Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Համապետական աշնանային ծառատունկի շրջանակում կտնկվի 260 հազար ծառ |armenpress.am|

Համապետական աշնանային ծառատունկի շրջանակում կտնկվի 260 հազար ծառ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 14-ին կանցկացվի համապետական աշնանային ծառատունկ:  ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Տիգրան Գեղամյանը նշեց, որ նախատեսվում է տնկել շուրջ 260 հազար ծառ, որից 200 հազարը «Հայանտառ» տնտեսության տարբեր մասնաճյուղերում, 50 հազարը տրամադրվելու է տարբեր տեղական ինքնակառավարման մարմիններին: «Այս տարի նորամուծություն ենք կիրառելու, 10 հազար ծառ էլ տրամադրվելու է տարբեր կազմակերպությունների ու ընկերությունների: Նպատակը հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորումն է և շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում քաղաքացիներին ներգրավվելն է: Մեր նպատակն է մասնավոր հատվածին ևս ներգրավել այս գործընթացում, իսկ ծառատունկի ընթացքում «Հայանտառ»-ի մասնագետները կլինեն իրենց կողքին, կուղղորդեն, տարածքներ կնախանշեն, որ ծառատունկն իրականացվի ճիշտ կերպով»,-ասաց Տիգրան Գեղամյանը: Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը նշեց, որ արդեն մասնավոր հատվածից արձագանքներ կան: Մասնագետի խոսքով, լայնածավալ անտառապատման աշխատանքներն ուղղված են օդի աղտոտվածության, հողերի դեգրադացման, կլիմայի դեմ պայքարի խնդիրների լուծմանը: «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում արդեն նախորդ և այս տարի տնկվել է շուրջ 702 հազար 280 ծառ: «Մինչ տնկելը, կատարվում են հողի նախապատրաստական աշխատանքներ, իրականացվում է տարածքի ցանկապատում: Մենք հիմնականում տալիս ենք փակ արմատային տնկիներ, որոնց կպչողականությունը, կարելի է ասել, 100 տոկոս է: Իհարկե, եղանակային պայմանների պատճառով, սելավների հետևանքով չեն կպնում, բայց  ասեմ, որ տարվա ընթացքում այդ բացը լրացվում է: Թեպետ, ասեմ, որ կպչողականության հետ կապված խնդիր հիմնականում ունենք Սյունիքում եղանակի չոր լինելու պատճառով, բայց, նորից եմ ասում, բացերը մենք հաջորդ տարի լրացնում ենք»,-ասաց Պավել Ցուգունյանը: Ծառատունկին զուգահեռ «Հայանտառ»-ն ուշադրության կենտրոնում է պահում ապօրինի անտառահատումների խնդիրը: 2020 թվականին ապօրինի ծառահատումների քանակը եղել է 9 հազար 711, 2021 թվականի ընթացքում՝  9 հազար 86: «Առաջիկայում մեր աշխատանքների հիմնական շեշտը դրվելու է անտառապահպանության վրա: Ներկայում նախատեսում ենք անտառային կոմիտեներում ստեղծել շուրջօրյա անտառային ծառայություն, ինչը մեծ առավելություն է: Փոքր մոբիլ խմբերը շուրջօրյա կաշխատեն: Դա կնպաստի անտառապահերի զգոնության բարձրացմանը և կօգնի փայտագողերին բացահայտելու գործում»,-ասաց Պավել Ցուգունյանը: Պավել Ցուգունյանը նշեց, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ու իր հանձնարարությամբ անտառային տնտեսություններում իրականացվել են մանրամասն ստուգումներ, ամենաշատ անտառխախտումներն առկա են Հրազդանի, Թումանյանի անտառտնտեսություններում, Թթու ջուր-Արծվաբերդ հատվածում և այլն:   
16:56 - 26 հոկտեմբերի, 2021
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին ձորը գլորված մեքենայի 2 վիրավոր ուղևորներն ու 2 զոհերը ՇՄՆ Անտառային կոմիտեի աշխատակցներ են

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին ձորը գլորված մեքենայի 2 վիրավոր ուղևորներն ու 2 զոհերը ՇՄՆ Անտառային կոմիտեի աշխատակցներ են

