով էր համարձակվում իրեն պատասխանել․- Գոնե սովորում ես, որ սենց խոսում ես։ Ժպտացի, պատուհանի կողմ նայեցի․- Այո, մագիստրատուրայի ուսանող եմ։ Թեման փակված էր, նրանց կարծիքն էլ տգետ քաղաքացու մասին՝ փշրված էր։ [Վահան Կոստանյան] Ոստիկանական բաժնում սիգարետի սղություն էր։ Բոլորն, ով սենյակ էր մտնում, սիգարետ էի առաջարկում։ Օրենքով նախատեսված երեք ժամի փոխարեն պահեցին ինը-տասը ժամ։ Դուրս եկանք։ Մտել էի ոստիկանության բաժին որպես թշնամի, դուրս գալուց գիտեի, որ էս կառույցքում համախոհներ կան, որոնք Հայաստանի ապագան նույն կերպ էին պատկերացնում, ինչ ես ու ընկերներս։ Դրսում տատիկենքս էին, Գոհարիկի հորեղբայրը, Խառատը, Գայանեն։ Աշակերտների մի խումբ կար, որ մոտեցան ու պատմեցին, թե ինչպես են իրենց արգելել դուրս գալ դպրոցից։ Երբ իմացա, որ Հերացու դպրոցն էր, ահագին նեղվեցի, քանի որ շատերին գիտեի դպրոցի ղեկավարությոնից, ովքեր ժամանակին մեծ դեր էին ունեցել իմ, Դավիթի ու այլ ընկերների քաղաքացիական հայացքների կայացման գործում, երբ ինքներս էինք դեռ դպրոցական։ Տուն գնալ չկար, մեզ միանգամից իջեցրին Կենտրոն, որտեղ ուսանողները ֆուռոռ էին անում։ Քաղաքում նյարդ կար, շատերի մոտ անորոշ վիճակ էր, թե ինչ պիտի տեղի ունենա, որովհետև ՍՍ-ն արդեն ընտրվել էր։ Հանրահավաքը նշանակվել էր հրապարակում։ Չորս հինգ փոքր փայտի պադոնները բեմն էին, օգտագործում էինք նույն դինամիկները, որոնք հազիվ լսելի էին անգամ Ֆրանսիայի հրապարակում, եթե մի քիչ հեռու էիր կանգնած լինում։ [Սոնա Մնացականյան] Երեկոյան հանրահավաքի տեղը փոխված ա․ Հանրապետության հրապարակում ենք։ Բազմությունը աճում ա, գալիս են նաև մարդիկ, որ մինչ այդ կամ անտարբեր էին, կամ պասիվ համակիր։ Առաջին անգամ քույրս ա գալիս՝ աշխատակից ընկերուհու հետ։ Իհարկե, հեռավոր Բանգլադեշի Վեգայում նրանց սկզբում ձեռ էին առնում իրենց հանգստյան սակավաթիվ ժամերը ցույցերի վրա ծախսելու համար, բայց հետո մյուսներն էլ կմիանան։ [Արմեն Գալջյան] Երբ ժամը 18:30-ին եկանք հրապարակ, տեսանք, որ լեփ-լեցուն է, հավաքվեցինք մի անկյունում, որ հասկանանք՝ ինչ ենք անում: Հիմնական մտահոգությունը գիշերվա մնալ-չմնալու մասին էր: Կայացվեց ըստ իս ամենակարևոր որոշումներից մեկը․ որոշվեց գիշերը չմնալ փողոցներում և գնալ տուն, քանի որ շարժումը թափ էր հավաքել և իշխանությունը կարող է արդեն չհամբերել և բերման ենթարկել գիշերը փողոցում մնացած ցուցարարներին և հատկապես կազմակերպիչներին: [Գոհարիկ Տիգրանյան] Վերջին քաղաքացին, որ լքեց բաժինը, ես էի։ Հորեղբայրս կնոջ հետ դրսում էր, ուտելիք էին բերել ու երկար կանգնած էին եղել։ Գրկեցի, ճակատս համբուրեց, ժպտում էի, զանգեցինք մորս, հանգիստ թվացող ձայնով հարցրեց եղելությանս մասին, զանգի վերջը։ Մարդկային կերպարանափոխությունների, հրահանգ կատարողների, կարեկցող ու բարեկիրթ ոստիկանի, ինքդ քեզ ու արժանապատվությունդ պաշտպանելու և քաղաքացու մասին կարծրատիպերի կոտրման բեմադրությունն ավարտված էր։ Հովհաննեսի հետ իջանք քաղաք, 19․00-ի հավաքը տեղափոխվել էր Հանրապետության հրապարակ։ Հրապարակում տեսա ընկերներիս՝ Սոնային հրաժեշտ տվեցի, Արփին գրկեց ու գոռաց․ «Առանց ինձ էլ ոչ մի բաժին, լսում ես», Մարիամիկս գրկեց, Նարեկը, Էլենը, Անին, բոլորը հրապարկում էին, չեմ հիշում ով էր՝ ասաց․ «Գործը կիսատ չենք թողել»։ Երեկոյան քեռուս աղջիկը՝ Անուշիկը, ևս միացավ։ Ընտանիքիս անդամներից ևս մեկի «ճիշտ ժամանակը» եկել էր։ Գալիս էր ամսի 19-ը, մեկնելուս օրը մոտենում էր ու մտահոգվելու առիթ կար՝ պայքարը նոր էր թափ հավաքում։ [Սոնա Մնացականյան] Նիկոլը հայտարարում ա, որ շարունակելու ենք նույն գործողությունները ավելի մեծ թափով, ավելի մեծ ուժով։ Հետո սկսում ա կոչ անել սփյուռքի նշանավոր հայերին՝ միանալու մեր պայքարին։ Ես նեղվում եմ էս կոչից, նեղվում եմ մեր ոչ բավականաչափ զորությունից, որ ստիպված ենք օգնության կանչելու երևելիներին, ստիպված ենք իրենց անունը վահան սարքելու։ Մեկ էլ Վիոլետը հոգոց ա հանում՝ «Վու՜յ, ջանի՜կ․․․», կարծես ինքն էլ ա նույն բանը զգում․ էս կոչի մեջ խորը թաքնված հուսահատություն կա, բայց հենց էդ հուսահատ փխրունությունն ա ինձ համար շատ կարևոր դարձել՝ հետագայում հակադարձելու նրանց, ովքեր ի սկզբանե ծրագրված մութ գործարքներ են փնտրում էս շարժման հետևում։ [Վահան Կոստանյան] Բոլոր կասկածները ցրվեցին, թավշյա ոչ բռնի հեղափոխությունը շարունակվում էր, մեզ կանգնեցնել այլևս հնարավոր չէր, ոնց որ Սուրենն ասաց Սահակյան մի առիթով՝ եթե տիեզերական մասշտաբների էշություններ չանենք, հաստատ կրած ենք։ Սկսելու էինք նորից հաջորդ առավոտյան, իսկ այս գիշեր բոլորը տուն պիտի գնային, որովհետև տեղեկություններ ունեինք, որ քաղաքում անկարգություններ են պատրաստվում, որոնք փորձելու են մեր վզին փաթաթել։ [Արմեն Գալջյան] Այդ որոշումը սկզից ոչ միանշանակ ընդունվեց ժողովրդի կողմից, բայց Նիկոլը այնքան լավ հարթակից բացատրեց դրա նպատակը, որ ամեն ինչ տեղն ընկավ: Ընդհանրապես կարծում եմ, որ այս շարժումը նախորդներից տարբերվում է նրանով, որ ժողովուրդը հավատում էր առաջնորդի խոսքերին՝ ոչ նրա համար, որ նա լավ է ելույթ ունենում, այլ նրա համար, որ առաջնորդն ինքը իր սեփական օրինակով ամեն քայլը ցույց էր տալիս և մինչ այս ամեն ինչ հաջողվել էր: Սերժն արդեն ընտրվել էր վարչապետ, բայց մենք մի տեսակ թքած ունեինք դրա վրա, քանի որ երկիրը արդեն կառավարվում էր հարթակից, փողոցից: Երբ հարթակից տեսա, թե ինչքան մարդ կա հրապարակում, տարօրինակ զգացողություն ունեցա։ Երբեք այդքան մարդ չէի տեսել։ Արդեն հեղափոխության շունչը քթիս տակը էր: [Միքայել Նահապետյան] Որոշում Է կայացվում, որ գիշերը բոլորը տուն գնան։ Սա բեկումնային որոշում էր։ Որովհետև երկու ժամից Պրոսպեկտում Ավարայրի ճակատամարտն էր բեմադրվելու` մինչև հոգու խորքը հարբած փղերով։ [Թագուհի Ղազարյան] Երեկոյան քննարկումը ՔՊ-ի գրասենյակում է: Քիթս հեռախոսից չեմ հանում: Ժողովո՜ւրդ, էս ի՞նչ ա պրոսպեկտում, ասում եմ: Ի՞նչ ա: Դուռը թակում են՝ տեսել ե՞ք ինչ ա Պրոսպեկտում, լայվ միացրեք: Իսկ Պրոսպեկտում մի իսկական կինո է, որը լիովին և վերջնականապես արդարացրեց մեր՝ տներում գիշերելու որոշումը: Երևի կինոյի սցենարը գրված էր այն դեպքի համար, եթե մենք գիշերելու լինեինք փողոցում: Երևի նույնիսկ հայտարարությունից հետո, թե գնում ենք տուն, դժվար էր նախապես գլխի ընկնել, որ ուղիղ Factor TV-ի քթի տակ են սադրանքը կազմակերպել ու կհայտնվեն տեսախցիկների աչքի առաջ: Զանգում ենք ոստիկանություն, խնդրում մարդ ուղարկել Պրոսպեկտ: Ոստիկանները տեղում են, բայց սադրանքը չի դադարում: Նիկոլը լայվ է մտնում ու պատմում տեղի ունեցածի մասին: [Սոնա Մնացականյան] Հանրահավաքից հետո մետրոյով ենք վերադառնում տուն։ Լիդը հիշում ա Մոսկվայի մետրոն։ Իրոք, ես էլ եմ առաջին անգամ Երևանի մետրոյում սպասում հաջորդ գնացքի մոտենալուն, քանի որ նախորդը գնաց լեփ-լեցուն։ Չնայած սպասելուն, չնայած անհարմարությանը՝ մարդիկ ուրախ են ու ժպտում են միմյանց։ [Թագուհի Ղազարյան] Բաղրամյան պողոտան ինչքան ուժ ունի, փակ է: Ես ընկերներիցս մեկի տանն եմ հանգրվանել՝ Պռոշյան-Այգեձոր խաչմերուկում: Գիշերվա ժամը 1-ի, 2-ի կողմերն է: Իլիկից պիտի գնանք իր տուն: Հնար չկա ո՛չ տաքսիով, ո՛չ ոտքով: Էդ կողմի բնակիչներին անձնագրերով են տուն թողնում, իսկ մենք՝ վարձով ենք: Գլխարկս քաշում եմ գլխիս, որ գունավոր մազերս չերևան, մոտենում ենք փշալարին: Ես լռում եմ, ընկերս ֆրանսահայ է, ինքն է խոսում: <br /
18:50 - 17 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 17] Առաջին կայծը (ՄԱՍ 2)

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 17] Առաջին կայծը (ՄԱՍ 2)

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 16] Վիճակը նետված է < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ  Կարդալ ՄԱՍ 1-ը [Թագուհի Ղազարյան] Մինչև Անին սուրճ կպատրաստի՝ գը՜մփ, օդում լսվում է առաջին պայթյունը՝ այնքան մոտիկ, որ ցնցումը շոշափելի զգում ենք տանը, կարծես հենց Անիի չորրորդ հարկի բնակարանի կողքին լինի պայթյունը: Ահաբեկված նետվում ենք պատշգամբ: «Ուղի՛ղ եթեր միացրու», գոռում եմ տագնապած: «Կը կրակե՞ն կոր», հարցնում է Քրիստիանը անհանգստացած, «մարդոց վրա՞յ»: «Չէ՛», ասում եմ տագնապս մի կերպ հաղթահարելով, բայց փորձառուի հանդարտությամբ, «ձայնային նռնակ է»: Գը՜մփ, լսվում է երկրորդ պայթյունը՝ ավելի թույլ ու ավելի ներքևից: «Ապուշնե՜ր», բացականչում եմ, «Էլի ձայնայինը գետնին գցեցին, հիմա մարդկանց կվնասեն»: [Անի Վարդանյան] Լսվեց, որ նռնակ բաց թողեցին։ Կարպիսը գլուխս էր պահել, Յուրին ինձ ու Կարպիսին էր գրկել։ Ես զգում էի, որ նռնակը մեզ շատ մոտ ընկավ։ Բայց ոչ ընկնելն եմ տեսել ու ոչ էլ պայթելը։ Ոտքս սարսափելի սկսեց ցավել։ Մի պահ մտածեցի, որ մոտ պայթեց, դրանից է։ Հետո հասկացա, որ ինչ որ բան այրում ա ոտքս։ Անհանգիստ շարժումներ էի անում։ Կարպիսի թվաց, թե օդը չի հերիքում, ինձ վերև բարձրացրեց։ Ասեցի ոտքիս ինչ-որ բան ա եղել, գրկեց ու վազելով տարավ էն կողմ։ Երբ հետ նայեցի, երրորդ նռնակն ընկավ մեր կանգնած տեղը։ Չորրորդին ձայնն էլ լսեցի, բայց չիմացա՝ ուր ընկավ։ [Արմեն Գալջյան] Լսվեցին նռնակների ձայները, ամբողջ փողոցը ծուխ էր։ Մոտ 10 րոպե բախումներ տեղի ունեցան ժողովրդի և ոտիկանների միջև, հետո հանդարտվեց, բայց Նիկոլն արդեն անցել էր փշալարը, ոչ մի տեղեկություն չունեինք իրենից։ [Գոհարիկ Տիգրանյան] Սպասում էի, որ ջրցան կգործարկեն, բայց որ լուսաձայնայիններ՝ չէ։ Առաջին կրակոցն արդեն օդում էր ու մարդկանց մի բազմություն սկսեց հետ վազել, դիմացից լսվում էր․ «Կանգնեք, արա կանգնեք»։ Լսվեց երկրորդ ու երրորդ կրակոցը, հետո արդեն սովորական դարձած աղմուկ ու գըփմ։ Ոտքերս մեխվել էին տեղում, աչքերս կլորացել, նայում էի մարդկանց, գոռում էի․ «կանգնեք», աչքերիցս սկսեց հոսել։ Հետո պիտի գիտակցեի, որ վախեցել էի ու ամեն կրակոց, հոգեբանական հետք էր թողել ինձ վրա (հա, խոստովանում եմ՝ ես մինչև հիմա գըմփգըմփիկների ձայներից վախենում եմ, ու վեր թռչում, ու ինչքան էլ սիրուն լինի տեսարանը, ականջներս ու աչքերս ամուր փակում եմ)։ [Աշոտ Խաչատրյան] Բաղրամյանի վրա, երբ Նիկոլը հայտվել էր փշալարերի հակառակ կողմը ու նռնակներ էին մեզ վրա նետում, երեք հոգով ձախ մայթին Նիվա մակնիշի ավտոմեքենա տեսանք, փշալարի հենց դիմացն էր կայանված։ Երեքս էլ անծանոթ էինք իրար, բայց իրար նայեցինք ու հասկացանք, որ հիանալի շանս ա։ Մեքենան սկսեցինք բրդել փշալարի վրա։ Ոստիկանների խառնված դեմքերը տեսնելն անգին էր։ Փշալարը արդեն բրդել էինք մեքենայով, երբ մի քանի նռնակ եկավ մեր վրա։ Ձախ կողմի կանգնածը գլուխը բռնած ընկավ գետնին։ Չիմացա էլ՝ վնասվածքները լուրջ էին, թե ոչ։ Հետագայում նոր հասկացա, թե ինչ լավ եղավ, որ «օպերացիա Նիվա»-ն չաշխատեց: [Անի Վարդանյան] Ոտքիս վրա սև մեծ բեկոր էր։ Շատ քիչ արյուն էր երևում։ Ու ահավոր վատ հոտ էր գալիս։ Կարպիսը ինձ վազելով հասցրեց Սարյանի այգու մոտ։ Էդտեղ շտապ օգնություն ու բժիշկներ կային։ Ամբողջ վազելու ընթացքում մեր ընկեր Միհրանն էլ մեր կողքից վազում էր։ Վախեցած էր, չգիտեր ինչով օգներ, ու գոռում էր՝ «Կարպիս, տուր ես տանեմ»։ [Սոնա Մնացականյան] Մարդիկ հետ են հրվում, արանք են բացում, ինչ-որ մեկին են վիրավոր ոտքով ամբոխի միջից դուրս հանում։ Էդ խառնաշփոթի մեջ նորից տեսնում եմ Սաքոյին, Լուսոն արդեն հետն ա, ձեռքը բեկորից վնասված ա։ Երեքս էլ մի տեսակ շշմած ենք։ Լուսոն, իրա ձեռքը թողած, ինձ ա նկատողություն անում, որ ականջօղերս հանեմ, որ ոչ մի մետաղական բան չարժի ունենալ մարմնի վրա ու որ պետք ա ջուր ու դիմակ առնել։ Ջուր եմ առնում, բայց Բաղրամյանի վրայի դեղատանը դիմակ չի մնացել, ու վաճառողն էլ ասում ա, որ մեկ ա, դա առանձնապես չի օգնում։ Մինչև վերադառնում եմ, Ալինան, Քրիստը, Մորին, Զորիկը, Գեմոն, Արսենը, Վահեն ու Հասմիկը հավաքվել են։ Ալինան այլ լուծում ա առաջարկում․ իր ամենատար ուսապարկից հանում ա երեխեքի փոքրացած շապիկ-տոտիկներ ու առաջարկում դրանք թրջել ու գործածել որպես դիմակ։ Հաջորդ օրն էլ էդ շապիկը հետս պտտացրի, բայց բարեբախտաբար, պետք չեկավ։ [Անի Վարդանյան] Արդեն շտապօգնության մեքենայի մեջ էինք, երբ ևս երեք վիրավորի բերեցին, ու շտապօգնության մեքենան շարժվեց։ Բժիշկը ոտքս բինտով կապեց, որից բեկորն ավելի ներս մտավ։ Ահավոր ցավոտ էր։ «Տարկետում լինելու ա»-ի Արամն էլ էր մեքենայի մեջ։ Իրա ոտքն էլ էր բավականին վնասվել։ Շտապօգնության մեքենայում ոգևորություն կար։ Վախ ու հուսահատություն չկար։ [Թագուհի Ղազարյան] Ազատության ուղիղ եթերում Կարլենը այսուայնկողմ ընկած բոլորին հարցնում է՝ իսկ որտե՞ղ է Փաշինյանը: «Կարծես թե անցավ ու գնաց Ազգային ժողով», ասում է Արարատը, մինչդեռ լրահոսումս տեսել եմ՝ հիվանդանոց են տեղափոխել: Որտե՞ղ է Փաշինյանը, հարցնում է Կարլենը Արմենին, Դավիթին, Տիգրանին: Գնաց ԱԺ կարծես թե, պատասխանում են հերթով: Փորձում եմ զանգել, կապ հաստատել, ասել, որ հիվանդանոցում է: Լուրը տեղադրում եմ էջում: Կես ժամ անց Ազատությունը Աննա Հակոբյանից ճշտած է լինում, որ Փաշինյանը հիվանդանոցում է և հորդորել է բոլորին սպասել իրեն Ֆրանսիայի հրապարակում: [Արմեն Գալջյան] Հետո իմացանք, որ հիվանդանոցում է: Ժողովուրդը սպասում էր։ [Վահան Կոստանյան] Մտքովս անգամ չէր կարող անցնել, որ կարող ա Բաղրամյան քայլենք։ Դրան պատրաստվում էինք հաջորդ օրը, ի սկզբանե։ Պայթյուններից հետո, երբ Նիկոլը չկար ու համատարած խուճապ էր, Արարատը փորձում էր հանդարտացնել կրքերը, հետո որոշում կայացվեց, որ պիտի գնա հիվանդանոց։ [Միքայել Նահապետյան] Արագ հետ ենք գնում Բաղրամյան։ Բոլորը մոլորված են, սպասում են Նիկոլին։ Ասում եմ՝ գրողը տանի, կանխավարկած կա՞, թե «ԱԺ-ն պաշարելով կա հային փրկություն»։ Ախր Ազգային ժողովը շենքը չի` դեպուտատներն են։ Սուրենն ասում է` «կբացատրե՞ս ինչ ա տալու ԱԺ-ն շրջափակելը, եթե սաղ քաղաքն ա շրջափակված։ Է թող էդ փշալարերից էն կողմ Սերժին ընտրեն, ի՞նչն ա կառավարելու. փշալարերից ներս ընկած Հայաստանը»։ [Վահան Կոստանյան] Պայթունավտանգ իրավիճակում զինվորականին հատուկ բացառիկ սառնասրտությամբ Կամանդիրը ուշքի էր բերում բոլորին։ Մի քանի ընկերներ էին վիրավորվել, բարկությունն ու խուճապը խառնվել էին իրար։ [Գոհարիկ Տիգրանյան] Կրակոցների ընթացքում Սոնայենք արդեն իջել էին մի փոքր ներքև, Վահանը հայտնվեց, ձեռքիս քաշեց ու հասանք ներքև՝ Սոնայենց մոտ, եթե չեմ սխալվում արդեն գիտեինք, որ վնասված մարդիկ կան, կրակոցների հերթական շարքի ընթացքում, որ իրար հետևից էր, երեխեքը ջուր հանեցին ու հերթով բոլորս մեզ ամենամոտ կտորը, որ օդի հետ քիչ էր շփվել թրջեցինք։ Մարիամիկին՝ մտերիմ ընկերուհուս գրկել էի մի պահ, հետո հիշեց, որ քույրը ևս Բաղրամյանում է։ Զանգեց, գոռգռաց, տուն ուղարկեց։ Ընկերներիս հետ էի, բարեբախտաբար, այս անգամ մայրս չէր հետևել հեռարձակմանը։ Հեռախոսս զանգեց, քույրս էր, հարցրեց, թե չեմ վնասվել, ասացի․- Հաս, լավ եմ, բայց մամային բան չասես, խնդրում եմ։Ի պատասխան ասաց․- Երեկոյան կգամ մոտդ։ Այսօրվանից ընտանիքիս անդամները հերթով սկսեցին միանալ շարժմանը։ Ընտանիքիս ամենամոտ ու ամենահարազատ մասի ճիշտ պահն էլ էր եկել։ Խոսելուց հետո, երբ Նիկոլին ու վնասվածների մի մասին արդեն տարել էին հիվանդանոց, Բաղրամյանի վրա նստած էինք, ու Արփին հիշեցրեց, որ սոված ենք։ Մեր հետևում տղամարդկանց զվարթ խումբ էր կանգնած (ովքեր շատ նման էին քաղաքացիական հագուստով ոստիկանների) ու նրանց ձեռքում պիցցա կար։ Արփին նայեց պիցցային, հետո նրանց, ու հարցրեց, թե ուտելո՞ւ են։ Նրանք էլ ի պատասխան մեկնեցին մեզ։ Անկեղծ ասած, մեզնից ինքնագոհ ուտում էինք, չէ՞ որ կարծեցյալ ոստիկանից ուտելիք էինք կարողացել վերցնել։ [Անի Վարդանյան] Մասիվի հիվանդանոցում էինք։ Բոլոր վիրավորներին էդտեղ էին բերում։ Մեզանից առաջ ոստիկանների էին տարել, հետո մեզ տարան։ Կարպիսը մի անծանոթ մարդուց հեռախոս վերցրեց, զանգեցի մամայիս ու ասեցի, որ իմ հետ ամեն ինչ լավ ա, ընկերուհիս վիրավորվել ա, իր հետ հիվանդանոց ենք եկել, մի անհանգստացի։ Հետո զանգեցի ընկերուհիներիս, ում Բաղրամյանում տեսել էի։ Իրենց հետ ամեն ինչ նորմալ էր, ասացի, որ հիվանդանոցում եմ, բայց ամեն ինչ նորմալ է։ Երևի քառասուն րոպե հետո նոր օգնություն ցուցաբերեցին։ Մի 6-7 հոգով փորձում էին բեկորը հեռացնել ոտքիցս։ Ահավոր էր։ Բեկորը հանելուց հետո երկար ժամանակ արյուն էր գալիս։ Մի ժամի չափ մնացի ինչ-որ սենյակում։ Կարպիսին անընդհատ հանում էի էդտեղից, ինքն էլի հետ էր գալիս։ Երբ տեղափոխեցին պալատ, Շուշանը պալատում պառկած էր։ Բաղրամյանում կողքիս էր կանգած, նույն նռնակից էինք վնասվել։ Փաստորեն մամային չէի խաբել, ընկերուհիս հիվանդանոցում էր։ [Սոնա Մնացականյան] Գնում ենք Արտաշի մոտ՝ սնվելու ու քննարկելու, թե բա հիմա ոնց ենք անելու՝ առանց Նիկոլի։ Գրեթե բոլորիս հեռախոսները հանգած ա, հերթով լիցքավորման ենք դնում, Գեմոն համոզված ա, որ համատարած գաղտնալսում են, դրանից ա արագ նստում։ Ինձ թվում ա՝ Գեմոյի խանդավառ երևակայությունը շատ ա ընկել չափազանցության գիրկը, ինչևէ․․․ Կարենը բողոքում ա ծխից ու առաջարկում ինչքան հնարավոր ա շուտ դուրս գալ էս բունկերից։ Մենք էլ խնդրում ենք Կարենին օգնության կանչել իր գուրուին։ Քրիստը կարդում ա ֆբ-ում, որ թևն են վիրակապել, էսօր նորից վերադառնալու ա հրապարակ։ [Արմեն Գալջյան] Մոտ երկու ժամ հետո Նիկոլն՝ իր արդեն հայտի կերպարով մտնում է Բաղրամյան։ Այստեղ էին նաև ԵԼՔ-ի մյուս պատգամավորները։ Մի փոքր առանձնազրույց տեղի ունեցավ նրանց մեջ, բայց դա կարևոր մաս չէ այս պատմության մեջ: [Վահան Կոստանյան] Նիկոլը վերադարձավ, կրքերը հանդարտվեցին, ու ի հակառակ շատերի սպասելիքների, ետ քաշվեցինք Ֆրանսիայի հրապարակ։Խորհրդարանական մեր գործընկերների այցին չեմ ուզում անդրադառնալ՝ անկարևոր և անբովանդակ հատվածներ չհիշեցնելու համար։ [Թագուհի Ղազարյան] Իջնում եմ Բաղրամյան պողոտա, փշալարերի այս ու այն կողմում կանգնած ոստիկաններին ու ցուցարարներին փորձում է հանդարտեցնել Սանասարյանը: Ձայնը կտրվել է, չի կարողանում արդեն խոսել: Գնում եմ Ֆրանսիայի հրապարակ: Հարթակից անկարելի է տեսնել, թե Մաշտոցի պողոտայի որ մասում է վերջանում հանրահավաքը: Փաշինյանը վերադարձել է: Հը՞, հարցնում եմ մտքումս, սա այն քանա՞կն է, որի դեպքում եթե Սերժը չգնա, էլ քաղաքականությամբ չես զբաղվի: Նայում եմ վիրավոր ձեռքին ու մարտահրավերի պես նետելիք հարցս կուլ տալիս: Արմենի ելույթի ժամանակ բոլորիս հայացքներն ուղղվում են Մատենադարանի կողմ: Էս կողմ շրջվիր, շշնջում ենք մի քանիսս, Մատենադարանի կողմից դեպի մեզ է շարժվում մեր հանրահավաքից է՛լ ավելի մեծ մի խումբ՝ ուսանողությունը: Առաջին անգամ շարժման ընթացքում չեմ դիմանում, լալիս եմ: Նայում եմ կողքիս կանգնած Արայիկի թաց աչքերին: Ժպտում ենք իրար: [Անի Վարդանյան] Անընդհատ մարդիկ էին գնում, գալիս․ անծանոթ ցուցարարներ, ընկերներ, բժիշկներ։ Մեծ շարժ կար սենյակում։ Սեմը եկավ ու հեռախոսս բերեց։ Ով պատահի զանգել էր։ Նորից զանգեցի մամային, խոսեցի, հանգստացավ, հավատում էր, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է։ Ասաց, որ պապան նռնակի պայթունից հետո Բաղրամյանում ա եղել, գնացել ա, որ ինձ տանի էդտեղից։ Զանգել էր ինձ, բայց հեռախոսս մոտս չէր։ Հետո զանգեցի, ու իրեն էլ հավատացրի, թե ամեն ինչ նորմալ է։ Ժամը վեցը կլիներ, որ Առողջապահության նախարարը եկավ։ Չգիտեմ ինչի՝ ողջ զայրույթս իր վրա թափեցի։ Շուշանը բարի ձայնով պատասխանում էր հարցերին, իսկ ես կոպտեցի, որից հետո լուռ հեռացավ։ [Արմեն Գալջյան] Մտածում էինք հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխել Բաղրամյան, բայց տեխնիկապես շատ դժվար էր, որոշեցինք մնալ նույն տեղում: Չնայած Բաղրամյանը ճեղքել չստացվեց, բայց ժողովուրդը ավելի էր ոգևորվել, իսկ երեկոյան հանրահավաքին Նիկոլի շուրթերից առաջին անգամ հնչեց հեղափոխություն բառը: [Անի Վարդանյան] Հետո Հատուկ քննչականից եկան։ Արձանագրությունը վերջին աստիճանի մունաթով էին գրում։ Ահավոր ազդում էին նյարդերիս։ Իրենք որ գնացին, արդեն ժամը 8-ն էր։ Պալատում արդեն բավականին հանգիստ էր։ Շուշանի տնեցիները եկան ու իրեն տարան տուն։ Ինձ տուն գնալ չթողեցին։ Զանգեցի մամային, ասացի, որ ուշ եմ գնալու, մնալու եմ ընկերուհուս մոտ՝ հիվանդանոցում։ Ավելի ուշ հորաքույրս զանգեց ու ասաց, որ վիդեո ա տեսել, որտեղ Կարպիսն ինձ գրկած տանում ա Բաղրամյանից։ Խնդրեց, որ զանգեմ իր աղջկան, ասեմ, որ գա մոտս ու ինքը հանգիստ լինի։ Մոտ տաս անգամ զանգեի, տասն էլ անջատեց։ Հետո արդեն մաման զանգեց ու ասաց, որ ասեմ, թե որ հիվանդանոցում եմ։ Պապան եկավ ընկերոջ հետ։ Տեսան, որ շատ բան չի եղել, հանգստացան։ Հետո հարազատներս եկան, բավականին երկար մնացին։ Ես քնել էի ուզում։ Իսկ իրենք համառորեն չէին հեռանում։ Երևի ժամը 11-ն էր՝ նոր գնացին։ Պապան Կարպիսին զոռով տարավ, ու մոտս հորաքրոջս տղան մնաց։ [Վահան Կոստանյան] Երեկոյան օդը կանգնեց, երբ Նիկոլն արտասանում էր Քաղաքացու երգի բառերը։ Ոչինչ կորած չէր, մեր հոգին պարտվել չգիտեր։ [Սոնա Մնացականյան] Հանրահավաքը սկսում ա․ Նիկոլի արևից վառված դեմքն ու հոգնած աչքերը հարազատ են թվում․ նման ա իմ գյուղի մարդկանց՝ գարնան դաշտային աշխատանքների ժամանակ։ Հիշում եմ քիչ առաջ Սաքոյի ու Աննայի ասածը, որ պիտի մարզերի ժողովրդին ներքաշենք, մենակ Երևանը քիչ ա։ Հիմա գարնան թունդ աշխատանքների ժամանակն ա, կգա՞ն․․․․ Չգիտեմ, բայց արդեն եկածներս որոշում ենք, որ վաղը առավոտյան՝ ժամը 8։00-ին, մի մարդու պես պիտի լինենք Ստեփան Շահումյանի դպրոցի մոտ․․․․ [Արմեն Գալջյան] Հայտարարվեց հաջորդ օրվա գործողությունների պլանը, գրեթե նույնն էր․ փակել ամեն ինչ, պարալիզացնել մայրաքաղաքը: [Միքայել Նահապետյան] Երեկոյան որոշում է կայացվում անդավաճանորեն վերադառնալ ապակենտրոնության սկզբունքին։ [Գոհարիկ Տիգրանյան] Երեկոյան քույրս ու իր կոլեկտիվը եկան մեզ տեսնելու, թիկունքը մի փոքր ուժեղանում էր, բայց սադրիչները, խմած մարդիկ ու ոստիկանները շատ էին։ Դիվանբաշի գնացի, որ հանգստանամ, չորս կողմս լիքը բան էին քննարկում, մի քիչ մնացի, Նիկոլը անընդհատ գնում էր զայրացած մարդկանց ինչ-որ բազմությունների հանգստացնելու, անընդհատ շարժ էր, որոշեցի չմնալ։ [Արմեն Գալջյան] Երեկոյան հավաքվեցինք Դիվանբաշիում, մի փոքր տխրություն կար, որ մինչ այս որտեղ ուզել, մտել ենք, իսկ այս անգամ չստացվեց, բայց կար ավելի կարևոր ձեռքբերում։ Դա ներքին հանգստությունն էր այն մասին, որ արդեն ժողովրդին կոչ անելու կարիք չկա, վաղը նրանք հաստատ դուրս կգան ավելի մեծ թափով: [Վահան Կոստանյան] Երեկոյան կրկին Կետիկնոցի մեծ խմբով հանդիպեցինք Դիվանբաշիում։ Քննարկում էինք հաջորդ օրվա պլաններն ու թե ինչքանով էր իրատեսական ԱԺ-ն շրջափակելը։ Որոշեցինք հրաժարվել էս գաղափարից։ Տրամադրությունը ներկաների այդքան էլ բարձր չէր։ Նիկոլը հանկարծ վեր թռավ ու ասեց․ «Ես վաղը հայտարարելու եմ, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և ՍՍ-ն այլևս իշխանություն չունի»։ [Անի Վարդանյան] Գիշերը ժամ 2-ը կլիներ, երբ ֆեյսբուք մտա։ Ընդհանրապես տեղյակ չէի, թե ինչ էր կատարվել մեր վիրավորվելուց հետո։ Մի փոքր իրավիճակին ծանոթացա ու քնեցի։ Ոտքիս ցավը չէր թողնում։ Քնել նորմալ չէր ստացվում։ Ավելի ուշ Պետրոսյան Դավիթը եկավ։ Իրար մեկ էլ առավոտյան Երիտասարդականում էինք տեսել։ Մինչև էդ որ ասում էի ես ոչ մի բան չեմ անելու, դուրս չեմ գալու, զարմանում էր։ Մի քիչ մնաց ու գնաց։ Վերջապես քնեցի։ Ոտքս էլի ցավում էր, բայց ուժ չունեի արթուն մնալու։ Կարդալ ՄԱՍ 1-ը
06:03 - 17 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 17] Առաջին կայծը (ՄԱՍ 1)

