Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը։ 

Հայաստանը վերապահումով կմիանա ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

Հայաստանը վերապահումով կմիանա ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ««Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը եւ ԶՈւ-երի միջեւ փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով՝ դրա ազգային սեգմենտների ծավալմամբ՝  նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները: Ռուսաստանի Դաշնության ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին՝ ելնելով համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կառավարման եւ նրանց ԶՈւ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման շահերից: Ռեսուրսի օգտագործումն ապահովվում է համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կողմից ՌԴ զինված ուժերում կիրառման համար թույլատրված ռազմական նշանակության արբանյակային կապի երկրային կայանների շահագործման հիմքով: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի տեղեկացմամբ՝ համաձայնագրին Հայաստանը միացել է վերապահումով, ըստ որի՝ ՀՀ-ն առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան համաձայնագրին:
14:28 - 10 հունիսի, 2022
Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությանը. Անդրանիկ Քոչարյան

Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությանը. Անդրանիկ Քոչարյան

Օրեր առաջ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լսումներին մասնակցելու նպատակով հրավեր էր ուղարկել Վարդան Օսկանյանին, որին որևէ պաշտոնական պատասխան չտալով՝ Օսկանյանը մամուլում հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ չի պատրաստվում ներկայանալ Հանձնաժողովի լսումներին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով. «Նախ՝ հանձնաժողովի մասին Օսկանյանի ունեցած կարծիքը չէ, որ պետք է ձևավորի մեր աշխատանքների տրամաբանությունն ու հաջորդականությունը, երկրորդ՝ Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա քննիչ հանձնաժողովի գործունեությանը, իսկ եթե նա իրապես վստահ չէ հանձնաժողովի նպատակների արդարության և օբյեկտիվության հարցում, ապա առաջարկում եմ նրան անձամբ ներկայանալ հանձնաժողով և «խորը» գիտելիքներով ու պրոֆեսիոնալիզմով «դասեր տալ» հանձնաժողովականներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։ Այդուհանդերձ, զգուշացնում եմ, որ թե՛ Օսկանյանի և թե՛ մյուս բոլոր հրավիրյալների կողմից Հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է բարոյական և քաղաքական հետևանքներ։ Ի դեպ, քաղաքական թաքստոցներից օգտվել ևս չի հաջողվի, քանի որ դրանք կվերացվեն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում, և այդ պարագայում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չներկայանալը կհանգեցնի նաև իրավական հետևանքների»:
13:28 - 01 հունիսի, 2022
Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում
 |1lurer.am|

Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում |1lurer.am|

1lurer.am: Գործադիրը լրացումներ է առաջարկում «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում: Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հարցը ներկայացնելիս՝ նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների կողմից փոփոխություններ են կատարվել «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում: ՀՀ Ազգային ժողովն արդեն վավերացրել է համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Նշված արձանագրության դրույթներին համապատասխանեցնելու նպատակով էլ առաջացել է օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը:
14:03 - 18 մայիսի, 2022
Սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով. Ֆիդանյանը՝ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան մասին |1lurer.am|

Սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով. Ֆիդանյանը՝ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին հարց ուղղեց ընդդիմության անհնազանդության ակցիաների օրերին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Ֆրանսիայի հրապարակում եղավ մի միջադեպ, երբ վրաներից մեկում քաղաքացիներից մեկի մոտ սրտի կանգ էր գրանցվել: Մամուլում հրապարակվեց. փորձաքննությունը պարզել է, որ դեպքն առնչվում էր թմրամիջոցներին: Կարո՞ղ եք հաստատել՝ դա այդպես էր, թե՞ ոչ»: Ֆիդանյանը մեջբերեց փորձաքննության արդյունքները. «Այո՛, փորձաքննությունը ցույց է տվել, որ սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով»: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ընդգծեց, որ այս հարցում անելիք ունեն իրավապահ մարմինները: «Փակ տարածքներում այդպիսի կոնտինգենտ է հայտնվում, դա նաև վտանգ է այն մատաղ, երիտասարդ սերնդին, որը ներգրավված է այս քաղաքական գործընթացների մեջ»,- ասաց Քոչարյանը: Ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի՝ սրտի կանգով, որը հետո մահացել է:
11:31 - 18 մայիսի, 2022
ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը գաղտնիքի հիմքով այն դեպքում, երբ Հայկ Սարգսյանը հրապարակել է դրա վերաբերյալ որոշ տվյալներ

ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը գաղտնիքի հիմքով այն դեպքում, երբ Հայկ Սարգսյանը հրապարակել է դրա վերաբերյալ որոշ տվյալներ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերից մեկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ներկայացնելով իր հեղինակած նախագիծը, ի թիվս այլնի, հրապարակեց օրինական հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի վերաբերյալ որոշ ամփոփ տվյալներ։ Նա, մասնավորապես, ասաց․ «Մենք ունենք տարեկան մոտավորապես 8000-10․000 զինծառայող, ովքեր ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից առողջական խնդիրների հիման վրա կամ այլ խնդիրներ ունենալով... Վերջին 8 տարվա մեջ մենք 60․000-ից ավելի զորակոչիկի ազատել ենք պարտադիր զինվորական ծառայությունից»։ Նիստից հետո՝ փետրվարի 25-ին, մենք գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հետաքրքրվելով, թե 2000-2021 թթ ընթացքում ամեն տարի ՀՀ քանի՞ քաղաքացի է ազատվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից եւ քանի՞ քաղաքացի՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Խնդրեցինք հայտնել նաեւ, թե ազատումներից յուրաքանչյուրը օրենքով նախատեսված ո՞ր հիմքով է եղել (առողջական, այլ պետությունում ծառայած լինելու, բացառիկ եւ այլն)։ Մարտի 4-ին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա․ «Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»,- ասված էր գրության մեջ։ Օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, սական, ՊՆ-ն պատասխանը չտրամադրեց։ Մեկ ամիսը լրանալուն պես՝ մարտի 26-ին, մենք զանգահարեցինք թե՛ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն, սովորության համաձայն, մեր զանգերը մի քանի օր շարունակ մնացին անպատասխան։ Միայն մարտի 29-ին մեզ հաջողվեց կապ հաստատել նրանց հետ, որից հետո՝ մարտի 30-ին, ստացանք հարցման պատասխանը հետեւյալ բովանդակությամբ․ «Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում եմ, որ հարցն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ տեղեկացնում եմ, որ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկություաների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ. հուլիսի 9-ի N 9-Ն հրամանի 55-րդ կետի պահանջները»: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, իսկ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի հիշյալ դրույթը ամրագրում է, որ գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն: Նախարարի հիշյալ հրամանի համաձայն էլ՝ գաղտագրման ենթակա տեղեկությունների թվում են ՊՆ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ուղղությունների ընդհանրացված ամփոփ տեղեկություններ, հանրագումարային տվյալներ պարունակող վերլուծական փաստաթղթեր (նյութեր)` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի։ ՊՆ այս պատասխանը, իհարկե, սպառիչ կլիներ, եթե պատգամավորը նույնաբովանդակ տվյալներ հրապարակած չլիներ։ Այնուհանդերձ, համոզվելու համար, որ Հայկ Սարգսյանի հրապարակած տվյալների աղբյուրը հենց պաշտպանական գերատեսչությունն է, գրավոր հարցում ուղարկեցինք նաեւ Հայկ Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե պետական որ կառույցը կամ պաշտոնատար անձն է տրամադրել իր հրապարակած թվային տվյալները, որն է դրանց աղբյուրը, եւ խնդրեցինք հնարավորության դեպքում տրամադրել դրանք ավելի ամբողջական տեսքով։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը հայտնեց, որ ներկայացված տեղեկության հիմքում ընկած են հաշվարկներ, իսկ հաշվարկների համար օգտագործվել են գաղտնի եւ ոչ գաղտնի տվյալներ, որոնք տրամադրել են ՀՀ ՊՆ-ն եւ ԳՇ-ն․ «Առավել մանրամասներ չեմ կարող հայտնել այս մասով, միայն կարող եմ հավելել, որ ազատվածների 15․3 տոկոսը պիտանի են ծառայության համար եւ ազատվել են այլ հիմքերով։ Հաշվարկների համար օգտագործված թվերը միչեւ 2020 