Ռուսական 102-րդ ռազմաբազա

Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասի դուրսբերման լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ

Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասի դուրսբերման լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ

Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Արցախի ԱԽ գրասենյակը համագործակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հետ․ «Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է ԱՀ Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։ Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։ Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը: Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»։
13:08 - 10 մարտի, 2022
ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը |armtimes.com|

ՔՊ-ական պատգամավորը մեկնաբանում է 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանելու մասին լուրերը |armtimes.com|

armtimes.com: ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե առաջիկայում ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կբերվի Գյումրիից: Հովհաննիսյանն այդ մասին հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։ Պատգամավորի խոսքով՝ ռազմաբազայի վերաբերյալ նման խոսակցությունները որևէ հիմնավորում չունեն. «Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու առնչությամբ խոսակցությունները որևէ հիմք չունեն, այսինքն՝ այդ լուրերը մեկնաբանության ենթակա էլ չեն: Նման խոսակցություն մեր իրականության մեջ, ըստ էության, գոյություն չունի»: Նշենք, որ լուրերի համաձայն` եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ ռազմաբազայի հետ պայմանագիրը մինչև 2049 թվականն է: «Նման լուրեր տարածելն ուղղակի անհեթեթություն է», - ասաց Հովակիմյանը։
12:26 - 25 հունվարի, 2022
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մի մասը կարող է տեղակայվել արևելյան ուղղությամբ. Վաղարշակ Հարությունյան |tert.am|

Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մի մասը կարող է տեղակայվել արևելյան ուղղությամբ. Վաղարշակ Հարությունյան |tert.am|

tert.am: Երևանն ու Մոսկվան դիտարկում են Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մաս կազմող որոշակի զորամիավորումը Հայաստանի արևելքում վերատեղակայելու հավանականությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:«Ավելի ճիշտ կլինի խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ զորամիավորման՝ Հայաստանի արևելյան ուղղությամբ վերատեղակայման մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը), և այդ համատեքստում համատեղ համապատասխան քննարկումներ են տեղի ունենում»,- ասել է Հարությունյանը:Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահներին լրացուցիչ գործառույթներ են վերապահվում:«Իրականում ռուս սահմանապահներին հավելյալ գործառույթներ են վերապահվում անվտանգության ապահովման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի պաշտպանության հարցով: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով  սերտ և արդյունավետ համագործակցություն է ծավալվում, ինչպես և այն հարցում, որ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների ստանձնած առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- նշել է պաշտպանության նախարարը:Վերջինս հավելել է, որ մինչև Ղարաբաղում վերսկսված հակամարտությունը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանավահ վարչության անձնակազմը Հայաստանում պատասխատու է եղել երկրի տարածքով անցնող Անկախ պետությունների համագործակցության սահմանների պահպանման և անվտանգության ապահովման առաջադրանքների կատարման համար:
12:55 - 22 փետրվարի, 2021
Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կրկին դատարան չբերվեց, նիստն անցավ հեռավար
 |armtimes.com|

Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կրկին դատարան չբերվեց, նիստն անցավ հեռավար |armtimes.com|

armtimes.com: Լուսանկարում՝ փաստաբան Արայիկ Զալյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը: Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը կրկին դատարան չբերվեց, իսկ դատական նիստն անցավ հեռավար: Ամբաստանյալը գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարան և խնդրել, որ նիստն անցկացվի ռազմաբազայի տարածքում, կամ իր ներկայությունն ապահովվի տեսակապի միջոցով՝ որպես հիմնավորում ներկայացնելով կորոնավիրուսի ռիսկը: Համավարակով պայմանավորված լրագրողների մասնակցությունը ևս չթույլատրվեց: Լրագրողների հետ զրույցում տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը նշեցին, որ ամբաստանյալների դատական նիստին հեռավար մասնակցելու կարգ, որպես այդպիսին, սահմանված չէ: Չի բացառվում, որ բողոքարկեն որոշումը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը նաև տեղեկացրեց, որ դատական նիստին ուսումնասիրվելու էին գործով եղած գրավոր ապացույցները, բայց քանի որ դրանք լիարժեք թարգմանված ու ամբաստանյալին ներկայացված չեն եղել, դատական նիստը հետաձգվել է: Ըստ Զայանի, նախաքննության փուլում բոլոր ապացույցներն անբաստանյալին հասանելի լեզվով պետք է ներկայացվեն: Դատական հաջորդ նիստի օր է նշանակվել փետրվարի 22-ը:
19:50 - 03 փետրվարի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ռուսական 102-րդ ռազմակայան

