Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Կոմունիկացիաների բացումը լուրջ խթան կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ Բայրամով

Կոմունիկացիաների բացումը լուրջ խթան կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր կետերից մեկն է, Interfax.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններից, մեր կարծիքով, ամենաշատը մենք առաջընթաց ունենք կոմունիկացիաների բացման տեսանկյունից։ Պարզ է, որ դեռևս հստակ ոչինչ չկա, սակայն նվազագույնը խոսակցությունների, դիրքորոշումների, ոչ ֆորմալ նախնական պայմանավորվածությունների մակարդակում սա այն թեման է, որի ուղղությամբ ավելի արագ կարելի է համաձայնեցման գալ, մեկնարկել գործընթացը, որը, մեր կարծիքով,  կարող է լուրջ խթան լինել հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ […] Որոշ շարժ կա, մենք իրավիճակին նայում ենք շատ զգույշ լավատեսությամբ», - ասել է նա։ «Եթե համեմատենք այն, ինչ ունենք այսօր, նրա հետ, ինչ կար մեկ տարի առաջ, թերևս հիմա դրական պահերն ավելի շատ են։ Թե արդյոք այս արագությունը բավարար է, դժվար է ասել։ Գլխավորն այն է, որ, եթե անգամ շարժը շատ դանդաղ է, այն առաջ գնա և անշեղ լինի։ Տեսնենք», - հավելել է նա։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։ Նորա Վանյան
19:32 - 24 հունիսի, 2022
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են պատերազմի հարուցած հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման խնդիրներ

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են պատերազմի հարուցած հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման խնդիրներ

 Մինսկում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի միջև: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները: «Կողմերն ընդգծել են գլխավոր դատախազների եռակողմ ձևաչափի պահպանման կարևորությունը որպես տարածաշրջանում կայունության և օրինականության, լարվածության թուլացման և բնակչության առաջնային կենսական իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իրավական ոլորտում շփումները շարունակելու գործուն հարթակ: Այս առումով շեշտվել է հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի  եռակողմ հայտարարության հումանիտար պահանջների ամբողջական կատարման ուղությամբ ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախանձախնդիր և հետևողական ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած նախորդ եռակողմ հանդիպումների ընթացքում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում միջադեպերի, դրանց առթիվ իրականացվող քննությունների վերաբերյալ կողմերի միջև օպերատիվ տեղեկատվության միջնորդավորված փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրադադարի հանցավոր խախտումները շարունակվել են, որոնց արդյունքում եղել են մարդկային կորուստներ, խաղաղ բնակչության համար ստեղծվել են կենսական իրավունքների իրացման, անվտանգության նոր սպառնալիքներ: Որպես ակնառու օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազը վկայակոչել է Փառուխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած գործողությունները, որոնց արդյունքում հայկական կողմից զոհվել է 3 և մարմնական վնասվածքներ ստացել 16 զինծառայող: Արթուր Դավթյանն ընդգծել է ինչպես Փառուխ գյուղում կատարված այդ գործողությունները, այնպես էլ հրադադարի կոպիտ խախտումների մյուս դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:   Այդ իրողությունները նաև փաստում են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչների ռեսուրսի գգտագործմամբ տեղեկատվության օպերատիվ փոխանակման ձևաչափի արդյունավետությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությունը: Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  բարձրացրել է հատկապես 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետի անկատար մնալու հանգամանքը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում անհիմն պահվող՝ ադրբեջանական կողմից հաստատված 38 պահվող անձանց շուտափույթ վերադարձը առանցքային նշանակություն ունի կողմերի միջև վստահության վերականգնման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների ձևավորման համար՝ հատուկ ընդգծելով եռակողմ հայտարարության հումանիտար պահանջները հայկական կողմից լիարժեք կատարված լինելու հանգամանքը: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական կողմի միջնորդությամբ շարունակել բանակցությունները՝ հումանիտար խնդիրները սեղմ ժամկետներում և լիարժեք լուծելու նպատակով:
19:22 - 24 հունիսի, 2022
Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել՝ միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին

Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել՝ միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայանգիր է ստորագրվել միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Լավրովը հավելել է, որ Մոսկվան ու Բաքուն մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանում ռուսական լրատվամիջոցների և Ռուսաստանում ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքի շուրջ։ «Մենք միջոցառումների հատուկ շարք կանցկացնենք երկու կողմերի առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, այդ թվում՝ սոցցանցերի սեփականատերերի միջև և անկեղծորեն կխոսենք այն մասին, թե ինչպես ենք լուսաբանում միմյանց տարածքում կատարվող իրադարձությունները՝ ելնելով համապատասխան օրենքներից»,- ասել է նա։   Նորա Վանյան
16:22 - 24 հունիսի, 2022
Երևանից և Բաքվից հաստատում եմ ստացել, որ սահմանազատումը ներկա փուլում ջանքերի կարևոր բաղկացուցիչ է․ Լավրով

Երևանից և Բաքվից հաստատում եմ ստացել, որ սահմանազատումը ներկա փուլում ջանքերի կարևոր բաղկացուցիչ է․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են պատրաստակամությունը՝ մասնակցելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպմանը և ազդակներ չեն փոխանցել այն մասին, որ մտադրությունը փոխել են։ Այս մասին Ադրբեջանի արտոգրծնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ իմ այցի ժամանակ մենք Երևանում խոսել ենք [Հայաստանի] վարչապետի և արտգործնախարարի հետ։ Նրանք վերահաստատել են մասնակցությունը սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպմանը։ Այդ հանդիպումը համաձայնեցված է Մոսկվայում՝ մեր տարածքում, և մենք այժմ ամսաթվերն ենք որոշում, որոնք հարմար կլինեն երկու կողմերին։ Ես ազդակ չեմ տեսել այն մասին, որ կողմերը փոխել են իրենց միտքը կամ չեն ուզում մասնակցել այդ աշխատանքին»։ Լավրովը նշել է, որ Երևանում և Բաքվում բանակցությունների ընթացքում «հաստատում է ստացել, որ սահմանազատումը ներկայիս փուլում բոլոր ջանքերի կարևոր բաղադրիչն է»։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մոտակա ժամանակներս Մոսկվայում կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը և կողմերից ակնկալում է այդ հանիպման ամսաթվերի վերաբերյալ առաջարկներ։   Նորա Վանյան  
15:35 - 24 հունիսի, 2022
Խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել․ Արարատ Միրզոյան |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել․ Արարատ Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am:  Արարատ Միրզոյանի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին։ Հարց - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան - Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում՝ բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները: Հարց - Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ մեկուկես տարի անց էլ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամբողջությամբ չի կատարվել՝ հղում կատարելով, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ: Պատասխան - Այո՛, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ և սակարկությունների ու մարդկանց առևտրի առարկա: Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս պահանջն Ադրբեջանին ներկայացնում: Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, ս․թ․ մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա կրկին՝ բազմիցս նշել ենք, որ Հայաստանը ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ: Գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն: Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի։
15:13 - 24 հունիսի, 2022
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ձգձգումը լուրջ վտանգներ է պարունակում․ Բայրամով

 |factor.am|

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ձգձգումը լուրջ վտանգներ է պարունակում․ Բայրամով |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը լուրջ վտանգներ է պարունակում, գրում են տեղական լրատվամիջոցները։ «Այսօր բանակցություններում քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորումը Հարավային Կովկասում։ Ադրբեջանը հանդես է գալիս այն տեսակետից, որ հակամարտությունը մնացել է անցյալում և կայուն խաղաղության համար պետք է համագործակցություն։ Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է բոլոր կողմերի կողմից եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարման անհրաժեշտության մեջ։ Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը հղի է լուրջ վտանգներով»,-ասել է Բայրամովը։
14:47 - 24 հունիսի, 2022
Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը․ Լավրով |civilnet.am|

Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը․ Լավրով |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ հունիսի 24-ին, Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։ «Հետպատերազմական կարգավորման գործընթացները, իհարկե, քննարկել ենք։ Եվ այդ նոր գործընթացների հիմքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Լավրովը։ ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ երեք եռակողմ հայտարարությունները՝ որպես «առկա հարցերի լուծման ուղղությամբ առաջ շարժվելու» հիմք ընդունեմ են բոլորը, այդ թվում՝ «եվրոպացի գործընկերները»։ «2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերի գետնի վրա իրադարձությունները հետևում թողեցին բոլոր այն փաստաթղթերը, որոնք երկար տարիներ քննարկվում էին (Մինսկի խմբի ձևաչափով – խմբ․)՝ առանց տեսանելի արդյունքների։ Դա ուղղակի օբյեկտիվ իրականությունն է»,- նշել է Սերգեյ Լավրովը։
14:32 - 24 հունիսի, 2022
Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն դեռ հույս ունենք, որ Հայաստանի կողմից բազմակողմ դիմակայությունը կդադարի. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը
 |tert.am|

Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն դեռ հույս ունենք, որ Հայաստանի կողմից բազմակողմ դիմակայությունը կդադարի. Ալիևը՝ Լավրովի հետ հանդիպմանը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի, փոխանցում է minval.az-ը:Նա ասել է, որ Լավրովի հետ խոսելու են տարածաշրջանում տիրող իրավիճակի, հետկոնֆլիկտային իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։«Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Այս դիրքորոշումը նպատակ ունի տարածաշրջանում  երկարաժամկետ խաղաղություն հաստատել։ Վստահ եմ, որ մեր ջանքերը դրականորեն կընդունվեն Հայաստանի կողմից, և բազմակողմ դիմակայությունը կդադարի։ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանք սկսելու մեր առաջարկը մնում է անպատասխան, սակայն մենք դեռ հույս ունենք, որ այդ առաջարկը կընդունվի:Դրական կողմերից ցանկանում եմ նշել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի ակտիվացումը։ Օրերս Սանկտ Պետերբուրգում նոր հանդիպում է տեղի ունեցել.Հուսով ենք, որ գործնական քայլեր կձեռնարկվեն 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի (հայտարարության) իրականացման համար՝ հաղորդակցությունների բացման համատեքստում՝ ապահովելով ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անխոչընդոտ տեղափոխումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Սա հայկական կողմի իրավական պարտավորությունն է։ Ցավոք, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան մեկուկես տարի է անցել, սակայն հռչակագրի (հայտարարության) այս կետը դեռ չի կատարվել։ Կարծում եմ, որ մեր հայեցակարգի շրջանակներում հնարավոր կլինի շատ գործնական քայլեր ձեռնարկել իրավիճակն ամբողջությամբ կարգավորելու համար։ Մենք, իհարկե, անհամբեր սպասում ենք Ռուսաստանի Դաշնության գործուն ջանքերին՝ Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար», - ասել է Ալիևը։ Ավելի մանրամասն՝ Tert.am-ում։  Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
21:40 - 23 հունիսի, 2022
Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին և ունի կոնկրետ առաջարկներ. Լավրովը՝ Բաքվում

Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին և ունի կոնկրետ առաջարկներ. Լավրովը՝ Բաքվում

Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին  և ունի կոնկրետ առաջարկներ այս առնչությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, փոխանցում է Lenta.ru-ի թղթակիցը։Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են երկու կողմերի կողմից՝ սահմանազատման և սահմանագծման համար։Նա նաև խոստացել է հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման՝ նշելով այս ուղղությամբ առաջընթացը։«Մենք ընդհանուր ըմբռնում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ հարցում խորհրդակցում է Հայաստանի հետ։   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
20:51 - 23 հունիսի, 2022
Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Փարիզում կայացել է Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարությունների քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։ Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում էր երկրի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնին։ «Խալաֆովն ու Մոնդոլոնին քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլն ու հեռանկարները, […] տարածաշրջանային հարցեր, Ադրբեջանի հարաբերությունները եվրոպական երկրների և ԵՄ հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման, հետկոնֆլիկտային համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։   Նորա Վանյան
17:46 - 23 հունիսի, 2022
ԱՄՆ-ը բաց է ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին. Դոնֆրիդ
 |news.am|

ԱՄՆ-ը բաց է ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին. Դոնֆրիդ |news.am|

news.am: Մենք Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք շարունակել երկխոսությունը և առավել ինտենսիվ դարձնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ ձգտելով համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերին: Այս մասին նշել է ԱՄՆ փոխպետքարտուղար Քարին Դոնֆրիդը: Միացյալ Նահանգները բազմիցս շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվել, եւ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվի։ Ինչպիսի՞ կարգավիճակը կարող է տեւական խաղաղություն եւ կայունություն ապահովել` երաշխավորելով Լեռնային Ղարաբաղի հայության հիմնարար իրավունքները, եթե Ադրբեջանը ինքնորոշման ցանկացած հնարավորություն բացառում է։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք շարունակել երկխոսությունը և առավել ինտենսիվ դարձնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ ձգտելով համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերին։ Այս ջանքերում մենք՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին։  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, փաստացի, չի գործում,  Միացյալ Նահանգները ողջունել է ԵՄ միջնորդությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանի միջնորդության առնչությամբ, որի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադար հաստատվեց, եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայվեցին։ ԼՂ հակամարտության լուծման եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներում Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորություններ տեսնու՞մ եք։ Լուծման հասնելու ուղղությամբ առաջընթաց ապահովելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Միացյալ Նահանգները բաց է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ քննարկումների համար առ այն, թե միջազգային հանրությունն ինչպես կարող է լավագույնս օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում։
13:16 - 23 հունիսի, 2022
Մեր հիմնարար սկզբունքների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների. Վլադիմիր Վարդանյան