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 17] Առաջին կայծը (ՄԱՍ 1)

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 16] Վիճակը նետված է < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ ՄԱՍ 2>   [Գոհարիկ Տիգրանյան] Երբ հասարակության մի ստվար զանգվածի կողմից քամահրանքի արժանացած ու տարիներ շարունակ ռոմանտիզմի բարդույթով ու պիտակով ապրած երիտասարդները՝ մեծ հաշվով զոհասեղանի բոլոր անկյունները մաքրած ու պողպատյա պատյանները հանած, պատասխանատվության բեռի տակ ատամներն իրար սեղմած սկսում են գործել, պարտվելը դառնում է կեղծ կատեգորիա։ Ապրիլի 16-ին յուրաքանչյուր անհատ՝ երիտասարդ, թե ոչ, քայլերի պատասխանատվության իր բաժինը վերցրեց ուսերին ու ոստիկանների ծանր համազգեստի հետքերի հետ տանում էր այն։ [Միքայել Նահապետյան] Զարթուցիչին ասում եմ «Զահրումա՜ր», հետո ֆիքսում, որ 8-ին Կենտրոն պիտի հասնեմ, որ էս գործում ամենակարևորը առաջին կայծն է, «պորշինի» առաջին սեղմումը, շարժիչի առաջին պտույտը ու քնել դեռ կհասցնենք։ [Սոնա Մնացականյան] Առավոտյան շուտ ճամփա եմ ընկնում քաղաք։ Մեքենայի մեջ անընդհատ ուզում եմ նորություններ կարդամ, տեսնեմ՝ ինչ ա կատարվում, բայց ինտերենետ չկա։ Քրոջս մոտ էլ ա նույն վիճակը։ Շիրակից տաքսի եմ նստում։ Տաքսիստը առույգագույն տրամադրության մեջ ա, ասում ա՝ գնանք, բայց որտեղ փակ եղավ, մենք էլ ենք կանգնում, քո՛ւր ջան։ Համաձայնում եմ ու հասկանում, որ իրոք սկսել ա․․․ [Վահան Կոստանյան] Դեռևս չէր լուսացել ու կիսախավարի մեջ պետք էր դուրս գալ տանից՝ 7.30 Իսահակյանի արձանի մոտ լինելու համար։ Բակում կանգնած էին երկու մեքենաները, որոնք ինձ հետևում էին ու դեռ պիտի հետևեին հետագա օրերի ընթացքում։ [Գոհարիկ Տիգրանյան] Առավոտյան Վահանը զանգեց, բավականին վաղ էր, տաքսիով հասանք Երիտասարդական Սասի մոտ, փողոցն անցնելուց հետո պլանն այսպիսին էր․ մոտ 25-35 հոգով սկսում էինք փակել Աբովյան փողոցը ու բարձրանալ վերև՝ փորձելով կաթվածահար անել երթևեկությունը։ [Անի Վարդանյան] Առավոտյան 7-ն էր՝ տնից դուրս եկա։ Քայլեցի մետրո։ Արդեն դեպի Բաղրամյան ուղղությունը փակված էր։ [Գարեգին Միսկարյան] Առավոտ 7-ին արթնացա։ Հապշտապ հագնվեցի, հայդե, ո՞ւր ես, Ավտոկայան։ Քանի որ ճանապարհները բաց էին, ես իմ նախատեսած 7:30-ից մի տաս-տասնհինգ րոպե շուտ հասա։ Սպասեցի մինչև 7:30, Գևորգը չկա։ Զանգեցի.-Միսկարյան ջան բարլուս, մենք մի քիչ ուշանում ենք, դու կարա՞ս առաջանաս դեպի Հաղթանակի կամուրջ, ըտեղ արագաչափ կա, տակը կանգնես։-Հա, ինչի՞ չեմ կարա, հենց հիմա։-Դե մենք մի տասը րոպեից կհասնենք։-Լավ։ Ավտոկայանից շարժվեցի դեպի կամուրջ, հասա արագաչափին, կանգնեցի։ Նայում եմ, ապրիլյան մեղմ առավոտ էր, Հաղթանակի կամուրջի Գինու գործարանի կողմի հատվածում կանգնած են երկու էվակուատոր, երկու ՊՊԾ ավտոմեքենա, և երկու պետավտոտեսուչության մեքենա ու բազմաթիվ համազգեստով մարդիկ։ Նայեցի ձախ, հոպ... Ալեն Սիմոնյանն՝ իր սպիտակ մեքենայով կանգնած է մյուս մայթին, նույնպես արագաչափի մոտ, ու նրան են մոտեցել պետավտոտեսչության երկու աշխատակից, «զրուցում են»։ «Աաաաա, - անցավ մտքովս,- փաստորեն... ըստ երևույթին տղաները տեսել են, որ ոստիկանները կամուրջը հսկում են, որոշել են, որ փակեն այստեղից։ Խելացի»,- մտածեցի ես, իջա մեքենայից, փակեցի դռները, բաց թողեցի հետևի երկու անիվների օդն ու շարժվեցի դեպի ավտոկայան՝ մտածելով, որ քանի որ Գևորը ասել է արագաչափի տակ կանգնի, ուրեմն ինքն էլ կգա մյուս շարքը կփակի։ [Վահան Կոստանյան] Մինչև Գոհարիկի հետ կհասնեինք Աբովյան փողոց, արդեն սկսել էի նամակներ ստանալ, որ բերման են ենթարկվում տարբեր ընկերներ իրենց բակերից, ովքեր պիտի մեքենաներով փակեին փողոցը։ Սա համատարած բնույթ էր կրում։ Բոլորն, ով էդ օրերին քայլել, կանգնել, անգամ շնչել էր մեր կողքին ու մեքենա ուներ, ուժայինների հատուկ վերաբերմունքին էին արժանանում։ [Արմեն Գալջյան] Այսօր, ըստ իս, ամենակարևոր օրն է։ Առավոտյան արդեն լուրեր էինք ստանում, որ մեր ավտոմեքենաները ոստիկանությունը էվակուատորներով շատ արագ տանում է: Մի պահ անորոշություն էր․ չգիտեինք պլանը կաշխատեր, թե ոչ: [Սոնա Մնացականյան] Քաղաքում ինտերնետս վերակենդանանում ա, վրա-վրա նամակներ են գալիս․ էս իրականությունից անտեղյակ մարդը կարդար էդ նամակները, կմտածեր՝ խելապակասների հավաքածու ա․ Քրիստը, Աննան ու Զորիկը, քաղաքի տարբեր փողոցներում «փորձանքի մեջ են», մեքենաները հանկարծակի «ատկազ են արել»՝ անհարմար դիրքերում մնալով կանգնած, իրենք էլ «ստիպված հեռացել» են, ու սրա առիթով մե խինդ, մե ուրախություն, սրտիկներ ու լայքեր։ Հետո Քրիստը կպատմի, որ էդ օրը բեկումնային էր ոչ միայն հեղափոխության, այլև իր ու տղայի՝ Մորիի հարաբերությունների համար․ մոր ու որդու հանցավոր համաձայնությունը՝ փակելու Փակ շուկայի դիմացի թունելը, հանգեցրել է իսկական ընկերության՝ «դրանից բխող վստահության անսահմանությամբ» (ցիտում եմ Քրիստին): [Գարեգին Միսկարյան] Ավտոկայան չհասած Գևորը զանգեց. -Միսկարյան ու՞ր ես։-Ավտոկայան եմ հասնում։-Բայց էն ժամանակ խոսեցինք, դու ասիր արդեն հասել ես։-Հա, էն ժամանակ մեքենայով էի հասել, հիմա ոտքով եմ հասնում։-Ինչի՞ ես ոտքով, քո ավտոն էլ տարա՞ն տուգանային։-Չէ, իմ ավտոն, ոնց ասել էիր, արագաչափի տակ կանգնեցրել եմ։-Դե նստի շուտ արի Հաղթանակի կամուրջը փակենք, մենք ուր որ է կհասնենք։-Ի՞նչ, ի՞նչ ասիր-Ասում եմ՝ շուտ արի փակենք Հաղթանակի կամուրջը, մենք արդեն հասնում ենք։-Գևոր ի՞նչ կամուրջ, դու ասիր գնա արագաչափի տակ կանգնի։-Հա, որ հետո գաս կամուրջը փակենք։-Գևոր, դու կամուրջի մասին բան չես ասել։-Հա, Միսկարյան, չեմ ասել, հիմա եմ ասում, արի, հասնում ենք։-Գևոր, ես ավտոն կանգնեցրել եմ ու հետևի երկու ակը նստացրել, ղեկն էլ լրիվ ծալել եմ աջ ու դեկրետ գցել, որ չկարողանան էվակուատորով հեշտ տանեն, հասկանու՞մ ես։-Ակերը ինչի՞ ես նստացրել։-Դու գիտե՞ս, որ քո ասած տեղում կազմ-պատրաստ սպասում են, որ մեքենա լինի տանեն։-Ոչինչ, դռները կփակենք ու կփախչենք։ Կարևորը, որ մեզ չբռնեն, մեքենան ոչինչ։-Լավ Գևոր, սպասի տեսնեմ ինչ եմ անում։ Հետ գնացի մեքենայի մոտ։ Նայում եմ աջից, ձախից, վրայից, տակից։ Ես հիմա ի՞նչ անեմ։ Ակը փոխելը նախ ուշ կլինի, և երկրորդն էլ մի պահեստային ակ ունեմ, մեկը փոխեմ, բա մյու՞սը։ Փչելու հարմարություն չկա։ Բա, ո՞նց անեմ։ Նայեցի՝ ոնց որ մի քիչ օդ մնացել է անիվների մեջ։ Որ դանդաղ քշեմ` կարող է և հասնեմ Գինու գործարանի մոտ։ Նստեցի ղեկին ու շարժվեցի դեպի կամուրջ։ Շարժվեցի, բայց վայ էն շարժվելուն։ Հենց մի փոքր արագացնում եմ ընթացքը, անվահեծը դխկոցով կպչում է ասֆալտին։ Ստիպված գնում եմ 10-15 կմ/ժ։ Մինչև ես կհասնեի կամուրջին, Գևորը մի հատ էլ զանգեց.-Միսկարյան ու՞ր հասար։-Գալիս եմ, կամուրջի հակառակ ծայրին եմ։-Դե մենք կանգնեցինք։Հեռախոսն անջատեց։ Ես թեքվեցի Իսկաովի պողոտայից դեպի կամուրջ ու... Երկու մեքենա կողք կողքի կանգնած են, ու երկու հոգի (Գևորը ու չեմ հիշում ով էր մյուսը) լույսի արագությամբ վազում եմ դեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հետևնորից էլ երկու զույգ ոստիկան։ Մինչև կհասնեի կամուրջի մյուս ծայրը, էվակուատորներից մեկի օգնությամբ ոստիկանները մի մեքենան հանեցին ճանապարհի երթևեկելի մասից դուրս, մյուսին կապեցին էվակուատորի պոչից ու հայդե տուգանային հրապարակ։ Հասա ոստիկաններին, բոլորն ուշադիր ինձ են նայում՝ խորը կասկածով (կարող է ինձ թվաց): «Է՜, չէ, տղերք, ես մինչև Գրիգոր Լուսավորիչ վազողը չեմ, մեկ, ես մինչև սրա դուռը փակեմ, ինձ արդեն բերման ենթարկած կլինեն, երկու, մեքենան անիմաստ տանելու են տուգանային, երեք։ Ես էլ մի ամբողջ օր անց եմ կացնելու քաղմասում, չորս։ Ոչ մի իմաստ չկա մեքենան կամուրջին թողնելու»։ Հասել եմ արդեն տեղին, որտեղ պիտի թե կանգնեմ։ Կանգնեցի, բայց չիջա մեքենայից։ Տեսուչներին մեկը մոտեցավ․-Բարև ձեզ, մեքենան հանեք երթևեկելի մասից։-Բարև ձեզ, էլի հանեմ, բայց պահեստային ակը փոխելու համար կարո՞ղ ա մի հատ «բալոննի կլուչ տաք»։-Մեքենան դուրս բերեք ու ՊՊԾ-ին հարցրեք, նրանք ամեն ինչ ունեն։ Առաջ շարժվեցի ու կողքի բենզալցակայանի տարածքում, որտեղ դիրքավորվել էին ոստիկանները, հարմար մի տեղ կայանեցի։ Գևորը զանգեց.-Հը, Միսկարյան։-Ինչը հը, ակն եմ ուզում փոխեմ ու գամ, գնացեք Ֆրանսիայի հրապարակ;-Տեսա՞ր, մի րոպե էլ մեքենան չմնաց ճանապարհին, անմիջապես տարան։-Հա, ո՞նց չտեսա, աչքիս առաջ էր։-Լավ դե կհանդիպենք։-Լավ։ Մոտեցա ոստիկաններից ամենաերիտասարդին. -Բարև ձեզ, ինձ մի հատ «բալոննի կլուչ» ու մի հատ էլ «նասոս» ա պետք։ Կարող ա ունենաք։-Հա, ոնց չէ, հոպար ջան, հիմա բերեմ։ Շատ չերկարացնեմ, անչափ շնորհքով տղա էր, մի ակը փոխեց (ասել էի իբր էդ մեկը չի լինի փչել, անցքը մեծ ա), մյուսը փչեց ու բարի ճանապարհ մաղթեց։ [Վահան Կոստանյան] Հասանք Աբովյանի արձանի մոտ։ Ահագին մարդ կար հավաքված ու բոլորի մոտ սպասողական վիճակ էր։ Կարծիքներ կային, որ պետք ա ԵՊՀ գնալ, բայց համոզված էի, որ դրանով մեր գործողությունների էֆեկտիվությունը կկորի ու մի քանի հոգով մտանք փողոց։ [Անի Վարդանյան] Երբ հասա երիտասարդական, երևի տասնհինգ հոգի մարդ կար։ Բայց գնալով ուսանողների թիվը շատանում էր։ Արդեն ժամը 9-ին մոտ 100 ուսանողներով սկսեցինք փակել Աբովյան փողոցը։ [Վահան Կոստանյան] Սկզբում փակեցինք Աբովյանի իջնող կողմը՝ իրար թև մտած։ Ու նստեցինք։ Պաուզաներով հասանք մինչև բժշկականի անցում։ Ուժերն ավելանում էին։ Բայց դեռ չէր հերիքում մարդկանց քանակը։ Դիմում էինք նստարանների ու աղբարկղերի օգնությանը։ Ռուպըռը ձեռքիս վազվզում էի չորս ուղղություններով՝ հարթելու ծագած խնդիրներն ու հանդարտացնելու։ [Աշոտ Խաչատրյան] Առավոտյան միացա ուսանողների խմբին ու գրեթե ամբողջ օրը Շրջանայինում էի։ Սկզբում փողոց փակելը շատ բարդ էր տրվում՝ ագրեսիվ էին՝ թե՛ վարորդները, թե՛ դեռ անփորձ երիտասարդները, որոնց աչքերից ոգևորությունից կայծեր էին թռնում։ [Գոհարիկ Տիգրանյան] Ոստիկաններ չկային շրջակայքում, գործներս սկզբում հեշտ էր, ավտոբուսները հենց այդ կանգառում կանգնում էին, մարդկանց մի մասը իջնում ու ոտքով գնում էր աշխատանքի, իսկ մի 20-25 հոգի հասկանում էր, որ իրենց ժամանակը եկել է, ու միանում էր մեզ։ [Անի Վարդանյան] Պարբերաբար առաջ էինք գնում ու նստում ասֆալտին, հետոո էլի կանգնում էինք, առաջ գնում ու նստում փողոցին։ Ու էդպես հասանք Կորյուն-Աբովյան խաչմերուկին։ Էդտեղ արդեն լուրջ դիմադրություն սկսվեց։ Փողոցը չորս կողմից փակված էր։ Բոլոր կողմերում մեքենաների մեծ կուտակումներ կային։ Հանդուրժող վարորդների կողքին կային նաև անհանդուրժողներ, ովքեր մեքենաները քշում էին ուսանողների վրա։ [Գոհարիկ Տիգրանյան] Քիչ էինք, այնքան քիչ, որ սանիտեկի հսկաներն ու փայտե նստարանները ինքնակամ կողքից միացան մեզ ու օգնում էին փողոց փակել։ Նատալին՝ տարկետման ակցիաներից առաջին շարքում պայքարող ընկերներիցս մեկը, անընդհատ հուշում էր, որ գլխարկս դնեմ, քանի որ հենց խցիկների հետ դեմ առ դեմ էի, սկզբում լսում էի, հետո մի պահ, երբ ծնկել էինք, որ նստեինք, հեռախոսս հանեցի ու կուրսեցիներիս սքրինշոթերը տեսնելուց հետո գլխարկս, ուղղակի հանեցի։ Ես այդ պահից սկսած անգամ քաշվելու ոչինչ չունեի, այո՜, ես առաջին շարքում էի, ու շարունակելու էի լինել թեժ կետերում, քանի որ ես պայքարում էի ազատության ու արդարության համար։ [Աշոտ Խաչատրյան] Ստիպված էի լինում անընդհատ որոշ մասին հետ պահել բախումից։ Հետագայում կիրառված բոլոր մեթոդները հենց առաջին րոպեից հաջողությամբ կիրառվեցին՝ Սանիտեկի աղբամաններով և նստարաններով փողոցները փակելը, գետնին նստելը և այլն։ [Գոհարիկ Տիգրանյան] Հասանք բժշկականի մոտ, գրողը տանի, իրականում, հերիք չէինք անգամ երկու փողոց փակելու համար, բայց խաչմերուկի վերևի փողոցը փակելուց հետո, հերիքեցինք նաև Կորյունը փակելու համար։ Մի շարքով իրարից հեռու կանգնած փակել էինք երկու փողոց ու շատանում էինք, շատանալուն զուգահեռ փակեցինք չորս փողոցն էլ, պարբերաբար մի կողմը թուլանում էր ու մի մասը գնում էր այդ կողմը ամրացնելու։ [Աշոտ խաչատրյան] Աբովյան պուրակ տանող խաչմերուկը 4 կողմից փակ էր ու ներսում արտակարգ մթնոլորտ էր ստեղծվել, ուսանողները միանգամից ինքնակազմակերպվեցին ու մեջտեղում շուտով պարում, նվագում ու նկարում էին։ Կամ էլ ես եմ ոգևորվածությունից տենց պատկերացրել։ [Գոհարիկ Տիգրանյան] Ավանից, Մասիվից ու Մանումենտից եկող մի ամբողջ հոսք էինք փակել։ Վարորդների մի մասը քաղաքակիրթ ձևով, մյուս մասը մունաթով պտտվում էին ու հետ գնում, իսկ ավելի հնարամիտները, հղի կին ունենալու լոզունգով, արանքից դուրս էին պրծնում, մինչև այն պահը, երբ մենք հասկացանք, որ ծանր մեծամասնության մեքենաներում ոչ մի հղի կին էլ չկար։ Սա մի պահ էր, որ էլ ծանոթ-անծանոթ չկար, բոլորս իրար բարեկամ էինք, կարմրահեր, կիսասափրած գլխով աղջիկն էլ ոչ մեկի զվարճության առարկան չէր, այլ մեկի թիկունքը, մյուսի առաջնագծի պատը պահողը։ [Արմեն Գալջյան] Քանի որ ես մեքենա չունեի, մնացել էի Ֆրանսիայի հրապարակում։ Այստղ էր նաև Նիկոլը և մեր թիմի մի քանի այլ անդամներ: Մեկ էլ հանկարծ Նիկոլին տեսադաշտիցս կորցրի, հետո նկատեցի, որ Մոսոկվյան-Բաղրամյան հատվածում մարդկանց կուտակում կա և մի ավտոբուս է անշարժ կանգնած։ [Թագուհի Ղազարյան] 8:15 է: Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում եմ: Մի քանի հոգի ենք: Մոտենում եմ դեպի Սարյան տանող փողոցին, որտեղ մարդիկ են հավաքված: Նիկոլ Փաշինյանը նստած է ավտոբուսի դիմաց և ուղիղ եթեր է մտել: Ուղևորները ագրեսիվ կերպով փորձում են խոչընդոտել: [Արմեն Գալջյան] Գնացի՝ տեսնեմ Նիկոլն ուղիղ եթերը ձեռքին գրեթե միայնակ նստել է ավտոբուսի դիմաց, իսկ ուղևորները դուրս են եկել և շատ անհարգալից ձևով պահանջում են նրանից բացել ճանապարհը։ Ես, տեսնելով դա, մի պահ մտածեցի․ «լավ, մենք 13 օր քայլելով եկել ենք Երևան, ևս 3 օր քաղաքի կենտրոնը մեր հսկողության տակ ենք վերցրել, և այսքանից հետո դեռ մարդիկ բացասաբար են վերաբերվում մեր գործողություններին»։ Մտքիս մեջ ասացի՝ «էս անգամ էլ ոչինչ չի ստացվի, սա երևի մեր քաղաքական ճանապարհի վերջն է», բայց հետո ուղեղս անջատած գնացի և նստեցի Նիկոլի կողքին։ [Թագուհի Ղազարյան] Դեպի Բաղրամյան բարձրացող ճանապարհի կողմում Սանասարյան Դավիթն է: Ես ու Արմենը քայլում ենք խաչմերուկից դեպի Կասկադի ճանապարհը, արդեն մի քաղաքացի փակել է մեքենայի ճանապարհը և առաջարկում է հետ պտտվել: Վարորդն ագրեսիվ է, դուրս է գալիս, սկսում գոռգոռալ, զայրանալ, հրել: Հետո մոտենում է մեքենայի բեռնախցիկին և այնտեղից ինչ-որ մահակ վերցնում: Մթնոլորտը թեժանում է: Ասում եմ՝ թողեք, թող անցնի, փակուղի ընկնի:Մի կին է մոտեցել ու գրեթե լացելով խնդրում է վարորդին չլարել իրավիճակը, հետ գնալ, ասում է՝ կուզե՞ս ծնկեմ քո առաջ: Ողջ քաղաքում է երևի այս ժամին այս նույն տեսարանը: [Վահան Կոստանյան] Տարկետման ժողովուրդը ստանձնել էին կոորդինացման աշխատանքները։ Մի ինչ-որ կոճակ էր սեղմվել ու ուսանողները սկսել էին լցվել խաչմերուկ, ու արդեն մարդկանց քանակը հերիք էր, որպեսզի մի-մի խաչմերուկ սկսենք ընդլայնվել։ [Թագուհի Ղազարյան] Մոտ 1-1,5 ժամվա մեջ հերթով հայտնվում են երեկ երեկոյան հյուսիսայինի գետնանցումում հավաքված քաղաքացիներն ու պատմում, որ իրենց մեքենան քաղաքի ամենաանհարմար վայրում թարսի պես խափանվել է: [Արմեն Գալջյան] Քիչ անց մեզ միացան մեր ընկերները՝ Արփին, Գարիկը, Մխիթարը, Ալեքսանդրը, Գևորգը, Ալենը, Լենան, Կարենը, հիմա բոլորին չեմ հիշի, կներեք: Մոսկովյանի պոստը հանձնեցինք Լենային, բարձրացանք Բաղրամյան, պառկեցինք ևս մեկ ավտոբուսի տակ։ Ոստիկաններ հավաքվեցին, երևի մտածում էին, որ գնում ենք դեպի ԱԺ, և իրենք մեր փոխարեն փակեցին Բաղրամյանը, սակայն չէին հասկանում, որ մենք դրանով միայն օգնում են։ Այդ պոստի պատասխանատու նշանակեցինք Սարուխանյան Կարենին, իսկ մենք շարժվեցինք դեպի Մաշտոցի պողոտա: [Թագուհի Ղազարյան] Ամենաէքստրեմալ իրավիճակներում շարունակում եմ ֆեյսբուքյան էջը վարել: Գրեթե վայրկենապես տեղեկանում եմ քաղաքացիներից, թե որտեղ որ փողոցն է բաց, ծանրաբեռնված, փակ, գրառում եմ անում, թե որտեղ են պետք մարդկային ռեսուրսներ: [Սոնա Մնացականյան] Բարեկամություն մետրոյի մոտ չհասած՝ Կիևյանով իջնող մի խումբ աշակերտների ենք տեսնում՝ մերժիր սերժին գրությամբ պաստառներով։ Վարորդը իր համաձայնությունն ա հայտնում փոքրիկ ցուցարարներին՝ «վա՜խ, ես ձեր ցավը տանեմ» կարգի բացականչություններով։ [Աշոտ խաչատրյան] Մի քանի ժամ հետո այնքան մարդ հավաքվեց, որ փակվեցին Շրջանայինին հարող բոլոր փողոցները։ Հիշում եմ՝ մեկ էլ մի քանի հոգի կհավաքվեին, մի 2 բառ կխոսեին ու թե «մենք գնացինք Պրոսպեկտը փակելու, ստեղ արդեն ձանձրալի ա»։Շրջանայինի «գործողությունը» հետագա ընթացքի համար շատ կարևոր էր։ Լավագույն ապացույցն էր, որ մեթոդն աշխատում է։ [Արմեն Գալջյան] Մաշտոցն արդեն երեք օր փակ էր մինչև Թումանյանի խաչմերուկը։ Մի պահ հետ նայեցինք՝ տեսնենք ամբողջ փողոցը ցաքուցրիվ, բայց լիքն է մարդկանցով, իսկ դիմացից հարյուրավոր երիտասարդներ են գալիս ոտքով, ինչու՞ ոտքով, որովհետև օպերացիան հաջողվել էր, դեպի կենտրոն եկող քաղաքի մյուս հատվածները փակ էին, բոլորը միանում էին մեր շարժմանը, 90 տոկոսը երիտասարդություն էր։ [Վահան Կոստանյան] Արդեն սկսեցին նամակներ գալ, որ էս փողոցը փակվեց, մյուս փողոցը փակվեց։ Բայց հարվածային ուժը ուսանողներն էին։ Կենտրոն մտնող ամենակարևոր հաբերը հենց մեր ձեռքում էին։ Սա ազդակ էր բոլորի համար դուրս գալու փողոց։ Խաչմերուկի մեջտեղում արդեն Արենը ֆիքսել էր «ազատ, անկախ ուսանող» գրությունը ու էդ միջնաբերդը պիտի պահվեր նաև հաջորդ օրերին։ [Աշոտ խաչատրյան] Նախապես պլանավորել էինք նաև մետրոն փակել։ Տեղում մետրոյի աշխատակիցը, որը նաև ուսանողներից մեկի ընկերն էր ու միացել էր ցույցին, ասաց, որ կգնա իրավիճակը կճշտի ու մեզ կզանգի։ Նաև որոշ տեխնիկական ինֆորմացիա տվեց, որը շատերի միջից վախը հանեց, օրինակ՝ գնացքը չի կարող շարժվել, եթե դռներից գոնե մեկը փակ չի, իսկ մեկ կայարանի աշխատանքը խաթարելով՝ խաթարվում էր ամբողջ մետրոպոլիտենի աշխատանքը։ [Վահան Կոստանյան] Նոր դեմքեր էին հայտվում, ովքեր իրենց վրա կազմակերպչական պարտականություն էին վերցնում ։ Սա ինձ վստահություն էր ներշնչում, որ կախվածությունն անձերից այլևս վերացել է, ու ապակենտրոն պայքարն առաջնորդներ չի ճանաչում։ Իմ առաքելության ամենակարևոր մասը ես սրանով կատարված էի զգում, որ այս պայքարում չլինեն առաջնորդներ։ [Աշոտ խաչատրյան] Զանգից հետո Տուռնիկետների վրայով թռչելով՝ մոտ 20 հոգով իջանք գնացքի մոտ ու կանգնեցինք կամ պառկեցինք դռների արանքում։ [Թագուհի Ղազարյան] Մարիան է զանգել՝ դե, ասում է, ես հիմա տաքսի կկանչեմ, կիջնեմ Կենտրոն: Մարիա, հարցնում եմ, վստա՞հ ես, որ լավ միտք է մեքենայով տեղաշարժվելը: Գուցե մետրոյո՞վ գաս: Հետո Մարիան պիտի իջներ մետրո, միանար ցուցարարներին ու արգելափակեր մետրոն: [Արմեն Գալջյան] Իջանք մինչև Պուշկինի խաչմերուկ, մարդիկ արդեն ինքնակազմակերպվում էին, նստարաններով փակեցին փողոցը, իսկ մենք գնացինք դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Ամեն ինչ մեր վերահսկողության տակ էր: Մխիթարը տասը րոպեն մեկ գալիս և ինչ-որ լավ նորություն էր ասում հերթական փակ փողոցի մասին: Նստեցինք, մի փոքր հանգստացանք և լուր եկավ, որ բժշկականի մոտ ուսանողներին ինչ-որ օլիգարխների թիկնապահներ ծեծի են ենթարկում։ Մոտ 5000 հոգով երթով բարձրացանք դեպի Կորյունի փողոց, որը լիքն էր ուսանողներով, նրանք էլ միացան մեզ և հերթով, բոլոր համալսարանները ազատագրելով գնում էինք: [Անի Վարդանյան] Երևի մեկ ժամից ավելի էդ խաչմերուկում հանգստություն չտիրեց։ Անընդհատ վարորդները կռիվ էին տալիս անցնելու համար, բայց ապարդյուն։ Մոտ երկու ժամ էդտեղ մնալուց հետո մի մեծ խմբով առաջացանք դեպի Կորյուն-Նալբանդյան խաչմերուկ։ Գնացինք ու մեր համար հանգիստ նստեցինք։ Էդտեղ էր, որ «յաշիկ» մեքենայի վարորդները քշեցին երեխեքի վրա, ու դա էլ հերիք չէր, դուրս եկան ու հարձակվեցին տղաների վրա։ Մոտակայքում կանգնած ոստիկականական խումբը ոչ մի քայլ չձեռնարկեց։ Կանգնած հանգիստ նայում էին։ Իրոք ահավոր տեսարան էր։ Մոտ մեկ ժամ Կորյուն-Նալբանդյան խաչմերուկին նստած էինք, երբ մեծ թվով բերետավորներ եկան ու մեզ գրկած դուրս հանեցին փողոցից ու դրեցին մայթին։ Նույն ժամանակահատվածում Աբովյան-Կորյուն խաչմերուկից մարդկանց մի մեծ խումբ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ եկան դեպի մեզ, ու մենք միացանք իրենց։ Բերետավորները փորձում էին ամբոխի միջից մարդկանց տանել։ Կարպիսի պայուսակից քաշում էին, ես էլ ձեռքից էի քաշում, ու էդպես ես իրանց հաղթեցի, բայց Կարպիսի պայուսակը պատռվեց։ [Գոհարիկ Տիգրանյան] Պարբերաբար էս կողմից մյուսն էի վազում, Դավիթից, Գարիկից ու Վահանից իրավիճակը ճշտում։ Արփիի հետ մեջտեղում կանգնած էինք, երբ լուր եկավ, որ երեխեքի վրա մեքենա են քշել Հերացու վրա, պետք էր դիրքերն ամրացնել, մինչև կարմիր բերետավորները կհասնեին։ Արփիի հետ վազեցինք այդ կողմ ու մի շարք երեխեքի հետ նստեցինք անցումի վրա, բերետները, իրենց արդեն սովորական դարձած քայլվածքով ու ոչինչ չասող դեմքով, գալիս էին։ Արփին մտավ թևս, ես մյուսինը, բայց հենց բերետները մոտեցան, երեխաները այս ու այն կողմ գնացին (վախեցել էին, բնական բան է, առաջին անգամ բերետ տեսնելիս ո՞ր մեկս չի վախեցել)։ Բառի հենց իսկական իմաստով ես ու Արփին մնացինք երկուսով, երբ 12 կարմիր բերետավոր կախվեցին մեր ձեռքերից ու քարշ էին տալիս մայթ։ Այդ պահին հեռվում մի մեծ խումբ մեզ էր մոտենում, մեր թևերը այլևս փրկված էին, ու օգտագործման ենթակա։ [Միքայել Նահապետյան] Զանգում եմ Միսկարյանին, ուրախությունից գոռում «Նիգո՜լ, ըզգըսել ա»։ Բայց դեռ էն չի` Պաբեդան փակել չի հաջողվում։ Ու դատելով հատուկ ջոկատայինների առատությունից` չեմ սխալվել էդ կետի կարևորության հարցում։ Պրոսպեկտ-Սարյան խաչմերուկում Թթաստանցի տղերք են, Գազելվագենի վարորդին համոզում են, որ սա «Ազգի հմար ա», նրանցից երկու մետր էն կողմ Ասուլը Կենտրոնականի քրեականի տղերքին համոզում է, որ սա «Մարդու իրավունքներ ու համընդհանուր ազատություններ են»։ Չգիտեմ իրենցից ով է ավելի ճիշտ հատկորոշում պայքարի բնույթը, բայց դա էդ պահին կարևոր էլ չի։ Ոստիկանությունը հարմարվեց Պրոսպեկտը հանձնելու մտքի հետ։ Ես, միսիան ավարտված համարելով, բարձրացա դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Հասա էն պահին, երբ լուր հասավ, որ Հերացու վրա ուանողները խնդիրներ ունեն։ Գնում ենք օգնության, ճանապարհին բացելով ուսումնական հաստատությունների փակված դռները։ Ու, վիպական լեզվով ասած, ուսանողները, որ մեզ հետ էին հոգով, մեզ են միանում նաև ֆիզիկապես։ [Աշոտ խաչատրյան] Մոտ 1 ժամ մեծ թվով ոստիկաններ այդպես էլ չկարողացան մեզ ուժով հեռացնել դռների արանքից։ Բայց բարդը իրենց դիմակայելը չէր, բարդը գնացքում նստած քաղաքացիների հետ վիճելն էր։ Պրոցեսի ավարտի ինչ նկարագրություն ասես լսեցինք, երևի միայն այլմոլորակայինների հարձակման տարբերակը չէր հնչել, բայց շատ վստահ չեմ, որ չի հնչել։ Հեռացանք մեր կամքով, երբ իմացանք, որ Հերացու վրա ուսանողների են ծեծել։ Հիշում եմ՝ էդ պահին մեր տրամադրվածությունն ու վազքի արագությունը։ Դարակազմիկ մարտ էր լինելու։ Ափսոս՝ մինչև հասանք, ավարտվել էր։ [Գոհարիկ Տիգրանյան] Միացանք նրանց ու ոստիկանական պատեր ճեղքելով անցանք 6-րդ վարչության, ԱԱԾ-ի կողքով։ [Արմեն Գալջյան] Երբ հասանք ոստիկանության շենքի մոտ, կարմիր բերետավորները փակեցին մեր ճանապարհը, բայց շատ հանգիստ ճեղքեցինք այդ պատնեշը, իսկ ԱԱԾ-ի շենքի մոտ արդեն մեզ դիմովորում էին ագրեսիվ հատուկ ջոկատայինները։ Մի փոքր դժվարությամբ, բայց նրանց կազմած պատը նույնպես ճեղքեցինք։ Այդ բախման արդյունքում օպտիկական ակնոցս կորավ և մինչև հեղափոխության ավարտ մնացի այդպես, ինչը շատ մեծ անհարմարություն էր պատճառում ինձ: [Միքայել Նահապետյան] Ուրեմն ավտոբուսի մեջ եմ, հետո ավտոբուսի դիմաց, հետո ավտոբուսի տակ, հետո ավտոբուսը հանգիստ եմ թողել` բանգլադեշցիք դրանով Խորենացին են փակել։ [Գոհարիկ Տիգրանյան] Խանջյան քայլելուց հետո Արփիի հետ հետ եկանք Բժշկականի մոտ։ Արփենիկիս ձեռքը ցավում էր, ուսապարկն ավելի էր սաստկացնում ցավը․․․․ Մեկ-մեկ խոսում էր, արտահայտվում, սովորաբար՝ լուռ տանում էր։ [Թագուհի Ղազարյան] Արմենը գնացել է շրջանային՝ ուսանողների մոտ: Ես էլ եմ քայլում էդ կողմ, հետո հասկանում եմ, որ անիմաստ է. շուտով հեռախոսս լիցքավորման կարիք կունենա ու քայլում եմ դեպի Սարյան: Ճամփին հանդիպում եմ Միսկարյան Գարեգինին՝ մեքենայով, նստի՛ր, ասում է, տանեմ քեզ: Նստում եմ, բայց կարծես թե ամենախելամիտ բանը չէ մեքենայով տեղաշարժվել փորձելը, պտտվում-պտտվում ենք, հայտնվում Կիևյանում: [Արմեն Գալջյան] Խանջյանով իջանք, շատ-շատ էինք, կրկեսի խաչմերուկը փակ էր։ [Թագուհի Ղազարյան] Կիևյանում երթևեկությունը մի քիչ ծանր, բայց կանգ առած չէ: «Բռնվի՛ր»,-ասում է Միսկարյանը: «Ի՞նչ է եղել»: Զը՛խկ: «Վա՜յ, ապպա ենք արել, շատ թեթև», -ժպտում է,-«Ա՜յ քեզ թարսություն:)»։ Տեսուչն է մոտենում ու կասկածամիտ՝ «էս ի՞նչ եղավ»: Գարեգինը վրդովված՝ «տո ես շատ իմանամ, ա՛յ ախպեր, էս ի՜նչ են սարքել էս քաղաքը, ո՛չ քշել ա լինում, ո՛չ բան: Ես էլ թարսի պես վռազում եմ»,- հազիվ է զայրույթը զսպում, որ չհայհոյի քաղաքի երթևեկությունը խաթարող այդ խուլիգաններին: Հազիվ եմ ծիծաղս զսպում: Գործողությունները, մեր բախտից, երկար չեն տևում, մի 40 րոպե: Միսկարյանը նստում է մեքենան ու խորամանկորեն ասում՝ «կուզե՞ս էլի ապպա անենք»: «Վա՜յ, Գար»,-ժպտում եմ, «կենտրոն եմ ուզում գնանք»: «Տե՛ս, էս մեքենան, որ գալիս է»,- ասում է,-«կարող ես դուռդ անզգուշաբար բացել ու խփել հայելուն»: Դուռը բացում եմ, չի ստացվում: [Անի Վարդանյան] Մինչև Խանջյան փողոց քայլեցինք ու կանգ առանք։ Մարդկանց մի մեծ խումբ կար հավավաքված։ Փողոցի երթևեկությունը ամբողջովին կանգնած էր։ Երևանի երթևեկության նկատմամբ կոնկրետ բռնություն էր տեղի ունենում։ Խանջյան փողոցում երևի մոտ մեկ ու կես ժամ մնաց ժողովուրդը։ Ես ու Կարպիսը էդ ընթացքում գնացինք Հրապարակ օրաթերթ՝ հանգստանալու։ Խմբագրությունում ակտիվ լուսաբանմամբ էին զբաղված։ Լրագրողներից մեկին փոխանցեցի Կորյուն-Նալբանդյան փողոցում տեղի ունեցածի վիդեոն, որ հրապարակի։ Մեր պայուսակները թողեցինք Հրապարկում ու էլի գնացինք Խանջյան փողոց։ Մարդիկ արդեն Մանկավարժական համալսարանի մոտ էին ու կոչեր էին անում, որ ուսանողները միանան իրենց։ Նիկոլ Փաշինյան էլ էր էդտեղ։ Էդպես քայլեցինք մինչև Գրիգոր Լուսավորիչ փողոց ու արդեն Մաշտոցի պողոտայի մոտ դուրս եկանք մարդկանց միջից ու քայլեցինք դեպի Օպերա։ [Արմեն Գալջյան] Բարձրացանք դեպի քաղաքապետարան, ուզում էինք իջնել Մաշտոցի պողոտա, բայց ահազանգ եկավ, որ Հաղթանակի կամուրջը փակել են, բայց ոստիկանությունն ուժ է գործադրում։ Վազքով իջանք, նստեցինք կամուրջի վրա։ Ամբողջ Իսակովի մայրուղին կանգնած էր, մեքենաներով լի: Մոտ կես ժամ փակ պահեցինք։ Վերադառնալու պահին տեսանք, որ ամբողջ Մաշտոցի պողոտան հեղեղված է մարդկանցով: Շարժվեցինք դեպի Լեոյի փողոց, ոստիկաններին ողջունելով և ծափահարելով երթ էինք անում, մեզ միացավ Հայկ Մարությանը, հասանք Ֆրանսիայի հրապարակ, և հանրահավաք սկսվեց: [Սոնա Մնացականյան] Համալսարանում դաս ունեմ։ Ուսանողների մեկ երրորդը չի եկել, և դա ինձ ուրախացնում ա, նշանակում ա՝ կամա թե ակամա միացել են պրոցեսին։ Դասից հետո Արմենի հետ ճաշում ենք։ Ինքը համոզված ա, որ շուտով իշխանությունը հին մեթոդներին կդիմի․ բռնի ուժ կկիրառեն ու կցրեն մարդկանց։ Արմենի հետ զրույցներում միշտ իմ ամենաիռացիոնալ ես-ն ա խոսում ու էս անգամ էլ բացառություն չի․ ասում եմ՝ հեղափոխություն լինելու ա, որովհետև հատուկ ու սիրուն երգ ունի էս շարժումը։ Դե իհարկե, Արմենը սկզբում աչքերը կլորացնում, հոնքերը բարձրացնում ու հետո փռթկացնում ա։ Միասին դուրս ենք գալիս համալսարանից․ ես պիտի միանամ ցուցարարներին, Արմենն էլ պիտի վազի Կովկասի ինստիտուտ։ Ամերիկյանի աստիճաններն իջնում ենք ու տեսնում, որ հնար չկա անցնելու․ փշալարեր ա քաշած, ու ոստիկաններ են կանգնած։ Ներքևից եկողների համար ելք կա, բայց վերևից չեն թողնում իջնել։ Հանկարծ Արմենը տեսնում ա իր ծանոթներից մեկին, որ կարծեմ աշխատում էր նախագահականում, ու իր միջնորդությամբ անցնում ենք։ Հասնում ենք Ակադեմիայի մոտ, թույլ չեն տալիս շարունակել, ասում են՝ հետևի զուգահեռ փողոցով իջեք։ Ես երբեք չէի անցել էդ փողոցով․ հիմա որ հիշում եմ, հասկանում եմ, որ հեղափոխությունը փոխեց նաև Երևանը տեսնելու կերպը, ստիպեց գնալ քաղաքի ետնաբակերը, փնտրել հաճախ չտրորվող ուղիները․․․․ Իսկ Զարոբյան փողոցը լավ բան չէր խոստանում․ փողոցի ողջ երկայնքով ամեն երկու մետրը մեկ ավտոբուս կամ ոստիկանական մեքենա ա կայանած, ու լիքը զրահավորված տղամարդիկ են խումբ-խումբ կանգնած, մեքենաների մեջ նստած կամ դրանց հենված։ Ճաշի ժամն ա, շատերի ձեռքին ալյումինե թասիկներ են՝ մեջը խյուսանման մի բան, երևի կարտոֆիլի պյուրե։ Ջահել տղաներ են՝ եղբորս տարիքի, նայում ու հերթական անգամ ուրախանում եմ, որ տարիներ առաջ Հայկը չկարողացավ ընդունվել Ոստիկանական ակադեմիա։ [Թագուհի Ղազարյան] «Արի գնանք ուրիշ փողոց», առաջարկում եմ: Հե՜շտ է ասել՝ ուրիշ փողոց: Անվերջ շրջապտույտներից հետո հայտնվում ենք Հաղթանակի կամրջի մոտ ու արգելափակվում: Ոտքով պետք է շարունակենք: Իջնում ենք ու տեսնում, որ գլխավոր երթը այստեղ է կանգ առել: Փաշինյանն է: Նստած են: Մեկ ուրիշ երթ էլ քաղաքապետարանի կողմից է գալիս: Մտածում եմ, որ նախատեսվածից ավելի լավ է նույնիսկ: Քայլում եմ բոլորովին փակ Մաշտոցի պողոտայով դեպի Սարյան: Բարձրանում եմ Անիի բնակարանը, Քրիստիանն էնտեղ է: Սուրճ եմ խնդրում: Ամբողջ գիշեր չքնելուց ահավոր հոգնած եմ, հեռախոսս ու ինտերնետիս մոդեմն եմ դնում լիցքավորման ու կտրվում փողոցի իրականությունից: [Անի Վարդանյան] Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարդիկ Օպերա եկան մոտ ժամուկես հետո։ Մենք էդ ընթացքում հանդիպել էինք մեր ընկերներին, իրենց հետ հաց էինք կերել, բավականին հանգստացել էինք։ Երկար ժամանակ Սարյանի այգում էինք։ Նիկոլ Փաշինյանը ելույթներ էր ունենում։ Հիշում եմ՝ բոլորով իր հետ կրկնում էինք «և ուրեմն» բառակապակցությունը։ [Վահան Կոստանյան] Նիկոլենց բժշկական երթով գալը էլ ավելի մեծ ոգևորություն առաջացրեց։ Մենք շարունակում էինք պահել մեր ամրոցը, մինչև որ հայտնի մոնիտորինգի չաթում որոշում կայացրինք, որ բոլոր կողմերից խմբերը պիտի շարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Մի թեթև քաոս էր առաջացել, անգամ Դավոյի հետ վիճեցինք, ով կարծում էր՝ պիտի մնանք բժշկականում ու լրիվ առանձին պայքար ծավալենք։ [Միքայել Նահապետյան] Ինչ-որ պահի ֆիքսում ենք, որ մոտ 20.000 մարդ կա փողոցներում։ Նիկոլն ի հակառակ ապակենտրոնության մասին պայմանավորվածության` հետ է դառնում հին պլանին. հայտարարում է, որ բոլորը հավաքվեն` Աժ ենք գնում։ [Վահան Կոստանյան] Քայլեցինք դեպի Ֆրանսիայի հրապարակ ու հրապարակը լցվեց երիտասարդներով։ Մեր մուտքը հստակ տրամադրություն ու բովանդակություն փոխեց։ Մերժեցի հարթակից ելույթ ունենալու առաջարկը (հետո մյուս օրերին էլ մի քանի անգամ նման բան պատահեց), քանի որ բովանդակային շատ ասելիք չկար, իսկ ուղղակի ոգևորող կոչեր անելու իմաստը չէի տեսնում, հիմա գործելու ժամանակն էր։ [Արմեն Գալջյան] Ընթացքում իմացա, որ մտադրություն կա արդեն այսօր գնալ Ազգային ժողով։ Մոտեցա Պապիկյան Սուրենին և հարցրի՝ «էսօ՞ր ենք գնում ԱԺ», պատասխանեց՝ «բա էլ երբ»: Զարմացա, իմ մոտ չկար այն զգացողությունը, որ արդեն հասունացել է պահը: Շատ էի հոգնել, որոշեցի մի քիչ հանգստանալ: Կասկադի մոտ ֆրեշնոց կար, գնացի բանանի ֆրեշ առա, խմելով քայլեցի դեպի Կոմիտասի այգի, մեկ էլ նկատեմ՝ ժողովուրդը երթով գնում է Բաղրամյան՝ դեպի ԱԺ։ [Միքայել Նահապետյան] Կատաղած եմ։ Հեռախոսիս զանգ է գալիս` Սուրոն է։ Ասում է Նիկոլին գտի, ասա, որ սենց չէինք պայմանավորվել, ասա, որ ԱԺ գնալիս հայտնվում ենք Երանոսյան Լյովայի բռի մեջ։ Գտնում եմ Նիկոլին, բառացի փոխանցում։ Ասում է. եղբա՛յր ով չի ուզում` կարա մնա հին տեղերում։ Ձեռքս թափ եմ տալիս, գնում վերջին ապակենտրոն օջախ` Օրբելի, Սուրոյին առերես տեսնելու։ [Արմեն Գալջյան] Չգիտեի, որ հենց հիմա ենք գնալու։ Մինչև հետևներից գնացի,արդեն հասել էին բարիկադների մոտ, անհնար էր առաջ գնալ։ Մարդիկ շատ խիտ էին կանգնած, դե ես էլ փոքրամարմին եմ: [Գոհարիկ Տիգրանյան] Հրահանգը 1-ին, թե 2-ին նորից Ֆրանսիայի հրապարակում հավաքվելն էր ու շարժվելը Բաղրամյան (ժամը չեմ մտապահել, կներեք)։ Մինչև մենք հասանք հրապարակ ու ուզում էի կոշիկներս հանել հանգստանալ, արագ շարժը սկսված էր, պլանը ԱԺ-ը շենքը բոլոր կողմերից շրջափակելն էր։ Սակայն իրենց անվտանգությամբ վախեցած «վերնախավը» Բաղրամյանը դարձրել էր պատերազմական ֆռոնտ՝ փշալալերի ու ջրցանների մի շարան բերելով քաղաքացիների դիմաց։ [Անի Վարդանյան] Սարյանի այգում Սեմին էինք գտել։ Իրեն Կորյուն-Նալբանդյան խաչմերուկին էինք կորցրել։ Որոշեցինք իրեն տանել հաց ուտելու։ Սոված էր ու ոտքն էլ վնասված էր։ Ինչ որ մեկը մեքենայով էր խփել։ Արդեն ուզում էինք գնալ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիմա ենք բարձրանում Ազգային ժողով, չենք սպասում ժամը 6-ին։ Մենք էլ ճանապարհը կիսատ թողեցինք ու ժողովրդի հետ բարձացանք դեպի Ազգային ժողով։ Չեմ հիշում ոնց՝ հանդիպեցինք Շուշանենց։ Մոտ 6-7 հոգանոց խմբով կանգնած էինք Գրողների միությունից մի փոքր ներքև։ [Գոհարիկ Տիգրանյան] Մարդկանց երկու հատված էր խմբվել առաջին շարքում՝ տաքգլուխները և արդեն փորձվածները։ [Սոնա Մնացականյան] Դուրս ենք գալիս Կասկադ ու իրարից բաժանվում։ Օդը գվվում ա, ու էդ գվվոցը ոնց որ մագնիս ինձ քաշում ա․ արագ քայլերով հասնում եմ Բաղրամյան։ Մարդիկ շատ-շատ են, ու ես իներցիայով Գրողների միության տան մոտ եմ փնտրում իմ անհնազանդ ընկերներին։ Սաքոյին եմ հանդիպում, միասին փորձում ենք առաջ շարժվել, քուրը՝ Լուսոն, առջևի շարքերում ա։ Ինչ-որ պահի իրար կորցնում ենք։ [Անի Վարդանյան] Չէր երևում ՝ դիմացը ինչ ա կատարվում։ Ժողովուրդն առաջ չէր գնում։ Էդ ժամանակ նստեցի Կարպիսի ուսերին ու նկարեցի հեռախոսով։ Ոստիկականան մի հսկայական խումբ էր կանգնած։ Վերջը չէր երևում։ Հակառակ կողմն էլ նկարեցի։ Մարդկանց հսկայական խումբ էր, որի վերջը ևս չէր երևում։ Բոլորիս հեռախոսներրը տեղավորեցինք Սեմի պայուսակի մեջ, որ չկորցնենք ու չվնասենք։ Ու զգաստ կանգնած էինք։ Իրար թևերով պահել էինք, որ չկորցնենք։ Մի քանի շարք առաջ Յուրիին տեսանք, մենակ կանգնած էր։ Ձայն տվեցինք, եկավ մեր մոտ։ Կարպիսին գրկեց, ու էտ պահին առաջին լուսաձայնային նռնակն ընկավ։ Ոստիկանները իրենք իրենց վրա էին քցել։ Իրականում լավ ծիծաղեցինք։ [Սոնա Մնացականյան] Մեկ էլ մի անտանելի ձայն ա գալիս, հետո հաջորդը, որից հետո ինձ թվում ա՝ ականջներս խլացել են, ու կոկորդումս ինչ-որ բան ա կանգ առել։ [Միքայել Նահապետյան] Մինչև հասնում եմ տեղ նռնակի պայթյունը որոտում է։ Հետո երկրորդը, տասերորդը։ ՄԱՍ 2>
19:45 - 16 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 16] Վիճակը նետված է

