«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքը ձևավորվել է՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքում միավորվել են «Հանուն Հանրապետության» Ժողովրդավարության պաշտպանների դաշինք (նախագահ՝ Արման Բաբաջանյան) և «Քրիստոնեա-ժողովրդավարական» (նախագահ՝ Լևոն Շիրինյան) կուսակցությունները։

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմն ու չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 19 212 ձայն (1.5%)

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
Պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ. ՔԿ

Պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես  արդեն տեղեկացրել էինք, 2021 թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ  փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պրադո» մակնիշի ատոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նկատի ունենալով, որ Արման Բաբաջանյանի նկատմամբ ոտնձգությունը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, ուստի անհայտ անձի կողմից քաղաքական գործչի՝ վերջինիս գործունեությունը դիտավորությամբ դադարեցնելու նպատակով իրականացված առերևույթ ոտնձգության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է ևս մեկ քրեական գործ: 2021 թ. հունիսի 22-ին որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու և մեկ  վարույթում շարունակելու վերաբերյալ: Վերոնշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը: Նախաքննությունը շարունակվում է:
14:53 - 23 հունիսի, 2021
Վերջին հաշվով գրոհը կասեցվեց, մեր դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ. Լևոն Շիրինյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Վերջին հաշվով գրոհը կասեցվեց, մեր դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ. Լևոն Շիրինյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Շիրինյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես, ինչքան հասցրել եմ, ամբողջ ծավալով չէ, բնականաբար, հետևել եմ ձեր քարոզարշավին, և շատ լավ տպավորություն եմ ստացել: Ափսոս, որ ընտրությունների արդյունքներով ձեր դաշինքը չհաղթահարեց շեմը, բայց ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ միշտ, միևնույն է, անկանխատեսելի են, եթե, իհարկե, ժողովրդավարական և ազատ ընտրություններ են: Այսօր կուզենայի լսել ձեր տեսակետները ներքաղաքական կյանքի հետագա ընթացքի մասին: Կուզենայի նաև իմանալ՝ ինչ եք մտածում ընդհանրապես արտախորհրդարանական ուժերի և կառավարության հարաբերությունների հնարավոր հարթակների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք փոխադարձաբար ավելի լսելի լինել իրար համար: Լևոն Շիրինյան - Վերջին հաշվով, գրոհը կասեցվեց: Դա շատ կարևոր է, իմ գնահատականով, որտեղ մենք ունեցանք շատ էական դերակատարություն: Կարող եմ ասել, որ դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ: Կարևոր էր հեղափոխության շարունակությունը, պետության կայունությունը և անկախության ամրապնդումը: Հիմա այսպես տեսակետները շատ եմ շարադրել, կշարունակեմ: Մենք այստեղ որևէ խնդիր չունենք, կլինենք ձեր կառավարության կողքին: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:  
16:21 - 22 հունիսի, 2021
Այսօրվանից «Ռազմական Ժողովրդավարություն», այլ ելք չկա․ Լևոն Շիրինյան

