Տիգրան Պասկևիչյան

Հայ վավերագրող, գրող, լրագրող, հասարակական գործիչ, «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ։

Ծնվել է 1965թ․ փետրվարի 21-ին։ Աշխատանքը 2004թ.-ից `«Շողակաթ» հեռուստաընկերության հեռուստաֆիլմերի և հաղորդումների արտադրության տնօրեն 2002թ.-ից`«Շողակաթ» հեռուստաընկերության ստեղծագործական խորհրդի անդամ։

1993-2004թթ.՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, 1992-1993թթ.՝ «Ար» թերթի գլխավոր խմբագիր, 1990-1992թթ.՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալ, 1988-1990թթ.՝ «Մաշտոց» ինքնահրատի խմբագիր, 1987-1990թթ.՝ «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժնի վարիչ 1987թ.՝ «Ավանգարդ» թերթի թղթակից 1986-1987թթ.՝ «Կերպասագործ» բազմատիրաժ թեթրի աշխատակից։

Այս ընտրությունները արվում են ոչ թե ճգնաժամի հաղթահարման համար, այլ ունենք վերնախավերի պատերազմ․ Տիգրան Պասկևիչյան

Այս ընտրությունները արվում են ոչ թե ճգնաժամի հաղթահարման համար, այլ ունենք վերնախավերի պատերազմ․ Տիգրան Պասկևիչյան

Արտահերթ ընտրությունները  ծրագրվեցին և հիմա իրականացվում են, որպեսզի վերացնեին 44 օրյա պատերազմից հետո  ստեղծված ճգնաժամը, բայց այս ամբողջ ընթացքը  ցույց է տալիս, որ ոչ միայն չեն վերացնելու, այլև ավելի խորացնում են, որովհետև պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամը նախ և առաջ բոլոր կողմերը վերլուծեին դրա ապատճառները, պետք է հասկանային, թե ինչու հնարավոր եղավ այդ պատերազը, ինչու սկսվեց, ինչու այդ ընթացքն ունեցավ։ Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավորի թեկնածու Տիգրան Պասկևիչյանը։  Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ այսօր պետք է շատ  լուրջ վերլուծությւոնների ժամանակաշրջան լիներ Հայաստանում, բայց տեսնում ենք, որ դա այդպես չէ, որ  այս արտահերթ ընտրությունները կողմերը փորձում են օգտագործել ինքնահաստատվելու, սեփական հավակնությունները  դրսևորելու և առաջ տանելու համար։ Պասկևիչյանի կարծիքով դա էլ առաջացնում է այս խոսույթը, եթե չկա լուրջ խոսակցություն, ուրեմն կա հայհոյանք, փոխադարձ մեղադրանք, ընդհուպ սեռական բնույթի արտահայտություններ։ Անդրադառնալով լրատվամիջոցների կողմից քաղաքական գործիչների՝ ատելության խոսք տարածելու մասին ելույթների վերատառությամբ հոդվածներին, Պասկևիչյանը շեշտեց, որ լրատվամիջոցների մեծ մասը այնպես չեն անում, որ Հայաստանում լուրջ քննարկում տեղի ունենա, դրանց մեծ մասը միշտ գնում է իրադարձությունների հետևից, միշտ փնտրում են «լայք» բերող թեմաներ և իրավիճակներ։ «Մի առիթով ասել եմ և հիմա նորից կրկնեմ, որ այս ատելությունը իր հետ բերեց 2018 թվականի թավշյա հեղափոխությունը։ Այդ հեղափոխությունը չնայած ուներ մեծ լոզունգներ՝ սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց ըստ էության առաջին օրերից ատելության խոսք գեներացնող երևույթ էր։ Մենք շատ լավ հիշում