«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:

Հիմնադրամի գործադիր տնօրենն է Ստեփան Մաչյանը։  

Նախկնում «Ճանապարհային դեպարտամենտը» պետական ոչ առևտրային կազմակերպություն էր (ՊՈԱԿ)։ ՀՀ կառավարության 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց որպես «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։

 

Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենը դիտարկել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատվածը

Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենը դիտարկել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը երեկ այցելել են Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատված։ Շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները։ Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթերը և այլն։ Շինարարին և տեխհսկողին հանձնարարվել է աշխատանքի կազմակերպման ընթացքում ուշադիր լինել և խստագույնս հետևել‚ որպեսզի բնակիչները սեփական նախաձեռնությամբ ջրահեռացման համակարգերում ու տեղադրվող վաքերում անցքեր չբացեն։ Դիտարկումներ են արվել մայթերի կառուցման, սալերի որակի վերաբերյալ: Նորոգվող մոտ 4կմ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքի ամենաբանուկ փողոցներով։ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը շինարարներին խնդրել է աշխատանքները ինտենսիվ կազմակերպել, որպեսզի շինարարությունը հնարավորինս շուտ ավարտին հասցվի՝ բնակիչներին քիչ անհարմարություններ պատճառելու համար։ Գոռ Ավետիսյանը հորդորել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ջրահեռացման համակագերի կառուցումը, որպեսզի հետագայում դրանք խնդիրներ չառաջացնեն կատարված աշխատանքների համար։ «Պետութունը բավական մեծ ներդրում է անում այս ճանապարհի հիմնանորոգման համար, պետք է ձեռնարկել բոլոր միջոցները‚ որպեսզի որակյալ արդյունք ստանանք‚ և ճանապարհը երկար ծառայի»‚- ասել է Ավետիսյանը։
10:19 - 23 մարտի, 2024
Վարչապետին է ներկայացվել «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թ. գործունեության հաշվետվությունները

Վարչապետին է ներկայացվել «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թ. գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները: Այս մասին հայտնում  են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Նախ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և տեղակալները զեկուցել են կառույցի պատասխանատվության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ու ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: Զեկուցվել են Հայաստանի պետական բյուջեի ֆինանսավորմամբ ճանապարհային ցանցի բարելավման ծրագրերը եւ կատարման ընթացքը: Ըստ պատասխանատուների՝ իրականացվել են պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: Ըստ այդմ՝ 2018-2023թթ. ընթացքում իրականացվել է 1302.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում, վերակառուցում և կառուցում‚ որի համար հատկացվել է 182.8 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում իրականացվել են 356 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման, կառուցման և վերակառուցման աշխատանքներ։ Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում տեղադրվել է նաև 9739 ճանապարհային նշան և մոտ 173․000 գծամետր մետաղական արգելափակոց։ Պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են նաև պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում: Ըստ այդմ՝ 2018-2023թթ. ընթացքում 663 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ‚ որի համար Հայաստանի պետական բյուջեից հատկացվել է 33 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում միջին նորոգման է ենթարկվել մոտ 150 կմ ճանապարհահատված, որն արժեցել է 6.5 մլրդ դրամ։ Վարչապետը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է որոշվում, թե որ ճանապարհը պետք է տվյալ տարում վերանորոգվի: Գոռ Ավետիսյանը նշել է, որ համապատասխան տեխնիկական միջոցներով համալրված ավտոմեքենաներով, ինչպես նաև առցանց համակարգով ստացվում են տվյալներ, որոնք համադրելով՝ որոշումներ են կայացվում: «Այդ համակարգը հաշվում է նույնիսկ տեսակը՝ հիմնանորոգել, միջին նորոգել, թե՝ նորոգել: Մենք ամեն տարի հավաքագրում ենք տեղեկատվություն՝ ճանապարհների վիճակի, անհարթության, ճաքայնության, փոսայնության վերաբերյալ և այլն: Ամբողջը ներմուծում ենք համակարգ, որը տալիս է, թե այդ տարվա համար ինչ միջոցառում է պետք իրականացնել»,- ասել է դեպարտամենտի ղեկավարը: Արձագանքելով՝ վարչապետը կարեւորել է. «Այսինքն՝ ամբողջը էլեկտրոնային տվյալների վրա է: Շատ լավ: Այստեղ էլ մենք պետք է ստանդարտ ունենանք»: Գոռ Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2018 թվականից հետո վերանորոգված ոչ մի ճանապարհ մինչև այժմ կրկնակի չի նորոգվել: «Մենք ճանապարհներ ունենք, որ անգամներով այդ ճանապարհի ծանրաբեռնվածությունն ավելացել է: Մեզ պետք է ստանդարտ, մենք պետք է իմանանք՝ և՛ հանրությունը, և՛ Կառավարությունը, թե ճանապարհը մեզ ինչքան պետք է ծառայի: Ճիշտ է, մենք սովորաբար մտածում ենք ժամկետով, բայց ժամկետն օբյեկտիվ ցուցանիշ չէ, որովհետև նույն ժամկետում ինչքան բեռնատար է անցել այդ ճանապարհի վրայով: Եկեք պատկերացնենք իրավիճակ, երբ այդ համակարգը ներդրել ենք, ստանդարտը դրել ենք, ասել ենք՝ այս ճանապարհը շահագործման հանձնեցինք, ուրեմն այս ճանապարհի հաջորդ նորոգման պահը պետք է վրա հասնի այն ժամանակ, երբ դրա վրայով անցել է օրինակ 1000, 10 000 կամ 20 000 կցորդիչով մեքենա և ենթադրենք 50 000 դրանից ավելի ցածր մեքենա: Սա շատ կօգնի, որովհետև այս հսկայական միջոցները մենք ներդնում ենք, դա մեծ պատասխանատվություն է նաև: Լավ է, որ կառուցում ենք, բայց ինչ-որ իքս պահի անհարթություն ես տեսնում՝ ասում ես, կարո՞ղ է ինչ-որ բան սխալ ենք անում և սա այն չէ, ինչ պետք է անենք: Դրա համար ես կարևոր եմ համարում, դա առաջնահերթ բան է, եկեք դնենք այդ ստանդարտը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյան: Կառավարության ղեկավարին զեկուցվել է նաև վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես, Հյուսիս-հարավ ծրագրի ընթացքի մասին։ Այն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով, բաժանված է առանձին տրանշների, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր: Այս առումով անդրադարձ է կատարվել Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Մանրամասներ են ներկայացվել Գյումրիի շրջանցիկ ճանապարհահատվածի, Սիսիան-Քաջարան 60 կմ, Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածների շինաշխատանքները մեկնարկելու գործընթացի մասին: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է. «Հյուսիս-հարավի Երևան-Գյումրի հատվածը մեր հաշվարկով ե՞րբ արդեն պատրաստ կլինի»: Զեկուցվել է, որ նշված հատվածը ամբողջությամբ պատրաստ կլինի 2025 թվականի վերջին, սակայն նախատեսվում է ընթացիկ տարում, բացառությամբ 14-15 կիլոմետր հատվածի, մյուս բոլոր հատվածները շահագործել: «Համենայնդեպս՝ շինարարները նման պարտավորություն ունեն»,- նշել է Գոռ Ավետիսյանը:Ի պատասխան վարչապետի Ագարակ-Քաջարան հատվածի շինարարությունը մեկնարկելու հարցին՝ Ավետիսյանը նշել է, որ աշխատանքները մեկնարկի փուլում են: «Փետրվարի 5-ին պայմանագրով եղել է շինարարության մեկնարկը: Այսպես ասած, ժամացույցը սկսել է աշխատել, և ժամկետը երեք տարի է, այսինքն՝ որոշակի պրոցես արդեն սկսվել է»,- ասել է հիմնադրամի ղեկավարը: Մանրամասներ են ներկայացվել Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ ավարտվել է Մ-6‚ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի (բացառությամբ Օձունի խաչմերուկի) Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգման արդյունքում երթևեկության ինտենսիվությունը 2014թ. 2800 մեք./օր-ից 2023թ. 9 ամիսների տվյալներով դարձել է 4000 մեք/օր։ Բեռնափոխադրումները Բագրատաշենի մաքսային անցակետով 2014թ. 0.85 մլն տոննայից 2022թ. տվյալներով դարձել են 2.53 մլն տոննա։ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի հիմնանորոգման արդյունքում արձանագրվել է մահվան ելքով ՃՏՊ-ների միջին տարեկան թվի կրճատում: Եթե 2014թ. մահվան ելքով ՃՏՊ-ների միջին տարեկան թիվը 6 էր‚ ապա 2023թ.