Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է. Սիրելի հայրենակիցներ, Սիրելի ժողովուրդ,Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը:Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն: Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի:Պիտի արձանագրեմ նաև, որ սահմանադրական մյուս հիմնարար նպատակներն ամրագրելու ճանապարհին մեծ աշխատանք ունենք անելու, և մեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են հենց այդ նպատակներին:Սահմանադրության օրվա առիթով պիտի առանձնահատուկ ընդգծեմ ՀՀ Սահմանադրության հոդված 3-ի դրույթները, համաձայն որի՝ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Պիտի ցավով արձանագրեմ, որ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի:Ամուր իրավակարգը, անկախ դատական համակարգը, օրինականության մեխանիզմները պիտի դառնան նաև մարդու արժանապատվության պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները, և այս հարցի լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների շարքում է: Սիրելի հայրենակիցներ, Տեղյակ եք անշուշտ, որ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը ու մինչև տարեվերջ պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ:Ակնհայտ համարելով, որ Սահմանադրությունը մշտապես զարգանալու, բարելավելու կարիք ունի, միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ համոզմունքս, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով: Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնա մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման եթե ոչ միակ, առնվազն առանցքային և վճռական գործոն:
09:36 - 05 հուլիսի, 2022
Վարչապետն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին

Վարչապետն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնին։ Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, և նշել, որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացվում մի շարք ոլորտներում։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ և միջազգային այլ գործընկերների օժանդակությունը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։ Դեյմոն Ուիլսոնը նշել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու հայաստանյան տարբեր կառույցների հետ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ։
15:39 - 04 հուլիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ: Ամեն տարի հուլիսի 4-ին միլիոնավոր ամերիկացիներ, այդ թվում՝ ամերիկահայ մեր հայրենակիցները, տոնում են Միացյալ Նահանգների ամենակարևոր օրը` Անկախության օրը: Անկախության հռչակումից հետո ԱՄՆ-ի ժողովուրդը և բոլոր կառավարությունները հետևողականորեն գնացել են ազատության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման ճանապարհով: Միացյալ Նահանգների դերակատարությունն ու առաջնորդությունը ժողովրդավարության հարցում էական դեր է խաղում ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատման, այլև տարածաշրջանների ժողովուրդների համար կանխատեսելի ու խաղաղ զարգացման միջավայր ձևավորելու տեսանկյունից: Մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունն ու գործընկերությունը խարսխված են ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա: Ուրախ եմ արձանագրել, որ ժողովրդավարության ամրապնդման հարցում մեր կառավարությունների միջև համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ: Կրկին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների ժողովրդին բարօրություն և խաղաղություն: Ընդունեք խնդրեմ, մեծարգո Նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։
10:18 - 04 հուլիսի, 2022
Կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Ն. Փաշինյանը մասնակցել է ՀԱՊՀ շրջանավարտների ավարտական երեկոյին

Կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը. Ն. Փաշինյանը մասնակցել է ՀԱՊՀ շրջանավարտների ավարտական երեկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերաներ, հայտնի շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այս տարվա շրջանավարտներն ու նրանց ծնողները: Վարչապետը շնորհավորել է ներկաներին հիշարժան օրվա առիթով և նշել. «Մենք գտնվում ենք մի բուհում, որը, ըստ էության, կանխորոշել է Հայաստանի այսօրվա դիմագիծը բառիս բուն իմաստով: Ի՞նչ նկատի ունեմ. երբ Հայաստանի երկրորդ հանրապետությունում սկսվեց ինդուստրալիզացիայի պրոցեսը, ամեն տարի այս բուհից դուրս էին գալիս հազարավոր ինժեներներ, ճարտարագետներ, որոնք ամեն օր վերափոխում էին, վերակառուցում էին Հայաստանը: Այն, ինչ այսօր մենք ունենք, սկսած՝ էներգետիկայի ոլորտից, ենթակառուցվածքների, քաղաքաշինության, հաղորդակցության, տրանսպորտային համակարգերի ոլորտներով, դրանց մեծ մասը սաղմնավորվել է այս պատերի ներսում: Սա շատ կարևոր է արձանագրել »: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ժամանակակից տեխնոլոգիայի զարգացումը հանրապետությունում. «Երրորդ հանրապետության պատմության մեջ առկա պրոբլեմների մի հսկայական մասը կապված է տեխնոլոգիական այն բացերի հետ, կամ տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից և թրենդներից հետ մնալու հետ, որը, ցավոք, մենք ունեցանք: Ես ուզում եմ և հույս ունեմ, որ այս նոր ժամանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ավելի ճիշտ՝ նրա շրջանավարտները կվերգտնեն այն երբեմնի գործառույթը՝ ամեն օր Հայաստանն ավելի ու ավելի տեխնոլոգիական երկիր դարձնելու, որ ժամանակին ունեցել է այս համալսարանը և ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը: Կարծում եմ՝ մենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը պետք է դիտարկենք այս տեսանկյունից, որ Հայաստանը մեր բուհական համակարգի միջոցով պիտի օր առաջ դառնա առավել մրցունակ հենց տեխնոլոգիական ոլորտում: Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը, և սա չափազանց կարևոր է: Հենց Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է՝ հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետև մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու: Տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում մենք տեսնում ենք անսպասելի միտումներ, երբ տեխնոլոգիայի դարում մարդը փորձում է ավելի ու ավելի մոտիկ լինել բնությանը, ավելի ու ավելի մոտիկ լինել իր ծագմանը և ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել շրջակա միջավայրը պահպանելու, պաշտպանելու, բայց մյուս կողմից՝ շրջակա միջավայրը մարդուն, հասարակությանը, պետությանը, երկրին ծառայեցնելու: Հարգելի շրջանավարտներ, ես շնորհավորում եմ ձեզ և ուզում եմ հավատալ, որ բուհից դուրս եք գալիս Հայաստանն ամեն օրվա հետ ավելի լավը դարձնելու առաքելությամբ, Հայաստանը շարունակաբար տեխնոլոգիական զարգացող և ի վերջո՝ զարգացած երկիր դարձնելու առաքելությամբ: Ես ուզում եմ ձեզ կանաչ ճանապարհ, բարի երթ մաղթել այս հիրավի դարակազմիկ առաքելությունն իրականացնելիս: Շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ընտանիքի անդամներին, ձեր ուսուցիչներին, ձեր դասախոսներին և ձեզ համար կյանքի ճանապարհ բացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Շնորհավորում եմ, ի վերջո, մեզ բոլորիս, որ մեր երկիրը զարգացման ճանապարհին ահա այսպիսի նոր ներուժ, նոր ավյուն և նոր ոգևորություն պիտի ստանա»,- ասել է վարչապետը:  Նիկոլ Փաշինյանը ՀԱՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ: Մասնավորապես՝ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀԱՊՀ միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Շավարշի Մելիքյանը, ՀԱՊՀ ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սերգեյի Ավետիսյանը, ՀԱՊՀ կապի համակարգերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրիկ Խաչիկի Խուդավերդյանը, ՀԱՊՀ էլեկտրոնային տեխնիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Վիրաբի Բարեղամյանը: Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ՀԱՊՀ կապի համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Մարտին Ցոլակի Այվազյանը, ՀԱՊՀ միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արման Արամի Վարդանյանը, ՀԱՊՀ էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Արտաշեսի Դռնոյանը: Վարչապետը նաև ներկա է գտնվել շրջանավարտների ավարտական հագուստների, բուհի վարչակազմի և հոգաբարձուների հագուստների ցուցադրմանը, որոնք մոդելավորվել և մշակվել են Պոլիտեխնիկի 90-ամյա հոբելյանի նախաշեմին:
09:21 - 04 հուլիսի, 2022
Վարչապետի որոշմամբ հաստատվել է հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը

Վարչապետի որոշմամբ հաստատվել է հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին։ Համապատասխան որոշման մեջ ասվում է. ««Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ ու 46-րդ հոդվածների 1-ին մասերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 15-րդ և 16-րդ կետերի` 2. Նշանակել` 1) ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ոլորտը համակարգող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալին` հանձնաժողովի հայկական մասի նախագահ. 2) ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչին` հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ. 3) ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետին` հանձնաժողովի հայկական մասի քարտուղար: 4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ նախագահի 2000 թվականի փետրվարի 26-ի «Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին» N ՆՀ-489 հրամանագիրը»,- ասված է որոշման մեջ։ Հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը՝ ստորև․ • ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, • ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ, • ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, • ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ, • ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ, • ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ, • ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, • ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ, • ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության կոմունալ շահագործման պլանավորման և վերահսկման ծառայության սպա, • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ, • ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ, • ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի 3-րդ բաժնի պետ, • Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ, • Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժնի պետ, • ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ, • ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ, • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ), • Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ), • Գյումրի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ (համաձայնությամբ), • Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական (համաձայնությամբ)։
13:32 - 03 հուլիսի, 2022
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
18:17 - 02 հուլիսի, 2022
Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետն ընդգծել է Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ԳԴՀ կառավարական պատվիրակության այցը մեր երկիր: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին, փորձի փոխանակումը: Շահագրգռված ենք մեր արդյունավետ համագործակցության շարունակականությամբ և ընդլայնմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: ԳԴՀ դաշնային նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում: Սվենյա Շուլցեն ԳԴՀ կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու, զարգացնելու Հայաստանի հետ փոխշահավետ գործընկերությունը և համատեղ ծրագրերը:   Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին, և կարևորել է Արևելյան գործընկերության ծրագիրը, որի շրջանակում ՀՀ-ն առաջընթաց է արձանագրել մի շարք չափանիշներով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության բարեփոխումները կրթության, արդարադատության, ոստիկանության և մի շարք այլ ոլորտներում:   Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն տարբեր ուղղություններով հարաբերությունները զարգացնելու ներուժ և այդ օրակարգն առաջ մղելու կամք: Քննարկվել են գյուղատնտեսության, սննդի անվտանգության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցության խորացման հարցեր: Երկուստեք կարևորվել են կանանց տնտեսական և հասարակական ակտիվությունը խթանող նախաձեռնությունները: Վարչապետը տեղեկացրել է, որ 2022 թ. հունվարից սկսած Հայաստանում տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ է արձանագրվում, և մեր երկրի ներդրումային միջավայրը, շարունակաբար բարելավվող պայմանները կարող են հետաքրքրական լինել գերմանական բիզնեսի համար, ինչին ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը դրական է արձագանքել: Կառավարության ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) փոխգործակցության կապակցությամբ:
18:48 - 01 հուլիսի, 2022
Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին

Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ, Դատախազության հարգելի աշխատակիցներ, Հարգելի վետերաններ, Շնորհավորում եմ բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով: Իսկապես շատ դժվար է գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում: Ընդհանրապես դատախազությունը մենք ընկալում ենք որպես նախաքննության գագաթնակետ, կուլմինացիա, և պիտի առանձնահատուկ ընդգծեմ այդ դերի կարևորությունը, որովհետև նախաքննության ոլորտում ներգրավված մյուս մարմինները, ըստ էության, հիմնականում գործում են կուլիսներում, իսկ Դատախազությունն այն մարմինն է, որը վերցնում է ձևավորված մեղադրանքը և հրապարակային, այսինքն՝ դատարանում, հիմնականում դռնբաց դատական նիստերում, պաշտպանում այդ մեղադրանքը: Եվ եթե Դատախազությունը մեղադրանքը տարել է դատարան, դա նշանակում է, ենթադրում է, որ այդ մեղադրանքը պիտի պսակվի կոնկրետ պատիժով, կոնկրետ դատավճռով: Ամեն քրեական գործի հետևում կամ որպես քրեական գործի օբյեկտ կանգնած են մարդիկ, ամեն քրեական գործի հետևում մի ողբերգություն է՝ մարդկային ողբերգություն, ընտանեկան ողբերգություն: Ամեն քրեական գործի հետևում երեխաներ են, ընտանիքներ են, կանայք են, ծնողներ են: Բայց ես ուզում եմ ընդգծել այս հոգեբանական ամրության և սկզբունքայնության կարևորությունը: Որովհետև շատ կարևոր է այդ բոլոր էմոցիոնալ գործոնների մեջ կարողանալ սկզբունքային, հավատարիմ, հետևողական գնալ օրենքի հետևից: Որովհետև եթե ամեն մարդկային ողբերգության էմոցիաներին տրվի, այդ ամենի արդյունքում կստանանք հանրային ողբերգություն: Սա է պատճառը, որ անընդհատ շեշտվում է՝ պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է: Եթե մենք ի վիճակի չլինենք պատժել քչերին, ապա անուղղակի կամ ուղղակի անարդար պատժի կարժանանան շատերը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որ դատախազությունը, այո, որպես ինստիտուտ կայացած է, բայց ինձ շատ դուր է գալիս այն միտքը, որ մենք բոլորս գիտակցում ենք՝ իրավունքը, օրենքը և նաև քրեական իրավունքը զարգացող գործընթաց են, և մենք պետք է անպայման այդ զարգացումները խթանենք, այդ զարգացումների նկատմամբ հետևողական լինենք և կարողանանք համահունչ լինել ժամանակի պահանջներին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»: Վարչապետն անդրադարձել է կալանքների թեմային՝ խոսելով Գլխավոր դատախազի ներկայացրած վիճակագրության մասին: «Ես էլ այդ մասին բազմիցս խոսել եմ՝ ներկայացնելով դա որպես կարևոր ձեռքբերում: Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար: Բայց այս ընթացքում արձանագրել ենք նաև մի բան, որ Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում: Երբ խոսում են իրավունքի և իրավական մտքի զարգացման մասին, ինձ համար ամենակարևոր չափանիշը հետևյալն է՝ թե ինչքանով կարող է մեր երկրում նախաքննությունը լինել արդյունավետ և արդյունքում պատիժը լինել անխուսափելի՝ այն պայմաններում, երբ մեղադրյալն անազատության մեջ է, մեղադրյալը կալանքի տակ չէ: Սա, իհարկե, իմ ոչ պրոֆեսիոնալ հայացքի և աչքի համար ամենակարևոր, բարձր մակարդակն է, երբ կարելի է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում վարել նույնքան արդյունավետ նախաքննություն, որքան կալանքի պարագայում: Իհարկե, հասկանալի է՝ կան դեպքեր, որ կալանքն ուղիղ բխում է նախաքննության շահերից և անհրաժեշտությունից: Ես այս օրինակը ի ցույց եմ դնում՝ ընդգծելու համար, թե այսօր մենք, նաև կառավարությունը, որը մշակվող և վարվող քաղաքականության հիմնական պատասխանատուն է, մեր մտքերի ընթացքն ինչ ուղղությամբ է շարժվում», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը. «Պիտի կարևորեմ նաև հետևյալը. մենք շատ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը մեզ համար կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնությունը և արդյունավետությունն իրավապահ համակարգում բարձրացնելու առումով: Մեզ համար չափազանց կարևոր է իրավապահ համակարգի՝ ընդհանուր առմամբ և նաև Դատախազության աշխատողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, որովհետև սա իսկապես կարևոր գործոն է: Ամենևին էլ խոսքը մերկանտիլ կամ նյութական շահերի մասին չէ, այլ այն մասին է, որ մենք պետք է հնարավորություն տանք և՛ քննիչին, և՛ դատախազին, և՛ ոստիկանին, և՛ ընդհանրապես պետական ինստիտուտների բոլոր աշխատողներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա: Սոցիալական երաշխիք ասածն ինձ համար առաջին հերթին աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն տալու մասին է: Իհարկե, անընդհատ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պիտի հետևողականորեն կարողանանք այս ճանապարհով քայլել: Բայց ես ուզում եմ նաև կոռուպցիայի դեմ պայքարը կապել այս խնդրի լուծման հետ. ինչո՞ւ են մեզ մոտ աշխատավարձերը ցածր, որովհետև պետությունը ձեզ և մեզ հայտնի հանգամանքների բերումով ի վիճակի չի լինում հաճախ կոնսոլիդացնել ամբողջ պետական այն ռեսուրսները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում: Այսինքն՝ եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, ավելի պարզ այն հետևյալն է. դրանք այն արգելակներն են, որոնք թույլ չեն տալիս, որ այն միջոցները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում, կենտրոնանան պետական բյուջեում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարն է ամենակարևոր միջոցը, որով պետք է գեներացնենք այն անհրաժեշտ միջոցները, որով պետք է ապահովենք մեր պետական ծախսերը, ներառյալ պետական և իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքների համակարգը: Մյուս հանգամանքը, որն ընդհանրապես կա, մեր պետական կառավարման համակարգի արդյունավետությունն է: Իհարկե, Դատախազությունն այդ առումով թերևս ամենակոմպակտ պետական կառույցներից է, բայց ընդհանուր առմամբ աշխատանքի արդյունավետությունը պետք է հաշվի առնել: Չնայած շատ դեպքերում, նաև Դատախազության որոշակի ստորաբաժանումների աշխատանքի պարագայում մենք տեսնում ենք, որ, ընդհակառակը, նոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն կա, օրինակ, նախաքննությունը, քրեական իրավունքը: Որովհետև երբ խոսում ենք քրեական գործերի ծավալի մեծացման մասին, հաճախ մոռանում ենք, որ այդ ծավալը քննում են կամ այդ ծավալի գործերով զբաղվում են միևնույն թվով մարդիկ միևնույն աշխատավարձով: Ես այս ամենն ասում եմ՝ արձանագրելու համար, որ մենք հստակ գիտակցում ենք այն օրակարգը, որ կա, և այդ օրակարգի լուծումը մեզ համար, իհարկե, առաջնահերթություն է: Պիտի կրկնեմ, որ միանշանակ է և աներկբա՝ այն բոլոր պրոբլեմները, որ մենք ունենք, կապված են մեր պետական ինստիտուտների կայացման աստիճանի հետ: Այնտեղ, որտեղ ունենք թերություն, այդ թերությունը պետք է փնտրենք պետական ինստիտուտների կայացման աստիճանի մեջ, բոլոր պետական ինստիտուտների առանց բացառության՝ սկսած բանակից, Զինված ուժերից շարունակած նախարարություններով, գերատեսչություններով, տեղական ինքնակառավարման մարմիններով: Իսկ այս ամենի հիմքը, իհարկե, պետք է փնտրենք կրթության և կրթական համակարգի մեջ՝ սկսած նախնական դպրոցական կրթությունից, հանրակրթությունից, բարձրագույն կրթությունից և հետբուհական կրթությունից: Բայց, ամենակարևորը, ամփոփելով՝ այսօրվա առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև ես իմ խոսքի սկզբում նկարագրեցի, թե