Հնդկաստան

ԿԳՄՍ փոխնախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է Գյումրիում ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը

ԿԳՄՍ փոխնախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է Գյումրիում ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունիւց։  Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Վարդան Շահուրյանը և այլք: Հանդիպման առանցքում Գյումրիում հայ-հնդկական մշակութային կենտրոն, մասնավորապես առանձին ցուցասրահ-թանգարան կառուցելու գաղափարն է եղել, որտեղ կցուցադրվեն հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից հնդկական վիմափոր տաճարների՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների պատճենները. դրանք այժմ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Հայաստանի ազգային պատկերասրահ այցի շրջանակում նախորդ տարվա հոկտեմբերին ծանոթացել է  Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների գործերին (50 նկար) և տպավորված լինելով դրանցով՝ առաջարկել է Հնդկաստանի կառավարության օժանդակությամբ Հայաստանում առանձին ցուցասրահ կառուցել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել նմանօրինակ նախաձեռնության և համատեղ համագործակցության համար՝ կարևորելով երկու բարեկամ երկրների միջև փոխհամագործակցության ամրապնդումը:  Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալը ցուցասրահի կառուցման վայրի հետ կապված մի քանի տարբերակ է առաջարկել. նախնական որոշմամբ ընտրվել է Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի տարածքը: Գյումրեցի ճարտարապետն ասում է՝ ծրագրի իրականացման համար քաղաքաշինական առումով առաջարկվել են լավագույն տարածքները. «Շատ հեռանկարային վայր է: Գյումրին մշակութային լավ ավանդույթներ ունի: Այդ ավանդույթները վերականգնվում են, և  շատ ուրախ ենք, որ Գյումրին նաև միջազգային մշակույթի հանրահռչակման առումով կունենա կարևոր դերակատարություն»: Մասնագետի խոսքով՝ ցուցասրահ-թանգարանը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղացիների համար՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը, և մասնավորապես գյումրեցիները շատ հետաքրքրված են հին ժողովուրդների մշակույթով և պատմությամբ: Ցուցասրահի կառուցման շինարարական աշխատանքները կմեկնարկեն 6 ամսից: Հիշեցնենք՝ այս տարի նշվում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Դեսպան Կիշան Դան Դեվալը նաև շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին` յոգայի միջազգային օրվա միջոցառմանը մասնակցելու և դրա անցկացմանն աջակցելու համար: Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ նմանօրինակ միջոցառումներն արժևորում են Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, ինչպես նաև հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:45 - 23 հունիսի, 2022
ՎՏԲ-ի ղեկավարը հայտնել է, որ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանում

 |factor.am|

ՎՏԲ-ի ղեկավարը հայտնել է, որ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանում |factor.am|

