Հայանտառ

Հայանտառ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսությունների համակարգը ղեկավարող կազմակերպություն (մինչև 1995 թվականը «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորում)։ Կազմակերպվել է 1988 թվականին՝ անտառային տնտեսության պետական կոմիտեի հիման վրա։

Անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ

Անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ

ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության անտառապահը անտառպետության տարածքում 2021թ․ մարտի 5-ին կատարել է ապօրինի ծառահատում՝ բենզասղոցի գործադրմամբ հատել է կաղնի տեսակի ծառեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը. «Դրանից առաջացած փայտանյութը եղբոր և ընկերոջ հետ միասին, համագյուղացիներից մեկի «Զիլ» մակնիշի ավտոմեքենայով նա տեղափոխել է Վահագնի գյուղ, որտեղ 50.000 ՀՀ դրամով վաճառել է գյուղի մի բնակչի: ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար պատասխանատվություն է նախատեսվում միայն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող գումարի չափով վնաս պատճառելու դեպքում։ Տվյալ դեպքում պատճառված վնասը կազմել է 82.260 ՀՀ դրամ։ Այսինքն պարզվել է, որ թեև է․ Հ․-ի արարքում բացակայում է նշված հոդվածով նախատեսված հանցակազմը, սակայն նա կատարել է դիտավորյալ  իրավախտում՝ ապօրինի ծառահատում, ինչը ենթակա է քննարկման ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 66-րդ հոդվածի տիրույթում: Հատկանշական է այն հանգամանքը, որ ապօրինի ծառահատումը, մթերումն ու տեղփոխումը կատարվել է Վահագնիի անտառպետության անտառապետի ոչ միայն գիտությամբ և թույլտվությամբ, այլ նաև վերջինս օժանդակությամբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի չափով գույքային վնասի դեպքում։ Քանի որ պատճառված վնասի չափը չի գերազանցել այդ շեմը, այսինքն անտառապետի գործողություններում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը: Նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արձանագրված և դրան զուգահեռ այլ ենթադրյալ ապօրինությունները տեղի են ունեցել ակներևության պայմաններում, կրել են տևական ու շարունակական բնույթ, դրանցում ուղղակիորեն ներգրավված են եղել հենց նման իրավախախտումները և ապօրինությունները կանխելու ու հայտնաբերելու անմիջական գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք։ Վերջինս հիմք է տալիս ողջամիտ ենթադրություններ կատարելու, որ հիշյալ պաշտոնատար անձինք գործել են ակնհայտ ապօրինի և նրանց վարքագիծն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ հանդիսանալով հանցանքի կատարմանը նպաստող ուղղակի հանգամանք և պատճառ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վահագնիի անտառպետության տարբեր պահաբաժիններում մինչ սույն դեպքը հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների բազմաթիվ այլ դեպքեր, ինչն օբյեկտիվորեն հիմք է տալիս ենթադրելու, որ դրանց կարող են մասնակցություն ունեցած լինեն անտառպետության աշխատակիցները։ Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է հղել «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար՝ Պ. Ցուգունյանին՝ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղ գտնող խախտումների պատճառները վերացնելու,  անտառխախտումների կանխարգելման համար պատասխանատու և թերացած, իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարած վերոնշյալ պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ նրանց աշխատանքից ազատելու ուղղությամբ անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով: 2021թ․ ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի անտառտնտեսություններում հայտնաբերված ապօրինի ծառահատումներում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու՝ ոչ հանցավոր նմանատիպ արաքներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին ներկայացվել է 31 միջնորդագիր։ Դրանց արդյունքում 5 անձի նկատմամբ արդեն իսկ կիառվել են տարբեր բնույթի կարգապահական տույժեր, իսկ մյուսները դեռևս քննարկման փուլում են։   Միևնույն ժամանակ, ապօրինի անտառահատումների դեպքերով անտառների պահպանության և անտառախախտումների կանխարգելման համար իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի հատկանիշներով մարզի դատախազության կողմից հարուցվել է 22 քրեական գործ։  Դրանցով իրականացվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում համապատասխան պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:58 - 20 ապրիլի,2021
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է

Տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, այդ թվում՝ որոշ լրատվական կայքերում, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր բարեկամին պաշտոնի է նշանակել։ Խոսքը 2018-19թթ․ դեռեւս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնական, «Կոտայք» ՋՕԸ նախկին տնօրեն Պավել Ցուգունյանի մասին է, որն այժմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ցուգունյանը նախկին մարզպետ-ներկա նախարարի կնոջ ազգականն է։ Infocom-ը դեռեւս պատերազմից առաջ էր հավաքագրել այն տեղեկությունները, որոնք փաստացի ցույց են տալիս, որ Ցուգունյանն իրապես բարեկամական կապ ունի Պետրոսյանի հետ, սակայն, պայմանավորված ռազմական դրությամբ ու հետպատերազմական իրավիճակով՝ հրապարակումը որոշ ժամանակով հետաձգեցինք։  Այսպես, մեր ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ՝ Արմինե Պետրոսյանի քեռորդին է։ Թեեւ այս փաստը հնարավոր է եղել թաքցնել, սակայն սոցիալական ցանցերն ու պետական կառույցների պաշտոնական կայքերը հնարավորություն են տալիս գտնել պաշտոնյաների եւ այլ մարդկանց ազգակցական կապերը։ Արմինե Պետրոսյանի եւ Պավել Ցուգունյանի ազգակցական կապը Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ Կոտայք ՋՕԸ-ում միջադեպ էր տեղի ունեցել, ըստ հրապարակման՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին էր ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել էին, ծեծկռտուք էր սկսվել։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՋՕԸ-ի նոր պետը՝ Գուրգեն Օսիպյանը, Ռոմանոս Պետրոսյանի ազգակիցն է, իսկ այդ պաշտոնում նրա նշանակմանը օգնել է Պետրոսյանի մեկ այլ բարեկամ՝ Պավել Ցուգունյանը։ Ռոմանոս Պետրոսյանն այս հրապարակման վերաբերյալ հերքման պահանջով էր հանդես եկել՝ հատ-հատ հերքելով դրանում տեղ գտած տեղեկությունները, սակայն Պավել Ցուգունյանի ու իր կապի մասին ոչինչ չէր գրել։ Իսկ Ցուգունյանի ու Պետրոսյանի կապն, ինչպես արդեն նշեցինք, անցնում է վերջինիս կնոջ բարեկամական օղակով։ Հայտարարատու պաշտոնատար անձնանց հայտարարագրերի ռեեստերից եւ Ֆեյսբուք սոցիալական ցանցից տեղեկանում ենք, որ Ռոմանոս Պետրոսյանի կինը Արմինե Ռոբերտի Պետրոսյանն է։ Արմինե Պետրոսյանի ու Պավել Ցուգունյանի կապը թեեւ առաջին հայացքից անհնար է նկատել, սակայն սոցցանցերը իրենց գործն անում են։ Արմինե Պետրոսյանն, օրինակ, կա Պավել Ցուգունյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում, նա նաեւ հավանել է վերջինիս լուսանկրաներից մեկը, օրինակ։ Լուսանկարը հավանել է նաեւ Արմինե եւ Ռոմանոս Պետրոսյանների որդի Վանիկ Պետրոսյանը։ ՀՀ ընտրողների ռեգիստրից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Պավել Ցուգունյան անունով միայն մեկ քաղաքացի կա, որի հայրը, ըստ նույն տվյալների, Վլադիմիր Ցուգունյանն է: Վլադիմիր Ցուգունյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում են Ռոմանոս Պետրոսյանը, նրա կինը, նրանց որդին, եւ, իհարկե, Պավել Ցուգունյանը։ Եթե Պետրոսյանի՝ Վլադիմիր Ցուգունյանի ընկերներում լինելու հանգամանքը կարող է պայմանավորված լինել նախարարի՝ հանրային դեմք լինելու փաստով, ապա տիկնոջ եւ որդու պարագայում որոշակի կասկած կարող է առաջանալ։ Հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք, որ Արմինե Պետրոսյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 10-ին։ ՀՀ ընտրողների ռեգիստրում Արմինե Պետրոսյան անուն-ազգանունով այս թվականին ծնված միայն մեկ քաղաքացի կա։ Ըստ այս համակարգի՝ նրա հետ համատեղ գրանցված այլ անձինք չեն բնակվում․ տիկին Պետրոսյանը գրանցված է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի 6/2 236 հասցեում՝ միայնակ: Այն, որ նախարարի կինը ներկայանում է ամուսնու ազգանվամբ, դժվարացնում է Արմինե Պետրոսյանի ընտանիքի անդամների մասին տեղեկություն գտնելը։ Սակայն, ինչպես նշեցինք, նրա հայրանունը Ռոբերտ է։ Տիկին Պետրոսյանի եւ նրա որդու ֆեյսբուքյան ընկերների ցանկում կա Հայկ Ռոբերտի Հակոբյան անունով օգտատեր։ Վերջինիս քույրը՝ Անի Հակոբյանը, ֆեյսբուքում դարձյալ ընկեր է Վլադիմիր Ցուգունյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի որդու հետ։ Անի Հակոբյանը ֆեյսբուքում ընկեր է նաեւ Արմինե եւ Ռոմանոս Պետրոսյանների հետ։ Բացի դրանից՝ Հայկ Ռոբերտի Հակոբյանի ֆեյսբուքյան էջում ամիսներ առաջ կային լուսանկարներ, որտեղ Հակոբյան քույր եւ եղբայրն ու Արմինե Պետրոսյանը միասին էին։ Այժմ, սակայն, Հայկ Պետրոսյանի էջից այդ նկարները կամ հեռացված են կամ միայն ընկերների համար են հասանելի։ Այդ նկարներից մեկում, որը ֆեյսբուք ներբեռնել էր Հայկ Ռոբերտի Հակոբյանը, պատկերված են Արմինե Պետրոսյանը, Անի Հակոբյանը եւ հենց ինքը` Հայկ Հակոբյանը: Սակայն եթե Հայկ Հակոբյանի էջի նկարն այս պահին անհասանելի է, ապա Անի Հակոբյանի էջում կա մեկ այլ լուսանկար՝ Արմինե Պետրոսյանի եւ Հայկ Հակոբյանի մասնակցությամբ, որը վերնագրված է «ընտանիք»։ Վերոնշյալից արդեն իսկ կարելի է փաստել, որ Արմինե Պետրոսյանը փոխել է իր ազգանունը եւ գոնե սոցցանցերում փորձել է հնարավորինս ստվերում պահել իր կապը՝ հարազատների հետ։ Սակայն փաստերի համադրությամբ ակնհայտ է, որ Արմինե Պետրոսյանի հայրը Ռոբերտ Հակոբյանն է։ Ընտրողների ռեգիստրում փնտրելով Հայկ Ռոբերտի Հակոբյանին՝ հնարավոր եղավ պարզել, որ նրանց ընտանիքի գրանցման հասցեն Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն է: Նույն հասցեում Հայկ Հակոբյանի հետ համատեղ գրանցված է 3 քաղաքացի` Անի Ռոբերտի Հակոբյանը, Ռոբերտ Հայկազի Հակոբյանը եւ Սոնյա Ազատի Հակոբյանը։ Արդեն պարզ է, որ Արմինե Պետրոսյանի հայրը Ռոբերտ Հայկազի Հակոբյանն է, իսկ Անի եւ Հայկ Հակոբյանները նրա քույր եւ եղբայրն են, իսկ ահա Սոնյա Ազատի Հակոբյանը Արմինե Պետրոսյանի մայրն է: Ի՞նչ է հայտնի Պավել Ցուգունյանի մասին Պավել Ցուգունյանը բնակվում է Աբովյան քաղաքում: Ինչպես արդեն նշել էինք՝ նրա հայրը Վլադիմիր Ցուգունյանն է: Ընտրողների ռեգիստրի միջոցով տեղեկանում ենք, որ Վլադիմիր Ցուգունյանի հոր անունը նույնպես Ազատ է, ինչպես Հակոբյան Սոնյայի հոր անունը: Հետեւաբար Հակոբյան Սոնյան եւ Ցուգունյան Վլադիմիրը քույր եւ եղբայր են: Ստացվում է, որ Վլադիմիր Ազատի Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ` Արմինե Պետրոսյանի մորեղբայրն է՝ քեռին, հետեւաբար Պավել Ցուգունյանը Արմինե Պետրոսյանի մորեղբոր որդին է: Ինչպես է Պավել Ցուգունյանը դարձել Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար «Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի» պաշտոնական կայքէջում տեղադրված կենսագրականից տեղեկանում ենք, որ Պավել Ցուգունյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 16-ին։  Սրանից հետո՝ արդեն 2021 թվականի փետրվարի 17-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարվել է մրցույթ, որը պետք է կայանար 2021 թվականի ապրիլի 6-ին։ Սակայն մարտի 3-ին մրցույթի գործընթացը դադարեցվել է։ Հայտարարության մեջ նշված է, որ նախատեսված մրցույթի գործընթացը դադարեցվել է՝ հիմք ընդունելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ «Հոդված 16. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակելը եւ ազատելը․ 1. Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:»։ Մրցույթի դադարեցման վերաբերյալ «Հրապարակ» լրատվականին տված մեկնաբանությունում Պավել Ցուգունյանը նշել էր, որ կառավարությունը մրցույթի նոր կարգ է հաստատել, որով էլ պետք է անցկացվի մրցույթը։ Ցուգունյանի մեկնաբանությամբ՝ քանի որ այդ նոր կարգն ուժի մեջ չի մտել, մրցույթը դադարեցվել է։ Հետաքրքրական է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի պաշտոնակատարի՝ պաշտոնից ազատման եւ տնօրեն նշանակելու մասին փաստաթուղթը հրապարակված է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքի էջում, իսկ ահա Պավել Ցուգունյանին տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որեւէ փաստաթուղթ չկար։ Անտառային կոմիտեից Infocom-ը տեղեկացավ, որ Ցուգունյանին նշանակելու փաստաթուղթը հրապարակված չէ տեխնիկական պատճառներով, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին արդեն տեղադրված կլինի կայքում։ Այսօր արդեն Ցուգունյանի նշանակման որոշումը հրապարակված է՝ հետին ամսաթվով։ Այսպիսով, չնայած Ռոմանոս Պետրոսյանն ու Պավել Ցուգունյանը անարձագանք են թողել կամ հերքել են շրջանառվող տեղեկությունները, որ իրենք բարեկամական կապ ունեն, այդուհանդերձ պաշտոնական եւ ոչ պաշտոնական բաց աղբյուրներից ստացած փաստերն այլ բան են խոսում։ Պավել Ցուգունյանը, որը կարճ ժամանակ առաջ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնականն էր, հիմա՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին է։ Ընդ որում՝ ե՛ւ Ցուգունյանը, ե՛ւ Պետրոսյանն ու իր կինը այս փաստը փորձել են ծածուկ պահել հանրությունից։ Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան
22:08 - 14 ապրիլի,2021
Հաշվեքննության արդյունքները վերաբերում են 2017թ. հունվարից մինչև 2018-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածին. պարզաբանում