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջումհայտնում է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին ձորը գլորված մեքենայի 2 վիրավոր ուղևորներն ու 2 զոհերը նախարարության Անտառային կոմիտեի աշխատակցներ են: Նրանք վերադարձել են գիշերային ստուգայցից: «Մեծ ցավով պետք է նշեմ, որ պատահարի արդյունքում մահացած և վիրավոր քաղաքացիները ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի» անտառտնտեսություն մասնաճյուղի Նավուրի անտառապետության անտառապահներն են։ Գիշերային ստուգայցի ժամանակ, կորցնելով մեքենայի կառավարումը, գահավիժել են ձորը։ «Արծվաբերդ» մասնաճյուղի տնօրենը ծանր վնասվածքներով այժմ գտնվում է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում, կյանքին վտանգ չի սպառնում։ Ցավակցում եմ մեր գործընկերների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին, ուժ և տոկունություն եմ ցանկանում»,-գրել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին անձնվիրաբար և անշահախնդիր ծառայելու համար։ Ըստ Պետրոսյանի, պատահարը տեղի է ունեցել ամենախնդրահարույց տարածաշրջաններից մեկի՝ «Արծվաբերդի» անտառտնտեսության Նավուրի անտառապետության Թթու ջուր կոչվող հատվածում, որտեղ վերջին շրջանում ահագնացել էին ապօրինի հատումները, և մի շարք անտառխախտումների դեպքերով էլ հաղորդումներ էին ներկայացվել իրավապահներին։ «Այս ցավալի միջադեպը ևս մեկ ազդակ է, որ պետք է սթափվել և զերծ մնալ ապօրինի անտառհատումների արգահատելի գործելաոճից»,-եզրափակել է նախարարը։
11:43 - 26 հոկտեմբերի, 2021
Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում

Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում

Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` Կառավարության համապատասխան որոշման նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Եվ ահա հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ նախագծի մշակման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում, քանի որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։ Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռնվում ապահովել որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք։
10:26 - 22 հոկտեմբերի, 2021
Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում է գորշ արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատում

Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում է գորշ արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատում

Ի պատասխան վերջերս սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ հրապարակումների, հայտնում ենք, որ խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Տարվում են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, իրականացնում են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման ուսումնասիրություններ։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով. - տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով - կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։ Գորշ արջը (Ursus arctos) գրանցված է Հայաստանի Հանապետության կենդանիների «Կարմիր գրքում» և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։ Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Կառավարության սահմանած կարգով:
12:00 - 09 հոկտեմբերի, 2021
ՇՄ նախագիծ է ներկայացրել,  որով քաղաքացիները պարտավորվում են յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն նույն տեսակի և նույն քանակի ծառեր տնկել

ՇՄ նախագիծ է ներկայացրել, որով քաղաքացիները պարտավորվում են յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն նույն տեսակի և նույն քանակի ծառեր տնկել

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով քաղաքացիները պարտավորվում են քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող հողերում յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն նույն տեսակի և նույն քանակի ծառեր տնկել։  Նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակ՝ e-draft կայքում։ Նախարարությունն առաջարկում է փոփոխել ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածը։ Փոփոխությամբ սահմանվում է, որ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից (պետական, համայնքային, մասնավոր), կարգելվի ծառերի վնասումը կամ ոչնչացումը, իսկ դրանց հատումը կարող է իրականացվել համայնքի ղեկավարի թույլտվությամբ հետևյալ դեպքերում՝ սանիտարական կամ խնամքի հատումներ իրականացնելու (բացառությամբ՝ պտղատու ծառերի), հողամասը նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու, կառուցապատման նպատակով ձեռք բերված հողերում ծառահատում իրականացնելու, ծառապատում իրականացնելու։ Համայնքի ղեկավարի թույլտվությունը չի պահանջվում վթարային կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու դեպքում և օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախատեսվող գործունեություն իրականացնելու։ Նախագծում նշված է, որ սահմանված ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը պարտավոր են ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ ծառապատել համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով։ Եթե սեփականատերը հատված ծառերի փոխարեն ծառապատում չի իրականացնում, ապա Կառավարության սահմանած չափով և կարգով (բացառությամբ պետական և համայնքային հողերի) սեփականատերը պարտավոր է գումար մուտքագրել տվյալ համայնքի բյուջե, ինչը կարող է օգտագործվել միայն տվյալ համայնքում ծառապատում իրականացնելու նպատակով։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Նախարարությունը հայտնում է, որ  ծառահատումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով՝ յուրաքանչյուր հատված ծառի համար նույն տեսակի և քանակի, ինչպես նաև կրկնակի քանակով ծառապատման պահանջները, կապահովվեն քաղաքային բնակավայրերում ծառապատ տարածքների պահպանությունը և դրանց քանակի ավելացումը, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ազգաբնակչության առողջության բարելավմանը՝ ստեղծելով նրանց համար զբոսանքի և հանգստի համար հարմարավետ պայմաններ:
17:39 - 23 սեպտեմբերի, 2021
«Արևիկ» ազգային պարկում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 423 հա տարածք