ի բնե ինչպիսի դժվար աշխատանք է դատախազի աշխատանքը: Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար, որ, ահա, այդպիսի հետևողական, ամուր և հաստատուն քայլերով մենք գնում ենք առաջ: Ինչքան դժվար է դատախազի աշխատանքը, ինչքան դժվար էր պատերազմից և հայտնի իրադարձություններից առաջ, դրանից հետո ավելի դժվար է՝ մեզ հայտնի հանգամանքների բերումով, որովհետև էմոցիաներին ավելացել են նոր էմոցիաներ, ողբերգություններին ավելացել են բազմաթիվ նոր ողբերգություններ: Բայց, այնուամենայնիվ, դատախազական գործառույթն այն գործառույթն է, որ մեր պետականությանը պետք է թույլ տա հաղթահարել մեր ազգային հեքիաթում նկարագրված բարձունքը: Մենք ճշգրիտ հենց այդ հեքիաթում նկարագրված պայմաններում ենք քայլում, և մենք անպայման պետք է հասնենք մեր երազած բարձունքին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատողի օրվա առիթով»: Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով Դատախազության համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների: Մասնավորապես՝ Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը, Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ են շնորհվել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանին և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Կարապետյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց անձամբ է հանձնել պետական պարգևները՝ շնորհավորելով և մաղթելով արգասաբեր աշխատանք ի շահ Հայաստանի Հանրապետության:
14:04 - 01 հուլիսի, 2022
Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր. խորհրդակցություն ՀՀ վարչապետի գլխավորությամբ

Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր. խորհրդակցություն ՀՀ վարչապետի գլխավորությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր:    Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական նշանակություն ունեցող չօգտագործվող հողատարածքների կրճատմանը, հողատարածքների բաշխվածությանը, ոռոգելի տարածքների ընդլայնմանը, հողատարածքների չօգտագործման հիմնական պատճառներին, մինչ այժմ հողային բարեփոխումների շրջանակում կատարված որոշ աշխատանքներին: Քննարկվել են հողերի խոշորացմանը և հողային շուկայի զարգացման նպատակով փորձնական ծրագրի իրականացմանը, հողերի մշակության և կոնսոլիդացման համար առաջարկվող տնտեսական մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է ոռոգման ջրով ապահովված, սակայն չմշակվող հողատարածքների գույքագրումը, հողատարածքների մշակման արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների իրականացումը: Վերը նշված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է հողային բարեփոխումների իրականացումն ու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումը, այդ թվում՝ մշակվող հողատարածքների խոշորացման արդյունքում: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը կմշակի գործողությունների ճանապարհային քարտեզ: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև պիլոտային ծրագրի իրականացումը, ինչը կնպաստի խնդիրների վերհանմանն ու հետագայում բարեփոխումներն արդյունավետ իրականացնելուն:  
18:29 - 30 հունիսի, 2022
Գործադիրը 2022-ի համար 7 տոկոս տնտեսական աճն «իրատեսական է համարում»
 |azatutyun.am|

Գործադիրը 2022-ի համար 7 տոկոս տնտեսական աճն «իրատեսական է համարում» |azatutyun.am|

azatutyun.am: 5 ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտվության ցուցանիշը Հայաստանում կազմել է 10,2 տոկոս, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական համարելով։ Վարչապետը, վկայակոչելով Վիճակագրական ծառայության տվյալները, նշեց, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշտ կազմել է 13 տոկոս՝ աճի հիմնական լոկոմոտիվ նշելով շինարարությունը (մայիսը մայիսի նկատմամբ 18,1 տոկոս): «Ծառայությունների ոլորտի աճը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 30,2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը, որի աճը կազմել է 8,2 տոկոս, արտահանման աճը, որը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 