Վայոց ձորի մարզ

Վայոց ձորը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում Գեղարքունիքի, հյուսիս-արեւելքում՝ Արարատի, հարավում՝ Սյունիքի մարզերին, արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, արեւմուտքում՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը:

Մարզկենտրոնը` քաղաք Եղեգնաձորն է։ Բնակչության թիվն ըստ Վայոց ձորի մարզի բնակչության ռեգիստրի` (01.01.2019 թվականի դրությամբ)  60663 է։Բնակավայրերի թիվը` 55, որից քաղաքային` 3, գյուղական` 52։

Յուրաքանչյուր հարկ վճարող քաղաքացի պետք է պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում արդյունք. վարչապետը ներկա է գտնվել Վայոց ձորի ԲԿ-ի բացմանը, այցելել Խաչիկ և Ելփին բնակավայրեր

Յուրաքանչյուր հարկ վճարող քաղաքացի պետք է պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում արդյունք. վարչապետը ներկա է գտնվել Վայոց ձորի ԲԿ-ի բացմանը, այցելել Խաչիկ և Ելփին բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ներկա գտնվել մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացրած կառույցներին, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացիներին: «Այսպիսի ավանդույթ կա, երբ լսարաններ, հիվանդասենյակներ, բաժիններ են նորոգվում կամ կառուցվում, ընդունված է ցուցատախտակներ փակցնել, թե ովքեր են ֆինանսավորել այդ կառույցների շինարարությունը: Ես ուզում եմ ասել, որ այս բժշկական կենտրոնի պատերին գրված է Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողների անունները, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եղեգնաձորում երկու մեծ կառույց ենք շահագործման հանձնել, մյուսը թիվ 1 դպրոցն է: Շատ եմ կարևորում այս կապը, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում այսպիսի արդյունք»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է հարկ վճարելու արդյունավետ համակարգի ստեղծման կարևորությունը: «Հարկ վճարողներին իրենց հարկերը վճարելու համար հարկավոր է տեղ, ճանապարհ: Եվ սրա համար անհրաժեշտ են պետական պաշտոնյաներ, որոնք կզբաղվեն հարկ վճարելու այդ համակարգը ստեղծելով, որովհետև հարկ վճարողը չի կարող փողոցով անցնելիս իր բաժին հարկը դնել մայթին, նստարանին կամ թողնել տրանսպորտային միջոցի մեջ, զբոսայգու ծառի տակ: Հարկավոր է, որ լինի այդ հարկերը վճարելու համակարգ, որը ստեղծում են մարդիկ, որոնց պարտականությունն է դա անելը, որովհետև ո՛չ շինարարի, ո՛չ ոստիկանի, ո՛չ էլ բժշկի պարտականությունը չէ այդ հարկ վճարելու համակարգը ստեղծելը: Եվ սա է պատճառը, որ ՀՀ-ում գոյություն ունի Պետական եկամուտների կոմիտե: Եվ ՊԵԿ-ի աշխատանքը ոչ միայն հետևելն է, թե ով հարկ չի վճարում և նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառի, այլև՝ ստեղծել համակարգ, որպեսզի մարդիկ հնարավորինս արագ և հարմարավետ այդ հարկերը վճարեն: Եվ, հասկանալիորեն, այդ հարկերի վճարումն առավել հուսալի դարձնելու նպատակով այդ աշխատողների համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի, ինչպես ընդունված է ասել՝ «նրանց աչքը դրսում չլինի»»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ այդ համատեքստում ընդգծելով աշխատողներին բարձր աշխատավարձ տրամադրելու անհրաժեշտությունը: Վարչապետը կարևորել է մարզերում բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերի իրականացումը: «Առողջապահության նախարարության խնդիրն է ապահովել առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Եվ այդ նախարարությունն է, որ վերլուծում է, թե որտեղ է առողջապահական ծառայությունը հասանելի մարդկանց լիարժեք, և որտեղ է, որ հասանելի չէ: Այս բժշկական կենտրոնը կառուցվել է, որովհետև մենք