«Սասնա Ծռեր» խումբ

«Սասնա Ծռեր»-ը 2016թ. օգոստոսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմամբ իր մասին հռչակած ռազմաքաղաքական զինյալ խումբ, որի հռչակված նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության իրականացումը՝ ի նպաստ երկրում սոցիալական արդարության և հայաստանակենտրոն քաղաքականության հաստատման, Արցախի Հանրապետության անվտանգության պահպանմանը և Ադրբեջանին հողերի հանձնման բացառումը։ Զինյալ խմբի անդամների մեջ մեծ թիվ էին կազմում Արցախյան պատերազմի ազատամարտիկներ, Հիմնադիր խորհրդարան քաղաքական կազմակերպության անդամներ ու համախոհներ, առանձին անհատներ, այդ թվում՝ նաև հայկական սփյուռքից:

Խումը պահանջում էր․

1. ՀՀ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական,

2.Արցախի Հանրապետության որևէ տարածքի հանձնման բացառում,

3.Հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի և ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում,

4.Անցումային կառավարության ձևավորում,

5.Պետական պաշտոններ զբաղեցրած այն անձանց իրավական պատասխանատվության ենթարկում, ովքեր գործել են հանցաքներ։

Ի վերջո երկու անգամ նրանց աջակցող հանրահավաքները բռնությամբ ցրելուց հետո հուլիսի 31ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Ժամը 20-ից սկսեց նրանց հանձնվելու գործողությունը, որի միջնորդ կողմ էր Վիտալի Բալասանյանը: Այս իրադարձությունների ընթացքում սպանվել է 3 ոստիկան, վիրավորվել զինյալ խմբի 5 անդամ, 100-ից ավելի քաղաքացիներ տուժել են հավաքի նկատմամբ ոստիկանական բռնի գործողություններից, այդ թվում 12 լրագրողներ։ Ցույցերի նկատմամբ բռնարարքներում ներգրավված են եղել հանցավոր խմբավորումներ։ Այժմ զինված խմբավորման մի շարք նախկին անդամներ և նրանց աջակիցներ հիմնադրել են «Սասնա ծռեր» կուսակցությունը, մասնակցել 2018թ․ դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններին, ստացել մոտ 25.000 քվե։

«Սասնա Ծռեր»-ի գործով դատապարտյալ Արմեն Բիլյանի կոչը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

«Սասնա Ծռեր»-ի գործով դատապարտյալ Արմեն Բիլյանի կոչը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

