Արմեն Սարգսյան

ՀՀ գործող նախագահն է։

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ:

Ամուսնացած է: Ունի երկու որդի, երեք թոռնիկ։ 

Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների և գիտության հարցերով պետական նախարար Սառա Ալ Ամիրիի հետ։ Նախարարը նաև ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի նախագահն է, նա համակարգում է նաև ԱՄԷ տնտեսության զարգացման մեջ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերը:Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկել են գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերագիտության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Նախարար Ալ Ամիրին ներկայացրել է հիմնարար գիտությունների, տիեզերագիտության ոլորտներում Միացյալ Էմիրությունների կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձել ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությանը դեպի Մարս։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հավակնոտ ծրագրերը ներդրում են ոչ միայն հանուն ապագայի, այլև երիտասարդների համար գիտությամբ զբաղվելու ոգեշնչման աղբյուր են: Նախագահ Սարգսյանը ԱՄԷ պետնախարարին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին, որի նպատակներից մեկը նույնպես երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաներ, դեպի ապագա ուղղորդելն է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին՝ դրանք առաջնային համարելով մեր երկրի ապագայի տեսանկյունից։ Այս համատեքստում նախագահ Սարգսյանը խոսել է գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության և դրա շրջանակներում հնարավոր փոխգործակցության մասին։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրերի և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորություններին։
13:29 - 18 հունվարի, 2022
Քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները. նախագահը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ

Քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները. նախագահը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ Mubadala Investment Company-ն խոշոր ներդրումային ընկերություն է, որը կառավարում է ակտիվների և ներդրումների բազմազան պորտֆել Արաբական Միացյալ Էմիրություններում և արտերկրում: Ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում և ներդրումներ կատարում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում և ներկայացված է աշխարհի 50-ից ավելի երկրներում։ «Մուբադալայի» կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է 243 ԱՄՆ միլիարդ դոլար, գլխամասային գրասենյակը Աբու Դաբիում է: «Մուբադալան» գրասենյակներ ունի նաև Լոնդոնում, Ռիո դե Ժանեյրոյում, Մոսկվայում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում և Պեկինում: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել «Մուբադալա» ներդրումային ընկերության մասնաճյուղ հանդիսացող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացման պատրաստակամության համար: Նախագահը բարձր է գնահատել «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի արդյունավետ համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են այլընտրանքային էներգետիկայի, ինչպես նաև այլ ոլորտներում ծավալուն ներդրումներ կատարելու հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է էմիրաթական ընկերությունների հնարավոր ներկայությամբ մեր երկրի տնտեսության այլ ոլորտներում նույնպես և պատրաստ է երկարատև համագործակցության:
20:13 - 17 հունվարի, 2022
ՀՀ նախագահն ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

ՀՀ նախագահն ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Դուբայում ՝ «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում։   Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, «Աբու Դաբի կայունության շաբաթվա» բացմանը ներկա են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումը, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, տարբեր երկրների կառավարությունների անդամներ, միջազգային կազմակերպությունների և խոշոր կորպորացիաների ղեկավարներ։ «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումի բացման շրջանակում տեղի է ունեցել «Զայեդ կայունության մրցանակ»-ի շնորհման արարողությանը: Մրցանակը շնորհվում է առողջապահության, սննդի, էներգետիկայի, կրթության և ջրային տնտեսության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս կայուն զարգացմանը նպաստող նորարար և ոգեշնչող լուծումներով: «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ն անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը տարբեր միջոցառումների և համաժողովների շրջանակում հյուրընկալում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով:
14:14 - 17 հունվարի, 2022
ՀՀ նախագահի՝ ԱՄԷ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագիծ իրականացնելու վերաբերյալ

ՀՀ նախագահի՝ ԱՄԷ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագիծ իրականացնելու վերաբերյալ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայումս «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է՝ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ևս 200 մեգավատտ հզորության վերաբերյալ այսօր ձեռք բերած պայմանավորվածության առթիվ: Նախագահը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,- ասել է նա։ Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոդի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում նույնպես մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին:
20:05 - 16 հունվարի, 2022
ՀՀ նախագահն ԱՄԷ ԱԳՄՀ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