ենք, այդ ժամանակներում հանարպետականների տների վրա գնալը, այդ սև պաստառները, դագաղներ, ծաղկեպսակներ և այլն։ Ատելությունը այնպիսի բան է, որ ինքն իրեն վերարտադրվում է, դու ասում ես ատելության խոսք, դիմացինդ էլ է ասում։ Դիմացինդ էլ այնքան կիրթ ու հասուն  չէր, որ ատելությամբ չպատասխանի։ Որպեսզի այս ատելության մթնոլորտը վերանա, կարծում եմ, որ իշխանութունից պետք է հեռանան, կամ իշխանությանը մոտ չգան բոլոր այն ուժերը, որոնք ստեղծում են դա, և՛ ներկայիս իշխանությունն է, և՛ Ռոբերտ Քոչարյանն է,  և՛ այսպես ասած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը նախկին հանրապետականներն են։ Դրանք պետք է չլինեն, որպեսզի սա չլինի։ Նրանք, եթե եղան խորհրդարանում այդ ամբողջ խոսույթը տեղափոխվելու է խորհրդարանի դահլիճ»,- ասաց Պասկևիչկանը։ Պատգամավորի թեկնածուն նշեց, որ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը այնքան ստրատեգ կամ խորաթափանց գործիչ չէր, որ 2018 թվականի ամռանը կամ 2019-ին մտածեր, թե ոնց Ռոբերտ Քոչարյանին  բերի ասպարեզ, պարզապես նա արեց հիմար քայլեր և դրանց արդյունքում Քոչարյանը վերածնվեց։ Պասկևիչյանը հավելեց․ «Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի վերածննդի հեղինակն է։ Նա պարզապես վերածնեց Քոչարյանին, անհեռանկար, պոպուլիստական քայլեր անելով։ Այս ընտրությունները ոչ թե արվում են ճգնաժամի հաղթահարման համար, այլ  ունենք վերնախավերի պատերազմ, եթե կոպիտ ասեմ՝ հայաստանյան և  ղարաբաղյան վերանախավերը այս պահին պատերազմի մեջ են։ Սա վերնախավերի պատերազմ է, և այդ երեք նախագահների կոչը, որն արեց Տեր- Պետրոսյանը, առաջին հերթին այս պատերազմը կանխելու համար էր։ Ինչ էր ասում, ասում էր՝ մենք այս պատերազմի մարդիկն ենք, բոլոր երեք նախագահներս  և Նիկոլ Փաշինյանը, պատերազմը ինչ-որ կերպ ավարտվել է, ցավոք սրտի մեզ համար վատ ելքով, մենք բոլորս դուրս գանք և հնարվորություն տանք նոր ուժերի ստեղծել տեխնոկրատների կառավարություն և երկիրը հանել այս իրավիճակից»։ Պասկևիչյանը նշեց, որ եթե նույնիսկ եթե կողմերից որևէ մեկին հաջողվի 50+1 տոկոս ձայն հավաքել, միևնույնն է այս լարվածությունը վերջ չի ունենալու։ Նրա կարծիքով  պետք է նորից սպասենք արտահերթ ընտրությունների: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք պոպուլիստական քայլ էր Փաշինյանի այն հայտարարությունը, թե պատրաստ է իր որդուն գերի հանձնել Ադրբեջանին՝ հայ գերիների վերադարձի պայմանով։ Պասկևիչյանը պատասխանեց․ «Եթե իր որդուն գերիների դիմաց փոխանակելու հայտարարությունը պոպուլիստական քայլ չէր, ապա Փաշինյանը տասը րոպե չպետք  է մնա իշխանության ղեկի մոտ, եթե դա քաղաքական գործչի մտածված քայլ էր։ Չկա միջազգային հարաբերությւոնների այդպիսի մեխանիզմ, որ դու տանես քո որդուն հանձնես դրա դիմաց ինչ-որ բան ստանաս։ Ժամանակակից աշխարհում նման բան չկա, եթե մարդը դա չգիտի, ապա  տասը րոպե ավել չպետք է մնա իշխանության ղեկին, իսկ եթե գիտի և ասում է, ուրեմն խայտառակագույն պոպուլիզմ է»,- շեշտեց Պասկևիչյանը, հավելելով, որ իր կարծիքով ընտրություններից հետո շատ անհաջող խորհրդարան ենք ունենալու։         