factor.am: ՎՏԲ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի և Հնդկաստանի բանկային շուկաներում։ Interfax-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։ «Բացառությամբ միայն մեկ դեպքի՝ մենք ոչ մի տեղ չենք վաճառի (մասնաճյուղերը)։ Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք։ Մենք ամեն տեղ կմնանք։ Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, սակայն այնտեղ մի փոքր այլ իրավիճակ է։ Իսկ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք մնում ենք և կզարգացնենք ազգային բանկերի, տեղի բանկերի հետ համագործակցությունը, որպեսզի ազգային տարադրամով իրականացվող երկկողմ առևտրում առանցքային բանկ դառնանք: Մենք այս երկրներում մեր բիզնեսի հեռանկարներ ենք տեսնում»,- ասել է նա։
16:48 - 20 հունիսի, 2022
Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտման ֆիննական կենտրոնն (CREA) զեկույց է հրապարակել, որում նշել է, որ էներգակիրների արտահանման հաշվին Ռուսաստանն $98 միլիարդ է վաստակել Ուկրաինայի դեմ պատերազմի 100 օրվա ընթացքում։ Ընդ որում, այդ էներգակիրների խոշորագույն ներկրողը Եվրամիությունն է։ Al Jazeera-ն անդրադարձել է զեկույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «CREA ֆիննական անկախ կենտրոնի այսօրվա զեկույցը հրապարակվել է այն շրջանում, երբ ռուսական զորքերը շարունակում են դանդաղ, բայց հաստատուն առաջընթացն՝ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի շրջանի ամբողջական գրավման արշավի շրջանակում։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ուկրաինային զենք և գումար են տրամադրել, որպեսզի օգնեն նրան դիմակայել Ռուսաստանի գրոհին, ինչպես նաև Մոսկվային պատժել են աննախադեպ տնտեսական պատժամիջոցներով։ Սակայն Կիևն արևմտյան երկրների կոչ է արել խզել Մոսկվայի հետ բոլոր առևտրային կապերը՝ հույս ունենալով, որ դա կխլի նրանից ֆինանսական այդ փրկօղակը փետրվարի 24-ի ներխուժումից հետո։ Պատերազմից առաջ Ռուսաստանը Եվրամիությանը գազ էր մատակարարում նրա պահանջարկի 40%-ի չափով, և նավթ՝ 27%-ի չափով։ Այս ամիս ավելի վաղ ԵՄ-ն համաձայնության է եկել ռուսական նավթի մեծ մասի ներկրումից հրաժարվելու շուրջ և մտադիր է այս տարվա ընթացքում երկու երրորդով նվազեցնել գազի ներկրումը։ CREA-ի հաշվետվության համաձայն՝ պատերազմի առաջին 100 օրվա ընթացքոմ Եվրամիությանը բաժին է ընկել ռուսական էներգակիրների արտահանման 61%-ը, որը համարժեք է $60 միլիարդին։ Ընդհանուր առմամբ, առաջատար ներկրողներն են եղել Չինաստանն՝ էներգակիրների դիմաց վճարելով $13.2 միլիարդ, Գերմանիան՝ $12.7 մլրդ, Իտալիան՝ $8.2 մլրդ, Նիդերլանդները՝ $8.4 մլրդ, Թուրքիան՝ $7 մլրդ, Լեհաստանը՝ $4.6 մլրդ, Ֆրանսիան՝ $4,5 մլրդ և Հնդկաստանը՝ $3,6 մլրդ։ Հանածո վառելիքից Ռուսաստանի եկամուտները ստացվում են, նախևառաջ, անմշակ նավթի վաճառքից ($48.2 մլրդ), այնուհետև՝ խողովակաշարով մատակարարվող գազից ($25.1 մլրդ), նավթամթերքից ($13.6 մլրդ), հեղուկ բնական գազից ($5.3 մլրդ) և ածխից ($4.8 մլրդ)։ Անգամ չնայած այն բանին, որ մայիսին ռուսական էներգակիրների արտահանումը կտրուկ կրճատվել է, իսկ շատ երկրներ և ընկերությունները հրաժարվել են մատակարարումներից պատերազմի պատճառով, հանածո վառելիքի համաշխարհային գների աճը շարունակել է համալրել Կրեմլի գանձարանը, իսկ արտահանումից ստացված եկամուտները ռեկորդային բարձր մակարդակի են հասել։ CREA-ի տվյալներով՝ արտահանման միջին գները Ռուսաստանում մոտ 60%-ով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի։ Որոշ երկրներ էլ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման ծավալները։ Նրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ֆրանսիան, ասված է զեկույցում։ «Հնդկաստանը ռուսական անմշակ նավթի խոշոր ներկրող է դարձել՝ ձեռք բերելով արտահանված ապրանքի 18%-ը», - նշել է CREA-ն՝ հավելելով, որ «դրա զգալի մասը վերաարտահանվում է զտված նավթամթերքի տեսքով», այդ թվում՝ ԱՄՆ և եվրոպական երկրներ։ «Մինչ ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականությունը, Ֆրանսիան ավելացրել է ներկրումն ու դարձել հեղուկ բնական գազի խոշորագույն ներկրողն աշխարհում», - ասել է CREA-ի վերլուծաբաններից մեկը»։   Նորա Վանյան  
17:01 - 14 հունիսի, 2022
Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ
 |tert.am|

Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ |tert.am|

tert.am: Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. դա պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն ավելացնել իրենց զինանոցները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում։«Միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է «սառը պատերազմից» պիկից ի վեր»,- նշել են ինստիտուտի փորձագետները։ Ներկայում «հստակ նշաններ կան առ այն, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է», և «բոլոր ուժերը «միջուկային ակումբում» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում»,- ասել են փորձագետները։Միջազգային լարվածության ուժեղացմանը նպաստում է նաև այն փաստը, որ, ըստ հետազոտողների, այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», և «միջուկային զենքի դերն իրենց ռազմական մարտավարությունում գնալով ավելի նշանակալի է դառնում»։Ըստ SIPRI-ի՝ «միջուկային ակումբի» բոլոր երկրներն ակտիվորեն ծրագրեր են մշակում միջուկային զենքի հետ կապված կամ արդեն գոյություն ունեցող զինանոցներն են ընդլայնում։ Մասնավորապես, «Մեծ Բրիտանիան հայտարարել է միջուկային մարտագլխիկների պաշարների սահմանաչափի ավելացման մասին»՝ որոշելով «հրապարակայնորեն չներկայացնել դրանց թիվը», իսկ Ֆրանսիան «պաշտոնապես սկսել է միջուկային զենքով հագեցած երրորդ սերնդի սուզանավ ստեղծելու ծրագիրը»:Ինստիտուտը նաև նշում է, որ Հնդկաստանը և Պակիստանը «ավելացնում են միջուկային զենքի պաշարները և մշակում նոր առաքման համակարգեր», իսկ Իսրայելը «արդիականացնում է իր միջուկային զինանոցը»։ Միաժամանակ ԿԺԴՀ-ն «ակտիվորեն միջուկային զենք է փորձարկում» և, ըստ փորձագետների, «արդեն արտադրել է 20 մարտագլխիկ՝ բավարար ռեսուրսներով՝ լրացուցիչ 45-55 մարտագլխիկ արտադրելու համար»։ SIPRI-ի փորձագետների խոսքով՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Չինաստանում 300 նոր արձակման սիլոսներ են կառուցվում: Շարունակությունը՝ tert.am-ում
12:34 - 13 հունիսի, 2022
ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

1lurer.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը կողմ է քվեարկել Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ քննադատության ենթարկելով երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման պարզաբանման բացակայության պատճառով: Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը տեղեկացրել է, որ բանաձևին կողմ են քվեարկել կառավարիչներից 30-ը, դեմ՝ Ռուսաստանը և Չինաստանը, իսկ Հնդկաստանը, Լիբիան, Պակիստանը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը նախաձեռնող երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության և ԱՄՆ պատվիրակությունները հայտարարություն են տարածել, որով Իրանի իշխանություններին կոչ են արել համագործակցել ուրանի մասնիկների ծագումը պարզելու հարցում, որպեսզի գործակալությունը կարողանա անհրաժեշտ երաշխիքներ տրամադրել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ նշելով, ու Թեհրանը վճռական և համաչափ պատասխան կտա: Նրա խոսքով՝ բանաձևը նախաձեռնող երկրներն ամբողջական պատասխանատվություն են կրում դրա հետևանքների համար։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է բանաձևի ընդունումը: Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի որոշումը հստակ նախազգուշական ազդակ է Իրանի համար։
12:13 - 09 հունիսի, 2022
«Ալ Քաիդա»-ն սպառնում Է ահաբեկչություններ կազմակերպել Հնդկաստանում |armenpress.am|

