Արամ Ա

Անընդունելի է Հայաստանում ազգ, հայրենիք, եկեղեցի բաժանելու փորձերը. Արամ Ա

Անընդունելի է Հայաստանում ազգ, հայրենիք, եկեղեցի բաժանելու փորձերը. Արամ Ա

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել ուսանող երիտասարդների հետ եւ զրույց ունեցել «Ազգ, հայրենիք, եկեղեցի» թեմայի շուրջ։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից: «Հայ Եկեղեցւոյ Համալսարանական Ուսանողներու Միութեան (Հ.Ե.Հ.Ո.Մ.) 60-ամեակի նուիրուած ձեռնարկներու ծիրին մէջ, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Շաբաթ, 17 Փետրուար 2024-ին, «Կիլիկիա» թանգարանի սրահին մէջ տեղի ունեցաւ համագումարներու շարքին երրորդն ու վերջինը՝ «Հայրենիքն Ու Հայրենասիրութիւնը» խորագրով։ Հ.Ե.Հ.Ո.Մ.ի կազմակերպութեամբ սոյն համագումարներու շարքի հովանաւորն է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքը։ Համագումարին մասնակցեցան լիբանանահայ վարժարաններու, երիտասարդական եւ ուսանողական միութիւններու ներկայացուցիչներ։ Հ.Ե.Հ.Ո.Մ.ին անունով բացման խօսքով հանդէս եկաւ Կալի Աւագեան։ Ան դիտել տուաւ, որ Միութեան 60-ամեակին առնչուած այս երրորդ համագումարը տեղի պիտի ունենար աւելի շուտ, սակայն Արցախի աղէտին դժբախտ պատահարին հետեւանքով, Հ.Ե.Հ.Ո.Մ.ը նպատակայարմար գտած էր համագումարը յետաձգել։ Առ այդ, Կ. Աւագեան անդրադարձաւ Արցախի իրավիճակին եւ մէջբերելով Արցախի գծով Վեհափառ Հայրապետին թելադրութիւնները՝ քաջալերեց երիտասարդները գօտեպնդուելու հայ ոգիով եւ նոր թափով շարունակելու մեր ծառայութիւնը՝ հայրենիքի փրկութեան։ Ան աւելցուց, որ երիտասարդութիւնը կը հզօրացնէ ազգ մը, իսկ յուսահատութիւնն ու լացը փրկութիւն չեն ապահովեր։ Վերջապէս, ան հրաւիրեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր մտածումները, յորդորները, ցուցմունքներն ու թելադրութիւնները բաժնելու երիտասարդներունհ հետ՝ «Ազգ, Հայրենիք, Եկեղեցի» նիւթին շուրջ։ Նորին Սրբութիւնը, առաջին հերթին, ուրախութիւն յայտնեց երիտասարդներով շրջապատուած ըլլալուն համար՝ հաստատելով, որ այդպիսով աւելի կը պայծառանայ ապագայատեսիլ իր յոյսը, որովհետեւ երիտասարդութիւնը հոմանիշ է կենսունակութեան։ Ան շեշտելով երիտասարդ-երէց սերունդներու երկխօսութեան կարեւորութիւնը՝ ընդծեց, որ թէեւ դժուար է ոմանց համար ուրիշին լսելը, սակայն անհրաժեշտ է այդ, որովհետեւ երկու կողմերը իրարմէ սորվելիք ունին միշտ։ Օրինակները քաղելով Յիսուս Քրիստոսի կեանքէն՝ ան ըսաւ, որ Աստուած «վեր» չմնաց, այլ իջաւ մարդոց մօտ, ծառայի կերպարանք ստանալով՝ մօտեցաւ մարդուն. ուստի, Նորին