#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում, մասնավորապես, նշում է․«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Մեր հայրենիքն այսօր կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև, այն է՝ ընտրություն կատարել պետականության, կայունության վերականգնման և ճգնաժամային իրավիճակի խորացման միջև։ Նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ հակամարտող ծայրահեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ՝ ճգնաժամի խորացման ճանապարհը։ Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերն ասելիք և անելիք չունեն։ Նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար։ Իսկ իրական նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող վարչական, ֆինանսական, լրատվական և նույնիսկ քրեական հսկայական լծակները՝ չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից։ Ուստի՝ բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը, իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկին, ըստ էության, մասնակիցը կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացմանը։ Այդ դեպքում կարող եք հարցնել՝ իսկ ո՞րն է ելքը։ Ելքը միակն է․ ձեր ձայնը տվեք «Հայ ազգային կոնգրես»-ին, և դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը։ Քարոզարշավի ընթացքում մենք լիովին կատարել ենք այդ դերը և այսուհետև էլ նոր ձևավորվելիք խորհրդարանում պատրաստ ենք շարունակել այն՝ մեր ժողովրդին նորանոր փորձանքներից և ողբերգություններից հեռու պահելու համար։ Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը և վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը։ Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք։ Շնորհակալություն»։
23:25 - 17.հունիսի.2021
ՀՀ քաղաքացին չի կարող քվեարկել քաղաքացիական պատերազմ և բախումներ հրահրող քաղաքական ուժին․ Փաշինյանը՝ Մարուքյանին

ՀՀ քաղաքացին չի կարող քվեարկել քաղաքացիական պատերազմ և բախումներ հրահրող քաղաքական ուժին․ Փաշինյանը՝ Մարուքյանին

«Հանրային» հեռուստաընկերության եթերում շարունակվում է «Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճը։ Բանավեճի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցով հիշեցրեց 2008 թ․-ի մարտի 1-ի դեպքերը։ «2008 թ․-ին հիմնական և երևացող դերակատարներն էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, դուք։ 13 տարի անցել է, բայց մենք շարունակում ենք մնալ այս պատմության քննության և փակ շրջափուլի մեջ, և հունիսի 21-ին դուք և Ռոբերտ Քոչարյանը մարդկանց հրավիրում եք ցույցերի։ Արդյոք սա նույն պրոցե՞սն է, որը կարող է նորից կրկնվել և շարունակական բնույթ կրել»։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ չի կարող նույն պրոցեսը տեղի ունենալ մի քանի պատճառներով։ «2008 թ․-ի նախագահակական ընտրությունների արդյունքները կեղծվել են, այս ընտրությունների արդյունքները չեն կարող կեղծվել, և Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվերակությունը ճշգրիտ արտահայտվելու է ընտրական հաշվարկների ամփոփիչ արձանագրությունների մեջ։ Երկորդը՝ ես կարծում եմ, որ ՀՀ-ի քաղաքացիները տեսնում են, որ կան քաղաքական ուժեր (այդ քաղաքական ուժերի առաջամարտիկը ձեր նշած քաղաքական ուժն է), որ հստակ փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ, փորձում են հրահրել քաղաքացիական պատերազմ, և ըստ այդմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող քվեարկել քաղաքացիական պատերազմ և բախումներ հրահրող քաղաքական ուժին, և ես կարծում եմ, որ քաղաքացու քվեարկությունը կլինի վճռորոշ։ Համոզված եմ, որ 60 և ավելի տոկոսներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին կձևավորի հստակ խորհրդարանական մեծամասնություն»։
23:14 - 17.հունիսի.2021
Այո՛, շահագործելու ենք Ամուլսարը․ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Անի Խաչատրյան |hetq.am|