«Ալ Քաիդա»-ն սպառնում Է ահաբեկչություններ կազմակերպել Հնդկաստանում |armenpress.am|

armenpress.am: «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումն սպառնացել է Հնդկաստանում ահաբեկչություններ կազմակերպել կառավարող կուսակցության նախկին ներկայացուցչի՝ Մուհամմեդ մարգարեի մասին արտահայտություններից հետո: Խմբավորումն սպառնացել է մահապարտների մասնակցությամբ ահաբեկչություններ կազմակերպել Դելիում, Մումբայում, ինչպես նաեւ Ութար-Փրադեշում եւ Հուջարաթում»,-հաղորդում է Zee News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ահաբեկիչների հայտարարությունը: Հնդկաստանում կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտի» կուսակցության նախկին ներկայացուցիչ Նիփուր Շարման իսլամի եւ Մուհամմեդ մարգարեի մասին մի շարք արտահայտություններ է թույլ տվել անցած շաբաթ ազգային հեռուստատեսությամբ կազմակերպված բանավեճերի ժամանակ: Նրա արտահայտությունները դիվանագիտական սկանդալ են առաջացրել մի շարք մուսուլմանական պետությունների հետ, ներառյալ Իրանը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄէ-ն, որոնք դատապարտել են հակամուսուլմանական արտահայտությունները, իսկ մի շարք երկրներ կանչել են Հնդկաստանի դեսպաններին եւ նրանց բողոք հայտնել: Իրենց հերթին Հնդկաստանի կառավարությունը եւ «Բհարաթիա ջանաթա պարտի»-ն զերծ են մնացել հայտարարություններից, իսկ Շարման ազատվել է պաշտոնից ու զրկվել կուսակցության անդամակցությունից: Նախօրյակին Դելիի ոստիկանությունը պահպանության տակ է վերցրել Շարմային ու նրա ընտանիքին՝ Մուհամմեդ մարգարեի մասին արտահայտություններից հետո նրա հասցեին հնչեցված սպառնալիքների պատճառով: Ոստիկանությունը նաեւ երեք քրեական գործ է հարուցել այն սպառնալիքների կապակցությամբ, որոնք ստացել է Շարման: Իր հերթին Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգի ոստիկանությունը քրեական գործ է բացել արդեն Շարմայի նկատմամբ եւ նրան հունիսի 22-ին քննիչի մոտ կանչել ցուցմունքներ տալու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:01 - 08 հունիսի, 2022
Հնդկաստանի դեսպանն Իրանի ԱԳՆ է կանչվել հնդիկ պաշտոնյայի՝ Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար |tert.am|

Հնդկաստանի դեսպանն Իրանի ԱԳՆ է կանչվել հնդիկ պաշտոնյայի՝ Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար |tert.am|