«Սասնա Ծռեր»-ի գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը, որը չի ընդունում ոստիկանին սպանելու մեղադրանքը, նոր Գլխավոր դատախազից պահանջում է համակարգն առողջացնելու խոստումներն ապացուցել իր գործով արդարության վերահաստատումով։ Դատախազին հղած նրա նամակը՝ ստորեւ։ Գլխավոր դատախազի պարտականությունները նոր ստանցնած Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 20-ին ասել է. «Առաջին հերթին ինձ (...) կարեւոր է հասկանալ դատախազական ակտերի, նախաքննության նկատմամբ հսկողության, ինչպես նաեւ դատարանում մեղադրանքի պաշտպանության որակը»: Ազգային Ժողովում իր թեկնածության քննարկման փուլում եւս, հունիսի 29-ին Վարդապետյանն անդրադարձել էր մինչդատական վարույթում առկա խնդիրներին, այլ խոսքով անարդար և պատվերով կատարված նախաքննությունների համատարած երեւույթին: «Իմ բարձրաձայնած յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ ես ունեմ լուծման մեխանիզմներ, միշտ չէ, որ դրանք բացառապես օրենսդրական են կամ իրավական, շատ հաճախ դրանք կազմակերպական են, գործնական են և շատ հաճախ դա ուղղակի տեսանկյունի փոփոխությունն է»,- նշել էր նա: Նա հույս էր հայտնել, որ «չի լինի արդարադատություն, որը մենք չենք իրականացրել»: Մինչդատական՝ աչք ծակող անարդար «նախաքննություններից» և դատախազության կողմից նրանց հակաօրինական «հսկողություններից» մեկը 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկան Գագիկ Մկրտչյանին «սպանելու» կապակցությամբ իմ նկատմամբ հարուցված աղաղակող շինծու և կեղծ մեղադրանքն է: Այդ մեղադրանքը հիմնովին հերքվեց առաջին ատյանի դատավարության ժամանակ, քննչական մարմնի և ապա դատախազության կողմից ներկայացված «ապացույցները» ջախջախվեցին և Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն ինձ արդարացրեց ոստիկան Մկրտչյանին ոչ միայն «սպանած», այլեւ նրա վիրավորվելու փաստի հետ որեւիցե կապ ունեցած լինելու մեղադրանքից: Բայց դատախազությունը, ԱՌԱՆՑ ՈՐԵՒԻՑԵ ՆՈՐ «ԱՊԱՑՈՒՅՑ» ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ (նոր ապացույց պարզապես չեր կարող գոյություն ունենալ, Վերաքննիչ դատարանից պահանջեց վերահաստատել մեղադրանքը և վերջինս, ԱՌԱՆՑ ԳՈՐԾԸ ՎԵՐԱՔՆՆԵԼՈՒ, պարզապես բավարարեց այդ պահանջը և ինձ դատապարտեց 25 տարվա ազատազրկման: Եթե նորանշանակ Գլխավոր Դատախազն անկեղծ է նախաքննական մարմինների և իր ղեկավարած գերատեսչության անարդար ավանդույթներին վերջ դնելու իր մտադրությունում, նա պետք է սկսի մինչ այժմ թույլ տրված անօրինություններն ուղղելու վճռակամությամբ: Ինչպես բազմաթիվ այլ գործերի, նույնպես և իմ «գործի» պարագայում նոր ղեկավարությամբ Գլխավոր դատախազությունը «հեծանիվ հորինելու» կարիք չունի: Նա տիրապետում է գործի բոլոր իրական հանգամանքներին և մանրամասներին: Իմ հարցում դատախազության անցած վեց տարիների վարքագիծը եղել է ոչ թե ճշմարտությանը բավարար չտիրապետելու, այլ, ամբողջովին տիրապետելով հանդերձ, բացահայտ կեղծիքի և անօրինականության դիմելու գիտակից որոշման հետեւանք: Սխալն ու անարդարությունն ուղղելու համար նրան ընդամենը պետք է գործի կապակցությամբ «նոր հանգամանքների» ի հայտ գալը փաստել, հանգամանքներ՝ որոնք իրականում նոր չեն, նրանց նա սկզբից լիովին տիրապետել է: Իմ և նմանօրինակ գործերը Լակմուսի թուղթ են նոր գլխավոր դատախազի համար: Այս հարցով եւս նա պետք է ունենա «լուծման մեխանիզմներ» և անի այնպես, որ «չլինի արդարադատություն, որը մենք չենք իրականացրել»: Առանց այս հարցում արդարության վերահաստատման, նոր Գլխավոր դատախազի հայտարարությունները մնալու են թղթի կտոր:  Գլխավոր լուսանկարը՝ hetq.am-ի
16:37 - 11 հոկտեմբերի, 2022
Սյունեցիները փակել են Երեւան-Մեղրի մայրուղին՝ հաջակցություն «Սասնա Ծռեր» խմբի անդամների

Սյունեցիները փակել են Երեւան-Մեղրի մայրուղին՝ հաջակցություն «Սասնա Ծռեր» խմբի անդամների

Սյունիքի մեր հայրենակիցները փակել են Երեւան-Մեղրի մայրուղին՝ ի աջակցություն Սասնա Ծռեր խմբի անդամների: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովրդավարական բեւեռի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի օրը, ձերբակալվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Պավել Մանուկյանը։ Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը հրապարակվել է 2021 թվականի փետրվարին: Ըստ այդմ՝ դատարանի դատավճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հիմքով: Դատական ակտով Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, նշանակված պատիժը հաշվակցելով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 7,8 տարվա ազատազրկումը: Վարուժան Ավետիսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց մեղադրանքներում եւ դատապարտվեց 9 տարի ազատազրկման, վերջնական պատիժը՝ 7,4 տարի: Դատական ակտով Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարվա ազատազրկումը, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 7,5 տարի ազատազրկումը: Սեդրակ Նազարյանը նույնպես մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հաշվակցելով՝ դատարանը վերջնական պատիժ նշանակեց 8,2 տարին:
13:31 - 28 մայիսի, 2022
«Սասնա ծռեր» խմբավորման քրգործով կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. ԲԴԽ