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 16] Վիճակը նետված է

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 15] «Էլեկտրիկ Երևանի» ուրվականը < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Թագուհի Ղազարյան] Շարժումն ի սկզբանե էր ապակենտրոն: Դա որևէ մեկի գաղափարը չէր իրականում, դա պայքարի տրամաբանությունն էր: Միանգամից՝ իրարից անկախ ձևավորվել էին մի քանի նախաձեռնություններ՝ նույն խնդրի շուրջ, նման բան նախկինում չէր եղել, օրինակ, հարյուրհիսունի կամ էլեկտրիկի ժամանակ հրավիրում էին հանրային քննարկում, հանրային քննարկման արդյունքում ձևավորվում էր կոորդինացնող խումբ, խումբը սկսում էր մոբիլիզացնել պայքարողներին ու կոորդինացնել ակցիաները: Նույնը ՈՉ-ի ժամանակ, տարբեր, տարբեր խմբեր կային, բայց ոչ թե էդ խմբերը միանում էին նույն կետին փողոցային պայքարի ժամանակ, այլ հակառակը՝ միանում էին, նոր սկսում փողոցային պայքարը: [Սոնա Մնացականյան] Երեկ շատ երկար մնացինք Ֆրանսիայի հրապարակում․ խոսեցինք ու վիճեցինք, ծիծաղեցինք ու տխրեցինք, հավատացինք ու հեգնեցինք, վերջում էլի բաժանվեցինք անորոշության զգացողությամբ՝ ավելի շատ վախենալով, որ էս ամեն ինչը դեժավյու ա, որ էլի ա եղել, ու որ միակ բանը, որ մնալու ա, պարտվողներիս խորացող կառչածությունն ա միմյանցից՝ համատարած դեպրեսիայի ծովում փրկվողների պատրանքով ապրելու համար։ [Արմեն Գալջյան] Արթնացա հարբեցողների վեճի ձայներից։ Առավոտյան յոթն էր, այսօր ոչ մի գործողություն պլանավորված չէր, պետք էր հանգստանալ, քանի որ վաղը բեկումնային օր պետք է դարձնեինք։ [Թագուհի Ղազարյան] Էս անգամ ամեն ինչ այլ էր: «Հանուն Հայաստան պետության ճակատը» նստացույց էր սկսել Ազատության հրապարակում, մարտի 1-ին ձևավորված «Մերժիր Սերժին»-ը մարտի քսանչորսին իր առաջին երթն արեց դեպի ՀՀԿ գրասենյակ, Մարտի երեսունմեկին «Իմ քայլը» քայլարշավ սկսեց Գյումրիից: Մերժիր-ը ապրիլ ամսվա ընթացքում ամեն օր ինչ-որ բան էր մտմտում ու մինչև «Իմ քայլ»-ի ժամանելը ամեն օր քաղաքում ինչ-որ ակցիա լինում էր, ուսանողներն էլ հետ չէին մնում, ճիշտ է, որ փոքրաքանակ էին ու չէին կոորդինացվում մի միասնական ուսանողական մարմնից, մի քանի անհատի նախաձեռնություններ էին, բայց հետ չէին մնում: Հեչ որ չէ, լսարանի սեղաններին բուկլետներ էին դնում, իրազեկումներ գրեթե ամեն օր լինում էին քաղաքում: [Միքայել Նահապետյան] Հայրս մեքենայով հասցնում է Օպերա։ Մխիթարին եմ տեսնում, գրկախառնվում ենք, հարցնում եմ՝ Սիփանին տեսել ես, ասում է, որ Սիփանի կոնկրետ տեղը չգիտի, բայց Նիկոլը մեզ Կետիկնոցում է սպասում։ [Սոնա Մնացականյան] Էսօր արդեն պիտի գնամ գյուղ․ ապերի ծնունդը նշելը հետաձգել ենք կիրակի, որ ինձ ու Լիդին հարմար լինի, չգնալ չի լինի։ Խմբում գրում եմ՝ ինձ կներեք, ես մի օրով լքում եմ շարքերը։ Գեմոն ա բորբոքված պատասխանում՝ Սոն ջան, դաժե կազմակերպիչներից են արդեն լքում, դու մի նեղվի, էն ա Նարեկին տեսա, ասում ա՝ Ճապոնիա գործուղման պիտի գնամ։ Սաքոն ասում ա՝ սրանք լրիվ տուրի՞ստ են։ [Աշոտ Խաչատրյան] Ֆրանսիայի հրապարակի նստացույցը հույս չէր ներշնչում, անկազմակերպ էր, ոգևորվածություն չէի տեսնում։ Հնարավոր է՝ դա միայն իմ սուբյեկտիվ տրամադրվածությունն էր։ Առհասարակ, յուրաքանչյուր պրոցեսի մոտենում էի որպես զվարճանալու հնարավորություն։ Էսքան տարիների ընթացքում փորձս ինձ հուշում էր, որ հետագա հիասթափությունից խուսափելու համար մեծ հույսեր պետք չի կապել, այլ պարզապես պետք ա վայելել փողոցային գործողությունների ամբողջ բերկրանքն ու հույս ունենալ, որ պրոցեսը նոր ակտիվ քաղաքացիների ավելի մեծ, ավելի գիտակից խումբ կտա։ [Թագուհի Ղազարյան] Ճակատը մի քանի օր քայլերթեր արեց քաղաքի տարբեր կետերից, օրինակ, ամսի տասնմեկին իրենք երթով եկան մեզ միացան ՀՀԿ գրասենյակի մոտ՝ Էրեբունուց, ամսի տասներեքին էլ Կոմիտասից էին քայլերթ սկսել՝ էն ժամանակ, երբ մենք Հյուսիսային ավտոկայանից էինք գալիս դեպի Ազատության հրապարակ, բայց մենք չգիտեինք, որ իրենք էլ են գալիս: [Գոհարիկ Տիգրանյան] Դե ինչ սիրելի ընթերցող, օրերը նմանվում էին իրար, իսկ Աժ-ում ընտրությանը օրը մոտենում էր։ Հրապարակում սկսում էինք հաշվել ամեն մեկին, յուրաքանչյուր ավելացող մարդուց հասկանում էինք, որ ևս մեկն էլ հաղթահարեց իր անտարբերությունը։ Սրան զուգահեռ քաղաքացիական հագուստով ոստիկանները շատանում էին, նրանք խմբերով ու առանձին-առանձին բոլորիս մեջքերի հետևում, մեր դիմաց ու կողքերում էին։ [Անի Վարդանյան] Ապարանում էի։ Հետևում էի քաղաքի իրադարձություններին։ Հեռուստացույցով մի փոքր հատված ցույց տվեցին Ռադիոի գրավումից։ Ահավոր նյարդայնացնող ու սխալ տեղեկատվություն էր։ Ֆեյսբուքում ակտիվ քննարկում էր Ռադիոյի շենքի գրավման վերաբերյալ։ Լավ ու վատ կարծիքերի մի ամբողջ տեղատարափ էր։ [Գոհարիկ Տիգրանյան] Սովորությանս համաձայն նստած էի մայթեզրին, երբ ծանոթներիցս մեկը եկավ, ու սկսեցինք զրուցել։ Զրույցը Կիևից էր, ուսման որակից, իմ՝ ՀՀ-ում լինելուց։ Հետևումս մի տղամարդ նկատեցի, դեմքը բավականին ծանոթ էր, հետո պետք է հասկանայի, որ բազում անգամներ տեսել եմ նրան Ազատության հրապարակում, Բաղրամյանում, Երևանի տարբեր փողոցներում։ Նստածս տեղից կանգնեցի ու սկսեցինք քայլել, հստակ մի բան էր պարզ՝ պարոնը մեր զրույցի երրորդ՝ շողքային մասնակիցն էր։ Հանկարծ Արփիին տեսա, գոռացի, մոտեցավ ինձ, պատմեցի, ու սկսվեց մեր գաղտնի օպերացիան։ Արփին վերցրեց հեռախոսս, որոշեցինք, որ ինձ համար կասկածելի մարդկանց կմոտենա որպես լրագրող ու կհարցնի, թե ինչ ակնկալիքով են եկել հրապարակ։ Դե ինչ, խինդն ապահովված էր, կասկածվողների մոտ 70%-ը քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, որոնցից մեկը անգամ սպառնացել էր Արփիին՝ ասելով, որ այդ ամենը նրա համար թանկ կարժենա։ Իսկ այ խենթուկը՝ Արփին, ով բնավ վախեցողներից չէ, իմ ընկերակցությամբ բարձր ու լիաթոք հռհռում էր այդ ամենի վրա։ [Թագուհի Ղազարյան] Ֆրանսիայի հրապարակում ամսի տասներկուսին վրան դնելը ինքնաբուխագույն ակցիա էր, մենք էդ օրը միայն ավտոերթ էինք նախատեսել: Մենք դեռ ապրիլի երկուսին էինք որոշել արագաչափեր փակելը, բայց առաջամարտիկը եղավ Լալայանը, որ իրա ներքնազգեստով փակեց արագաչափը ու դրանից հետո սկսվեեեեեց: Բոլոր քաղաքագետները կանխատեսում էին բացարձակ պարտություն, ոչ մեկը չէր պատկերացնում էն սցենարը, մտքների ծայրով էլ չէր անցնում, որ կարող էր նման բան լինել, ինչ որ եղավ: Բայց ապակենտրոնության միտքը, կարելի է ասել, վերջնականապես բյուրեղացավ ամսի 15-ի առավոտյան՝ Կետիկնոցի քննարկման ժամանակ: [Միքայել Նահապետյան] Նստած են ՔՊ-ի վարչության մի կեսը, Վահանը, Ռեստարտը, Մերժիրը։ Սուրոն, Վահագը, Գարեգինը ու ես հասնում ենք միաժամանակ։ Առանց երկար նախաբանի Նիկոլը ասում է. «Կարճ կասեմ. տոտալ պադձերժկա եմ զգում` ֆեյսբուքում, հաշվեհամարի վրա, զանգերով... բայց մարդիկ փողոց դուրս չեն գալիս։ Ու ինձ թվում ա, որ մի հատ կնոպկա կա` հենց սղմեմ բոլորը դուրս են գալու փողոցներ։ Հիմա պետք ա հասկանանք ո՞րն ա էդ կնոպկեն»։ Տարբեր մտքեր են հնչում, որոնցից նշանակություն ունեցավ Սուրենի խոսքը։ Ասեց. «Էս շարժման պրոբլեմը էն ա, որ ամեն ինչ մի կենտրոնից ա համակարգվում ու մի կենտրոնում ա կատարվում։ Մարդկանց ստեղծագործաբար մոտենալու հնարավորություն չի տրվում` վառ օրինակը, որ սկի մի հատ պլակատ չկա։ Պետք ա հայտարարել գործիքակազմ ու մարդկանց ազատ թողել` որտեղ ուզում են թող գործեն։ Ապակենտրոն անհնազանդություն ա պետք»։ Ես եմ շարունակում, ասում եմ. «Թանկացումների ժամանակ մենք քարտեզագրել էինք, որ եթե Հրազդան գետի վրայի 4 մեծ ու երկու փոքր կամուրջները փակենք` գետի ձախ ափը աջ ափից կտրվում ա։ Բացի դրանից եթե փակենք Կոմիտասը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Մյասնիկյանը ու Արշակունյացը` հյուսիսն էլ հարավից ա կտրվում ու դա տոտալ կոլապս ա»։ [Թագուհի Ղազարյան] Էստեղ առաջին անգամ հնչեց նաև մետրոն պարալիզացնելու միտքը և դրա տեխնիկան: Միտք հղացողը (չեմ հիշում, թե ով) ասում է՝ շատ պարզ է ամեն ինչ, մետրոյի բաց դռների արանքում պառկում ես, ու քանի դեռ դռները չեն փակվում, մետրոն չի շարժվում: [Միքայել Նահապետյան] Վահագն էլ առաջարկում է Մետրոն փակել ու ասում «Ես դրա պատասխանատվությունը ստանձնում եմ անձամբ»։ [Թագուհի Ղազարյան] Մեկը թե՝ բա որ վարորդը քշի՞: Վահեն՝ ո՞նց կարող է նման բան լինել, վարորդը հո Լյովա Երանոսյանը չի՞: [Միքայել Նահապետյան] Հետո Նիկոլը փորձում է եղած ուժերի միջև բաշխել էդ գործը, հասկանում է, որ քիչ ենք, գլուխ չի գա ու հնչում է երկրորդ վճռորոշ հարցը. «Չգժվե՞մ հարթակից հայտարարեմ էս մասին»։ Նայում ենք իրար, ժպտում ու արձագանքում, որ դա գժվելիք չի, դա է ճիշտը։ [Թագուհի Ղազարյան] Հետո մտածում ենք էն պակասող գլխավոր ատրիբուտների մասին: Պաստառներ չունենք: Պետք է պաստառներ պատրաստենք: Մեկը՝ ես ներկերը կբերեմ, մյուսը՝ ես թղթերը: Բա ո՞վ պաստառներին կգրի: Բոլորը հույժ կարևոր գործեր ունեն, կարծես թե, ոչ մեկը չի ստանձնում: Ես կգրեմ, ասում եմ, դուք տեխնիկական մասն ապահովեք: Որոշում ենք նաև, որ Ֆրանսիայի հրապարակում խմբերի գրանցենք՝ տարբեր գործողություններ իրականացնելու համար՝ մեքենայով, հետիոտն ու հեծանիվներով քաղաքացիների, որոնք պատրաստ կլինեն գործողությունների: Երկու սեղան ենք դնում հրապարակում ու հայտարարում, որ մոտենան, գրանցվեն: Մի քանի թեմաներով հանրային քննարկումներ ենք հրավիրում հրապարակի տարբեր հատվածներում: Մի խոսքով, ամեն մեկիս համար մի գործ մտածում ենք: [Սոնա Մնացականյան] Գյուղի ավտոբուսի մեջ փորձում եմ որսալ մարդկանց զրույցները․ ցույցերի մասին ոչ մի խոսք չկա։ Տանը մերոնք հետաքրքրվում են, ու զգում եմ, որ ուզում են հուսալի բաներ լսել։ Ես չեմ մատնում իմ կասկածները․ զարմանալի ա, որ ընկերական շրջապատում կասկածների նախարար եմ (Վահրամի բնորոշումն ա), բայց հենց ընկնում եմ ընտանեբարեկամական շրջապատ, դառնում եմ հեղափոխության հավատավոր ջատագով։ [Գոհարիկ Տիգրանյան] Օրը դանդաղ էր ընթանում, բայց մի պահ պտտվեցի հետ ու տեսա, որ Ռուբինյանը ժամանել է, գրկեցի նրան, ողջունեցի, դա այդ օրերի միակ ողջույնն էր։ Օպերացիան վերջացավ, սկսեցինք պտտվել ուղղակի, դրանից էլ հոգնեցինք ու նստեցինք մեզ համար ամենափափուկ ասֆալտին։ Հանկարծ հեռախոսս զանգեց, Անուշիկն էր՝ քույրս, զանգեց ու ասաց, որ գալիս է ինձ տեսնելու և ուտելիք է բերում։ Նստած ամբողջ ուժով ստամոքսներս էինք լցնում, երբ Սարյանի այգում ուսանողական հավաք գումարելու կոչ եղավ, պետք է անկեղծ լինեմ՝ խոսքը աղջիկներին էլ չհասավ ու էական բան էլ չորոշվեց, քանի որ ուսանողները շատացան, իսկ իմ ալերգիան տեղի տվեց։ Վազում էի դեղատուն, որ հաբեր գնամ ու հանկարծ հիշեցի, որ դրանց մեջ հանգստացնող նյութեր կան, անճարությունից պտտվեցի ու քիթս ֆըսֆըսացնելով հասա Ֆրանսիայի հրապարակ։ [Արմեն Գալջյան] Ցերեկը Սարյանի արձանի մոտ ուսանողների հավաք էր տեղի ունենում, քննարկում էին իրենց անելիքները, մի 10 րոպե լսեցի ինչ են խոսում և անկեղծ ասած չդիմացա, գնացի, որովհետև դեռ շարժումից առանձին էին գործում և խոսում էին առանձին օրակարգի շուրջ, ինչն ինձ դուր չէր գալիս։ [Գոհարիկ Տիգրանյան] Արևը սովորականից շատ էր վառում, հոգնած էի, իհարկե, իմ հոգնությունը համեմատելի չէ մնացածի հետ, բայց կներեք ընկերներ, ես էլ էի հոգնել։ Հենվեցի ընկերներիցս մեկին ու ննջում էի, երբ մի կին անձայն մոտեցավ ինձ ու ձեռքի թերթով փակեց գլխավերիս արևը, որ դեմքս չայտուցվի։ Հրապարակների փոփոխությունից մարդկանց հոգատարությունն ու ապրումակցումը չի պակասում, մեզ համախմբել էր մի գաղափար՝ անտարբերության դեմ պայքարը։ [Թագուհի Ղազարյան] Գնում եմ ԹիԱյ ու վերցնում մերժիրի բոլոր պաստառները, մեդիալաբի ծաղրանկարները, իջնում հրապարակ ու սկսում դասավորել, հետո անցնում նկարչության: Ֆրանսիայի հրապարակը գնալով ավելի ու ավելի դատարկ է դառնում, բայց տպավորություն է, որ եթե նույնիսկ լրիվ դատարկվի, չեն գալու, ու չեն հավաքելու մեր արգելապատնեշները: Իրենք կարծում են, թե 17-ի ընտրություններից հետո ամեն բան կվերջանա: [Սոնա Մնացականյան] Հյուրերը հավաքվում են, խոսում են դեսից-դենից, նաև՝ ցույցերից։ Էլի հայտնվում եմ քաղաքից գյուղ եկած «գազեթից-բանից» պատմողի դերում։ Ես համոզում եմ, որ իրենց մասնակցությունն էլ ա կարևոր, թե չէ նստել երազելով բան չի փոխվի։ Իրենք ոչ մի կերպ չեն պատկերացնում իրենց մասնակցությունը որևէ ցույցի, բա գործերն ո՞ւմ թողնեն, բա որ հետո ոչինչ չստացվի, ո՞վ կբերի հաց կտա, Նիկո՞լը․․․․ Ընթացքում անընդհատ հետևում եմ իրադարձություններին ու չաթի քննարկմանը։ Քրիստը ասում ա՝ էս ի՞նչ վիճակ ա, էս ազգային վոլեյբոլը խի՞ են խաղում, մարդ չգիտի՝ ինչ անի, թողնում գնում ես, չես կարողանում ուրիշ բան անես, գալիս էլ ես, խեղճությունը վրադ ա թափվում։ Գեմոն ասում ա՝ քիչ առաջ Թարվերդյան Արամին ասեցի, որ եթե էս երգուպար, վոլեյբոլը շարունակվի, վաղը մարդ չի մնա, թարգը տվեք։ Ընկերներիս անհանգստությունը ինձ փոխանցվում, բայց բարեկամներից ու ընտանիքից խնամքով թաքցվում ա։  [Արմեն Գալջյան] Վաղվա անելիքները հստակեցնելու համար ՔՊ վարչության անդամները մտան վրաններից մեկի մեջ և մի շարք որոշումներ կայացրեցին։ Երեկոյան հանրահավաքին նորից քիչ էինք՝ մոտ 2500 մարդ։ [Թագուհի Ղազարյան] Վրանում ենք։ Երկուշաբթի օրով առավոտ շուտ՝ 8։15 ճանապարհները փակելու գործողություններն իրականացնելը այլևս անտարակուսելի քայլ է։ Պիտի՛ անենք։ Գլխավոր դիլեման հարցն է, թե ո՞նց իրազեկենք էդ մասին քաղաքացիներին։ Վրանում տարբեր մտավախություններ են հնչում։ Բա որ հիմա ասենք՝ իրենք էլ կիմանան, կխանգարեն, չեն թողնի, կբռնեն, կպատրաստվեն։ Նիկոլը՝ է բայց ձեզ խի՞ ա թվում, որ իրանք արդեն չգիտեն։ Ես՝ բա ումի՞ց ենք թաքցնում։ Արարատը կոնֆետ է տալիս ինձ։ Զգում եմ, թե որքան սոված եմ եղել ողջ օրը։ Բոլորս ժպտում ենք։ Այլևս որոշված է՝ կոորդինացիոն ֆունկցիան իր վրա է վերցնելու հարթակը, այլևս մեզ հետևելու, գաղտնալսելու, ինֆորմացիա ստանալու կարիք չէր լինելու։ Ամենամեծ ինֆորմացիայի աղբյուրը այդ օրերին, երբեմն նաև մեզ համար, դարձավ հարթակը ու Նիկոլի լայվերը։ [Գոհարիկ Տիգրանյան] Այսօրը ես գնացի «Կավիճի» համերգին, 20.30 լքեցի հրապարակը ու միայն առավոտյան վերադարձա, որովհետև անգամ փոքր գինովցածությունն ինձ թույլ չէր տա մտնել հրապարակ, քանի որ հրահրողները ու ոստիկանները շատ էին։ Իմ հանգիստն այս երեկոյով ավարտվեց։ [Միքայել Նահապետյան] Երեկոյան հնչում է դարակազմիկ տեքստը։ Վիճակը նետված էր։ [Արմեն Գալջյան] Նիկոլը հայտարարեց կամուրջների, մետրոյի, փողոցների արգելափակման ծրագրի մասին, դա իսկապես օրիգինալ էր հնչում, մարդկանց դուր եկավ հստակ գործողությունների ծրագիրը։ [Սոնա Մնացականյան] Երեկոյան Աննան ա զանգում ոգևորված ձայնով՝ Սոնիգ, հե՛տ արի, վաղվանից սկսում ա․․․ [Գարեգին Միսկարյան] Գիշերը 15-20 հոգով վազելով Նիկոլի հետևից իջանք Օպերայի ավտոկայանատեղիի ամենաներքևի հարկը, որտեղ մեզ չէին կարող լսել։ Դռան մոտ տղաներից երկու հոգի մնացին, մյուսներս շրջան կազմեցինք։ Նիկոլը թե.-Տղերք ձեզանից ո՞վ ավտո ունիԱսի.-Ես ունեմ, բայց Օպել ա։ Կատակը ստացվեց, բոլորս խնդացինք, բոլորի լարվածությունն անցավ, բացի ինձանից։ [Արմեն Գալջյան] Ավելի ուշ ժամի մոտ 30 հոգով ՔՊ անդամներ, մերժիրսերժինի անդամներ և էլի ակտիվիստներ, որոնց կարելի էր վստահել, իջանք Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղի, որտեղ մեզ չէին կարող գաղտնալսել և հստակ ծրագիր մշակեցինք, հավաքագրեցինք ավտոմեքենաները, նշանակեցինք տարածքների պատասխանատուներ։ [Գարեգին Միսկարյան] Ես ահավոր լարված էի և վատ կանխազգացում ունեի, քանզի ստամոքսս ահավոր ցավում էր, և կարելի էր ասել զոռով էի ինձ զսպում։ Երկար մաքառումներից հետո, հասկանալով, որ իմ էդտեղ մնալը կարա վատ հետևանքներ ունենա թե՛ իմ, թե՛ հեղափոխության պատվի համար, Նիկոլին ասի. -Հազար ներողություն, բայց ստամոքսս լավ չի։ Քանի որ խմբերով ենք փակելու, ես կլինեմ, ասենք, Գևորգ Աճեմյանի հետ մի թիմում։ Իրեն որ տարածքը որոշեք, թող ինքը ինձ զանգի, ես առավոտ կլինեմ իր ասած տեղը։ Բոլորին բարի գիշեր մաղթեցի, դուրս եկա ավտոկայանատեղիից ու շտապեցի տուն։ [Թագուհի Ղազարյան] Ուշ երեկոյան Հյուսիսային պողոտայի ավտոկայանատեղի-գետնանցման ամենաներքևի հարկում որոշում ենք, թե ում մեքենան որտեղ է փչանալու, կարևորը՝ առաջին մի քանի տասնյակի իմպուլսն է, հետո , հուսով ենք, շղթայական շարունակություն կունենա: Վերջին հույսի կամ վերջին հուսահատության գործողությունն է: Կհանդիպենք առավոտյան 8:00-ին: [Արմեն Գալջյան] Չունեինք-չունեինք, բայց տեղում մոտ 50 մեքենա պատրաստ էր առավոտյան օպերացիային, որն իրենից ենթադրում էր մեքենան կանգնեցնել փողոցում, դռները փակել և ոտքով իջնել Ազգային ժողովի մոտ։ [Անի Վարդանյան] Երեկոյան վերադարձա Երևան։ Երևի 10-11-ն էր, Նահապետյան Միքոն գրեց։ Ասեց, որ ուսանողները առավոտվանից Երիտասարդականում հավաքվելու են ու փողոցներ փակելու, ինքը Հաղթանակի կամուրջի մոտ էր ինչ-որ գործողություններ անելու։ Իր նամակին հաջորդեց առանձին իվենթի բացումը, ընկերներիցս շատերը սկսեցին տարածել իրենց էջում։ Ֆեյսբուքը հուշում է, որ ես էլ եմ տարածել՝ «Միգուցե մեր ժամանակն է» մեկնաբանությամբ։ Արդեն որոշված էր՝ առավոտյան Երիտասարդականում էի լինելու։ Որտեղ ուսանողները, այնտեղ նաև ես։ Կարպիսը ֆեյսբուքից հեռացել էր։ Իրեն մեյլով նամակ գրեցի։ Ասեց, որ ինքն էլ կգա։ Ես էլ նախապատրաստվեցի ու քնեցի, որ առավոտյան չուշանամ։ [Գարեգին Միսկարյան] Գևորը գիշերը զանգեց․-Միսկարյան, հո քնած չէիր։-Չէ, Գևոր ջան, ասա։-Որոշեցինք... առավոտ ժամը 7:30-ին Ավտոկայանի դիմացի մայթին կարա՞ս լինես։-Հա, իհարկե։-Դե, պայմանավորվեցինք։ [Արմեն Գալջյան] Գիշերը նորից ուղարկված մարդիկ կային, մեկը նույնիսկ ամբողջ ընթացքում հետևում էր Նիկոլի տեղաշարժին, բայց անիմաստ գործով էր զբաղված։ Այս գիշեր ավելի հանգիստ անցավ, հարբեցողների մի մասը երևի հասկացել էր, որ այստեղ իր պահանջները բավարարող ոչ մի բան չկա և չէր եկել։ [Աշոտ Խաչատրյան] Փողոցային անհնազանդության կոչը տրամադրությունս փոխել էր, չէի համբերում, թե երբ ա հաջորդ օրը գալու։ Առավել ևս, որ ապրիլի 15-ը սաստիկ ցուրտ օր էր։ Ձմեռը սարերում քնել էի բազմիցս, բայց էս մի գիշերը առանձնահատուկ ցուրտ թվաց։ Թեթև էի հագնվել, քունս էլ չէր տանում, ստիպված տենց մնացի Ֆրանսիական հրապարակում՝ շվարած ու սառած։ [Գարեգին Միսկարյան] Ամբողջ գիշեր մտածում էի, թե ինչ պիտի անեմ, որ տեսուչներն արագ չտանեն մեքենան, որովհետև վստահ էի, որ մեզ լսում են, ու հնարավոր չի, որ չիմանային պլանի մասին։ Վերջ, որոշեցի, որ անկախ ամեն ինչից, մեքենան կկանգնեցնեմ, կիջնեմ երկու անիվներից օդը կթողնեմ դուրս, դռներ կփակեմ ու կգնամ մի տեղ փողոց փակելու։ Մեքենան էլ ինչ լինում է՝ լինի։ Ժամը երեքի կողմերն էր, զարթուցիչը միացրեցի 7-ի համար ու քնեցի։ [Աշոտ Խաչատրյան] Գիշերը 4-ի կողմերը էլ չդիմացա ու գնացի գոնե մի 3 ժամ քնելու։ Գրեթե չկարողացա քնել, որովհետև խիղճս տանջում էր, մեծ թվով մարդիկ դիմացել մնացել էին։ Առավոտյան 6-7-ին դեռ լավ ցուրտ էր, երբ մտա հրապարակ։ Մի անմոռանալի տեսարան էր՝ 2 օպերատոր, որ լայվն էին նկարում, իրենց շտատիվներով տեսախցիկներին սերտաճած, կուչ եկած ու սառած կանգնած էին։ Լրագրող-օպերատորների՝ առանց չափազանցության հերոսական օրերը սկսում էին, ծանրագույն ու կարևորագույն աշխատանք իրականացրեցին։ Ֆրանսիական հրապարակի վրա վառ արև էր շողում, տրամադրությունն էլ բարձր էր արդեն, մի քանի ժամից մեր լեգիտիմ խուլիգանություններն էինք անելու, մեզ կարևոր էինք զգալու ու անպայման հայտնվելու էինք ոստիկանության բաժանմունքներում։ Հին ու բարի օրերի պես։
19:48 - 15 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 15] «Էլեկտրիկ Երևանի» ուրվականը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 15] «Էլեկտրիկ Երևանի» ուրվականը

