Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ,  ԱԺ նախկին պատգամավոր։ 

Ծնվել է 1958 թ․-ի նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում։ 1997թ․ Ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը, 2002թ․՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ 1976-1978 թթ․ ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը և մասնակցել Արցախյան պատերազմին։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

1993 թ․-ի եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996 թվականից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ: 1995-1999 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: 1996-1999 թթ․ ընտրվել է Հրազդանի քաղաքապետ։ 1999-2003 թթ․ եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2003-2007 թթ․ կրկին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ 2007-2012 թթ․ եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ։ 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։

2011 թթ․ համաներմամբ ազատ է արձակվել։ 2011-2012 թթ․ եղել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ։ 2013թ․ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015 թ․ ընտրվել է նույնանուն կուսակցության Վարչության անդամ: 2016 թվականի ապրիլին մասնակցել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, սակայն կիսատ թողնելով ընտրապայքարը մեկնել է առաջնագիծ՝ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու համար։ 2017 թ․ ընտրվել է ԱԺ պատգամավոր «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ։

Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին, ամբողջ պայքարը գնում է այդ միջանցքի համար, որ չպիտի տանք․ Սասուն Միքայելյան |tert.am|

Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին, ամբողջ պայքարը գնում է այդ միջանցքի համար, որ չպիտի տանք․ Սասուն Միքայելյան |tert.am|

tert.am: Այս ծանր իրավիճակում մենք պետք է ավելի խելոք ու համախմբված լինենք, այն ժամանակ հնարավորություն եղավ, համախմբված էինք, ազատագրեցինք հայրենիքը, այսօր ես էլ եմ մեղավոր, թե նախորդ պետական այրերն են մեղավոր հողերը հետ տալու համար։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։ «Այսօր, պարզ ասեմ, մեր երեք նախագահները, ՊԲ նախկին հրամանատարն ու այլ մարդիկ գերեվարված են։ Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց եկեք հասկանանք, որ այն անձինք են այսօր այնտեղ, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին, և ռուսները չե՞ն կարողանում նրանց բերել Հայաստան։ Միշտ ասում եք՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ո՞ւմ միանանք, ո՞ւմ չմիանանք։ ես իմ տեսանկյունից եմ խոսում։ Այս տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, լինելով ՀԱՊԿ անդամ, մեզ համար ի՞նչ արեցին։ «Նարկոզը» տվել են ու վեց տարի «փրթում» են ռուսները», - նշեց Սասուն Միքայելյանը՝ շեշտելով, որ դրա պարզ ապացույցն է Արցախի նախագահների գերեվարումը։ Նրա խոսքով՝ 90-ականներին իրենք էլ չէին պատկերացնում, որ կարող էին տարածքներն ազատագրել և միայն Վազգեն Սարգսյանի շնորհիվ համախմբվելու միջողով է հաջողվել հասնել դրան։ Դիտարկմանը, որ Սպարապետը ժամանակին խոսել է նաև Մեղրիի մասին, մինչդեռ այժմ խոսվում է միջանցք տալու մասին, Սասուն Միքայելյանն արձագանքեց․ «Ո՞վ է խոսում միջանցք տալու մասին։ Ամբողջ պայքարը գնում է այդ միջանցքի համար, որ չպիտի տանք»։
10:32 - 05 մարտի, 2024
ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում. Սասուն Միքայելյանը՝ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին |news.am|

ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում. Սասուն Միքայելյանը՝ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին |news.am|

news.am: Սպարապետի ժամանակ մենք այն ժամանակ կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որ հակառակորդի ձեռքին էր. այսօր «Երկրապահը» նույն գործն է անում, 44-օրյա պատերազմից մինչ օրս մենք պետական սահմաններն ենք պահում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: «Դուք ավելի լավ քաջատեղյակ եք՝ որ ուղղություններով, այստեղ չի կարելի ասել: Ես ուզում եմ դիմել ժողովրդին, որ այսօրվա ծանր վիճակում թե արտաքին քաղաքական, թե խոշոր տերությունների վերադասավորումների ժամանակ, հատկապես մեր տարածաշրջանում պետք է մի քիչ խելոք լինենք, համախմբված լինենք, որ հետագայում ավելի մեծ դժվարությունների չհանդիպենք»,-ասաց նա: Հարցին՝ ի՞նչ է նշանակում խելոք լինել, թշնամու կրակոցին չպատասխանե՞լ, նա պատասխանեց. «Թշնամու կրակոցի հետ դուք գործ չունեք, թշնամու դեմ կանգնած է մեր բանակը, Երկրապահը, տարբեր կառույցներ: Պետք չի տեղին-անտեղին ապատեղեկատվություն տարածել, ամեն մեկը մի բան խոսի, պետք է համախմբված լինենք»:Անդրադառնալով Ներքին Հանդում ստեղծված իրավիճակին, Սասուն Միքայելյանն ասաց. «Արդեն 3-4 տարի է, «Երկրապահը» Ներքին Հանդում ենք, ուղղակի չեմ ուզեցել, որ ամեն ինչ էսպես տարածվի: Մեծ թվաքանակով կանգնած է «Երկրապահը» պաշտպանական գծի ողջ գրեթե երկարությամբ: Կրակոց լինելում է, մենք էլ պատասխանում ենք»: Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունները Ներքին Հանդում տեղի ունեցածից հետո հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ կհետաքննեն եւ կպատժվեն բոլոր նրանք, որոնք խախտել են սադրանքների չգնալու հրամանը, ԵԿՄ նախագահն ասաց. «Դա ասվել է ընդհանուր արտաքին քաղաքականության համար, բայց էդ տղուն բռնե՞լ են: Էդ տղեն իմ հետ միասին հետ ենք եկել Հանդից: Ինչ վերաբերում է նրան, որ ԱԱԾ-ն հայտարարել է, որ որպես բարի կամքի դրսեւորում վերադարձնելու են ադրբեջանցի զինծառայողին, որը զինված ներխուժել էր Հայաստանի սուվերեն տարածք եւ գերի ընկել, Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք էլ էնտեղ գերիներ ունենք, դա իմ խնդիրը չի, իմ խնդիրը սահման պահելն է: ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում»:
09:54 - 05 մարտի, 2024
Ինձ չի թվում՝ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

Ինձ չի թվում՝ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց Ազգային բանակի կազմավորման 31-ամյակին, այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակմանը։ Սասուն Միքայելյանը հայտնեց, որ իրեն չի թվում, որ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ «Սա քաղաքականություն է, որ հեռու է տանում, դրա համար մենք պետք է համախմբված լինենք, հասկանանք՝ ապագայում ինչ է կատարվում»։ Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է առանց պատերազմի բացել միջանցքը, Միքայելյանը նշեց, որ միայն եթե դիվանագիտական դաշտում կարողանան լուրջ գործողություններ անել։ Անդրադառնալով ԵՄ առաքելության՝ երկու տարով Հայաստանում տեղակայմանը՝ նա ասաց․ «Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև էս խաղաղապահները (Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը՝ խմբ․) միակողմանի գործողություններ են կատարում՝ ի վնաս մեզ»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքում ամեն օր հրապարակվում է տեղեկագիր, որում նշվում է, որ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։ Այս հայտարարությանն էլ ի պատասխան՝ ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն նշել է, որ Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում։ 
12:17 - 28 հունվարի, 2023
Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը

Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, պարոնայք սպաներ և գեներալներ, սիրելի՛ զինվորներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ, շնորհավորում եմ բոլորիս` Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ: Հայկական բանակը ծնվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ: Պատերազմական իրավիճակում՝ համայն հայության ապրելու և մեզ պարտադրված պատերազմում հաղթելու միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ Կամավորական ջոկատների հիքի վրա ծնվեց մեր Բանակը։ 90-ականներին հայրենիքի պաշտպանության ելան բոլորը՝ կամավորականները, ազատամարտիկները, բանվորն ու շինարարը, մտավորականն ու հոգևորականը, և մենք համախմբվեցինք ու կարողացանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրել Արցախ աշխարհը։ Արցախի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ազատագրեցինք և ընդլայնեցինք մեր երկրի սահմանները։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը համարում էր, որ բանակն է Հայաստանի Հանրապետության կայունության և պաշտպանության հիմքը,-ասում էր. «Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակ չի կարող զարգանալ տնտեսությունը և հակառակը»: Ինչպես Սպարապետը, այնպես էլ բոլորս այսօր առավել քան երբևէ համոզված ենք, որ պետության զարգացման և անվտանգության ապահովման երաշխավորը առավել հզոր բանակ ունենալն է: Իսկ ի՞նչ պետք է անենք մենք: Պետք է համախմբված ու միասնական լինենք և դառնանք մեր բանակի զորավիգը: Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք, մենք միմյանց նեցուկ լինելով պետք է հայացքներս ուղղենք դեպի մեր բանակը. բոլորս պետք է երկրապահի ոգով տեր կանգնենք մեր հայրենիքին: Երկրապահ կամավորականների միությունը 44-օրյա պատերազմից առ այսօր խրամատում է: 2020թ. դեկտեմբերից մինչ այս պահը 5000 և ավել երկրապահ կամավորական զինվորի հետ, զինվորի կողքին իրականացնում է մարտական հերթապահություն: ԵԿՄ գումարտակները մարտական հերթապահության ժամանակ իրականացնում են նաև ամրաշինական աշխատանքներ: Մենք սահմաններում ենք. մեր պարտքն է այսօր թև ու թիկունք լինել այն բանակին, որը մեզանից սերվեց: Պետք չէ կորցնել հույսը, հավատը: Պետք չէ հիասթափվել: Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, մեր հող ու ջուրը: Դարեր շարունակ մեր պապերը պայքարել են այս հողը մեզ ժառանգելու համար: Մենք մեր հողին շատ կյանքեր ու արյուն ենք տվել, մեր հայրենիքը սրբավայր է: Համոզված եմ, որ քնելիս, արթնանալիս բոլորս առաջին հերթին աղոթում ենք հայ զինվորի համար: Եվ մեր զինվորը պետք է ամեն օր զգա, որ թիկունքն ապահով է, որ իր թիկունքին կանգնած է համախմբված ու հզոր ազգ, որը ամեն վայրկյան պատրաստ է ձեռք մեկնելու: Ես խոնարհվում եմ հերոսածին մայրերի առջև, Փա՛ռք նահատակված քաջերին, Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորականներին, ազատամարտիկներին, զենքը ձեռքը վերցրած հայ կնոջ, Փա՛ռք ու շնորհակալություն նրանց ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին, Փա՛ռք ու պատիվ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Ուժ ու կորով արցախահայությանը։ Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան մեր հայրենիքին»,-ասված է ուղերձում:
11:58 - 28 հունվարի, 2023
ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել սահմանային լարված կետեր․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել սահմանային լարված կետեր․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ.Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․  «Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1:   Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:   Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին: Զորավիգ մեր երկրին:   Աստված պահապան»,- ասված է գրառման մեջ։ 
17:20 - 13 սեպտեմբերի, 2022
Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. ԵԿՄ նախագահը ուղերձ է հղել