tert.am: Թեհրանում Հնդկաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել հնդկական իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցիչ Նիպուր Շարմայի հայտարարությունների պատճառով, որոնք շատ մուսուլմանական երկրներում վիրավորական են համարվել Մուհամմեդ մարգարեի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը։ «Հնդկական հեռուստաշոուում Մուհամմեդ մարգարեին վիրավորելուց հետո, Թեհրանում Հնդկաստանի դեսպանը Հարավային Ասիայի հարցերովգլխավոր տնօրենի կողմից կիրակի երեկոյան կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ ընդունելու Իսլամական Հանրապետության ուժեղ բողոքը», - ասվում է հաղորդագրությունում: Շարման, որի խոսքերը սկանդալ են առաջացրել, պետական ծառայող չէ. սկանդալից հետո նա հեռացվել է կուսակցական պաշտոնից։. Հնդկաստանի դեսպաններին բողոքի նոտաներ են հանձնել նաև Կատարը և Քուվեյթը, մինչդեռ մի շարք այլ մահմեդական երկրներ և կազմակերպություններ, այդ թվում Պակիստանը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը, դատապարտել են Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցչի հայտարարությունները։
10:02 - 06 հունիսի, 2022
Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Politico պարբերականն իր հոդվածում գրում է Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության, ինչպես նաև Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Եվրոպայի փորձերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մինչ Չինաստանն ամրապնդում է իր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Եվրոպան դաշնակիցներ է փնտրում Ասիայի մյուս շրջաններում։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Տոկիո են մեկնելու՝ ԵՄ-Ճապոնիա համատեղ գագաթնաժողովի անցկացման համար։ Այս մասին հայտնել են երկու դիվանագետներ, որոնք ցանկացել են անանուն մնալ, ճապոնական լրատվամիջոցները հաստատել են լուրը։ Սա այս երկու եվրոպացի պաշտոնյաների առաջին այցն է լինելու Արևելյան Ասիա այն բանից ի վեր, ինչ զբաղեցրել են իրենց պաշտոնները ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումից մի փոքր առաջ։ Նախորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնավարման մեկնարկից ի վեր առաջին այցը կատարեց Ասիա և շրջանցեց Չինաստանը։ Փոխարենն այցելեց Ճապոնիա՝ ի տարբերություն Գերմանիայի նախորդ կանցլեր Անգելա Մերկելի, որը նախընտրում էր անձնական կապերը զարգացնել Պեկինի ղեկավարության հետ։ Դրանից մի քանի օր առաջ ֆոն դեր Լյայենը Հնդկաստանում ներկա գտնվեց Raisina Dialogue արտաքին քաղաքական հարցերով առանցքային կոնֆերանսին, որտեղ հստակ զգուշացում արեց Պեկինի և Մոսկվայի միջև «սահմաններ չունեցող» գործընկերության մասին։ Հունիսից Եվրամիության խորհրդում Չեխիայի նախագահության ընթացքում պլանավորվում է մի շարք միջոցառումներ անցկացնել Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ չնայած նրան, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը խլում է Եվրոպայում քաղաքական էներգիայի մեծ մասը։ Կարճ ասած՝ եվրոպական հողում անսպասելիորեն սկսված պատերազմը Եվրամիությանը ստիպում է նոր հայացք գցել Չինաստանի վրա, որն, ինչպես պարզվում է, կարծես թե Ռուսաստանի հավատարիմ գործընկերն է։   Չինաստան Երկու տասնամյակ շարունակ Չինաստանը հսկայական օգուտներ է քաղել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց։ Եվրոպական բազմազգ շատ կորպորացիաներ Չինաստանը դիտարկում են՝ որպես կարևոր շուկա և շահույթի աղբյուր։ Չնայած Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ ներքին նորարարություններին և սպառմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու կոչերին՝ արտաքին առևտուրը, հատկապես՝ ԵՄ և ԱՄՆ հետ, նախկինի պես հսկայական դեր է խաղում Չինաստանի տնտեսական զարգացման հարցում։ Պատերազմն Ուկրաինայում փոխեց այս իրավիճակը։ Եվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը Պեկինին զգուշացրին «հետևանքների» և «հեղինակության ռիսկերի» մասին, եթե վերջինս Ռուսաստանին օգնի շրջանցել պատժամիջոցներն ու զենք տրամադրի։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն ավելի հեռուն գնաց՝ նախորդ շաբաթ հայտարարելով, որ Չինաստանի աճը «անխուսափելի բան չէ, այն չի շարունակվելու, եթե նրանք [Չինաստանը] չհետևեն խաղի կանոններին»։ Չինաստանի դեմ խստացող հեռտորաբանությունն աննկատ չի մնացել բիզնես միջավայրի