Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են 2022 թվականի հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են 2022 թվականի հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են 2022 թվականի հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Բերքաբեր, Բարեկամավան, Սարիգյուղ, Կոթի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները: Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացման պայմանների, կարիքների, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը: Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ, քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և պատասխանատուների, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այցերի ընթացքում վեր հանված անհատական և համակարգային խնդիրները քննարկվել են նաև համայնքապետարանների, վարչական շրջաններում բուժօգնություն և բուժսպասարկում իրականացնող անձնակազմերի ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտային իրավասու մարմինների հետ։Մշտադիտարկման այցերի արդյունքները, սույն հրապարակման պահի դրությամբ իրավասու պետական և տեղական մարմինների կողմից Պաշտպանի աշխատակազմին ներկայացված տեղեկությունների ու պարզաբանումների հաշվառմամբ, վկայում են մի շարք համակարգային խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝1. անվտանգային ոլորտի, ինչպես նաև մարդու՝ պատշաճ և մատչելի եղանակով տեղեկություններ ստանալու իրավունքի,2. խմելու և ոռոգման ջրի, գազի մատակարարման,3. բնակիչների զբաղվածության ապահովման,4. երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմամասնագիտական թիմերի սղության, նեղ մասնագիտական ծառայությունների հասանելիության,5. հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի,6. աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգի վերաբերյալ իրազեկվածության,7. առողջության պահպանման իրավունքի, այդ թվում՝ վարչական շրջաններում բուժօգնություն և սպասարկում ապահովող կենտրոնների օղակների շենքային պայմանների և նյութատեխնիկական հագեցվածության, դեղորայքի և մի շարք բժշկական ծառայությունների հասանելիության,8. յուրաքանչյուր ընտանիքի՝ փայտ հավաքելու թույլտվության տրամադրման գործող իրավակարգավորումների վերաբերյալ։ Այս և արձանագրված այլ համակարգային խնդիրների վերաբերյալ մանրամասն դիտարկումները, դրանց լուծման վերաբերյալ Պաշտպանի առաջարկները և դիրքորոշումները ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու ոլորտային իրավասու մարմիններին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, իսկ անհատական բնույթի խնդիրները Պաշտպանի իրավասությունների շրջանակում քննարկվել և ներկայացվել են իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։
14:38 - 04 օգոստոսի, 2022
Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։  Infocom-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ (առավոտյան 10։30-ի սահմաններում) ՀՀ սահմանին լարվածություն չկա։  «ՀՀ զինված ուժերը աչալրջորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և լիարժեք տիրապետում են իրավիճակին, այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն իրավիճակ է»,- ասաց նա։ Ի պատասխան ճշտող հարցի, թե արդյոք Տավուշի սահմանին ադրբեջանական զորք կամ տեխնիկա է կուտակված, Պն խոսնակը նշեց՝ իր մեկնաբանությունը վերաբերում էր հենց Տավուշի սահմանին տիրող իրավիճակին։ Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ըստ վերջին տվյալների՝ հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ ՊԲ-ի փոխանցմամբ՝  ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:      
11:08 - 04 օգոստոսի, 2022
Բերդավանյան Ջանգյուլումը՝ Գուսանահովտում. վիճակ, հաջող գյուլում, խարույկ, Վարդավառ ու երգ ու պար

Բերդավանյան Ջանգյուլումը՝ Գուսանահովտում. վիճակ, հաջող գյուլում, խարույկ, Վարդավառ ու երգ ու պար

«Վայ ինձ մի ջրեք, էլի, ես լրագրող եմ»-ը բերդավանցիների մոտ Վարդավառի օրը «եղանակ փոխող» արտահայտություն չէ։ Եթե գալիս ես նրանց հետ սարում Ջանգյուլում ու Վարդավառ տոնելու, ապա պիտի քեզ իսկական բերդավանցի զգաս, իսկ եթե բարբառային բառեր էլ գիտես, ապա նրանք էլ քեզ իրենցից մեկը կհամարեն։ Իմ բախտն այս հարցում բերել է, ես Բերդավանի բարբառը մեծ հաշվով հասկանում եմ, հետն էլ՝ քիչ-միչ խոսում, ու դրա արդյունքը, թույլ տվեք ասել, տեսա այսօր, երբ այս գյուղից իմ զրուցակիցներից մեկն ինձ տեսնելիս հեռվից կանչեց՝ «վի՜, էս մեր Հայարփին չի՞, արի աղջիկ ջե՜ն»։ Բերդավանցիները հուլիսի 23-24-ին Ջանգյուլում փառատոնն էին կազմակերպել։ Այս տարի տոնը համընկել էր եկեղեցական Համբարձման տոնի հետ, բայց Շահրիգյոլ (Գուսանահովիտ) կոչվող չքնաղ հովտում ինձ տոնը, մեկ է, հեթանոսական սիրուն ծես էր հիշեցնում։ Ընդարձակ դաշտում մարդիկ, որոնց մի մասը մենակ էր եկել, ինչպես ես, մի մասը՝ ընտանիքներով, հարմար տեղավորվում էին, ամեն մեկն իր անկյունը գտնում։ Ոմանք միանգամից իրենց համար վրաններ էին ընտրում, որոնք նախապես սիրուն բացազատել էին «Բերդավան» հիմնադրամի աշխատակիցները։ Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերն իրենց զբաղմունքները գտել էին միանգամից։ Մի խումբ բատմինտոն էր խաղում, մյուսը՝ վոլեյբոլ, երեխաները վազվզում էին դաշտում, ուրիշները՝ ուղղակի վայելում արեւը։  Հետո արդեն միջոցառումը սկսվեց՝ ազգագրական երգ ու պարով՝ «Սասնա ծռեր» համույթի կատարմամբ։ Նրանք պարի ու երաժշտության հնչյուններին, տեսնեմ, չդիմացան ոչ միայն Երեւանից եկած հյուրերը, այլեւ մի չին երիտասարդ՝ Բեյը, որի ակտիվությունը նկատելով՝ նրա ձեռքերից բռնեցին բերդավանցիները ու մի քանի շարժում սովորեցնելով՝ սկսեցին միասին պարել։  Բեյը ճանապարհորդ է, նրա ընկերները գնացել են Իրան ու Վրաստան, բայց ինքը նախընտրել է գալ Հայաստան, քանի որ այստեղի մշակույթը հոգեհարազատ է համարում։ Նա գիտի, որ Հայաստանը համարվում է քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրը, ինքն էլ քրիստոնյա է, ու շատ է հետաքրքրված մեր պատմամշակութային կոթողներով։ Բեյը մեր զրույցում ասաց, որ անհամբեր սպասում է դեպի Մշկավանք քայլարշավին, որ ավելի ուշ կազմակերպվելու էր միջոցառման շրջանակում։ Քիչ անց աչքիս ընկավ, որ Բեյն արդեն ինքն է նախաձեռնում պարը՝ արագ սերտելով շարժումները։ Բեյը Խոտի տուկերով օղակ սարքած՝ մարդիկ նստած լսում էին օրվա խորհրդի վերաբերյալ պատմություններ, նայում փոքրիկ ներկայացումներ, երգում երգեր ու խաղիկներ կարդում։  Համբարձման տոնը ժողովրդի շրջանում հայտնի է նաեւ որպես վիճակ։ Իսկ տոնի էությունն այն է, որ Համբարձման տոնից մեկ օր առաջ աղջիկները  յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար են հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ քաղում եւ փնջեր կապում: Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ են լցնում, յուրաքանչյուրը մի իր է գցում դրա մեջ, հետո կուլան ծաղկեփնջերի հետ թաքցնում են, որ տղաները չգողանան: Հետո վիճակով հարս են ընտրում, իսկ տղաները պիտի մինչեւ լուսաբաց գտնեն՝ թե ով է նա։ Հարսն, ի դեպ, իրավունք չունի խոսել տղաների հետ։ Ասում են՝ եթե տղաները մինչեւ հաջորդ օրը հարսին բացահայտում են, գյուլումը վատ է գնում։ Տարբեր շրջաններում այս տոնը տարբեր կերպ են նշում։ Ջանգյուլում փառատոնի ժամանակ, ուրեմն, աղջիկները գնացին դաշտերից ծաղիկներ հավաքելու, տղաները աղբյուրներից ջուր բերելու։ Ընտրեցին հարսիկին, ընկերուհիներին էլ հրահանգեցին՝ չխոսկան լինել, տղաների հարցերին չպատասխանել, որ նրանք խառնվեն, հանկարծ ու հեշտ չգտնեն հարսիկին։  Մինչ ամեն մեկն իր փունջն էր սարքում, աղբրից ջուր բերում, ես զրուցեցի բերդավանցի մի տիկնոջ՝ Նվարդ Չիլինգարյանի հետ, որն ամենայն մանրամասնությամբ ու զգայականությամբ պատմեց՝ ինչպես էին նշում Ջանգյուլումն այն ժամանակ, երբ ինքը դեռ փոքրիկ աղջնակ էր։ Նվարդ Չիլինգարյանը Ջանգյուլումը միշտ նշում էին սարում։ Երեխաները հավաքվում, գնում էին տատ ու պապերի մոտ՝ սար, ու այնտեղ լուրջ ջանասիրությամբ պատրաստվում միջոցառմանը։ Ջանգյուլումն ու Վարդավառը  այս կողմերում նույնիսկ Ամանորից մեծ շուքով են նշվում։ Այդ օրը գյուղացիները պարտադիր սար էին բարձրանում։ Երեխաները հավաքվում, ընկնում էին դաշտերով, աստղածաղիկներ հավաքում, որ հետո թաթախեն յոթ աղբյուրներից հավաքած ջրի մեջ ու հաջորդ առավոտյան դրանցով «ծեծեն» դագաներում՝ հյուղակներում քնած հյուրերին ու արթնացնեն։ Ասում են՝ ծաղիկներով այդ «ծեծը» մարդկանց սարին սովորեցնելու մի հետաքրքիր արարողություն էր։ Տիկին Նվարդն ասաց՝ այդ յոթ թիվն, իհարկե, խորհրդանշական է եղել․ «Օրհնանքների ու անեծքների մեջ յոթը շատ է, չէ՞, հանդիպում․ յոթ պորտով չորանաս կամ յոթ զավակ ունենաս, դրա համար յոթ տեսակ ծաղիկ, յոթ աղբյուրից ջուր, մի հարս՝ վեց ընկերուհիներով»,- պատմեց զրուցակիցս։ Հետո արդեն կժերի մեջ ջահելներն իրենց իրերն էին լցնում, որ հարսին տղաների չգտնելուց հետո վիճակ անեն, տեսնեն՝ որ իրի տիրոջն ինչ գյուլում է ընկնում։ Առաջին գյուլումն ում ընկնում էր, ինքն այդ տարի բախտավորվում էր․ «Լամփի շուշի ծլնգոցը,գլորվիմ, ընկնիմ յարիս ծոցը»,- պատմելու ընթացքում այսպես մի խաղիկ կարդաց Նվարդը՝ նկատելով, որ սարերում օգտագործվող այդ հին լամպերից ընդհանրապես ծնգոց-զնգոց չի գալիս, բայց խաղիկ ստեղծողները հանգեր բռնելու համար այդպես են գրել։  Հետո, երբ տղաները հարսին ու կուժը չէին գտնում, առավոտյան գյուլումի արարողության ժամանակ հարսն ինքը բացահայտվում էր։ Այդպես եղավ նաեւ երեկ Բերդավանում։ Գիշերը վրանում շատ ցուրտ էր, քնել չէր լինում, դրա համար որոշեցի գնալ խարույկի մոտ հավաքված մարդկանց մոտ, որոնց խոսակցությունը քամու հետ գալիս էր դեպի իմ վրան։ Մի բաժակ թեյով նստեցի խոտերին՝ լսելու՝ ինչ են խոսում։ Պարզվեց՝ արթունները դեռ քննարկում են՝ տեսնես ով կլինի հարսը։ Ու ժամը չորսի կողմերը մի տղա մոտեցավ ու բարձր ասաց՝ «հարսին պալիտ եմ արել»։ Չգիտես ինչու՝ մի տեսակ այլայլվեցի, թե՝ գյուլումը թարս չգնա։ Հարցրի՝ բայց ի՞նչ իմացար՝ հարսն ինքն է։ Երիտասարդ այս տղան շատ ինքնավստահ ասաց, թե՝ հարց տվի, չպատասխանեց․ «Հարցրի՝ սուրճ կխմե՞ք, ձեն չհանեց, սենց մի տեսակ գլուխը կախեց, հաստատ ինքն ա»։ Կողքից մի տղամարդ, թե՝ ես էլ եմ մտածում՝ ինքն ա։ Այդպես մինչեւ առավոտ նստեցին, նայեցին այդ աղջնակին, որ խարույկի կողքին ննջել էր։ Իսկ առավոտյան, երբ արդեն բոլորն արթնացել էին ու սկսել գյուլումի արարողությունը, հարսը բացահայտվեց․ ուրիշ մի աղջիկ էր՝ Ժաննան։  «Դե հանի՛ր, ա՛ղջի, Վիճակն ի բարին, Երգերով գովենք Էն իգիթ յարին»։ Այսպես, խաղիկ-տաղիկներով հարսիկը հերթով հանեց ջահելների իրերն ու գյուլումները։ Հենց առաջին գյուլումն էլ իր ընկերուհուն ընկավ, մեկն էլ՝ ինձ։ Լրագրողական իմ բեյջի հետ դուրս եկավ սա․ «Թուր ու թվանք թամքումը Ջուխտ աղունակ վանքումը, Մեռնեմ սիրածս յարին, Ինքը քաղքի ճամփումը»։ Երգ ու պարից, խորովածի հյուրասիրւթյունից հետո էլ եկավ ամենասպասված պահը՝ վարդավառյան ջրոցին։ Ջրով բեռնված մեծ մեքենան եկավ կանգնեց հովտում՝ ծառի տակ, ու բոլորը դույլերով, շշերով վազեցին այդ կողմ։ Բոլորն իրար ջրեցին, ով ջուր չուներ, մյուսն իր դույլից կիսեց, այդպես ուրախ, երգ ու պարով անցավ բերդավանյան Ջանգյուլումը։ Իսկ միջոցառումից գոյացած ողջ գումարը «Բերդավան» հիմնադրամը կուղղի գյուղի միջնակարգ դպրոցի միջանցքների վերանորոգմանը։ Հայարփի Բաղդասարյան
15:46 - 27 հուլիսի, 2022
ՄԻՊ աշխատակազմը Տավուշի սահմանամերձ համայնքներում արձանագրել է բնակչության անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները