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. ԵԿՄ նախագահը ուղերձ է հղել

Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ նշելով. Սիրելի՛ հայրենակիցներ Հայորդիները հանուն արդարության, անկախության, մեր ազատ ապրելու իրավունքի ելան պայքարի: Նորօրյա պայքարի պատերազմներում հայորդիներից ոմանց ճակատագիրը մեզ անհայտ մնաց: Անհայտ ճակատագիր ունեցող բոլոր ժամանակների հերոսները գիտակցաբար էին պայքարում:Հունիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: «...Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց ու պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ: Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր»,-Սպարապետ Վազգեն Սարգսյան: Նրանց ճակատագրերն անհայտ են, բայց նրանց ոտնահետքերը մեր պատմության էջում են: Անհայտ կորածների ցավը նույպես մեծ է մեզ համար, ինչպես հերոսաբար զոհվածներինը: Նրանց կատարած հայրենանվեր սխրանքը երբեք չի մոռացվի:Խոնարհվում եմ անհայտ կորած հայորդիների մայրերի առաջ: Դասեր քաղելով պատմության ընթացքում թույլ տված սխալներից մենք պետք է միասնական լինենք եւ համազգային համախմբվածությամբ պաշտպանենք մեր հայրենիքը: Պատերազմի պատճառած ցավալի հետեւանքներն ու փորձությունները հաղթահարելու, մեր հայրենիքը, պետականությունը ամուր պահելու, մեր պետության համար նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կերտելու, նահատակված հերոսների արյամբ սրբացած մեր հայրենիք շենցնելու համար պարտավոր ենք հզորանալու, միմյանց նկատմամբ չչարանալու եւ համախմբվելու: Մենք ենք կերտում մեր պատմությունը: Իմ խոնարհումը հերոսածին մայրերին: Հավերժ փա՛ռք ու հիշատակ հանուն հայրենիքի նահատակված քաջերի եւ անհայտ կորած հայորդիների հիշատակի առաջ: Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, երկրապահին, կամավորականներին:Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
09:31 - 29 հունիսի, 2022
Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ․ Սասուն Միքայելյան

Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Երկրապահների օրվա առիթով ուղերձով է հանդես եկել․   «Սիրելի՛ հայրենակիցներ, մայիսի 8-ը Երկրապահի օրն է:   Նախորդ դարավերջին, չունենալով բանակ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը կարողացավ համախմբել մեզ, եւ մենք միասնական կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը: Այսօր երկրապահները, կամավորականները, ազատամարտիկները վստահ են, որ նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ կունենանք:   Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին:   Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ: Տոնդ շնորհավո՛ր, Սպարապետ:   Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել ենք բազում փորձություններ։ Սպարապե’տ, մենք հավատարիմ ենք մնալու մեր առաքելությանն ու Քո պատգամին: Այսօր մեր շարքերը համալրվում են երիտասարդներով եւ պատանի երկրապահներով: Սիրելի՛ պատանի երկրապահներ, հավատում եմ, որ Դուք մեր արժանի հետնորդները կդառնաք: Երկրապահի օրվա եւ մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին:    Մենք պարտավոր ենք գիտակցել հաղթանակների ձեռքբերման գինը եւ շարունակել քայլել ու նույն ոգով կերտել նորանոր հաղթանակներ:   Մենք այդպես էլ չսովորեցինք դասեր քաղել մեր թույլ տված սխալներից: Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է: Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ մեր խիզախ զինվոր:   Սիրելի՛ հայրենակիցներ, պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարեւոր է մեր միասնությունը, համախմբվածությունը: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր.   «Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:   Սիրելի’ հայրենակիցներ Եկեք միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով եւ արհավիրքներով անցնող մեր հայրենիքը:   Հավերժ փա՛ռք նահատակված քաջերին, Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին, Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Աստված պահապան մեր ազգին»,- ասված է ուղերձում։
11:56 - 08 մայիսի, 2022
Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով |1lurer.am|

Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով |1lurer.am|

1lurer.am: ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «Մարտի 1»-ի գործով զանգվածային անկարգությունների մեղադրանքով արդարացվեց: Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը: Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում: Միքայելյանի վերաբերյալ գործը նոր վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը: Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք պահելու համար: Զենք պահելու մեղադրանքի մասով Վճռաբեկը ստորադաս ատյանների որոշումները թողեց անփոփոխ: Ավելի քան 3 տարի բանտում անցկացնելուց հետո Միքայելյանը 2011 մայիսին համաներմամբ ազատ էր արձակվել:
13:20 - 08 ապրիլի, 2022
ՄԻԵԴ-ը հրապարակել է Սասուն Միքայելյանի գործով դատավճիռը |1lurer.am|

