ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային մարմինների շփումը հարկ վճարողների հետ

ՊԵԿ-ը նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային մարմինների շփումը հարկ վճարողների հետ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Խորհրդի նիստում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները: Մասնավորապես՝ առաջարկվում է կրճատել հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, ինչպես նաև սահմանել թեմատիկ ուսումնասիրության ընթացակարգը: Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում նվազագույնի կհասցվի հարկային մարմին-հարկ վճարող շփումը, կբարձրացվեն հարկային կարգապահությունը և վարչարարության արդյունավետությունը: Անդրադարձ է եղել նաև տրանսֆերային գնագո­յաց­ման կար­գա­վո­րումների վերաբերյալ նախագծին, որով ակնկալվում է բարելավել այդ ուղղությամբ իրականացվող վարչարա­րութ­յունը: Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունը կխթանի նաև փոխկապակցված հարկ վճարող­ների միջև միջսահ­մա­նա­յին գործարք­նե­րի պայմանների, դրանց դի­մաց ստաց­ված եկա­մուտ­նե­րի և առա­ջաց­ած հարկվող բա­զա­յի ճշգրիտ ներկայացմանը և հարկ­մա­նը: Ակտիվ քննարկումներ են ծավալվել ներկայացված նախագծերի, ինչպես նաև  մասնակիցների բարձրացրած՝ հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ:
14:21 - 27 նոյեմբերի, 2021
ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

Դրոշմանիշային վճարները պարտադիր ու ժամանակին կատարելու համար ՊԵԿ-ը հարկ վճարողների շրջանում իրազեկման տարբեր գործիքներ է կիրառում։ Դրոշմանիշային վճարը նախատեսված է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար։  Չկատարված դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները գանձելու նպատակով հարկային մարմնի կողմից հարուցվում են վարչական վարույթներ և կայացվում են գումարը գանձելու վերաբերյալ որոշումներ։ Պարտավորությունների գանձման որոշումները չկատարվելու դեպքում և անբողոքարկելի դառնալուց հետո ներկայացվում են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատարման համար։ Վճարումների գործընթացն արագ կազմակերպելու համար ՊԵԿ-ը ներդրել է էլեկտրոնային կառավարման համակարգ։ Արդյունքում՝ էլեկտրոնային եղանակով կհարուցվեն վարչական վարույթներ և կկայացվեն որոշումներ չկատարված պարտավորությունների գանձման վերաբերյալ։ Էլեկտրոնային եղանակով  իրականացվող վարույթի փաստաթղթերը կտեղադրվեն հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում։ Սակայն այս եղանակով, եթե հարկ վճարողը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի իրազեկվում, վարույթի փաստաթղթերը տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլփոստով։ Օրենսդրական փոփոխությամբ դրոշմանիշային վճարները նախկինում եղած 1000 դրամի փոխարեն այժմ հաշվարկվում են պրոգրեսիվ սանդղակով։  2019-2021 թթ. հարուցված վարչական վարույթների արդյունքում կայացվել են 3477 գանձման որոշումներ, և վերականգնվել է ավելի քան 1 մլրդ 233 մլն դրամ գումար։ 2019 թվականին 237 որոշումով վերականգնվել է 155 մլն, 2020 թվականին 1012 որոշումով՝ 167 մլն, իսկ 2021 թվականին կայացված 2228 որոշումների արդյունքում՝ վերականգնվել է շուրջ  910 մլն դրամ։ Այդուհանդերձ ՊԵԿ-ի տեղեկատվական բազայում դեռևս առկա են բազմաթիվ հարկ վճարողներ, ովքեր ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ: Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնում է՝ եթե որոշմամբ չկատարված պարտավորության գումարը գերազանցում է մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամը, հարկային մարմինը կարող է իրականացնել գույքի արգելադրման աշխատանքներ։ Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է՝ պատշաճ կատարել դրոշմանիշային վճարների գծով պարտավորությունները և խուսափել խնդիրներից։ 
12:26 - 27 նոյեմբերի, 2021
Բագրատաշենի մաքսային կետում բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման նոր դեպք․ հարուցվել է քրեական գործ

Բագրատաշենի մաքսային կետում բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման նոր դեպք․ հարուցվել է քրեական գործ