Այսօրվանից «Ռազմական Ժողովրդավարություն», այլ ելք չկա․ Լևոն Շիրինյան

«Քրիստոնեա ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Հայրենակի՛ց. ՔԺԿ ընկերնե՛ր. Դաշինքի մեծահարգ գործընկերնե՛ր: Ձեր սկզբունքային ու հայրենանվեր դիրքորոշումով Հայաստանում ժողովրդավարական տրանզիտը/անցում/ շարունակվում է,քաղաքական ռևերս/հետընթաց/ շարժումը տապալվեց: Չեկիստներն Հայաստանում նորից անհաջողություն ունեցան: Ժողովրդի քաղաքական կրթման իմ և իմ կողքին կանգնած մերձավորների տարիների ջանքերը էական դեր խաղացին երկրի ռազմավարական ուղենիշներն ուվագծելու գործընթացում: Իսկ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինքը դարձավ այն պատնեշը,որ ստեղծեց նախադրյալներ Գողապետության վախճանի,նրա պարագլուխների կրախի ուղղությամբ: Այսօրվանից. «Ռազմական Ժողովրդավարություն». այլ ելք ՉԿԱ: Դաշինքի ընտրողներինն. նրանք կազմում են Վարչապետին ձայն տվածների շուրջ 15_20%-ը,որոնք Ռևանշիստների ու Գողապետության պարագլուխների վերադարձից սարսափած/հատկապես հանրահավաքի ագրեսիվությունից/ քվեարկեցին Վարչապետի օգտին ,մնալով մեզ հետ խորքի մեջ: Ղարաբաղցիները գնացին Ծովահրեշի կողմ,Արցախահայությունն ու Ջավախահայությունը / մլիցեքը չհաշված/ մնացին մեզ հետ: Հեղափոխության ողջ ընթացքում երկրի կյանքաում բացառիկ բացասական դեր խաղաց միջին, տիտղոսակիր ու ամուլ գորշ «մտավորականությունը»: Շնորհակալություն նրանց,ովքեր հավատարիմ մնացին Հայ հեղափոխությանն ու մեր ազգային իդեալներին, եղան պետականակերտ ուժերի ամուր պատվանդանը»:
11:23 - 21 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուի մեքենայի վրա կրակոցի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

Պատգամավորի թեկնածուի մեքենայի վրա կրակոցի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

2021թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ  փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ատոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է կրակված փամփուշտի պարկուճ, իսկ ավտոմեքենայի սրահից` փամփուշտից արձակված գնդակի պատյան Նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:55 - 20 հունիսի, 2021
Պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողինպատժել օրենքի ողջ խստությամբ․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»

Պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողինպատժել օրենքի ողջ խստությամբ․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»

«Շիրինյան - Բաբաջանյան» դաշինքը հայտարարություն է տարածել․   «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ի առավոտյան Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի պատգամավորության ցուցակի առաջին համար, Հանուն Հանրապետության ԺՊԴԿ ղեկավար Արման Բաբաջանյանի ավտոմեքենան հայտնաբերվել է դիմապակու վրա կրակոցի հետքերով:   Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը վրդովմունքով դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը քաղաքական պայքարում, այն գնահատում որպես հասարակության զգալի շերտերի համակրանքը վայելող դաշինքի ու նրա ղեկավարների, ժողովրդավարական ընտրական գործընթացի դեմ ուղղված հանցագործություն:   Մենք պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողին կամ կատարողներին և պատժել օրենքի ողջ խստությամբ: Հասարակությանը հորդորում ենք չահաբեկվել նման ստորագույն ու ճղճիմ քայլերից՝ Հայաստանի ժողովրդավարության թշնամիների հետապնդած նպատակը վախի մթնոլորտի ձևավորումն է, ինչը թույլ չենք տալու միասնաբար՝ անկաշկանդ կատարելով քվեարկություն հանուն Հայաստանի հեռանկարի և կանխելով գողապետական բարքերի վերադարձը»:
11:50 - 20 հունիսի, 2021
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի առաջնորդները  ամփոփել են նախընտրական քարոզարշավը

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի առաջնորդները ամփոփել են նախընտրական քարոզարշավը

