Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Այս ճանապարհահատվածի երկարությունը 19.9կմ է։ Աշխատանքներն իրականցնում են «Քարավան» և «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊ ընկերությունները։ «Քարավան» ՍՊԸ-ն իրականացրել է 9.5 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Այս պահին կատարում է ճանապարհի պրոֆիլավորման, արհեստական կառուցվածքների կառուցման, ավազակոպճային շերտի տեղադրման աշխատանքներ։ «Ա․Ա․Բ․Պրոեկտ» ՍՊԸ-ն իրականացրել է 6.7 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Նախարար Սանոսյանն ու Գոռ Ավետիսյանը զրուցել են շինարարների, տեխհսկողի հետ, քննարկել որակի, ժամկետների հետ կապված հարցեր։  
10:15 - 01 հուլիսի, 2022
Սյունիքի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մարզի զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր

Սյունիքի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մարզի զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին․ հանդիպմանը մասնակցել է նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանաը: Մարզպետը ողջունել է դեսպանի առաջին այցը Սյունիք ու կարևորել ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունները։ Համայնքի ղեկավարը շեշտել է ֆրանսիացի արդյունահանողների դերը Կապանում հանքարդյունաբերության ու քաղաքի տնտեսական զարգացման գործում, որը հետագայում դեր է ունեցել հայ-ֆրանսիական կապերի ամրացման համար։ Ռոբերտ Ղուկասյանը Անն Լույոյին է ներկայացրել մարզի տնտեսության կառուցվածքը, տարբեր ոլորտների վերաբերող ցուցանիշներն ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնց լուծմանը կարող է աջակցել ֆրանսիական կողմը։ Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Սյունիքը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է Հայաստանի համար, հատկապես՝ 2020-ի պատերազմից հետո։ Մինչ մարզկենտրոն հասնելը դեսպանը տարբեր հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ սահմանային գյուղերում ու նշել, որ որոշակի պատկերացում ունի բնակավայրերի կյանքի, մարդկանց խնդիրների մասին, բայց առաջին հերթին մարզային իշխանությունից է ցանկանում լսել դրանց մասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին մարզի զարգացման հնարավորություններին և ուղղություններին, ենթակառուցվածքներին, զբաղվածությանը, կրթությանը, զբոսաշրջությանը, Արցախից տեղահանվածներին և այլն։ Դեսպանն առաջարկել է Գորիսի օրինակից բացի միջմարզային բարեկամություն ևս հիմնել կամ մարզի այլ քաղաքների հետ էլ Ֆրանսիայից քույր քաղաքներ դառնալու հնարավորություն ստեղծել․ մարզպետն ու համայնքի ղեկավարը ողջունել են գաղափարը։
21:57 - 16 հունիսի, 2022
ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Տիգրան Աբրհամյան |news.am|

ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Տիգրան Աբրհամյան |news.am|

news.am: Երբ Ադրբեջանը 2021-ին մայիսին եւ նոյեմբերին ներխուժում էր Հայաստանի ինքնիշխան տարածք Գեղարքունիքի եւ Սյունիքի ուղղությամբ, ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ դիմել են ՀԱՊԿ իշխանություններին. առ այսօր մնում է անհայտ, թե արդյոք ՀՀ իշխանությունները պատշաճ ընթացակարգով դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ՀՀ դիմումը ՀԱՊԿ-ի տարբեր օղակներում քննարկման առարկա է դարձել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով, սա կարեւոր է, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է եւ ՀՀ տարածքը 2021-ին 2 անգամ ադրբեջանական ագրեսիայի է ենթարկվել: Առ այս պահը ժողովուրդը չունի պատասխան, թե արդյոք ՀԱՊԿ-ն ստացել է Հայաստանի պատշաճ գրությունը եւ արդյոք դա քննարկման առարկա է դարձել. «Երկրորդը, հաշվի առնելով, որ այսօր Երեւանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, կա եւս մեկ կարեւոր հարց. ՀԱՊԿ-ում բազմիցս քննարկվել է, որ անդամ երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերում եւ միմյանց վերաբերող հարցերոմ պետք է լինեն ներդաշնակ: 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ անդամ երկրներ դիրքորոշումներ են արտահայտել, որոնք որեւէ ձեւով չի տեղավորվում դաշնակից պետությունների դիրքորոշումների հետ: Նման հայտարարությունները, որոնք տրորում են հայկական շահը չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ ձեւաչափում: Այսպիսի հարցերը պետք է դառնան այսպիսի միջոցառումների քննարկման առարկա: Այս իշխանությունը մինչեւ հիմա պատասխան չի տվել, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի շահերի ընդգրկումը այս կազմակերպությունում եւ ինչպես պետք է շարժվի Հայաստանը: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն Հարավային Կովկասում որպես ռազմաքաղաքական դաշինքը ՀՀ-ի համար այլընտրանք չունի: Այլ բան է, որ պետք է հասկանանք, թե ինչպես պետք է արդյունավետ դարձնել ՀԱՊԿ մեխանիզմները»,-ասաց պատգմավորը: Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին. «Պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստանը հնարավորություն ուներ ՀԱՊԿ-ի միջամտության եւ ՀՀ սահմաններին նրանց ներկայության պայմաններում մեր մարտունակ կորպուսները ուղղել գլխավոր ճակատ: Մենք ունեինք զորամիավորումներ, որոնք Հայաստանի սահմանների տարբեր ուղղություններով տեղակայված էին, որտեղ մարտական ուղղություններ չէին ընթանում, սակայն իրենց ամբողջ ներուժը կիրառելու հնարավորություն չունեին: Եթե այդ զորամիավորումներն ուղղեին Արցախ, մենք չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք այսօր Արցախում: Իհարկե, ՀԱՊԿ-ի հետ կապված ասելիքն ու անելիքները շատ են, բայց հասկանալի է, որ այս իշխանության օրոք Հայաստանի շհը չի կարող ներկայացված լինել: Մենք մեր դաշնակիցների հետ կարող էինք արդյունավետ աշխատել միայն մեկ դեպքում, եթե Հայաստանը լինի առանց Նիկոլի»,-ամփոփեց Տիգրան Աբրահամյանը:
10:42 - 10 հունիսի, 2022
Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով |azatutyun.am|

Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող՝ այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Լավրովը երեկ է երկօրյա աշխատանքային այցով ժամանել Երևան, ուր վաղը կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։ «Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել, մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», - նշեց Սերգեյ լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ», արդյո՞ք ադրբեջանական բեռնատարները, ուղևորափոխադրումներն անցնելու են հայաստանյան մաքսային, անձնագրային ստուգում։ Հայտնի չէ նաև՝ եթե Ադրբեջանը պարզեցված ռեժիմով է մուտք ունենալու դեպի Նախիջևան, արդյո՞ք նույն՝ պարզեցված ռեժմիով Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվելու է Իրանի կամ Ռուսաստանի հետ։ Կամ արդյո՞ք Սյունիքով անցնող ճանապարհների պարզեցված ռեժիմը հավասարեցվել է Լաչինի միջանցքի ներկայիս ռեժիմին, որով Հայաստանը կապվում է Լեռնային Ղարաբաղին։ Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկմանը այսօր անդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն այս հարցերի պատասխանը չհնչեց։ «Ես արդեն ասացի, որ բազմաթիվ հարցերում այս ուղղությամբ կա համընդհանուր ընկալում և համաձայնություն: Առաջին հերթին սա վերաբերում է նրան, որ բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են և գործելու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն, բնականաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: Միևնույն ժամանակ նաև առիթ ունեցա այսօր ասելու, որ կան նաև մի շարք մանրամասներ, բազմաթիվ մանրամասներ, որոնցում դեռևս կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակվում են, և ես կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ այստեղ», - նշեց Միրզոյանը:
16:19 - 09 հունիսի, 2022
Կառավարությունը «Հյուսիս-Հարավի» շրջանակում Սյունիքի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Կառավարությունը «Հյուսիս-Հարավի» շրջանակում Սյունիքի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սյունիքի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ ծրագրի շրջանակներում կառուցվող ճանապարհահատվածի (այդ թվում՝ տեղափոխման ենթակա հաղորդակցուղիների) օտարման գոտու սահմաններում ներառված են ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, համայնքներում գտնվող ընդհանուրը 982 միավոր հողամասեր։ Նախագծով առաջարկվում է հաստատել օտարվող սեփականությունների օտարման գոտին և սահմանել, որ օտարվող սեփականության ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։  Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետն 2023 թվականի հունիսի 30-ն է:
10:48 - 09 հունիսի, 2022
Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Սյունիքի մարզից հունիսի 8-ին սանավիացիայի ուղղաթիռներով երկու երեխա է տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Նրա խոսքով՝ առաջին ուղղաթիռը տեղափոխել է մոտ 3 մետր բարձրությունից ընկած 8-ամյա աղջնակին, ով գանգուղեղային վնասվածքներով ու կոտրվածքով տեղափոխվել է նախ Գորիս, ստացել առաջին օգնություն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները սանավիացիայով նրան տեղափոխել են Երևան: Երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կայուն:«Երկրորդ ուղղաթիռը տեղափոխել է 4-ամյա տղայի՝ ծանր շնչառական անբավարարվածությամբ: Մինչև ուղղաթիռի մեկնելը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները հեռախոսով են խորհրդատվություն տվել տեղի գործընկերներին, այնուհետև մեկնել են Կապան ու երեխային միացրած արհեստական շնչառության սարքին տեղափոխել Երևան: Տղայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, կյանքին սպառնացող վտանգ կա»,-նշված է Դերձյանի գրառման մեջ:
20:49 - 08 հունիսի, 2022
ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Դատախազությունից, Կապանում, մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության և Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Այունիքի մարզի տարածքում 2022թ. ընթացքում հանցավորության ընդհանուր միտումները,  հանցագործությունների դեմ տարվող պայքարի, քրեական հետապնդման մարմինների ընդհանուր գործունեության ընթացիկ խնդիրներն ու արդյունքները: Հատուկ անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում Սյունիքի մարզում անվտանգության, հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայության պայմանների, ինչպես նաև  ճանապարհատրանսպորտային հաղորդակցության հետ կապված նոր մարտահրավերներին, հանցավորության ընդհանուր միտումների վրա դրանց հնարավոր ազդեցությունների չեզոքացմանը: Այս համատեքստում Արթուր Դավթյանը շեշտել է, որ պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակում առաջնահերթություն է նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ սահմանային պաշտպանության և անվտանգության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտ պայմանների ապահովման պահանջների կատարման, ինչպես նաև մարզում պետական բյուջեի միջոցներով իրականացվող սոցիալ-տնտեսական, լոգիստիկ բազում ծրագրերի նպատակային և որակով իրականացման խնդիրները: Քանի որ մարզի տարածքում շահագործվող միջհամայնքային և միջպետական նոր ճանապարհների առանձին հատվածներում, ինչպես օրինակ՝ Տաթև-Աղավնո գոտում, վերանորոգումից կարճ ժամանակ անց առաջացած քանդվածքները բարդություններ են ստեղծում տրանսպորտային երթևեկության համար, խնդիր է դրվել Դատախազության պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրության առարկա դարձնել մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի՝ սահմանված չափորոշիչներին և պահանջներին համապատասխանությունը: Գլխավոր դատախազը խորհրդակցության ժամանակ ինչպես Սյունիքի մարզի դատախազությանը, այնպես էլ Գորիսի կայազորի զինվորական դատախազությանը տվել է նախանշված այս առաջնահերթություններից բխող կոնկրետ հանձնարարություններ: Քննարկվել են նաև մինչդատական վարույթում գտնվող գործերով քննությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:   
17:36 - 07 հունիսի, 2022
Կապանում հիմնանորոգվում է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հատվածը

Կապանում հիմնանորոգվում է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Տ-8-22, /Մ-2/-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 - կմ13+100)։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Տվյալ ճանապարհը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում։ Այս պահին իրականացվում են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են նաև հենապատեր, կիրականացվի ճանապարհի կահավորում, կնորոգվի նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Ծրագրով նախատեսված են նաև այլ աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները կատարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։ Հիմնանորոգումը կավարտվի այս տարվա ընթացքում։ Նշվում է, որ ըստ պայմանագրի՝ աշխատանքներն ընդունվելուց հետո 3 տարի ճանապարհահատվածը կգտնվի երաշխիքային ժամկետում։ Եթե այդ ընթացքում կատարված աշխատանքներում ի հայտ գան թերություններ, կապալառուն իր միջոցներով պետք է վերացնի դրանք։
16:42 - 07 հունիսի, 2022
ՀՀ ՊՆ-ն հեքում է լուրերը, թե ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում

ՀՀ ՊՆ-ն հեքում է լուրերը, թե ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին պարզաբանող հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Ինչպես արդեն ներկայացվել է ս.թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, հետպատերազմյան շրջանում։ Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների։»,- նշված է պարզաբանման մեջ: Պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությանը հարվածող, ինչպես նաև՝ հանրության շրջանում անհիմն լարվածություններ առաջացնող՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց։
12:46 - 01 հունիսի, 2022
Արցախի նախագահը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի նախագահը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Արցախի Նախագահը  գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին` ցուցաբերած նախաձեռնողականության և համարձակության համար, ընդգծել, որ Արցախի իշխանությունները շատ բարձր են գնահատում Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ պարբերական շփումները: «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար: Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցում էին ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատուներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
19:39 - 27 մայիսի, 2022
Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան |armenpress.am|

Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: Այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար »,-հավելեց նա: Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի  Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների`  Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ: «Տարբեր ուղղություններով համագործակցություններ ենք նախատեսում սահմանակից նահանգների և մարզերի միջև` գիտական, համալսարանական, տնտեսական և այլ ոլորտներում, նաև զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր ենք մշակում, որը մոտ ապագայում Սյունիքում տեղի կունենա, և  դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին միմյանց հետ ավելի լավ ծանոթանալու գործում»,-ասաց նա:
12:38 - 27 մայիսի, 2022
ՀՀ-ում Ռուսաստանի  դեսպանն այցելել է Սյունիքի մարզ |armenpress.am|

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Սյունիքի մարզ։ ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ դեսպան Կոպիրկինը Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխ բնակավայրի մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակին։ Դեսպանն այցելել է նաև Հայաստանի սահմանի «Պարույր Սևակ» և «Տեղ» սահմանակետեր, հանդիպել ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյա և մարտական պատրաստության աշխատանքների առանձնահատկություններին։ Սյունիքի Կապան քաղաքում Կոպիրկինին դիմավորել են քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր քաղաքի բնակչության անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար։ Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների հենակետ։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա. Վ. Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այս հատվածում զարգացող օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։
13:57 - 25 մայիսի, 2022
Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 11 ամիս սոցիալական աջակցություն կտրամադրվի

 |factor.am|

Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 11 ամիս սոցիալական աջակցություն կտրամադրվի |factor.am|

factor.am: Գործադիրը նախատեսում է ևս 11 ամիս (2022 թ. հունվար-նոյեմբեր) ֆինանսական միջոցեր տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ «Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։ Ըստ այդմ նախատեսվում է աջակցություն ստացած 37 անձանց 11 ամսվա համար՝ ամսական 68000 դրամ օգնություն և մեկ երեխայի համար միանվագ՝ 300,000 դրամ և ամսական՝ 68000 դրամ օգնություն տրամադրելու համար հատկացնել 28,724.0 հազ դրամ»,- ասված է հաղորդագրությունում։
15:41 - 19 մայիսի, 2022
Սուրիկ Խաչատրյանի որդիների վարորդական իրավունքների ստացման գործընթացների մասով նյութեր են նախապատրաստվում

 |factor.am|

Սուրիկ Խաչատրյանի որդիների վարորդական իրավունքների ստացման գործընթացների մասով նյութեր են նախապատրաստվում |factor.am|

factor.am: Սյունիքի մարզում վարորդական իրավունքների ստացման անօրինական գործընթացների մասով մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Մասնավորապես, ապրիլի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնի հետախուզության բաժանմունքում պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, որոնք հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու համար։ Իսկ Երևանի բնակիչներ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից, այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։ Նշենք, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներն են։
17:56 - 11 մայիսի, 2022