Մեր հիմնարար սկզբունքների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների. Վլադիմիր Վարդանյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ նախագահող, տարիներ շարունակ մենք կարծել ենք, որ Եվրոպայում վերջապես վայելում ենք խաղաղ և հանգիստ ժամանակներ: Մենք, իսկապես, հավատացել ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական փորձից հետո առնվազն մեր սերունդը պաշտպանված կլինի ցանկացած զինված հակամարտություններից, գլոբալ աղետներից և արհավիրքից: Այսօր բոլորը մտահոգված են, որ պատերազմը վերադարձել է Եվրոպա: Խաղաղությունն ընդամենը պատրանք էր. նույնիսկ խաղաղ և անվտանգ թվացող ժամանակներում պատերազմը միշտ եղել է Եվրոպայում և նրա շուրջ, աղետները եղել են մեր մեջ, բայց մենք աչք ենք փակել դրանց վրա: Ինչո՞ւ էինք մենք անտարբեր և խուլ՝ իմանալով, հետևելով և կարդալով Կիպրոսում, Բալկաններում, Մոլդովայում, Վրաստանում, Տաջիկստանում, Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում և այլուր զինված հակամարտությունների մասին: Բարդ հարց, բայց միանգամայն պարզ պատասխան: Այդ ագրեսիաները, պատերազմները, զինված հակամարտություններն ու քաղաքացիական պատերազմները պակաս նկատելի էին, քանզի մեզանից շատերի կարծիքով՝ մեզանից շատ հեռու էին տեղի ունենում: Մենք ուզում էինք հավատալ, որ այդ պատերազմները միայն հեռուստացույցով են ընթանում: Պարզապես թերթելով հեռուստատեսային ալիքը՝ մարդիկ կարող էին անտեսել իրականությունը: Միջազգային քաղաքականության արդի վիճակը և վերջին իրադարձությունները մեզ ստիպում են հասկանալ, որ ոչ մի պետություն պաշտպանված չէ պատերազմից, նույնիսկ ամենահարուստ և պաշտպանված պետությունները: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգայուն լինենք անգամ ժողովրդավարությունից, մարդու հիմնարար իրավունքներից և օրենքի գերակայությունից փոքր-ինչ շեղվելու հարցում, որոնք խարխլում են խաղաղության և կայունության հիմքերն ու պարարտ հող ստեղծում պատերազմի համար: Շատ հաճախ, երբ ես անդրադառնում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին, տեսնում եմ իմ որոշ գործընկերների լուռ ու անտարբեր դեմքերը, որոնք խոստովանում են, որ հոգնել են այդ քննարկումներից: Բայց մենք չենք բարձրաձայնում լոկ մեկ հակամարտության հետ կաված խնդիրներ, մենք անհանգստացած ենք մեր կազմակերպության հիմնարար արժեքների խախտումներով, ինչպիսիք են՝ օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքը, ժողովրդավարության խթանումը և մարդկային արժանապատվության պահպանումը: Հարգելի՛ գործընկերներ, մի՛ անհանգստացեք, այս ելույթում ես չեմ անդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պարզապես հիշե՛ք, որ մեր հիմնարար սկզբունքների, կոնկրետ խախտումների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների: Տիկնա՛յք և պարոնա՛յք, այս հարթակը ոչ միայն զրույցի վայր է, այլև՝ լսումների: Մի՛ եղեք կույր, մի՛ եղեք լուռ, և, խնդրում եմ, մի՛ եղեք խուլ, երբ մենք խոսում ենք մեր կազմակերպության հիմնական արժեքների մասին»,- ելույթը եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:  
17:35 - 22 հունիսի, 2022
Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանում ռուսական ԶԼՄ-ների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն

 |armenpress.am|

Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանում ռուսական ԶԼՄ-ների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի տարածքում ռուսական լրատվամիջոցների արգելափակման դեպքեր հնարավորինս քիչ կլինեն: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության արգելափակման մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի թղթակցի հարցին: Զախարովան կոնկրետ չի պատասխանել՝ Ադրբեջանի իշխանությունների այդ քայլը հերթական ոտնձգությո՞ւնն է մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, թե՞ քաղաքական շանտաժ է Ռուսաստանի հանդեպ, բայց նշել է, որ իր համոզմամբ՝ ԶԼՄ-ների և դրանց գործունեության հարցերը պետք է լուծվեն երկու հիմնարար սկզբունքների վրա՝ օրենքին համապատասխան և խոսքի ազատությունն ու լրագրողների իրավունքները հարգելով, որոնք ամրագրված են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օրենսդրության մեջ: «Գոյություն ունեցող և ծագող խնդիրները մեր գործընկերների հետ մենք լուծում ենք երկկողմ ձևաչափով: Հույս ունենք, որ այդպիսի նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները նաև մեդիայի ոլորտում՝ ելնելով ֆեյքերին և ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից: Մենք կարող ենք համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ կոլեկտիվ հիմունքներով՝ ելնելով վերոնշյալ սկզբունքներից», - ասել է Զախարովան: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալության կայքի հասանելիությունը Ադրբեջանի տարածքում արգելափակվել էր Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի հրապարակումից հետո:
16:19 - 22 հունիսի, 2022
Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ. Զախարովա
 |1lurer.am|

Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Լուրերի» հարցին: «Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Զախարովայի խոսքով՝ ձևաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի եղել: ՌԴ ԱԳՆ խոսնակն այդ քայլն «անպատասխանատու» է որակել: Նա հավելել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Զախարովան վստահեցրել է, որ Մոսկվան կանի հնարավորը, որպեսզի կյանքի կոչվեն երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները:
14:01 - 22 հունիսի, 2022