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ռուսական 102-րդ ռազմակայան

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան: Վաղարշակ Հարությունյանը ծանոթացել է ռազմաբազայի ենթակառուցվածքներին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմակայանի հրամանատարությանը և անձնակազմին ստորաբաժանման կազմավորման օրվա կապակցությամբ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած ռուս զինծառայողներին։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստում, խոսել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերի խորացման մասին։ Պաշտպանության նախարարը եղել է նաև ռազմակայանի տարածքում գտնվող Սուրբ Ալեքսանդրայի ուղղափառ եկեղեցում, ռազմական պատմության թանգարանում, գրառում է կատարել թանգարանի հյուրերի մատյանում։
18:54 - 29 դեկտեմբերի, 2020
Գյումրիի երկնքում ռուսական ռազմաբազայի ուղղաթիռներն ու ինքնաթիռները ուսումնական թռիչքներ են իրականացնում |factor.am|

Գյումրիի երկնքում ռուսական ռազմաբազայի ուղղաթիռներն ու ինքնաթիռները ուսումնական թռիչքներ են իրականացնում |factor.am|

factor.am: Այսօր առավոտից Գյումրիի երկնքում աշխուժություն է տիրում։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի ուղղաթիռներն ու ինքնաթիռներն մանևրում են, ինչը որոշակի անհանգստություն է առաջացրել բնակիչների շրջանում։ Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն՝ ռուսական ուղղաթիռները պարեկային ծառայություն են իրականացնում հայ-թուրքական սահմանին, ինչը, ըստ նույն հրապարակումների, կապված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Թուրքիայի հայտարարությունների հետ։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, սակայն նշեց, որ ռուսական ուղղաթիռները ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում։ Նա նաև հավելեց, որ անհանգստանալու կարիք չկա։ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ  լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումներում․ շաբաթվա սկզբից վարժանքներ են Ռոստովի ու Վոլգոգրադի շրջանում, Հյուսիսային Օսիայում ու Աբխազիայում։
14:53 - 15 հուլիսի, 2020
ՀՔԱՎ։ Ոստիկանները չեն կարողացել մուտք գործել 102-րդ ռազմաբազայի տարածք և դատարան բերել Ռազգիլդեևին
 |hcav.am|

ՀՔԱՎ։ Ոստիկանները չեն կարողացել մուտք գործել 102-րդ ռազմաբազայի տարածք և դատարան բերել Ռազգիլդեևին |hcav.am|

hcav.am: Այսօր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր նշանակված։ Նիստը կրկին հետաձգվեց։ Այս անգամ էլ ոստիկանությունը չէր կարողացել մուտք գործել ռուսական ռազմաբազայի տարածք՝ ամբաստանյալին դատարան բերելու համար։ Ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկը գործուղման մեջ է, իսկ ոստիկանության ուղեկցող դասակինթույլ չեն տվել մուտք գործել ռազմաբազայի տարածք: Այս մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հայտնել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ․ Ենգոյանը։ Նրա փոխանցմամբ՝ 102-րդ ռազմաբազայի հսկիչ անցագրային կետի հերթապահն է ոստիկաններին հայտնել , որ ռազմաբազայի հրամանատարը գործուղման մեջ է։ Իսկ թե ով է փոխարինում հրամանատարին և ով է իրավասու այդ հարցում, փաստորեն ոստիկաններին չեն հայտնել։ Ավելի վաղ՝ մարտի 19-ին, Ն․ Մարտինյուկը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին գրությամբ հայտնել էր, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու հարցում, իսկ դատարանի պահանջի կատարումը չի մտնում ռազմաբազայի հրամանատարի իրավասությունների մեջ։ Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստերին ամբաստանյալին դատարան չէին բերում, քանի որ ռազմաբազայի ղեկավարությունը անվտանգության երաշխիքներ էր պահանջում Ա․ Ռազգիլդեևի համար։ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։ Նրանք ավելի վաղ դատարանին միջնորդել էին միջոցներ ձեռնարկել՝ այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները բացառելու համար, այն է՝ ռազմաբազայի կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելը։ Ա․ Զալյանը դեռևս փետրվարի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ էր դիրքորոշում հայտնել, որ ամբաստանյալը անհարգելի պատճառով չի ներկայանում դատարան, և Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդել էր բերման ենթարկել ամբաստանյալին։ Դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունը։ ՀՔԱՎ-ը նաև հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է։
18:57 - 30 ապրիլի, 2020
Ռուսական բազայի հրամանատարությունը շարունակում է խոչընդոտել արդարադատության իրականացմանը |hcav.am|