«Սասնա ծռեր» խմբավորման քրգործով կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. ԲԴԽ

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ հայտնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը  26.05.2022 թվականին  մտել է օրինական ուժի մեջ: Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով»: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել Սասնա Ծռերի մի շարք անդամներ։ 
12:49 - 28 մայիսի, 2022
Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը և Սասնա Ծռերի այլ անդամներ

Ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը և Սասնա Ծռերի այլ անդամներ

Սասնա Ծռեր համահայկական շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ձերբակալվել է Ազգային-ժողովրդական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։ «Ձերբակալվել են Սասնա Ծռեր ապստամբական խմբի այլ հայտնի անդամներ։ Ձերբակալությունների դավադիր օպերացիան ռեժիմն իրականացրել է սինխրոնացված՝ սկսած Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ից։ Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած թշնամական ռեժիմը Հայաստանի Հանրապետության հիմնադրումը որոշել է նշել Հայաստանի Հանրապետության նվիրյալ պաշտպաններին բանտեր ուղարկելով»,- նշված է գրառման մեջ։ Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ «առավոտյան ժամը 06:30-ին տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են Պավել Մանուկյանի տուն և առևանգելով նրան՝ տարել են անհայտ ուղղությամբ»։ Նա ընդգծել է, որ դեպքը տեղի է ունեցել «առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման», ու դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով․ «Հրապարակել Որոշումը, եթե իհարկե գոյություն ունի [որոշում], համաձայն որի՝ իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից։ Տրամադրել տեղեկություն Պավել Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ։ Իսկ եթե դուք կապ չունենք Պավել Մանուկյանի առևանգման հետ, ապա հայտնեք՝ ինչ միջոցներ են ձեռնարկվում բացահայտելու ցեղասպան թուրքերի վայրագությունները Երևանում»։ Հավելենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ գրել է․ «Սա նշանակում է, որ ՍԾ-երի (Սասնա Ծռերի- խմբ․) նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ, և տղաներին վերադարձնում են բանտ»։
11:02 - 28 մայիսի, 2022
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի |news.am|

«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի |news.am|

Գլխավոր նկարը՝ «Ֆոտոլուր»-ի news.am: Ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերի»՝ անազատության մեջ գտնվող երկու անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է։ Այս մասին ասաց Բիլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը։ Նա պահանջում է, որ Վճռաբեկ դատարանն արդարադատություն իրականացնի եւ վարույթ ընդունի իրենց բողոքը։ Փաստաբանն ասաց, որ Բիլյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ պահանջում է իրեն Արմավիր ՔԿՀ-ից Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել։ «Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում, եւ գտնում է, որ որեւէ խնդիր չկա, բայց իր վիճակը, փաստացի, չի բարելավվում։ Նա խնդրում է, որ իրեն տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց, ՔԿՀ-ի բուժկենտրոնը գտնում է, որ նման ցուցում չկա»,- նշեց Աննա Ծառուկյանը։ Նա ասաց, որ երկու օր առաջ ՄԻՊ-ի աշխատակազմից են Բիլյանին այցելել, ուսումնասիրել են առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը. «Չի բացառվում, որ արդեն տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց։ Նա մոտ 10 կգ նիհարել է»։
13:40 - 13 ապրիլի, 2022
Արմեն Բիլյանը մարտի 28-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» |hetq.am|

Արմեն Բիլյանը մարտի 28-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» |hetq.am|