Սրբութիւնը յորդորեց Աւետարանի օրինակները փոխադրել մեր կեանքին մէջ եւ փորձել նոյնանալ մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն։ Խորանալով նիստի նիւթին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նշեց, որ անկարելի է հեռու մնալ ներկայ դարու փոփոխութիւններէն եւ պատեր հիւսել մեր շուրջը, սակայն պէտք չէ փոփոխութիւնները ընդունիլ մեր ինքնութեան հաշւոյն։ Այս միտքէն մեկնելով՝ ան սահմանեց ազգասիրութիւն, հայրենասիրութիւն եւ եկեղեցասիրութիւն եզրերը ու մանրամասնեց այս երեքին իրարու սերտ առնչուածութիւնը։ Հայրապետը դիտել տուաւ, որ ազգ մը կրնայ պատմութեան ընթացքին կամաց-կամաց կորսուիլ, եթէ հայրենիք չունենայ, սակայն հայրենիքը հողը չէ միայն, այլ նաեւ մշակոյթի եւ արժէքներու մէկ ամբողջութիւն է։ Եթէ չըլլան արժէք եւ մշակոյթ, հողը լոկ հող մը կը մնայ։ Խօսելով եկեղեցասիրութեան կամ կրօնասիրութեան մասին՝ Նորին Ս. Օծութիւնը լուսարձակի տակ առաւ պատմութեան ընթացքին տարբեր ազգերու մօտ կրօնքին կարեւորութիւնը եւ անդրադառնալով հայութեանս՝ նկատել տուաւ, որ ներկայիս ջանք կը թափուի կրօնքը հեռացնելու մեր ազգային կեանքէն։ «Մեր պատմութեան մէջ քրիստոնէութիւնը հայացաւ եւ հայութիւնը քրիստոնէացաւ», ընդգծեց Նորին Սրբութիւնը՝ հաստատելով, որ անքակտելի նոյնացում ու միացում մը կայ մեր ազգ-հայրենիք-կրօնքին, այս պարագային՝ եկեղեցւոյ միջեւ։ Այս երեքին արժէքները իրարմէ տարբեր չեն։ Հայաստանի մէջ զանոնք իրարմէ բաժնելու փորձերը անընդունելի եւ արուեստական են։ Հայրապետը նշեց, որ հայոց պատմութիւնը եկեղեցւոյ պատմութիւնն է, նոյնպէս ալ եկեղեցւոյ պատմութիւնը՝ հայոց պատմութիւնը, իսկ երկուքը միասին քաղաքական մեր մտածողութեան պատմութիւնն են. բաժանման գիծեր կարելի չէ դնել։ Եզրափակելով իր խօսքը՝ Արամ Ա. Կաթողիկոս յատկապէս շեշտեց, թէ «ազգասիրութիւնը, հայրենասիրութիւնը ու եկեղեցասիրութիւնը իրարմէ անջատելը, փաստօրէն, տգիտութիւն է եւ, աւելի՛ն՝ ազգային հերետիկոսութիւն»։ Անոնք մէ՛կ ամբողջութիւն են. մէ՛կ էութեան, ինքնութեան, ինքնաճանաչման տարբեր տարածքներ են, սակայն իրարու հետ սերտօրէն ու անքակտելիօրէն առնչուած։ Նիստի աւարտին երիտասարդները առիթ ունեցան իրենց հարցումները ուղղելու Հայրապետին եւ արտայայտուելու Արցախի ու արցախահայութեան իրավիճակին, Սփիւռքի մէջ հայերէնի գործածութեան, ուսանողական կեանքի ներկայ մարտահրաւէրներուն, եկեղեցական ու ազգային գործունէութիւն ծաւալելու եւ այլ նիւթերու մասին»։  
11:27 - 18 փետրվարի, 2024
Արամ Ա-ի ներկայացուցիչը հանդիպել է Վատիկանի պետական քարտուղարի հետ