ՄԻԵԴ-ը հրապարակել է Սասուն Միքայելյանի գործով դատավճիռը |1lurer.am|

1lurer.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր՝ 2021-ի օգոստոսի 31-ին, հրապարակել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցի վերաբերյալ դատավճիռը: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության դեմ հայցադիմումն (թիվ 1879/10) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ՀՀ քաղաքացի Սասուն Միքայելյանը դատարան է ներկայացրել 2009-ի դեկտեմբերի 25-ին: Որոշումը ՀՀ կառավարությանը կծանուցի հայցվորի՝ նախաքննության ժամանակ հայցվորի դեմ որպես ապացույց վկաների ներկայացրած վկայություններից հրաժարումը թույլատրելու, հայցվորի՝ իր դեմ վկաներին հարցաքննելու և իր անունից վկա կանչելու անհնարինության, խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին: Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի վիճելի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար, որով գործ է հարուցվել համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի,10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածների: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է Սասուն Միքայելյանին վճարի 9000 եվրո, ինչպես նաև 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։
16:46 - 31 օգոստոսի, 2021
Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Սասուն Միքայելյան

Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշում է կայացրել որպես թեկնածու չառաջադրվել կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նրա տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․«Սիրելի հայրենակիցներ,հետպատերազմյան շրջանում ներքաղաքական լարված իրավիճակն էլ ավելի չսրելու մտահոգությունից ելնելով միայն՝ ձեռնպահ եմ մնացել հրապարակային, ակտիվ քաղաքական որևէ դիրքորոշում հայտնելու գայթակղությունից։ Գիտակցելով, որ ցանկացած դժգոհության կամ քննադատության արտահայտմամբ Երկրապահը կներքաշվեր ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանության ձևավորելու ընդունելի միակ ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունների անցկացումը, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում։ Լինելով Արցախյան հաղթական ազատամարտի զինվոր ու հրամանատար, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։ Նման և այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մնալով հավատարիմ իմ ժողովրդին, Երկրապահին ու իմ կոչմանը»։
21:45 - 21 մայիսի, 2021
7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