ՄԻՊ աշխատակազմը Տավուշի սահմանամերձ համայնքներում արձանագրել է բնակչության անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երկրորդ օրը՝ հուլիսի 26-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ և Չորաթան գյուղերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են վարչական շրջաններում բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, երեխաների կրթության իրավունքի իրացման կարիքները և պայմանները և բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ։ Այցերի ընթացքում արձանագրվել են խնդիրներ կապված հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի, առողջության պահպանման իրավունքի, ուսումնական հաստատություններում մասնագետների վերապատրաստումների ոչ բավարար լինելու, կոնկրետ դեպքերում համայնքահեն ծառայությունների սղության կամ բացակայության հետ։ Համակարգային խնդիրներ են արձանագրվել կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, զբաղվածության, բնակչության անվտանգության ապահովման հետ։ Արձանագրված խնդիրները քննարկվել են նաև համայնքապետարանների, ուսումնական հաստատությունների և վարչական շրջաններում բուժօգնություն և բուժսպասարակում իրականացնող անձնակազմերի ներկայացուցիչների հետ։ 
10:18 - 27 հուլիսի, 2022
ՄԻՊ նախաձեռնությամբ այցեր են իրականացվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

ՄԻՊ նախաձեռնությամբ այցեր են իրականացվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր

Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկած մշտադիտարկման այցերը Տավուշի մարզում: Առաջին օրն այցեր են իրականացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: Մշտադիտարկման այցերի ընթացքում իրականացվել են առանձնազրույցներ և քննարկումներ համայնքների բնակիչների հետ։ Բնակիչների կողմից բարձրացված հարցերը նաև քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։ Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացմանը, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը, ինչով պայմանավորված քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և պատասխանատուների հետ։ Վեր են հանվել, ինչպես անհատական բնույթի խնդիրներ անձանց առողջության պահպանման իրավունքի և սոցիալական իրավունքների վերաբերյալ, այնպես էլ համակարգային խնդիրներ՝ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների և անվտանգային հարցերի հետ կապված։ Մի շարք խնդիրների հետ կապված՝ Պաշտպանի իրավասության շրջանակներում տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ անհատական խնդիրների կարգավորման և դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակով, իսկ համակարգային խնդիրների հետ կապված՝ նաև պարզաբանումներ են պահանջվել տարբեր իրավասու մարմինների ներկայացուցիչներից: Այցի արդյունքների մանրամասները կհրապարակվեն մշտադիտարկման այցերի ավարտից հետո։ 
14:28 - 26 հուլիսի, 2022
Բարեկամավան. սահմանամերձի սահմանամերձ գյուղը՝ համարյա երկրագնդի եզրագծին [մարzoom]

Բարեկամավան. սահմանամերձի սահմանամերձ գյուղը՝ համարյա երկրագնդի եզրագծին [մարzoom]

«Ի՞նչ կուզեիք փոխվեր ձեր գյուղում»,- հարցնում եմ Բարեկամավանի դպրոցականներին: «Որ շատ մարդ լիներ»,- միաձայն հնչում է նույն պատասխանը: Բարեկամավանը հայ-ադրբեջանական սահմանին է՝ անդունդի եզրին, որտեղից այն կողմ այլ իրականություն է: Բարեկամավանը պարզապես սահամանամերձ գյուղ չէ, այն սահմանամերձի սահմանամերձն է, որտեղ հայտնվելիս թվում է` հայտնվել ես երկրագնդի եզրագծին: Երբեմնի մեծ ու շեն Դոստլու գյուղից (գյուղի հին անվանումը) այսօր Բարեկամավանում (գյուղի նոր անվանումը) ապրում է 140 հոգի: Գյուղի կենտրոնով քայլելիս մարդ չկա, փակ են նաև գյուղի 2 խանութները: Դրանցից մեկի վրա հեռախոսահամար է փակցված, որ զանգի դեպքում կբացվի: Այստեղ փակցված է Նոյեմբերյան-Բարեկմավան հանրային տրանսպորտի ժամանակացույցը, սակայն, տեղացիների խոսքով, «օրա լինում՝ մարդ էլ չի գնում»: Խանութը Դատարկ փողոցների ու տների արանքից մարդկանց փոխարեն «ձեռքով են անում» վառ կարմիր նռենիներն ու «ողջունում են» բերքաշատ ծառերը: Տեղի կլիման բարենպաստ է ամենատարբեր մրգերի ու բանջարեղենի աճեցման համար: Խանութը՝ կոտրված ապակու միջից Ահա և ինձ ընդառաջ են գալիս ընկերուհիներ Դիանան, Անահիտը և Անահիտի կրտսեր քույր Մանեն: Այսօր Բարեկամավանն իրենք են ներկայացնելու: Անցնող ուսումնական տարում տեղի դպրոցում սովորել է 13 աշակերտ, դպրոցն ունեցել է 1 շրջանավարտ: Երկու տարի առաջին դասարանցի չունենալուց հետո սեպտեմբերին դպրոցն ընդունելու է 3 առաջին դասարանցիների: Դիանան, Անահիտը և Մանեն Դիանան և Անահիտը փոխադրվել են 11-րդ դասարան, Մանեն՝ 8-րդ: Դիանան որոշել է դառանալ իրավաբան, «որ մարդկանց շահերը պաշտպանի»: Անահիտն ընտրել է ծրագրավորողի մասանգիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո նրանք տեղափոխվելու են Երևան: Դասերից դուրս ազատ ժամանակն աղջիկները զբաղվում են ընթերցանությամբ, հավաքվում են գյուղի կենտրոնում՝ եկեղեցու բակում, կամ էլ, ինչպես իրենք են ասում, «ես իրանց տուն եմ գնում, հետո ինքը՝ մեր»: Բացի դասերից ու ընթերացանությունից՝ այստեղ օրն ունի իր կարևոր առաքելությունը. աղջիկները մյուս տեղացիների նման ամեն օր խմելու ջուր են բերում մոտակա աղբյուրներից, քանի որ տներում առկա է միայն տեխնիկական ջուր: «Ի՞նչը կուզեիք փոխվեր ձեր գյուղում»,- հարցնում եմ աղջիկներին աղբյուր տանող ճանապարհին: «Որ շատ մարդ լիներ, շատ լավ կլիներ»,- գրեթե միաբերան պատասխանում են նրանք: «Իսկ գյուղում շատ մարդ կա՞, որ մենակ ա ապրում»: «Հա՜, շատ»,- միանգամից հնչում է պատասխանը: «Մի տատիկ էլ կա, ինքը բանաստեղծություններ ա գրում»: Եվ մենք մոտենում ենք այդ տան դարպասին:  «Անգրագետ կնիկը բանաստեղծ կըլի՞», - իր մասին մուտքի մոտ շտապում է ասել Անիչկա Միքայելյանը, որին գյուղում բոլորը Անիկ տատ են ասում: «Նախդի հըմի կոֆե էփե»,- դիմում է նա աղջիկներից մեկին, - «խմենք, ծերգին (նախ և առաջ) էդ, ըժու (հետո) ինչ որ ցանկանաք, այն էլ կասեմ: Ափսուս գրագետ չեմ, որ բնական խոսքերը ասեմ, բայց ինչքան որ հիշեմ, էնքանը կասեմ: Ես կլինեմ բոլորիդ տատը, ամուր լինի մեր կապը»: Անիկ տատը Անիկ տատը շտապում է մեզ սուրճ հյուրասիրել, որից հետո միայն սկսում է պատմել իր մասին: Իր ամբողջ խոսքը նա կազմում է հանգերով: «Ասածներս իմացեք, իմ խոսքերին դիմացեք», - սկսում է նա: «Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի Անիչկա Միքայելյանս ծնվել եմ 1934 թ.-ի նոյեմբերի 17-ին: Ես ծերության սիրել եմ ամեն աշխատանք էլ անեմ, սրտանց ցանկանում եմ բնական խոսքերով սրտիս փափագը հանել»: Դիանան սուրճ է պատրաստում Անիկ տատի տանը Անիկ տատը 2 տարի է դպրոց գնացել, բայց սիրել է ամբողջ կյանքը գրել ու ստեղծագործել, որոշ գործեր նաև տպագրել է: «Ի՜, ցավդ տանիմ, ոչ ջնջել եմ, ոչ գրել եմ, խոսքեր ա, որ գալիս ա», - ասում է նա:  «Ես չեմ տեսել գիր ու գրիչը, ա՜խ, ինձնից է ամեն ինչը: Ցերեկները հողն եմ փնտրել, գիշերները խոսքն եմ ընտրել, հերիք ինչքան, որ գիշեր ու ցերեկ ես մնացի արթուն, խելքս ու խոսքս մնաց թաքուն»: Անիկ տատի ամուսինը 8 տարի առաջ է մահացել, այդ օրվանից նա մենակ է ապրում: Նրա երեխաները, թոռներն ու ծոռները ապրում են տարբեր երկրներում ու քաղաքներում, որտեղ Անիկ տատը տեղափոխվել չի ցանկանում: «Ոչ մի տեղ էլ ա հնարավոր չի, որ ես կենամ աղջիկ ջեն»,- ասում է նա: «Ըստի (այստեղ) ծնվել եմ, ըստի սնվել եմ, էս մի պուճուր բուդկեն (ցույց է տալիս սենյակը, որտեղ նստած ենք) որ կա է, Ռուսաստան էլ ա, Հունաստան էլ ա, Կիրովական էլ ա (այստեղ են ապրում իր երեխաները): Սա ինձ հմար շատ քաղցր հող ա: Ես չեմ սիրում դրսի փողը, սիրում եմ իմ հայրական ու մայրական հողը»: 22 տարի Անիկ տատը աշխատել է որպես կթվորուհի, այնուհետև 20 տարի թութուն է հավաքել: Ասում է, որ 42 տարվա աշխատանքային փորձով այսօր ստանում է 54.000 դրամ: Բայց հիմա էլ շարունակում է աշխատել իր տանը: Նա արդեն հասցրել է մշակել ու ցանել իր տնամերձ այգին, որը լի է տարատեսակ ծառերով ու պտուղներով: Անիկ տատն աղջիկների հետ «Պըտիտ չեմ գալի է՜, 50 տարեկանի գործ եմ անում»,- ասում է նա,- «փորում եմ, ցանում եմ, վարում եմ, կարտոլ եմ ցանում: Լա էս դուռը (ցույց է տալիս այգին) մատեն տեղ չկա, մտիկ արա: Լրիվ փորել եմ, ցանել եմ, վարունգ ա, պոմիդոր ա, ծառերը լավ բռնած են, թութը վաքել եմ, արաղը քաշել եմ, կյանքս մաշել եմ: Ջահելի նման պըտիտ եմ գալիս, զբաղվում եմ, օրս անց եմ կացնում»: Ու դեռ երկար Անիկ տատը վերհիշում է իր գրած բանաստեղծություններն ու տողերը, որոնք ընթացքում վերափոխվում են իր հեղինակային երգերի: «Ոչ մի երիտասարդ չմնացին իրենց տանը, Լրիվ գնացին Ռուսաստանը, ուզում են հանգիստ մնալ իրենց տանը: Մե՛ք մոռանալ Հայաստանը, հետ գալիս եք դուք ձեր տանը: Շատ մի սիրեք ռսի փողը, եկեք պաշտապանեք մեր պապական քաղցր հողը: Հենց այդ հողն է ձեր ծնողներին պահողը: *** Շատ եմ խնդրում խաղաղություն ձեռք բերեք, Դրսում ապրողներին հետ բերեք, Մենք էլ ենք սիրում մեր հողը, Գրպանումս չկա ոչ մի տեսակ փողը, Բա ինչո՞վ սնվեմ, որ պաշտպանեմ ես իմ հողը: Աշխարհս արյունոտ ծով է, հայոց ազգը ոտից գլուխ սով է, Բայց ոչ մեկս չգիտի, թե արդյոք մեղավորը ով է»: Անիկ տատի տնից հետո մեզ իրենց տուն է հրավիրում Սյուզի Ղարաքեշիշյանը: Սյուզին եղել է Բարեկամավանի 2020թ.-ի միակ շրջանավարտը: Նրանից հետո գյուղում առաջին դասարանցի չի եղել: Այժմ Սյուզին սովորում է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում: Մեծ երազանք ուներ մասնագիտական կարիերան սկսել իր գյուղի դպրոցից, սակայն «օրենքը թույլ չէր տվել առանց ավարտելու աշխատանքի անցնել դպրոցում»: Սյուզին՝ ապագա ամուսնու հետ Այսօր նրանց տանը մեծ իրարանցում է. Սյուզին պատրաստվում է ամուսնանալ և իր սահմանամերձ գյուղից տեղափոխվել համայնքի մյուս սահմանամերձ՝ Բերդավան գյուղ: Ծերացող գյուղում կրկին հնչելու է հարսանեկան ուրախ երգն ու երաժշտությունը, ամբողջ գյուղը սպասման մեջ է: Այսպես են պահում սահմանամերձ համայնքներն այստեղ՝ սահմանի մոտ՝ անդունդի եզրին: Սահմանամերձի սահմանամերձով սիրով շրջեց Մերի Մամյանը
15:04 - 19 հուլիսի, 2022
Դեղձավան․ դեղձագույն դաշտերով գյուղը, որտեղից ոչ մեկը հեռանալ չի ուզում [մարzoom]

