Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ, և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ. ՀՀ նախագահ

Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ, և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահի աշխատակազմի գրասենյակից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ. «Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ, մեր սկզբունքներով և համոզմունքներով: Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ մենք ստացել ենք Հունաստանի կողմից այս տարիներին և առանձնահատուկ՝ հատկապես վերջին տարիների ընթացքում, երբ Հայաստանը մեծ դժվարությունների մեջ է գտնվել: Դուք եղել եք մեր կողքին և շարունակում եք աջակցել մեզ այդ դժվարությունները հաղթահարելու ժամանակաշրջանում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը և հարաբերությունների այս որակը շարունակվելու է»,- ասել է Հանրապետության նախագահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօր ավելի են զարգանում և խորանում: Հունաստանն ամբողջությամբ աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին»: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության լայն օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ արվող քայլերը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հունաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում և միջազգային այլ հարթակներում առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Երկուստեք բարձր են գնահատել ժողովրդավարական արժեքների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և այս համատեքստում՝ սահմանազատման շուրջ ընթացող շփումների մանրամասներին և սկզբունքներին:
15:24 - 26 մարտի, 2024
Վարչապետ Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին

Վարչապետ Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորև. Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարևորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առևտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի և Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչև Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է, ինչի համատեքստում կարևորում եմ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով մի կողմից Սև ծովի, մյուս կողմից Պարսից և Օմանի ծոցերի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման և ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: Նախագիծը ենթադրում է նաև այդ երկու վերջնակետերի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծում, որը հնարավոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում, որովհետև Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն տանող ամենաօպտիմալ երթուղին անցնում է ադրբեջանական Նախիջևանով և այդ երկաթուղին գոյություն է ունեցել խորհրդային տարիներին: Սա «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-հարավ թևն է: Կա նաև արևելք-արևմուտք թևը, որը կարող է Հայաստանի տարածքով միացնել Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաև Սև ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների: Ընդ որում, այս ճանապարհը ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան կապի համար և մենք պատրաստ ենք նաև սրան: Այս բոլոր ենթակառուցվածքների գործունեության համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ամրագրել ենք հանրահայտ սկզբունքներ: Այն է՝ - Բոլոր ենթակառուցվածքները պետք է լինեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: - Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է անվտանգությունը: - Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար: - Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը ի ցույց դրեց միջազգային համագործակցության և պաշտպանական գործընկերության անհրաժեշտությունը, մասնավորապես Հունաստանի՝ հայ ժողովրդի կողքին լինելով և մարդասիրական օգնություն տրամադրելով: Հաշվի առնելով տարածաշրջանային աճող ռիսկերն ու սպառնալիքները, ի՞նչ նշանակություն ունի պաշտպանության մասին հուշագիրը, որը ստորագրել եք ձեր գործընկեր երկրի հետ: Այն պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման համար ավելի լայն համագործակցության, թե՞ նույնիսկ ընդհանուր պաշտպանական դոկտրինի ստեղծման մասին է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանի անկախությունից ի վեր հայ ժողովուրդը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը: Առիթն օգտագործելով, կրկին պետք է երախտագիտություն հայտնեմ հույն ժողովրդին և Հունաստանի կառավարությանը դժվարին պահերին մեր կողքին լինելու և ցուցաբերած օժանդակության համար: Պաշտպանական ոլորտի համագործակցությունը երկարամյա ավանդույթներ ունի, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրվեց երկու կառավարությունների միջև Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որը ենթադրում է փորձի, գիտելիքի փոխանակում, համատեղ նախագծերի զարգացում: Հունաստանի ուսումնական հաստատություններում ուսումնառության հնարավորություն ունեն բազմաթիվ հայ կուրսանտներ. սրանք այս ոլորտում փոխգործակցության միայն մի քանի դրվագներ են: Պարբերաբար անց են կացվում համատեղ զորավարժություններ։ Չնայած պաշտպանական ոլորտում գերազանց համագործակցությանը, այն զարգացնելու մեծ ներուժ կա: Առաջիկայում, հուսով ենք, համագործակցությունն այս ուղղությամբ, կընդլայնվի:Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ պաշտպանության բնագավառում ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը։ Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Վերջերս Հունաստանի և Թուրքիայի միջև «Բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության մասին» հռչակագրի ստորագրումը նվազեցրեց լարվածությունը երկու երկրների միջև։ Որպես Թուրքիայի արևելյան հարևան՝ նկատե՞լ եք տարածաշրջանային լարվածության