hetq.am: «Սասնա ծռեր» խմբի գործով ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը մարտի 28-ից հացադուլ է հայտարարել: Արմեն Բիլյանը գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և պահանջում է, որ իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, քանի որ բուժման կարիք ունի։ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Արմեն Բիլյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց և տեղում իրականացվել է բժիշկների խորհրդատվություն, գործիքային ստուգում: Որևէ բժշկական ցուցում չի եղել հիվանդանոցային բուժման համար, այդ իսկ պատճառով նրան չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հակառակն է պնդում Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս խոսքով՝ Արմեն Բիլյանը դժգոհում է առողջական վիճակից: Նրան պետք է տեղափոխեն հիվանդանոց, իրականացնեն մանրակրկիտ բժշկական ստուգում, որից հետո նոր միայն պարզ կլինի՝ բուժման կարիք կա՞, թե՝ ոչ: «Հենց այդ պատճառով է հացադուլ հայտարարել, որ իրեն պատշաճ բուժզննության չեն ենթարկել: Դրա կարիքը կա, Արմեն Բիլյանը առողջական խնդիրներ ունի»,- ասում է Զարուհի Փոստանջյանը: Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
19:17 - 10 ապրիլի, 2022
Ի պատասխան Արմեն Բիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունների․ պետք է պատրաստ լինենք նաև այնպիսի հարվածների, որոնք կհասցվեն մեր շրջանակում եղած մարդկանց միջոցով

Ի պատասխան Արմեն Բիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունների․ պետք է պատրաստ լինենք նաև այնպիսի հարվածների, որոնք կհասցվեն մեր շրջանակում եղած մարդկանց միջոցով