Արամ Ա-ի ներկայացուցիչը հանդիպել է Վատիկանի պետական քարտուղարի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանն Վատիկանում հանդիպել է Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Ինչպես հաղորդում է Անթիլիասի մամուլի ծառայությունը, հանդիպման օրակարգում են եղել դժվարությունները, որոնց ներկայում դիմակայում է Լիբանանը։ Այս համատեքստում Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանը կարդինալին փոխանցել է Արամ Ա-ի մտահոգություններն ու պատկերացումները։ Նա նաև հայտնել է, որ Արամ Ա Կաթողիկոսը Լիբանանի կողմից դիմագրավվող դժվարությունների հարցով օրեր առաջ Դոհայում հանդիպել է Քաթարի վարչապետի հետ։   Կարդինալը ողջունել է միջեկեղեցական և միջկրոնական հարցերով, ինչպես նաև Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները բարվոք լուծելու ուղղությամբ Արամ Ա վեհափառի ջանքերը։
14:14 - 23 հունվարի, 2024
Արամ Ա կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Երուսաղեմի հայ համայնքին «Կովերի պարտեզ»-ի հարձակման կապակցությամբ

Արամ Ա կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Երուսաղեմի հայ համայնքին «Կովերի պարտեզ»-ի հարձակման կապակցությամբ

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Երուսաղեմում հայկական թաղամասի վրա տեղի ունեցած հարձակման դեպքին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, Ժընեւի եւ Երուսաղէմէն ներս գտնուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) պատասխանատուներուն ճամբով, մօտէն կը հետեւի Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին շուրջ ստեղծուած մտահոգիչ կացութեան։ Ինչպէս Պատրիարքարանին կողմէ հրապարակուած եւ ստորեւ կցուած հաղորդագրութիւնը կը նշէ, շուրջ 30 անձերէ բաղկացած խումբ մը անծանօթ մարդիկ յարձակում գործած են Պատրիարքարանի միաբանութեան ու պաշտօնէութեան վրայ, իբրեւ բողոքի արտայայտութիւն «Կովերու Պարտէզ»ին գծով Պատրիարքարանին առած իրաւական քայլերուն։ Կան վիրաւորներ ու նիւթական վնասներ։ Ինչպէս միշտ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան ու հայ համայնքին եւ կոչ կ՚ուղղէ մեր ժողովուրդի զաւակներուն զօրավիգ կանգնելու Պատրիարքութեան իրաւունքներուն եւ ապահովութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:40-ին մոտ 30 ահաբեկիչ սև հագուստով ու դիմակներով՝ զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով: Հարձակման ժամանակ նրանք քարեր են սկսել շպրտել հայերի վրա: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հայ հոգևորականները մարտի են բռնվել՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանների օգնության հասնելը: Երուսաղեմի պատրիարքարանից էլ հայտնել են, որ ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր։ Հարձակումից հետո երկու հայ երիտասարդ է ձերբակալվել:
10:47 - 29 դեկտեմբերի, 2023
Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին
 |armenpress.am|

Արամ Ա կաթողիկոսը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին |armenpress.am|

armenpress.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը կոնգրեսական Ադամ Շիֆի հրավերով եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Նա հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, նախկին խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի 100 000 հայ քրիստոնյա փախստականներին։ Արամ Ա կաթողիկոսը բացման աղոթք է արել Ներկայացուցիչների պալատի նիստից առաջ, որին նախորդել էին նրա հանդիպումները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ «Օգնի՛ր մեզ, ողորմա՛ծ Աստված, մեր աղոթքներում հիշի՛ր ավելի քան հարյուր հազար հայ փախստականներին, որոնք վերջերս ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, իրենց դարավոր հայրենիքը», - աղոթքում նշել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսը։ Արամ Ա-ի աղոթքից հետո կոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել է նրան՝ շեշտելով, որ «նրա անսասան նվիրվածությունը հավատքի, համայնքի և կարեկցանքի արժեքներին մարմնավորում է մեր կենսունակ հայ համայնքի ոգին»։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ իր կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել նաև դեմոկրատական անդամ Քեթրին Քլարկի, Ջիմ Կոստայի, Աննա Էշուի, Յանգ Քիմի, Բարբարա Լիի, բրեդ Շերմանի և այլոց հետ։ Նա նաև առանձին հանդիպում է ունեցել հանրապետական կոնգրեսական Ջերի Կառլի հետ։
13:08 - 10 նոյեմբերի, 2023
Համազգային զորաշարժի կոչ ենք անում, ողջ հայությունը պետք է ոտքի ելնի․ Արամ Ա կաթողիկոս