թվականը ընկած, վերջին 10 տարիների միջինացված թվերն են»,- ասված էր պատգամավորի պատասխանում։ Լրացուցիչ հարցմամբ խնդրեցինք տրամադրել հաշվարկների հիմքում ընկած ոչ գաղտնի տեղեկությունները, ինչին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը տրամադրեց 1984-2001 թթ ծնված տղաների թվաքանակը ՀՀ-ում՝ կից գրությամբ․ «Այս տարեթվերին գումարելով 18՝ ստանում ենք որքան զինծառայող պետք է զորակոչվի 18 տարի հետո։ Այսինքն 2000 թվականին ծնվածները զորակոչվում են 2018 թվականին։ Իհարկե, սա հաշվարկների մեջ շատ չնչին դեր ունեցող տվյալ է, սակայն այստեղ տարակուսելին այն է, որ 1984 -ից 2001 թվականների ընթացքում՝ ընդամենը 17 տարում, ծնված տղաների թիվը կրճատվել է 23502-ով կամ 2,3 անգամ»։ Պարզ է, որ Սարգսյանի տրամադրած այս տվյալները կապ չունեն ՊՆ-ի կամ ԳՇ-ի հետ, նա ինքն էլ նշել է, որ դրանց աղբյուրը Քաղաքացիական կացության ծննդյան վերաբերյալ ակտերն են։ Ուստի անհասկանալի է մնում՝ եթե օրինական հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների թվային տվյալները գաղտնիք էին, ապա ինչու է պատգամավորը դրանցից որոշները հրապարակել Հանձնաժողովի նիստում, իսկ եթե գաղտնիք չէին, ապա ինչու ՊՆ-ն, հետագայում նաեւ՝ պատգամավորը, չեն տրամադրում դրանք լրատվամիջոցին։ Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությունը Infocom-ի հարցմանն ի պատասխան մերժել է տեղեկության տրամադրումը պետական եւ ծառայողական գաղտնիք համարվելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակել է նույն այդ տեղեկության վերաբերյալ որոշ տվյալներ։   Միլենա Խաչիկյան
16:54 - 26 ապրիլի, 2022
Ազատության հրապարակի փոխարեն Քոչարյանն ու Սարգսյանը թող Արցախ գնան. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Ազատության հրապարակի փոխարեն Քոչարյանն ու Սարգսյանը թող Արցախ գնան. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հրապարակում հանրահավաք անցկացնելու փոխարեն գնալ Արցախ և իրենց աջակցությունն ավելի շոշափելի դարձնել հենց Արցախից՝ շեշտելով՝ Արցախի հետ կապված խնդիրները պետք է լուծել բուն Արցախում։ «Առաջարկում եմ, որ ընդդիմադիր երկու ուժերի լիդերները՝ իրենց աշխատակազմերով և իրենց համակիրներով, փորձեն կազմակերպեն մեկ ամսյա բանակում Արցախում։ Փոքր խմբերով գնան և համալրեն Պաշտպանության բանակի կորցրած հնարավորությունները՝ իրենց նաև մասնակցությամբ, իրենց նաև ֆինանսներով։ Բայց էս պահի դրությամբ առայժմ բացի պետական իշխանության աջակցությունից, ընդդիմադիր ուժերի ծրագրային աջակցություն, գոնե սրտացավ աջակցություն, տեսանելի չէ մեր հասարակության համար, էդքանով էլ ես համոզված եմ, որ վաղվա իրենց միջոցառումը ոնց կսկսվի, այնպես էլ կավարտվի», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ ընդդիմադիրներն այնուամենայնիվ ազնիվ չեն․ - «Իմանալով, որ ամսի 6-ին Բրյուսելում տեղի է ունենալու հանդիպում, իրենք այդ հանդիպումից առաջ, չգիտես ինչու, Արցախի անվտանգության խնդիրները բերում են Ազատության հրապարակ և Երևանի փողոցներ՝ մոռանալով, որ Արցախի խնդիրները պետք է լուծել հենց բուն Արցախում»։ Հարցին, թե ինչ-որ փաստաթուղթ, հայտարարություն ընդունվելո՞ւ է Բրյուսելում, Քոչարյանը պատասխանեց․ - «Նախ կլինի հանդիպումը, դրանից հետո, բնականաբար, թաքցնելու ոչինչ չունի իշխանությունը, և արձանագրությունները գոնե հասնելի կլինեն բոլորին»։ Անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատությանը, թե իշխանությունները չեն զսպում Ադրբեջանի ախորժակը՝ Քոչարյանը պնդեց՝ Ադրբեջանի ախորժակը չափավոր զսպվածության միջավայրում է՝ ընդգծելով՝ այս պահին գործում է հրադադարի ռեժիմը և հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ «Հիմա էստեղ զսպել-չզսպելու պատկերացումները մի քիչ տարբեր են․ իշխանությունները շարժվում են խաղաղության օրակարգով, մեր ընդդիմադիր գործընկերները երազում են պատերազմ և, ամենայն հավանականությամբ, նաև պատերազմի ընթացքում իշխանությունների կողմից արձանագրված պարտություն, որը կլինի հայ ժողովրդի պարտությունը և պետականության կորուստ։ Իրենք երևի թքած ունեն, թե պատերազմն ինչ հերթական զոհեր կբերի, որովհետև զոհերի մեջ իրենք ո՛չ իրենց, ո՛չ իրենց հարազատներին չեն տեսնում», - ասաց իշխանական պատգամավորը։ Քոչարյանը պնդեց՝ իշխանությունը փորձում է կառավարել արտաքին քաղաքական ռիսկերը՝ դա համարելով հնարավոր պատերազմի դրսևորումները զսպելը առաջին պայմանը։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