Հաշվեքննության արդյունքները վերաբերում են 2017թ. հունվարից մինչև 2018-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածին. պարզաբանում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.   «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ այսօր մամուլում տեղ գտած՝ «Հայանտառի» 83 աշխատակից մի քանի տարի երկրում չի եղել, բայց աշխատավարձ է դուրս գրվել» վերտառությամբ նյութը տարընթերցման առիթ է տվել՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին, ուստի, ելնելով վերը նշվածից, նպատակահարմար ենք համարում հարցի վերաբերյալ տալ որոշակի պարզաբանում։  Տեղեկացնում ենք, որ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննությունն ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար և վերաբերում է բացառապես այդ ժամանակահատվածին։ Հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ակտը ՀՀ հաշվեքննիչ պալատի կայքում հրապարակվել է 2021 թվականի մարտի 2-ին։  Իսկ հաշվեքննության արդյունքներով ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ հաշվեքննության ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն արդեն իսկ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն»։
09:52 - 21 մարտի,2021
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրենի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրենի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ

Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ տեղադրել էր նույն անտառտնտեսության աշխատակից Սարմեն Ղուկասյանի (հոդվածում՝ Արմեն Ղուկասյան) հարցազրույցից մի հատված, որտեղ Ղուկասյանը հայտարարել էր «կա′մ ես կմեռնեմ, կա′մ Իրինան»։ Հովհաննիսյանը այն համարել էր ֆիզիկական հաշվեհարդարի հրապարակային սպառնալիք պարունակող հայտարարություն։  Սարմեն (Արմեն) Ղուկասյանը, որն ահազանգել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, պատմել է, թե արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մեկնել է ռազմաճակատ, մինչև Ճամբարակ վերադառնալը զանգել է իր մանկահասակ երեխաներին, ասել, որ անտառից չոր փայտ հավաքեն՝ վառելու, տաքանալու համար։ Վերադառնալուց հետո ինքը կուտակած փայտը բերել է տուն։ «Իմ դեմ քերական գործեր են հարուցել այդ չոր փայտի համար։ Ոստիկանները եկել են, տեսել են, որ չոր փայտ է, դրանից հետո եկել են Հայանտառի տղաները, որոնք տեսան, որ փտած փայտ է։ Ինձ ասացին՝ դասավորիր փայտը, որ հասկանանք՝ քանի խորանարդ մետր փայտ է․ մոտ 3 խորանարդ մետր էր։ Հետո եկել են Ազգային պարկից, իրենք էլ տեսան, որ չոր փայտ է, բայց գործ հարուցեցին իմ վրա»,- պատմել է Ղուկասյանը։  Վերջինս Հովհաննիսյանին մեղադրում է, թե իրեն աշխատանքից հեռացնում են, որպեսզի անտառը ոչնչացնեն։ Ղուկասյանն ասել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս և ունի ապացույցներ։ Այնինչ Իրինա Հովհաննիսյանը սուտ է համարում Ղուկասյանի հնչեցրած մեղադրանքները։ Infocom.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ ապացույցներ ունեցող մարդը միանգամից կգնար ոստիկանություն և ոչ թե կզանգահարեր լրագրողների․ «Առհասարակ, այդ աշխատակիցը, որը հիմա անտառտնտեսությունում է աշխատում, իր կոնֆլիկտային վարքով է աչքի ընկնում, ինքն անընդհատ քրեական տարբեր գործերի մեջ է։ Ինձ համար անակնկալ չէ, որ այս անգամ էլ իմ անունն է շոշափվում։ Ձեռքից մաքուր չէ, ուղղակի մեր ոլորտը այնպես է, որ շատ դժվար է հենց գողության վրա բռնել մարդուն, մանավանդ, եթե այդ աշխատակիցն ապրում է այդ բնակավայրում՝ այն տարածքում, որը ինքն է սպասարկում»,- մանրամասնեց անտառտնտեսության տնօրենը։ Վերջինս հայտնեց, որ իրենք անընդհատ վարչական ռեսուրս են ծախսում՝ մոնիթորինգ իրականացնելու համար։ Հովհաննիսյանն ասաց, որ, իր տեղեկություններով, դատախազությունում արդեն մեկ գործ է քննվում՝ Ղուկասյանի կողմից փափուկ վառելափայտի վաճառքի փորձի վերաբերյալ։ Սա, ըստ մեր զրուցակցի, երկրորդ դեպքն է, որն արձանագրվել է մոնիթորինգային այցերի ժամանակ․ «Ղուկասյանը ագրեսիվ վարք է դրսևորել, ինքն ազնիվ չէ հարցազրույց տալու ժամանակ, իրողությունը ներկայացնում է միայն իրեն շահեկան դիրքից։ Անտառտնտեսության աշխատակիցները՝ պահպանության գծով տեղակալը և ինժեները, ուղղակի պլանային ստուգումներ են անում, երբ հայտնաբերել են այդ փափուկ վառելիքը, գնացել են իր տուն, ինքը աշխատանքային ժամին եղել է տանը, ոչ թե անտառում։ Գնացել են տուն, որպեսզի պարզեն այդ վառելափայտի ծագումը։ Ղուկասյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին և սպառնացել ֆիզիկական հաշվեհարդարով։ Այդ օրը շատ բան չեն կարողացել անել, բայց ֆիքսել են, որ բակում նույնպես 3,5 խորանարդ փափուկ վառելափայտ ունի»,- Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց Հովհաննիսյանը։  Աշխատակիցները վերադարձել են, իսկ ինքը՝ Հովհաննիսյանը, ելնելով աշխատակիցների ֆիզիկական անվտանգությունից, դիմել է ոստիկանություն և խնդրել սանձել այդ աշխատակցին։ Ոստիկանությունը, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, այցելել է Ղուկասյանին և իրականացրել իր պարտականությունները․ «Ի պատիվ իրենց՝ ոստիկանները շատ օպերատիվ են գործում, խնդիրներ չունենք ոստիկանության հետ։ Գնացել են, արձանագրել, ինձ ասացին, որ նյութի մեջ ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ասել, որ առանց փաստաթղթի է փայտը դուրս բերել։ Հարցազրույցում ինքը նշում է, որ պատերազմի դաշտում է եղել, ինչն ակնհայտ սուտ է․ ինքը մոբի հետ Ճամբարակում է եղել և ոչ մի փամփուշտ չի արձակել։ Դա մանիպուլյացիա է, երևի խղճահարություն առաջացնելու համար է անում»,- ասաց