Համազգային զորաշարժի կոչ ենք անում, ողջ հայությունը պետք է ոտքի ելնի․ Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պատգամ ու կոչ է հղել ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի առթիվ, որում նա համազգային զորաշարժի կոչ է արել` նշելով, որ «հայությունը պետք է ոտքի ելնի»։ Այն ներկայացնում ենք ստորեւ․ «Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը ողջունում ենք տագնապալից պայմաններում: Երկար ամիսների սովից ու տառապանքից հետո, այսօր Արցախը գտնվում է մահվան դեմ հանդիման: Արդարև, Ադրբեջանի հետզհետե ծավալող սպառնալիքների ու սադրանքների առջև զիջումներ արեցինք, վարեցինք բանակցություններ, արեցիքն հայտարարություններ, հրապարակեցինք դատապարտություններ, դիմեցինք միջազգային համայնքին, թակեցինք մեր մոտ ու հեռու բարեկամների դռները: Սակայն, ոչինչ չփոխվեց: Ո՛չ ոք չլսեց մեզ: Ո՛չ ոք գործնականում չկիսեց մեր մտահոգությունները և զորակից չեղավ մեր իրավունքներին: Մյուս կողմից, արյունարբու թշնամին առավել կատաղի շարունակեց իր պատերազմը հայ ժողովրդի դեմ, զենքով, թե քարոզչությամբ, հայկական հողերի վրա, թե աշխարհում՝ դառնալով ավելի անգութ ու հարձակողապաշտ: Թուրքիան ու Իսրայելը շարունակեցին իրենց ամբողջական զորակցությունը իրենց դաշնակից ու բարեկամ Ադրբեջանին: Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող թուրք քաղաքագետները ու հրեա կրոնավորները անվերապահորեն պաշտպանեցին Ադրբեջանի ցեղապաշտ քաղաքականությունը Արցախի ու Հայաստանի դեմ, նույնիսկ դատապարտելով «ցեղասպանություն» բառի գործածությունը, 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած մեր ժողովրդի կողմիվ: Միջազգային համայնքը, Միացյալ ազգերի կազմակերպությունից սկսած մինչև Եվրոպական միություն, բավարարվեցին լոկ կոչեր հրապարակելով: Մինչ այժմ, ոչ մի գործնական քայլ՝ ամիսներ ի վեր շրջափակման ենթարկված ու սովամահ դարձած Արցախի ժողովրդին օգտակար դառնալու համար: Ոչ մի  շոշափելի նախաձեռնություն՝ Արցախի ժողովրդի պատմական ու մարդկային իրավունքները պաշտպանող: Եվ ավելին, Ադրբեջանը ցեղասպանություն է փորձում իրականացնել Արցախի հարյուր քսան հազար (120,000) անմեղ հայերի դեմ՝ քաղաքակիրթ աշխարհին առաջ։ Փաստորեն անպաշտպան ենք ու առանձին: Չի՛ կարելի այլևս հանդուրժել մեր ժողովրդի դեմ կատարվող սադրանքները, սպառնալիքները, ռմբակոծումները ու հարձակումները: Չի՛ կարելի այլևս համակերպվել պարտադրված իրավիճակներին: Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանությունը միջազգային համայնքի պարտավորությունն է և մեր ազգի առաջնահերթությունը։ Եթե այսօր հավերժ կորստյան շեմին գտնվող Արցախը չկարողանանք փրկել, վաղը կարող է Հայաստանը գտնվի նմանօրինակ կացության մեջ: Զգույշ, հազա՛ր անգամ զգույշ...: Լինենք արթուն ու հեռատես: Պատահական չեն Ադրբեջանի կողմից արվող զինվորական-քաղաքական հաջորդական քայլերը: Դրանք սերտորեն ուսումնասիրված ու ծրագրված են և համահունչ՝ շրջանի աշխարհաքաղաքական պայմանների հոլովույթին և շատ հավանական է ՝ քաջալերված շրջանի որոշ ուժերի կողմից: Ո՞ւր ենք մենք: Ի՞նչ ենք անում մենք։ Հայաստանը անորոշության և անտարբերության ամպերով է ծածկված, իսկ արյունաքամ դարձած Արցախը ամուր կմնա պատնեշի վրա: Պատի՛վ իրեն: Արցախը մեր ժողովրդի իրավունքների ու Հայաստանի ամբողջականության, անվտանգության և անկախության պաշտպանության առաջին ճակատն է. պետք է այն ամեն գնով ամուր պահել: Այժմ, չենք կարող այլևս հանդիսատես մնալ ներկայիս ահավոր ու աննախատեսելի վտանգներով լեցուն կացության  առաջ՝ սոսկ տագնապելով ու դատապարտելով: Ժողովուրդն ասում է՝ բաժակը լցված է. դանակը արդեն հասել է ոսկորին։ Հետևաբար, այս պահին Անթիլիասի Մայրավանքից կոչ ենք ուզում․ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶՈՐԱՇԱՐԺԻ Այո՛, համազգային զորաշարժ. այլ ընտրանք չկա: Սիրելի՛ զավակներ հայ ազգի, այսօր անցյալը ու ներկան քննադատելու ժամանակը չէ, այսօր Արցախի ներկան ու Հայաստանի ապագան փրկելու ժամանակն է: Համախմբվենք համազգային այս սրբազան տեսլականի ու հանձնառության շուրջ՝ մեր ազգի ողջ ներուժով: Այս է մեր զորության կռվանը: Հետևաբար, Առաջին, պետք է ողջ հայությունը ոտքի ելնի՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, աշխարհի առաջ արտահայտելով իր խոր ընդվզումը ու անխախտ միասնականությունը, ինչպես նաև իր ամբողջական զորակցությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Երկրորդ, պետք է շուտով համազգային մասշտաբով հանդիպում կազմակերպվի՝ մեր ազգի հոգևոր, քաղաքական, պետական ու կուսակցական ղեկավարների մասնակցությամբ՝ ճշտելու համար նոր ռազմավարությունն ու մարտավարությունը։ Արդարև, աշխարհաքաղաքական շահերի բախման հորձանուտում, հրամայական է որ Հայաստանը հավասարակշռված դիրքորոշումներ որդեգրի՝ հեռու մնալով միակողմանի մոտեցումներից: Սիրելի՛ ժողովուրդ հայոց, Վստահենք մեր սեփական ուժին: Մեր ազգին ուժը իր հավաքական հավատքի, վճռականության ու միության մեջ է: Այլ ճանապարհ չունենք մեր առաջ։ Եկե՛ք միասնաբար քալենք այս ճանապարհով՝ վերանորոգ հավատքով զորացած ու վառ հուսով շաղախված»:
16:53 - 21 սեպտեմբերի, 2023
Նույն ոգով պիտի շարունակենք մեր Սուրբ Աթոռի զորակցությունը Արցախի Հանրապետությանը․ Արամ Ա-ն՝ ԱՀ նախագահին