Նկարը՝ Iravaban.net-ի ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Այս խորհրդարանը գործունեություն ծավալեց 2 տարի 5 ամիս, և այս տարվա մայիսի 10-ին արձակվեց իրավունքի ուժով՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ չընտրելու մեթոդով, որպեսզի հունիսին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ նոր ընտրություններ։ 2 տարի 5 ամիս օրենսդիր մարմնում գործունեություն են ծավալել երեք խմբակցություններ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, մշակում, նաև փոփոխում է օրենքներ և այլն: Հետևաբար օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած երեք ուժերի աշխատանքի գնահատման մեթոդներից մեկն էլ նրանց ներկայացրած և ընդունած օրենսդրական նախագծերն են։ Օրենսդրական նախագծերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պաշտոնական Parliament.am կայքը, որտեղ հրապարակվում են պատգամավորների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ և դեռևս չեն քննարկվել, կամ ընդգրկվել են ԱԺ օրակարգում, բայց դեռ չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցություն Այսպես, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 81 պատգամավոր, որոնցից 15-ը այս գումարման Ազգային ժողովում չունեն ընդունված նախագծեր, իսկ նրանց մի մասը պարզապես չեն էլ ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Այս պատգամավորներից ոմանք միայն վերջերս են ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն կան նաև պատգամավորներ, որոնք արդեն 2 տարի 5 ամիս է՝ օրենսդիրում են։ Օրինակ՝ Մաթևոս Ասատրյանը խորհրդարանում 2 տարի 5 ամիս աշխատելու ընթացքում համահեղինակության կարգով նախաձեռնել է 2 օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, սակայն դրանցից մեկը հեղինակը հետ է վերցրել, իսկ մյուսը հանվել է շրջանառությունից։ Այսինքն՝ պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել է 2 օրենքի փոփոխության նախագծերի վրա, որոնք չեն ընդունվել։ Պատգամավոր Միքայել Զոլյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել ոչ մի նախագիծ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չունի ո՛չ ընդունված, ո՛չ օրակագում ընդգրկված և ո՛չ էլ շրջանառության մեջ դրած նախագծեր։ Պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես 7-րդ գումարման Ազգային ժողովում որևէ նախագիծ չի ներկայացրել։ Վերջինիս որպես հանձնաժողովի անդամ ներգրավված է եղել «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» նախագծի կազմում։ Պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր է։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում Ազգային ժողովին չի ներկայացրել և չի համահեղինակել որևէ օրենսդրական նախագիծ։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Վերջինիս ներգրավված է եղել մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Պատգամավոր Արտաշես Թևոսյանը մանդատը ստանձնել է խորհրդարանի ձևավորման հենց սկզբից։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում ներկայացրել է միայն մեկ նախագիծ, սակայն հետագայում հետ է կանչել այն։ Պատգամավորը չունի ընդունված ոչ մի նախագիծ, սակայն մեկ նախագիծ ընդգրկված է օրակարգում, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սա վերջին 2,5 տարիների ընթացքում միակ նախագիծն է, որը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ։  Արման Եղոյանը չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Վերջինս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է եղել, որոնք, սակայն, հեղինակը հետ է կանչել։ Նախագծերից մեկը, որի համահեղինակ է եղել Արման Եղոյանը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է․ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Մեկ այլ նախագիծ էլ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հետ է վերցվել։ Այս նախագիծը նորից ներկայացվել է ԱԺ․ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում Եղոյանը նույնպես ներառված է եղել․ այս դեպքում էլ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Երկրորդ անգամ ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Կինեմատոգրաֆիայի մասին մշակված նախագիծը արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախորդ երեք նախագծերը։ Այս անգամ ևս ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Այսինքն՝ այս պահին Եղոյանը օրակարգում ընդգրկված 3 նախագծերի համահեղինակ է։ Նարեկ Ղահրամանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սա կարող է պատճառ լինել օրենսդրական բնականոն գործունեության խաթարման, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը դեռևս չունի ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն նա համահեղինակ է օրենսդրական 2 նախագծի, որոնք ընգրկված են օրակարգում, իսկ մեկ նախագիծ էլ դեռ օրակարգում չէ։ Նախագծերից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, մյուսը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Պատգամավորը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխություն էլ է նախաձեռնել, որը շրջանառության մեջ է։ Պատգամավորներ Գոռ Երանյանը և Կարապետ Մխչյանը պատգամավորական մանդատ են ստանձնել համապատասխանաբար 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և 13-ին, սակայն նրանցից մեկն ընդհանրապես չունի նեկայացրած նախաձեռնություն, մյուսն ունի ներկայացրած, սակայն դեռ չեն ընդունվել։ Մասնավորապես Գոռ Երանյանը ընդհանրապես չունի ներկայացրած նախագիծ։ Կարապետ Մխչյանը օրենսդրական երկու [1,2] նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն է ունեցել, որոնք, սակայն, հեղինակը հետ է վերցրել։ Երկու նախագծերն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Պատգամավոր Հայկ Ցիրունյանը մանդատը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Պատգամավորը համահեղինակ է երկու նախագծերի, որոնք այժմ ընդգրկված են օրակարգում։ Դրանցից մեկը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, մյուսը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորը մինչ օրս չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, 14-ին և 24-ին։ Մանդատը ստանձնելուց ի վեր Նարեկ Գրիգորյանը չի ներկայացրել և համահեղինակության կարգով ներգրավված չի եղել որևէ օրենսդրական նախագծում։ Կարեն Գրիգորյանը մասնակցություն ունի 2 օրենսդրական նախագծում, որոնք հեղինակը հետ է վերցրել։ Նախագծերից երկուսն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Երկուսի դեպքում էլ նախատեսված են եղել գրեթե նույն փոփոխություններ, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ էլ հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո մինչ օրս չի համահեղինակել և չունի որևէ ներկայացրած նախագիծ։  Պատգամավորներ Էմմա Պալյանը և Վահագն Ալեքսանյանը մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2021 թվականի մարտի 22-ին և ապրիլի 6-ին։ Վերջիններս նույնպես օրենսդրական նախագծեր չեն հեղինակել կամ համահեղինակել։ Կան պատգամավորներ, որոնք ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ ունեն, սակայն նրանցից շատերինը նույն օրենսդրական նախագիծն է, որը մշակվել է շուրջ 55 պատգամավորների համատեղ ջանքերով։ Այսպես՝ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը և Լիլիթ Ստեփանյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծի համահեղինակ են։ Այս շարքի պատգամավորներից Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը և Արեն Մկրտչյանը չունեն հեղինակած կամ համահեղինակած օրենսդրական նախագծեր։ Վերջիններս չունեն նույնիսկ ներկայացրած օրենսդրական նախագծեր, բացի այս մեկից, որի կազմում իրենք նույնպես ընդգրկված են եղել։ Սերգեյ Մովսիսյանը համահեղինակ է 2 օրենսդրական նախագծի, որոնք դրվել են շրջանառության, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգում։ Հայկ Սարգսյանը 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 4 նախագիծ, սակայն բոլորի դեպքում էլ հեղինակը ընթացքից հետ է վերցրել։ Սարգսյանն այս պահին ունի 1 նախագիծ, որը դրվել է շրջանառության, սակայն դեռ ընգրկված չէ օրակարգում։ Մերի