Հովհաննիսյանը։  Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս հավելեց, որ անձնական խնդիրներ չունի որևէ աշխատակցի հետ, քանի որ սա պետական հիմնարկ է, իրենը չէ։ Հովհաննիսյանը պատմեց, որ երբ իրեն նշանակել են անտառտնտեսության ղակավար, ինքը խոստացել է, որ այդ համակարգը աղբից պետք է մաքրի․ «Աղբ ասելով՝ նկատի ունեմ այն մարդկանց, որոնք նոր կանոնները չեն ընդունում և շարունակում են գողություն անել։  Եթե նույնսիկ իմ նախաձեռնությամբ որևէ աշխատակից  հեռացվում է աշխատանքից, դա լինում է միայն օրենքով սահմանված կարգով։ Եթե ես պայքարում եմ կորուպցիայի դեպ, ապա դա ինձ էլ է վերաբերում»,- նշեց անտառտնտեսության տնօրենը։  Հովհաննիսյանի խոսքով՝ ռեֆորմներ պետք է իրականացվեն, որ անկախ աշխատակցի բարեվարքությունից՝ հնարավորություն չլինի գողություն իրականացնել, սակայն մինչև այդ ռեֆորմների իրականացումը պետք է աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնց հանդեպ վստահությունը մեծ կլինի։  «Ամեն դեպքում այն ամենը, ինչ ինքը նշել է հարցազրույցում իմ կամ աշխատակիցների մասին, որևէ լուրջ հիմք չունի։ Ոստիկանությունից իմ հանդեպ հնչած սպառնալիքների վերաբերյալ շատ բան չեմ ակնկալում, բայց նաև չեմ վախենում, որովհետև դա մարդու բնույթն է․ եթե ասել է նման բան, չի նշանակում, որ պետք է նաև անի։ Ինքը ոչ միայն ինձ է սպառնացել, այլև բոլոր մյուս աշխատակիցներին, որոնք պատասխանտու են վերահսկողության համար․ բառացի ասել է՝ «մտնեն իմ անտառ՝ փորները կթափեմ»։ Չգիտեմ, թե ոստիկանությունն ինչպես կարձագանքի, եթե ընթացք տան՝ մենք կհամագործակցենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։  Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ Հովհաննիսյանի հրապարակման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել Քննչական կոմիտե։  Լուսանկարը՝ Իրավաբնների հայկական ասոցիացիայի։  Ասպրամ Փարսադանյան
19:02 - 05 մարտի,2021
Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի անտառտնտեսության անձնակազմի հետ

Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի անտառտնտեսության անձնակազմի հետ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Ինչպես հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսության» անձնակազմի հետ, քննարկել առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները: Անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները, հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնել, աշխատանքներն ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական դաշտում դնել իսնտիտուցիոնալ հենքի վրա։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ֊ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը և Վանաձորի անտառտնտեսության ղեկավար կազմը։ Նախարարն անդրադարձել է արձանագրվող անտառխախտման, փայտագողության դեպքերին, որոնք անհանգստացնող են իրենց ծավալներով։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել ոչ միայն գործուն միջոցներ ու գործիքակազմ, այլև կամք՝ անտառին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։ «Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն առաջնահերթություն է։ Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ»,- եզրափակել է նախարար Պետրոսյանը։
17:11 - 25 սեպտեմբերի,2020
Կասեցվել են Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում եւ «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները

Կասեցվել են Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում եւ «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շրջակա միջավայրի բաղադրիչներից են մեզ շրջապատող բնության մասնիկները, մասնավորապես, մեր անտառները, լճերն ու գետերը։ Սիրելի՛ քաղաքացիներ, Խնդրում եւ հորդորում եմ՝ հանգստյան օրերին, եւ առհասարակ, ձեր կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում եւ այցելելով մեր անզուգական բնաշխարհի գողտրիկ անկյուններ ու բնական հուշարձաններ, դրսեւորեք բարձր քաղաքացիական գիտակցություն եւ սրտացավ ու հոգատար մոտեցում ցուցաբերեք մեր բնական հարստություններին եւ ո՛չ մի պարագայում աղբ մի՛ նետեք այդ միջավայր, որեւէ դեպքում մի՛ վնասեք շրջակա միջավայրի կենսաբազմազանությունն ու դրանով՝ մի՛ խաթարեք բնական միջավայրի ներդաշնակ ու անխաթար համակեցությունն ու զարգացումը մեր կողքին։ Մենք պարտավո՛ր ենք ապրել բնության հետ ներդաշնակ՝ համակեցության հույժ պատասխանատու կանոններով ու մեր կենսակերպի՝ խիստ անվնաս վարքուբարքով՝ առ շրջակա միջավայր։ Հարգելինե՛րս, Իսկ իմ մասով տեղեկացնում եմ, որ արդեն իսկ. ամբողջապես կասեցվել են Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ) եւ «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները, ամբողջապես դադարեցվել են Սեւանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սեւան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները, արդեն իսկ մեկնարկել ենք վերոնշյալ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները (դրանք մի ոանի հազար են)՝ պայմանագրային պարտավորությունների, ինչպես նաեւ բնապահպանական, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում այդպիսիներն աներկբայորեն կչեղարկվեն՝ միակողմանի կամ դատական կարգով, բնության պահպանությանն ու պաշտպանությանը միտված այլ գործընթացների մասին՝ հաջորդիվ։ Արդյունավետ եւ՝ բնության նկատմամբ հոգատար ու սիրառատ օր եմ մաղթում բոլորիդ։ Հ.Գ. Ինքս այսօր աշխատանքային շրջայց եմ կատարում «Դիլիջան ազգային պարկում»»։
12:14 - 15 օգոստոսի,2020
Նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գրասենյակներ

Նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գրասենյակներ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակներ, ապա հանդիպում-քննարկում ունեցել ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատակազմին, իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկել մի քանի ոլորտներում կտրուկ ու խորքային բարեփոխումներին միտված ամենակարճաժամկետ անելիքները։ Շրջակա միջավայրի նախարարության կառավարման ներքո գտնվող այս ենթաոլորտում առկա են բավականին կուտակված խնդիրներ, որոնք վճռական միջամտություն ու շրջադարձային գործելաոճ են պահանջում։ Անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման առումով։ Անտառը շրջակա միջավայրի այն կարևորագույն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։ Ոլորտի բարեփոխումների հիմքում դրվելու է ինստիտուցիոնալ հարթությունների զարգացման և օրենսդրական այն իրավակարգավորումների անհրաժեշտությունը, որով ամրագրվելու են այդ փոփոխությունները, ինչպես նաև փայտագողության, անտառխախտումների ու ապօրինի անտառահատումների դեմ պայքարում բեկումնային վերահսկողության գործիքակազմի ներդրումը։ Նախարարը դարձյալ հղում արեց այն հայեցակարգային մոտեցմանը, որ շրջակա միջավայրի կառավարմանը զուգահեռ, չափազանց կարևոր է հանրակրթության բնագավառում էկոլոգիական գիտելիքների ուսուցանման, էկոլոգիական դաստիարակության խթանումը և էկոլոգիական մշակույթի արմատավորումը։ Քաղաքացուն պետք է սովորեցնել սիրել ու փայփայել շրջակա միջավայրը դեռ նախակրթական հաստատությունից։ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչների հետ նախարարը քննարկեց ընթացիկ ծրագրերը, COVID19 համավարակով պայմանավորված վերջնաժամկետների փոփոխություններն ու շոշափելի ապագայում սպասվելիք արդյունքները։ Ամփոփելով հանդիպումները՝ ՇՄ նախարարը գործընկերներին հորդորեց պատասխանատվությամբ մոտենալ խնդիրների ձևակերպման, հանրամատչելի, ամբողջական գույքագրմանը և համապատասխան խողովակներով վերհանմանը։ Միայն այդ դեպքում է հնարավոր առկա իրավիճակի բարելավմանը, խնդիրների լուծմանն ու ռիսկերի կառավարմանն ուղղված գործուն քայլեր անել։
11:25 - 07 օգոստոսի,2020
«Երբ եկա համակարգ, չէի պատկերացնում, որ ամեն ինչ այդ աստիճան վատ է». անտառտնտեսության ղեկավարը իրավապահներին հաղորդումներ է ներկայացրել
 |medialab.am|

«Երբ եկա համակարգ, չէի պատկերացնում, որ ամեն ինչ այդ աստիճան վատ է». անտառտնտեսության ղեկավարը իրավապահներին հաղորդումներ է ներկայացրել |medialab.am|