Դեղձավան․ դեղձագույն դաշտերով գյուղը, որտեղից ոչ մեկը հեռանալ չի ուզում [մարzoom]

Դեղձագույն, արեւապաչ դաշտերի հեռվում մի խորդուբորդ կատարով, միայնակ սար է երեւում։ Դրա փեշերին փռված է Դեղձավան գյուղը, փոքրիկ այնքան, որ շոգ ժամին հեռվից նայելիս թվում է՝ արեւի ջերմությունից լղոզվում է հողին, համարյա չի երեւում՝ մինչեւ չմոտենաս։ Դեղձավանցիները սարը Օձասար են կոչում։ Հեռվում՝ Օձասարն ու Դեղձավանը Գյուղացիներն անասուններին արոտ են տարել, իրենք էլ տապից պատսպարվել տներում։ Առաջին երկու տների բակերում մարդ-մուրդ չկա, միայն ծտերի ծլվլոց ու դարպասների հետեւից ուղիղ դեմքիս սլացող ճանճեր։ Բայց մի բակում ընկուզենու հովին վերնաշապկի կոճակերն արձակած նստած է մի մորուքավոր տղամարդ։ «Չե՞մ խանգարի»,- հարցնում եմ ցանցի հետեւից։ Զարմացած ինձ է նայում, հետո առանց երկմտանքի ասում՝ «արի՛, աղջիկ ջան»։ Ռոմիկն է, օրվա շոգ ժամերին ամեն օր գալիս, նստում է այս ծառի տակ։ Ասում է՝ ընկուզենու շուրջ մոծակներ չեն հավաքվում։ Բայց երբեմն ձանձրանում է Ռոմիկը, ասում է՝ կուզեր գյուղում մշակույթի տուն լիներ, միջոցառումներ կազմակերպեին, որ գյուղացիները զբաղվեին, կուզեր նաեւ մի տեղ լիներ՝ շախմատ-շաշկի խաղար։ Ուրիշ բանից նա չի բողոքում։ Պատմում է, որ գործի բերումով շատ տեղեր է գնացել, շատ բաներ է տեսել, հիմա էլ աշխատանքից չի նեղվում, ընդհակառակը՝ նեղվում է, եթե աշխատանք չի լինում։ 60-ամյա Ռոմիկը, չնայած սրտի խնդիրներին, այժմ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, համ իր այգին է մշակում, համ էլ որոշակի վարձատրության դիմաց գյուղացիների արտերում է աշխատում։  Ռոմիկը Երբ Ռոմիկն իր երեխաներից, թոռներից է խոսում, ու ես արձանագրում եմ՝ թոռատեր մարդ է, բայց լավ էլ ջահել, ասում է՝ «բա ջահել եմ, ես իմ տարիքի կամ ինձնից մեծ մարդկանց հետ չեմ շփվում, իմ շրջապատում ջահելներ են, ջահելը հեշտ ա հասկանում, տարեցի հետ մի քիչ բարդ ա»։ Ռոմիկը մի քանի անգամ ներս է հրավիրում, որ տիկնոջ հետ ծանոթացնի, թոռներին ներկայացնի, բայց խոսքով ենք ընկնում, դեռ էլի մնում այգում՝ խունացած մետաղե խողովակին նստած։ Զրուցակիցս ասում է՝ համեմատած այլ գյուղերի՝ Դեղձավանի մարդիկ շատ հյուրընկալ են, շատ բարի են, միմյանց հասնող։ Դեղձավանի բնակիչներից շատերը եկել են Վրաստանի Ծալկայի շրջանից։ Ռոմիկն ինքն էլ այդ շրջանի հայաբնակ Խաչգյուղից է։ Եկել է Հայաստան, աշխատել, հետո ամուսնացել ու հաստատվել այստեղ։ Մինչ կգնանք ներս ու իր տիկինը՝ Էլմիրան էլ կմիանա մեր զրույցին․ Ռոմիկն իր այգին է ցույց տալիս ինձ։ Նա ծառից քաղում է հասած, արեւագույն դեղձերը, հետո քայլելով գնում ենք դեպի տուն, որին կապող նեղ ու կարճ արահետի երկու կողմերում հետաքրքիր դրվագները քիչ չեն․ ամեն տեսակի ծառեր՝ նռենուց մինչեւ ձիթենի, մեծ տարայով տարատեսակ մրգեր, որ օղի դառնալու ճանապարհին են, վառարան, որտեղ հաց են թխում օրը մեջ։ Ընդ որում, ինչպես ասում է Ռոմիկը, գյուղում ով ուզում է՝ հանգիստ գալիս, իրենց տանը հաց է թխում։ Միայն ափսոս, որ իմ այստեղ գալուց քիչ առաջ այդ արարողությունն արդեն ավարտել են․ երբ Ռոմիկը վառարանի դուռը բացում է, տաք մետաղի ջերմությունը երեսիս է խփում։ Ի դեպ, Ռոմիկը գյուղի խոհարարն է․ ուրախության կամ տխրության արարողությունների ժամանակ հիմնական ուտեստներն ինքն է սարքում։ «Էլմիրա՜»,- դռան մոտից ձայն է տալիս տիկնոջը ու մինչ արձագանք կստանա, ինձ պատմում է, որ դռան կողքին դրված ծաղիկները կինն է խնամում․ «Շատ ա սիրում։ Հլը էս ի՜նչ ա, կեսն էլ չորացավ, թե ջրից, թե ինչից»,- ասում է Ռոմիկը ու նորից կանչում՝ «Էլմիրա՜, բաբուլյա՜», հետո դիմում թոռներին, որ տատին կանչեն։  Բաց դռան վերին փեղկից կախված վարագույրը մի կողմ է տանում տիկին Էլմիրան․ «Աստծու բարին, աղջիկ ջան»,- ողջույնիս միանգամից պատասխանում է նա ու ասում՝ «արի տեսնենք՝ մեր քովն ի՞նչ կա»։ Էլմիրան էլ է Վրաստանից այստեղ տեղափոխվել․ «Ես անձամբ Վրաստան եմ ամուսնացել, բայց վերադարձել ենք ստեղ, աշխատում, ապրում ենք։ Տուն ու տեղ ենք դրել, ընտանիք ենք ստեղծել, չորս երեխա ունինք, ութ թոռնիկ, սպասում ենք իններորդի ծնվելուն։ Թոռներիցս յոթը տղա են։ Էդպես, աղջիկ ջան, աշխատեցինք, ստեղծեցինք, մի օր՝ վատ, մի օր՝ լավ, մի օր մարդ ու կնիկ յոլա գնացինք, մի օր կռվեցինք»,- ասում է տիկին Էլմիրան, ամուսինն էլ շարունակում՝ առանց վեճի ընտանիք չկա։ Բայց երկուսով էլ հաստատում են՝ ոչ մի օր մտքներով չի անցել լքել Հայաստանը․ «Ամենակարեւորը՝ խաղաղություն լինի աշխարհում, մնացած ամեն ինչն էլ մարդու համար է»,- ասում է Էլմիրան, որի որդիները ծառայել են հայկական բանակում։  Տիկին Էլմիրան՝ թոռան հետ Տիկին Էլմիրան գյուղի խնդիրներից ու առավելություններից շատ օբյեկտիվ է խոսում։ Ասում է՝ գյուղի դպրոցը հիմնական է, աշակերտներն իններորդից հետո գնում են հարեւան Պտղավան գյուղի դպրոց, բայց գյուղապետարանը տրանսպորտ է հատկացրել, գնալ-գալը հեշտացել է։ Ասում են՝ այստեղ՝ Դեղձավանում, բնակիչներն իրար թիկունքի կանգնած են, ուրախության առիթ լինի, թե տխրության։ Հիշում են՝ Ռոմիկի երկու եղբայրներն անցած տարի մահացան, իրենց ընտանիքը ոչ մի հարցով չզբաղվեց այդ տխրության ծանր օրերին․ «Բառիս բուն իմաստով ոչ մի բանի չենք խառնվել, մենք մենակ առեւտուր ենք արել, մեր հարեւաններն են մնացած հարցերը լուծել, ժողովրդին ընդունել, ճամփու դրել»։  Բացի մշակույթի տան բացակայությունից՝ դեղձավանցիներին մտահոգում է մանկապարտեզ չունենալու հարցը․ «Ես, օրինակ, թոռներ չունեմ մոտս, բայց կուզենայի՝ մանկապարտեզ լիներ, որ հարեւանի երեխեքը զբաղվելու, խաղալու տեղ ունենային»,- ասում է տիկին Էլմիրան, - «արեւի տակ, էս շոգին, կրակին մնում են դրսերը երեխեքը։ Երիտասարդներն էլ զբաղվելու բան չունեն, մի ժամանցի տեղ չկա»։ Խաղահրապարակ էլ չկա, ֆուտբոլի դաշտն էլ մի սովորական փոքրիկ դաշտ է, լրիվ սարքած չէ, անասուններին էլ ֆուտբոլրի դաշտից են հանդ տանում, ուրիշ տեղ չկա։ Իսկ ահա ճանապարհները, ասում է, բարեկարգ են, շատ լավ սարքած։ Տրանսպորտ էլ կա, երկուշաբթիից ուրբաթ 200 դրամով աշխատում է, մեքենան շրջում է Նոյեմբերյանի բնակավայրերով։ Կոմունալ խնդիրները մեծ մասամբ լուծված են, միայն թե կան որոշ թաղամասեր, որտեղ կոյուղագիծ չկա, ինչպես շատ այլ գյուղերում։ Տարիներ շարունակ դեղձավանցիները խմելու ջուրը գնել են տարաներով, հիմա այդ հարցը եւս լուծվել է։ Ռոմիկն էլ հավելում է՝ ոռոգման ջուր էլ կա, բայց խողովակներն են հին։  Մեր զրույցի ընթացքում Ռոմիկը գնում է «կովերը բաց թողնելու»։ Կովերն արոտում են, բայց այնտեղ անասուններին ջուր տալու հարմարություն չկա, դրա համար Ռոմիկն օրը երկու անգամ կովերին բերում է ջուր խմելու, նորից ուղարկում արոտ։ Ես նրա հետ դուրս եմ գալիս, գնում գյուղապետարան։ Դեղձավանի վարչական ղեկավարը՝ Յուրիկ Հովհաննեսյանը, հեռու չի ապրում աշխատավայրից։ Մինչ նա կգա, գյուղապետարանի զրուցարանում նստում եմ այնտեղ հավաքված երեխաների մոտ։ Սուրենը, Ռաֆայելը, Ժորան, երեքն էլ ֆուտբոլ խաղալ շատ են սիրում։ Ռաֆայելն ու Ժորան Սուրենն ու Ժորան ուզում են ֆուտբոլիստ դառնալ, Ռաֆայելը՝ ոստիկան։ Վստահեցնում են՝ դպրոցում լավ են սովորում, Սուրենն ասում է՝ շախմատի դասերին միշտ իրենց են կանչում գրատախտակի մոտ։ Մինչեւ հովը կընկնի ու ֆուտբոլի հավեսը կբացվի, նրանք բլոտ են խաղում։ Ես բլոտ խաղալ չգիտեմ, կուզեի՝ շախմատի տախտակ լիներ սեղանին, մի երկու քայլ էլ ես անեի, բայց այս անգամ նրանց թուղթ ու գրիչ եմ տալիս, որ իրենց