Վերջին շրջանում նկատելի են դարձել  երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման և ապրանքները պատշաճ չհայտարարագրելու  նոր գործելաոճ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործած բեռնատարում առկա են եղել  չհայտարարագրված ապրանքներ: Մաքսային հսկողության շրջանակներում իրականացված զննությունից պարզվել է, որ բեռնատարի ապրանքները ոչ իրենց անվամբ են հայտարարագրված։ Այսպես,  մաքսային մարմնին ներկայացված փաստաթղթերի համաձայն բեռնատարում պետք է լիներ կահույքի լամինացված շերտեր, կահույքի մետաղական ոտքեր, սահաձողեր, բռնակներ, խոհանոցի էլեկտրական վառարաններ և օդաքաշ պահարաններ: Մեքենայում, սակայն, փաստացի հայտնաբերվել են այլ ապրանքներ, լրիվ այլ քանակությամբ: Արկղերի զննումից ի հայտ են եկել վերապիտակավորման հատկանիշներ,  ինչպես նաև պարզվել է, որ փաստաթղթերում ապրանքի ծագման երկիրը նշված է ՌԴ, իսկ տուփերի վրա փակցված է այլ երկիր՝ Չինաստան: Փաստի առթիվ մաքսային ծառայողների կողմից հայտնաբերված  ապրանքը և տրանսպորտային միջոցը վերցվել են, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ ապրանքների ծագումը հավաստելու նպատակով ապրանքը տեղափոխող ընկերության տնօրենին առաջարկվել է ներկայացնել ապրանքի ծագման հավաստագիր, քանի որ արդեն իսկ հայտնաբերված փաստերը վկայում են այն մասին, որ մաքսային հայտարարագրի մեջ ներկայացված՝ ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն։ Նմանատիպ բոլոր դեպքերում, նյութերի նախապատրաստման շրջանակներում,  կատարվում է  պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ։ Եթե հաշվարկի արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը գերազանցվում է 4 մլն դրամը, ապա քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով  հարուցվում է քրեական գործ և հետաքննիչի որոշմամբ բեռն առգրավվում։ Բացահայտված այս դեպքի  կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է   բազմակողմանի քննություն։ Ի դեպ, պարզվել է նաև, որ ապրանք տեղափոխող ընկերության  տարանցման հայտարարագրով ՀՀ տեղափոխված ապրանքը փաստացի ձեռք է բերվել Վրաստանում  և հենց Վրաստանից է ներմուծվել  Հայաստանի Հանրապետություն՝ վերաարտահանում՝ (ռեէքսպորտ) մաքսային ընթացակարգով: Այս դեպքին առնչվող  նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով։ Ծանուցում` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:22 - 26 նոյեմբերի, 2021
Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև ՌԴ ներմուծելը. ՊԵԿ-ը հայտնում է՝ ՌԴ-ում դեկտեմբերի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջ

Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև ՌԴ ներմուծելը. ՊԵԿ-ը հայտնում է՝ ՌԴ-ում դեկտեմբերի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2021թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի Դաշնության տարածքում փաթեթավորված  խմելու ջրի՝ նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ԵՏՀ Խորհրդի «Նույնականացման միջոցներով փաթեթավորված ջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 113 որոշումով և ՌԴ կառավարության 2021 թ. մայիսի 31-ի թիվ 841 որոշումով: Միաժամանակ հայտնում ենք, որ  չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը ուժի մեջ կմտնի գազավորված և չգազավորված բնական հանքային խմելու ջրերի մասով՝ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, իսկ այլ գազավորված և չգազավորված հանքային խմելու  և խմելու այլ տեսակի ջրերի մասով՝ 2022թ. թվականի մարտի 1-ից։ Մինչև ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշումն ապահովել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև ՌԴ ներմուծելը: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ այստեղ: Արտադրողների և արտահանողների համար մակնշման կոդերի ձեռքբերման ուղեցույցը՝ այստեղ:
16:59 - 23 նոյեմբերի, 2021
Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել ՀՀ ներմուծել հագուստ և կոշիկ. ՊԵԿ

Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել ՀՀ ներմուծել հագուստ և կոշիկ. ՊԵԿ