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջին համար Արման Բաբաջանյանն ասաց, որ այսօր հայ ժողովուրդը կանգնած է ջրբաժանի առաջ։ «Հունիսի 20-ին մենք ընտրելու ենք Հայաստանի և կայսրության միջև, մենք ենք որոշելու՝ հայոց պատմության թափանիվը ետ է շրջվում, թե առաջ։ Ցանկացած տատանում կարող է կործանարար լինել։ Ձեր որոշման մեջ պետք է լինեք հստակ և աներեր, դրանից է կախված, թե ինչպիսի Հայաստան կունենանք վաղը»։ Բաբաջանյանն ասաց, որ քարոզարշավի օրերին ներկայացրել են ժողովրդավար Հայաստանի և հայ ժողովրդի կյանքի ու ապագայի վերաբերյալ իրենց ծրագրերը։ «Դրանցից հիմնականներն են անվտանգությունը, որի առանցքը պաշտպանությունն է, ազգային անվտանգության ապահովման համակարգն է, մեր սահմաններն են։ Հայաստանի ինքնաբավ պաշտպանության և անվտանգության համար անհրաժեշտ է հզոր արդյունաբերություն, բանակի և կյանքի մյուս ոլորտներն ապահովող ռազմարդյունաբերություն, իսկ այդ բոլորն ունենալու համար անհրաժեշտ է բարձրակարգ կրթություն, տեղեկացված և հմտությունների տիրապետող համախմբված հասարակություն»։ Նա հավելեց, որ հաստատակամ և վստահ են իրենց ծրագրերի իրագործելիության և արդարացիության մեջ։ «Մենք գիտենք՝ ինչպես մեր միակ ռազմավարական դաշնակցի՝ Սփյուռքի հետ թև թևի տված լծվենք մեր երկրի տնտեսության, արդյունաբերության, ռազմարդյունաբերության, գյուղատնտեսության, արտադրական կարողությունների, գիտության, բարձրագույն և հանրակրթական, մշակույթի, ներքին և արտաքին քաղաքական հիմնահարցերի լուծմանը։ Մենք ունենք անհրաժեշտ ձիրքեր, գիտելիք, փորձ ու կարողություն, և մենք Հայաստանը կպատրաստենք թռիչքի, հերթը ձերն է»։ Դաշինքի երկրորդ համար Լևոն Շիրինյանն էլ ասաց, որ հունիսի 20-ին Հայաստանը ընտրություն է կատարում գողապետության և արդիական, քաղաքակիրթ պետության միջև։ «Դա նշանակում է՝ հայ ժողովրդի առջև կանգնած է  գերբարդ խնդիր։ Կարողանալ տասնամյակների, նույնիսկ հարյուրամյակների զարգացման թերություններ շրջանցել, մերժել, դրական լիցքերը պահպանել և առաջ շարժվել։ Դա է մեր ապագան, դա է քաղաքակիրթ մարդկության, համաշխարհային քաղաքականության մեջ հայ ժողովրդի՝ իր դերի ու նշանակության աստվածային նախատեսումը։ Դա նշանակում է, որ այսօր մենք հստակ պետք է մերժենք գողապետությունը, միաժամանակ ճանապարհ տանք այն ուժերին, որոնք հեղափոխության խնդիրներն ու իդեալները շարժելու ենք առաջ»։
15:47 - 18 հունիսի, 2021
Հետընտրական զարգացումները քիչ հավանական են, հույսը դրել են մարդկանց կաշառելու վրա. Սաֆարյան |armtimes.com|

Հետընտրական զարգացումները քիչ հավանական են, հույսը դրել են մարդկանց կաշառելու վրա. Սաֆարյան |armtimes.com|