խաղի հաշվարկն օդի մեջ չանեն։  Ֆուտբոլի դաշտը Վարչական ղեկավարը գալիս է, նա, ի դեպ, Ռաֆայելի հայրն է։ Զրույցի սկզբում Հովհաննեսյանն ասում է՝ Դեղձավանն աշխարհի կենտրոնն է։ Այդպես է այստեղ ապրող ամեն մեկի համար, ինչպես մյուս գյուղերում՝ տեղացիների։ Դեղձավանը հիմնվել է 1973-ին։ Վարչական ղեկավարն ասում է՝ կզարմանաք, բայց այստեղից արտագաղթողներ չկան։ Կարող է՝ մի քանիսը մեկնեն արտագնա աշխատանքի, բայց գյուղն, ամեն դեպքում, չեն լքում։  Հովհաննեսյանը կոյուղու խնդրի մասին, իհարկե, տեղյակ է, բայց դրա լուծումը մեծ փողերի հետ է կապված, բացի դրանից՝ տեղանքի ռելիեֆը տարբեր է, ճանապարհներն էլ ասֆալտապատված են, նախքան աշխատանքներ սկսելն ուսումնասիրություն պիտի անեն, հետո ասֆալտը քանդեն։ Համայնքապետարանում էլ են տեղյակ այս հարցից, բայց կարծես այս պահին միայն հուսալն է մնում, որ հարցը մի օր լուծում կստանա։  Մշակույթի տուն ժամանակին եղել է գյուղում, հետո զորամաս է դարձել, հետո, երբ գյուղից դուրս զորամաս է կառուցվել, այդ շենքը դարձել է «հացատուն», հիմա՝ տարբեր առիթների, հանդիսությունների սրահ։ Իսկ մանկապարտեզի նախագծա-նախահաշվային պլաններն արդեն արված են, մնում է Ճապոնիայի դեսպանատունը հաստատի ծրագիրը, ու կսկսեն կառուցման աշխատանքները, եթե ոչ այս տարի, ապա եկող։ Յուրիկ Հովհաննեսյանը Դեղձավանն, ինչպես ասացի, փոքր գյուղ է։ Այստեղ տնտեսությունների թիվը հարյուրի էլ չի հասնում, բնակիչներն էլ մոտ երեք հարյուրն են։ Հովհաննեսյանը շեշտում է՝ գյուղում դատարկ բնակարան չկա։ Ինքն էլ փորձում է առկա խնդիրները լուծել՝ մարդկանց կյանքը ավելի հեշտ դարձնելու համար։ Ապագայում մտադրված են խաղահրապարակ էլ կառուցել։ Գյուղում նաեւ նախակրթարան է գործում, որտեղ վեց երեխա է հաճախում, իսկ դպրոցում հիսունին մոտ աշակերտ կա։ Մի քանի առարկաների ուսուցիչներ կողքի գյուղերից են գալիս դասավանդելու, օրինակ՝ ռուսերեն, աշխարհագրություն, ֆիզկուլտուրա։ Իսկ մեծերի զբաղմունքն էլ հիմնականում այգեգործությունն է, անասունները քիչ են, խոշոր եղջերավորները՝ ընդամենը 118-ը։  Քանի որ արդեն կովերին նորից արոտ են ուղարկել, սպասում են՝ հետ բերելուն, դուրս եմ գալիս գյուղամեջ՝ կարծելով՝ հաստատ մարդ-մուրդ կլինի։ Պատի տակ նստած են չորս գյուղացիներ, նրանցից մեկը Ռոմիկն է։ Կողքին Հրաչը, Սիամանթոն ու Վասիլին են։ Հարցուփորձ եմ անում, ասում են՝ «գրի, որ էս գյուղից ավելի լավ տեղ չկա, ամեն ինչ ունենք՝ դպրոցը կա, խանութները կան, վարսավիրանոց կա, փողոցային լուսավորություն ունենք, ի՞նչ ա պետք մարդուն, ամեն ինչ կա, մենակ մանկապարտեզի հարցն ա, երանի Հայաստանի բոլոր գյուղերն այ սենց լինեին»։ Ռոմիկը, Հրաչը, Սիամանթոն ու Վասիլին Լսել եմ, որ Դեղձավանում մի երիտասարդ կին կոմպոտների բիզնեսով է զբաղվում։ Առանց հարց ու փորձի եմ ուզում գտնել նրա տունը։ Մի քիչ քայլում եմ, ու Ռոմիկի տնից քիչ հեռու տեսնում մի տուն, որի տանիքին արեւային պանելներ կան։ Մտքովս անցնում է, որ ճիշտ եմ եկել։ «Էս Արուսանց տունն ա՞»,- հարցնում եմ բակում կանգնած աղջնակին։ Ասում է հա ու կանչում՝ «մա՜մ, քեզ են հարցնում»։ Արուսին պատմում եմ իմ մասին, մեր «մարzoom» նախագծի մասին, ու միասին գնում ենք նրանց փոքրիկ արտադրամաս։ Արուսը 2019 թվականին Արուս Ղազարյանը որոշում է բիզնես սկսել, ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ հենց այդ տարի էլ սկսում է։ Սկզբում վերանորոգում է հին ավտոտնակը, որն այժմ իրենց արտադրամասն է։ «Ի սկզբանե բիզնես ծրագիրը գրելիս նախատեսել էի օշարականեր պատրաստել, բայց հետո հասկացա, որ մաքուր օշարակաները կամ պիտի շատ թանկ վաճառեմ, կամ չեմ կարող այդքան հաճախորդ ունենալ թանկով, մարդիկ ավելի էժան օշարակներից են օգտվում»,- պատմում է Արուսն ու շարունակում,- «չընկճվեցի, ու արդեն 2020 թվին անմիջապես միտք եկավ, որ ես պետք ա կոմպոտ անեմ, համ գյուղին օգտակար կլինեմ, համ իմ բիզնեսը կանեմ։ Ես միշտ ասում եմ՝ մրգի առումով էս գյուղն աշխարհի կենտրոնն ա, որովհետեւ ամենահամով ու ամենահյութալի մրգերը մեզ մոտ են լինում»։  Այսպես, Արուսը հիմնում է «Հայք ֆուդ» ընկերությունը ու հիմա զբաղվում է կոմպոտների, մուրաբաների, պահածոների արտադրությաբ։ 2020թ․ համավարակի, պատերազմի ծանր շրջանում Արուսի բիզնեսը շարունակել է աշխատել։ Նա պատմում է, որ զինվորներին պատերազմի օրերին միշտ կոմպոտ ու մուրաբա են ուղարկել․ «Ամուսինս տանում, գյուղապետի հետ բաժանում էին կոմպոտները։ Որ ամեն շաբաթ Յուրան (գյուղապետը) պիտի տաներ պոստ, զանգում էր ինձ, ասում էի՝ ինչքան կոմպոտ ա պետք, ինքն ասում էր՝ էսքան շիշ, խնդիր չկա, դնում, ուղարկում էինք»։  Այդ տարվա ամբողջ արտադրանքն էլ վաճառել են միջնորդին, հաջողությամբ շարունակել աշխատել, սկսել է նոր սարքավորումներ ձեռք բերել։ Արուսը շատ ոգեւորված է իր աշխատանքով, դժվարություններից էլ չի վախենում․ «Էն մի փոքրիկ գումարն էլ, որ մեր տուն ա մտնում, արդեն տեղավորված ա, որովհետեւ ուզում ենք նենց բան ստեղծենք, որ համ արտադրական տարածքն իր հիգիենիկ վիճակով ոչ մի պրոբլեմ չունենա, համ մեր ապրանքը գրագետ տեսք ունենա, հաճախորդը գա, մտնի մեր արտադրամաս, ինքը դրանից լավ զգա»,- կոմպոտների շշերը դասավորելով՝ ասում է Արուսը։ Հետո ինձ հարցնում՝ ես որի՞ց եմ սիրում, ես էլ, դե, ինչ մեղքս թաքցնեմ, բալի կոմպոտ շատ եմ սիրում։ Եւ դուք միայն փորձեք, թե ինչ համով է Արուսի սարքած բալի կոմպոտը։ Արուսի արտադրամասում սարքավորումները նոր են, մեկը՝ պահածոների շշերն է փակում, մեկը եփում է, մեկը պիտակ է փակցնում։ Բայց պատրաստվում են ինքնակպչուն պիտակներ էլ ձեռք բերել, այդպես կհեշտանա աշխատանքը։ Դրան օգնում են նաեւ արեւային պանելները։ Արուսն ասում է՝ հենց մեծացնի արտադրամասը, պանելներն էլ կավելացնի։ Իսկ այս գյուղում արեւն այնքան մոտ է թվում, որ հյուրընկալս հաստատ էներգիայի պակաս չի ունենա։ Զրուցակցիս արտադրամասում գյուղի չորս-հինգ կանայք էլ են աշխատում․ «Ես իրենց ինձանից չեմ տարբերում, աշխատում ենք բոլորով, ես իրենցից մեկն եմ»,- վստահեցնում է Արուսը ու ասում։  Ի դեպ, Արուսի արտադրանքը կարելի է ձեռք բերել նաեւ օնլայն հավելվածներով, ինչպիսին է, օրինակ, «Կորիզը»։ Դեղձավանում, ինչպես ասացի, նաեւ ձիթապտուղ է աճում։ Արուսն էլ առիթը բաց չի թողել եւ փորձել է նաեւ ձիթապտուղ փակել։ Ասում է՝ շատ հավանել են, հիմա էլ, երբ ձիթենին պտուղներ տա, նորից կպահածոյացնի։ Անցած անգամ ողջ արտադրանքը վաճառել է։  Արուսենց բակը, որտեղ ապագայում մեծ արտադրամասը կլինի Բայց այս բիզնեսում նաեւ դժվարություններն են շատ, գնորդները տարբեր մարդիկ են՝ տարբեր բարեխղճության, հետո պետք է շատ հաշվարկել, շատ աշխատել, գնած ապրանքը կարողանալ իրացնել։ Արուսին իր աշխատանքում ողջ ընտանիքն է աջակցում։ Ասում է՝ գյուղացիներն էլ ամեն տեղ իր արտադրանքը գովազդում են, գովում։ Զրուցակիցս նույն խանդավառությամբ պատրաստվում է տան բակում ավելի բարեկարգ արտադրամաս հիմնել, ավելի լավ պայմաններով, ընտիր սարքերով, մի խոսքով՝ իր ներուժն է դնում լավագույն որակ ստանալու համար։ Արուսն ինձ ճանապարհելիս հետս կոմպոտ է դնում։ Ես որոշում եմ Նոյեմբերյան հասնել ավտոստոպով, ու ինձ տեղ հասցրած վարորդին պատմում եմ այս գյուղի, այնտեղ ապրող ջերմ մարդկանց, Արուսի ու իր բիզնեսի մասին, կոմպոտն էլ նվիրում նրան, որ անունը հանկարծ չմոռանա։ Հայարփի Բաղդասարյան
13:47 - 19 հուլիսի, 2022
Բերդավան․ սահմանը հսկող հավերժական ամրոցի ու անսահման բարեսիրտ մարդկանց գյուղը [մարzoom]

