Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը

ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:   «Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանականական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին: Քննարկման ընթացքում համազեկուցողները և մյուս ելույթ ունեցողները շատ բարձր գնահատեցին Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները:   Բանաձևը հիմնականում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին, ապագայում իրականացվելիք քայլերին, ընտրական բարեփոխումներին, հակակշիռների մեխանիզմներին, դատաիրավական բարեփոխումներին, երկրում տիրող քաղաքական ընդհանուր մթնոլորտին, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթի ամրապնդման խնդրին:   Ի թիվս այլ կետերի, բանաձևը բարձր է գնահատել 2018թ. քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:   Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։   Բանաձևը ողջունել է բարեփոխումների և նոր նախագծերի հետամուտ իրականացումը, որոնց մեկնարկը տրվել է 2018թ․ հեղափոխությունից հետո, ինչպես նաև բարձր գնահատել Հայաստանի համագործակցությունը ԵԽ-ի հետ, վերջին ժամանակաշրջանում ԵԽ մի շարք կոնվենցիաների վավերացումը, ինչպես նաև Քրեական նոր օրենսգրքի և Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որոնք ավելի համահունչ են եվրոպական չափանիշներին, քան նախորդ օրենսգրքերը:   Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։ Վեհաժողովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։   Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։   Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ: Միևնույն ժամանակ՝ Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին: Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը:   Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»,- գրել է Ռուբինյանը: 
22:40 - 27 հունվարի, 2022
Ռուբեն Ռուբինյանը և ԵՄ պատվիրակության անդամներն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ռուբեն Ռուբինյանը և ԵՄ պատվիրակության անդամներն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ:
19:11 - 21 հունվարի, 2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին. անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին. անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ կարեւորել դրանց շարունակական զարգացումը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ՝ Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին օրեր առաջ Մոսկվայում իր եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հանդիպման հյուրընկալման եւ կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության համար:  ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ: Դեսպանն, իր հերթին, հավաստիացրել է, որ ռուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
18:48 - 21 հունվարի, 2022
Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը․Նիկոլ Փաշինյան |hetq.am|

Ռուբինյանին լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը․Նիկոլ Փաշինյան |hetq.am|

hetq.am: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կայացրել: «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Պատգամավորը հարցրել էր, թե ինչ հրամանագրի, ինչ որոշման հիման վրա է Ռուբինյանը նշանակվել այդ պաշտոնյանին: «Ռուբինյանը հաշվետու է ինձ, Անվտանգության խորհրդին և մեծ հաշվով` ժողովրդին»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը հավելեց` անկախ նրանից, թե ով կլինի բանակցողի կարգավիճակում,  ամբողջ պրոցեսի պատասխանատվությունն ինքն է կրում: «Այդպես վարվել եմ, որ թաքնված գաղտնի կուսակցականի հանկարծ այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն զեկուցի այլ երկրների ազդեցության գործակալներին: Լիազորել եմ և կրում եմ պատասխանատվությունը»,-եզրափակեց Փաշինյանը:
19:06 - 19 հունվարի, 2022
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել. ԱԳՆ |azatutyun.am|

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել, հարցմանն ի պատասխան, հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։ «Ադրբեջանա-հայկական սահմանի կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու և գործընթացը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը մղելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում և այդ մասին նշվում է նաև հանդիպման արդյունքներով տարածված համատեղ հայտարարությունում։ Սակայն հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել։ Հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ նոր տեղեկության առկայության դեպքում հանրությունն այդ մասին պատշաճ կիրազեկվի»,- նշված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է նաև, երեկ հաստատեց, որ պաշտոնական Երևանը նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, բայց թե ինչ առաջարկներ, պատգամավորը չմանրամասնեց՝ հորդորելով դիմել կառավարություն։ Հայկական կողմից առաջարկների մասին հունվարի 14 -ին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին՝ առանց մանրամասնելու, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։
13:49 - 19 հունվարի, 2022
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկին բանակցողների հետ |hetq.am|