համար։ Քանի որ արևմտյան ընկերությունները խզել են կապերը Ռուսաստանի հետ, Չինաստանի բիզնես համայնքում աճում է անհանգստությունը, հատկապես, որ Պեկինն այնքան էլ ջանք չի գործադրում հեռավորություն պահպանելու մի երկրից, որն ավելի ու ավելի վտարանդի է դառնում։   Ճապոնիա Ինչպես Շոլցն է նշել, Ճապոնիայի ընտրությունը՝ որպես ասիական առաջնային ուղղություն, որը նա արել է Գերմանիայի կանցլեր դառնալուց հետո, «պատահական չէ»։ Թեև Շոլցը խուսափել է ուղղակիորեն քննադատել Չինաստանին, նա ընդգծել է գերմանական բիզնեսի մասով դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Կանցլերը հավելել է, որ մատակարարման շղթաների կախվածությունն առանձին պետություններից նվազեցնելը «խնդիր է, որը երբեք այսքան արդիական չի եղել»։  «Մի բան պարզ է․ մեր ընկերություններն ու մենք ինքներս անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ երաշխավորելու համար, որ մատակարարման շղթաների հարցում ոչ ոք որոշակի պահի կախված չէ միայն մի երկրից»։ [Ուկրաինական] պատերազմի մեկնարկից ի վեր Ճապոնիան հայտարարվել է՝ որպես Արևմուտքի մոտ գործընկեր։ Նա սակավաթիվ ասիական երկրներից մեկն է (Հարավային Կորեային և Սինգապուրին զուգահեռ), որը միացել է Եվրոպայի և ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին։ Երբ խոսքը գնում է տարածաշրջանում Ճապոնիայի՝ գլխավոր հակառակորդ Չինաստանի հետ հարաբերությունների մասին, Տոկիոն մեծապես հույսը դնում է ԱՄՆ հետ անվտանգության հարցերում համագործակցության վրա։ Օրինակ՝ անցյալ տարի Financial Times-ը գրել էր, որ Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացրել Թայվանի պատճառով Չինաստանի հետ հնարավոր կոնֆլիկտի առնչությամբ։ Սակայն ԵՄ-ն էլ իր դեր պետք է ունենա։ «Թեև նրանք [Ճապոնիան] հասկանում են, որ եվրոպացիները չեն կարող փոխարինել ԱՄՆ հետ համագործակցությունը, կարծում եմ, այն [Եվրոպան], միևնույն է, ծառայում է՝ որպես լրացուցիչ երաշխիք», - ասում է Ճապոնիայում և Չինաստանում ԵՄ նախկին դեսպան Դիտմար Շվայսգուտը։   Հնդկաստան Հաջորդ մի քանի ամիսը վճռորոշ նշանակություն է ունենալու՝  հասկանալու համար, թե արդյոք Եվրոպան կարող է միաժամանակ կենտրոնանալ և Ռուսաստանի, և Չինաստանի վրա։ Հնդկաստանն, իր հերթին, որոշ առումով ավելի շատ նման է Չինաստանին, քան Ճապոնիային։ Նա հաշվի չի նստել Արևմուտքի գործադրած ճնշման հետ և ձեռնպահ է մնացել Ռուսաստանի սանձազերծած պատերազմը դատապարտող ՄԱԿ քվեարկության ժամանակ։ Հնդկաստանը նաև ռուսական զենքի խոշոր ներկրող է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն Հնդկաստանը համարում է առանցքային գործընկեր Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ նրա, Ավստրալիայի և Ճապոնիայի հետ միասին Անվտանգության քառակողմ երկխոսություն (QUAD) ձևավորելով , որը Չինաստանում սպառնալիք է համարվում։ Ֆրանսիան նույնպես ձգտում է բարելավել ռազմածովային կապերը Հնդկաստանի հետ։ Նյու Դելի կատարած իր այցի ժամանակ ֆոն դեր Լյայենը քննադատել էր Չինաստանին՝ Ռուսաստանի հետ նրա համագործակցության համար և ողջունել էր Հնդկաստանին՝ որպես աշխարհի մեծագույն ժողովրդավար երկրի, և խոստացել խորացնել առևտրային կապերը։ Փորձելով հետ պահել Հնդկաստանին Ռուսաստանի հետ համագործակցությունից նա հավելել էր․ «Պատերազմի ելքը ոչ միայն կանխորոշելու է Եվրոպայի ապագան, այլև մեծապես ազդելու է Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և մնացած աշխարհի վրա»։ ԵՄ-Հնդկաստան հարաբերությունների գլխավոր խնդիրն ազատ առևտրի մասին պայմանագրի բացակայությունն է։ Համաձայնագիր կնքելու նախորդ յոթամյա փորձը փակուղի է մտել, սակայն կողմերն այժմ փորձում են վերսկսել բանակցությունները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես վերջերս Հնդկաստան է այցելել, նրա այցի առանցքում պաշտպանության ոլորտում համագործակցությունն էր։ Որպես խորհրդանշական քայլ Հնդկաստանը որոշել է դեսպանատուն բացել Լիտվայում՝ ԵՄ անդամ երկրում, որի դեմ Պեկինն առևտրային էմբարգո է կիրառում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս շաբաթ Եվրոպա կայցելեն։ Չինաստանի վերաբերյալ նրանց գաղափարները լսելի կլինեն, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք արդյունքում որևէ գործողություն կձեռնարկվի»։   Նորա Վանյան  
16:48 - 05 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն. բացվել է հայկական առևտրային գրասենյակը