Բերդավան․ սահմանը հսկող հավերժական ամրոցի ու անսահման բարեսիրտ մարդկանց գյուղը [մարzoom]

Հուլիսյան ալարկոտ մի կիրակի շարժվում եմ դեպի Բերդավան (հին անունը Ղալաչա, տեղացիների խոսքով՝ Ղլաչա)։ Այստեղ կյանքը կարծես ենթարկվում է արեւին․ մարդիկ առավոտյան մտնում են այգիներ, կեսօրին, երբ արեւը զենիթում է, թաքնվում տներում, ու այդ ժամերին միայն բերդն է դիմանում շոգին՝ միշտ կանգուն, միշտ ձիգ։ Իսկ երեկոյան մարդիկ հերթով դուրս են գալիս տներից, նստում հովին, նայում անցող-դարձողին, զրուցում կամ լռում իրար հետ։  Դեպի Ղալինջաքար ամրոց տանող ճամփան Բերդավանում շրջելը սկսում եմ հենց Ղալինջաքար ամրոցից՝ որպես ծիսակարգ, որպես այստեղ այցերի անդավաճան արարողություն։ Սահմանին շատ մոտ այս ամրոցի գլխին հայկական դրոշն է ծածանվում։ Որոշ հիշատակումներում Ղալինջաքար ամրոցը թվագրվում է 12-րդ դարին, բայց որոշ աղբյուրներ էլ նշում են 17-րդ դար։ Մինչեւ կիջնեմ գյուղ ու կպատմեմ բերդավանցիների մասին, գրեմ, որ բերդի տարածքում պահպանվել են տարբեր գերեզմանաքարեր ու խաչքարեր, որոնց թվում թեեւրը բաց կանգնած է նաեւ մի խաչքար։ Որքանով հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու՝ թեւավոր քարակերտ խաչքարերը հիմնականում տարածում են ունեցել 5-7-րդ դարերում, դրանցից քչերն են պահպանվել։ Թեւավոր խաչքար Ուրեմն, ժամանակին հին գյուղատեղին ամրոցին ավելի մոտ է եղել, բայց հետո մարդիկ իրենց տները տեղափոխել են քիչ հեռու, այնտեղ, որտեղ գյուղը հիմա է՝ ավելի հարմար դիրքով ու պայմաններով։ Գյուղը շատ մոտ է հայ-ադրբեջանական սահմանին, շատ հողեր հակառակորդի ուղիղ դիտակետում են, եւ արոտներ, եւ այգիներ։ Բերդավանում հիմա 730 փաստացի տնտեսություն կա, մոտ 3000 բնակիչ։ Բերդավանի գյուղապետարանի աշխատակից Անահիտ Աբրահամյանն ինձ մի քանի տվյալներ էլ է հայտնում, օրինակ՝ 1100 խոշոր եղջերավոր անասուն են պահում գյուղացիները, 700 գլուխ էլ՝ մանր։ Բերդավանում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, պտղատու այգիներ մշակում։ Բերդավանը Գյուղամիջի տներից մեկում աշխատանքային ակտիվ շարժ է։ Գյուղի դպրոցի մաթեմատիկայի նախկին ուսուցչուհու՝ տիկին Օֆելյայենց տունն է։ Նրանց այգիների մի մասն էլ է դիտարկվում, այնտեղից բերք հավաքելը ռիսկային է։ 77-ամյա Օֆելյա Գիշյանն ինձ պատմում է, որ մի օր որդին տուն է եկել ոտքից գլուխ ցեխ․ խաղողը պառկած էին քաղել․ «Ասի՝ բրախեցեք․․․ Դե՜, ժամանակին զոհեր էլ են եղել»,- ասում է տիկին Օֆելյան՝ հիշելով անցած տարիները, երբ նույնիսկ այգիներում հակառակորդի կրակոցներից զոհեր էին լինում։  Տիկին Օֆելյան Տիկին Օֆելյայից հետաքրքրվում եմ՝ լա՞վ գյուղ է, արժե՞ գալ այստեղ ապրել։ Նա, իհարկե, չգովել չի կարող, բայց զգացվում է, որ ամեն բառն անկեղծ է՝ ձեռքով կրծքավանդակից բառեր է հանում․ «Ազնիվ մարդիկ են էստեղ, աշխատասեր։ Դե, գյուղ չի լինում, որ, ասում ա, շուն չունենա, բայց լավ մարդիկ են, մշակութային մարդիկ են»,- ասում է հյուրընկալս՝ շեշտելով, որ ցանկացած բերդավանցու նպատակն իր երեխային որակյալ կրթության հնարավորություն տալն է․ «Կրթությունն էս ժողովրդի համար առաջնային ա։ Տհենց երեխա չկա, որ փող տա ավարտելու համա»։  Գալ հասնել Բերդավան եւ տեղացիներին Կողբի հետ իրենց բարդ հարաբերություններից չհարցնել չեմ կարող։ Տիկին Օֆելյան ծիծաղում է ու հիշում, որ երբ ուսանող էին, գնում-գալիս էին քաղաք, այնտեղ թե մեկին նեղող լիներ, մյուսն անպայման թեւութիկունք էր լինում, կողբացին՝ բերդավանցուն, բերդավանցին՝ կողբացուն։ Բայց թե հարցն այս երկուսի մեջ է, իրար օգնել չկա․ «Տհենց բան չկար, որ չվիճեին, դա հնարավոր չի, որ Բերդավանն ու Կողբը իրար հետ չվիճեն, տհենց ա։ Թե դա որդեղից ա եկել, չգիտեմ, ես երեխա եմ եղել, էդ եղել ա, հմի էլ կա ու կա»։ Իսկ տիկին Օֆելյայի հարսը՝ Արեւը, հավելում է, որ համ էլ լավ բարեկամություն են անում, հենց այսօր էլ Բերդավանից Կողբ հարս են ճամփել։  Տիկին Օֆելյան մի պահ հայացքը ծաղիկներին է գցում ու մտքերով ընկնում” թոռանը բանակ են ճանապարհել, ինքը շատ է կարոտում, անհամբեր զանգին է սպասում։ Հյուրընկալներիս համբերությունը չեմ չարաշահում ու նրանց հրաժեշտ եմ տալիս՝ այլ որոնումներով գնալու մտքով։ Մի խանութ եմ մտնում՝ ջուր առնելու, որովհետեւ ծորակի ջրերն այս շոգին տաք են լինում։ Աշխատող տիկնոջն ասում եմ՝ «որտեղի՞ց ա գալիս էս կողմի ջուրը, մի տեսակ ուրիշ համ ունի, Ստեփանավանից ա՞»։ Կինն ասում է, թե Ստեփանավանի ջուրը պիտի որ լավ էլ համով լինի, ու հոնքերը մի տեսակ կիտելով՝ հավելում, թե՝ «էդ վատ համով ջուրն աչքիս Կողբից ա գալիս»։ Ծիծաղս զսպել չեմ կարող, նա էլ ինձ հետ է ծիծաղում։  Բերդավանցի պապիկները Գյուղամիջի զրուցարանում հավաքված պապիկների հետ մի քիչ զրուցելուց հետո էլ գնում եմ այն ճանապարհով, որի վերջում բացվում է փարթամ անտառով ծածկված Գոնչուտը։ Գոնչուտը 93-ամյա Սոնյա տատի «կուշտն եմ եկել»։ Նրա այգում խնամված, արդեն ճութ տված խաղողն է հով անում, տատն էլ բակում կատուներին կեր է տալիս, զբոսնում, ներս գնում։ Սոնյա տատը կարդալ շատ է սիրում։ Նրա սենյակում պատուհանագոգին տարբեր գրքեր են դրված ու օրացույց, որի էջերն ամեն օր պոկում է տատը։ Գիրքը, որ հիմա կարդում է Սոնյան Նա մտահոգվում է, որ այս տարվա օրացույցում սխալ կա։ Սոնյա տատը ցույց է տալիս, որ էջերի վրա գրված է «ցերեկվա տեւողությունը»․ «Արդյո՞ք ճիշտ ա օրվա տեւողությունը, օրը 24 ժամ ա, չէ՞, իսկ ստեղ օրվայա գրված, բայց ցերեկվա մասին ա»,- ասում է նա։  Տատը հիշում է՝ եկող շաբաթ Բերդավանում վարդավառ են նշում՝ Ջանգյուլում։ Պատմում է՝ ոնց էին ժամանակին խաղում, ասում է՝ հարս են ընտրում, ու հարսը մինչեւ եկող առավոտ պետք է չխոսի, եթե խոսեց, «գյուլումը» վատ է գնում։ Հարցնում եմ՝ դու խաղացել ե՞ս ջահել վախտդ, երազկոտ, երկարացնելով ասում է՝ «շա՜տ-շա՜տ-շա՜տ-շա՜տ», բայց հարս չի եղել՝ «անխոս կարեցել չեմ կենամ»։ Հետո տատը հնձանն է ցույց տալիս, որտեղ խաղողից գինի են ստանում։ Այս հնձանը նաեւ ապաստարան է ծառայում․ կրակոցների ժամանակ այդտեղ են պատսպարվում։ Սոնյա տատը Սոնյայի հետ զբոսնում ենք, խոսքի մեջ ասում է, որ իրեն մի հարց է շատ հետաքրքրում․ ո՞նց է, որ ռուսները շաբաթը понедельник-ից են հաշվում, իսկ մենք՝ երկուշաբթիից։ Ասում եմ՝ դե նույնը չի՞, понедельник-երկուշաբթի․ «Ո՞նց ա երկուշաբթի, էդ вторник-ն ա»։ Տատին խոստանում եմ, որ հենց իմանամ հարցի պատասխանը, իրեն էլ կասեմ։  Իմ զբոսանքի ընթացքում մի տուն տանող արանքում տեսնում եմ խոտի տուկերի մոտ նստած տղամարդկանց։ Նրանք Չարդախլուից՝ Զորական գյուղից են եկել, խոտ են բերել այստեղ, սպասում են՝ տան տերը գա։ Մի քիչ զրուցում ենք դեսից-դենից, գյուղից, կյանքից, ու նրանք թողնում եմ հանգիստ՝ հովն ու պաղպաղակը վայելեն։ Իսկ Չարդախլուից մեր պատմությունը կարող եք կարդալ այստեղ։ Զորականցի Մաքսը, Հովհաննեսը, գլխահակ նստած Անդրանիկը՝ Սպիտակից, եւ զորականցի Ալբերտը Քիչ հեռու տներից մեկի բացում խաղ անող երեխաների ձայներ են լսվում։ Դարպասի մոտից աղջնակը տեսնում է ինձ ու ներս կանչում։ Տասնամյա Մանեն է, մայրիկին էլ ձայն է տալիս, ինձ տուն են հրավիրում։ Մի բաժակ սուրճի շուրջ շատ խոսակցություններ են լինում ամենատարբեր թեմաներից։ Բայց ինձ անչափ գրավում է երեխաների հավես չարաճճիությունը։ Մանեն Մանեին հարցնում եմ՝ ի՞նչ երազանքներ ունի, ասում է՝ քույր կամ եղբայր է ուզում ու առողջանալ։ Աղջնակը հոդերի խնդիրներ ունի, շատ ցավեր է հաղթահարել, հիմա ավելի լավ է ու խոստանում է՝ արագ կլավանա մինչեւ վերջ։ Նա ուզում է մատնահարդար դառնալ, իր եղունգներն էլ հենց ինքն է ներկել։ Համ էլ լավ նկարում է ու ոգեւորված ինձ ցույց է տալիս իր նկարները։ Իսկ իր զարմիկը՝ յոթամյա Արմենը, որ ցնցող դիմախաղ ունի, ուզում