Ռուբեն Վարդազարյան

Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին նախագահի ընտրությունը հետաձգելու համար

Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին նախագահի ընտրությունը հետաձգելու համար

ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Միքայելյանին՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու, ինչպես նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելու վերաբերյալ։ Միջնորդության տեքստը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ։ Հուլիսի 1-ին Օրբելյանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։ Հիշեցնենք, որ մինչ հունիսի 23-ի որոշումը լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ։ Օրեր առաջ Ջհանգիրյանը հրաժարական տվեց։ Այսօր ԲԴԽ-ն պետք է նախագահ ընտրի։
13:19 - 04 հուլիսի, 2022
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը մինչև հանրաքվեի դրվելը անպայման պետք է ստուգվի. ՍԴ նախագահ |news.am|

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը մինչև հանրաքվեի դրվելը անպայման պետք է ստուգվի. ՍԴ նախագահ |news.am|

news.am: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը անպայման պետք է ստուգվի՝ դրա համապատասխանությանը Սահմանադրության ամփոփոխելի հոդվածներին, նախօրոք պետք է ստուգվի մինչև հանրաքվեի դրվելը։ Այս մասին ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին։ «Մենք որևէ կերպ ներգրավված չենք այդ բարեփոխումներին, որովհետև մենք պարզապես իրավունք չունենք ներգրավվել այդ աշխատանքներում։ Այն որպես կանոն ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական կոմպոնենտ ունի, դրա համար մենք նախապես կարծիք չենք հայտնում։ Դա պայմանավորված է այն սովորական արգելքով, որ դատարանները կարծիք չեն հայտնում այն հարցի վերաբերյալ, որը հետագայում կարող է Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ»,- նշեց նա։ Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը՝ ՍԴ նախագահն ասաց. «Լսել եմ ձայնագրությունը, բայց անկեղծ ասած՝ չեմ կարող կարծիք հայտնել հատկապես քրեաիրավական առումով ես չեմ կարող գնահատել»։
14:20 - 25 հունիսի, 2022
2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով մեկ-երկու անձ չէ պատասխանատվության ենթարկվում․ Ջհանգիրյանի սխալ պնդումները՝ Հ1-ի եթերում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով իր եւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությանը, իրականությանը չհամապատասխանող մի քանի պնդում է արել։ Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, 2021 թ․ փետրվար ամսվա այդ ձայնագրությունը հրապարակեց օրեր առաջ՝ հունիսի 20-ին՝ հայտարարելով, որ դա ապացույցն է այն բանի, որ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը եւ քրեական հետապնդումը քաղաքական որոշման հետևանք են։ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել էր այս տարվա մայիս ամսին ԲԴԽ 3 անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի եւ Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ էական կարգապահական խախտման առիթով (որի շրջանակում հունիսի 23-ին ԲԴԽ նրան ենթարկեց կարգապահական պատասխանատվության՝ դադարեցնելով նրա լիազորությունները), իսկ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել դեռ նախորդ տարի՝ 2021 թ․ ապրիլ ամսին Հատուկ քննչական ծառայությունում (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե)։ 2020 թ․ նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով բազմաթիվ անձինք են ենթարկվում պատասխանատվության Երեկվա հարցազրույցում ներկայացնելով իր պարզաբանումները՝ Գագիկ Ջհանգիրյանն ասել է․ «Ես ուզում եմ մենք հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ։ Դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր՝ հունվարի վերջ։ Դուք հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը․․․ Երբ այդ բոլոր մեղադրյաներին տանում էին դատարաններ՝ համապատասխան խափանման միջոց ընտրելու, կարծես բոլոր մեղադրյալները ազատվեցին, որեւէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին, եւ պատահական չէ, որ մինչ այսօր էլ այդ մասսայական անկարգությունների գործերով ընդամենը մեկ-երկու կամ երեք մարդ է արդեն ենթարկվում կամ ընթացքում է նրանց քրեական պատասխանատվության խնդիրը, որովհետեւ ամբողջը խափանվեց․․․» Ջհանգիրյանը նկատի ունի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը հաջորդած անկարգությունների դեպքերը, սակայն նրա այն պնդումները, թե այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով որեւէ մեկի նկատմամբ կալանավորում խափանման միջոց չի ընտրվել կամ որ այսօր էլ «մեկ-երկու կամ երեք» մարդ է ենթարկվում պատասխանատվության, իրականությանը չեն համապատասխանում։  Այսպես․ մայիս ամսին մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետաքրքրվելով հարուցված քրեական գործի ընթացքից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից այդ ժամանակ հայտնել էին, որ քրեական գործով 53 անձի նկատմամբ որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դրանցից 23-ը բավարարվել էր, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, իսկ 33 անձի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:  Ավելի թարմ տվյալների համար դիմեցինք նաեւ ՀՀ դատախազությանը։ Մեր հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր հայտնեց, որ նախաքննության փուլում գտնվող տվյալ քրեական գործով ներկայումս 25 անձ, որոնցից մեկը՝ կալանավորված, ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ․ «2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, ԱԺ շենքում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննությունը շարունակվում է, քննություն է կատարվում նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով»,- ասաց նա։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ կան հիշյալ դեպքերին վերաբերող նախաքննությունն ավարտված եւ դատարան ուղարկված մի շարք քրեական գործեր, որոնցով կայացվել են նաեւ մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ մայր քրեական գործից անջատվել եւ մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել  29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ: Գոռ Աբրահամյանի խոսքով՝ 29 անձից 9-ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ։ Մասնավորապես, 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով եւ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:  Մեկ այլ գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, եւ ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, քան նախատեսված է այդ հոդվածով, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք:   Կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) 1 անձ դատապարտվել է տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով:  Անջատված գործերից մեկով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Մեկ այլ գործով էլ դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման եւ 500.000 ՀՀ դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման: Ավետիք Չալաբյանի գործով ձայնագրությունը դատարանի որոշմամբ կատարված ձայնագրություն չէ Հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը համեմատություն է արել՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ նաեւ հասարակական գործիչ, «5165 շարժման» անդամ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ գաղտնի ձայնագրություն հրապարակվեց, ինչից հետո քրեական գործ հարուցվեց, եւ Չալաբյանը կալանավորվեց (նրան մեղադրանք էր առաջադրվել ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով երկու եւ ավելի անձանց նյութապես շահագրգռելու համար)․ «Ինքն էլ կարող է ասել՝ ես կուտ էի տալիս (նման արտահայտություն երեկ Ջհանգիրյանն է արել,-հեղ․), որ հասկանայի՝ ինչ է կատարվում, Ձերը շատ ավելի բազմավեկտոր է, բայց Դուք կալանավորված չեք, մենք խոսում ենք արդարադատության մասին»,- դիմելով Ջհանգիրյանին՝ ասել է Ղազարյանը։ Ի պատասխան՝ Ջհանգիրյանը նշել է․ «Ես ենթադրում եմ, որ Չալաբյանի ձայնագրությունը օրենքով նախատեսված կարգով, այսինքն՝ դատարանի որոշմամբ, նախապես սանկցիայով կատարված ձայնագրություն է, դա ապացույց է, իսկ սա, կներեք, քեֆի սեղանի շուրջ կատարված խոսակցությունների գաղտնալսում է»։ Ջհանգիրյանի այս ենթադրությունը եւս սխալ է, քանի որ ակնհայտ է, որ Չալաբյանի մասնակցությամբ ձայնագրությունը կատարվել է ոչ թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, այլ մասնավոր անձի կողմից։ Այն ի սկզբանե հրապարակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված medianews.site կայքում, եւ անգամ նախաքննական մարմինն էր իր հաղորդագրության մեջ նշել, որ դեպքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել լրատվական կայքերից մեկում։ Ավելին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը եւ ներքին դիտումը (որը, ի թիվս այլնի, ենթադրում է նաեւ տեխնիկական միջոցների կիրառմամբ ձայնագրում) կարող են իրականացվել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, եւ եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Արարքը, որի մեջ Չալաբյանին կասկածում, այժմ մեղադրում են, նախատեսված է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են միջին ծանրության հանցագործություններ։ Այսինքն՝ Չալաբյանին մեղսագրվող արարքի շրջանակում նշված ՕՀՄ-ները չէին էլ կարող իրականացվել։ Դատավորի էթիկայի կանոնները միայն ի պաշտոնե գործելու համար չեն նախատեսված Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի այն հարցին՝ արդյո՞ք իր վարքագծով Ջհանգիրյանը չի խախտել դատավորի համար նախատեսված էթիկայի կանոնները, նա պատասխանել է․ «Ես ընդունում եմ, որ մարդկային էթիկայի կանոն եմ խախտել, բայց դատավորի, որի կարգավիճակը իմ վրա տարածվում է, ոչ մի էթիկայի խախտում չկա, որովհետեւ ես հանրային դաշտում չեմ խոսել, ես խոսել եմ նեղ, ընկերական, տղամարդկանց շրջապատում․․․ Էթիկայի կանոնների խախտումը հրապարակային, հանրային դաշտում կատարած խախտում պիտի լինի․․․ Հո ես իմ ընտանիքում, իմ ընկերների հետ զրույցների ժամանակ պարտադրվա՞ծ չեմ էթիկայի կանոնները պահպանել․․․ Դա գործնական հանդիպում չէր, դա նույն խորհրդակցական մարմնի երեք անդամի ինտիմ զրույց էր»։ Իրականում խախտում կա թե ոչ՝ իրավասու սուբյեկտների որոշելիքն է, բայց նշենք, որ դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոններ նախատեսված են ոչ միայն ի պաշտոնե գործելու համար։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ինչպես նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի՝ «Դատավորի էթիկայի կանոնները սահմանելու մասին» 2018 թ․ որոշմամբ այդ կանոնները տարանջատված են երկու տեսակի՝ էթիկայի կանոնները ի պաշտոնե գործելիս եւ ոչ դատական գործառույթների իրականացման ընթացքում, որոնց թվում են, օրինակ, ընտանեկան, հասարակական եւ այլ հարաբերությունների ազդեցությունը իր՝ որպես դատավորի առաքելության վրա թույլ չտալը, կոչմանն անհարիր կապերից խուսափելը եւ այլն։    Միլենա Խաչիկյան
22:45 - 24 հունիսի, 2022
Ժողովրդի լեզվով ասած՝ կուտ եմ տվել. Ջհանգիրյանը՝ Վարդազարյանի հետ զրույցի  մասին |news.am|

