«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»

14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

14 կուսակցության հայտարարագիր դատարկ է. ոչ գույք ունեն, ոչ եկամուտ ու գումար |hetq.am|

hetq.am: 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներից բացի Կենտրոնական ընտրական հանձնաժողով գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում նաև կուսակցությունները և դաշինքները: Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հայտարարագրերն ըստ գրանցման հերթականության: Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Ընտրությանը մասնակցում են 26 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Առանձին մասնակցող կուսակցություններից և դաշինքներում ընդգրկված կուսակցություններից 14-ի հայտարարագրերը դատարկ են. ոչ եկամուտ են հայտարարագրել, ոչ դրամական միջոց ու գույք: 1. «Արդար Հայաստան» կուսակցություն Կուսակցությունը վերջերս՝ 2021թ. մայիսի 21-ին է ստացել պետական գրանցում: Այդ իսկ պատճառով կուսակցության հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն Վերը նշված ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 11 մլն 478 հազար 500 դրամ, որը գոյացել է անդամավճարներից և նվիրատվություններից: Հաշվին առկա դրամական միջոցները համեմատաբար քիչ են՝ 506 հազ. 482 դրամ: Հայ ազգային կոնգրեսն ունի մեկ անշարժ գույք, որը Սարյան փողոցի վրա գտնվող կուսակցության շենքն է: Տարածքը կազմում է 297 քմ: 3․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Կուսակցությունը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Եկամուտները կազմում են մոտ 69 մլն դրամ, որից 39 միլիոնը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացած մասը՝ անդամավճարները և նվիրատվությունները: ՔՊ կուսակցությունը հայտարարագրել է նաև ֆինանսական միջոցներ, որը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 22 մլն 240 հազար դրամ:  4․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է: Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 19-ին: Այդ պատճառով հայտարարագիրը դատարկ է: Չի հայտարարագրվել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ: 5․ «Ազատություն» կուսակցություն Կուսակցությունը որևէ գույք չի հայտարարագրել՝ ոչ շարժական, ոչ անշարժ: Եկամուտները կազմել են 10 մլն 565 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար, որը գոյացել է կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և ընտանիքի անդամի վճարումներից: 6․ «Պատիվ ունեմ» դաշինք Դաշինքի մեջ մտնում է երկու՝  «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները: «Հանրապետական» կուսակցությունը հայտարարագրել է 78 միավոր անշարժ գույք՝ հողատարածքներ և շենք-շինություններ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Կուսակցությունն ունի մեկ ավտոմեքենա՝ 1993թ. արտադրության «Վազ 2121»: Հանրապետական կուսակցության եկամուտները կազմել են մոտ 211 մլն 200 հազար դրամ, որից 5 մլն 208 հազար դրամը՝ պետական բյուջեից ստացած օրենքով նախատեսված ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից, նվիրատվություններից, վարձակալությամբ տրված տարածքների դիմաց ստացած վճարումներից ստացած գումարներն են: Կուսակցությունը նշված ժամանակահատվածում հայտարարագրել է դրամական միջոց՝ 2 մլն 784 հազար դրամ: «Հայրենիք» կուսակցությունը ոչ եկամուտ է հայտարարագրել, ոչ դրամական միջոց: Ըստ հայտարարագրի՝ կուսակցությունն ունի 3 անշարժ գույք, որից երկուսն օգտագործում է վարձակալության հիմունքներով, մեկը՝ անհատույց: 7․ «Միասնական Հայրենիք» ուսակցություն Այս կուսակցությունը ևս նոր է պետական գրանցում ստացել՝ 2021թ. մայիսի 25-ին: Այդ իսկ պատճառով ոչինչ հայտարարագրված չէ: 8․ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն Պետական գրանցում ստացել է 2021թ. մայիսի 21-ին: Հայտարարագրված որևէ գույք չկա: 9․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտները կազմել են 61 մլն 914 հազար դրամ, որից 7 մլն 57 հազարը՝ պետբյուջեից ստացած ֆինանսավորումն է, իսկ մնացածը՝ անդամավճարներից և նվիրատվություններից ստացածը: Կուսակցության հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 32 մլն 500 հազար դրամ: «Լուսավոր Հայաստան»-ը վարձակալական հիմունքներով օգտագործում է 5 միավոր շենք-շինություն՝ Երևան, Գյումրի, Մարտունի, Հրազդան, Եղեգնաձոր համայնքներում: 10․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն Կուսակցությունը թեև պետական գրանցում ստացել է 2018թ. սեպտեմբերի 28-ին, սակայն որևէ գույք, դրամական միջոց, եկամուտ չի հայտարարագրել: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: 11․ «Հանրապետություն» կուսակցություն Կուսակցության եկամուտը կազմել է 10 մլն դրամ, որը գոյացել է անդամավճարներից: Իսկ դրամական միջոցները կազմել են մոտ 1 մլն 30 հազար դրամ: Կուսակցությունը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել: 12․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն Կուսակցությունը գրանցվել է 2018թ․, սակայն որևէ գույք, դրամական միջոց և եկամուտ չի հայտարարագրել: 13․ «Ազատ Հայրենիք» Դաշինք Դաշինքի մեջ մտնում են 5 կուսակցություն՝ Պահպանողական կուսակցությունը, Ազգային ժողովրդավարների Դաշինք կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը, Հայ կառուցողական կուսակցությունը և Հայաստանի կանաչների կուսակցությունը: Պահպանողական կուսակցությունը թեև գրանցվել է 1991թ․, սակայն, ըստ հայտարարագրի, ոչ գույք ունի, ոչ եկամուտ ու դրամական միջոցներ: Հայտարարագիրն ամբողջությամբ դատարկ է: Նույնը նաև 2003թ․ պետական գրանցում ստացած Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության դեպքում: Հայտարարագրի բոլոր սյունակները դատարկ են: Հայ կառուցողական և Հայաստանի կանաչների կուսակցությունները դարձյալ ոչինչ չեն հայտարարագրել: Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը միայն եկամուտ է հայտարարագրել՝ 120 հազար դրամ: Կուսակցության եկամուտը գոյացել է երկու նվիրատվություններից: 14․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է միայն կառավարության կողմից պետբյուջեի միջոցներից հատկացրած աջակցությունը՝ 9 մլն 151 հազար դրամ: Իսկ կուսակցության հաշվին եղել է 573 հազար դրամ:  «Բարգավաճ Հայաստանը» ոչ գույք, ոչ էլ այլ եկամուտ չի հայտարարագրել: Ստացվում է, որ կուսակցությունը նույնիսկ անդամավճար չի հավաքել: 15․ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն Հաշվետու ժամանակահատվածում կուսակցության եկամուտը գոյացել է միայն անդամավճարից՝ 3 մլն 685 հազար դրամ: Կուսակցության հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 1 մլն 565 հազար դրամ: «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության հայտարարագրի մնացած տողերն ազատ են: 16․ «5165 Ազգային Պահպանողական Շարժում» կուսակցություն Կուսակցությունը պետական գրանցում ստացել է 2005թ․: Կուսակցությունը չի հայտարարագրել ոչ գույք, ոչ դրամական միջոցներ ու եկամուտ:  Շարունակությունը՝ hetq.am-ում
11:11 - 09 հունիսի, 2021
ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցումը |armenpress.am|

ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել պատգամավորի 6 թեկնածուի գրանցումը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ին կայացած նիստին որոշում ընդունեց հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչել: Մեկ թեկնածուի դեպքում ինքնաբացարկի դիմումը մերժվեց:  Ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աղունիկ Հակոբյան: ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումը ճանաչել ուժը կորցրած: Նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արտյոմ Պողոսյանը, Գագիկ Տոնականյանը ևս ներկայացրել էին ինքնաբացարկի դիմում: Նրանց պարագայում ևս ԿԸՀ-ն ընդունեց դիմումը և գրանցումը ճանաչեց ուժը կորցրած: Ինքնաբացարկ ներկայացրած հաջորդ թեկնածուն Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միքայել Միքայելյանն էր: Քննարկելով դիմումը՝ ԿԸՀ-ն որոշեց նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչել: Ինքնաբացարկի հաջորդ երկու դիմումը «Միասնական Հայրենիք» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից էին: Պատգամավորի թեկնածուներ Շուշան Ավետիսյանի և Արմինե Օհանյանի գրանցումներն ուժը կորցրած ճանաչվեցին: Ինքնաբացարկի դիմում է ստացվել էր նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհար Ազատյանից: Դիմումը նոտարական վավերացում չուներ, իսկ նման դեպքում դիմումատուն պետք է ներկա գտնվի նիստին: Քանի որ նա ներկա չէր, ԿԸՀ-ն որոշմամբ նրա դիմումը մերժվեց:
13:07 - 08 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը |armenpress.am|

