Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով

Քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն, այդ թվում՝ խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Դուշանբեում ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստին ելույթ ունենալիս, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախարարը նշել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է կարգավորել հարաբերություննեը Հայաստանի հետ, այդ թվում՝ խաղաղության համաձայնագիր ստորագրել և սահմանազատման գործընթաց սկսել։ Այս առնչությամբ նա հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար, մասնավորապես, որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձևաչափը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։  
15:14 - 13 մայիսի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ հանդիպումը

Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։
20:02 - 12 մայիսի, 2022
Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ

Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժամը 12:00-ից 4 ուղղություններով սկսել են անհնազանդության երթեր և ակցիաներ։  Ինչպես ավելի վաղ հայտարարել էին, մի երթը Գայի պողոտա՝ Մեգամոլի դիմաց, երկրորդը՝ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի դիմաց, երրորդը՝ 15 թաղամաս՝ Չավուշի արձանի մոտից, 4-րդը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից: Մինչ քայլերթերը սկսելը ամեն մի խմբի առաջնորդը կոչ էր անում չտրվել սադրանքների, ոստիկանների հետ լեզվակռվի մեջ չմտնել: Նրանք նաև անդրադարձան Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը՝ իրենց ակցիաների վերաբերյալ: Իշխան Սաղաթելյանը ասաց, որ նա կրկնում է ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Ընդդիմադիրները՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, փակել էին Քանաքեռ Զեյթունում Պարույր Սևակ-Ռուբինյան փողոցների խաչմերուկը: Մեծ թվով ոստիկաններ կային տեղում: Ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների: Խաչմերուկում երթևեկությունը դեռևս ամբողջապես վերականգնված չէ: Սաղաթելյանը նշեց, որ մի քանի ավտոբուս մարդ են տարել, բայց իրենք, միևնույն է, շատացել են:   Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»
13:38 - 10 մայիսի, 2022
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանում տեղի ունեցող ակցիաների, սահմանազատման հանձնաժողովի, 5+6 կետերը միացնելու մասին

«Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Հայաստանը հայտարարել է, որ այս սկզբունքներն իրենց չեն համապատասխանում»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։ Նրա խոսքով, ավելի ուշ Հայաստանից 6 առաջարկների մասին հաղորդումներ են եղել. «Եթե նայեք փաստաթուղթը, ապա այն չի կարելի առաջարկներ անվանել։ Ներկայացման պահին այս փաստաթուղթը հայկական կողմի արձագանքի տեսքով էր Ադրբեջանի առաջարկներին։ Ես կարող եմ թվարկել արձագանքման այս 6 կետերից մի քանիսը, և դուք ևս կարող եք եզրակացնել, թե որքանով կարող եք սա առաջարկություն անվանել»: Բայրամովը նշել է, որ պարբերություններից մեկում ընդգծվում է, թե ադրբեջանական կողմը փետրվարի 21-ի հիմնարար առաջարկները Հայաստանին է ներկայացրել մարտի սկզբին. «Ադրբեջանն առաջին իսկ օրվանից նշել է, որ հիմնական առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Դրա մասին պետք է հարցնել միջնորդներին: Եթե ​​Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, ուրեմն ներկայացրել է հենց այդ օրը։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից։ Դեռ 1992 թվականին երկու երկրներն էլ, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ սա ինչ-որ չափով Ադրբեջանի հիմնարար սկզբունքի կրկնությունն է»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ 2 փաթեթները (հեղ․ նկատի ունի Ադրբեջանի 5 կետանոց և Հայաստանի 6 կետանոց առաջարկները)՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար, և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծում։ Առաջնային է Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերի լուծում գտնել, ըստ դրա՝ պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը» Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Բրյուսելում ՀՀ վարչապետւ, Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկի մասին, ըստ որի՝ ստեղծվելու է սահմանազատման հանձնաժողով։ Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ. «Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը երկու հեռախոսազրույց է կայացել իմ և Հայաստանի արտգործնախարարի միջև: Դրանց ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է իր առաջարկները՝ կապված հանձնաշողովի կազմի հետ: Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը ղեկավարելու է հանձնաժողովը, պետք է լինի փոխվարչապետի մակարդակով։ Անգամ առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ այս առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետև հայկական կողմը հայտարարեց, որ այս առաջարկն իրենց համար ընդունելի է։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ: Ադրբեջանական կողմն արդեն պատրաստ էր այս հանդիպումն անցկացնել ապրիլին։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կավարտի իր ընթացակարգերը, հանդիպումը կարող է կայանալ»,- հավելել է ադրբեջանցի նախարարը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող ակցիաներին՝ նշելով, թե բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Նրա խոսքով ակցիա իրականացնող մարդիկ «երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, սուտ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել պատրանքների մեջ ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»: «Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, ուզում են նորից բարձրացնել Ղարաբաղի թեման: Մենք, իհարկե, հետևում ենք այս գործընթացներին, այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հանրությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- հայտարարել է նա: Ռուս խաղաղապահների մասին Բայրամովը ընդգծել է. «Ռուս խաղաղապահները Ղարաբաղում տեղակայվել են եռակողմ հայտարարության հիման վրա»: «Նրանք իրենց գործն են անում։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ առաջանում են որոշ հարցեր, և այդ հարցերը հիմնականում առնչվում են Ղարաբաղի տարածքում հայկական զորամասերի առկայությանը և այդ տարածքներ սպօրինի այցելություններին։ Միաժամանակ հարցը բարձրացվում և քննարկվում է ինչպես խաղաղապահների տեղական հրամանատարության, այնպես էլ այլ մակարդակներում։ Ադրբեջանական կողմը այս առումով հարցեր լուծելու կողմնակից է»։
12:36 - 10 մայիսի, 2022
Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատումը․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատումը․ Բայրամով

Բաքուն պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը, Interfax.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Բայրամովը նշել է, որ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային գործընթացներն, այդ թվում՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ «Բաքուն պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանների սահմանազատումը։ Հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հանձնաժողովի (սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողով) աշխատանքի մեկնարկի հարցը», - ասել է Բայրամովը։ Նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուղղությունը «տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների բացումն է», իսկ «Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կծառայի Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերին»։   Նորա Վանյան  
14:29 - 27 ապրիլի, 2022
Արարատ Միրզոյան. «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում» |hetq.am|

Արարատ Միրզոյան. «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում» |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանի հետախոսազրույցը Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ եղել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց Արարատ Միրզոյանը: «Քննարկել ենք այն, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմների, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումների մասին»,- ասաց Արարատ Միրզոյանը: Պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց, թե այդ համատեքստում ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ խնդրի կարգավորման հարցի վերաբերյալ, արդյոք այդ հարցում փոփոխություններ կա՞ն, թե՞ ոչ: ԱԳ նախարարն արձագանքեց` Հայաստանի մոտեցումներն ուժի մեջ են: «Մենք տեսնում ենք ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Ըստ էության այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք չի չեղարկել, այն ուժի մեջ է: Ցավոք սրտից համանախագահող երկրների միջև հակասություններն այս պահին հայտնի պատճառներով այնքան բարենապաստ չեն, որպեզի երեքով կարողանան քննարկում կազմակերպեն»,- ասաց Միրզոյանը:
17:52 - 13 ապրիլի, 2022
«Այն կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով»․ Բայրամովը Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին |hetq.am|