«Սասնա Ծռեր» խմբավորման նախկին անդամ Արմեն Բիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով անհիմն ու անհեթեթ մեղադրանքներ ու պահանջներ է ներկայացրել Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա Ծռեր» խմբավորման նախկին ղեկավար անդամներին։ Ցավով արձանագրում եմ, որ հարգարժան Ալեք Ենիգոմշյանն իր հայտարարությամբ միացել է Արմեն Բիլյանի հայտարարությանը։Մինչ հիշյալ հայտարարությունների վերաբերյալ իմ մոտեցումները ներկայացնելը, հարկ եմ համարում ընդգծել, որ դրանցում բերված փաստարկումները հիմնվում են ոչ թե փաստերի, այլ գաղափարական-քաղաքական մոտեցումների, հայացքների, ապա նաեւ` դրանցից ծնված անձնական վերաբերմունքի վրա։ Ալեք Ենիգոմշյանի մասով խոսքը հիմնականում վերաբերվում է տարածաշրջանում և Հայաստանի ապագայի առմամբ Ռուսաստանի դերի ու նրա հետ հարաբերությունների վերաբերյալ տարաձայնություններին։Ալեք Ենիգոմշյանն Ազգային-ժողովրդավարական բևեռի ստեղծումից առաջ և հետագայում նեղ շրջանակում մի քանի անգամ ասել է, որ Ռուսաստանի հետ կապված իր և մեր տեսակետները տարբեր են և ինքը համաձայն չէ մեզ հետ։ Նա սխալ է համարում, որ Հայաստանը պետք է պոկվի Ռուսաստանից և մոտենա Արևմուտքին։ Այդ էր պատճառը, որ նա չի մասնակցել Բևեռի գործունեությանը, այդ թվում՝ հանրահավաքներին ու երթերին։ Հիմա՝ մեզ ներկայացվող պահանջների ու մեղադրանքների վերաբերյալ իմ մոտեցումների մասին։ 1) Առհասարակ` ինձ համար սկզբունքորեն անընդունելի են հայտարարությունների համատեքստը և դրդապատճառները։ Դրանցով ըստ էության ասվում է, որ. ա) Հայաստանը զավթած չեկիստական համակարգը վերջնականապես ու անդառնալիորեն հաղթել է հայ ազգին, բ) «Սասնա Ծռերն» այդ համակարգի դեմ ապստամբած մարդիկ չեն, այլ հանցագործներ, գ) նրանք պետք է ընդունեն համակարգի խաղի կանոնները, նրա գործիք դատարանը և անհատապես՝ ամեն մեկն իր գլխի ճարը տեսնելու տրամաբանությամբ, ենթարկվեն համակարգի թելադրանքին։ Մինչդեռ մենք համոզված ենք, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ և կարևոր արտաքին գործոնների ազդեցությամբ չեկիստական համակարգը տապալվելու է, Հայաստանում ճանաչվելու է ապստամբության իրավունքը և «Սասնա Ծռեր» խմբավորման նախկին անդամները անպարտ են ճանաչվելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է։ Իսկ առայժմ Հայաստանը գաղութացված է, չունի դատարան եւ արդարադատություն, ուստի ներկայումս հնարավոր չէ բացահայտել ճշմարտությունը և հասնել արդարության։ Բացի այդ, ինչպես արդեն ասացի, մենք ապստամբել ենք, հանցանք չենք գործել։ Բռնապետական, առավել ևս՝ գաղութացված երկրներում, որպիսին նաև Հայաստանն է, բոլոր զոհերը լինում են համակարգի մեղքով։ Մեր ապստամբության ժամանակ ևս այդպես է եղել։ Մենք չենք կարող ընդունել գաղութային համակարգի կանոններն ու ենթարկվել նրա ողորմածությանը, ինչպես ըստ էության պահանջվում է մեզանից։ Մենք չենք կարող ուրանալ մեր ապստամբությունը։ Արդարադատություն կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կազատագրվի և կունենա դատարան։ Առայժմ ստիպված ենք առնչվել համակարգի դավադրություններին, որոնցով առանց խտրականության կիրառվում են բոլոր անբարո և ապօրինի մեթոդներն ու միջոցները։ Միևնույն ժամանակ, թեկուզ Հայաստանում չկա պետություն, դատարան և արդարադատություն, ես կամ մեր քաղաքական ուժի որևէ այլ ղեկավար անձ չի կարող և իրավունք չունի ստանձնել պետության ու դատարանի գործառույթներ և նրանց փոխարեն բացահայտել ճշմարտությունն ու որոշել պատասխանատվության ենթակա անձին։ Կարճ ասած` մերժում ենք այլընտրանքային հրապարակային «դատավարություն» կազմակերպելու կամ այլոց կազմակերպած նման «դատավարությանը» մասնակցելու բոլոր ակնկալիքները, եթե այդպիսիք կան։ 2) Հայտարարություններում ըստ էության նշվում է, որ Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա Ծռեր» խմբավորման ղեկավարները գիտեն, թե ով է իրականում պատահաբար կրակել ոստիկան Գագիկ Մկրտչյանի վրա, սակայն ոչ միայն լռում են, այլև ենթադրյալ կրակողին չեն ստիպում, որ վեր կենա ու հայտարարի այդ մասին։ Նախ պետք է հիշեցնեմ, որ «Սասնա Ծռեր» խմբավորումը գոյություն չունի 2018-ի գարնանից, ինչի մասին եղել է պաշտոնական հայտարարություն։ Սակայն, եթե նույնիսկ խնբավորումը պահպանված լիներ, նրանցից որևէ մեկի նկատմամբ իր համոզմունքներին ու ցանկությանը դեմ գնալով լռելու կամ խոսելու ցուցում, հարկադրանք կամ այլ ներգործություն չէր կարող լինել։ Այսուհետև ևս չի լինելու։ Անձամբ ես ականատես չեմ դեպքին, բայց ականատես եմ, որ Արմեն Բիլյանն այլ վայրում է եղել և զենք չի ունեցել։ Այս ամենի մասին բազմիցս հայտարարել եմ ԶԼՄ-ներով և միայն ոստիկանների զոհվելու հանգամանքների վերաբերյալ ցուցմունք եմ տվել դատավարության ժամանակ, թեպետ չեմ ընդունել ու չեմ ընդունում չեկիստական համակարգի դատարանին։ Հակառակ սկզբունքիս ցուցմունք տվել եմ այն պարզ պատճառով, որպեսզի հասարակությունը զոհերի մասով իմանա ճշմարտությունը և հնարավորություն ստեղծվի Արմեն Բիլյանի խափանման միջոցը փոփոխելու համար։ Դրանից ավելին դուրս է իմ համոզմունքի տիրույթից։ 3) Հայտարարվում է, որ Ժիրայր Սեֆիլյանը և այլ ղեկավար անձինք գործարքի են գնացել իշխանության հետ, ինչի հետևանքով Արմեն Բիլյանն է փաստորեն մեղավոր նշանակվել։ Այս հայտարարությունը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվում և չի կարող ներկայացվել, քանի որ նման բան չի եղել։ Դա պարզապես անհնար է։ Միայն անհեթեթ ու անհիմն ենթադրություններ են, որոնց հնարավոր չէ պատասխանել։ 4) Ժիրայր Սեֆիլյանը և այլ ղեկավար անձինք նաև մեղադրվում են, որ անուշադրության են մատնել Արմեն Բիլյանին և նրա ընտանիքին, իսկ անձամբ Սեֆիլյանն իբր թե կոպիտ է խոսել Բիլյանի մոր հետ։ Այս հարցում բարոյական սահմանի խնդիր կա, ուստի ընդամենը կպատասխանեմ, որ բանտից դուրս գալուց հետո Ժիրայր Սեֆիլյանն այցելել է Բիլյանի մորը։ Բնականաբար, նրա հետ եղել է հարգալից, այլ կերպ պարզապես չէր կարող լինել։ Բարեբախտաբար, խոսակցությանը ներկա է եղել նաև 3-րդ անձ, ով անհրաժեշտության դեպքում կվկայի ասվածը։ Սակայն հետագայում Բիլյանի մայրը մեղմ ասած չի ցանկացել շփվել և հարաբերություններ պահպանել։ Այդուհանդերձ, նման իրավիճակում արվել է հնարավորը։ 5) Ժիրայր Սեֆիլյանին անհասկանալի մեղադրանք է ներկայացվում, որ Արմեն Բիլյանի համար չի ապահովել բարձրակարգ պաշտպանների ծառայություններ։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ մեր գործը քաղաքական է և դրա վերաբերյալ դատական որոշումները կայացվում են ըստ քաղաքական որոշումների, հիշեցնում եմ, որ առաջին ատյանի դատարանում Բիլյանը սպանության մեղադրանքի մասով արդարացվել է։ Իսկ վերաքննիչում հակառակ որոշումը կայացվեց, որովհետեւ քաղաքական որոշում էր փոփոխվել։ Ամփոփելով, եզրակացնում եմ, որ․ 1) Դիտարկվող հայտարարություններով մեկնարկած քարոզչական հարձակման միջոցով «Սասնա Ծռեր» խմբավորման նախկին անդամներից առանձնացվում և որպես զոհ ընդգծվում է Արմեն Բիլյանը, որպեսզի հանրային ուշադրությունը շեղվի «Սասնա Ծռեր» խմբավորման մյուս նախկին անդամներից, մինչդեռ նրանցից Սմբատ Բարսեղյանը նույնպես 25 տարվա պատժաչափով գտնվում է բանտում, իսկ մնացածը ևս ծանր պատժաչափերով սպասում են իրենց բանտարկությանը։ Հատկապես այն իրավիճակում, երբ երեսուն տարի շարունակվող գաղութացմամբ ու կեղեքմամբ երկիրն աղետի հասցրածները և պատերազմում պարտության մեղավորները, որոնք մեղավոր են նաև հազարավոր զինծառայողների և տասնյակ ոստիկանների զոհվելու համար, փաստորեն անպատիժ են, համակարգի դեմ ապստամբածներից միայն Արմեն Բիլյանին զոհի կերպարանքով ներկայացնելու, իսկ մնացածին հեղինակազրկելու և պատժելու միտումը շատ ակնհայտ է դարձնում այս քարոզչական հարձակման աղբյուր չեկիստական համակարգին և նրա դրդապատճառները։ 2) Տեղի ունեցող քարոզչական հարձակման հիմնական դրդապատճառն այն է, որ Կրեմլին ենթակա գաղութային համակարգի դեմ պայքարում հիմնական ազգային ուժ Բևեռը թափ է առնում։ Այս հարձակումը մանրակրկիտ կերպով պլանավորվել է ամիսներ առաջ։ Բիլյանին երկրորդ անգամ շատ ավելի խիստ պատժաչափ տալն ու կալանավորելն այդ պլանն իրագործելու առաջին քայլն էր։ Դա հնարավորություն է տալիս օգտագործելու Բիլյանի վիճակը և ստեղծելու խղճի հանգամանքը չարաշահելու համար անհրաժեշտ հուզական-զգացմունքային մթնոլորտ։ 3) Թշնամի համակարգը ձեռքերը ծալած չի նստելու։ Որքան Բևեռն ուժ է հավաքում և ծավալվում, այնքան ավելի բարդ, ծրագրված ու հզոր հարվածներ ենք ստանալու։ Եվ, թեկուզ շատ ցավալի է, բայց պետք է պատրաստ լինենք նաև այնպիսի հարվածների, որոնք կհասցվեն մեր շրջանակում եղած մարդկանց միջոցով։ Համոզված ենք, որ որքան ծանր լինեն Բևեռին հասցվող հարվածները, Բևեռն այնքան ավելի է ամրանալու և հզորանալու։   Վարուժան ԱՎԵՏԻՍՅԱՆ «Սասնա Ծռեր» խմբավորման նախկին անդամ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ
11:18 - 23 հունվարի, 2022
Վերաքննիչ դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով որոշումը |armenpress.am|

