Հրայր Թովմասյան

ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ՝ ՍԴ դատավոր։

Ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին։ 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում: 1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է: 1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան: 1996-1998 թթ. սովորել է ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում: 1996-1998թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:

1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ: 1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ: 2001թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է բնապահպանության փոխնախարար։ 1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաև նույն դպրոցի շրջանավարտ է։

2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու: 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է Արդարադատության նախարար: 2013-2015 թթ. եղել է Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ: 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ. մարտի 21-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՍԴ նախագահ։ 

Մեղադրվում է արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հրայր Թովմասյանի վարորդը վերականգնել է պետությանը պատճառված վնասը. դատախազություն

Հրայր Թովմասյանի վարորդը վերականգնել է պետությանը պատճառված վնասը. դատախազություն

Դատախազության Հանրային կապերի բաժինը հայտնում է, որ 2023 թվականի մարտի 27-ի դատավճռով ԴԱՀԿ աշխատակից, փաստացի ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վարորդ հանդիսացող Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2011 թվականի ապրիլի 22-ից մինչև 2015 թվականի ապրիլի 22-ը օժանդակել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 5 մլն 712 հազար 550 դրամի հափշտակությանը (քրեական գործի (վարույթի) նախաքննության ընթացքում Ա.Հ.-ն վերականգնել է պատճառված վնասի մի մասը՝ 2 մլն 985 հազար դրամը): 2020 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի դատավճռով՝ Ա.Հ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու համար (վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 4 տարի: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Ա.Հ.-ն ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով բավարարվել է նաև պատճառված վնասի չհատուցված մասի՝ 2 մլն 727 հազար 550 դրամի վնասը վերականգնելու վերաբերյալ դատախազի հայցը: Հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքի պահանջը՝ նշված քրեական վարույթի ընթացքում ապահովվել է գաղտնիությունը, ինչի պատճառով հանրությունը չի տեղեկացվել, որ քրեական վարույթը վերաբերել է նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, ներկայում ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին: Սակայն, նկատի ունենալով, որ նշված վարույթով արդեն իսկ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ կայացվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերջնական որոշում (նրա նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել, որի իրավաչափությունը հաստատվել է նաև Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից), Դատախազությունը տեղեկացնում է, որ նշված որոշմամբ հաստատված է համարվել, որ Թովմասյանը, հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարար և 2013 թվականի հուլիսի 16-ից տեղեկացված լինելով Ա.Հ.-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնի նշանակելու, սակայն փաստացի իր վարորդի գործառութային պարտականությունները կատարելու մասին, Ա.Հ.-ին ավելի բարձր վարձատրելու, կոչում շնորհելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորությունից չզրկելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Ա.Հ.-ի կողմից պաշտոնից բխող պարտականությունները չկատարելը կանխելու կապակցությամբ միջոցներ չի ձեռնարկել: Ավելին, Հրայր Թովմասյանը 2013 թվականի հուլիսի 13-ին ստորագրել է թիվ 158-Ա հրամանը, որով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատու, նույն ծառայության օպերատիվ բաժնի առաջին կարգի մասնագետ Ա.Հ.-ին, որը փաստացի հանդիսացել է նախարարի վարորդը, հատկացվել է ծառայողական զենք: 
12:04 - 06 ապրիլի, 2023
Հրայր Թովմասյանը, կինը, երեխաներն ու ևս 2 անձ հրավիրվել են Դատախազություն

 |factor.am|

Հրայր Թովմասյանը, կինը, երեխաներն ու ևս 2 անձ հրավիրվել են Դատախազություն |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար և Մերի Թովմասյանները, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը և Ռուբիկ Ղազարյանը հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից: Հիշյալ անձինք ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում կարող են ներկայանալ ՀՀ Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Ըստ Դատախազության՝ Թովմասյանները պետք է ներկայանան սեպտեմբերի 7-ին: Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Քրեական գործն առնչվում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Նրա սանիկին՝ Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ է ձեռք բերել հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է, որ Թովմասյանը ձեռք է բերել «Կենտրոն» նոտարական գրասենյակի տարածքը:
14:44 - 06 սեպտեմբերի, 2022
Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ

Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ

#Կարճասած Դատարանն ավարտեց Հրայր Թովմասյանի գործով փաստաթղթերի հետազոտումը, հերթը հասավ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռքբերված գաղտնալսումներին Ըստ պաշտպանական կողմի՝ այդ գաղտնալսումները ի սկզբանե չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքների խախտմամբ, դատախազները, սակայն, հակառակ կարծիքին են Այնուհանդերձ, դրանք այսօր հետազոտվեցին մասամբ․ պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։ #Ավելիմանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով ապացույցների հետազոտումը։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց գործում առկա փաստաթղթերը, որից հետո անցավ գաղտնալսումների հրապարակմանը։ Նախքան դա Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հարց հնչեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Թովմասյանի բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստը հաստատելու մասին, գործի նյութերում առկա չէ։ Ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե առկա լիներ, ինքը դա կհրապարակեր։ Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին չհետազոտել Թովմասյանի բնակարանի խուզարկության արձանագրությունը՝ պատճառաբանությամբ, որ այն, թեեւ ի սկզբանե դատարանի որոշման հիման վրա է իրականացվել, սակայն հետագայում դրա դեմ բողոք է ներկայացվել, եւ Վերաքննիչ դատարանը բեկանել է խուզարկության թույլտվության որոշումը՝ այն որակելով անօրինական։ Դատարանը, այնուհանդերձ, հետազոտել էր այն՝ նշելով, որ այս փուլում չի կարող գնահատական տալ ապացույցների թույլատրելիությանը եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս։ Այդ հարցը այսօր եւս քննարկման առարկա դարձավ։ Երբ դատարանը սկսեց հետազոտել Էդուարդ Այվազյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ գաղտնալսման այդ գործընթացը առնվազն գործի նյութերում առկա ապացույցներով հիմնավոր չէ, քանի որ, ըստ նրա, անձի հեռախոսի գաղտալսումը թույլ տալու համար պարտադիր պահանջ է նրա՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվելու պայմաններից մեկը․ «Մնացած դետալները չասեմ, ինքնին ձայնագրությունը սույն գործի շրջանակում ապօրինի է եւ չի կարող քննարկման առարկա դառնալ, հետեւաբար չի կարող նաեւ ուսումնասիրվել, որպեսզի դատարանի ներքին համոզման վրա ազդեցություն չթողնի»։ Պաշտպանի համոզմամբ՝ նախագահողը չպետք է թույլ տա ապօրինի որեւէ նյութի ուսումնասիրությունը դատական նիստում, եթե այդ նյութի ապօրինիությունը հնարավոր է արձանագրել առանց դրա բուն պարունակությունը ուսումնասիրելու։ Նշենք, որ Էդուարդ Այվազյանը այն անձն է, ով ի սկզբանե գնել է Բաղրամյան պողոտայում գտնվող  անշարժ գույքը, որի մասին խոսվում է մեղադրանքում։ Ըստ դրա՝ Թովմասյանն ու Փանոսյանը խոչընդոտել են նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Գաղտնալսումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունում մեջբերված են հիշյալ հեռախոսային խոսակցություններից երկուսը, իսկ սկավառակի մեջ առկա է վեց ձայնագրություն․ «Ուստի եթե, այնուամենայնիվ, լսում ենք, լսենք նրանք, որոնք ներառված են մեղադրական եզրակացության մեջ»,- ասաց նա։ Դատախազ Արսեն Մարգարյանը, սակայն, հակադարձեց՝ սկավառակում առկա բոլոր ձայնագրությունները գործում ապացույց են, ուրեմն՝ պետք է հետազոտվեն․ «Իսկ թե քանի խոսակցություն է մեղադրական եզրակացության մեջ քննիչը արձանագրել, չի կարող կանխորոշիչ լինել սկավառակի պարունակությունը մասամբ լսելու համար»,- ասաց դատախազը։ Դատարանը, ամեն դեպքում, շարունակեց գաղտնալսումների հետազոտումը, որոնց պարունակությունը լիարժեք լսելի չէր, այնուհանդերձ, հասկանալի եղավ, որ կողմերը խոսում են անշարժ գույքի վաճառքի, քննչական մարմնում բացատրություններ չտալու մասին, եւ մի քանի անգամ հնչում էին «հեռախոսով ի՞նչ ասեմ»,  «հեռախոսով չխոսենք» արտահայտություններ։ Գաղտնալսումների հետազոտումը դարձյալ ընդհատվեց, երբ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը խնդրեց՝ դատախազները բացատրեն, թե այդ հեռախոսազրույցները ինչ կապ ունեն մեղադրանքի հետ կամ մեղադրանքի կոնկրետ որ հանգամանքին են առնչվում։ Դատախազները արձագանքի անհրաժեշտություն չտեսան, եւ դատարանը ցանկացավ շարունակել գաղտնալսման հետազոտումը։ Սարգսյանը, սակայն առարկեց՝ ասելով, որ իր հարցը մնաց անպատասխան․ «Ես կարող եմ բազմաթիվ հայտարարություններ անել, ծանրաբեռնել դատական նիստը, ինչպես այս գործն է ծանրաբեռնված, բայց մենք պաշտպանական իրավունք ենք իրացնում, մեկ-երկու բառով կարելի  է ասել՝ մեղադրանքի այս հատվածին է վերաբերում, որ մենք էլ իմանանք՝ ինչից ենք պաշտպանվում»։ Մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը ավելի ուշ պարզաբանեց՝ այնպես չէ, որ իրենք իրենց մեջ այդ բացատրությունները չունեն, դրա համար չեն արձագանքում, խնդիրը պարզապես այն է, որ նման օրենսդրական պահանջ չկա․ «Այսինքն՝ դատախազը որեւէ պարտավորություն չունի  բացատրություններ տալու, հիմնավորումներ ներկայացնելու, թե այս ապացույցը առանձին ինչին է վերաբերում, մենք բերել ենք գործը, բերել ենք ապացույցները, ասում ենք՝ սա է, արդեն հանձնել ենք դատարանի դատին»,- ասաց նա։ Այնուհետեւ Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց հրապարակել ամեն ձայնագրության ձեռքբերման աղբյուրը, այսինքն՝ դրա հիմք հանդիսացող փաստաթուղթը, որով, ըստ պաշտպանի, հասկանալի կդառնա, թե տվյալ սկավառակը որտեղ է ստեղծվել, որտեղից որտեղ ուղարկվել։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա բոլոր փաստաթղթերը դատարանը արդեն իսկ հրապարակել է։ «Այսինքն՝ չկա՞ ձեռքբերման աղբյուրը»,- հարցրեց պաշտպանը, ինչին ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե եղել է, ուրեմն՝ հրապարակվել է։ «Եթե-ով չէ, մենք ապացույց ենք հետազոտում, հրապարակվե՞լ է արդյոք ձեռքբերման աղբյուրը թե՞ ոչ»։ Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ շարունակեց․ «Դատարանը ոչ թե պետք է առաջարկի դատախազներին ցանկության դեպքում արձագանքել, այլ եթե նրանք շատ հստակ չեն բերում բավարար հիմնավորումներ, որ դատարանի մոտ ձեւավորվի համոզմունք, որ սա ունի ծագում, եւ այն օրինական է, ապա պետք է հանի գործի նյութերից եւ վերադարձնի Դատախազությանը»։ Դատավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացակարգով է պաշտպանը դա պատկերացնում․ «Ընթացակարգը հետեւյալն է․ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որի բաղադրատարր է, որ ապօրինի ձեռքբերված ապացույցը չի կարող օգտագործվել, անմիջականորեն կիրառեք Սահմանադրության նորմերը»,- ասաց նա՝ հավելելով․ «Կա ձայնագություն, լսեցինք, հասկացանք, բայց այդ ձայնագրությունը որտեղի՞ց է հայտնվել, այսինքն՝ ո՞վ է ձայնագրել, որտե՞ղ է ձայնագրել, ինչի՞ հիման վրա է ձայնագրել, եթե դրանք չկան, դուք ինչպե՞ս եք գնահատելու այն»։ Պաշտպանն ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը» եւս ուղղակիորեն նախատեսում են, որ ապօրինի ապացույցը չի կարող