Գիտություն

Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան

Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի կարծիքով՝ Հայաստանում շատ պետական խնդիրներ կան, և դրանց լուծման համար կարևոր է նորարարական մեթոդների կիրառումը․ «Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում դրանք հիմնված են Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) տարբեր տեսակի աշխատանքների, պատվերի վրա։ Այդ մասով մեզ մոտ շատ մեծ բաց կա։ Մենք պատվերը ֆորմալ  առումով ունենք՝ պաշտպանական ԳՀՓԿ-ն, բայց դա անընդատ կրճատվում է։ Մյուս հարցերում ընդհանրապես չկա որևէ ԳՀՓԿ բյուջե, որը միտված է հենց այդ տեսակ խնդիրները լուծելուն։ Ամենապարզ օրինակը․ անընդհատ խոսում են արտադրողականության բարձրացման մասին։ Մեր տնտեսության մեջ ամենամեծ տեղը հատկացվում է գյուղատնտեսությանը, բայց չկա նպատակային ԳՀՓԿ բյուջե, որը ծախսվում է, օրինակ, ագրոտեխնոլոգիաների մեջ, ագրոտեխնոլոգիաների զարգացմանը միտված ԳՀՓԿ-ի համար։ Բոլոր նախարարություններում կարելի է այդպիսի խնդիրներ առանձնացնել, որոնց լուծման գործիք է անհրաժեշտ դիտարկել ԳՀՓԿ աշխատանքների մեխանիզմը»։ Տիգրան Շահվերդյանն ընդգծում է՝  «Գիտուժ» համայնքի պահանջն ուղղված է եղել ԳՀՓԿ բոլոր շղթաների զարգացմանը։ Այս պահին Գիտության կոմիտեի շատ ծրագրեր ուղղված են հիմնարար հետազոտություններին, որոնք, սակայն, ԳՀՓԿ ընդանուր շղթայի մի մասն են․«Մենք միշտ խոսել ենք ոչ միայն գիտության, այլև ընդանուր ԳՀՓԿ շղթայի զարգացման մասին՝ այսինքն հիմնարար հետազոտություններից մինչև կիրառական հետազոտություններ, կիրառական հետազոտություններից մինչև փորձարարական մշակումներ։ Եթե խոսքը  հիմնարար հետազոտությունների մասին է, այո, հայտարարել են, տեսնում ենք բյուջեի ավելացումը, բայց չենք տեսնում, թե առաջնահերթությունները ինչպես կարող են ձևավորվել, չենք տեսնում, թե ինչ թվային նպատակներ են դրվում։ Այն, ինչ արվում է, չի կանգնեցնում գիտական համայնքի կործանումը։ Զուտ թվերով եթե նայում ենք, մեր գնաահատակններով ունենք տարեկան 200 մարդու կորուստ, բայց պետական պատվերի շրջանակում ունենք 200 ասպիրանտական տեղ։ Ակնհայտ է, որ դրանց շատ չնչին տոկոսն է գնում գիտություն, ներքին ռեսուրսներով մեր գիտական համայնքը չի վերականգնվում։ Չնայած ասում ենք, որ առաջնահերթություն է դրվել, բացարձակ բյուջեի տեսքով երևում է, բայց արդյունքից չի երևում, որ դա իսկապես առաջնահերթություն է»։ Նրա խոսքով՝ կառավարությունը մասնակի քայլեր է անում, որոնք խնդրին համակարգային լուծում չեն տալիս․ «Պետք է համակարգային մոտեցում, բոլոր մասերն էլ պետք է արվեն, չենք կարող ասել՝ այս մի կտորում մի փոքր առաջընթաց ապահովեցինք, ինչ լավ է, եկեք ուրախանանք։ Մենք գիտական պոտենցիալը չենք զարգացնում, որ աշխարհին միայն գիտելիք տանք։ Էլի տանք, դեմ չեմ, բայց պետք է նաև մեր նպատակներին ծառայի ու պետք է մեր նպատակներին ծառայեցնելով զարգացնենք։ Միջազգային ամսագրերում տպագրվելը, փորձաքննություն անցնելը շատ կարևոր է, որովհետև դրանով կարողանում ենք գնահատել, թե ինչ որակի աշխատանքներ են կատարվում, ինչ որակի գիտական կապիտալ ունենք, բայց մեր նպատակը դա չի: Պետք է ի վերջո հնարավորություն տալ այդ մարդկանց օգտագործել գիտելիքը մեր երկրի և հասարակության  կարիքները հոգալու համար. սա անելու համար նշածս ամբողջ շղթայով պետք է  համակարգային գործ անել»։ Նա ընդգծում է, որ պաշտպանական ԳՀՓԿ  աշխատանքների վրա նույնիսկ պլանավորվող գումարները չեն ծախսվում․ «Ինչպես ենք փորձում աշխարհում մեր հարևանների համեմատ ունենալ մրցունակ բանակ, անվտանգային  համակարգ, եթե նորարարական լուծումների վրա չենք ծախսում նույնիսկ այն չնչին գումարը, որը հատկացնում ենք։ Հիմնարար  հետազոտությունների վրա հատկացվում է 25 միլիարդ, պաշտպանականի համար՝ 5 միլիարդ դրամ։ Ստացվում է 5 անգամ ավելի քիչ, ու դա էլ չենք կարողանում արդյունավետ յուրացնել»։ Նշենք, որ 2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 574 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։ «Գիտուժ» նախաձեռնության  անդամը հավելում  է՝ խնդիրն այն չէ, որ հիմնարար հետազոտությունների վրա շատ գումար է ծախսվում, այլ այն, որ պաշտպանականի համար է շատ քիչ նախատեսվում․ «Համեմատությունը, որ անում եմ, չի նշանակում, որ պետք է այնտեղ քչացնեն, այստեղ ավելացնեն։ Պարզապես պաշտպանականի վրա  ավելի շատ է պետք հատկացնել և երբ հարց է բարձրացվում, որ համակարգը չի կարող ընդունել, պետք է զբաղվել նրանով, որ համակարգը կարողանա դա ընդունել։ Իսկ համակարգը կկարողանա դա անել, միայն այն դեպքում, երբ դու սկսես այն համալրել մի կողմից տաղանդներով, մյուս կողմից նպատակներդ  հստակեցնես և ծրագրերդ ի վերջո հստակ մշակես՝ հրաժարվելով իներցիոն կամ տեղային լուծումներից։ Հակառակ դեպքում անհամապատասխանություն է․  մի կողմից 2050 թ․-ի նպատակների ցանկում ունես մեկ շնչի  հաշվով ամենամարտունակ բանակը, բայց մյուս կողմից դու այսօր քայլեր ես անում, որոնք հակասում են այդ նպատակին։ Դու պաշտպանականը կրճատում ես, ինչպե՞ս ես ունենալու մեկ շնչի հաշվով ամենամարտունակ բանակը, թե՞ դա կարելի է մտածել 2040-ին։ Հենց այսօրվանից է պետք մտածել, որ 2050 թ․-ին ունենանք դա»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ պատասխանատու պաշտոնյաների համար կոնկրետ ժամկետներ սահմանվեն․ «Պետք է առաջինը դրվի նպատակը, պետք է հայտարարվեն այդ ժամկետները։ Ես վստահ եմ, որ շատ հարցերում  պետական համակարգում կա այդ ռազմավարությունները մշակելու ներուժը։ Օրինակ, ունենք Ռազմարդյունաբերության կոմիտե։ Ես գիտեմ, որ մասնավոր հատվածում կան կազմակերպություններ, որոնք ռազմավարությունների նախագծեր են իրականացնում։ Պետք է նստել, միասին այդ սևագրերը նայել, եթե պետք է լրացնել կամ եթե լրիվ հիմարություն է գրած, ապա նորից անել, բայց միասին աշխատելով դա բերել վերջնական արդյունքի»։ Տիգրան Շահվերդյանը մի օրինակ է բերում, պատմում է, որ  տիեզերական գործունեության ռազմավարության հետ կապված նույնպես աշխատանքներ են տարվել, բաց կոնկրետ վերջնաժամկետներ չեն սահմանվել․ «Ես անձամբ եմ մասնակցել այդ աշխատանքային խմբին, որ մշակում է ռազմավարությունը։ Արդեն կես տարի է այդ աշխատանքային խումբը չի հանդիպել, չնայած այդ ռազմավարության սևագիրը ունեինք։ Եթե մեխանիզմ է ստեղծվում այդպիսի գործեր անելու,  պետական մարմինները հետևողական չեն լինում, որ աշխատանքը ճիշտ տարվի»։ Նրա կարծիքով՝ Հայաստանում կա ռազմարդյունաբերության զարգացման պոտենցիալ, այլ հարց է, թե ինչ մեթոդներով է փորձ արվում այդ պոտենցիալը զարգացնել, ինչ խոչընդոտներ կան պետություն-մասնավոր համագործակցության համար և արդյոք լուծումներ տրվում են այդ խոչընդոտներին․ «Ամենամեծ խոչընդոտներից մեկը, որ լսել ենք, ընդհանուր ԳՀՓԿ աշխատանքների հանդեպ կարծրացած վերաբերմունքի հարց կա։ Հաճախ սպասումը այն է, որ պատրաստի նմուշ է ստացվելու։ Այո, ի սկզբանե նպատակը այդպիսին պետք է լինի, բայց պետք է հասկանալ, որ գործ ունես ամբողջությամբ ոչ միանշանակ գործընթացի հետ, որոնք իրենց մեջ ի սկզբանե ունեն ռիսկային էլեմենտներ։ Զարգացվածության տարբեր աստիճաններում այդ ռիսկերը տարբեր են։ Եթե նույնիսկ չի ստացվել այն, ինչ նախատեսվում էր, չի նշանակում, որ ամբողջ աշխատանքը ջուրն է ընկել ու պետք է գնաս, մարդուն դատի տաս։ Հնարավոր է, որ աշխատանքնը իսկապես բարեխղճորեն արվել է, բայց գործի բնույթի հետ կապված եղել են խնդիրներ։ Դա պետք է հաշվի առնել և վերջում ոչ թե ըստ արդյունքի առկայության կամ բացակայության փաստով որոշվի, այլ արդյոք աշխատանքը նորմալ կատարվել է, թե ոչ, և նույնիսկ բացասական արդյունքն էլ տվյալ դեպքում պետք է արդյունք համարվի»։
20:32 - 24 մայիսի, 2022
Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը․ «Գիտուժ» նախաձեռնություն

Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը․ «Գիտուժ» նախաձեռնություն

Երեկ՝ մայիսի 10-ին տեղի ունեցավ «Գիտուժ» նախաձեռնության մամուլի ասուլիսը՝ «Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը» թեմայով։ Նախաձեռնության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։ «Կարճ քննարկման ընթացքում ներկայացրած մտքերը։ Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների բյուջեն ամբողջությամբ չի յուրացվում՝ անգամ պատերազմից հետո Կառավարությունն ու ԱԺ-ն շարունակում են չգնահատել Հայաստանին ուղղված մարտահրավերների հաղթահարման և գիտական ներուժի արդյունավետ օգտագործման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների զարգացման միջև եղած ուղղակի կապը: Ցավոք սրտի, 44 օրյա պատերազմից հետո այդ վերաբերմունքը չի փոխվել։ Նման վերաբերմունքը կարող է ունենալ երկու պատճառ. առաջինը պաշտպանական կարողությունները զարգացնելու ցանկության բացակայությունն է, երկրորդը՝ դա անելու անունակությունը, երբ չես կարողանում նպատակներ ձևակերպել և դրանք իրականացնելու համար կադրեր գտնել։ Երկու մոտեցումն էլ մեր դեպքում անընդունելի է, քանի որ Հայաստանն այսօր կանգնած է բազմաշերտ գոյաբանական մարտահրավերների առջև. Գիտուժի անդամ, «EarlyOne» ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյան։ Ըստ Գիտուժի անդամ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի՝ պետական տարբեր ատյաններում շատ է խոսվում այն մասին, որ «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների» համար Կառավարությունը բյուջեով գումարներ հատկացնում է, սակայն մարդիկ չեն դիմում, նախագծեր չեն ներկայացնում։ «Պատկերացնում եք՝ ինչ կլիներ ԱՄՆ-ի զինված ուժերի հետ, եթե այդ պետության կողմից ստեղծված Պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալությունը (DARPA) չկատարեր իր գործառույթը՝ հետազոտություններ չաներ, ընկերությունների առջև նպատակներ չդներ՝ խնդիրներ իջեցնելով, պատվեր չձևակերպեր։ ԱՄՆ-ում կլիներ նույն վիճակը, ինչ մեզ մոտ է. պետությունը կհատկացներ գումարներ, և դրանք չէին յուրացվի, քանի որ ոչ մի առանձին ընկերություն ունակ չի լիովին մարսել առկա խնդրիրների ամբողջականությունը, դա պետության գործառույթն է։ Այդ նպատակով է ստեղծվել DARPA-ն՝ մասնագետներով հագեցված այն գաղափարական կենտրոնը, որը հետազոտություններ է անում, ուրվագծում է պետության համար առաջնահերթությունները, ֆինանսավորում է պաշտպանական բնագավառում արդիական և կարևոր գիտական ուղղությունները և այլն»։ Գրեթե նույն գործառույթը կատարելու համար է Հայաստանում ստեղծվել ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն (ՌԱԿ), բայց երկու տարի է՝ այն նախագահ չուներ, և հատկացված բյուջեներն անդընդհատ կրճատվում են։ Հիմա նախագահ նշանակել են, բայց չկա ռազմավարություն և այդ ռազմավարությանը համապատասխանող ծրագրեր։ Պարզաբանում։ 2021թ. պետական բյուջեից ԲՏԱ նախարարության «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար հատկացվել էր մոտ 4 մլրդ 574 մլն դրամ, 2022-ին՝ 5 մլրդ 200 մլն դրամ։ 2021 թվականի վերջին Կառավարության երկու որոշումներով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից գումարային կրճատվել է 2 մլրդ 576 մլն դրամ (~56%): Ծրագրի բյուջեից կրճատում է տեղի ունենում նաև սույն թվականի ապրիլի 7-ին՝ այս անգամ 295 մլն դրամ։ Ըստ Գիտուժի անդամ, «Granatus Ventures» ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյանի՝ բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առջև կանգնած Հայաստանում այս մոտեցումն անընդունելի է, հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Չի կարելի նստել և սպասել, որ տարբեր ընկերություններ ձեզ մոտ կգան իրենց նախագծերով և քանի որ իրենք չեն գալիս կրճատել «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի բյուջեն։ Ռազմարդյունաբերական հետազոտությունների պատվերը պետք է ակտիվորեն ձևավորվի եւ բխի զինված ուժերի տեխնոլոգիական վերազինման կարիքներից, վերջինս էլ զինված ուժերի համապարփակ վերափոխման կարիքներից։ Շարունակելով թեման՝ Մանուկ Հերգնյանը նշում է, որ խնդիրը խորանում է նաև այս բնագավառում պատվերների ձևավորման մոտեցման հետևանքով, որն ավելի շատ պատրաստի ապրանքի գնման տրամաբանությամբ է կառուցված՝ ներառելով նաև պատժի մեխանիզմներ։ Բացակայում է ռիսկի որոշակի մակարդակի թույլտվությունը, իսկ ինովացիան առանց ռիսկի չի լինում։ Հարկավոր է ոլորտում վստահության որոշակի դաշտ ստեղծել, որպեսզի այն զարգանա։ Հայաստանում գիտություն զարգացնելու համար պետք է ռեսուրսների գնահատում, նպատակների հստակեցում, հավակնոտ ռազմավարությունների մշակում և իրագործում Ըստ «Գիտուժի» անդամ, «Krisp» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի՝ Հայաստանում գիտության և ԳՀՓԿ աշխատանքների զարգացման համար հարկավոր են բնագավառային ռազմավարություններ՝ գերակա գիտական ուղղություններում։ Օրինակ՝ արհեստական բանականության (AI) բնագավառում Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ, և այն նպատակային զարգացնելու դեպքում՝ մենք կարճ ժամանակում կարող ենք գրանցել լուրջ և շոշափելի արդյունքեր, այդ թվում՝ նաև պաշտպանական բնագավառներում։ Զուգահեռ պետք է իրականացվեն գիտական համայնքի ծերացումը կանխող մասշտաբային ծրագրեր։ «Հայաստանում գիտաշխատողների քանակի շարունակվող նվազումն աղետալի չափերի է հասնում, և դրա դեմն առնող ծրագրերն իրենց մասշտաբներով անհամատեղելի են։ Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է նման ահազանգող թվերով գիտական համայնքի ծերացումը տեսնել և պետական պատվերով ասպիրանտական տեղերի թիվը տարիներով 200 թողել կամ ֆունդամենտալ գիտության համար հատկացրած այս տարվա բյուջեից (25 մլրդ դրամ) միայն 1 մլրդ դրամ հատկացնել նոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են գիտության երիտասարդացմանը, արտասահմանցի գիտնականների ներգրավմանը»,- նշում է Արտավազդ Մինասյանը։ Հայաստանը չի կարող առանց գիտության ապագա ունենալ։ Իսկ գիտության հարկավոր է «նոր արյուն»՝ երիտասարդ գիտնականների ներհոսք և արտասահամանցի գիտնականների ներգրավում 2021թ. Կառավարության որոշումներով գումարային 2 մլրդ դրամով ավելացվում են գիտության համար հատկացումները, իսկ 2022-ի բյուջեում նախատեսվում է հավելյալ մոտ 10 մլրդի ավելացում։ Սա, չափազանց կարևոր քայլ լինելով հանդերձ, ոչ համակարգային տեղային լուծում է։ «Հայաստանում գիտությունը վերակենդանացման բաժնում է, մահի վտանգը շատ բարձր է, մեր իշխանություններն էլ որոշել են, որ վերջ, ամեն ինչ լավ է, բարձրացրինք ֆինանսավորումը, «հիվանդին» տեղավորեցինք հիվանդանոց», գիտության հարցը լուծված է։ Իրենք չեն գիտակցում, որ, եթե գիտությունը վտանգված է, վտանգված է նաև Հայաստանը, քանի որ Հայաստանը չի կարող առանց գիտության ապագա ունենալ, սա պետք է հստակ հասկանալ։ Միայն մեր երկրի գիտական ներուժը զարգացնելով՝ մենք կկարողանանք լուծել մեր առջև ծառացած մարտահրավերները։ Իսկ զարգացում հնարավոր է միայն խնդրին համապարփակ և ամբողջական լուծում տալով՝ երկարաժամկետ հեռանկարի մասին մտածելով»,-ասուլիսի ժամանակ նշում է Արամ Փախչանյանը։ Հայաստանում գիտությունը միջազգայնորեն մրցունակ դարձնելու համար պետք է օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը։ «Ես անձամբ ճանաչում եմ բազմաթիվ տաղանդավոր գիտնականների, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում գիտության զարգացման մեջ, տեղափոխվել Հայաստան։ Սակայն իրենք չեն գա, որովհետև չեն տեսնում, որ պետությունը վերցնում է հանձնառություն երկար տարիներ զարգացնել գիտությունը։ Երբ «Գիտուժ» նախաձեռնությունը ստեղծվեց, առաջին օրից առաջարկում ենք գիտության և ԳՀՓԿ համար հատկացումների չափն (ՀՆԱ-ի առնվազն 1%) ամրագրել ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում, սական բոլոր կողմերից ստանում ենք ուժեղ դիմադրություն։ Ամեն բան ուզում են անել, որ դա չլինի։ Եթե դու չունես ռազմավարական հորիզոն, չես մտածում ապագայի մասին, կենտրոնանում ես առօրյա կամ խիստ կարճաժամկետ խնդիրների լուծումների վրա», - նշեց Արամ Փախչանյանը։  Հայաստանում գիտությունը «հիվանդի» կարգավիճակից հանելու համար պետք է բնագավառի թռիչքային և շարունակական զարգացումն ապահովող համակարգ ստեղծել Ֆունդամենտալ գիտության համար հատկացումը 10 մլրդ ավելացնելուց հետո Կառավարությունը կարծում է, որ «գնդակը գիտնականների դաշտում է»։ Տպավորություն է ստեղծվում, որ Կառավարությունը մտածում է աննախադեպ ավելացում են արել հիմա պետք է սպասեն տեսնեն՝ ինչ կլինի։ Սա անլուրջ մոտեցում է։ Մեզ պետք է գիտության շարունակական զարգացման համակարգ կառուցելու, երբ պետությունն իր ողջ ներուժով, նախարարություններով և գերատեսչություններով լծված է երկիրը գիտահենք դարձնելու նպատակի իրականցմանը։ Այսօրվա մոտեցմամբ՝ տեղային լուծումներով և կիսաքայլերով նման համակարգ չես ստեղծի։ Ըստ Արամ Ջիվանյանի՝ երբ «Գիտուժը» Կառավարությունից պահանջում է ռազմավարություն չի ուզում տեսնել հերթական բազմաթիվ էջեր ունեցող և մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ պահարաններում փոշոտվող փաստաթուղթ։ Ռազմավարությունը պետք է բխի երկրի նպատակներից, հստակ ձևակերպված կարիքներից։ Այն պետք է գրվի ռեսուրսների գույքագրում անելուց հետո՝ իրագործման հստակ քայլերով և ժամանակացույցով։ Հայաստանում բոլոր նախարարությունները պետք է ունենան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) բաժին՝ համապատասխան բյուջեով Արամ Փախչանյանը հավելում է, որ Հայաստանում բոլոր նախարարությունները պետք է ունենան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) բաժին՝ համապատասխան բյուջեով։ Ընդ որում՝ նախարարությունները պետք է այդ բյուջեներն ամբողջությամբ իրացնելու կարողություն ունենան, այլ ոչ թե գումարի չափը հաստատվեն, բայց տարվա վերջում կրճատեն կամ պահեն պահուստային ֆոնդում, որից էլ վերջում պարգևավճարներ կտրվեն։ Նրա խոսքով՝ նախարարները պիտի զեկուցեն, թե ինչ բարձր մակարդակի՝ համաշխարհային չափանիշերին համապատասխան նոր հետազոտություններ են նախաձեռնել, ինչ արդյունքներ ունեն, եթե արդյունքներ չկան, նրանք այդտեղ անելիք չունեն։ Այլ կերպ հնարավոր չի ամրապնդել անվտանգություն, տնտեսություն զարգացնել, ունենալ մրցունակ գյուղատնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, գրանցել բարձր տեխնոլոգիական ոլորտի աճ կամ հեռանկարային զարգացման այլ խնդիրներ լուծել»։
12:54 - 11 մայիսի, 2022
Նախատեսվում է հստակեցնել տարկետում ստանալու համար գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը

Նախատեսվում է հստակեցնել տարկետում ստանալու համար գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացներում մի շարք փոփոխություններ կկատարվեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց համապատասխան նախագիծը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ կառավարության՝ 2018 թ․ 451-Ն որոշմամբ քաղաքացիներին տարկետում տրամադրվել է կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճումների համար՝ սահմանված հաշվարկի մեթոդաբանության համապատասխան: 2018 թ․ հաշվարկի մեթոդաբանությամբ միավոր է նախատեսված եղել նաև հարցազրույցի համար։ Նախատեսվել է, որ սահմանափակ թվով և բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիները ստանան տարկետում։ Այդ նպատակով գործել է նաև հանձնաժողով, որում ընդգրկված անդամները կիրականացնեն բացառիկ նվաճումների գնահատումը և հարցազրույցը:  «Սակայն, 2018 թվականից սկսած, կարգի մեջ տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ հարցազրույցի փուլ այլևս նախատեսված չէ, իսկ իրավակիրառ պրակտիկայում կիրառված մոտեցումները հանգեցրել են նրան, որ տարկետումից օգտվում են ոչ թե բացառիկ նվաճումներ ունեցող եզակի քաղաքացիներ, այլ հարյուրավոր ուսանողներ, որոնք պահանջվող նվաճումները ձեռք են բերում՝ շատ ժամանակ նաև ոչ գնահատելի և չափելի կրթա-գիտական գործունեության շնորհիվ: Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կոնկրետացնել նվաճումները և դրանք համարժեք գնահատականի արժանացնել: Այդ իսկ պատճառով էլ նախատեսվում է նվաճումների շրջանակը հստակեցնել, իսկ գնահատումը դարձնել հստակ և տեսանելի»,- նշվում է հիմնավորման մեջ։ Նախագծով առաջարկվում է նաև, որ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիները, որոնց ատենախոսության պաշտպանության օրը նշանակված է հայտարարված զորակոչի ընթացքում, կամ նրանք չեն ստացել գիտական աստիճանի վկայագիրը ՀՀ գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը, զինվորական ծառայության կզորակչովնեն հաջորդ զորակոչի ընթացքում:  «Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել է ընդունելի վարկանիշավորման ցանկերի շրջանակը որպեսզի դիմող քաղաքացիների համար հստակ լինի, ինչպես նաև հետագայում այլ վարկանիշավորման ցանկեր ևս ավելանալու դեպքում տարընկալման խնդիր չառաջանա»,- նշում է կառավարությունը։: Որոշման նախագծով սահմանված է, որ նախատեսվող փոփոխությունների մի մասը ուժի մեջ են մտնելու 2023 թվականի մարտի 1-ից, որ քաղաքացիները հնարավորություն և ժամանակ ունենան ուսումնառության ընթացքում ձեռք բերելու փոփոխություններով պահանջվող նվաճումները։
16:09 - 22 ապրիլի, 2022
Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում  COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Հունվարի 2-ին medmedia.am կայքում հրապարակվել է «Ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը» վերտառությամբ հոդված։ Հոդվածում ասվում է, որ Պիտսբուրգի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները  կապ են տեսնում ալկոհոլի չափավոր օգտագործման և COVID-19-ից առաջացած իմունիտետի մեջ։ Կայքը նշում է, որ ամերիկացի գիտնականների հետազոտության մասնակիցներից նրանք, ովքեր շփվել են վարակակիրների հետ, բայց չեն վարակվել COVID-19 առաջացնող վիրուսով, օրական միջինը մեկ չափաբաժին թունդ ըմպելիք են խմել, իսկ նրանք, ովքեր վարակվել են, գրեթե չեն խմել։ «Նաև, ըստ գիտական ​​ապացույցների, օրական մեկից երկու չափաբաժին ըմպելիքը նվազեցնում է տարբեր տեսակի շնչառական վիրուսներով վարակվելու հավանականությունը»,- ասվում է medmedia.am-ի նյութում, սակայն նշված չէ, թե ովքեր են մեջբերվող հետազոտության հեղինակները, որ ամսագրում է հրապարակված գիտական հոդվածը։ Medmedia.am-ի սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, iz.ru կայքն է, քանի որ medmedia.am-ի հոդվածի տեքստը համընկնում է iz.ru-ում դեպտեմբերի 30-ին հրապարակված հոդվածի տեքստին։ Ռուսական կայքի վերնագրում, սակայն, պնդում չի արվում այն մասին, որ ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-ով վարակվելու ռիսկը։ Medmedia.am-ը ոչ միայն փոխել է նյութի վերնագիրը, այլև թարգմանելիս բաց է թողել որոշ հատվածներ։ Iz.ru-ն ավելի շատ մանրամասներ է ներկայացրել ամերիկացի գիտնականների հոդվածի վերաբերյալ՝ նշելով, թե տարիքային որ խմբում է իրականացվել հետազոտությունը, քանի հոգի է մասնակցել դրան։ Ռուսական կայքը նաև տեղադրել է մեջբերվող հոդվածի հղումը։ Medmedia.am-ի նյութում բացակայում է Iz.ru-ի նյութի առաջին պարբերության հետևյալ նախադասությունը․ «Սակայն ռուս մասնագետները վստահ են, որ այդպիսի կանխարգելումը (ալկոհոլի օգնությամբ- խմբ․) ավելի շատ վնաս կտա, քան օգուտ»։ Ռուսական լրատվամիջոցը, ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները ներկայացնելուց բացի, հարցազրույցներ է անցկացրել ռուս մասնագետների հետ, որոնք խոսել են ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ «Ես կասկածում եմ, որ ալկոհոլի որևէ տեսակ կարող է լավացնել իմունիտետը։ Այդպիսի հնարավորությունը դեռևս ապացուցված չէ։ Իմ փորձից ելնելով՝ կարող եմ հստակ նշել, որ ալկոհոլն, ընդհակառակը, խաթարում է վարակների դեմ բնական պաշտպանությունը»,- նշել է  Iz.ru-ի զրուցակից բժիշկը։ Ինչ վերաբերում է ամերկացի գիտնականների հետազոտությանը, ապա ո՛չ iz.ru-ն, ո՛չ medmedia.am-ը չեն նշել, որ հետազոտությունը գրախոսված չէ։ Բանն այն է, որ հոդվածը հրապարակված է medrxiv.org հարթակում, որտեղ գիտնականները հրապարակում են իրենց պատրաստի, սակայն չգրախոսված հոդվածները։ Գիտական գրախոսություն անցնելուց հետո միայն հոդվածները հրապարակվում են գիտական ամսագրերում, և կախված նրանից, թե ինչպիսի հեղինակություն ունեցող ամսագրում կհրապարակվի հոդվածը, կարող ենք եզրակացություններ անել այդ հոդվածի հավաստիության վերաբերյալ։ Բայց այդ՝ երբ ոլորտի այլ գիտնականներ գրախոսում են որևէ հոդված, կարող են հեղինակներին փոփոխություններ առաջարկել, այսինքն՝ մեջբերվող հոդվածի վերջնական տարբերակը դեռ առկա չէ։ Դեռևս չգրախոսված այս հոդվածում նշվում է, որ տարեցները COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու տեսանկյունից խոցելի խումբ են, և վարակի վրա ազդող գործոնների, այդ թվում՝ ալկոհոլի օգտագործման, բացահայտումը կարող է լրացուցիչ միջոցներ տրամադրել այդպիսի անձանց պաշտպանելու համար։  Գիտնականները հետազոտության մասնակիցների հետ 2020-ի սեպտեմբերից մինչև 2021-ի նոյեմբերը հարցազրույցներ են անցկացրել, և ի թիվս այլնի՝ հարցրել են, թե արդյո՞ք նրանք օգտագործում են ալկոհոլ։ Հարցազրույցին մասնակցած 90 անձանցից 42-ը եղել են պատվաստված, մասնակիցների 11,1%-ը նշել է, որ վարակված է եղել կոնորավիրուսով։ «Մենք նախնական եզրահանգման ենք եկել, որ COVID-19-ի հաճախականության նվազումը կապված է ալկոհոլի որոշ տեսակների, մասնավորապես՝ սպիրտային խմիչքների օգտագործման հետ։ Սակայն քանակը ոչ մեծ է՝ միջինում օրական մեկ անգամ։ Այս արդյունքների հաստատման համար անհրաժեշտ են ընդլայնված նմուշներ»,- ասվում է հոդվածի եզրակացության մեջ։ Փաստորեն, հետազոտության ընթացքում գիտնականները հարցարույցներ են անցկացրել 90 մարդու հետ, և նրանցից ստացած պատասխաններից եկել են վերը նշված եզրահանգմանը։ Գիտնականներն իրենք էլ շեշտում են, որ սա նախնական եզրահագնում է։ Ռուսական ria.ru-ն, ի դեպ, նույնպես այս հետազոտության վերաբերյալ նյութ է հրապարակել, սակայն ի տարբերություն նախորդ երկու կայքերի՝ նշել է, որ հոդվածը դեռևս գրախոսված չէ։ Ինչ վերաբերում է medmedia.am-ի պնդմանը, թե ալկոհոլի օգտագործումը կարող է նվազեցնել COVID-ով վարակվելու ռիսկը, ապա այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Եվրոպայի գրասենյակը դեռևս 2020-ին է հայտարարություն տարածել։ Գրասենյակը խոսել է ալկոհոլի օգտագործման և  COVID-19-ով վարակվելու վերաբերյալ տարածվող միֆերի և այդ միֆերը հերքող փաստերի մասին։ Այստեղ կնշենք գրասենյակի ներկայացրած հիմնական միֆերն ու փաստերը․ ՄԻֆ․ Ալկոհոլի օգտագործումը ոչնչացնում է COVID-19 առաջացնող վիրուսը։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի ոչնչացնում վիրուսը։ Դրա օգտագործումն, ամենայն հավանականությամբ, կարող է մեծացնել առողջական ռիկսերը, եթե վարակվեք վիրուսով։ Ալկոհոլը (առնվազն 60% կոնցենտրացիայով) գործում է որպես ախտահանող միջոց մաշկի վրա, բայց այն նման ազդեցություն չունի օրգանիզմի ներսում։ ՄԻֆ․ Թունդ ալկոհոլային խմիչքների օգտագործումը ոչնչացնում է վիրուսը օդը ներշնչելիս։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի սպանի վիրուսը օդը ներշնչելիս, այն չի ախտահանի ձեր բերանն ու կոկորդը և ձեզ  չի պաշտպանի COVID-19-ից։ ՄԻֆ․ Ալկոհոլը (գարեջուր, գինի, թորած սպիրտ կամ բուսական սպիրտ) խթանում է իմունիտետը և վիրուսի դեմ դիմադրողականությունը։ՓԱՍՏ․ Ալկոհոլը վնասակար ազդեցություն ունի իմունային համակարգի վրա և չի խթանի իմունիտետն ու վիրուսի դեմ դիմադրողականությունը։ ԱՀԿ-ն, փաստորեն, հերքում է, որ ալկոհոլի օգտագործումը կարող է սպանել կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսը կամ խթանել իմունիտետը։ Ամփոփելով վերը նշվածները․ Medmedia.am-ն իր տեքստին հակասող վերնագրով նյութ է հրապարակել, որովհետև ո՛չ այս կայքի, ո՛չ նրա սկզբնաղբյուր կայքի նյութում նշված չէ, որ ակլոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու ռիսկը․ խոսքը ալկոհոլի չափավոր օգտագործման մասին է, սակայն այս պնդումը ևս վիճելի է։ Կայքի նյութում բացակայում են սկզբնաղբյուր հոդվածի այն հատվածները, որտեղ խոսվում է ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ Կայքը հղում է անում չգրախոսված գիտական հոդվածի՝ առանց նշելու այդ մասին։ Մեջբերվող հետազոտության հեղինակներն իրենք էլ նշում են, որ ալկոհոլի օգտագործման և COVID-19-ի հաճախանակության նվազման կապի մասին եզրակացությունը նախնական է։ ԱՀԿ-ն դեռևս 2020-ին է նշել, որ ալկոհոլի օգտագործումը չի սպանում COVID-19 առաջացնող վիրուսը և չի խթանում վիրուսի դեմ դիմադրողականությունը։ Աննա Սահակյան
14:09 - 06 հունվարի, 2022
Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М»-ից «STARMUS 2022»․ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա

Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М»-ից «STARMUS 2022»․ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա

50 տարի առաջ այս օրը հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի նախագծած «ПрОП-М» մարսագնացը «Մարս-3» կայանով իջեցվեց Մարս մոլորակ։ «Մարս-3» կայանը պատմության մեջ առաջինն էր, որ փափուկ վայրէջք կատարեց կարմիր մոլորակի վրա։ Մարսին է նվիրված նաև 2022 թ․-ին Հայաստանում սպասվող գիտության և արվեստի «STARMUS» փառատոնը։ Infocom-ը այս թեմաների շուրջ զրուցել է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, Տեներիֆե կղզու Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, գիտության և արվեստի «STARMUS» փառատոնի հեղինակ և հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի հետ։ Քեմուրջյանի «ПрОП-М»-ը Մարսի վրա վայրէջք կատարած առաջին ռոբոտն է Գարիկ Իսրայելյանն ասում է, որ մինչև 1971 թ․-ը Մարսի վրա որևէ սարք իջեցնելու փորձերը հիմնականում անհաջող ավարտ էին ունենում․ «Մարսը շատ բարդ խնդիր էր։ Մարսի մոտ կամ Մարսի վրա ինչ-որ բան իջեցնելու փորձերը սկսեցին նույնիսկ 60-ականների սկզբից, նույնիսկ Յուրի Գագարինի թռիչքից առաջ։ Թե՛  Խորհրդային Միությունը, և թե՛ Միացյալ Նահանգները սկսել էին տիեզերանավեր ուղարկել, բայց բոլոր պրոյեկտները անհաջող անցան։ Տիեզերանավերը պայթում էին, կամ այն, ինչ ուղարկում էին, սխալ ուղեծրով էր գնում ու չէր մոտենում Մարսին»։ Արդեն 1971 թ․-ին Միացյալ Նահանգները «Մարիներ 9» կոչվող արբանյակը ուղարկեց Մարս, որը, սակայն, մոլորակի վրա վայրէջք կատարելու նպատակ չուներ, իսկ Խորհրդային Միությունը Մարսը հետազոտելու համար «Մարս-2» և «Մարս-3» կայանները ուղարկեց, որոնք պիտի վայրէջք կատարեին կարմիր մոլորակի վրա։ «Մարս-2-ը» փափուկ վայրէջք չկատարեց Մարսի վրա․ մեկ ամիս անց, սակայն, «Մարս-3»-ը պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջքը կատարեց կարմիր մոլորակի վրա․ «Մարս-3»-ը ուներ արբանյակ, որը սկսեց Մարսի շուրջ պտտվել ու նկարներ անել, բայց մենք միայն առաջին նկարը ստացանք, որը շատ վատ որակի նկար է, ու չէին հասկանում, թե ինչու էր այդքան անորակ։ Դա իմացանք շատ ավելի ուշ, որովհետև կապը «Մարս-3»-ի հետ վայրկյաններ անց խզվեց։ «Մարս-3»-ի մեջ դրված էր փոքր ռոբոտ, որը Քեմուրջյանն էր սարքել, դա պետք է դուրս գար ու սկսեր Մարսը հետազոտել, բայց քանի որ 15 վայրկյան հետո կապը կորավ, այդպես էլ մարդիկ չիմացան՝ այդ ռոբոտը դուրս եկավ, դուրս չեկավ, ու դրա վերջը ինչ եղավ»։  Այդ նույն պահին, նրա խոսքով, Ամերիկյան «Մարիներ-9» արբանյակը սկսեց նկարներ ուղարկել Մարս մոլորակից։ Նկարներից պարզ դարձավ, որ Մարսի վրա շատ ուժեղ և հզոր փոշու փոթորիկ է․ «Մարսի վրա փոշու փոթորիկները շատ հաճախ են լինում, բայց այդ տարվա փոթորիկը ահավոր մեծ էր, որովհետև Մարսի գրեթե ամբողջ մակերեսը փակել էր։ Այդ փոշու փոթորիկները իրենց մեջ էլեկտրական հոսանք են պարունակում, ինչն էլ պատճառ դարձավ, որ «Մարս-3-ի» հետ կապը կորավ, բայց պատմականորեն փաստն այն է, որ առաջին պատկերը Մարսից ստացվել էր, փաստ էր, որ առաջին անգամ փափուկ իջել էր Մարսի վրա, և որի մեջ եղել է  Քեմուրջյանի «ПрОП-М» ռոբոտը»։ «ПрОП-М» ռոբոտը Աստղաֆիզիկոսի խոսքով՝ Խորհրդային Միությունը այս վայրէջքից հետո կրկին փորձել է սարքեր իջեցնել Մարսի վրա, սակայն փորձերի մեծ մասն անհաջող ավարտ է ունեցել․ «Մարսի հետ միաժամանակ Խորհրդային Միությունը Վեներան էլ սկսեց ուսումնասիրել։ Վեներայի դեպքում մի քանի հաջող միսիաներ եղան։ Իմիջիայլոց, միայն Խորհրդային Միությանը հաջողվեց Վեներան «գրավել», իսկ Ամերիկային՝ ոչ։ Մինչև հիմա դա մնում է ամենաբարդ մոլորակը, որովհետև Վեներան շատ խիտ մթնոլորտ ունի, այնտեղ ինչ-որ հետազոտություն անելը շատ բարդ է։ Այս տարի Միացյալ Նահանգները ուղարկում են, տեսնենք՝ ինչ կստացվի»։ Քեմուրջյանի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները լավ ուսումնասիրված չեն Գարիկ Իսրայելյանը պատմում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ալեքսանդր Քեմուրջյանը ստեղծել է մոլորակագնացների կենտրոն, և Միացյալ Նահանգներում սկսել է ներկայացնել այդ մոլորակագնացները․  «ԱՄՆ-ում մինչև 90-ականները մոլորակագնաց չէին սարքել, դա միայն արել էր Քեմուրջյանի լաբորատորիան՝ լուսնագնաց սարքելով, ու մինչև 90-ական թվականները «ՆԱՍԱ»-ն չէր մոտեցել այդ խնդիրներին, բայց երբ Քեմուրջյանը գնաց այնտեղ, իր հետ հանդիպումներ եղան,  հոդվածներ գրեց ու Ամերիկան սկսեց սարքել մոլորակագնացներ՝ նույն Լուսանագնացի սկզբունքով, որպեսզի Մարս իջեցնի»,-ասում է նա՝ նշելով, որ մոլորակագնացների ոլորտը սկսեց զարգանալ Քեմուրջյանի շնորհիվ։ Հայազգի ճարտարագետ, առաջին մոլորակագնացների հեղինակ Ալեքսանդր Քեմուրջյանը Աստղաֆիզիկոսը նշում է, որ անձամբ չի ճանաչել Ալեքսանդր Քեմուրջյանին, սակայն Քեմուրջյանի որդու հետ շփվելիս հասկացել է, որ գիտնականի՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները լավ ուսումնասիրված չեն․ «Պարզվում է, որ Քեմուրջյանը բավականին պատրիոտ մարդ է եղել, որի մասին գրքերում գրված չի։ Մենք դա իմացանք իր տղայից։ Նա պատմեց, որ իր հայրը շատ հայրենասեր է եղել, ու մի քանի անգամ Հայաստան է եկել։ Քեմուրջյանի լաբորատորիան զբաղվում էր հենց մատերիալների պնդությամբ․ հետազոտում էին, թե ինչից պատրաստեն անիվները։ Քեմուրջյանը օգնել էր պոլիտեխնիկական ինստիտուտի լաբորատորիային։ Ես մի մարդու հանդիպեցի, որը այն ժամանակ Քեմուրջյանի հետ մտերիմ է եղել, բայց այդ մարդը թողել է պոլիտեխնիկի ինժեներությունը, հիմա բիզնեսով է զբաղվում։ Իրեն առաջարկեցի, որ հեռուստատեսությամբ խոսի, բայց հրաժարվեց։ Երևի Քեմուրջյանի 100-ամյակը նպաստի, որ սկսենք ավելի լուրջ ուսումնասիրել Քեմուրջյանի «հայկական մասը», Հայաստանի հետ հարաբերությունները»։ «STARMUS» փառատոնը կանցկացվի Հայաստանում և նվիրված կլինի Մարսին 2022 թ․-ի սեպտեմբերի 5-10-ը արվեստի և գիտության 6-րդ «STARMUS»  փառատոնը անցկացվելու է Հայաստանում և կրելու է «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Գարիկ Իսրայելյանն ասում է՝ գիտեն, որ տիզերական հետազոտությունների վեկտորը մոտակա 15-20 տարիների ընթացքում ու նաև հետագայում լրիվ ուղղված է լինելու դեպի Մարս մոլորակը․ «Դրա պատճառը երևի Իլոն Մասկն էր։ «ՆԱՍԱ»-ն դա չարեց, «ՆԱՍԱ»-ն ընդհանրապես քնած էր այդ հարցում,  միտք էլ չուներ մտնել այս խնդիրների մեջ։ Դա Մասկից սկսվեց։ Կարելի է նույնիսկ ասել, որ ինքն էր պատճառը, որ մենք 2 տարուց նորից Lուսին ենք վերադառնում ու լուսին այնպես չենք վերադառնում, ինչպես 50 տարի առաջ, այլ լուսին գնում ենք՝ այնտեղ բազա սարքելու համար, լաբորատորիաներ սարքելու, որը հետո ծառայելու է որպես միջանկյալ կետ ու բազա Մարս գնալու համար»։ Իսրայելյանի խոսքով՝ գիտության ճյուղերը՝ սկսած հաշվողական տեխնիկայից, ինֆորմատիկայից, պետք է բոլորովին նոր լիցք ստանան Մարս գնալու ծրագրի պատճառով․ «Այդպես ամբիցիոզ, մեծ, հսկայական պրոյեկտ են դրել, որը երևի հազար անգամ ավելի բարդ է, քան Լուսին գնալը, բայց հաստատ ուզում են անել։ Մենք փառատոնի ընթացքում զեկուցումներ կունենանք հենց այդ թեմաներով, թե ինչ են անում, որպեսզի Մարսի վրա կարողանան հետազոտությամբ զբաղվել, ինչ հետազոտություններ են անում, որպեսզի Մարսի վրա առաջին լաբորատորիան կամ փոքր քաղաքը լինի, որովհետև մի բան է, որ այնտեղ 5 մարդ է ապրում, ուրիշ բան է, որ այնտեղ 500 մարդ է ապրում և ուրիշ բան է, որ ուզում են հետագայում 5 միլիոն մարդ ապրեն»։ Նրա խոսքով՝ շատ գիտական տեսություններ կան այն մասին, որ տարբեր պատճառներով պայմանավորված մարդիկ երկար չեն կարող դիմանալ Երկիր մոլորակի վրա․ «Մասկն էլ է դա ասում, որ եթե ոչ ամբողջ մարդկությանը, գոնե միլիոնավոր մարդկանց ինչ-որ բանաձևերի օգնությամբ, ինչ-որ ծրագրով հնարավոր լինի տեղափոխել Մարս։ Հիմա այդ խնդրով սկսել են շատ լուրջ զբաղվել, իրենք արդեն Մարսի վրա միջուկային ռեակտորներ պետք է տեղադրեն, էներգետիկա պետք է ունենան, ինչպես են սարքելու, ինչ ռեսուրսներով, ամեն ինչ երկրագնդից չես կարող տանել, դրա համար այնտեղ պետք է անել այդ ամեն ինչը ու հիմա շատ ռեսուրսներ են ներդնում այդ հետազոտությունների համար»,-ասում է նա՝ հավելելով, որ Երևանում սպասվող «STARMUS» փառատոնի ընթացքում հենց այս թեմաներով են տարբեր դասախոսություններ ունենալու։ Գիտության և արվեստի փառատոնին 50-60 մասնագետներ` տիեզերագնացներ, գիտնականներ, արվեստագետներ, կժամանեն Հայաստան․ «Փնտրում ենք շատ ունիկալ պրոյեկտներ, էքսպերիմենտալ երաժիշտների ու միջազգային աստղերի։ Ինձ թվում է՝ մի քանի ամսում այդ աշխատանքը կվերջացնենք ու երևի փետրվարին ցանկը կհայտարարենք»։ «STARMUS» փառատոններին սովորաբար մասնակցում են հայտնի գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ երաժիշտներ։ Փառատոնը նախատեսվում էր անցկացնել դեռ 2021 թ․-ի սեպտեմբերին, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այն հետաձգվել էր։  Հայաստանում կա տիեզերական տեխնոլոգիաները զարգացնելու պոտենցիալ Աստղաֆիզիկոսը կարծում է, որ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ կա, պարզապես անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կկոորդինացնեն աշխատանքները և մասնագետների առջև խնդիրներ կդնեն․ «Պոտենցիալ կա, որովհետև  մասնագետները տիեզերագիտության առանձին մասնագետներ չեն, դրանք նույն IT ոլորտի աշխատող ծրագրավորողներն են, միկրոէլեկտրոնիկայի ինժեներներն են, որոնք պարզապես ոչ թե սարքում են համակարգիչ, որը այստեղ ենք օգտագործում, այլ համակարգիչ են սարքում, որը դրվելու է արբանյակի մեջ ու փոքր համակարգիչը ղեկավարելու է։ Նույն ինժեներներն են, բայց իրենք աշխատում են տիեզերական ապարատների վրա, ուղղակի իրենց խնդիրներն են փոխվում, բայց մասնագիտական առումով այն, ինչ իրենք գիտեն, համարյա նույնն է»։ Ոլորտը զարգացնելու միակ տարբերակը, գիտնականի խոսքով, համագործակցելն է արտասահմանյան այն կազմակերպությունների հետ, որոնք այդ գործով են զբաղվում․ «Կոորդինացնելու ու խնդիրներ դնելու հարցն է, միակ ձևը, որ կարող է մեր մոտ արվել, համագործակցելն է հենց դրսի կազմակերպությունների հետ, որոնք այդ գործով զբաղվում են, որովհետև այդպիսի մասնագետներ մեր մոտ չկան, ու իրենց պատրաստելն էլ շատ դժվար է, որովհետև այդպիսի ֆակուլտետ համալսարանում հնարավոր չի ստեղծել, որտեղ այդպիսի մասնագետներ կպատրաստեն։ Դա երկար է տևում ու ամենաճիշտը համագործակցությունն է արտասահմանի, Եվրոպայի այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են տիեզերական պրոյեկտներով։ Մեզ մոտ պետք է պետական մակարդակով որոշեն, որ մտնում ենք այդ շուկայի մեջ, սկզբում դա հնարավոր կլինի անել ներդրումների միջոցով։ «STARMUS»-ն էլ դրան շատ կնպաստի, որովհետև մենք կբերենք մեծ կազմակերպությունների, իրենց հետ կշփվեն, իրենց աշխատանքները կներկայացնեն, մթնոլորտ կստեղծենք»։   Գլխավոր լուսանկարում՝ Գարիկ Իսրայելյանը՝ այս տարվա հոկտեմբերին Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում   Նանե Ավետիսյան
20:39 - 02 դեկտեմբերի, 2021
Սևանա լճի մոտակայքում շուտով կտեղադրվի Գեղարքունիքի առաջին գիտարձանը՝ «Շշնջացող ափսեներ» անունով