արձանագրել ենք, երկարատև հետազոտության արդյունքում պարզել, որ Վայոց ձորի մարզից առողջապահական ծառայություն ստանալու համար ավելի շատ բուժառու գնում է Երևան, քան այն ստանում տեղում՝ չնայած այն փաստին, որ մարզում կան բժշկական կենտրոններ: Առողջապահության նախարարությունը պարզել է նաև, որ մարզում առողջապահական կենտրոնների շենքային պայմանները պատշաճ չեն, մասնագիտական բազան պատշաճ չէ: Մենք բժշկական կենտրոնների մասին խոսելիս՝ մտածում ենք այն մասին, որ դրանք գրավիչ լինեն բուժառուների համար, բայց որպեսզի դրանք գրավիչ լինեն բուժառուների համար, պետք է նախ գրավիչ լինեն բուժաշխատողների համար»,- ասել է գործադիրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ոչ պատշաճ պայմաններ ունեցող բժշկական կենտրոններն օրական քիչ բուժառուներ են ընդունում: Արդյունքում՝ պրոֆեսիոնալ բժիշկները նախընտրում են աշխատել, օրինակ, Երևանում և նրանց բուժառուները ստիպված են լինում նրանց հետևից գնալ Երևան. «Եվ նրանց հետևից գնալով Երևան՝ ծախսելու են ավելի շատ միջոցներ, քան օբյեկտիվորեն կարող են ծախսել: Եվ ահա, այս նախագիծը դրա մասին է: Մենք ուզում ենք գրավիչ կենտրոն ստեղծել և՛ բժիշկների, և՛ բուժառուների համար: Բայց ինչպե՞ս է ստեղծվում այս կենտրոնը: Առողջապահության նախարարությունը, մեր մյուս կառույցները՝ մարզպետարանը, համայնքապետարանը, ՏԻՄ-երը, սկսում են քննարկումներ, թե ինչպիսի առողջապահական կենտրոն է պետք, որ այն լինի մաքսիմալ արդյունավետ, սկսած՝ ծավալներից, չափերից, տեղադիրքից, հետո կայացվում է որոշում, պատվիրվում է նախագիծ: Այս ամեն ինչը, իհարկե, ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից: Հետո այդ պաշտոնյաները վերահսկում են նախագծման գործընթացը, տեխնիկական առաջադրանք են ձևակերպում և մրցույթ կազմակերպում շինարար ընկերության համար: Հաղթող են ճանաչում շինարար ընկերությանը, վերահսկում շինարարությունը, ամբողջ գործընթացը, որպեսզի արդյունքում ստանանք այն, ինչ ստացել ենք: Ես սա նկարագրեցի, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի այդ ճանապարհը, սա շատ կարճ նկարագրություն է, թե ինչպես է իր վճարած հարկը դառնում այն դպրոցը և այս բժշկական կենտրոնը»: Վարչապետը շինարարական նման նախագծերի իրականացման համատեքստում ընդգծել է չափանիշների սահմանման անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Օրինակ՝ մարզային առողջապահական կենտրոնն ինչ տեխնիկական հագեցվածություն պետք է ունենա: Եվ սա հենց Վայոց ձորի բնակիչներին տալու է տասնյակ միլիոնավոր դրամներ խնայելու հնարավորություն, որովհետև նրանք ստիպված չեն լինելու ամեն բժշկական ծառայություն ստանալու համար գնալ Երևան: Իհարկե, կլինեն նաև դեպքեր, երբ պետք է բուժառուն գնա Երևան. հրատապ դեպքերի համար ուղղաթիռի հրապարակն է ստեղծվել: Բայց նաև ուզում եմ ասել, թե ինչքան կարևոր է սա տնտեսական առումով հենց Եղեգնաձորի համար, որովհետև նաև բուժառուների բարեկամները, ովքեր գնում էին Երևան, բնականաբար, այնտեղից ամենատարբեր կարիքների համար գնումներ են անում: Հիմա Վայոց ձորի բնակիչները կամ ծախսերը չեն անելու, կամ անելու են մոտակայքում, որն իր հերթին բերելու է լրացուցիչ օգուտներ մոտակայքում առկա փոքր, միջին բիզնեսին, որն իր հերթին ամեն առևտրի հետ տպելու է ՀԴՄ կտրոններ և վճարելու է իր հարկերը, որն էլ իր հերթին այլ տեղերում դառնալու է ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ և այլն: Սա է այն շղթան, որի պտույտի արդյունքում մենք այսօր ունենք այս բժշկական կենտրոնը: Եվ ես շատ եմ ուզում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող այս բժշկական կենտրոնին, դպրոցին, ճանապարհին նայելիս, ինքն իրեն ասի՝ ես