հետազոտել։   Դատախազ Արսեն Մարգարյանն ի վերջո արձագանքեց՝ ասելով, որ պաշտպանների պնդումը, թե հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավական հիմք գործում չկա, իրականությանը չի համապատասխանում․ «Քիչ առաջ եւ նախորդ դատական նիստին էլ հետազոտված փաստաթղթերը առնվազն դրա իրավական հիմքը պարունակում են, այդ ապացույցը ապօրինի ձեռք չի բերվել, առկա են դատարանի որոշումներ, դրանց գաղտազերծման որոշումներ, համապատասխան մարմնի միջնորդությունը, եւ հիմքը, թե ինչ կասկածանքով է տրվել այդ միջնորդությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենեւին անհրաժեշտ չէ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում մարդ ներգրավված լինի, որպեսզի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացվի։ Անդրադառնալով պաշտպան Հովսեփ Սարգսյանի այն խոսքին, թե կարող են հայտարարություններով ծանրաբեռնել նիստը՝ դատախազն ասաց, որ ըստ էության, դա էլ արվում է, քանի որ նույնաբովանդակ միջնորդություն ներկայացվել է ե՛ւ նախորդ դատական նիստին, ե՛ւ դրանից առաջ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւս պաշտպաններին հիշեցրեց՝ այս փուլում գործից ապացույց հեռացնելու վերաբերյալ նախորդ նիստին արդեն իսկ դիրքորոշում արտահայտել է, ուստի միջնորդությունը չի քննարկվում, թողնվում է առանց քննության։ Հրայր Թովմասյանը խնդրեց ընդմիջել նիստը, որպեսզի իր պաշտպանների հետ քննարկի տվյալ իրավիճակում իրենց հետագա գործողությունները։ Ընդիջումից հետո պաշտպան Արամ Օրբելյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախորդ Սահմանադրությամբ խոսվում էր ապօրինի ձեռքբերված ապացույցները դատավճռի հիմքում դնելու արգելքի մասին, մինչդեռ գործող Սահմանադրությունը ամրագրում է, որ այդպիսի ապացույցների օգտագործումն է արգելվում․ «Սրանով երկու հիմնական խնդիր է բարձրացվել․ նախ, ընդլայնվել է սուբյեկտների շրջանակը, ում արգելվում է ապօրինի ձեռքբերված ապացույցը օգտագործել՝ դատարանից բացի ներառելով դատավարության մյուս մասնակիցներին, այդ թվում՝ դատախազությանը,  եւ երկրորդը, «մեղադրական դատավճռում դնելու» փոխարեն տրվել է «օտագործվել» ձեւակերպումը՝ իր սահմանադրաիրավական առանձին բովանդակությամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետազոտումն ինքնին օգտագործման եղանակ է։ Օրբելյանը նշեց, որ իրենց համոզմամբ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել հիմնական իրավունքների խախտմամբ եւ խաթարել են արդար դատաքննության իրավունքը, սակայն քրեադատավարական օրենսգրքի հետազոտումից պարզ է դարձել, որ դատարանը չունի գործիքակազմ՝ ասելու, որ տվյալ դեպքում տվյալ ապացույցը տվյալ պարամետրերով խաթարող է կամ խաթարող չէ, ի տարբերություն, օրինակ, Քաղաքացիական օրենսգրքի, որը նման հնարավորություն տալիս է։ Այս իրավիճակը, ըստ պաշտպանի, հանգեցնում է հակասահմանադրական արդյունքի, ինչով պայմանավորված՝ նա ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն պատրաստելու համար։ Ըստ ամենայնի, խոսքը գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության մասին է։ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միացավ խնդրանքին՝ հայտնելով, որ կախված Օրբելյանի կողմից ներկայացվող միջնորդության արդյունքներից՝ հնարավոր է՝ ինքն էլ միջնորդությամբ հանդես գա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։   Միլենա Խաչիկյան
19:53 - 02 հունիսի, 2022
Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Ըստ Հրայր Թովմասյանի՝ իր վերաբերյալ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի կարծիքով՝ իրեն առաջադրված մեղադրանքը նման է ավազե պարանի․ «Որտեղ որոշես փաթաթել, այն ցաքուցրիվ է լինելու»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում հայտարարեց նա։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նրա եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։ Հիշեցնենք՝ Թովմասյանն ու Փանոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առաջադրված մեղադրանքները նրանք չեն ընդունում։ Ըստ մեղադրանքի՝  2010-2014 թթ ընթացքում Հրայր Թովմասյանը, լինելով Արդարադատության նախարար եւ ունենալով կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել Արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Դրանից բացի, ըստ մեղադրանքի, նա, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ, հարկադրվել է Նոտարական պալատի նախագահին պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության եւ Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Նորայր Փանոսյանի մեղադրանքը եւս այս դրվագների վերաբերյալ է․ նա այդ ժամանակ զբաղեցրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը։ Նախաքննության ընթացքում Փանոսյանը կալանավորված է եղել, այժմ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ քրեական գործը դատարանում է 2020 թվականի մարտ ամսից, դատարանն ապացույցների հետազոտման փուլում է։ Հրապարակվեցին գործում առկա զննությունների արձանագրություններ Այսօրվա նիստի ընթացքում մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը հրապարակեց նախաքննության ընթացքում կատարված զննությունների արձանագրությունները, որոնց թվում էր Արդարադատության նախարարությունից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ստացված մի սկավառակի զննության արձանագրություն։ Սկավառակի մեջ, ինչպես դատախազը նշեց, առկա էր երկու թղթապանակ՝ «Հրայր Թովմասյան 1» եւ «Հրայր Թովմասյան 2» վերնագրերով։ Դրանցում Նոտարական պալատի բանկային հաշվի քաղվածքներն էին, կնքած վարձակալության պայմանագրեր։ Չանդրադառնալով արձանագրության բովանդակային մասին՝ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց զննել բուն սկավառակը՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ հանգամանքներում են թղթապանակներին այդ անվանումները տրվել, արդյո՞ք ի սկզբանե այդպես են վերնագրված եղել, թե՞ երբ քննիչը պահանջել է, կատարող անձն է այդ անվանումը տվել։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ տեխնիկական պատճառներով սկավառակը կզննեն նիստի ավարտին, այժմ կշարունակեն ապացույցների հետազոտումը։ Պաշտպանը, սակայն, պնդեց՝ մինչեւ չիմանան, թե ինչ պայմաններում են ստեղծվել այդ թղթապանակները, չեն կարող վստահաբար ասել, որ դրանք համապատասխանում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված «այլ փաստաթուղթ» ապացույցի տեսակին․ «Ես պնդում եմ, որ առկա թղթապանակները վարույթն իրականացնող մարմնի կամայականության եւ նախարարության պաշտոնատար անձանց հետ անօրինական համագործակցության արդյունք են, որովհետեւ դրանք ի սկզբանե առկա չեն եղել նախարարությունում, համապատասխան վայրից ստացվել են, եւ համապատասխան վայրում այդ անվանումներով թղթապանակներ առկա չեն եղել»,- ասաց նա։ Ելույթ ունեցավ նաեւ Հրայր Թովմասյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչի՞ց են ենթադրել, որ սկավառակի վրա նշված «Հրայր Թովմասյան»-ը հենց ինքն է, որովհետեւ ըստ ընտրողների ռեգիստրի՝ ՀՀ-ում այդ անուն-ազգանունով 123 անձ կա․ «Միգուցե մյուս Հրայր Թովմասյաններից մեկն է, միգուցե նրան է պետք բերել, այստեղ կանգնեցնել, դուք ասացիք՝ վրան գրված է, եթե վրան գրված լիներ ձեր անուններից մեկը, ձեր գլխավոր դատախազի անունը, ի՞նչ էիք անելու»,- դիմելով դատախազներին՝ հարցրեց Թովմասյանը։ Դատավորը հիշեցրեց, որ նա իր հայտարարությունները պետք է դատարանին ուղղի, ինչից հետո Թովմասյանը շարունակեց․ «Ես ասում եմ՝ ՀՀ նախագահի անունն էր վրան գրված կամ Պողոս Պողոսյան էր գրված,  ինչի՞ց եք ենթադրել, որ դա ես եմ, եթե վրան գրվածով որոշել եք, որ դա ապացույց է, եւ դատարանն էլ ժամանակ է վատնում դա ուսումնասիրելու վրա, եկեք փորձաքննություն նշանակենք, պարզենք՝ 2012 թվականի՞ն է գրվել «Հրայր Թովմասյան», թե՞ 2019-2020 թթ, ես ձեզ վստահեցնում եմ, որ 2020 թ է գրված լինելու կամ 2019-ին, 2018-ին»։ Դատախազները, այնուամենայնիվ, արձագանքեցին Թովմասյանի հայտարարություններին։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանն ասաց՝ թե ում են նկատի ունեցել, ապացույցների գնահատման արդյունքում է պետք պարզել, բայց կարիք չկա իրենց կամ գլխավոր դատախազի անունը շահարկելու, ինչ-որ օրինակներ բերելու, եւ եթե վիճարկման առարկա է, թե երբ է դա կատարվել, ապա կողմը կարող է համապատասխան ընթացակարգով միջնորդություն ներկայացնել, որի վերաբերյալ իրենք դիրքորոշում կհայտնեն, այնինչ պարզապես հայտարարության տեսքով զուտ կասկածի տակ դնելը անհարկի քննադատություն է։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ հարցրեց․ «Գլխավոր դատախազն էլ մեկը չէ, ինչի՞ց ենթադրեցին, որ հենց գործող գլխավոր դատախազին նկատի ունենք թե՞ բոլոր գլխավոր դատախազներին են պաշտպանում»։ Արձագանքելով դատախազ Արմեն Մուրադյանն ասաց․ «Ցանկացած,  բոլորին»։ Մյուս դատախազ Արսեն Մարգարյանն էլ նշեց՝ չի կարծում, թե որեւէ իրավաբանի համար ֆայլի վերնագիրը պիտի ապացույց հանդիսանա, դրա բովանդակությունն է ապացույց․ «Հարցում են կատարել, ինչ ստացել են, դա էլ զննության են ենթարկել, չզննեի՞ն»,- հարց հնչեցրեց նա՝ ասելով, թե ֆայլի անվանումը չի կարող ապացույցի թույլատրելիության կասկածի տեղիք տալ։ Նա նաեւ նշեց՝ չի կարծում, որ այլ Հրայր Թովմասյանին նկատի ունեցած լինեն, քանի որ գործով քննվում է այդ տարածքների հետ դատավոր Հրայր Թովմասյանի առնչությունը։ Կարճ ժամանակ անց, երբ դատարանը զննեց սկավառակը, պարզ դարձավ, որ դրանում առկա երկու թղթապանակները ստեղծվել են 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ այն նույն օրը, երբ Նախարարությունից ուղարկվել են նախաքննական մարմնին։ Պաշտպանն արձանագրեց, որ Հրայր Թովմասյանի անվանումը գրվել է սոսկ ցույց տալու նպատակով, թե Թովմասյանը կապ ունի այդ տարածքների հետ։ Ըստ պաշտպանական կողմի՝ գործում առկա որոշ ապացույցներ պետք է անթույլատրելի ճանաչվեն Հաջորդ ապացույցը, որ քննարկվեց, նախաքննության ընթացքում կատարված գաղտալսումների ձայնագրությունները պարունակող սկավառակն էր։ Դատախազ Արսեն Մարգարյանը կարծիք հայտնեց, որ այդ սկավառակը եւս պետք է հետազոտել, որպեսզի հետագայում չհնչեն հայտարարություններ, թե այդ ձայնագրությունները քննիչի ենթադրություններն են։ Պաշտպանական կողմը, սակայն, պնդեց, որ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ուստի այն ոչ թե պետք է հետազոտել, այլ պետք է հանել ապացուցողական բազայից՝ անթույլատրելի ապացույց ճանաչելով։ Բանն այն է, որ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչի վերաբերյալ, օրենքի համաձայն, պետք է արձանագրություն կազմել, իսկ ըստ պաշտպանների՝ քրեական գործում նման փաստաթուղթ առկա չէ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ ապացույցների հետազոտման փուլում դատարանը չի կարող դրանց գնահատական տալ, երբ կհասնեն միջնորդությունների փուլին, պաշտպանները կարող են համապատասխան միջնորդություն ներկայացնել․ «Միջնորդությունները, որոնք կներկայացվեն ապացույցների թույլատրելիության, արժանահավատության, գնահատման վերաբերյալ, դատարանը հետաձգելու է, եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս»,- ասաց նա։ Ամբաստանյալ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը պնդեց՝ իրենք կաշկանդված չեն այս փուլում եւս միջնորդություններ ներկայացնելուց․ «Պետք է ուսումնասիրվի տվյալ սկավառակի ծագումնաբանությունը, թե ինչպես է այն հայտնվել այս քրեական գործում, եւ մի փաստաթուղթ կա, որը կարող է ուղղորդել, դա արձանագրությունն է՝ տվյալ ՕՀՄ-ն անցկացնալու մասին, «լազերային սկավառակ» ՕՀՄ գոյություն չունի ոչ օրենսդրության մեջ, ոչ բնության մեջ»,- ասաց նա։ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ օրենքի խախտմամբ ձեռքբերված ապացույցը  պետք է հասու չլինի նաեւ դատավորին, որովհետեւ որքան էլ նա անաչառ եւ կամային լինի, դա կարող է ազդեցություն թողնել նրա ներքին համոզման վրա։ Այնուհանդերձ, բուն միջնորդությունը դատարանը չքննարկեց՝ շարունակելով հրապարակել գործում առկա փաստաթղթերը։ Դրանցից մեկն էլ Հրայր Թովմասյանի բնակարանում իրականացված խուզարկության արձանագրությունն էր։ Պաշտպանական կողմը պնդեց, որ այդ ապացույցը չպետք է հետազոտվի, որովհետեւ այն եւս ձեռք է բերվել օրենքի խախտմամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խուզարկություն կատարելու որոշմանը։ Քննիչը դատարանի թույլտվությամբ խուզարկել է Թովմասյանի բնակարանը, սակայն այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է, եւ ամիսներ անց Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը․ «Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որ իմ բնակարանի խուզարկությունը եղել է անօրինական»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու է քննիչը լուսանկարել իր բնակարանը․ «Իրենք եկել էին իմ տուն՝ գտնելու այդ տարածքների հետ կապված ինչ-որ պայմանագիր, ես ուզում եմ հասկանալ՝ երբ քննիչը իմ ննջարանը նկարում էր, կարծում էր՝ դա պատին կպցրա՞ծ էի լինելու, այսինքն՝ նկարում էր որպես ապացու՞յց, երբ իմ բնակարանի սանհանգույցն էր նկարում, ի՞նչ էր կարծում, որ այդտե՞ղ էի փակցրել, ի՞նչի համար էր նկարում»,- ասաց նա՝ ենթադրելով, թե գալու նպատակը այլ է եղել․ «Հիմա ես չեմ ուզում, որ Դուք իմանաք՝ իմ ննջարանում ինչ կա, այդ իրավունքը ունե՞մ թե՞ չունեմ, ուզում եմ հասկանալ՝ իմ պատը կապույտ էր թե կարմիր, ի՞նչ կապ ունի, որ այդ լուսանկարները բերել են»,- դիմելով դատարանին՝ հարցրեց նա։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա են լուսանկարների պատճենները, դրանք անգույն են․ «Ավելի լավ, կարող էր մի հոգեբան գալ ու ասել, որ եթե տան պատերը կարմիր են, ուրեմն՝ նա հակում ունի նոտարներին հանձնարարություն տալու»,- արձագանքեց Թովմասյանը։ Դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը, որից հետո պաշտպանական կողմի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 2-ին։   Միլենա Խաչիկյան
20:40 - 19 մայիսի, 2022
Դատարանը «գրիչի գործով» Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Հրայր Թովմասյանին զրպարտող տեղեկությունները |hetq.am|

