Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 14-ին։ 1991 թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Արցախի պետական համալսարան) ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1991-1992 թթ. ուսանել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ սոցիալական հոգեբանություն մասնագիտությամբ։ 1998 թ. ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան։

1992-1993 թթ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տեղեկատվական քաղաքականության բաժնի առաջատար, այնուհետեւ` գլխավոր մասնագետ։ 1993-2001 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ, միջազգային կազմակերպությունների վարչության պետ, նախարարի խորհրդական – քաղաքական վարչության պետ։ 2001-2007 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: 2008 թ․ հիմնադրել եւ մինչեւ 2017 թ. ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։ 2016-2017 թթ. Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան:

1993-1997 թթ․ ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ, Ռուսաստանի ԱԳՆ եւ Պաշտպանության նախարարության միջնորդությամբ ընթացող բանակցություններին։ 2004-2007 թթ․ մասնակցել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի Տեղեկատվական անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։ 2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արտաքին գործերի նախարար:

Մ․ Մայիլյանը և Վ․ Հարությունյանը կարևորել են զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, ռազմագերիների, պատանդների ազատ արձակման աշխատանքների արագ իրականացումը

Մ․ Մայիլյանը և Վ․ Հարությունյանը կարևորել են զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, ռազմագերիների, պատանդների ազատ արձակման աշխատանքների արագ իրականացումը

Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ արտգործնախարարությունը։ Մասիս Մայիլյանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով՝ հատուկ ընդգծելով, որ ստեղծված դժվարին իրավիճակում այն էլ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին՝ կարևորելով հանրապետությունում կայունության ապահովման և մարդասիրական ոլորտում առկա բարդ խնդիրների լուծմանն ուղղված, Արցախի իշխանությունների հետ համագործակցությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նախարարները երկուստեք նշել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքների արագ իրականացման կարևորությունը:
23:19 - 28 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված իրավիճակի, հրադադարի հաստատման, Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցերի և Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Անդրադառնալով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն ընդգծել են տեղահանված արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը: Երկուստեք կարևորվել են Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման համար գործադրվող ջանքերը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային մասնագիտացված այլ կառույցների ներգրավմամբ: Արա Այվազյանը և Մասիս Մայիլյանը կարևորել են միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի պաշտպանության միջոցով: Այս ուղղությամբ ընդգծվել է երկու գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Արցախի ԱԳ նախարարն էլ հայտնում է, թե հանդիպման ընթացքում նշել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը՝ երաշխավորելու իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները։    
20:29 - 28 նոյեմբերի, 2020
Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։  Խորին Երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ: Հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։ Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։ Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։ Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը բխում է արդարության և ժողովուրդների հավասարության սկզբունքներից և կարևոր ներդրում կունենա Հարավային Կովկասում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում:
21:29 - 25 նոյեմբերի, 2020
Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրել է Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում։ Հանդիպմանը քննարկվել է Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս համատեքստում կարևորել եմ վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։ Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։
23:26 - 24 նոյեմբերի, 2020
Բաքվի հայտարարությունները վերահաստատում են Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը. Մասիս Մայիլյան

