Սասուն Խաչատրյան

ՀՀ հատուկ քննչական ծառայության գործող պետն է, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական։

Ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 12-ին` Երևան քաղաքում: 1993 թվականին ընդունվել և 1998 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1998-2000թթ. ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, միաժամանակ` դասավանդել նույն ԲՈՒՀ-ում: 2000 թվականի մայիսից աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում` որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ։

2000-2003թթ. աշխատել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում՝ որպես քննիչ։ 2003-2008թթ.՝ Երևան քաղաքի դատախազության քննիչ, ավագ քննիչ, ավագ դատախազ, Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ։ 2008-2013թթ.՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալ։

2013-2014թթ. եղել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ։ 2014-2016թթ.՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։

2017-2018թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ։

2018 թվականի հունիսի 11-ից ՀՀ ՀՔԾ պետն է։

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ. 2022-ին ծանրաբեռնվածությունն աճել է

 |armenpress.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ. 2022-ին ծանրաբեռնվածությունն աճել է |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականին քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, այս տարի ծանրաբեռնվածությունն աճել է 110 տոկոսով: Այս մասին ասաց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: Խաչատրյանը հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտել միայն 2021-ի հոկտեմբերի 23-ին, նույն օրը մեկնարկել է կոմիտեի գործունեությունը, այսպիսով՝ իր ներկայացվածը վերաբերում է կոմիտեի գործունեության այդ 2 ամիսներին: 2021-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունն ապահովելու նպատակով կոմիտեին հատկացվել է 870 մլն դրամ: «Կոռուպցիոն գործերի քննության ապահովում» ծրագրի «Կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացում» միջոցառմամբ կոմիտեին հատկացվել է 341.1 մլն դրամ: «Հաշվետու ժամանակահատվածում հաստիքները համալրվել են մասամբ և մինչև տարեվերջ ժամանակի սղության պատճառով գնման գործընթացները մնացել են անավարտ, ինչով պայմանավորված 2021 թվականին ծախսը կազմել է 175.9 մլն դրամ կամ հատկացված միջոցների 51.6 տոկոսը, տարբերություն 165 մլն դրամը վերադարձվել է պետբյուջե»,-ասաց Խաչատրյանը: Ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով քրեական վարույթների թիվը նախատեսվել է 350, սակայն քննվել է 228 քրեական գործ: Կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ սխալ պլանավորում չի կատարվել, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի անցումային դրույթներով մյուս քննչական մարմիններում, որտեղ քննվել են կոռուպցիոն բնույթի գործերը, չեն փոխանցվել Հակակոռուպցիոն կոմիտեին և շարունակել են քննել: «2021-ի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 280 քրեական գործ: Ընդ որում` այդ գործերից 114-ը կոմիտե է փոխանցվել Հատուկ քննչական ծառայությունից: 2021-ին վարույթում քննված 280 քրեական գործից ավարտվել է 120-ը: Այս տարի արդեն ծանրաբեռնվածությունն աճել է մոտ 110 տոկոսով: Այսօր մենք վարույթում ունենք մոտ 240-250 քրեական գործ»,-ասաց նա՝ հավելելով որ քննիչների ծանրաբեռնվածությունն աննախադեպ է: Այդ կապակցությամբ կոմիտեի նախաձեռնությամբ կառավարությունը օրենսդրական փոփոխություն է կատարել:
20:17 - 02 հունիսի, 2022
Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից եւ հանձնվել Քննչական կոմիտեին։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ դատախազը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ գլխավոր դատախազը առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով։  Նշենք, որ 53-րդ հոդվածը սահմանում է, որ նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է, ի թիվս այլնի, նաեւ քրեական գործը նույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելը` բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։ Իսկ 190-րդ հոդվածը սահմանում է գործերի քննչական ենթակայությունը, այսինքն՝ թե որ հոդվածով հարուցված քրեական գործը նախաքննական որ մարմնում կարող է քննվել։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, զոհված զինծառայողների մի խումբ ծնողների պահանջի հիման վրա ապրիլի 26-ին Գլխավոր դատախազությունը ցուցում էր տվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ զոհված զինծառայողներին գործով տուժող, իսկ նրանց ծնողներին՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին։ Միեւնույն ժամանակ փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից ներկայացվել էր առանձին պահանջ՝ նույն գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, որը հսկող դատախազն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննարկելու նպատակով: Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդության լուծումը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հետաձգել էր, մինչեւ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը, իսկ զինծառայողներին՝ տուժող եւ նրանց ծնողներին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին ցուցումի դեմ առարկություն էր ներկայացրել։  Գոռ Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ դատախազը վերացրել է քննիչի առարկությունը  եւ որոշում կայացրել 27 զոհված զինծառայողի տուժող ճանաչելու մասին, քանի որ պատշաճ կերպով այդ միջնորդություններն են ներկայացված եղել․ «Իսկ տուժողի իրավահաջորդ ճանաչելու ընթացակարգն արդեն վարույթն իրականացնող մարմնի (տվյալ դեպքում՝ Քննչական կոմիտեի,- հեղ․) շրջանակում կլինի»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծման հետաձգմանը, Դատախազությունն այն չի վերացրել։ Հիշեցնենք՝ քրեական գործը, որի մասին խոսվում է, հարուցվել է 2020 թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում, որին հետագայում միացվել է նաեւ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Դրանցով քննության առարկա են պատերազմից առաջ եւ դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքները, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։   Միլենա Խաչիկյան
21:38 - 04 մայիսի, 2022
Սասուն Խաչատրյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատուի հետ

Սասուն Խաչատրյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատուի հետ

 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին: Ինչպես տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, Հիզեր Բերգին շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ հակակոռուպցիոն ոլորտում ակտիվ համագործակցությունը շարունակում է մնալ ԱՄՆ կառավարության առաջնահերթություններից մեկը, ուստի կարևոր է նորաստեղծ կառույցի հետ համատեղ աշխատանքների ներկա փուլում գործնական քայլերի մեկնարկն ու առաջիկա անելիքների պլանավորումը:   Առաջնահերթ աշխատանքների շրջանակում կողմերը դիտարկել են Հակակոռուպցիոն կոմիտեի արդյունավետ գործունեության համար պահանջվող տեխնիկական հագեցվածության հարցերը, այդ թվում` ԱՄՆ գործընկերների աջակցությամբ հնարավորինս սեղմ ժամկետներում օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների համար ժամանակակից տեխնիկայի ձեռք բերման և դրանց գործարկման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման հնարավորությունը: Նշվում է, որ հաշվի առնելով հակակոռուպցիոն բնագավառում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` կարևորվել է նաև այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ քննիչների և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ծառայողների կարողությունների ու հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Անդրադարձ է կատարվել նաև մի շարք կոռուպցիոն բնույթի գործերի շրջանակում ապօրինի ակտիվների վերադարձին առնչվող միջազգային իրավական փոխօգնության հարցումների ընթացքին: Կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցային կապերն ընդլայնելուն ուղղված աշխատանքներն ու դրա շրջանակում նախանշված ծրագրերը կիրագործվեն մեծ արդյունավետությամբ:
13:50 - 15 դեկտեմբերի, 2021
Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է հաջորդ տարի քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ |armenpress.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է հաջորդ տարի քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսում է 2022-ին քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ: Այս մասին ասաց կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ Կոմիտեն ամբողջությամբ ձևավորվել է 2021-ի հոկտեմբերի 23-ին: Այդ պատճառով կազմակերպության 2022-ի բյուջեն դեռևս գտնվում է մշակման փուլում, առկա է դրա նախնական տարբերակը: Կոմիտեն իրականացնելու է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննության ապահովում» բյուջետային ծրագիրը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ: Կոմիտեի պահուստային ֆոնդը կազմում է 30.3 մլն դրամ: «Ծրագրի գծով վերջնական արդյունքի չափորոշիչը ենթադրյալ հանցագործությունների դեպքերով քննված քրեական գործերն են: Թվային ցուցանիշ հնարավոր չէ կանխատեսել: Բայց 2022-ին նախատեսում ենք քննել մոտ 2 000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, քանի որ վիճակագրական ցուցանիշները մոտավորապես այդ թվի մասին են խոսում: Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտը և ՊԵԿ քննչական ծառայությունը քննել են մոտ այդ քանակի քրեական գործեր»,- ասաց Խաչատրյանը: Կոմիտեն ծանրաբեռնվելու է ոչ միայն քրեական գործերով, այլ նաև կոռուպցիոն բնույթի դիմումների, բողոքների քննությամբ, նյութերի նախապատրաստմամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմամբ: Նախատեսվում է հաջորդ տարի գործարկել նաև Կոմիտեի տարածքային ստորաբաժանումները:
15:57 - 03 նոյեմբերի, 2021
Սասուն Խաչատրյանը Լին Թրեյսիին ներկայացրել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքները

Սասուն Խաչատրյանը Լին Թրեյսիին ներկայացրել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի, ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի նորանշանակ ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիի, հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի և քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի հետ։ Սասուն Խաչատրյանին շնորհավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ԱՄՆ դեսպանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն այն ոլորտն է, որի ուղղությամբ Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը սերտ և շարունակական բնույթ է կրում, և այժմ էլ ԱՄՆ-ն պատրաստակամ է նորաստեղծ կառույցի հետ աշխատանքներ տանել այդ համագործակցությունը խորացնելու նպատակով: Միաժամանակ, դեսպանը կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության անկախության և թափանցիկության ապահովումը: Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքներին և կառույցի առջև ծառացած մարտահրավերներին` Սասուն Խաչատրյանն առանձնացրել է չորս հիմնական բաղադրիչ, որոնց համատեղ առկայության պայմաններում հնարավոր կլինի առարկայական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում: Ըստ Սասուն Խաչատրյանի` նշված բաղադրիչներն են կամքն, աշխատասիրությունը, մասնագիտական գիտելիքները և նյութատեխնիկական բազան: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ջանքեր ներդնել հատկապես վերջին երկու բաղադրիչների ապահովման ուղղությամբ, որին մեծապես կնպաստի ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը:  Խաչատրյանը կարևորել է ԱՄՆ դրական փորձի ներդրումը նաև միջազգային իրավական փոխօգնության ոլորտին  առնչվող աշխատանքներում: Ինչ վերաբերում է քննիչների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ապա ամերիկյան կողմի փոխանցմամբ` այդ ուղղությամբ արդեն նախանշվում են վերապատրաստման և կարողությունների զարգացմանը միտված տարաբնույթ ծրագրեր: Այդ համատեքստում անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննությանը` Սասուն Խաչատրյանն ընդգծել է դրանց վերաբերյալ վերապատրաստման դասընթացների շրջանակներում առավել հաջողված կոնկրետ դեպքերի ներկայացման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերի գործադրմամբ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում համագործակցության ընդլայնումն ու արդյունավետության բարձրացումը:
15:42 - 05 հոկտեմբերի, 2021
Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ

 |armenpress.am|

Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ` զրպարտչական տեղեկատվությունը հերքելու և 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջներով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել` գրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով: Ի պատասխան` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել` լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության և ապատեղեկատվություն տարածելու մեջ` միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցը սեպտեմբերի 24-ին արդեն իսկ ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` զրպարտչական տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներով:
12:56 - 25 սեպտեմբերի, 2021
Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ |azatutyun.am|

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Կառավարության որոշմամբ, Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ, Խաչատրյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի պաշտոնից, որը ղեկավարում էր 2018-ի հունիսից։ Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը սեպտեմբերի 10-ին էր կառավարությանը ներկայացրել մրցույթը հաղթահարած թեկնածուներին։ 3 թեկնածու էր առաջադրվել այս պաշտոնի համար, երեքն էլ հաղթահարել էին հարցազրույցի փուլը, հետագա որոշումը վարչապետինն էր։ Մրցույթում ամենաշտ միավորները ստացել էր Սասուն Խաչատրյանը։ Երբ Հակակոռուպցիոն կոմիտեն սկսի գործել, կդադարեցվի 2007 թվականին ստեղծված Հատուկ քննչական ծառայության գործունեությունը։
11:54 - 16 սեպտեմբերի, 2021
Սասուն Խաչատրյանը խոսեց նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի առավելությունների մասին |armenpress.am|

