Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով։ Մասնավորապես, սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների համար: Դիմումով վիճարկվում են նաև քաղաքացիների համար նախատեսված այլ սահմանափակումներ (սահմանային շերտի տարածքում արածեցնել կենդանիներին, մոտենալ անմիջապես սահմանագծին, շփվել սահմանապահ վերակարգերի հետ և այլն): Դիմումով միջնորդել եմ կասեցնել վիճարկվող սահմանափակումների գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը, ինչպես նաև առաջնահերթություն տալ գործի քննությանը: Խոսքը վերաբերում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, ինչպես նաև վերջերս այդ հոդվածում կատարված փոփոխություններին։ Նշված սահմանափակումները չունեն բացառություն և վերաբերում են սահմանային շերտում սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ քաղաքացիների շփվելու, սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ զրուցելու արգելքին: Օրենքի վերոնշյալ կարգավորումները 2020թ.սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են դարձել։ Բանն այն է, որ պետական սահմանների հետ կապված գործընթացների պատճառով ՀՀ բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահամային՝ հայտնվելով սահմանային շերտում: «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ, իսկ սահամանային գոտին այն տարածքն է, որը ՀՀ պետական սահմանագծից ծավալվում է դեպի ՀՀ տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ: Այսինքն՝ օրենքի կարգավորումների հետևանքով ստացվել է այնպես, որ սահմանային շերտում գտնվող բնակավայրերի բնակիչներն իրենց առօրյայում, օրինակ՝ տանը խնջույքի կամ որևէ այլ արարողության ժամանակ ցանկացած տեսակի ոգելից խմիչք օգտագործելու կամ հենց սեփական տանը կամ տան բակում լուսանկարվելու համար կարող են ենթարկվել պատասխանատվության: Մեկ այլ օրինակով՝ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչները ստիպված են շփվել իրենց բնակավայրերի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ, ինչը գործող կարգավորումներով ևս մարդուն պատասխանատվության ենթարկելու հիմք է: Գործող օրենքով պատասխանատվություն է նախատեսված նաև ադրբեջանական ծառայողների շփումների համար, ինչը նույնպես պատերազմից հետո դարձել է անխուսափելի։ Մեկ այլ խնդիր է այն, որ սահմանափակումների հետևանքով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում իր մանդատի ամբողջ ծավալով իրականացնել իր աշխատանքը, քանի որ սահմանային շերտում բնակվող քաղաքացիների բողոքների, ահազանգերի հիման վրա փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս արգելվում է տեսալուսանկարահանում իրականացնելն առանց համապատասխան թույլտվության, ինչը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգայնորեն երաշխավորված փաստահավաք աշխատանքի հիմքն է կազմում և ազդեցություն է ունենում հավաքագրած փաստերի հավաստիության, օբյեկտիվության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային ամենաբարձր «A» կարգավիճակի վրա։ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում անարգել է: Դրանից բացի, օրենքի կարգավորումները խիստ անհավասար վիճակի մեջ են դնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին միջազգային հարթակներում և, հատկապես, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ համեմատության մեջ, քանի որ վերջինս, ի տարբերություն ՀՀ օմբուդսմանի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս սահմանափակված չէ օրենսդրական որևէ արգելքով: Ընդ որում, երկրում ստեղծված իրավիճակն ակնհայտ վկայում է, որ այս օրենքի  նորմերը չեն կիրառվում կամ կիրառվում են հատվածական՝ անխուսափելիորեն հանգեցնելով խտրականության: Օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների գործողություններն անընդհատ նկարահանվում կամ լուսանկարվում են թե՛ քաղաքացիների, թե՛ լրագրողների, թե՛ տարբեր պաշտոնյաների կողմից, բայց ոչ միշտ է նրանց արգելվում կամ կիրառվում պատասխանատվության միջոցներ։  Դա օբյեկտիվորեն էլ հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել։ Մյուս կողմից, սահմանային շերտ մուտք գործելու և մասնագիտական աշխատանքի հարցում խտրական է մոտեցումը նաև ՀՀ լրագրողների նկատմամբ, քանի որ հայտնի չէ, թե ինչ չափանիշների դեպքում է հնարավոր ստանալ լուսանկարահանում իրականացնելու թույլտվություն։ Հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են բախվում խնդիրների: Արձանագրվել են նաև տարբերակված մոտեցումներ՝ կապված միջազգային լրագրողների հետ: Ընդունելով հանդերձ միջազգային լրագրողների կարևոր դերն ու նշանակությունը ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակի միջազգային լուսաբանման հարցում՝ պետք է, սակայն հստակ արձանագրել, որ միայն միջազգային լրատվամիջոցների լրագրողներին սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալը խտրականություն է ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ։ Առավել ևս, ՀՀ լրատվամիջոցները չունեն հստակ պատկերացում, օրինակ, իրենք ու՞մ պետք է դիմեն, ի՞նչ կարգով ու ինչպե՞ս ստանան թույլտվություն: Բայց չպետք է մոռանալ, որ լրագրողի աշխատանքը կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում ունի իրավապաշտպան, խախտումները կանխարգելող նշանակություն։ Դա արդիական է հատկապես հիմա և վերաբերում է նաև ՀՀ պետական սահմանին։ Նշենք նաև, որ սահմանափակումներին վերաբերող օրենսդրական նախագիծը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի չի ուղարկվել: Պաշտպանն իր դիրքորոշումը հայտնել է սեփական նախաձեռնությամբ, որը ևս հաշվի չի առնվել։ Սահմանադրական գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, նախագծերը կարծիքի չուղարկելն ակնհայտորեն նվազեցնում կամ վտանգում է հետագայում ընդունվելիք ակտի սահմանադրականության կամ լեգիտիմության աստիճանը: Ցանկացած պարագայում,  Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Սահմանադրական օրենքի ուժով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա, քանի որ ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ։ Մյուս սահմանափակումների մասով էլ հիմնարար է, որ օրենքը պետք է համապատասխանի իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին։ Դիմումում կոնկրետ փաստերով հիմնավորել ենք, որ առկա սահմանափակումները հանգեցնում են անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության, Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու և Պաշտպանի աջակցությունը ստանալու սահմանադրական իրավունքներին պետության անհամաչափ միջամտության, ինչպես նաև իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքների ոտնահարման»:
15:53 - 16 սեպտեմբերի,2021
Կառավարությունը 16,9մլն դրամ կփոխհատուցի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին
 |tert.am|