Նույն ոգով պիտի շարունակենք մեր Սուրբ Աթոռի զորակցությունը Արցախի Հանրապետությանը․ Արամ Ա-ն՝ ԱՀ նախագահին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին․ «Վսեմաշուք Տիար Սամվել Շահրամանյան, Նորընտիր Նախագահ Արցախի Հանրապետության․ Սիրելի՛ Պրն. Նախագահ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից հայրապետական օրհնությամբ և ջերմ սիրով ողջունում ենք Ձեր ընտրությունը, որպես Արցախի Հանրապետության նախագահ։ Այս առիթով ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ և մաղթում, որ Արցախի պատմության ճգնաժամային հանգրվանում Ձեր ստանձնած պատասխանատվությունը վերանորոգ հավատքով ու նվիրումով կարողանաք լիովին արդարացնել՝ ի խնդիր Արցախի մեր սիրելի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքի։ Արդարև, Արցախի հայության կյանքի մշուշապատ այս օրերին, Արցախի ապաշրջափակումը և նրա իրավունքների իրացման հետապնդումը հարկ է, որ դառնա յուրաքանչյուր հայի և համայն հայության առաջնահերթ նպատակը։ Մենք անձնապես, Մեր բոլոր կարողությունները գործի ենք դրել ու պիտի շարունակենք դնել՝ միջազգային մակարդակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետապնդելու համար։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը իր թեմերով միշտ եղել է Արցախի պետության, նրա քաջարի բանակի ու հերոսական ժողովրդի կողքին։ Վստահեցնում ենք Ձեզ, որ նույն ոգով պիտի շարունակենք մեր Սուրբ Աթոռի զորակցությունը Արցախի Հանրապետությանը։ Եվս մեկ անգամ, անձնապես և հանուն մեր Սուրբ Աթոռի միաբանության, ժողովականության, թեմերին և մեր ժողովրդին ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը։ Թող Ամենաբարի Աստված Իր հովանին անպակաս անի Արցախի Հանրապետության վրա և  Արցախի հայությանը շնորհի խաղաղ ու բարօր տարիներ»։
13:52 - 12 սեպտեմբերի, 2023
Անհապաղ ապաշրջափակում, բայց ոչ ի հեճուկս Արցախի ինքնորոշման․ Արամ Ա կաթողիկոսի պատգամը

Անհապաղ ապաշրջափակում, բայց ոչ ի հեճուկս Արցախի ինքնորոշման․ Արամ Ա կաթողիկոսի պատգամը