Սևանա լճի մոտակայքում շուտով կտեղադրվի Գեղարքունիքի առաջին գիտարձանը՝ «Շշնջացող ափսեներ» անունով

Շուտով Սևան քաղաքում՝ Սևանա լճի մոտակայքում, կտեղադրվի Գեղարքունիքի մարզի առաջին գիտարձանը՝ «Շշնջացող ափսեներ» անունով։  Գաղափարի հեղինակը Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորայի գիտաշխատող Գայանե Կարապետյանն է՝ Ֆիզիկոսների եվրոպական միության հայաստանյան մասնաճյուղի՝ «Yerevan young minds»-ի անդամների հետ միասին․ «Ես ու Հռիփսիմեն  2019 թ․-ի դեկտեմբերին Սան Ֆրանցիսկոյում էինք ու տեսանք, որ գիտության թանգարաններից մեկի դրսի հատվածում դրված էին շատ մեծ ափսեներ՝ պարաբոլի տեսքով։ Այդ ափսեները իրարից շատ հեռու էին, երևի 50 մետր հեռու կլինեին, բայց  երբ երկուսս կանգնում էինք ափսեների մոտ, նույնիսկ շշուկով խոսելու դեպքում իրար լսում էինք»,-պատմում է Գայանեն՝ նշելով, որ «Շշնջացող ափսեներ»-ը տեսնելուց հետո մտածել են, որ Հայաստանում նույնպես կարող են ունենալ այդ գիտարձանից։  Նախագիծն իրականացնելու համար Գայանեն ընկերների հետ գաղափարը ներկայացրել է «Awesome» հիմնադրամին և դրամաշնորհ է ստացել։ Կորոնավիրուսի և պատերազմի պատճառով նախագիծը չի իրականացվել, բայց հետո Գայանեն որոշել է շարունակել այն։  Նրա խոսքով՝ գիտարձանը կապ ունի ֆիզիկայի հետ, դրա միջոցով փորձելու են ցույց տալ, թե ինչպես են տարածվում ձայնային ալիքները և ինչպես կարելի է պարաբոլ ափսեների միջոցով դրանք ֆոկուսացնել: Գիտարձանը բաղկացած է լինելու իրարից 30 մետր հեռավորության վրա գտնվող 2 մետրանոց ափսեներից․ «Քանի որ ափսեները կառուցված են պարաբոլի տեսքով, եթե ափսեներից մեկի մոտից մարդը խոսում է, իր ձայնը ուղիղ գծերով գնում է դեպի հաջորդ ափսեն։ Հաջորդ ափսեն հավաքում է ձայնի` բոլոր ուղղություններով տարածումը ու ֆոկուսացնում է մի կետում, իսկ այդ մի կետում գտնվում է մյուս մարդը, որը լսում է նրա խոսքը։ Սովորաբար, երբ մարդիկ խոսում են, իրենց ձայնը տարածվում է բոլոր ուղղություններով, դրա համար շատ հեռու տեղերում ձայնը լսելի չի լինում, իսկ եթե պարաբոլը դնենք ու ձայնը հավաքվի, արդեն լսելի կլինի»։   «Շշնջացող ափսեներ» գիտարձանը Մեծ Բրիտանիայում Նա պատմում է, որ գիտարձանի պատրաստումը երեք փուլով է ընթանալու․ «Առաջին փուլը արդեն վերջացնում ենք, մնացած երկու փուլերը ավելի արագ կլինեն։ Գիտարձանը բաղկացած է դետալներից։ Հիմա «Այբ» դպրոցի «Fab Lab»-ում պատրաստում ենք դետալները, շարունակությունը արդեն «Ստորակետ»-ի  հետ կանենք, որը ճարտարապետական կազմակերպություն է»,-ասում է Գայանեն։ Գայանեն ասում է,  որ իրենց մարզում՝ Գեղարքունիքում, գիտությանն առնչվող ոչինչ չկա, ուստի որոշել են հենց Սևանում տեղադրել գիտարձանը․ «Գեղարքունիքը ամենամեծ մարզն է, բայց չկա որևէ գիտական արձան, որևէ վայր, որի միջոցով մարդիկ կծանոթանան գիտությանը, դրա համար որոշեցինք այս առաջին պրոյեկտը անել, որը կլինի սկիզբ, որպեսզի գիտությամբ հետաքրքրվողները շատանան, ու միգուցե իր կողքին կամ մոտակայքում ստեղծվի գիտության թանգարան։ Ես նաև ֆիզիկա եմ դասավանդում Ծաղկունք գյուղում։ Այնտեղ երեխաները շատ հետաքրքված են գիտությամբ, բայց զգացվում է այդ բացը, որ չկա ինչ-որ լաբորատորիա, կամ ինչ-որ հաստատություն, որտեղ երեխաները կտեսնեն գիտությունը, «ձեռքով կշոշափեն գիտությունը»։ Գայանեի կարծիքով՝ այս գիտարձանը կարող է գրավել  նույնիսկ այն մարդկանց, ովքեր հետաքրքված չեն գիտությամբ․ «Իրականում շատ հետաքրքիր է լինելու, ես գիտությամբ զբաղվում էի, բայց չգիտեի, որ նման բան կա։ Մեծ հույսեր ունեմ, որ դա մարդկանց կհետաքրքրի»։ Նա ասում է նաև, որ իրենց առաջնային նպատակը գիտարձանի միջոցով Սևանա լճի խնդիրները բարձրաձայնելն է․ «Գիտարձանը լինելու է հարթակ է, որի միջոցով մենք ցանկանում ենք բարձրաձայնել Սևանա լճի խնդիրները։ Դրա շրջակայքում բավական մեծ բաց տարածք է լինելու, հենց այստեղ կարող ենք դնել Սևանի հիմնախնդիրների մասին պատմող փոքրիկ նյութեր, որոնք մարդիկ կգան, կկարդան»։  Նրա խոսքով՝ գիտարձանը նոյեմբեր ամսվա ավարտին արդեն պատրաստ կլինի․ «Հույս ունեմ, որ կհասցնենք մինչև ձյան գալը գիտարձանը տեղադրել։ Տեղադրելու օրը նախատեսում ենք փոքրիկ բացման արարողություն անել, որ բոլորը տեղեկանան գիտարձանի մասին»։ Գլխավոր լուսանկարում՝ Գայանե Կարապետյանը     Նանե Ավետիսյան  
17:46 - 15 նոյեմբերի, 2021
Հայ գիտնականները կօգտվեն ԵՄ ամենամեծ ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի հնարավորություններից

Հայ գիտնականները կօգտվեն ԵՄ ամենամեծ ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի հնարավորություններից

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված պետություն, և Հայաստանի գիտնականները կարող են օգտվել Եվրոպական միության ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի ընձեռած հնարավորություններից: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն։ «Համաձայնագիրը ՀՀ կողմից ստորագրել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար և Բելգիայի Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, ԵՄ կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարության գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռացոն: Համաձայնագրի ստորագրմանը նվիրված հանդիպմանը առցանց մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին մասնակցությունը Հայաստանի ազգային գիտահետազոտական համակարգի զարգացման համար կարևոր քայլ է, նոր գիտելիքների ու փորձի ձեռքբերման հնարավորություն: «Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է միջոցառումներ, որոնք կնպաստեն ծրագրին Հայաստանի գիտական հանրույթի մասնակցության ընդլայնմանը: Մենք լիահույս ենք, որ ծրագրի շնորհիվ հայաստանյան գիտական խմբերն ավելի մեծ ներդրում կունենան ժամանակակից գլոբալ մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտական աշխատանքներում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:  «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս հայ գիտնականներին ինտեգրվել Եվրոպական գիտական տարածքում, օգտվել ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքներից և մասնակից դառնալ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններին: «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը փոխարինելու է «Հորիզոն 2020» ծրագրին, որին Հայաստանը հաջողությամբ մասնակցել է 2016-2020 թթ.։ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել են 312 հայտեր, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը և ֆինանսավորման են երաշխավորվել 35-ը: Ասոցացված երկրների շարքում Հայաստանի Հանրապետության մասնակցության հաջողության գործակիցը 11,81 տոկոս է: «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին, ինչպես նաև միջազգային այլ ծրագրերին ՀՀ գիտնականների մասնակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ այս տարվա օգոստոսին վերաբացվել է Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոնը, որը հայտարարված մրցույթների մասին տեղեկատվությունը տարածում է գիտական շրջանակներում, հայտատուներին և ծրագրի հնարավոր շահառուներին մատուցում է խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև համակարգում է ծրագրի թեմատիկ ուղղություններով նշանակված ազգային կոնտակտային անձանց աշխատանքները»,- նշված է կոմիտեի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երբ կառավարությունը քննարկում էր նախագիծը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ծրագրի անդամության ամենամյա վճարը կկատարվի պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների հաշվին։Դումանյանի խոսքով՝ առաջին երկու տարիներին անդամակցության վճարը 550 հազար եվրո է, բայց, ըստ պայմանավորվածության, 50 տոկոսը վերադարձվելու է, 3-րդ տարվանից, կախված ակտիվությունից, անդամավճարը կարող է վերանայվել։
19:53 - 12 նոյեմբերի, 2021
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով չեն լուծվում առկա հրատապ խնդիրները․ Հռիփսիմե Մկրտչյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով չեն լուծվում առկա հրատապ խնդիրները․ Հռիփսիմե Մկրտչյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը չի լուծում առկա հրատապ խնդիրները։ «Մեդիա կենտրոնում» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակից Հռիփսիմե Մկրտչյանը։ «Այս օրենքը սեղանին  ունենալով չենք լուծում առկա հրատապ խնդիրները, այն է՝ գիտնականի խեղաթյուրված պատկերը, որ ունենք ՀՀ-ում։ Չկա կապ գիտնականի և պետության միջև, չկան պետության կողմից իջեցվող խնդիրներ դեպի ակադեմիա, դեպի գիտություն, դեպի գիտնականը։ Մենք ՀՀ-ում ունենք խնդիրներ, որոնք կարող են լուծվել՝ դիմելով գիտնականին, բայց փաստացի չկա այդ կապող օղակը»։ Հռիփսիմե Մկրտչյանի կարծիքով՝ օրենքի նախագծի մեջ չկան դրույթներ, որոնք կավելացնեն  գիտության նկատմամբ հետաքրքրությունը․ «Մենք ունենք միջավայրի առողջացման խնդիր ու այս պահին փոխանակ մեր ուժերը կիզակետենք միջավայրը լավացնելու ու գիտությունը ի նպաստ պետության ծառայեցնելու, մենք մեր ուժերը կենտրոնացնում ենք ոչ պիտանի ու ոչ կարևոր խնդիրների վրա։ Ուզում էի նաև նշել, որ այս պահին մենք ունենք արդեն նոր նախագահություն ակադեմիայում (ԳԱԱ-խմբ․), և փոխարեն համագործակցություն լինի նոր նախագահության հետ, փաստացի շրջանառվում է օրենք, որը այս պահին ունի համալրման կարիք և չի կազմակերպում կլոր-սեղաններ, որի շուրջ կարելի կլինի քննարկումներ իրականացնել և համալրել այն բացը, որ հիմա առկա է օրենքում»։ Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջից 
13:25 - 10 նոյեմբերի, 2021
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ենթադրվող փոփոխությունները ակնհայտ վտանգներ են պարունակում․ Արթուր Իշխանյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ենթադրվող փոփոխությունները ակնհայտ վտանգներ են պարունակում․ Արթուր Իշխանյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ենթադրվում են մի շարք փոփոխություններ, որոնք պարունակում են ակնհայտ վտանգներ։ «Մեդիա կենտրոնում» օրինագծի վերաբերյալ քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը։  Այդ վտանգներից մեկը, Իշխանյանի խոսքով, գիտահետազոտական ինստիտուտների կառավարումը հոգաբարձուների խորհրդին հանձնելն է․ «Խորհրդում ենթադրվում է ունենալ 8 անդամ, և եթե մենք վերցնենք, որ այս պահի դրությամբ ունենք, դիցուք, 50 կազմակերպություն, որոնց մեծ մասը՝ ակադեմիայի (ԳԱԱ,- խմբ․) կազմում, ապա մեր երկրի պարագայում գիտության տարբեր ոլորտներում 400 նման մասնագետի գտնելը  շատ խնդրահարույց հարց է: Խնդրահարույց է, որովհետև դժվար է պատկերացնել համապատասխան որոկավորում ունեցող նման մարդկանց առկայությունը՝ հիմնականում համակարգից դուրս»։ Նրա դիտարկմամբ՝  օրենքի նախագծի տրամաբանությունը առավել դեմոկրատական  վիճակի հասնելն է, բայց ակնհայտ է, որ չկայացած համակարգերում դեմոկրատիան հնարավոր է՝ բերի խեղաթյուրումների։ «Մասնավորապես, եթե ինստիտուտներն անջատվեն և գործեն ինքնուրույն, ապա կողքից նրանց կառավարելու հնարավորությունը շատ խիստ իջեցվում է, մինչդեռ գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ ունենք մի շարք ինստիտուտներ, որոնք գործում են վատ։ Ես կարող եմ թվարկել, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա։ Կան ինստիտուտներ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում միջազգային բարձր ստանդարտներին, ինչին մենք ձգտում ենք, առավել ևս, որ մենք գտնվում ենք հիբրիդային պատերազմների փուլում, և հետևաբար այդ ինստիտուտների դերը ընդհանրապես բարձրանում է, բայց վատ գործող ինստիտուտներին տալով այդպիսի ինքնավարություն՝ կորցնում ենք նրանց նկատմամբ վերահսկողության փոփոխության հնարավորությունը»։ Ավելի վաղ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն էր տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը՝ նշելով, որ նախագծում առաջ քաշված մի շարք դրույթներ ոչ միայն չեն ապահովելու գիտական էկոհամակարգի զարգացումը, այլև նախատեսված փոփոխություններն ու լրացումները կարող են լրջագույն վնաս հասցնել եղած համակարգի առողջացման և գիտական արդյունքի աճին միտված գործընթացին։ Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջից 
12:42 - 10 նոյեմբերի, 2021
Եվրամիությունը կֆինանսավորի հայ գիտնականների հետազոտական թեմաները․ ԿԳՄՍ նախարար |hetq.am|