կառուցեցի, ես ստեղծեցի, ես աշխատեցի և ահա, ես ունեմ արդյունք, որովհետև մենք ընդամենն այդ քաղաքացու կողմից վարձված աշխատողներն ենք, ում պարտքն է վճարած ամեն մի դրամ հարկը հնարավորինս արդյունավետ բերել հասցնել իր տեղը: Իհարկե, այդ աշխատանքն անթերի չէ, բայց անթերի չէ նաև այն պատճառով, որ պետական կառավարման համակարգում շատերին վճարում ենք 150 000 դրամ և պահանջում օբյեկտիվորեն 1,5 մլն դրամի աշխատանք: Սա ասում եմ, որ նաև մեր քաղաքացիներն ափսոսանքով չվերաբերեն կառավարման համակարգին վճարվող գումարներին, իհարկե այն արձանագրմամբ, որ կառավարման համակարգը պետք է լինի օպտիմալ, դառնա օպտիմալ, ավելի պրոֆեսիոնալ: Բայց սա զուգահեռ ճանապարհ է, որովհետև նաև մարդիկ ինչպես վերաբերվում են կառավարման համակարգին, կառավարման համակարգն այդպես էլ արձագանքում է: Եվ նաև կառավարման համակարգն ինչպես վերաբերվում է մարդկանց, մարդիկ էլ այդպես էլ արձանագրում են»: Նիկոլ Փաշինյանը բժշկական կենտրոնի առկայությունը կարևորել է նաև ճանապարհատրանսպորտային վթարներից տուժածներին հրատապ առողջապահական ծառայություն տրամադրելու առումով: «Հիմա մենք ունենք բժշկական կենտրոն Եղեգնաձորում, ունենք բժշկական կենտրոն Արտաշատում, կառուցում ենք բժշկական կենտրոն Սիսիանում: Եվ այո՛, երբ ժողովրդագրական մյուս քաղաքականությունների, բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքում մեր երկրում բնակչության թիվը կաճի, բոլոր տեղերում կլինեն բժշկական կենտրոններ, համապատասխան բժշկական ծառայություններ»,- նշել է վարչապետը և կրկին շնորհավորել ներկաներին, հաջողություն մաղթել կենտրոնի բոլոր աշխատողներին: Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոնի նոր մեկհարկանի տիպային մասնաշենքի կառուցման աշխատանքները նախատեսվել են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով և իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ու վերջինիս լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրերի շրջանակներում։ «Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոն» ՓԲԸ արդիականացման նպատակով կատարվել է շուրջ 2,67 մլրդ դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 1.17 մլրդ դրամ (44%), ՀԲ վարկային միջոցներից` 1.5 մլրդ դրամ (56%):Բժշկական կենտրոնի նորակառույց շինությունը բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Մասնաշենքին կից կառուցվել են կաթսայատուն և էլեկտրաենթակայան: Բժշկական կենտրոնի նոր կառույցը բաղկացած է 5 մասնաշենքից, որոնց հատակագծային լուծումներն ապահովում են բուժական մասի համար կապեր կենտրոնի սպասարկող բաժանմունքների և շենքերի հետ: Բժշկական կենտրոնում կգործի արյան փոխներարկման բաժանմունքը, ախտորոշիչ բաժանմունքը՝ ներառյալ լաբորատորիա, ընդունարան, անհետաձգելի բուժօգնության սրահ, կենտրոնական ախտահանում և այլ օժանդակ ծառայություններ։ Ծրագրի շրջանակներում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և բժշկական պարագաներով: Արդիականացման արդյունքում 46 մահճակալ հզորությամբ բժշկական հաստատությունն երկրորդային և որոշ երրորդային մակարդակի հիվանդանոցային որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ կտրամադրի Վայոց ձորի մարզի շուրջ 47․8 հազ բնակչությանը տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ: Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն այցելել է մարզի Խաչիկ բնակավայր, որտեղ հանդիպել է տեղի բնակիչներին: Վերջիններս վարչապետին շնորհակալություն են հայտնել պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնելու և երաշխավորության հետևանքով առաջացած իրենց վարկային խնդիրներին լուծում