Starmus Festival

Մեզանում գիտությունը գովազդելու, մասսայականացնելու կարիք կա. Գարիկ Իսրայելյան  


 |armenpress.am|

Մեզանում գիտությունը գովազդելու, մասսայականացնելու կարիք կա. Գարիկ Իսրայելյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում պետք է ուժեղացնել գիտության մասսայականացումը, որում պետք է ներգրավված լինեն թե՛ պետությունը, թե՛ կրթության ոլորտը, թե՛ մեդիան։  «Արմենպրես»-ի հետ զրույցում աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը նշեց, որ գիտությունը գովազդվելու կարիք ունի, և այդ գործին պետք է նվիրվեն հենց գիտնականները։ Փառատոնը ևս կարելի է որպես գիտության գովազդ դիտարկել։  Վերջինիս խոսքով՝ Հայաստանում հնարավոր չէ գիտության բոլոր ուղղությունները զարգացնել։ Կարելի է ընտրել պրակտիկ, կիրառելի գիտության ոլորտները։ Ընդգծեց, որ ուրախ է գիտության ֆինանսավորման բարձրացման համար։ Իր կարծիքով՝ պետք է Հայաստանում ուժեղացնել գիտության մասսայականացումը, որում պետք է ներգրավված լինի թե՛ պետությունը, թե՛ կրթության ոլորտը, թե՛ մեդիան։  «Առնվազն երկու ուղղությունով է պետք աշխատել։ Առաջինը՝ գիտության ֆինանսավորման բարձրացումն է, որը պետությունն արդեն արել է։ Եթե մենք ուզում ենք համալսարաններում ունենալ բարձ կարգի դասխոսություններ, ծրագրեր, պետք է ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Թե ինչ ձևերով և ինչ բանաձևերով, պետության միջամտությամբ, թե հենց անմիջապես բուհի՝ չեմ կարող ասել։   Գիտությունը պետք է գովազդվի, մասսայականացվի։ Այդ գործին պետք է նվիրվեն լավ գիտնականները, փառատոնը կարող ենք նաև որպես գիտության գովազդ դիտարկել։ Ես գիտեմ, որ գիտնականների մեծ մասը հեռու է մնում թե՛ մեդիայից, թե՛ հանրային ճանաչումից, բայց իրենք պետք է ներգրավված լինեն գիտությունը հանրայնացնելու գործում։ Ի դեպ, գիտնականների մեծ մասն էլ շատ մեծամիտ են, որը խանգարում է գործին։ Սա կազմակերպելու համար ճիշտ բանաձևեր են պետք»,- ընդգծեց Իսրայելյանը։  Աստղաֆիզիկոսը նշեց՝ ինքը և համահիմնադիր Բրայան Մեյը ամեն ինչ արել են, որ  «Սթարմուս» հրավիրված գիտնականներն ու երաժիշտները բարձր մակարդակ ունենան։ Պատմեց՝ շատ են եղել դեպքեր, երբ հրավիրյալներից ոմանք ասել են, որ չեն խոսի մի հարթակում, որտեղ քիչ են օրինակ Նոբելյան մրցանակակիրները։ Նման գիտնականներ մեր փառատոնին անհրաժեշտ չեն։ Մասնակիցները պետք է հնարավորություն ունենան անձամբ շփվել բոլոր բանախոսների հետ։ Ներկայումս հրավիրյալների մոտ չկա խանդ, մեծամտություն, բարդույթներ։ Կա մի բարձր մակարդակ, որից հետո բարդույթները վերանում են։ Փառատոնին հենց նման մասնագետներ են հրավիրվում։   «Սթարմուս»-ի պատմությունը պատմելով՝ Իսրայելյանը նշեց՝ Բրայան Մեյի հետ հանդիպել է 1998-ին, այն ինստիտուտում, որտեղ ինքն էր աշխատում Բրայանը աստղաֆիզիկայի գծով դիտումներ էր կատարում, որից հետո թողել էր գիտությունն ու սկսել զբաղվել երաժշտությամբ։ Իսրայելյանը պատմեց, իր աշխատանքի տարիներին հետաքրքիր գիտաֆանտաստիկ ֆիլմի գաղափար է ունեցել, գրել է, որն էլ ընկել է Բրայանի ձեռքը։ Հանդիպել են, քննարկել, որից հետո հանդիպումներն ավելի հաճախակի են դարձել, և իրենք մտերմացել են։ Անկեղծանում է՝ ապշած էր, երբ առաջին անգամ հանդիպել էր նրան. դեռ մանկուց հետևում էր «Քուին» խմբին ու հենց Բրայանին։ Պատմեց նաև, որ կիթառահարը հաճախ էր գալիս այն կղզի, որտեղ Իսրայելյանն էր աշխատում։ Բրայանը ծնողների մահից հետո փոշին Տեներիֆ է տարել և հայտարարել, որ իր մահից հետո իր փոշին ևս այդ կղզի տանեն։ Բրայանի ու կղզու կապը մեծ էր։  «Հանդիպումներից մեկի ժամանակ քննարկում էինք, թե ինչու գիտությանն ուշադրություն չի դարձվում։ Մտածում էինք, ինչ անել որ գիտությունն ավելի սովորական դառնա։ Մեզ մոտ էլ 2009-ին ամենամեծ աստղադիտակը պետք է բացվեր, որի ժամանակ համերգ էինք պլանավորում։ Համերգը չկայացավ, բայց ոգևորությունն այնքան շատ էր, որ զարգացրինք գաղափարն ու արդեն 2011-ին կայացավ «Սթարմուս»-ի առաջին փառատոնը։ Հենց սկզբից էլ մտածել էինք փառատոնի ձևաչափը. այն կենտրոնացած է աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի ներկայացմանը, ինչպես նաև հարակից այնպիսի գիտությունների, ինչպիսիք են կենսաբանությունն ու քիմիան»,- պատմեց Իսրայելյանը։  Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ չեն հասկանում գիտության ու երաժշտության կապը։ 2005 թվականին Գարիկ Իսրայելյանը հավաքագրել է աստղերի ներսում առաջացող ձայների մի ունիկալ գրադարան։ Ինքն ու Բրայանը իրենց առաջ պարզ խնդիր են դրել. այդ ձայներով երաժշտություն գրել։  «Հասկացանք, որ երաժիշտների մի մեծ բանակ շատ ոգեշնչված է գիտությամբ, ավելի կոնկրետ՝ տիեզերքով։ Կան երաժիշտներ, որոնք այդ ոգեշնչմամբ երաժշտություն են գրում և կան գիտնականներ, որոնք ոգեշնչվում են երաժշտությամբ»,- նշեց աստղաֆիզիկոսը։  Նրա խոսքով՝ ձևաչափը բացառիկ էր, դա էր պատճառը, որ հենց առաջին փառատոնին Նիլ Արմսթրոնգը մասնակից դարձավ՝ չնայած նրան, որ նա ոչ մի կոնֆերանսի երբեք չէր գնում։ Իսրայելյանի խոսքով՝ փառատոնի պոտենցիալին քչերն էին հավատում, բայց Արմսթրոնգի այցը բոլորին էր ապշեցրել. փառատոնը հաջողեց։  Աստղաֆիզիկոսը պատմեց՝ հինգերորդ փառատոնի ժամանակ հրավիրել են Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանին։ Նա նշեց, որ Սարգսյանը մեծ ոգևորությամբ մասնակցեց ու պնդեց, որ «Սթարմուս»-ը նաև Հայաստան գա։   «Այն Հայաստան բերելու շուրջ խոսեցի «Սթարմուս»-ի հոգաբարձուների խորհրդի հետ. մի քանի խնդիր առաջ քաշվեց։ Արդյոք մարդկանց կհետաքրքրի՞ փառատոնը, արդյոք մեդիան կհետաքրքրվի՞ դրանով, կգտնվե՞ն հովանավորներ։ Որոշեցինք ռիսկի դիմել։ Հայաստան բերելը էքսպերիմենտ է «Սթարմուս»-ի համար, որին մեր հոգաբարձուների խորհուրդը հարցականով էր նայում: Բոլորս գիտենք, որ «Սթարմուս»-ը արտակարգ կանցներ ցանկացած եվրոպական երկրում, և շատ հրավերներ կունենայինք, բայց որոշեցինք գալ Հայաստան՝ տեսնելու թե´ ժողովրդի, թե´ մեդիայի, թե´ տեղական բիզնեսի արձագանքն այս փառատոնի նկատմամբ»,- ասաց Իսրայելյանը։  Ցավոք, փառատոնը այս տարի ոչ մի տեղական հովանավոր չունի, մինչդեռ Նորվեգիայում տեղական ընկերությունները հերթ էին կանգնել «Սթարմուս»-ի հետ համագործակցելու համար: Գուցե այս երկու ամսվա ընթացքում Հայաստանում վիճակը փոխվի՞:  Նրա խոսքով՝ փառատոնին մասնակցում են շատ իրավաբաններ, բժիշկներ և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, գիտնականներ քիչ են լինում: Փորձել են նաև Հայկական ՏՏ համայնքին մասնակից դարձնել, բայց առայժմ դժվարանում է խոսել արդյունքներից։   Շարունակությունը՝ armenpress.am-ում 
13:40 - 17 հունիսի, 2022
Հայաստանում անցկացվելիք համաշխարհային STARMUS փառատոնի համար կազմվել է միջոցառումների հավելյալ ծրագիր