է օդաչու դառնալ։ Ո՞նց է այդ միտքը ծագել, հարցնում եմ, պատասխանում է, որ իր փոքրիկ եղբայրը՝ արդեն մեկ տարեկան Լեոն, ատամհատիկին քաշել է օդաչու գրությամբ թղթիկը, ինքն էլ որոշել է՝ երկուսով կթռչեն։ Տղաներն ընտանիքի հետ Ռուսաստանում են ապրում, ամռան ամիսներին գալիս են գյուղ։  Լեոն եւ Արմենը Մանեն սիրում է իր գյուղը, ինքը գնալ չի ուզում։ Նրա մայրը՝ Սաթինեն էլ, ասում է Բերդավանն իրեն շատ հոգեհարազատ է։ Ամուսինն էլ զինծառայող է, նաեւ այդ հանգամանքի բերումով իրենց մտքով անգամ չի անցնում գյուղից հեռանալը։ Աշխատում են, ապրում, ապագայի պլաններ ունեն, վերանորոգել տունը, շենացնել, մի խոսքով՝ սիրելով ապրելով։ Բերդավանից գնալիս մեկ էլ մսագործ Արայիկի խանութ եմ գնում։ Նա քչախոս մարդ է, լուռ իր գործն է անում։ Առեւտրից չի բողոքում, ասում է՝ նորմալ է։ Մսի սառնարանի ապակու վրա թղթով կպցրած է՝ «նիսյա չկա»։ Հարցնում եմ՝ բայց չեք տալի՞ս «նիսյա»։ Ժպտում է, թե՝ «տալիս եմ, որ ուզում են, ո՞նց չտաս»։ Արայիկը՝ խանութում Մաքուր, կոկիկ խանութ է, առաջին հայացքից չես էլ հասկանա՝ միս են ծախում։ Միսն էլ մաքուր, կոկիկ շարված ամանների մեջ, իսկը՝ բուսակերների դժոխք ու մսակերների դրախտ՝ ինքս ինձ ասում եմ, երբ Արայիկը սուր դանակով կտրում է պատառը, ավելորդ, բայց երեւի թե համեղ մասերն էլ տալիս իր շանը՝ Գեցոյին։  Արայիկը Իսկ ինձ գյուղից դուրս է ուղեկցում թաղերով հեծանիվ քշող 11-ամյա Հենրին։ Ասում է՝ «ուղիղ գնա ասֆալտ, դուրս ես գալու Նոյեմբերյան գնացող  ճամփա»։ Մինչ ես կհասնեմ «ասֆալտին»՝ գլխավոր ճանապարհին, Հենրիին հարցուփորձ եմ անում։ Նա արդեն վեցերորդ դասարան է փոխադրվել, ամենից շատ ֆիզկուլտուրան է սիրում եւ ուզում է զինվորական ու փրկարար դառնալ։ Ինչո՞ւ, հարցնում եմ․ «Որ մեր հայրենիքը պաշտպանեմ»,- ասում է Հենրին, որ ամռան արեւից մգացած համաչափ դեմք ու լուրջ աչքեր ունի։ Հենրին Հենրին երեւի այնքան է սիրում իր գյուղը, որ հենց ինձ հասցնում է «ասֆալտի» պռնկին, անմիջապես հետ է դառնում․ «Դե հաջող»,- հեռվից ձայնում է,- «զգույշ կլնես»։ Հաջող եմ անում Հենրիին, բայց մտքով, որ հուլիսի 23-24-ին էլի այստեղ եմ լինելու, որովհետեւ Բերդավանն այդ օրերին մեծ փառատոն է անցկացնելու, Սոնյա տատի հիշատակած «ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄ»-ը։ Փառատոնին, ուրեմն, հագեցած հանգիստ է կազմակերպվելու բնության գրկում՝ վրանային գիշերակացով, լինելու է առողջ նախաճաշի, անուշեղենների ու տոնական խորովածի հյուրասիրություն, իսկ ժամանցային-խաղային հագեցած ծրագրերը՝ անպակաս։ Ինձ ամենից շատ դուր է գալիս այն գաղափարը, որ տեղի է ունենալու նաեւ քայլարշավ՝ դեպի անտառի խորքում կառուցված միջնադարյան եկեղեցի՝ Մշկավանք, հետո արդեն մեծ խարույկ՝ կիթառային երգերի ուղեկցությամբ ու, իհարկե, Վարդավառյան ջրոցի եւ ավանդական Ջանգյուլում խաղ։ Տեղացիներն ինձ պատմում են, որ նաեւ ձիարշավ է լինելու, իսկ փառատոնին ներկա է լինելու «Սասնա ծռեր» ազգագրական համույթը։ Մնում է միայն գրանցվել մասնակցելու համար՝ անցնելով այս հղմամբ։ Փառատոնից գոյացած գումարով Բերդավանի միջնակարգ դպրոցի միջանցքներն են վերանորոգվում, իսկ այդ աշխատանքներն արդեն իսկ սկսված են։ Հայարփի Բաղդասարյան
22:25 - 18 հուլիսի, 2022
Տավուշի մարզում Համբարձում Մաթևոսյանը հետևել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Տավուշի մարզում Համբարձում Մաթևոսյանը հետևել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 15-ին մարզային հերթական այցով Տավուշում էր։ Այցի նպատակը մի շարք համայնքներում սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով ու միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն էր։ Փոխվարչապետին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, համայնքապետներ, այլք: Դիլիջան համայնքում Համբարձում Մաթևոսյանի առաջին կանգառը եղել է ոլորանների ճանապարհահատվածում, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքները: Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 14-ին, Կառավարության նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 5կմ հատվածը՝ Դիլիջանի ոլորանները, հիմնանորոգելու համար: Աշխատանքների ընթացքին հետևելուց և մի շարք ուղղություններով հանձնարարական տալուց հետո փոխվարչապետը Դիլիջանում ծանոթացել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող 11 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման և արդիականացման՝ տանիքների բարեկարգման, շքամուտքերի վերանորոգման և շենքերի բոլոր արտաքին մակերևույթների ջերմամեկուսացման աշխատանքներին: Այս աշխատանքները կավարտվեն 2022 թ. հոկտեմբերին: Այնուհետև Համբարձում Մաթևոսյանը եղել է Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեից մինչև Մյասնիկյան 117/4 ընկած ճանապարհահատվածում, որտեղ պետական բյուջեի և համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկելու են 2,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Դիլիջանում փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Խոշորացված համայնքներում համավարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար կառուցվող տաղավարների շինհրապարակ, ծանոթացել այս տարի մեկնարկած աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետն այցելել են նաև Իջևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ: Մարզային այցի հաջորդ կանգառը Բերդ համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ադամյան և Նժդեհի փողոցներում ճանապարհների հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքներ էին իրականացվում։ Մասնավորապես, կառուցվելու է 275 խմ հենապատ, Նժդեհի փողոցում իրականացվելու են 1400 մ ճանապարհի սալիկապատման աշխատանքներ՝ տուֆով և գրանիտե սալիկներով, իսկ Ադամյան փողոցում՝ 340 մ ճանապարհի սալիկապատում՝ գրանիտե սալիկներով: Ընդհանուր կատարվելու են 8000 քմ սալիկապատման աշխատանքներ տուֆով և 2450 քմ՝ գրանիտե սալիկներով: Բերդ համայնքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ մասնակցել է միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը, որն իրականություն է դարձել Կառավարություն-Համաշխարհային բանկ փոխգործակցության արդյունքում։ Նշենք, որ Բերդի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 17 բնակավայրերի շուրջ 32 հազար բնակիչների:   Շրջայցի ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են կենտրոնում ներառված սոցիալական 4 ծառայությունները (սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը) և միասնական ընդունարանը: Հավելենք, որ ներկայում հանրապետությունում գործում է միասնական սոցիալական ծառայությունների տարածքային 33 կենտրոն, 12-ի շինվերանորգման աշխատանքներն ընթացքում են, իսկ 4-ի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները կազմման փուլում են: Բացման միջոցառումից հետո փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Իջևան համայնքի Գանձաքար բնակավայր, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, 2021 թվականին մեկնարկել են դպրոցի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է, որ երկու-երեքհարկանի 5 մասնաշենքեր ունեցող դպրոցը շահագործման կհանձնվի 2023 թ. հուլիսին։ Մարզային այցի վերջին կանգառը Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում էր, որտեղ ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ։ 3,5 մլրդ դրամ արժողությամբ 36,5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2023 թ. հունիսին:
12:24 - 16 հուլիսի, 2022
Կողբ․ «բոլորին ղեկավարող կադրերի» ու անտառի գյուղը [մարzoom]

Կողբ․ «բոլորին ղեկավարող կադրերի» ու անտառի գյուղը [մարzoom]