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն. բացվել է հայկական առևտրային գրասենյակը

Ապրիլի 27-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք։ Մումբայում Արարատ Միրզոյանը բացել է Չեննայի ՀՀ պատվո հյուպատոսության ներքո գործող հայկական առևտրային գրասենյակը։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հայ գործարարների պատվիրակության հետ այցելել է Հնդկաստանի ամենամեծ` Մումբայի նավահանգիստ, որտեղով անցնում է երկրի ծովային բեռնափոխադրումների ավելի քան կեսը։ Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել Մումբայի նավահանգստում և հյուրընկալվել նավահանգստի օպերատոր-կառավարիչ PSA Mumbai ընկերության կենտրոնակայանում, որտեղ կայացած շնորհանդեսին ներկայացվել է նավահանգստի պատմությունը, աշխատանքի մանրամասները, տարբեր ուղղություններով բեռնափոխադրումների հնարվորությունները, աշխարհի տարբեր կենտրոնների հետ կապերը։ Շնորհանդեսի ընթացքում կայացած քննարկմանը մտքեր են փոխանակվել Մումբայի նավահանգստից Հայաստան բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունների ու տեխնիկական մանրամասների շուրջ։ Նույն օրը Մումբայում տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ (B2B): Հնդկաստանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել է նաև հայ գործարարների հանդիպումը հնդկական խոշորագույն «Tata Group» տրանսնացիոնալ կոնգլոմերատի մաս կազմող «IHCL» ընկերության փոխնախագահի հետ։
10:05 - 28 ապրիլի, 2022
Մենք նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ. Արարատ Միրզոյան

Մենք նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 26-ին Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջոցառման բացման արարողությանն ԱԳ նախարարը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․«Հարգարժա՛ն հյուրեր,Տիկնա՛յք և պարոնա՛յք,Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-հնդկական գործարար համաժողովին և շնորհակալ եմ Հնդկական արդյունաբերության համադաշնությանը՝ այսօր մեզ հյուրընկալելու համար:Սա առաջին անգամն է, որ հայաստանյան գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների այսքան մեծ պատվիրակություն է ուղևորվել Հնդկաստան՝ հանդիպելու և ողջունելու իրենց գործընկերներին, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, փոխգործակցելու՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները հաղթահարելու և մեր հասարակությունների համար արժեք ստեղծելու համար: Այսօր մենք իրապես նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ, և թույլ տվեք ասել՝ վերականգնում ենք մեր ժողովուրդների միջև առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները։Տարիների ընթացքում Հնդկաստանը դարձել է մեր կարևոր տնտեսական գործընկերը։ Միևնույն ժամանակ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատենք միասին։Հնդկաստանը, որն անվանական ՀՆԱ-ով աշխարհի վեցերորդ երկիրն է և խոշոր տերությունների մեջ ամենաարագ զարգացող տնտեսությունը, հայ գործարարների, տեխնոլոգիաների և սկսնակ ձեռներեցների համար կարող է դառնալ անսահմանափակ հնարավորությունների երկիր: Հայաստանն, իր հերթին, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ 180 մլն բնակչությամբ և շուրջ 200 տրլն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ «GSP» առևտրային ռեժիմը շոշափելի առավելություններ են Հայաստանի ներդրումային գրավչության և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար։Նշեմ նաև, որ մեր կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ Հայաստանում դրական գործարար միջավայր ապահովելու համար, որպեսզի գործարարները, ձեռնարկատերերը և ներդրողներն ունենան աշխատելու և ստեղծելու բարենպաստ պայմաններ։ Այս առումով ցանկանում եմ առանձնացնել այն հավակնոտ բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ, իսկապես մրցունակ տնտեսության և շուկայական հարաբերությունների հաստատմանը։Հարգելի՛ բարեկամներ,Հայաստանն ու Հնդկաստանը կարող են փոխշահավետ համագործակցություն հաստատել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, սակայն հատկապես բարձր տեխնոլոգիաների, ՏՏ, կրթության, զբոսաշրջության, ավիացիայի, լոգիստիկայի և դեղագործության ոլորտները գործընկերության ամենահեռանկարային և առաջադեմ ոլորտներից են: Այսօր այստեղ են հավաքված այս ոլորտների բոլոր լավագույն ներկայացուցիչներն, ուստի վստահ եմ, որ այսօրվա միջոցառման հաջողությունը երաշխավորված է։Ամփոփելով, հարգելի՛ մասնակիցներ, ես ձեզ մաղթում եմ արդյունավետ և հետաքրքիր աշխատանք: Եվ կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ քաղաքական գործիչները խոսքը փոխանցեն գործարարներին։Շնորհակալ եմ»:Գործարար համաժողովին շնորհանդեսներով և ելույթներով հանդես են եկել նաև Հնդկաստանի արդյունաբերողների համադաշնության ներկայացուցիչները, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրենը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը և այլք:    
13:41 - 26 ապրիլի, 2022
Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