Դատարանը «գրիչի գործով» Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Հրայր Թովմասյանին զրպարտող տեղեկությունները |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գայանե Խաչատրյանի, հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով վճիռը՝ Փաշինյանին պարտավորեցնելով հերքել Թովմասյանին զրպարտող տեղեկությունները: Հիշեցնեք, որ 2020  թվականին վարչապետը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել նրան։ Արձագանքելով՝ Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել, որ Նիկոլ Փաշինյանը խոսքերը հիմնավորող փաստեր հրապարակի, այլապես հայց կներկայացնի Փաշինյանի դեմ։ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Հրայր Թովմասյանի գրիչի լուսանկարը, որն ըստ կառավարության ղեկավարի՝ ՍԴ նախագահն է նվիրել իրեն։ Թովմասյանը այս ամենից հետո հայց էր ներկայացրել Փաշինյանի դեմ։
15:11 - 02 մարտի, 2022
ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց նախագահին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը

 |armenpress.am|

ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց նախագահին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am:  Սահմանադրական դատարանը խորհրդակցության ֆորմատով քննարկման արդյունքում որոշեց երկրորդ անգամ ևս մերժել ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը, որը ներկայացրել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։ Այս մասին խորհրդակցությունից հետո հայտնեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «Թովմասյանի միջնորդությունը՝ ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու և ցուցմունքը լսելու, դատարանը որոշեց մերժել»,-ասաց Դիլանյանը: Թովմասյանի մյուս միջնորդությունը, սակայն, ՍԴ-ն որոշեց բավարարել և Դատական դեպարտամենտից պահանջել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի բովանդակությանը դատական պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ տեղեկատվություն` կցելով համապատասխան դատական ակտերի պատճենները:
12:58 - 10 հուլիսի, 2021
Հրայր Թովմասյանը կրկին միջնորդեց հրավիրել նախագահին. ՍԴ-ն հարցը կքննի խորհրդակցության ֆորմատով

