Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Կաթողիկոսը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ

Կաթողիկոսը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ

Ապրիլի 16-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Մարկուս Ռիտերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ նշելով, որ այս հանդիպումը պատեհ առիթ է ծանոթանալու ԵՄ դիտորդական առաքելության առջև դրված խնդիրներին։ Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության և սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի ապահովության առնչությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ոտնձգություններն ու առաջադրվող պահանջները նոր անվտանգային մարտահրավերների առջև են կանգնեցնում Հայաստանին, նաև վտանգում խաղաղության հաստատման բանակցային գործընթացը։ Նորին Սրբությունը գնահատեց բոլոր այն ջանքերը, որ տիրող դժվարին իրավիճակում բարեկամ երկրների և միջազգային կառույցների աջակցությամբ ուղղվում են ի նպաստ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման։ Իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց դիտորդական առաքելության գործունեության և սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ կարելին ի գործ կդրվի առաքելության կողմից՝ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանն ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը։           
Այսօր 16:46
ՀԱԵ. Հերթական զիջումները լեգիտիմացնում են ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի կեղծ պահանջատիրությունը

ՀԱԵ. Հերթական զիջումները լեգիտիմացնում են ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի կեղծ պահանջատիրությունը

Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։ Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների հայտարարությունը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ նշելով, որ այն  կապված է Տավուշի մարզից տարածքներ հանձնելուն․  «Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները: Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։ Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում: Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։ Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին` այդ թվում և պետական պաշտոնատար անձանց` համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։ Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։ Սրտաբուխ աղոթքով հայցում ենք Երկնավոր Տիրոջից, որ խաղաղության ու համերաշխության շնորհները հեղի մեր երկրի և ժողովրդի կյանքում և անվտանգ ու անսասան պահի Հայոց անկախ պետականությունը»։
16:36 - 09 ապրիլի, 2024
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին

Ապրիլի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Հանդիպմանը քննարկվեցին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական կացության և բարոյա-հոգեբանական վիճակին առնչված հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։ Հայոց Հայրապետը հորդորեց թեմակալ առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին, որպեսզի շարունակեն Մայր Աթոռի համապատասխան կառույցների և սփյուռքի թեմերի հետ համագործակցաբար հնարավոր բոլոր միջոցները գործադրել միջազգային ու միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Անհրաժեշտ նկատելով թեմական կառույցների պահպանությունը՝ Նորին Սրբությունը կարևորեց նաև արցախահայերի համախմբման, ոգու զորացման և ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շարունակականությունը։
13:12 - 06 ապրիլի, 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնել  է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Խստորեն դատապարտելով անմարդկային ոճրագործությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, հոգևոր դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից խորին վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հովվապետին և Ռուսաստանի ողջ ժողովրդին։ Վեհափառ Հայրապետը հայցել է, որ Ամենողորմ Աստված երկնային օթևաններում հանգչեցնի զոհված քաղաքացիների հոգիները, Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին և շուտափույթ ապաքինում պարգևի բոլոր տուժածներին։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։ 
14:33 - 23 մարտի, 2024
ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։ «Օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան հանցավոր չարախնդությամբ եթեր հեռարձակեց Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, առաջիկա մարտի 28-ին ցուցադրության նախատեսված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսը: Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը հերթական անգամ բացահայտում է ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության հակահայկական էությունը: Ամոթալի նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգայնորեն ճանաչված մարդկային հիմնարար իրավունքները։ Հերթական անգամ փորձ է արվում գերեվարված անձանց խոցելիությունն օգտագործելու անբարո գործելաոճի միջոցով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և  տասնամյակներ շարունակ ադրբեջանական բռնությունների ու գոյաբանական սպառնալիքների դեմ արցախահայության մղած ինքնորոշման արդարացի պայքարը ներկայացնել որպես ահաբեկչություն: Գերեվարված հայորդիներին նվաստացնող բացահայտ այս գործողությունները կրկին ակներև են դարձնում խաղաղության հասնելու Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումների կեղծ ու նենգամիտ բնույթը: Խաղաղությունը չի կարող կերտվել հայ ժողովրդի արժանապատվության ոտնահարման, ատելության ու թշնամանքի շարունակական սերմանման և արցախահայության արդար իրավունքների նկատմամբ անհարգալից դրսևորումների պայմաններում: Հայաստանի իշխանությունները «խաղաղության դարաշրջան» կերտելու իրենց ձգտումներում առաջնայնորեն պետք է հասնեն Ադրբեջանի կողմից նմանօրինակ ագրեսիվ ու թշնամական գործողությունների բացառմանը և բոլոր հայ գերիների անպայմանավոր ազատ արձակմանը: Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին` համարժեքորեն արձագանքել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի դրսևորած հիշյալ զազրելի գործողություններին և առավել գործնական ու ազդու միջոցներ կիրառել հայ գերիների իրավունքների պաշտպանության և հայրենիք շուտափույթ վերադարձի ուղղությամբ: Աղոթում ենք Երկնավոր Տիրոջը, որ զորացնի բոլոր նեղյալներին ու գերյալներին` հաղթահարելու համար մարդկային  չարիքի ու արհավիրքի պատճառած զրկանքներն ու տառապանքները: Թող Ամենազոր Աստված օրհնի մեր երկիրն ու ժողովրդին և խաղաղություն սփռի համայն աշխարհում ու մեր տարածաշրջանում»:
18:49 - 15 մարտի, 2024
Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ hաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի |tert.am|