Լուսանկարը՝ Photolure-ի «Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 14] Մենք գտանք իրար < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ [Վահան Կոստանյան] Լույսը բացվեց Ֆրանսիայի հրապարակում։ Վառարանները դեռևս հանդարտ ծխում էին իներցիայով, ընկերներիցս շատերը դրսում դեռ քնած էին, մյուսները զբաղվում էին տարածքի մաքրությամբ, տարբեր անկյուններում, նստարաններին՝ մեր գիշերային պահակները զրուցում էին ոչ պաշտոնական տուրիստական այցով առավոտյան զբոսանքի դուրս եկած երևանցիների հետ։ Նրանցից մի մասը իրոք հետաքրքրված էր զարգացումներով, մյուսները զուտ օգտվում էին առիթից՝ նստել Մաշտոցի պողոտայի մեջտեղում։ Ամեն ինչ մի տեսակ հիշեցնում էր Էլեկրիկը, բայց պետք էր հանկարծ չկրկնել նույն սխալները, ինչի մասին էս օրերին ես ու Միքոն անհանգիստ խոսակցություններ էինք ունենում։ Պետք էր իջնել գրասենյակ, մի քիչ հետևել մամուլին, որովհետև հրապարակում նոթբուքով երկար չէի ձգի։ [Գոհարիկ Տիգրանյան] Առավոտյան նախաճաշս տոլմայի տեսքով էր, մամային խոստացել էի՝ պետք է ուտեի (կյանքիս եզակի նախաճաշերից էր, և առաջինն էր, որ տոլմայով էր)։ Խոհանոցի սեղանին երկու «Մարս» կոնֆետ էր դրված, մայրս լուռ պատրաստվում էր ինձ «բոցահեր արևի մոտ» ճանապարհելուն (բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ կռվել են ծնողների հետ ցույցերի մասնակցելու համար, գիտեն, թե ակտիվիստական ճանաչում ու սատարում ստանալը ինչ մեծ բերկրանք է)։ [Արմեն Գալջյան] Առավոտյան մնացել էին մոտ 50 հոգի։ Ցերեկը 14։00-ին հանրահավաք էինք նշանակել, որոշեցի մինչ այդ գնալ տուն և շորերս փոխել։ [Միքայել Նահապետյան] Գիշերը Ֆրանսիայի հրապարակում մարդիկ քիչ էին, առավոտվա կողմ սկսեցին շատանալ, բայց այդպես էլ նախորդ օրվա չափ մարդ չհավաքվեց: Մոտ 3000 մարդ կար։ [Թագուհի Ղազարյան] Արսենը հաշվել է Ֆրանսիայի հրապարակում գիշերած մարդկանց. 150 հոգի: Քիչ է: Զանգում եմ Սանասարյանին: Համարս չի գրանցել: Ամեն անգամ հեռախոսը վերցնելիս՝ ալո, բարև Ձեզ, ո՞ւմ հետ եմ խոսում: Որոշեցի հոգու հետ խաղալ: Չնայած ոչ աշխատանքային օր է, բայց ասում եմ՝ ձեզ բանկից են անհանգստացնում, այսօր Ձեր վարկի օրն է: Ո՞նց, ասում է, էսօր ա, կներեք, մոռացել էի, մինչև ժամը քա՞նիսն եք բաց: Հանգստացի, ասում եմ, Թագուհին ա: Ու ինձ անհարմար եմ զգում, որովհետև կարծում էի, թե անմեղ կատակ էր: Առավոտյան քայլերթ ենք անելու, որից հետո պլանավորված է գնալ Մելիք-Ադամյան՝ այսօրվա ԳՄ նիստին, որտեղ հայտնելու են վարչապետի իրենց թեկնածուի անունը: [Գոհարիկ Տիգրանյան] Գնացի Ֆրանսիայի հրապարկը, ավտոբուսի մեջ հարազատ հոգի էի փնտրում, բայց.... բայցերից չենք խոսում, քանի որ կյանքում ամեն ինչ լինում է ճիշտ պահին և ճիշտ տեղում, ու մարդիկ միայն ճիշտ ժամանակին են արտահայտում իրենց բողոքը։ Հրապարակում մի մասը դեռ քնած էր, իսկ մյուս մասը մաքրում էր տարածքը, ու ինչ-որ ակտիվ շարժ կար։ Հրապարակի անկյունում լուռ նստած էի, ընկերներիցս շատերը ճանապարհին էին, Արփին ասաց, որ մի քանի րոպեից հասնում է, իհարկե, հետո մեզ միացավ նաև Արփենիկիս հայրը՝ ումից բոլորս մի քիչ վախենում էինք։  Հետաքրքիր էր մայթեզրին նստած հետևել ծանոթներիս ու ընկերներիս արևից սևացած ու թոշնած, բայց քաջ ու անհանգիստ դեմքերին։ Հրապարակի տարբեր մասերում քաղաքացիական հագուստով ոստիկաններ էի տեսնում, արդեն սովորել էի նրանց տարբերել քաղաքացիներից, բայց ինքս իմ հետ պայմանի մեջ էի՝ նրանց աչքին չերևալ։Խոստովանում եմ՝ ապրիլի 14-ի առավոտը վերջին պահն էր, երբ հետ նայեցի կիսատ թողած կրթությանս աչքերի մեջ, իսկ նա էլ իր հերթին թևերը ծալեց ու հույսը կտրեց ինձնից։ Խնդրում եմ հասկացեք՝ միակ բանը, որից հրաժարվելը բարդ էր ստացվում՝ դժվարությամբ ձեռք բերված կրթության հնարավորությունն էր։ [Սոնա Մնացականյան] Էսօր պիտի գյուղ գնայի, որ Տաթևիկի հետ պարապեի, բայց գիշերը էնքան ուշ եկա ու էնքան հեղափոխությամբ վարակված, որ չեմ ուզում քաղաքից դուրս գամ։ Տաթևիկն ա գալիս, հարցնում եմ՝ գյուղում ինչ են խոսում, շարժ կա՞։ Ասում ա՝ չէ, սաղ նույնն ա։ Կեսօրին հանրահավաք կա, իջնում եմ, Սաքոյին ու Լուսինեին եմ հանդիպում իրանց մամայի հետ, որ ակնհայտորեն անհանգիստ ա․ դե որովհետև պատկերացնում ա, որ հերթական անքուն գիշերներով սպասումների շրջանն ա սկսելու։ Իմ բախտը բերել ա, որ մերոնք գյուղում են։ [Թագուհի Ղազարյան] Բազմաթիվ ծանոթ մարդկանց Ֆրանսիայի հրապարակում տեսնելը, ինչ խոսք, հաճելի է: Վա՜յ, էս էստեղ ե՞ս, ասում եմ՝ ամեն անգամ ուրախությամբ անակնկալի եկած: Կողով անցնում էի, պատասխանում է հերթական ծանոթս՝ չխոստովանելու համար, որ այստեղ հատուկ է եկել, դիսասոցացվելու համար կամ էլ պարզապես կողքով անցնում էր: Սա վերջը դառնալու ա կողով անցնողների հեղափոխություն, կատակում է Դավիթը: [Սոնա Մնացականյան] Երթը ձգձգվում ա, ազգային-ազատագրական երգեր են հնչում, որոշ խմբեր պարում են։ Էս երգուպար վիճակից շատ եմ ներվայնանում, որովհետև հիշեցնում ա Էլեկտրիկ Երևանը։ Վերջապես Նիկոլը ելույթ ա ունենում, ասում, որ իր համերաշխության կոչին արձագանքել են մի շարք քաղաքական գործիչներ ու կուսակցություններ ու սկսում ա թվարկել։ Էդ անունները լսելով՝ մենք իրար երեսի ենք նայում ու տխուր ժպտում․ քաղաքական դիակները արհեստական շնչառություն են փնտրում։ [Արմեն Գալջյան] Չնայած հանրահավաքի անունը դրել էինք մեծ հանրահավաք, սակայն այսօր ավելի քիչ էինք, քան նախորդ օրը։ Չգիտեմ պատճառը ինչն էր։ Իրավիճակը զարգացնելու համար պետք էր մարդկանց գործողություն ցույց տալ։ Անակնկալ կերպով որոշվեց մտնել Հանրային ռադիոյի շենք։ [Վահան Կոստանյան] Վերադառնալուն պես հավաքվեցինք Կետիկնոցում։ Ես, Լենան, Արարատը ու էլի մի քանի ընկերներ։ Պարզաբանեցին իրավիճակը, որ մեդիա բլոկադայի մեջ ենք գտնվում։ Հանրային ռեսուրսները որեւէ կերպ չէին լուսաբանում Երևանում տեղի ունեցող իրադարձությունները։ Եվ սրա դեմ պետք էր քայլ անել, գաղափարը, որ պետք է գնալ Հանրային հեռուստաընկերություն, այդքան էլ իրատեսական չէր, որովհետև հեռու էր։ Առաջարկեցի գնալ Հանրային ռադիո։ Ես, Մխիթարն ու Լենան պիտի հասկանայինք, թե դա ոնց իրագործել։ Պետք էր դռները բաց պահել, մինչև մարդիկ կհասնեին։ Որոշվեց, որ Լենան ու Նարեկը կգնան մուտքի մոտ, ու Լենան եթեր կպահանջի՝ շեղելով ոստիկաններին, ու էդ ընթացքում երկու խումբ՝ երեքական ընկերներից, պիտի պահեին դռները։ Խմբերից մեկի հետ Մխիթարը պիտի գնար, երկրորդ խմբի հետ էլ ես։ [Թագուհի Ղազարյան] Քայլերթից առաջ հավաքվում ենք կոորդինացնող խմբով, քվեարկում Ռադիոտուն մտնելու համար: Մեզնից մի քանիսը մնում են հրապարակում՝ հսկելու, թեև հսկելու առանձնապես բան էլ չկար: [Գոհարիկ Տիգրանյան] Վահանին տեսա, առանձազրույցի ժամանակ թեթևակի տեղյակ պահեց ինձ պլանների մասին՝ Ռադիոտան գաղափարը դեռ եփված չէր, բայց տեղում կողմնորոշվելիքներից էր։  [Վահան Կոստանյան] Մարդիկ պարզ էին, առաջադրանքը պարզ էր, սկսվեց քայլերթը Սայաթ Նովա փողոցով։ Էս ընթացքում ինձ զանգեց Նորոն, ով պիտի օգներ դռները բաց պահել ու սկսեց հարցեր տալ թե ինչ էինք անելու։ Փորձեցի ինձ հիմարի տեղ դնել, բայց արդեն ուշ էր։ Վստահ էի, որ հեռախոս գաղտնալսվում էր։ Մոռացանք, անցանք առաջ։ [Գոհարիկ Տիգրանյան] Քայլերթը սկսված էր, Արփիից հրահանգ էի ստացել, որ իրեն կողքիս պահեմ ամեն պահի, որ չտաքանա ու ոստիկանների հետ չվիճի։ Ինքնամոռաց կերպով ու բարակ ձայնով գոռում էինք. «Քայլ արա, մերժիր Սերժին», «Միացեք»։Հասանք Սայաթ-Նովա Խանջյան խաչմերուկ ու օդում կախված անհանգստության արդյունքում հասանք առաջին շարքեր, իսկ Շախմատի տան մոտից, ընկերներիցս կտրվելով, առաջ վազողներին միացա, որ գնում էին Ռադիոտուն։ [Սոնա Մնացականյան] Երթին չենք միանում, քանի որ Սաքոյի ոտքը էլի ցավում ա, Ալինան էլ, Լույսիկին գրկած, չի կարող երկար քայլել։ Մի քիչ հետո Սաքոն ա զանգում Խանդանյան, ասում ա՝ ռադիո ենք մտել, լարված վիճակ ա։ [Միքայել Նահապետյան] Սերժի տոնը Ծաղկաձորում փչացնելու պլանը չստացվեց, փոխարենը որոշում կայացվեց գրավել Հանրային Ռադիոյի շենքը ու մինչև մարդիկ կհասկանային, թե ինչ է կատարվում, լավ կազմակերպված փոքրաթիվ խումբն արդեն ներսում էր։ [Վահան Կոստանյան] Ամեն ինչ անցավ ըստ ծրագրվածի, մարդիկ սկսում էին ներս մտնել։ Գոհարիկն ինձ նախապես խնդրել էր, որ թույլ չտամ իրեն առաջին պլանում հայտնվել, գլուխը տնկած մտնում էր շենք։ Գոռգոռոցներս, թափ տալս չօգնեց, Գոհարիկը ձեռքերը բարձրացրած, գլուխը տնկած վազեց շենք։ [Գոհարիկ Տիգրանյան] Մուտքի մոտ Վահանը ձեռքիցս բռնեց. «Գժվե՞լ ես, սա քրեական գործ ա, չես կարողանալու երկիրը լքել, մոռացե՞լ ես հետ պիտի գնաս»։ Ձեռքը թողեցի ու Մխիթարի հետ մտանք շենք, օգնեց, որ անցնեմ անցակետով, Վահանն էլ միացավ, հետևում մի մեծ բազմություն էր, հասանք վերջին հարկ, ոստիկանական տեսախցիկը նկարեց դեմքս, կրթությունն արդեն մոռացված էր՝ միակ տագնապը ուղարկված էր գրողի ծոցը։ [Արմեն Գալջյան] Ձեռքերներս վեր պարզած վազքով մտանք շենք։ Պետք էր գտնել այն սենյակը, որտեղից հնարավոր էր ուղիղ եթեր մտնել, և տեսանք մի դուռ, որի վրա գրված էր՝ «կողմնակի անձանց մուտքն արգելվում է», գրեթե բոլոր սենյակները ստուգել էինք, մնացել էր սա, և պարզ էր, որ այն, ինչ փնտրում ենք, այս դռնից այն կողմ է: Դուռը փակ էր, այլ ելք չունեինք, պետք է կոտրեինք՝ հակառակ դեպքում շենք մուտք գործելն անիմաստ կդառնար։ Տղաներից մի քանիսը ոտքով այնքան խփեցին, որ դուռը պատախառը փշրվեց։ [Վահան Կոստանյան] Բոլորս վազելով բարձրացանք վերջին հարկ։ Քանի Նիկոլը մտել էր ձայնագրման խցիկ, հարկում խուճապ էր տիրում, ստիպված ձենս գցել էի գլուխս մարդկանց հանգստացնելու համար։ [Արմեն Գալջյան] Նիկոլը մտավ ուղիղ եթերի սենյակ, իսկ ես որոշեցի մնալ միջանցքներում և հետևել, որ ցուցարարները ավելորդ բաներ չանեն․շատերը կարող էին մտածել, որ եթե մի դուռ ջարդել ենք, ուրեմն ամեին ինչ կարելի է ջարդել։ [Վահան Կոստանյան] Կրքերը հանդարտվեցին, Նիկոլը լայվ մտավ։ Իջա դուրս, բոլորը շենքի դիմաց էին, Մխոն՝ Չարենցի հուշարձանի մոտ մենակ նստած։ Մոտեցա, սուսուփուս նստեցինք ահագին, պտտվեց, ձեռքը դրեց ուսիս ու ասեց՝ «ես ու դու արդեն նաղդ դատվում ենք»։ [Գոհարիկ Տիգրանյան] Դուրս գալիս ընկերներիս տեսա շենքի կողքին, Սոնային գրկեցի ու ինքս ինձ հուսադրելով ասացի. «Նորից կդիմեմ նույն ծրագրին, ճար չունեն, կընդունեն հաստատ»։ Սա արդեն հաշվենկատ պայքարին «ցը» ասելու պահն էր։ Համալսարանի հետևում ընկերներով ծխում էինք, երբ բացեցի կուրսեցիներիս հետ չատը ու տեսա, որ երկու կուրսեցիներս գալիս են. «Գոհարիկ, քեզ մենակ չենք թողնում»։ Տպավորիչ էր, գրողը տանի, ես իմ թեթև գոյությամբ մարդկանց ոգեշնչել էի։ [Անի Վարդանյան] Շաբաթ կեսօր էր։ Պապան զանգեց ու ասաց, որ ընկերն ա Մոսկվայից եկել, կես ժամից տաքսի կպատվիրեն ինձ համար, որ գնամ Ապարան։ Ալարում էի անկողնուց վեր կենալ։ Համալսարանի նախորդ օրվա իրադարձությունները բավականին ազդել էր վրաս։ Թերևս առաջին անգամ էի ինչ որ տեղ փակված։ Երբ տաքսին եկավ, արդեն ցուցարարները Հանրայի Ռադիոյում էին։ Նայեցի ուղիղ եթերով, բայց գնալու ցանկություն չառաջացավ։ Երևի բնույթիցս էր։ Ես նման գործողությունների կողմնակից չեմ։ [Վահան Կոստանյան] Շենքում ակցիայի ավարտից հետո բոլորն եկան հուշարձանի մոտ՝ պիցցա ուտելու, հոգեպես լավ չէի, խուճապի մեջ էի, Գոհարիկին խնդրեցի՝ միասին գնանք հետ Ֆրանսիայի հրապարակ։ [Գոհարիկ Տիգրանյան] Ընկերներս գնացին հանգստանալու, Վահանին գտա, Գիրոսում հաց էինք ուտում, երբ աչքը կպավ, գնացի սուրճ ու պաղպաղակ վերցնելու, ու ֆեյսբուքյան չատերս ստուգելիս տեսա Ռուբինյանի նամակը՝ գալիս էր։ [Արմեն Գալջյան] Ուղիղ եթեր չկարողացանք մտնել, բայց մեր նպատակը ոչ այդքան ուղիղ եթերն էր, որքան ինչ որ շենք «գրավելը»։ Խաղաղ դուրս եկանք, երթով գնացինք կրկեսի խաչմերուկը փակելու։ [Թագուհի Ղազարյան] Ես ու Արմենը ուղիղ եթերով ենք հետևում քայլերթին ու Ռադիոտուն մտնելու իրադարձություններին, մինչդեռ հետո Արմենի դեմ քրեական գործի շրջանակում պետք է պարզվեր, որ իրեն մեղադրում են նաև Ռադիոտուն մտնելու գործով: Ռադիոտան դեպքերից քիչ անց հայրս է զանգում: Ամսի 17-ին, ասում է, հարսանիքի եմ հրավիրված, հետս կգա՞ս: Ասում եմ՝ պապ, դու ընդհանրապես տեղյա՞կ ես, թե ինչ է տեղի ունենում Երևանում ու ամսի 17-ը ինչ օր է: Ի՞նչ օր է, հարցնում է: Լուրերին հետևո՞ւմ ես, հարցնում եմ: Դե, ասում է, մոտս Հանրային ռադիոն է միացրած: Ժպտում եմ՝ և ոչ մի տարօրինակ բա՞ն: Մտածում է: Էսօր մի պահ լույսերն անջատեցին: Հանրային, ռադիոյի պատմության մեջ առաջին անգամ, չէ՞, պապ, ասում եմ: Կներես, ամսի 17-ին Սերժի վարչապետ ընտրվելու օրն է, չեմ կարող գալ: Ասածներիս մեջ երևի որևէ տրամաբանական կապ չգտնելով՝ պատասխանում է՝ լավ, դե ոնց կուզես: [Արմեն Գալջյան] Վարորդների հետ վեճեր էին տեղի ունենում, նրանց համար այդ պահին ավելի կարևոր էր իրենց անձնական գործերը։ Մենք ներողություն էինք խնդրում նրանցից և շարունակում մեր անհնազանդության գրծողությունները։ [Անի Վարդանյան] Տաքսու վարորդի հետ երկար քննարկեցինք։ Ինքն էլ դեռ չէր որոշել՝ միանալու ա պայքարին, թե չէ։ [Արմեն Գալջյան] Հասանք Ֆրանսիայի հրապարակ, մարդիկ ավելացել էին, բայց նորից ոչ այնքան, որքան նախորդ օրն էր։ Դա տխրեցնող փաստ էր, բայց պետք էր շարժվել նախնական ծրագրով։ [Թագուհի Ղազարյան] Շուտով պարզվում է, որ ՀՀԿ-ն ԳՄ նիստը տեղափոխել է Ծաղկաձոր: Ավտոերթ ենք պլանավորում դեպի Ծաղկաձոր նախապես հայտարարված ժամի համար, սակայն պարզվում է, որ մինչև մենք կպլանավորեինք ավտոերթը ՀՀԿ-ն ԳՄ նիստը վերջացրած է լինում: Միքոյին եմ տեսնում՝ հը՞, ի՞նչ կասես: Պինդ ե՞ս, հարցնում ա: Հա, ասում եմ: Դե ուրեմն լսի՝ կրվել եք, վսյո: Մի՜ք: Ոչ մի բան չի ստացվելու, դուք օրակարգ չունեք, մերժիր Սերժին-ը օրակարգ չի: Ինչի՞ ես տենց ասում, էսքան տարբեր մարդկանց այլ բան կարա՞ր հավաքեր մի տեղ, շուրջդ նայի, ասում եմ: Ես ինձ չեմ զոհաբերելու, ասում ա, որ Սերժին Նիկոլը փոխարինի, ինձ համար կարևորը ի՛մ օրակարգն ա, ու ինձ մեկ ա, թե ով կիրականացնի էս օրակարգը՝ Սե՞րժը, թե՞ Նիկոլը: Ահավոր լարված ա: Լարված ենք: Չեմ հավատում ականջներիս: Միքոն դեռ հետո պիտի ցույց տար, թե որքան կարևոր ու սկզբունքային հարց էր իր համար ի՛ր օրակարգը: [Գոհարիկ Տիգրանյան] Հասանք նորից Ֆրանսիայի հրապարակ, մարդկանց թիվը մեծանում էր, մտածում էինք, հաշվարկում, ասում, որ շաբաթ է, դրա համար են գալիս... [Վահան Կոստանյան] Եկավ երեկոյան հանրահավաքը, էսօր վիզուալ մարդիկ չէին ավելանում, հեռվում կանգնած հետևում էի, քայլում մարդկանց միջով, որ ականջի ծայրով լսեմ, թե ինչ են խոսում մարդիկ իրար մեջ։ [Սոնա Մնացականյան] Շուտով բարձրախոսով ենք լսում Նիկոլի ուղերձը։ Ահագին ոգևորվում ենք ու նորից տնավորվում Կետիկնոցում։ [Գոհարիկ Տիգրանյան] Երեկոն իջավ, ելույթները, որոնց մի մեծ մասը էդպես էլ չէինք լսում, ավարտվեցին։ Ցուրտը նորից գլուխ էր բարձրացնում, իսկ մթնոլորտում կախված էր թեթև տագնապ, ամեն պահի ոստիկանական գործողության սպասելիք կար, սակայն գործողության սպասումը դեռ հեռու էր և օդում։ [Միքայել Նահապետյան] Երեկոյան նորից Էլեկտրիկ Երևանի շնչով լցվեց Ֆրանսիայի հրապարակը։ Վահանը նստած է բանկոմատի դիմաց։ Մոտենում եմ ու սկսում փնթփնթալ։ Համաձայնության նշան է տալիս, որ ամեն ինչ էնքան էլ «պա պլանու» չի գնում։ Ջղայնանում եմ, գնում տուն` մի քիչ քնելու։ [Վահան Կոստանյան] Հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակում տժժիկ-կայֆավատի երաժշտության պահանջ էր հասունացել։ Լավ էլիենց երգերը չէին ընդունվում, տարիքով մարդիկ էս ու էն կողմից գոռում էին՝ «արա մի նորմալ հայկական երաժշտություն դրեք, էս ինչ ա»։ Հստակ սերունդների բախում էր ու էս խնդիրը լուծել էր պետք։ Հավաքվեցինք Դիվանբաշիում՝ հասկանալու համար, թե ինչպես վարվել տվյալ իրավիճակում։ Մի քանի ժամ գոռգոռացինք իրար վրա, անկեղծ խոսեցինք, քննադատեցինք, քննարկեցինք, վերջապես եկանք ինչ որ լուծումների։ [Անի Վարդանյան] Ապարանում կյանքը խաղաղ էր։ Էնտեղ մայրաքաղաքի իրադարձությունները շատ ուշ են հասնում կամ ընդհանրապես չեն հասնում։ Երեկոյան արդեն վերլուծում էի համալսարանում տեղի ունեցածը։ Բավականին ազդված էի։ Չէի կարողանում տեղս հանգիստ նստել ու որոշեցի, որ պետք է քայլեր ձեռնարկեմ։ [Թագուհի Ղազարյան] Երեկոյան քննարկումը վրանում ենք անում, որ ուղիղ եթերի տակ չընկնենք: Վրանում Նիկոլին` բայց գիտես չէ՞, որ հենց ընտրությունն եղավ-պրծավ, նստեցնելու են, ասում եմ` ոստիկանության հաղորդագրությունը ուղիղ տեքստով էդ մասին էր: Նիկոլը մի քանի վայրկյան լռում ա, ինչ-որ կարևոր բանի մասին ա մտածում երևի: Շատ-շատ դուխաթափ ենք բոլորս, չգիտենք` վաղը ինչ ենք անելու, ժամանակ չկա, երկու օրից Սերժին ընտրում են: Քմծիծաղ ա տալիս Նիկոլը, ասում ա` է եթե բան չենք կարենալու անենք, ինձ համար ի՞նչ տարբերություն Ազգային ժողովում նստած կլինե՞մ, թե՞ բանտում: Անսահման հավատում եմ իրեն: Էն պարզ մարդկային դառնությունը, որ հիմա եմ տեսնում աչքերում ու լսում ձայնի մեջ, էն միտքը, որ երևի նորից պարտվելու ա: Օդում կախված ա էն միտքը, թե ևս մի «պարտվել եմ» ա ավելանալու էդ տողին: Բոլորս լարված սպասման մեջ ենք: Քննարկումն ընթանում ա: Ես լուռ, լուռ եմ: Գլխումս անընդհատ հնչում ա` ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Հիշում եմ բոլոր ձախողած կամ գոնե չհաջողած, պարտված մանրումեծ շարժումները, բողոքի ակցիաները: Աչքիս առաջ էն օրն ա, երբ Ազգային ժողովի դեմ հավաքված էինք մի քանի տասնյակ մարդկանցով, իսկ ներսում քվեարկություն էր: Զարուհի Փոստանջյանը ընդմիջման ժամանակ հավաքել էր պատգամավորների քարտերը: Դրսում ցուրտ, ցուրտ էր: Իմ տեսած ամենացուրտ ձմեռն ա, 2013-14 թթ. ձմեռը: Կարգին Հայկոն բալոնով գազ ա բերել, վառել, որ տաքանանք, բայց մենք էն կողմի վրա չենք գնում: Անուշիկը չիր ա բերել, որ ուտենք, որովհետև գիտի, որ արդեն քանի ժամ ա` էստեղ ենք ու երևի բան չենք կերել: Կամ էլ չգիտի, բայց բերել ա: Հետո հիշում եմ Բաղրամյանը, տաք, տաք էր, տաք ասֆալտին քնած եմ: Պարզ ա, որ ոչ մի մեքենա էս ճանապարհով չի քշելու, բայց ես բնազդաբար մայթին եմ պառկել: Մաման զանգել, ասում ա` տուն արի, ասում ա` վտանգավոր ա էդտեղ, ասում ա` եթե ինձ սիրում ես, տուն արի: Ասում եմ` մամ, ո՞նց տուն գամ, դու էդ ի՞նչ տեսակ մարդ ես, որ մենակ քո սեփական էրեխու ապահովության մասին ես մտածում, բա մյուսնե՞րը, բա մյուսները մարդ չե՞ն, ընտանիք չունե՞ն, ես գամ տաք-տաք քնեմ, իրենք ինձ համար մնան ծեծվե՞ն: Ասում ա` լավ, նենց արա գոնե էդ կամեռաների տակ չերևաս: Պարզ ա, որ ոչ թե էստեղ լինելուս համար ա անհանգստացած, այլ էստեղ լինելս իմացվելու: Ես գիտեմ, որ իրենց բազմաթիվ ուղիներով զգուշացնում են իմ մասին, բայց ընտանիքիս անդամներից ոչ մեկը չի փոխանցում, որ զգուշացվել եմ: Հետո, շատ հետո եմ իմանում, որ էսինչը կամ էնինչը գնացել ա հորս մոտ` գործի տեղը, զգուշացրել, եկել են տուն, մորս զգուշացրել, ախպորս են գտել, զանգել, կապվել, զգուշացրել, բայց ոչ մեկը ոչինչ չի փոխանցում ինձ: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Նորից ձմեռ ա, Ազատության հրապարակում ենք, գազի գնի թանկացման դեմ ստորագրահավաք ենք անում, որ դիմենք դատարան: Հազարավորները արդեն հավաքել ենք, բայց քիչ ա դատարանի համար: Նույն ցուրտ ձմեռն ա` 2013-2014: Ես ու Մաքսն ենք հերթապահում: Ցրտից դողում ենք, բայց տաք թեյ գնելու փող չկա մոտներս, ստիպված ՖԲ-ում ստատուս ենք գրում, որ թեյ բերեն հրապարակ: Արձագանքում են:Հետո նորից երթի ենք: Հիմա արդեն աշուն ա: Երևի Ո՛չ-ի երթն ա: Նիկոլի վրա զայրացած եմ, Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ ա հռչակել: Հետո նորից երթ, սա էլ երևի անոնիմուսների երթն ա, ամեն տարի անում ենք` ավելի շատ ի սոլիդարություն Շանթ Հաարությունյանի: Հետո Խորենացի փողոցում ենք, գիշեր ա: Կողքս Անուշիկն ու Մաքսն են կանգնած: Մեր դիմացի շարքերից ինչ-որ շշեր են սկսում շպրտվել ոստիկանների վրա: Մաքսը վազելով գնում ա առաջ` մի՛ շպրտեք, չշպրտե՛ք, մի՛ արեք: Անուշիկի դեմքը լուսավորվում ա աչքիս առաջ, ինչ-որ ուժեղ ալիք մեզ շպրտում ա էս կողմ-էն կողմ, ու բոլորս սկսում ենք անիմաստ ու անկանոն վազել: Շնչահեղձ եմ լինում: Առաջին անգամ եմ զգում արցունքաբեր գազի ազդեցությունը: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Դատարանում եմ: Մի քանի հոգով նստած ենք: Ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանին դուրս հրավիրեցին դահլիճից` անհարգալից վերաբերմունքի համար: Ընդմիջումից հետո մեզ էլ արդեն չեն թողնում ներս մտնենք: Հետո վարչական դատարանում եմ, Մաքսին մեղադրում են ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Հետո քաղմասում եմ: Ոստիկանը ասում ա` ձեզ էնտեղ լինելու համար էդքան վճարում են, մեզ մեր նույն աշխատավարձն են տալիս գիշերները չքնելու համար: Ապշելու բան ա: Երբեք չէի պատկերացնի, որ իրենց էդպես ա մատուցվում էս ամենը: Հետո տանն եմ: Երեք ոստիկան Էջմիածնի բաժնից եկել են հորս հետ ու ասում են, որ եղբայրս բաժնում ա, մինչև չներկայանամ, բաց չեն թողնի: Հարցնում եմ` ի՞նչ կարիք կար մարդ առևանգելու, կարելի էր ուղղակի ծանուցագիր ուղարկել: Հետո նորից փողոցում եմ` նստացույցի, հետո նորից երթի մեջ եմ, հետո նորից` դատարանում, հետո նորից` ոստիկանությունում, հետո նորից` ՀՔԾ-ում, հետո նորից… Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ, որ այլևս երբեք փողոց դուրս չեմ գալու ու էս անգամ էլ էի խոստացել: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Գազի գինը թանկացավ, դատարանը կարճեց ստորագրահավաքով դիմած գործը ու թողեց օդի մեջ: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Հոսանքի գինը թանկացավ, Բաղրամյանը բացվեց: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Շանթ Հարությունյանը շարունակում ա բանտում մնալ: Հայկին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման: Գևորգը անազատության մեջ ա: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: ՀՀ-ն ընդունեց նոր սահմանադրությունը, այսուհետև մենք խորհրդարանական երկիր ենք` Սերժի վերարտադրման սպառնալիքով: ՀՀԿ-ն մեծամասնություն ապահովեց խորհրդարանում: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս: Պարտության իմունիտետով ենք դուրս եկել պայքարի: Թվում ա` էլ ոչ մեկս կորցնելու ոչինչ չունենք: Ամեն ինչ կամ ոչինչ: Երկիրը անժամկետ հանձնել ՀՀԿ-ին` գոնե ինձ համար նշանակում ա փակել Հայաստանի Երրորդ Հանրապետության վերջին էջը: Ճգնաժամային իրավիճակ ա, Ֆրանսիայի հրապարակում հազիվ 2000 մարդ հավաքված լինի էսօր: Օր-օրի նվազում ա հանրահավաքի մասնակիցների թիվը, իսկ մենք հետդարձի ճանապարհ չունենք, չենք թողել ինքներս մեզ համար: Կողքիս նստած են մարդիկ, որոնց հետ կարելի ա գնալ նույնիսկ մեռնելու: Մարդիկ, որոնք դեռ չեն տեսել, բայց հավատում են: Հավատում են, բայց կասկածում են: Սիրուն, սիրուն մարդիկ, որոնք, անհավատալի ա, բայց մի ամիս հետո լինելու են ՀՀ կառավարությունը: Եթե էդ պահին ինձ մեկը նման բան ասեր… Իսկ օդում կախված է նույն, մշտական, ամենօրյա հարցը՝ տեսնես վաղը մարդ կգա՞: Թերևս տեղին կլիներ ամսի 14-ի դեպքերի հետ կապված խոսել դեպի Հեղափոխություն Ռուբենի փառահեղ մուտքի մասին, սակայն ես այդ մուտքը չեմ հիշում: Ասում են՝ Ստամբուլում ինչ-որ կրթական ծրագիր անելիս է եղել, ասում են՝ տեսել է երևանյան դեպքերն ու սիրտը չի դիմացել, ասում են՝ որոշել է ամեն բան թողնել ու միանալ «մահապարտ» ընկերներին, ասում են՝ Ֆրանսիայի հրապարակի առումից հետո գնել է առաջին իսկ չվերթի տոմսերն ու ժամանել Երևան: Ես այդ ամենը չեմ կրում՝ իբրև իրադարձության հուշ: Ես պարզապես գիտեմ, որ Ռուբենը սկզբում չկար, մեկ էլ ինչ-որ պահից դառնում է քննարկումների ամենաակտիվ մասնակիցն ու ինտրիգների ամենահմուտ համակարգողը: Օպերատիվ որոշումներ կայացնելիս այդ օրերին դոմինանտ էր Արենի ու Ռուբենի դերը: Քննարկումից հետո կետիկնոցում հանդիպում եմ հարազատ շրջանակի. Գեմոն, Սաքոն, Սոնան, Քրիստը, Վահրամը, Կարենը, Աննան, էլի մի քանի հոգի նստած սրճում ու զրուցում են: Բան դուրս չի գա, պնդում են: Մեղավոր ժպտում եմ, կարծես թե պարտավոր էի մի բան անել իրենց չհուսահատեցնելու համար ու չեմ կարողացել անել: Մեռնողի վերջին խռխռոցն է, ասում է Գեմոն: Դե հա…, պատասխանում եմ: [Սոնա Մնացականյան] Քիչ-քիչ սեղաններ են կպնում իրար, քանի որ մեզ են միանում Քրիստը, Մորին, Գեմոն, Զորիկը, Դավիթը, Աննան, Վիոլետը, Արփին Մուշի հետ, Սաքոն Խանդանյան. «թող ինձ ներեն բոլոր էն տղերքն ու աղջկերքը, ում անունները էլ չեմ հիշում», հա, Թագուհին էլ գնում գալիս ա երկու սիրածների արանքում հայտնվածի պես։ Իսկ Կարենը էսօր չի գալիս, քանի որ գնացել ա Արմաշ թռչնադիտարկման, բայց մեր չաթ ա գցում մի քանի ամիս ուշացումով տեղ հասած իրա նոր բոթասների նկարը։ Կարենը սրա մեջ նախախնամություն ա տեսնում, բայց սա դեռ Կարենի՝ վերերկրային բարենպաստ նշաններ տեսնելու սկիզբն ա․․․ [Թագուհի Ղազարյան] Հետո փողոցում հանդիպում եմ ընկերներիցս երկուսին, կանգնեցնում են՝ բան չի դուրս գալու, էս ի՞նչ եք անում: Արդեն խելագարվում եմ էս նույն բառերը լսելուց: Մեկը՝ էս ցիրկ ա, Նիկոլը Սերժի պրոյեկտն ա, դուրս արի խաղից, քանի շուտ ա: Էլ ուժ չունեմ: Հա, քո ասածն ա, ասում եմ ու գրեթե վազելով փախչում: Էդ ընկերոջս մեկ էլ ամսի 23-ին եմ տեսնելու՝ երջանկությունից խելագարված փողոցում բոլորին աջուձախ գրկելիս և չեմ հիշեցնելու էս խոսակցության մասին: Թույլ եմ տալու, որ ինձ էլ գրկի ու գոռա՝ տեսա՞ր՝ ի՜նչ արին, տեսա՞ր՝ ո՜նց հաղթեցինք: Ուշ երեկոյան Մարիայի ու Արմենի հետ զրուցում եմ Քոստում: Ասում եմ՝ երբ Սանասարյան Դավիթը հարթակից գործադուլի կոչեր էր հնչեցնում, ես հանրահավաքի մեջ էի, ոչ մեկը չարձագանքեց, իսկ կողքիս կինը՝ դու ե՞ս մեր տունը պահելու, տղա ջան: Բացատրում եմ հարկադրված գործադուլի անհրաժեշտությունը: Սրճարանից դուրս գալուց հետո՝ Իլիկի ճամփին, Սանասարյան Դավիթին եմ գրում. «Դավ, լսի, ստեղ չէիր, որ հետդ խոսեի: Բայց ուզում եմ, որ էս հարցը անպայման դնես քննարկման, մարդ ես, կարողա ես տեղում չլինեմ: Լինեմ էլ, քեզ ավելի լուրջ են ընդունում :Ճ Լսի, գործադուլ չի լինելու մենակ հարթակից կոչ հնչեցնելով: Ես ախր քո էդ խոսքի պահին ներքևում էի, ու մարդիկ կողքից ասում էին՝ ո՞նց անեն խեղճերը, բա մեր տունը ո՞վ ա պահելու և այլն: Հարցն էն ա, որ իրանք ուզում են, բայց չեն կարա դրա համար պատասխանատվություն կրեն: Պետք ա 1. Մարդկանց գործադուլի պատճառաբանություն տալ 2. դրա պատասխանատվությունը վերցնել մեզ վրա: Ես մտածում եմ, որ եթե կիրակի լույս երկուշաբթի գիշերը, ասենք 6-ի կողմերը, մանավանդ տոտալ իգնորի պայմաններում, կարողանանք առանցքային ճանապարհներ փակել ու պահել մինչև 12-ը, 1-ը, ինքնըստինքյան գործադուլ կլինի: Վերցնում ենք մարդկանց ու փակում, օրինակ, արշակունյացը, Գայի պողոտան, Իսակովը: Չգիտեմ, 5 կարևոր ստրատեգիական կետեր, սովորական, էս պրոսպեկտի պես նստարաններ ենք դնում, եթե կան տարածքում, եթե չկան, աշխատացնում ենք ֆանտազիան, նստացնում ենք էդտեղ 5-10 մարդ, նշանակում կոորդինացնող ու ինչքան կարան դա խազ պահում են մինչև բերման ենթարկվելը: Էդ «բարիկադների» վրա մեծ ցուցանակով գրում ու կախում ենք՝ ԳՈՐԾԱԴՈՒԼ: Քաղաքում կատարյալ քաոս կսկսվի, եթե մենք էլ մի 50-70 հոգով գնանք ԴԱՀԿ-ն փակելու: Հիմա մի քանի խնդիր կա: Պետք ա ասես՝ էդքան ռեսուրս չունենք, բայց եթե մենք մի 200 հոգի կամավոր չենք կարում մոբիլիզացնենք, ո՞ւմ ա պետք* էդ դեպքում քո 5000 հոգանոց հրապարակը: Պետք ա կաթվածահար անել բոլոր ինստիտուտները: Ու պետք ա դա չթողնվի երեքշաբթի, երկուշաբթին պրոցեսին հաջորդող առաջին աշխատանքային օրն ա: Ոչ մի հակափաստարկ տեղին չի ռեսուրսի, էներգիայի առումով, ուզո՞ւմ ենք անել: Կամ հիմա ա ժամանակը, կամ մաշում-մարում ենք: Էսօր էստեղ՝ Ֆրանսիայի հրապարակում լրիվ բարոյալքված ու մարող-մեռնող վիճակ ա: Պետք ա գազ տալ: Պետք ա փորձել ամեն ինչ: Պետք ա վերցնել մեզ վրա էն պատասխանատվությունը, ինչից մարդիկ վախենում են, որովհետև էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու: Մենք արդեն էշի վրա ենք: Էս քանի օրը պետք ա ներդնենք մեզ, ինչքան կարանք: Գիտեմ, որ ի դեմս քեզ հետս մինչև վերջ գնացող ունեմ, և ուրեմն՝ քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին: Գրկում եմ»: [Վահան Կոստանյան] Գիշերը ես, Արարատը ու Հրաչը մնացինք Դիվանում։ Վաղուց մեր տունն էր դարձել էս պսևդոփաբը, գալիս մեզ համար հաց էինք սարքում, խմիչք վերցնում, ուտում, ամանները լվանում, անգամ եթե մարդ էլ չէր լինում, գումարը թողում էինք խոհանոցում ու դուրս գալիս։ Էսօր էլ առաջին անգամ քնեցի մեր տանը՝ երկու բազմոցներից մեկին, որ Հրաչը բերել էր Բ26-ից (նախկին փաբ Սպենդիարյան փողոցում)։ [Միքայել Նահապետյան] Գիշերը 2-ին Փաշինյան Սիփանի զանգից արթնանում եմ ու, մինչև կհասցնեմ պատասխանել, մտքովս հազար սարսափելի բան է անցնում։ Իսկ Սիփանը զանգել էր ասելու, որ Նիկոլն առավոտ 10-ին մեզ է սպասում` խոսելու բան ունի։ [Արմեն Գալջյան] Գիշերը նորից քիչ էինք, նորից հարբեցողների նույն կազմը, նույն տհաճ խոսակցությունները գիշերվա 4-ին 5-ին,։ Հիմա հիշում և զարմանում եմ, թե ոնց եմ կարողացել քնել․ մի կողմից հարբեցողները, մի կողմից չոր ասֆալտը և, չնայած ոստիկանությունը շատ պասիվ էր, բայց չէր բացառվում, որ նրանք գիշերով կմաքրեն հրապարակը։  
18:25 - 14 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 14] Մենք գտանք իրար