13:20 - 05 ապրիլի, 2022
Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է, որ Զինված ուժերում բարեփոխումները սկսված են և ընթացքի մեջ են: Սարգսյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Մանուկյանն ասաց, որ հանձնաժողովում պարբերաբար եղել է խոստում՝ ներկայացնելու ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգ: «Մինչև հիմա Պաշտպանության հանձնաժողովի նիստերի ընթացքում չի ներկայացվել որևէ օրենսդրական փաթեթ, որը կլրացներ այդ բարեփոխումների հայեցակարգը»,-ասաց պատգամավորը: Գեղամ Մանուկյանը դժգոհեց՝ Կառավարությունն իր հաշվետվությունում նշել է, որ պատրաստվել է Զինված ուժերի բարեփոխումների փաթեթ, սակայն մինչև հիմա ԱԺ, Պաշտպանության հանձնաժողով չի ներկայացվել այդ բարեփոխումների փաթեթը: Նա հետաքրքրվեց, թե ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում, ի վերջո, առարկայական ներկայացնել այդ փաթեթը: Փոխնախարարն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ունեցել են օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ քննարկում: «Ընդ որում, ՊՆ ներկայացվել են առաջարկներ նաև «Հայաստան» խմբակցության կողմից, ԱԺ մյուս խմբակցությունները նույնպես ներկայացրել են: Բարեփոխումները սկսված են»,-վստահեցրեց Սարգսյանը: Նա նշեց, որ, եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, ապա դա քաղաքական գնահատականի հարց է: «Բայց այդ բարեփոխումները մեկնարկել են: Թե՛ օրենսդրական, թե՛ այլ առումով դրանք այս պահին գտնվում են ընթացքի մեջ»,-եզրափակեց Սարգսյանը:
13:32 - 04 ապրիլի, 2022
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 15-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսի, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենի ու Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում պաշտպանության եւ անվտանգության տիրույթում իրականացվող բարեփոխումներին, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին: Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքներին՝ նշելով, որ այդ երկիրը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները` չվերադարձնելով հայ ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց, շարունակելով ռազմատենչ հռետորաբանությունը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է տարածաշրջանում միջազգային հանրության օժանդակությամբ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Ներկայացնելով անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտներում, ոստիկանությունում, զինված ուժերում, ԱԱԾ-ում իրականացվող քայլերը՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ բարեփոխումների կյանքի կոչման հարցում մեր երկիրը պարբերաբար քննարկումներ է իրականացնում միջազգային գործընկերների հետ: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է մասնավորապես զինված ուժերում բարեփոխումների օրակարգը, բանակաշինության գործընթացում իր տեսլականը՝ կարեւորելով Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցությունը նաեւ պաշտպանության բնագավառում: Հյուրերի խնդրանքով Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:
17:00 - 15 մարտի, 2022
«Գործընթացը կթվայնացվի»․ ինչո՞ւ է մի քաղաքացին մի քանի անգամ կանչվում զորահավաքի, մյուսը՝ ոչ մի |aravot.am|