12:40 - 15 հունիսի, 2021
Հանրայինում ստացել են հրահանգ՝ դատավորներին ճզմելու, քննարկումներ են անում. Տիգրան Պասկեւիչյան |news.am|

Հանրայինում ստացել են հրահանգ՝ դատավորներին ճզմելու, քննարկումներ են անում. Տիգրան Պասկեւիչյան |news.am|

news.am: Այսօր հրավիրված «Ծառայո՞ւմ է հանրությանը Հանրայինը» թեմայով քննարկմանը ներկա էր միայն Տիգրան Պասկեւիչյանը: Մինչդեռ բացի կինոռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանից ակնկալվում էր, որ քննարկմանը պետք է մասնակցեին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը։ Նշենք, որ Շիրինյանը հայտնել է, որ փոփոխությունների ներկա փուլում նպատակարհարմար չի գտնում քննարկել Հանրայինի խնդիրները։ Արայիկ Մանուկյանը կոռեկտ չի համարել առանց Արա Շիրինյանի մասնակցել քննարկմանը, իսկ մյուս 2 հյուրերը այլ պատճառներով չեն կարողացել մասնակցել ասուլիսին։ Խոսելով Հանրային հեռոստաընկերության խնդիրներին ու դրանց պատճառներին՝ Պասկեւիչյանը պատմեց. «Մինչեւ 2000 թվականը Հանրային հեռուստատեսությունը պետական հեռուստատեսություն էր՝ ժառանգված խորհրդային ժամանակաշրջանից: Այն իր բոլոր ենթաճյուղերով, տրամաբանությամբ՝ սովետական կառույց էր, եւ մեր նպատակն էր՝ փոխել ինչ-որ ձեւով, ժամանակը կարճ էր, հնարավորություն չստեղծվեց փոխելու: Այն ժամանակ եւս կար որոշակի ճնշում հեռուստատեսության վրա, իշխանության մեջ կային թեւեր, եւ այդ թեւերը, եւ մյուս կողմից էլ՝ արդեն նոր ձեւավորվող ընդդիմությունը, ամեն կերպ ճնշում էին հեռուստատեսությանը, եւ դա մի գայթակղություն է, որը կարելի է վերացնել համակարգային լուրջ փոփոխություններով: Այսօր եւս Հանրային հեռուստատեսությունը, որը ստեղծվել է 2000 թվականը, ստեղծվել է ու զարգացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ճարտարապետությամբ, շարունակում է մնալ նույն կառույցը եւ շարունակում է առիթ տալ իշխանության տարբեր թեւերի, տարբեր մարդկանց նման գայթակղությունների»: Անդրադառնալով իր նամակին, որտեղ խոսել էր անհրաժեշտ արմատական փոփոխությունների մասին, Պասկեւիչյանը նշեց, որ ինքն անձնական խնդիրներ չունի Հանրայինի ղեկավարության հետ. «Անձնական որեւէ խնդիր իմ գրածի մեջ չկա, անձնական խնդիր չի կարող լինել Արա Շիրինյանի հետ, քանի որ նա իմ 30 տարվա ընկերն է, որից 24 տարին մենք անդադար իրար հետ ենք աշխատելու, իսկ Մարգարիտա Գրիգորյանի հետ չի կարող խնդիր լինի, քանի որ մայիսի 1-ից երբ անցել եմ աշխատանքի, նրան 2 անգամ եմ տեսել եւ անձամբ չեմ ճանաչում։ Խնդիրն այն է, որ ես Արա Շիրինյանից ստանալով առաջարկ դառնալ իր խորհրդականը, մտա եւ սկսեցի ուսումնասիրել համակարգը, եւ հանգեցի այն եզրակացության, որ պետք են փոփոխություններ սկսել ամենավերեւից, փոխել ղեկավար