ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.   «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև:   1915 թվականից սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելության՝ հայ լինելու հիմքով: Միլիոնավոր հայեր զրկվեցին իրենց սեփականությունից և պատմամշակութային ու հոգևոր նյութական արժեքներից:   Հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ Ցավալիորեն, չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։   Արդեն 21-րդ դարում՝ 2020-2023 թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. 150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։   Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով»:
Այսօր 10:45
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան Արաբիա այցը

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան Արաբիա այցը

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը: «Ամփոփելով ապրիլի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն՝ նշենք, որ այցը պատմական էր՝ կայանալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, իսկ օրակարգը հագեցած էր ոլորտային տարբեր ուղղություններով հանգամանալից քննարկումներով. կայացել են նախարար Միրզոյանի հանդիպումները Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի, էկոնոմիկայի և պլանավորման, ինչպես նաև կրթության նախարարի հետ, փոխնախարար Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել զարգացնել ՀՀ-ի և ՍԱ-ի միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և մեծ ներուժ ունեցող ոլորտներում՝ հիմնվելով հարաբերությունների զարգացման յուրովի ճանապարհային քարտեզի վրա:   Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին, այդ նպատակով ներդրումների ապահովմանը՝ որպես տնտեսական զարգացման ու կայունության ապահովման կարևոր գործոն:   Ընդգծվել է նաև բոլոր արաբական երկրների հետ ՀՀ խորացող համագործակցությունը՝ հիմնված հայ և արաբ ժողովուրդների միջև ավանդական բարեկամության, փոխադարձ համակրանքի և ընդհանուր առանահերթությունների վրա:   Այցի ավարտին նախարար Միրզոյանը նաև հարցազրույց է տվել տեղի առաջատար պարբերականի, որը կներկայացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։  
18:43 - 19 ապրիլի, 2024
ՀՀ ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

ՀՀ ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։  Հանդիպման արդյունքում Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ. Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը: Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված: Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին): Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: 
17:25 - 19 ապրիլի, 2024
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած թուղթին, որն իբր, ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին: Նշենք, որ ադրեբջանական լրատվամիջոցներում տարածված փաստաթղթում կային կետեր, որոնք վերաբերում էին պաշտպանության և անվտանգության ոլորտներում ԱՄՆ ու ԵՄ կողմից ՀՀ-ին աջակցությանը։
18:01 - 18 ապրիլի, 2024
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ապրիլի 17-ին Ռիյադում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՍԱ այցի շրջանակներում։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին: Արձանագրելով, որ երկու երկրներն այս ոլորտում «խոսում են նույն լեզվով»՝ կիսում են նույն առաջնահերթությունները՝ զրուցակիցները նախանշել են փոխգործակցության հիմնական ուղղություններն ու պայմանավորվել նպաստել համապատասխան կառույցների միջև կապերի զարգացմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ՏՏ ոլորտի զարգացման տեսլականը և մինչ օրս գրանցված հաջողությունները՝ ընդգծելով ընդհանուր տնտեսության մեջ ոլորտի զբաղեցրած էական մասնաբաժինը: Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել ոլորտի զարգացման գործում կանանց ներգրավվածության բարձր ցուցանիշները, ինչպես նաև կրթության մեջ նորարար լուծումներին հատկացվող ուշադրությունը՝ այս համատեքստում անդրադառնալով «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռվող հնարավորություններին: Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման ուղղությամբ սաուդյան կողմի հաջողությունները՝ զրուցակիցները պայմանավորվել են իրականացնել ձևավորված փորձի փոխանակում և խթանել կապերը ոլորտի առաջատար ընկերությունների միջև։
13:31 - 18 ապրիլի, 2024
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը

ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո բարձր մակարդակի այցի կազմակերպումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն է: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ոլորտներում փոխգործակցության զարգացումը խթանելու, երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու և համապատասխան իրավապայմանագրային բազա ձևավորելու պատրաստակամությունը: ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության հարցերում համագործակցության զարգացման հեռանկարներին: Ընդգծվել է պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը, որոնք նպաստում են նաև մարդկանց միջև շփումների և գործարար կապերի խթանմանը։ Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ World Expo 2030-ի անցկացման համատեքստում: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը զարգացնում է քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունն արաբական բոլոր երկրների հետ, որի դրսևորումն էր նախորդ տարի առաջին անգամ մասնակցությունն Արաբական լիգայի նախարարական հանդիպմանը: «Շատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը»: Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ու առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է լոգիստիկ փոխկապակցվածության ավելացմամբ, ինչը նշանակում է թե՛ տնտեսական շահ, թե՛ կայունություն: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
18:55 - 17 ապրիլի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կրթության նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կրթության նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության կրթության նախարար Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ձևավորվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այս այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տարբեր առանցքային ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կապերն ընդլայնելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության մեջ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների, երիտասարդության ներուժի արդյունավետ կիրառման միջոցով ոլորտի՝ ժամանակակից պահանջներին համահունչ զարգացումն ապահովելու կարևորությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռնվող հնարավորություններն ու արդեն իսկ ձևավորված միջազգային համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Երևանի և Ռիյադի միջև շփումները՝ կրթության տարբեր մակարդակներում փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման իրականացման, ինչպես նաև կրթաթոշակների ու մարդկային ռեսուրսի մեծ ներուժի փոխշահավետ իրացման նպատակով։
14:11 - 17 ապրիլի, 2024
Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
 |armenpress.am|

Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ ստանալով 79 կողմ ձայն: Նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնեց կառավարության հավանություն ու ընդգծեց այդ նախաձեռնության նշանակությունը՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում ու նպաստը՝ հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերի էլ ավելի ամրապնդման գործում: Նիստում ելույթ ունեցավ նաև Սինջարում տեղի ունեցած ցեղասպանության ականատեսներից Ֆեյրալ Սայիդ Թալալը՝ Հայաստանին խորհրդարանին շնորհակալություն հայտնելով եզդի ժողովրդին աջակցության համար: «Ես խնդրում եմ՝ մշտապես պաշտպանեք մեր ժողովրդին՝ որքանով, որ հնարավոր է: Մենք ճամբարներում ենք, մենք չենք կարողանում Սինջարում էլ տեղ գտնել: Մենք չպետք է մեր բնակավայրերից տեղահանվենք: Ով կարող է, թող մեզ աջակցի, որ վերջ տրվի մեր նկատմամբ շարունակվող ցեղասպանությանը»,–ասաց ականատեսը: 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:  
16:37 - 16 ապրիլի, 2024
Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելը կարևոր քայլ է ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից․ ԱԳ նախարարի տեղակալ
 |armenpress.am|

Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելը կարևոր քայլ է ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից․ ԱԳ նախարարի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված հանցանքների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման գործընթացներին։ «Բոլորովին վերջերս՝ ապրիլի 3-ին, Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևը։ Նշված բանաձևը, ինչպես նաև մեր երկրի այլ նախաձեռնությունները, կարևոր դեր են խաղում ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու հարցում, հիշատակված ոլորտում Միացյալ ազգերի կազմակերպության կառույցների և մարմինների համագործակցությունն ինստիտուցիոնալացնելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ժամանակից մարտահրավերները հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց՝ Հայաստանը տարիներ շարունակ ամենատարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրագործված հանցանքների մասին։ «2018 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարությունը։ Հիշատակված հայտարարության ընդունումը պայմանավորված է եղել եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունը որպես ցեղասպանություն որակելու, ինչպես նաև նման ծանր հանցագործությունները կանխարգելելու, մեղավորներին պատժելու և ժողովրդին հատուցում տրամադրելու խնդրի աջակցման կարևորությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։   Նա հատկանշական է համարում այն, որ Իրաքի Հանրապետությունը 2021 թվականի մարտին ընդունված օրենքով ճանաչել է եզդիների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը և օգոստոսի 3-ն ամրագրել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Սույն նախագծի ընդունումը և օգոստոսի 3-ը 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու նախաձեռնությունը կարևոր քայլ է հիշյալ հարցում Հայաստանի կողմից վարվող սկզբունքային քաղաքականությունը և մոտեցումները ևս մեկ անգամ արտահայտելու, հայ-եզդիական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև եզդի ժողովրդին աջակցություն հայտնելու տեսանկյունից։ Կարծում ենք, որ ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված հիշատակի և ոգեկոչման օրերը և միջոցառումները կարևոր են ոչ միայն ժխտողականության դեմ պայքարի, կանխարգելման և կրկնությունից խուսափելու, այլ ամենադժվարին հարցերի շուրջ երկխոսության և համերաշխության մթնոլորտ ձևավորելու հնարավորության տեսանկյունից»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
12:51 - 16 ապրիլի, 2024
Times. Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ |news.am|

