Վճարվող բովանդակություն

Ամոջ գյուղը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևելյան բարձրադիր սարահարթի վրա՝ Օձուն գյուղից 1 կիլոմետր հյուսիս-արևելք: Գյուղի մասին հիշատակություններ գալիս են դեռևս 13-րդ դարից:

Գյուղի հին կամ այլանվանումների շարքում հիշատակվում է Ամվոճ, Ամաջա, Ամորջի: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գյուղի փաստացի բնակչությունը կազմել է 161 մարդ: Վարչական տարածքը կազմում է 97 հա: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ամոջ գյուղը Օձունի գյուղխորհրդի կազմում է եղել:  

Ամոջ գյուղի վարչական ղեկավարն ահազանգում է գյուղում ջրի խնդրի մասին

Ամոջ գյուղի վարչական ղեկավարն ահազանգում է գյուղում ջրի խնդրի մասին

Երեկ երեկոյան Ամոջ գյուղի վարչական ղեկավար Հարություն Գալստյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ գյուղի կեսից ավելին այդ պահի դրությամբ խմելու ջուր չունի: «...Ամենավատն այն է, որ խմելու ջուրը առկա է.՝ խնդիրը քայքայված ներքին և գլխավոր ցանցն է: Ունենք խնդիրը բարձրաձայնելու կարիք՝ հույս ունենալով որևէ հիմնադրամի կամ բարեգործի աջակցությամբ լուծելու խմելու ջրի հարցը...»,- մասնավորապես նշում է վարչական շրջանի ղեկավարը: Այսօր կապ հաստատեցինք Հարություն Գալստյանի հետ, ով տեղեկացրեց, որ ջրի խնդիրը շարունակվում է մինչ այժմ: Նա նշեց, որ ներքին ցանցի ու գլխավոր ջրատարի քայքայված վիճակին ավելանում է նաև չորային եղանակը, ինչի արդյունքում գյուղում ջուր չի լինում: «...1987-1988 թվականներին կառուցվել է, այդպես էլ մնացել է, իսկ 2005 թվականին անհաջող փորձել են կատարել վերակառուցելու, բայց կիսատ են թողել. ավելի շատ վնասել են, քան սարքել»,-նշում է Ամոջի վարչական ղեկավարը: Հարություն Գալստյանի խոսքով մեկ այլ խնդիր է նաև այն, որ Ամոջ գյուղի այն բնակիչները, ովքեր ջուր ունեն, օրվա ընթացքում բաց են թողնում ջուրը, ինչի արդյունքում մշտական ջուր չունեցող բնակիչներին ջուր չի հասնում:  Գյուղն ունի 161 բնակիչ, որից, ըստ վարչական շրջանի ղեկավարի, ջուր ունեն մոտավորապես կեսը, սակայն այդ ջուրը ևս չի բավարարում: Հարություն Գալստյանն ասաց, որ զգուշացնում է բնակիչներին ջուրը փակ պահել: Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ խոշոր այգի ունեցողներ լինեն, ովքեր ջուրը բաց են թողնում, պարոն Գալստյանը պատասխանեց. «Չէ, ճիշտն ասած, բնակիչներն ասում են, որ այդպիսի բաներ կան, բայց չկա: Բոլորին էլ ճանաչում եմ, գիտեմ՝ ով այգում ինչ ունի ցանած: Ճիշտ է՝ օգտագործում են, բայց այդ մակարդակի չի»: Երեկվա գրառումից հետո դեռևս պետական իրավասու մարմինների կողմից արձագանքներ չեն եղել: Համայնքում նախատեսել էի սեփական միջոցներով լուծել ջրի հարցը, բայց չեն կարողացել, քանի որ գյուղի համար արդեն ասֆալտապատման և խաղահրապարակի կառուցման ծրագրեր կան: Ասֆալտապատման ծրագիրը մոտավորապես 70 մլն դրամի է, որը ներառում է դեպի գյուղ եկող ճանապարհը և Օձուն խոշորացված համայնքի համար է նախատեսված: Հարություն Գալստյանը նշեց, որ Օձուն համայնքի Մղարթ գյուղն ընդհանրապես ջուր չունի և առաջնահերթությունը այդ գյուղին է տրվում: «Վեոլիա Ջուր» ընկերությունից մասնագետներ են այցելել Մղարթ, հաշվարկել են, որ ջրագծի անցկացումը 70-80 միլիոն դրամի ծախս է պահանջում: Ամոջ գյուղում այցեր չեն եղել, հաշվարկներ չեն կատարվել: Սակայն Հարություն Գալստյանն ուսումնասիրել է նաև գյուղի վերևի մասում գտնվող Ակունք աղբյուրից դեպի Ամոջ ջուր հասցնելու հնարավորությունը և գտնում է, որ բարդ համակարգ չէ․ հնարավոր է ջուր հասցնել: Պետական իրավասու մարմինների կողմից արձագանքի դեպքում իրենք էլ պատրաստ են առաջարկություններով հանդես գալ: Վերջերս էլ Ամոջի ջրավազանում փլուզման դեպք էր տեղի ունեցել, որի հարցով Օձունի համայնքապետարանն է զբաղվել, վերականգնել են, սակայն այդ մասին չեն բարձրաձայնել: Ամոջ գյուղի ջրի հարցը, ըստ Հարություն Գալստյանի, Օձունի համայքապետարանի միջոցներով հնարավոր չէ լուծել, քանի որ Ամոջը համայնքի 9 գյուղերից ամենափոքրն է․ մնացած գյուղերն էլ խնդիրներ ունեն: Պարոն Գալստյանը հավելեց, որ այս եղանակներին խնդիրը կշարունակվի մինչ սեպտեմբեր՝ մինչև անձրև չգա, քանի որ անձրևից է նաև կախված Ամոջ գյուղում ջրի հոսքը: Արփի Ավետիսյան
10:20 - 01 օգոստոսի, 2019