Այո՛, շահագործելու ենք Ամուլսարը․ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Անի Խաչատրյան |hetq.am|

hetq.am: «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը վստահեցնում է, որ եթե խորհրդարան մուտք գործեն և կոալիցաիաներ կազմելու հարց առաջանա, ապա բացառված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի հետ համագործակցությունը։ Անի Խաչատրյանը չբացառեց, որ կարող են կոալիցիա կազմել «Պատիվ ունեմ» դաշինքի հետ, բայց «Հայաստան» դաշինքի հետ ոչ մի դեպքում չեն համագործակցի։ «Հանրապետություն» կուսակցությունն իշխանության գալու դեպքում խոստանում է զարկ տալ հանքարդյունաբերությանը՝ դրանով զագացնել տնտեսությունը և հզորացնել բանակը։  «Այո՛, շահագործելու ենք Ամուլսարը։ Մենք բազմիցս ենք դրա մասին ասել, չենք թաքցնում։ Մենք փորձելու ենք ՀՀ–ի բոլոր հանքերին աջակցել որպես պետություն։ Մեր տեսած լուծումներում դա միակ լուծումն է, որ թռիչքային, արագ ֆինանսական հարց կլուծի, որովհետև մեզ շատ արագ զինվել է պետք»,– ասաց Անի Խաչատրյանը։
22:38 - 17.հունիսի.2021
«Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճը․ ուղիղ

«Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճը․ ուղիղ

Մեկնարկել է «Հայաստանն ընտրում է» վերջին նախընտրական հեռուստաբանավեճը, որին հրավիրված են եղել ընտրություններին մասնակից քաղաքական 13 ուժերի առաջին համարները։ Սակայն, ինչպես նախապես հայտարարվել էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Արթուր Վանեցյանը հրաժարվել են մասնակցել բանավեճին։ «Ազատ Հայրենիք»-ը ևս չի մասնակցում, քանի որ Հանրայինը մերժել է դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը (նա ցուցակի առաջին համարը չէ)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես չի ներկայացել բանավեճին։ Այսպիսով՝ այժմ Հանրայինի տաղավարում են ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ԼՀԿ առաջին համար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, «Հայոց հայրենիք»-ի առաջին համար Արտակ Գալստյանը և Հրանտ Բագրատյանը՝ «Ազատություն» կուսակցությունից։
22:20 - 17.հունիսի.2021
Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են հայրենիք. Փաշինյան |1lurer.am|

Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են հայրենիք. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի կողմից հրավիրված համապետական հանրահավաքի ընթացքում անդրադարձավ նաև Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանն ու գերիների վերադարձի թեմային:  «Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները՝ մասնավորապես մեր գերեվարված եղբայրներին վերադարձնելու մասով: Այնուամենայնիվ, մեր 15 գերիների վերադարձը, որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են հայրենիք»,- ասաց Փաշինյանը: Միաժամանակ, վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ կարևոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան օր առաջ, առանց հակահումանիստական սակարկությունների:
22:15 - 17.հունիսի.2021
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «անջատում հանուն փրկության»  սկզբունքը ԼՂ հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքը ԼՂ հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է

Ղարաբաղի հարցի լուծման առումով մենք լիարժեք կերպով ընդունում ենք այն տրամաբանությունը, որ իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այն է՝ ԼՂ հարցը կարգավորված չէ, և այն սպասում է համապարփակ և ամբողջական լուծման։ Այսօր՝  Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Հարցի կարգավորման մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը․ մեր համոզմամբ 44-օրյա պատերազմը, ԼՂ-ի հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել «անջատում հանուն փրկության» տրամաբանության ներքո, որովհետև ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում, մասնավորապես այնպիսի օրինակներով, ինչպիսիք Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է։ Միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն բևեռենք այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկության»-ը հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է»։
21:54 - 17.հունիսի.2021
Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքում կարգավիճակի փոփոխությունը կատարելապես բացառում ենք. Փաշինյան |1lurer.am|

Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքում կարգավիճակի փոփոխությունը կատարելապես բացառում ենք. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսության զարգացման տեսլականին, ինչպես նաև տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման թեմային: «Տնտեսության մասին մեր ռազմավարական պատկերացումը հետևյալն է. այն պետք է լինի գիտելիքահեն՝ սկսած գյուղատնտեսությունից, շարունակած արտահանմամբ և առևտրով: Պետք է հենվի մինչ այժմ գոյություն ունեցած և նոր ի հայտ եկած ու եկող գիտելիքի, հմտության, իմացության վրա, որի կուլմինացիան պետք է դառնան արդյունավետությունը և աշխատանքի արտադրողականության բարձրացումը»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը նշեց, որ առաջիկա 5 տարիներին ծրագրում են կառուցել 2600 կմ ճանապարհ, սկսել կամ ավարտին հասցնել 15 նոր ջրամբարների կառուցումը, ապահովել ՀՀ երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի, Իրանի ու այդպիսով՝ ամբողջ աշխարհի հետ:   «Այս համատեքստում մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Կոմունիկացիների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքում կարգավիճակի փոփոխությունը կատարելապես բացառում ենք: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ, այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: «Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել՝ այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար: Սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատև զարգացման համար»,- հավելեց Փաշինյանը:
21:30 - 17.հունիսի.2021
Հայաստանի ժողովուրդը մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու ՀՀ-ի առաջնորդությունը․ Փաշինյանն ամփոփեց նախընտրական քարոզարշավը

Հայաստանի ժողովուրդը մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու ՀՀ-ի առաջնորդությունը․ Փաշինյանն ամփոփեց նախընտրական քարոզարշավը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում եղել են Հայաստանի 75 բնակավայրերում՝ ներառյալ Երևանը։ «Նախընտրական քարոզարշավը ընդունված է դիտել որպես հոգնեցուցիչ մի մրցավազք, որ սովորաբար սկսում են ոգևորված և ավարտում հյուծված։ Այս քարոզարշավը, սակայն, լրիվ հակառակ տրամաբանություն ունեցավ մեզ համար։Նախորդ ութ ամիսները դժոխքի ճանապարհ էին մեզ համար։ Նախընտրական քարոզարշավ մենք մուտք գործեցինք պատերազմի, ետպատերազմական դժոխքային ճանապարհից հյուծված, անեծքների ու հայհոյանքների, սպառնալիքների ու հոխորտանքների, դավադրությունների ու դավաճանությունների անվերջանալի թվացող շարքից խոցոտված։ Ահա այս վիճակում մենք դուրս եկանք քարոզարշավի, և փարվեցինք ՀՀ ժողովրդին։ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը ընդունել է իրենց այնպես, ինչպես ընդունում են պանդխտությունից կամ գերությունից վերադարձած հարազատին։ «Հազարավոր մայրեր մեզ գուրգուրեցին հարազատ մոր պես, հազարավոր հայրեր մեզ ուժ տվեցին հարազատ հոր նման, հազարավոր քույր մեզ թև տվեցին հարազատ քրոջ պես, հազարավոր եղբայրներ մեզ թիկունք եղան հարազատ եղբոր նման, հազարավոր երեխաներ մեզ խինդ ու երջանկություն պարգևեցինք՝ հարազատ զավակի նման։ Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ տվեց և ուժ տվեց, վստահություն տվեց և սեր, մեզ իշխանություն տվեց՝ շարունակելու Հայաաստանի Հանրապետության առաջնորդությունը»։
21:19 - 17.հունիսի.2021
«Օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում». Ազատության հրապարակում կայացավ ԲՀԿ-ի հանրահավաքը |hetq.am|

«Օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում». Ազատության հրապարակում կայացավ ԲՀԿ-ի հանրահավաքը |hetq.am|