Times. Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ |news.am|

news.am: Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։ Պարբերականի տվյալների համաձայն, հենց այս չորս երկրի հետ է Լոնդոնն ակնկալում կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի անալոգը։ Բարձրացվել է նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Պարագվայի, Պերուի և Էկվադորի հետ հնարավոր համագործակցության հարցը, սակայն Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ այդ երկրների իշխանություններին դա առանձնապես չի հետաքրքրի։ Գոյություն ունի աֆրիկյան պետությունների պահուստային ցուցակ, որի կազմում են  Անգոլան, Կաբո Վերդեն, Տանզանիան, Տոգոն, Սենեգալը և Սիերա Լեոնեն, որոնց հետ բրիտանական կողմը կարող է երկխոսություն սկսել։ Գամբիան, Մարոկկոն, Նամիբիան և Թունիսը հրաժարվել են քննարկել այդ հարցը։   Պարբերականը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Երկրի վարչապետ Ռիշի Սունակը հույս ուներ համապատասխան համաձայնագրեր կնքել անցած աշնանը, սակայն բանակցությունները փակուղի են մտել, քանի որ բրիտանական իշխանություններին դեռևս չի հաջողվել ոչ մի անօրինական ներգաղթյալ ուղարկել Ռուանդա։ Ինչպես ընդգծում է թերթը, Լոնդոնը տեխնիկական բանակցություններ է սկսել Երևանի հետ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոկերտին։ Հաղորդվում է, որ Հայաստանի իշխանությունները հետևում են Ռուանդայի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը քվեարկեց նոր օրենքի օգտին: Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալները կկարողանան դրա համար դիմել Ռուանդայում, ինչպես նաև ենթադրում է ներգաղթյալների արտաքսման հնարավորության բացառումը իրենց հայրենի երկրներ, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ: ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է The Times-ում հայտնված հրապարակմանը, որտեղ տվյալների արտահոսք է եղել Հայաստան ներգաղթյալներ ուղարկելու շուրջ Մեծ Բրիտանիայի բանակցությունների վերաբերյալ   «Հայաստանն ու Մեծ Բրիտանիան քաղաքական երկխոսության լայն օրակարգ ունեն։ Բայց բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի շուրջ (The Times) չեն եղել\, - @ArmeniaSputnik -ին հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
12:26 - 15 ապրիլի, 2024
ԱԳ փոխնախարարն ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին ներկայացրել է Ալմա-Աթայի հռչակագրի և «Խաղաղության խաչմերուկ»-ի կարևորությունը

ԱԳ փոխնախարարն ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին ներկայացրել է Ալմա-Աթայի հռչակագրի և «Խաղաղության խաչմերուկ»-ի կարևորությունը

Ապրիլի 12-ին Մինսկում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է հայաստանյան կողմի դիրքորոշումը նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ։ ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական փոխգործակցության ներուժի իրացման համատեքստում Մնացական Սաֆարյանն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը, որը ենթադրում է տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակում և ցանցի ստեղծում՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Տարածաշրջանային ընթացիկ գործընթացների համատեքստում շեշտվել է ԱՊՀ հիմքում ընկած անկյունաքարային փաստաթղթերի՝ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների պահպանման կարևորությունը, որոնցում ամրագրված են վեճերի խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանների անքակտելիության ու հարգման մասին կողմերի պարտավորությունները։ Ի թիվս այլ փաստաթղթերի՝ նիստի արդյունքներով ընդունվել է «Լրագրողների մասնագիտական գործունեության համար անվտանգ պայմանների ապահովման և նրանց իրավունքների ոտնահարման անթույլատրելիության մասին» հայտարարությունը, որում, մասնավորապես, կարևորվել է լրագրողների ազատ և անկախ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ համաձայն հավատարմագրման պետության ազգային օրենսդրության, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ թողարկումների անթույլատրելիությունը։
10:49 - 13 ապրիլի, 2024