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 14] Մենք գտանք իրար

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 13] Կըբե՜ք, ժողովուրդ, կըբե՜ք, լավ բանի հըմար է < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Գոհարիկ Տիգրանյան] Ժամը 6.30 էր, արթնացա, հավաքեցի հանրակացարանի սենյակիս միակ լուսավոր կետը՝ սեղանս, ինձ կարգի բերեցի, վերցրի ուսապարկս (քանի որ հագուստ բերելու կարիք չկար) ու գնացի Մարիի ու Լուսինեի սենյակ, նրանք արդեն ինձ էին սպասում, տաքսին պատվիրված էր։ Սուրճի նախահեղափոխական մի վերջին բաժակ լցրինք մեր երակներն ու իրար գրկեցինք։ Տաքսու մեջ մի հատ ստուգում էի նամակներս, Կիևցի ընկերներիցս մեկը՝ Օլեգը գրել էր. «Հարգում եմ որոշումդ, պինդ կաց»։ Սեղմ բյուջեիս վերջին 300 գրիվնյան ուզում էի տալ երկու ընկերներիս (Մարիի ու Լուսինեի մասին դեռ էլի եք լսելու, մտապահեք), չվերցրին, լացեցինք իրար գրկեցինք, նկարվեցինք (չգիտեմ էլ ինչու) ու սպասում… [Վահան Կոստանյան] Հավաքեցի մաշված պայուսակս. տաք հագուստ, ադյալ, բժշկական դիմակներ, ջուր ու թեթև ուտելիք ու դուրս եկա տանից: Մաման արդեն վերջին տարիներին սովորել էր, որ էդ պայուսակն իմ մի ուղղությամբ տոմսն էր դեպի փողոց, էդ օրը կարող ա գայի, կարող ա և ոչ, կարող ա ինձ հետ բերեին՝ կենդանի կամ ոչ: [Միքայել Նահապետյան] Ամբողջ գիշեր անձրևը չի կտրվել, ամբողջ գիշեր աչք չեմ կպցրել։ Դե՛, ախպերի՛կ, ուրբաթ 13-ն է` ինձ հույս եմ տալիս, որ Սերժի համար է ուրբաթ 13, պայուսակս լցնում եմ անձրևապաշտպան համազգեստներով, թերմոսը` սուրճով ու իջնում ԵՊՀ։ [Արմեն Գալջյան] Առավոտյան Պտղնիից գնացի ԵՊՀ։ Այնտեղ նորից իրազեկման ակցիա պետք է անցկացնեինք։ Երբ հավաքվել էինք մուտքի մոտ, անվտանգության աշխատակիցը մոտեցավ մեզ և պահանջեց, որպեսզի ցրվենք։ Ես կոնֆլիկտի մեջ մտա նրա հետ և կոչ արեցի իրեն վերադառնալ իր բունը․ չեմ ժխտի կոպիտ եմ խոսել, բայց չեմ փոշմանում։ [Թագուհի Ղազարյան] Էսօր քայլերթը մտնելու ա քաղաք, պիտի դիմավորենք: Մանր կաթիլներով, կպչուն անձրև ա գալիս: Առավոտն սկսում ենք համալսարանում իրազեկմամբ: Դասադուլի կոչեր ենք անում: Բոլորս միասին հազիվ քսան հոգի լինենք: Խեղճ, աննշան, թույլ: Ներս մտնել չեն թողնում: [Միքայել Նահապետյան] Քիչ ենք։ Կամ շատ չենք։ Ոչ մի շենք մտնել նորմալ չի հաջողվում, փոխարենը՝ սադրանքներ ամեն քայլափոխի։ Գիտեմ՝ կռվել չի կարելի, մտքում անընդհատ կրկնում եմ՝ «խփես` կրված ես», ու գիտեմ կրվել չի կարելի։ Բայց նորից անհաջողակ ապուշի կանխավարկածով մեզ նայող դեմքերը սպանիչ հուսահատությամբ են լցնում։ Թքած` ոչ առաջինն ա, ոչ վերջինը. ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս... [Թագուհի Ղազարյան] Տարբեր մուտքերից խորամանկորեն մտնում ենք կենտրոնական մասնաշենք, բարձրանում գիտխորհրդի դահլիճի մոտ: Վահանն ուզում ա անպայման «Իմ քայլ»-ի բուկլետը գիտխորհրդի դահլիճին փակցնել: Կպցնում ա: Ֆոտո եմ անում: Վայրկյաններ ա տևում: Մոտենում ա տարածքը հսկող համազգեստավոր մի կին, պոկում: Վահանն ասում ա` ինչի՞ եք պոկում: Ասում ա` էստեղ չի կարելի: Ասում ա` բայց էստեղ էլի բաներ կան կպցրած, միայն սա՞ չի կարելի: Ասում ա` չի կարելի և վերջ: Վահանն ասում ա` վերադարձրեք հենց հիմա: Կինը պատռում ա բուկլետն ու շպրտում Վահանի վրա: Ի՞նչ անել: Անզորության զգացողություն ա: [Արմեն Գալջյան] Հետո հայտնվեց ուսանողների ՀՀԿ-ական թևը։ Անվտանգության աշխատակիցը նրանց մի կողմ քաշեց և պատմեց իմ և իր կոնֆլիկտի մասին, ինչից հետո տասովշիկների ատրյադը փորձում էր ինձ հրավիրել մի անկյուն և, այսպես ասած, բազառ սարքել։ Ընկերներս ինձ հետ պահեցին և, չնայած ես դրանց վրա կատաղած էի, բայց ինքս ինձ ասեցի՝ «հանգիստ, մեկ ա երկու ժամից գալու ենք ԵՊՀ֊ն գրավելու»։ [Թագուհի Ղազարյան] Շարունակում ենք իրազեկել: Աշխարհագրության ֆակուլտետի մոտ երեք-չորս սևազգեստ տղաներ ասում են, որ իրենք դասի են, խանգարում էինք, դուրս եկան զգուշացնելու, որ հեռու գնանք էստեղից: Մարդ չգիտի` ինչ անի: Կռի՞վ սարքենք: Իմա՞ստը: Երեկ Պտղնիում Նիկոլի հետ պայմանավորվել ենք, որ քաղաք մտնելուց հետո առաջինը համալսարան ենք գալու: Հույսս միայն էն ա, որ որոշումը չի չեղարկվի: [Վահան Կոստանյան] Վերցրի ռուպըռն ու իջա համալսարան: ԵՊՀ բակում թեթև աժեոտաժ էր, հավաքված էին մարդիկ, ում հետ վերջին օրերին արդեն իրազեկման ակցիաներ էինք անում ու նորերը, ովքեր որոշել էին միանալ Երևանի մատույցներում քայլարշավի մասնակիցներին դիմավորելուն: Դժվար էր նորից տեսնել ծանոթ դեմքեր տարկետումից հետո, նորից մարդկանց աչքերում համակարգին մարտահրավեր նետելու պատրաստակամություն ու չոգևրորվել դրանից: Բոլորի գլուխներում նույն միտքն էր: Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս, իմ հոգին հանձնվել չգիտի:Ու Ալեք Մանուկյան փողոցը կրկին լսեց համալսարանական ագրեսիվ փոքրամասնության բողոքի ձայնը, որ լռել էր մի քանի ամիս: [Գոհարիկ Տիգրանյան] Ինքնաթիռ էի նստում, 3 ժամ 50 րոպե, սպասումի ավելի դաժան պահ՝ չէ, չեմ լսել։ Հետս վերցրել էի Բուլգակովի «Մորֆի» ստեղծագործությունը, հեղափոխության երազից կախվածության մեջ եղող մարդը կարդում էր կախվածություն ունեցող բժշկի օրագիրը (ով կմտածեր, որ ուղիղ մի տարի հետո ես էլ եմ բացահայտում իմ տարիների կախվածությունը)։ Արագ կարդալուս ունակությունը մի կողմ դրած՝ ամեն էջը 7-8 րոպե կարդալով ու սրտիս զարկերը հաշվելով։ Արփիին խոստացել էի. «Առանց ինձ ոչ մի հեղափոխություն»։ Գնում էի խոստմանս տեր կանգնելու։ [Սոնա Մնացականյան] Օրը՝ ուրբաթ: Պիտի Վահրամին փոխարինեմ համալսարանում, գնացել ա Ամերիկա՝ գիտաժողովի ու նախորդ օրը մեզ պատվիրել՝ առանց իրեն հեղափոխություն չանել։ Դասից հետո որոշ գործեր եմ անում օֆիսում, էլի հետևում լայվերին ու սպասում երեկոյան միտինգին։ [Թագուհի Ղազարյան] Հետո գնում եմ շրջանային. պիտի ֆակուլտետ մտնեմ: Տարօրինակ զգացողություն ա, մի օր առաջ գիշերը երեքին էստեղ թաքուն գրաֆիտի էի անում հենց մուտքի առաջ, իսկ հիմա գնում եմ ամբիոն` գործեր ունեմ: Արմենը գալիս ա շրջանային ու ինձ վրցնում, գնում ենք քայլերթին ընդառաջ: [Վահան Կոստանյան] Երթուղային ավտոբուս նստեցինք դեպի ավտոկայան: Ավտոբուսի վարորդը մի պահ անսպասելիությունից կամ անհանգստությունից արգելակեց՝ լսելով, որ ռուպըռը պատուհանից հանած գոռում եմ «քայլ արա, մերժիր Սերժին» և իրազեկում երեկոյան հանրահավաքի մասին: Խնդրեց-պահանջեց, որ դադարեցնեմ: Հասանք ավտոկայան: Էնտեղ էին Շահենենք, մենք, ահագին անծանոթներ: Պիտի սպասեինք մինչև Պտղնիից ժողովուրդը հասներ հիմնական ճանապարհին: Րոպեները չէին անցնում: Անհամբերությանը, անհանգստությանն ու ոգևորությանը խառնվել էր ավտոկայանի սյուների միջև վազող սառը քամին ու լավ արդարացում դարձել դողացողների համար: [Արմեն Գալջյան] Վերադարձա Պտղնի, որտեղ տնկեցինք հաղթանակի ծառը և անձրևային եղանակին շարունակեցինք քայլարշավը։ Մտանք Երևան։ Հյուսիսային ավտոկայանի մոտ մեզ դիմավորեցին ակտիվիստները։ Արդեն մոտ 200 հոգի կլինեինք։ [Վահան Կոստանյան] Եկան: Ու սկսեցինք քայլել: Տարօրինակորեն հստակ էին քայլերը, կարծես՝ բոլորը գիտեին դեպի ուր ենք քայլում ու որն է լինելու ճանապարհի վերջը: Մի քանի ռուպըռներով իրազեկումը շարունակում էինք: [Միքայել Նահապետյան] Երթը հասնում է Հյուսիսային ավտոկայան։ Էդպես դիմավորում են ազատարարներին, էդպես դիմավորում են ռազմաճակատից վերադարձողներին, որոնք բոլոր ռացիոնալ հաշվարկների համաձայն պիտի հետ չգային։ [Թագուհի Ղազարյան] Հյուսիսային ավտոկայանում մենք ու քայլերթը միանում ենք իրար ու շարունակում ճանապարհը: Ճանապարհին ամենավտանգավոր ու ամենաշատը ուշադրություն պահանջող բանը Չալոն է կամ Քայլոն: Չի հարմարվում քաղաքի անցուդարձին, մեքենաներին: Ոտքը վնասում է: [Միքայել Նահապետյան] Քայլոն Գիքորի պես խամ է քաղաքին։ Մինչև Օպերա երկու անգամ մեռնելուց պրծավ, մի անգամ ոտքը կոտրեց ավտովթարից, բայց իր կամքը ամուր է քարից էլ, իր հոգին հանձնվել չգիտի։ [Արմեն Գալջյան] Քայլոն առաջին անգամ էր Երևանում, և մեքենաների առատությունը նրան շփոթության մեջ էր դրել, ինչի արդյունքում նա ընկավ ավտոմեքենայի տակ և ոտքը վնասեց, բայց դա նրան չխանգարեց մեզ հետ հասնել Ազատության հրապարակ։ [Վահան Կոստանյան] Մի քանի կիլոմետր քայլելուց հետո ռուպըռը ստիպված էի թողնել, արդեն կիսակտրված ձայնով գտնել Հայարփիին ու Սոնային, որպեսզի գնանք օդանավակայան՝ Գոհարիկին դիմավորելու: Շարքերից առաջ էինք ընկել՝ հույս ունենալով տաքսի գտնել ու գնալ: Մի մեքենա անցավ կողքներովս, ու անծանոթը հարցրեց, թե ուր ենք գնում: Օդանավակայանի մասին պատասխանը լսելուց հետո ներողություն խնդրեց ու առաջ անցավ: Բայց մի հիսուն մետր քշելուց հետո կանգնեց ու ասեց՝ նստեք, ես կտանեմ: Էդգարը, պարզվեց, ողջ ընտանիքով եկել էր մասնակցելու ցույցերին: Պատմեց, որ 2004-ի ցույցերից հետո քաղաքական հայացքների համար բանտարկվել էր, ազատվելուց հետո մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց հիմա վերադարձել էր Հայաստան կռիվ տալու: [Թագուհի Ղազարյան] Ես ու Արարատը քայլերթից դուրս ենք գալիս: Նիկոլը սկսում է նորից խոսել բարձրախոսով. հետը հավասար բառ առ բառ ասում եմ տեքստը: Արարատը զարմացած՝ դու ի՞նչ գիտես, թե ինչ ա ասելու, ես՝ ախր երրորդ անգամ ա նույն տեքստը ասում:) Հետո սա ամենօրյա հումոր է դառնալու, թե ինչպես եմ ես հարթակի տեքստերը «կանխագուշակելով» գրեթե անգիր ասում բոլորի հետ հավասար: [Վահան Կոստանյան] Ժամանակին հասանք օդանավակայան: Հեղափոխական դեսանտը ժամանեց շատ մարտական տրամադրված: Գրկվեցինք բոլորս Գոհարիկի հետ, բայց ինքը դրա ժամանակը չուներ: Որոշեց արագ գնալ տուն ու իջնել քայլերթին միանալու: [Գոհարիկ Տիգրանյան] Օդանավակայանում ինձ դիմավորում էին Արփին, Սոնան ու Վահանը, իսկ մորս խնդրել էի չգալ օդանավակայան։ Գրկվեցինք, Արփին, սովորության համաձայն, գոռում էր. «Չեմ հավատում Գոհարիկ, չեեեեմ հավատում, դու՞ ես»։ Հասանք քաղաք, մի անծանոթ, բայց բարի մարդ էր մեզ Երևան բերողը, ով փողոցում տեսել էր ընկերներիս ու առաջարկել բերել իրենց ինձ դիմավորելու։ [Վահան Կոստանյան] Լայվով հետևում էի, որ գնում են ԵՊՀ: Այ սա ես ոչ մի կերպ չէի կարող բաց թողնել, մերժիրսերժինը՝ մերժիրսերժին, բայց ազատ-անկախ ուսանող գոռալն ու համալսարանը ոտքի հանելը շատ յուրահատուկ նշանակություն ուներ ինձ համար: Դրա համար էլ Ալեք Մանուկյանի վրա, Էդգարը դեռ մեքենան չկայանած, ինձ դուրս շպրտեցի ու վազեցի: Չեմ էլ հիշում՝ Էդգարին հասցրի շնորհակալություն հայտնել, թե չէ, բայց մի օր պիտի անպայման հանդիպել ու շարունակել իր հետ զրույցը: Առաջին պլանում Արարատը, Նիկոլը, Արայիկը, Մխիթարը ու անվտանգության պետ պարոն Առուստամյանն էին, ով ժամեր առաջ զանգել էր ինձ՝ «Վահան, հո համալսարան չեք գալու, մի եկեք ստեղ, տղա ջան, գնացեք Օպերայում ցույց արեք էլի»: Ես էլ ոչ մի պատասխան չէի տվել: [Թագուհի Ղազարյան] Քայլերթով գալիս ենք ու հասնում համալսարան: Կենտրոնական մուտքի դռները փակ են: Հենց աշխարհագրության ֆակուլտետ ենք մտնում առաջինը: Էն, թե առավոտը ինչքան քիչ էինք ու թույլ, ու էն, թե մի քանի ժամ անց ոնց շատացած ու ուժեղացած հետ եկանք էստեղ: Աննորմալ զգացողություն ա` հաղթանակի, ուժեղության: Էնքան շատ ենք, որ շնչելու օդ չկա: [Արմեն Գալջյան] Նորից եկանք ԵՊՀ։ Նույն անվտանգության աշխատակիցը եկավ և փակեց դուռը, մենք կողքի ֆակուլտետով ներխուժեցինք ԵՊՀ, բայց դեպի կենտրոնական մաս՝ դեպի ռեկտորի սենյակ տանող ճանապարհը փակ էր ներսից։ Նորից վերադարձանք կենտրոնական դռան մոտ։ [Դավիթ Պետրոսյան] Բուդապեշտում էի։ Լսարաններից մեկում հերթական սեմինարն էի ունկնդրում, երբ հեռախոսով տեսա, որ ցուցարարները փորձում էին մտնել ԵՊՀ։ Չեմ հիշում ոնց, բայց չնկատելով ես դուրս եկա լսարանից ու ամբողջ ուշադրությունս կետրոնացավ տեսանյութի վրա, սրտի արագ թրթիռով հետևում էի ու չգիտեմ՝ ինչի էի սպասում։ [Անի Վարդանյան] Համալսարանում դասի էինք։ ՓիԱր էր։ Դասախոսը քննության տետրերն էր բերել, որ մեր գնահատականները նայեինք։ Էդ պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 100 մարդ ԵՊՀ բակով արագ քայլում էր դեպի կենտրոնական մասնաշենք։ Դասախոսին խնդրեցի՝ գոնե թողնի պատուհանից նայեմ։ Մոտեցա նայեցի ու էլի նստեցի։ Աղմուկը պարզ լսվում էր դրսից, բայց թե ինչ էր կատարվում՝ տեղյակ չէի։ [Վահան Կոստանյան] Մենք զանգեր էինք ստանում տարբեր ֆակուլտետների ընկերներից, ովքեր ասում էին, որ համալսարանի դռները փակել են և թույլ չեն տալիս իրենց դուրս գալ ու միանալ ցույցին: Մի կերպ, մարդկանց միջով անցնելով ճխլվեցի առաջ, ինչին հաջորդեց ոչ բռնի մուտքը համալսարան: [Արմեն Գալջյան] Այս անգամ մեր ընկերներից մեկը կարողացավ դուռը պահել, և մենք ներխուժեցինք համալսարան՝ դեպի ռեկտորի սենյակ, անվտանգության աշխատակիցը նորից հասցրեց և այս անգամ փակեց ռեկտորի սենյակի դուռը։ [Վահան Կոստանյան] Տասնյակ մարդիկ ձեռքերը բարձրացրած վազում էին վերև: Հասանք մինչև հինգերորդ հարկ: Արամ Սիմոնյան բաժանորդը անհասանելի էր ու դուրս չեկավ խոսելու: [Միքայել Նահապետյան] Համալսարանի միջանցքները պայթում են թմբուկի ու մեր ոտքերի ձայներից, ռեկտորը թաքնվել է սենյակում, ու Առուստամյանը մի կերպ է ջանուջիգյարով պահում վերջին դուռը։ Չմտանք։ Թողեցինք, որ էդ մի քանի քառակուսի մետրի վրա ռեկտորը պահի իր գերիշխանությունը։ [Թագուհի Ղազարյան] Համալսարանում բոլոր դռները փակ են, միջանցքներում մարդ չկա: Տպավորություն ա, որ մեր մտնելուց տասը րոպե առաջ համալսարանը լուծարվել ա: Նույնն էլ կենտրոնականում ա: Միայն համալսարանի մի քանի աշխատակիցներ են երևում` երեք-չորս հոգի: Կենտրոնականում` Ռեկտորի աշխատասենյակի միջանցքում ենք կանգնած: Քույրս ա իջնում վերևից: Ընկերուհին էստեղ ադմինիստրատիվ բաժնում ա աշխատում: Մոտը հյուր եկած էր եղել: Ասում ա` վերևում բոլորը վախեցած են, խուճապի մեջ: Ասում եմ` մենք իրենց չենք ուտելու, չէ՞: Ասում ա` ինձ ասեցին, որ ձեզ շրջանցելով իջնեմ, զգույշ լինեմ: Զվարճալի ա իմանալ, թե ինչ ա կատարվում իրենց մոտ: Քիչ ա մնում մտածեմ, թե էս ամենը ինքնանպատակ ա, բայց չէ՞ որ մենք մտածում ենք, որ էդպես նաև իրենց համար լավ կլինի: [Անի Վարդանյան] Զանգը տվեց։ Կուրսընկերուհիս վազելով եկավ ու ասաց, որ երկու կողմից դռները փակված են։ Ելքի հնարավորություն չկա։ Վազելով իջա առաջին հարկ, որպեսզի անվտանգության աշխատակցից ճշտեմ՝ ինչ է կատարվում։ Տեղում չէր։ Մի քանի րոպե սպասելուց հետո զանգեցի անվտանգություն, բայց իրենք հարցս լսելուց հետո անջատեցին։ Ահավոր զայրացած էի։ Մարդկանց կուտակումը գնալով շատանում էր։ Երևի ներսում 400֊500 ուսանող կար, եթե ոչ ավելի։ Միջազգային կապերի վարչության պետը՝ պարոն Մարգարովն էլ էր ներսում փակված։ Ամբողջ զայրույթս իր վրա թափեցի։ Ինքն էլ շատ վիրավորված ասաց, որ նույն կարգավիճակում ենք, ինքն էլ է փակված, ես էլ, երկուսս էլ չգիտենք՝ ինչու։ [Միքայել Նահապետյան] Վարդանյան Անին է զանգում, ասում ՝ «ուզում եմ դուրս գամ, դռները փակել են մեր վրա, ի՞նչ անեմ», ասում եմ` զանգի ոստիկանություն ու ասա, որ քո կամքին հակառակ քեզ անազատության մեջ են պահում։ [Անի Վարդանյան] Մոտ 10 րոպե հետո զանգեցի ոստիկանություն ու ասացի, որ մեզ փակել են համալսարանի ներսում։ Դրանից 5 րոպե հետո հայտնվեց անվտանգության աշխատակիցը ու բացեց դուռը։ Ես վազելով դուրս եկա ու գնացի կենտրոնական։ Պարոն Առուստամյանին՝ մեր անվտանգության պետին, գտա ու բացատություն պահանջեցի։ Ինքն էլ ասաց՝ ինչ ասել են, դա արել ենք, մենք պատասխանատվություն չենք կրում։ Դա ինձ ավելի զայրացրեց։ Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները մտել էին ԵՊՀ, բարձրացել Արամ Սիմոնյանի կաբինետ, բայց նրան այդպես էլ չէին տեսել։ [Միքայել Նահապետյան] Մի րոպեից դռները բացվում են, քանզի երևակայում եմ Անին ինչ կոսմիկ սկանդալ է բարձրացրել։ [Վահան Կոստանյան] Ակցիան շարունակվեց համալսարանի մյուս մասնաշենքերում, ինչից հետո քայլերն ուղղվեցին դեպի Ազատության հրապարակ: [Անի Վարդանյան] Վազելով գնացի ֆակուլտետ, պետք է գրավորս բողոքարկեի։ Բայց ներվայնությունից ոչինչ չէի կարողանում ասել։ Տետրս վերցրել ու անիմաստ նայում էի վրան։ Հասկացա, որ դասախոսի հետ բանավիճելն անիմաստ է։ [Դավիթ Պետրոսյան] Տեսանյութի ավարտից անմիջապես հետո զանգեցի ընկներներիս՝ իմանալու, թե ինչ ընթացքի մեջ են գործերը, ինչ նորություններ կան։ Ես շատ էի ուզում շուտ գալ Հայաստան ու րոպե առաջ միանալ ընկերներիս։ [Անի Վարդանյան] Դուրս եկա ֆակուլտետից, ու ընկերուհուս հետ գնացինք Արամ Սիմոնյանին նամակ գրելու, որտեղ բացատրություն էինք պահանջում մեզ համալսարանում փակելու համար։ Երբ բարձրանում էինք 5֊րդ հարկ, ողջ ռեկտորատի անդամները՝ պրոռեկտորները, գիտխորհրդի նախագահը միջանցքում կանգնած էին։ Հիշում եմ՝ հատկապես ընկերուհիս ոնց էր զայրացել իրենց անիմաստ բացատրություններից։ Ահավոր լարված խոսակցություն ունեցանք, նամակը տվեցինք ու դուրս եկանք։ Արդեն լսարանում մեզ բոլորը ծափահարելով դիմավորեցին։ Իրոք բոլորն էին զայրացել ներսում փակված լինելուց։ Եթե պարոն Սիմոնյանը մի փոքր շուտ հասկանար, որ մեզ համալսարանում փակելուց ոչ թե ճնշում, այլ ավելի է զայրացնում, երբեք նման բան չէր անի։ Ինքն իր այդ քայլով ուսանողներին դրդեց դուրս գալ ու պայքարել։ [Դավիթ Պետրոսյան] Այդ օրը, հիշում եմ, երբ գրախանութում էի, հատուկ գնեցի Հաննա Արենդտի «Հեղափոխության մասին» գիրքը։ [Արմեն Գալջյան] Մենք բավարարվեցինք նրանով, որ ռեկտորը վախկոտի պես փակվել էր իր սենյակում և շարժվեցինք դեպի Ազատության հրապարակ։ [Թագուհի Ղազարյան] Համալսարանից դուրս ենք գալիս ոչ միայն հաղթանակած, այլև փոխվստահությունը ամրապնդած զգացողությամբ: Չէ՞ որ համալսարան մտնելու մասին երեկ ենք պայմանավորվել: Իսկ համալսարանում անպատրաստ էին մեզ դիմավորել: Նշանակում է՝ արտահոսք չի եղել: Նշանակում է՝ անվերապահորեն վստահելի մարդկանց խումբ է ձևավորվել, որոնք կարող են միմյանց հետ աշխատել: [Գոհարիկ Տիգրանյան] Մայրիկիս տեսնելուց հետո, երբ արդեն քայլարշավի մասնակիցները ԵՊՀ-ից դուրս էին եկել, Անի հյուրանոցի մոտ հանդիպեցի նրանց, սիրտս դուրս էր գալիս տեղից, ուրախ էի, հասկանու՞մ եք, նորից թևեր էի ստացել ու ինձ չէի մեղադրելու։ Արփիին գտա նորից ու սկսեցինք քայլել, ինքնամոռաց գոռում էինք, նորից պայքար, նորից տարածքն իմն էր, միակ պայմանն իմ՝ մեդիայով չերևալն էր, համալսարանում ոչ ոք չգիտեր, որ ես թողել եմ դասերս Կիևում ու հետ եկել։ [Վահան Կոստանյան] Էս ընթացքում միացավ Գոհարիկը, մի քիչ պատմեցի իրեն վերջին օրերի նորությունների մասին: Բոլորս շատ անհանգիստ էինք: Աբովյան փողոցում վիզուալ տպավորություն էր, որ մենք ահագին ենք, բայց չգիտեինք՝ ինչ է կատարվում Ազատության հրապարակում: Զանգեցի ընկերներիցս մեկին, ով ասեց, որ մի քանի հազար մարդ կա հավաքված: Արարատն անտանելի անհանգիստ էր, վազեցի, որ ասեմ էս մասին: Լսելուն պես փաթաթվեցինք իրար: Մի տեսակ չէինք հավատում դեռ, բայց ոգևորության ալիքը երկուսիս մեջ էլ բարձրանում էր: Մի քանի հարյուր մետր էր մնացել հասնելու ու անորոշությունը ցրելու համար: [Թագուհի Ղազարյան] Հյուսիսային ենք հասնում ժամադրությունից 10 րոպե առաջ: Նստում ենք էստեղ մինչև նշանակված ժամը գա, օդում կախված է հարցը՝ տեսնես մարդ կլինի՞ Ազատության հրապարակում: Ազատության Կարլենը մոտեցնում է մեզ Ազատության հրապարակի լայվը, և տեսնում ենք լեփ-լեցուն Ազատության հրապարակը: [Արմեն Գալջյան] Երբ արդեն Հյուսիսային պողոտայում էինք, լրագրողներից մեկն իր հեռախոսով մեզ ցույց տվեց հրապարակի մարդաշատությունը։ Այդ պահին մենք հասկացանք, որ պլան մինիմումը կատարված է։ Բայց մի խնդիր կար՝ հրապարակից մոտ 300 մետր էինք հեռու և տեղեկացանք, որ հոսանքի խնդիր կա, բարձրախոսը և երաժշտությունը չի միանա։ Պատկերացնում եք, 13 օր քայլել ենք հասել Երևան, մոտ 5000 մարդ է հավաքվել, մեզ է սպասում, և հոսանքի խնդիր ունենք։ Բայց ինչպես հաճախ, լսվեց «կախարդական» այդ խոսքը՝ «չգիտեմ մի ձև լուծեք էդ հարցը», ու հարցը լուծվեց՝ չգիտենք, թե ինչպես։ [Սոնա Մնացականյան] Իջնում եմ Ազատության հրապարակ․ առաջինը Սաքոյին եմ տեսնում․ ասում եմ՝ ոնց ես ցավացող ոտքով եկել, ասում ա՝ էլաստիկ բինտս եմ կապել, կդիմանամ։ Էլիզը չի եկել հետը, որովհետև չի հավատում։ Ես էլ առանձնապես չեմ հավատում, բայց դե գոնե հարամենք Սերժի տոնը։ Գործից հետո մեզ են միանում Քրիստն ու Գեմոն։ Հետո Կարենն ա մեզ մի կերպ գտնում ու երևի դրանից հետո ա, որ սկսում ա ակտիվորեն օգտվել և մեզ էլ քարոզել sharedestination ծրագիրը։ Աննան դեռ դաս ա անում Մեդիալաբում, ավելի ուշ կմիանա։ [Գոհարիկ Տիգրանյան] Ինձ ու Արփիին գունավոր գմփիկներ տվեցին, որ Հյուսիսային պողոտա մտնելիս բոլորս վառեինք, հրահանգը լավ չլսելու պատճառով, վերջից եկողներս շուտ վառեցինք։ Մուննաթների մի քանի ալիքից հետո հասանք Ազատության հրապարակ, մինչև հասնելը զանգել ասել էին մարդաշատ է։ Արփին գոռում էր. «Գոհարիկ, ստացվելու ա, Գոհարիկ էս անգամ կարող ենք, կստացվի չէ՞»։ Ու ես նորից Ազատության հրապարակում էի, նույն զգացումն էր, հենց նույնը, ինչ 2013-ին էր, ու հեչ չէի նեղվում, որ մշտապես քաղաքականացված քաղաքացի էի համարվում։ [Արմեն Գալջյան] Միացրեցինք ֆայերները և մտանք Ազատության հրապարակ։ Հրապարակը լիքն էր մարդկանցով, չնայած կարող էր ավելի լիքը լինել, բայց սկզբի համար սա էլ էր բավարար մեզ համար։ Բարձրացանք հարթակ, միացրեցինք քաղաքացու երգը և շունչ քաշեցինք՝ հասկանալով, որ իսկապես մենակ չենք։ [Վահան Կոստանյան] Ֆայըռները վառած մտանք հրապարակ: Անցնում էինք մարդկանց միջով ու մարդիկ չէին ավարտվում, մի տեսակ երազի էր նման ու տենց՝ կիսաապշած վիճակում չկարողացա անցնել մարդկանց միջով ու մոտենալ հարթակին: Ու հետո էլ բոլոր օրերին մնացի ներքևում, մարդկանց մեջ՝ հեռվում մի տեղ կանգնած, լսելու՝ ինչ են խոսում ու հարթակ մի անգամ բարձրացա: Մոտ չորս հազար մարդ կար: Ու էդ պահին հիշեցի, որ ՔՊ-ում քայլարշավի ռազմավարական պլանավորման ժամանակ, երբ դիտարկում էին տարբեր սցենարներ տարբեր քանակությամբ մարդկանց համար, երբ կհասնենք Երևան, Նիկոլն ասել էր՝ «տվեք 4000 մարդ ու ես հեղափոխություն կանեմ»: Ինքն էլ ոգևորված իր ելույթում նշեց՝ համարում է, որ այս հրապարակը ներկայացուցչական է: Շատերը միգուցե դա չհասկացան, բայց հենց էդ պահին ասում էր, որ կամ կհաղթենք կամ ինքը դուրս կգա քաղաքականությունից:Հիմա կարող էի գրել, որ վիճակը նետված էր, բայց էս արտահայտությունը երևի դեռ ավելի տեղին կլինի տարբեր դեպքերի համար: [Միքայել Նահապետյան] Հասնում ենք Ազատության հրապարակ։ Նիկոլը ինչ-որ բաներ է հայտարարում արագաչափերի, վարկերի ու էլի բավականին անկապ բաների մասին, որ հաճելի են հնչում, բայց գործի հետ կապ չունեն։ [Թագուհի Ղազարյան] Եվ ահա մենք Ազատության Հրապարակում ենք: Մե՛նք, որ եկել էինք տարբեր ճանապարհներով: Մե՛նք, որ ունեինք տարբեր փորձառություններ:Մե՛նք, որ պայքարի տարբեր ուղիներ էինք անցել: Մե՛նք, որ գիշերել էինք փողոցներում, որ վտանգի ենք ենթարկել մեր աշխատանքը, ազատությունը, առողջությունը, մտերիմներին: Մե՛նք, որ կորցրել էինք երբեմնի ընկերներին էս ճանապարհին: Ու մե՛նք, այո՛, որ ապրիլի 13-ին գտանք իրար Ազատության հրապարակում:Ու չկորցրինք իրար տարբեր փողոցներում ու Հանրապետության հրապարակում: Որ ճանաչելի դարձանք իրար համար՝ նույնիսկ անծանոթներս: Որ ճանաչելի դարձրինք իրար՝ ցույց տալով միմյանց մեր հայացքները, մեր ժպիտները, մեր վանկարկումներն ու ազդանշանները: Մե՛նք, որ շարունակաբար ապացուցում ենք, որ մեկ անգամ իրար գտնելուց հետո այլևս ճանաչում ենք իրար որտեղ էլ լինենք, ինչպիսին էլ լինենք, ինչ էլ լինենք անելիս, կարող ենք անհրաժեշտ պահի նորից գտնել իրար: Մենք իրար կորցնելու իրավունք չունենք: [Սոնա Մնացականյան] Չեմ հիշում ՝ ինչ էր խոսվում էդ օրը ամբիոնից, բայց հիշում եմ, որ Սաքոն ու Գեմոն էին կողքս կանգնած ահավոր շատ ու ահավոր ներվայնացած խոսում․ Վահագին համոզում էին, որ պետք չի նախապես ասել, թե չի հաջողվի, որ պետք չի գալ մենակ նրա համար, որ ընկերներդ ՔՊ-ում են, որ եթե անգամ կասկածներ էլ կան, էս պահին չարժի հանրայնորեն դրանք հայտնել, ընդհակառակը՝ պետք ա թարգել պեսիմիզմը ֆեյսբուքում ու ուրիշներին էլ ներքաշել էս պրոցեսի մեջ, որովհետև լիքը մարդ դժգոհ ա, տանը նստած համաձայն ա մեզ հետ, բայց ներգրավված չի։Քիչ-քիչ ահագին մարդ ա հավաքվում, էսքան չէինք սպասում․ ուրախանում ենք։ [Արմեն Գալջյան] Արդեն ծրագիրը կար, պետք է մեր հսկողության տակ վերցնեինք Ֆրանսիայի հրապարակը։ Մինչ ժողովուրդը կշարժվեր, ես Վահանը, Գոհարիկ և էլի մի քանի հոգի ձեռքերով շղթա կազմեցինք և փակեցինք Մաշտոցի պողոտան, ինչը քարուքանդ արեց երթևեկությունը և ազատ դաշտ ստեղծեց ցուցարարների համար։ [Գոհարիկ Տիգրանյան] Հրապարակում հերթով տարիներ շարունակ կողք կողքի պայքարած ընկերներիս տեսա, ինչպես միշտ խմբված, կենտրոնում կանգնած էինք։ Ելույթներից հետո կարծես քայլում էինք, ու թեթև անձրև էր գալիս, սկզբի շարքերում պիտի չերևայի, սա ինքս ինձ տրված հրահանգ էր, բայց հենց Ֆրանսիայի հրապարակը փակելիս՝ մոռանալով ու ընդվզելով իմ կանոնները, մի քանի երիտասարդների հետ փակեցի Բաղրամյանից եկող փողոցը։ [Անի Վարդանյան] Երեկոյան 7֊ին Կարպիսի հետ Օպերայում էինք։ Հասանք էն պահին, որ Նիկոլ Փաշինյանը արտասանում էր իր բանաստեղծության «ես մենակ չեմ, մենակ չեմ » տողերը։ Ավարտելուց հետո հավաքվածները քայլեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, և սկսվեց չորս կողմից փողոց փակելը։ Հայտարարեցին, որ գիշերը էդտեղ են մնալու։ Մենք ավելի ուշ հեռացանք։ Ես որոշել էի՝ եթե մինչև ամսի 17֊ը էդտեղ են մնալու, ես այլևս չեմ վերադառնա Ազատության հրապարակ։ Ես դեմ էի կենտրոնացված պայքարին։ [Միքայել Նահապետյան] Հետո երթը առաջնորդում է Ֆրանսիայի հրապարակ ու էնտեղ իսկական Էլեկտրիկ Երևան սարքում` Արմենիա ԹՎ-ի աստղերով, երգով, պարով։ Եվ ո՜վ դու զարմանք, երբ հասկացան, որ Սերժը խոշոր հաշվով թքած ունի 3 օրով ինչ-որ «կալցեվոյ» փակելու վրա։ Բայց օրը գա` բարին հետը։ [Սոնա Մնացականյան] Հայտարարում են, որ պիտի շարժվենք Ֆրանսիայի հրապարակ, շարժվում ենք։ Էստեղ ավելի շատ ենք թվում իմ աչքին։ Ինչ-որ պահից սկսում եմ մրսել, Քրիստն առաջարկում ա իրենց տուն գնալ՝ տաք շորեր հագնելու։ Ես, Քրիստը, Աննան ու Կարենը գնում ենք։ Մինչև Թումանյանի խաչմերուկ Մաշտոցը մերն ա, և դա մեզ կարգին նվաճում ա թվում։ Քրիստն ասում ա՝ ինչ լավ քաոս ենք ստեղծել։ Կարենը ինչ-որ բան ա մեջբերում Սադհգուռուից, որը մոտավորապես ձևակերպվում ա սենց․ «Կարևորը, որ ստեղծելով չտիրանաս»։ Բայց էս պարագայում գուռուին սխալ ենք հանում․ մեզ պետք ա տիրանալ գոնե քաղաքի կենտրոնին։ [Վահան Կոստանյան] Ֆրանսիայի հրապարակը փակվեց: Դրվեցին նստարանները, վառվեցին վառարանները, ադյալները հայտնվեցին, Ռոդենի շուրջ վրանային ավան սկսեց ձևավորվել: Նոր մարդիկ էին գալիս, ընկերների էի տեսնում, ում անգամ չէի կարող պատկերացնել, որ կհանդիպեմ էդտեղ: Ամենամեծ անակնկալներից մեկը մեր ֆակուլտետի Հրաչին թևերից մեկում ակտիվ կազմակերպչական աշխատանքներով զբաղված տեսնելն էր: Հրաչի հետ մեկ տարի առաջ Իրանում գիտական գործուղման ժամանակ ժամերով խոսում էինք Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունների մասին, հաճախ շատ հարցերում անհամաձայնություններ ունենում: Հրաչը էդ պոստն առանց քնելու պահեց էնքան ժամանակ, քանի դեռ Ֆրանսիայի հրապաակում էինք: [Գոհարիկ Տիգրանյան] Հետո շատացանք, ընկերներ, զրույցներ ու ցուրտ։ Գերագնահատել էի Երևանի կլիմայական պայմանները, հոդացավերս էլ, որ արդեն երկար տարիներ պայքարիս ամենահավատարիմ ընկերն էին, մյուս կողմից։ Պայքարի, արդեն սովորական դարձած, բայց ամեն անգամ նոր հույսով համեմված մասը սկսված էր։ Դրվել էր սկիզբ մի բանի՝ որի անունը ոչ ոքիս հայտնի չէր։ [Արմեն Գալջյան] Չնայած Երևանի ամենակենտրոնում էինք, բայց մեզ պահում էինք այնպես, ինչպես, նախորդ 13 օրերին․ վառարանի վրա նորից պլեճ էինք ուտում, վրանները բացել էինք, ասում-խոսում էինք մեզ համար։ [Սոնա Մնացականյա] Տաք թեյ խմելուց ու տաք շորերով զինվելուց հետո վերադառնում ենք Ֆրանսիայի հրապարակ։ Մարդիկ խումբ-խումբ կանգնած, նստած, շրջելով խոսում են։ Հրապարակի կենտրոնում վառարան ա դրված, որը շատ սյուռ ա, հաջորդ օրերին արդեն սովորական էր թվում։ Գնում ենք Կետիկնոց, մի քանի սեղան կպցնում իրար, որ տեղավորվենք։ Անընդհատ տարբեր ծանոթներ են գալիս ու գնում, ու չեմ հիշում, թե ով ասում ա՝ նոր մեկը անցնում էր, հարցրեց, թե էս ինչ հաշիվ ա, ինչու եք հավաքվել։ Մի տեսակ վիրավորված ենք զգում մեզ։ Էլ չասած, որ ոստիկանությունն էլ իր հերթին ա մեզ անտեսում, ոչ մի ոստիկան չի երևում տարածքում։ Այսինքն՝ ուզում են ասել, որ դուք էդքան չկաք, կամ հասկացել են, որ ինչքան իրենք կոշտ են արձագանքում, էնքան շատանում ենք։ Ու մտածում ենք՝ ոնց մարդկանց տեղեկացնենք, որ միանան։ Դե, Ֆեյսբուքի հրապարակը պիտի գործածենք։ Աննան ասում ա՝ էրոտիկ ստատուսներ մտածեք, որ գայթակղվեն գան։ Ծիծաղում ենք, բայց փորձում ենք․ Աննան գրում ա՝ «Ժող, չորս օր բան ա, կպեք։ Գիշերվա պենուարներն իմ վրա»: Քրիստն էլ գրում ա՝ «Իսկ դու կգիշերեի՞ր Ռոդենի հետ Ֆրանսիայի հրապարակում։ Մենք ստեղ ենք»։ [Վահան Կոստանյան] Գոհարիկին ուշ ժամի մի կերպ խնդրելով համոզեցի տուն գնալ՝ չնայած շատ էի կարոտել ու վազվզոցի մեջ չէի հասցնում կարոտս առնել, բայց ցուրտ էր, իսկ ուժերը դեռ խնայել էր պետք: [Արմեն Գալջյան] Գիշերը, ցավոք, շատ մարդ չմնաց՝ մոտ 190 հոգի, որից մի քանիսը ուղարկված մարդիկ էին, մի քանիսը հարբեցող, ովքեր ամբողջ գիշեր զզվելի խոսակցություններ էին տանում, բայց մի կերպ մոտ 3 ժամ կարողացա քնել վրանիս մեջ։ [Վահան Կոստանյան] Գիշերը հեշտերից չէր: Ճակատի թևում հաճախ ուղարկված սադրիչներ էին հայտնվում ու պետք էր լինում վազել ու հանգստացնել կրքերը: Լուսադեմին վերջապես որոշեցի մի քիչ աչք կպցնել: Մի տեղանոց վրանում տեղավորվել էինք ես, Բաբայան Նարեկը, Արարատը: Արարատն ինձ էր տվել իր տաք քնապարկը, որը օգնում էր դիմակայել սառը ասֆալտին:
18:45 - 13 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 13] Կըբե՜ք, ժողովուրդ, կըբե՜ք, լավ բանի հըմար է

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 13] Կըբե՜ք, ժողովուրդ, կըբե՜ք, լավ բանի հըմար է