Մաքսային հսկողությունը շրջանցելով՝ փորձ է արվել բժշկական դիմակների փոխարեն հանրապետություն ներմուծել հագուստ և կոշիկ՝ այդ կերպ խուսափելով նշված ապրանքների համար սահմանված ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարելուց: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: «Oրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով զննության է ենթարկվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցը: Բեռնատարը Հայաստանում գործող երկու ընկերության հասցեագրված ապրանքներ է տեղափոխել ՌԴ-ում հաշվառված Ա/Ձ-ից: Կասկած ունենալով, որ բեռնատարում կարող են լինել չհայտարարագրված կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված ապրանքներ, մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար՝ մանրակրկիտ զննության նպատակով: Արդյունքում պարզվել է, որ ընկերություններից մեկին հասցեագրված ապրանքները չեն համապատասխանում հայտարարագրում նշվածին: Մասնավորապես՝ հայտարարագրվել էր շուրջ 14 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակ, այնինչ մեքենայում առկա են ավելի քան 10 տոննա նոր հագուստեղեն և 600 կգ կոշկեղեն, 18 կգ ռետինե ձեռնոց և շուրջ 2 տոննա  ընդհանուր քաշով բժշկական դիմակ»,- նշված է հաղորդագրության մեջ: Նույն օրը հսկողության էր վերցվել Բագրատաշենի մաքսակետի տարածք ժամանած, կրկին Ղրղզստանում հաշվառված մեկ այլ բեռնատար ևս, որի տեղափոխած բեռը հասցեագրված էր նույն ընկերությանը: Այս դեպքում՝ հայտարարագրված շուրջ  12 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակի փոխարեն փորձ է արվել ներմուծել մոտ 3.5 տոննա դիմակ, ինչպես նաև ավելի քան 7 տոննա նոր հագուստեղեն և շուրջ 500 կգ կոշկեղեն: Օրեր անց, Բագրատաշենի մաքսակետում զննության է ենթարկվել գրեթե նույն սխեմայով գործող մեկ այլ տրանսպորտային միջոց, որը տեղափոխում էր երկու այլ ընկերությանը հասցեագրված ապրանքներ: Ընդհանուր հսկողությունից պարզվել է, որ հայտարարագրվել էր շուրջ 11 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակ, ինչպես նաև 460 կգ բժշկական կոշիկ: Սակայն զննությամբ պարզվել է, որ  մեքենայում փաստացի առկա են մոտ 6,5 տոննա նոր հագուստեղեն, 150 կգ կոշկեղեն և ավելի քան 4 տոննա դիմակ: Դեպքերի վերաբեյալ  տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։
17:33 - 19 նոյեմբերի, 2021
Պնդումը, թե «Օնիրա քլաբը» դատարանում հաղթել է ՊԵԿ-ին, իրականությունը խեղաթյուրող եզրահանգում է. ՊԵԿ ​պարզաբանումը

Պնդումը, թե «Օնիրա քլաբը» դատարանում հաղթել է ՊԵԿ-ին, իրականությունը խեղաթյուրող եզրահանգում է. ՊԵԿ ​պարզաբանումը