՝ 2։ Նախաձեռնվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների արդիականացման ծրագիրը: Իրականացվել են նաև տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում, կառուցում և վերականգնում: 2023թ.-ի ընթացքում իրականացվել են 4 կամրջի հիմնանորոգման, 1 վերգետնյա հետիոտնային անցման կառուցման, 1 հենապատի վերականգնման աշխատանքներ։ Մեկնարկել են ևս 1 կամրջի և 1 տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսված է 2024թ.։ Ձեռք են բերվել 4 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթեր‚ որոնցից 3-ը՝ կամրջի‚ 1-ը՝ տրանսպորտային հանգույցի։ 2 կամրջի‚ 1 թունելի (Նալբանդի թունել) և 3 հենապատի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը գտնվում են փորձաքննության փուլում։ Արհեստական կառույցների նորոգման աշխատանքներ իրականացվում են նաև հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ 2023 թվականի ընթացքում վերականգնվել է 57 կամրջային անցում։ Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է պետական և ոչ պետական շինարարական ծրագրերում շինարարական կազմակերպությունների ներգրավվածությանն ու նրանց ներուժի լիարժեք իրացմանը: «Պետական և ոչ պետական շինարարություններ իրականացնելու պրոցեսում այս գնահատականը ճի՞շտ է, իսկապես բացահայտե՞լ ենք այս պահի դրությամբ ամբողջ շինարարական պոտենցիալը, ես նկատի ունեմ շինարարական կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը»,- հետաքրքրվել է վարչապետը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ դրա մասին խոսում է նաև այն, որ շինաշխատանքների ժամկետները պարբերաբար խախտվում են՝ ընկերությունների ծանրաբեռնվածության հետևանքով: «Ես ուզում եմ հասկանալ, օրինակ՝ Հյուսիս-հարավ, կամ մեր տարեկան 500 կմ ճանապարհի խնդիրը, որ դրել ենք, նորոգում կամ կառուցում, մենք ոլորտի պոտենցիալի ինչքա՞ն հատվածն ենք զբաղեցնում, կոնկրետ՝ ճանապարհաշինության»,- հարցրել է վարչապետը: «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ղեկավարը նշել է, որ զբաղեցվում է առկա ողջ ներուժը: «Ես դա եմ ուզում հասկանալ: Սկզբնական շրջանում խոսակցություններ կային, թե ով է շահում մրցույթը, ովքեր չեն շահում մրցույթը, ով ում բարեկամն է և այլն: Այդպիսի ընկերություն չկա, որը չի շահում մրցույթը, եթե օբյեկտիվորեն ի վիճակի է դրան»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը: Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանն իր հերթին նշել է. «Պարոն վարչապետ, շինարարության տեմպն այնքան է մեծացել, շատացել, որ շինարարական կազմակերպություններին խնդրում էինք, որ նրանք մասնակցեն մեր շինարարություններին»: Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Միջնաժամկետ ծախսերի ծրագրերով և այլն քննարկումների արդյունքում մենք առնվազն այս տեմպը պահելու, եթե ոչ ավելացնելու խնդիր ունենք: Տեմպը որոշակի տոկոսով աճելու է, և մեր կոչն այդ է, որ պետք է հրավիրենք, խոսենք մարդկանց հետ: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մեր թվերը և մտադրությունները պետք է իրենց ցույց տալ և իրազեկել այն փոփոխությունները, որ արեցինք՝ կապված շահույթի նորմայի հետ, որպեսզի մարդիկ ավելի վստահ այդ ներդրումներն անեն, որովհետև մենք հիմա փաստացի այդ խնդրի առաջ կանգնած ենք, և դա անպայման պետք է անել»: Պատասխանատուների ներկայացմամբ՝ իրականացվել է նաև ճանապարհաշինական նյութերի և արտադրանքի որակական չափանիշների լաբորատոր փորձաքննություն: Նախորդ տարվա ընթացքում փորձարկումների թիվը գերազանցել է 6 հազարը: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է ճանապարհային ցանցի հսկողություն և ուսումնասիրություն, հիմնանորոգման և միջին նորոգման ծրագրերի մշակում: 2023թ․ գույքագրվել է 600 կմ ճանապարհ‚ կատարվել է 1600 կմ ճանապարհի ծածկի ուսումնասիրում, 100 հաշվեկետերում իրականացվել են ինտենսիվության չափումներ (ներառյալ 10 առցանց աշխատող հաշվեկետ)։ Իրականացվել է նաև տրանսպորտային միջոցների ինտենսիվության առցանց չափում, միջպետական ճանապարհների ծածկի ուսումնասիրում, ճանապարհային ցանցի արդյունավետ կառավարման նպատակով 2019 թվականին ստեղծվել է Ճանապարհային ցանցի կառավարման համակարգը։ «Ճանապարհային դեպարտամենտն» իրականացնում է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքների հսկողություն։ Ամռանը սպասարկվում է 2823 կմ ճանապարհ, ձմռանը՝ 3206 կմ։ Սպասարկվում են նաև 3 թունել, 5 կամուրջ, 765 կմ մետաղական արգելափակոցներ։ Սպասարկման ծրագրի շրջանակում նախորդ տարի իրականացվել է 434 050 քմ գծանշում։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման նպատակով 34 կազմակերպության հետ կնքվել է 48 պայմանագիր՝ ընդհանուր առմամբ 6 մլրդ 952 մլն դրամ արժողությամբ։ Սպասարկող ընկերությունների կողմից կատարվող աշխատանքները դիտարկվում են առցանց եղանակով և այցերի միջոցով։ 2023 թվականին թվային հսկողությամբ արձանագրվել է 3510 թերություն։ Արձանագրված թերությունները ժամանակին չվերացնելու համար կատարվել է շուրջ 200 մլն դրամ պահում։ Մանրամասներ է ներկայացվել նաև «Ճանապարհների տեղեկատու» հավելվածի վերաբերյալ: Նշվել է, որ հավելվածը հաղորդում է օպերատիվ տեղեկատվություն ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիության, հիվանդանոցների, ոստիկանական բաժանմունքների, ճանապարհները սպասարկող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին: Զեկուցվել է, որ 2023թ. իրականացվել են 25 սև կետերի (վթարավտանգ հատվածներ) վերացման աշխատանքներ։ 38.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածում կատարվել է անվտանգության տարրերի բարելավում։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցով։ Դրամաշնորհի շրջանակում, ընդհանուր առմամբ, կատարվել են 47 վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։ * * * Հաջորդիվ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը և նրա տեղակալները Կառավարության ղեկավարին զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում տարածքային զարգացման քաղաքականության շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Դպրոցաշինության, տարածքային բարեփոխումներին աջակցության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շրջանակում վարչապետին զեկուցվել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ընթացքի մասին: Նշվել է, որ այն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Խոշորացված համայնքներում իրականացվել է 77 ծրագիր։ Ինչ վերաբերում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, ըստ պատասխանատուների, այն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշն է նվազագույնը 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 22000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախորդ տարեվերջի դրությամբ ավարտվել են 16 դպրոցների կառուցման աշխատանքները: Ծրագիրը իրականացվել է 7 մարզերում /մեկական դպրոց/ և Երևան քաղաքում /9 դպրոց/։ Մինչ այժմ շահագործման հանձնած 16 դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 10700 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների՝ աղետների ռիսկի կառավարման և տարհանման պլանները։ Մշակված և հաստատված են ՀՀ սեյսմիկ շինարարական նոր նորմերը, սեյսմակայուն շինարարության ուղեցույցը, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզը, շինարարության բնագավառում վերապատրաստվել է ավելի քան 100 աշխատող մասնագետ։ Ծրագրով 2023թ.-ին իրականացվել են 12,2 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 37,1%։ Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Տարածքային զարգացման հիմնադրամի՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ներգրավվածությանը, շինարարական ծրագրերի որակին և արդյունավետությանը: Վարչապետը նշել է, որ պետք է մտածել շինարարության ինդուստրիալիզացիայի մասին: «Շինարարության այս մեթոդները կամաց-կամաց հնացած են համարվում: Այսօրվա ստանդարտներն ուրիշ են և՛ էներգախնայողության, և՛ շրջակա միջավայրի վրա ազդեցության, էկոլոգիական չափանիշների առումով: Երկրներ կան, որ կարող են 300 դպրոցը երեք ամսում կառուցեն, ավարտեն: Ու սրա մեջ չափազանցություն չկա, որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ բազմաբնակարան շենքերը շաբաթների ընթացքում կառուցում են: Գուցե մտածենք այս ուղղությամբ ներդրումները խթանել: Հիմա տնտեսական արդիականացման ծրագիրը, որ արվում է, հենց