տալու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը մեկանգամյա քաղաքական որոշման է գնացել և հորդորել այլևս չիմացության կամ այլ պատճառներով նման խնդրի առաջ չկանգնել: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության որոշմամբ հնարավորությունները կբացվեն, այդ թվում՝ Խաչիկ սահմանամերձ գյուղում բնակարան, տուն կառուցելու ծրագրի հասանելիությունն ապահովելու համար: Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել նաև Ելփին բնակավայրում՝ զրուցել տեղի բնակիչների հետ, պատասխանել տարբեր հարցերի, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, ոռոգման ջրի, այլ սոցիալական թեմաների:
19:38 - 09 մարտի, 2024
Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը երկարացվեց մինչեւ 2026-ը. պետությունը կվճարի եւ մայր գումարը, եւ տոկոսը
 |news.am|

Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը երկարացվեց մինչեւ 2026-ը. պետությունը կվճարի եւ մայր գումարը, եւ տոկոսը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում մեկ տարի ժամկետով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից (Կոնվերսբանկ, Էվոկաբան, Ամերիաբանկ Ակբաբանկ) ստացվել եւ ՄԶԾ հաստատվել է 412  շահառուի հայտ: Դրանք ըստ նմարզերի բաշխված են հետեւյալ կերպ. Տավուշի մարզ – 239 Սյունիքի մարզ – 54 Արարատ – 50 Վայոց ձոր – 47 Գեղարքունիք – 22: Այս 412 հայտերը գտնվում են շինարարության ամենատարբեր փուլերում: Նաեւ պոտենցիալ շահառուների թիվը այս պահի դրությամբ շատ ավելի մեծ է, քան 412-ը, որովհետեւ ունենք շատ դեպքեր, երբ քաղաքացիները շինթույլտվություններն ստացել են, բայց դեռ չեն դիմել բանկ»,-ասաց նա: Նախարարը հստակեցրեց, որ շահառուները պետք է լինեն զագսով գրանցված ամուսիններ եւ նրանցից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի. «Նրանք ծրագրից կարող են օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն, որը չունի ավարտական ակտ: Կա սահմանամերձ գյուղերի համար հաստատված ցանկ, շուրջ 80 գյուղեր: Շահառուն պետք է համայնքից շինթույլտվություն ունենա, ինչպես նաեւ կառուցապատման նախագիծ եւ նախահաշիվ: Ըստ ծրագրի պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչեւ 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքի մայր գումարն ու դրա գծով առաջացող տոկոսագումարը՝ 13 տոկոս տոկոսադրույքով: Մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1,5 մլրդ դրամի վարկ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով 412 շահառուի առկայությանը, ասաց. «Մենք մոտավորապես օրը մեկ տան վարկի հարց ենք լուծել: Օրը մի որոշում կայացվել է, ինչը վատ ցուցանիշ չէ: Երբ մի քանի տեղ շինարարություն սկսվեց, մենք տեսնում ենք, որ համատարած սահմանամերձգյուղերում այդ շինարարություններն իրականացվում են: Այս ծրագրով վարկը տալիս է բանկը, բայց եւ մայր գումարը, եւ տոկոսը վճարում է կառավարությունը: Գումարը 16 մլն դրամ է: Եթե քաղաքացին ուզում է 16 մլն-ից ավելին, նա կարող է իր կողմից 1, 2 կամ 5 մլն դրամ ավելացնել: Այդ 16 մլն-ը կվճարի կառավարությունը, իսկ ավել հատվածը՝ քաղաքացին: Ծրագիրը ծավալվում է, եւ մենք բնակֆոնդի թարմացում կարող ենք ունենալ»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ ոչ բոլոր դեպքերում են վարկերը հաստատում. «Ես փորձեցի հասկանալ՝ ինչն է պատճառը. հիմնականում նման դեպքեր պատահում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց հետ: Ես հետաքրքրվեցի, որ եթե մայր գումարն էլ է կառավարությունը տալիս, ինչո՞ւ է  բանկերին հետաքրքրում այդ հանգամանքը: Դրա համար կա կոնկրետ պատճառ. խնդիրն այն է, որ բանկերը տրանշներով վարկերը տալիս են քաղաքացուն եւ եթե նրանք տեսնում են, որ քաղաքացին խաղադրույքներ կատարելու սովորություն ունի, կարող է տրանշը վերցնել եւ նպատակային չօգտագործել, ինքը խուսափում է վարկը հաստատելուց»,- ասաց վարչապետը:
13:01 - 15 փետրվարի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Եղեգնաձորում ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետի գործով դատապարտյալն ազատ է արձակվել
 |armeniasputnik.am|

Եղեգնաձորում ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետի գործով դատապարտյալն ազատ է արձակվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը։   Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ 2019 թվականից կոմայի մեջ գտնվող փոխգնդապետը մահացավ 2023 թվականի հուլիսին։   Կարեն Մխիթարյանի խոսքով` դատապարտյալն ինքն է դիմում ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին, որպեսզի իրեն ազատ արձակեն։ Եղվարդի դատարանը երկու օր առաջ նիստ է արել ու այսօր հրապարակել է որոշումը, որով բավարարել է Գրիգորյանի դիմումը և նրան ազատ արձակել։   «Գրիգորյանին ազատ արձակելու հիմքն այն է եղել, որ իրեն քրեակատարողական հիմնարկում լավ է պահել»,– ասաց փոխգնդապետի եղբայրը։   Արա Մխիթարյանի հարազատները նույնպես ներկա են եղել նիստին, սակայն առանց փաստաբանի։ Նրանք պատրաստվում են վիճարկել դատարանի որոշումը։ Դատական նիստին ներկա են եղել դատախազներ, որոնք փորձել են առարկել որոշման դեմ, սակայն դատավորը նրանց ներկայացրած առարկությունը մերժել է։   Հիշեցնենք՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ կողմերի միջեւ վեճը եւ ծեծկռտուքը սկսվել էր այն բանից, երբ Հարություն Գրիգորյանը Արա Մխիթարյանին եւ նրա ծառայակից ընկերներին ավտոմեքենայի միջից սեւեռուն հայացքով նայել էր, եւ Մխիթարյանը ցանկացել էր պարզել դրա նպատակը, որի ընթացքում էլ Գրիգորյանը փոխգնդապետին դիմել էր «հը, արա»-ով, ինչի համար վերջինս նրանից պարզաբանում էր պահանջել։ Սկսվել էր վիճաբանություն։ Ավելի ուշ Գրիգորյանը կանչել էր իր ընկերներին եւ անսպասելի մոտենալով Արա Մխիթարյանին՝ ձեռքերով ու ոտքերով անկանոն հարվածներ էր հասցրել նրա գլխին։     Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am-ում։ 
19:36 - 02 փետրվարի, 2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։   Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:   Փակ են Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները:   Դիլիջանի, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները, Սյունիք գյուղից «Զանգեր» կոչվող հատվածը (միակողմանի) փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):   Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի, Ափնա-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ ավտոճանապահները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:   Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի) մարզերում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:   Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Ծաղկահովիտ գյուղում բուք է:   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:11 - 27 հունվարի, 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։   Ջերմուկ քաղաքում, Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Բավրա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:13 - 23 դեկտեմբերի, 2023
Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյան մարզի դպրոցներին և համայնքապետարաններին ուղղորդել է ապրանք և ծառայություն գնել իր խանութներից. նախաքննությունն ավարտվել է

Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյան մարզի դպրոցներին և համայնքապետարաններին ուղղորդել է ապրանք և ծառայություն գնել իր խանութներից. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2016 թ. մարտից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության պետի պաշտոնն զբաղեցրած Շ․Վ․-ն, պաշտոնավարման ընթացքում, որպես հանրային ծառայող, ունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար օրենքով սահմանված արգելք, 2012 թ. հունվարի 23֊ին իր կնոջ մորաքրոջ անվամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ԱՁ։ Այն մշտապես կառավարել է անձամբ, համակարգել է դրա գործունեությունը, կազմել է ֆինանսական հաշվետվությունները, կատարել ԱՁ-ի գործունեության հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, իսկ ԱՁ-ի անունից բոլոր փաստաթղթերը կազմվել ու կնքվել են նրա պահանջով և գիտությամբ։ Վերջինս նաև անձամբ մասնակցել է իր կնոջ կողմից 2008 թ. հիմնադրված, նույն գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության կառավարմանը։ Քննությամբ պարզվել է նաև, որ Շ․Վ․-ն, նշված ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտվելով իր պաշտոնից բխող լիազորություններից, դրանց մրցակիցների համար անհավասար պայմաններ ստեղծելով՝ 2017 թ. հունվարի 11-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 30-ը՝ ՍՊԸ-ին, իսկ 2016 թ. ապրիլի 27-ից մինչև 2019 թ. մարտի 12-ը՝ ԱՁ-ին, տրամադրել է մարզի համայնքապետարաններին, դրանց ենթակա կազմակերպություններին, հանրակրթական ոչ առևտրային կազմակերպություններին, «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, շուկայականից անհամեմատ բարձր գնով, տարբեր տնտեսական, կենցաղային ապրանքներ, ծաղիկ, շինանյութ, գրասենյակային գույք և կահույք վաճառելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների, փողոցների լուսավորության, սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ կատարելու կամ միջոցառումների կազմակերպման ծառայություններ մատուցելու, դրանցից շահույթ ստանալու արտոնություններ ու առավելություններ։ Այդ կերպ ՍՊԸ-ին պատկանող խանութից՝ կատարվել են ընդհանուր 102.243.710 ՀՀ դրամի, իսկ ԱՁ-ին պատկանող խանութից՝ ընդհանուր 48.671.710 ՀՀ դրամի գնումներ։ Դա այն դեպքում, երբ ԱՁ-ն զբաղվել է փաստացի միայն թեփի, ալյուրի, գարու, ցորենի և աղի վաճառքով։   Բացի այդ, 2017 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության նախկին պետը մարզպետարանի ենթակայության տակ գործող 21 հանրակրթական դպրոցի և համայնքային ենթակայության մարզադպրոցի տնօրեններին ուղղորդել է շուկայականից անհամեմատ բարձր գներով տարբեր ապրանքների գնումներ կատարել փաստացի իր ընտանիքին պատկանող վերը նշված խանութներից՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 3.431.950 ՀՀ դրամի գույքային վնաս։   Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական զարգացման վարչության նախկին պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը ) և 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը): Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված  է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:31 - 10 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ

Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար։ «Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը»,- պատասխան ողջույնի խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։ Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններին։ Հանդիպման ընթացքում Մարկուս Ռիտերը նախագահ Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի և հիմնական կետերի վերաբերյալ։\*** Նոյեմբերի 1-3-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հագեցած օրակարգով կգտնվի Սյունիքի մարզում, կայցելի մարզի խոշոր համայնքներ։