33,7 տոկոսով», - ասաց վարչապետը։ Փաշինյանը խոսեց նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշներից՝ նշելով, որ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոսով և պահպանվել է գնաճային բարձր ֆոնը։ «Սա մտահոգիչ է, բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի, որովհետև 5 ամսվա տվյալներով, մեր տնտեսական ակտվության ցուցանիշը կազմում է 10,2 տոկոս, շինարարության ծավալի աճը՝ 11,4 տոկոս, ծառայությունների աճը՝ 24,9 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 13,1 տոկոս, արտահանման աճը՝ 27,5 տոկոս։ Այս թվերը նաև որոշակիորեն արտահայտվում են մեր բյուջետային երամուտների հատվածում․ կիսամյակի նախատեսված պլանն այս պահի դրությամբ գերակատարել ենք 47 մլրդ դրամով, այսինքն՝ 47 մլրդ դրամ ավել գումար ենք հավաքագրել հարկային եկամուտների մասով քան կանխատեսել ենք», - ասաց վարչապետը՝ նշելով, որ ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունեն դեռ ստանալու մոտ10 մլրդից ավելի՝ վստահեցնելով, որ կիսամյակային պլանը 60 մլրդ դրամով կգերակատարեն։ Արդյունքում, ըստ Փաշինյանի, 2023-ի հունվարի 1-ից, մասնավորապես, կբարձրանան կենսաթոշակները, մայրության նպաստը, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազարից կդառնա 75 հազար դրամ։ «Ի հեճուկս բոլոր հոռետեսական գնահատականների՝ 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական ենք համարում, որովհետև, ես արդեն ասացի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,2 տոկս է, բայց մեր թիրախը 7 տոկոսն է», - ասաց գործադիրի ղեկավարը։
13:06 - 30 հունիսի, 2022
Վարչապետը մտահոգիչ է համարում գնաճային բարձր ֆոնը

 |armenpress.am|

Վարչապետը մտահոգիչ է համարում գնաճային բարձր ֆոնը |armenpress.am|

armenpress.am: Մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13 տոկոս` նախորդ տարվա նույն ամսի համեմատ: Հուլիսի 30-ի Կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկայացնելով վիճակագրական ծառայության տվյալները, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  աճի հիմնական լոկոմոտիվներից են շինարարության ճյուղը, որի աճը մայիսի նկատմամբ կազմել է 18.1 տոկոս, ծառայությունների ոլորտը, որի աճը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 30.2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունն՝ 8.2 տոկոս աճով և արտահանման աճը, որը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 33.7 տոկոսով: «Իհարկե, լավ ցուցանիշների մեջ կա նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշ. մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոս և, իհարկե, գնաճային բարձր ֆոն է պահպանվում, որը մտահոգիչ է, բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի»,- ասաց նա՝ հավելելով, որ կիսամյակի նախատեսված պլանն այս պահի դրությամբ գերակատարվել է 47 միլիարդ դրամով: «ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունենք դեռ ստանալու` մոտ 10 միլիարդից ավելի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
12:58 - 30 հունիսի, 2022
Գործադիրը «Հյուսիս-Հարավի» շրջանակում Սիսիանի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Գործադիրը «Հյուսիս-Հարավի» շրջանակում Սիսիանի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Կառավարությունն այսօր Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակում որոշեց օտարել Սյունիքի մարզի Սիսիան-Քաջարան ճանապարհատվածում գտնվող որոշ տարածքներ և դրանք հանրության գերակա շահ ճանաչել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ օտարման գոտու սահմաններում են գտնվում Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերի 570 միավոր հողամասեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ որոշման նպատակը Հյուսիս Հարավի Սիսիան Քաջարան շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատումն է․ «Որովհետև այդ ճանապարհը անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան, և մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այս հողակտորները և տրամադրենք Հյուսիս-Հարավի կառուցման համար»։ Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի օգոստոսի 30-ն է: Հիշեցնենք, որ կառավարությունը հունիսի 9-ի որոշմամբ ևս Սյունիքի մարզի այլ հատվածների նկատմամբ հանրության գերակա շահ էր ճանաչել՝ Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակում։