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «հասել է ՊԵԿ-ի կողմից մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը», ամբողջությամբ չի արտացոլում դատական գործերի ներկայիս ընթացքը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ընկերության միջև առկա են մի քանի դատական վեճեր, որոնցից մեկն է վերաբերում ստուգման ակտի, իսկ մնացածը վերաբերում են չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներին։   Այսպես, չկատարված հարկային պարտավորությունների գանձման որոշումները կայացվել են օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված պարտավորությունների գանձման նպատակով։   Ընդգծենք, որ երեք դատական գործերով ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2020 թ. օգոստոսի 3-ի, դեկտեմբերի 9-ի և 2021 թ. հունիսի 17-ի հայցադիմումները. հիմքում, ըստ էության, նշվել են վարչական վարույթի ընթացքում թույլ տրված ընթացակարգային նորմերի խախտումները, սակայն ՊԵԿ-ը վարչական դատավարությամբ սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկել է դատական ակտերը, որոնցից երկուսն արդեն 2021 թ. մայիսի 26-ին և հուլիսի 21-ին ընդունվել են վարույթ:   Բացի դրանից՝ ընկերության նկատմամբ 16.09.2020 թվականին կայացված ստուգման ակտի 16-րդ կետով ընկերությանն առաջադրվել է պարտավորություն՝ առանց լիզենզիայի խաղատնային գործունեություն իրականացնելու համար, որն էլ ընկերության կողմից 2020 թ. նոյեմբերի 6-ին վիճարկվել է։ Հարկ է փաստել, որ տուգանքն առաջադրվել է, քանի որ «Օնիրա քլաբը» խաղատնային գործունեությունը ծավալել է 2 տարբեր շինություններում, որոնցից մեկի համար չի ունեցել լիցենզիա։ ՀՀ վարչական դատարանը 2021 թ. հուլիսի 19-ին կայացրած վճռով իրավախախտման այս փաստը չի հերքել, և ընկերության հայցի բավարարման հիմքում նշվել են այլ հիմնավորումներ։   Համաձայն չլինելով ստուգման ակտն անվավեր ճանաչելու դատարանի հիմնավորումներին՝ ՊԵԿ-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը 2021 թ. սեպտեմբերի 27-ին ընդունվել է վարույթ։   Հետևաբար հրապարակումներում տեղ գտած պնդումը, թե ««Շանգրի լա» խաղատունը շահագործող «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դատարանում հաղթել է ՊԵԿ-ին՝ այդպիսով հասնելով ՊԵԿ-ի կողմից ընդհանուր մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը»՝ հապճեպ, իրականությունը խեղաթյուրող եզրահանգում է և չի բխում ՀՀ վարչական դատավարության կարգավորումներից:  
15:04 - 19 նոյեմբերի, 2021
Google-ը, Facebook-ը և այլ ընկերություններ էլեկտրոնային ծառայություն մատուցելու համար հարկ կվճարեն |armenpress.am|

Google-ը, Facebook-ը և այլ ընկերություններ էլեկտրոնային ծառայություն մատուցելու համար հարկ կվճարեն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ի հարկման նոր համակարգ։ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Ռուստամ Բադասյանը նշեց, որ օրինագիծը բազմիցս քննարկվել է տարբեր հարթակներում։ «Ֆիզիկական անձանց կյանքում որևէ բան չի փոխվում։ Որևէ հավելյալ հարկային բեռ ֆիզիկական անձինք չեն կրում, այլ էլեկտրոնային հարթակի միջոցով ոչ ռեզիդենտ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են, օրինակ, Google-ը և Facebook-ը, հնարավորություն են ստանում գրանցվել հարկային մարմնի կայքում և եռամսյակի կտրվածքով հաշվարկել ու վճարել ավելացված արժեքի հարկը բոլոր այն ծառայությունների մասով, որոնք մատուցվում են ֆիզիկական անձանց»,- ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ծառայությունների ցանկը սահմանվելու է կառավարության որոշմամբ։ «Դրանք կարող են լինել գովազդային ծառայություններ օնլայն հարթակում, էլեկտրոնային գրքեր, ֆիլմեր, շտեմարանների հասանելիության ապահովում կամ էլեկտրոնային ծրագրերի օգտագործման հետ կապված տարբեր ծառայություններ»,- եզրափակեց Բադասյանը։
13:59 - 16 նոյեմբերի, 2021
ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը

ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել 11 գերատեսչությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից բաղկացած փորձագիտական խմբի առաջին հանդիպումը։ Վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առջև խնդիր է դրված վերհանել կրկնվող գործընթացները պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում։ «Հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը կարևորել է գերատեսչությունների համագործակցությունը՝ մշակելու անցակետերում և ԱՏԳ կենտրոններում աշխատանքների կազմակերպման լավագույն ձևաչափը։ «Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները և ԵԱՏՄ անդամակցությունը՝ պետք է ունենանք բոլոր բիզնես գործընթացների շատ մանրամասն նկարագրություն, որի հիման վրա այս խմբով կկայացնենք որոշում և վարչապետի աշխատակազմին կներկայացնենք էտալոնային մոդելներ»,-նշել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ էտալոնային մոդելները ստեղծվելու են Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Յուրաքանչյուր գերատեսչություն նախ գույքագրելու է թույլատվական փաստաթղթերի տրամադրման իր գործընթացները։ Քննարկվելու է կրկնվող գործառույթների օպտիմալացման հնարավորությունը։ Այս ամենն արվում է, որպեսզի ներմուծման և արտահանման գործընթացները տնտեսվարողի համար լինեն հարմարավետ և արագ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ փորձագիտական խմբի հանդիպմանը որոշվել է սեղմ ժամկետում ավարտել յուրաքանչյուր գերատեսչության մասով տվյալների լրացումը և ներկայացնել Համաշխարհային բանկի փորձագետներին, որոնք կմշակեն սահմանային անցակետերում և ԱՏԳ կենտրոններում գործընթացների կազմակերպման էտալոնային մոդելներ։
18:48 - 12 նոյեմբերի, 2021
Հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի կհասցվի. էականորեն կկրճատվեն հարկային վարչարարության ժամկետները

Հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի կհասցվի. էականորեն կկրճատվեն հարկային վարչարարության ժամկետները

Նոյեմբերի 11-ի նիստի ընթացքում Կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնել: «Դա էականորեն կրճատում է նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորում պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացը»,- հայտնում են Կառավարությունից: Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը։ Օրինագծով  առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսել դրույթ, որի հիման վրա հարկային մարմնում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող սուբյեկտները կհանվեն հաշվառումից: Նախագծով առաջարկվում է օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները: Հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` նախագծով առաջարկվում է հարկային մարմնի գործիքակազմին ավելացնել «Թեմատիկ ուսումնասիրության» տեսակը, որի շրջանակում հարկային մարմինը կլիազորվի բացառապես վերլուծության (այդ թվում` կամերալ ուսումնասիրության) արդյունքների հիման վրա առաջացած կոնկրետ ռիսկերի գծով հարկային հաշվարկները չներկայացրած կամ դրանք չճշտած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել համապատասխան հարկային պարտավորություններ:  
15:47 - 11 նոյեմբերի, 2021
Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

Նոյեմբերի 3-ին պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Դիտարկվել են նաև ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում ՊԵԿ այլ ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված համանման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները։  Կողմերն ընդգծել են ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAEIX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը մաքսային և հարկային վարչարարության բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև ԵՄ հնարավոր աջակցության դիտարկումը մաքսային լաբորատորիաների ստեղծման գործընթացում: Կարևորվել են Միասնական տարանցման կոնվենցիայի աշխատանքային խմբում Հայաստանի Հանրապետության կողմից դիտորդի կարգավիճակի ստանձման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հետ կապված հարցերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել ինչպես հետագա համագործակցության ընդլայնման, այնպես էլ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
18:55 - 03 նոյեմբերի, 2021
ՊԵԿ-ում հայտնաբերված պաշտոնեական հանցագործությունների կանխարգելման խնդրով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՊԵԿ նախագահին

ՊԵԿ-ում հայտնաբերված պաշտոնեական հանցագործությունների կանխարգելման խնդրով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՊԵԿ նախագահին