ճանապարհաշինության ոլորտում մեծ էֆեկտ է տվել, որովհետև բերվել է նոր շինարարական տեխնիկա և այլն: Գուցե շենքերի շինարարության ոլորտում ինդուստրիալիզացիայի ծրագրերը խթանենք, որոշակի ծրագրեր սուբսիդավորենք, որպեսզի մարդիկ սկսեն շինհրապարակների տրամաբանությունից դուրս գալ գործարանների տրամաբանության: Մենք կարող ենք դա ամեն դեպքում խթանել, և մեր քաղաքականությանը համապատասխան է: Մեր մոդուլային դպրոցներն իրականում փոքր շինարարություններ են: Ինդուստրիալ տրամաբանության մեջ եթե դնեն, շատ արագ կարելի է կառուցել, ամեն դեպքում ժամկետները կիսով չափ կրճատել և դուրս գալ: Հիմա եթե նույն շինարարություններն այդքան հետաձգվում են, դա կոնկրետ տնտեսական ազդեցություն է ունենում բոլորի վրա: Պետք է գնանք առաջ և լուծենք այս հարցը, որովհետև ինչպես ասել ենք, սա 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի առաջին փուլն է, զարգացման ռազմավարություններին համապատասխան մեզ երկրորդ, երրորդ, չորրորդ 300 դպրոցն էլ է վստահաբար պետք լինելու: Սա ավարտելուց հետո էլ, հույս ունենք, որ մեր ժողովրդագրության և տնտեսական զարգացման ծրագրերն այնպիսին կլինեն, որ այս բոլոր եղածներն ավարտելուց հետո ցանցը զարգացնելու լրացուցիչ հարց պետք է ունենանք օրակարգում»: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ դպրոցները շահագործման հանձնելուց հետո պատասխանատուները հետևո՞ւմ են դրանց հետագա շահագործման ընթացքին: «Այն, որ ճանապարհը փոս է ընկնում, ճաքում է, դա բոլորը տեսնում են, կամ շատերն են տեսնում, բայց այն, ինչ դպրոցի ներսում է կատարվում, դա քչերն են տեսնում: Մենք գնո՞ւմ ենք, տեսնենք, թե ինչ կա-չկա»: Սարգիս Բաղինյանը զեկուցել է, որ շատ դեպքերում դպրոցների տնօրինությունը թերանում է վերանորոգված օբյեկտների պահպանման, սպասարկման գործում: «Կառուցված կամ հիմնանորոգված օբյեկտը մեկ տարի երաշխիքի մեջ են, լինում են թերություններ, որոնք շինարարներն ամբողջությամբ վերացնում են»,- ասել է Բաղինյանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է շատ խիստ վերահսկողություն իրականացնել: «Այսինքն՝ սպասարկումը պետք է, դա էլ շատ ծավալուն և կարևոր թեմա է: Կառավարման և սպասարկման մշակույթ պետք է նաև ձևավորենք, որովհետև այս դպրոցները, որ նորոգում ենք, ոչ մի տարվա է, ոչ էլ երկու տարվա, երկարաժամկետ ներդրում ենք արել, և պետք է հույս ունենանք, որ այդ ներդրումն իրեն արդարացնելու է»,- ասել է վարչապետը: Անդրադարձ է կատարվել նաև էներգախնայողության ծրագրերին, որոնք ևս իրականացվում են ՏԶՀ-ի կողմից: Վարչապետը նշել է, որ էներգախնայողության ծրագրերի հետ կապված հանրության շրջանում իրազեկվածության խնդիր կա: «Այսինքն՝ կողքի շենքում իրականացրել ենք էներգախնայողության ծրագիր, այդ մարդկանց պետք է ցույց տանք այս շենքի բնակիչներին, թե ինչ կոմունալ ծախսեր էին անում, հոսանքի և գազի փող վճարում և հիմա որքան: Դա, իմիջիայլոց, մեզ համար էլ է շատ լավ ինդիկատոր՝ գնահատելու այդ ծրագրի արդյունավետությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն՝ արձագանքելով, նշել է. «Ինչ թիվ էլ ստանանք, ենթադրենք՝ պատկերացնենք 30 տոկոս, իրականում ավելի մեծ է իր արժեքը լինելու, ասեմ ինչպես. հիմա երբ շենքը մենք փաթեթավորել ենք էներգախնայող, իր մուտքերն էլ է տաք և դա որևէ տեղ չենք հաշվելու, այսինքն՝ դա չի երևալու: Այսինքն՝ այդ թիվը, ինչ ստանանք, արդյունքն իրականում ավելին է լինելու»: Վարչապետը նշել է, որ եթե արդյունքները շոշափելի լինեն, գուցե Կառավարությունն, ընդհանուր առմամբ, այդ ծրագրերին ավելի շատ ուշադրություն դարձնի: «Որովհետև դա հսկայական պոտենցիալ է գեներացնում, որը կարող է տնտեսության զարգացման այլ ճյուղի վրա ներդրվի և տնտեսական լուրջ խթան դառնա»: Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի վերաբերյալ։ Ծրագրի նպատակը ոռոգման համակարգերի արդիականացման շնորհիվ համակարգերի արդյունավետության բարձրացումն է բարձր ջրակորուստների, շահագործման և պահպանման ծախսերի կրճատմամբ: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում կառուցվել/վերականգնվել են 123.4 կմ երկարությամբ մայր և միջտնտեսային ջրանցքներ, 277.6 կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման համակարգեր, 37.4 կմ երկարությամբ ինքնահոս համակարգ։ 2023-ին իրականացվել են 3․99 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 5․8%։ Զեկուցվել է «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի վերաբերյալ: 2023թ.