Կառավարությունը 16,9մլն դրամ կփոխհատուցի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին |tert.am|

tert.am: Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխհատուցի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին` չվճարված հավելավճարի դիմաց։ Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում։  Հիշեցնենք,որ արդարադատության արդեն նախկին նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքով իշխանությունը ՍԴ դատավորներից փորձում էր ազատվել։ 2020 թվականին ԱԺ-ի կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորրի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնից: Իր իրավունքների պաշտպանության համար Ալվինա Գյուլումյանը դիմել էր դատարան։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
12:10 - 12 օգոստոսի,2021
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և տասնյակ այլ օրենքներ

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և տասնյակ այլ օրենքներ

Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և մի շարք այլ տասնյակ օրենքներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Մասնավորապես, ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 73-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշել է. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և հարակից՝ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի մասով, ճանաչել Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:Որոշման մանրամասները հրապարակվել են ՍԴ-ի պաշտոնական կայքէջում:
20:04 - 05 օգոստոսի,2021
Արման Դիլանյանը հանդիպել է Մարտինա Շմիդտի եւ Թամարա Բարբակաձեի հետ

Արման Դիլանյանը հանդիպել է Մարտինա Շմիդտի եւ Թամարա Բարբակաձեի հետ

2021 թվականի հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեի հետ: ՍԴ-ի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը տեղեկացնում է, որ շնորհավորելով գրասենյակի ղեկավարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ Սահմանադրական դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը կշարունակի արդյունավետորեն զարգանալ: Մարտինա Շմիդտն իր հերթին կարևորել է իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում գործընկերության հետագա ամրապնդումը և նոր համատեղ ծրագրերի իրագործումը:
16:33 - 23 հուլիսի,2021
Սահմանադրական դատարանը չի խախտել օրենքի նորմը․ Էդգար Ղազարյանը սխալվում է

Սահմանադրական դատարանը չի խախտել օրենքի նորմը․ Էդգար Ղազարյանը սխալվում է

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ՍԴ-ն խախտել է օրենքի նորմը՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը հրապարակելով 2021 թվականի հուլիսի 20-ին՝ Կուրբան Բայրամի օրը, համաձայնեցնելով իրենց որոշումը մուսուլմանական օրացույցին։ ՍԴ նախկին աշխատակիցը խախտված նորմ է համարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ «Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները հրապարակվում են դատարանի նիստում և կցվում գործին»։  Ղազարյանը, սակայն, սխալվում է։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը ս․թ․ հուլիսի 17-ի երեկոյան դռնբաց նիստում հրապարակել է արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը։ Այնուհետեւ եռօրյա ժամկետում որոշումն ամբողջությամբ հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում։ ՍԴ մասին օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից։ Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները պարտադիր հրապարակվում են նաև նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի տեղեկագրում։»: ՍԴ կայացրած հիշյալ որոշումը հուլիսի 20-ին հրապարակվել է կայքում՝ չնայած օրենքի՝ վերը մեջբերված հոդվածում եռօրյա ժամկետում հրապարակելու ուղղակի պահանջ չկա։ Սակայն նույն օրենքի 65-րդ հոդվածի մեջ էլ նշված է՝ «Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են դատավարության կողմերին:»։ Վերը հիշատակած նորմերին համապատասխան՝ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում ՍԴ-ն որոշումը հրապարակել է պաշտոնական կայքում։ Սահմանադրական դատարանն իր բոլոր որոշումներն է հրապարակում եռօրյա ժամկետում, երբեմն՝ հենց երրորդ օրը․ որպես օրինակ՝ Սահմանադրական դատարանն այս տարվա մարտի 26-ին հրապարակեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը, եւ այն ամբողջությամբ տեղադրեց պաշտոնական կայքում մարտի 29-ին։ Այսինքն՝ ՍԴ որոշումը մուսուլմանական տոնի օրը հրապարակելը դիտավորություն համարելն անիմաստ է։ Իսկ ՍԴ մասին օրենքի նորմերը չեն խախտվել, քանի որ որոշումը ե՛ւ ՍԴ նիստերի դահլիճում, ե՛ւ ՍԴ պաշտոնական կայքում հրապարակվել է ՍԴ մասին սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան: Ի դեպ՝ 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՍԴ մասին սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց, հետո ՍԴ բոլոր որոշումները վերոնշյալ նույն կարգով են հրապարակվել: Հայարփի Բաղդասարյան
13:44 - 23 հուլիսի,2021
Արամ Վարդևանյան. «ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները» |hetq.am|

Արամ Վարդևանյան. «ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները» |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանում վեցերորդ օրն է շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման պահանջով երկու կուսակցությունների և երկու դաշինքների դիմումների քննությունը: Այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում դիմող կողմի ներկայացուցիչները հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր ելույթում պնդեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ատահայտում ժողովրդի իրական կամքը, «ԿԸՀ որոշմամբ ներկայացված պատկերը  խեղքաթյուրված է»: Վարդևանյանի խոսքով՝ հենց վարչական ռեսուրսի չարաշահում է այն, որ վարչապետը հրաժարականի դիմումից հետո շարունակել է պաշտոնավարոումը` որպես ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ նրա՝ իրավապահ համակարգը չի ունեցել այն անկախությունը, որը պետք  է ունենար: «Մենք ծայրահեղ վտանգավոր մարտահրավերների առաջ ենք կանգնած: ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը: Իսկապես այս գործը ընտրությունների  արդյունքների վերաբերյալ վեճ չէ»,-ասաց Վարդևանյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
12:53 - 14 հուլիսի,2021
ՍԴ-ն քաղաքական ուժերի որոշ միջնորդություններ մերժեց, որոշների քննարկումն է հետաձգեց |armenpress.am|