armtimes.com: ՀԺ-ն քարոզարշավի շրջանակներում զրուցել է «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի ընտրացուցակի 5-րդ համար Ստյոպա Սաֆարյանի հետ՝ քարոզարշավի, հետընտրական զարգացումների եւ ընտրությունների ընթացքի մասին: - Պարո’ն Սաֆարյան, քարոզարշավը շուտով կավարտվի: Եթե ամփոփենք այն, ապա ի՞նչ բնութագրում կտաք: Գո՞հ եք ձեր եւ մնացյալ քաղաքական ուժերի անցկացրած քարոզարշավից: - Չի եղել մեկ օր, որ մենք չփորձենք լինել որեւէ բնակավայրում: Ժամանակս չի հերիքում բոլորի քարոզարշավին հետեւելու, բայց ասել, թե շատ լուրջ ծրագրային քննարկում է գնում կուսակցությունների կամ դաշինքների կողմից, այդպես չէ: Քարոզարշավին մասնակցում են ուժեր, որոնք ի սկզբանե նպատակ են դրել թույլ չտալ, որպեսզի քարոզարշավին ծրագրային բանավեճ լինի: Հենց նրանք էլ առաջ բերեցին սպառնալիքները եւ հայհոյանքը, եւ այս ցավալի իրավիճակում հայտնվեցինք բոլորս: Այս ամենը պատահականություն չէ: Նախկին իշխանությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, առաջին հերթին «Հայաստան» անունը կրող դաշինքը, բացարձակապես հետաքրքրված չէ ու չի էլ ուզում մնացածը խոսեն գիտությունից, մշակույթից, կրթությունից, առողջապահությունից: Բայց մենք դա փորձում ենք անել: - Հաճախ քննադատվում է «Քաղաքացիական պայմանագրի» անցկացրած քարոզարշավը: Սա ինչպե՞ս կգնահատեք: - Նրանցը բացառիկ քաղաքական քարոզարշավ է եւ այն խոշոր առումով հաջողված է: Դրա ապացույցը այն հրապարակներն են, որոնք լեցուն են քարոզարշավի ընթացքում: Բայց ես ուզում եմ իշխող կուսակցությունը զգա, թե ինչ պատասխանատվություն ունի, եւ եթե նույնիսկ խոսքը հասարակությանը ստրկացնել ցանկացողներին պատասխանելու մասին է, կուզենամ նրանք չիջնեն մյուսների մակարդակին: - ՔՊ-ն եւ «Հայաստան» դաշինքն իրենց քարոզարշավը հիմնականում կառուցում են այս թեզի վրա, որ եթե ես չլինեմ, լինելու է մյուսը: Ստացվում է, որ իրենք մնացյալ 24 քաղաքական ուժերին մղում են երկրորդ պլան: - Այո, կա այդպիսի բան: Երկու ուժերի մոտ էլ երրորդն ավելորդ է: Բայց մենք ամեն հնարավոր բան անում ենք, մեզանից ինչ կախված է: Ամեն քայլափոխի տեսնում ենք մարդկանց ռեակցիաները, իմ տպավորությունները միանշանակ են, մեծամասնության կողմից նախկիններն այլընտրանք չեն համարվում: - Պարոն Սաֆարյան, հետընտրական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: - Պարզ է, որ կփորձեն ինչ-որ զարգացումներ անել որոշ քաղաքական ուժեր: Չնայած իրենք տեսան, որ նոյեմբերի 9-ից հետո իրենց հրահրած ակցիաները մարեցին: «Հայաստան» դաշինքը չի թաքցնում իր նկրտումները, անգամ քարոզարշավի ժամանակ նկատելի է, որ նրանց աջակցող մարդիկ փորձում են սադրանքներ իրականացնել մեր հավաքների ժամանակ, արդեն քանի օր է այդպիսի դեպքերի ականատեսն ենք լինում: - Կմանրամասնե՞ք: - Մեր հանրահավաքները փորձում են խանգարել, բղավում են, Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ են հնչեցնում: Երեկ Նոր Նորքում, երբ մի երիտասարդ սկսեց վանկարկումներ անել, մարդիկ կայծակնային արագությամբ արձագանքեցին, եւ քիչ էր մնում հաշվեհարդար տեսնեին: - Ինչպե՞ս հասկացաք, որ տվյալ անձը «Հայաստան» դաշինքի աջակիցներից է: - Խոսում էր բացառապես նույն բառապաշարով, ինչ դաշինքի անդամները, եւ երբ դաշինքի մասին որեւէ բացասական արտահայտություն էր լինում, նա միանգամից արձագանքում էր: - Պարոն Սաֆարյան, մեկ ամսից ավելի է՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային հատվածներում ադրբեջանական զորքեր են: Այս հարցի լուծումը ձեր քաղաքական ուժն ինչպե՞ս է տեսնում: - Ադրբեջանի կողմից ակնհայտորեն խախտվել է միջազգային իրավունքը: Խախտվել է ՀՀ-ի սահմանային ամբողջականությունը: Այս հարցի վերաբերյալ մի շարք պետություններ հայտնել են իրենց դիրքորոշումը, քանի որ սա նաեւ միջազգային կարգի սպառնացող վտանգ է: Այս խնդրի լուծումը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու ներսում միայն չպետք է տեսնել: ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր շատ արագ, հուսով ենք ընտրություններից հետո ավելի արագ կտրվի հարցի լուծումը: Խնդրի լուծման համար միջազգային շատ ֆորմատներ կան: Մենք վատ ենք օգտագործում միջազգային մի շարք գործիքներ, որոշները ընդհանրապես չենք օգտագործում: Մենք վատ ենք օգտագործում խորհրդարանական դիվանագիտությունը, որով կարող ենք զեկույցներով մեծացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանը հետ կկանգնի այն ժամանակ, երբ հասկանա, որ դրա դիմաց գին է վճարելու եւ դա պետք է անել բոլոր խողովակներով: Բարեբախտաբար ԱՄՆ-ն եւ մի շարք պետություններ հստակ ֆիքսել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է վերադառնա այն դիրքերը, որտեղ եղել է մինչեւ մայիսի 11-ը: - Ո՞ր ուժի կամ ուժերի հաղթանակի դեպքում ձեր քաղաքական ուժը կսկսի փողոցային պայքար, ինչպես 2018-ին արեց Նիկոլ Փաշինյանը: - Տեսանելիորեն Փաշինյանը եւ իր քաղաքական ուժը այս պահին արձանագրել են առաջատարի դիրքեր: Հետընտրական ցանկացած զարգացում հնարավոր է այն դեպքում, երբ ընտրությունները կեղծվում են: Երբ ընտրությունների արդյունքների վերաբերյալ անվստահություն ձեւավորվի, ապա հիմք կլինի հետընտրական գործընթացներ սկսելու: Բայց իշխանությունները տեսնում են իրենց աջակցության մակարդակը եւ չունեն ընտրությունների վրա ազդելու շահագրգռվածություն: Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժի համար, որը պլանավորում է հետընտրական զարգացումներ, հեշտ է լինելու: Եթե ընդդիմությանը չհաջողվեց մարդկանց ոտքի հանել պատերազմի պարտության ֆոնին, ապա չեմ կարծում, որ խորհրդարանական ընտրություններն այնպիսի թեմա է, որ կկարողանան մարդկանց հանեն փողոց: Ընդդիմություն կոչվածը իր հույսը դրել է մարդկանց կաշառելու վրա, իսկ կաշառք վերցնող մարդկանցով հեղափոխություն չես անի, այդպիսի մարդիկ փողոց դուրս չեն գա: - Այսինքն՝ ընդհանրապես շանս չե՞ք տեսնում, որ «Հայաստան» դաշինքը կարող է հաղթանակ տանել: - Բացարձակապես: Նրանք մի դեպքում կարող են հույս ունենալ հաղթանակի, եթե խորհրդարանի ներսում հայտնվեն իրեն սատարող ուժերը, որոնց հետ էլ կարող են կոալիցիա կազմել: Դա է միակ տարբերակը: Իրենք չունեն այլ շանս ու պոտենցիալ: Քոչարյանը երբեք չի կարող սիրվել ժողովրդի կողմից:
10:40 - 17 հունիսի, 2021
Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը․ Արման Բաբաջանյան

Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը․ Արման Բաբաջանյան

Համայն հայության ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանում, որովհետև առաջիկա օրերը, զարգացումները ճակատագրական են լինելու Հայաստանի համար։ Սպիտակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը։   «Ըստ էության, որոշվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Հայաստանը կշարունակի՞ իր գոյությունը որպես անկախ, ազատ, ժողովրդավար երկիր, թե՞ կդառնա մի մեծ կայսրության գուբերնիա, ծայրամասային մի երկրամաս։ Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը։ Մենք այստեղ ենք, որպեսզի Հայաստանը լինի, իսկ գողապետերը մեռնեն։ Նրանք, ովքեր պատերազմ են հայտարարել մեր երկրին, մեր պետությանն ու պետականությանը, մեր ժողովրդավար հեռանկարին, նրանք չպիտի որևէ շանս, որևէ հնարավորություն ստանան մեր երկրում, մեր քաղաքական միջավայրում տեղ ունենալ»։ Բաբաջանյանն ասաց, որ իր նշած քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններում ամոթալի է։ «Այս ընտրություններում նրանց մասնակցությունն իսկապես ամոթալի է, և ամոթը բոլորինս է, որովհետև բանտում լինելու փոխարեն այս մարդիկ քաղաքական հայտ են ներկայացրել, և այս ընտրություններում նստած օրեր ու ժամեր են հաշվում, հետն էլ ինչ-որ նազիր վեզիրների ու ժիլետների նշանակումներ են անում»։ Նրա խոսքով՝ այդ ուժերի հաղթանակը կամ ԱԺ-ում որևէ ձևաչափով հայտնվելը Հայաստանի պարտությունը կլինեն։ «Մենք պիտի որոշենք՝ Հայաստանը այս ճակատամարտում պիտի հաղթի, թե՞ պարտվի։ Մենք այս կենդանի պատով ապահովելու ենք մեր երկրի թիկունքային ապահովությունը և երաշխավորելու ենք, որ որևէ ոտնձգություն, որևէ հարձակում մեր պետության դեմ, ժողովրդի իշխանության դեմ, ժողովրդի կամարտահայտության դեմ չպիտի տեղի ունենա, և մենք որևէ բան չենք խնայելու հասնելու համար բաղձալի արդյունքի»։
14:56 - 16 հունիսի, 2021
Հայաստանի վատթարագույն անցյալը իր դերակատարներով մոբիլիզացել է պետության դեմ․ Հայկ Սուքիասյան