-ի ընթացքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով կառուցվել, վերակառուցվել կամ հիմնանորոգվել են 54.8 կմ ջրատար, 450.7 կմ բաշխիչ ցանց, 23.7 կմ կոյուղագիծ, 13486 անհատական տնային ջրաչափական հանգույցներ։ Ընդհանուր առմամբ՝ այս ուղղությամբ 2023թ.-ին իրականացվել են 3․74 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 4․5%։ Ծրագրի շրջանակում աշխատանքներն իրականացվել են 7 մարզերի (Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Սյունիքի մարզերի) 63 քաղաքային և գյուղական բնակավայրերում: Այնուհետև՝ զեկուցվել է Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի վերաբերյալ: Հաշվետու ժամանակահատվածում կառուցվել կամ վերակառուցվել է 98․1 կմ ջրամատակարարման բաշխիչ ցանց, 76.1 կմ անհատական տնային միացումներ։ 2023թ․ ընթացքում կատարվել են 1․4 մլրդ դրամի աշխատանքներ։ Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տարածքում գտնվող և հրատապ լուծում պահանջող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Ծրագրով կառուցվել են 148․1 կմ ջրատար ճյուղեր, 4852 կմ տնային միացումներ, մեկնարկել է Մեղրի և Ագարակ քաղաքների ՋՄԿ-ի վերակառուցումը։ 2023թ․ ընդհանուր կատարողականը կազմել է՝ 1․7 մլրդ դրամ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 50%։ Ծրագրի նպատակն է Արարատի և Գեղարքունիքի մարզերի 7 համայնքների «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 20 բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի տեխնիկապես առավել մաշված և շահագործման տեսանկյունից անմխիթար վիճակում գտնվող բաշխիչ ցանցերի վերականգնումը: Աշխատանքներն ավարտվել են 13 բնակավայրերում։ Ջրամբարաշինութան ծրագրերից ներկայացվել է նաև «Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունն Արարատյան հարթավայրի բերրի հողերում` ապահովելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով: 29․4 մլն խ/մ ջրամբարի կառուցման աշխատանքների 96 տոկոսը կատարված են: Ինչ վերաբերում է Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում ծրագրին, նշվել է, որ ծրագրով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լիճ ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ): Մինչ օրս իրականացվել են մոբիլիզացիոն և հատակային ջրթողի վերանորոգման նպատակով գետի ջրի հեռացման համակարգի կառուցման աշխատանքները, ինչպես նաև մշակվում են Բնապահպանական սոցիալական կառավարման պլանն ու աշխատանքների համար անհրաժեշտ մեթոդաբանությունները։ Տարվա ընթացքում ներդրումները կազմել են 5․3 մլրդ դրամ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ջրաձոր բնակավայրի վերաբնակեցման և հողերի ձեռքբերման ծրագրին, որը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության կողմից: Նախորդ տարվա ընթացքում ընտրվել են գյուղի վերաբնակեցման ծրագրի իրականացման խորհրդատու և գյուղի նախագծային խորհրդատու։ Արդեն իսկ պատրաստ են գյուղի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Քննարկման ընթացքում վարչապետի ներկայացվել է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման /զբոսաշրջության/ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները ևս: Ըստ այդմ՝ այն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ 2023թ.-ին իրականացվել են 5․1 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 155 տոկոս։ Ծրագրով նախատեսված 42 ենթածրագրից 19-ը ավարտված են, 16-ը՝ ընթացքի մեջ են, 7-ը գտնվում են նախապատրաստական տարբեր փուլերում: Ավարտված ծրագրերը փոխում են թիրախային զբոսավայրերի դեմքը. Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնումը և 11 փողոցների հիմնանորոգումը, Խոր Վիրապի տարածքի բարեկարգումը, Դվինի հուշարձանների վերականգնումն ու ամրակայումը, Գորիսի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի ու տների պատմական տեսքի վերականգնումը, Ջերմուկի 6 փողոցների, ըմպելասրահի և հարակից տարածքի բարեկարգումը, Գառնիի տաճարին առնչվող 4 ենթածրագրերի իրականացումը, Գառնիից դեպի Խոսրովի արգելոց տանող ճանապարհը, Գառնի–Լանջազատ 18 կմ-անոց ճանապարհի կառուցումը և այլն։