կազմը, իսկ մնացածը ձեւավորել մրցույթների միջոցով, ինչպես որ ընտրվել էր Ռադիոյի տնօրենը։ Դա անհրաժեշտություն էր»։ Հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվի հեղափոխությունը, քաղաքական կամք չկա՞, Պասկեւիչյանն ասաց. «Հայաստանում կա կարեւորագույն արատ, մարդիկ չեն ուզում մի բան տեղից շարժեն, որ լրացուցիչ աշխատանք չառաջանա, մյուս կողմից էլ համակարգային դիմադրությունը, բնական է, որ մարդիկ տարիներ շարունակ անհաշվետու ձեւով օգտագործել են ռեսուրները, չեն ցանկանում, որ չեն ուզում, որ իրենց տեղը զիջեն, որ շատ բան չբացվի»։ Նա շեշտում է՝ պետք է ազատվել բոլոր այն կադրերից, որոնք տարիներ շարունակ զրկել են հանրությանը այս կարեւոր գործիքից եւ շեշտեց. «Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը»։ «Հանրայինը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռամբ, ստեղծվել է երկճյուղ մարմին, մի ճյուղը լրատվական-քաղաքական բլոկն է, որն ուներ հստակ առաքելություն՝ ծառայել իշխանություններին, իսկ մյուս ճյուղը, որը հեռուստաընկերության մնացած մասն է՝ կոչում ուներ զբաղեցնել եւ շեղել հանրությանը կարեւոր խնդիրներից»,–նշեց Պասկեւիչյանը։
13:55 - 23 հուլիսի, 2019
Բաց նամակ ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանին և ոչ միայն․ Տիգրան Պասկևիչյան

Բաց նամակ ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանին և ոչ միայն․ Տիգրան Պասկևիչյան

Կարծում եմ՝ կարիք չկա սկսելու նրանից, թե որքան վաղուց ենք մտերիմ եւ մարդկային հարաբերությունների այդ որակի մեջ որքան բնական էր խորհրդականդ դառնալու առաջարկն ընդունելը։ Լավ ճանաչելով ինձ՝ ինքդ էլ գիտեիր, որ երբեւէ տիտղոսային դիրք ու պաշտոնով չեմ հաստատել անձս, եւ ուրեմն առաջարկդ ընդունելը միայն ու միայն ուս-ուսի գործի լծվելու համար էր, ոչ այլ պատճառով։ Հիմա ասեմ, թե ի՞նչ էի մտածում առաջարկդ ընդունելու պահին։ ա) Մտածում էի, որ հանրային հեռարձակողի նախագահը վերջապես ընտրյալ է եւ ոչ նշանակված՝ քաղաքական որոշմամբ։ բ) Ընտրյալ լինելով՝ օժտված է անկախությամբ եւ մի ուժով, որի գործադրմամբ կարելի է լուրջ բարեփոխումներ անել։ (Իսկ որ Հանրայինը, հատկապես՝ ՀՀԸ-ն, կարիք ունի արմատական փոփոխությունների, խոսել ենք թե՛ նախկինում, թե՛ առաջարկդ անելու պահին, թե՛ հետո։) գ) Մտածում էի, որ գնացել ես մի տեղ, որում լինելով ազնիվ արվեստագետ, անբասիր մարդ՝ կանգնելու ես նոմենկլատուրային բետոնի առջեւ, եւ կյանքդ այնքան էլ հեշտ չի լինելու։ Մի խոսքով, առաջարկդ ընդունեցի եւ չեմ ափսոսում այն 75 օրերը, որոնք անց եմ կացրել հանրայինում՝ ժամանակիս մեծ մասը վատնելով ինտրիգներ վերծանելու եւ կանխարգելելու, իսկ փոքրը՝ ստեղծագործական աշխատանքի վրա։ Չեմ ափսոսում, որովհետեւ երբեւէ առիթ չէի ունենալու ներսից տեսնելու եւ հասկանալու, թե ինչ են ստեղծել քոչարյան-սարգսյանական իշխանությունները եւ թե հանրայինն ինչպես է բազմաշերտ պարսպով մեկուսացվել՝ ըստ էության