Հայաստանի վատթարագույն անցյալը իր դերակատարներով մոբիլիզացել է պետության դեմ․ Հայկ Սուքիասյան

Մենք ամեն անգամ նորից պետք է վերլուծենք, թե ինչ իրադրության պայմաններում ենք, որպեսզի հասկանանք, թե ընտրությունը ում օգտին կամ ինչի օգտին պետք է անենք։ Այս մասին Աբովյան քաղաքում «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի քարոզարշավի ընթացքում հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Հայկ Սուքիասյանը։ Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի վատթարագույն անցյալը, կողոպտված անցյալը իր դերակատարներով մոբիլիզացել է պետության դեմ։ «Ոչ թե որ իրենք պարզապես  խորհրդարանում տեղ ունենան, ընտրություններում ձայն հավաքեն, ոչ, իրենց նպատակը բացարձակ այլ է, իրենք գրոհելու են պետության դեմ։ Եվ այստեղ Հայաստանի երեք նախագահները համախոհ են»։ Նա նշեց, որ Հայաստանի երեք նախագահները համախոհ են պետության ունեզրկման, պետության չգոյության հարցում։ «Հետևապես սա մենք պիտի լավ հասկանանք, որպեսզի մեր ընտրության հարցում լինենք օբյեկտիվ և իմաստավորված։ Եվ այսօր այդ կողոպտված անցյալի դերակատարները Հայաստանի չգոյությունը երազողները կազմակերպված ձևով գրոհել են և գրոհում են ամբողջ արսենալով»։ Նա նաև նշեց, որ անցյալը Հայաստանում չպետք է դերակատարություն ունենա։ «Եթե սրանք նույնիսկ նվազագույն դերակատարություն ունեցան, իմացեք՝ Հայաստանի կյանքի և ապագայի հարցը դրվում է օրակարգում։ Բայց քանի որ Հայաստանը ունի ապագա, և շատ ավելի լավ ապագա, քան մենք երբևէ ունեցել ենք, հետևաբար մեր ընտրությունը և մեր հայացքը պետք է ուղղվի Հայաստանի այն քաղաքական դերակատարների ուղղությամբ, որոնք ձեզ խոստանում են սուվերեն Հայաստան»։ Նա նաև հավելեց, որ Հայաստանի ինքնիշխանությունից անգամ մեկ սանտիմետր հետքայլը անընդունելի է։ «Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը սրբազան բան է, դրանից մեկ սանիմետր հետքայլը անընդունելի է, և մենք վստահեցնում ենք, որ այս պարագայում դուք կունենանք վստահություն, որ Հայաստանում ամեն բան լավ է լինելու»։
17:42 - 15 հունիսի, 2021
Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը խոստանում է «ատամներով պահել» Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը |armenpress.am|