Բաքվի հայտարարությունները վերահաստատում են Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ վերջին հրապարակային քննարկումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների սադրիչ հայտարարությունները վերահաստատում են Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը` որպես Թուրքիայի և նրա վեհահսկողության ներքո գտնվող միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակից ելքի առավել օպտիմալ և արդյունավետ ճանապարհ: Այս մասին մեկնաբանությամբ հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցին։  ԱՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված կտրուկ հրաժարումը Արցախի կարգավիճակի հարցի քննարկումից վերացնում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խանգարող ցանկացած խոչընդոտ. անկախության, որը մեր ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման արդյունքն է: «Եթե նախկինում պետությունները ձեռնպահ էին մնում ճանաչել Արցախի անկախությունը`  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին խանգարելու մտավախությամբ պայմանավորված, ապա Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների մի զգալի մասի օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Բաքվի հրապարակային հրաժարումից հետո այդ մտավախությունները կորցրին իրենց արդիականությունը: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը կարևորագույն պայմաններ կստեղծեն հանրապետության տարածքային ամբողջականությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով վերականգնելու համար: Միջազգային հանրությունն իրավունք չունի համակերպվել այն իրավիճակի հետ, որը  երկու ամբողջատիրական և ցեղասպան պետությունների, ինչպես նաև միջազգային ահաբեկիչների դաշինքի զինված ագրեսիայի արդյունքն է, որոնց գործողությունները չեն տեղավորվում քաղաքակիրթ աշխարհի իրավական և բարոյական նորմերի շրջանակներում»,- նշել է Մասիս Մայիլյանը:
18:29 - 20 նոյեմբերի, 2020
Մարսելի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը. Մասիս Մայիլյան

Մարսելի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը. Մասիս Մայիլյան

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը: «Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը միջազգային հանրության հետ մեկտեղ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով»,- նշել է Մայիլյանը:
09:33 - 20 նոյեմբերի, 2020
Հայկական ժառանգության մշակութային հուշարձանները ոչնչացման սպառնալիքի տակ են․ Արցախի ԱԳ նախարարը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Հայկական ժառանգության մշակութային հուշարձանները ոչնչացման սպառնալիքի տակ են․ Արցախի ԱԳ նախարարը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նամակում նշվում է, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, որտեղ տեղակայված են հայկական ժառանգության բազմաթիվ մշակութային հուշարձաններ, հայտնվել է Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ։Արտաքին գործերի նախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «համացանցում շրջանառվում են տեսագրություններ և լուսանկարներ, որտեղ երևում են Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պատերին ադրբեջաներեն գրություններ։ Քանդվել են եկեղեցու կոմպոզիցիոն մասը կազմող քանդակներ, վնասվել են անմիջապես եկեղեցում գտնվող արտեֆակտեր։ Ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարված են հասցրել եկեղեցու վրա։ Հարձակման արդյունքում լուրջ վնասներ են հասցվել եկեղեցուն։ Երկրորդ հարվածի ժամանակ վիրավորվել են լրագրողներ, որոնք եկեղեցում էին` առաջին հարվածի հետևանքները փաստագրելու նպատակով»։ Նամակում ընդգծվում է, որ հայկական պատմական և մշակութային ժառանգության գոյության սիստեմատիկ ժխտումը և դրա ոչնչացումը վաղուց արդեն նորմ են Ադրբեջանում և հայերի նկատմամբ ատելություն ու այլատյացություն սերմանելու պետական քաղաքականության մաս են կազմում։ Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներում տեղակայված հայկական ժառանգության մշակութային հուշարձանների ոչնչացման սպառնալիքի կապակցությամբ նախարար Մայիլյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդյունավետ քայլեր ձեռնակրելու անհրաժեշտությունը՝ ապահովելու հայկական պատմական, մշակութային և հոգևոր հուշարձանների պաշտպանությունը և երաշխավորելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։
22:35 - 19 նոյեմբերի, 2020
Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ՝ շնորհավորելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայլիյանը:    «Վստահ եմ, որ դիվանագիտական ծառայության ոլորտում նրա հարուստ փորձը և մասնագիտական ներուժը ի սպաս կդրվեն հայկական երկու պետությունների շուրջ ստեղծված դժվարին իրավիճակում արդյունավետ լուծումներ գտնելուն և ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման կարևոր և պատասխանատու առաքելությանը:   Հեռախոսազրույցի ընթացքում համոզմունք եմ հայտնել, որ մեր գերատեսչությունների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ համահայկական օրակարգի և նպատակների առաջմղման ու իրականացման»,- գրել է Մայիլյանը:
22:15 - 19 նոյեմբերի, 2020
Ողջունում ենք Նիդերլանդների համարձակ քայլը, հուսով ենք՝ այն նախադեպ կդառնա. Արցախի ԱԳՆ

