Ռուստամ Մուրադով

Ռուսական զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի Դաշնության հերոս, Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար։

Ծնվել է 1973 թվականի մարտի 21-ին՝ Դաղստանի Հանրապետության Դերբենդի շրջանի Չինար գյուղում, ազգությամբ թաբասարան է։ 1966 թվականին Հարավային Դաղստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայրը ծնողների հետ տեղափոխվել է Չինար գյուղ, որտեղ էլ ամուսնացել է Ումիժատի հետ։ Ընտանիքում եղել են երեք որդի։ Ռուստամը սովորել է Չինար գյուղի միջնակարգ դպրոցում։

Եղել է Կազանի սուվորովյան ռազմական ուսումնարանի շրջանավարտ, զինվորական ծառայության մեջ է 1990 թվականից։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը և ՌԴ զինված ուժերի համազորային ակադեմիան։

Եղել է հետախուզական վաշտի հրամանատար (1996), 242-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի հրամանատար (2008-2009), 17-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար (2009), Արևելյան ռազմական օկրուգի 36-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար (2009-2012)։

2012 թվականին Ռուստամ Մուրադովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2012-2013 թվականներին եղել է Լիսիչանսկի շրջանի ուսումնական կենտրոնի ղեկավար։

2013-2015 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ունկնդիր։

2015-2017 թվականներին զբաղեցրել է 41-րդ բանակային շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ 2016 թվականին եղել է Դոնբասում կրակի դադարեցման վերահսկման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչը։ 

2017 թվականին Սիրիայում եղել է ռազմական խորհրդական, Դեր Զորում ղեկավարել է ռուսական զորքերը։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին Սիրիայում կատարած ռազմական գործողությունների համար Վլադիմիր Պուտինի կողմից արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման։

2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի դեկտեմբերը զբաղեցրել է Կենտրոնական ռազմական օկրուգի 2-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնը, որից հետո նշանակվել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ։

Ռուսաստանի նախագահի 2020 թվականի փետրվարի 20-ի Մուրադովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

2020 թվականի նոյեմբերին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար։

Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու որդի։

Պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:
19:07 - 13 հունվարի, 2022
Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորախմբի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտնձգություն, և որ այս հարցում պաշտպանության նախարարության դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։ Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։
13:47 - 25 մայիսի, 2021
Ալեն Սիմոնյանը սխալվում է. վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները հաստատել են գերիների վերադարձի լուրը

Ալեն Սիմոնյանը սխալվում է. վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները հաստատել են գերիների վերադարձի լուրը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատություն ռադիոկայանի» եթերում հայտարարել է, թե գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել, այլ միայն հույսեր, եւ, նրա խոսքով՝ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել։  «Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որը ընդունելի է, բայց բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից եւ ծնողներից»,- մասնավորապես ասել է Ալեն Սիմոնյանը: Սակայն, իրականում, գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը երեկ երեկոյան սկսեցին շրջանառվել լրատվամիջոցներում ու սոցցանցերում, հետո ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը։ Գեւորգյանից հետո մամուլում հայտնվեց նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանի հայտարարությունը, ըստ որի՝ գերիներին բերող օդանավը վայրէջք է կատարելու էրեբունի օդանավակայանում։  Գերիների խումբ, սակայն, Հայաստան չվերադարձավ, ինչը բողոքի ալիք բարձրացրեց քաղաքացիների ու հատկապես գերեվարվածների հարազատների շրջանում։ Երբ պարզ դարձավ, որ գերիներ չեն վերադարձվել, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում տարածեց, որում ասված էր, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ Փոխվարչապետի գրասենյակը, փաստորեն, ոչ թե հերքեց այն լուրերը, որ գերիների խումբ պետք է վերադառնար Հայաստան, այլ միայն նշեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվել է: Սրան հետեւեց Civilnet-ի հարցումը փոխվարչապետի գրասենյակին: Լրատվամիջոցի ստացած պատասխանի համաձայն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը գերիների վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել, եւ որեւէ լրատվամիջոց առանձին կարգով այդ մասին կանխավ չի տեղեկացվել: Ի դեպ՝ այժմ «Սպուտնիկ» լրատվականը, որին Ավինյանի խոսնակը մեկնաբանություն էր տվել, փոխել է լուրի տեքստը, սակայն դեռեւս չփոխված տարբերակը, որտեղ Նժդեհ Հովսեփյանը հաստատել է լուրը, ինտերնետ արխիվում պահպանվել է։ Իսկ լուրն, ըստ ամենայնի, փոխվել է այն բանից հետո, երբ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ գերիների վերադարձ չէր էլ նախատեսվում, եւ որ այդ լուրը հաստատողները կեղծ պրովոկացիա են արել՝ թյուրիմացության մեջ գցելով բնակչությանը։  Մուրադովի հայտարարությունից հետո էլ լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքաթիռում եղել է նաեւ Մուրադովը, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել ենք: Թե այսքանից հետո Ալեն Սիմոնյանն ինչպես է հերքում, որ պաշտոնական աղբյուրները չեն հաստատել գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը, անհասկանալի է, քանի որ, վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները, փաստորեն, առնվազն երկու լրատվամիջոցի հաստատել են տեղեկությունները։ Բացի դրանից՝ Ավինյանի գրասենյակն ավելի ուշ ցավով հայտնել էր, որ գերիների վերադարձը հետաձգվում է, այլ ոչ թե չի էլ նախատեսվել։ Իսկ պետական կառույցների կամ պաշտոնյաների մամուլի խոսնակների գործառույթն, ի թիվս այլնի, նաեւ կառույցի կամ պաշտոնյանի մեկնաբանությունները լրատվամիջոցներին հաղորդելն է։ Հայարփի Բաղդասարյան
21:38 - 09 ապրիլի, 2021
Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց. ԱՀ ՊՆ

Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց. ԱՀ ՊՆ

Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին», իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
20:23 - 13 մարտի, 2021
Արմեն Սարգսյանը Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ գերիների վերադարձը

Արմեն Սարգսյանը Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ գերիների վերադարձը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Գեներալ Մուրադովը Հայաստանի նախագահին տեղեկացրել է խաղաղապահների առջև դրված խնդիրների իրականացման ընթացքի մասին՝ ընդգծելով այն ջերմ վերաբերմունքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ցուցաբերում է ռուսաստանցի զինծառայողների նկատմամբ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունն ու հաջողություններ մաղթել իրենց ծառայության մեջ: Զրուցակիցները քննարկել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձին, անհետ կորած անձանց հայտնաբերման և հայկական կողմին հանձնմանն առնչվող հարցեր: Արմեն Սարգսյանն անընդունելի է համարել ադրբեջանական կողմից որոնողական աշխատանքների որևէ խոչընդոտում և հրատապ համարել այս չափազանց զգայուն և կենսական հարցերի լուծումը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացներին: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու հատկապես սահմանամերձ համայնքների անվտանգությունն ապահովելու կարևորությունը:
18:18 - 24 փետրվարի, 2021