medialab.am: «Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը – Տիկի՛ն Հովհաննիսյան, ձեր աշխատանքային գործունեության ընթացքում ի՞նչ չարաշահումներ եք արձանագրել, ի՞նչ խնդիրներ կան ոլորտում։ – Երբ եկա այս համակարգ, վճռականորեն էի տրամադրված, որ ոչ մի ապօրինություն չեմ հանդուրժելու։ Բայց ես նաև ինքս իմ մեջ մտածում էի, որ իմ գալու օրվանից ոչ մի ապօրինություն չի լինելու։  Ես չէի պատկերացնում, որ ամեն ինչ այդ աստիճան վատ է։ Ես գրեթե մեկ ամիս բոլոր փաստաթղթերն ուսումնասիրեցի և բացահայտեցի, որ շատ բաներ չեն համընկնում, շատ հարցեր իմ մեջ առաջացան՝ կապված մեքենաների հետ։  Ես արդեն երեք հաղորդում եմ ներկայացրել իրավապահներին՝ մեկական գործ դատախազությանը, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։ Ցանկանում եմ ընդգծել, որ փայտ վաճառելը ամենատեսանելին է, որը տեղի է ունենում այդ համակարգում։  Երբ ես տեսնում եմ, թե մեր անտառտնտեսության փոքր բյուջեն ինչ աստիճան է չարաշահվել, վախենում եմ պատկերացնել, թե մեծ բյուջե ունեցող մյուս հիմնարկներում ինչեր են տեղի ունեցել։ Չարաշահումները տարբեր են՝ սկսած գույքից։ Օրինակ՝ որոշակի գույք կա, ընդունում եմ, ցուցակի մեջ մեկ ապրանք է գրված, բայց լրիվ այլ ապրանք է ներկայացված։ Ցուցակով մի ապրանք անսարք է, փոխարենը՝ մեկ այլ անսարք ապրանք է դրված։  Հարցնում եմ՝ իմաստը ո՞րն է անսարք ապրանքն անսարքով փոխարինելու։ Եվ հետ են բերել այդ ապրանքը։ Ինձ համար սկզբունքային հարց է, ես պետք է վստահեմ այն մարդկանց, որոնց հետ աշխատում եմ։ Եվ եթե մի մարդ, իմանալով հանդերձ, որ աշխատող ապրանքը դուրս է գրվել չաշխատողի փոխարեն, հիմա կանգնել ու նույնն իմ դեմքին է ասում, նշանակում է, որ ազնիվ չէ իմ նկատմամբ։ Բենզինի ծախսի՝ ահռելի ծավալով անհամապատասխանություն կա։ Դեպքեր կան, որ մեքենան գազով է աշխատում, բայց բենզինի ծախս է դուրս գրվել։ Մեքենաներ կան, որոնց վրա ահռելի ծավալով գումար է ծախսվել, բայց անսարք վիճակում են։  Բայց անկախ նրանից, ձեռքիս տակ ինչ փաստեր ունեմ, դա իմ որոշելիք հարցը չէ, գործերից մեկով, որն ուղարկել եմ դատախազություն, ես ասել եմ՝ հանցակազմի առկայությունը ստուգեք։ Հիմա քննություն է ընթանում, չեմ ուզում այս փուլում շատ փակագծեր բացել, թող իրավապահները պարզեն։ – Կա՞ն նաև դեպքեր, երբ աշխատակիցներ եք ազատել աշխատանքից։ – Այո՛, ազատել եմ նրանց, որոնց հանդեպ վստահություն չունեմ։ Ավելի ճիշտ՝ իրենք են ազատման դիմում գրել։ Երբ ես նշանակվեցի այս պաշտոնին, կառույցում ուժեղ դիմադրություն եղավ։  Բայց ես բոլորի ներկայությամբ հայտարարեցի, որ դա հիմք չեմ ընդունելու աշխատանքային հարաբերություններ կառուցելու համար։ Ես կոչ արեցի ու խնդրեցի, որ այսուհետ աշխատանքային պարտականությունների հանդեպ ուշադիր լինեն, ասել եմ, որ պատրաստ եմ զիջումների գնալ։ Բայց քանի որ տեսնում եմ, այդ ամենը չարաշահվում է, ստացվում է, որ իրենք քեզ այդ բարոյական պարտքից ազատում են։ – Ինչո՞ւ այդ համակարգի որոշ աշխատակիցներ չեն կարողանումա հարմարվել նոր աշխատանքային պայմաններին։ – Եթե հաշվի առնենք, որ այդ հիմնարկում չորս պահակի հաստիք կա, և մինչև հեղափոխությունը նրանցից երկուսը Գասպարյան Վովայի ամառանոցն էին հսկում, մյուս երկուսը՝ անտառտնտեսության նախկին տնօրենի ամառանոցը, դա արդեն խոսում է այդ կառույցի ընդհանուր ոճի մասին։  Հաստիքներ կան, որոնք դաշտային հաստիքներ են, օֆիսային չեն և շատ վերահսկելի են։ Հաշվի առնելով, որ նախկինում չի վերահսկվել, մարդիկ երևի լավ չեն հասկացել, որ իրավիճակ է փոխվել, և շարունակում են նույն ոճով աշխատել։  Ինձ համար, օրինակ՝ բացարձակ տարբերություն չկա, թե ով ում ծանոթն է։ Եթե ինքն իր պարտականությունները չի կատարում, ուրեմն ինքը տեղում չէ։ Եվ ես չեմ գտնում, որ պետք է բոլոր աշխատողների հետևից պահակի նման շրջեմ ու ստուգեմ։ Ես ուզում եմ վստահել իմ աշխատողներին։ Եվ պատրաստ եմ նաև արդարացնել նրանց վստահությունը։ – Ինչ մեթոդո՞վ եք պայքարում ապօրինի անտառահատումների դեմ։ – Իրականում մեր անտառից վերջին երեք ամիսների ընթացքում ընդամենը հատման մեկ դեպք է եղել։ Մեկ ծառի ճյուղ էին հատել։  Մեր խնդիրն այն է, որ մեր գյուղերից մեկի բնակիչները փայտ են գողանում կողքի անտառտնտեսությունից։ Եվ որպեսզի մենք այդ դեպքերը կանխարգելենք, կոնկրետ ես զանգել եմ ոստիկանություն, խնդրել, որ ճանապարհային անցակետը տեղափոխեն այնպիսի տեղ, որպեսզի հնարավոր չլինի որևէ կերպ շրջանցել։  Նախքան իմ ահազանգը, անցակետը եղել է այնպիսի վայրում, որ մարդիկ, չհասած այդ անցակետ՝ կարողանում էին դաշտամիջյան ճանապարհներով անցնել ու չբռնվել։ Ես կարծում եմ, որ մեր անտառը բոլորիս անտառն է, եթե իմ անտառտնտեսությունից գողություն չեն անում, դա չի նշանակում, որ մեր երեխաներից չի գողացվում։  Մենք անտառտնտեսությունների տնօրեններով համագործակցում ենք, ոստիկանության հետ անընդհատ կապի մեջ ենք։ Ավելին՝ medialab.am-ում։  
21:18 - 23 հուլիսի,2020
Կասեցումներ` նաև «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե»-ում, «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում. ԱԱՏՄ

Կասեցումներ` նաև «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե»-ում, «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում. ԱԱՏՄ

Հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ողջ տարածքում: Խստացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաև կասեցման աշխատանքները:ԱԱՏՄ այսօրվա երկու տասնյակից ավելի կասեցումների ցանկում են նաև «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն», «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, անհատ ձեռնարկատերեր:Նաև 48-ժամյա արգելք է կիրառվել Կապանի «Մերի Մաթևոսյան» ԱՁ-ի նկատմամբ։ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Այս վարչական շրջանում դրանք անցկացվում են արդեն ոչ առաջին անգամ։ Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում:Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած տնտեսավարողների մոտ դեռ շարունակում են արձանագրվել խախտումներ՝ կապված ախտահանիչ նյութերի, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ:ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը: Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների նկատմամբ, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ստուգայցերն անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում:ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ կրկնակի խախտումների դեպքում կայացվում են առավել երկարատև կասեցման որոշումներ: Իսկ պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։
19:20 - 07 հուլիսի,2020
Գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման համար կտրամադրվի 200 մլն դրամի դրամաշնորհ |armenpress.am|

Գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման համար կտրամադրվի 200 մլն դրամի դրամաշնորհ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 200 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Ըստ հիմնավորման, 150 մլն դրամը կտրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, 25 մլն դրամը՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին, և 25 մլն դրամը՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 642-Լ որոշման ընդունմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2020 թ. պետական բյուջեում կատարել վերաբաշխում՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմմանն ուղղված ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորումը։ Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 15-րդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետեւանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։ Առաջարկվում է ՀՀ բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը եւ այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները մեղմելու համար։ Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման եւ տնկման, ինչպես նաեւ ցանկապատման աշխատանքներ։ Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» եւ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։ Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 200 000.0 հազար դրամ։ Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման եւ տնկման համար։ Ավելի քան 50 գետի  եւ գետակի առափնյա հատվածներում ծառատնկման աշխատանքներին նախատեսվում է ներգրավել 1000 բնակիչ՝ 2 մլն կտրոն տնկելու նպատակով։ Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաեւ ցանկապատման աշխատանքներին:
12:58 - 14 մայիսի,2020
Շնողի բնակիչները Թեղուտից ապօրինաբար հաճարենի և քամատապալ ծառեր են հատել