hetq.am: Հունիսի 17-ին Երևանի Թումանյան փողոցից մեկնարկեց Գագիկ Ծառուկյանի և նրա համակիրների երթը դեպի Ազատության հրապարակ։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ելույթը սկսեց՝ խոսելով ՀՀ անվտանգության մասին, նշեց, որ օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում։ «Դուք բոլորդ տեսաք, որ Ալիևն ու Էրդողանը եկան մեր հող՝ Շուշի, և այնտեղ իրար հետ փաստաթուղթ ստորագրեցին։ Ես 6 ամիս է՝ ասում եմ, որ պետք է Ռուսաստանի հետ նոր թուղթ ստորագրենք, նրանք իրար հետ թուղթ ստորագրեցին, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, Ադրբեջանի կողքն է լինելու ցանկացած պատերազմի դեպքում, դրա համար ես ասել եմ՝ մեր փրկությունը մեր դարավոր բարեկամ Ռուսաստանն է»,- նշեց Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ Եվրախորհրդի քննարկումների ժամանակ Հայաստանում միայն ԲՀԿ կուսակցության պատգամավորն է Ռուսաստանի օգտին քվեարկում։ Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավումը Հայաստանին մեծ օգուտներ կտա։  
21:15 - 17.հունիսի.2021
Կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց չեք կարող վտանգի տակ դնել ազատությունը, ժողովրդավարությունը. Միրզոյան |armenpress.am|

Կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց չեք կարող վտանգի տակ դնել ազատությունը, ժողովրդավարությունը. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Արարատ Միրզոյանը համարում է, որ Հայաստանն ունի ընտրության երկու ճանապարհ, և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս ճանապարհի ընտրության հարցում համարեց անկյունաքարային: Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին: Միրզոյանը նախ ներկայացրեց այն, ինչ արել են 3 տարվա ընթացքում՝ հորդորելով հաշվի առնել, որ առաջին տարում չեն ունեցել խորհրդարանական մեծամասնություն, հետևաբար՝ անհրաժեշտ գործիքներ բարեփոխումների համար, հիշեցնելով կորոնավիրուսի համավարակի, նաև պատերազմի մասին:  Քաղաքական համակարգի բարեփոխումներից նա նշեց Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը: Դատաիրավական բարեփոխումների մասին խոսելիս՝ Միրզոյանը նշեց, որ, ցավոք, դրանք դեռ անավարտ են, սակայն հիշատակեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը: Նա հիշեցրեց պետբյուջեի հարկերի՝ ավելի քան 26 տոկոսով ավելացման մասին, նվազագույն աշխատավարձի բարձրացման և այլ բարեփոխումների մասին: « Նրանք, ովքեր այստեղ կանգնած են և նրանք, ովքեր հիասթափվել են կամ տատանվում են, այս ընտրությունների ելքը որոշելու է ոչ թե մեր՝ հարթակում կանգնածների իշխանության լինել-չլինելու հարցը, այլ նշածս փոփոխությունների շարունակականության հարցը: Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց դուք չեք կարող հիասթափվել ձեր երազանքներից՝ ձեր և ձեր երկրի մասին պատկերացումներից: Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց դուք չեք կարող կասկածի և վտանգի տակ դնել ազատությունը, հավասարությունը և ժողովրդավարությունը: Դուք չեք կարող կասկածի տակ դնել այս արժեքների համար 3 տարի առաջ ձեր իսկ մղած պայքարը»,-ասաց Միրզոյանը: Ըստ նրա՝ այս հանգրվանում Հայաստանն ունի երկու հնարավոր ճանապարհ: Եվ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս ճանապարհի ընտրության հարցում նա համարեց անկյունաքարային: «Առաջին՝ հանձնվել, համակերպվել, կոտրվել, վերադառնալ անցյալ, դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացու ունեզրկում, կեղծված ընտրությունները: Եվ երկրորդ՝ ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոգեբանական փակուղուց, շտկել մեջքը՝ առանց դադարելու շարունակել անհրաժեշտ բարեփոխումները և քայլ առ քայլ կառուցել Հայաստանի ապագան: Եվ այդ ապագան հաստատապես կա: Եվ ընտրությունն էլ միանշանակ է՝ ապագա կա»,-ասաց Միրզոյանը:
21:07 - 17.հունիսի.2021
Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժմանը. պարզաբանում

Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժմանը. պարզաբանում

Ընտրությունների վերահսկման կոմիտեի կողմից համացանցում տարածված՝ «Ոստիկանությունում տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղում հաշվառված քաղաքացիների նկատմամբ. Ահազանգ» վերտառությամբ գրառման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը կրկին հիշեցնում է՝ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժմանը և քաղաքական միավորների: «Լինելով պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավոր՝ ոստիկանությունը գործում է օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։ Հորդորում ենք քաղաքացիներին և կազմակերպություններին՝ զերծ մնալ ոստիկանության կողմից իր լիազորությունների շրջանակներում կայացված որոշումները քաղաքական շահարկման առարկա դարձնելուց։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու նպատակով ներկայացված բոլոր դիմումները քննարկվել են բացառապես «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերի շրջանակներում: Դիմումատուներին ընտրությունների լրացուցիչ ցուցակներում ներառելու կամ մերժելու մասին որոշումները կայացվել են՝ հաշվի առնելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը, բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և ընտրելու իրավունքի՝ օրենքով սահմանված պահանջներին բավարարելու հանգամանքները։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում յուրաքանչյուր դիմում ուսումնասիրվել է անհատական կարգով, և որոշում կայացվել է բացառապես առկա փաստական հանգամանքների շրջանակներում։ Որոշումներին համաձայն չլինելու դեպքում դիմումատուներն իրավունք ունեն դրանք բողոքարկել դատական կարգով, որի արդյունքում ընդունված դատական ակտը ենթակա է պարտադիր կատարման»,- պարզաբանել են ոստիկանությունից:
20:22 - 17.հունիսի.2021
Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս վեցերորդ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս վեցերորդ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցումից հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որոնցում ներառված են ինչպես կուսակցությունների, այնպես էլ պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Infocom-ն ուսումնասիրում է կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը։ Արդեն ներկայացրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը։ Այժմ ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության՝ վարչապետի թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Առաջին նախագահը որպես դրամական միջոց հայտարարագրել է 2010 ԱՄՆ դոլար, որը, դրամի վերածած, կազմում է 1 մլն 27 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 հողամաս, 3 հասարակական տարածք և 1 ավտոմեքենա՝ «Լինքոլն Թաունքար» մակնիշի։ Կուսակցության՝ ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն Հայկ Մաղաքելյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար գումար, որը, դրամի վերածած, կազմում է 5 մլրդ 130 մլն ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Մաղաքելյանը հայտարարագրել է 1 մլն 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան և 30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոտնակ։ Մաղաքելյանը բաժնեմասեր ունի «ՄԳԳ», «Արմմեդպրոմ», «ԿՌՔՎԶ», «Ավտոդավ+», «ԺԲԻ-13» և «Դոնեցկի էքսկավատոր» ընկերություններում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Հայկ Մաղաքելյանի գրանցումը՝ Անձնագրային և վիզաների վարչության՝ վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինելու մասին տեղեկանքը կեղծելու հիմքով։ Պատգամավորի թեկնածու Գրիգորի Գրիգորյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 2 մլն 219 հազար ՀՀ դրամ, 1 մլն 756 հազար 295 ԱՄՆ դոլար, 10 եվրո և 56 ֆունտստերլինգ, որը, դրամի վերածած, կազմում է 899 մլն 733 