13:03 - 28 փետրվարի, 2024
Քննարկվել է Հյուսիս-հարավ միջանցքի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը. հանդիպում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

Քննարկվել է Հյուսիս-հարավ միջանցքի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը. հանդիպում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրից հայտնում են՝ տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանշ-5-ի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։   2023 թ․ ընթացքում մշակվել և բյուջետավորվել է Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը։ Ծրագրի նախագծանախահաշվային փաթեթների, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և մրցութային փաթեթների թարմացման համար դրամաշնորհային հայտ է ներկայացվել ԵՄ «Տրանսպորտի ոլորտում ներդրումների համար արևելյան գործընկերության» (EPIC) գործիքակազմից օգտվելու համար։ Հայտը հաստատվել է 850.000 եվրո գումարով։ Նախաձեռնվել է համապատասխան համաձայնագրի շրջանառությունը, բոլոր հաստատումները ստանալուց հետո այն կուղարկվի հաստատման և կներկայացվի ստորագրման։   «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակներին ներկայացրել է դեպի Գյումրի և Գյումրիից դեպի ՀՀ-Վրաստանի սահման տանող ճանապարհների ներկա վիճակը‚ տեխնիկական պարամետրերը։ Նրա խոսքով՝ վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս‚ որ դեպի Վրաստան ընթացող մեքենաների ինտենսիվությունը մեծացել է‚ և ՀՀ պետական բյուջեից մեծ ներդրումներ են կատարվել այդ ուղղությամբ ճանապարհային ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով։ Այս համատեքստում մանրամասն քննարկվել ու կարևորվել է նաև Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման հարցը։   Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Գիհարդ-Բրանդ Ստեֆանին իր խոսքում նկատել է‚ որ բանկը կարևորում է նշված ծրագիրը‚ և հույս է հայտնել‚ որ հնարավորինս արագ կհասնեն համաձայնագրի ստորագրմանը։   Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհի շրջանակում իրականացված Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին։ Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը ներկայացրել է 2023 թվականին ավարտված ծրագրի արդյունքները‚ ըստ այդմ՝ 4․25 մլն եվրո դրամաշնորհի և ՀՀ համաֆինանսավորման շրջանակում ՀՀ ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել են 47 վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։
19:07 - 21 փետրվարի, 2024
Մեկնարկել է ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը

Մեկնարկել է ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը

Մեկնարկել են Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 35+535-կմ 39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով և տանում դեպի Էջմիածին։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: Այս պահին շինարարը քանդում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը‚ տեղադրվում են ջրահեռացման վաքերը և մայթերի եզրաքարերը։ Ճանապարհը հիմնանորոգումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջն ու ստորգետնյա անցումը։ Մոտ 4 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
18:02 - 20 փետրվարի, 2024
Բքի պատճառով հանրապետությունում փակ ճանապարհներ կան

Բքի պատճառով հանրապետությունում փակ ճանապարհներ կան

Փետրվարի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցը և Թթուջուր-Նավուր‚ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Բքի պատճառով Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ցածր տեսանելիության և բքի պատճառով Սևանի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Գավառի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Հիմնադրամից նաև տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:06 - 06 փետրվարի, 2024