Շնողի բնակիչները Թեղուտից ապօրինաբար հաճարենի և քամատապալ ծառեր են հատել

Մայիսի 12-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության աշխատակիցները համատեղ շրջայցի ժամանակ, ստուգման նպատակով, Շնող համայնքի վարչական տարածքում կանգնեցրել են նույն գյուղի երկու բնակիչների «ՈՒԱԶ» մեքենաները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Մեքենաներում հայտնաբերվել է 1-ական խմ փայտանյութ։ Վարորդները հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Հայտնել են, որ փայտանյութը պատկանում է իրենց: Նույն օրը Թեղուտի անտառից հատել են հաճարենի և բեզնասղոցով կտրատել են քամատապալ ծառեր։ Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: 
21:11 - 13 մայիսի,2020
Հանքարդյունահանում՝ անտառային հողերում․ ովքեր են վարձակալում կամ չվարձակալած օգտագործում Երևանի անտառները |hetq.am|

Հանքարդյունահանում՝ անտառային հողերում․ ովքեր են վարձակալում կամ չվարձակալած օգտագործում Երևանի անտառները |hetq.am|

hetq.am: hetq.am: Երևանում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վարձակալության տված անտառային տարածքներում, հանքարդյունահանում է իրականացվել։ Հանքերը շահագործվել են առանց հողի կատեգորիայի փոփոխման, դրանցից մեկով էլ՝  հողօգտագործման վավեր իրավունք չունենալով։ Անտառների վարձակալության պատմությունների այս հրապարակումը Երևանի անտառների մասին է։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մեզ տրամադրել էր Երևանում 3 վարձակալի մասին տեղեկություն, թաքցրել էր չորրորդ վարձակալին։ Անտառային տարածքն օգտագործվել է ոչ նպատակային 2010-ին Երևանում 4 հա անտառային տարածք է վարձակալել «Ստոնման» ՍՊԸ-ն, երկու առանձին, բայց իրար կողքի տարածքներ՝ 3,5 և 0,5 հա չափերով։ Գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակով վարձակալված անտառային տարածքի համար վճարել է ընդհանուր տարեկան 497.500 դրամ։ Վարձակալած տարածքը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի համայնքում` հեռուստաաշտարակից մոտ 0.8 կմ հարավ-արևելք, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ։ Չնայած պայմանագրով ամրագրված գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակին` «Ստոնման» ՍՊԸ-ն անտառային տարածքում հանքաքար է արդյունահանել՝ չփոփոխելով նույնիսկ անտառային հողի կատեգորիան։ «Ստոնման» ՍՊԸ-ն 2012-ին ընդերքօգտագործման իրավունք է ստացել Սարի թաղի գիպսատար կավերի և բազալտների Արևելյան տեղամասի համար և շահագործել այն։ Երևանի քաղաքապետարանից ստացած տեղեկատվության համաձայն` հանք շահագործած ընկերությունը Երևան քաղաքից հող չի վարձակալել։ Այսինքն՝ «Ստոնման»-ը հանքարդյունահանում է իրականացրել բացառապես անտառային հողում։ Ընկերությունը 2009 թ.-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն է ստացել։ Ըստ ՇՄԱԳ–ի` ընկերությունը հանք պետք է շահագործեր 4.43 հա տարածքի վրա, սակայն ինչպես արդեն նշեցինք, վարձակալել է 4 հա։ ՇՄԱԳ–ում նշվել է, որ տարածքում բուսականություն չկա, իսկ դրական եզրակացությունը տրվել է փորձաքննական հստակ պահանջով․ «Նախքան հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելը, անհրաժեշտ է ստանալ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ»։ Փորձաքննություն իրականացնողը որևէ կերպ չի անդրադարձել հողի՝ անտառային կատեգորիա ունենալու հանգամանքին։ «Google earth» ծրագրի տվյալները համադրելիս պարզ է դառնում, որ 2009 թ․-ին` ՇՄԱԳ–ը ստանալու պահին, չունենալով անտառային հողի վարձակալության պայմանագիր, հողի կատեգորիայի փոփոխման որոշում` հանքի տարածքում հողային աշխատանքներ են կատարվել։ Մինչ 2018 թ․ տարածքում ակտիվ հանքարդյունահանում է իրականացվել։ Թավշյա հեղափոխությունից հետո տարածքից տեխնիկան հանվել է, հանք տանող ճանապարհին հող է լցվել` փակելով այդ ուղին։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը փորձել է դատական կարգով անտառային հողի վարձակալության պայմանագիրը խզել, քանի որ վարձակալը պայմանագրով սահմանված նպատակին չի ծառայեցրել այն։ 2010թ․-ին կնքված պայմանագրի պարտավորությունների չկատարման վերաբերյալ «Հայանտառը» 10 տարի անց՝ այս տարվա հունվարի 29-ին է միայն դիմել դատարան` հողի նպատակային նշանակությունը չպահպանելու հիմքով անտառային հողերի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու պահանջով։ Սակայն, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում «Հայանտառի» հայցերը, այնպես էլ այս մեկը, վերադարձվել է` թերի կազմված լինելու պատճառով: «Հայանտառը» փետրվարին նորից է դիմել դատարան։ 2017թ․-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Ստոնման» ՍՊԸ-ում, սակայն, չգիտես ինչպես, չի հայտնաբերել, որ ընկերությունը նպատակային չի օգտագործել տարածքը։ «Ստոնման» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքն ավարտվում է այս տարվա նոյեմբերին։ Մեր այցելության ժամանակ հանքավայրը լքված էր, չկար որևէ տեխնիկա, հանքավայր տանող ճանապարհին էլ արհեստական խոչընդոտ էր ստեղծվել: «Ստոնման» ՍՊԸ-ն 1.3 միլիոն դրամի հարկային պարտավորություն ունի, որից 577 հազար դրամը բնապահպանական վճար է: «Ստոնման» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Հենրի Միքայելյանն է։ Նույն այն անձը, որը չնչին գնով, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորների հետ, Էրեբունիում համայնքային տարածք է սեփականաշնորհել: «Ստոնման» ընկերությունից կոնտակտ չգտանք։ Այցելեցինք ընկերության գրանցման հասցե՝ Երևանի Կռիլովի փողոցի տներից մեկը։ Տունը տարիներ շարունակ մի ընտանիք է վարձակալել։ Մեր այցելության ժամանակ տանը մարդ չկար։ Անտառային տարածքն օգտագործվել է առանց պայմանագրի և կատեգորիայի փոփոխության «Ստոնման»-ի վարձակալած տարածքի հարևանությամբ հանք է շահագործում «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն։ Ընկերությունն ընդերքօգտագործման 2 իրավունք ունի, առաջինը՝ Աստղիկի գիպսատար կավերի և բազալտի համար, որի իրավունքն ավարտվում է 2020թ.-ի հունիսին, երկրորդը՝ նույն տեղի գիպսատար ապարի և բազալտի 1-ին տեղամասի պաշարի հավելաճի տեղամասի համար, որի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականն է։ Այս ընկերությունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2010 թվականին։ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանն այդ ժամանակ դատապարտվեցին ընկերությունում հայտնաբերած խախտումները չարձանագրելու համար կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով։ Ընկերությունում երկու անգամ կատարված ստուգումների արդյունքներում չի արտացոլվել այն փաստը, որ «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն տվյալ տարածքում գործունեություն ծավալելու համար չունի վավեր հողօգտագործման պայմանագիր ո´չ Երևանի քաղաքապետարանի, ո´չ էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ։ Ավելին, անտառային տարածքում հանքարդյունահանման գործունեություն ծավալելիս պետք է փոխվեր հողի կատեգորիան, ինչը նույնպես չի արվել. սա ևս ստուգումներում տեղ չի գտել։ Թերևս դա էր պատճառը, որ Շրջակա միջավայի նախարարությունն ու «Հայանատառ» ՊՈԱԿ–ը թաքցրել կամ տեղեկություն չէին տրամադրել «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի հետ 2008-ին կնքած պայմանագրի մասին։ Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում «Հայանտառին» պատկանող 3.32 հա հողակտորում և քաղաքապետարանի հետ կնքած հողօգտագործման պայմանագիր չունի։ Շարունակությունը՝ hetq.am կայքում։
00:13 - 22 ապրիլի,2020
Ծաղկաձորի՝ ապօրինի վաճառված անտառները փորձում են վերադարձնել․ դատախազությունը դիմել է դատարան |hetq.am|