ՀՀ ԱԱԾ-ի կողմից 2020թ. օգոստոսից մինչև 2021թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 7 քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայողների կողմից պաշտոնեական տարաբնույթ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ, որոնցով նախաքննությունը, դատախազական պատշաճ հսկողության ներքո, կատարվել է ՀՀ ՀՔԾ-ում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ վերոնշյալ քրեական գործերից 3-ով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն վարչության «Բագրատաշեն» մաքսային կետի 4 ծառայողներին,  հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային  կետի մաքսային 3 ծառայողներին:  Քրեական գործերով հիմնավորվել է,որ նշված մաքսակետերի տեսուչները, միմյանց, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների հետ գալով հանցավոր համաձայնության, պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում կամ տարբեր չափերի կաշառք ստանալու դիմաց թույլ են տվել, որպեսզի տնտեսվարողներն առանց պատշաճ մաքսային հսկողության ՀՀ ներմուծեն տարբեր տեսակի ապրանքներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհուպ առանձնապես խոշոր չափերի վնասներ: Հարուցված մյուս 4 քրեական գործերով բազմաթիվ դրվագներով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի 4,  թիվ 1 բաժնի 4, ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային /Արարատի/ թիվ 9 բաժնի 2, թիվ 2 /Էրեբունու/ բաժնի հարկային 2 տեսուչների, օպերլիազորների: ՀՀ ՀՔԾ-ում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ հարկային ծառայողները, նախնական համաձայնության գալով իրենց սպասարկման ոլորտում գտնվող համայնքներում ու բնակտարածքներում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների հետ, վերջիններիս կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգումներ չիրականացնելու, ստուգումների ընթացքում ի հայտ եկած խախտումներն ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու համար նրանցից պահանջել են տարբեր չափերի առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 6.000.000 ՀՀ դրամ կաշառք, որի մեծ մասը փաստացի ստացել են, առանձին դեպքերում բաժանել միմյանց միջև, իսկ մնացած փոքր մասը ստանալ չեն հասցրել՝ բռնվելու պատճառով: Պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, առանձին դեպքերում՝ նաև պաշտոնեական անփութության կամ պաշտոնեական կեղծիք կատարելու համար 7 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ աշխատակից՝ հարկային կամ մաքսային  ծառայող հանդիսացող ընդհանուր 19 անձի, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բավարար համարելով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված քրեական գործերից 6-ը՝ ընդհանուր 25 անձի, այդ թվում նաև ՊԵԿ աշխատակիցների հետ հանցավոր համաձայնությունների և գործարքների մեջ մտած տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:    Վերոնշյալ բացահայտումները վկայում են, որ մի կողմից առավել արդյունավետ է դարձել մաքսային և հարկային ծառայողների կողմից պաշտոնեական հանցագործությունների, կոռուպցիոն դրսևորումների դեմ իրավապահ մարմինների պայքարը, սակայն մյուս կողմից՝ այս ոլորտում ներքին վերահսկողական մեխանիզմների գործադրման թերացումները: Նշվում է, որ նախաքննությամբ ստացված տվյալները փաստում են, որ մաքսային կետ-բաժիններում աշխատակիցների կողմից ՀՀ տարածք ներմուծված բեռների մաքսային ձևակերպումների, մաքսազերծումների ընթացքի, ինչպես նաև տնտեսվարողների կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները հարկային տեսուչների կողմից պատշաճ արձանագրելու, հարկերի հավաքագրման գործընթացների նկատմամբ արդյունավետ հսկողություն չի իրականացվել: Ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները և ստուգումները մի շարք դեպքերում կրել են ձևական բնույթ, վերադաս իրավասու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել աշխատակիցների վրա դրված պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ: Ելնելով վերոնշյալից՝ քրեական գործերով պարզված՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու, տնտեսվարողների հետ անմիջական աշխատանքային հարաբերությունների մեջ մտնող հարկային և մաքսային ծառայողների գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմներ ներդնելու, հնարավոր չարաշահումները և ոչ իրավաչափ վարքագիծը ժամանակին հայտնաբերելու և կանխելու հարցում համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց պատասխանատվության մակարդակը բարձրացնելու խնդրով ՀՀ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել ՀՀ ՊԵԿ նախագահին:
15:50 - 03 նոյեմբերի, 2021
Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է հավելումներ սահմանել ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների համար: «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման այս նախագծի համար, ինչպես նշում է Նախարարությունը, հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցման միջոցով տրամադրված պատասխանները, որոնք պարունակում են տվյալ պաշտոնների մասին տեղեկատվություն և դրանց՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման վերաբերյալ հիմնավորումները: Հիշյալ պաշտոնների համար հավելում նախատեսելու առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն և վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ: Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի հավելումը սահմանել 95%, նրա տեղակալինը՝ 100%, գլխավոր դատախազի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի հավելումը՝ 120%, գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հավելումը՝ 90%, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազինը՝ 100%: Նախագծի ընդունումը, ԱՆ-ի համոզմամբ, ի թիվս այլնի, պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման N 1 հավելվածի 4.1.1.-ին կետի կարգավորումներով, որոնց համաձայն՝ վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում նախարարությունը կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը: Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ կարգավորմամբ առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված հավելումների նախատեսումը բխում է վերոնշյալ որոշմամբ նախատեսված միջոցառումներից: Ի դեպ՝ ինչպես նկատելի է, առաջարկվող կարգավորմամբ ՀՀ գլխավոր դատախազի այն տեղակալները, որոնց համակարգման ոլորտում չի լինելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքների համակարգումը, որոշման ընդունման դեպքում եւս ստանալու են հավելում։ Նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ այս պարագայում հավելման սահմանումը նպատակ ունի ապահովել, որպեսզի տեղի չունենա մեծ շեղում ընդհանուր կանոններից, քանի որ դրա չսահմանման դեպքում, ըստ նախարարության, ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի վարձատրության չափը կկգերազանցի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վարձատրության չափը, ինչը կխաթարի դատախազության աստիճանակարգված ենթակայության տրամաբանությունը։ Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է լինելու շուրջ 144․000․000 ՀՀ դրամ։
12:59 - 02 նոյեմբերի, 2021
Հավաքագրված հարկային եկամուտները աճել են 12.7 տոկոսով |armenpress.am|