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկին բանակցողների հետ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ աշխատանքային խումբ է աշխատում: Այն կազմված է դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս հայտնեց, որ խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ, սակայն անուններ չթվարկեց: «Ես շատ բաց եմ քննարկումների համար, բայց ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում»,-ասաց նա: Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչը պետք է լինի անձեռնմխելի կամ անքննադատելի: «Հակառակը, ես կարծում եմ, որ քննադատության իրավունքն ու հնարավորությունը լավագույն բաներից են, որ մեզ հետ եղել են վերջին տարիներին, ու բոլորին հրավիրում եմ քաղաքական ու բովանդակային քննդատության ենթարկել թե' մեր քաղաքականությունը, թե' իմ գործողությունները, թե' իմ համեստ անձը»,-ասաց նա: ԱԺ փոխխոսնակը, սակայն, տեսակետ հայտնեց, որ Ազգային ժողովն աստիճանաբար վերածվում է անիմաստ կուսակցությունների վայրի հոմանիշի, որտեղ խոսում են ոչ թե ըստ էության, այլ աղմկում են: Անդրադառնալով իր հասցեին ընդդիմության մեղադրանքներին` իբրեւ «թուրքական ազդեցության գործակալ»-ի, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ իր համար քաղաքական դաշտի կամ պետության վերջին տասնամյակների գլխավոր խնդիրը քաղաքական երեսպաշտությունն է: «Դուք կամ ձեր հետ փոխկապակցված ուժերը, լրատվամիջոցները անում եք շատ սպասելի բան՝ ինձ փորձել ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ, ու ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչպե՞ս կարող է մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ-ից է, որն, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, մի ուժ, որը 1918 թվականին այցելել է Պոլիս ու ասել՝ Հայաստանն իր անկախութամբ պարտական է Թուրքիային, մի ուժ, որի ներկայացուցիչ Սիմոն Վրացյանը 1921 թվականին դիմել է քեմալական Թուրքիային ռազմական աջակցության համար, մի ուժ, որը մեր օրերում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև…»,-ասաց նա: Ըստ Ռուբինյանի` հանրությունը հոգնել է ամեն օր լսել «թուրք», «գործակալ», «դավաճան» արտահայտությունները: «Լավ, այսպես ո՞ւր ենք հասնելու, կոչ եմ անում բոլորին՝ եկեք մտնենք բովանդակային դաշտ»,-եզրափակեց նա:
13:50 - 18 հունվարի, 2022
Ինչքան էլ ասեն՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ դրանք կան, և Հայաստանը գուցե դրանք բավարարելու խոստում տվել է․ Արթուր Խաչատրյան |tert.am|

Ինչքան էլ ասեն՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ դրանք կան, և Հայաստանը գուցե դրանք բավարարելու խոստում տվել է․ Արթուր Խաչատրյան |tert.am|

tert.am: Ինչքան էլ այս իշխանություններն ասեն, թե Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնհայտ է, որ այդ նախապայմանները կան և ակնհայտ է, որ Հայաստանը գուցե այդ նախապայմանները բավարարելու խոստում տվել է։ Այս մասին Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ այդ առումով ընդդիմադիր պատգամավորների զարույթը տեղին է։ Պատգամավորը նշեց, որ հայ–թուրքական հարաբերություններում կան հիմքեր կասկածելու, որ այդ գործընթացը թափանցիկ չէ։ «Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց իրենք հիմա էլ նախապայմաններ են դնում»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին, ապա նա ասաց, որ իրենք ռեսուրսներ են հավաքում, քանզի պետք է ունենան այնքան ռեսուրս, որպեսզի կարողանան իրականացնել ռազմավարական նպատակները։ Առավել մանրամասն՝ tert.am-ում։
18:36 - 17 հունվարի, 2022
Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը |azatutyun.am|

Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը՝ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Նա նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունների և պայմանավորվածությունների իրականացումն այլընտրանք չունի։ «Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա դեպի խաղաղություն և կայունություն։ Այս նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը, հաղորդակցությունների բացումը և պետությունների միջև համագործակցության միջավայրի ձևավորումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք Թուրքիայի նախաձեռնած թուրք-հայկական շփումների սկիզբը»,- ասել է նա` ըստ ադրբեջանական լրատվամիջոցների:Փոխարտգործնախարարը հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը։
17:44 - 16 հունվարի, 2022