 |armenpress.am|

Հրայր Թովմասյանը կրկին միջնորդեց հրավիրել նախագահին. ՍԴ-ն հարցը կքննի խորհրդակցության ֆորմատով |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը կրկին՝ մեկ այլ հոդվածով, միջնորդություն ներկայացրեց ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Թովմասյանը նման առաջարկությամբ հանդես եկավ հուլիսի 10-ի նիստում՝ ՍԴ-ի կողմից միջնորդությունը մեկ անգամ արդեն մերժելուց հետո: Հրայր Թովմասյանը նախ նշեց, որ նախագահին որպես վկա հրավիրելու իր միջնորդությունը մերժվել է, քանի որ պարզապես վրիպակ է եղել, ինքը հղում է արել այլ հոդվածի: «Ուստի ես հիմա շտկում եմ այդ վրիպակը և առաջարկում եմ՝ ՀՀ նախագահին սույն գործով պարզման ենթակա հանգամանքները պարզելու համար ներգրավել որպես վկա, առաջնորդվում եմ 55-րդ հոդվածով»,-ասաց Թովմասյանը: Նա պնդեց, որ գործով երեք դիմողները բարձրացրել են հարց, որի պատասխանը ոչ պատասխանողը, ոչ հարակից պատասխանողները չեն կարող տալ: Նա հավելեց՝ իր համար գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, էական հանգամանք է նաև հանրության համար: «Իմ ներքին համոզմունքը կայանում է նրանում, որ ես կասկածներ չունեմ, որ նախագահին հարկադրվել է, պարտադրվել է, բայց դատարանը պետք է անդրադառնա դրան, պետք է գնահատական տա դիմողների կողմից բարձրացված հարցերին»,-ասաց Թովմասյանը: ՍԴ-ն այդ միջնորդությունը քննարկել էր հուլիսի 9-ին ժամը 18:00-ից հետո խորհրդակցության ֆորմատով: Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը չեն մասնակցել դրան: Նրանք պնդեցին, որ միջնորդությունը պետք է քննարկվեր անհապաղ նիստում, ոչ թե աշխատակարգային կարգով խորհրդակցությամբ: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, սակայն, մեջբերում արեց ՍԴ մասին օրենքից. «Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ ՍԴ դատավորերի առաջարկությունները քննարկվում են անհապաղ: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է գործի նյութերի հետազոտման կարգին, առաջարկությունը քննարկվում է անհապաղ: ՍԴ-ի դատավորը, երբ ներկայացրեց միջնորդություն և խնդրեց դա քննարկել անհապաղ, դա գործի նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ առաջարկություն էր: Դատարանն անհապաղ քննարկեց և որոշեց բուն միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցության ֆորմատով՝ դատական նիստը ավարտելուց հետո»: Արևիկ Պետրոսյանը կրկին պնդեց՝ հենց այդ պահին միջնորդությունը դարձնել քննարկման առարկա և քվեարկել, հակառակ դեպքում ինքը դա կհամարի խախտում: «Միջնորդության քննարկման կարգ ՍԴ-ն չի կարող որոշել՝ այն դեպքում, երբ դա ուղիղ կարգավորված է օրենքով և ՍԴ-ի աշխատակարգով»,-ասաց նա: ՍԴ-ն դատավորների ձայների մեծամասնությամբ որոշեց Հրայր Թովմասյանի վերոնշյալ միջնորդությունը և ևս մեկ միջնորդությանն անդրադառնալ ընդմիջումից հետո խորհրդակցության ֆորմատով: 
12:14 - 10 հուլիսի, 2021
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց Քոչարյանի դիմումը քննել բանավոր ընթացակարգով |armenpress.am|

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց Քոչարյանի դիմումը քննել բանավոր ընթացակարգով |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը մարտի 23-ին միջնորդեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները քննել բանավոր ընթացակարգով: Միջնորդությանը միացավ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ բանավոր ընթացակարգով գործը քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը, բացի դա՝ գործը զգայուն է։ Հրայր Թովմասյանն իր հերթին ասաց, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ունի բացառապես քաղաքական բնույթ և ունեցել է միայն մեկ նպատակ՝ կապված սույն գործի հետ, իսկ ՍԴ-ն պարտավոր է ապացուցել հակառակը և գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի հանրությունը ծանոթ լինի կողմերի դիրքորոշմանը: Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:
12:02 - 23 մարտի, 2021
Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն առանց քննության թողնելու որոշումը |hetq.am|

Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունն առանց քննության թողնելու որոշումը |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը բողոքարկել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթն՝ իրեն վերաբերելի մասով կարճելու միջնորդությունն առանց քննության թողնելու մասին դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի  պաշտպանները փետրվարի 8-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել, որի քննությունը շարունակվել է մարտի 4-ին։ Պաշտպանները պնդում են, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ նրա անձեռնմխելություն չի հաղթահարվել, հետևաբար Թովմասյանի մասով նախաձեռնված բոլոր գործընթացները հակաիրավական են։ Պաշտպանները նաև պնդել են, որ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ առանց դատաքննության, քանի որ այն փաստարկները,  որոնք իրենք ներկայացնում են՝ որպես քրեական հետապնդումը Թովմասյանի նկատմամբ բացառող հանգամանք, այս պահին արդեն պարզ են և փոփոխման չեն ենթարկվելու դատաքննության ընթացքում։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մարտի 4-ին որոշում է կայացրել միջնորդությունն առանց քննության թողնելու մասին՝ պատճառաբանելով, որ առանց դատաքննություն կատարելու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարցնելու որոշման կայացման հնարավորություն նախատեսված է միայն Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածով, որը վերաբերում է քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս համապատասխան հիմքերի առկայության դեպքում առանց դատաքննության քրեական գործի վարույթը կարճելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Այսինքն՝ վերը նշված որոշումն, ըստ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մեկնաբանության, դատարանը կարող է կայացնել քրեական գործը դատաքննության նախապատրաստելիս, մինչևդեռ այդ փուլում դատարանն այլ որոշում է կայացրել՝ գործը նշանակվել է դատաքննության, և նման պայմաններում Թովմասյանի նկատմամբ թե՛ հանցակազմի բացակայության, թե՛ անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է լուծվի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու որոշմամբ, այլ  դատական քննություն կատարելու միջոցով՝ մեղադրանքի օրինականության ստուգմամբ։ Նշենք, որ   մեղադրանքի օրինականությունը ստուգել դատարանը կարող է դատական քննության միջոցով՝ համապատասխան փուլերը սպառելուց հետո՝ դատավճռի կայացմամբ։ Հրայր Թովմասյանը վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի՝ իրենց միջնորդությունն առանց քննության թողնելու մասին արձանագրային որոշումն ու կայացնել նոր դատական ակտ՝ գործն ուղարկելով նոր քննության։ Վերաքննիչ դատարանում բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին, կազմում են դատավորներ Տիգրան Սահակյանը և Ռուբիկ Մխիթարյանը։
19:59 - 21 մարտի, 2021
Հրայր Թովմասյանը ՍԴ-ում նիստի էր. դատական նիստը հետաձգվեց |armtimes.com|