Գալստյանը ներկայացված է եղել 15 օրենսդրական նախագծերում․ բոլորի դեպքում հեղինակը ընթացքից հետ է վերցրել նախագիծը։ Այժմ պատգամավորը ներկայացված է 3 նախագծում, որոնք դրվել են շրջանառության, բայց դեռ ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյան 1 նախագծի հեղինակ է, սակայն ընթացքում այն հետ է վերցրել։ Այժմ կան 6 նախագծեր, որոնք շրջանառության մեջ են, սակայն դեռ օրակարգում չեն ընդգրկվել։ Պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Գասպարյանը և Արթուր Մանուկյանը համահեղինակ են ընդունված միայն մեկ օրենսդրական նախագծի՝ ««Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»։ Սակայն, բացի այս երեք պատգամավորներից, նախագծի համահեղինակ են ևս 35 պատգամավորներ։ Այս պատգամավորներից Ալեքսանդր Ավետիսյանը և Տաթևիկ Գասպարյանը բացի այս նախագծում ներգրավված լինելուց, չեն ներկայացրել որևէ այլ օրենսդրական նախագիծ։ Արթուր Մանուկյանը ներգրավված է 2 օրենսդրական նախագրեծում, որոնք ընդգրկված են օրակարգում։ 1 օրենսդրական նախագծի համահեղինակ է նաև պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Բացի այս մեկ ընդունված օրենսդրական նախագծից, պատգամավորը ներգրավված չի եղել որևէ այլ օրենսդրական նախագծում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ընդդիմադիր ուժերի պարագան մի փոքր այլ է։ Վերջիններս հնարավոր է չունենան ընդունված օրենսդրական նախագծեր իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանում մեծ թվով ներկայացված լինելու պատճառով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախագծերը չեն ընդունվում իշխանության ներկայացուցիչների դեմ քվեարկելու պատճառով, ինչը սովորաբար չի լինում «Իմ քայլի» ներկայացրած նախագծերի պարագայում։ Այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք այս խմբակցության պատգամավորների ներկայացրած, ընդունված և չընդունված նախագծերի մի մասի վերաբերյալ ամփոփ տվյալներ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և Սողոմոն Սողոմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեն ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ, սակայն այս նախագծի վրա համահեղինակության կարգով աշխատել են շուրջ 38 պատգամավորներ, որոնց թվում էին նաև հիշյալ անձինք։ Նախագիծը COVID 19-ի տարածումը կանխելու, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին է։ Վերոնշյալ պատգամավորներից Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը բացի այս ընդունված նախագծիչ չեն ներկայացրել որևէ այլ նախագիծ։ Պատգամավոր Նորա Առուստամյանը ներկայացրել է 2 օրենսդրական նախագիծ, սակայն դրանք մերժվել են։ Վերջինս ունի նաև օրակարգում ընդգրկված 1 նախագիծ։ Վարդևան Գրիգորյանը համահեղինակել է 5 նախագիծ, որոնցից 1-ը մերժվել է, 4-ը  հետ է վերցվել։ պատգամավոր Կարինե Պողոսյան ներկայացված է 2 օրեսնդրական նախագծում, որոնք սակայն հետ են վերցվել։ Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը և Իվետա Տոնոյանն ունեն ընդունված 2 օրենսդրական նախագիծ, որից մեկը հիշյալ նախագիծն է։ Այս պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Վարդան Վարդանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր։ Քաջիկ Գևորգյան համահեղինակ է մի նախագծի, որը դրվել է շրջանառության, սական ընդգրված չէ օրակարգում։ Ջանիբեկ Հայրապետյանը ներկայացրել է 5 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հեղինակը հետ է վերցրել, 2-ը՝ մերժվել։ Հրանտ Մադաթյան ներկայացված է 10 օրենսդրական նախագծում, որոնցից 9-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ Իվետա Տոնոյանը ներկայացրել է 4 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Ինչպես արդեն նշեցինք ընդդիմադիր պատգամավորների պարագայում մի փոքր այլ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ ասել է, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում՝ դեմ քվեարկելով, որից հետո, ամիսներ անց, որոշակի փոփոխության ենթարկելով իրենց անվան տակ ներկայացնում են նույն նախագծերը և ընդունում։ Հետևաբար ընդդիմադիր պատգամավորների մոտ հաճախակի են դեպքերը, երբ ներկայացվել են նախագծեր, որոնք չեն ընդունվել։ Այսպես, օրինակ, պատգամավորներ Հրանտ Այվազյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն վերջիններս ունեն ներկայացրած նախագծեր, որոնց մի մասը հենց հեղինակներն են հետ կանչել, մի մասն էլ մերժվել է։ Նշված պատգամավորներից Հրանտ Այվազյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ներկայացված օրենսդրական այլ նախագծեր։ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է 4 նախագիծ, որոնցից 2-ը հետ է վերցվել, 2-ը՝ մերժվել։ Սարիկ Մինասյանը ներկայացրել է 1 նախագիծ, որը հետագայում հետ է վերցրել։ Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը և Ռուբիկ Ստեփանյանն ունեն միայն մեկ ընդունված օրենսդրական նախագիծ, որը այն նույն նախագիծն է, որի մասին արդեն խոսեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների գործունեությունը ներկայացնելիս։ Այս պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Ռուբիկ Ստեփանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր, բացի վերոնշյալից։ Պատգամավոր Աննա Կոստանյան ներկայացրել է 8 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ը հեղինակը հետ է վերցրել, 3-ը՝ մերժվել է։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում նախաձեռնությունները ներկայացնում է խմբակցության և ոչ անհատ պատգամավորների անունից։ Ընդհանուր առմամբ խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել են 39-ը։  Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ 7-րդ գումարման խորհրդարանում կան 3 խմբակցություններում չընդգրկված 9 պատգամավորներ։ Նրանցից Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը համահեղինակել են միայն 1 օրենսդրական նախագիծ։ Այս նախագծի համահեղինակ է նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը։ Վերջինս համահեղինակել է նաև մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Աննա Գրիգորյանը բացի այս նախագծից համահեղինակության կարգով ընդգրկված է նաև երկու այլ նախագծերում, որոնք դրվել են շրջանառության, սական դեռ չեն մտել օրակարգ։ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է 4 այլ նախագիծ, որոնք դրվել են շրջանառության, սակայն ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, բացի 2 ընդունված օրենսդրական նախագծերից, համահեղինակել է մեկ օրենսդրական նախագիծ, որը հետագայում հեղինակը հետ է վերցրել 2 ընդունված օրենսդրական նախագիծ ներկայացնողների շարքում են նաև անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը։ Գոռ Գևորգյանը, բացի 2 ընդունված նախագծերից, ներկայացրել է նաև 1 այլ նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ օրակարգում։ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը ներկայացրել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնց մի մասը հեղինակներն են հետ վերցրել, մի մասն էլ մերժվել է խորհրդարանի կողմից։ Ընդհանուր պատկերը դիտարկելիս տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանին ներկայացված օրենսդրական նախագծերը հիմնականում ընդունվել են առանց խնդիրների, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծերի պարագայում կան մերժված շատ նախագծեր։ Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք չեն ներկայացրել և չունեն գեթ մեկ ներկայացված օրենսդրական նախագիծ, ոմանք էլ ունեն ներկայացված նախագծեր, սակայն միայն մեկ կամ երկուսն են ընդունվել խորհրդարանի կողմից։ Քանի որ օրենսդիր մարմնի գործառույթներից մեկն էլ օրենքներ մշակել, լրացնել և հեղինակելն է, հետևաբար, սա ակնառու ապացույց է, որի միջոցով էլ կարող ենք պատկերացում կազմել օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած պատգամավորների աշխատանքի մասին՝ այս խորհրդարանի արձակման պահին և նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Նարեկ Մարտիրոսյան
15:40 - 21 մայիսի, 2021
Համար 1 եմ տվել Երկրապահին․ դիմել եմ թե՛ ԳՇ պետին, թե՛ Պաշտպանության նախարարին, որ թույլ տա, դուրս գանք․ Սասուն Միքայելյան