Ժողովրդի լեզվով ասած՝ կուտ եմ տվել. Ջհանգիրյանը՝ Վարդազարյանի հետ զրույցի մասին |news.am|

news.am: Եթե ամբողջական ձայնագրությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրության մեջ լսվում է նաև Ջհանգիրյանի կողմից արտահայտած հայհոյանքներ, որոնց առնչությամբ նա ներողություն խնդրեց. «Ես ուզում էի հայցել մեր մայրերի, քույրերի, կանանց, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իմ կամքի, այլ լսարանում, փակ միջավայրում, տղամարդկանց շրջապատում որոշ անվայելուչ արտահայտությունների համար. իմ վրիպման արդյունքում հանրայնացվեցին, ես զղջում եմ։ Այդ արտահայտություններն իրենց, իրենց լսարանի համար չէին նախատեսված։ Դա տղամարդկային նեղ շրջանակում ընթացող քննարկման արդյունքում, մտերմիկ զրույցի տիրույթում արտաբերած բառեր էին»։ Հարցին՝ արդյո՞ք Վարդազարյանի հետ հանդիպումը տևել է 15 րոպե, Ջհանգիրյանը պատասխանեց, որ հանդիպումը տևել է մոտ 2 ժամից ավելի. «Ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից այդ ձայնագրությունը կա, ուղղակի այդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված։ Եթե դա սեղանի զրույց է, որտեղ նստած են երեք տղամարդ, և տևում է 2.5 ժամ, բնականաբար միայն մեկը չի խոսում, խոսում են բոլորը։ Թե չէ այստեղ դուրս է գալիս, որ ես մոնոլոգ եմ ասում, և այդ տպավորիչ բառերն էլ իրար հետևից ասում եմ»։ Ջհանգիրյանն ասաց, որ Վարդազարյանը հրաժարվել է այդ ձայնագրության ամբողջական տարբերակը տրամադրել ԲԴԽ անդամներին. «Երբ ես մտաբերում եմ այն թեմաները, որոնք այնտեղ քննարկվել են… այնտեղ բավականին հետաքրքիր թեմաներ կան, որոնք բացարձակ ձեռնտու չեն պարոն Վարդազարյանին՝ հանրայնացվելու տեսանկյունից։ Ես չեմ ուզում նախապես որևէ մեղադրանք հնչեցնել, որովհետև կարծում եմ՝ այդ ծաղկաքաղ արված ձայնագրությունն ուղարկված է համապատասխան քննչական մարմնին՝ ուսումնասիրելու համար։ Կարծում եմ՝ հետագայում առիթ կլինի այդ հարցերին անդրադառնալու»։ Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է հրաժարական ներկայացնել, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես իմ կյանքում երեք անգամ հրաժարական եմ տվել իմ զբաղեցրած պաշտոններից. մեկը 1997 թվականին Արդարադատության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, կամավոր հրաժարական եմ ներկայացրել, մյուսը 2000 թվականին եղել եմ Զինվորական դատախազը, դատախազական հսկողություն եմ իրականացրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը քննող քննչական խմբի նկատմամբ և հրաժարական եմ ներկայացրել երկրորդ նախագահին, որը չի ընդունվել, և երրորդը՝ 2008 թվականին իմ աշխատասենյակից ուղղակի եկել եմ հրապարա, միացել եմ համաժողովրդական շարժմանը, հասկանալով, որ հաջորդ իսկ օրը պետք է ազատվեի զբաղեցրածս պաշտոնից։ Երբեք որևէ քաղաքական ուժի, դաշինքի պարտադրանքի արդյունքում երբեք հրաժարական չեմ տվել»։ Հարցին՝ արդյո՞ք իր կողմից արված որոշ հայտարարություններ չեն ստվերում դատական համակարգում արվող բարեփոխումները, Ջհանգիրյան արձագանքեց. «Ուզում եմ՝ հիշենք, թե ինչ պայմաններում եմ ես ընտրվել ԲԴԽ անդամ, դա նոյեմբերյան իրադարձություններից հետո էր, հիշում եք Կառավարության շենքի գրավումը, մասսայական անկարգությունները, կառավարական կեցավայրի ջարդուփշուրը, ԱԺ նախագահի