դառնալով հակահանրային։ Առաջին իսկ օրվանից պնդել եմ, որ իրավիճակը փոխելու համար պետք է անել կտրուկ եւ արմատական քայլեր՝ դրանք սկսելով հեռուստաընկերության ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելով եւ ընտրություն նշանակելով, ինչի իրավունքն ունես։ Առաջարկիս դեմ քո բերած միակ հակափաստարկը հետեւյալն էր. «Ընտրություն անենք, ո՞վ գա, մարդ չկա»։ Հակափաստարկիդ դեմ իմ առարկությունն էլ հետեւյալն էր. «Ռադիոյի տնօրենն ընտրվեց, կարծեմ, քսան թեկնածուներից, հետը խնդիր ունե՞ս»։ Մինչեւ փոփոխությունը գլխից սկսելու առաջարկիս մեկնությանն անցնելը՝ ասեմ, որ 75 այս օրերի ընթացքում ինձ միշտ ապշեցրել է հակափաստարկիդ սնանկությունը եւ ընտրությամբ պաշտոն ստացածիդ թերահավատությունը մարդկանց սելեկտիվ առաջխաղացման նկատմամբ։ Ցավոք, նիհիլզմդ տարածվում էր ոչ միայն ղեկավար վերնախավը փոխելու, այլեւ առհասարակ արմատական որեւէ տեղաշարժ անելու վրա, թեեւ, չգիտեմ ինչու, ոգեւորված խրախուսում էիր հանրությունից նախագծերի գաղափարներ ընդունող հարթակի ստեղծման առաջարկս, արտերկրյա հեռարձակման հայեցակարգի մշակումը եւ այլ բաներ, որոնք թերահավատությանդ հերքում-բացասումն էին՝ ինքնին եւ ըստ էության։ Առաջարկում էի փոփոխությունը սկսել գլխից մի քանի պատճառով. ա) հանրային հեռուստաընկերության տնօրենը հանրության մեջ ընկալվում է որպես նախկին իշխանությունների մնացուկ (չհիշեցնեմ, թե նախկին իշխանություններն ինչպես են ընկալվում), բ) ՀՀԸ տնօրենն ուղղակի կամ անուղղակի ներգրավված է քննչական կոմիտեում քննվող գործում, ինչը ստվեր է գցում հանրայինի հեղինակության վրա, գ) իր մտակերտվածքով ՀՀԸ տնօրենն ունակ չէ ընդունելու եւ իրականացնելու նոր պահանջները, որոնք առաջ են քաշվել տասնյակ տարիներ եւ ձեւակերպվել 2018-ի թավշյա հեղափոխությամբ, դ) նոր իրավիճակի թելադրանքով հանրայինում նոր բովանդակություն ներմուծելու համար անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ, ֆինանսների վերաբաշխում, տնտեսական կարողությունների վերադասավորումներ, որը ՀՀԸ տնօրենը չի ցանկանում եւ չի կարող անել։ Թվարկված չորս կետերից յուրաքանչյուրն առանձին եւ բոլորը միասին հանրայինը հանրայնացնելու լուրջ խոչընդոտ են եւ դա է պատճառը, որ 2018-ի ապրիլից մինչ օրս հեղափոխությունը հեռուստատեսությամբ չի ցուցադրվել։ Եւ չի ցուցադրվելու, քանի դեռ կան մարդիկ, որոնց ընկալման մեջ հեռուստատեսությունը սուրբ խորան է, որին մոտ գալու, առավել եւս բեմ բարձրանալու իրավունք ունեն միայն ընտրյալները՝ այսպես կոչված անվանիներն ու հանրահայտները, մի բառով՝ աստղերը։ Իմ բոլոր ջանքերը նոր գաղափարներ կրող նոր մարդկանց ներմուծել եթեր, հանդիպեցին լուռ դիմադրության։ Առաջին օրերի ճանաչողական հանդիպումների ընթացքում անընդհատ հնչող «մարդ չկա, մարդ առաջարկեք» ծիծաղելի հորդորը, պարզվեց, գործի համար չէր. խորանի սրբազանությունը կորցնելու ահն էր ստիպում աղաղակել։ Եւ բնական էր, որ իմ առաջարկած մարդիկ ո՛չ հրավիրվելու էին, ո՛չ էլ փորձարկվելու։ Լուռ դիմադրությունը քո համաձայնությամբ էր։ Եթե դու կամ քեզանից աշխարհագրորեն վեր գտնվող տնօրինուհին կարծում եք, որ Պետրոս Ղազարյանը Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւն է եւ անգամ սառնարանի դուռը բացելիս պետք է երեւա, առնվազն պիտի հիմնավորեք՝ ինչո՞ւ։ Պիտի հիմնավորեք նաեւ, թե ինչո՞ւ Պետրոսից մինչեւ «Առավոտ լուսո» ընկած ժամանակային դիապազոնում (մոտ 10 ժամ) Հանրայինը չունի գեթ մեկ հաղորդում եւ հաղորդավար, որը կարող է զրույցներ վարել ոչ քաղաքական կամ ոչ էստրադային թեմաներով։ Մարդ չկա՞։ Իսկ դուք փնտրե՞լ եք։ Չեք փնտրել ու չեք փնտրելու, որովհետեւ չեք հավատում սելեկտիվ առաջխաղացմանը։ Որովհետեւ, դու՝ չգիտեմ ոնց, բայց տնօրինուհին պարզապես սարսափում է կրթված, փորձառու, անկախ ու կայացած մարդկանցից, որոնց չես ղեկավարի, պետք է համագործակցես հետները։Հանրայինի նախագահ ընտրված ցանկացած ոք պաշտոնավարումը կսկսեր Խորհրդի կողմից կառավարվող ընկերությունների անձնակազմին մոտիկից ծանոթանալուց, հաշվապահությունը, կառուցվածքն ու հաստիքացուցակը, պայմանագրերն ու դրանց ծագումը խորությամբ ուսումնասիրելուց։ Եթե չէիր ուզում ակտիվ միջամտել ընկերությունների գործերին, այս ամենին գոնե պետք է ծանոթանայիր քո անունից կառավարություն ուղարկվող փաստաթղթերը վստահ ստորագրելու համար։ Ռադիոյի դեպքում դրա կարիքը չկար, որովհետեւ մրցույթով ընտրված գործադիր տնօրենն ինքը եռանդով լծվել է այդ գործին։ Հանձնարարեցիր ուսումնասիրել հեռուստաընկերության հաստիքացուցակը։ Մի ամբողջ հարցաշար ուղարկեցի քեզ՝ ուռճացված ադմինիստրացիայի, ղեկավար վերնախավի՝ անպարկեշտության աստիճան բարձր աշխատավարձերի եւ այլնի մասին։ Հարցաշարս մնաց սեղանիդ, իսկ տնօրինուհին, պահանջատիրոջ կեցվածքով՝ շարունակ պնդում էր. «Փող չկա, փող չկա, փող չկա…»։ Հանրայինի արբանյակային հեռարձակումը Հայաստան-Սփյուռք երկխոսության գործուն հարթակ դարձնելու փող չկա, համացանցային հեռուստաալիք ստեղծելու փող չկա, մինչդեռ, հաստիքացուցակին, հաղորդումների ու ֆիլմերի արտադրության փաստացի ծախսերին հպանցիկ հայացք նետելով անգամ՝ կարելի էր գալ եզրակացության, որ հարկատուներիս հաշվին պետության հատկացրած 6 միլիարդ դրամը խնայողաբար ծախսելով, կառավարման եւ լոգիստիկայի արդյունավետ ձեւեր կիրառելով հնարավոր է անել ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Հակափաստարկեցիր. «Հասկանո՞ւմ ես, սա պատերազմ է»։ Հասկացա ու չշարունակեցի։ Ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ։ Չունեմ եւ չեմ ունեցել պաշտոն զբաղեցնելու նպատակ, ինչի մասին միշտ բաց ասել եմ։ Քո երեւակայած «պատերազմը» ոչ թե նոր ու հին թիմերի պայքար է, այլ առհասարակ նորի ու հնի հակամարտություն։ Մի քանի անգամ մատչելի կերպով բացատրել եմ, որ հանրային հեռուստաընկերության անառիկության դարաշրջանում, նրա պարիսպներից դուրս ստեղծվել է այլ իրականություն՝ այլ բովանդակությամբ եւ արժեհամակարգով։ Այդ բովանդակությունն ու արժեհամակարգն էլ եղել է 2018-ի թավշյա հեղափոխության լիցքը։ Հիմա հեղափոխությունից անցել է մոտ 15 ամիս եւ հանրությունը դեռ չի տեսել նոր դեմքերի, չի հանդիպել նոր բովանդակության։ (Խոսքս հաղորդավարների եւ հեռուստատեսային ձեւաչափերի մասին է։) Եւ գուցե սա է պատճառը, որ, ասենք օրինակ՝ ՏԻՄ վերջին ընտրություններում տասնհինգ դեպքից ութում վերընտրվեցին նախկինները։ Ստացվեց, որ ազատ ընտրելու հնարավորությունը կա, բայց չկա քննադատաբար մտածելու եւ համեմատելով դատելու ունակություն։ Մտածողության այս տեսակները, որ դեռ անցած գարնանը Երեւանի կենտրոնում հեղափոխություն էին արտադրում, հանրության լայն զանգվածին պետք է փոխանցվեր մեր հարկերով սնվող հեռուստատեսության եթերից։ Եթե հանրայինն աշխատում է քոչարյան-սարգսյանական ռեժիմով, իսկ նույն մարդկանց գրպանային մեդիան զբաղված է փաստերի աղավաղմամբ, ֆեյք ու ցեխ շպրտելով, հանրությունն ինչպե՞ս պետք է կողմնորոշվի հնի ու նորի, լավի ու վատի, դրականի ու բացասականի ընտրության հարցում։ Ի՞նչ եզրահանգում պետք է անի հանրությունը, երբ ամեն օր եթերում տեսնում է Պետրոս Ղազարյանին, որը, պոլիցայի՝ «Կենտրոն»-ից հետը բերած ջերմեռանդությամբ՝ հիմա էլ լծվել է նոր իշխանությունների հակառակորդներին սատկացնելու գործին։ Թավշյան, անցնցումը, «սիրո եւ համերաշխության» անունն ստացածը բարոյական արժեքների փոփոխություն չէ՞ր ենթադրում։ Լավ կլինի պատասխանես այս հարցին, միայն թե ոչ «մարդ չկա» ձանձրալի հանգերգով։ Իմիջիայլոց հիշեցնեմ իմ միջնորդությամբ մոսկովյան TV-ներից մեկի հայ աշխատակցի բերած առաջարկը, որը համացանցային հեռուստաալիք ստեղծելու եւ լրատվականը հիմնովին փոխելու նորարար հայեցակարգ էր եւ որը քո կողմից արժանացավ նուրբ քամահրանքի։ Դու եւ քո հովանավորությունը վայելող տնօրինուհին լուծումներ չեք կարող գտնել, ոչ այն պատճառով, որ չեք փնտրում, այլ որովհետեւ ունեք այլ աշխարհայացք։ Ուղղահայաց, հրամայական կառավարումը նոր իրականությունում կորցրել է կենսունակությունը։ Ուղղահայաց, հրամայական կառավարողն այլեւս վարակված է լուրջ բարդույթներով. ատում է արդի իրականությունը, ազատ մարդուն, նրա մտավոր, քաղաքացիական, մասնագիտական կարողությունն ու հմտությունները։ Վեթթինգի այս դարաշրջանում ես դեռ չեմ խոսում այն մասին, որ տնօրինուհին եւ նրա մերձավոր շրջապատն, ուղղահայաց կառավարչի դիրքից հոխորտալու փոխարեն, պետք է պատասխանատվության կանչվեին՝ հանրությանը տարիներ շարունակ մոլորեցնելու եւ նույն հանրության հարկերով վարձատրվելու համար։ Сверх наглость-ի մասին Հայկական ռադիոյի մի անեկդոտ կա, դաստիարակությունս թույլ չի տալիս պատմել։ Եւ այսպես՝ 75 օր հանրայինում անցկացնելուց հետո որոշեցի հրաժարական տալ քո խորհրդականի պաշտոնից ու վերադառնալ այնտեղ, ուր ինձ հարմարավետ եմ զգում։ Ցավում եմ, որ հեռանալով չեմ կարող հաջողություն մաղթել, որովհետեւ այն ինչ պատրաստվում ես անել (ավելի ճիշտ՝ չանել), անկախ որեւէ մեկի բարի կամքից կամ մաղթանքից՝ դատապարտված է ձախողման։