Ողջունում ենք Նիդերլանդների համարձակ քայլը, հուսով ենք՝ այն նախադեպ կդառնա. Արցախի ԱԳՆ

Ողջունում ենք ս.թ. նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։ Խորհրդարանը նաև կոչ է անում դադարեցնել ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի մատակարարումը՝ Արցախի դեմ ագրեսիայում նրա մեղսակցության պատճառով։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։  Բարձր ենք գնահատում Նիդերլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը, որը վկայում է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և արդարության գաղափարներին հավատարմության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիության և դրանց կանխարգելման ու դատապարտման շուրջ նրանց վճռական դիրքորոշման մասին։ Հուսով ենք, որ Նիդերլանդների խորհրդարանի այս քայլը նախադեպ կհանդիսանա նաև այլ երկրներում նմանատիպ որոշումների ընդունման համար։ Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ որտեղ կոչ է արել միջազգային հանրությանը որպես Ադրբեջանին զսպելու և պատասխանատվության ենթարկելու միջոց այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ կիրառել անհատական բնույթի պատժամիջոցներ: 
19:18 - 18 նոյեմբերի, 2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի շնորհակալական ուղերձը դիվանագիտական ծառայության աշխատակիցներին․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի շնորհակալական ուղերձը դիվանագիտական ծառայության աշխատակիցներին․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի շնորհակալական ուղերձը դիվանագիտական ծառայության աշխատակիցներին։   «Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության սիրելի աշխատակիցներ, Մեր Հայրենիքը ծանրագույն փորձության շրջան է ապրում՝ հերոսական պայքար մղելով ոչ միայն արցախահայության կյանքի իրավունքի, այլև, առանց չափազանցության՝ ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի համար: Այդ պայքարը լի է Արցախի պաշտպանության բանակի, կամավորականների և աշխարհազորայինների անօրինակ հերոսության, ինքնազոհության և Հայրենիքին անվերապահ նվիրվածության բազմաթիվ դրվագներով: Խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մեր ազատությունը, ինչպես նաև գլուխ եմ խոնարհում նահատակված հայ մարտիկների լուսավոր հիշատակի առջև: Այս անհավասար պայքարում իրենց կյանքը զոհածների հիշատակը ընդմիշտ կպահենք մեր սրտերում: Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել տարբեր ոլորտներում իրենց մասնագիտական պարտքը կատարած մարդկանց աշխատանքը: Մասնավորապես՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ՝ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև կամավորներ՝ այս դաժան պայմաններում անմնացորդ նվիրվելու մեր աշխատանքներին՝ ուղղված միջազգային հանրությանը մեր արդար պայքարի մասին իրազեկելուն, հակահայկական քարոզչությանը դիմակայելուն, Արցախի ժողովրդին միջազգային հանրության աջակցությունը մոբիլիզացնելուն: Մեր աշխատակիցները պայքարել են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլ նաև՝ ռազմի դաշտում: Ի մեծ ափսոսանք մեր, առաջնագծում զոհվել է Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը, ով թշնամու ագրեսիայի հենց առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է պատերազմին: Արցախի համար այդ ծանր պահին իրեն ամբողջությամբ Հայրենիքին ծառայելուն է նվիրել Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Արսեն Պարսամյանը, և նրա սիրտը չդիմացավ: Օրհնյալ լինի նրանց հիշատակը: Մարտերի ընթացքում ծանր վիրավորում է ստացել պետական արարողակարգի ծառայության աշխատակից Սամվել Սարյանը. նրան մաղթում ենք շուտափույթ ապաքինում և վերադարձ դիվանագիտական ծառայության շարքեր։ Մեր ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի օրերին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստել և տարածել է տասնյակ հայտարարություններ ու մեկնաբանություններ, որոնցում հանգամանորեն ներկայացված էին Արցախի Հանրապետության դիրքորոշումը զինված ագրեսիայի վերաբերյալ և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: Հայտարարությունների մեծ մասը՝ որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը և այլն: Արցախի տեղեկատվական շտաբի հետ համատեղ մեր աշխատակիցների կողմից հսկայական աշխատանք է իրականացվել՝ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով Արցախ ժամանած օտարերկրյա լրագրողներին աջակցելու ուղղությամբ: Օտարերկրյա և հայկական ԶԼՄ-ներին հարյուրավոր հարցազրույցներ են տրվել: Բացի իր հիմնական գործառույթներից Արտաքին գործերի նախարարությունն աջակցում էր նաև այլ կառույցների, մասնավորապես՝ օգնում էր հանրապետության Ազգային ժողովին պահպանել միջազգային կապերը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ զեկույցները տարածելու միջազգային կազմակերպություններում, Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին և այլ պետական ինստիտուտների: Ողջ աշխարհի հայկական կառույցների և Սփյուռքի առանձին ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա մեր բարի և հավատարիմ բարեկամների աջակցությամբ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությանը հաջողվել է հասնել մի քանի տասնյակ երկրների օրենսդիր մարմինների և քաղաքների քաղաքային խորհուրդների կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան դատապարտող, Արցախի Հանրապետության անկախությանը և նրա բնակիչների անկապտելի իրավունքներին սատարող բանաձևերի ընդունմանը: Եվս մեկ անգամ ուզում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել մեր արհեստավարժ թիմին, որը պատերազմի ծանրագույն պայմաններում բառացիորեն շուրջօրյա ռեժիմով կատարել է իր քաղաքացիական և ծառայողական պարտքը՝ անելով հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախի ձայնը լսելի լինի միջազգային ասպարեզում: Անկասկած, մեր աշխատանքում անգնահատելի օգնություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, հայկական Սփյուռքը, ինչպես նաև Արցախի օտարերկրացի բարեկամները: Համոզված եմ, որ նոր և բարդ պայմաններում Արցախի դիվանագիտական ծառայությունը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ միջազգային ասպարեզում մեր ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու և առաջ մղելու, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային ճանաչման համար պայքարելու նպատակով»:
15:17 - 13 նոյեմբերի, 2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուի հետ