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը խոստանում է «ատամներով պահել» Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը |armenpress.am|

armenpress.am: Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը համարում է երկրի անվտանգության երաշխիք: Այս մասին ասաց դաշինիքի ցուցակը գլխավորող Արման  Բաբաջանյանը՝ քարոզարշավի շրջանակում Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Հայաստանը հասկացել է, որ իր արտաքին քաղաքականության բազմազանեցումն այլընտրանք չունի: Սակայն մինչև Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, անհրաժեշտ է, որ դիվերսիֆիկացնենք նաև ներսում քաղաքական միջավայրը: Եվ առաջիկա ընտրություններն այդ հնարավորությունն են տալու: Եթե մենք իսկապես կարողանանք ժողովրդավարության պաշտպանությանը հավատարիմ քաղաքական  ուժերին իշխանության մաս դարձնենք, Հայաստանը կունենա ժողովրդավարական ապագա»,-ասաց Բաբաջանյանը: Նա հիշեցրեց՝ իրենց դաշինքն առաջին օրից հայտարարել է, որ հանդես է գալիս Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության դիրքերից՝ շեշտելով, որ իրենց համար ժողովրդավարության պաշտպանությունը Հայաստանի անվտանգության երաշխիքն է: «Մեզ համար ժողովրդավարության պաշտպանությունը Հայաստանում դատաիրավական, տեխնոլոգիական, գյուղատնտեսական, ագրոարդյունաբերական, արդյունաբերության արտադրության հեռանկարների հնարավորությունն է, Հայաստանի թռիչքի, զարգացման,  Հայաստանի հնարավորությունների երաշխիքն է: Եվ մենք ատամներով պահելու ենք Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը»,- ընդգծեց Բաբաջանյանը: Նա հավելեց՝ տեսնում են, որ որոշները պատրաստվում են ոտնձգել Հայաստանի ժողովրդավարական ձգտումների նկատմամբ՝ հավելելով, որ առաջիկա օրերին հավանաբար լինելու են նաև այդպիսի դրսևորումներ: Բաբաջանյանը շեշտեց, որ  իրենց դաշինքը կանգնելու է մեջտեղում և թույլ չի տալու, որ պետությունը ճկելու, կազմաքանդելու տրամադրությունները, ցանկությունները կյանքի կոչվեն:  
22:58 - 13 հունիսի, 2021
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի անդրադարձը՝ աշխատանքի, ժողովրդագրության, ապահովագրված առողջության և այլ թեմաների

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի անդրադարձը՝ աշխատանքի, ժողովրդագրության, ապահովագրված առողջության և այլ թեմաների

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքն անդրադարձել է սոցիալական աջակցության, աշխատանքի, ժողովրդագրության, ընտանիքի ինչպես նաև կանխարգելիչ առողջապահության և ապահովագրված առողջության թեմաներին՝ մասնավորապես, նշելով․«Սոցիալական աջակցություն, աշխատանք, ընտանիք և ժողովրդագրություն Ծայրահեղ աղքատության հաղթահարում, կրթական բարեփոխումների միջոցով բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և իրականացնել բարձր աշխատավարձերի քաղաքականություն՝ բարեփոխելով ընտանիքի անապահովության գնահատման համակարգը։ Երեխաների ծննդով և դաստիարակությամբ պայմանավորված նպաստների համակարգի կատարելագործում, պարբերաբար վերանայում և ինդեքսավորում, պրոգրեսիվ սանդղակով վճարվող ընտանեկան հավելավճարների համակարգի ներդնում, բազմազավակ ընտանիքներին սոցիալական երաշխիքների տրամադրում։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի զարգացում, մարզային ՆՈՒՀ-երի վարձավճարների փոխհատուցում և ՆՈՒՀ-երի աշխատաժամանակի երկարացում, երեխա խնամող ծնողների համար լրացուցիչ աշխատանքային արտոնությունների և երաշխիքների սահմանում։ Կանխարգելիչ առողջապահություն և ապահովագրված առողջություն Կանխարգելիչ առողջապահություն՝ առողջ ապրելակերպի, առողջության պահպանման նպատակով կանխարգելիչ հետազոտությունների ու վաղ ախտորոշման և ժամանակին պրոֆիլակտիկ պատվաստումների ապահովման միջոցով։ Առողջապահության ֆինանսավորման կոմբինացված և բազմակոմպոնենտ համակարգի ներդրում՝ պետական սուբսիդավորումից մինչև առողջապահական ապահովագրության բազմազանեցված գործիքակազմով, ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրվող հիվանդությունների ցանկի ընդլայնում, հստակեցում և առավելագույն ծածկույթի ապահովում»։
15:15 - 13 հունիսի, 2021