Հրայր Թովմասյանը ՍԴ-ում նիստի էր. դատական նիստը հետաձգվեց |armtimes.com|

armtimes.com։ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստին ամբաստանյալներից ներկայացել էր միայն Փանոսյանը: Նիստի մեկնարկից առաջ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, քանի որ Հրայր Թովասյանը Սահմանադրական դատարանում նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստ է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նեկայացված միջնորդության վերաբերյալ լսեց կողմերի կարծիքները: Մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը նկատեց, որ նման միջնորդություն արդեն 3-րդ անգամ է ներկայացվում: Ըստ նրա՝ ամբաստանյալի աշխատանքով պայմանավորված նիստերի անհարկի հետաձգումը թույլ չի տա, որ գործը քննվի ողջամիտ ժամկետում: Նշեց նաև, որ նիստերի օրը և ժամը հարմարեցված է եղել Հրայր Թովմասյանի հետ: Պաշտպան Միհրան Պողոսյանը հիշեցրեց, խոսքը Սահմանադրական դատարանի դատավորի մասին է, ինչի վերաբերյալ օրենքի կարգավարական նորմեր են գործում. «Կարող եք դիմել Սահմանադրական դատարանի ՁԵՐ նախագահին և ասել, որ նիստերը նշանակի այնպես, որ չխանգարի այս նիստերին»,- ասաց պաշտպան Պողոսյանը: Դատախազ Մարգարյանը նկատեց. «Դատախազությունը նման լիազորություն չունի»: Դատարանը, իդեմս նախագահող Տաթևիկ Գրիգորյանի, որոշեց հարգելի համարել Թովմասյանի բացակայությունը և նիստը հետաձգեց: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին:
12:30 - 01 փետրվարի, 2021
Հրայր Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց |armtimes.com|

Հրայր Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում,  դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը  բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանին: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը  և Նորայր Փանոսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Խոսքը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Թովմասյանը եղել է արդարադատության նախարար, իսկ Փանոսյանը՝ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ: Թովմասյանի եւ Փանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նախորդ դատական նիստին Թովմասյանի պաշտպանը ժամանակ էր խնդրել, որպեսզի բացարկի միջնորդություն ներկայացնի դատախազներ Արսեն Մարգարյանին և Արմեն Մուրադյանին, քանի որ նախապես կազմված միջնորդությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկի միջնորդություն հայտնելուն էր վերաբերվում: Նշենք, որ նիստին դատախազներից միայն Արսեն Մարգարյանն էր մասնակցում: Բացարկի հիմքերը, ըստ պաշտպան Պողոսյանի, գործի նկատմամբ շահագրգռվածությունն է, որը նա հիմնավորում է դատախազ Մարգարյանի կողմից մի շարք փաստեր մեղադրական եզրակացությանը չկցելու և դատական նիստից դուրս պաշտպանի նկատմամբ ցուցաբերած ոչ պատշաճ պահվածքի, քրգործերը միացնելու, միմյանցին անջատելու և մի շարք այլ փաստական տվյալներով: Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ քննիչը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը (քրեական գործերի միացումը եւ անջատումը). ըստ նրա քննիչը միմյանց էր միացրել մի քանի քրգործեր և անջատել մի քրեական գործի միայն մի մասը և կցել այս պահին քննվող գործին, այնինչ պաշտպանական կողմը գտնում է, որ գործի մյուս հատվածում եղել են Հրայր Թովմասյանի անմեղությունը հիմնավորղ փաստական տվյալները: Պաշտպանական կողմը գլխավոր դատախազին միջնորդել էր վերացնել քննչի որոշումը, սակայն միջնորդությունը մերժվել էր: Դատական նիստի ընթացքում պաշտպանները եւս մեկ անգամ պնդեցին, որ գործընթացը քաղաքական է: Հիշեցրեցին գործում առկա չէ, որևէ փաստաթուղթ, որ Հրայր Թովմասյանը զրկվել է անձեռնմխելիությունից: «Պնդում ենք դատախազ Մարգարյանը, երբ ստացել է մեղադրական եզրակացությունը, օբյեկտիվությունից ելնելով, պետք է հարցներ (գլխավոր դատախազին,-խմբ.), թե ինչու՞ գործի նյութերին չի կցվել այն կարևոր հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահն է: Այս հանգամանքը ևս հաշվի առնելով պաշպանական կողմը պնդում է, որ Մարգարյանը միտումնավոր է կցվել այս գործին»,- ասաց Պողոսյանը: Դատախազի ոչ պատշաճ վարքագիծը պաշտպան Պողոսյանի հիմնավորմամբ արտահայտվում էր նրանով, որ երբ բողաքարկվել էր Հրայր Թովմասյանի տան խուզարկության որոշումը, դատախազ Մարգարյանը այն որակել էր «մանիպուլատիվ», որից հետո իր «ի..» զարմանք արտահայտող բացականչմանը պատասխանել էր «ձի»: Պաշտպանն ասաց, որ իրենց կողմից այն դիտարկվում է «փողոցային» վարքագիծ: Այսպիսով պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազներին եւ դատարանից խնդրեց բավարարել այն: Դատական դահլիճում էին նաև ամբաստանյալներ Հրայր Թովմասյանը և Նորայր Փանոսյանը: Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը միջնորության վերաբերյալ կարծիք հայտնելիս նշեց, որ նախկինում չի առնչվել և չի ճանաչել դատախազին: Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։
20:42 - 18 հունվարի, 2021
Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․Հրայր Թովմասյանի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․Հրայր Թովմասյանի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի դատավորներից, ինչպես նաև աշխատակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր նշանակված էր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստ, որը հետաձգվեց Թովմասյանի բացակայության պատճառով։ Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուս է ախտորոշվել նաև Թովմասյանի հարազատներից մեկի մոտ, իսկ ուրբաթ օրվանից վիրուսին բնորոշ ախտանշաններ են առկա նաև Հրայր Թովմասյանի մոտ, ով այսօր պետք է թեստ հանձնի։   Դատախազ Արսեն Մարգարյանը դիրքորոշում հայտնեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում նիստը ենթակա է հետաձգման, բայց միևնույն ժամանակ դիտարկեց, որ Թովմասյանի՝ կոնտակտավոր լինելու վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել դատարան։ Նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ նաև Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանի բացակայության պատճառով նիստը հետաձգելու հարցը։ Նշենք, որ պաշտպան Մակինյանն արդեն մեկ ամսից ավելի է՝ մարտական հերթապահություն է իրականացնում և այդ հանգամանքով պայմանանավորված՝ չի կարող ներկա գտնվել դատական նիստերին։ Այսօրվա դատական նիստին Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն առաջարկեց դատական հաջորդ նիստը հետաձգել ոչ թե մեկ շաբաթով, այլ ավելի երկար, ողջամիտ ժամկետով՝ հաշվի առնելով թե՛ պատերազմական իրավիճակը, թե՛ կորոնավիրուսի համավարակի լայն տարածման հանգամանքը։ Պաշտպանը նկատեց, որ եթե Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստերի սկզբնական շրջանում՝ մարտ, ապրիլ ամիսներին, օրական կորոնավիրուսի 400-500 դեպք էր արձանագրվում, այսօր այդ թիվը հասնում է շուրջ 2000-2500-ի: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:56 - 02 նոյեմբերի, 2020
Այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ ՍԴ նախագահի թեկնածուի նոր առաջադրումներ լինեն. Հրայր Թովմասյան |tert.am|

Այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ ՍԴ նախագահի թեկնածուի նոր առաջադրումներ լինեն. Հրայր Թովմասյան |tert.am|

tert.am: Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը չի մասնակցի ՍԴ փակ նիստին և ՍԴ նախագահի ընտրության քվեարկությանը: «Իմ ունեցած չճշտված տեղեկություններով՝ երեկվա իմ հայտարարություններից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել, բայց որ սցենարով էլ գնան, ինձ համար միևնույն է, հնարավոր է նորից առաջադրումներ լինեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում չի մասնակցի ՍԴ նախագահի ընտրությանը: Նա նշեց, որ եթե մեկ թեկնածու է, դա արդեն ինչ-որ բանի մասին է ասում: Ինչ վերաբերում է նախկինում իր ՍԴ նախագահ լինելու՝ քաղաքական որոշում լինելու դիտարկումներին, ապա Հրայր Թովմասյանն ասաց. «իմ պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել եմ և քաղաքական պրոցեսները չեմ մեկնաբանում»: Հրայր Թովմասյանը նշեց, որ ՍԴ նախագահը ի վերջո այս հաստատության դիրեկտորը չի, այլ մեկն է բոլորից: Նա նշեց, որ ինքը չի օգտվել ՍԴ նախագահի համար հատկացվող ամառանոցից, թիկնազոր չի ունեցել, ծառայողական մեքենայից ութ ամիս առաջ է օգտվել: «Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ, որ հարգելի գործընկերներ, երբ որոշեք, որ ես չեմ, եկեք և ինձ ասեք»,-ասաց Հրայր Թովմասյանը և նշեց, որ հիմա նիստին չի մասնակցում, քանի որ իր մոտ ստեղծվել է տպավորություն, որ այն դրսից ուղորդված է: Ավելին՝ tert.am-ում
15:01 - 25 սեպտեմբերի, 2020
30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Հրայր Թովմասյանն այսօր ՍԴ դատավորների հետ կապված լեգիտիմության խնդիրներ է տեսնում,  ինչը չէր տեսնում օրինակ Սերժ Սարգսյանի պարագայում, և չէր տեսնում, օրինակ այն ժամանակ, երբ ԱԺ ընտրություններում ընտրվում էր ԱԺ պատգամավոր: Ուստի իրեն մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև նա անձնական շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է: Ճիշտ կլիներ, որ հրաժարական տար, և էսքանից հետո ուղղակի հեռանար, որովհետև արդեն իր այդ կերպարը ոչ միայն քաղաքական դաշտին,այլ հանրությանն ուղղակի ձանձրացրել  է: Այս մասին այսօր ՔՊ ընդլայնված նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնոլով լրագրողների դիտարկմանը, թե ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի մոտ տպավորություն է, որ ՍԴ-ի շուրջ կատարվող իրադարձություններն ըստ էության ուղղորդված ու պայմանավորված են: «Ես նման պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, ու չեմ էլ կարծում, որ նման պայմանավորվածություն կարող  է լինի: Իշխանությունն ամեն ինչ արել է, որ ՀՀ-ն հնարավորինս անցնցում անցնի այս ժամանակահատվածը, որովհետև  30 տարի  ՀՀ-ի հետ Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ Հրայր Թովմասյանի  փաստաբանությամբ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:46 - 25 սեպտեմբերի, 2020
Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր Հրայր Թովմասյանը
 |lragir.am|

Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր Հրայր Թովմասյանը |lragir.am|

lragir.am: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։ Նրա խոսքով՝ ՍԴ նախագահի համար կարևոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի՝ տրամադրության անկումից սկսած մինչև առողջական խնդիրները և այդ առումով մյուսների մասին չէր կարող շատ բան ասել։ Թովմասյանը նշեց, որ ոչ միայն առաջադրել է Խաչատրյանին, այլև՝ մյուս դատավորներին հայտնել է, թե ինչու չի առաջադրում մյուսներին։ Աշոտ Խաչատրյանն ամենափորձառուն է և ավագը, գիտությունների դոկտոր է և, ըստ Թովմասյանի, ունի կառավարչական որոշակի հմտություններ։ Բացի դա՝ եթե փոփոխություններ չլինեն, Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարի, ուստի՝ Թովմասյանը գտնում է, որ դա կլիներ կարևոր անցումային ժամանակահատված, որ մյուսներն իրար ավելի լավ ճանաչեն և ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին, ունենային շփում և կարողանան ընտրել։ Նա նշեց, որ ՍԴ-ում չորս դատավոր նոր է, ովքեր միմյանց լավ չեն ճանաչում և այդ ամենը հաշվի առնելով էլ առաջադրել է Խաչատրյանի թեկնածությունը։ Թովմասյանը հայտնեց, որ, երբ մնացել է մեկ թեկնածու, ինքը դադարեցրել է նիստին իր մասնակցությունը, քանի որ տպավորություն էր, որ այդ ամենն ուղղորդված էր։
20:14 - 24 սեպտեմբերի, 2020