«Գործընթացը կթվայնացվի»․ ինչո՞ւ է մի քաղաքացին մի քանի անգամ կանչվում զորահավաքի, մյուսը՝ ոչ մի |aravot.am|

aravot.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի  կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանը բարձրաձայնեց՝ գիտի կոնկրետ դեպք, երբ 44-օրյա պատերազմից հետո անձը երրորդ անգամ արդեն կանչվում  է զորահավաքների մասնակցելու համար․ «Ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմին մասնակցելուց հետո կանչում են, բայց այլ երիտասարդների չեն կանչել անգամ մեկ անգամ։ Հարցը քննարկել եմ նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նա ասաց, որ արդեն հանձնարարական է տվել ֆիլտրեր մտցնելու, որպեսզի չստացվի այնպես, որ մեկ պահեստազորայինը մի քանի անգամ մասնակցում է զորահավաքի, իսկ մյուսները՝ ոչ մի»։ Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ  է լինելու, եթե անձինք ծանուցվում են, բայց չեն ներկայանում զորահավաքների։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլից մինչեւ հունիսի վերջ մոտ 1400 պահեստազորայիններ պետք է մասնակցեն հավաքների․ «Ապրիլի 15-ից հունիսի 15-ը եւս հավաքներ կլինեն, կընդգրկվեն 7-10-օրյա ժամկետում։ Տարբերությունն այն է, որ առաջինի պարագայում մասնակցելու են նաեւ մարտական հերթապահության։ Ձեր ասած խնդիրները կան։ Զորահավաքը կատարյալ չէ։ Քաղաքացիներն արդարացի դժգոհում են, որ մեկին տանում են, մյուսին չեն ծանուցում։ Դրա համար սա որպես հանձնարարական է։ Կա ծրագիր, որի միջոցով գործընթացը կթվայնացվի, սուբյեկտիվ մոտեցումները հնարավորինս կբացառվեն»։ Արման Սարգսյանը նաեւ ասաց՝ պետական մարմիններից ունենք ահազանգեր, որ որոշ աշխատողների՝ աշխատանքի չներկայանալը կարող է խնդիրներ ստեղծել իրենց համար․ «Ընթացքում նման խնդիրները լուծվում են, թեեւ չենք կարող ասել, որ մենք գոհ ենք գործընթացից։ Առհասարակ, համալրման հետ կապված որեւէ խնդիր չի ծագել երբեւէ։ Խուսափողներ լինում են, նրանց հանդեպ օրենքով սահմանված հետեւանքներ կկիրառվեն, որովհետեւ հավաքից խուսափելը ենթադրում է քրեական պատասխանատվություն»։
16:38 - 15 մարտի, 2022
Որևէ մեկը չի կարող հրաժարվել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալուց. Քոչարյան |armenpress.am|