07:08 - 17 հուլիսի, 2019
ՀՌԱՀ-ի անդամների առաջադրումը ՀՌԸ խորհրդի նախագահի մրցույթում կարող է վիճարկել մրցույթի անաչառության հարցը |tert.am|

ՀՌԱՀ-ի անդամների առաջադրումը ՀՌԸ խորհրդի նախագահի մրցույթում կարող է վիճարկել մրցույթի անաչառության հարցը |tert.am|

tert.am: Երբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր հաստիքի մրցույթում առաջադրվածների ցուցակը հրապարակվեց, անկեղծ ասած, ինձ համար շատ տարակուսելի էր այն հանգամանքը, որ առաջադրվել են ՀՌԱՀ-ի առնվազն 3 անդամ՝ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և հանձնաժողովի անդամներ Գագիկ Բունիաթյանը և Արմեն Մկրտչյանը: Ինձ անհանգստացրեց այն, որ սրանով խախտվում են էթիկայի կանոնները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը: «Մինչև մրցույթը, հայտարարվում էր՝ մրցույթի կազմակերպման գործը պետք է անի ՀՌԱՀ-ը, հետո տեսնում ենք, որ ՀՌԱՀ-ի նախագահը և ևս երկու անդամներ ներկայացված են թեկնածուների ցանկում: Կարծում եմ՝ այս հանգամանքը կարող է ստվեր գցել մրցույթի անաչառության վրա: Առհասարակ, Հայաստանում մրցույթները մեծ հեղինակություն չեն վայելում, և ես հույս ունեի, որ այս առիթը պետք էր օգտագործել անբիծ ընտրություն անցկացնելու համար»: Հարցին, թե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին ընտրելու է անկախ հանձնաժողովը, այս պարագայում և՞ս կարող է լինել անաչառության խնդիր, Պասկևիչյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ հավասարակշռություն, կարգավորման մեխանիզմն է խախտվել: Այո՛, հանձնաժողովը պետք է ընտրի, բայց եթե ՀՌԱՀ-ի հանձնաժողովից մարդիկ են առաջադրվում, որոնք այս պարագայում ունեն գերակա դիրք, որքանո՞վ է հանձնաժողովը կլինի չկաշկանդված»: Նշենք, որ մինչև մրցույթում առաջադրվածների անունները հրապարակվելը, մամուլում շրջանառվում էր, որ Տիգրան Պասկևիչյանը ևս առաջադրվելու է մրցույթում, սակայն մեզ հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ ի սկզբանե ցանկություն չի ունեցել մասնակցել մրցույթին. «Իմ անվան շրջանառությունը կապված էր որոշ մարդկանց տրամաբանական ենթադրությունների և որոշ մարդկանց ցանկությունների հետ: Երկու դեպքում էլ շնորհակալ եմ, որ ինձ չեն մոռացել: Բայց ես չէի պատրաստվում առաջադրվել, որովհետև այս ոլորտում ղեկավարելու խնդիր չեմ տեսնում: Ինձ համար ավելի կարևոր է, որ այդ հանրային ոլորտը լինի բաց և բոլորի համար հավասարապես բաշխված: Անցախ տարիներին, մենք, լինելով ստուդիա, երբևէ որևէ պատվեր չենք ստացվել, մեր արտադրանքները երբևէ Հանրային հեռուստաընկերությամբ չեն ցուցադրվել: Կար խտրականություն: Ինձ համար՝ առաջին հերթին կարևոր է, որ Հանրային հեռարձակման ոլորտը բաց լինի, որ մենք էլ կարողանանք օգտվել դրանից»:  
05:59 - 27 մարտի, 2019