Վերաքննիչ դատարանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով որոշումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը և մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը: Դատարանը որոշում կայացրեց միայն ամբաստանյալ Արմեն Բիլյանի մասով որոշումը բեկանել և փոփոխել: Դատարանը որոշեց Բիլյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերով նախատեսված հանցագործությունների մեջ և դատապարտել ազատազրկման 25 տարի ժամկետով: Բիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
12:59 - 10 դեկտեմբերի, 2021
Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատավճիռը |1lurer.am|

Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատավճիռը |1lurer.am|

1lurer.am: Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը:  Դատարանը վճռեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ անձի մահվան հիմքով: Պավել Մանուկյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 8 ամիս ժամկետով: Վարուժան Ավետիսյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 4 ամիս ժամկետով:    Մխիթար Ավետիսյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով:  Էդուարդ Գրիգորյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով:   Գագիկ Եղիազարյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 5 ամիս ժամկետով:  Արեգ Կյուրեղյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 7 տարի 1 ամիս ժամկետով:  Սեդրակ Նազարյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 8 տարի 2 ամիս ժամկետով:   Սմբատ Բարսեղյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 25 տարի ժամկետով:  Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչեց և պատիժ նշանակեց ազատազրկում 4 տարի 11 ամիս ժամկետով: Բիլյանի նկատմամբ կալանավորումը վերացվեց՝ այն փոխարինվելով ստորագրությամբ չհեռանալու մասին:  Դատավորը նշեց, որ հաշվի առնելով, որ բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվելուց հետո պատշաճ վարքագիծ են դրսևորել, կարող են մնալ ազատության մեջ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, դրանից հետո նրանք կկրեն դատարանի կողմից սահմանված պատիժները: 
12:50 - 24 փետրվարի, 2021
Անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին. Սասնա ծռեր

Անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին. Սասնա ծռեր

Ժամ առաջ հեռանալու փոխարեն մեզ ազգային աղետի հասցրած Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կառչել է աթոռին և փորձում է բռնության ու հալածանքի ջղաձիգ քայլերով երկարաձգել իր կառավարումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Հայրենիք կորցնելու ցավից վրդովված կարծիք հայտնելու համար քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանին ձերբակալելը վկայում է այն մասին, որ ռեժիմը կորցրել է իրականության զգացումը և երկիրը տանում է կործանարար ցնցումների։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում տեսնել, որ Վահան Բադասյանը պարզապես արտահայտել է իր նկատմամբ լայնորեն տարածված վերաբերմունքը, ապա շուտով առերեսվելու է դրա տասնյակ, այնուհետև՝ հարյուրավոր ու հազարավոր դրսևորումներին։ Ի վերջո՝ այդ վերաբերմունքը վերածվելու է ցասման, ինչը կարող է շատ վտանգավոր զարգացումների հանգեցնել։ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին, դադարեցնել բռնության միջոցով կառավարման լծակները պահպանելու քաղաքականությունը և հրաժարական տալ՝ հնարավորություն ստեղծելով երկիրը դուրս բերելու իր իսկ մեղքով ստեղծված աղետալի վիճակից»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: 
11:59 - 29 հունվարի, 2021
Բացասաբար եմ վերաբերվում Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մտադրությանը․ Արա Պապյան |factor.am|