Եվրամիությունը կֆինանսավորի հայ գիտնականների հետազոտական թեմաները․ ԿԳՄՍ նախարար |hetq.am|

hetq.am: Հայ գիտնականները կօգտվեն Եվրոպական միության երկրների գիտական ենթակառուցվածքներից, Եվրամիությունը կֆինանսավորի նրանց հետազոտական թեմաները։ Այս մասին Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջար­կությանը: Ծրագիրը կգործի մինչև 2027 թվականը։ Անդամության ամենամյա վճարը կկատարվի պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների հաշվին։ Վահրամ Դումանյանի խոսքով՝ առաջին երկու տարիներին անդամակցության վճարը 550 հազար եվրո է, բայց, ըստ պայմանավորվածության, 50 տոկոսը վերադարձվելու է, 3-րդ տարվանից, կախված ակտիվությունից, անդամավճարը կարող է վերանայվել։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
13:31 - 04 նոյեմբերի, 2021
Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 83 տոկոսով

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 83 տոկոսով

2022 թվականին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով։ Այստեղ են կրթական օբյեկտների շինարարության եւ նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, որով շարունակվելու են ներկայումս ընթացող շինաշխատանքները եւ նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ՝ այդ թվում մոդուլային, որոնք ապահովելու են 300 դպրոցների եւ 500 նախադպրոցական հաստատոըթյունների ակռուցումը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2022թ․ պետական բյուջեի նախագծի՝ ԱԺ հանձնաժողովներում քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ 76 դպրոց եւ 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում։ «2022-ին միայն գիտության ֆինանասավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների համար հատկացվող գումարը ավելին է 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ։ Մեր նպատակն է անձի կրթույթունը եւ շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ․ սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու միակ ճանապարհը։ Գիտության եւ տեխնելեգիական ոլորտի զարգացումը այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, եւ այստեղ էլ կառավարությունը ներդնում է ֆինանսավորման նոր բանաձեւեր»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ գումարի ավելացումը բոլոր ոլորտներում անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ «Մենք գիտակցում ենք, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ոչ միայն տնտեսական միջամտություն՝ կառավարության կողմից, այլեւ հասարակական եւ մշակութային վերափոխումներ։ Առաջին հերթին կարեւորում ենք պետական կառավարման համակարգի արդյուանվետության բարձրացումը եւ աշխատանքային մշակույթի վերափոխումը։ Կառավարումը պետք է նպաստի, ոչ թե խոչընդոտի ներդրումների իրագործմանը։ Այս առումով կարեւոր է պլանավորման եւ իրագործման մշակույթը, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությանը շատ դեպքերում բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների եւ, հետեւաբար, կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման»,- ասաց Փաշինյանը։ Նա կարեւորեց մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը եւ նշեց, որ կառավարության ջանքերն այդ առումով սկսել են արդյունքներ տալ։
11:51 - 25 հոկտեմբերի, 2021
Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա

Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա

- Մենք զբաղվում ենք in vitro հետազոտություններով,- ասում են Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները, և միանգամից մտածում ես՝ տեսնես ի՞նչ են այդ in vitro հետազոտությունները։ Իսկ իրականում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Եկեք հասկանանք սա դեղերի ստեղծման օրինակով։ Պատկերացրեք, որ դուք ուզում եք որևէ հիվանդության դեմ դեղամիջոց ստեղծել։ Ո՞րը կլինի ձեր առաջին քայլը․ սկզբում դուք կմտածեք, թե քիմիական ինչպիսի միացություններ է անհրաժեշտ սինթեզել, հետո կփորձեք հասկանալ, թե այդ միացություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ օրգանիզմի վրա։ Հենց այստեղ է, որ օգնության են հասնում in vitro հետազոտությունները, այսինքն՝ օրգանիզմից դուրս՝ բջիջների վրա, կատարվող հետազոտությունները, որոնց օգնությամբ հնարավոր է արագ գնահատել միացությունների թե՛ արդյունավետության, թե՛ անվտանգության առաջնային ցուցանիշները։ Մեկուկես տարի առաջ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները հասկացան, որ հնարավոր է կրճատել in vitro փորձարկումների քանակը, ինչպես նաև հնարավորություն տալ ավելի քիչ կենդանիների վրա փորձարկումներ իրականացնելու, եթե իրենց աշխատանքի մի մասը ավտոմատացվի, այսինքն՝ դասական կենսաբանական մեթոդներին օգնության հասնի մեքենայական ուսուցումը։ Այդպես սկսվեց կենսաբանների և մաթեմատիկոս-տվյալագետների համագործակցությունը։ Գիտնականները դրամաշնորհ ստացան և որոշեցին միասին սարտափ ստեղծել։ Աշխատանքների ավարտից հետո նրանք  իրենց ուսումնասիրությունների ընթացքում կհամատեղեն դասական կենսաբանական in vitro փորձերը և մեքենայական ուսուցումը։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝   Աննա Սահակյան
21:24 - 19 հոկտեմբերի, 2021