Մայր Աթոռի դիմաց ակցիա է՝ hաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի |tert.am|

tert.am: Մայր Աթոռի դիմաց այս պահին, հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի, ակցիա է տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցների մեջ է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Այն ոլորտները, որտեղ իշխանություններն ամբողջական ազդեցություն ու իշխանություն չունեն, փորձում են քանդել և իրենց համար նպաստավոր մարդկանց ունենալ այդտեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։ «Եկեղեցին կառույց է, որը կարող է իրենց հակառակվել, խոսք ասել, ինչպես տեսանք Արցախի հետ կապված հարցերում։ Նրանք մարդկանց մեջ մտցրել են, որ իրենք չպետք է խոսեն քաղաքականությունից։ Հիմա, եթե մենք խոսում ենք մեր երկրի ապագայից, Արցախից, մեր պատմական իրավունքներից, արդյո՞ք դա քաղաքականություն է, ի վերջո այս ամեն ինչի մասին է եկեղեցին խոսում։ Ի՞նչ անեն, չխոսե՞ն այդ թեմաներից։ Այս դեպքում չխոսելն է սխալ»,- ասաց Քոչարյանը։ Ակցիայի մասնակիցներց մեկն էլ ասաց, որ իրենց նպատակն այն է, որ ի լուր աշխարհի և այն անձանց, որոնք փորձում են ոտնձգություն իրականացնել եկեղեցու, հոգեւոր հայրերի դեմ, որ հասկանան, որ նրանք երբեք չեն կարող հասնել իրենց նպատակներին: Եկեղեցին այսօր միակ կանգուն կառույցն է, որին իշխանության ձեռքը չի հասել։
13:27 - 24 փետրվարի, 2024
Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարել նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը․ ժողովն ավարտվել է

Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի է համարել նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը․ ժողովն ավարտվել է

Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:  Հայաստանի ու Արցախի շուրջ ընթացող զարգացումների, երկրի առջև ծառացած մարտահրավերների, արցախահայության իրավունքների պաշտպանության, նրանց ուղղված սոցիալական աջակցության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացված նախաձեռնությունների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Սոցիալական Ծառայության վարչական խորհրդի ատենապետ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Տիար Արման Թաթոյանը։  Քննարկման ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց հրադադարի պայմաններում Ադրբեջանի անթաքույց ծավալապաշտական նկրտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունները և թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը։ Հայրենիքի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների հաղթահարման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Գերագույն հոգևոր խորհուրդը կենսական և կարևոր համարեց համազգային միաբանությունը, ազգային կառույցների ներուժի արդյունավետ կենտրոնացումը, Հայաստան և սփյուռք հարաբերությունների առողջացումն ու գործակցության պատշաճ կազմակերպումը։ Ժողովականները նաև աղոթք բարձրացրին օրեր առաջ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի պատճառով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։ Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից որդեգրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության թիրախավորման ու յուրացման քաղաքականությանը, պատմամշակութային արժեքների, պատմական սրբատեղիների ու շիրիմների պղծման ու ոչնչացման դեպքերին։ Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորեց Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի հետևողական ջանքերը միջազգային հանրությանն իրազեկելու Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների մասին։  Տեղեկացվեց նաև, որ իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում անցնող ամիսներին Եկեղեցին կեցության պայմաններով ապահովել և նյութական աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված բազում արցախահայերի, մասնավորաբար ուշադրության կենտրոնում են եղել զոհվածների և չորս ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Ընդգծվեց սոցիալական ծրագրերի շարունակականությունը ապահովելու համար նոր միջոցների ներգրավման անհրաժեշտությունը։  Եկեղեցի-պետություն հարաբերություններին և հանրակրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների մասին զեկույցներ ներկայացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։  Արձանագրվեց, որ Եկեղեցի-պետություն ոչ բնականոն հարաբերությունների պատճառով լուծման կարոտ են մնացել ազգային-հոգևոր նշանակության մի շարք առանցքային հիմնախնդիրներ՝ առնչված օրենսդրական, կրթական, մշակութային, սրբավայրերի պահպանության կարևորագույն ոլորտներին։  Ժողովականները մտահոգություն արտահայտեցին, որ հանրակրթության ոլորտում իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում հարվածի տակ են հայտնվել հայագիտական առարկաները, մասնավորաբար կոպտագույն սխալներով, բացթողումներով և կամայական մոտեցումներով աղճատվել և ձևախեղվել է Հայոց պատմության բովանդակությունը։ Վերահաստատելով իր դիրքորոշումը ԳՀԽ եզրահանգեց, որ օրինական բոլոր ճանապարհներով պետք է հանրակրթությունը զերծ պահել ինչպես հակագիտական, այնպես էլ հակազգային հոսանքների և գաղափարների ազդեցությունից։  Մասնավոր անդրադարձ կատարվեց նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրությանը։ Ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության հիմքն են կազմում ազգային-հոգևոր կյանքի խորհրդանիշերը, մեր ժողովրդի նվիրական անցյալի հիշատակներն ու իրադարձությունները և ազգային մեր իղձերն ու ձգտումները՝ ժողովականներն անթույլատրելի համարեցին այդ արժեքների որևէ նսեմացում կամ անտեսում հանրային քննարկումներում, առավել ևս նոր Սահմանադրության ընդունման համատեքստում։ Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի համարեց նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաև որպես հետևանք արտաքին հարկադրանքի։ Արձանագրվեց, որ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ Հայաստանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի խոսույթը միայն խորացնում է առկա կասկածները։ Քննության առնելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ ԳՀԽ խիստ կարևորությամբ ընդգծեց, որ օրենքում առաջարկվող հավելումները չպետք է հակասեն մեր ժողովրդի՝ ընտանիքի նվիրական պատկերացումներին ու քրիստոնեական ընկալումներին և չպետք է տեղիք տան մերժելի տարընկալումների։  Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաև Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:  Ժողովականները նաև այցելեցին Մայր Տաճար և ծանոթացան հիմնանորոգության ընթացքին։ Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները ավարտական փուլում են։ Որոշվեց Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի և Վարագա Ս. Խաչի տոներին։ ԳՀԽ թելադրեց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների համակարգող հանձնախմբին իրականացնել Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպչական աշխատանքները։  Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2023 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան հաշվետվությունը և Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։ Ներկայացվեցին նախորդ տարում Հայաստանում և սփյուռքի համայնքներում իրականացված հոգևոր-քարոզչական, մշակութային, կրթական և սոցիալական բնույթի ծրագրերը։  Քննարկման առարկա դարձան նաև Նվիրապետական Աթոռների, թեմերի գործունեությանը, եկեղեցավարչական, կանոնական, իրավական, կրթադաստիարակչական ոլորտներին առնչվող տարաբնույթ այլ հարցեր։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
13:03 - 24 փետրվարի, 2024
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը ողջունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին։  Այնուհետև իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունը հայցեց ժողովականներին արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը: Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։ Մասնավոր անդրադարձ կկատարվի տարվույս ընթացքում Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության կազմակերպմանը։   Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական  տարաբնույթ հարցեր։
17:39 - 20 փետրվարի, 2024
Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ

Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայտնում են Մայր Աթոռից։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։ Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ գոհություն վերառաքելով առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ վերստին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
13:45 - 20 փետրվարի, 2024
Եկեղեցիների միջև հարաբերությունների սերտացում. Գարեգին Բ–ն ընդունել է արքեպիսկոպոս Ակսիյին

Եկեղեցիների միջև հարաբերությունների սերտացում. Գարեգին Բ–ն ընդունել է արքեպիսկոպոս Ակսիյին

Ռուս եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյը ամեն ջանք կգործադրի հայ և ռուս ժողովուրդների ու եկեղեցիների միջև հարաբերությունների առավել սերտացման համար։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը, նա այդ մասին ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը։ Դեկտեմբերի 23-ին տեղեկացրել էինք, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդը միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկուն ազատել է ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարչի պաշտոնից և թեմի ժամանակավոր կառավարումը հանձնել Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Գարգեին Բ-ն արքեպիսկոպոս Ակսիյին մաղթել է արդյունավետ առաքելություն՝ ի նպաստ Հայաստանում ռուսական համայնքի հոգևոր կյանքի զորացման և երկու եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման: «Հայոց հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը, որի ակունքներում կանգնած են նաև երկու եկեղեցիները։ Վեհափառը վստահությամբ արձանագրել է, որ հավատն այն ամուր հիմքն է, որով ժողովուրդներն արժանապատվորեն կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները՝ վերականգնելով իրենց կյանքում բաղձալի խաղաղությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Գարեգին Բ-ն անդրադարձել է հայ ժողովրդի համար դժվարին այս շրջանում ռուս եկեղեցու հովվապետի ներդրած ջանքերին՝ ուղղված Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանմանը։ Հայոց հայրապետը շեշտել է, որ հայաթափված Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվում են ոտնձգությունները հայկական սրբավայրերի նկատմամբ, փաստագրված են նաև սրբատեղիների ոչնչացման դեպքեր։ Ամենայն հայոց կաթողիկոսը մաղթել է, որ Տերը զորավիգ լինի պատերազմների փորձության միջով անցնող ժողովուրդներին։
17:18 - 10 փետրվարի, 2024
Եկեղեցին մենակ չէ․ մի խումբ երիտասարդներ Մայր աթոռի մոտ պաշտպանության ակցիա են անում
 |armeniasputnik.am|

Եկեղեցին մենակ չէ․ մի խումբ երիտասարդներ Մայր աթոռի մոտ պաշտպանության ակցիա են անում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եկեղեցին միայնակ չէ և ուժեղ է իր հավատացյալներով։ Սա ցույց տալու համար մի խումբ երիտասարդներ այսօր ակցիա են կազմակերպել Էջմիածնի Մայր աթոռի մոտ՝ ի աջակցություն եկեղեցու։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին գրեթե ամեն օր հարձակումների է ենթարկվում, և հավատավորների պաշտպանության կարիքն ունի։ Հատկապես վերջին դեպքերից հետո, երբ առաջին անգամ նորանկախ հանրապետության պատմության մեջ ամանորի նախաշեմին կաթողիկոսի ելույթը չհեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ, երիտասարդները որոշեցին միավորվել և ցույց տալ, որ պատրաստ են պայքարի։ Շեշտում են՝ այն, ինչ այսօր արվում է եկեղեցու դեմ, դատապարտելի է։ «Ինքնաբուխ կերպով չկարողացանք այլևս լռել, եկել ենք այստեղ մեր աջակցությունը, որդիական խոնարհումը ձեզ առաջարկելու, պատրաստ ենք եկեղեցու կողքին կանգնել և ցանկացած տեսակի պայքարում առաջամարտիկ լինել»,- նշեց ակցիայի մասնակիցը։ Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկան Մայր աթոռի ներկայացուցիչները։ Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշեց՝ պատմության ընթացքում եկեղեցին փորձություններ շատ է հաղթահարել, հիմա էլ պետք է հաղթահարի։ «Լինել եկեղեցու կողքին՝ նշանակում է լինել ինքդ քո կողքին, պաշտպանել քո ինքնությունը, ապրելու իրավունքը, արժանապատվությունը և ավելացնել քար քո ապագայի կառուցվող շենքին», - ասաց դիվանապետը։ Եկեղեցականները գոհունակություն հայտնեցին, որ երիտասարդները համախմբվել են և եկել իրենց աջակցությունը հայտնելու։
15:59 - 17 հունվարի, 2024
Լրագրողական կազմակերպությունները՝ կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրայինի եթերով չհեռարձակելու մասին