Ռուսական բազայի հրամանատարությունը շարունակում է խոչընդոտել արդարադատության իրականացմանը |hcav.am|

hcav.am: 2020 թվականի մարտի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջուլիետա Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն էր:  6-րդ անգամ  նիստը հետաձգվեց։ Ամբաստանյալ, ռուսական ռազմաբազայի զինծառայող  Ա. Ռազգիլդեևին դարձյալ դատարան չէին բերել: Ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկը գրությամբ կրկին դատարանին տեղեկացրել էր, որ  նախորդ՝ 2020 թվականի փետրվարի 4-ի նիստում արտահայտած  դիրքորոշումն անփոփոխ է. իրենք Հայաստանից շարունակում են պահանջել անվտանգության գրավոր երաշխիքներ: Ի դեպ, նիստի չէր եկել նաև մեղադրող դատախազ Վ. Միրզոյանը։ Նա դատական նիստի նախորդ օրը՝ մարտի 5-ին,  գրությամբ խնդրել էր նախագահող դատավոր Ադրինե Ղուկասյանին մարտի 6-ի նիստը հետաձգել, և նիստին իր չներկայանալը համարել էր հարգելի՝ այդ օրը Շիրակի մարզի դատախազի հետ դատախազության գործունեության 2019 թվականի տարեկան արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստին մասնակցելու պատճառաբանությամբ: Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանի  ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը կարծիք է հայտնում, որ ռուսական կողմը, դատարան չներկայացնելով զինծառայողին, խոչընդոտում է արդարադատության ապահովմանը: Նա  միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ ձեռնարկելու միջոցներ, որ  այսուհետ բացառվեն  այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, այն է՝ ռազմաբազայի կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելը։  Հայկ Հակոբյանը պնդում է, որ ռուսական կողմի՝ անվտանգության գրավոր երաշխիքների պահանջն իրավաչափ չէ. « Իրավական որևէ ակտով սահմանված չէ քրեական գործով ամբաստանյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգության երաշխիքների ներկայացման  պահանջ՝ ՀՀ-ի որևէ պետական մարմնի համար, հետևաբար՝ այս  պահանջն իրավաչափ չէ, և այդ հիմքով ամբաստանյալին դատարան չներկայացնելը, բնականաբար, ոչ օրինական պահանջ է: Այն ամբաստանյալին դատարան չներկայացնելու հիմք չի կարող հանդիսանալ », - ասում է Հ. Հակոբյանը։  ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս առնչությամբ նաև հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է։   «Ամբաստանյալին դատարան չներկայացնելու՝ ռազմաբազայի գործողությունները փաստացի խոչընդոտում են արդարադատության իրականացմանը, որովհետև ռազմաբազան փաստացի չի կատարում դատարանի օրինական պահանջը և ամբաստանյալին դատարան չի ներկայացնում, իսկ դա պայմանավորել ՀՀ-ի պետական մարմինների կողմից անվտանգության երաշխիքներ չներկայացնելով, իրավաչափ չէ, որովհետև որևէ իրավական ակտով ՝ ՀՀ Սահմանադրություն, ՀՀ միջազգային պայմանագրեր, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, «Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված չէ քրեական գործով մեղադրյալի և նրան ուղեկցող անձանց անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ ներկայացնելու պահանջ՝ ՀՀ որևէ պետական մարմնին:Այս բոլոր փաստերն իրենց համակցությամբ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության կատարման մասին, որոնք պետք է քննարկման առարկա դառնան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգի՝  քրեական գործի շրջանակներում և ստանան իրենց քրեաիրավական գնահատականը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ քրեական գործ հարուցելու, սույն հանցագործության հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու հարցով»  -նշված է դատախազությանն ուղղված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման մեջ: Հաշվի առնելով, որ  մեղադրող ու պաշտպանության կողմերը ներկա չէին դատական նիստին, դատարանը  հետաձգեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանի միջնորդության քննարկումը մինչև հաջորդ դատական նիստը, որը նշանակվեց 2020 թ. մարտի 20-ին: 
12:57 - 09 մարտի, 2020