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուի հետ

Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտուի հետ։ ԱԳՆ ղեկավարը ողջունել է իսպանացի պատգամավորին և երախտագիտություն հայտնել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրերից Արցախին ցուցաբերված քաղաքական աջակցության համար։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Բասկերի Երկրի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնց համար ամուր հիմք են հանդիսացել 2014 թ. երկրամասի խորհրդարանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտի և Դոնոստիայիա միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումը։ Ջոն Ինյարիտուն, իր հերթին, նշել է, որ Արցախ այցելության նպատակն է ևս մեկ անգամ իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Արցախին ու նրա ժողովրդին և անձամբ ծանոթանալ ներկայումս հանրապետությունում տիրող իրավիճակին ու նրա դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։ Պատգամավորի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այսօր Արցախը, փաստորեն, պայքարում է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև միջազգային ահաբեկչության դեմ։ Մասիս Մայիլյանը նշել է, որ այս պայմաններում միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ կասեցնելու Արցախի դեմ պատերազմական գործողությունները՝ որպես ամենաարդյունավետ միջոց շեշտելով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Արցախը նաև կարիք ունի մասնագիտացված միջազգային մարդասիրական կառույցների ներգրավվածության՝ հաղթահարելու պատերազմի արդյունքում հանրապետությունում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը։ Ջոն Ինյարիտուն վստահեցրել է, որ կշարունակի իր հետևողական գործունեությունը՝ Իսպանիայի օրենսդիր մարմնում և Եվրոպական խորհրդարանում՝ իրազեկելու Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ ջանքեր կգործադրի իր երկրի կողմից Արցախի ժողովրդին աջակցություն ապահովելու հարցում։
00:17 - 07 նոյեմբերի, 2020