Համար 1 եմ տվել Երկրապահին․ դիմել եմ թե՛ ԳՇ պետին, թե՛ Պաշտպանության նախարարին, որ թույլ տա, դուրս գանք․ Սասուն Միքայելյան

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում ասաց՝ այսօր անհրաժեշտ է ներքին կայունություն պահպանել․ «Այսօր մեզ ներքին կայունություն է պետք, համախմբվածություն է պետք։ Թուրքը եկել, հասել է Սյունիք, հելել ենք իրար ենք քննադատում, ո՞վ է ճիշտ է, ո՞վ է սխալ, ռուսի ասած՝ после разбирем,  եկեք համախմբված էս արհավիրքի դեմն առնենք»։  Միքայելյանը, անդրադառնալով որոշ պատգամավորների՝ այլ պետությունների օգնությանը դիմելու դիտարկումներին, նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանին որոշակի չափով միայն Ռուսաստանն է օգնել․ «Այսօր, մեր աշխարհագրական դիրքից ելնելով, մենք ոչ մի իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին, որովհետև ուրիշ տարբերակ չունենք, ժողովուրդ ջան։ Եկեք չբզբզանք, ունքի տեղը աչքն էլ հանենք»։ Միքայելյանը շեշտեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուստի ՀԱՊԿ-ը պարտավոր է օգնել Հայաստանին։ «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թևերս ծալենք, նստենք, մինչև մեզ ՀԱՊԿ-ը օգնի»։  Պատգամավորը հավելեց, որ, իր կարծիքով, խնդիրը լուծելու համար եռակողմ հանձնաժողով է պետք ստեղծել՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ․ «Երեկ չէ մյուս օր հրաման եմ տվել, համար 1 եմ տվել Երկրապահին, և դիմել եմ թե՛ Պաշտպանության նախարարին, թե ԳՇ պետին, որ թույլ տա՝ դուրս գանք։ Թույլ չեն տալիս, ես չեմ կարող ելնել, կուրծք ծեծել, ասել՝ ես գնացի»։
19:53 - 14 մայիսի, 2021
Սյունիքի հատվածում 2 ժամ կանգնել եմ, ոչ մի սահմանապահ չեմ տեսել, ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել. Սասուն Միքայելյան |armtimes.com|

Սյունիքի հատվածում 2 ժամ կանգնել եմ, ոչ մի սահմանապահ չեմ տեսել, ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել. Սասուն Միքայելյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ներկայացրեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Մելքոնյանը նշեց, որ 2020 թվականի փետրվարին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ-ում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող նկարահանումները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանության վրա: Նկարահանումների արդյունքում կարող են բացահայտվել ՀՀ պետական սահմանի պահպանության հնարավոր խոցելի տեղերը: Շատացել են նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը:    Նախագծով առաջարկվում է սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելել առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, սահմապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցները: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խոսելով սահմանների ապահովման մասին, նշեց, որ պատերազմից հետո սահմանային փոփոխություններ են եղել: «Սյունիքում ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանել: Մինչև այս նախագիծը ներկայացնելը, մտածե՞լ եք այնտեղի բնակիչների անվտանգությունը ինչպես է ապահովվելու: Պետք է նման դեպք լինի, նոր մտածե՞նք»: Մելքոնյանն էլ պատգամավորի հարցին ի պատասխան նշեց, որ սահմանապահ մեր զորքերի կողմից տեղադրված են ուղեկալներ, ովքեր իրականցնում են ազգաբնակչության անվտանգության ապահովումը. «Այդ հատվածում հատկապես՝ Գորիսից-Կապան, ճանապարհը մի քանի անգամ մտնում  է ադրբեջանական տարածք, այդտեղ նաև տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքեր, և, եթե կոնֆլիկտային իրավիճակներ են լինում, բանակցություններ են ընթանում դրանք հարթելու ուղղությամբ»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը: Շարունակությունը՝  armtimes.com-ում։
14:24 - 29 ապրիլի, 2021
Առճակատող բևեռներից որևէ մեկը չունի հանրային աջակցություն, որով կպարտադրի լուծման իր տարբերակը․ Միքայել Նահապետյան
 |news.am|