ՍԴ-ն քաղաքական ուժերի որոշ միջնորդություններ մերժեց, որոշների քննարկումն է հետաձգեց |armenpress.am|

armenpress.am:  Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել քաղաքական ուժերի` որոշ դեպքերում տարբեր կառույցներից տարբեր տեսակի տեղեկություններ ստանալու մասին որոշ միջնորդությունների քննարկումը: Ավելի վաղ քաղաքական ուժերի ներկայացուցիչները պնդեցին իրենց ներկայացրած միջնորդությունները: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը  ներկայացրեց դատարանի որոշումը միջնորդությունների վերաբերյալ: Նա նշեց, որ «Զարթոնք» կուսակցությունը պահանջել էր տեղեկատվություն ԱԱԾ-ից, թե ընտրությանը մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը երբ է լքել ՀՀ պետական սահմանը և երբ է վերադարձել, ինչպես նաև ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ստորագրել են ընտրական ցուցակներում, սակայն ՀՀ-ում չեն գտնվել: Կուսակցությունը ՊԵԿ-ից և վարչապետի աշխատակազմից միջնորդությամբ պահանջել էր տեղեկություն հանրային ծառայողների քանակի մասին, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ տեղեկություն, թե ընտրական տեղամասերում որքան ժամանակով են հոսանքազրկվել և ինչ պատճառներով: «Այս բոլոր միջնորդությունները դատարանը որոշել է մերժել:  Այն միջնորդությունը, որը վերաբերվում է ընտրություններին մասնակցած զինծառայողների քանակին, դատարանը որոշել է հետաձգել»,- ասաց ՍԴ նախագահը:  Դիլանյանի խոսքով՝ ինչ վերաբերվում է Հանրապետության նախագահին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությանը, ապա այն ՍԴ-ն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանը անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կատարած միջնորդության շրջանակներում: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի միջնորդությունը դատարանը ևս մերժել է: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդությունների մի մասը մերժել է, մի մասը հետաձգել»,- հավելեց Դիլանյանը: Որոշ միջնորդությունների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց պատասխանող կողմը՝ ի դեմս ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանի: «Կան միջնորդություններ, որոնց առնչությամբ պետք է պարզ լինի՝ հնարավո՞ր է բավարարման պայմաններում այդ միջնորդության պահանջները կատարել: Օրինակ` միջնորդությունների մեկը վերաբերում էր բոլոր ընտրողների` ՀՀ-ից դուրս գալու և մուտք գործելու հանգամանքը ստուգելուն: Որևէ խնդիր չկա, էլեկտրոնային սարքերից ստացված տեղեկատվությունը կարող է տրամադրվել, բայց արդյոք այդ բազաները կլինեն համադրելի, հնարավոր կլինի՞ դա, քանի որ տարբեր ծրագրային ապահովումներ կարող են լինել: Հետևաբար, այդ տեսակ հարցերում անհրաժեշտություն կա ճշտելու, որ հետո չպարզվի, որ իրականում միջնորդությունը բավարարվեց, բայց տեխնիկապես անհնար է նման միջնորդությունների իրականացումը», - ասաց Մուկուչյանը: Երրորդ անձի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ևս իրենց դիտարկումները ներկայացրեցին: ՍԴ-ն դռնփակ ռեժիմով քննարկում է նիստը դռնփակ անցկացնելու հարցը:
18:14 - 13 հուլիսի,2021