 |armenpress.am|

Հայաստանում անցկացվելիք համաշխարհային STARMUS փառատոնի համար կազմվել է միջոցառումների հավելյալ ծրագիր |armenpress.am|

armenpress.am: STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։ Այս մասին  հունիսի 16-ի մամուլի ասուլիսին նշեց STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը: Մամուլի ասուլիսը կրում էր ոչ սովորական ձևաչափ հիմնական բանախոսը՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, հեռավար միացումով հյուրընկալել էր STARMUS խորհրդի անդամ Դեյվիդ Այքերին (David Eicher, Board member), Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերին (Edvard Moser, Nobel laureate, Neuroscientist) և երաժիշտ Դերեկ Շերինյանին: Հնչեցին Բրայան Մեյի և Սերժ Թանկյանի ուղերձները։ Գարիկ Իսրայելյանի խոսքով՝  STARMUS-յան փառատոնի հիմնական ծրագրի մաս է կազմում Կոնֆերանս «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» (Discover the cosmos and change the world), որն անց է կացվելու Մարզահամերգային համալիրի տարածքում, ակնկալվում է շուրջ 7000 մասնակցի ներկայություն։ «Կարևոր է նաև նշել Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման համար տրվող «Օսկար»։ «108 րոպե Կլոր-սեղան քննարկում» Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ, սթար փարթի (Star Party)՝ հատուկ միջոցառում աշխարհահռչակ հյուրերի և տեղացի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն անցկացվելու է Գառնիում։ Այստեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակներում Հայաստան բերված մեծաթիվ աստղադիտակներ»,- նշեց Իսրայելյանը։ Իսրայելյանն ընդգծեց, որ անցկացվելու են նաև հատուկ հայաստանյան փառատոնի համար կազմված հավելյալ միջոցառումներ: «Գիտության ճամբար՝ Science Camp, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, ուր ամենահասանելի ձևաչափերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները։ Ակնկալվում է շուրջ 100,000 այցելուի մասնակցություն՝ ինչպես Երևանից, այնպես էլ՝ ՀՀ մարզերից և Արցախից։ Տիեզերական տեխնոլոգիաներ՝ Space Technologies երկօրյա կոնֆերանսը, որը փառատոնի շրջանակներում անցկացվելու է Մարզահամերգային համալիրում, ներգրավելու է շուրջ 20 համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների, այդ թվում՝ տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող Satlantis ընկերությունից։ Ծրագիրը հայաստանյան բուհերի մասնակցությամբ կարևոր միջոցառումների շարք է, որն իրականացվելու է գործընկեր բուհերի հետ համագործակցության շրջանակներում և հնարավորություն է ընձեռելու ուսանողներին իրենց մայր բուհերում ունկնդրելու մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին»,- նշեց աստղաֆիզիկոսը։ Իսրայելյանի խոսքով՝ իրենց համար շատ կարևոր է առավելագույնս հասանելի դարձնել փառատոնը երիտասարդությանը, հասարակության ամենալայն շրջանակներին, և ի տարբերություն Եվրոպայի, ուր փառատոնի մասնակցության տոմսերի արժեքը հասնում էր 700 եվրոյի, հայաստանյան փառատոնի համար որոշվել է սահմանել հնարավոր նվազագույն մատչելի գին՝ 25,000 ՀՀ դրամ, ուսանողների համար այն կզեղչվի և կդառնա 20,000 ՀՀ դրամ: STARMUS-ի ձևաչափը ունիկալ է նրանով, որ հանրայնացնում է գիտությունը, այն մոտեցնում է երիտասարդությանը՝ ոգեշնչելով նոր հետազոտություններ ու հայտնագործություններ անելու հարցում։  Հայաստանը սեպտեմբերին հյուրընկալելու է աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին (Charles Bolden), Քրիս Հադֆիլդին (Chris Hadfield), Ջիմ Բագյանին (Jim Bagian), Ջորջ Նիլդին (George