16:40 - 01 նոյեմբերի, 2023
Ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցից դուրս գան մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ. Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց

Ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցից դուրս գան մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ. Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց

Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց և ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թ․ օգոստոսին և ավարտվել 2023-ի հունվարին։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 630 աշակերտի համար, ներկայումս այստեղ սովորում է 597 աշակերտ։ «Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ սա իր երրորդ այցն է այս դպրոց: «Գիտեք, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս կրթությանը, դպրոցներին, ընդհանրապես՝ ենթակառուցվածքների զարգացմանը: Շատ ենք ուզում, որ այս դպրոցը և բացվող դպրոցների շարքն, իսկապես, շատ բան փոխի և՛ աշակերտների կյանքում, և՛ ուսուցիչների կյանքում, և՛ երկրի կյանքում, և՛ համայնքի կյանքում, որովհետև, իսկապես, ամեն ինչ սկսվում է այստեղից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով նորաբաց դպրոցներում, իհարկե, կա լաբորատոր գույքի պակաս, սակայն մինչև տարեվերջ այդ պակասը նույնպես կլրացվի: «Մեծ հաշվով դպրոցն անընդհատ պետք է զարգանա: Կարևոր է այդ գույքը ճիշտ ժամանակին փոխել: Նոր տեխնոլոգիաներ, մոտեցումներ են գալիս, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրթության պատշաճ պայմանները կապված չլինեն դպրոցի նորակառույց կամ ոչ այնքան նորակառույց լինելու հետ: Այսինքն՝ դա անընդհատ գործընթաց է: Նոր դասագրքեր պետք է լինեն, և նաև միջավայրը պետք է անընդհատ զարգանա»,- նշել է վարչապետը: Դիմելով դպրոցականներին` Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր դպրոցում նրանք նոր եռանդ կստանան՝ հետագա կյանքը կազմակերպելու: «Մենք դպրոցում սովորում ենք տարբեր առարկաներ՝ մաթեմատիկա, հայոց լեզու, օտար լեզու, գրականություն, պատմություն և այլն, բայց մեծ հաշվով՝ դպրոցում մենք սովորում ենք մեր կյանքը կազմակերպել, դպրոցում մենք սովորում ենք ապրել: Եվ սա ամենակարևորն է»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը և հավելել, որ ուսուցիչները պետք է իմանան, թե Կառավարությունն ինչ է ակնկալում իրենցից։- «Մենք ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցից դուրս գան մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Այս երեք խնդիրը չափազանց կարևոր է, որովհետև երեխաներին՝ ցանկանալով տեսնել մտքով ուժեղ, հոգով ուժեղ և ֆիզիկապես ուժեղ, մենք ցանկանում ենք ունենալ նույնպիսի մտքով, հոգով և ֆիզիկապես ուժեղ հանրություն ու մտքով, հոգով և ֆիզիկապես ուժեղ պետություն: Ահա, այստեղից է սկսվում այդ ամեն ինչը: Իհարկե, շատ կարևոր է, որ երեխաների և կրթության միջև պատվարներ, պատնեշներ չառաջանան: Շատ կարևոր է, որ մենք կրթության պրոցեսը մեր երեխաների համար դարձնենք հնարավորինս հաճելի, հնարավորինս ներառական, հնարավորինս խաղային, որպեսզի կրթությունը նրանք ընկալեն ոչ թե որպես ծանր պարտականություն, որ դրված է իրենց ուսերին, այլ հաճույք, միջավայր, կյանքի բնականոն գործընթաց, որտեղ իրենք ամեն օրվա հետ ավելի գոհ են հենց իրենք իրենցից, իրենք իրենց կերպարից, իրենք իրենց արածից, իրենք իրենց իմացածից և իրենք իրենց ձեռք բերած հմտություններից»»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:13 - 28 հոկտեմբերի, 2023