Քարոզարշավ օր 1. Հայտնի է քաղաքական ուժերի այցելությունների ժամանակացույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 7-ից մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից՝ ժամը 11:00-ից: Առաջին կանգառը Փարաքարն է՝ Մշակույթի տան դիմաց, ապա 11:40-ին՝ Էջմիածնում՝ կրկին Մշակույթի տան դիմաց: 13:20-ին կուսակցությունը լինելու է Գայ գյուղում՝ գյուղապետարանի դիմացի այգի, 14:00-ին՝ Գեղակերտում՝ Մշակույթի տան դիմաց, 14:40-ին՝ Մեծամոր քաղաքում՝ Մշակույթի տանը, 15:50-ին Մրգաշատում՝ Մշակույթի տան դիմաց, Փշատավանում՝ Մշակույթի տան դիմաց, 17:40-ին՝ գյուղ Արմավիրում՝ Մշակույթի տան դիմաց, 18:35-ին՝ Քարակերտում՝ Մշակույթի տան դիմաց: Վերջին կանգառը լինելու է քաղաք Արմավիրը՝ Հրապարակում: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է ժամը 11-ից և Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մշակույթի տան դահլիճում, այնուհետև 12:30-ին Մեղրի քաղաքի մշակույթի պալատում հանդիպումներ է ունենալու ժողովրդի հետ: 14:30-ին՝ Քաջարանում՝ Ֆ. Պետրոսյանի անվան հրապարակում և 18:30-ին Կապանի Գ. Նժդեհի անվան հրապարակում հանրահավաքներ են լինելու: «Պատիվ ունեմ» դաշինքը ժամը 12:00-ին քարոզարշավ կիրականացնի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից, ապա վերադառնալու են Երևան, որտեղ կլինի ծրագրի հաստատման, քարոզարշավի մեկնարկի արարողություն: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը նախընտրական քարոզարշավը սկսելու է Արմավիրի մարզից: Նրանք ժամը 14:00-ին քայլերթ են իրականացնելու Էջմիածնի ակումբի մոտից մինչև հրապարակ, այնուհետև 16:30-ին նախատեսվում է հավաք Արմավիր քաղաքի նորաբաց այգում: Ժամը 17:30-ին դաշինքի թիմը լինելու է Խանջյան գյուղում, իսկ 20:30-ին քարոզչական օրն Արմավիրի մարզում եզրափակելու են հավաքով՝ «Մեյմանդարի» շուկայում: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ հունիսի 7-ին ժամը 11:00-ից սկսել են իրենց քարոզարշավը Կասկադ համալիրի ՝ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ժամը 17:30-ին՝ Աբովյան քաղաքից: Ժամը 19:00-ին նրանք կլինեն Նոր Հաճնում: «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ը քարոզարշավը սկսել է 11։00-ից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից, այնուհետև 13:30-ին լինելու են Սարուխան գյուղում, 13։30-ին՝ Գանձակում, 15։00-ին՝ Գավառում: Ժամը 18։30-ին քարոզարշավի առաջին օրը Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կամփոփի Նորատուս համայնքում։ Ազգային-ժողովրդավարական բևեռը քարոզարշավն սկսում է մամուլի ասուլիսով և դրամահավաքով, որոնք տեղի կունենան Ուրարտու ռեստորանային համալիրում (Պռոշյան փողոց, Ձորափի 1)՝ մամուլի ասուլիսը՝ ժամը 18։00-ին։ Դրամահավաքի երեկույթը սկսվում է նույն օրը՝ ժամը 19։00-ին, ռեստորանային համալիրի դահլիճում։  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության քարոզարշավը մեկնարկելու է Նուբարաշեն վարչական շրջանից: 17:00-ից Նուբարաշենի կենտրոնական զբոսայգու հարևանությամբ հանդիպում   քաղաքացիների հետ. 19:30 Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնի դահլիճ.  20:00-ից քայլերթ Էրեբունի Մասիվում
12:40 - 07 հունիսի, 2021