նկատմամբ հաշվեհարդարը և այդ բոլոր մեղադրյալներին երբ տանում էին համապատասխան խափանման միջոց ընտրելու համար դատարաններ, հիշում եք նաև Ռուբեն Վարդազարյանը կոչ արեց՝ եկել է ժամանակը, որ դուք ապացուցեք և այլն։ Կարծես թե բոլոր մեղադրյալներն ազատվեցին, որևէ մեկի նկատմամբ կալանք չընտրվեց։ Ավելին, շատերի մեղադրանքների հիմնավոր կասկածները հերքվեցին։ Պատահական չէ, որ այդ գործերով ընդամենը երկու կամ երեք մարդ է ենթարկվում քրեական պատասխանատվության»։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք այդ գործընթացը կազմակերպել է Ռուբեն Վարդազարյանը Ջհանգիրյանն ասաց. «Ես այդպիսի բան չասեցի, ես նկարագրում եմ իրավիճակը, երբ ես համաձայնություն եմ տվել, եկել եմ և ԱԺ-ն ինձ ընտրել է ԲԴԽ անդամ։ Հիշում եք այդ ժամանակ հասարակական-քաղաքական գործիչների գնահատականները դատական իշխանության մասին։ Այսինքն՝ ակնհայտ էր, որ մեր ամբողջ դատական համակարգը խրված էր քաղաքական գործընթացների մեջ։ Դա կատարվում էր ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ընթացքում, նա երբեք դրան դեմ չի արտահայտվել»։ Ջհանգիրյանը պնդեց՝ ինքն էր իր առաջ խնդիր դրել, որ Ռուբեն Վարդազարյանը կամավոր հրաժարական ներկայացնի. «Պարոն Վարդազարյանն արդեն դատական համակարգը մտցրել էր բացահայտ հակադրման մեջ գործադիր և օրենսդիր իշխանության հետ։ Ես գնացել եմ բանակցությունների»։ Հարցին՝ ո՞վ էր իրեն լիազորել՝ գնալ Վարդազարյանի հետ բանակցությունների, Ջհանգիրյանն ասաց. «Ես, ինձ ո՞վ կարող էր լիազորել։ Ես եմ գնացել բանակցությունների պարոն Վարդազարյանի հետ։ Քանի որ մեր հարաբերություններն արդեն լարված էին, թեև ինքը եղել է իմ ուսանողը, բայց նույնիսկ մինչև իմ ընտրվելը, ինքն արդեն ասում էր, որ ես իրավունք չունեմ և այլն։ Ես բազմաթիվ հանցագործների հետ եմ զրուցել, համոզել եմ ընդունել իրենց մեղքը, դու կիրառում ես հոգեբանական հնարքներ, օրինակ՝ դա ի՞նչ պաշտոն է, որ դու տենց կառչած ես դրանից, խելոք մարդը պիտի հասկանա, չէ՞, եթե այդպես է՝ ես ինչո՞ւ եմ այդ պաշտոնին նստել. այսինքն՝ որպեսզի նա հեշտության տրվի այդ հորդորին, դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը»։ Անդրադառնալով ձայնագրության մեջ Ջհանգիրյանի այն խոսքին, թե «վզիս դրված է», և այն դիտարկումներին՝ այդպիսով պարզ է դառնում, որ գործադիրի թելադրանքներն է կատարում ինքը, Ջհանգիրյանն արձագանքեց. ««Վզիս դրածը», կոպիտ ասած, «իմ ճիտին պարտքն է», այսինքն՝ ես ինքս ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը տեսական հիմքերի շարադրումը, դա ես ստանձնել եմ 1990 թվականից։ Որ ասում եմ՝ «վզիս դրած» է, ես նկատի ունեմ, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե մեկն ինձ պարտադրել է»։ Անդրադառնալով քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությանը՝ Ջհանգիրյանն ասաց. «Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել՝ ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»։ Հիշեցնենք, որ Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ձայնագրություն է հրապարակել իր, Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ նախորդ տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ 
23:45 - 23 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով
 |tert.am|

Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով |tert.am|

tert.am: Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ։ Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը․«Քննության առնելով Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը կազմող Հանձնախմբի կողմից ներկայացված միջնորդությունն ու կից ներկայացված փաստաթղթերը, և ղեկավարվելով Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքներով, ԲԴԽ–ն որոշել է Հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել, ԲԴԽ– անդամ, նախագահ, Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»։ Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գագիկ  Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, Մեսրոպ Մակյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Ստեփան Միքայելյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը և  Վիգեն Քոչարյանը։ Հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Չիչոյանը, դեմ է Անի Մխիթարյանը և ունի հատուկ կարծիք։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները մինչև այժմ կասեցված էին։
14:26 - 23 հունիսի, 2022
ԲԴԽ-ն Ջհանգիրյանի փոփոխության հարց դեռ չի քննարկում
 |azatutyun.am|

ԲԴԽ-ն Ջհանգիրյանի փոփոխության հարց դեռ չի քննարկում |azatutyun.am|

azatutyun.am: Աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փոփոխության հարց չի քննարկում։ Համենայն դեպս մինչ այս պահը կարգապահական վարույթ հարուցելու որևէ նախաձեռնություն չկա, «Ազատությանը» փոխանցեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ հավելելով, որ խորհրդում այսօր քննարկել են ձայանգրությունը ու ստացել պարզաբանումներ։ «Տվյալ պահի դրությամբ որոշակի կասկածներ, այսպես ասած, փարատվել են մեր մոտ։ Այո՛, մենք հանդիպման մասին անցած տարի իմացել ենք, որ նման հանդիպում է եղել, խորհրդի նիստում այդ հարցը բարձրաձայնվել է, թե ինչ բովանդակություն է եղել և ինչ են քննարկել, մենք չենք իմացել», - ասաց Բեքմեզյանը։ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցում հնարավոր է կարգապահական վարույթ սկսելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է ԲԴԽ 10 անդամից առնվազն երեքի ստորագրությունը։ Այս պահին, սակայն, ինչպես ԲԴԽ անդամ Բեքմեզյանը փոխանցեց, նման հարց չի քննարկվում։ «Նման հարց չի քննարկվել։ Պարոն Ջհանգիրյանը մեզ տվել է պարզաբանումներ, բացատրություններ, որոնք էս պահին այն, ինչ-որ մենք ունենք, մեզ բավարար է։ Ամբողջական պատկերցում կազմելու համար, մեզ պետք է ամբողջական ձայնագրությունը», - ասաց Բեքմեզյանը։
16:10 - 21 հունիսի, 2022
Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան» դաշինք

Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակած ձայնագրության մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։ Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են միջազգային հանրության կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։ Սույնով «Հայաստան» դաշինքն արձանագրում է․ 1. խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայությունը, որը մեր կողմից քանիցս հիմնավորվել էր, այլեւս հաստատվում է նաև դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով,2. նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել,3. ակնհայտ է, որ Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է»։
16:57 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե․ Դատախազություն

Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ, հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա:Հանձնարարվել է նաև ապահովել ստւգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն։ Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել:
14:42 - 20 հունիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց

Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ Վարդազարյանի խոսքով 2021 թ.-ի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Վարդազարյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ իրեն առաջարկվել է հրաժարական տալ. «Ով ինձ փոխանցել է առաջարկությունը, իր անունը չեմ տա, բայց ինձ փոխանցվել է վարչապետի անունից: Ես ասել եմ՝ մինչև մարտի 1-ը ինձ ժամանակ է պետք, որովհետև գործուղում ունեմ Մոսկվա, ամսի մեկին ես կհանդիպեմ վարչապետին, ու եթե հրաժարականի պահանջ կա, այդ մարդը պետք է ինձ ասի, ոչ թե փոխանցի երրորդ, չորրորդ անձանց միջոցով»:  Ինչպես ասուլիսի ընթացում նշեց Վարդազարյանը, այդ հանդիպումը չի կայացել: Ռուբեն Վարդազարյանի մեկնաբանմամբ ձայնագրությունում Ջհանգիրյանը ասում է իրեն հրաժարական ներկայացնել մինչև մարտի մեկը, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի, իսկ դրանից հետո ինքը՝ Ջհանգիրյանը, որևէ այլ բան, քան քրեական հետապնդում չի երաշխավորում. «Իսկ մինչև ամսի մեկը հրաժարական տալու դեպքում, լսեցիք, որ երաշխավորում է՝ ոչ մի հետապնդում չի լինելու: Հարցին, թե ես օրեր առաջ ինչը մերժեցի, որ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի, հետևյալն էր. առաջարկ էի ստացել Ջհանգիրյանի անունից հետևյալի վերաբերյալ, որ մինչև ժամը 12-ը եթե ես հրաժարական տամ, ապա կվերադառնամ, կդառնամ դատավոր, կաշխատեմ որպես ԲԴԽ անդամ՝ Ջհանգիրյանի նախագահության դեպքում, և որևէ կարգապահական վարույթ չի լինի: Այսինքն՝ ստացվում է՝ հրաժարականի դեպքում չկա կարգապահական խախտում, իսկ հրաժարական չտալու դեպքում կա»: Նրա խոսքով՝ «ակնհայտ երևաց և՛ քաղաքական դրդապատճառը՝ ինչու է դա կատարվում, երևաց՝ ոնց է դա կատարվում, ինչ են առաջարկել»: Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրեց իրավական հատվածը: Նա նշեց. «Փաստորեն քննարկվում է անձի՝ աշխատանքից, առնվազն ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, քննարկվում է, որ դա պայմանավորված է, օրինակ, ԲԴԽ նախագահի հայտարարություններով, ձայնագրության տերմինալոգիայով ասած, դիրքավորմամբ: Այսինքն՝ ոչ թե դա խախտում է, խնդիր է, [այլ] ուղղակի դուր չի գալիս, որ գործադիր ու օրենսդիր իշխանություններին պատասխան է հնչում դատական համակարգից: Տեսնում ենք՝ ինչ-որ մարդիկ ինչ-որ գործընթացներում տարբեր շարժառիթներ ունեն... Այս բոլորը ակնհայտորեն ցույց են տալիս, որ և՛ քրեական հետապնդումը՝ այն քրգործը, որը այսօր գնում է, և որի շրջանակներում բողոքարկումներ են տեղի ունենում, և՛ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը ունեն մեկ նպատակ՝ հեռացնել ԲԴԽ նախագահին, որ այդ տեղն ազատվի, ու հնարավոր լինի այլ անձի նշանակել»: Վարդազարյանը նշեց, որ գուցե հարց առաջանա, թե ինչու են իրեն ցանկանում հեռացնել, ինչով է ինքը խանգարում Բարձրագույն դատական խորհրդում: Նրա խոսքով միակ խնդիրը հետևյալն է. «Ես կտրականապես դեմ եմ, որ դատարանները կատարեն քաղաքական պատվերներ, և միշտ բուֆերի դեր եմ կատարել դատավորների և այն անձանց՝ կլինեն իշխանությունից, թե ընդդիմությունից, թե հասարակական կառույցից, միջև: Իմ խորին համոզմամբ միակ դրական ելքը, որ կարող է ունենալ դատական համակարգը, ապաքաղաքական լինելն է: Ես ամեն ինչ արել եմ, որ դատարանը հնարավորինս արագ և որակով ապաքաղաքականանա: Այս պատճառով ես ձեռք չեմ տալիս իշխանությանը»: ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահը հայտնեց, որ իր և Ջհանգիրյանի հանդիպումը կազմակերպել է ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը՝ լարվածությունը շտկելու համար. «Իսկ ես քանի որ գիտեի, որ շփվելու եմ մի մարդու հետ, որ կարմիր գիծ չունի, խնդրեցի իմ ընկերներին, տվեցին սարք, որով այս ձայնագրությունը տեղի ունեցավ»:  Նա նշեց, որ ինքը ճիշտ է արել, որ ձայնագրել է խոսակցությունը, որովհետև եթե այլ կերպ պատմեր, իրեն չէին հավատա կամ ապացույցներ կուզեին. «Ինձ մեղադրանք է առաջադրել այն ժամանակ դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը ձայնագրել է իմ հեռախոսային խոսակցությունը, և, դա տրամադրելով իշխանություններին, դարձել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նույն իրավիճակն է»: Վարդազարյանը նշեց, որ ինքը վստահ է, որ այս ձայնագրությունն էլ ոչինչ չի փոխելու, ու իր լիազորությունները դադարեցնելու են: Հիշեցնենք՝ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Գործն այժմ դատարանում է։ Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ասուլիսի ժամանակ մեկնաբանեց ձայնագրությունն ու ասաց, որ հրապարաված զրույցում ոչ թե քննարկվում է Վարդազարյանի՝ հրաժարական տալու կամ չտալու հարցը, այլ այն, որ հրաժարական տալու հարցը արդեն իսկ որոշված է, դրա մասին հայտնել են Վարդազարյանին, բայց որ որոշակի ժամկետից հետո Ջհանգիրյանը այլևս ոչինչ չի կարող անել քրգործ չհարուցելու համար:
13:52 - 20 հունիսի, 2022
ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը․ Արամ Օրբելյան 
 |tert.am|

ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը․ Արամ Օրբելյան |tert.am|

tert.am: ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը  և վարույթը կարող է վերսկսվել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ «ՀՀ դատական որևէ ատյանում Ես երբևէ չեմ նկատել, որ կողմերից մեկի բացակայության պայմաններում նիստը շարունակվի՝ առանց կողմի, եթե վերջինս միջնորդել է հետաձգել է նիստը։ Մի քանի դատական նիստի նշանակման պարագայում ներկայանում են ավելի վաղ նշանակված դատական նիստին։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ ՍԴ-ում հունիսի 21-ին պետք է ընթանա ՄԻՊ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականության հարցի քննությունը, որը,կառաջացնի կազուս։ Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ անդամի լիազորությունների կասեցում, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործըթնացը պետք է ունենա միայն մեկ նպատակ՝ բարելավել դատական համակարգի գործունեությունը, երբ ունենում են այլ նպատակներ, ապա դրանք դառնում են ինքնին ապօրինի։  Նշենք, որ ԲԴԽ-ն օրերս քննել է Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը՝ առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի մասնակցության, թեև փաստաբանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը Կապանում այլ գործերով դատական նիստերի էր։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:27 - 20 հունիսի, 2022
Պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել՝ ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ. Ռ. Վարդազարյան |hetq.am|

Պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել՝ ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ. Ռ. Վարդազարյան |hetq.am|

hetq.am: Բարձրագույն դատական խորհրդի` լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր` փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված քննարկմանը հայտարարեց, թե այն պահից սկսած, երբ իշխանությունները հասկացան, որ ինքը չի կատարելու պատվեր, չի քաղաքականացվելու, ինքը դարձավ «ոչ հարմար մարդ»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հրավիրել էր քննարկում` դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացման և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու թեմայով: Նշենք, որ Վարդազարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են՝ ՀՔԾ-ում նրա վերաբերյալ քննվող քրեական գործով պայմանավորված: Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Եվ չնայած ԲԴԽ անդամի թեկնածության քննարկմանը Գագիկ Ջհանգիրյանը վստահեցնում էր, որ չի գնում ԲԴԽ նախագահի պաշտոնը գրավելու, սակայն հենց նա էլ ստանձնեց ԲԴԽ նախագահի թափուր պաշտոնը` ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: Վարդազարյանն այսօր հայտնեց` Ջհանգիրյանը ժամանակին ակնարկել է, որ ցանկություն ունի զբաղեցնել իր պաշտոնը: «Այո՛, նման ազդակներ ստացել եմ, պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել` ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքն աշխատի ԲԴԽ նախագահ»,- այսպես արձագանքեց Ռուբեն Վարդազարյանը Արամ Վարդևանյանի այն հարցին, թե արդյոք ազդակներ եղել են առ այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ցանկանում է զբաղեցնել ԲԴԽ նախագահի պաշտոնը: Վարդազարյանը հիշեցրեց` Ջհանգիրյանի թեկնածության քննարկման ժամանակ իր դիրքորոշումը հայտնել է առ այն, որ 65 տարին լրացած անձը իրավունք չունի դառնալ ԲԴԽ անդամ, քանի որ վերջինիս ներկայացվում են այն պահանջները, որոնք ներկայացվում են դատավորներին: «Այն ժամանակ ես հիմնավորումները ներկայացրել եմ, այնուամենայնիվ, խորհրդարանն ընտրեց Գագիկ Ջհանգիրյանին որպես ԲԴԽ անդամ, դրանից հետո որևէ կերպ չեմ անդրադարձել այդ հարցին»,- ասաց Վարդազարյանը: Բանախոսը կոչ արեց դատարանների շրջափակումը, դատավորներին կարգապահական վարույթների, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելը և նման այլ երևույթները դիտարկել մեկ դաշտում: Ըստ նրա` այդ ամենը մի նպատակ ունի` ուղղված է դատական իշխանությունը հնազանդ, կառավարելի վիճակում պահելուն: Ավելին՝ hetq.am-ում
17:35 - 11 փետրվարի, 2022