«Անտառնի՜ն»,- ամեն կողբացի այսպես ձգելով պատասխանում է այն հարցին, թե ինչն է ամենից լավը իրենց բնակավայրում։ Անտառներից հետո, իհարկե, թվարկումը երկար է ձգվում․ «Մեր հողը, ջուրը, մեր տեսարժան վայրերը, մեր մարդիկ․․․»,- ասում են ինձ պատահած անցորդները, որոնք, պարզվում է, մեկը մյուսից ինքնամփոփ են ու այնքան էլ նկարվել չեն սիրում։ Պատրաստ են օգնել ինչով կարող են, բայց հրապարակային խոսելն իրենց սրտով չէ։ Կողբ այցիս առաջին ժամերին մտածում եմ՝ դեռ կոթեցիներին են ասում բարդ հասարակություն, աչքիս՝ Կողբում չեն եղել։ Բայց, ինչպես այս կյանքում շատ այլ բաներ, այնպես էլ տարածաշրջանում ապրողների բնավորությունները միանշանակ ու նույնատիպ չեն, մարդիկ տարբեր են՝ ինչքան էլ տարիներով իրար հետ ապրելով բնավորության նմանություններ ունենան։  Կողբը Նոյեմբերյանի ամենաակտիվ բնակավայրերից է։ Եւ թեեւ ես նախկինում այս գյուղում չեմ եղել, բայց ինչ-որ արտասովոր աշխուժություն եմ զգում գյուղամիջում, որին գյուղամեջ ասելն այնքան էլ չի ստացվում, այլ ավելի նման է փոքրիկ քաղաքային հրապարակի։ Բնակավայրի կենտրոնական փողոցում նստարանին նստած է Մարտուն պապը։ Հարցնում եմ՝ մի՞շտ է գյուղն այսքան ակտիվ շարժի մեջ, պապն ասում է՝ սա կապված է վաղվա միջոցառման հետ, վաղը Կողբում մեծ վարդավառ են նշում։ Բայց Կողբում վարդավառը, պարզվում է, միայն վաղը չեն նշում, մի անգամ էլ հուլիսի 24-ին են տոնելու, բայց արդեն ամեն մեկն իր ընտանիքի հետ, ոչ թե այսպես՝ ամբողջ գյուղով ու հյուրերով։ Մարտուն պապն ասում է՝ վաղը տարբեր միջոցառումներ են լինելու, համերգ, եւ այլն․ «Ի՞նչ թվարկեմ, քյանդրբազ էլ ա լինելու, քյանդրբազը գիտե՞ս որն ա»,- հարցնում է ինձ, ճշտում եմ՝ կարող է՞ լարախաղացն է, ու ճիշտ էլ գուշակում եմ։  Մարտուն պապին հարցնում եմ՝ Կողբը լա՞վ տեղ է, ապրելո՞ւ տեղ է, նա միանշանակ այո է պատասխանում․ «Բա իհարկե լավ տեղ ա, իրա ապրելաձեւով, դրվածքով, կողբացիք շատ խելացի մարդիկ են։ Ի՞նչ ա նշանակում Կ․Ո․Ղ․Բ․»,- հարցնում է ինձ, իսկ ես զարմանում եմ, որովհետեւ առաջին անգամ եմ լսում, որ Կողբ անունը հապավում է։ Պապը դասատուի հայացքով բացատրում է․ «Ուրեմն՝ կադրեր, որոնք ղեկավարում են բոլորին»։ 1941-45թթ․ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր Ծիծաղելով հաջողություն եմ մաղթում պապին ու գնում դեպի փողոցի մյուս ծայրը, որտեղ տաքսի ծառայություն է։ Տիկնայք, որոնք այստեղ աշխատում են, շատ համեստն են ու նրանցից եւս մի կադր պոկել չի հաջողվում, բայց զրույցներից որոշ հատվածներ գրի կառնեմ այստեղ։  Տիկնայք սիրում են իրենց գյուղը, դժգոհ չեն, միայն թե մտահոգություններ կան, որ ոչ բոլոր թաղամասերում կա ոռոգման ջուր, կոյուղու ցանց։ Ջրատարեր կան, որոնք կոյուղաջրերը դուրս են հանում ու լցնում Կողբաչայ կոչվող գետը, որը ամռան ամիսներին գրեթե ցամաքում է։ Միեւնույն ժամանակ, զրուցակիցներս չեն մոռանում շեշտել, որ կողբացիք խելացի, աշխատասեր մարդիկ են։ Ես, իհարկե, առիթը բաց չեմ թողնում հարցնել Կողբ-Բերդավան «հակամարտության» մասին։ Տիկնայք ծիծաղում են, ասում՝ դա արդեն լրիվ հումորի դաշտում է, ու երբ պետք լինի՝ կողբացին բերդավանցու կողքին կկանգնի, ու հակառակը։ Բայց այդ դեպքերը, ինչպես ես հասկացա, լրջագույն դեպքեր պիտի լինեն, ինչպես, օրինակ, եթե նոյեմբերյանցին փորձի նեղը գցել նրանցից որեւէ մեկին, մյուսն անպայման թիկունքին կկանգնի։ Համ էլ հիմա շատ-շատ բերդավանցիներ ու կողբացիներ են իրար խնամություն անում, ու թշնամանքի մասին խոսելն ուղղակի աբսուրդ կհնչի։ Ես էլ այս «կոնֆլիկտը չսրելու» համար իմ նյութերում ձեզ չեմ պատմի այն հումորները, որ իրար մասին հորինել են մեր հայրենակից հարեւանները։ Զանգ է գալիս տաքսի ծառայության հեռախոսին․ «- Տաքսի ծառայություն։ - ․․․։ - Հա։ - ․․․։ - Գալիս ա։ - ․․․։ - Սերվիսը։ - ․․․։ - Ո՞ւր տի գալ (ծիծաղում է), կարող ա՞ Լոնդոն։ - ․․․։ - Քեզ ո՞ւր ա պետք, Ղլաչե՞ն (Բերդավանը), թե՞ ձեր տուն։ - ․․․։ - Կացի լա տենամ ո՞վ գիդե Աղունանց տան տեղը։ Հա, Սաշիկն եկավ, նա կգիդենա»,- այսպես պատվիրատուի հետ խոսակցությունն ավարտում է ծառայության աշխատակիցն ու վարորդ Սաշիկին ուղարկում ճշտած ուղղությամբ պատվերը կատարելու։ Իսկ ես շարունակում եմ քայլել գյուղի փողոցներով, որոնցով անընդհատ մեքենաներ են գնում-գալիս։ Բայց պատահում են նաեւ երիտասարդներ, որոնք զբոսնում են։ Ինձ ընդառաջ են գալիս երկու ընկերուհիներ՝ Թամարան ու Աշան, որոնք տուն են գնում Կողբի մշակույթի տնից, որտեղ պատրաստվում էին վաղվա միջոցառումներին։ ։ Թամարան եւ Աշան Թամարա Գալստյանը 11-րդ դասարան է փոխադրվել։ Նա ուզում է լեզուների մասնագետ դառնալ, այս պահին ամենից շատ անգլերենն է սիրում, հետո պատրաստվում է եւս մեկ լեզու սովորել։ Իսկ Աշա Եղիազարյանը 12-րդ դասարանում է սովորում։ Սկզբում նա ուզել է լուսանկարիչ դառնալ, իսկ հիմա մտափոխվել է, ուզում է հագուստի մոդելավորող դառնալ։  Ճամփեզրին մի տղամարդ միրգ ու բանջարեղեն է վաճառում։ Վարուժն է, նա քչախոս մարդ է։ Ասում է առեւտուրը վատ չէ, միայն եթե «նիսյա» չլիներ, ավելի լավ կլիներ։ Սակավախոս զրուցակիցս կարճ ու կոնկրետ ասում է՝ Կողբը լավ տեղ է, մարդն իր գյուղը ո՞նց չի սիրի։ Վարուժը Իսկ նրանից քիչ հեռու խելոք նստած են իր թոռնիկները՝ ութամյա Մարին, որն ուզում է բժշկուհի դառնալ, որ իր մյուս պապիկին բուժի, եւ երկուամյա Լյուսին, որը նոր-նոր պատրաստվում է մանկապարտեզ գնալ։ Ինչ հարց տաս՝ ասում է «հա», պապն էլ կողքից կատակում է՝ ինչ ուզես իմանալ, երեխեքից կիմանաս։ Մարին եւ Լյուսին Բայց քանի որ երեխեքը հիմա դժվար թե գյուղի նիստ ու կացից շատ պատմեն, ես շարունակում եմ իմ զբոսանքը։ Գյուղամեջից մի քիչ այն կողմ եռուզեռ համարյա թե չկա։ Բակերում ոչ մեկը չի երեւում, ես էլ սկսում եմ նկարել շուրջս, ու մի մեքենա է գալիս-կանգնում իմ կողքի դարպասի մոտ։ Մի քանի վայրկյան ինչ-որ բան են խոսում վարորդն ու կողքին նստած կինը ու բացում դուռը։ «Բարեւ ձեզ»,- ասում եմ,- «չե՞մ խանգարի, եթե մի քիչ ժամանակ խլեմ ձեզնից»։ Միաձայն ասում են՝ «չէ, աղջիկ ջեն, ի՞նչ խանգարել, արի ներս գնանք»։ Ամուսիններ են՝ տիկին Օֆիկն ու պարոն Ալբերտը։ Արդեն 45 տարի է՝ միասին են։ Նրանց գործողությունները համաչափ են, սինխրոն։ Տիկին Օֆիկն ինձ առաջարկում է զբոսնել իրենց այգում, մինչեւ արագ վերջացնեն գործերը, գան զրուցենք։ Բայց ես մի ընթացք չեմ կտրվում նրանց շարժումներից, որ լրացնում են մեկը մյուսին։ Առանց իրար որեւէ բառ ասելու՝ մեկը մի գործ է անում, մյուսը՝ ուրիշ․ տոպրակով հացը բերում է կինը, ձմերուկները ձեռքերին՝ ամուսինը, լիմոնադը, մրգոտ մի ճյուղ։ Պարոն Ալբերտը Բերում դասավորում են, ու տիկին Օֆիկը ձայնում է պատշգամբից՝ տեսա՞ր՝ ինչ մրգեր ունենք։ Գլուխս բարձրացնում եմ, տեսնեմ՝ բանանի ծառ, մյուս կողմս՝ կիվի։ Ամուսինները երկար են մշակել այս այգին, տուն ու տեղ են դրել։ Նոր էլ իրենց մեղուների մոտից են գալիս․ 23-24 փեթակ ունեն։ Տիկին Օֆիկն իր սկեսրոջից է սովորել մեղու պահելը։ Նա ձմերուկ է կտրատում, գալիս նստում զրուցարանում․ «Կողբը շատ լավ տեղ ա, տեսարժան վայրերը՝ շատ, բնությունը՝ լավը, լիքը աղբյուրներով, ման գալու տեղեր։ Սրբասար ունինք՝ մի արտակարգ տեղ ա»,- հավեսով գովում է տիկին Օֆիկը։ Ասում է՝ աշխատանք լինի, ամեն ինչ էլ լավ կլինի․ «Ով աշխատում ա, նա գտնում ա, աշխատողը երբեք չի սովում»։ Այս ընթացքում պարոն Ալբերտը լիմոնադ է բերում։ Նա գալիս է խոսակցության այն պահին, երբ ես էլի Բերդավան-Կողբ թեման եմ բացել։ Տիկին Օֆիկը շեշտում է՝ Կողբում հարսին շատ են տեղ տալիս։ «Հա՞»,- զարմացած հարցնում եմ, ու պարոն Ալբերտը միանգամից դիմում է տիկնոջը, թե՝ «դու որ հմի չասես՝ հա, չի՞ տեսնում՝ ոնց ես դու նստած զրից անում, ես էլ սեղան եմ դնում»։ Ծիծաղում են ամուսինները ու ուրախանում նաեւ, որ ես լա՜վ տեղյակ եմ հարեւան բնակավայրերի կատակներից։  Բայց խոսում ենք նաեւ Կողբի խնդիրներից։ Կոյուղու ցանց չլինելու մասին եմ հարցնում։ Հյուրընկալներս ասում են՝ նման խնդիր կա, բայց որոշ թաղամասերում հարցը լուծված է։ Սա, իհարկե, դժվարացնում է կյանքը, բայց հույս ունեն՝ ամեն տեղ կլուծվի խնդիրը։ Ոռոգման ջրից նրանք դժգոհություն չունեն․ իրենց այգին ոռոգում են Բերթաղ սարի տակից եկող աղբյուրի ջրով․ այգում հոր ունեն, ջուրը այդ հորում է հավաքվում։ Սառնորակ ու համեղ ջուր է։ Մեզ է միանում տիկին Օֆիկի հարեւանուհին՝ Վալյան։ Ասում են՝ ամեն օր անպայման միասին մի բաժակ սուրճ պիտի խմեն։ Վալյան էլ բուժքույր է աշխատում, ինքն է տնտեսությամբ զբաղվող Օֆիկին պատմում դրսի անցուդարձը։  Տիկին Օֆիկը, պարոն Ալբերտն ու տիկին Վալյան Հետո Վալյան առաջարկում է մի հատ էլ իրենց տունը նկարեմ, պարզվում է՝ ես այն անցնելիս արդեն նկարել եմ։ Օֆիկին էլ ասում է՝ գնա, տեսնի՝ ոնց են սարքում իրենց բակը ինքն ու ամուսինը՝ Սարիբեկը։  Օֆիկն ինքնըստինքյան բռնում է Վալյայի ձեռքը ու նրանք միասին քայլում են կողքի տուն։ Ալբերտն էլ իրենց դարպասի մոտից ինձ հաջող է անում։ Հայարփի Բաղդասարյան
00:51 - 16 հուլիսի, 2022
Բաղանիս. սահմանպահ և կանաչ բաղերի գյուղը [մարzoom]