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 12] Շոուն ստացվեց, հեղափոխությունը պիտի՛ ստացվեր < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ [Գոհարիկ Տիգրանյան] Հերթական անգամ հանրակացարանի սենյակումս մահճակալի զսպանակներից պոկեցի մեջքս, որ գնամ Տառաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան։ Բախտս բերել էր միայն, որ այդ օրը «էլեկտրոնային կառավարումը և ժողովրդավարությունը» առարկայից հերթական դասն ունեի, (դասախոսի նկատմամբ խորը հարգանք էի տածում)։ [Արմեն Գալջյան] Առավոտյան ճամբարում շրջան կազմած լուռ նստել էինք։ Մտանք ուղիղ եթեր, միացրեցինք Սերժի՝ իր համար ճակատագրական ելույթը, լուռ լսեցինք մինչև վերջ և ծափահարաեցինք, որովհետև «իսկապես փառահեղ խոսքեր էին, ժողովրդավարության ճիչն էր այդ խոսքերի մեջ ձուլվում», հատկապես այս հատվածը․ «մեկ մարդը երկու անգամից ավել չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հյաստանում»: [Վահան Կոստանյան] Մեկ օր էր մնում: Թվում էր, թե արդեն բոլորս պիտի հոգնած լինենք, բայց դեռ ճանապարհը նոր պիտի սկսեր: Առավոտյան ֆեյսբուքը հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ ընդունել էի Արարատի առաջարկը՝ իր հետ գնալ ու աշխատել Ազգային ժողովում: [Գոհարիկ Տիգրանյան] Ծխի ամպը գլխավերևումս, Կիևյան նորամուտ գարնան շողքը վրաս ու ականջակալները ականջներումս մտա վեհաշուք ու հարստությունից պայթող ուսանողությամբ լի համալսարանական կարմիր շենք։ Դասը սկսվեց, ու, ինչպես միշտ, հինգ – վեց հոգով գիտելիք տվող միակ դասախոսին սկսեցինք լսել։ Ձեռքի հետ հետևում էի, թե մեդիա տիրույթում ինչ էր կատարվում՝ ինքս ինձ ասելով. «Չես գնալու, գնալը սխալ է»։ Դասի ավարտին մոտեցա դասախոսիս ու ասացի. - Պարոն Նոսիկ, ընկերներս արշավ են սկսել ընդդեմ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի։ Շատ հնարավոր է, որ միանամ նրանց, հույս ունեմ, որ կթողնեք հանձնեմ Ձեր քննությունն առանց աղմուկ։ Պատասխանեց.- Կթողնեմ, բայց խոստացիր, որ զգույշ ես լինելու ու հոգ կտանես քո մասին։ Նայեցի վրան ու թեթև ծիծաղեցի.- Կփորձեմ։ [Արմեն Գալջյան] Այօսր Քաղաքացու ծառը տնկելու հերթն էր: Արդեն Երևան հասնելուն մոտ 15 կիլոմետր էր մնացել, և Նիկոլն ուղիղ եթերում ուղերձով դիմեց Հայաստանի բոլոր բնակավայրերին՝ հատ առ հատ անունները կարդալով, և կոչ արեց բոլորին վաղը 18:00-ին լինել Ազատության հրապարակում: [Վահան Կոստանյան] Ինչպես և նախորդ օրը պայմանավորվել էինք՝ պիտի շարունակեինք իրազեկման ակցիաները ԵՊՀ-ում: Նախորդ օրվա միջադեպից հետո նախապես պայմանավորված ժամին ես ու Հայարփին էինք միայն եկել: Շահենը քնած էր մնացել, մյուսները չկային: Հայարփիի մոտ տրաֆարետ կար, իմ մոտ էլ ներկ ու ձեռնոցներ: Որոշել էինք, որ պիտի փչենք: Պարոն Առուստամյանը՝ համալսարանի անվտանգության պետը, իր պարտականություններից ելնելով՝ զգուշացրեց, որ չանենք նման բան: Տարկետման ժամանակներից արդեն սովորել էի լուրջ դեմքով գլխով անել նման պահանջներին ու անել ճիշտ հակառակը: Արդարության համար սակայն պիտի նաև նշեմ, որ ակցիաներից դուրս միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել իրար հետ: Համալսարանի տարածքում ահագին ոստիկաններ կային, որոնց հրահանգված էր կարգուկանոնին հետևել, բայց երևի հավես չունեին բերման ենթարկել մեզ ու ամբողջ ճանապարհին լսել ինձ ու Հայարփիին: Ինձ դեռ մի կերպ դիմանալ կարելի ա, բայց պլշած հայացքով արագ-արագ խոսող Հայարփիի դեմ անգամ Տելեպուզիկները, Սուպերմենն ու Սորոսն են անզոր: Իսկ իրականում տեսարանն ամենաուրախներից չէր: Շատերն էին անտարբեր անցնում։ Ատամներս կռճացնելով ու մտածելով՝ ինչ լավ ա գոնե Հայարփին հետս ա, շարունակում էի փչել: Մի տեսակ ամեն ինչ Սևանի ճակատամարտն էր հիշեցնում: Հեռվից երևում էին լաստերը, որոնք դատարկ էին: Նույն կերպ համալսարանի տարածքում շատանում էին դասադուլի կոչերը, բայց դա երկուսով էինք փչում: [Արմեն Գալջյան] Քայլերթի ընթացքում տեսանք, որ կառավարական կորտեժ է գալիս մեզ ընդառաջ, որի մեջ, ամենայն հավանականությամբ, Սերժն էր: Նիկոլը վերցրեց թռուցիկների մի խուրձ և շպրտեց այդ սլացող կորտեժի վրա կամ, ինչպես ինքը ասեց ուղիղ եթերում, «ճպցրինք ճակատին»: [Թագուհի Ղազարյան] Այսօր պիտի սկսեինք դասադուլի իրազեկման ակցիաները: Ցերեկը Հակոբջանյան Անին, Լալայանը, Ղուկասյան Կարը ու էլի մի քանի էրեխեք առաջին անգամ փորձ արեցին փակել Ֆրանսիայի հրապարակը` #ՄերժիրՍերժին-ի անունից, թեև մենք տեղյակ չէինք, բայց մենք լիովին բաց էինք բոլոր էն ակցիաները, որտեղ պահպանվում էին մեր խաղաղ անհնազանդության մեթոդներն ու տրամաբանությունը, ընդունել որպես մերը: [Սոնա Մնացականյան] Դասի եմ, հետո օֆիսում գործ եմ անում ու զուգահեռ հետևում, թե քաղաքում ինչ ա կատարվում։ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները փակել են Ֆրանսիայի հրապարակը, լարվում եմ, որ տեսնեմ Թագուհին հետներն ա՞, թե չէ։ Չեմ գտնում, գրում եմ, չի պատասխանում։ Մի քիչ հետո Օսիպյանն ա հայտնվում, ցույցի մասնակիցները պահանջում են տեղեկություն տալ բերման ենթարկված իրենց ընկերների մասին։ [Թագուհի Ղազարյան] Դրանից մի երկու ժամ հետո իրազեկման ավտոերթը սկսեցինք, քաղաքում դեռ էդ մի հինգ-վեց ցուցարարի փակած ճանապարհի պատճառով անտանելի խցանումներ էին: Գիտեի, որ ցուցարարներին «բերման էին ենթարկել»: Զանգում եմ Մազմանյան Տիգրանին՝ գիտե՞ս, որ Կարենց բռնել են, ասում է՝ հա, գիտեմ, կողքս ա, ինձ էլ:) Բերման ենթարկելը այդ օրերին նշանակում էր նստեցնել ոստիկանական մեքենան, տանել մի քանի կիլոմետր հեռու ու բաց թողնել: [Անի Վարդանյան] Երևանում պատրաստվում էին Նիկոլ Փաշինյանենց դիմավորելուն։ Տարբեր իվենթներ էին բացվել։ Ոգևորություն և լավ արձագանքներ շատ կային։ Վատերն էլ քիչ չէին։ Համալսարանում կրկին մեռած մթնոլորտ էր։ Մարդիկ միայն մտածում էին, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 17֊ին ընտրվելու է վարչապետ, և դա անփոփոխ փաստ է։ Դասախոսներս զարմանում էին, որ ես դասերին ներկա էի, քաղաքական իրադարձությունների կիզակետում չէի։ Նույնիսկ մի դասախոս հեգնում էր։ Դրանից շատ էի ներվայնանում, բայց դեռ դուրս գալու մտադրություն չունեի։ Երևի ինչ որ ներքին զգացողություն ունեի, որ իրավիճակը պետք է ստիպի դուրս գալ։ [Սոնա Մնացականյան] Մտածում եմ՝ դե եթե բերման ենթարկվածներ կան, Թագուհին մեջները կլինի, դրա համար էլ չի պատասխանում։ Բայց հետո հենց ուղիղ եթերում տեսնում եմ Թագուհու փիրուզագույն գլուխը դեղին ծխի միջից, եռագույնն էլ ձեռքին․ լրիվ՝ «մշուշի միջից տեսիլ դյութական» ։-) Մի քանի ժամից պատասխանում ա, որ չանհանգստանամ ու հարցնում, թե Ամերիկայում ոնց եմ։ Ասում եմ՝ ես դեռ Հայաստանում եմ։ Ասում ա՝ բա երբ ես թռնում։ Ասում եմ՝ ամսի 19-ին։ Ասում ա՝ հա՜, հեղափոխությունից հետո։ Պատասխանում եմ՝ ինձ թվում ա՝ առաջ․ ես միշտ քաղաքում չեմ լինում հեղափոխությունների ժամանակ ։-( [Վահան Կոստանյան] Երեկոյան նախատեսված էր երկրորդ ավտոերթը: Առաջինից հետո արդեն սովորել էի, որ բարձրախոսով ես պիտի խոսեմ ճանապարհին ու իրազեկեմ հաջորդ օրվա մասին: Այս անգամ մարդիկ ու մեքենաները շատ ավելին էին, մարդկանց արձագանքը փողոցում՝ շատ ավելի դրական: Քաղաքացու երգի մեղեդին բոլորիս հույս էր տալիս: Երբ երկար Կենտրոնում պտտվելուց հետո հասանք Մասիվ, Հակոբջանյան Անիի մաման եկավ, որ իրեն տուն տանի: Ահագին կռվեցին, բայց Անին մնաց իր որոշմանը, որ պիտի մեզ հետ գա ճամբար: [Թագուհի Ղազարյան] Բարսեղյան Հայկի հետ նույն մեքենայում ենք։ Ամբողջ ընթացքում, գլուխը մեքենայից դուրս հանած, Ճանապարհին հանդիպող մարդկանց կոչ է անում․ «Կըբե՜ք, ժողովուրդ, կըբե՜ք, լավ բանի հըմար է»։ [Միքայել Նահապետյան] Երկրորդ ավտոերթը քաղաքում արթնացրեց հաջորդ օրվա սպասումը։ Ավտոերթը շարժվեց դեպի քայլարշավը, ես` չգնացի։ Փոխարենը գնացի Թումոյի այգի` ուր պայմանավորվել էինք հանդիպել, հաջորդ օրվա պլանները հասկանալ։Այգում ցրտեց ու մթնեց, շարժվեցինք Կիևյան, նստեցինք բիստրոյում ու գարեջուր պատվիրեցինք։ Կազմեցինք հաջորդ օրվա պլաններն ու ցրվեցինք։ [Վահան Կոստանյան] Մինչև հիմա չեմ պատմել Գոհարիկի մասին, ում հետ մեր՝ այդ օրերի զրույցները շատ ավելի հարուստ օրագիր կլինեին, քան այն, ինչ գրում եմ հիմա: Ցավոք, նամակները չկան, որովհետև պարբերաբար ջնջել եմ՝ վստահ լինելով, որ ֆեյսբուքս ստուգում են: [Գոհարիկ Տիգրանյան] Հասա սենյակ՝ ինձ համոզելով, որ չպետք է դասերս կիսատ թողնեմ, ընթացքում պլանավորելով, որ անգամ Հայաստանի գալիս մինիմում 8-երս կան, Նոսիկն էլ համաձայն է հետո քննություն վերցնել։ Որոշումս վերջնական դարձավ ուկրաինական ժամանակով 20.35, երբ ավտոերթի ժամանակ տեսա ընկերներիցս մեկին՝ Էլենին, մամայի հետ դրոշ էր ուզում, որ միանար Աբովյան գնացող ավտոերթին։ [Վահան Կոստանյան] Գոհարիկի՝ «գալիս եմ» նամակը փոխեց ամեն ինչ: Ու ես գիտեի, վստահ արդեն գիտեի, որ հեղափոխություն լինելու ա: Մարդն, ում հետ տարիներ շարունակ երազել էինք հեղափոխության մասին, կիսատ էր թողնում իր համար շատ կարևոր ուսումը Կիևում ու գալիս հեղափոխություն անելու: [Գոհարիկ Տիգրանյան] Զանգեցի Վահանին ու ասացի, որ փող ա պետք՝ տոմս առնեմ։ [Վահան Կոստանյան] Քարտի վրա ոչ ես գումար ունեի, ոչ ինքը: Մի կերպ պարզվեց, որ մեր ընկերներից Մարիամը բավականաչափ գումար ունի, ու կարող ենք տոմս գնել: Իմ ճանաչած ամենաիրական հեղափոխականը գալիս էր հեղափոխություն անելու: [Գոհարիկ Տիգրանյան] Երկու րոպե հետո ստացա Մարիամի քարտի նկարը, առա տոմսս ու 12 ժամ հետո արդեն կլինեի Երևանում։ Կուրսեցիս՝ Աղաբեկը գրկեց, Մարին ու Լուսինեն էլ որոշեցին, որ գալիս են իրենց սուրճի ընկերոջը ճանապարհելու։ Նրանց խոստացա, որ խմելու ենք հենց վերադառնամ, միակ հարցն էր՝ տոնելու համար էինք խմելու, թե լացելու էինք իրար գրկած։ Իսկ մայրս սկզբում բարկացավ, անջատեց հեռախոսը, հետո զանգեց և ասաց, որ տոլմա է սարքում ինձ համար։ Մնաց 11ժամ.... [Արմեն Գալջյան] Արդեն գրեթե Երևանի մատույցներում էինք՝ Պտղնիում՝ մեր ընկերներից Քրիստինե Պողոսյանի առանձնատունն էր, որտեղ և գիշերեցինք: Երևանում հզոր իրազեկման ավտոերթ էր, քաղաքի կենտրոնը կաթվածահար էին արել, իսկ հետո շարժվեցին դեպի Պտղնի՝ մեզ մոտ։ Գնացինք դիմավորելու․ ինչքան ակտիվիստ կար եկել էր, կարելի է ասել՝ ակտիվստների աշխարհի հավաքականն էր: Շատ հզոր լիցք հաղորդեց դա մեզ, արդեն վստահ էինք, որ Երևան մտնենք, հաստատ կա մարդկանց մինիմալ աջակցություն գործողություններ սկսելու համար, չնայած մենք մոտ 5000 մարդ էինք կանխատեում ապրիլի 13-ին, և այդպես էլ եղավ: [Վահան Կոստանյան] Հասանք Պտղնի, որտեղ բոլորի տրամադրությունը շատ բարձր էր: Պողոսյան Քրիստենց Պտղնիի տնին կնախանձեր ոստիկանության յուրաքանչյուր բաժին՝ միանգամից էդքան աննորմալ իր հարկի տակ ունենալու համար: Նման հոգատար մթնոլորտ դժվար էր պատկերացնել, բոլորը բոլորի մասին հոգ էին տանում՝ Չալոյից մինչև վերջին անծանոթը: [Թագուհի Ղազարյան] Պտղնիում Քրիստինեենց տանն էին կանգ առել, ավտոերթով գնացինք էդ տուն, բնական ա, շատ-շատ էինք կոորդինացնող խումբ ձևավորելու համար, տան հետնաբակում ազատ տեղ կար, այ էնտեղ հավաքվեցինք ու սկսեցինք քննարկել: Ամենաառաջին բանը, ինչ ասեց Փաշինյանը, հետևյալն էր, որ ամենայն հավանականությամբ էստեղ ներկա բոլորս մի ամիս հետո նստած ենք լինելու: Բայց հետդարձի տեղ չկա: «Եթե ձեր մեջ կա մեկը, որ վախենում ա դատվել, որ վախենում ա նստել, վախենում ա սեփականություն կորցնել, վախենում ա, որ ընտանիքի անդամներին, ընկերներին կվնասեն, սեփականություն, գույք կկորցնի, վերջապես, եթե կա մարդ, որ վախենում ա վիրավորվել կամ մեռնել, խնդրում եմ, հիմա ասեք. որևէ մեկը ձեզ չի մեղադրի, բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ կհասկանանք»: [Վահան Կոստանյան] Վախ ունեի, որ ոստիկանությունը կարող է գործողություն իրականացնել այդ գիշեր: Իմ վախը երևի ունեին բոլորը, բայց բոլորս լուռ էինք: [Թագուհի Ղազարյան] Նիկոլն է: Պտղնիում ենք: Երկու նախաձեռնություններից կոորդինացնող խումբն ենք ձևավորում: Մեռնելուց չեմ վախենում, մտքումս Մաթևոսյանն ա` մեռնելը դժվար է, ուզենաք էլ չեք մեռնի: Ավելի հավանական ա, որ կնստեմ, դա իր դրական կողմերն ունի, վերջապես ինչ-որ տևական ժամանակ հանգիստ կլինեմ, կկարդամ, կգրեմ:Մինչդեռ ես էս մտքերով եմ, նկատում եմ, որ շուրջս եղած 12-15 մարդկանցից ոչ մեկը չի շարժվում տեղից, չի պատախանում: Բոլո՞րն են մտածում, թե ինչ ունեն կորցնելու: Խոսակցությունը շարունակվում ա հավանական ու անհավանական սցենարների մոտիվներով: Ուղեղումս հնչում ա` ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս… Քննարկման ժամանակ ամենաանցանկալի, բայց հավանական երեք սցենարներից մեկը էն էր, որ մեզ շարունակելու են արհամարհել, ուրեմն մենք ինքներս պետք ա ինտրիգ ստեղծենք, Նիկոլը ասաց՝ մտածում եմ գնամ ԵՊՀ, ռեկտորին հաթաթա տամ, գուցե ուսանողությունը դրանից դուխովանա, զգա, որ մեջքներին մարդ կա կանգնած, կպաշտպանի իրենց ամեն պարագայում, Դավիթն ասաց՝ ուզում ենք գնանք ԴԱՀԿ շենքը բլոկենք, ԴԱՀԿ-ն շատ քաղաքացիների դժգոհության վայրն է, միգուցե դա մոտիվացնի մարդկանց։ Էս երկրորդն էդպես էլ չեղավ, ինչպես գիտեք: Ու, իհարկե, որոշվեց Ֆրանսիայի հրապարակը վերցնել, ինչո՞ւ, որովհետև ո՛չ Ազատության հրապարակը, ո՛չ Բաղրամյան պողոտան առանձնապես չէին անհանգստացնում իրենց, կարող էին թողնել, որ ամիսներով փակես ու նստես, առավել ևս, որ իրենց գործը մի չորս օր էր՝ մինչև Սերժին ընտրեին: Բայց Ֆրանսիայի հրապարակի հետ կապված փորձ ունեինք, տասնհինգ թվին Վովա Գասպարյանը հենց Պրոսպեկի էդ հատվածը փակելիս էր, որ կորցրեց հավասարակշռությունը ու հունից դուրս եկավ, իսկ մենք ընդամենը կես ժամով էինք փակել: Հիմա մենք փակելու էինք Պրոսպեկտը, Բաղրամյանը, Սայաթ Նովան, շատ ուզելու դեպքում՝ Մոսկովյանը, Թումանյանը, Սարյանը: Անհնար էր, որ հունից դուրս չգային, դա էր մեր հույսը: Իհարկե իրենք նույնիսկ դա ահարամրհեցին, բայց սա արդեն ուրիշ պատմություն է: Մյուս վախենալու սցենարն էն էր, որ սահմանին անկայունություն կստեղծեն, չեն խորշի անգամ լայնամասշտաբ պատերազմից, Նիկոլն ասաց՝ էս մեկը չքննարկենք, դու պատերազմական իրավիճակում գնում ես ընտրությունների՞: Չի կարա տենց բան լինի, չենք թույլ տա՝ առավել ևս պատերազմի ժամանակ: Ասաց՝ եկեք անհավաական սցենարներ չքննարկենք, խելքին մոտ բաներից խոսենք: [Վահան Կոստանյան] Այգում՝ ծառի տակ տեղի ունեցավ մերժիրսերժինենց հետ վերջին քննարկումը Երևան մտնելուց առաջ,ու բոլորս ցրվեցինք մինչև հաջորդ վճռորոշ առավոտ: [Թագուհի Ղազարյան] Էդ օրը ֆիքսեցինք էդ խումբը՝ որպես որոշումներ կայացնող, ու միմյանց մանդատ տվեցինք մեկնումեկիս բացակայության դեպքում որոշումներ կայացնել էնքան մարդով, ինչքան որ էդ պահին տարածքում կլինի: Նիկոլլը մինչև վերջին պահը հավատարիմ մնաց թիմի ու թիմակից լինելու գաղափարին, անգամ էն ժամանակ, երբ պոտենցիալ վարչապետ էր: Դա ամենաշատն էր հիացնում իրա մեջ, իր մասին ինչ ասես լսել էի, բայց անձնական շփումը մենակ դրական տպավորություններ էր թողնում, հատ-հատ բոլորին լսում էր քննարկման ժամանակ, երբեմն երկար լռում էր, մինչդեռ քննարկողները իրար հետ կռիվ-բանավեճ էին անում, լռում լսում էր, մի տեսակ միշտ ցածրաձայն, նույնիսկ կասեի՝ դուխաթափ տպավորություն էր թողնում քննարկումներին, բայց հենց բարձրանում էր հարթակ, կերպարանափոխվում էր, ինչ-որ գերբնական էներգիա ու լավատեսություն էր իջնում վրան ու սկսում էր շատ, շատ սիրուն էդ խոսացություններից, անգամ հակադիր կարծիքներից սելեկցիա արած կարևոր բաները ասել: Իր գլխավոր հատկությունը լսել կարողանալն էր, թիմային լինելը: [Արմեն Գալջյան] Նկատել էինք, որ երկու մեքենա է շրջում Քրիստինեի տան մոտ, հավանաբար ԱԱԾ-ից էին։ Անկեղծ ասեմ՝ մեզ մոտ մի փոքր անհանգստություն առաջացավ, որ հնարավոր է այս գիշեր բոլորիս բերման ենթարկեն, և մենք ոտքով չհասնենք Երևան, չնայած ոչ մի իրավական հիմք չկար դրա համար: Բայց մեր անհանգստությունն անտեղի էր․ առավոտյան լուսացրինք նույն վայրում: [Միքայել Նահապետյան] Գիշերը քնել չեմ կարողանում։ Գիտեմ, որ ինչ էլ լինի, էլ հետդարձի ճանապարհ չկա` կամ հաղթում ենք, կամ պիտի աղոթենք, որ նստեցնեն։Նորից գլխումս անհաջողակ ապուշի կանխավարկածն է։ Գիտեմ, որ եթե նույնիսկ 300 հոգի հավաքվի, պիտի գնանք մինչև վերջ։ Ասել Սուրոյի «վերջին կռվի շորերը հագնելու ենք ու կամ էս կողմ կամ էն կողմ»։ [Թագուհի Ղազարյան] Գիշերն ընկերներիցս մեկը տեքստ է ուղարկում, որ սրբագրեմ: Տեքստը ծայրից ծայր տրամաբանված, հիմնավորված, փաստարկված պատմություն է այն մասին, թե ինչու էս շարժումից ոչինչ դուրս չի գալու: «Կարապը, խեցգետինը ու գայլաձուկը»: Կետադրություն, ուղղագրություն նայում եմ, համարյա ոչինչ չկա սխալ, հետ եմ ուղարկում ու ասում, որ անհանգստանալու կարիք չկա, շատ մաքուր տեքստ է: Հարցնում է՝ իսկ բովանդակությո՞ւնը: Ասում եմ՝ հենց բովանդակություն լինի, կքննարկենք: Հրաժարվում եմ ընդունել ձախողման հիմնավորումն իբրև բովանդակություն: Ընդհանրապես այդ օրերին խուսափում եմ քննարկել հնարավոր ելքերի մասին թեմաները: Գիտեմ, որ իրենցն ավելի տրամաբանական է ու հիմնավոր, բայց դրանց հակադարձելու էներգիա և ռեսուրս չունեմ: [Միքայել Նահապետյան] «Լավ էլի» խմբի ալբոմը վերջանում է։ Մտածում եմ, որ էդ երգերն էլ են պարտության խրոնիկայից, որ ինչքան կռիվ ենք ունեցել, միշտ հաղթանակի մասին երգերով ենք սկսել, ու հետո էդ երգերը պարտության մեջ լսելով՝ երազել հաջորդ շանսի մասին, որ նորից երգեր գրենք ու նորից պարտվենք։ Էս անգամ մեր պայքարի երգը պարտության մասին է` ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս... Չբռնե՞նք հաղթենք։
19:41 - 12 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 12] Շոուն ստացվեց, հեղափոխությունը պիտի՛ ստացվեր

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 12] Շոուն ստացվեց, հեղափոխությունը պիտի՛ ստացվեր

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի «Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 11] Ուսանողն իրավունք չունի լինել հարմարվող < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Վահան Կոստանյան] Քանի քայլարշավը մոտենում էր Երևանին, այնքան ավելի շիկանում էր մթնոլորտը մայրաղաքում ու ավելի դժվար էր դառնում սահանափակվել մոնիտորինգ անելով: Նախորդ երեկոյան Հրազդանում որոշվեց, որ պիտի Ազգային ժողովում վառվի ազատության ջահը: Եվ վաղ առավոտյան,մինչև կբացվեր նիստն, Արարատն ու Լենան գնացել էին Դիվանբաշի փաբ՝ պարապելու՝ ինչպես վառել ֆայըռը: Հանդիպեցինք շենքի մուտքի մոտ: Տարակուսում էինք՝ կստացվի արդյոք մտցնել ֆայըռները, թե ոչ: Լենան դրանք դրեց վերարկուի տակ ու մտանք: Ոչ մեկ չնկատեց: Մենք էդ պահին նայեցինք իրար, Լենան քթի տակ թեթև ժպտաց ու մտանք շենք: [Արմեն Գալջյան]  Առավոտյան գնացի Ազգային ժողով՝ ինչ որ բան պետք է վերցնեի, որտեղ հանդիպեցի Արարատին և Լենային։ Նրանք պատրաստվում էին նիստերի դահլիճում վառել «Ազատության» ջահը: Հետո գնացի ԵՊՀ, որտեղ պետք է իրազեկման ակցիա իրականացնեինք: Ակցիայի ընթացքում ԵՊՀ-ի ներսում շաղ էինք տալիս Սերժի պատկերով թռուցիկները, հետո, բնականաբար, հայտնվեցին ՀՀԿ-ի «տասովշիկները»՝ հայտնի Ալիկի գլխավորությամբ, և սկսվեց վիճաբանություն: [Վահան Կոստանյան] Մինչ կհասներ Արարատի ելույթ ունենալու հերթը, ժամանակը կարծես չէր անցնում: Դրան գումարվում էր շենքում օտար լինելու զգացողությունը, այն թերահավատ հայացքները, որոնց հանդիպում էի մեր գործընկերների ու աշխատակիցների կողմից: Հովակիմյան Վահագի հետ ծխում ու ծխում էինք: Հետո շոուն ստացվեց, ու մենք դուրս եկանք շենքից: [Թագուհի Ղազարյան] Օրը հեղափոխությամբ է բուրում: Կարելի է ասել, որ արդեն էլ ոչինչ տեղի չի ունենում՝ շարժումից բացի: ԱԺ նիստի ժամանակ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը վառեցին ազատության ջահը: Շոուն, չգիտեմ, ստացվեց, թե ոչ, բայց հեղափոխությունը պիտի՛ ստացվեր: [Անի Վարդանյան] Ամբողջ ֆեյսբուքը լցված էր Արարատ Միրզոյանի ու Լենա Նազարյանի՝ Ազգային ժողովում իրականացված ակցիայով։ Հավես ակցիա էր։ Շատ էի հավանել։ Մի տեսակ գերող բան կար էդ ակցիայում։ Համալսարանում ակցիայից ոչ մի խոսք չէր պտտվում։ Ոչ մեկը հետաքրքրված չէր։ Հիշում եմ՝ «Ռեստարտի» երեխեքին հանդիպեցի։ Խոսքի մեջ ասացին, որ պատրաստվում են Նիկոլենց դիմավորել։ Հաջողություն մաղթեցի։ Ասեցի՝ հնարավոր է երևամ։ Մտքիս դեռ ոչինչ չկար։ Ոչ մի պլան չունեի։ Ուղղակի սպասում էի իրավիճակի զարգացմանը։ [Թագուհի Ղազարյան] Արագ-արագ պատրաստվում ու դուրս եմ գալիս տանից: Վերելակում փակցրածս #ՄերժիրՍերժին ստիկերը պոկված է: Հեղափոխությունը դեռ չի ուզում հասնել Հարավարևմտյան թաղամաս, մինչդեռ կանգառի #ՄերժիրՍերժին գրաֆիտին դեռ տեղում է: Ժպտում եմ՝ մտածելով, որ քաղաքում ամենուր մեր հետքերն ենք թողել ու գնում կենտրոն: [Վահան Կոստանյան] ԱԺ շենքերից մեկի դիմաց Լենան նաև պիտի մեր լոգոն փչեր: Սպասում էինք իր գալուն: Եկավ ու ասաց, որ չի հաջողվել, որովհետև ոստիկանները խոչընդոտել էին ու խնդրեց ինձ մեկ անգամ էլ փորձել: Ես խելոք վերցրի տրաֆարետը, միացրեցի ողջ ցինիզմս ու քայլեցի դեպի Դեմիրճյան փողոց: Մինչ ոստիկանները կհասցնեին մոտենալ, արեցի իմ գործը, նկարեցի շեդևրս ու հետ վերադարձա: Լենան ու Արարատը շտապեցին միանալ քայլողներին, ես էլ պիտի ԵՊՀ գնայի: Էնտեղ առաջին իրազեկման ակցիան էր նախատեսված ու արդեն զանգեր էի ստացել, որ մերոնց խոչընդոտում են: ԵՊՀ մի քանի պաշտոնյաներ խոչընդոտել էին Շահենին, Հայարփիին, Անիին Հակոբջանյան ու մյուսներին: [Արմեն Գալջյան] Ծեծկռտուք չսարքելու համար մենք մի փոքր հետ քաշվեցինք և որոշեցինք քաղաքի այլ հատվածներում իրականացնել իրազեկումը, չնայած՝ ես դեմ էի և ցանկանում էի, որ նորից մտնենք ԵՊՀ, բայց մեծասնությունն այլ բան որոշեց: [Վահան Կոստանյան] Երբ հասա համալսարան, մի մասն արդեն ցրվել էին, մյուսներն ահագին թևաթափ էին, ու պետք էր ինչ որ բան անել: Փորձեցի ոգևորել ընկերներիս ու շարժվեցինք դեպի Սև շենք՝ Մոնթեի, Գեղամի ու մյուսների հետ իրազեկման ակցիան շարունակելու: Ես մի պահ կանգ առա Համահայկական հիմնադրամի դիմաց ու հավերժացրի ՍՍ-ի դիմանկարն ուսանողների մոլորությամբ զբաղվող ու իշխանական որջ դարձած այս կազմակերպության պատին: [Արմեն Գալջյան] Երիտասարդականից բաժանելով հասանք մինչև սև շենք, որտեղ արդեն վերջացան մեր թռուցկները, իսկ հետո ես միացա քայլարշավին: Մեր ճամբար էր եկել Պարույր Հայրիկյանը, ով իր գրած երգերից մի քանիսը կատարեց մեզ համար և հաջողություն մաղթեց մեզ: [Միքայել Նահապետյան] Նիկոլի ֆեյսբուքյան ասուլիսն եմ նայում։ Ասում է՝ կներեք, եթե երբևէ ձեզ սխալ ճանապարհով ենք տարել, կներեք, եթե մոլորեցրել ենք։ Բայց մենք անկեղծ հավատացել ենք նրան, ինչ ասել ենք։ Ու Նիկոլը դառնում է էս կարևոր տեքստը ասած առաջին քաղաքական գործիչը վերջին ճշմարտությունների էս թատերաբեմում։ Նիկոլը ներողություն է խնդրում ժողովրդին կեղծ ընտրությունների քարշ տալու համար, ներողություն է խնդրում քաղաքացու վրա դրված բեռի ծանրությունը չզգալու համար։ Նիկոլը քաղաքական համակարգում առաջինն իրեն է հեղափոխում։ Ուրեմն հաղթանակն անկասելի է։ [Թագուհի Ղազարյան] «Ելք» դաշինքի գործընկերները, ինչպես ասում են, մինչև երեկո երեք անգամ ուրանալու են «Քաղաքացիական պայմանագրին»: Նախ ծխաջահերին իրենց արձագանքը, հետո հայտարարությունը, որ հիմա կա «Ելք» դաշինք և «Ելք»-ից առանձին կա «Քաղաքացիական պայմանագիր»: Մի խոսքով, դաշնակից գործընկերները փորձում են դիսասոցացվել շարժումից: Երեկոյան ՀՀԿ-ն նիստ ունի Մելիք-Ադամյանում: «Մերժիր Սերժին»-ը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը որոշում են շարժվել Մելիք-Ադամյան՝ նիստին ընդառաջ՝ 20:00, հետո պարզվում է, որ նիստի ժամը փոխել են՝ 18:00 կամ 18:30: Կարեն Կարապետյանն արդեն առաջարկել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ վարչապետի թեկնածու: [Արմեն Գալջյան] Այսօր ՀՀԿ նիստն էր, որտեղ պետք է հայտարարվեր, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն։ Չնայած մենք վստահ էինք, որ Սերժից բացի ոչ մեկ չի հավակնում այդ պաշտոնին, բայց հետաքրքրության համար ուղիղ եթերով հետևում էինք: Չնայած ես տեղեկատվություն ունեի, որ այսօր չեն հայտարարելու թեկնածուի անունը, և թողնելու են շաբաթ օրը, բայց այդ տեղեկատվությամբ չկիսվեցի ընկերներիս հետ, քանի որ վստահ չէի դրա հավաստիության մեջ, թեպետ նույն բանը շուտ իմանալ, ըստ էության, մեզ ոչինչ չէր տալու: [Թագուհի Ղազարյան] Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկում նստած լսում ենք խոսնակ Էդուարդ Շարմազանովի ասուլիսը, որը, սակայն, չի շտապում հնչեցնել թեկնածուի անունը՝ նշելով որ դա կանեն շաբաթ օրվա նիստին: Եթե ՀՀԿ-ի ձեռքին ճար լիներ, հավանաբար էդ անունն էդպես էլ չէին տա ու թաքուն կանեին ընտրությունը, ինչպես, օրինակ, ԱԺ ընտրությունների ժամանակ ցուցակում անունը չկար: Իրենք էլ գիտեին, որ միայն անունից մարդիկ կարող են կատաղել: Գրաֆիտիների հերթը համալսարաններինն է: Սարյանի վրա հանդիպում եմ Հայարփիին: Չի կարող մնալ ինձ հետ, բայց «Դասադուլ» գրությամբ տրաֆարետ, ասում է, կարող է պատրաստել ու առավոտ շուտ գալ: Գնում ենք գրախանութներով՝ տրաֆարետի պարագաներ գնելու: Ներկ չունենք: Զանգում եմ Գարուշին: Ինքն էլ քաղաքում չէ, բայց ինչ-որ ընկերներ ունի, որոնք կարող են ներկ ճարել: Իրենց ներկերի տեղի դուռը փակ է, բանալին՝ իր մոտ: Մի խոսքով՝ խառը պատմություն է: Հայարփիին ճանապարհելուց հետո՝ ուշ երեկոյան հանդիպում եմ Գարուշի ընկերոջը, որ ներկեր է բերել ինձ համար: Ժան Պոլում նստած նորից չատ եմ անում հավանական ու անհավանական բոլոր մարդկանց հետ, որ կարող են հետս գալ գրաֆիտի անելու: Երբ էլ ոչ մեկին չկարողացա համոզել, որ հետս գան գրաֆիտի անելու, մտածեցի` սպասեմ մինչև երեքի կողմերը, մենակ կգնամ: Գնացի Իլիկ, Զառան էնտեղ էր: Իմացավ ծրագրերիս մասին ու որոշեց, որ չի կարող ինձ մենակ թողնել: Համալսարանի բակերում գրաֆիտիները Զառայի հետ ենք արել: Հետո ներկերը պահեցի բժշկականի մոտ՝ թփերի մեջ, որ Հայարփին առավոտը գա, վերցնի ու ինքն էլ էդ ներկերով շարունակի գրաֆիտիները, որովհետև ինքը ներկ չուներ: Մի կերպ նկարագրում ու մթության մեջ նկարում եմ տարածքը, ֆոտոները ուղարկում Հայարփիին ու գնում տուն կամ Աստված գիտի, թե ուր: Մի քանի ժամից լուսանալու է: Լուսադեմին՝ 6-ի կողմերը քաղաքում հանդիպում եմ Գարուշին ու սկսում ենք քաղաքում բաց սրճարան փնտրել՝ օրը կամաց-կամաց մտնում է հունի մեջ: [Արմեն Գալջյան] Գիշերը տեղի ունեցավ մեր հերթական պլեճ փարթին:
18:37 - 11 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 11] Ուսանողն իրավունք չունի լինել հարմարվող