ՀՀ նախագահն ԱՄԷ ԱԳՄՀ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Հանդիպման օրակարգում առանցքային են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունությանը վերաբերող հարցերը: Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: «Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:   Video Player     Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ կողմերը նշել են, որ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար: Նախագահ Սարգսյանը հայ-էմիրաթական հարաբերությունները կարևորել է նաև Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության համատեքստում: ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծել է Հայաստանի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու Միացյալ Էմիրությունների շահագրգռությունը: Նա մասնավորապես կարևորել է փոխգործակցության խորացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում: Նշվել է, որ երկու երկրների միջև հաստատված օդային նոր կամուրջը Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ է: «Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում էմիրաթական «Մասդար» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին՝ կարևորելով դրա ընդլայնումը և նոր ներդրումները: Կողմերն ընդգծել են երկկողմ փոխայցելությունների կարևորությունը: Այդ համատեքստում նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան»,- հյտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Աղբյուրի տեղեկացմամբ՝ համաձայնելով, որ հայ-էմիրաթական հարաբերությունները, փոխգործակցության հիմնական ուղղություններն ու նախագծերը միտված են ապագային՝ զրուցակիցները նշել են. քանի որ առկա է համագործակցության մեծ ներուժ, հնարավորություն և ավելին անելու ցանկություն, պետք է համատեղ ջանքերով հետևողականորեն շարժվել առաջ:
12:32 - 16 հունվարի, 2022
Հակառակորդի կրակոցներից զոհված 3 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Հակառակորդի կրակոցներից զոհված 3 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել հունվարի 11-ին Ադրբեջանի զինուժի նախաձեռնած մարտական գործողությունների հետևանքով զոհված երեք հայ զինծառայողներին պարգևատրելու մասին։«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝Ռուդիկ Ռաֆիկի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտՎահան Վաչագանի ԲԱԲԱՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պար-տադիր զինծառայող, շարքայինԱրթուր Արտյոմի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,– ասվում է նախագահի հրամանագրում:
17:43 - 14 հունվարի, 2022
Այցի առանցքում կլինեն այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր. ՀՀ նախագահը կմեկնի ԱՄԷ

Այցի առանցքում կլինեն այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր. ՀՀ նախագահը կմեկնի ԱՄԷ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն միջպետական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի հետևանքով: Հայաստանի նախագահը կայցելի «Մասդար» գիտաարդյունաբերական կենտրոն. նշվում է, որ «Մասդար» ընկերությունը սկսել է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակում: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2019թ. Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նախագահի աշխատակազմից ընդգծում են, որ «Մասդար»-ի կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում այսօր իրականացվող ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է: Հանրապետության նախագահի այս այցի ընթացքում «Մասդար»-ի ղեկավարության հետ կքննարկվեն ծրագրի հաջորդ փուլին և այլընտրանքային էներգիայի ոլորտում նոր ներդրումների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետ կապված հարցեր: Շարժայի էմիրության ղեկավարության հետ նախագահ Սարգսյանը կքննարկի ավիացիայի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և ներդրումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա միջազգային մշակութային փառատոնի շրջանակում Հայաստանի՝ որպես փառատոնի պատվավոր հյուր մասնակցությանը, ինչը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությունը: Հայաստանի նախագահը կմասնակցի նաև «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week 2022) միջազգային հեղինակավոր ֆորումին և դրա շրջանակում կազմակերպվելիք համաժողովներին: «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ն անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը տարբեր միջոցառումների և համաժողովների շրջանակում հյուրընկալում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Այս տարի «Աբու Դաբի կայունության շաբաթվա» միջոցառումներին մասնակցելու են Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբը, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) նախագահ Ալոկ Շարման, Եգիպտոսի արտգործնախարար, COP 27-ի նախագահ Սամեհ Շուքրին, Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Ջոն Քերին, Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ֆրանչեսկո Լա Կամերան, Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Ֆերիդ Բելհաջը, ՄԱԿ-ի ութերորդ գլխավոր քարտուղար, Global Green Growth ինստիտուտի խորհրդի նախագահ Բան Կի-Մունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, տարբեր երկրների կառավարությունների անդամներ, միջազգային կազմակերպությունների և խոշոր կորպորացիաների ղեկավարներ: Նախագահ Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովին, ինչպես նաև կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին ու դրանցում կանանց ներգրավվածությանը նվիրված թեմատիկ քննարկումներին:
13:20 - 14 հունվարի, 2022
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ; Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ: Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն: Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ: Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ: Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին և հարազատներին առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ Ավետիս»։
10:43 - 06 հունվարի, 2022
Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին․Արմեն Սարգսյան

Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին․Արմեն Սարգսյան

Միջազգային հեղինակավոր The Spectator world պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վերջին զարգացումների մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հոդվածի հեղինակը՝ հայտնի գրող և լրագրող Կապիլ Կոմիրեդդին, ամիսներ առաջ այցելել էր Հայաստան: Ի թիվս բազմաթիվ հանդիպումների և հարցազրույցների, նա զրուցել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հոդվածում հեղինակը ներկայացրել է Հայաստան այցից իր տպավորությունները, ինչպես նաև օգտագործել է հատվածներ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցից: Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով. Հոդվածի սկզբում Կապիլ Կոմիրեդդին անդրադառնալով նախորդ տարի Հայաստանի հետ Ադրբեջանի ու Թուրքիայի հակամարտությանը՝ նշում է. «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը զայրացած է, քանի որ հազարավոր քաջ և անձնուրաց հայ զինվորներ են սպանվել այդ պատերազմում... Արմեն Սարգսյանն ինձ միակ հայ քաղաքական գործիչն է թվում, ում զայրույթն ուղեկցվում է ազգային զարթոնքի կառուցողական ծրագրով: Մի շարք քաղաքական գործիչներ անդադար բողոքում են դաշնակիցների կողմից լքված լինելուց կամ արտաքին ուժերի կողմից հարված ստանալուց, մինչդեռ Սարգսյանը կարծես թե ոգեշնչվում է այն ուսմունքից, որ «աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա». ազգերը, որոնք չունեն հավակնություններ, ձգտում, որոնք համակերպվում են այդ վիճակին, այս աշխարհում տեղ չունեն: Հայաստանի հետ կապված ամենաուշագրավ փաստն այն է, որ այդ երկիրն ընդհանրապես գոյություն ունի. շատ քիչ երկրներ են դարերի ընթացքում անցել ավելի մեծ տառապանքների միջով, որքան այս փոքր կովկասյան հանրապետությունն է՝ տեղակայված Եվրոպայի ու Ասիայի ռազմավարական խաչմերուկում: Հայաստանը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին՝ առաջինն աշխարհի պետությունների շարքում, և այդ ժամանակից ի վեր նրա պատմությունը վերածվել է չվերջացող կռիվների տարեգրության: Մրցակցության մեջ գտնվող կայսրություններն այն հազարամյակներով վերածել են, ինչպես ասվում է Գիբբոնի անմոռանալի արտահայտության մեջ, «մշտական պատերազմի թատերաբեմի»: Ռուսները հեղեղում էին այն վերևից, արաբներն ու պարսիկները հոշոտում էին ներքևից: Իսկ թուրքերը, որոնք խժռել էին պատմական Հայաստանի ողջ արևմտյան ճակատը, քսաներորդ դարասկիզբ մուտք գործեցին 1.5 միլիոն հայերի կոտորածն իրականացնելով: Ինչպե՞ս վերակառուցել արտաքին ագրեսիայից և ներքին կռիվներից բարոյալքված ազգը: «Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց,- ասում է Սարգսյանը: - Պետք է ինքդ քեզ բարդ հարցեր տաս և անես անհրաժեշտ փոփոխություններ»: Փոփոխություններից մեկն, որն անհրաժեշտ է ազգի հոգեբանությունն ապաքինելու և Հայաստանի ապագան անվտանգ դարձնելու տեսանկյունից, ըստ Սարգսյանի, սահմանադրական բարեփոխումն է: Սա կարող է տարօրինակ թվալ, և ես թերահավատորեն էի մոտենում Սարգսյանի փաստարկին մինչև նախորդ ամառ Հայաստանով կատարած ճանապարհորդությունս: Պատերազմը բացահայտեց ոչ միայն Հայաստանի ռազմական ոլորտում եղած թույլ կողմերն, այլև սահմանադրության մեջ եղած բացերը: 2015 թվականին գրված ներկայիս սահմանադրությունը երաշխավորում էր առավելապես անհատների, ոչ թե ժողովրդի շահերը: Եվ քանի դեռ Հայաստանը չի ամրապնդել պատասխանատվության գաղափարը, չի ստեղծել իշխանության իրար հակակշռող ճյուղեր, և քանի դեռ անհատները չեն ստորադասվում ինստիտուտներին, այն կշարունակի խոցելի մնալ պոպուլիզմի, ինտրիգների ու քաոսի պայմաններում: Լինելով միջազգային ասպարեզում Հայաստանի նշանավոր գործիչներից մեկը, Սարգսյանը երեք տարի առաջ ընտրվեց նախագահի՝ մեծամասամբ արարողակարգային պաշտոնում: Երբ սկսվեց պատերազմը, նա ակտիվացրեց իր լայն միջազգային կապերը՝ աջակցություն ստանալու Հայաստանի համար: Սարգսյանը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: Սակայն Հայաստանի համար վերականգնվելու ու վերակառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար, քանի որ որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: «Ադրբեջանը զգալիորեն մեզ գերազանցեց, քանի որ ունի նավթային եկամուտներ,- ասում է նա: - Սակայն ի՞նչ արժեք կունենա նավթը մեկ կամ երկու սերունդ հետո»: Նախագահի պաշտոնն ստանձնելուց օրեր անց, երբ երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին, նոր նախագահն իր աշխատակազմին հայտարարեց, որ պատրաստվում է գնալ Հանրապետության հրապարակ, որը հեղափոխության բաբախող սիրտն էր: «Խաղաղության պահպանումն ու բռնության կանխումն իմ բարձր պարտավորությունն էր իմ ժողովրդիս հանդեպ: Եթե ես մնայի նախագահական նստավայրում, դա կնշանակեր վախկոտ հրաժարում սեփական պարտականությունից»,- պատմում է Սարգսյանը: ...Անցած աշնանը Սարգսյանը հյուրընկալեց Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը՝ Դավոսի օրինակով երկօրյա համաժողով, որը միջազգային քաղաքական գործիչներին և բիզնես ոլորտի հայտնի դեմքերին բերեց Դիլիջան առողջարանային քաղաք։ Գագաթնաժողովից մեկ օր անց նա մեկնեց Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունեց թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: Այցը պատմական էր, քանի որ Սաուդյան Արաբիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Սա ևս մեկ օրինակ էր, երբ Սարգսյանը օգտագործում է իր անձնական կապերի լայն շրջանակը, որը ձևավորվել էր մասնավոր ոլորտում իր գործունեության ընթացքում՝ ի շահ դժվարին վիճակում գտվող իր երկրի: Նա, թերևս, պետության միակ ղեկավարն է, որը նաև գիտնական է. Սարգսյանը հավակնոտ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ խթանելու տեխնոլոգիական հեղափոխությունը իր երկրում: Նրա ծրագրի ֆիզիկական հիմքերը դրվում են Advanced Tomorrow (ATOM) նախագծում, որը հավակնում է դառնալ կիբեր և գիտական նորարարությունների հանգույց: Նա գաղափարը ներկայացրել է տարբեր պետությունների ղեկավարներին և ներդրողներին։ Հայաստանում մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գլոբալ կենտրոնների զարգացմանն աջակցելու համար ՏՏ և տեխնոլոգիական խոշոր ընկերություններին համոզելը համեմատաբար հեշտ է եղել: Հայկական սփյուռքը, որն աշխարհի ամենաբարգավաճ և ազդեցիկներից մեկն է, ևս պատրաստ է օգնել: Արմեն Սարգսյանի՝ Ազգի կոնցեպտը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ ընդգրկելով աշխարհասփյուռ հայկական համայնքը։ Հայկական ինքնությունը՝ նրա գրականությունը, մշակույթը, խոհանոցը, ավանդույթները զարգացել են Հայաստանից դուրս։ Պատմականորեն հայերը կառուցել և կառավարել են այլ երկրների համար։ Կոստանդնուպոլսի ամենահարգված ճարտարապետը, օրինակ, հայ էր: Այսօր, սակայն, նման մարդկանց փորձառությունն ի օգուտ Հայաստանի չի օգտագործվում։ Կառավարությունում աշխատելու պահանջներից մեկը Հայաստանում մի քանի տարի անընդմեջ բնակվելն է։ Տաղանդավոր սփյուռքահայերին Հայաստան բերելը բախվում է մի շարք խոչընդոտների «անհեթեթ և անիմաստ կանոնակարգերի» պատճառով: Օրինակ, Նուբար Աֆեյանը, որը Moderna-ի համահիմնադիրն է, պետք է առնվազն հինգ տարի ապրի բացառապես Հայաստանում, որպեսզի իրավունք ստանա ծառայության անցնել Հայաստանի կառավարությունում: Ստացվում է, Երևանին պետք են նրա պատվաստանյութերը և բարեգործությունը, բայց ոչ նրա հմտությունը կամ ծառայությունը։ «Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ», - ասում է Սարգսյանը։ Սփյուռքի առջև դռների բացումը սահմանադրական բարեփոխումների շարքում է, որը պաշտպանում է Սարգսյանը։ Եթե Սահմանադրությունը փոխվի, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի:Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է երեք տարուց մի փոքր ավելի ժամանակ: Արդյո՞ք Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ բարեփոխումների իրականացումն արագացնելու համար. «Հայաստանի նախագահ լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է»,- ասում է նա։ «Սակայն ինձ հարգված զգալու համար չէ, որ համաձայնեցի այս աշխատանքին: Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին։ Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին»: 
22:30 - 05 հունվարի, 2022