Բաղանիս. սահմանպահ և կանաչ բաղերի գյուղը [մարzoom]

«Վաղը գիտես չէ՞, որ հրավիրված ես մեր «բիսետկա» սուրճխմության»,- ասում է ինձ Վերան, երբ ասում եմ, որ այցելելու եմ իրենց գյուղ՝ Բաղանիս: Ընկերուհիներ Վերան ու Նոննան համաձայնել են ցույց տալ իրենց գյուղը: Այն Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհին է, այս ճանապարհի վրա է նաև Վերայենց տունը: Դարպասներից այն կողմ «բիսետկան» է, իսկ դրա շուրջը՝ փայտից պատրաստած բազմաթիվ դեկորատիվ պարագաներ, աջ անկյունում «երգում է» փոքրիկ ձեռակերտ ջրվեժը: Այդ ամենը Վերայի հայրիկի՝ Արկադի Սահակյանի ձեռքի աշխատանքներն են: Նա պատմում է, որ COVID 19 համավարակի ժամանակ, երբ տնից դուրս գալու սահմանափակումներ կային, սկսել է զբաղվել փայտագործությամբ և իրենց բակը դարձրել յուրահատուկ հանգստի գոտի: Արկադի Սահակյանը «Ի՞նչ կասեք Բաղանիսի մասին»,- հարցնում եմ նրան: «Կարևորը կրակոցների, կռվի վախտը փախչող չի էլել»,- ասում է Արկադին: Բաղանիսը հայ-ադրբեջանական սահմանին է, գրեթե բոլոր կողմերից երևում են հակառակորդի դիրքերը, իսկ նրանց կողմից կրակոցներն այստեղ հաճախակի են լինում: Գյուղի եկեղեցին Տեղացիները Բաղանիս բառը ստուգաբանում են 2 ձևով, ասում են՝ կապված է կամ  բաղնիք կամ բաղ՝ այգի բառերի հետ: Հին բաղնիքի մասին տեղեկություններ չկան, սակայն հիմա էլ կանաչ բաղերը՝ տնամերձ այգիները, շատ են: Պարզապես տեղացիները միայն սեփական օգտագործման համար են մշակում իրենց հողերը: Բաղանիսի բնակչությունը պաշտոնապես 716 է, սակայն տների մի մասն այլևս դատարկ է: Բաղանիսի դպրոցում անցած տարի սովորել է 97 աշակերտ, որից 11-ն ավարտել են: «Բայց էս տարի առաջին դասարան չենք ունենալու»,- դպրոցի մասին պատմելիս ասում են Նոննան ու Վերան,- «ու մյուս տարի էլ չենք ունենալու»: Տեղացիները նման դեպք չեն հիշում, որ գյուղում գոնե մեկ առաջին դասարանցի չլիներ: Վերան ու Նոննան Այդ ընթացքում մեր զրույցին է միանում Նարեկ Սահակյանը, որը նախքան վերջին ՏԻՄ ընտրությունները 9.5 տարի եղել է Բաղանիսի գյուղապետը: «Ոչ քաղաքական, բայց անհանգստացնող թեմաներից խոսենք»,- սկսում է նա: - «Այսօր, իմ կարծիքով, ամենախնդրահարույցը դեմոգրաֆիական խնդիրն է, ծնելիությունը ամենահրատապ ու ցավոտ հարցն է: Սա զուտ պետության խնդիրն է՝ երիտասարդ ընտանիքներին գյուղում պահեն»: Նարեկ Սահակյանը Նա վստահ է, որ հատկապես սահմանամերձ համայնքների համար պետությունը պետք է լուրջ ծրագիր և ռազմավարություն մշակի: «Իսկ Բաղանիսը Ձեզ համար ինչո՞վ է տարբերվում տարածաշրջանի մնացած գյուղերից»,- հարցնում եմ Նարեկին: «Իմ գյուղն ա»,- միանգամից պատասխանում է նա,- «էստեղ ապրելը լավն ա, կեցության պայմանները մի քիչ բարելավեն՝ լավ ա, աշխատատեղ պետք ա լինի»: Նրա կարծիքով՝ Բաղանիսի միջպետական ճանապարհի վրա գտնվելու փաստը շատ կարևոր է, բայց տեղացիները դրանից ճիշտ չեն օգտվում. ի տարբերություն այլ համայնքների՝ մարդիկ այստեղ ամաչում են իրենց այգու բարիքները վաճառեն, փողոցում դնեն, հաճախ ամենը ուղղակի անվճար տալիս են: Մյուս կողմից՝ շատերն են խուսափում սեփական գործը նախաձեռնել՝ վախենալով, որ այն գյուղում չի աշխատի: Այդպես և Նոննան ու Վերան: Արդեն ամիսներ շարունակ մտածում են սկսել իրենց բիզնեսը՝ տեղական խոտաբույսերը բրենդավորել և վաճառել: Ուսումնասիրել են շուկան, ծանոթ են տեղի խոտաբույսերին, աշխատել են բրենդավորման վրա, բայց այդպես էլ դեռ չեն սկսել: «Մենք կիվի էլ ունենք»,- ասում է Նոննան,- «տնկելուց 4 տարի հետո առաջին պտուղն ա տվել»: «Ճի՜շտ ա»,- բացահայտում արած զարմանքով ասում է նա,- «կարելի ա թեյերի հետ վճառել»: «Մնում ա՝ լավ բրենդավորեք ու հաստատ ձեր հաճախորդին կգտնեք»,- առաջարկում եմ ես,- «Բաղանիսի կիվի: Պատկերացնո՞ւմ եք»: «Իսկ ինչպիսի՞ն է տուրիստական պոտենցիալն այստեղ», - հարցնում եմ Նարեկին: Զրուցակիցս կարծում է՝ դաշտը բաց է, ինչ ուզես՝ կանես։ «Բիստեկա» սրճախմությունից հետո աղջիկների հետ շարունակում ենք շրջել Բաղանիսով: Նոննան ու Վերան արդեն 12-րդ դասարան են փոխադրվել: Ամռանը բավականին զբաղված են. շարունակում են իրենց անհատական դասերը ընդունելության քննության համար, միաժամանակ ակտիվ մասնակցում են համայնքի բոլոր ծրագրերին ու միջոցառումներին: Վերան ցանկանում է դառնալ լրագրող և արդեն իր առաջին փորձերն է անում տեղական «Տավուշ» հեռուստաընկերությունում: Նոննան պատրաստվում է դառնալ միջմշակութային հաղորդակցման մասնագետ: Աղջիկները պատմում են իրենց գյուղի մասին, նաև անտեսված եկեղեցու, որը թվագրվում է 6-7-րդ դարերին, բայց չգիտեն՝ վերջին անգամ երբ է վերանորոգվել, 2019թ.ին հիմնովին կառուցված մանկապարտեզի մասին, որը գյուղի ամենաբարեկարգ հատվածներից մեկն է, «թուրշի ջրի» (հանքային աղբյուր Բաղանիսում), բարձր բլրի վրա երևացող Հարսանաքար սրբատեղի մասին: Մանկապարտեզը «Դե, կասեք՝ հատուկ գիդ՝ Վերա և Նոննա», - նրանց նկարելու ընթացքում ասում է Վերան: «Նոննան 2 ն-ով»,- հավելում է Նոննան: Հետո միասին գնում ենք գյուղի փոքրիկ այգին, որտեղ Բաղանիսի ամենահին վարսավիրանոցն է: Այն պատկանում է Բենիկ Շահնազարյանին, որին տեղացիները դալլաք (թարգմանաբար վարսավիր) են անվանում: Աղջիկները պատմում են, որ նա այստեղ աշխատել է դեռևս 1961 թ:-ից, և իրենք հիշում են, թե ինչպես էին գյուղի տարեցները միշտ հավաքվում այդ վարսավիրանոցի շուրջ, մազ կտրելու համար հերթ կանգնում, բայց նաև, օգտվելով առաթից, միմյանց հետ զրուցում և շփվում: Հիմա արդեն պապը վարսավիրանոցը չի բացում, գյուղի տարեցներն էլ այստեղ չեն հավաքվում: Քովիդյան սահմանափակումներից հետո այն փակեց, որից հետո Բենիկ պապը առողջական վիճակի պատճառով այլևս չվերադարձավ իր 40-ամյա գործին: Վարսավիրանոցի դուռը փակ է, սակայն պատուհանից երևում են սովետական կահավորանքն ու հին գործիքները: Այդ պահին փողոցով անցնելիս տեսնում ենք գյուղի մյուս տարեցներից մեկին՝ Ջիվան պապին: Խնդրում ենք մեզ մի փոքր ժամանակ հատկացնի ու պատմի գյուղի մասին: Պայմանավորվում ենք քիչ հետո հանդիպել իրենց տանը: «Մի քիչ հետաքրքիր բաներ պատմեք Բաղանիսից»,- խնդրում եմ Ջիվան պապին (Ջհան Հարությունյան): «Կռվեինք»,- այսպես է սկսում Ջիվան պապն ու պատմում 90-ականների կռիվների մասին,- «շա՞նց էն տվել (ցույց են տվել), որ չիմ (ամբողջը) նրանց (ադրբեջանական) պոստերն ա»,- ասում է նա ու ցույց է տալիս պատշգամբից երևացող սահմանային դիրքերը,- «քանի թուրքը վրա ա տվել (հարձակվել), տեղահան են էլել, պտտվել, ըստեն ընդի, ընդեն ըստի (այստեղից այնտեղ, այնտեղից այստեղ) բայց քոչել չեն, ամբողջ գեղը կանգնած էր»: Ջիվան պապը Ջիվան պապը 87 տարեկան է, 3 երեխա ունի, թոռներ ու ծոռներ: Իր մասին ասում է, որ «արհեստավոր մարդ» է, ամբողջ կյանքում ամենատարբեր շինարարական, կառուցման գործեր է արել ու հպարտությամբ ցույց է տալիս տան իր կառուցած հատվածները: «Հիմա ո՞նց ա էստեղ կյանքը Ջիվան պապ»,- հարցնում եմ ես: «Կյանքը լավն ա, բայց դե լավ չեն եդևըմ (հոգ տանել) մեզ: Մենք սահմանապահ ենք, սահմանամերձ չենք, մենք սահման ենք պահում»: «Գյուղի հիմնադրման պատմությունից ի՞նչ կպատմես»: «Ես վիր եմ կացել (վեր կենալ), ծնվել եմ, գեղը կար, ուղղակի ընդով քիչ էինք», - ասում է նա: Ջիվան պապին այցելելուց հետո մի փոքր ևս շրջում ենք գյուղում ու ձեզ համար նկարում Բաղանիսի կանաչ անտառները՝ բաղերը: Վերջում, ինչպես և խոստացել էի, ասում եմ՝ Բաղանիսում հատուկ գիդ՝ Վերա և Նոննա Բաղանիսից սիրով պատմեց Մերի Մամյանը
19:11 - 14 հուլիսի, 2022