Ծաղկաձորի՝ ապօրինի վաճառված անտառները փորձում են վերադարձնել․ դատախազությունը դիմել է դատարան |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազությունը դատական գործընթաց է նախաձեռնել Ծաղկաձորում և այլ համայնքներում ապօրինի սեփականաշնորհված անտառները վերադարձնելու նպատակով։ Ծաղկաձոր համայնքն էլ առաջիկայում կդիմի դատարան։ Ծաղկաձորում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անտառային հողերի ապօրինի սեփականաշնորհման մասին  հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործը նախորդ տարի էր կարճվել։ Վաղեմության հիմքով կարճված գործով հաստատվել էր, որ հանցագործությամբ պետությանը վնաս է պատճառվել։ Դատախազությունը երեք տարբեր հայցերով արդեն դիմել է Կոտայքի մարզի դատարան և պահանջում է անվավեր ճանաչել հողերն աճուրդով վաճառելու մասին որոշումները։ Երեք հայցերից 2-ն արդեն վարույթ են ընդունվել, և արգելանք է դրվել անտառային հողերի վրա։ Այժմ վիճարկվում է 25 գործարքից 19-ը։ Դատական երեք գործերով պատասխանողներն են նախկին և ներկա պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված հետևյալ անձինք՝ Պետական վերահսկողական ծառայության քարտուղարի տեղակալ Կարեն Մարգարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը՝ Իշխան Վարդանյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, Հրազդանի նախկին քաղաքապետի խորհրդականի որդին՝ Արսեն Արզումանյանը, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մտերիմը՝ Ռոման Գալուստյանը և այլք։ Պետական սեփականություն հանդիսացած հողերի վերաբերյալ գործարքները դատական կարգով վիճարկելու գործառույթը վերապահված է դատախազությանը, իսկ համայնքային սեփականության գույքերինը՝ համայնքներին։ Ծաղկաձորի վարչական տարածքում գտնված անտառային հողերը օտարել է համայնքը։ Այդ իսկ պատճառով անտառների մյուս մասը վերադարձնելու համար դատարան պետք է դիմի նաև համայնքը։ Ծաղկաձորի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը հայտնեց․ «Նշված հողերի վերաբերյալ կատարվում են ուսումնասիրություններ, ձեռք են բերվում արխիվային նյութեր և իրավաբանական խորհրդատվություններ՝ տվյալ խնդրին դատական կարգով ընթացք տալու համար»։
16:52 - 10 մարտի,2020
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է տրակտորներով

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է տրակտորներով

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների համար ձեռք բերված  տրակտորների  հանձնման արարողությանը։  2019 թվականի պետական բյուջեի միջոցներով նախարարությունը ձեռք էր բերել «БЕЛАРУС 82.1» մակնիշի 8 տրակտոր, որոնք համալրված են 8  գյուղատնտեսական, 8 անտառային գութաններով  և ծառատնկման համար նախատեսված համապատասխան հորատիչներով: Տրակտորները նախատեսված են հանրապետության տարածքում լայնածավալ անտառապատման, այդ թվում՝ «10Մ» (Տասը միլիոն ծառի ծրագիր) նախաձեռնության շրջանակներում իրականացվող անտառտնկումների և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար։  Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին տեխնիկական վերազինման կապակցությամբ, նշելով, որ անտառտնտեսությունների վերազինման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, քանի որ այն նպատակ ունի անհամեմատ բարձրացնել անտառվերականգնման աշխատանքների արդյունավետությունը։ Արարողության ավարտին նախարար Գրիգորյանն անտառտնտեսություններին է նվիրել «Հայաստանի կարմիր գրքի» մեկական օրինակ։
16:57 - 21 փետրվարի,2020
662 ապօրինի հատված ծառեր՝ մեկ ամսում. Միայն «Դսեղի անտառտնտեսություն»-ում 193 ծառ է հատվել

662 ապօրինի հատված ծառեր՝ մեկ ամսում. Միայն «Դսեղի անտառտնտեսություն»-ում 193 ծառ է հատվել

ԲՆ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում, պահպանության աշխատանքներ իրականացնելիս, պահախմբի աշխատակիցների կողմից բացահայտվել են հին և թարմ ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։  2019 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 22-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում հայտնաբերվել են 662 ապօրինի հատված ծառեր, այդ թվում․ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 19 ապօրինի հատված ծառ«Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 193 ապօրինի հատված ծառ«Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 31 ապօրինի հատված ծառ«Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 141 ապօրինի հատված ծառ«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 121 ապօրինի հատված ծառ«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 10 ապօրինի հատված ծառ«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 147 ապօրինի հատված ծառ։
13:44 - 26 ապրիլի,2019