12:23 - 30 հունիսի, 2022
Լիահույս եմ, որ հայ-լիբանանյան հարաբերությունները կթևակոխեն որակապես նոր փուլ. Նիկոլ Փաշինյանը՝ Լիբանանի վարչապետին

Լիահույս եմ, որ հայ-լիբանանյան հարաբերությունները կթևակոխեն որակապես նոր փուլ. Նիկոլ Փաշինյանը՝ Լիբանանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Ազմի Միքաթիին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Լիահույս եմ, որ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումից հետո Ձեր հետագա պաշտոնավարումը մեծապես կնպաստի մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում բարեկամ Լիբանանի կայունացմանը և հետագա զարգացմանը։ Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ, փոխվստահությամբ, ինչպես նաև դժվարին պահերին միմյանց աջակցելու մշտական պատրաստակամությամբ։ Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիբանանյան հարաբերությունները կթևակոխեն որակապես նոր փուլ՝ ընդլայնվելով ու ամրապնդվելով թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի հանձնառությունն իր նպաստը բերելու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված միջազգային ջանքերին, մասնավորապես՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
17:52 - 29 հունիսի, 2022
Սոնա Մնացականյանի հարազատները պնդում են՝ գործով կարևոր ապացույցներ են ոչնչացվել
 |civilnet.am|

Սոնա Մնացականյանի հարազատները պնդում են՝ գործով կարևոր ապացույցներ են ոչնչացվել |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից ապրիլի 26-ին մահացու վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներն ու փաստաբան Ռաֆիկ Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։ «Այդ հանգամանքը մեր կողմից ընկալվում է որպես ոչնչացում։ Այդ ապացույցները էական նշանակություն ունեն հատկապես այլ անձանց արարքների քրեաիրավական ճիշտ գնահատման համար, նաև էական նշանակություն ունեն վարորդի արարքի գնահատման համար՝ դեպքի վայրից փախուստի մասով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ մասով իր առարկություններն ու եզրակացությունը դատախազն արդեն կալանքի վերաբերյալ նիստին ներկայացրել է դատարանին։ Ապացույցներ ոչնչացնելու՝ տուժող կողմի պաշտպանի հայտարարությունները մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանն անհիմն է որակում. «Եթե այսկերպ շարունակվի, մենք հաղորդում կտանք սուտ մատնություն կատարելու համար»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ որևէ ապացույց այս գործով չի ոչնչացվել։ Վարորդի փաստաբանը համոզմունք հայտնեց, որ դեպքի վայրից փախուստ չի եղել։ Ճշտող հարցին ի պատասխան, թե հրապարակված տեսագրությունում երևում է՝ ինչպես է հարվածից հետո մեքենան լքում դեպքի վայրը, Բալոյանը նոր մանրամասներ հայտնեց։ «Հաջորդ տեսախցիկով երևում է, թե նա ինչպես է կանգնում, նա ազատ տեղ է գտնում՝ հաշվի առնելով, որ հետևից 15 մեքենա է գնում։ Ինքը 60-70 մետր վերև է բարձրանում, աջ կողմում ազատ տեղ է գտնում ու կանգնում է»,- ասաց փաստաբանը։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք շտապել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը։ – Այդ ընթացքում, որ շարասյունն անցնում է, ռադիոկապով լսում է, թե շտապ օգնություն են կանչել։ Դա հաշվի առնելով՝ նա բարձրանում է վերև՝ «Նաիրի» ԲԿ-ի դիմաց կանգնում է, որտեղից տեսանյութ կա, շտապ օգնության մեքենան բերում է ու աղջկան մտցնում հիվանդանոց։ Նա ԲԿ-ի բժիշկների հետ է խոսում ու ասում՝ ամեն ինչ արեք, աղջկան փրկեք»։ Ըստ փաստաբանի՝ կողմն ամեն ինչ արել է, որ հաշտության գնա տուժողի ընտանիքի հետ, սակայն ապարդյուն․ նրանք չեն արձագանքել։ Բացի այդ, Բալոյանը կարծիք հայտնեց, թե այս գործը քաղաքականացվում է։ Շարունակությունը՝ civilnet.am-ում 
16:44 - 29 հունիսի, 2022