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պատգամ է հղել Արցախի Հանրապետության 32-րդ ամյակի առթիվ․ «Այսօր Արցախի անկախութեան տօնն է: Տխուր ու անորոշ պայմաններու մէջ կը նշենք Արցախի անկախութեան 32-րդ տարեդարձը:Ահա շուրջ ինը ամիսներէ ի վեր շրջափակումի ենթարկուած է Արցախը Ազրպէյճանի կողմէ եւ ենթակայ է սովամահ դառնալու վտանգին: Սակայն, Արցախի ժողովուրդին հաւատքը, վճռականութիւնն ու յոյսը ո՛չ մէկ ուժ կրնայ շրջափակումի ենթարկել:Անկախութիւնը աստուածատուր իրաւունք է: Անկախութիւնը նաեւ միջազգային օրէնքի հիմնական սկզբունքներէն մէկն է: Արդ, ո՛չ մէկ ազգ իրաւունք ունի բռնաբարելու ուրիշ ազգին անկախութիւնը: 32 տարիներ առաջ Արցախի ժողովուրդը իր անկախութիւնը հռչակած է եւ բազմիցս վերահաստատած:Հետեւաբար, սիրելի՛ Արցախ, մնացի՛ր ամուր` քու ինքնորոշման արդար իրաւունքը հարցականի տակ առնող ներկայ պայմաններուն մէջ: Մնացի՛ր կառչած քու հաւաքական կեցուածքին: Դուն առանձին չես, ողջ հայութիւնը քեզի հետ է:Եղի՛ր միակամ բռունցքի նման, հեռու մնալով կամքդ ջլատող ներքին հակադրութիւններէ:Եղի՛ր զօրեղ ժայռի նման, մերժելով քեզ համակերպութեան մղող մօտեցումները:Թող պահանջատիրութեան ձայնդ հնչէ աշխարհի լռութեան ու անտարբերութեան դիմաց:Թող քու մարտունակ ոգիդ միշտ մնայ ուժեղ ու հատու:Թող իմանան բոլորը, մօտաւոր թէ հեռաւոր, թէ Արցախին ձայնը կարելի չէ լռեցնել, սոսկ հաց ու դեղ տալով:Թող իմանան բոլորը, մօտաւոր թէ հեռաւոր, թէ Արցախի ապաշրջափակումը չի կրնար ըլլալ ի հեճուկս անոր ինքնորոշման արդար իրաւունքին:Թող իմանան բոլորը, մօտաւոր թէ հեռաւոր, թէ մարդասիրական տագնապ ստեղծելով չեն կրնար Արցախը ծունկի բերել:Նայեցէ՛ք մեր դարաւոր պատմութեան: Մեր ժողովուրդը իր պատմութիւնը կերտեց, իր գոյութիւնը ամրագրեց եւ իր ինքնութիւնը պահեց նաեւ «ո՛չ» ըսելով` մեր հաւատքը խաթարող, մեր ինքնութիւնը այլափոխող ու մեր անկախութիւնը յափշտակել փորձող ուժերուն դէմ: Մեր հաւաքական «ոչ»-ով մենք մնացինք տոկուն պատմութեան արհաւիրքներուն մէջ:Այսօր եւս, Արցախը, եւ Արցախին հետ մեր ողջ ժողովուրդը, միահամուռ կերպով կ՛ըսէ «ո՛չ»:Ո՛չ` Արցախի ինքնորոշման իրաւունքը մոռացութեան դատապարտելու ձգտող ճիգերուն:Ո՛չ` Արցախը իր հայութենէն պարպելու սադրանքներուն:Ո՛չ` Արցախի կրօնական, մշակութային ու ազգային ինքնութիւնը այլափոխող ապօրէն ծրագիրներուն:Ո՛չ` Արցախը Ազրպէյճանի հողային տարածքին մէջ ներմուծելու դաւերուն:Ո՛չ` տարբեր քողի տակ Արցախի հայութեան դէմ ցեղասպանութիւն կազմակերպելու դիւային փորձերուն:Վարդանանք ու Ղեւոնդեանք 5-րդ դարուն ըսին` այս հաւատքէն մեզ ո՛չ մէկ ուժ կրնայ խախտել: Քրիստոնէական հաւատքը շաղախուած էր անկախութեան ոգիով եւ զսպանակուած` ազգային արժէքներով ու իտէալներով:Արցախի պատմութեան ներկայ ճակատագրական հանգրուանին, Վարդանանց ու Ղեւոնդեանց հաւատքով վերանորոգուած ու կամքով կռանուած, մեր ողջ ժողովուրդը Արցախի հետ միասին կ՛ըսէ աշխարհին դիմաց` Արցախին ազատօրէն ապրելու, գոյատեւելու ու ստեղծագործելու աստուածատուր իրաւունքը ո՛չ մէկ ուժ կրնայ խլել:Ահա՛ մեր համազգային ուխտը` այսօ՛ր ու մի՛շտ:Փառք ու պատիւ իրենց արիւնով Արցախի անկախութիւնը կերտած նահատակներուն եւ իր նահատակներու սրբազան ուխտին հաւատարիմ Արցախի ժողովուրդին»:
16:57 - 02 սեպտեմբերի, 2023
Ստեղծել միասնական մարմին` Բաքվի հետ բանակցելու համար. Արամ Ա–ն առաջարկով է հանդես եկել
 |armeniasputnik.am|