Nield), Չառլի Դյուկին (Charlie Duke), Նոբելյան մրցանակակիրների՝ Էդվարդ Մոուզերին (Edvard Moser), Քիփ Թորնին (Kip Thorne),  Էմմանուել Շարպենտիեին (Emmanuelle Charpentier), գիտնականների՝ Թոնի Ֆադելին (Tony Fadell), Բրայան Գրինին (Brian Greene), Դոննա Սթրիքլենդին (Donna Strickland), արտիստների՝ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին (Rick Wakeman), Սերժ Թանկյանին (Serj Tankian), Տիգրան Համասյանին (Tigran Hamasyan), Անդրեյ Մակարևիչին (Andrey Makarevich), Դերեկ Շերինյանին (Derek Sherinian), մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու գիտնականների, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:15 - 16 հունիսի, 2022
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է «STARMUS» 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է «STARMUS» 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը: Քննարկմանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Հարգելի գործընկերներ, գիտեք, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու «STARMUS» փառատոնը, և այդ միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար այժմ պետք է քննարկենք, թե ուր ենք հասել՝ ինչ է արվել մինչև հիմա և ինչ անելիք ունենք»: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների նախնական ծրագիրը և ժամանակացույցը: Անդրադարձ է եղել միջոցառումների ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական ասպեկտներին, այդ ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքներին: Քննարկվել են ենթակառուցվածքային և լոգիստիկ խնդիրների լուծմանը, միջազգային և տեղական հանրային իրազեկման գործընթացի, մարքեթինգային արշավի կազմակերպմանը, փառատոնի հասանելիության ապահովմանը վերաբերող և այլ հարցեր: Փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը նշել է, որ նման մասշտաբի գիտության փառատոն տարածաշրջանում անցկացվելու է առաջին անգամ, ինչը և մեծացնում է դրա գրավչությունը: Նախատեսվում է հանրահայտ գիտնականների, արվեստագետների, երաժիշտների մասնակցություն, որոնց թվում են նաև 8 Նոբելյան մրցանակակիրներ: Ընդգծելով «STARMUS» 6-րդ փառատոնի լավագույնս անցկացման կարևորությունը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի այդ գործընթացին և կապահովի միջգերատեսչական արդյունավետ գործակցություն: «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այն նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել 3-5 հազար այցելու աշխարհի տարբեր երկրներից:
13:12 - 13 ապրիլի, 2022
Գիտակրթական և մշակութային խաչմերուկում. Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը

Գիտակրթական և մշակութային խաչմերուկում. Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը

Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ: Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և ամրապնդելու Հայաստանի դիրքը գիտության ու արվեստի համաշխարհային քարտեզի վրա: «STARMUS» փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ դարձնելով այն հասանելի բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ: Հիշեցնենք, որ «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը, համաձայն 2020 թ.-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Starmus Universe 2007 S.L.» կազմակերպության միջև կնքված համաձայնագրի, նախատեսվում էր Հայաստանում անցկացնել դեռևս 2021 թ. սեպտեմբերին: Փառատոնի անցկացումը հետաձգվել է՝ պայմանավորված COVID-19 համավարակային իրավիճակով:
13:29 - 06 հուլիսի, 2021