Բացասաբար եմ վերաբերվում Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մտադրությանը․ Արա Պապյան |factor.am|

factor.am: Բացասաբար եմ վերաբերվում Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մտադրությանը: Այս մասին «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ «Լիլիթ Մակունցը այն թեկնածուն չէ, որը կկարողանա իրեն դրսևորել որպես դեսպան: Ցանկացած մասնագիտություն որոշակի փորձառություն է պահանջում: Դիվանագիտության մեջ, ինչպես բանակում, աստիճանակարգ կա, պետք է մասնագետն աճի: Դիվանագիտությունը բարդ գործ է, այնքան նրբություններ ունի, որոնց միայն շփման, տարիների աշխատանքի դեպքում է հնարավոր տիրապետել: Նա փորձ չունի, միայն անգլերեն իմանալը քիչ է: Մյուս կողմից՝ Մակունցն այն իշխանության ներկայացուցիչն է, որին Սփյուռքը մերժում է: Իսկ հայկական դեսպանատները առանց համայնքի աջակցության, համարենք, որ մի թևը կոտրված  թռչունի է նման… Ո՞վ պիտի Մակունցի հետ համագործակցի, եթե բոլոր կազմակերպություններն ու կուսակցություններն արդեն իսկ պահանջել են իրենց քաղաքական ուժի և թիմի ղեկավարի հրաժարականները»,- նշեց Պապյանը:
16:52 - 28 հունվարի, 2021
Դատարանը մերժեց ազատ արձակել ոստիկանների սպանության համար մեղադրվող «Սասնա ծռեր»-ի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին |azatutyun.am|

Դատարանը մերժեց ազատ արձակել ոստիկանների սպանության համար մեղադրվող «Սասնա ծռեր»-ի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց կալանավորումից ազատ արձակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին։ Դատավոր Մեսրոպ Մակյանին փաստաբաններն էին միջնորդել դեռևս պատերազմի օրերին ազատ արձակել նրանց։ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են 2017 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանին, Արթուր Վանոյանին և Գագիկ Մկրտչյանի սպանելու համար։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում։ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո «Սասնա ծռեր»-ի կալանավորված անդամներն ազատ արձակվեցին, բացի սպանության համար մեղադրվողները։ Այսօրվա դատական նիստին դատախազ Արամ Արամյանն ու տուժողներից զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի ու Գագիկ Մկրտչյանի կանայք դեմ արտահայտվեցին նրանց խափանման միջոցը փոփոխելուն։
16:32 - 02 դեկտեմբերի, 2020
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի հանրահավաքի ընթացքում մի խումբ քաղաքացիներ բերման ենթարկվեցին |azatutyun.am|

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի հանրահավաքի ընթացքում մի խումբ քաղաքացիներ բերման ենթարկվեցին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը  պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին նրանք հայտարարեցին Ազատության հրապարակում քիչ առաջ անցկացրած հանրահավաքի ընթացքում: Այս նույն հարթակից, հիշեցնենք, 17 քաղաքական ուժեր ևս երեկ նույն պահանջով հանդես եկան: Նրանց դժգոհության պատճառը նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագիրն է: «Սասնա ծռերից» Արա Պապյանը հայտարարեց, որ վարչապետի հրաժարականին պետք է հաջորդի հակաճգնաժամային կառավարության ստեղծումը: Ավելին, ըստ Արա Պապյանի՝ ազգը պատրաստ էր դիմակայելու, իսկ պետական համակարգը գործեց այլ ուղղությամբ: 17 կուսակցություններն էլ երեկ 4 քայլ էին ներկայացրել, որ առաջարկում են ստեղծված իրավիճակում. քայլ առաջին` Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական է տալիս, երկրորդ` ձևավորվում է հայրենիքի փրկության կոմիտե, երրորդ` Հայաստանը բանակցությունների սեղանին ներկայանում է նոր ազգային դեմքով, չորրորդ` «քայլ առ քայլ կառուցում ենք հզոր հայրենիք»: Հանրահավաքից հետո «Սասնա ծռերի» անդամները ցանկանում էին երթ անցկացնել, ոստիկանությունը նրանց թույլ չտվեց` հիշեցնելով, որ ռազմական դրություն է հայտարարված, որից հետո կազմակերպիչները վերադարձան հարթակ` հայտարարելով, որ երթը չեղարկվում է: Սակայն սրան հետևեց մի շարք քաղաքացիների բերման ենթարկելը ոստիկանների և հատուկ ջոկատայինների կողմից: «Ազատության» հետ զրույցում Արայիկ Պապիկյանը նշեց, որ ենթադրում են` 1-2 սադրիչներ կային մարդկանց մեջ, և նրանց բերման ենթարկելու ընթացքում իրավապահներին, ամենայն հավանականությամբ, հրաման է տրվել բոլորին հեռացնել:
17:31 - 12 նոյեմբերի, 2020