Ստեղծել միասնական մարմին` Բաքվի հետ բանակցելու համար. Արամ Ա–ն առաջարկով է հանդես եկել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ՀՀ իշխանություններին առաջարկել է ստեղծել քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառությունով միասնական մի մարմին, որը Հայաստանի և Արցախի համար ճակատագրական այս փուլում բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով և մոտեցմամբ: Այս մասին Արամ Ա–ն նա ասել է Սուրբ Ատվածածին վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում` անդրադառնալով Արցախի շուրջ տիրող իրավիճակին։   Նա իր ուղերձում նաև ընդգծել է, որ միասնական այդ մարմինը պետք է բաղկացած լինի իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից։ Նա մտավախություն ունի, որ Հայաստանի ղեկավարության ներկայիս մոտեցումները Ադրբեջանի հետ բանակցություններում կարող են վտանգել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ գոյությունը: Արամ Առաջինի կարծիքով՝ Հայաստանը ևս չպետք է վերածվի Արևելք-Արևմուտք դիմակայության թատերաբեմի, նման քաղաքականության հետևանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար: Կաթողիկոսի պնդմամբ` Ադրբեջանի տարածքային ամբողջակությունը ճանաչելով՝ խախտվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։   «Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ Հայաստանը դուրս գա պարտված լինելու և սոսկ զիջումներ կատարելու կացությունից։ Ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչև որ Ադրբեջանը դադարեցնի Արցախի շրջափակումը»,– նշել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։   Նա շեշտել է` պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին, այլ պետք է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։ Արամ Ա–ի խոսքով՝ պետք է մերժել որևէ մոտեցում, որը կներառի Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս:        
15:11 - 13 օգոստոսի, 2023
Արամ Ա-ն  հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ. կարևորվել է Արցախի ինքնորոշման իրավունքն ամուր պահելու հրամայականը

Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ. կարևորվել է Արցախի ինքնորոշման իրավունքն ամուր պահելու հրամայականը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն  հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Ուրբաթ օրը՝ հունիսի 30-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի և Արցախի Հանրապետության նախագահա Արայիկ Հարությունյանի միջև։ Նորին Ս․ Օծությունը ևս մեկ անգամ վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ամբողջական զորակցությունը Արցախի մեր ժողովրդին։ Ապա, Վեհափառ Հայրապետը տեղյակ է պահել նախագահին վերջին շրջանում Հունաստանի ու Կանադայի վարչապետների ու Կիպրոսի նախագահի հետ Արցախի հարցի գծով իր ունեցած խորհրդակցությունների ու հատկապես հիշյալ անձնավորությունների մոտեցումների մասին։ Նախագահ Հարությունյանը իր հերթին անդրադարձել է Արցախին դիմագրաված ներկա մարտահրավերներին։ Երկու կողմերն էլ կարևորությամբ շեշտել են Արցախի ինքնորոշման իրավունքն ամուր պահելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրությունում։
12:33 - 01 հուլիսի, 2023
«Հիմնական եւ ընդհանրական հարցերու շուրջ պէտք է մեր ժողովուրդը իր հաւաքական կամքը արտայայտէ». Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելեց Գանատայում ՀՀ դեսպանատուն

«Հիմնական եւ ընդհանրական հարցերու շուրջ պէտք է մեր ժողովուրդը իր հաւաքական կամքը արտայայտէ». Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելեց Գանատայում ՀՀ դեսպանատուն

Հունիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր շքախումբին հետ, այցելել է Կանադայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն։ «Շքախումբին մաս կը կազմէին.- Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան, Կրօնական Ժողովի ատենապետ Գերապատիւ Տ. Գեղարդ Ծայրագոյն Վարդապետ Քիւսպէկեան, գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Պարոյր Վարդապետ Շէրնէզեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի Համա-ատենապետ Գրիգոր Մահսէրէճեան։ Վեհափառ Հայրապետը եւ իր շքախումբը հիւրընկալուեցան, Հայաստանի Հանրապետութեան դեսպան Անահիտ Յարութիւնեանի եւ դեսպանատան անձնակազմին կողմէ։ Դեսպանը նախ բարի գալուստ մաղթեց Վեհափառ Հայրապետին եւ շնորհակալութիւն յայտնեց Նորին Ս. Օծութեան, որ ընդառաջեց եւ այցելեց Օթաուայի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
12:54 - 08 հունիսի, 2023
Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում․ Արամ Ա

Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջոցառման ընթացքում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ։ «Ճակատագրական է ներկա հանգրվանը մեր ազգի պատմության։ Մութ ամպերով է ծածկված երկնակամարը հայ կյանքի, անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը:Հնարավոր չէ այլ կերպ բնութագրել մեր ազգի կյանքին պարզած ներկա տխուր պատկերը։ Գիտենք՝ իրապաշտությունը երբեմն հուսահատության կարող է առաջնորդել, սակայն հավատքով զինված, կամքով փրկված ու միասնական ոգով գոտեպնդված՝ որպես ազգ կոչված ենք խոհեմությամբ ու համախոհությամբ դիմագրավել մեզ շրջապատող ներքին և արտաքին բազմազան ու այլազան տագնապները։ Անհրաժեշտ է , որ մեր մոտեցումները լինեն իրատես ու հայեցակետերը համապարփակ, որպեսզի հնարավոր լինի խնդիրները ճիշտ տեսնել, կացությունները ճիշտ ըմբռնել և մեր շուրջը տեղի ունեցող զարգացումները ճիշտ կերպով գնահատել աշխարհաքաղաքական հարափոփոխ պայմանների լույսի տակ։ Ապրիլի 24-ը մեր պահանջատիրական պայքարին իր ռազմավարական ու մարտավարական տարածքներով, վերաշեշտման ու միաժամանակ վերարժևորման հիշեցում է։ Ապրիլ 24-ը, նաև այսօր, առավել, քան երբեք ազգային միասնականության ամրապնդման մարտահրավեր է: Ադրբեջանն իր սուրն ազատորեն շարունակում է ճոճել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։  Արցախը տակավին կմնա շրջափակված ու հայաթափման վտանգի առջև: Բարոյական աջակցությունից զատ, որևէ պետություն չուզեց միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը: Վտանգված են Հայաստանի սահմանները ու նույնիսկ գերիշխանությունը: Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում: Աննախատեսելի հետևանքներով հղի այս վտանգալից կացության դիմաց Արցախի անվտանգությունը ապահովելու կոչված Հայաստանի ռազմավարական գործընկերը կմնա սոսկ դիտողի կրավորական վիճակի մեջ կամ հետևելով անորոշ քաղաքականությանը: Հայաստանն առանձին է, և Արցախը փաստորեն լքված է, սակայն փառք ու պատիվ Արցախի ժողովրդին, որ իր իրավունքների պաշտպանության պատնեշի վրա կմնա ամուր, նույն պաշտնեշի վրա ողջ Սփյուռքը Արցախի կողքին և Արցախի նման կմնա ամուր։ Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնություն գործակցությունը փաստորեն դարձել է մակերեսային, հետզհետե իրարից հեռանում են, ամենուր նոր ճեղքեր են առաջանում, ամեն տեղ շրջապատված ենք փոխադարձ մեղադրանքներ ու ատելություն սերմանող լոզունգներով ու կեցվածքներով։ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջև։ Եթե կարծում են, թե տարածաշրջանում համապարփակ խաղաղության համար զիջումներ կատարելով Հայաստանի համար կարելի կդառնա մնայուն խաղաղություն ու տնտեսական զարգացում ապահովելը, պետք է լինել զգույշ, հազար անգամ զգույշ։ Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները լայնորեբ բացելով կարող է վտանգվել նրա ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը, և Արցախը կարող է անհետանալ հայ կյանքի քարտեզից։ Հետևաբար, ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության համաձայնություն գոյանա՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի, ոչ էլ ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատում՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների, ցեղասպանության ճանաչման ու հատուցման»,- իր ուղերձում ասաց Արամ Ա-ն։
11:06 - 24 ապրիլի, 2023