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 11] Ուսանողն իրավունք չունի լինել հարմարվող

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի «Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 10] Սերժը դարձավ գործազուրկ < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Արմեն Գալջյան] Այսօր տնկեցինք «Ուսանողի» ծառը, որով ցանկանում էինք կարևորել նրանց մասնակցությունն այս շարժմանը: Շարունակեցինք քայլել արդեն դեպի Հրազդան քաղաք: Շարունակվում էին անտիսաշիկ օպերացիանները: Ճանապարհի գրեթե բոլոր արագաչափերը փակելով գնում էինք՝ վրան սկոճելով Սերժի պատկերով թռուցիկները: [Վահան Կոստանյան] Ապրիլի 10-ը ուսանողական պայքարի համար կարևոր օր էր։ Մոնիտորինգ, լրատվամիջոցներ, ամեն ինչ մի կողմ, ես սպասում էի քննարկմանը։ Ֆեյսբուքում իվենթ էի բացել՝ հրավիրելով ուսանողներին Չարենցի արձանի մոտ՝ քննարկելու, թե արդյոք ուսանողներն ինչ-որ բան ունեն ասելու ՍՍ-ի վարչապետացման դեմ ու եթե այո, ապա ինչ ենք անելու։ Առօրյա պարտականությունների պատճառով մի քանի րոպե ուշացած գնացի ու, ի զարմանս ինձ, էնտեղ կային մարդիկ, ում չէի ճանաչում։ Դա կարծում եմ լավ նշան էր։ Այդ օրը առավոտյան ճամբարում հատուկ էս միջոցառման համար տնկվել էր ուսանողների ծառը, ու Արայիկն էլ եկել էր Երևան՝ մասնակցելու քննարկմանը։ [Թագուհի Ղազարյան] Մարիային եմ գրում: Ասում եմ՝ գործնական առաջարկ ունեմ: Ի՞նչ առաջարկ, հարցնում է: Ասում եմ՝ Մերժիր-ի էջը մեռած է, ինձ ադմին դրեք, զբաղվեմ: Թե չէ ինձ ահավոր անօգուտ եմ զգում: Շուտով դառնում եմ ֆեյսբուքում Մերժիր-ի գլխավոր պատասխանատուն: Էջը 600 հետևորդ ունի: [Սոնա Մնացականյան] Համալսարանում դաս ունեմ։ Դասից հետո օֆիսում եմ, չեմ հիշում, թե ով էր, երևի պատմաբաններից էին՝ Սմբատը կամ Հովոն, խոսում ենք տարբեր բաներից՝ դասեր, ուսանողներ, օրվա քաղաքական անցուդարձ։ Կարեն Կարապետյանը նախորդ օրը պաշտոնապես ա տվել Սերժի անունը՝ որպես վարչապետի թեկնածու՝ վերջնականապես ընդունելով իր խամաճիկային դերը։ Մեր զրույցի ընթացքում Կարենը (Կարապետյանը չէ ։)) ծառ ու ծաղկունքի նկարներ ա գցում մեր չաթ, ու ես գրում եմ՝ «Յասամանը ծաղկել ա՝ չնայած նրան, որ Սերժը շարունակելու ա մնալ էկրաններին»։ [Վահան Կոստանյան] Ես, Արմենը, Արայիկը պատմեցինք նախորդ օրերի մասին, այն փիլիսոփայության մասին, որ դրված էր պայքարի հիմքում։ Ահագին հարցեր եղան՝ սկսած Սահմանադրական փոփոխությունների ժամանակ ՔՊ-ի դիրքորոշումից մինչև ոչ բռնի պայքարի մեթոդաբանություն։ Ու կարևոր էլ չէր, թե արդյոք պատասխանները գոհացնում էին մարդկանց կամ ոչ։ Զգում էի՝ ուսանողներն ուզում են իրենց բաժին Հայաստանն ազատագրել, ու դրա համար առաջնորդներ իրենց պետք չէին։ [Անի Վարդանյան] Առավոտյան երկար ուղիղ եթերն էի նայում։ Մարդկանց կարծիքներն էի կարդում։ Փորձում էի տրամադրվածությունը հասկանալ։ Համալսարանում տիրող կարծիքը ահավոր անտանելի էր։ Մի քիչ հուսադրող էր համացանցում մարդկանց արձագանք։ Շատերը մեծ ակնկալիքներ ունեին շարժումից, շատերը երևի իմ նման կարծում էին, որ շուտ վերջանալու է։ Օրը սովորական անցավ։ Արտառոց ոչինչ չկար։ Համալսարանի, գրքերի գործը ու տուն։ [Վահան Կոստանյան] Երբ արդեն բանախոսները գնացին, մնացել էինք մենք՝ դեմ դիմաց մեր ռեպրեսիվ բուհական համակարգի հետ, ու պիտի որոշեինք՝ ինչ անել։ Շահենի ու մյուսների հետ եկանք հայտարարի, որ հաջորդ առավոտյան սկսում ենք իրազեկման միջոցառումներ անցկացնել ԵՊՀ-ում ու հետո արդեն մյուս բուհերում։ Պիտի ապրիլի 13-ի ցույցի վերաբերյալ տեղեկացնեինք երիտասարդներին։ Իսկ սա իմ համար ամենաբարդ գործն էր։ Ամիսներ առաջ՝ տարկետման ցույցերի ընթացքում Բաղրամյան փողոցում տեսել էի ուսանողների հուսահատ խոնավ աչքերը, որի համար ինձ չէի ներում (ու մինչև հիմա անգամ) ու անձնապես պատասխանատու էի զգում ինձ, որ ընկերներս ու ավելի ցածր կուրսերի ուսանողները նորից չկոտրվեն։ Նախորդ շարժման ընկերներիցս մի մասը այդ օրը չկային․ չէին հավատում կամ չէին ուզում քաղաքականացվել, բայց արդեն ուշ էր, պետք էր գնալ մինչև վերջ ու փախչելու տեղ չկար։ Փախուստը կնշանակեր թողնել բուհական համակարգին մնալ նույն հորձանուտում՝ առանց հեռահար որևէ լույսի շողի, կնշանակեր, որ շատերին կճնշեին համալսարանում, շատերին կհեռացնեին, շատերը կկորցնեին հավատը իրենք իրենց նկատմամբ։ Այդ օրը բարձրաձայնեցի ավագ ընկերներցս Տաթևի հինգ տարի առաջ՝ Րաֆֆու ցույցերի ժամանակ ինձ տված խորհուրդը՝ ուսանողն իրավունք չունի լինել հարմարվող։ [Արմեն Գալջյան] Հրազդան քաղաք մտնելիս մեզ միացավ Սասուն Միքայելյանը՝ իր կազմակերպած ավտոերթով: Այսօր ավանդական դարձած ճամբարը չխփեցինք, քանի որ Հրազդանում ունեինք կուսակցության մեծ գրասենյակ և այնտեղ գիշերեցինք, չնայած՝ ես վերադարձա Երևան, քանի որ հաջորդ օրը ԵՊՀ-ում պետք է իրազեկման ակցիա իրականացնեինք ապրիլի 13-ի հանրահավաքի համար: Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիս էր տալիս Ազատություն ռադիոկայանին, մենք էլ իր հետևում խոտերին նստած հանգստանում էինք: Քայլոն իրեն շատ վատ էր զգում, ոչինչ չէր ուտում, ես էլ անհանգիստ էի, քանի որ պետք է գնայի Երևան․ և շատ տխուր կստացվեր, եթե նա մեզ հետ չհասներ Երևան: Բարեբախտաբար հաջորդ օրն իմացա, որ ամեն ինչ կարգին է: [Թագուհի Ղազարյան] Գարուշը ստվարաթղթե մեծ արկղերից 《Գազ տուր Սերժին》 գրությամբ կաղապարներ է պատրաստել՝ արագաչափերի վրա կախելու համար։ Մերժիր Սերժինը էսօր գնում է Հրազդան՝ կրկին հանդիպելու Իմ քայլին։ [Միքայել Նահապետյան] Սուրճի հինգերորդ բաժակից ու ծխախոտի երկրորդ տուփից հետո տեքստը կա, մենք` չէ։ Երկար-բարակ գրեցինք էն, ինչն ըստ էության վերջում մի հատ նկար պիտի դառնար։ Խոսքը քաղաքական մեր օրակարգի մասին է։ Մտածում եմ, որ դա ուղղակի թղթի վրա պիտի մնա: Խոշոր հաշվով, Ամերիկան էլ թուղթ գրելով Ամերիկա դարձավ, բայց ինձ մի տեսակ Թոմաս Ջեֆերսոն չեմ զգում, որովհետև մի բան է, երբ քաոսը չոքել է դուռդ, ու բոլորը գիտակցում են էդ տեքստի շուրջ համաձայնության գալով ապրելու անայլընտրանքայնությունը, մի ուրիշ բան է, որ փորձում ես բացատրել, թե դա ինչքան կարևոր է։ Հատկապես, եթե Համաշխարհային բանկի կամ ՎԶԵԲ-ի կոնսուլտանտ չես, Հայաստանում դժվար թե քո ասածի մեջ լրջություն տեսնեն։ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ> [օր 12] Շոուն ստացվեց, հեղափոխությունը պիտի՛ ստացվեր
19:55 - 10 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 10] Սերժը դարձավ գործազուրկ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 10] Սերժը դարձավ գործազուրկ

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 9] Լյովն ավտոերթ է կազմակերպել < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Արմեն Գալջյան] Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Սերժը, մոտ երկու տասնամյակից ավել լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա, դարձավ գործազուրկ, և այդ կապակցությամբ մենք Սևանի թերակղզու մերձակայքում տնկեցինք «Հրաժեշտի» ծառը, և, ի հիշատակ այդ ամենի, հերթական անգամ Նիկոլի շուրթերից հնչեցին Սերժի ճակատագրական ելույթի խոսքերը: [Թագուհի Ղազարյան] Վերջին տասը տարվա մեջ առաջին օրն է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ-ի ղեկավարը չի: Ութ օր ինքը որևէ պաշտոն չի զբաղեցնելու: Էրեխեքով հումոր ունենք, որ էդ 8-ը շրջվելու ա, դառնա անվերջության նշան` ∞: Կամաց-կամաց ինքներս մեր ասածներին սկսում ենք հավատալ: Որոշել ենք Սերժի հեռանալը պարզապես տոնել, ու ԹիԱյում իսկական տոնական աժիոտաժ է: Սերժի դեմքով կարմիր փուչիկներ ենք պատվիրել ու որոշել լցնել «գաղջ օդով», որոնք հետո հանրահավաքին բաց ենք թողնելու օդ: «Գաղջ օդի» բալոնը մեզ տված անձնավորությունը չի իմացել, թե ինչ նպատակով է տալիս: Չի իմացել նաև, թե ինչ նպատակով է տալիս մեզ Չեբուրաշկայի հագուստը՝ տարածաշրջանում միակ Չեբուրաշկայի հագուստ ունեցող մարդը, իսկ մենք դրանով հանրապետության հրապարակում ելույթ ենք պատրաստել: [Անի Վարդանյան] Սովորական գերզբաղված երկուշաբթի էր։ «Ռեստարտի» գործունեությունը դադարեցված էր։ Միայն ես էի աշխատում։ Տարբեր համալսարարանի ուսանողներին գրքեր էի բաժանում։ Հետո էլ՝ գրքերը վերցնում ու հետս տանում տուն։ Նույն ժամանակաշրջանում չէր եղել մի օր, որ առանց գրքի տանից դուրս գամ կամ առանց գրքի տուն հետ գնամ։ [Սոնա Մնացականյան] Երեկվա զրույցը ահագին բան ա փոխել. ինձնից թաքուն, իբր ձեռի հետ լայվերն եմ միացնում, լսում: Գրուփ-չաթում հարցնում եմ, թե Սաքոյից բացի՝ էլ ով ա հետևում իրադարձություններին: Աննան ասում ա՝ մեկումեջ Թումոյում հետևում եմ լայվերին, բայց Վիոլետը հա ասում ա՝ իմաստ չունի, մեկ ա, արդեն սաղ որոշված ա: [Արմեն Գալջյան] Այսօր նաև արդեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունն էր, ինչը մի փոքր փոխում էր քաղաքական դաշտի դասավորվածությունը: Քայլեցինք դեպի Սևան քաղաք, սկսեցինք բաժանել մերժիրսերժին թռուցիկները։ Քաղաքացիները, տեսնելով ՍՍ-ի դեմքը, կարծում էին, որ մենք իր քարոզիչներն ենք և հաճախ պատռում էին այն: Ես տեսնում էի մարդկանց դեմքերին, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ինչու հենց հիմա պետք է մերժել, շատերը չգիտեին նրա վարչապետ դառնալու մտադրության և դրա տակ թաքնված քաղաքական հետևանքների մասին: [Սոնա Մնացականյան] Գեմոն «Հոդված 3» ակումբի հանդիպումից ա պատմում, ասում ա՝ առանձնապես հույս չունեմ, բայց կարողացածիս չափ պիտի օգնեմ: Սաքոն արձագանքում ա, թե՝ պիտի գոնե ցույց տանք մեր անհամաձայնությունը, քանի որ օղակը գնալով սեղմվում ա: [Անի Վարդանյան] Համալսարանում կյանքը նույն էր։ Ոչ մեկի մոտ արտառոց ոչինչ չկար։ Մարդիկ հարմարվել էին արդեն, որ Սերժ Սարգսյանը պետք է իշխանության գլուխ գա։ Ոչ մեկ պայքարելու ու փոփոխություններ անելու ցանկություն ու մտադրություն չուներ։ Հուսալքություն ու հուսահատություն չէր դա, ավելի շատ անտարբերություն էր։ Ես այդ անտարբերությանն ամեն օր հանդիպել եմ դեռևս «Տարկետում լինելու ա» շարժումից։ Մարդկանց համար մեկ էր, թե դու ինչի համար ես պայքարում, արդյունքի կհասնե՞ս, թե՞ չէ։ Նույնը «Ռեստարտի» բոլոր ակցիաների ժամանակ։ Ու ինձ համար այդքան էլ զարմանալի չէր, որ կուրսընկերներս հերթական անտարբերությունն էին դրսևորում Հայաստանի քաղաքական կյանքի նկատմամբ։ Ես էլի լայվերին էի հետևում։ Մտադրությունս փոխված չէր։ Դեռևս միանալու ցանկություն չունեի։ Հիշում եմ՝ երեկոյան տեսա, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը ծաղրական ակցիա է կազմակերպել, որտեղ Սերժ Սարգսյանի համար գումար էին հավաքում։ Ճիշտն ասած, եթե ավելի շուտ տեղյակ լինեի, հնարավոր է, որ գնայի։ Բայց արդեն ուշ էր՝ ակցիան ավարտվել էր։ [Թագուհի Ղազարյան] ԹիԱյում բուկլետ, փուչիկ, գրատախտակ, էս կողմ-էն կողմ վազվզել. իսկական նախատոնական աժիոտաժ է: Արենը բերել է իր դարակազմիկ ելույթը, որը պետք է Չեբուրաշկան արտասանի: Ոչ մեկը չի համաձայնում լինել Չեբուրաշկան: Արենին ենք համոզում, չի համաձայնում, էլի ենք համոզում, էլի չի համաձայնում: Ելույթն ենք կարդում, խմբագրում, նորից համոզում: Վերջը փորձում է Չեբուրաշկայի գլուխը: Ակնոցին խանգարում է: Առանց ակնոց չի կարող տեքստը կարդալ: Ակնոցով է փորձում, անհարմար է, տեղը չի ընկնում: Ոտքի տակ չի կարողանում նայել: Մի խոսքով: Ազատության հրապարակում փուչիկները բաժանում ենք մարդկանց ու խնդրում միայն էն ժամանակ բաց թողնել, երբ հարթակից կհայտարարվի: Մինչև հայտարարվելը փուչիկների մեծ մասն արդեն օդում է: [Սոնա Մնացականյան] Կարենն ա գրում, թե՝ ժող, երեկ հայ-հայ ա ես էլ էի դառնում քայլող: Հը՞, Կարեն ջան, պատմի իմանանք՝ ոնց: Ասում ա՝ գնացել էի Վրաստան տուրիստականի գործերով, հետ էի գալիս, Սևանում կանգնեցինք գազ լցնելու, մտա սիգ առա ու ավտոյին չեմ հասել, մեկ էլ տեսնեմ Նիկոլի արշավախումբը թունելից ելավ: Ամոթից ձեռքիս ձուկը գցեցի թփերի մեջ, մոտեցա ծանոթներիս հետ ողջագուրվեցի, մտածեցի հետները քայլեմ, բայց տեսա, որ հեռախոսս նստած ա թարսի պես ու տնեցիքին չեմ կարա խաբար անեմ, ավտոն էլ լիքը ծառ ու թուփ էի տանում, որ պետք ա շուտ տնկվեր: Էդպես հետ դառա, չքայլեցի )) Քրիստն ասում ա՝ ոչինչ, Կարեն ջան, մի քանի օրից միասին կքայլենք )) [Արմեն Գալջյան] Անտիսաշիկ առաջին գործողությունից հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ զգուշացնելով, թե մեր գործողությունները անօրինական են և նման այլ բաներ․ տեքստը հիմա չեմ հիշի։ Դրան ի պատասխան մենք իրականացրեցինք «անտիսաշիկ» երկրորդ օպերացիան: Մեր Դավոյան Արփիի տան առջև սատկած ծիտ էին դրել՝ փորձելով վախի մթնոլորտ տարածել մեր թիմի ներսում, բայց դե էլի իրականության զգացումը կորցրել էին, չէին հասկանում, որ հեղափոխական տեսակի հետ գործ ունեն։ Որոշեցինք դրան ի պատասխան Շարմազանովի տան առջև սնիկերս դնել։ Ես էլ առաջարկեցի, որ սնիկերսը կծած դնենք։ Երևանում գտնվող մեր ընկերները շատ արագ ճշտեցին Շարմազանովի տան տեղը, և ժամեր անց կծած սնիկերսը հայտվեց վերջինիս դռան առաջ։ Ճանապարհի անցնող մեքենաների 90 տոկոսը ազդանշանով ողջունում էր մեզ։ Դա իսկապես շատ լավ ազդակ էր մեզ համար, մենք մոտենում էինք Երևանին և արդեն երևում էր, որ ավելի ակտիվ շրջաններում տեղյակ են, թե մենք ովքեր ենք, ուր ենք գնում և ինչի համար: [Թագուհի Ղազարյան] Արենը Հյուսիսայինին կից անցումում հագնված, պատրաստ սպասում է, բայց ոտքի տակ լավ չի տեսնում: Գնում եմ՝ ուղեկցելու դեպի հարթակ: Բեմ է բարձրանում Չեբուրաշկան: Չեբուրաշկայի դարակազմիկ ելույթը ուղիղ եթեր տալուց հետո, ի դեպ, արգելափակվեց factor tv-ն: Այսօր մեր չափանիշներով շատ-շատ ենք: «Իրազեկ քաղաքացիները» կարծեմ 900 մարդ է հաշվել Ազատության հրապարակում: Բնականաբար, ոստիկանների բացարձակ անտարբերության ներքո երթ ենք անում Երևանի կենտրոնական փողոցներով, իրազեկում քաղաքացիներին ամսի 13-ի հանրահավաքի մասին:  Հորդորում եմ Շահենին հաճախ կրկնել «Քա՛յլ արա, Մերժի՛ր Սերժին» կարգախոսը՝ ի սոլիդարություն քայլող մեր ընկերների և ի նշան համախմբվածության: Անցնում ենք Երևանի կենտրոնական փողոցներով: Նստում՝ որտեղ կամենանք, փակում փողոցը, փակած պահում՝ որքան կամենանք, շարժվում մյուս կետին: Վերադառնում ենք Ազատության հրապարակ: Մենք մեզնից գոհ ենք: Շատ մարդ կար: Լավ է անցել: [Միքայել Նահապետյան] Գագարինում ենք։ Երևի մեր առաքելությունն էլ հեղափոխության քիփլիկ կոսմոսը գրավելն է, ու էդ առումով էս կանգառը հատկանշական է։ Կատակը` կատակ, բայց օրը հրաշալի էր։ Վերջին շտրիխներն ենք քննարկում։ Կարելի է ասել՝ մնում է Երևանի կարմիր լենտը կտրելը։ Աննան պլեճ է հյուրասիրում, Նիկոլը պատմում է իր ընդհատակում եղած ժամանակվա մի պատմություն, որ հիմա չեմ մեջբերի` իր ու գլխավոր հերոսների թույլտվությունը չունենալու պատճառով։ Բայց էդ պատմությունն էլ է հույս տալիս, որ, եթե նույնիսկ ամեն ինչ էնքան էլ լավ չգնա, նրանք, ում մենք ինչ-որ պահի օգնել ենք, չեն մոռանա։ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>[օր 11] Ուսանողն իրավունք չունի լինել հարմարվող
19:29 - 09 ապրիլի, 2019
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 9] Լյովը ավտոերթ է կազմակերպել

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 9] Լյովը ավտոերթ է կազմակերպել

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։ [օր 8] Կարգախոսը՝ ոստիկանական բաժնի վրա < ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ   [Արմեն Գալջյան] Ապրիլի 8-ի առավոտյան տնկեցինք «Ազատության» ծառը և շարունակեցինք մեր քայլարշավը․ անցանք Դիլիջանի թունելը: Մեկ օր առաջ ակտիվիստ Անուշ Լալայանը փակել էր արագաչափերից մեկի տեսախցիկը, որից հետո ոստիկանները ներխուժել էին նրա տուն և աշխատանքի վայր։ Դրան ի պատասխան մենք որոշեցինք մեր ճանապարհին հանդիպող առաջին արագաչափը փակել, իսկ այդ գործողությունն անվանեցինք «անտիսաշիկ»: Դադար վերցրինք Ծովագյուղի մոտ, հաց կերանք և սպասում էինք Երևանից ավտոերթով մեզ միացող ակտիվիստների խմբին: [Թագուհի Ղազարյան] Նորից օրակարգում գրաֆիտիներն են: Երեկվա պատմությունը կրկնվում է: Այժմ արդեն Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը միակն է, ով համաձայնում է հետս գալ գրաֆիտի անելու: Կոմիտասում: Ես ու Վահեն մտնում ենք շենքի բակեր, գրաֆիտի անում, արագ փոխում մեր տեղը: Պատմում ենք իրար նախկինում արած գրաֆիտիների պատմությունները: Վահեն աշխատանքային ընդմիջման է դուրս եկել: Քիչ ժամանակ ունի: [Սոնա Մնացականյան] Պիտի գնամ Էլիզին տեսնելու․ հոնքերս կարոտել են Էլիզի մատներին։ Նախորդ օրը պայմանավորվել ենք կեսօրին հանդիպել։ Իջնում եմ մետրո: Ճամփին հա մտքիս ա գալիս Սաքոյի «Երրորդ ․․․մաս» պատմվածքը, էդ հաստատ նրանից ա, որ Երրորդ մաս եմ գնում ու որ Սաքոյենց տուն եմ գնում։ Սաքոն արանքում մի երկու անգամ զանգում ա, թե՝ ուր մնացիր, սպասում եմ, որ իրար հետ կոֆե խմենք։ Արդեն մի շաբաթից ավել կլինի՝ Սաքոյին չենք տեսել․ ոտքը ցավում ա, բժիշկն ասել ա՝ շատ չքայլես։ [Միքայել Նահապետյան] Լյովը ավտոերթ է կազմակերպել։ Հզոր ավտոերթ։ Հզոր էներգիայով, հզոր էմոցիաներով։ Առաջին անգամ միացան «Քա՛յլ արա» և «Մերժիր Սերժին» կարգախոսները։ Մեզ ուղեկցող ՃՈ մեքենայի հետևի նստատեղին ԱԱԾ օպերատիվ հետախուզությունից բարձրաստիճան սպա է նստած, դեմքին՝ ռոբոտային արտահայտություն։ Մարդիկ մեզ ժպտում են, ձեռքով անում, սպան «գույքագրում» է ժպիտները։ [Թագուհի Ղազարյան] Պոչ ենք նկատում: Անհետանում ենք: Հայտնվում ենք անցումներից մեկի տակ: Էնտեղ ենք գրաֆիտի փչում: Նորից անհետանում ենք: Ոստիկանը նորից է մեզ նկատել: Կամ իր գործընկերներից մեկ ուրիշին է հայտնել: Որոշում ենք, որ վերջ: Տարբեր ուղղություններով ենք գնում: 15 րոպե անց իմանում ենք, որ Կոմիտասում բերման են ենթարկել «Իմ քայլը» գրառմամբ գրաֆիտի անող երկու ակտիվիստի: Լավ նշան է: Նյարդերը տեղի են տալիս: Սա շարժման ընթացքում առաջին դեպքն էր բերման ենթարկելու և առաջին նշանը, որ իրենք տանուլ են տալու: [Միքայել Նահապետյան] Մի տեսակ զգացողություն կա, թե այդ ավտոերթը մարդասիրական օգնություն է բերում կքած երկրին։ Քաղաքն առաջին անգամ լցվեց հեղափոխության շնչով։ Ես ու Նելլին «Մինի կուպեր»-ով ենք` Նելլին ղեկին, ես` կողքին։ Իրար հույս ենք տալիս, որ մի բան կստացվի, որ Նելլիի շուրջերկրյա ճանապարհորդության Հայաստանյան կանգառը երկար կտևի։ [Արմեն Գալջյան] Որոշեցինք փակել մայրուղին և այդպես դիմավորել նրանց։ Երբ ավտոերթը տեղ հասավ, և սկսվեցին «քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկումները, տեղի բնակիչները, ավելի ճիշտ՝ այդտեղ գնտվող խանութներից մեկի տերը, ով, ինչպես հետո պարզվեց, հհկականոտ դեմք էր, սկսեց բորբոքվել՝ թե բա «եկել եք մեր գեղը, ճամփա ե՞ք փակում»։ Սկսվեցին գոռգոռոցներ, հրմշտոց, պարզվեց՝ այդ պահին բոլոր անցնող մեքենաների մեջ կա՛մ մարդ էր վատացել, կա՛մ հղի կին կար: Հրմշտոցը, վիճաբանություները մի փոքր էլ շարունակվեցին, բայց վերջում կարողացանք իրավիճակը հանդարտեցնել և,այսպես ասած, «լավով» ավարտել վիճաբանությունը: [Սոնա Մնացականյան] Հասնում եմ իրանց տուն ու բառիս բուն իմաստով ընկնում հեղափոխության ակնկալիքի ոգևորության մեջ։ Սաքոն կպած հետևում ա Գյումրուց Երևան եկող քայլարշավի լայվին, ֆեյսբուքում ծավալվող ձեռառնոցիին, որից ներվայնանում ա ու հակադարձում։ Ասում ա՝ հենց հասան քաղաք, ես էլ իմ քայլն եմ անելու։ Էլիզը կա՛մ անտարբեր ա, կա՛մ մի սառը ցնցուղ բան ա ասում, բայց էդ Սաքոյի վրա չի ազդում․ մի փոքր պաուզա ա տալիս, ժպտալով ասում՝ «լա՜վ էլի, Լիզ» ու շարունակում։ Ես չեմ հավատում, որ հնարավոր ա՝ մի բան փոխվի, համոզված եմ, որ ինչ-որ աղետ պիտի լինի կամ մի օր պիտի զարթնենք, իմանանք՝ Սերժը մեռել ա, որ պրծնենք էս անվերջ գաղջից։ Չէ՛, ավելի լավ ա՝ ես իմ կղզին կահավորեմ, քան թե հերթական անգամ հիասթափվեմ։ Բայց Սաքոն ասում ա՝ ախր սա պրոցես ա, որի հանգուցալուծումը նաև մեզնից ա կախված։ Ու եթե էս անգամ էլ չհաջողի, մեկ ա, գոնե պատից մի աղյուս կպոկենք։ [Անի Վարդանյան] Հանգստանալու կիրակի էի հայտարարել։ Օրվա հիմնական մասը քնած անցկացրի։ Արթնացա դռան թակոցից։ Հորեղբորս աղջիկն էր։ Իրար հետ էինք ապրում։ Հիշում եմ՝ գիշերը վատ քնելու պատճառով ամբողջ օրը թույլ էի զգում։ Քննական շաբաթն ավարտվել էր։ Նողկալի քննություններն արդեն անցյալում էին։ Մնում էր արդյունքներին սպասել։ Իսկ կուրսայինը ոչ մի կերպ առաջ չէր գնում։ Քաղաքական իրադարձություններին ընդհանրապես չէի հետևում այդ օրը։ Երեկոյան «Ռեստարտի» գրադարանի գրքերն էի դասավորում, որ հաջորդ օրը հանձնեմ ընթերցողներին, իսկ արդեն ավարտած գրքերը վերցնեմ։ Մի խոսքով՝ օրը լրիվ կիրակի էր։ [Սոնա Մնացականյան] Երկար խոսում ենք, Սաքոն պատմաքաղաքական էքսկուրս ա անում, հազարումի օրինակ բերում, բայց իրա նպատակը երևի ոչ էդքան ինձ համոզելն ա, որքան ներսի բլթբլթան սպասումները խոսքի վերածելը։ Զգում եմ, որ Սաքոն արդեն չի դիմանում նստած տեղը, որ ուզում ա օր առաջ մտնի ակտիվ պրոցեսի մեջ։ [Արմեն Գալջյան] Այսօր ճամբար «ռեկորդային» թվով մարդիկ էին եկել։ Ինչպես միշտ՝ ֆանտաստիկ ուրախ մթնոլորտ էր: [Սոնա Մնացականյան] Տուն եմ գալիս՝ տարօրինակ զգացողությամբ։ Ուզում եմ, որ Սաքոյի ամենաանհավանական պատկերացումներն իրականություն դառնան, բայց համ էլ վախենում եմ դրա մասին երկար մտածելուց ու վախենում եմ անգամ էդ ուզելս իմ ձայնով արտաբերելուց։ Պառկում եմ քնելու՝ ականջիս արագաչափերը փակող Փաշինյանի ձայնն ա, էդ լայվի աղմուկը ու դրան գումարվող Սաքոյի ինքնամոռաց արձագանքները․․․ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>[օր 10] Սերժը դարձավ գործազուրկ
19:02 - 08 ապրիլի, 2019