նվազում և «սադրիչ» հայտարարությունների նվազում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ: Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը մյուս կողմից ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որն ուղղված է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, միջպետական սահմանի ամբողջական բացմանը: Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռքբերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը: Մենք իրապես հավատում ենք, որ այս պայմանավորվածության իրականացումը նույնպես դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային դինամիկայի վրա։ Հունաստանի և Թուրքիայի միջև ընթացող զարգացումներն էլ ևս մեկ անգամ փաստում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և հարևանների միջև ձևավորել համագործակցության փոխշահավետ օրակարգ։ Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Վերջերս Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), իսկ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ Ռուսաստանի մեղմ դիրքորոշումը մտահոգություն է առաջացրել ձեր քաղաքացիների շրջանում: Հաշվի առնելով այս փաստերը՝ պատրա՞ստ եք որդեգրել ավելի արևմտյան մոտեցում միջազգային քաղաքականության համատեքստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021 և 2022թթ.: Եվ հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մենք 2023 թ. սեպտեմբերից ի վեր չունենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ։ Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում։ Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները: Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Պարոն վարչապետ, Հունաստանի հայ համայնքն ավելի քան 30,000 է, ընդ որում նրանք հաջողություններ են գրանցում արվեստի, ակադեմիական ոլորտներում և նույնիսկ զբաղվում են քաղաքականությամբ: Ի՞նչ նախաձեռնություններ են քննարկվում Հայաստանի և Հունաստանի միջև միջանձնային փոխանակումների և մշակութային համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրավացի եք, մեր երկկողմ կապերն ամրապնդող կարևոր գործոն են ինչպես Հունաստանում բնակվող հայկական համայնքը, այնպես էլ Հայաստանում բնակվող հունական համայնքը: Կարևոր է, որպեսզի առկա պատմական ամուր կապերն ամրապնդվեն հայ և հույն երիտասարդ սերունդների շփումներով և պիտի քայլեր ձեռնարկենք փոխադարձ ճանաչման հնարավորություններ ստեղծելու համար: Այս առումով կցանկանայի առանձնացնել ինչպես զբոսաշրջության, որը թերևս լավագույն հնարավորությունն է մարդկանց միջև կապերն ամրապնդելու համար, այնպես էլ գիտակրթական համատեղ ծրագրերի նշանակությունը: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել կրթական ոլորտի երկկողմ համագործակցության նոր ծրագիրը, որն ուսանողադասախոսական կազմի փոխանակումների նոր հնարավորություններ կընձեռի: Առաջիկայում նախատեսվում են գիտական, մշակութային ոլորտի մի շարք այլ համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը: Մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը։ Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Եզրափակելով մեր հարցազրույցը՝ ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, և ո՞րն է Ձեր ուղերձը հույն ժողովրդին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններն իրենց հիմքում ունեն ինչպես ընդհանուր պատմությունը և վաղեմի բարեկամությունը, այնպես էլ նվիրվածությունն ընդհանուր արժեքներին: Երկկողմ հարաբերությունների զարգացումը ևս դիտարկում ենք այս շրջանակում: Հայաստանն իր զարգացումը տեսնում է ժողովրդավարական հաստատությունների կայացման միջոցով: Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է Հունաստանի փորձառությունը, ինչպես նաև օժանդակությունը: Կայունությունը և խաղաղությունը հիմնարար արժեքներ են, որոնց ապահովման ուղղությամբ ջանքերում ևս հայ-հունական բարեկամությունն իր ներդրումը կարող է ունենալ: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով հող կնախապատրաստի, որ Հայաստան-Հունաստան սերտ համագործակցությունն ի վերջո բերվի ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի։ Եզրափակելով՝ բարեկամ հույն ժողովրդին մաղթում եմ խաղաղ բարգավաճում և առաջընթաց։
12:55 - 26 մարտի, 2024
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին և վերահաստատել Հայաստան հրավերը

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին և վերահաստատել Հայաստան հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն: Մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը վերջին տասնամյակներին վերաճել են փոխշահավետ միջպետական համագործակցության և շարունակում են ամրապնդվել՝ շնորհիվ ակտիվ քաղաքական երկխոսության: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել շաբաթներ առաջ, Հունաստան այցելությանս ժամանակ, ջերմ հյուրընկալության, փոխըմբռնման, ինչպես նաև Հայաստանի համար նշանակալի հարցերում Հունաստանի աներկբա աջակցության համար։Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Հունաստանի օժանդակությունը նաև ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հայկական կողմի նկրտումներին։ Լիահույս եմ, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցության բոլոր մակարդակների առաջմղման, ինչպես նաև բազմակողմ, այդ թվում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակներում փոխգործակցության խթանմանն ուղղված ջանքերն իրենց նպաստը կբերեն հայ և հույն ժողովուրդների անվտանգությանն ու բարօրությանը: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ՝ Հայաստան այցելելու առնչությամբ, որը կարող ենք իրականացնել այս տարի եռակողմ ձևաչափով՝ Ձեզ հարմար ժամանակահատվածում»։    
11:27 - 25 մարտի, 2024
Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական ոլորտում երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. Դենդիաս |1lurer.am|

Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական ոլորտում երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. Դենդիաս |1lurer.am|

1lurer.am: Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Naftemporiki թերթի հետ հարցազրույցում անդրադարձել է անօդաչու թռչող սարքերի կիրառությանն Ուկրաինայում, ինչպես նաև դրանց արտադրության հարցում Թուրքիայի առաջընթացին։ «Չի կարելի հերքել, որ անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի համակարգերի տեխնոլոգիական զարգացումները փոխել են համաշխարհային մակարդակում պատերազմի վարման եղանակը: Վերջերս Հայաստան կատարած իմ այցի ժամանակ ես շատ բան իմացա ժամանակակից ռազմի դաշտում դրանց օգտագործման մասին։ Հիշեցնեմ, որ այդ երկրի զինված ուժերը հարձակման են ենթարկվել այն բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրերի շրջանակում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերի հիման վրա: Հունաստանը գիտակցում է այդ տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է ոլորտում իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ»,- ասել է հույն նախարարը:
20:55 - 09 մարտի, 2024
ՀՀ ժամանած Նիկոս Դենդիասի պաշտոնական այցն ավարտվել է

ՀՀ ժամանած Նիկոս Դենդիասի պաշտոնական այցն ավարտվել է

Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի պաշտոնական այցն ավարտվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, դրան հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Պապիկյանը հայտնել է, որ, ի թիվս այլնի, քննարկել են Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը։ Հունաստանի ՊՆ ղեկավարը իր հերթին հնարավոր է համարել Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը։ Նիկոս Դենդիասը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վերջինս Նիկոս Դենդիասին պարգևատրել է ՀՀ բարեկամության շքանշանով։
21:10 - 04 մարտի, 2024
Վարչապետն ընդունել է Հունաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Հունաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ Վարչապետը ողջունել է պարոն Դենդիասի այցը Հայաստան և նշել. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ՝ այս անգամ արդեն որպես պաշտպանության նախարար։ Հիշում եմ նախկին կարգավիճակում անցյալում կատարած Ձեր այցերը Հայաստան: Գնահատում ենք Ձեր կապը Հայաստանի հետ, նաև Ձեր հանձնառությունը՝ խորացնելու Հայաստանի և Հունաստանի միջև կապերը։ Իհարկե, Ձեր նոր կարգավիճակում ևս լեցուն օրակարգ կա։ Ուրախ եմ, որ արդեն հասցրել եք ունենալ արդյունավետ բանակցություններ և քննարկումներ՝ ի շարունակություն իմ և Հունաստանի վարչապետի միջև տեղի ունեցած բանակցությունների։ Իհարկե, տարբեր ոլորտներում մեր համագործակցության խորացումը մեր երկու կառավարությունների կողմից միասնաբար ընդունված օրակարգ է, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Իմ այցի ժամանակ հնարավորություն ունեցանք քննարկել մեր երկկողմ օրակարգը, նույնիսկ եռակողմ օրակարգը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք միասնական մոտեցում ունենք ապագա անելիքների վերաբերյալ, և շատ ուրախ եմ, որ հաջողել ենք նման դինամիկա ստեղծել։ Իհարկե, մեր երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր բան չէ, կարծում եմ՝ բավականին մեծ փորձ ունենք այստեղ, բայց այս նոր հանգամանքների բերումով հետաքրքրությունն էլ ավելի է աճում, և շատ կարևոր է ունենալ պատշաճ քաղաքական կամք՝ հասցեագրելու այս նոր պահանջները և հնարավորությունները, և կառավարել բոլոր մարտահրավերները։ Եվս մեկ անգամ, ողջունում եմ Ձեզ և շնորհակալ եմ այցի համար»։ Իր հերթին Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ, Նախ, թույլ տվեք փոխանցել իմ երկրի վարչապետի ողջույնները, ում հետ Դուք մի քանի օր առաջ հանդիպեցիք։ Շատ արդյունավետ և հաջող այց էր, ինչի մասին վկայում են հանդիպման արձանագրությունները։ Կրկին շնորհակալություն մեր կապերը պաշտպանական ոլորտում ուժեղացնելու ջանքերի համար։ Մենք ծավալուն քննարկում ունեցանք պարոն Պապիկյանի հետ, ով նույնպես այցելեց մեզ 2023 թվականի դեկտեմբերին: Իմ այցը տեղի է ունենում նրա Աթենք կատարած այցից հետո։ Այս անգամ մենք շատ գործնական հանդիպում ունեցանք, այսինքն՝ ոչ միայն քննարկումների, այլ նաև գործնական քայլերի առումով։ Վստահ եմ, նա Ձեզ կզեկուցի մեր առաջիկա անելիքների մասին։ Մենք մեզ տեսնում ենք որպես մի երկիր, որը կօգնի Հայաստանին այնքան, որքան կարող ենք՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը, նաև այն բանի համար, որ մենք շատ մտերիմ երկրներ ենք, և իսկապես ցանկանում ենք դա անել»: Զրուցակիցները վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացման քայլերը, անդրադարձ կատարել ռազմական կրթության և այլ ուղղություններով փոխգործակցությանը: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ:
19:46 - 04 մարտի, 2024
Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը
 |civilnet.am|

Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը |civilnet.am|

civilnet.am: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ «Մենք ստեղծել ենք հաջող եռակողմ պաշտպանական համագործակցություն Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև։ Բայց կարող են գոյություն ունենալ նաև այլ եռակողմ կամ քառակողմ հարաբերություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրների, կարևոր տերությունների, Հայաստանի և Հունաստանի շատ հզոր ընդհանուր բարեկամների հետ»,- մարտի 4-ին Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Հունաստանի ՊՆ ղեկավարը։ Նիկոս Դենդիասը նշել է նաև, որ Հունաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ «Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք այս տարածաշրջանում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների։ Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ընդգծել է նա։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պապիկյանն ու Դենդիասը պայմանավորվել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ»,- ասված էր հայկական կողմի հաղորդագրությունում։
17:13 - 04 մարտի, 2024
Պապիկյանը կարևորում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցությունը
 |armenpress.am|

Պապիկյանը կարևորում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում: Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին»,- նշեց Պապիկյանը։ Նրա խոսքով՝ կարևորել են միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- եզրափակեց Պապիկյանը:
17:07 - 04 մարտի, 2024
Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Պապիկյան
 |news.am|

Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Պապիկյան |news.am|

news.am: Խորհրդանշական է, որ Հունաստանի պաշտպանության նախարարի այս այցը հաջորդում է նախորդ շաբաթ տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հունաստանի Հանրապետություն ընդգրկուն օրակարգով այցին: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երեւանում Հունաստանի ՊՆ նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Այս ամենը վկայում է, որ մեր երկու երկրների միջեւ առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների ժողովուրդների ավանմդական բարեկամության, փոխադարձ օգնության, պատրաստակամության, արժեքների եւ ընդհանուր մոտեցումների վրա: Այս հարաբերություններում իր ուրույն տեղն ունի պաշտպանության ոլորտի համագործակցությունը: Այն իրա իրականացվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունենրով, որոնց մի մասն ավանդական բնույթ են կրում եւ իրականացվում են Հայաստանի անկախացումից հետո 2 երկրների միջեւ ձեւավորված պաշտպանության ոլորտում համագործակցության հենց սկզբից: Իսկ մնացածը պայմանավորվածությունների արդյունքում ձեւավորված նոր ոլորտն եր են: Ավանդական ոլորտներից են ռազմական կրթությունը, անձնակազմերի վերապատրաստումը, փորձի ու տեղեկատվության փոխանակումը, ռազմաքաղաքական խորհրդակցությունները եւ այլն»: Պապիկյանը հանելեց, որ Դենդիասին ներկայացրել է պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, եւ կարեւորել բարեկամ Հունաստանի փորձագիտական ու գործնական աջակցության կարիքն այս հարցում. «Քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարեւորել ենք 2023-ի դեկտեմբերին իմ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված Հայաստանի եւ Հունաստանի կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը: Քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաեւ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:  Այս համատեքստում արժեք նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում: Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին: Կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- ասել է Պապիկյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Այնուհետև տեղի է ունեցել պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
16:31 - 04 մարտի, 2024
Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ

Մարտի 4-ին՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։  
14:52 - 04 մարտի, 2024
Հունաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Հունաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Կողմերը քննարկեցին պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։
20:43 - 01 մարտի, 2024
Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով

Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով

Աթենքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ: Վերջինս ողջունել է վարչապետի այցը Հունաստան և ընդգծել երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների փաստը: Կոնստանտինոս Տասուլասը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանի և Հունաստանի միջև պատմական կապերն արտահայտվում են նաև միջպետական հարաբերություններում: Վարչապետը նշել է, որ այսօր կարևոր քննարկումներ են ունեցել Հունաստանի նախագահի և վարչապետի հետ, քննարկել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների լայն օրակարգ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը և հավելել, որ այսօրվա հանդիպումը նոր խթան կհանդիսանա Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությանը: Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար: Հաջորդիվ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստան-Հունաստան խորհրդարանական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության տարբեր հարցեր: Հույն պատգամավորներն ընդգծել են, որ դժվարին ժամանակահատվածում Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են:  
19:07 - 27 փետրվարի, 2024