Առճակատող բևեռներից որևէ մեկը չունի հանրային աջակցություն, որով կպարտադրի լուծման իր տարբերակը․ Միքայել Նահապետյան |news.am|

news.am: Քաղաքական ճգնաժամի ձեռքը Հայաստանի քաղաքացիները և նրանց ճակատագրերը գերի են ընկել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, «Քաղաքացու որոշում» կուսակցության կազմակերպած հավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։ «Ներքաղաքական վիճակը Հայաստանում խորանում ու խորանում է։ Կան իրենց երկու տարբեր բևեռներ հռչակած կողմեր, որոնք առճակատման մեջ են։ Մենք նրանց առաջարկել ենք լուծման տարբերակներ, որոնց նրանք չեն համաձայնվել։ Նրանցից որևէ մեկը չունի հանրային այնպիսի աջակցություն, որով կկարողանա պարտադրել լուծման իր տարբերակը, հետևաբար՝ կա փակուղի։ Երբ դու չես կարողանում ստանալ այն, ինչ պահանջում ես, բայց համաձայն էլ չես լուծման մյուս տարբերակին, առաջանում է քաղաքական ճգնաժամ։ Եվ այս ճգնաժամի ձեռքը Հայաստանի քաղաքացիները և նրանց ճակատագրերը գերի են ընկել։ Սա հիմա հղի է Հայաստանի ապագայի համար լրջագույն խնդիրներով»,- նշեց Միքայել Նահապետյանը։  
22:10 - 26 փետրվարի, 2021
Մենք՝ երկրապահներս թերեւս ամենամեծ ցավն ենք ապրում ստեղծված իրավիճակում, սակայն չենք տրվում սադրանքների, խուճապի չենք մատնվում․ Սասուն Միքայելյան

Մենք՝ երկրապահներս թերեւս ամենամեծ ցավն ենք ապրում ստեղծված իրավիճակում, սակայն չենք տրվում սադրանքների, խուճապի չենք մատնվում․ Սասուն Միքայելյան

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երկրապահ ջոկատներն առաջիններից էին, որ կրեցին հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը: Իրենց ուսերին տանելով պատերազմի մեծ բաժինը, երկրապահ կամավորականները, կանոնավոր բանակի բացակայության պայմաններում, կանգնեցին հայրենի հողի պաշտպանության դիրքերում եւ Հաղթական փառքով պսակեցին 90-ականների պարտադրված այդ պատերազմը` ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրելով ամբողջ Արցախ աշխարհը: Ադրբեջանա-թուրք-ահաբեկչական պարտադրված պատերազմի այս օրերին էլ Երկրապահ կամավորականներն առաջին իսկ օրից համախմբված վաշտերով ռազմաճակատում էին, իրենից սերված մեր փառապանծ բանակի, զինվորի հետ առաջնագծում էին: Ավելի քան 3500 երկրապահ՝ հերթափոխով, այս օրերին մարտնչում էր Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար: Ցավոք մեր շարքերն էլ նոսրացան. այդ 44 օրերի ընթացքում Երկրապահը 69 զոհ տվեց, ունենք 2 անհայտ կորած, 1 գերի, 74 վիրավոր: Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ: Հպարտանում եմ Ձեզանով, Ձեր քաջ զավակներով: Մենք այս օրերին տեսանք թե ինչ սերունդ եք դուք դաստիարակել՝ քաջ, անվախ եւ, որ ամենակարեւորն է՝ հայրենասեր: Մենք՝ երկրապահներս թերեւս ամենամեծ ցավն ենք ապրում ստեղծված իրավիճակում, սակայն չենք տրվում սադրանքների, խուճապի չենք մատնվում եւ չենք փորձում ուրախացնել մեր թշնամուն ներքաղաքական անկայունությամբ: Դարերի պատմություն ունեցող մեր ազգի ամենամեծ սխալը, ամենամեծ ամոթալի էջը կլինի, եթե մենք չսթափվենք եւ չսկսենք համախմբված ու միասնական գործել: Այն դուխով, որ ԱԺ դահլիճն էիք ջարդում, այ հենց էդ դուխով, եթե զինվորի կողքին կանգնեիք պատկերը լիովին այլ կլիներ: Մենք դեռ պատերազմի մեջ ենք, պահպանե՛ք հանգստություն: Եթե տրվենք քաղաքական սադրանքների մենք ավելի մեծ կորուստների առջեւ կկանգնենք: Ես հպարտանում եմ մեր բանակով, մեր հերոս զինվորներով, կամավորներով: Ես հպարտանում եմ Երկրապահներով՝ իմ մարտական ընկերներով. շատերս մեր երրորդ պատերազմն անցանք: Փա՛ռք մեր բանակին, կամավորներին, Երկրապահին, Փա՛ռք հայրենիքի համար նահատակված քաջերին, Փա՛ռք հերոսածին մայրերին, Հայ ազգին: Մենք ուժեղ ենք, մենք անպարտ ենք, երբ միասնական ենք: Խնդրում եւ պահանջում եմ, եկե՛ք լինենք միասնական, լինենք մի բռունցք, ամեն ինչ դեռ առջեւում է: «Տաճարի սյունը, որքան էլ կարծր ու սրբաշատ լինի, առանց ամուր հիմքի չի կարող գմբեթ պահել իր վրա…»,-Սպարապետ Վազգեն Սարգսյան: Եկեք դառնանք մեր պետության ամուր հիմքերն ու հենասյունը: Մեր պատերազմը դեռ չի ավարտվել: Եվ վերջում, կխնդրեի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք եւ շարունակել շենացնել այն: Մենք մեր Արցախ աշխարհը, մեր արցախցուն երբեք մենակ չենք թողել եւ չենք թողնի: Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, Փա՛ռք Արցախի Հանրապետությանը, Փա՛ռք սփյուռքահայությանը»:
19:14 - 12 նոյեմբերի, 2020