«Արևիկ» ազգային պարկում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 423 հա տարածք

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկում սեպտեմբերի 15-ին ժամը 13:34-ին հրդեհ էր բռնկվել, անմիջապես սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:  Սկզբնական օջախը գտնվում էր գրունտային ճանապարհից մոտ 5.5 կմ հեռավորության վրա և դժվարանցանելի էր: Հրդեհը մեծ արագությամբ տարածվել է, քանի որ այնտեղ աճել են գիհու նոսրանտառ, եղել են չորացած թփեր, կաղնու և թխկու չորացած ծառեր, բացի այդ, տարածքը սակավաջուր է, ինչպես նաև առկա են ուժեղ քամիներ:  Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժեր, արագ արձագանքման խումբը, բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները, Մեղրիի «ՃՇՇՁ» աշխատակիցներ, N զորամասի զինծառայողներ, Մեղրիի համայնքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցներ,կամավոր քաղաքացիներ։ Ռելիեֆի անանցանելիության պատճառով տեխնիկա և լրացուցիչ միջոցներ հնարավոր չէր ներգրավել։ Սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Սեպտեմբերի 20-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ: Սեպտեմբերի 20-ի արբանյակային մոնիթորինգի ունեցած տվյալներով այրվել է մոտ 423 հա տարածք: Այս պահի դրությամբ՝ առկա են ծխացող օջախներ: Հետագայում վնասի, տարածքի և աղբյուրի առաջացման վերաբերյալ ավելի մանրամասն կտեղեկացվի: Այս պահին հրդեհի բռնկման տարածքում առկա են ծխացող օջախներ։  «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում տեղում։
15:58 - 23 սեպտեմբերի, 2021
Աղբավայրը շահագործող օպերատորը կառավարության սահմանած կարգով աղբավայրում և դրա հարակից տարածքներում պետք է իրականացնի մոնիթորինգ․ շրջանառության է դրվել օրենքի նախագիծը

Աղբավայրը շահագործող օպերատորը կառավարության սահմանած կարգով աղբավայրում և դրա հարակից տարածքներում պետք է իրականացնի մոնիթորինգ․ շրջանառության է դրվել օրենքի նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:  Ըստ նախարարության նախագծի՝ ընդունմամբ կապահովվի  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աղբավայրերի շահագործման փուլում հսկողության և մոնիթորինգի (մշտադիտարկման) ընթացակարգի սահմանման իրավական հիմքը։ Նախագծով սահմանվում է, որ աղբավայրը շահագործող օպերատորը կառավարության սահմանած կարգով աղբավայրում և  դրա հարակից տարածքներում կազմակերպում և իրականացնում է մոնիթորինգ և կառավարության սահմանած կարգին համապատասխան շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սահմանված կարգին համապատասխան, պատշաճ իրականացված հսկողությունը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, իսկ մոնիթորիգի իրականացումը կապահովի թափոնների տեղադրման վայրի հարակից տարածքներում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ։ Նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի։ 
15:44 - 22 սեպտեմբերի, 2021
Սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը ձեռնարկությունների և ձկնաբուծարանների թափոնների սխալ կառավարումն է. ՇՄՆ

Սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը ձեռնարկությունների և ձկնաբուծարանների թափոնների սխալ կառավարումն է. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնվել է ընդգրկուն ամփոփիչ հանդիպում-քննարկում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ: ՇՄ նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, նախարարի իրավախորհրդատուներ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Մարտիրոսյանը, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ: «Ամփոփվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները: Նախարարը գործընկերներին է ներկայացրել է այս ամիսների ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից խնդրի լուծմամբ շահագրգիռ գերատեսչություններ ուղարկված գրությունները, իրականացված ստուգումներն ու այդ ստուգումների արդյունքում վերհանված տեղեկատվությունը։ «Կարող ենք ասել, որ ամիսներ տևած ուսումնասիրությունների և իրականացված աշխատանքների արդյունքում բավականին փաստեր են վերհանվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջանքով ընդգրկուն գործողություններ են իրականացվել, պատվիրակված ստուգումներ, որոշակի փաստերի համադրում է իրականացվել, և հանգել ենք մի իրավիճակի, որ արդեն ուրվագծվել են բնապահպանական այս խնդրի հիմքում ընկած հիմնական պատճառները: Թեև NABU-ն դեռ ուսումնասիրություններ է անցկացնում, բայց արդեն իսկ առկա են բավականաչափ փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք թույլ են տալիս խիստ նախնական գնահատական հնչեցնել, որ աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է։ Կարծես թե այդ ձեռնարկությունների թափոնների և նաև ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ Մասիսի քաղաքային աղբավայրում սխալ տեղադրման արդյունք է այս աղտոտումը։ Գործ ունենք մասնավորապես համայնքային աղբավայրերի սանիտարական նորմերի պահպանման և հստակ կանոնների, գործող իրավակարգավորումների խիստ վերահսկողության բացակայության արդյունքում ծնված խնդրի հետ։ Պետք է որքան հնարավոր է արագ մեկնարկի այն չեզոքացնելու գործընթացը՝ զուգորդված խիստ վարչարարությամբ։ Բնականաբար, կարճ ժամանակում հնարավոր չէ աղբավայրերի խնդիրը կարգավորել, բայց կարելի է խիստ վարչարարության կիրառման միջոցով կարգավորել ձկնաբուծարանների կողմից Մասիսի աղբավայրում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։ Տեսչական մարմինը պետք է գործընթացներ մեկնարկի տնտեսվարողների գործունեության ապօրինությունները բացահայտելու, իսկ տարածքային ինքնակառավարման մարմինները համայնքային աղբավայրերում աղբահանության սահմանված կարգը պատշաճ իրականացնելու նպատակով»,-իր խոսքում նշել է Շրջակա միջավայրի նախարարը։ Ելույթներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետը, նախարարի իրավախորհրդատուները, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչը և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
14:00 - 17 սեպտեմբերի, 2021
ՇՄ նախարարությունը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում հանդես է գալիս համագործակցության առաջարկով

ՇՄ նախարարությունը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում հանդես է գալիս համագործակցության առաջարկով

Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորելով բնության հանդեպ բնակչության պատասխանատվության բարձրացման հարցը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում հանդես է գալիս համագործակցության առաջարկով: Այսօր նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի ժ/պ Ա․ Եսոյանը հանդիպել են հայաստանյան մեկ տասնյակ բանկերի ներկայացուցիչների հետ։ Նախարարությունը բարձր է գնահատում ու կարևորում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, շրջանառու տնտեսության սկզբունքների ներդրմանը, կանաչ աշխատատեղերի ստեղծմանը: «Լայնածավալ անտառապատման շնորհիվ հնարավոր կլինի պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը, էկոհամակարգերը և վերականգնել 44-օրյա պատերազմի հետևանքով վնասված անտառային տարածքները: Յուրաքանչյուրը կարող է նոր կյանք հաղորդել մեր երկրին ու հողին՝ ստանձնելով պատասխանատվություն մեր երեխաների և ապագա սերունդների էկոլոգիապես անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի համար»,- իր ողջույնի խոսքում նշել է նախարարի տեղակալը։ Հանդիպմանը ներկայացվել են 2020-21 թթ․ իրականացված ծառատունկի ամփոփ տվյալները, քննարկվել է ծառատունկի համար նախատեսվող տարածքների ընտրության հարցը։ Նա հիշեցրել է, որ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկումներ կատարելու համար ՀՀ պետական բյուջեից, որպես առանձին միջոցառում, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար չի հատկացվել։ Նախաձեռնությունն իրականացվել է բացառապես դոնոր կազմակերպությունների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների, խնայողությունների, տնկարաններում առկա ծառերի կամ բնական վերաճի արդյունքում դուրս հանված շիվերի միջոցով։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը շեշտել է․ որ ծառատունկը համայնքներում լուծում է նաև սոցիալական խնդիր․ ծառատունկի աշխատանքների համար ստեղծվում են ժամանակավոր աշխատատեղեր։ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի ժ/պ Ա․ Եսոյանը ներկայացրել է այժմ ակտիվ ընթացքի մեջ գտնվող բնապահպանական ծրագրերը և կարևորել պետական գերատեսչություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ապահովումը։ Կողմերը մտքերի փոխանակման միջոցով ուրվագծել են առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը և պայմանավորվածություն ձեռք բերել մինչև հոկտեմբերի սկիզբ՝ ծառատունկի նոր շրջանի մեկնարկ գործուն քայլեր իրականացնել։
21:50 - 10 սեպտեմբերի, 2021
Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում |hetq.am|

Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում |hetq.am|

hetq.am: Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը։  Շրջակա միջավայրի նախարարությունը ընդգծում է, որ Կարմիր Կատարը բնության հուշարձանների ցանկում ներառելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն՝ 3530 մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: Շարունակությունը՝ hetq.am-ում
17:05 - 25 օգոստոսի, 2021