Որևէ մեկը չի կարող հրաժարվել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալուց. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ նիստերին հրավիրվող որևէ անձ չի կարող չներկայանալ: Քոչարյանն այս մասին ասաց քննիչ հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման բաց հատվածում: Քոչարյանը հայտնեց, որ մասնակցում են անհետ կորած համարվողների, զոհված զինծառայողների ծնողների կողմից պատվիրակված անդամներ, անկախ խորհրդատուների կարգավիճակով մասնակցում են Արտակ Գասպարյանը, Գարիկ Մխիթարյանը: Ներկա էր նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ որպես անկախ խորհրդատու: Փակ նիստերը տեսանկարահանվում են, որոնք արխիվացվում են, Քոչարյանը վստահեցրեց, որ որևէ դրվագ չի կորելու: Ըստ նրա՝ հանձնաժողովի աշխատանքներին անձանց հրավիրում են ըստ անհրաժեշտության: Քոչարյանի խոսքով՝ եթե կա անհրաժեշտություն, որ որևէ մեկը գա հանձնաժողով, ապա պետք է գա: «Որևէ մեկը չի կարող հրաժարվել այստեղ գալուց: Շատերը փորձում են քաղաքականացնել այս թեման, ասել, թե չեն ուզում գալ, հանձնաժողովը լեգիտիմ չէ: Ոչ, լեգիտիմ է ի սկզբանե, քանի որ սա սահմանադրական պահանջ է: Ավելին՝ շատ ավելի լեգիտիմ է, որովհետև առաջին անգամ մեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների պատվիրակած անդամներ»,-ասաց Քոչարյանը: Ինչ-որ պարբերականությամբ հանձնաժողովի նախագահը անդամների թույլտվությամբ լրագրողներին կներկայացնի որոշ տեղեկություններ: Նա միևնույն ժամանակ շեշտեց, որ Պետական գաղտնիքի մասին օրենքն աշխատելու է ամբողջ ծավալով: «Դժվար է ասել, թե եզրակացությանը երբ կհասնենք, բայց այդ եզրակացությունը պետք է լինի հնարավորինս անթերի: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ունեցանք եզրակացություն, բայց հիմնական դժգոհությունը, որ եղավ այն էր, որ եզրակացությունը հասարակությանը անհասանելի եղավ, բայց պետական կառույցներին դա եղավ հասանելի: Եվ կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո հասանելի կլինի նաև հասարակությանը»,-ասաց Քոչարյանը: Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում գնալ հանձնաժողովի նիստերին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու: «Այդ աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է: Պարոն Հակոբյանը, համոզված եմ, անպայման կգա հանձնաժողով: Հակառակ դեպքում նա պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որը պետք է իրեն տրվեր»,-ասաց Քոչարյանը՝ Հակոբյանին և առհասարակ բոլոր պաշտոնյաներին հորդորելով նման հայտարարություն չանել: Աշխատանքային քննարկումը շարունակվեց փակ ֆորմատով:
13:37 - 21 փետրվարի, 2022
Նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի կարող պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով համարվել. Վարդևանյան

Նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի կարող պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով համարվել. Վարդևանյան

Փաստորեն, Հանրային հեռուստաընկերությունը որոշեց շրջանառել այն թեզը, որ իբր «Քենեդու սպանության» հանգամանքները ևս այդ պահին գործող իշխանության պայմաններում են քննել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Որպեսզի մեր հայրենակիցներին հերթական անգամ չմոլորեցնեն, որոշեցի ուսումնասիրել: Կարճ ներկայացնեմ․ ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդու սպանության հանգամանքները իրավապահներին զուգահեռ քննելու համար, Քենեդու թիմակից դեմոկրատական կուսակցության անդամ, այդ պահին արդեն նախագահ Լինդոն Ջոնսոնը դեպքից 7 օր անց նախաձեռնում է հանձնաժողովի ստեղծում: Հանձնաժողովը ստանում է հենց այդ մարմնի Նախագահ Ուորենի անունը («Ուորենի հանձնաժողով/կոմիտե»): Էրլ Ուորենը այդ պահին զբաղեցնում էր ԱՄՆ գերագույն դատարանի նախագահի պաշտոնը, որը ստանձնել էր մինչ Քենեդիի նախագահ ընտրվելը և զարմանալիորեն` չէր ազատվել պաշտոնից, ինչպես, օրինակ, կանեին 2018-ից սկսված՝ «ժողովրդավարական» Հայաստանում: Հանձնաժողովը բաղկացած էր ևս 6 անդամից, երկուսը՝ դեմոկրատական կուսակցությունից, երկուսը՝ հանրապետական կուսակցությունից, և երկու ոչ քաղաքական անձ: Պատկերացրեք՝ այսպիսի կազմով է ուսումնասիրվել Նախագահ Ջոն Քենեդու սպանության հանգամանքները, բայց այն ևս վստահության դեֆիցիտ ունեցել է: Նման ֆորմատով ձևավորված կազմին չմասնակցելու դեպքում կարող էր լինել քննադատության հատկանիշներ ընդդիմադիր ուժերին: Վերհիշենք. ԱԺ իբր քննիչ հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, որից 7-ը իշխանության, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ուղիղ քաղաքական թիմի մաս կազմած անդամներից: Հանձնաժողովի նախագահը ոչ թե ապաքաղաքական անձ է, այլ հենց քաղաքական թիմի և այդ աղետալի պատերազմի ընթացքում այդ ոլորտի ամեմաբարձր պաշտոնյաներից մեկն է: Առհասարակ, նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի էլ կարող  պատերազմի հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով համարվել: Ի դեպ, Մարտի 1-ի փաստահավաք խումբը մոտ էր ԱՄՆ մոդելին, բայց ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում ևս իշխանությունները միայն ապահովում են նահանջ»։
14:27 - 16 փետրվարի, 2022
Փաշինյանը հարցաքննվելու է քննիչ հանձնաժողովում, Արծրուն Հովհաննիսյանն էլ փորձագետ կլինի |hetq.am|

Փաշինյանը հարցաքննվելու է քննիչ հանձնաժողովում, Արծրուն Հովհաննիսյանն էլ փորձագետ կլինի |hetq.am|

hetq.am: Արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է հանձնաժողովում․ դա վերջինիս ցանկությունն է: ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այժմ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ է, հետաքրքրվեցինք`վերջինս քննիչ հանձնաժողովում որպես փորձագետ ներգավվելո՞ւ է, և արդյոք օբյեկտիվ աշխատանք կարող է տանել` հաշվի առնելով պատերազմի ընթացքում զբաղեցրած պաշտոնը: «Արծրուն Հովհաննիսյանը մեր հանձնաժողովի փորձագետ է, աշխատում է շատ ոգևորված և էֆեկտիվ, տնօրինում է շատ մեծ տեղեկատվության: Դուք հիմա այն պատկերի շուրջ եք, որ Արծրուն Հովհաննիսյանի շուրջ փորձեցին ստեղծել… Արծրուն Հովհաննիսյանը որպես ՊՆ՝ էդ ժամանակ ինֆորմացիայի կրող, շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի նիստերի ընթացքում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց` Արծրուն Հովհաննիսյանն այն փորձագետն է, որ տարիներ շարունակ պնդել է` պետք է զարգացնել օդուժը, ու նրան լսողներ չեն եղել, շատ դեպքերում գրոտեսկային պատասխաններ են եղել պատկան մարմինների կողմից: «Էնպես որ, նրա ընդհանուր փորձագիտական աշխատանքները զետեղված են իր գրքերում, որոնք խորհուրդ կտամ ուսումնասիրեք ու հասկանաք, որ մարդը շատ լավ տիրապետում է ռազմական արվեստին ու կարող է լինել շատ լավ փորձագետ»,- ասաց Ալեքսանյանը: Նշենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է: Նիստերը լինելու են դռնփակ:
14:28 - 14 փետրվարի, 2022
Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին. Քոչարյան |armenpress.am|

Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանը անհասկանալի է համարում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պատճառը: «Թող գան մեր գործընկերները (ընդդիմությունը- խմբ.) գամեն անարգանքի սյանը, եթե մեզ սխալ պահենք: Տեսախցիկները միացրած օնլայն ռեժիմով աշխատելու են: Ում ուզեին և ում ասեին, հրավիրելու էինք, նույնիսկ ում չասեին, նույնպես հրավիրելու էինք: Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի փաստաթղթերը հասանելի են լինելու այս հանձնաժողովին: Բա լավ, դրանից հրաժարվե՞լ: Լավ մեզ չեք սիրում, դուք ձեզ էլ չե՞ք սիրում: Երբեք մեր գործընկերներին ամոթխած չէի տեսել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Պատգամավորը նշեց, որ իշխանությունը ընդդիմության հետ աշխատել է տարբեր հանձնաժողովներում, բայց այս կարևոր հանձնաժողովի աշխատանքին չմասնակցելը անհասկանալի է համարում: Նա վստահեցրեց, որ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվելու, փորձագետներ են հրավիրվելու, գերատեսչությունների հետ են աշխատելու, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված են լինելու զոհված զինծառայողների ծնողներ «Նրանք իրենց զրկում են հատուկ կարծիք ունենալու հնարավորությունից: Լավ մեզ չեք սիրում, ձեզ սիրեք: Այդ հատուկ կարծիքը, որպեսզի ձևավորվեր, դուք պետք է ծայրից ծայր մասնակցեիք: Հիմա ասում են փորձագետներ պետք է հրավիրել, բա պետք է հրավիրենք: Լա՞վ եք պատկերացնում` հազարավոր փաստաթղթեր ենք ուսումնասիրելու, գերատեսչությունների հետ աշխատելու ենք: Ինչպե՞ս եք պատկերացնում, պետք է 7 հոգով նստենք և այդքանից գլուխ հանե՞նք»,- ընդգծեց Քոչարյանը:
13:14 - 14 փետրվարի, 2022
Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը․ ներկայացվել է քննության առարկան |armenpress.am|

Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը․ ներկայացվել է քննության առարկան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում ընթանում է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանն ընթերցեց Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանին ուղարկված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը. «Հարգելի՛ պարոն Արշակյան, ղեկավարվելով Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ ներքոստորագրյալ պատգամավորներս միացել ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծելու առաջարկությանը։ Հանձնաժողովի քննության առարկան է՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները: Արձանագրված անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները։ Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը։ Զինվորական ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին: Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն: Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն: Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը։ Հանձնաժողովի իրավասության ոլորտն է՝ Պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվությունները, փաստաթղթերը, զեկուցագրերը և այլն (այդ թվում գաղտնիության ռեժիմ ունեցող) Պահանջել համապատասխան քննչական մարմիններից պատերազմական գործողությունների ընթացքում հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների մասին տեղեկատվություն։ Անհրաժեշտության դեպքում հրավիրել քննչական մարմինների պաշտոնատար անձանց: Հանձնաժողովի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովին վերապահված այլ լիազորություններ։ Հանձնաժողովի լիազորությունների ժամկետ սահմանվել է 6 ամիս: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը իրավասու է ժամկետը ևս 6 ամսով ավելացնել: Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:
12:01 - 14 փետրվարի, 2022
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի պատերազմի դեպքերի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի պատերազմի դեպքերի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայտնի է, որ իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։ Հարկ է նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է։ Նշվածն, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Դրա անհնարինության ապացույցն է նաեւ իշխանության եւ նրա ուղղակի ցուցումները կատարող ու գործադիր իշխանության մաս կազմող իրավապահ մարմինների` մեկ միասնական դիրքորոշմամբ հանդես գալը։ Չնայած այս պարզ ճշմարտությանը` իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում։ Հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Միաժամանակ հայտնում ենք, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը»։
13:36 - 11 փետրվարի, 2022