Ապրիլի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։ Կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
18:55 - 13 ապրիլի, 2022
Ռուսական նավթի ներմուծման ծավալների ավելացումը չի բխում Հնդկաստանի շահերից․ Ջո Բայդեն

 |factor.am|

Ռուսական նավթի ներմուծման ծավալների ավելացումը չի բխում Հնդկաստանի շահերից․ Ջո Բայդեն |factor.am|

factor.am: Ռուսական նավթի ներմուծման ծավալների մեծացումը Հնդկաստանի շահերից չի բխում և կարող է խոչընդոտել Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների ընթացքում, որոնք անցկացվել են ապրիլի 11-ին տեսակոնֆերանսի ձևաչափով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքով՝ Բայդենը բանակցությունների ընթացքում «հստակ հասկացրել է՝ նա չի կարծում, որ Հնդկաստանի շահերից է բխում ռուսական էներգառեսուրսների կամ այլ ապրանքների ներմուծումն արագացնելը կամ ծավալներն ավելացնելը»։ Իր հերթին, Մոդին որևէ հրապարակային հայտարարություն չի արել ռուսական նավթի հետագա մատակարարումների վերաբերյալ։ Փսակին նաև չի նշել՝ արդյո՞ք Հնդկաստանը որևէ պարտավորություն է ստանձնել էներգակիրների ներմուծման հետ կապված, սակայն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել երկրին էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում։ Հնդկաստանն «իր դատողությունները կանի» այս «շատ անկեղծ խոսակցությունից», շեշտել է նա:
14:07 - 12 ապրիլի, 2022
ՀՀ նախագահը և Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել գործակցության նոր ուղղությունների շուրջ

ՀՀ նախագահը և Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել գործակցության նոր ուղղությունների շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հանդիպման սկզբում դեսպան Կիշան Դան Դեվալը նախագահ Խաչատուրյանին նվիրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեղինակած «Հնդկաստանի ուղին. ռազմավարություններ անկայուն աշխարհի համար» գիրքը: «Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ:Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, փոխադրումների, օդային հաղորդակցության, մշակույթի և զբոսաշրջության»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ըստ այդմ՝ ընդգծվել է, որ 30 տարվա միջպետական հարաբերություններից ելնելով՝ պետք է ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հնարավորություններ ստեղծվեն։
19:33 - 11 ապրիլի, 2022