Լրագրողական կազմակերպությունները՝ կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրայինի եթերով չհեռարձակելու մասին

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերության եթերով չհեռարձակելու կապակցությամբ: «Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի նախաամանորյա եթերով, հակառակ ձևավորված ավանդույթի, չհեռարձակվեց Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս փաստը տոնական օրերին հասարակության լայն շրջանակների քննարկման թեմա դարձավ։ Այն մոտեցումը, որը Հանրային հեռուստաընկերությունը նախատեսել էր կիրառել, այն է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը հեռարձակել եթերի ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար առանձնացված ժամին, և ըստ այդմ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին, դժվար է արդարացված և հիմնավորված համարել։ Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, Մայր Աթոռն իր անհամաձայնությունն է հայտնել այդ ձևաչափի առնչությամբ։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, կարծում ենք, որ ավանդույթները, որոնք գրեթե պետական արարողակարգի բնույթ են ստացել, պետք է փոփոխության ենթարկվեն միայն հանրային կարծիքի ուսումնասիրության և հնարավոր հետևանքների վերլուծության արդյունքում։ Ի գիտություն ընդունելով Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումն առ այն, որ ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի դրանք, այնուամենայնիվ պնդում ենք, որ, նախ, տվյալ պարագայում հանրային հեռարձակողին տեղին չէ նույնացնել «յուրաքանչյուր հեռուստաընկերության» հետ, և, բացի այդ, ներկայացված փաստարկն ընդունելի կլիներ, եթե Խորհուրդը նախապես հանդես գար նման նախաձեռնությամբ կամ հայտարարեր դրա մասին, թեման դարձներ բազմակողմանի քննարկման առարկա՝ այդ ընթացքում պահպանելով արմատավորված պրակտիկան։ Կաթողիկոսի ուղերձը ավանդական ձևաչափով չհեռարձակելու կողմնակիցների այն հիմնավորումը, որ Հայրապետը և եկեղեցին այսօր չեն վայելում հասարակության հարգանքը, առիթ է ստեղծում ի պատասխան խոսել վարչապետի վարկանիշի, Հանրային հեռարձակողի նկատմամբ վստահության և Հայաստանի անկախությունից ի վեր ձևավորված ավանդույթը վերացնելու իրավունքի մասին։ Անհրաժեշտ է հասկանալ, որ Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ծագող նման հակասությունները, դրանցում առկա անցանկալի քաղաքական երանգները չեն կարող նպաստել հանրային կյանքի առողջացմանը, այլ հակառակը՝ սնում են հասարակության տարբեր շրջանակների միջև ձևավորված բևեռացումը։ Ի գիտություն ենք ընդունում նաև, որ Հանրային հեռարձակողի խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքի և Հանրային ռադիոյի եթերում հնչել է Կաթողիկոսի ուղերձը, սակայն այդ փաստը չի լուծում առաջացած խնդիրը, որը պետք է դառնա հետագա քննարկումների և ողջամիտ որոշումների առիթ։ Ելնելով վերոգրյալից՝ Հանրային հեռարձակողի խորհրդին կոչ ենք անում․ առավել շրջահայացություն դրսևորել գործունեության այն ավանդույթների նկատմամբ, որոնք ծայրահեղ զգայուն են հասարակության համար, և դրանք փոփոխելիս հիմնվել վստահելի ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, նախաձեռնել հանրային և մասնագիտական քննարկումներ Հանրայինի եթերում Ամանորի ուղերձները հեռարձակելու համար օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ», - նշված է հայտարարության մեջ:
19:06 - 06 հունվարի, 2024
Մայր Աթոռի մատենադարանը դադարեցնում է համագործակցությունը Հանրային ՀԸ-ի հետ