Հավաքագրված հարկային եկամուտները աճել են 12.7 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել են 12.7 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ: «2021-ի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտների բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակի համեմատ կազմում է շուրջ 144 մլրդ, 12.7 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել»,- ասաց Բադասյանը: Անդրադառնալով գրանցված աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ հունվար-սեպտեմբերին հարկման բազա ունեցող անձանց թվաքանակը կազմում է 651 հազար 141: «Սա պատմության մեջ բացարձակ ռեկորդ է: Երբեք այսքան ակտիվ եկամտային հարկ վճարող անձ չենք ունեցել: Անձի հաշվարկով միջին աշխատավարձը 223 հազար 137 է, ընդհանուր հարկման բազան կազմել է 145.294 մլրդ»,-նշեց Բադասյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:41 - 02 նոյեմբերի, 2021
ՊԵԿ պաշտոնյաները տնտեսվարողներից կաշառք են վերցրել․ գործն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյաները տնտեսվարողներից կաշառք են վերցրել․ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021թ. հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետն ու մի խումբ աշխատակիցներ կատարել են կոռուպցիոն չարաշահումներ:Մասնավորապես, նախնական համաձայնության գալով Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի համայքններում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 4 տնտեսվարող սուբյեկտների տնօրեն կամ փաստացի սեփականատեր հանդիսացող 5 անձի հետ, վերջիններիս կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգումներ չիրականացնելու, ստուգումների ընթացքում ի հայտ եկած խախտումներն ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու համար 2021թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում նրանցից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 1.800.000 ՀՀ դրամ կաշառք, որից փաստացի ստացել են 1.600.000 ՀՀ դրամը և բաժանել միմյանց միջև, իսկ մնացած 300.000 ՀՀ դրամը պայմանավորվել են մաս-մաս ստանալ առաջիկա ամիսների ընթացքում։ Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ աշխատակից հանդիսացող 4 պաշտոնատար անձի և նշված տնտեսվարող սուբյեկտների 5 աշխատակիցների: Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, գլխավոր օպերլիազորի պաշտոն զբաղեցնողներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, երկու այլ գլխավոր օպերլիազորներին մեղադրանք է առաջադրվել երկուական դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Իսկ տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին կամ ներկայցուցիչներին մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: ՊԵԿ աշխատակից հանդիասցող 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (հետագայում մեկի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ), մյուսների նկատմամբ վերջնարդյունքում կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Նախաքննության ընթացքում տնտեսվարող ընկերությունների տնօրեն հանդիսացող 2 անձի նկատմամբ դատախազի համաձանյությամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով՝ հաշվի առնելով, որ նրանք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, աջակցել են հանցագործության բացահայտմանը: 2021թ. հոկտեմբերի 25-ին մյուս 7 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Մի քանի այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից թույլ տրված տարատեսակ խախտումները ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու դեպքերի առնչությամբ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դրանցում ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահտականներ տալու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:08 - 26 հոկտեմբերի, 2021
ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր

ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2021թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 21 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր: Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 14 որոշում՝ ընդհանուր շուրջ 7,4 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ: Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:  Գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման վերաբերյալ տեղեկատվությունն այստեղ:
13:26 - 25 հոկտեմբերի, 2021