«Այն կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով»․ Բայրամովը Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցը կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի առաջնորդների պայմանավորվածությունների շարունակման հետագա քայլերը։ Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը ողջունում է Հայաստանի կողմից արվող դրական քայլերը։ Բայրամովի ընդգծմամբ՝ առաջիկա օրերին և շաբաթներին չեն սպասվում որևէ արդյունքներ՝ այս գործընթացի հետ կապված։ «Իհարկե, կլինեն գործընթացի արդյունքներ, կձեռնարկվեն հաջորդող քայլեր։ Ադրբեջանական կողմն իր բարի մտադրություններն է հայտնել և ցուցադրում ոչ միայն խոսքերով, այլև գործնականում։ Դա տեղի կունենա, երբ մենք հակառակ կողմից դրական քայլեր կտեսնենք»,- ընդգծել է Բայրամովը։ Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ կարևոր է, որ Հայաստանը կարծիք է արտահայտել, որ Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ սկզբունքներն ընդունելի են Հայաստանի համար։ «Դա պարզ է դարձել նաև Բրյուսելի հանդիպման ժամանակ: <...> Մենք սա շատ կարևոր քայլ ենք համարում, և կան նախանշաններ այս ուղղությամբ աշխատանքների շարունակման համար»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Դեռ նախորդ ամիս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։ Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։ Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։ Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։ Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։
13:45 - 13 ապրիլի, 2022
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են բրյուսելյան եռակողմ հանդիպումը

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են բրյուսելյան եռակողմ հանդիպումը

Այսօր՝ ապրիլի 8-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «APA» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ըստ հաղորդագրության՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման շուրջ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, բազմակողմ հարթակներում համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հիշեցնենք, որ Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 7-ին Բրյուսելում։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ որոշվել է մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
21:50 - 08 ապրիլի, 2022
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ «Կողմերը կարծիքներ են փոխանակել «տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաների վերաբերյալ», գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը։ «Նախարարները քննարկել են 2020թ․-ի նոյեմբերի 9-ի, 2021թ,-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման ընթացքը, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի ձևավորմանն ուղղված ջանքերն, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ստեղծումը»,- ասված է հաղորդագրությունում։ Երկու երկրների նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հարցեր՝ ներառյալ ՌԴ և Ադրբեջանի միջև 2022թ․-ի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացումը։   Նորա Վանյան
19:57 - 08 ապրիլի, 2022
«Ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է»․ Բայրամովը՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ |tert.am|

«Ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է»․ Բայրամովը՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ |tert.am|

tert.am: Ադրբեջանական կողմը մշտապես վարել է բաց բանակցությունների քաղաքականություն։ Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցի հարցին։ «Կարծում եմ՝ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանն ինչքանով է լրջորեն վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին և ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել։ Ադրբեջանի մոտեցումը կլինի համարժեք»,- ասել է Բայրամովը։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
18:04 - 02 ապրիլի, 2022
Բայրամովը մոտ ապագայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսնելու համոզմունք ունի


 |armenpress.am|

Բայրամովը մոտ ապագայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսնելու համոզմունք ունի |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երեւանից պատասխան է սպասում խաղաղության 5 հիմնարար սկզբունքների շուրջ՝ նշելով, որ այդ առումով Հայաստանից դրական ազդակներ տեսնում են: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ադրբեջանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում: Բայրամովը հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ նոր առաջարկ է արվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, ներկայացվել են 5 հիմնարար սկզբունքներ. «Մենք դեռ սպասում ենք կոնկրետ պատասխանի, մի քանի դրական ազդակներ կան Հայաստանից, մենք դա տեսնում ենք:  Ես կուզենայի ենթադրել, որ սա Հայաստանի լուրջ մոտեցման դրսեւորումն է այս հարցում, այս դեպքում մենք պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկել, հուսով ենք, որ արդյունքները շուտով կերևան»,- ասել է նա։
15:55 - 31 մարտի, 2022
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Վրաստան կատարելիք այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի, ինչպես նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկու հետ։ Ադրբեջանում նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տարածաշրջանային այցի նպատակն է հարավկովկասյան տարածաշրջանում խթանելու խաղաղ համագործակցությունը, երկխոսությունը և կայունությունը:
10:08 - 29 մարտի, 2022