Մայր Աթոռի մատենադարանը դադարեցնում է համագործակցությունը Հանրային ՀԸ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։ «Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։ Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ, քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»,- ասված է հայտարարությունում։ Երեկ՝ 2023թ․ դեկտեմբերի 31-ի երեկոյան, Մայր Աթոռից հայտնել էին, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը ՀՀ վարաչապետի ուղերձից առաջ առանձին հաղորդմամբ։  Հանրային հեռուստաընկերությունը տեղի ունեցածի վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացրել:
16:25 - 01 հունվարի, 2024
Հանրային ՀԸ-ն չի հեռարձակի Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը․ Մայր Աթոռ

Հանրային ՀԸ-ն չի հեռարձակի Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը․ Մայր Աթոռ

Մայր Աթոռը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը ՀՀ վարաչապետի ուղերձից առաջ առանձին հաղորդմամբ։ «Ցավոք, Ամանորի այս երեկո ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի։ Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվեց Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց։ Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը»,- հայտնում են Մայր Աթոռից։
22:14 - 31 դեկտեմբերի, 2023
Մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է. ԿԳՄՍ նախարար
 |tert.am|

Մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է. ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Ես որևէ դիրքորոշում և կարծիք երբևէ չեմ արտահայտում եկեղեցու մասին, որովհետև, առաջին հերթին, կարծում եմ, որ բոլորովին դրա անհրաժեշտությունը չկա: Այս մասին այսօր, տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Եկեղեցին ունի իր դիրքորոշումը, դա նոր չի: Ես բազմիցս նախարարության դիրքրոշումը հայտնել եմ, մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է: Պետությունը հաշվի է առնում մասնագիտական կարծիքները և կազմակերպում մանկավարժական այն մոտեցմամբ, որը տալիս է արդյունք, մնացյալ ամենը, իհարկե լսվում է հաշվի առնվում, բայց բոլորովին պարտադիր չի, որ դա ազդի պետական քաղաքականության վրա: Եկեղեցին գրավոր նամակ է ուղարկել, գրավոր նամակը ինչպես մյուս բոլոր դիտարկումները, որոնք պիտի արտացոլվեն իմ նշած փաստաթղթում, կլինեն այդտեղ, իհարկե»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
13:20 - 27 դեկտեմբերի, 2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Շնորհառատ օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշոնրհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ:Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուռ-մկրտարան բերեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնելով ուխտավոր հայորդիներին։ Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սիրելի հավատացյալներ, պատմության ընթացքում, երբ որ հայ ազգը շեղվել է առաքյալների քարոզած հավատքից, հեռացել է նրանց հիմնած Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու դադարել է լսել իր հոգևոր առաջնորդներին, ընկել է փորձությունների մեջ։ Երբեմն որոշ շրջանակներ տարածում են այն թեզը, թե հայ ազգը թուլացավ, երբ քրիստոնեա դարձավ։ Սակայն իրականում ճիշտ հակառակն է, հայ ազգը թուլացավ, կորուստներ ունեցավ ոչ թե քրիստոնյա լինելու պատճառով, այլ քրիստոնյա չլինելու պատճառով։ Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը և առաքյալների քարոզած մաքուր հավատի ու քրիստոնեության պակասը։ Սուրբ Գրքում հստակորեն ասվում է, որ եթե Աստծո կողմից տրված օրենքները չպահեք, ապա բոլոր ազգերից վերջինը կլինեք, դուք կցանեք ուրիշները կուտեն, պատերազմների մեջ կընկնեք, ձեր զավակները գերի կլինեն, կսփռվեք աշխարհով մեկ (տե´ս Ղևտ. ԻԶ 14-33), իսկ եթե Աստծո պատվիրանները պահեք, ապա պիտի հաջողեք ու հզորանաք, դուք հալածական կանեք ձեր թշնամիներին և Տերը ձեր երկրին խախաղաղություն կպարգևի (տե´ս Ղևտ. ԻԶ 3-8)»։ Հայր Մովսեսն ընդգծեց նաև, որ առաքյալների տոնը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ մեր սերն ու հավատարմությունը վերահաստատելու և մեր հայրերի ու վարդապետների թողած ժառանգությանն ու բարոյական արժեքներին հավատարիմ մնալու ուխտի օր է։ Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին աղոթքով հայցել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարթողիմեոս առաքյալների բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի Աստված առաքելական հավատքի մեջ զորացնի ու պահպանի մեր ժողվրդին և աստվածամուխ Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել հայոց կյանքում՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։ Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը: Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:
14:31 - 02 դեկտեմբերի, 2023