Սասուն Խաչատրյանը խոսեց նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի առավելությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի ամենազգալի առավելությունը լինելու է այն, որ այդ կոմիտեն ունենալու է օպերատիվ մարմին և, դրանով պայմանավորված, անշուշտ կմեծանա գործերի քննության արդյունավետությունը։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։  «Անկախ նրանից՝ ես կղեկավարեմ այդ մարմինը, թե այլ անձ, ամեն դեպքում դա դրական տեղաշարժ է»,- հավելեց Խաչատրյանը: Ըստ ՀՔԾ պետի` քննչական մարմինը առհասարակ պետք է ունենա իր օպերատիվ մարմինը, ինչպես շատ զարգացած երկրներում է: «Կցանկանայի, որ այդ մարմինը ունենար նաև իր փորձագիտական հզորությունները, փորձագիտական կենտրոն՝  համալրված լավագույն մասնագետներով ու տեխնիկայով»,- եզրափակեց Խաչատրյանը:
13:05 - 10 սեպտեմբերի, 2021
Գաղտնալսման գործով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ |armenpress.am|

Գաղտնալսման գործով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի (հեռախոսազրույցների պահին զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը) միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը՝ նշված քրեական գործերի վերաբերյալ.` -Վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործերից մեկով  Փաշինյանը ունի վկայի, իսկ մյուս գործով տուժողի կարգավիճակ․այս պահին ի՞նչ փուլում են նշված քրեական գործերը: -ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել: Ինչ վերաբերում է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով «ՀՀ ԱԱԾ տնօրենի  և  ՀՀ ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործին, ապա 2020թ. փետրվարի 4-ին հիշյալ քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն, կարճվել է:
13:00 - 06 ապրիլի, 2021
ՀՔԾ պետն ընդունել է Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՔԾ պետն ընդունել է Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջովաննի Դիոնիսիին: Կողմերը կարևորել են իրավապահ ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության և Իտալիայի` համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների` Ֆինանսական գվարդիայի և Կարաբինիերների միջև ձևավորված համագործակցային կապերի ամրապնդումն ու այդ ուղղությամբ արդեն իսկ արձանագրված որոշակի արդյունքները, քննարկվել են երկկողմ գործընկերային հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունները: Անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության հետ կապված աշխատանքներին` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ հատկապես փողերի լվացման և ապօրինի հարստացման դեմ պայքարը, ինչպես նաև երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձին առնչվող հարցերը ծառայության գործունեության առաջնահերթություններից են, ուստի շատ կարևոր է այդ ոլորտում իտալական առաջադեմ փորձի ուսումնասիրումը, այդ թվում` մեր երկրում քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը Իտալիայի իրավապահ մարմինների օրինակով: Ջովաննի Դիոնիսին շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում փոխադարձ այցերի վերսկսմամբ կապահովվի առավել արդյունավետ և շարունակական համագործակցություն երկու երկրների իրավապահ մարմինների միջև:
18:10 - 22 մարտի, 2021
Սասուն Խաչատրյանի և Հրաչյա Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա. ՀՔԾ-ն հերքում է տարածվող լուրերը |armenpress.am|

Սասուն Խաչատրյանի և Հրաչյա Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա. ՀՔԾ-ն հերքում է տարածվող լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը շարունակում է ծառայությունում իր պաշտոնավարումը, նրա ու ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի միջև որևէ հակասություն չկա: Այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից: «Նրանց միջև որևէ հակասություն չկա, և Հրաչյա Մուշեղյանը շարունակում է ծառայությունում իր պաշտոնավարումը»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Հատուկ քննչական ծառայությունում իր պաշտոնավորումը կավարտի ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, քանի որ հակասություններ ունի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված:
18:12 - 24 փետրվարի, 2021