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Գրիգորյանը հայտարարգրել է 3 առանձնատուն, 2 բնակարան, գյուղատնտեսական նշանակության 1 հող և բնակելի կառուցապատման 1 հող։ Գրիգորյանը բաժնեմաս ունի «Արմենիա» և «Դիագնոստիկա» բժշկական կենտրոն ընկերություններում։ Բագրատ Ասատրյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 4 մլն 500 հազար ՀՀ դրամ, 388 հազար 600 ԱՄՆ դոլար և 80 հազար 500 եվրո գումար, որը, դրամի վերածած, կազմում է 251 մլն 898 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Ասատրյանը հայտարարագրել է 1 բնակարան։ Վերջինս բաժնեմաս ունի «Գառնի Ինվեստ» ընկերությունում։ Պատգամավորի թեկնածու Արամ Բարեղամյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 հողամաս, 4 վարելահող և 1 ավտոմոբիլ։ Բարեղամյանը բաժնեմաս ունի «Լեռնաբեկոր» ընկերությունում։ Պատգամավորի թեկնածուն դրամական միջոց չի հայտարարագրել։ Արտակ Առաքելյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 15 մլն 73 հազար ՀՀ դրամ և 7000 ԱՄՆ դոլար գումար, որը, դրամի վերածած, կազմում է 18 մլն 650 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Առաքելյանը հայտարարագրել է 1 շինություն և 1 ավտոմոբիլ։ Նա բաժնեմաս ունի «Իմպրինտ» ընկերությունում։ Պատգամավորի թեկնածու Ինեսսա Գաբայանը հայտարարագրել է 21 անշարժ գույք, այդ թվում՝ 2 բնակելի տուն, 1 բնակարան, 1 շինություն, 1 այգետնակ, 1 նկուղ, արդյունաբերական և այլ արտադրական նշանակության 1 տարածք, 1 հողամաս, 3 ավտոկայանատեղի և գյուղատնտեսական նշանակության 10 հող։ Գաբայանը հայտարարագրել է 10 շարժական գույք՝ 4 բեռնատար ավտոմեքենա, 5 թեթև մարդատար ավտոմեքենա և 1 ավտոկռունկ։ Պատգամավորի թեկնածուն դրամական միջոց չի հայտարարագրել։ Գաբայանը բաժնեմաս ունի «Էդ․ Գրիգ Շին» ընկերությունում։ Լևիկ Խաչատրյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 այգեգործական հողամաս, 1 գյուղատնտեսական հողամաս և 1 հողամաս։ Խաչատրյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 100 հազար դրամ։ Նա բաժնեմասեր ունի «Կապիտան Վ․ Լ․ Շ․» և «Զարթոնք-90» ընկերություններում։ Պատգամավորի թեկնածու Վիկտոր Գասպարյանը դրամական միջոց չի հայտարարագրել։ Գասպարյանը հայտարարագրել է 1 շինություն և 1 մեքենա։ Նա բաժնեմաս ունի «Վատռա» ընկերությունում։ Վահագն Մամիկոյանը հայտարարագրել է 600 հազար ՀՀ դրամ և 1 շինություն։ Մամիկոնյանը բաժնեմաս ունի «ՏԻԳՎԱ» ընկերությունում։ Պատգամավորի թեկնածու Սամվել Կարաբեկյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 851 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Կարաբեկյանը հայտարարագրել է 2 բնակարան։ Նա «Հայէկոնոմբանկ» ընկերությունում ունի բաժնետոմս։ Գագիկ Ադամյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 100 հազար ՀՀ դարմ։ Բացի այդ՝ նա հայտարարագրել է 1 շինություն, 1 հողամաս և 1 ավտոմեքենա։ Ադամյանը բաժնեմաս ունի «Էլիմո» ընկերությունում։ Ռաֆայել Գրիգորյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 3 մլն ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Գրիգորյանն ունի 2 հողամաս և 1 մեքենա։ Նա բաժնեմաս ունի «Ռամարտ» ընկերությունում։ Այսպիսով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության՝ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն Հայկ Մաղաքելյանն է, որի գրանցումը, սակայն, ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել։ Ընդհանուր առմամբ, կուսակցության պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները, միասին վերցրած, կազմում է 111 մլն 464 հազար 500 ՀՀ դրամ, 12 մլն 340 հազար ԱՄՆ դոլար, 90 հազար 580 եվրո, 80 եվրո և 56 ֆունտստերլինգ։ Ընդհանուր առմամբ, ողջ գումարը, դրամի վերածած, կազմում է 6 մլրդ 470 մլն 786 հազար ՀՀ դրամ։ Նարեկ Մարտիրոսյան
18:34 - 17.հունիսի.2021
Սպասվող ընտրություններից հետո ցանկացած սցենար, այդ թվում՝ վատ սցենարներ կարելի է դիտարկել․ Էդմոն Մարուքյան

Սպասվող ընտրություններից հետո ցանկացած սցենար, այդ թվում՝ վատ սցենարներ կարելի է դիտարկել․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը «Սիվիլնեթ»-ին տված  հարցազրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավին՝ նշելով, որ այն լի է եղել ատելությամբ, սպառնալիքներով։ «Սպասվող ընտրություններից հետո ցանկացած սցենար, այդ թվում՝ վատ սցենարներ կարելի է դիտարկել»։ Նա նաև նշել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ իր քաղաքական հակառակորդները մնան նախկին իշխանություններրի ներկայացուցիչները։ «Դեռևս պատերազմը չէր եղել, ես խորհրդարանում ասում էի, որ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ իր օպոնենտները շարունակաբար մնան քրեական գործերի տակ եղած նախկինները, մարդիկ զարմանում էին, թե ինչու եմ ես դա ասում։ Երբ ինքը ամբիոնից ասում էր՝ մեզ ուզում եք քշեք, թող Սերժ Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը գան, նա իզուր չէր դա ասում։ Նրանց երազանքն է եղել, որ իրենց օպոնենտը շարունակաբար մնան նախկին իշխանությունները, ովքեր կհրավիրվեն իր կողմից բանավեճի, բայց չեն գնա բանավեճի, դա երազանք է ցանկացած քաղաքական գործչի համար, այսինքն ի սկզբանե այս դասավորությամբ է տարվել ամեն բան»։ Մարուքյանի խոսքով՝ երկրորդ հանգամանքը երկու կողմերի ռեսուրսներն են։ «Նախկին իշխանության ռեսուրսները այսօր որևէ մեկը չունի, և նախկին իշխանության ռեսուրսներին համադրելի է գործող իշխանության ռեսուրսը՝ որպես իշխանության, և հետևաբար նաև ռեսուրսների իմաստով շատ դժվար է լինել այդ դաշտում, հավասար խոսքը տեղ հասցնել, որովհետև նրանք ունեն հեռուստաընկերություններ, բազմաթիվ բազմահազար լսարան ունեցող կայքեր, մեծ գումարներ, մեծ ռեսուրսներ՝ մարդկային և ֆինանսական, և, հետևաբար, ակնհայտ է, որ իրենց տեխնոլոգիաները, կազմակերպչական ներուժը և փողը դեր են խաղալու, և այդ դերը խաղացել են»։ Նա ասել է, որ Փաշինյանը իր հռետորաբանությամբ նախկին իշխանության ներկայացուցիչներին դարձրել է իր օպոնենտը։ «Որովհետև իր խոսքը ուղղում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին՝ փորձելով փակել դաշտը այդքանով, որ ժողովուրդը մտածի՝ դե Սերժն է, Ռոբերտն է, մեկ էլ Նիկոլն է։ Ինչքան էլ սխալ է արել, դե հիմա Նիկոլն է էլի, այսինքն՝  այս իմաստով ամեն ինչ արվեց և արվում է դեռ, որ բոլորը դուրս մնան այս պրոցեսից , ուշադրություն չլինի մյուս ուժերի նկատմամբ, և իրենք հաղթանակ տոնեն կրկին ու ասեն՝ նորից հեղափոխություն արինք, նորից մերժեցինք անցյալը և այլն»։ Մարուքյանը անդրադարձավ նաև Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում մուրճ ցուցադրելու հանգամանքին։ «Մուրճ ճոճելը նախնադարյան ինչ-որ մոտեցումներ են դրանք և խայտառակություն է հիմա մուրճ ճոճելով փորձել ինչ-որ բան ասել։ Նախ բռնության քարոզ է միանշանակ, և երկրորդը՝ ցույց է տալիս նաև մտածողություն, որ մենք մեր խնդիրները մուրճով ենք ուզում լուծենք, չկա փափուկ ուժի հնարավորություն, չկա օրենքը, այսինքն՝ քարեդարյա արշավ է դա։ Նա կարծում է, որ իր հիմնական էլեկտորատին դա դուր է գալիս, ես Երևանում մարդիկ գիտեմ, որ իր ընտրողներն են, վերջին դեպքերից հետո ամաչում են ասեն, որ ընտրում ենք իրեն»։
18:13 - 17.հունիսի.2021